Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հետահայաց

Հետահայաց
Հունիս 2010, N 5

ՀԵՏԱՀԱՅԱՑ. ՀՈՒՆԻՍ

1991թ.

7 հունիսի - Թուրքիայի Դեմոկրատական ձախ կուսակցության առաջնորդ Բյուլենթ Էջևիթի հայտարարությունը. «Թուրքիային անհրաժեշտ է, որ առանց ռազմական գործողությունների մեջ ներգրավվելու օգնություն ցուցաբերի Ադրբեջանին` միաժամանակ օժանդակելով ադրբեջանական զինված ուժերի ռազմական պատրաստությանը: Վճռական գործողություններում հապաղումը կամ ձեռնպահ մնալը վերջնարդյունքում կարող է հանգեցնել ինչպես Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում Թուրքիայի հեղինակության, այնպես էլ թուրքական քաղաքական մոդելի նկատմամբ վստահության կորստի»: 

14 հունիսի - Ադրբեջանից հայ բնակչության բռնի տեղահանման փաստերին և պատանդների հիմնախնդրին ծանոթանալու նպատակով Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն I-ի հրավերով Երևան է ժամանում Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի պատվիրակությունը:

17 հունիսի - Հայաստանի Հանրապետության ԳԽ-ն ընդունում է օրենք «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին»:

25 հունիսի - ՀՀ ԳԽ որոշումը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոն մտցնելու և 1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններ նշանակելու մասին:

 

1992թ.

2 հունիսի - Հայաստանը դարձավ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) անդամ 163-րդ երկիրը: Հիմնադրամի կառավարիչների խորհուրդը Հայաստանի համար սահմանեց սկզբնական $127 մլն քվոտա:

10 հունիսի - ՀՀ ԳԽ արտահերթ նստաշրջանը: ԳԽ նախագահությունն առաջարկեց երկու հարցից բաղկացած օրակարգ. ՀՀ բնակարանների սեփականաշնորհման մասին օրինագծի և արդյունաբերական ձեռնարկությունների ու անավարատ շինարարական օբյեկտների սեփականաշնորհման մասին օրինագծի քննարկումը:

15 հունիսի - Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի և Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Ռիո դե Ժանեյրոյում, որի ընթացքում Թուրքիայի վարչապետը հայտարարեց. «Ես ձեզ հետ զրուցում եմ ոչ որպես վարչապետ և ոչ որպես նախագահի հետ: Եկեք մի կողմ թողնենք պաշտոնականությունը: Պատերազմով դուք ոչնչի չեք հասնի: 1000 տարի հետո ձեզ կրկին հնարավորություն է ընձեռվել ստեղծելու անկախ Հայաստան: Բայց դուք չեք կարողանա ստեղծել այդ պետությունը վրեժով, ատելությամբ և պատերազմով: Ձեր հարևանները Ադրբեջանը և Թուրքիան են: Եթե դուք մեզ հետ բարեկամական հարաբերություններ չհաստատեք և դուրս չբերեք ձեր զինվորական ստորաբաժանումները Ադրբեջանի տարածքից, ձեր դրությունը դժվար կլինի»:  

18 հունիսի - Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը. «Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մասն է, և քանի դեռ կլինեն ադրբեջանական զավթված քաղաքներ, հազիվ թե կարելի լինի խոսել խաղաղության մասին...»:

22 հունիսի - Հայաստանի Գերագույն խորհրդի նիստը վերսկսում է աշխատանքը: Հիմնական թեման քաղաքական իրավիճակն է Լեռնային Ղարաբաղում:

29 հունիսի - Ադրբեջանական զինված կազմավորումները հարձակվում են երեք ուղղությամբ` Հադրութի շրջանի Տող և Էդիլու, Մարտակերտի շրջանի Հորաթաղ գյուղերի, ինչպես նաև Ասկերանի ուղղությամբ:

29 հունիսի - ՀՅԴ լիդեր Հրայր Մարուխյանը վտարվում է Հայաստանից: Ընդունված է համարել, որ ՀՀ առաջին նախագահի այս որոշումը թելադրված էր Սուլեյման Դեմիրելի հետևյալ դիմումով. «Հարգարժան պրն Տեր-Պետրոսյան, ես ձեզ հետ այսպես պարզ եմ խոսում, որովհետև ուզում եմ, որ խաղաղություն հաստատվի: Ես երկար տարիներ զբաղվել եմ դիվանագիտությամբ և քաղաքականությամբ: Չի կարելի թույլ տալ, որ աշխարհը կառավարի Հայաստանը, հարկավոր է այնպես անել, որ դուք ինքներդ կառավարեք ձեր իրադրությունը»: Խոսքը հայկական սփյուռքի մասին էր, որի ականավոր ներկայացուցիչները պատրաստակամություն էին հայտնել մասնակցել հայոց պետականության կայացման գործընթացին: Թուրքական «Հյուրիեթ»  թերթն այսպես բնութագրեց երկխոսությունը. «Դեմիրելի զրույցը Տեր-Պետրոսյանի հետ որդուն ուղղված հայրական խրատ էր հիշեցնում»:  

 

1993թ.

1 հունիսի - Ադրբեջանական տանկերը և БМП-ները կենտրոնացված կերպով գնդակոծում էին Տավուշի շրջանի Այգեձոր, Պառավաքար և Կարմրաղբյուր գյուղերի մոտ գտնվող սահմանապահ ուժերի դիրքերը: ԼՂՀ հետախուզության տվյալներով` հակառակորդի կուտակում է նկատվում Լաչինի մարդասիրական միջանցքի հարավում:

3 - 4  հունիսի - Հռոմում անցկացվում են Մինսկի խմբի «իննյակի»  (Գերմանիա, ԱՄՆ, ՌԴ, Շվեդիա, Բուլղարիա, Ֆրանսիա, Իտալիա, Չեխոսլովակիա, Թուրքիա) խորհրդակցությունները ՄԱԿ ԱԽ 822 բանաձևի կատարման վերաբերյալ, որոնց ընթացքում ընդունվեց հարցին առնչվող «Անհետաձգելի միջոցառումների գրաֆիկը»: ՄԱԿ ԱԽ ապրիլի 30-ին ընդունած 822 բանաձևը թեև ընդունում էր, որ Քելբաջարը վերցվել է հենց «տեղի հայկական ուժերի կողմից», բայցևայնպես պահանջում էր, որ այնտեղից անհապաղ դուրս բերվեն ԼՂՀ զորքերը:

11 հունիսի - ԼՂՀ ղեկավարությունը, «զգուշանալով հերթական անգամ խաբված լինելուց», բացասական պատասխան տվեց «իննյակի»  նախաձեռնությանը:

13 հունիսի - ԼՂՀ պաշտպանության բանակը լայնածավալ հակահարձակում սկսեց Աղդամի, Ֆիզուլիի և Ջեբրայիլի ուղղություններով:

14 հունիսի - Ստեփանակերտ է ժամանում ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: ԼՂՀ ԳԽ նախագահության և ԼՂՀ ՊՊԿ համատեղ նիստը: Նախագահի առաքելությունը` համոզել համաձայնել «իննյակի»  բանաձևի հետ, արդյունք չտվեց: ԼՂՀ ՊՊԿ-ն մերժեց «Քելբաջարի գծով»  Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, ինչն այն բանի առաջին դրսևորումներից էր, որ ՀՀՇ-ի և Ստեփանակերտի մոտեցումներում սկզբունքային հակասություններ կան:

23 հունիսի - ԼՂՀ պաշտպանության բանակը վերահսկողության տակ վերցրեց Աղդամի, Ջեբրայիլի և Ֆիզուլիի շրջանների մի մասը, ինչով արմատական բեկում մտցրեց Ղարաբաղյան պատերազմում: Ուժերի նոր դասավորությունն արդյունք էր հայկական զինվորական ստորաբաժանումների անձնվեր գործողությունների, ի հեճուկս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` նույն թվականի գարնանը գրավված Քելբաջարի բարձունքներից Լեռնային Ղարաբաղի ՊԲ ջոկատների դուրսբերումը պաշտպանելու ջանքերի:  

 

1994թ.

3 հունիսի - Երքաղխորհրդի գործկոմի նիստում Փախստականների հարցերով ՀՀ պետվարչությանն առաջարկվեց ՀՀ կառավարության հետ համատեղ դիտարկել քաղաքի հյուրանոցներից բոլոր փախստականներին և Սպիտակի երկրաշարժից տուժածներին հանելու հարցը: Հիմնական պատճառն այն էր, թե անհրաժեշտ է վերանորոգել հյուրանոցները Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության նախօրեին:

6 հունիսի - Թուրքիայի կառավարության հայտարարությունը. «Հարկավոր է ստեղծել անվտանգության պլան Ռուսաստանի կողմից սպառնալիքի կանխման համար: Անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի, որին կմասնակցեն Իսրայելը, Թուրքիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուկրաինան»:

16 հունիսի - Ադրբեջանական զինվորական կազմավորումների տանկերն ու БМП-ները գնդակոծում են հայ սահմանապահների դիրքերը Նոյեմբերյանի շրջանի Դովեղ և Բերդավան գյուղերում:

23 հունիսի - ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանդիպումը ՄԱԿ փախստականների հարցերով Գլխավոր հանձնակատար, ՀՀ-ում ՄԱԿ ռեզիդենտ-համակարգող Ռոբին Ռոբինսոնի հետ` վերջինիս խնդրանքով: Հանդիպման թեման տնտեսական և հասարակական-քաղաքական պայմանների ստեղծումն է` այլ երկրներ փախստականների միգրացիան կանխելու նպատակով:

29 հունիսի - ԼՂՀ ԱԱԳՎ հայտարարությունը. «ԼՂՀ Ազգային անվտանգության գլխավոր վարչությունը հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի վրա նոր հարձակումների: Վերջին ժամանակներս Ադրբեջանում հապճեպ լրացուցիչ զինված խմբեր են հավաքագրվում: Բանակի վերազինման և տեխնիկական հագեցվածության համար երրորդ երկրներից, մասնավորապես` Թուրքիայից, Ուկրաինայից և այլ երկրներից, ներկրվում են նոր հրազեն, զինամթերք և հանդերձանք, ինչպես նաև սննդամթերքի մեծ պաշար: Խոսքով հանդես գալով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և փոխզիջման գնալու պատրաստակամության օգտին` Ադրբեջանի առաջնորդները նախկինի պես հավատարիմ են հիմնախնդրի ուժային լուծման քաղաքականությանը»:   

 

1995թ.

8 հունիսի - «Վաշինգտոն պոստ»  թերթը հաղորդում է. «Այն ժամանակ, երբ Վրաստանում և Ադրբեջանում, արյունալի բախումների արդյունքում, իշխանությունից հեռացվեցին ժողովրդի կողմից ընտրված ղեկավարները և նրանց փոխարինեցին ազդեցիկ կոմունիստական գործիչները, նախկին դիսիդենտ և Հայաստանի ներկայիս նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է կառավարել: Անցած տարվա դեկտեմբերին նա հայտարարեց խոշոր ընդդիմադիր կուսակցության առնչությամբ իր ունեցած կասկածների մասին, և դատարանը շուտով հաստատեց այդ կասկածները: Այդ գիշեր ոստիկանությունը փակեց ավելի քան երկու տասնյակ զանգվածային լրատվամիջոցներ, որոնք կապ ունեին ՀՅԴ-ի հետ: ՀՀ նախագահն այդ կուսակցությանը մեղադրեց ահաբեկչական կազմակերպությանը հովանավորելու մեջ, արդյունքում` ձերբակալվեց կուսակցության ավելի քան 20 անդամ... ՀՅԴ գործունեությունը կասեցվեց վեց ամսով, դա միանգամայն բավական է, որպեսզի հուլիսի 5-ին կուսակցությունը չմասնակցի ընտրություններին...»:  

19 հունիսի - ՀՀ կառավարության արտագնա նիստը Հայկական ԱԷԿ-ում. «Կառավարությունը հավանություն տվեց կատարված աշխատանքին, նշեց, որ ԱԷԿ-ը լրիվ պատրաստ է թարմ վառելիք ընդունել երկրորդ էներգաբլոկի ֆիզիկական գործարկման համար և որոշում ընդունեց հունիսի 19-ին սկսել Հայկական ԱԷԿ-ի ֆիզիկական գործարկումը»:  

25 հունիսի - Ադրբեջանական բանակը զենիթային սարքերից և խոշոր տրամաչափի գնդացիրներից հրետակոծեց Բարեկամավան գյուղը:

27 հունիսի -  Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ֆիզիկական թողարկման հանդիսավոր արարողությունը:

 

1996թ.

1 հունիսի - Նախիջևանի տարածքից ականանետերով, БМП-ներով և խոշոր տրամաչափի գնդացիրներով գնդակոծվում են Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի պաշտպանական դիրքերը:

12 հունիսի - Սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում ԱԺՄ 7-րդ համագումարի պատվիրակները ՀՀ նախագահի թեկնածու առաջադրեցին ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանին: ԱԺՄ նախագահն իր ելույթում ասաց. «Հայաստանին պրոֆեսիոնալ բանակ է պետք: Ազգային բանակի ներկա վիճակը համարժեք է արտացոլում հասարակությունում տիրող կաշառակերության և բարոյազրկության մթնոլորտը, իսկ հայկական տնտեսության 70%-ը ստվերային բնույթ է կրում»:  

14 հունիսի - ՀՀ կառավարությունը տեղեկացնում է. «1996թ. ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնության ընդհանուր գումարը կազմում է $150 մլն»:

26 հունիսի - ԱԻՄ-Ք առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարությունը. «Ի տարբերություն Հայաստանի, նախագահական ընտրությունների առաջին փուլը Ռուսաստանում իսկապես դեմոկրատական էր. եթե նման ընտրություններ կայանան Հայաստանում, ապա ես, անշուշտ, հաղթանակ կտանեմ»:

 

1997թ.

4 հունիսի - ՀՀ կառավարությունը որոշում է ընդունում բաց միջազգային մրցույթների միջոցով «Արաքս», «Լույս», «Պոլիվինիլացետատ»  ՓԲԸ ձեռնարկությունների, Գյումրիի մանրաթելերի ֆաբրիկայի, Վանաձորի քիմիական գործարանի և քիմմանրաթելերի գործարանի, «Նաիրիտ»  ԳԱՄ, «Արմենիա», «Անի», «Դվին»  հյուրանոցային համալիրների սեփականաշնորհման մասին:

6 հունիսի - ՀՀ Սոցապնախարարությունը տեղեկացնում է. «Երևանում արդեն սեփականաշնորհվել է պետական և մասնավոր բնակարանների 66%-ը, իսկ հանրապետության մարզերում` 75%-ը: Սեփականաշնորհման ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա հուլիսի 20-ին, որից հետո չսեփականաշնորհված բնակարանները կդառնան համայնքների սեփականությունը»:

13 հունիսի - ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Մուրճ», «Երքիմշին», «Իջևանի գորգեր»  փակ բաժնետիրական ընկերությունների պետական մասնաբաժնի` միջազգային մրցույթով սեփականաշնորհման, ինչպես նաև մրցութային հիմքով «Հայերկրորդռեսուրս»  առևտրաարտադրական դուստր ձեռնարկության սեփականաշնորհման մասին:

21 հունիսի - Մախաչկալայում տեղի են ունենում կովկասյան հանրապետությունների խորհրդարանականների խորհրդակցություններ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տիպի կովկասյան խորհրդարան ստեղծելու հարցի շուրջ. «Այդ կառույցը պետք է իրավասու լինի ներկայացնելու իր առաջարկությունները Կովկասի երկրների բոլոր պետական կառույցներին և պահանջելու դրանց անշեղ կատարումը»,- հայտարարեց ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զահիդ Գարալովը:

 

1998թ.

12 հունիսի - «Պետության հետ ազարտային խաղեր խաղալը վտանգավոր զբաղմունք է»,- հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Այս հայտարարության համար հիմք էր ծառայել այն, որ համապատասխան մարմինները կեղծարարության փաստեր էին հայտնաբերել հայկական ընկերությունների արտահանա-ներմուծական գործառնություններում:

19 հունիսի - ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը. «Եթե ղարաբաղյան կարգավորման գործում չհաջողվի փոխզիջում գտնել, ապա Հայաստանը կրկին Ղարաբաղի հետ վերամիավորվելու պահանջ կներկայացնի, ինչից հրաժարվել է 1991թ.»:

21 հունիսի - Հայաստան է այցելում ամերիկյան հայտնի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկվում են Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար $100 մլն-ի չափով վարկ տրամադրելու մեխանիզմները:

27 հունիսի - Հոլիվուդյան հայտնի կինոդերասան Անտոնիո Բանդերասը հրաժարվում է խաղալ արդի Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի դերը Թարքուին Օլիվյերի ֆիլմում. «...ես իմացա, թե ինչ անգութ մարդասպան ու սոդոմիստ է եղել Աթաթուրքը»,- իր հրաժարումը բացատրել է Անտոնիո Բանդերասը:

 

1999թ.

4 հունիսի - ՀՀ ԿԸՀ հայտարարությունը մայիսի 30-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին. «Ընտրությունների արդյունքներով օրենքով սահմանված հինգտոկոսանոց շեմը հաղթահարել են 6 կուսակցություն և դաշինք, որոնց միջև տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.

«Միասնություն»  դաշինք - 41,69% (29 պատգամավոր),

ՀԿԿ - 12,09% (8 պատգամավոր),

«Իրավունք և միաբանություն»  դաշինք - 7,96% (6 պատգամավոր),

ՀՅԴ - 7,86% (5 պատգամավոր),

«Օրինաց երկիր»  - 5,28% (4 պատգամավոր),

ԱԺՄ - 5,17% (4 պատգամավոր):

Ազգային ժողովի 129 պատգամավորներից 76-ը կուսակցական են, 53-ը` անկուսակցական»:

10 հունիսի - ՀՀ Սահմանադրության համաձայն աշխատանքն սկսեց ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, տեղակալներ` Ալբերտ Բազեյանը և Ռուբեն Միրոյանը:

11 հունիսի - Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ և «Կառավարության ձևավորման և հրաժարականի մասին»  օրենքով` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաման ստորագրեց ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանի հրաժարականի դիմումը բավարարելու մասին: Մեկ այլ հրամանագրով Հայաստանի վարչապետի պաշտոնին նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը:

14 հունիսի - Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը պետությունների ղեկավարներին հրավիրում է մասնակցելու Օսմանյան կայսրության հիմնադրման 700-ամյակին նվիրված հանդիսություններին: Հրավիրվածների ցուցակում ընդգրկված չեն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «որը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից է», և Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը, «որին Միջազգային դատարանը պատերազմական հանցագործ է հայտարարել»:

21 հունիսի - ԱՀ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հայտարարությունը Բաքվում Իտալիայի դեսպանության ներկայացուցիչներին. «Ադրբեջանը կուզենար, որ ՆԱՏՕ-ն որքան հնարավոր է շուտ միջամտեր հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»:

30 հունիսի - Ձայների մեծամասնությամբ (53 կողմ, 45 դեմ) ԱՄՆ Սենատը պաշտպանել է ազատության աջակցման փաստաթղթի 907-րդ լրացումը, որով արգելվում է Ադրբեջանին պաշտոնական կառավարական օգնություն տրամադրելը:

 

2000թ.

5 հունիսի - ՀՀ քաղաքաշինության պետական տեսչության հայտարարությունը. «ՀՀ տարբեր մարզերում արձանագրվել են քաղաքաշինական փաստաթղթերի պահանջների խախտումներ մոտավորապես 15.000 օբյեկտներից ավելի քան 5.000-ում, որոնք գտնվում են շինարարության տարբեր փուլերում (Երևանում այդ ցուցանիշը կազմել է 30%, Արարատի մարզում` 85, Արագածոտնում, Գեղարքունիքում և Կոտայքում` 60%): Չթույլատրված շինարարական աշխատանքների տեսակարար կշիռը համեմատաբար փոքր էր Տավուշում` 25%»:

6 հունիսի - Հոլոքոստն ուսումնասիրող 126 մասնագետներ (որոնց թվում և Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզերը) հայտարարություն են ստորագրել, որով հաստատում են «Թուրքիայի կողմից Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. հայ խաղաղ բնակչության հանդեպ իրականացված Ցեղասպանության փաստի անվիճելիությունը»  և կոչ են արել արևմտյան երկրներին ճանաչել այդ փաստը. «Ի վերջո, Թուրքիայի կառավարությունը և խորհրդարանը պետք է հաշտվեն իրենց պատմության մութ էջերի հետ և ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է Էլի Վիզերը: 

14 հունիսի - ՀՀ խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունում է Դատավարության մասին օրենքի փոփոխություններն ու լրացումները. եթե մինչ այդ Վերաքննիչ դատարանը գործերը վերադարձնում էր 1-ին ատյանի դատարաններ, ապա այժմ, քաղաքացիների հայցերի բացասական վճռի պարագայում, վերջիններն իրավունք են ստանում դիմել Վճռաբեկ դատարան (15 օրվա ընթացքում:) 

22 հունիսի - ԱՄՆ Սենատն ընդունում է օրինագիծ, որում նշվում է, որ ԱՄՆ օգնությունը Հայաստանին 2001թ. պետք է կազմի $89 մլն-ից ոչ պակաս:

28 հունիսի - ՀՀ-ն դառնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ:

 

2001թ.

1 հունիսի - Երևանի պաշտոնական դիմումը Ռուսաստան-Իրան-Հնդկաստան («Հյուսիս-Հարավ») տրանսպորտային միջանցքին միանալու մասին:

15 հունիսի - ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «2001թ. ընթացքում զբաղեցրած պաշտոններից հեռացվել է ՀՀ ՊՆ համազորային զորամասերի հրամանատարների մոտ 20%-ը: Ներկայումս քայլեր են ձեռնարկվել, որպեսզի բանակում կատարվող բոլոր իրավախախտումները գրանցվեն: Սա շատ բարդ և դժվար աշխատանք է, քանի որ շատ դեպքերում զինվորները չեն տեղեկացնում իրավախախտումների մասին և, անշուշտ, հրամանատարները փորձում են կոծկել այդ հանգամանքները»: 

22 հունիսի - ԱՄՆ-ը, Թուրքիան և Իսրայելը համաձայնություն են ձեռք բերել 2002թ. Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության ռադարային համակարգերի տեղակայման շուրջ: Հայտարարվում է, որ դրանից հետո թուրքական տարածքում կտեղակայվեն նաև ԱՄՆ, Թուրքիայի և Իսրայելի համատեղ արտադրության հակահրթիռային համակարգեր:

27 հունիսի - ՀՀ խորհրդարանը երկրորդ անգամ քննարկում է Հանրահավաքների, երթերի և ցույցերի կազմակերպման և անցկացման կարգի մասին ՀՀ օրինագիծը:

 

2002թ.

3 հունիսի - «Հայաստանը մտադիր չէ վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ... Մենք այսօր էլ կարծում ենք, որ Ռուսաստանը մեր անկախության գլխավոր երաշխավորն է, մեր ազգային անվտանգության ամրապնդման կարևորագույն գործոնը. Երևանը մտադիր է զարգացնել կապերն Արևմուտքի, մասնավորապես` ՆԱՏՕ-ի հետ, բայց բոլորովին ոչ ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների»,- Մոսկվայում հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

7 հունիսի - Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը հերքում է թուրքական «Աքշամ»  թերթի տեղեկությունը. «Քրդստանի բանվորական կուսակցության և պաշտոնական Թեհրանի միջև Իրանի տարածքով Հայաստան քուրդ պարտիզաններ մտցնելու մասին պայմանավորվածությունը հարյուրտոկոսանոց սուտ է»:

17 հունիսի - Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար Յոսթ վան դեր Աալասթի հայտարարությունը. «Ադրբեջանը վերածվում է կենդանի ապրանքի` մարդկանց առևտրի տարանցիկ երկրի»:

21 հունիսի - «Առաջիկա 10-15 տարիներին ՀՀ ՊՆ-ն հնարավոր չի համարում բանակը պրոֆեսիոնալ հիմքերի վրա տեղափոխելը, քանի որ պրոֆեսիոնալ բանակը մեծ ծախսեր է պահանջում»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Ըստ նրա` «ՀՀ ԶՈւ-ն մարտունակ է և լրիվ պատրաստ է պաշտպանելու պետության սահմանները: Եթե Ադրբեջանը թեկուզ 10 րոպե վստահ լիներ, որ պատասխան չի ստանա հայկական բանակի կողմից, ապա հարձակումն իրեն սպասել չէր տա»:

29 հունիսի - Երիտասարդ քրիստոնյաների ասոցիացիայի համաշխարհային խորհուրդը (YMCA) ընդունել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունն ընդունող և դատապարտող բանաձև:

 

2003թ.

30 հունիսի - Բրազիլիայի ամենամեծ` Սան Պաուլուի նահանգի օրենսդիր ժողովն ընդունել է օրենք ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության զոհ գնացած Հայերի հիշատակի օր հայտարարելու մասին:

9 հունիսի - Հայաստանում ԻԻՀ դեսպան Մոհամադ Ֆարհադ Քոլեյնիի հայտարարությունը. «Հայ-իրանական հարաբերությունները զարգանում են նորմալ և բնական հունով: 2002թ. հունվար-դեկտեմբերին Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է $93,717 մլն, որից Հայաստանից արտահանումն Իրան կազմել է $31,289 մլն, իսկ ներմուծումը` $62,427 մլն: Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև քաղաքական-տնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը կպահպանվի և կխորանա»:

13 հունիսի -  «Թուրքիան ցանկանում է ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործընթացի կատալիզատորի դեր»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլը:  Ի պատասխան` Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մեհմեթ Ալիևը հայտարարել է. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի արագացումը սխալ քայլ կլինի պաշտոնական Անկարայի կողմից: Ադրբեջանական ժողովուրդը սկսել է ավելի քիչ սիրել Թուրքիային»:

 

2004թ.

10 հունիսի - ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց պետական մակարդակով «Քաղաքական հետազոտությունների կենտրոն»  ոչ առևտրային կազմակերպության ստեղծման մասին: Կազմակերպության հիմնական նպատակը արտաքին և ներքին քաղաքականության հարցերի, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական անվտանգության, սոցիալ-քաղաքական և տնտեսական բնույթի հարցերի վերլուծությունն է և մշակումը, տեղեկատվության համակարգումը, ազգային անվտանգության հայեցակարգի մշակումը:

16 հունիսի - Թուրքիայի կառավարությունը հայտարարել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի խստացման մասին: Պատրվակ էր հանդիսացել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի կողմից 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը. «Եթե մինչ այդ Հայաստանի քաղաքացիները կարող էին հեշտությամբ մուտքի վիզա ստանալ հարևան երկու երկրների սահմանակետերում կամ Ստամբուլի միջազգային օդանավակայանում..., ապա այժմ նրանք պետք է դիմեն երրորդ երկրների թուրքական ներկայացուցչություններ, քանի որ Թուրքիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն»: 

23 հունիսի - Մոսկվայում, Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում բացվեց «Գրիգոր Նարեկացին և միջնադարի հոգևոր մշակույթը»  համաժողովը` նվիրված «Մատյան ողբերգության»-ի 1000-ամյակին:

23 հունիսի - Ռոբերտ Քոչարյանի ելույթը Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում. «Ես կուզենայի նշել ղարաբաղյան հակամարտությունը բնութագրող երկու կարևոր գործոն:

Առաջին. Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա փաստ է: ԽՍՀՄ փլուզման արդյունքում նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում կազմավորվեց երկու անկախ պետություն. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը: Այս պետությունների գոյության իրավական հիմքերը նույնն են: Այսինքն` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ընդհանուր ոչինչ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Եվ մենք պատրաստ ենք քննարկել հակամարտության կարգավորման հարցն իրավական հարթությունում:

Երկրորդ. 1992-94թթ. պատերազմն ադրբեջանական իշխանությունների ագրեսիայի արդյունքն էր, որոնք փորձում էին էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի տարածքը` այն զավթելու նպատակով: Դե-ֆակտո ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հայերի` սեփական հողում ապրելու համար անձնազոհ պայքարի արդյունքն է: Սա ինչպես ինքնորոշման իրավունքի իրականացման, այնպես էլ էթնիկ զտումները հիմնավորելու համար տարածքային ամբողջականությունն օգտագործելու դասական օրինակ է: Ղարաբաղի ժողովուրդը պաշտպանեց դեմոկրատական հասարակությունում ազատ կյանքի իր իրավունքը: Ղարաբաղի փաստացի անկախությունը 16 տարեկան է: Այնտեղ արդեն մեծացել է մարդկանց մի սերունդ, որը երկրի այլ կարգավիճակ չի պատկերացնում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր կայացած պետություն է, որն ըստ էության համապատասխանում է Եվրոպայի խորհրդին անդամակցելու բոլոր չափանիշներին: Սա է այն իրականությունը, որից անհնար է փախչել: Հենց դրա համար էլ մենք պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղն ուղղակիորեն մասնակցի բանակցային գործընթացին, որին Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի»:    

28 հունիսի - Ադրբեջանի Միլի մեջլիսը մտադիր է Միջազգային դատարան դիմել ընդդեմ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի. «...Ստրասբուրգում, ԵԽԽՎ նստաշրջանում հունիսի 23-ին Ռոբերտ Քոչարյանի ելույթը, որտեղ նա հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, վիրավորական է Ադրբեջանի համար...»:

 

2005թ.

6 հունիսի - ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Իվանովի հայտարարությունը. «Վրաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանների մի մասը կտեղափոխվի Հայաստանի ռուսական ռազմակայան: Հայաստանին սպառազինություն հանձնելու մասին խոսք չկա: Սպառազինությունը վերատեղակայվում է մեկ այլ ռուսական ռազմակայանում: Ռուսաստանը  կհետևի ԵՍԶՈւՊ այս կամ այն տարածքում սպառազինության անհրաժեշտ քանակության առկայությունն ամրագրող փաղանգային սահմանափակումներին»:

14 հունիսի - Թուրքական «Հյուրիեթ»  թերթը տեղեկացնում է. «Թուրք մասոնների մի խումբ մտադիր է հայց ներկայացնել Գերմանիայի դեմ հայց ներկայացնել մարդու իրավունքների դատարան` պահանջելով ընդունել, որ Թուրքիայի ՆԳ նախարար Թալաաթ փաշային սպանող Սողոմոն Թեհլերյանի օգտին անարդարացի դատական վճիռ է կայացվել: Թուրք մասոններն այս հարցում խնդրելու են գերմանական մասոնական օթյակի աջակցությունը: Թալաաթ փաշան, որին հայերն իրենց մեծագույն թշնամին են համարում, թուրք մասոնների պարագլուխներից էր: Նա և իր բարեկամ երիտթուրքերը Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստիպված էին փախչել Եվրոպա, որտեղ նրանց ցավալի մահ էր սպասվում»:

22 հունիսի - Ցեղասպանության ուսումնասիրման միջազգային կազմակերպության (ՑՈւՄԿ) դիմումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին. «Դեմոկրատական երկրների շարքում տեղ գրավելու համար Թուրքիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին և ճանաչի 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը»:

8 հունիսի - Ուժի մեջ է մտնում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկման մասին»  նոր օրենքը. ապրանքների, գույքի, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման գնանշումը Հայաստանում պետք է իրականացվի միայն ՀՀ դրամով: 

 

2006թ.

5 հունիսի - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայում: Հայ շախմատիստները հավաքեցին 36 միավոր, երկրորդ տեղը 34 միավորով գրավեց Չինաստանի հավաքականը, երրորդը` ԱՄՆ թիմը, չորրորդը` Իսրայելինը: Չեմպիոններ դարձան գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Գաբրիել Սարգսյանը, Սմբատ Լպուտյանը և Արտաշես Մինասյանը: Թիմի մարզիչն էր Տիգրան Նալբանդյանը:

20 հունիսի - 14-ամյա ընդմիջումից հետո վերականգնվեց Երևան-Բաթում երկաթուղային հաղորդակցությունը:

 

2007թ.

7 հունիսի - Բացվեց Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Ողջույնի խոսքով պատգամավորներին դիմեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Շնորհավորելով նորընտիր պատգամավորներին` նա նշեց, որ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծ քայլ է կատարվել երկրի ժողովրդավարայնացման ճանապարհին: 

Այժմ, ըստ նախագահի, անհրաժեշտ է օպերատիվորեն կազմավորել ԱԺ ղեկավար մարմինները, կառավարությունը և որքան հնարավոր է շուտ հաստատել ՀՀ կառավարության ծրագիրը:

Նախագահի  խոսքով` Հայաստանը նավթ չարտահանող երկրների շարքում առավել արագ է զարգանում, և «մեր ընդհանուր ցանկությունը պետք է լինի այս տեմպերի պահպանումն ու երկրի իմիջի ամրապնդումը, որն արդեն ունենք: Հաջողության գրավականը ռեֆորմները շարունակելն է»,- ընդգծեց ՀՀ նախագահը` նշելով, որ սպասվող վերափոխումները երկրորդ սերնդի բարեփոխումներն են, որոնք պահանջում են և՛ ավելի քրտնաջան աշխատանք, և՛ ավելի մեծ պրոֆեսիոնալիզմ:

Առաջին նիստին չէին մասնակցում ընդդիմադիր «Օրինաց երկիր»  և «Ժառանգություն»  կուսակցությունների պատգամավորները: ՀՀ ԱԺ կանոնակարգի մասին օրենքի համաձայն հաշվիչ հանձնաժողով կազմավորելուց հետո խորհրդարանն անցավ ԱԺ խոսնակի ընտրությունների հարցին: Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Նիկոյանն այդ պաշտոնի համար առաջարկեց ՀՀԿ խորհրդի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի թեկնածությունը: Այլ թեկնածություններ չառաջադրվեցին: Գաղտնի քվեարկության արդյունքներով նոր խորհրդարանի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը: 

7 հունիսի - Ղեկավարվելով Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով այն, որ հունիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

Պետության ղեկավարը կառավարության անդամներին հանձնարարեց շարունակել կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը:

12 հունիսի - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունեց «Հազարամյակի մարտահրավերներ»  ամերիկյան կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչին և նրա գլխավորած պատվիրակությանը:

15 հունիսի - ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին հայտարարեց, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Իրանի հարաբերությունների ընդլայնմամբ:

«ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած երկու բանաձևերն արդեն անմիջականորեն առնչվում են Իրանի հետ հարաբերություններին, ֆինանսական ներդրումներին: Մենք համաշխարհային հանրության հետ աշխատում ենք, որպեսզի Իրանը կատարի իր միջազգային պարտավորությունները: Բայց մենք նաև Հայաստանի կառավարությանը մեզ հետ գործընկերության կոչ ենք անում Իրանի` միջազգային պարտավորությունները կատարելու հարցում»:

20 հունիսի - Հայաստանը Միացյալ Նահանգների հետ որևէ խնդիր չունի` կապված հայ-իրանական հարաբերությունների հետ: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը` անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրիի` օրերս արած հայտարարությանը: Հարցին, թե ինչով է բացատրվում ԱՄՆ դիրքորոշման նման փոփոխությունը, Վ.Օսկանյանը պատասխանել է, որ «դիրքորոշման որևէ փոփոխություն չի տեսնում»` հավելելով, թե Հայաստանը բոլոր հարցերի (տնտեսական, քաղաքական, անվտանգության) շուրջ երկխոսության մեջ է գտնվում ԱՄՆ-ի հետ: «Այս շրջանակներում քննարկվում է ցանկացած հարց, և կրկնում եմ, որ այսօր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև որևէ խնդիր չկա` կապված հայ-իրանական հարաբերությունների հետ»: 

22 հունիսի - ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունը տեղեկացնում է. «Առանց մուտքի վիզաների Հայաստան կարող են այցելել 31 երկրների քաղաքացիներ: Այս պարագայում գործում է առանց վիզայի ռեժիմի փոխադարձ սկզբունքը: 19 երկրների (Արգենտինա, Բրազիլիա, Բուլղարիա, Չինաստան, Խորվաթիա, Կիպրոս, Հունգարիա, Հնդկաստան, Իրան, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մեքսիկա, Լեհաստան, Ռումինիա, Սինգապուր, Սլովակիա, Թուրքմենստան, Ուրուգվայ) քաղաքացիների թույլ է տրվում առանց վիզայի մտնել Հայաստան` ներկայացնելով դիվանագիտական կամ ծառայողական անձնագրերը:

12 երկրների (Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Սերբիա, Մոնտենեգրո, Տաջիկստան, Ուկրաինա, Ուզբեկստան) քաղաքացիներ կարող են Հայաստան այցելել ցանկացած անձնագրով: Ադրբեջանի և Սինգապուրի դեպքում գործում է վիզայի տրամադրման հատուկ կարգ (ad hoc, որը հիմնված չէ երկկողմ համաձայնության վրա:)

Ցանկացած ազգային անձնագիր և փաստաթուղթ (ներառյալ ՄԱԿ Laissez-Passer տիպի անձնագրերը) ունեցող անձինք պետք է Հայաստան մուտքի վիզա ստանան:

 

2008թ.

1 հունիսի - Երևան այցելեց հանհրահռչակ ֆրանսիական շանսոնիե Շառլ Ազնավուրը:

1 հունիսի - Հայաստանը Հայկական երկաթուղու գույքը հանձնեց «Ռուսական երկաթուղիներ»  (ՌԵՈւ) ԲԲԸ կոնցեսիոն կառավարմանը: 

Այսուհետ Հայաստանում երկաթուղային բոլոր փոխադրումներն իրականացնում է ՌԵՈւ դուստր ձեռնարկությունը` հանձին «Հարավկովկասյան երկաթուղի»  ՓԲԸ-ի: Կոնցեսիան ստացողը պարտավորվում է 30 տարվա ընթացքում Հայաստանում մոտ $600 մլն-ի ներդրումներ կատարել շարժակազմի և երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման համար: Այդ միջոցների մոտ 2/3-ը նախատեսվում է ներդնել առաջիկա հինգ տարիների ընթացքում:

9 հունիսի - Երևանում, 28 տարեկանում հեմոռագիկ կաթվածից մահացավ թիմային հաշվարկով շախմատի Եվրոպայի չեմպիոն, 2006թ. Հայաստանի հավաքականի կազմում Թուրինի շախմատի օլիմպիադայի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Կարեն Ասրյանը:

 

2009թ.

11 հունիսի - Երևանում առաջին անգամ տեղի ունեցավ քաղաքապետի երդմնակալության արարողությունը: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Ավագանու խորհրդի նիստ, որի օրակարգում քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի երդմնակալության արարողությունն էր: Արարողությանը մասնակցեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին I-ը, կառավարության անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Ավագանու խորհրդի անդամներ, նախկին քաղաքապետեր:

24 հունիսի - Պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին պարգևատրվեց «հայ-վրացական բազմադարյան բարեկամության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեության համար»  պատվո շքանշանով: Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, դեմոկրատիայի հաստատման գործում հատուկ արժանիքների, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամության հաստատման, ամրապնդման և զարգացման, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում ունեցած զգալի ավանդի համար: Պատվո շքանշանը Հայաստանի բարձրագույն պետական պարգևն է, որը շնորհվում է օտարերկրյա պետությունների քաղաքացիներին: 

28-29 հունիսի - Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի պաշտոնական այցն Ադրբեջան:

«Իսրայելը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,- հայտարարել է Պերեսը:- Ադրբեջանը բախվել է լուրջ հիմնախնդրի: Այդ հիմնախնդիրը հիմնականում բխում է ձեր հարևաններից: Քաղաքականության մեջ անհնար է ընտրել հարևաններին, ինչպես և ընտանիքում անհնար է ընտրել ծնողներին: Կյանքն այդպիսին է: Իսրայելը լիովին պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք կարծում ենք, որ ոչ մի երկիր իրավունք չունի զավթելու ուրիշի տարածքի մի մասը»:

Պատրաստեց Հայկ ՎԱՐՇԱՄՈՒՆԻՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am