Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Հունիս 2010, N 5

ԱՇԽԱՐՀԸ ՀՈՒՆԻՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հունիսի սկիզբն իբրև քաղաքական իրադարձությունների ամառնամուտ իր բարձր ջերմությամբ և թեժ զարգացումներով միանգամայն համապատասխան էր տարվա այս եղանակին: Ամսվա առաջին օրվա լուսաբացին արդեն ողջ աշխարհը խոսում էր նախորդ գիշեր Միջերկրական ծովում տեղի ունեցած միջադեպի մասին: Գիշերը Իսրայելի հատուկ նշանակության ջոկատը գործողություն էր իրականացրել վեց նավերից բաղկացած «Ազատության նավատորմի»   դեմ, որի կազմում մարդասիրական բեռի հետ միասին շրջափակված պաղեստինական անկլավ էին մեկնում շուրջ 600 իրավապաշտպաններ: Դեսանտայինների գրոհի արդյունքում զոհվել էին նավարկության ինը մասնակիցներ, որոնցից ութը Թուրքիայի քաղաքացիներ էին: Շատ արագ ակնհայտ դարձավ, որ կատարվածն ավելին էր, քան լոկալ միջադեպը, և հետևանքներն անմիջապես հեռուն ծավալվելու նշաններ ի հայտ բերեցին: Փոխադարձ սպառնալիքների և վերջնագրերի տեղատարափի պայմաններում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրավիրեց արտակարգ նիստ և 12-ժամյա քննարկումներից հետո դատապարտեց Իսրայելի գործողությունները: Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ փոփոխության պայմաններում թեև փոքր-ինչ երկրորդ պլան մղվեցին Հայաստանի երկու հիմնական արտաքին քաղաքական ուղղվածությունները՝ հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը, սակայն փոխարենը ի հայտ եկան նախադրյալներն այն բանի, որ այդ կրակից դուրս բերվող շագանակներից մեզ էլ կարող է բաժին հասնել: Ճիշտ է, իսրայելամետ ճամբարում հայտնվելն ակամա էր ստացվել, բայց հնարավորություն ընձեռվեց հրեաների խոցված ինքնասիրության միջից դուրս բերել Հայկական հարցի նկատմամբ նրանց վերաբերմունքի նոր ծիլեր: «Հիմնական հրեական համայնքները որոշել են՝ Հայոց ցեղասպանության բանաձևն այնքան զգայուն հարց է, որ մենք այլևս չենք կարող հրապարակավ կամ ոչ հրապարակավ ընդդիմանալ դրան»,- հայտարարեցին Թել Ավիվում և նրա սահմաններից դուրս: Թուրք-իսրայելական բախումը նույնիսկ հույսեր արթնացրեց Կնեսեթում ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման համար:

Այդ օրերին տնտեսական ու ֆինանսական աշխարհում ևս գերիշխողը տատանումներն էին:  «Համաշխարհային էկոնոմիկան վերականգնվում է, բայց դրա վիճակը մնում է խոցելի»,- այսպիսի եզրակացության հանգեցին Հարավային Կորեայի Պուսան քաղաքում գումարված «Քսանի խմբի»`  G20-ի ֆինանսական գերատեսչությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների խորհրդակցության մասնակիցներն իրենց ընդունած համատեղ հայտարարության մեջ: Եվրոյի փոխարժեքը վերսկսեց նվազել: Եվրոպական արժույթի վրա բացասաբար էր ազդել Գերմանիայի նախագահ Հորս Քյոլերի անակնկալ պաշտոնաթողությունը: Հաջորդ օրը գերմանացու օրինակին հետևեց նաև Ճապոնիայի վարչապետ Յուկիո Հատոյաման, բայց նրա հրաժարականի նկատմամբ եվրոն այս անգամ անտարբեր գտնվեց: Թերևս պատճառն այն էր, որ Հատոյաման նախապես ընտրողներից ներողություն էր խնդրել իր կառավարության ձախողումների համար:

Իսկ այդ ընթացքում մի շարք այլ երկներում, ընդհակառակը, փորձեր էին արվում սրբագրել հին սխալները և կամ նոր սխալներ էին թույլ տալիս: Ուկրաինան հայտարարեց, որ հրաժարվում Է ՆԱՏՕ-ին ինտեգրվելուց` հարուցելով տեղի արևմտամետների զայրույթը: Ադրբեջանը նախընտրեց այլ ուղի` հաշտվել ամերիկացիների հետ: Բաքու ժամանած Պենտագոնի ղեկավարը սիրաշահեց ադրբեջանցիներին ու այդ բարի վերաբերմունքի դիմաց նրանցից պահանջեց ճանապարհ դեպի Աֆղանստան: Իրանը բոլորից առաջ անցավ իր ծայրահեղ պահվածքով`քամահրելով միջազգային հանրության պահանջները: Երբ հայտնի դարձավ, որ Թեհրանը Նաթանզում շարունակում Է մինչև 20 տոկոս ուրան հարստացնել և մտադիր Է այդ գործընթացում օգտագործել ցենտրիֆուգների երկրորդ կասկադը, դա կարծես դարձավ բոլորի համբերության բաժակը լցնող վերջին կաթիլը: Հունիսի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելուն: Բրազիլիայի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ քվեարկեցին: Լիբանանը ձեռնպահ մնաց: Ինչպես և սպասվում էր, այս տեղեկությունը հունից հանեց պաշտոնական Թեհրանին: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այն անօգուտ փաստաթուղթ անվանեց, որը որպես օգտագործված թաշկինակ հարկավոր է նետել աղբարկղը:

Համերաշխ գտնվելով Իրանին պատժելու հարցում` աշխարհի հզորների համար այլևս միևնույն էր ինչպես Ահմադինեժադի, այնպես էլ Թուրքիայի դժգոհությունը, որի կարծիքով պատժամիջոցների սահմանումը կբարդացնի հիմնախնդրի լուծումը: Ավելի առաջնահերթ խնդիրները շատ արագ նրանց ուշադրության համար նոր բևեռներ գտան: Ստամբուլում տեղի  ունեցավ Ադրբեջանի և Թուրքիայի միջև գազի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Այնուհետև նույն վայրում հաջորդեց Ասիայում գործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության գագաթաժողովը: Զուգահեռաբար ընթացան բանակցություններ Թուրքիա այցելած Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Այստեղ էր, որ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանը և մյուս երկրները պատրաստ են օժանդակել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, բայց չպետք է փոխարինեն հակամարտության կողմերին: Այդ խոսքերը խոցեցին Բաքվի իշխանություններին:

Արտաքին խրթին առնչություններից զատ  հունիսի առաջին տասնօրյակը Հայաստանի համար հատկանշական էր երկու հիմնական իրադարձությամբ: Նախ` կառավարության առաջարկած «Լեզվի մասին»  և «Հանրակրթության մասին»  ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծի քննարկումն էր Ազգային ժողովում, որ հարուցել էր այդ նախաձեռնության դեմ հանդես եկողների վրդովմունքը և ուղեկցվում էր զանազան բողոքի ակցիաներով ու հրապարակային քննարկումներով: Երկրորդը կապված էր հնագետների նոր հայտնագործության հետ, ովքեր Վայոց ձորի քարանձավներից մեկում գտել էին աշխարհում մարդու ամենահին կաշվե տրեխը: 5500 տարվա վաղեմության վերին աստիճանի լավ պահպանված կոշիկը հայտնաբերելու մասին լուրն առաջինը հրապարակեց  ԱՄՆ «Plos ONE»  գիտական հանդեսը: 2 օրում այդ լուրն ընթերցեցին աշխարհի 3 միլիարդ բնակիչներ: Թերևս այս կոշիկով բոլորից շատ երջանկացան դաշնակներն ու նրանց գիտական որջը` ԳԱԱ Պատմության ինստիտուտը, որտեղ առաջիկայում անպայման կգրվեն նոր գրքեր ի հավելումն նախորդների, որոնք կրկին կփորձեն ապացուցել աշխարհին, որ իրոք հայերն աշխարհում ամենահինն են, շումերներից էլ հին, քանի որ հենց Հայաստանում են հայտնաբերել մոլորակի ամենահին կոշիկը: Սակայն թե՛ այս ցնցող գտածոն և թե՛ հունիսի 11-ին մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությունը անկարող էին որևէ կերպ  նվազեցնել քաղաքական դաշտում կուտակվող լիցքերի քանակը: Լարվածության մի նոր օջախ` այս անգամ Միջին Ասիայում, իր վրա էր սևեռել ամենքի ուշադրությունը:

Ղրղզստանի հարավում ղրղզների և ուզբեկների միջև ծայր առած բախումները վերածվեցին իսկական սպանդի: Զոհերի թիվը հարյուրներով էր հաշվվում, Ուզբեկստանի սահմանին կուտակվել էին մոտ 100 հազար էթնիկ ուզբեկներ: Օշ քաղաքը կրակի մատնվեց ու հողին հավասարեցվեց: Ամենուր լսվում էին կրակոցներ, փողոցներում շրջում էին փայտերով ու քարերով զինված խմբեր, հարձակվում էին խանութների ու գրասենյակների վրա, թալանում ու հրկիզում դրանք: Կառավարությունը զորք մտցրեց քաղաք, հայտարարվեց պարետային ժամ, սակայն այս միջոցառումները շոշափելի օգուտ չտվեցին:

Հունիսի 14-ին Մոսկվայում մեկնարկեցին ՀԱՊԿ-ի երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կոնսուլտացիաները՝ նվիրված Ղրղզստանի իրադրությանը: Վերաբերմունք արտահայտեց նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը` ընդունելով հռչակագիր Ղրղզստանի վերաբերյալ: Ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՇՀԿ-ի երկրները հավաստեցին «համակողմանի օգնություն ցույց տալու պատրաստակամությունը Ղրղզստանում իրադրության շուտափույթ կայունացման և իշխանության օրինականացման նպատակով»: Բայց ամեն դեպքում ձեռնպահ մնացին այնտեղ խաղաղապահներ ուղարկելու քայլից:

Անկայունը կայունացնելու պահանջն ամենուր էր: «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ավարտի մասին խոսելը տակավին վաղ է»,- զգուշացրեց ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը: «Հենց նոր է սկսվել այդ դրամայի երկրորդ գործողությունը, ֆինանսական շուկաներն սկսել են կորցնել վստահությունը սուվերեն պարտքի հուսալիության հարցում»,- ասաց նա՝ ելույթ ունենալով Վիեննայի Միջազգային ֆինանսների ինստիտուտում: Գերմանիան և Ֆրանսիան հանդես եկան Եվրամիության տնտեսական կառավարություն ստեղծելու օգտին: Սարկոզիի հետ բանակցություններից հետո Անգելա Մերկելը հայտարարեց, որ Եվրամիության անդամ բոլոր 27 պետությունները պետք Է իրենց դիտեն «որպես յուրատեսակ տնտեսական կառավարություն»: «Միայն այդ կերպ, չնայած առկա թուլություններին, մենք կկարողանանք առաջ տանել Եվրոպան»,- ասաց նա` ընդգծելով, որ Եվրամիությունում «չպետք է լինեն առաջին և երկրորդ դասի անդամներ»: Այս առաջարկը խրախուսեց Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառուզոն` հանդես գալով ինչպես եվրագոտու, այնպես էլ ամբողջ Եվրամիության տնտեսական կառավարման ինստիտուտներն ամրապնդելու օգտին:

Նույն այդ օրերին ամերիկացիներին միանգամայն այլ հոգսեր էին հուզում: Նախագահ Բարաք Օբաման հունիսի 16-ին Սպիտակ տան Օվալաձև կաբինետից դիմեց ամերիկյան ժողովրդին: Նրա ելույթն ամբողջությամբ նվիրված էր ԱՄՆ պատմության ընթացքում ամենախոշոր բնապահպանական աղետին՝ Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքին:  «Բնությանն ու մարդկանց հասցված վնասը դեռ հնարավոր չէ գնահատել, բայց ինչ էլ որ լինի, British Petroleum-ը պատասխան է տալու ամեն ինչի համար»,- հայտարարեց ԱՄՆ նախագահը: Սպիտակ տանը նաև կարծում էին, որ BP-ն թաքցնում է աղետի իրական մասշտաբները:

Իսկ մեկ այլ դեպքում ճիշտ հակառակ պատկերն էր, երբ կասկած կար, թե միտումնաբար ուռճացվել էին վտանգի չափերը: Նման հետևության էր հանգել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որն իր կշտամբանքն ուղղեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` խոզի գրիպի սպառնալիքի և դրա դեմ իրականացված պայքարի միջոցների հարցում չափազանցված տեղեկություններ տրամադրելու համար, ինչը հանգեցրել էր չհիմնավորված ու մեծ միջոցների կորստի:

Ոմանց կարծիքով ճակատագրական սխալ էր նաև Հաագայի տրիբունալի կայացրած մեղադրական դատավճիռը բոսնիացի սերբերի բանակի յոթ սպաների նկատմամբ, որոնք մեղադրվում էին բոսնիացի մահմեդականների դեմ հանցագործություններում և դատապարտվեցին 5 տարի ժամկետից մինչև ցմահ բանտարկության:

Հունիսի  կեսերին մեր երկրի արտաքին քաղաքական հետաքրքրությունների տեսադաշտը սպասվածից ավելի ընդգրկուն ստացվեց: Մինչ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցում էր Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցող պետությունների ձևաչափով նախարարների նիստին` ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումները միջազգային առաքելությունների վերաբերյալ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այդ ընթացքում այցելեց Թբիլիսի և իր վրաց գործընկերոջ հետ քննարկեց հայ-թուրքական հարաբերություններում Վրաստանին իբրև միջնորդ կողմ տեսնելու հնարավորությունը: Պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում էր նաև ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի այցը Ֆրանսիա, որն իր պաշտոնակից Ֆրանսուա Ֆիյոնի հետ այլ խնդիրների շարքում անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հարցին: Սպասված ու անսպասելի քայլեր էին ձեռնարկում մեր հարևանները: Իրանը հայտարարեց, որ չնայած Արևմուտքի կողմից գործադրվող ճնշմանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը, իրենք կշարունակեն միջուկային հետազոտությունները: Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին խոսեց իր երկրի նոր կողմնորոշումների մասին` կարծիք հայտնելով, թե «Վրաստանը տանուլ կտա, եթե կողմնորոշվի միայն դեպի Եվրոպա և իր հարաբերությունները չզարգացնի մյուս երկրների հետ»: Մյուսների շարքում նա հիշատակեց Չինաստանին, Մերձավոր Արևելքի երկրներին, Հնդկաստանին, Բրազիլիային և Թուրքիային:

Նույն օրերի միջազգային քրոնիկան տեղեկացնում էր այն մասին, որ հունիսի 16-ին ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարացրել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ «արտակարգ դրության ռեժիմի»  գործողությունը: Թուրքիայի տրանսպորտի նախարարը Կարսում հայտարարեց, որ Թուրքիան և Իրանը երկաթուղային հաղորդակցությամբ կմիանան Նախիջևանին: Հաջորդ օրը թուրքական բանակը օդային-ցամաքային գործողություն իրականացրեց սահմանակից Հյուսիսային Իրաքում տեղաբաշխված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ: Ֆինլանդիայի վարչապետ Մատի Վանհանեն իր հրաժարականի պաշտոնական խնդրագիր ներկայացրեց, ինչն ինքնաբերաբար նշանակում էր ամբողջ կաբինետի հրաժարական: Թուրքմենստանում ապամոնտաժեցին Թուրքմենբաշու ոսկեձույլ արձանը, մինչդեռ Ղազախստանի Շըմքենդ քաղաքում ծրագրում էին տեղադրել  հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ոսկեզօծ կիսանդրին:

Հունիսի 17-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով եռօրյա աշխատանքային այցով մեկնեց Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովի շրջանակում կայացավ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Բանակցություններից հետո արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկխոսությունը շարունակել առկա արդյունքների հիման վրա: Նշմարվել էր որոշակի դրական տեղաշարժ: Սակայն հաջորդ օրը Ադրբեջանի նախագահը հապշտապ լքեց Սանկտ Պետերբուրգը: Մեկ օր անց հասկանալի դարձավ նրա մեկնումի բուն պատճառը: Հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք ներխուժեց թշնամու զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվեց  թափանցել  ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված: Տեղի ունեցավ դիմահար մերձամարտ, հակառակորդի առաջխաղացումը կասեցվեց, սակայն տեղում զոհվեցին 4 հայ զինծառայողներ, ևս 4-ը վիրավորվեցին:

Կատարվածի առթիվ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր. «Բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ, Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները: Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում, ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո գնացին ավելի հեռու` ակնհայտ սադրանքի: Կարելի է ասել, որ դեռևս չհասցնելով դուրս գալ բանակցությունների սրահից, ադրբեջանական ղեկավարությունը հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում կազմակերպել է դիվերսիոն գործողություն»: Նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես արտահայտեց իր կոշտ վերաբերմունքը. «Սադրանքներն անընդունելի են, հատկապես այս տմարդի գործողություններն են անընդունելի, որովհետև դրանք տեղի ունեցան Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ժամեր անց: Այս փաստը ևս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ համանախագահները, ներգրավված երկրները մտածելու բան ունեն… Ես համարում եմ, որ սա անհարգալից վերաբերմունք է նաև համանախագահող երկրների նկատմամբ»:

Բաքվի դիվերսիան լայն արձագանք գտավ միջազգային լրատվամիջոցներում: Քաղաքական ու պետական գործիչներն իրենց տեսակետներն արտահայտեցին արյունոտ միջադեպի ու հնարավոր զարգացումների մասին:

Մյուս կարևորագույն իրադարձությունների շարքում հիշատակման արժանի է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի կոչը կոնգրեսականներին` ստորագրել և աջակցություն հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևին: Շիֆն իր նամակում գրել էր, որ Միացյալ Նահանգները շատ երկար ժամանակ է տուրք տվել Թուրքիայի սպառնալիքներին և ձախողել Ցեղասպանությունը ճանաչելու ջանքերը: Տարիներ շարունակ նրանք լսել են նույն պնդումները, թե այժմ դրա ժամանակը չէ: «Ճիշտ հակառակը` այժմ, երբ Թուրքիան աջակցում է Իրանին, ինչո՞ւ պաշտպանել նրանց` Ցեղասպանությունը ժխտելու հարցում»,- հարցադրում է կատարել կոնգրեսականը:

Հունիսի 20-ին Լեհաստանում անցկացվեցին արտահերթ նախագահական ընտրություններ: Նախագահի աթոռի համար պայքարող 10 թեկնածուներից երկրորդ փուլ անցան Լեհաստանի Սեյմի խոսնակ Բրոնիսլավ Կոմորովսկին և ավիավթարում զոհված նախագահ Լեխ Կաչինսկու երկվորյակ եղբայր, Լեհաստանի նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկին:

Հունիսի 21-ին  նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա պաշտոնական այցով ժամանեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Բեռլինում նախագահը հանդիպումներ ունեցավ ԳԴՀ նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենի, կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ: Հաջորդ օրը Ս. Սարգսյանը ելույթ ունեցավ Գերմանիայի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում: Հարավային Կովկասի կացությունը վերլուծող նրա խոսքը մի յուրօրինակ բանավեճ էր Եվրոպայում գերիշխող այն մտայնության կրողների հետ, ովքեր մեր տարածաշրջանն ընկալում են սոսկ իրենց շահերի դիտանկյունից` կիրառելով երկակի չափորոշիչներ և առաջնորդվելով փոփոխական սկզբունքներով: «Պնդումը, թե տարածաշրջանի ներքին խնդիրները լոկ տարածաշրջանի ներքին խնդիրներն են և անհրաժեշտության դեպքում դրանք կարելի է սառեցնել տարածաշրջանային մակարդակով, դեռևս ապացուցման կարիք ունի: Ուզում եմ նաև հակադարձել տարածված այն տեսակետ-մոտեցմանը, ըստ որի սկզբում անհրաժեշտ է հասնել ընդհանուր քաղաքական լուծման, որից հետո կարելի է համաձայնությունը   «յուղել»  տնտեսական առատ աջակցությամբ: Խիստ կասկածներ ունեմ մեր տարածաշրջանում նման մոտեցման կենսունակության վերաբերյալ: Նման մոտեցումն աշխատում է այն իրավիճակներում, երբ հստակորեն առկա է պայմանավորվածության կատարման «պարտադրող կողմը», որի լիազորությունները չեն վիճարկվում և չեն վիճարկվելու որևէ մեկի կողմից»,- ասաց նախագահը:

Նույն օրը ԵԽԽՎ նախագահի մոտ ընթանում էր Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը, որի ձեռքբերումը թերևս կարելի է համարել այն, որ ադրբեջանական կողմը համագործակցելու պատրաստակամություն հայտնեց, քանի որ մինչ այդ բացառում էր ցանկացած ձևաչափով որևէ փոխգործակցություն:

Միաժամանակ Աստանայում Թուրքիայի և Ղազախստանի արտգործնախարարները քննարկում էին Ղարաբաղյան հիմնահարցը: «Մենք քննարկեցինք այն ջանքերը, որ անհրաժեշտ է գործադրել ղարաբաղյան հակամարտության լարվածությունը թուլացնելու համար»,- հանդիպումից հետո լրագրողներին ասաց Ահմեթ Դավութօղլուն` լիովին չբացահայտելով իր ջանքերի իրական բնույթը:

Պետք է նկատել, որ հունիսի վերջին շաբաթը հագեցած էր Ղարաբաղի խնդրի շուրջ ամենատարբեր կառույցների ընդգծված հետաքրքրությամբ և հավասարապես մշուշոտ վերաբերմունքով: Մինչ Եվրամիության Գերագույն ներկայացուցչի խոսնակը ափսոսանք էր հայտնում հակամարտության շփման գծում տեղի ունեցած զինված միջադեպի համար, ՆԱՏՕ-ի` աղետների համակարգման կենտրոնի ղեկավարն իր հերթին ցավում էր նույնի կապակցությամբ ու նաև տեղեկացնում, որ իրենք ամենայն ուշադրությամբ հետևում են իրավիճակի զարգացմանը:

Այդ օրերին իրադարձություններից անմասն չմնաց նաև ՀԱՊԿ քարտուղարությունը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն առընթեր Մշտական խորհրդի նիստում այլ հարցերի հետ մեկտեղ լսվեց ՀՀ լիազոր ներկայացուցչի հայտարարությունը «2010 թվականի հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանում Ադրբեջանի դիվերսիոն գրոհի մասին»:

Տարածաշրջանային լարվածությանը նոր «լիցքեր»  հաղորդեց տեղեկությունն այն մասին, որ Իրանի կառավարությունը երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում, պատերազմական դրություն է հայտարարել՝ պատրաստվածության վիճակի բերելով իր զորամիավորումները: Այս լուրը մերթ հերքվում, մերթ հաստատվում էր, բայց նույնիսկ այդ պարագայում ունեցավ իր ներգործությունը:

Իսկ Սերժ Սարգսյանը Գերմանիայից վերադառնալուն պես մեկնեց Լեռնային Ղարաբաղ, այցելեց այն զինվորական հոսպիտալը, որտեղ բուժվում էին հունիսի 18-ին վիրավորված զինվորները, ապա հանդիպումներ ունեցավ ԼՂՀ ղեկավարության հետ` նրանց ներկայացնելով պետերբուրգյան բանակցությունների արդյունքները: Նախագահի այցը նշանավորվեց նաև նրանով, որ այդ օրերին թե՛ Ադրբեջանը և թե՛ ԼՂՀ զինված ուժերը սահմանամերձ հատվածներում ծավալուն զորավարժություններ անցկացրեցին: Կողմերը ուժի բացահայտ ցուցադրում էին կազմակերպել` իբրև երկաթյա փաստարկ դիվանագիտական փակուղին արդարացնելու համար:

Հունիսի 24-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի նիստում քվեարկությամբ Հայաստանի հարցով համազեկուցող ընտրվեց Գյորան Լինդբլադը` փոխարինելով ֆրանսիացի խորհրդարանական Ժորժ Կոլոմբիեին: Նորընտիրը ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավարն է, Եվրոպայի ժողովրդական կուսակցության պատգամավորական խմբի անդամ: Հայաստանում այդ փոփոխությունն ընդունեցին դժգոհությամբ, բայց և համակերպումով: Անկասկած, այս կարգի շարժերը շատ ավելի տանելի էին, քան, ասենք, այն, ինչ արվում էր Իրանի պարագայում: ԱՄՆ-ի Կոնգրեսը հերթական անգամ քվեարկեց Իրանի դեմ նոր միակողմանի պատժամիջոցների սահմանման օգտին: Ընդամենը երկու շաբաթ էր անցել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդեն չորրորդ պատժիչ բանաձևն ընդունեց Իրանի իշխանությունների նկատմամբ:

Սակայն նույնիսկ Իրանի խնդիրը մի առանձին դրվագ պիտի համարվեր այն ծավալուն համայնապատկերի վրա, որ քննության նյութ դարձավ Կանադայի Օնտարիոյի նահանգի Հանստվիլլ առողջարանային քաղաքում` աշխարհի առաջատար արդյունաբերական տերությունների «ությակի»  գագաթաժողովում: Համաշխարհային հիմնախնդիրներ՝ միջազգային անվտանգությունից մինչև տնտեսական ճգնաժամ և գլոբալ կլիմայական փոփոխություններ, թեժ կետեր, չլուծված հակամարտություններ. սրանք բոլորն օրակարգում էին, այս բոլորի շուրջ կային տարաձայնությունների խութեր ու փոխզիջումների եզրեր: Ու եթե ամեն դեպքում գլխավոր դերակատարները ԱՄՆ-ն ու Ռուսաստանն էին, ապա նրանք ևս համակարծիք էին, որ ցանկացած հարցի շուրջ կայունության պահպանման հեռանկարներ են տեսնում: Մասնավորապես Կովկասի պարագայում Օբաման ու Մեդվեդևը նշեցին, որ առկա հակամարտությունների հետևանքների շուրջ դիրքորոշումներում նշմարված տարակարծությունները կողմերին չեն խանգարել քննարկել ապագան ու շփումների նոր մեխանիզմներ գործարկել:

Հունիսի 26-ի երեկոյան Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները հանդես եկան հայտարարությամբ, որում իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին և Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու գործում: «Այժմ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլը և ավարտեն աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա, ինչը հնարավորություն կստեղծի անցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների ղեկավարների կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ: Վկայակոչելով Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների կողմից 2009 թվականի հուլիսի 10-ին իտալական Աքվիլա քաղաքում հրապարակված սկզբունքները, Եռյակը շեշտում էր, որ հիշյալ սկզբունքները «ներառում են Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ, անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում նրա բնակչության իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով, ներքին տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն»:

Երկու օր անց պաշտոնական Երևանը շարադրեց իր դիրքորոշումն այս հայտարարության առթիվ: Ըստ արտգործնախարար է. Նալբանդյանի, Հայաստանը բարձր է գնահատում երեք նախագահների ցանկությունը և հետևողական ջանքերը` աջակցելու հակամարտության կողմերին, մոտեցնելու դիրքորոշումներն ու առաջ ընթանալու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Կարևոր է, որ Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունը կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել է»,- ասաց նա:

Իհարկե, ակնհայտ էր, որ հիմնախնդրի հետագա զարգացումները չէին կարող միայն երեքի հետաքրքրությունների առարկան մնալ: Երկու օր անց, արդեն Փիթսբուրգում` G20-ի գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հետ քննարկում էր ղարաբաղյան հակամարտությունը: Մինսկի խմբին մաս կազմելու ցանկության ձախողումից հետո Էրդողանի համար այնքան էլ հեշտ չէր արտասանել միտքն այն մասին, թե «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի արդյունավետ դերը կարող է արագացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը»:

Եվ մինչ աշխարհի մեծերը քննում էին Կովկասի ապագան, անցած յոթ օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից սահմանային բնագծի գրեթե բոլոր ուղղություններում շուրջ 2000 անգամ խախտեցին հրադադարի ռեժիմը…

Հունիսի վերջին օրերին մեկ այլ` ոչ պակաս կարևոր դիմակայություն էլ ծավալվում էր Ստրասբուրգում: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն մինչև աշուն հետաձգեց Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ հարցի քննարկումն այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունը լրջորեն ընդդիմացավ այդ կառույցի կամայական որոշմանը: Ի դեպ, ԵԽԽՎ-ի հետ Հայաստանի ջրերը վերջին շրջանում մեծ դժվարությամբ են նույն առվով հոսում, ինչը թերևս պայմանավորված է նրա թուրքազգի նորանշանակ նախագահ Մ. Չավուշօղլուի հետևողական գործունեությամբ:

Իսկ ընդհանրապես, հունիսին քաղաքական խճանկարն իր բազմազանությամբ նույնիսկ ծայրահեղ բևեռների հասնող «ոտնձգություններ»  էր արձանագրում, և աշխարհն էլ այդ ամենին հետևում էր անթաքույց գայթակղությամբ: Հունիսի 29-ին  Լիբիայում կայացած հնգակողմ գագաթաժողովի մասնակիցները քննարկեցին «համատեղ արաբական գործողությունների համակարգի զարգացման»  հարցերը: Մասնակիցներն իրենց ուշադրությունը կենտրոնացրեցին «Արաբական պետությունների լիգայի վերակազմման և Արաբական միության ստեղծման առաջարկության վրա: Աշխարհի մեկ այլ անկյունում` Իսլանդիայում, այդ երկրի վարչապետ Յոհանա Սիգուրդարտոտիրն առաջիններից մեկն  օգտվեց օրենսդրության մեջ վերջերս կատարված ուղղումից, որն այսուհետ թույլատրում էր միասեռ ամուսնություններ կնքել: Իսլանդիայի կառավարության 69-ամյա ղեկավարն օրինականացրեց իր հարաբերություններն ընկերուհու` Յոնինա Լեոսդոտիրի հետ: Իսկ ահա Վրաստանում սկսեցին զանգվածաբար ապամոնտաժել Ստալինի հուշարձանները: «Ստալինիզմի»  վերջին կղզյակն իր դիրքերը հանձնեց առանց լուրջ դիմադրության:

Հետագա զարգացումները դեռևս անհայտ են: Սակայն մի բան հստակ է. քաղաքական կյանքում ամառային արձակուրդներ չեն նախանշվում:

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am