Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Հունիս 2010, N 5

ՀՈՒՆԻՍԻ ՔՐՈՆԻԿԱ

Քաղաքական ակտիվության առումով հունիսը եզակի ամիս դարձավ: Համաշխարհային քաղաքականության մեջ ոչ մի ամառային պասիվություն չդիտարկվեց: Սակայն ամսվա բոլոր իրադարձությունները երկրորդ պլան մղվեցին գլոբալ ֆենոմենի` ֆուտբոլի կողմից, որը հունիսի 11-ից հուլիսի 11-ն իշխելու է մարդկանց մտածումների վրա: G-8 և G-20 գագաթաժողովները Կանադայում, տնտեսական ֆորումը Սանկտ Պետերբուրգում, ադրբեջանական դիվերսանտների հարձակումը Ղարաբաղում, նախագահ Սարգսյանի այցերը Դոնի Ռոստով և Գերմանիա, ինչպես նաև Հայաստանի համար մեծ կարևորություն ներկայացնող բազմաթիվ այլ իրադարձություններ այդպես էլ չարժանացան հայ հանրության ուշադրությանը. հայերը սիրում են ֆուտբոլ, իսկ վերջին տարիներին հրապուրվում են նաև տոտալիզատորներով, մեծ մասամբ իրենց հիմար խաղադրույքներն են կատարում (ինչպես ամենուր)` հարստացնելով դաշնակների կուսակցության գանձարանը, որ հանդիսանում է սպորտային խաղատների մոնոպոլիստը:

Այնուհանդերձ, մի՞թե ֆուտբոլն այն ուժն է, որն ընդունակ է ստվերել գլոբալ քաղաքականության գործընթացները: Անկասկած, այո: Հարկ է խոստովանել, որ չորս տարին մեկ անգամ անցկացվող աշխարհի առաջնություններն իրենց նշանակությամբ և լսարանին գայթակղելու կարողությամբ գերազանցում են օլիմպիական խաղերին. միանշանակ է, որ ֆուտբոլին հետևում են ավելի մեծ թվով մարդիկ, հետևաբար այն մեծ ներգործություն ունի մարդկանց ահռելի զանգվածների վրա: Իսկ քաղաքականությունն, ինչպես հայտնի է, իրականացվում է մարդկանց կողմից և մարդկանց համար, այնպես որ` միանգամայն հասկանալի է ֆուտբոլի կախարդանքը, որն ընդունակ է տիրել մարդկային կրքերի վրա և նրանում ժամանակավորապես զբաղեցնել գլխավոր տեղը:

Հունիսի 1-ին աշխատանքային այցով Դոնի Ռոստովում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկեցին հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ և, ամենակարևորը, գոհ մնացին մեկը մյուսից: Իսկ օգոստոսին Դ.Մեդվեդևի Երևան կատարելիք պաշտոնական այցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը մեկ անգամ ևս վերահաստատվեց:

Ի տարբերություն Ռուսաստանի, ամերիկացիները փոքր-ինչ այլ կարծիք ունեն մեր երկրի մասին: Ամերիկյան Freedom House կազմակերպությունը հրապարակեց իր ամենամյա զեկույցն աշխարհի երկրներում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության մասին: Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանին վիճակվեց տեղ զբաղեցնել կիսաազատ երկրների շարքում:

Հատկանշական է, որ համարյա նույն դիրքերից հանդես եկան նաև ՀՅԴ առաջնորդները: Սովորության համաձայն Ծաղկաձորում գումարելով Գերագույն մարմնի փակ նիստը` վերջիններս ոչ միայն նոր ղեկավար կազմ ընտրեցին, այլև ընդունեցին հայտարարություն, որտեղ ՀՅԴ-ի առաջնային խնդիրներից մեկը դիտվում էր երկրում նոր իշխանության ձևավորումը:

Բայց քանի դեռ դաշնակցական իշխանափոխությունը սոսկ գեղեցիկ ցանկություն էր, երկրի անիշխանատենչ հատվածը հետևում էր այն իրադարձություններին, որոնք ծավալվում էին հարևան երկրում: Արտաքին խնդիրները հրատապ էին, սակայն Հայաստանը Հայաստան չէր լինի, եթե եղածին չհավելեր նաև ներքին լարվածությունը: Հունիսի երկրորդ շաբաթը նշանավորվեց օտարալեզու դպրոցների շուրջ ծայր առած բանավեճի թեժացմամբ: Հանրային գիտակցության շփոթը փարատելու համար նախագահ Սարգսյանը ստիպված էր հանդես գալ մեկնաբանությամբ` պարզաբանելով, որ խնդիրն ամենևին չի առնչվում հայերենի օտարմանը և այլ լեզուների գերակայությանը: Ու թեև այդ հայտարարությունից հետո կրքերը որոշ չափով մեղմացան, սակայն հարցի վերջնական լուծումը հետաձգվեց մինչև աշուն:

Հավանաբար, նույն օրերին մեր ներքին խնդիրները պիտի իրանցիների նախանձը շարժեին, քանի որ հունիսի 10-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ամիսներ շարունակ հնչող սպառնալիքներից հետո ի վերջո վավերացրեց Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը: Հայաստանում ակտիվ քննարկում ծավալվեց այն նյութի շուրջ, թե այդ արգելքներն ինչ չափով կարող են անդրադառնալ հայ-իրանական հարաբերությունների վրա: Սակայն մեկ օր անց Իրանին և մյուսներին առնչվող մտահոգությունների հորդորները խլացան այն սուլիչի ձայնից, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ազդարարեց ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնության մեկնարկը: Աշխարհը ֆուտբոլ էր նայում, և անիմաստ բանավեճերն ընթացք չունեցան:

Այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղում գումարվեց նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, Հայաստանի Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»  օրենքում, Թբիլիսիում հանդիպեցին Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները: Բայց աշխարհը ֆուտբոլ էր նայում, և նախարարների հանդիպումը ևս չարժանացավ անիմաստ քննարկումների...

Հունիսի կեսերը հատկանշական էին այն իմաստով, որ դրանք ավելի շատ պարզաբանումների, քան գործողությունների օրեր էին: Սկզբում անհրաժեշտություն ծագեց մեկ անգամ ևս խոսել հայ-թուրքական արգելակված հարաբերությունների մասին, և Հայաստանի արտգործնախարարությունը հայտնեց, որ մեր երկիրը Թուրքիայից ակնկալում է իրական պատրաստակամություն ու առանց նախապայմանների շփումներ: Այնուհետև կարիք զգացվեց ի լուր աշխարհի հայտարարել, որ մենք առանձնապես մեծ ձգտում չունենք անդամակցելու ՆԱՏՕ-ին, քանի որ արդեն մաս ենք կազմում ՀԱՊԿ-ին, սակայն դեմ չենք համագործացել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ զանազան փոխշահավետ ծրագրերի շրջանակներում:

Ավելի ուշ պաշտոնական աղբյուրները հարկադրված էին հերքել ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր Ռուսաստանը պատրաստվում է իր զորքերը տեղակայել Լեռնային Ղարաբաղում: Շատ արագ պարզ դարձավ, որ ինֆորմացիոն սադրանքի հեղինակը Բաքուն է, որը կցանկանար այդ գնով արդարացնել թուրքական զինուժի ներկայությունը Նախիջևանում:

Ահա այս բազմաժանր հրապարակային քննարկումների  ֆոնին էլ հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Մեկ օր անց պարզ դարձավ, թե իրականում ինչ արժե Ադրբեջանի նախագահի խոսքի կշիռը (Պետերբուրգում և ընդհանրապես):

Հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակում գործեց Չայլու գյուղի մերձակայքում գտնվող հայկական առաջապահ դիրքերի վրա: Ծանր մարտից հետո թշնամին հետ շպրտվեց, սակայն զոհվեցին 4 հայ զինվոր, ևս 4-ը հրազենային վերքեր ստացան: Հայաստանը խստորեն դատապարտեց ադրբեջանական արկածախնդրությունը` միևնույն ժամանակ մատնանշելով այն փաստը, որ կատարվածը Բաքվի սադրանքների, ռազմաշունչ հայտարարությունների նկատմամբ միջազգային կառույցների և միջնորդ երկրների անտարբեր վերաբերմունքի հետևանքն էր:

Բայց նույնիսկ սթափության կոչող այս խոսքերը չստացան իրենց համարժեք արձագանքը:

Նման իրավիճակների համար աշխարհում վաղուց ընդունելի և կիրառելի են «վրիժառության ակտերը»: Սակայն դրանք կարծես թե եղել և մնում են միայն ուժեղների մենաշնորհը: Հայաստանի պես երկրների համար «ակն ընդ ական»  գործելաոճը միշտ համարվել է անհասանելի և անընդունելի ռևանշ, պատասխան հարված հասցնելը` խաղաղությունը վտանգելու փորձ: Պետք է խոստովանել, որ այս ամենը բխում է Հայաստանի սուվերենության դեֆիցիտից. Իսրայելը չունի այդ խնդիրը, դրա համար էլ չի նայում տերությունների արձագանքին և յուրաքանչյուր դիվերսիայի կամ ահաբեկչության դիմաց նախաձեռնում է տասնապատիկ հզոր պատասխաններ: Եվ գուցե դա է բացատրությունն այն բանի, որ լինելով շրջապատված թշնամի երկրներով` Իսրայելն առ այսօր գոյություն ունի քարտեզի վրա և, ավելին, բարգավաճում ու հզորանում է: Այնուհանդերձ, հայկական կողմն այս անգամ շրջանցեց հին ավանդույթը, և առանց մեծ տերությունների սանկցիայի կատարեց իր բարոյական պարտքը. այն օրը, երբ Ադրբեջանը շուքով նշում էր իր բանակի հիմնադրման 95-ամյակը և զինվորական համազգեստ հագած Իլհամ Ալիևը շքերթային շարքերի առաջ բոցաշունչ ելույթ էր ունենում հողերն ազատագրելու և հայերին պատժելու մասին, Ասկերանի ուղղությամբ ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտիկներն արժանի հակահարված տվեցին հրադադարի ռեժիմը խախտած հակառակորդին` պատճառելով մարդկային մեծ կորուստներ: Տոնական տրամադրությունները չխաթարելու համար Բաքվի լրատվամիջոցներն այդ միջադեպի մասին խոր լռություն պահպանեցին: Իսկ հայերին էլ պետք չէր անիմաստ հրապարակայնությունը: Բայց ակնհայտ էր, որ ադրբեջանցիներն այս անգամ թերագնահատել էին մեր համարձակությունը, իսկ հայերին այլ բան չէր մնում, քան յուրաքանչյուրի հետ խոսել նրան հասկանալի լեզվով:

Ի՞նչ էր կատարվում այդ նույն օրերին Հայաստանում: Ընդդիմության ներսում ծավալվող խմորումների արդյունքում հրաժարական ներկայացրեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության կադրային քաղաքականությունը հերթական ձախողումն արձանագրեց` այս անգամ զոհաբերելով սոցապնախարար Մխիթար Մնացականյանին: Հանրապետականներից ոմանք հանդես եկան նոր նախաձեռնությամբ, որ կոչվում էր «Ոչ Անթալիայում հանգստի անցկացմանը»: Իհարկե, հանրապետականներին խոսելը հեշտ է` կարևորն այստեղ տպավորություն ստեղծելն է, իսկ մնացածն արդեն նրանց չի հուզում, բացի Անթալիայից, որտեղ այս տարի ևս կհանգստանան գրեթե բոլոր հանրապետականները, քանի որ նրանց մեջ ապուշներ չկան և որևէ մեկը չի համաձայնվի իր հանգստի համար վճարել ավելի շատ և փոխարենն այցելել, ասենք, Սևան կամ Ծաղկաձոր: Իսկ Սևանի մակարդակը բարձրացավ սպասվածից ավելի` ծանր կացության մատնելով ափամերձ տարածքների սեփականատերերին: Եվ հավանաբար այդ «հողեղեն»  հոգսերը կրկին գերիշխող դառնային մեր ամենքիս առօրյայում, եթե հունիսի 26-ին Կանադայում գումարված «Մեծ ությակի»  գագաթաժողովում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների ընդունած համատեղ հայտարարության տեքստը վերստին նոր հուն չհրեր հայաստանյան հասարակական միտքը:

Հակիրճ` համարի բովանդակության մասին: Մենք խորագրերի հերթական համալրում ունենք. նոր խորագիրը կոչվում է «Աշխարհն ամսվա ընթացքում»: Բանն այն է, որ անհրաժեշտություն կա, ներհայկական իրավիճակից բացի, առավել հանգամանալի դիտարկել համաշխարհային իրադարձությունները, և քանի որ տեղ կա («Հետահայաց»  խորագիրն այս համարում լույս է տեսնում վերջին անգամ. 12 համարում մենք անդրադարձել ենք 1991-2009թթ. բոլոր 12 ամիսներին), մենք որոշեցինք նոր խորագիր բացել:

Հոդվածների շարքը բացում է Լուսինե Կեսոյանի «ԳԱԻ-ն որպես ազգային անվտանգության խոշորագույն սպառնալիք»  նյութը: Բանն այն է, որ ճանապարհային ոստիկանությունն առաջացնում է երկրի բոլոր քաղաքացիների նողկանքը, և այն, որ առ այսօր ԳԱԻ-ն չի դարձել կառավարության կոշտ քննադատության առարկան և չի վերածվել քաղաքական պայքարի գործիքի ընդդիմության ձեռքում, վկայում է հայ հանրության ամորֆության և ընդդիմության ինտելեկտի պակասի մասին: Իրականում ԳԱԻ-ն այսօր վերածվել է հանրապետության բնակչության նվաստացման միջոցի և երկրի քաղաքացիների հանդեպ ամեն օր հազարավոր ոտնձգություններ է կատարում, ընդ որում` դա արվում է, ինչպես ասում են, «պետպատվերով»: Լուսինեն վերլուծում է այս խայտառակությունը և գալիս միանգամայն հետաքրքիր մտահանգումների:

Գրող, հրապարակախոս Հովհաննես Չարխչյանը «Աշխարհաքաղաքականություն»  խորագրում խոսում է թուրքական քաղաքականությունում հնարավոր արմատական բեկման և Աթաթուրքի սահմանած քաղաքական գծից հեռանալու մասին: Հոդվածը կրում է «Թուրքական խաչմերուկ. ճանապարհի ընտրություն»  անվանումը: «Նեոօսմանիզմի»  խնդիրը վերջին ժամանակներս բանավեճերի առարկա է դարձել: Որոշ վերլուծաբաններ դրանում հայոց պետականությանն ուղղված սպառնալիք են տեսնում, ոմանք էլ անտեսում են այն: Անձամբ ես կարծում եմ, որ նեոօսմանիզմը մեզ համար վտանգ լինել չի կարող, քանի որ մեզ համար վտանգ է ներկայացնում մերօրյա Թուրքիան իր ներկայիս «առկախ»  վիճակով: Այսինքն, եթե Թուրքիան վերջնականապես մտնի Եվրամիություն և դառնա իսկական եվրոպական պետություն, ապա դա նպաստավոր կլինի Հայաստանի համար. ինքնըստինքյան կլուծվեն բոլոր հարցերը մերձավոր հարևանի հետ: Եթե Թուրքիան վերջնականապես երես թեքի Եվրոպայից և, ինչպես և նախկինում, գլխավորի իսլամական աշխարհը, ապա դա, անշուշտ, Հայաստանի համար կլինի ավելի ընդունելի տարբերակ, քանի որ այդ պարագայում Թուրքիան իրեն կհակադրի Արևմուտքին և «վտարյալ»  կդառնա` իր արյունակից եղբոր` Ադրբեջանի հետ միասին: Կարծում եմ` նման ելքը ճակատագրի պարգև կլիներ մեզ համար: Ինչպես տեսնում ենք, երկու տարբերակն էլ ընդունելի են Հայաստանի համար, իսկ վտանգը, ինչպես վերն ասվեց, Թուրքիայի հենց առկախ վիճակն է, այսինքն` ոչ Եվրոպայի անդամ Թուրքիան, ոչ իսլամական աշխարհի առաջնորդ Թուրքիան, այլ Թուրքիան` Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում: Հոդվածագիրն այս տեսակետն է պաշտպանում, ինչը, կարծում եմ, բավական մոտ է ճշմարտությանը:

Լեզվի և օտարալեզու դպրոցներ բացելու շուրջ բանավեճերի առնչությամբ մենք խնդրեցինք նախկին վարչապետ, այժմ` երկրի Հանրային խորհրդի նախագահ, հեղինակավոր կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանին ներկայացնել աղմուկ հանած այս խնդրի վերաբերյալ իր տեսլականը «Բանավեճ»  խորագրում: Մանուկյանն իր բացասական վերաբերմունքն օտարալեզու դպրոցներ բացելուն հիմնավորում է լեզվի քաղաքակրթական նշանակությամբ, որով իրականացվում է կրթությունը: Ավելի քան հետաքրքիր է ծանոթանալ հայրենական քաղաքականության մետրի մտքերի ընթացքին, այնպես որ` խորհուրդ եմ տալիս չբացթողնել նյութը:

«Մշակույթ և արվեստ»  խորագրի ներքո ներկայացված է ազգագրագետ Հռիփսիմե Պիկիչյանի «Արդի քաղաքային երաժշտության բնութագիրը. ռաբիսը և հեռուստատեսությունը»  հոդվածը: Հեղինակը գրում է ռաբիս երևույթի մասին, որն անկախությունից հետո դուրս է եկել կիսալեգալ վիճակից և կլանել եթերը: Կարծում եմ` ռաբիսի լեգալացումը հետևանքն է հասարակության արժեհամակարգի կտրուկ փոփոխության, և սա ողջունելի չէ: Եվ առհասարակ, անհրաժեշտ է, որ բարձրագույն քաղաքական մակարդակում գիտակցեն ռաբիսի լեգալացման կործանարարությունը հանրային գիտակցության համար, բայց, ցավոք, այսօրվա էլիտան դրա ժամանակը չունի, միևնույն ժամանակ, դրա մեծամասնությունն ավելի քան ողջունում է ինչպես հեռուստաեթերի ներկայիս մակարդակը, այնպես էլ ազգային գռեհկացման գործընթացը, որը, հավանաբար, ոչ ոքի այլևս չի հաջողվի կանգնեցնել:

«Մեջբերումներ դասականներից»  խորագիրն այս անգամ ներկայացնում է հայտնի մարդկանց արտահայտություններ ֆուտբոլի մասին, իսկ «Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում»  խորագրի ներքո տեղադրել ենք մի քանի հետաքրքիր հրապարակում: Մասնավորապես, ուշագրավ է ռուսական երկու առաջատար հրատարակությունների («Завтра» և АПН) բանավեճն ամերիկացի փորձագետ (և, հավանաբար, ԿՀՎ աշխատակից) Ջորջ Ֆրիդմանի կանխատեսումների շուրջ, ինչպես նաև Արտաշես Գեղամյանի հոդվածը` նվիրված հարևան Թուրքիայում սպասվող գլոբալ փոփոխություններին:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am