Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Մայիս 2010, N 4

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

«ԴՊՐՈՑԸ ՄԵԶ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ` ԱՅՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՈՐԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

19-20/05/2010

(նյութի մշտական հասցեն` http://armworld.am/detail.php-paperid=3870&pageid=120030&lang=)

Ֆրանսիացի հայտնի գրող, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբեր Քամյուի` վերնագրում բերված խոսքերը կարծես թե առավել բնութագրական են վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներում բուռն քննարկման առարկա դարձած ««Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության նախաձեռնության համար:

Եթե օրինագիծն ընդունվի Ազգային ժողովում, ապա դա հնարավորություն կտա մեր երկրում բացել օտարալեզու միջնակարգ դպրոցներ: Այն, որ այս հարցը հասկանալի պատճառներով հասարակական լայն արձագանքի է արժանացել, իհարկե, շատ դրական երևույթ է, սակայն նույնը չի կարելի ասել դրա շուրջ ծավալված բանավեճի բովանդակային կողմի մասին:

Ավելին, մտահոգիչ է, երբ քննարկումների առանձին մասնակիցներ, այն էլ մեր ժողովրդի կողմից գնահատված և ընդունված անհատներ խնդրո առարկայի վերաբերյալ իրենց ծանրակշիռ մտահոգությունները հայտնելիս միանգամայն անկեղծ են ու համոզված` պնդելով, որ օրինագծի ընդունումը չարիք կդառնա Հայաստանի համար:

Հնչող սուր քննադատությանը կառավարական շրջանակներից և կոալիցիոն քաղաքական ուժերից հիմնականում արձագանքում է միայն կրթության և գիտության նախարարը` Արմեն Աշոտյանը, ըստ որում, սրտացավորեն և համարձակ, ինչը, անշուշտ, ողջունելի է, սակայն դրա հետ մեկտեղ` մտահոգիչ:

Մտահոգիչ է, որ մեր պետության համար այս բախտորոշ հարցի շուրջ քար լռություն են պահպանում կառավարության մյուս պատասխանատուները, ԳԱԱ-ն, բարձրագույն ուսումնական հաստատությունները, և, իհարկե, անհասկանալի է, երբ գրեթե լռում է քաղաքական ընտրանին, և դա այն պարագայում, երբ քննարկումների ժամանակ արվել են այնպիսի հարցադրումներ, որոնց անդրադառնալը, կարծում եմ, պարտադիր էր: Փառք Աստծո, որ այս հարցերին վերջերս անդրադարձել են Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատողները և Գրողների միությունը:

Խնդրո առարկա հարցի շուրջ ծավալված քննարկումների ժամանակ մարդիկ տարակուսում և տագնապում են` արտահայտելով մտահոգիչ ահա նման մտքեր. «Իրականում զուտ կրթական կամ զուտ լեզվաբանական հարց չէ այստեղ: Հարցը մի կողմից` անկախ Հայաստանի մասին է` արդյո՞ք կստանանք օտարալեզու վերնախավի կողմից կառավարվող մի գաղութ և մյուս կողմից` ժողովրդավարության և սոցիալական հավասարության խնդիր է` արդյո՞ք հայալեզու անձը կդառնա երկրորդ սորտի մարդ բուն իսկ Հայաստանում»: Կամ` «Ինչ վերաբերում է քաղաքական իշխանությանը, ապա եթե կառավարությունը նման բան նախաձեռնել է, ուրեմն նա հաշտվել է անկախության կորստի հետ»:

Մարդիկ նաև սրտացավորեն ընդվզում են. «...Ցավոք, մեր ազգի մեջ ստրկամտությունը, կեղծիքը, քծնանքը, ինքն իրեն խաբելու հաճույքը էնքան շատ է, որ պահանջվում է վիրաբուժական կտրուկ միջամտություն: Կարծում եմ` լեզվի հարցում պետք է ուղղակի դիկտատուրա լինի, նույնը վերաբերում է նաև մշակույթին»: Հարգանքի արժանի քաղաքագետ-գիտնականներից մեկը օրենքի նախագիծը վերլուծել էր ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից` նշելով, որ այն սպառնում է «հայ ժողովրդի արժանապատվությանը - իր երեխային օտարալեզու դպրոց տվող հայաստանաբնակ հայն ի սկզբանե զոհաբերում է և իր, և իր զավակի ազգային արժանապատվությունը` ստեղծելով պարարտ հող օտարամոլության ու թերարժեքության բարդույթների, ինչպես նաև դրանց ծայրահեղ դրսևորման` ազգային ինքնատյացության համար»:

Անշուշտ, կարելի է այլ բնույթի, սակայն նույնպես շատ կոշտ գնահատականներ էլ հիշատակել, բայց ասվածը, կարծում եմ, բավարար է: Այս հույժ կարևոր հարցին հարկ ենք համարում անդրադառնալ` խնդիր ունենալով լրացնել աչքի զարնող քննարկումների հիմնական բացը: Իսկ խոսքն այն իրողության մասին է, որ բանավեճի մասնակիցները բացարձակապես չեն շոշափում հարցի հետ կապված համաշխարհայնացմամբ (գլոբալացմամբ) պայմանավորված մարտահրավերները: Մարտահրավերներ, որոնք լրջագույն խնդիրներ են դնում հատկապես փոքր երկրների առաջ: Մարտահրավերներ, որոնց դիմակայելը հիմնականում կախված է ցանկացած պետության մտավոր ներուժից, որի կուտակումն էլ իր հերթին մեծապես բխում է տվյալ երկրի կրթական համակարգի արդիականության աստիճանից, հանրակրթական դպրոցի մակարդակից:

Ուստի և փորձենք այս տեսանկյունից մոտենալ վերը հիշատակված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ կառավարության նախաձեռնությանը:

Եվ այսպես, կարծում եմ, տեղին է հիշեցնել, որ մեր հանրակրթական դպրոցի հիմնական նպատակներն են` երեխաներին տալ հայկական կրթություն, որը նրանց հաղորդակից կդարձնի հայկական ազգային արժեքներին, դպրոցականներին կկողմնորոշի դեպի ազգային ավանդական ապրելակերպ, որը հիմնված է մեր կրոնի, հայկական ներդաշնակ ընտանիքի ավանդույթների վրա: Այսինքն` մեր ազգային դպրոցը նախեւառաջ պետք է պատրաստի ազգային մշակույթը կրող կրթված քաղաքացի:

Այս ամենը պետք է նպաստի նրան, որ ստացած կրթությունը լինի մրցունակ, ըստ որում` միջազգային չափանիշներով, և հնարավորություն ընձեռի դպրոցի շրջանավարտներին ուսումը շարունակել Ռուսաստանի Դաշնության, արևմտաեվրոպական և ԱՄՆ-ի առաջատար բուհերում: Դա էլ իր հերթին ենթադրում է, որ նրանք պետք է գերազանց տիրապետեն մեկ-երկու օտար լեզուների և կողմնորոշված լինեն ուսումը շարունակել մշակույթների տրամախոսության պայմաններում:

Ժամանակակից կյանքը  յուրաքանչյուր մարդու առաջ դնում է մի շարք բարդ խնդիրներ, որոնք պայմանականորեն կարելի է դասակարգել չորս խմբի.

Առաջին. համընդհանուր քաղաքակրթական պահանջներ (բնապահպանական, պատրաստակամություն ծառացած խնդիրները լուծելու, ճգնաժամերին դիմակայելու համար), որով շատ հարուստ է մեր կյանքը, հմտություններ, դասեր քաղել անցյալից ու ծրագրավորել ապագան:

Երկրորդ. հաղորդակցականության համար անհրաժեշտ գործոններին տիրապետելը, օտար լեզուների իմացությունը, ժողովուրդների մշակույթին իրազեկված լինելը, դրանց հետ շփվելու ընդունակությունը:

Երրորդ. բնական և հումանիտար գիտություններին, տեխնիկային, արվեստին, արտադրական գործունեությանը, մասնագիտական պատրաստվածության պահանջների բարձրացումը:

Չորրորդ. մեր երկրի և ժողովրդի պատմության, պատմամշակութային ժառանգության իմացություն, Հայաստանի առջև ծառացած մերօրյա խնդիրների ու մարտահրավերների գիտակցում և դրանք հաղթահարելու պատրաստակամություն:

Վերոգրյալի հետ մեկտեղ մեր ազգային հանրակրթական դպրոցի համար գերակա խնդիրներից են` սերունդների միջև պատմական ու մշակութային ժառանգության ապահովումը, ազգային մշակույթի տարածումը, իրավական, սոցիալական պետության քաղաքացիների դաստիարակումը, որոնք ապրելու և արարելու են ժողովրդավարական պետությունում, քաղաքացիական հասարակության պայմաններում:

Նկատի ունենալով այս ամենը` հարց է ծագում` կարո՞ղ ենք պնդել, որ կառավարության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունները բավարար են, որպեսզի հանրակրթական դպրոցն արդի ժամանակաշրջանում կատարի իր առջև դրված առաքելությունը կամ էլ` զանգվածային լրատվամիջոցներով ընթացող քննարկումները նպաստո՞ւմ են խնդրո առարկայի համակողմանի արծարծմանն ու լուսաբանմանը, ծագած խնդիրներին լուծումներ տալը: Ավա~ղ, եթե սահմանափակվենք անգամ իսկ միայն վերը թվարկված գործոնների վերլուծության շրջանակում, ապա, հարկ է նկատել, որ գլոբալացված աշխարհում վերը հիշատակված խնդիրների լուծումը, այո, անհրաժեշտ է, սակայն ոչ բավարար:

Համաշխարհային ընկերակցության գլոբալացումը կանխորոշում է քաղաքակրթության զարգացման ռազմավարությունն ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ մշակութակրթական ոլորտներում: Գլոբալացումն օբյեկտիվորեն պահանջված է դարձնում համաշխարհային ընկերակցության ուժերի միավորումը մարդկության առաջ ծառացած հիմնախնդիրների լուծման համար: Իսկ դրանց հաղթահարման գործում առաձնահատուկ դեր է հատկացվում երիտասարդությանը, հատկապես ժամանակին համահունչ նրանց կրթական անհրաժեշտ մակարդակի ապահովմանը:

Հաշվի առնելով այս ամենը` նշենք, որ այսօր համաշխարհային մանկավարժական գիտությունն իր տրամադրության տակ, իր զինանոցում ունի Բազմամշակութային կրթությանը (Мультикультурное образование, Ազգամշակութային կրթությանը (Этнокультурное образование) եւ Գլոբալ կրթությանը (Глобальное образование) վերաբերող մշակված, գիտականորեն հիմնավորված տեսություններ: Այստեղ հարկ է արձանագրել, որ մեր հանրակրթական դպրոցը ներառում է Խորհրդային Միությունից ժառանգած Ազգամշակութային կրթական համակարգին ներհատուկ հատկանիշներ, ինչպես նաև Բազմամշակութային կրթական համակարգին բնորոշ առանձին տարրեր:

Մինչդեռ ժամանակակից Գլոբալ կրթության առանցքում դրված պահանջները մեզանում գրեթե բացակայում են, և դա էլ այն դեպքում, երբ աշխարհի զարգացած պետություններն իրենց երկրների կրթական համակարգի հիմքում դրել են հենց Գլոբալ կրթության հիմնարար սկզբունքներն ու հայեցակարգային մոտեցումները, որոնք, կարելի է ասել, այլընտրանքային են Բազմամշակութային կրթության հայեցակարգին: Հարկ է նշել, որ Գլոբալ կրթության հայեցակարգն ուղղված է անհատ դպրոցականների մոտ համաշխարհային մշակույթի նկատմամբ հետաքրքրության, հանդուրժողականության գիտակցության և համամարդկային համակեցության ձևավորմանը: Այդ հայեցակարգից նաև բխում է երիտասարդների մոտ համաշխարհային քաղաքակրթության զարգացման համար անձնական պատասխանատվության գիտակցման արմատավորման անհրաժեշտությունը:

Շատ համառոտ ասենք, որ Բազմամշակութային կրթությունը հիմնված է տվյալ հասարակության մեջ եղած մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը և գալիք սերնդին դրանց փոխանցման վրա, ինչպես նաև ազգային բոլոր փոքրամասնությունների համար կրթություն ստանալու հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման երաշխավորումը:

Այդ իսկ տեսանկյունից առաջ են գալիս բազմաթիվ հարցեր` արդյոք ներկայիս մեր հանրակրթական դպրոցը պատրա՞ստ է լուծել այս բոլոր խնդիրները, արդյոք մայրենի լեզվով մենք ունե՞նք համապատասխան դասագրքեր, արդյոք այս խնդիրների պարզաբանումը ներառվա՞ծ է մեր հանրակրթական դպրոցների ծրագրերում եւ, վերջապես, հանրակրթական ուսումնական հաստատություններում ունե՞նք մանկավարժական այնպիսի կադրեր, որոնց հասու են Բազմամշակութային կրթությանը ներհատուկ այս եւ այլ հիմնարար պահանջների կատարումը: Ավա՜ղ, վերոգրյալ բոլոր հարցերին միարժեքորեն պետք է տանք ժխտական պատասխան:

Հիշեցնեմ, որ այսօր արևմտաեվրոպական զարգացած երկրներում և ԱՄՆ-ում գերիշխող կրթական երկու համակարգերի, այն է` Բազմամշակութային կրթության և Գլոբալ կրթության միջև ծավալված մրցակցությունում հաղթել է վերջինը, որպես գլոբալացվող աշխարհի առաջ ծառացած մարտահրավերները դիմակայելու համար ավելի պատրաստված համակարգ և որը երիտասարդություն կրթելու ու դաստիարակելու համար ճանաչվել է առավել արդյունավետ:

Ուստիև մեր այս հոդվածի երկրորդ մասում համառոտ կանդրադառնանք Գլոբալ կրթության ստեղծման պատմությանն ու հայեցակարգային հիմնական դրույթներին:

Գլոբալ կրթության գաղափարը սկիզբ է առել 1970 թ., երբ ԱՄՆ-ում հիմնվեց «Ամերիկյան ֆորում Գլոբալ կրթության համար» (“The American Forum for Global Education”) ոչ պետական կազմակերպությունը, որն իր հերթին ԱՄՆ-ում, ինչպես նաև միջազգային ասպարեզում կազմակերպեց շարժում` Գլոբալ կրթության գաղափարի տարածման ու ներդրման նպատակով:

Հետագայում` 1995 թ. ապրիլին, Նյու Յորքում Ամերիկյան ֆորումի նախաձեռնությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, տեղի ունեցավ «Կամուրջներ դեպի ապագա» (“Bridges to the Future”) միջազգային համաժողով, որը մշակեց 21-րդ դարում Գլոբալ կրթության առջեւ ծառացած խնդիրների լուծման հիմնական ուղղությունները: Միաժամանակ Գլոբալ կրթությունը ճանաչվեց ժամանակակից մանկավարժական գիտության զարգացման ու կիրառման կարևորագույն ուղղություն, որի նպատակն է կրթել, պատրաստել սերունդներ, որոնք ի զորու կլինեն մեր բարդ, տագնապալի, արագ փոփոխվող և փոխկապակցված աշխարհում արժանապատիվ ապրել:

Կարևոր է նշել, որ մեր օրերում Գլոբալ կրթությունը միավորում է շատ պետությունների կրթական համակարգերը, ըստ որում, կրոնական, փիլիսոփայական, պատմական, մշակութային ու մանկավարժական տարբեր ավանդույթներ ունեցող երկրների: Ավելին` պետություններ, որոնք զանազան գնահատականներ են տալիս Գլոբալ կրթությանը, որը, սակայն, ամենևին չի խանգարում նրանց լիարժեքորեն օգտվել վերջինիս ընձեռած հնարավորություններից:

Անհրաժեշտ մի պարզաբանում ևս. Գլոբալ կրթության բովանդակությունը, ըստ ամերիկյան հետազոտողների, բաղկացած է հետևյալ հիմնական ուղղություններից.

- տնտեսական, քաղաքական, բնապահպանական, տեխնոլոգիական համակարգերի ուսումնասիրում,

- հումանիտար   համընդհանուր   և   առանձին արժեքների ուսումնասիրում,

-ունիվերսալ   պրոբլեմների,  այն է`  պատերազմ   և    խաղաղություն,   մարդու    իրավունքներ,    շրջակա  միջավայրի  պահպանման խնդիրների ուսումնասիրում,

- համաշխարհային պատմության ուսումնասիրություն, աշխարհայնացված համակարգերի հետազոտում և այլն:

Հարկ է նաեւ նշել, որ «Գլոբալ կրթություն» հասկացությունն օգտագործվում է առանձին վերցրած կրթական համակարգերում` դպրոցներում, դասարաններում, որը դպրոցականների մոտ զարգացնում է մոլորակային մտածողություն (планетарное мышление) ու ձևավորում ժամանակակից կրթական չափանիշներին համահունչ գիտակցություն: Գլոբալ կրթությունն օգտագործվում է ազգային կրթական համակարգերի փոխգործակցության և փոխհարստացման, միջպետական կրթական համակարգերի ու կրթության ոլորտում միջազգային կապերի ամրապնդման նպատակով:

Կարելի է անդրադառնալ Գլոբալ կրթության հիմնարար դրույթների այլ մանրամասներին ևս, սակայն ասվածից էլ հնարավոր է որոշ հարցադրումներ անել: Արդյոք Գլոբալ կրթության հայեցակարգից բխող հարցադրումներին անցնելու համար մեր երկրի կրթական համակարգն ապահովվա՞ծ է մայրենի լեզվով անհրաժեշտ գրականությամբ, արդյոք Գլոբալ կրթությունը կիրառող երկրների փորձն ամփոփող վերլուծությունները թարգմանվա՞ծ են հայերեն, արդյոք մանկավարժական կադրեր պատրաստող մեր բուհերում Գլոբալ կրթության բնագավառում համաշխարհային դրական փորձի ուսումնասիրումը նախատեսվա՞ծ է բուհական ծրագրերով:

Դրա հետ մեկտեղ, մեր հասարակության լայն շրջանակներում կա՞ այն գիտակցությունը, որ եթե ամենակարճ ժամանակում չմշակվի ու չընդունվի Ազգային կրթական պետական հայեցակարգ, որը կներառի արդի ժամանակաշրջանում առաջադեմ երկրների կրթական ոլորտում կիրառվող մոտեցումները, ապա մենք դատապարտված կլինենք այսուհետ էլ անպտուղ քննարկումներ կազմակերպելով նյարդեր մաշեցնել: Երևույթ, որի ականատեսն ենք վերջին շրջանում խնդրո առարկայի շուրջ ծավալված բանավեճերում:

Եվ արդեն իսկ ակնհայտ է, որ աշխարհայնացման գործընթացում համաշխարհային կրթությունը թևակոխել է զարգացման նոր փուլ` միջազգային ինտեգրման ժամանակաշրջան, որը, իր հերթին, հնարավոր դարձավ Բազմամշակութային կրթական համակարգի զարգացման ու խորացման պայմաններում: Եվ այդ  ինտեգրման համար բնութագրական է միջազգային կրթական քաղաքականությամբ պայմանավորված ազգային կրթական համակարգերի մերձեցումը, միասնական համաշխարհային կրթության տարածության ձևավորումը:

Հանրակրթական դպրոցի զարգացման շուրջ ընթացող քննարկումներն ի սկզբանե դատապարտված էին լինել անպտուղ, քանի որ մինչ օրս ձևակերպված չեն ժամանակին համահունչ խնդիրներ, որոնք կառավարությունը պետք է դնի ազգային կրթական ոլորտի առաջ, քանի դեռ կրթության ոլորտին վերաբերող խնդիրները չեն դարձել համընդհանուր հոգածության առարկա, քանի դեռ կառավարությունը, չնայած հայտարարած բազմաթիվ կարգախոսների` գիտության և կրթվածության բացառիկ կարևորության մասին, խոսքից այն կողմ չի անցնում և ոչ մի լուրջ ծրագիր չի ներկայացվում հանրության քննարկմանը:

Իսկ ինչ վերաբերում է կառավարության կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որով նախատեսվում է օրինականացնել Հայաստանում օտարալեզու հանրակրթական միջնակարգ դպրոցների բացումը, ապա դա, լավագույն դեպքում, կարող է ծառայել ընդամենը որպես միջոց (ընդ որում, այդ նորամուծության արդյունավետությունն առանձին քննարկման նյութ է): Միջոց, որն ուղղված է փոքր-ինչ մեղմել ազգային դպրոցի առջև դրված խնդիրների ու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունների միջև առկա այն հսկայական անջրպետը, որը Հայաստանի անկախության առաջին իսկ տարուց գնալով էլ ավելի է խորացել:

Վերոգրյալից ելնելով` կարելի է ասել, որ վերջին շրջանում մամուլում չարչրկված այն տեղեկատվությունը, ըստ որի Հայաստանում օտար լեզուներով ուսուցման հաստատություններ հիմնելու վերաբերյալ կառավարության դրսևորած նախաձեռնության դրդապատճառներից է նաև ռուսաստանաբնակ հայտնի հայազգի ձեռներեց Ռուբեն Վարդանյանի պատրաստակամությունը Դիլիջան քաղաքում հիմնել համաշխարհային չափանիշներին համապատասխանող կրթական կենտրոն, որտեղ ուսուցումը լինելու է օտարալեզու, ապա փաստենք հետևյալը: Եթե պարոն Վարդանյանը մտադրվել է Դիլիջան քաղաքում հիմնել միջազգային բարձր չափանիշների կրթական այնպիսի կենտրոն, ինչպիսին է իր իսկ հիմնած «Սկոլկովո» Մոսկվայի կառավարման դպրոցը (Московская школа управления «Скольково»), ապա այդ մտադրությունն անհրաժեշտ է ոչ միայն ջերմորեն ողջունել, այլև դարձնել պետական հոգածության առարկա: Իսկ թե ինչո՞ւ, կարծում եմ, դրա պատասխանը տրված էր վերը շարադրված նյութում: Ի դեպ, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում թափ հավաքող «Սկոլկովո» «Ռուսական սիլիկոնային հովիտ» ծրագրում իր ուրույն տեղն արդեն իսկ ունի կառավարման այս դպրոցը:

Կրկին անդրադառնալով զանգվածային լրատվամիջոցներով ընթացող խնդրո առարկա հարցի քննարկումներին` նշենք, որ միանգամայն ճշմարիտ են բանավեճի այն մասնակիցները, որոնք ափսոսանքով նշում են, թե «այսօր հայերենը դուրս է մնացել մեդիա գլոբալ (քաղաքականության մակարդակը որոշող) հաղորդակցման լեզվի ոլորտից... որ հայերենը եթե ինտերնետի լեզու լիներ, որ մարդը հայերենով լիարժեք կարողանար իրեն պահանջվող գիտելիքը փնտրել ու գտնել», ապա իր ստեղծած հայերեն գիտելիքը, շնորհիվ մեդիաթարգմանության, մենք կարող էինք դարձնել «այլոց, այդ թվում` ռուսների սեփականությունը» կամ էլ նրանք, ովքեր պնդում էին, որ մայրենի լեզվի ու մտածողության անմիջական կապը հաստատված է գիտնականների կողմից:

Տրամաբանական նման հարցադրումների շարքը կարելի է անվերջ շարունակել ու շարունակել: Կարծում եմ, որ քննարկումների ընթացքում հնչած բազմաթիվ ուշագրավ այլ հարցադրումներ էլ կան, որոնք իրենց ամբողջության մեջ պետք է որ պատշաճ ուշադրության արժանանան կառավարության կողմից Ազգային կրթության հայեցակարգի մշակման ժամանակ: Հայեցակարգ, որի նշանակությունն այլևս չպետք է ո´չ կառավարության, ո´չ Գիտությունների ազգային ակադեմիայի, ո´չ Ազգային ժողովի, ո´չ ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի, ինչպես նաև երկրի ճակատագրով մտահոգ կուսակցությունների կասկածը հարուցի:

Միայն նման մոտեցում դրսևորելու դեպքում մենք կկարողանանք հանրակրթության ոլորտում երկրի հեռանկարային զարգացմանն ուղղված այնպիսի հիմնավոր քաղաքականություն վարել, որպեսզի դրա առանձին դրսևորումներն արմատական ընդդիմության կողմից չբնութագրվեն որպես դավաճանական և չհնչեն նմանօրինակ կոչեր. «Այն բոլոր քաղաքացիները, որոնց հետաքրքրում է ազգի ճակատագիրը, իրենց սերունդների հետագա ինքնությունը, որոնք իրենց հայրենիքը սիրում են, պետք է ակտիվորեն դեմ դուրս գան այս նախաձեռնությանը և եթե հարցը մտնի Ազգային ժողով, խորհրդարանի առջև պետք է հոծ բազմություն հավաքվի` իր «Ոչ»-ն ասելու և այդ խայտառակ նախաձեռնության հեղինակին պաշտոնազուրկ անելու համար»:

Ամփոփելով վերն ասվածը`, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը հայտնվել է շատ պատասխանատու մի ժամանակաշրջանում, որը պարտադրում է հայկական ազգային կրթական համակարգը արդիականացնել, համահունչ դարձնել գլոբալացվող աշխարհում գործող կրթական այն համակարգերին, որոնց կիրառումն ապահովել է այդ երկրներին զարգացում, իսկ ժողովուրդներին` բարեկեցիկ կյանք:

Հ.Գ. Սույն թվականի փետրվարի 4-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է «Մեր նոր դպրոցը» Ազգային հանրակրթական նախաձեռնությունը, ուր մանրամասն և հանրության լայն շրջանակների համար մատչելի լեզվով բացված է «Ապագայի դպրոցի» գաղափարը: Դրանում մանրակրկիտ ասված է, թե ինչպիսին են պատկերացնում Ռուսաստանի իշխանությունները դպրոցի դերն ու նշանակությունը, նրա գործունեության հիմնախնդիրները երկրի արդիականացման և ինովացիոն զարգացման գործում: Ուստիև, խնդրո առարկա օրինագծով ռուսաց եւ օտար լեզուներով մեր երկրում նախատեսվելիք մեկ-երկու տոկոս կազմող դպրոցների բացման շուրջ տիեզերական աղմուկ բարձրացնողներին չէր խանգարի ծանոթանալ թե´ այդ փաստաթղթին և թե´ համաշխարհային փորձին, որին հարկադրված ենք ծանոթանալ կամ ռուսերեն, կամ անգլերեն, կամ էլ այլ օտար լեզվով: Իսկ, թե ինչո՞ւ օտար լեզվով, չէր խանգարի ազգովին խորհել:

 

ՊՅՈՏՐ ԱԲԵՐՄԱՆ

ՏԵՍԱԿԵՏ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

ԳԱԼԻՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ԻՍԼԱՄԸ

18/05/2010

(նյութի մշտական հասցեն` http://www.apn.ru/publications/article22765.htm)

Իսրայելի պետությունը պատրաստվում է նոր պատերազմի: Ձևով դա կլինի գրոհ Իրանի դեմ: Բայց փաստացի զինված հակամարտությունն ավելի մասշտաբային կլինի: Ինչպես և 1967թ. Վեցօրյա պատերազմի ժամանակ, ներկա հակամարտությունը կհանգեցնի տարածաշրջանային քարտեզի տարածքային փոփոխությունների:

2008թ. տեղեկություններով, Իսրայելն աշխարհում վեցերորդն է սպառազինությունների փաստացի արտահանման գծով (2,199 մլրդ դոլար կամ շուկայի 3,92%-ը): 2001թ. սկսած` Իսրայելը մշտապես ավելացրել է սպառազինությունների արտահանումը և ութ տարվա ընթացքում հասել ռեկորդային ցուցանիշի` մատակարարումների ընդհանուր ծավալի 20,4%-ը: Էլ ավելի սպառազինվելու միտումը պահպանվում է: Բացի այդ, Իսրայելի բնակչությանը պարբերաբար ակտիվորեն պատրաստում են հակառակորդի ռազմական գրոհներին` զենքի ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական կիրառման հնարավորությանը:

 

Նախապատրաստական շրջանը

Հիմնական թշնամին հստակ նշվեց 2006թ. ապրիլին: Իսրայելական Maariv թերթը տեղեկացրեց, որ Դավիդ Բեն Գուրիոնի (Իսրայելի առաջին վարչապետը) ժամանակներից հետո առաջին անգամ կփոխվի երկրի անվտանգության հայեցակարգը: Նոր փաստաթուղթը ներկայացնող առաջին կետում գրված է. «Հիմնական ջանքերը պետք է ուղղել Իսրայելի դեմ Իրանի կողմից ոչ կոնվենցիոնալ սպառազինությունների կիրառման սպառնալիքի դեմ պայքարին»: Այդ պահից ի վեր` սկսեցին ավելի ակտիվորեն ու ակնհայտորեն նախապատրաստվել պատերազմի և, դատելով վերջին օրերի լրահոսից, ռազմական ակտիվությունն սպասվում է շատ մոտ ապագայում:

2010թ. մայիսի 13-ին World Tribune թերթում զետեղվեց մի տեղեկություն, թե ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակ) ավարտել է Patriot ՀՀՊ վերազինումը (հակադարձում է 40-70 կմ հեռահարության հրթիռների գրոհը)` տասը արդիականացված, առավել կատարելագործված PAC Guided Enhanced Missile Plus համակարգերի միջոցով: Նույն օրը, ավելի ուշ, Yediot Akhronot թերթը գրեց, որ ԱՄՆ-ի հետ համատեղ (Իսրայելի խնդրանքով Պենտագոնը 205 մլն դոլար տրամադրեց Իսրայելի հարավային և հյուսիսային սահմանների պաշտպանության նպատակով համակարգերի ստեղծումն ավարտին հասցնելու և մի քանի մարտկոց ձեռք բերելու համար) գործարկման մեջ է մտցվում «Կիպատ Բարզել» (երկաթե գմբեթ - եբր.) ՀՀՊ-ն, որի դաշտային փորձարկումներն ավարտվել են սույն թվականի սկզբին: Իսրայելական թերթի տեղեկության համաձայն` «Կիպատ Բարզելը» երկրի հակահրթիռային պաշտպանության ընդամենը առաջին` ամենաստորին էշելոնն է, որը նախատեսված է 4-40 կմ հեռահարության հրթիռներից պաշտպանվելու համար: Դրան զուգահեռ, ՑԱԽԱԼ-ը շուտով իր սպառազինության մեջ կունենա «Շարբիտ Կսամիմ» (կախարդական փայտիկ - եբր.) ՀՀՊ-ն, որը Patriot-ի հետ միասին կհակադարձի միջին և հեռահար շառավղով գործողության հիթիռների գրոհները:

Բայց սրանք միայն բազային նախապատրաստություն են: Այն ամենից, ինչ կարելի է կարդալ հասանելի աղբյուրներում, հետաքրքրաշարժ է տեղեկատվությունն այն մասին, որ իսրայելական բանակը փաստորեն «ցրում» է զենքը երկրի ողջ տարածքով մեկ. ՑԱԽԱԼ-ի լոգիստիկայի և մատակարարման բաժինը սկսել է զենք-զինամթերքի, հանդերձավորման, վառելիքի և մթերքի ռազմավարական պահեստների վերատեղակայման գործընթացը: Գործընթացին նախորդել է երկամյա շտաբային աշխատանքը` պատերազմի դեպքում զինապահուստը ճիշտ տեղակայելու պլանավորման ուղղությամբ: Ինչպես գրում է ռուսալեզու իսրայելական NEWSru.co.il ռեսուրսը, զենքի այսօրինակ «ցրումը» կօգնի, որպեսզի կանխվի զենքի ոչնչացումը հրթիռային գրոհի դեպքում: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, փաստորեն Իսրայելի գրեթե ողջ տարածքում զենքի առկայությունն էլի մի քանի արտոնություն է տալիս. նախ` հանկարծակի ցամաքային հարձակման դեպքում բանակը կկարողանա լոկալ պաշտպանություն իրականացնել և այն ապահովել գրեթե ակնթարթորեն, երկրորդ` զենքի առկայությունը ծայրահեղ դեպքերում կարող է զենքով ապահովել բնակչությանը, այսինքն` կոպիտ ասած` զենքը կարող է բաժանվել ինքնապաշտպանության, ինչպես նաև պարտիզանների դեմ պայքարելու նպատակով (կամ հակառակը` պարտիզանական համակարգ ստեղծելու համար, ինչը դժվար չէ` հաշվի առնելով իսրայելցիների մեծամասնության ռազմական պատրաստվածությունը): Ի լրումն իրենց պահուստների, իսրայելցի զինվորականները նաև ամերիկյան զենք ստացան: 2010թ. հունվարին կողմերը նոր համաձայնագիր ստորագրեցին Հրեական պետության տարածքում ամերիկյան հրթիռների, ավիառումբերի, հրետանային արկերի, զրահատեխնիկայի և այլ սպառազինությունների տեղակայման ու հանդերձանքի մասին` 800 մլն դոլար ընդհանուր արժողությամբ (ինչը կրկնակի գերազանցում է նախորդի արժեքը), գրում է Defense News ամսագիրը: Այս ռեսուրսից, ըստ երկկողմ պայմանագրի, կարող են օգտվել ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Իսրայելը:

Սկսվել է նաև հիվանդանոցների կազմակերպումը` վիրավորներին ընդունելու համար: Մասնավորապես, խոսքը Աշքելոնի «Բարզիլայ» հիվանդանոցի մասին է, որտեղ այս օրերին աղմուկ էր բարձրացել հին գերեզմանատեղիների տեղափոխման հետ կապված: Ըստ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` բյուզանդական գերեզմանների տեղում կկառուցվի հիվանդների ընդունարան, որը պաշտպանված կլինի հրթիռակոծումներից:

 

Հակամարտության մասնակիցները

Ըստ նախնական հաշվարկների` մասնակիցների նվազագույն թիվը յոթն է. Իսրայել, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Իրան, ԱՄՆ, Թուրքիա և Սիրիա: Սակայն, ամենայն հավանականությամբ, հակամարտությունը կառնչվի նաև Լիբանանին ու պաղեստինցիներին (այսինքն, Իրանին պարտության մատնելով` իսրայեցիները կփորձեն վնասազերծել նաև շիաների կողմից «հովանավորվող» սուննիական ՀԱՄԱՍ-ին և «Հիզբալլահին»): Չի բացառվում Աֆղանստանի (ամերիկյան ռազմակայանների հանգրվանատեղի և հարմար միջանցք սպառազինությունների ու գրոհայինների մատակարարման համար` պատերազմի ժամանակ էլ ավելի մեծ լարվածություն ստեղծելու համար) և Պակիստանի (որը սաուդցիների հետ է և, միաժամանակ, իր ներքին դժվարություններն ունի, որոնք կարող են «պայթել» ցանկացած հարմար պահի) ներգրավումը: Եգիպտոսը և Հորդանանը կարող են խառնաշփոթի մեջ ներգրավվել արդեն մարտական գործողությունների ժամանակ:

Հակամարտության գլխավոր կատալիզատորներն են Իսրայելը և Իրանը: Գրոհների հիմնական թիրախը, ինչպես և հայտարարվել է Իսրայելի անվտանգության պաշտոնական հայեցակարգում, կլինի Իրանը: Ռազմական հարված կարող է հասցվել նաև Սիրիային: Ինչ վերաբերում է մյուս հնարավոր մասնակիցներին.

- Արաբական Միացյալ Էմիրություններն, ամենայն հավանականությամբ, կփորձեն ինքնուրույն խաղալ և հետ ստանալ Իրանի հետ վիճելի տարածքները` Մեծ և Փոքր Թոնբ կղզիները և Աբու Մուսան Հորմուզի նեղուցում: Ռազմական հզորությունն ավելացնելու իր ձգտման մեջ պատերազմի նախապատրաստվելիս Իրանը չափազանց անզգույշ է վարվում հարևանների և ապագա հնարավոր  դաշնակիցների հետ: Սկանդալը բռնկվեց ապրիլի վերջին, երբ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ռազմածովային ուժերի մասշտաբային զորավարժություններ անցկացրեց հիշյալ նեղուցում, որը ռազմավարական կարևորություն ունի Պարսից ծոցի բոլոր պետությունների համար: ԱՄԷ ԱԳՆ ղեկավար Աբդուլա Բեն Զայադ Նահյանը հայտարարեց, որ «Իրանի և Իսրայելի միջև ոչ մի տարբերություն չկա արաբական տարածքների զավթման հարցում». ինչպես Իսրայելն է զավթել Գոլանի բարձունքները, Արևմտյան ափը, Գազայի հատվածը և Լիբանանի հարավը, այնպես էլ Իրանը զավթել է երեք կղզի Պարսից ծոցում:

- Սիրիայի և Թուրքիայի մասնակցությունը պատերազմին: Երկար տարիներ թուրքական տարածքը լուրջ հենակետ է հանդիսանում ԱՄՆ ռազմակայանների համար, իսկ քաղաքական ուժերը, ինչ ձևով էլ որ եկած լինեն իշխանության, Վաշինգտոնի հանդեպ բոլոր առումներով լոյալ են եղել և մնում են այդպիսին: Հետևաբար, ոչ լիարժեք, բայց ուժեղ արտահայտված լոյալություն կա նաև Իսրայելի հանդեպ: Սակայն 2009թ. հարաբերություններն անսպասելիորեն սկսեցին փչանալ: Սկզբում թուրքական հեռուստաալիքով ցուցադրվող ֆիլմաշարի պատճառով, որում ՑԱԽԱԼ-ի զինվորականները ներկայացվում էին իբրև սարսափելի սրիկաներ: Այնուհետև, 2010թ. հունվարի 11-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի Անկարա այցելության ժամանակ, Իսրայելի հասցեին կտրուկ արտահայտությունների պատճառով, երբ թուրքական կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին մեղադրեց լիբանանյան աղբյուրներից խմելու ջուր գողանալու մեջ և կոչ արեց ՄԱԿ Անվտանգության խորհրդին Իսրայելի վրա նույնպիսի ճնշում գործադրել, ինչպես Իրանի, իսկ վերջում ավելացրեց, որ Թուրքիան, որպես ՄԱԿ ԱԽ անդամ, կաջակցի Լիբանանին Իսրայելի հետ կոնֆլիկտներում: Իսրայելի ԱԳՆ-ն պատասխանեց Թուրքիայի հասցեին կտրուկ հայտարարություններով, ինչպես նաև Երուսաղեմում Անկարայի դեսպանի հետ սկանդալով:

Եվ որպես այս ամենի ավարտ` մայիսի 11-ին ստամբուլյան «Հյուրիեթ» թերթը տեղեկացրեց, որ Թուրքիան Իսկենդերունի հատվածում (Սիրիայի հետ սահմանին) տեղադրել է զենիթահրթիռային «Հոք» համալիրներ` ԱՄՆ կամ Իսրայելի ՌՕՈւ հարվածները Իրանի միջուկային օբյեկտների կամ Սիրիայի դեմ կանխելու նպատակով: Սակայն, այս ամենին նայենք մյուս կողմից: Չի բացառվում, որ «հոքերը» կարող են «շրջվել» Դամասկոսի և Թեհրանի, այլ ոչ թե նրանց հակառակորդների դեմ: Բանն այն է, որ թուրքերը հազիվ թե կարողանան ինքնուրույն գործել պատերազմում` ՆԱՏՕ և ԱՄՆ ռազմակայաններ ունենալով իրենց տարածքում, իսկ, այ, օգնել, այդ թվում նաև անգործությամբ, նրանք կարող են: Միևնույն ժամանակ, սպառազինության տեղակայումը սահմանին հնարավոր հարձակումից պաշտպանում է նաև իրեն` Թուրքիային:

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա նրա զգուշավորությունը պաշտոնական հռետորաբանությունում վկայում է այն մասին, որ երկիրը պատրաստ չէ որևէ ռազմական բախման, անգամ թուրքական «հովանու» տակ: Մի քանի շաբաթ առաջ բրիտանացի վերլուծաբանների խմբի հետ հանդիպման ժամանակ Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալեմը նշել էր, որ Դամասկոսում պատրաստ են Իսրայելի հետ խաղաղության, սակայն, ի հաշիվ Գոլանի բարձունքների: Մասնավորապես, ըստ Մուալեմի, եթե իսրայելցիները համաձայնեն տալ տարածքների կեսը, դա «վերջ կդնի երկրների միջև թշնամությանը», Գոլանի երեք քառորդի վերադարձի դեպքում Սիրիան պատրաստ է ԱՄՆ դեսպանատանը կից իսրայելական ներկայացուցչություն բացել Դամասկոսում: Տարածքների ամբողջական վերադարձի դեպքում սիրիացիները Իսրայելի լիարժեք դեսպանություն կբացեն Դամասկոսում: Հանգուցային հարցերը (մասնավորապես` ՀԱՄԱՍ-ին, «Հիզբալլահին» և Իրանի հետ հարաբերություններին վերաբերող) Սիրիայում պատրաստ կլինեն քննարկել արդեն տարածքային հարցից հետո: Սակայն, ինչպես նշում է INSS քաղաքագետ Շլոմո Բրոմը, Իսրայելը չի համաձայնի գրավյալ հողը փոխանակել կասկածելի երկրում դեսպանություն ունենալու հետ: Փաստորեն, «ոչ» է ասվել նաև Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի կողմից, որը հայտարարել է, որ սիրիացիների հետ բանակցությունների վերսկսումը կենսականորեն կարևոր հարց է, քանի որ այլապես, ամենայն հավանականությամբ, պատերազմ կբռնկվի («Գոլանի բարձունքների աստիճանական հանձնումը», INSS, N165, 2010թ. մարտի 8): Ընդ որում, Բարաքը Գոլանի բարձունքների հանձնման հարցը չի քննարկում:                                  

- Սակայն, եթե թուրք-սիրիական գործոնն այնքան էլ չի վախեցնում Իսրայելին, ապա Սաուդյան Արաբիայի մասնակցության փաստն առայժմ երկյուղներ է առաջացնում: Ս.թ. հունվարի վերջին ամերիկացիները հայտարարեցին, որ արագացնում են հակահրթիռային համակարգերի վաճառքը Բահրեյնին, Քուվեյթին, Սաուդյան Արաբիային ու Կատարին և հակահրթիռային պաշտպանության հնարավորություն ունեցող մի քանի հածանավ են տեղակայում Պարսից ծոցում: ԱՄՆ-ի համար հակամարտությունում ռազմավարական առումով կարևոր է ՍԱ թագավորությունը գրավել իր կողմը` պաշտպանելու համար նավթային հոսքերը: Բացահայտ ռազմական օգնությունից բացի, Վաշինգտոնը հույս ունի, որ սուննիադավան Սաուդյան Արաբիան չի աջակցի շիական Իրանին: Սակայն և´ ամերիկացիները, և´ իսրայելցիները հավասարապես հասկանում են, որ առայժմ սաուդցիները վերջնական ընտրություն չեն կատարել: Մասնավորապես, Յոել Գուցանսկին «Սաուդյան միջուկային ընտրությունը» հոդվածում (INSS, 2010թ. ապրիլի 26) նշում է, որ թագավորական ընտանիքը կարող է անսպասելիորեն ԻԻՀ-ի կողմն անցնել, անգամ չնայած ԱՄՆ աջակցությանն ու նրա հետ ջերմ հարաբերություններին: Նման իրողությունը չի բացառվում այն դեպքում, եթե Թեհրանը միջուկային փորձարկումներ անցկացնի և ապացուցի, որ իրապես միջուկային զենքի է տիրապետում:

Սաուդցիներին հիշեցնում են նաև պակիստանյան միջուկային զենքի մասին. հնարավոր է` հենց Սաուդյան Արաբիան է ֆինանսավորել Իսլամաբադի հրթիռային և միջուկային ծրագրերը, իսկ 80-ականներից հետո Պակիստանն իր ռազմական ուժերը տեղակայեց Սաուդյան Արաբիայում: Ինչպես 2003թ. հայտարարեց Իսրայելի այն ժամանակվա ռազմական հետախուզության պետ, գեներալ-մայոր Ահարոն Զեևին (Ֆարկաշ), Էր Ռիյադը պայմանագրեր ուներ Պակիստանից «Երկիր-Երկիր» տիպի միջուկային մարտագլխիկների հնարավոր գնման մասին («Սաուդյան միջուկային ընտրությունը», INSS, 26.04.10): Ավելին, երկու երկրներն էլ աջակցություն էին ցուցաբերում աֆղան մոջահեդներին:

Այս կապակցությամբ հասկանալի են Իսրայելի ԱԳՆ հարձակումները Սաուդյան Արաբիայի հասցեին, որոնք օրերս հրապարակվել են Maariv թերթում: Ինչպես գրում է պարբերականի մեկնաբան Բենա Կասպիտան, արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը մտադիր է Սաուդյան Արաբիայի դեմ լայնածավալ քարոզչություն սկսել. ԱԳՆ վերլուծական կենտրոնը եկել է այն եզրակացության, որ Իսրայելի ապալեգիտիմացման` վերջին տարվա ընթացքում ակտիվացած քարոզչությունը մեծ մասամբ ուղղորդվում և ֆինանսավորվում է Էր Ռիյադից: Մասնավորապես, Լիբերմանը պատրաստվում է Վաշինգտոնին հանգամանալի տեղեկատվություն տրամադրել այս առնչությամբ:

Նշենք նաև, որ Սաուդյան Արաբիայի թագավորությունն ինքը գտնվում է բավական բարդ դրության մեջ և վտանգում է զրկվել անդորրից ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո: Մի քանի տարի շարունակ ՍԱ սահմանների շուրջ անկայունությունը խորանում է` Եմեն, Իրաք, Սուդան, դե-ֆակտո անհուսալի հարևան է Հորդանանը, ծովից այն կողմ` Սոմալին:         

 

Ինչո՞ւ փոքրիկ Իսրայելը չի վախենա

հարձակվել մեծ Իրանի վրա

Վեցօրյա  պատերազմում Իսրայելը ցույց տվեց, որ տարածքի չափն առավելություն չի տալիս, վճռական նշանակություն ունեն լավ մտածված մարտավարությունը և արդիական զենքի առկայությունը: Ե´վ մեկը, և´ մյուսն իսրայելցիներն ունեն: Բացի այդ, եթե 1967թ. Հրեական պետությունը հիմնականում կարող էր հույսը դնել միայն սեփական ուժերի վրա, որ հավաքել էր պատերազմի սկզբին, ապա այս անգամ իսրայելցիների թևքի միջից ակնհայտորեն երևում է ամերիկյան ջոկերը: Անգամ չնայած Օբամայի վարչակազմի հռետորաբանության փոփոխությանը, Վաշինգտոնը մենակ չի թողնի Մերձավոր Արևելքի իր առանցքային դաշնակցին: Ինչպես նշում են ռազմավարական կանխատեսումների ամերիկյան STRATFOR կենտրոնի փորձագետները, 2010թ. ապրիլի 26-ին ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության գծով խորհրդական Ջիմ Ջոնսի և Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հանդիպմանը «հընթացս» ներգրավվել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` դրանով իսկ միանալով Իրանի միջուկային սպառնալիքի քննարկմանը: Դիմելով Բարաքին` Օբաման հավաստիացրել է, որ, չնայած պաղեստինյան և իրանական հարցերի շուրջ առկա տարաձայնություններին, Վաշինգտոնը հավատարիմ կմնա Իսրայելի ազգային անվտանգությանը:

Հետաքրքիր է, որ Սպիտակ տան հռետորաբանության փոփոխությունից հետո ռուս հեղինակավոր փորձագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին նախագահ Բարաք Օբամային «մկրտեց» «թղթե վագր» անվամբ, իսկ ամերիկյան դեմոկրատներին անվանեց ոչ հեռանկարային կուսակցություն (Ե.Յա. Սատանովսկի, «Իսրայելի պետության հավանական հակառակորդները և նրանց դեմ իսրայելական հատուկ ծառայությունների և բանակի գործողությունների հեռանկարները քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից», ՄԱԻ): Բացի այդ, Սատանովսկին գրում է, որ «վերջնարդյունքում Իսրայելը Իրանի հետ դիմակայությունում ստիպված կլինի կամ հույսը դնել սեփական ուժերի վրա, ինչը դժվարացնում, բայց անիրականանալի չի դարձնում խնդիրը, կամ Թեհրանի գործողությունները Վաշինգտոնին այլ ընտրություն չեն թողնի` Երուսաղեմին աջակցելուց բացի, կամ ԱՄՆ դիրքորոշումը կփոխվի Իսրայելի համար բարենպաստ ուղղությամբ` Սպիտակ տուն նոր վարչակազմի մուտքով: Առայժմ Բ.Նեթանյահուի կառավարությունը Բ.Օբամայի վարչակազմի հետ պայմանական-պոզիտիվ դադարի հարաբերություններ է պահպանում, որի ժամանակային շրջանակները սահմանափակ են բնակավայրերի շինարարության մորատորիումով (գործողության ժամկետն ավարտվում է 2010թ. աշնանը)»:

Արդյոք կողմերը միջուկային զենք կկիրառե՞ն:

Տեսականորեն հնարավոր է անգամ միջուկային մարտ: Թեև դժվար է հավատալ, որ կողմերից մեկը համարձակություն կունենա գնալ դրան: Սակայն ներկա պահին հայտնի է, որ Իսրայելը միջուկային զենք ունի, իսկ Իրանը, ընդամենը հավանական է, որ ունի այն: Միևնույն ժամանակ, ԻԻՀ-ն չունի այնպիսի հզոր ՀՀՊ, ինչպես իսրայելական կողմը: Ավելին, որոշ իսրայելցի քաղաքագետներ անգամ կասկածում են, թե Թեհրանը միջուկային տեխնոլոգիաներ ունի:

Կարծիք կա, թե Իրանում միջուկային մարտագլխիկների առկայությունը վտանգավոր է նաև նրանով, որ այդ զենքը կհայտնվի ահաբեկիչների ձեռքում: Այս առնչությամբ կուզենայինք մեջբերել ամերիկյան խոշոր փորձագետներից մեկին` Բրայան Ջենքինսին (RAND Corp.)` 1975թ. «միջուկային շարժման» ահաբեկիչների մասին: Ջենքինսը գրում է, որ «Ուսամա բեն Լադենը, իհարկե, կուզենար միջուկային զենք ունենալ: Նա դրան ձգտում էր 15 տարի: Եվ, անկասկած, կօգտագործեր այն, եթե ունենար: «Ալ-Քաիդան» հաճախ է խոսում միջուկային զենքի մասին, բայց ապացույցներ, թե ահաբեկիչներն ունեն այդ զենքը կամ դրա պատրաստման պայմանները, չկան: Եթե «Ալ-Քաիդան» նման հնարավորություններ չունի, ապա առաջ է գալիս պետություններից միջուկային զենքը գնելու հարցը: Եվ այստեղ իրենց վրա ուշադրություն են գրավում գլխավորապես Պակիստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան: Ավելի քան 30 տարի Իրանն ապաստան է տվել, ուսուցանել, մատակարարել և «առաքել» ահաբեկիչների` ամերիկյան և իսրայելական թիրախների վրա հարձակվելու համար: Բայց կօգնի՞ արդյոք միջուկային Իրանը «Ալ-Քաիդային» կամ «Հիզբալլահին» մտնել միջուկային ակումբ»:

Ջենքինսի կարծիքով` երկյուղները, թե միջուկային զենքը կհայտնվի ահաբեկիչների ձեռքում, իզուր են հետևյալ պատճառներով: Նախ` սուննիական «Ալ-Քաիդայի» և շիական Իրանի միջև վստահություն չկա, և հարաբերությունները բավական լարված են (արժե ենթադրել, որ վիճակը նույնն է նաև ԻԻՀ-ի և սուննիական ՀԱՄԱՍ-ի ու «Հիզբալլահի» միջև): Երկրորդ, որն ավելի կարևոր է` ոչ մի ապացույց չկա, որ պետությունները երբևէ առհասարակ ահաբեկչական խմբավորումներին ոչ ավանդական զենք կտրամադրեն: ԱՄՆ կարծիքով` Իրանը և Սիրիան ահաբեկչության հանցակիցներն են (և երկու երկրներն էլ, չի բացառվում, միասին են սկսել ատոմային աշխատանքները), բայց հովանավորվող խմբավորումներից ոչ մեկը ոչ մի անգամ չի կիրառել և նույնիսկ չի սպառնացել կիրառել միջուկային զենք Իսրայելի կամ ԱՄՆ-ի դեմ: Ավելին, ՀԱՄԱՍ-ը և «Հիզբալլահը» օգտվում են բավական պարզունակ հրթիռներից: Եվ երրորդ` Իրանը հազիվ թե ցանկանա «կիսել» բարձր տեխնոլոգիաները, քանի որ դա որոշ չափով «կվերացնի» պետական իշխանության հասկացությունը, և ոչ մի երաշխիք չկա, որ գրոհայինները միջուկային հրթիռները չեն թափահարի իրենց երեկվա հովանավորների քթի տակ (INSS, Nuclear Terrorism: Threat to the Public or to Credibility-):

 

Պատերազմի նպատակները

Իրանը թուլացնելուց բացի, որն սպառնում է քարտեզի վրայից ջնջել Իսրայելը և այնտեղ նկարել, հավանաբար, Պաղեստին ֆանտաստիկ երկիրը, իսրայելցիները հետապնդում են նաև միանգամայն ակնհայտ` տարածքային նպատակներ: Ուժերի հետպատերազմյան դասավորությունը, հնարավոր է, հետևյալն է.

- իսրայելական բանակի ներկայությունը Իրանի տարածքում` Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան զինվորականների ներկայության սխեմայով,

- Իրանի տարածքի կամ նրա մի մասի հանձնումը ԱՄՆ վերահսկողությանը (ընդ որում, ամենայն հավանականությամբ, Իրանի արևմտյան մասը ձևականորեն կմիացվի Իրաքի արևելյան մասին և կհանգեցնի քաոսի),

-  Իրանի տարածքի կամ նրա մի մասի հանձնումը միջազգային ուժերի վերահսկողությանը, քանի որ մի շարք պատճառներով Իսրայելը և ԱՄՆ-ը չեն կարողանա իրենց վերահսկողության տակ պահել Իրանի ամբողջ տարածքը:

Ավելին, ռազմական գործողությունների ժամանակ Իսրայելը կկարողանա ցուցադրել իր ռազմական հզորությունը և իրականում փորձարկել նոր սպառազինությունը և նոր ռազական ստրատեգիաները:

Եթե իսրայելցիները, ԻԻՀ-ից բացի, հարձակվեն Սիրիայի վրա, ապա կկարողանան վերջնականապես ամրանալ Գոլանի բարձունքներում և, հնարավոր է, նաև ավելի հեռուն գնալ, ընդհուպ մինչև Հալեպ (որտեղ, լուրերի համաձայն, եղել է սիրիական միջուկային կենտրոնը): Չի բացառվում, որ իսրայելցիների դեմ զուգահեռ պայքար կմղվի նաև պաղեստինյան գրոհներով: Քանի որ կողմերը տարբեր քաշային կարգերում են, իրավիճակը կարող է փոխվել նաև Հորդանան գետի Արևմտյան ափում, ինչպես նաև Գազայում:

Իրանի հանրապետությունը կիսելու և արագ արձագանքման պարագայում ԱՄԷ-ն կարող է իրեն վերադարձնել Հորմուզի նեղուցի երեք կղզիները, որոնք դեռ հարկադրված է տնօրինել Թեհրանի հետ համատեղ: Դա կամրապնդի Էմիրությունների ռազմավարական դիրքերը:

Մյուս դերակատարները, մասնավորապես` Սաուդյան Արաբիան և Թուրքիան, կարող են ինչպես շահել, այնպես էլ տուժել: Երկու երկրներն էլ, համենայնդեպս, ավելի կամ պակաս չափով, պատրաստ են ռազմական գործողությունների: Չեզոքությունը կօգնի նրանց առանց կորուստների «վերապրել» իրադարձությունները, իսկ Իրանի կողմում հանդես չգալը, հնարավոր է, ձեռքբերումներ ապահովի նրանց համար:

 

ՍԱՇԱ ԹԵՍԻԵ-ՍՏԱԼ -

ԿԱՏԵՐԻՆԱ ԶԱՐԵՄԲՈ

ՈւԿՐԱԻՆԱՆ ԴԵՌ ԿՈՐԱԾ ՉԷ

21/05/2010

(նյութի մշտական հասցեն` http://www.inosmi.ru/ukraine/20100521/160071233.html)

Հոռետեսները սգում են Արևմուտքի համար Ուկրաինայի անխուսափելի երկարատև «կորստի» համար, բայց դա սկսվեց միայն այն բանից հետո, երբ փետրվարին նախագահ ընտրվեց Վիկտոր Յանուկովիչը: Վերջերս նա համաձայնագիր է ստորագրել Ղրիմի ռուսական ռազմածովային ռազմակայանի վարձակալության ժամկետը երկարացնելու մասին, ինչը հոռետեսները համարում են նշան այն բանի, որ նախագահը ցանկանում է երկրի համար ամրագրել Ռուսաստանի արբանյակի կարգավիճակը:

Հոռետեսներն իրավացի չեն: Դե, ինչ-որ իմաստով:

Իհարկե, պայմանագիրը Ռուսաստանի հետ` դա վատ է: Բնական գազի գնի զեղչի փոխարեն, որը գործելու է մինչև 2019թ., նախագահ Յանուկովիչը Մոսկվային թույլ տվեց մինչև 2042թ. պահել իր Սևծովյան նավատորմը Սևաստոպոլի նավահանգստում: Դրանով իսկ նա Ռուսաստանին թույլ տվեց Ղրիմում` Ուկրաինայի ամենաանկայուն հատվածում, պահել իր պլացդարմը, ինչպես և ընդհանուր ռազմական պոտենցիալը` անկայունությամբ աչքի ընկնող սևծովյան տարածաշրջանում: Այս իրադարձությունն անուշադրության մատնել չի կարելի, հատկապես 2008թ, օգոստոսի իրադարձություններից հետո, երբ «իրար անցան» Ռուսաստանն ու հարևան Վրաստանը:  

Պակաս խուճապ չի առաջացնում նաև այն, որ պայմանավորվելով գազի գնի իջեցման մասին` նախագահը հնարավորություն է ստանում հետաձգել Ուկրաինայի տնտեսության էներգետիկ հատվածի բարեփոխումները, որը հայտնի է իր կոռումպացվածությամբ և ցածր արդյունավետությամբ: Այս զեղչերի շնորհիվ համակարգը ևս ինչ-որ ժամանակ, ինչպես ներարկումների դեպքում, կգոյատևի, համակարգ, որը վաղուց արդեն ժամանակն է, որ պատմության աղբանոցը նետվի:

Բարեփոխումների հետաձգումից Յանուկովիչը քաղաքական դիվիդենդներ կստանա, որովհետև կոռուպցիոն սխեմաների և գազի արհեստականորեն իջեցված գների միջոցով հարստացած արդյունաբերական և էներգետիկ մագնատների աջակցության կարիքն ունի: Բայց Ուկրաինայի վրա, քաղաքական առումով, դա թանկ կնստի, որովհետև այն, ըստ էության, կախվածության մեջ է ընկնում ռուսական սուբսիդիաներից, առանց որոնց չի կարողանա վճարել իր սպառած էներգիայի դիմաց:

Այլ կերպ` կնքված գործարքը կուժեղացնի Ռուսաստանի ազդեցությունն Ուկրաինայի վրա և կամրապնդի նրա` տարածաշրջանն ազդեցության ոլորտ ունենալու հավակնությունները:

Բայց եթե դուք սրանում տեսնում եք հաստատումն այն բանի, որ Յանուկովիչը ձգտում է երկիրը կրկին մտցնել ռուսական ծիր, ապա դուք պարզապես այն ուղղությամբ չեք նայում:

Կնքված համաձայնագիրը Յանուկովիչի աշխարհաքաղաքական նախապատվությունների ցուցիչը չէ, այլ նրա ղեկավարած պետության թուլության: 2009թ. Ուկրաինայի տնտեսությունը կրճատվել է մեկ յոթերորդով, իսկ դրա հետ մեկտեղ կրճատվել է նաև պետության` էլեկտրաէներգիայի համար վճարելու կարողությունը:

Անգամ Յուլիա Տիմոշենկոն` «նարնջագույն հեղափոխության» առաջնորդներից մեկը, որը դեռ 2008թ. կոչ էր անում, որ Ուկրաինան մտնի ՆԱՏՕ, 2009թ. վարչապետի պաշտոնին գտնվելով` ստիպված էր մեծ զիջումներ անել Մոսկվային, մասնավորապես` գազի վերաբերյալ պայմանագիր կնքելով, որն այնքան անիրավահավասար էր, որ արդեն մի քանի ամիս անց ստիպված էին վերանայել դրա պայմանները: 

Միևնույն ժամանակ, տեղի ունեցածը, լայն իմաստով, ամենևին էլ եվրոպական ինտեգրման ավարտ չի նշանավորում: Իհարկե, ՆԱՏՕ մտնելու մասին կարճա- և, հնարավոր է` միջնաժամկետ հեռանկարում կարելի է մոռանալ, բայց դա պարզ էր նաև մինչև Յանուկովիչի իշխանության գալը: Նոր նախագահը դիմադրում է Ռուսաստանի` Ուկրաինան իր գլխավորած Մաքսային միություն քարշ տալու փորձերին` նախընտրելով դրա փոխարեն շարունակել բանակցությունները Եվրամիության հետ ազատ առևտրի մասին լիարժեք և համընդգրկուն պայմանագրի կնքման մասին: Նա եվրոպական ինտեգրումն անվանել է իր «հանգուցային գերակայությունը», իսկ իր առաջին արտասահմանյան այցը որպես նախագահ կատարել է Բրյուսել, և այդ խորհրդանշական քայլն առաջացրել է Մոսկվայի դժգոհությունը: Յանուկովիչն ավելի պակաս չափով է կողմնորոշված դեպի Արևմուտք, քան իր նախորդը` Վիկտոր Յուշչենկոն, բայց նրան Կրեմլի խամաճիկ էլ չես անվանի:

Չնայած ոչ խելամիտ մարդու համբավին` Յանուկովիչը կարող է խորամանկ մանևրներ անել: Այսպես, գազի վերաբերյալ համաձայնագիրը թուլացրել է Ուկրաինայի դիրքը Ռուսաստանի նկատմամբ, փոխարենը դուր է եկել արդյունաբերողներին և շարքային քաղաքացիներին, որոնք հիմա ստիպված չեն լինի այդքան շատ վճարել գազի դիմաց (համենայնդեպս, այս տարի): Բացի այդ, հիմա Ուկրաինան կկարողանա ընդունելի դարձնել իր պետական բյուջեն ԱՄՀ տեսակետից, որը պահանջում է իջեցնել դեֆիցիտը և հարցականի տակ է դնում Ուկրաինային արտակարգ փոխառության հերթական տրանշների տրամադրումը: Նույնիսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է դրանում տեսել հաստատումն այն բանի, որ Ուկրաինան սկսել է «հավասարակշռված մոտեցում» ցուցաբերել արտաքին քաղաքականությանը:

Կնքված պայմանագրի հետ կապված որոշակի տագնապ է առաջացնում այն, թե ինչպես է այն կնքվել և ինչ եզրակացություններ կարելի է անել դրանից այն մասին, թե ինչ վերաբերմունք կունենա Յանուկովիչն Ուկրաինայի օրինակարգի հանդեպ:

Սահմանադրությունն արգելում է օտարերկրյա ռազմակայաններ տեղակայել Ուկրաինայի տարածքում, բայց այս արգելքն ինչ-որ չափով երկիմաստ է: Ավելին, նավատորմի մասին պայմանագիրն անգամ չի փոխանցվել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին (պարտադիր քննարկման համար), և խորհրդարանում վավերացվելու նորմալ արարողակարգ էլ չի անցել:

Եթե հիշենք նաև այն մասին, թե սահմանադրականության տեսակետից ինչ կասկածելի են եղել Յանուկովիչի` խորհրդարանական մեծամասնություն կազմավորելու քայլերը, ապա լուրջ հարցեր կառաջանան այն հարցի շուրջ, թե նա ընդհանրապես պատրաստ է կանոններով խաղալ:

Առայժմ վաղ է դատել` արդյո՞ք նախագահ Յանուկովիչը միտումնավոր է օգնում Ռուսաստանին «խլել» Ուկրաինան Արևմուտքից: Նա ավելի բարեկամաբար է տրամադրված Մոսկվայի հանդեպ, քան իր նախորդը, բայց ճշմարտությունն այն է, որ նրան անկյուն է քշել աշխարհաքաղաքական անձեռնհասության, անձնական շահերի և ավելի վաղ գոյություն ունեցած հիմնախնդիրների ամբողջությունը: Գլխավոր հարցը հետևյալն է. արդյո՞ք նա լուրջ է ընդունում իր սահմանադրական և այլ պարտականությունները: Եթե ոչ, ապա և´ Արևմուտքին, և´ Ռուսաստանին տհաճ անակնկալներ են սպասում: 

 

ԲՐՈԴՍԿԻՆ ԵՎ ՎԻՍՈՑԿԻՆ

Ի՞ՆՉ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԷԻՆ ԿԱՊՎԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՆ ՈՒ ԵՐԳԻՉԸ

21/05/2010

(նյութի մշտական հասցեն` http://www.izvestia.ru/culture/article3142095/)

Մայիսի 24-ին լրանում է Իոսիֆ Բրոդսկու ծննդյան 70-ամյակը: «Իզվեստիան» ընթերցողներին առաջարկում է լրագրող Վալերի Պերևոզչիկովի հետազոտությունը Նոբելյան դափնեկրի և ռուսական գլխավոր բարդի բարեկամության մասին:

«Նեզավիսիմայա գազետայի» հարցազրույցում (1991թ. հունիս) Իոսիֆ Բրոդսկին պատմում է. «Մենք մի ընդհանուր ընկեր ունեինք: Մենք ծանոթացանք Միշա Բարիշնիկովի մոտ: Երկու-երեք անգամ, երբ Վիսոցկին այստեղ` ԱՄՆ  է եկել, մենք ամեն կերպ քեֆ ենք արել, զվարճացել»: Ծանոթությունը տեղի ունեցավ ավելի շուտ Լենինգրադում, Բրոդսկու և Բարիշնիկովի էմիգրացիայից առաջ:

Արտասահմանում Բրոդսկին և Վիսոցկին հանդիպել են ոչ միայն Նյու Յորքում: Բրոդսկին թռչում է Փարիզ` Տագանկայի թատրոնի հյուրախաղերը դիտելու, և ընդհանրապես չէր ընդունում լյուբիմովյան «Համլետը»: «Հիշում եմ, Վոլոդյա Վիսոցկին ինձ հեռագիր ուղարկեց Փարիզից Լոնդոն: Ես եկա ներկայացմանը, բայց հեռացա առաջին գործողությունից: Դա անտանելի էր»: Նշենք, որ ևս մի նշանավոր մարդ կտրականապես չէր ընդունում Վիսոցկու Համլետը: Բոլշայա Կարետնայայի ընկերությունից` Անդրեյ Տարկովսկին: 

Ներկայացումից հետո Բրոդսկին, հասկանալի է, ոչինչ չասաց Վիսոցկուն: Նրանք նստած էին ռեստորանում Յուրի Լյուբիմովի հետ միասին. «Իոսիֆն անընդհատ խնդրում էր Վոլոդյային երգել: Եվ լսում էր հոյակապ. մերթ արցունքով, մերթ հեգնանքով... Բայց ինքը բանաստեղծություններ չկարդաց...»:

Նյու Յորքում միասին անցկացրած օրերից մեկը մանրամասն նկարագրում է Մարինա Վլադին. «...Մենք հանդիպում ունենք Իոսիֆ Բրոդսկու` քո սիրած ռուս բանաստեղծներից մեկի հետ: Մենք հանդիպում ենք Գրինվիչ-Վիլիջի մի փոքրիկ սրճարանում: Մի բաժակ թեյի շուրջ դուք զրուցում եք ամեն ինչի մասին: Դու Բրոդսկուն կարդում ես քո վերջին բանաստեղծությունները, նա շատ լուրջ լսում է քեզ: Հետո մենք գնում ենք թափառելու փողոցներում: Նա սիրում է Նյու Յորքի այս հատվածը, որտեղ արդեն երկար տարիներ  ապրում է... Շարունակելով խոսակցությունը` մենք հասնում ենք պստլիկ մի բնակարան` լեփլեցուն գրքերով. բանաստեղծի իսկական որջ: Նա մեզ համար անհավատալի արևելյան կերակուր է պատրաստում և կարդում անգլերեն գրած բանաստեղծությունները: Մեր գնալուց առաջ բանաստեղծությունների իր վերջին գրքի վրա մակագրում է: Մենք հուզմունքից բառ անգամ արտաբերել չենք կարողանում: Առաջին անգամ իսկական մեծ պոետը քեզ իրեն հավասար է ճանաչում»:   

Նրանք միշտ մեկը մյուսին բարձր էին գնահատում: Հիշում է կինոդրամատուրգ Իգոր Շևցովը. «Իոսիֆ Բրոդսկու մասին Վիսոցկին միշտ հարգանքով և քնքշությամբ էր խոսում, այո` քնքշությամբ, դա այդպես է. «Հանճարեղ է»: Եվ պարծենում էր. «Նա ինձ գիրք է նվիրել»: Վոլոդյան փնտրեց-գտավ Բրոդսկու բանաստեղծությունների գրքույկը` հեղինակային հրատարակություն Լոնդոնում, ինքնագրով»:

Վիսոցկու հիշատակին նվիրված առաջին ֆիլմերից մեկում (ԱՄՆ, 1981թ.) Բրոդսկին ասում է. «Ընդունված է երգահան բանաստեղծների մասին խոսել որոշ կանխակալությամբ: Եվ մինչև Վիսոցկին վերաբերմունքս բոլոր բարդերի հանդեպ հենց այդպիսին էր: Բայց սկսելով քիչ թե շատ ուշադիր լսել Վիսոցկուն` ես հասկացա, որ գործ ունենք հենց պոետի հետ: Ավելին, ես պետք է ասեմ, որ ինձ դուր չէր գալիս, որ դա ուղեկցվում է կիթառով, որովհետև այն ինքն իրենով, որպես տեքստ, հիանալի էր... Ես խոսում եմ հենց այն մասին, ինչ նա անում էր լեզվի հետ, նրա հանգերի մասին... Բանն այն է, որ նա օգտագործում էր ֆենոմենալ կազմածո հանգեր, իսկ կիթառն օգնում էր նրան աննկատ դարձնել այն աներևակայելի աշխատանքը, որը ծախսում էր իր երգերի հենց լեզվաբանական կողմի վրա: Ըստ էության, նրանք ապշեցնում են մարդկանց ոչ այնքան իրենց բովանդակությամբ և երաժշտությամբ, որքան շնորհիվ այդ լեզվական հենքի չգիտակցված յուրացման: Եվ այս իմաստով Վիսոցկու կորուստն անվերականգնելի է ռուսերենի համար»:

Հիշում է Վիսոցկու մտերիմ բարեկամ, նկարիչ Միխայիլ Շեմյակինը. «Նա որպես պոետ անվստահության ինչ-որ զգացում ուներ: Այս մասին է վկայում հետևյալ շտրիխը: Մի անգամ նա Նյու Յորքից թռչում է Փարիզ և տառացիորեն ներխուժում ինձ մոտ: Եվ այնքա~ն ուրախ էր:

-  Միշկա, գիտե՞ս, ես Նյու Յորքում հանդիպել եմ Բրոդսկուն: Եվ Բրոդսկին ինձ է նվիրել իր գիրքն ու գրել. «Մեծ բանաստեղծին` Վլադիմիր Վիսոցկուն»: Պատկերացնո՞ւմ ես, Բրոդսկին ինձ պոետ է համարում»:  

Բրոդսկու այդ, ինչպես և օտարերկրյա հրատարակիչների այլ գրքեր Վիսոցկու մահվանից հետո անհետացան նրա` Մալայա Գրուզինսկայայի բնակարանից: Այնուհետև տեղեկություններ հայտնվեցին, որ այդ բոլոր հրատարակությունները մտերիմ հարազատներից մեկն անմիջապես տարել է ԽՍՀՄ ՊԱԿ: Ահա թե ինչպես է դա բացատրում Նինա Մաքսիմովնա Վիսոցկայան «Վիսոցկու աշխարհը» ալմանախում. «Երբ Վոլոդյան մահացավ, վախենում էինք, որ արտասահմանյան հրատարակությունները կարող են առգրավել: Բացի այդ, մարդիկ, որոնք արգելված գրականություն էին պահում, կարող էին պատասխանատվության ենթարկվել...»:

1987թ. Իոսիֆ Բրոդսկուն Նոբելյան մրցանակ է շնորհվում: Դրանից շատ չանցած նա գալիս է Փարիզ և Սորբոնում կարդում իր բանաստեղծությունները: Բնականաբար, պատասխանում է ունկնդիրների հարցերին: Եվ առաջին հարցերից մեկը հետևյալն էր. «Ինչպե՞ս եք վերաբերվում Վիսոցկուն»: Պատասխան. «Ես նեղացած եմ, որ նա երգեր էր գրում, այլ ոչ թե բանաստեղծություններ»:

Դեռ 1981թ. Բրոդսկին «Արդիս» հրատարակչությանն առաջարկել էր հրատարակել Վիսոցկու բանաստեղծությունների ժողովածուն և համաձայնել էր խմբագրել նյութը: Իսկ 1989թ. մարտի 1-ի մամուլի ասուլիսում Մարինա Վլադին ասում էր, որ Ֆրանսիայում պատրաստվում է հրատարակվել Վիսոցկու երգերի և բանաստեղծությունների ժողովածուն ֆրանսերեն թարգմանությամբ, և նախաբանը գրելու է Իոսիֆ Բրոդսկին: Հայտնի չէ` հասցրե՞ց արդյոք...   

 

ՀԵԼԵՆ ԿԱՊ RECHTSANWALTIN (MAINZ)

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ`

ԱՌԱՆՑ ՆԱԽԿԻՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ

(նյութի մշտական հասցեն` http://www.partner-inform.de/news.php-ids=4279_152_1_2)

Մենք արդեն քանիցս անդրադարձել ենք նշված թեմային, բայց, հավանաբար, այն անսպառ է: Բանն այն է, որ նախկին միութենական որոշ հանրապետություններ, իսկ այժմ` նոր ինքնուրույն պետություններ, ամեն կերպ դժվարացնում են Գերմանիայում և այլ երկրներում ապրող իրենց քաղաքացիների` նախկին քաղաքացիությունից հրաժարվելու կարգը: Դրա ճանապարհները քիչ չեն: Նշենք դրանցից մի քանիսը, որոնց ներկայումս բախվում են նրանք, ովքեր ուզում են հրաժարվել նախկին բնակության երկրի քաղաքացիությունից.

-չեն ընդունում այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են քաղաքացիությունից հրաժարվելու համար,

-քաղաքացիությունից դուրս գալու համար հանձնված փաստաթղթերը կորչում են (երբեմն` ոչ մեկ անգամ) դրանք առաքելիս կամ ուսումնասիրելիս: Դա բնորոշ է միջինասիական որոշ պետություններին,

-անասելիորեն ձգձգում են փաստաթղթերն ուսումնասիրելու ժամկետները: Դա բնորոշ է շատ պետությունների, օրինակ` Ուկրաինային,

-պարտադիր պահանջում են սահմանված ժամկետով ծառայել նախկին բնակության երկրի բանակում, ինչը բնորոշ է Հայաստանին:

Պատմեմ Գերմանիայի Վարչական դատարանի վերջին մարդասիրական որոշումներից մեկի մասին, դատարան, որը սովորաբար ըմբռնումով է վերաբերվում ներգաղթյալների խնդիրներին: Այդ որոշումը թույլ է տալիս նախկինում Հայաստանում բնակվող ներգաղթյալներին հուսալ, որ Գերմանիայի քաղաքացիություն կստանան: Մասնավորապես, դատարանի հիշյալ որոշման մեջ խոսքը Ղարաբաղյան հակամարտության գոտու փախստականի մասին է, որը 10 տարեկանից ապրում է Գերմանիայում: Այդ մարդը բավական երկար ժամանակ ապարդյուն փորձում էր հրաժարվել հայկական քաղաքացիությունից` Գերմանիայի քաղաքացիություն ստանալու համար: ԳԴՀ-ում Հայաստանի հյուպատոսությունը չէր ընդունում նրա փաստաթղթերը` պատճառաբանելով, թե քաղաքացիությունից հրաժարվելուց առաջ նա պետք է ծառայի Հայաստանի բանակում: Հայկական քաղաքացիությունից հրաժարվելու մի քանի անհաջող փորձերից հետո այդ մարդը հայտարարությամբ դիմել էր Արտասահմանցիների գործերով գերատեսչություն, ասելով, թե չնայած իր բոլոր ջանքերին` արդյունքը, ինչպես ասում են, զրոյական է, և քանի որ այս դեպքը համապատասխանում է այսպես կոչված Unzumutbare Bedingungen կարգին, այսինքն` խիստ անիրականանալի պայման է ունեցած քաղաքացիությունից դուրս գալու համար, հարկավոր է նրան տալ գերմանական քաղաքացիություն` առանց Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու:

Հարկ է ասել, որ Գերմանիայի քաղաքացիության մասին օրենքը, որոշակի պայմաններից ելնելով, ամբողջ ուժով ջանում է խուսափել այսպես կոչված mehrfache Staatsangehörigkeit-ից, այսինքն` երկքաղաքացիությունից (կամ եռաքաղաքացիությունից) և գերմանական քաղաքացիության իրավունք, առանց նախկին քաղաքացիությունից դուրս գալու, տալիս է միայն բացառիկ դեպքերում: Գերմանիայի քաղաքացիության մասին օրենքի այս հիմնարար կետի (երկքաղաքացիության կամ ավելիի կանխման) վրա հենվելով` գերատեսչությունը հայտարարեց, որ նախկին քաղաքացիությունից հրաժարվելու համար բավականաչափ ջանքեր չեն գործադրվել, հարկավոր էր էլի «հաշվառման վերցվել» Հայաստանի վաղուց արդեն լքված բնակության վայրի զինկոմիսարիատում և հետո «փող տալով» ազատվել զինապարտությունից` իրավասու անձանց կաշառք տալով:   

Այս առաջարկության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ դա անում է մի կազմակերպություն, որը մշտապես սկզբունքային դիրքորոշում է ունեցել և պատժել է «քրեական օտարերկրացիներին» անգամ իրենց մտահղացումների համար, էլ չենք խոսում արարքների մասին: Ինչպես երևում է, այն չինովնիկը, ում գլխում ծագել էր այս «ինքնատիպ» միտքը, տարբերվում էր, ինչպես նշում է դատախազությունը, «քրեական բարձր էներգիայով»:

Վարչական դատարանն իր որոշմամբ կտրականապես հերքեց հայցվորի` կաշառք տալու պարտականությունը և ոչ երկիմաստ հայտարարեց, որ գերմանական պետությունը չի կարող մարդուց քրեական արարքներ պահանջել լեգալ նպատակների հասնելու համար: Հակառակ պարագայում պետությունը դառնում է մեղսակից կամ նույնիսկ նախաձեռնող կամ, իրավաբանների ձանձրալի լեզվով ասած` հանցագործության հրահրիչ, որն ազնիվ քաղաքացիներին դրդում է կատարել քրեորեն պատժելի արարքներ, ինչն անհամատեղելի է իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքների հետ: Այսպիսով, հայցվորը ստացավ Գերմանիայի քաղաքացիություն` առանց ունեցած քաղաքացիությունից հրաժարվելու:

Հարկ է նշել, որ շատ դեպքերում, գերմանական քաղաքացիություն ստանալիս, հարկավոր չէ հրաժարվել նախկին բնակության երկրի քաղաքացիությունից և դրա համար դիմել դատական վեճերի: Այսպես, հետխորհրդային տարածքի որոշ անկախ պետությունների քաղաքացիության մասին օրենքները նախատեսում են քաղաքացիության կորուստ արտասահմանում ապրելու և առանց հարգելի պատճառների հյուպատոսական հաշվառման չկանգնելու դեպքում` որոշակի ժամանակ անցնելուց հետո: Այսպիսով, նման դեպքերում կարելի է զգալիորեն կրճատել առանց նախորդ քաղաքացիությունից հրաժարվելու գերմանական քաղաքացիություն ստանալու ժամկետն ու ջանքերը:      

 

ՄԱՆԱՆԱ ՎԱՐԴԻԱՇՎԻԼԻ

ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ.

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՆԵՇՆԵՐԸ

22/05/2010

(նյութի մշտական հասցեն` http://bizzone.info/articles/1274571668.php)

Չնայած երկու կողմերն էլ պատրաստ են գործընկերության և հարաբերությունների հետագա խորացման, անդրսահմանային հարաբերությունների ոլորտում դեռևս դիմակայություն կա: Փորձագետների գնահատականներով, բնակչության մեջ առկա լարվածությունը` կապված սահմանն անցնելու կարգի հետ, պայմանավորված է նրա ցածր տեղեկացվածությամբ:

Վրաստանից Հայաստան են ներկրվում արևածաղկի սերմ, խաղող, ցորեն, եգիպտացորեն, պարարտանյութեր, դեղամիջոցներ և տարբեր տեսակի սննդամթերքներ: Հայաստանում արտադրված գյուղատնտեսական ապրանքներից Վրաստան են ներկրվում վաղահաս կարտոֆիլ և կարտոֆիլի սերմացու, կաղամբ, ծիրանաչիր, դեղձ, խաղող, կաթնամթերքներ և միս: Չնայած Հայաստանը և Վրաստանը խոշոր առևտրային գործընկերներ չեն (Վրաստանի արտաքին առևտրի 3%-ն է բաժին ընկնում Հայաստանին), փորձագետներն, այնուամենայնիվ, մեծ նշանակություն են տալիս երկու հարևան երկրների և ավանդական առևտրային գործընկերների միջև առևտրի զարգացմանը: Անդրսահմանային հարաբերությունների ոլորտում առկա խնդիրներն ուսումնասիրել է «Care International Կովկասում» կազմակերպությունն իր «Աղքատության հաղթահարումը Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ շրջաններում և վստահության վերականգնումը գյուղում` կայուն զարգացման հարցերում, քաղաքացիական ուժեղացման ճանապարհով» հետազոտությունում:

Հայկական կողմի փորձագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով` անդրսահմանային հարաբերությունների ոլորտում առկա խնդիրները պետք է բաժանել մի քանի խմբի: «Խնդիրներ կան օրենսդրական մակարդակում, գործադիր մակարդակում և քաղաքականության պլանավորման մակարդակում: 1998թ. ստեղծվեց Վրաստան-Հայաստան հանձնաժողովը, որն ուսումնասիրում է անդրսահմանային համագործակցության հարցերը: Այդ հանձնաժողովն ընդունում է որոշումներ, բայց դրանք իրականացնել գործնականում դժվար է, քանի որ չկան արարողակարգային այն մեխանիզմները, որոնք կկարողանային նպաստել այդ որոշումների կատարմանը: Գլխավոր խնդիրն այն է, որ չեն վերլուծվում սահմանն անցնելու հետ կապված հարցերը: Բավական դժվար է Վրաստանից Հայաստան, ինչպես և Հայաստանից Վրաստան բեռնափոխադրումը: Բեռնափոխադրումը բարդացված է ոչ միայն մաքսային կարգի պատճառով: Խնդիր է նաև այն, որ բնակչությունը տեղեկացված չէ մաքսային արարողակարգի և կանոնների մասին, և այդ չիմացությունը չարաշահում է ինչպես հայկական, այնպես էլ վրացական մաքսային ծառայությունը: Բացի այդ, գոյություն ունեն բազմաթիվ ապօրինի և ոչ ֆորմալ հարկեր, ինչից ավելանում են տրանսպորտային ծախսերը և ապրանքի արժեքը: Օրինակ, երբեմն Վրաստանի մաքսային ծառայությունը պահանջում է տարանցման ապահովագրություն: Ձեր օրենսդրությամբ դա պարտադիր չէ, սակայն բիզնեսմենը ստիպված է մաքսատանը ներկայացնել ապահովագրությունը հավաստող փաստաթղթեր, քանի որ առանց դրանց չի կարողանա ապրանքը Վրաստանից Հայաստան ներկրել: Փոթիից Երևան և Երևանից Թբիլիսի ապրանքը տեղափոխելու ժամանակ անհրաժեշտություն է առաջանում վճարել ոչ պաշտոնական հարկերի մեծ քանակություն: Բիզնեսմենի համար տարբերություն չկա, թե սահմանի որ կողմում ավելի շատ և անօրինական հարկ կվճարի: Նրանք այս խնդիրների մասին բացահայտ չեն խոսում: Ցավոք, այս թեմայի շուրջ խոսելուց խուսափում են նաև կառավարությունները»,- ասում է Սարգիս Գրիգորյանը:        

Առևտրային հարաբերություններում առկա պատնեշները դասակարգվում են հետևյալ կերպ. Վրաստանի մաքսային անցակետերը (Նինոծմինդա, Գեղուտ, Աղքերպ) մաքսային կշեռքներ չունեն, «Նինոծմինդա» մաքսային անցակետն իրավունք չունի բաց թողնել 700 լարիից ավելի արժեք ունեցող ապրանքներ, Նինոծմինդայում, սահմանին, ոչ մի բանկային հաստատություն և տերմինալ չկա, որտեղ մինչև 700 լարի հարկային արժեքի ապրանք ներմուծողը մաքս վճարեր: Հայաստանում դժվարությունները կապված են ապրանքի ծագման վկայականի հետ. վրացական ներմուծողը չի կարող պարզապես վերցնել գյուղատնտեսական ապրանքի իրավունքը: Ներմուծողների մեծ մասը ճշգրիտ տեղեկություն չունի մաքսային արարողակարգի և կարգավորման մասին, Վրաստանում դժվար է վկայական վերցնել ապրանքի ծագման մասին, որով արտահանողն արտոնություններ կունենար Հայաստանում:  Բուսական և կենդանական ծագման ապրանքը Վրաստանից արտահանելիս մաքսատունը պահանջում է ապրանքի անվնասակարության վկայական, արտահանողների մեծ մասը ճշգրիտ տեղեկություն չունի մաքսային կարգի և կարգավորման մասին:

Փորձագետ Դավիթ Նարմանիան ասում է, որ, չնայած անդրսահմանային համագործակցության ոլորտում նկատվող որոշ առաջընթացին, արգելքներ, այնուամենայնիվ, դեռ կան. «Չափազանց կարևոր է, որ արտահանողները և ներմուծողները մաքսային բոլոր արարողություններն անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքեն սահմանամերձ շրջաններում և դրա համար մայրաքաղաք չգնան. մաքսակետերը հավուր պատշաճի հագեցած չեն: Խնդրահարույց է նաև մաքսատանը ներդրված մեթոդաբանությունը: Պահանջվում է կանոնակարգել ճանապարհային ենթակառուցվածքը, հատկապես Նինոծմինդա-Բավրա ուղղությամբ: Բեռների մեծ մասն այս ճանապարհով չի անցնում, քանի որ ճանապարհը լավ վիճակում չէ, և այս երթուղով տրանսպորտի տեղաշարժի համար շատ ժամանակ է պահանջվում:

Չնայած Վրաստանի արտաքին առևտրում Հայաստանի բաժինն ընդամենը 3% է, այնուամենայնիվ, առևտրի զարգացումը Վրաստանի և Հայաստանի միջև մեծ նշանակություն ունի: Ապրանքների ներկրումը և արտահանումը սահմանամերձ շրջաններում, առավել ևս` ազատ առևտրի ռեժիմի պայմաններում, միշտ շահավետ է, նման ապրանքը շուկայում ավելի էժան է և, համապատասխանաբար, ավելի մրցունակ»,- ասում է Դավիթ Նարմանիան:

Արտաքին առևտրում համեմատական առավելության հասնելու համար Նարմանիան խորհուրդ է տալիս Վրաստանի և Հայաստանի կառավարություններին «չխուսափել ամեն տեսակ ապրանքների ներմուծումից և արտահանումից» և օժանդակող միջոցառումներ իրականացնել այն ապրանքների առումով, որոնք պահանջարկ ունեն հարևան երկրում:     

 

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

ԼԻԿԲԵԶ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՀԱՄԱՐ

01/05/2010

(նյութի մշտական հասցեն` http://lragir.am/armsrc/society34476.html)

Հայաստանի Մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը չինովնիկներին կոչ է արել ընտրել հայտարարությունները և զգույշ լինել գնահատականներում: Այդ կոչը նա արել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունների կապակցությամբ առ այն, որ ոստիկանությունը կխեղդի հեղափոխությունը արմատից, որ Հայաստանի ոստիկանությունը կատարելու է նախագահի ցուցումները և այդպես շարունակ: Օմբուդսմենը գլխավոր ոստիկանին խորհուրդ տվեց կարդալ Սահմանադրությունը:

Ընդհանրապես, դատելով ամեն ինչից, հայ չինովնիկներին ու օլիգարխներին պետք է մի փոքր լիկբեզ, հատկապես Սահմանադրության մասով: Օրինակ, յուր ժամանակին Գագիկ Ծառուկյանը հպարտանում էր, որ ինքը օլիգարխ է, և որ դրանում վատ բան չկա: Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները Սահմանադրությանը հղում անելով բացատրեցին, որ օլիգարխը վատ բան է, նախկին բիզնեսմեններն անմիջապես դարձան սեփականատերեր և ձեռնամուխ եղան վատ օլիգարխների դեմ պայքարին:

Անգրագիտությունը կապված է ոչ միայն միանգամից քաղաքական գործիչ դարձած մարդկանց բառապաշարի աղքատիկության, այլև պետական շինարարության, դեմոկրատիայի, մարդու իրավունքի առանցքային հասկացությունների ընկալման տարբերության հետ: Շատերը նույնիսկ տեղին են կիրառում եզրաբանությունները, սակայն նրանց գործողություններն ասում են այն մասին, որ խորքում նրանք ապրում են այլ աշխարհում:

Օրինակ, ցանկացած չինովնիկ իր պարտքն է համարում, ինչ որ գործի մասին հաշվետվություն տալիս, հայտարարել, որ ինքը կատարում է նախագահի հանձնարարությունը: Կարծես նրա բոլոր գործառույթները հանգում են նրան, որ կատարի նախագահի հանձնարարությունները, ինչ էլ որ նա հանձնարարի: Թեև Սահմանադրությունը հստակ սահմանում է, թե նա ինչով պետք է զբաղվի:

Կամ էլ, ասենք, կուսակցության առաջնորդը կարող է հայտարարել, որ վճարում է իր նախարարին, որ նա կաշառք չվերցնի: Իսկ նույն այդ նախարարը կարող է պարզ հայտարարել, որ իրենն է երկու խոշոր բուժհաստատության 100 տոկոս-ը: Կամ պատգամավորը, ի պատասխան գազի թանկացման դեմ բողոքի, խորհուրդ տա աթարով տաքանալ:

Դա նրանից է, որ շատերն առաջնորդվում են ոչ թե իրավական պետության օրենքներով, այլ, ասենք, քրեական աշխարհի, գողական, սովետական-ավտորիտար: Հնարավոր է, Սահմանադրությանը հղումները և դասախոսությունները, որ երբեմն հնչում են, ազդեն օլիգարխների բառապաշարի վրա, սակայն հազիվ թե դրանք փոխեն նրանց մտածողությունը:

Թեև մի հարցում լիկբեզն օգնեց` Հայաստանում հիմա գրեթե չես լսի կարծիքներ այն մասին, որ խաղաղություն ապահովելու համար անպայման պետք է տարածքներ հանձնես: Թերևս, քարտեզին նայելու կոչերն օգնեցին, և մարդիկ հասկացան:

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ԷՔՇԸՆ, ԴՌԱՅՎ ԵՎ ՔՅԱԼԼԱՏԻՏԻ

14/05/2010

(նյութի մշտական հասցեն` http://www.armtimes.com/8980)

(Պ-ն Փաշինյանն այժմ ազատազրկված է` 2008թ. մարտի 1-ին Երանում ծեծուջարդ ու մարոդյորական ակցիաներ կազմակերպելու համար):

Այս պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ քաղաքական «էլիտայի» որոշ ներկայացուցիչներ սկսեցին իրենց և իրենց կողմից բացառիկ հարգանքի արժանացած մարդկանց անվանել ռուսական ձևով. Արտաշես Մամիկոնովի~չ, Ռոբերտ Սեդրակովի~չ, Սերժիկ Ազատովի~չ, Հովիկ Արգամի~չ, Վարդան վոևէ Մինասի~չ: Այս նոստալգիկ թմրության ֆոնին հեռուստաեթերը սկսեցին հեղեղել ցեխավիկների ժամանակների` մարող էլիտար պուտանկաները, որոնք սիրիալներ չեն նայում, եռպեմն նկառահանվում են, բայց նայելու ժամանակ ճեն ունենում, ոռովհետև բոհեմական կյանք են վառում: Կլուբնե~ռ, էլիտառ զռույցնե~ռ, Սեռժիկ Ազատո~վիչին և Ալիկ Սեռգե~յիչին կից հանռային էլիտառ խոռհուրդներ: Հետո սրանց հովանու ներքո աճեց պուտանկաների նոր սերունդը, որի կյանքում ԴՌԱՅՎ կա, ԷՔՇԸՆ, ՌԵԼԱՔՍ և ՓԱՌԹԻՆԵ~Ր, ՓԱՌԹԻՆԵ~Ր ` սկաուտ-կոմերիտական-կարիերիստ-օլիգարխածին գյադեքի հաշվին: Հետո նա, ով քթերը չէր քաշում, ղազ էր համարվում: Հետո էս կոնտինգենտը Փարաքյարի փոխարեն սկսեց Մոնտե Կառլո, Բադեն-Բադեն այցելել, փող չեղած ժամանակ էլ` Լաս Վեգաս: Հրազդանի ձորի վետերոկներին էլ փոխարինելու եկան Նիցցայի, Կաննի առափնյա օբյեկտները, քյաբաբնոցներին կից դվուխսպալնի կռավաթներին` Դուբայի հիսունհարկանի հյուրանոցները: Հետո էս կոնտինգենտը սկսեց դրսում դժվարություններ ունենալ, որովհետև չգիտեր, թե սաունային, էսպրեսոյին, մինետին անգլերեն կամ ֆրանսերեն ո՞նց են ասում: Հետո նրանք սկսեցին խորհել այն հարցի շուրջ, թե ինչու Ամերիկայում, Անգլիայում նույնիսկ տասներեք, տասնչորս տարեկան երեխաները գիտեն, թե անգլերեն սաունային, էսպրեսոյին, մինետին ո՞նց են ասում: Երկարատև, քրտնաջան ուսումնասիրությունից հետո անվտանգության խորհրդի վերջին նիստերից մեկում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը զեկուցեց, թե որոնք են այն ռազմավարական նախադրյալները, որոնց շնորհիվ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ամեն քաղաքացի միանշանակ գիտե, թե ինչպես են անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն ասում սաունային, էսպրեսոյին և մինետին: Իսկ պատճառը շշմեցուցիչ է` այդ երկրներում հանրակրթությունը իրականացվում է անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: Ու որպեսզի Հայաստանի էլիտան նույնպես իմանա, թե անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն ինչպես են ասում սաունային, էսպրեսոյին և մինետին, հարկավոր է էլիտար հանրակրթություն սահմանել` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, դուբայերեն: Դավայ, նախրեն` սահմանել էլիտառ դպռոցներ: Համ էլ` էլիտառ խավի լակոտները էլիտառ դպրոցներ կայցելեն ու չեն շփվի «բոմժական» մասսայի հետ, ինչի արդյունքում էլ` դեռևս դպրոցներում կարելի է բաշիքյարթմա անել էլիտար զավակներին` նախարարների բալեքին նախարարների բալեքի հետ, փոխնախարարների բալեքին փոխնախարարների բալեքի հետ, մինչև հարյուր միլիոն եվրո ունեցողների բալեքին` մինչև հարյուր միլիոն եվրո ունեցողների բալեքի հետ, մինչև հարյուր միլիոն դոլար ունեցողների բալեքին մինչև հարյուր միլիոն դոլար ունեցողների բալեքի հետ, 100-ից 500 միլիոն (դոլար/եվրո) ունեցողների բալեքին 100-ից 500 միլիոն (դոլար/եվրո) ունեցողների բալեքի հետ: Եվ այսպես շարունակ: Բացառությունները թույլատրվում են էլիտար սխոդկայի հատուկ որոշմամբ:

Իսկ ընդհանրապես, համաձայն եմ. Հայաստանում կրթության որակը էն չէ, բայց ոչ այն պատճառով, որ մեզ մոտ հանրակրթությունը գերմաներեն չէ, այլ այն պատճառով, որ մեզանում կրթություն պետք չէ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որ վերջերս սկսել է (օրենքներ) կարդալ սովորել, շաբաթը հինգ դպրոցական դասարան է հյուր ընդունում, և այդ հանդիպումների արդյունքում շաբաթական հենց այդքան դասարան երեխա հասկանում է, որ ուսումից, կրթությունից ավելի մեծ էշություն էս երկրագնդի վրա գոյություն չունի: Ամեն անգամ, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունենում, ավելի ճիշտ` կարդում է իրեն տրված տեքստը, ես հիշում եմ մեր դասարանի Էշին, որը դեռևս հինգերորդ դասարանում դժվարությամբ էր վանկերը կապում: Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչու է մեր կրթության որակը այնպիսին, ինչպիսին կա` մի մեծ պատից կախեք ԳԱԱ նախագահի, բուհերի ռեկտորների, պրոռեկտորների ֆոտոները և ուշադիր նայեք նրանց դեմքերին: Ավելի լավ է` մի հետաքրքրվեք, թե ովքեր են նրանք, ինչ կյանքով են ապրել և բարոյական ինչ արժեքների կրող են: Տեսնես անգլերեն իսկապես ո՞նց են ասում... կրթության որակ:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am