Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հասարակություն և իշխանություն

Հասարակություն և իշխանություն
Ապրիլ 2008, N 1

ԼԱՈՒՏԵՆԶԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արտյոմ Խաչատրյան, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնորեն

Լիոն Ֆոյխթվանգերի «Լաուտենզակ եղբայրները» վեպը գուցե նրա ամենահաջողված ստեղծագործությունը և առավել ևս` անցած հարյուրամյակի ամենամեծ գլուխգործոցը չէ, սակայն այս գործում Ֆոյխթվանգերը, հավանաբար, առաջին անգամ գրականության մեջ տպավորիչ ձևով ի հայտ է բերել մի երևույթ, որը մենք պայմանականորեն կանվանենք «լաուտենզակություն»: Ի՞նչ է դա, և ովքե՞ր են Լաուտենզակ եղբայրները: Հարցի էությունը հասկանալու համար ես պետք է հակիրճ անդրադառնամ Ֆոյխթվանգերի վեպի բովանդակությանը:
Գործողությունները տեղի են ունենում Գերմանիայում, անցյալ դարի 30-ականներին, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը: Երկու եղբայրներ` Լաուտենզակ ազգանվամբ, որոնցից մեկը կասկածելի շառլատան է, որն իբր հեռազգացի ունակություններ ունի, իսկ երկրորդը` նույնպիսի մի «աֆերիստ», բայց առանց որևէ ունակության, որոնք իրենց տեղը չեն գտել Վայմարյան հանրապետությունում և մշտապես անհաջողությունների է մատնվում ինքնահաստատման ճանապարհին, երկնային բարձունքի են հասնում հիտլերյան Գերմանիայում: Կրտսեր եղբայրը` Հանսը, Հիտլերի իշխանության գալուց դեռ շատ առաջ հաջող կառչում է նացիստական ջոկատներին, կուսակցական փայլուն կարիերա ստեղծում, սերտ հարաբերություններ հաստատում նացիստական կուսակցության հովանավորների հետ արիստոկրատիայի և բուրժուազիայի շրջանում, իսկ այնուհետև առաջ է մղում ավագ եղբորը` Օսկարին, որին հաջողվում է շահել այդ էլեկտորատի համակրանքը` շնորհիվ հեռազգացի մի քանի հնարքների, իսկ այնուհետև Ֆյուրերի` Գերմանիայի ռեյխսկանցլեր նշանակվելուց հետո` մեծ հարստություն կուտակել և նույնիսկ ոգեհմայության գիտությունների ակադեմիա ստեղծել: Օսկարին այնքան լուրջ էին վերաբերվում, որ նրա հետ նույնիսկ խորհրդակցում էին ռեյխստագի հրկիզման կապակցությամբ: Սակայն մարդն իր բնույթը չի փոխում, անկախ գրաված դիրքից. բոշան փաշա չի դառնում, այսինքն, օտար է մնում նոր միջավայրում: Նա անպայման դուրս կսողա իրեն հատկացված նորմերի շրջանակներից և քիթն ամեն տեղ կխոթի: Արդյունքը միշտ ողբերգություն է, և դուրսպրծուկը կամ վերադառնում է այնտեղ, որտեղից ինչ-որ ժամանակ դուրս էր եկել, կամ ընդհանրապես ուղևորվում է նախնիների մոտ, ինչպես Օսկար Լաուտենզակը, որի սպանությունը հանձնարարել էր ինքը` Հիտլերը, որը ստանձնել էր նաև պալատական հեռազգացի պետական հուղարկավորության կազմակերպման հոգսը:
Այսպիսով, լաուտենզակները դուրսպրծուկներ են, որոնք հայտնվում են դարաշրջանների միակցման անցումային շրջանում, որոնց հաջողվում է հասնել վիթխարի բարձունքների և որոնք իրենց կարիերայում գագաթից գագաթ թռչելով` ակամա նախապատրաստում են սեփական տխուր վախճանը և ամեն կերպ մոտեցնում են այն` սեփական հիմարությունից կախված: Սակայն հարկ է արձանագրել մի կարևոր պահ. եթե բոլոր լաուտենզակները դուրսպրծուկներ են, ապա բոլոր դուրսպրծուկները չէ, որ լաուտենզակ են: Բանն այն է, որ դուրսպրծուկի բուն էության մեջ ոչ մի բացասական բան չկա: Դուրսպրծուկը եռանդուն, ընդունակ մարդ է, որն ամբողջ ուժով ձգտում է իրականացնել սեփական շահերը (որոնք, ի դեպ, միանգամայն կարող են համընկնել և համընդհանուրի հետ): Պետական շատ մեծ գործիչներ դուրսպրծուկներ էին, նրանց թվում` Նապոլեոնը, Ստալինը և շատ ուրիշներ, սակայն նրանց լաուտենզակ չես անվանի, քանզի այդ ականավոր անհատները նոր դարաշրջանի մարմնացումն ու ճարտարապետներն էին, այն դեպքում, երբ լաուտենզակները յուրատեսակ հաճկատարների ընդամենը մի դաս են, որ անհրաժեշտ է նոր դարաշրջանի կայացման գործում:
Եվ այսպես, լաուտենզակների առաջացման գլխավոր պայմանն անցումային շրջանն է: Ըստ էության, մենք խոսում ենք հեղափոխական շրջանի մասին, ներառյալ մինչև հեղափոխության իրականացումը և դրանից հետո ընկած շրջանները: Այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի խիստ էական հանգամանքի վրա:
Ընդհանրապես, հեղափոխությունները կատարվում են երկու եղանակով. կա’ մ տեղի է ունենում գոյություն ունեցող կարգի տապալում, որին հաջորդում է նոր վարչակարգի լեգիտիմացման և նոր պետական կառուցվածքի կայացման փուլը (օրինակ, ֆրանսիական, Հոկտեմբերյան, Իսլամական (Իրանում) հեղափոխությունները), կա’ մ նոր վարչակարգն իշխանության է գալիս օրինական ճանապարհով, բայց հետո կործանում է գոյություն ունեցող պետական կառուցվածքը և նրա ավերակների վրա (կամ հիմքին) ստեղծում ինչ-որ այլ բան (օրինակ, Վայմարյան հանրապետությունը, որը սահուն վերաճեց ֆաշիստական դիկտատուրայի, վերակառուցման շրջանի Խորհրդային Միությունը, որից ծնվեցին 15 նոր պետություններ և այլն): Ինչպես տեսնում ենք, երկու դեպքերում էլ լեգիտիմացման հարցն առանցքային է: Օրինակ, կարելի է վիճարկել ֆրանսիական հեղափոխության արդյունքում, ընդհուպ մինչև 1799թ., առաջացած բոլոր վարչակարգերի լեգիտիմությունը, եթե դրանք դիտարկենք միայն իրավունքի համատեքստում: Այդ ժամանակ ստացվում է, որ և’ թագավորի մահապատիժը, որն ավելի շուտ քաղաքական հաշվեհարդար էր, բայց ոչ արդարադատություն, և’ հեղաշրջումները` դրանց հաջորդած գլխատումներով, և’ Դիրեկտորիայի վարչակարգը, մեղմ ասած, քիչ էին համապատասխանում իրավունքին` բառի բուն իմաստով: Բայց դրանք քաղաքականապես վերին աստիճանի նպատակահարմար գործողություններ և իրադարձություններ էին, ինչով էլ բացատրվում էր հանրապետական ռեժիմի կենսունակությունն ընդհուպ մինչև Նապոլեոնի գալուստը: Նշենք, որ ուղիղ 10 տարի Եվրոպան գրեթե չէր ընդունում Ֆրանսիային, առաջին լիիրավ ճանաչումը տեղի ունեցավ առաջին հյուպատոս Բոնապարտի հայտնվելով: Բոնապարտն ուժ էր, որի հետ հաշվի չնստելն անհնար էր :«Ֆրանսիական հանրապետությունն ունի ձեր ճանաչման կարիքը նույնքան, որքան նրա կարիքն ունի Արեգակը», – ահա թե ինչ ասաց ընդդիմախոսներին գեներալ Բոնապարտը դեռ 1797թ., Կամպո Ֆորմիոյի պայմանագրի կնքումից առաջ, և այդ խոսքերում ֆրանսիական հանրապետության սուբստանցիոնալ լինելու փաստն է:
Վայմարյան հանրապետությունում լեգիտիմության հետ կապված խնդիրներն անհամեմատ ավելի ուշ սկսվեցին, արդեն ռեյխսկանցլերի գահին Հիտլերի բազմելուց հետո: Ֆյուրերն իշխանության եկավ ագրարայինների, մանր ու միջին բուրժուաների, ինչպես նաև խոշոր արդյունաբերողների ու արիստոկրատիայի մի մասի ձայներով: Արդյունաբերողներին և միջին բիզնեսը նա հրապուրեց նրանով, որ նրա լանդսկնեխտները ջարդուփշուր էին անում արհմիությունները` բուրժուազիայի պատուհասը, ինչպես նաև տնտեսության խոստացված ռազմականացմամբ: Երիտասարդությանը, որ ուժասպառ էր եղել 1920-30թթ. քրոնիկական տնտեսական խժդժություններից, նա վստահություն ներշնչեց վաղվա օրվա հանդեպ և ցույց տվեց նրա բազմաթիվ հիմնախնդիրների աղբյուրը (այդ թվում և հրեաներին), ագրարայինների  համար Հիտլերը յուրային էր` նրանց հետ նույն` պարզ ու կոշտ լեզվով էր խոսում, դե, իսկ արիստոկրատիայի մի մասը նրան հարեց կամ երևի վախից ու սթափ հաշվարկից, կամ այն անհոգության արդյունքում, որը հատուկ էր այդ կարգի մարդկանց: Սակայն ֆյուրերի իշխանության գալուց անմիջապես հետո հարկ կար լրջորեն զբաղվելու «նոր գերմանական աշխարհայացքի» բռնի ներդրմամբ: Իսկ ինչպե՞ս կարելի էր հասնել դրան: Անհրաժեշտ էր նախ` վերացնել քաղաքական ընդդիմախոսներին: Դա՞ ինչպես պետք է արվեր օպերատիվ կերպով և առանց ձախողումների: Իհարկե, ռեյխստագը հրկիզելու և դրանում կոմունիստներին մեղադրելու միջոցով: Այնուհետև գալիս է արիստոկրատիայի հերթը. այն խորթ է ֆյուրերին և ասես ներդաշնակ էլ չէ նոր Գերմանիայի բարձրագույն իդեալներին, թեև ինչ-որ ժամանակ նրան օգտակար է եղել, բայց այժմ անհրաժեշտ է գոնե հետին պլան մղել նրան: Հասկանալի է, այս բարդ աշխատանքը հսկայաթիվ դավադրություններ, ամեն տեսակ արկածախնդրութուններ է պահանջում, և այդ ամենը պետք է հստակ, ինչպես ասում են`«առանց աղմուկ-աղաղակի» անել. սկզբում աշխատանքը դուրս է գալիս իրավական դաշտի սահմաններից, այնուհետև անհրաժեշտ է հանրային կարծիքը հաշտեցնել կատարվածի հետ, և հետո լեգիտիմության երևութականություն հաղորդել նոր ստեղծված իրականությանը: Այնուհետև հարկ է անել այսինչը կամ այնինչը` մեկը մյուսից ապօրինի, և ամենագլխավորը` մեկը մյուսից անբարո, ու այսպես` մինչև մեծ Ռեյխի կայացման ավարտը, այսինքն, մինչև դեմոկրատական հանրապետության վերջնական վերածումը ֆաշիստական դիկտատուրայի:
Այս կարգի աշխատանքը հիմանկանում կատարվեց լաուտենզակների ձեռքով, որոնք, ի տարբերություն ցանկացած երկրում կայացած և լեգալ քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների, ծարավի են ինքնակայացման, ինքնահաստատման և այդ նպատակների համար ընդունակ են ամեն ինչի:
Ինչպես տեսնում ենք, անցումային շրջանի որոշակի փուլում լաուտենզակությունը դառնում է քաղաքական իրականության իրական գործոն: Սակայն բանը դրանով չի սահմանափակվում, և այն իր խոր դրոշմն է թողնում հոգևոր ոլորտում, ազդում բարքերի վրա (եթե ինքը չի ձևավորում դրանք): Օրինակ, յակոբինյան դիկտատուրան Ֆրանսիայում լաուտենզակության գագաթնակետն էր, և պատկերացնելու համար դրա ողջ կործանարարությունը, բավական է հիշեցնել, որ հենց այդ ժամանակ նրա ազդեցությամբ Ռոբեսպիեռը վավերացրեց մի օրենք, որն արգելում էր քաղաքացիներին միմյանց հետ «Դուք»-ով խոսել, իսկ միմյանց դիմելու միակ ընդունելի ձևը «քաղաքացին» էր «պարոնի» փոխարեն: Հասկանալի է, այդ գռեհիկ և բիրտ օրենքն աշխատել չէր կարող, մանավանդ Ֆրանսիայում` համաշխարհային մշակույթի սրտում, և գործն ավարտվեց նրանով, որ Ռոբեսպիեռը միավորներ կորցրեց հասարակության աչքում, իսկ հետագայում նրանից հեռացավ երկրի մշակութային հանրությունը:
Այսպիսով, երբ ասում ենք, թե լաուտենզակությունը անցումային շրջանի երևույթ է, ապա, հետևաբար, պետք է ենթադրել, որ այն անցողիկ է. այն պետք է վերանա դրա ավարտի հետ մեկտեղ: Իսկապես, երբ քաղաքացիական հասարակությունն սկսում է գործել ամբողջ ծավալով, երբ վերականգնվում են նրա ինստիտուտներն ու կառույցները, երբ իրական քաղաքացիական կացությունը դառնում է օբյեկտիվ իրականություն, իսկ հասարակական հարաբերությունները համաձայնության մեջ են մտնում երկու կարևորագույն նորմատիվային համակարգերի` իրավունքի և բարոյականության հետ, ապա, հասկանալի է, լաուտենզակները նման քաղաքացիական իրադրությունում պարզապես անելիք չունեն. նրանք վերանում են կամ ձևափոխվում, այսինքն, ընդունում են խաղի նոր կանոնները, որ սահմանել են նոր իրականությունը, հասարակական հարաբերությունների նոր տեսակը և սոցիալական հանրակեցության նոր նորմերը: Սակայն դա բավական բարդ գործընթաց է, դրա իրականացումը կարող է բազմատեսակ լինել: Եթե անցումային շրջանն իր ավարտով նշանավորում է քաղաքացիական կացության և համապատասխան տնտեսական մոդելի վերջնական կայացումը բնական, էվոլյուցիոն զարգացման և հեղափոխության ծնած արատների օրինաչափ վերացման միջոցով (հենց այդ գործընթացի ականատեսն ենք մենք այսօր Ռուսաստանում և ԱՊՀ որոշ այլ երկրներում), ապա լաուտենզակությունը հիմանականում հաջողությամբ փոխակերպվում է նոր ստեղծված իրականությունում, իսկ նրա կրած վնասներն այստեղ նվազագույնն են (այս մասին` ստորև): Եթե անցումային շրջանը ձգձգվում է և ուղեկցվում հեղափոխության ծնած արատների արմատավորմամբ, ապա հասարակությունը և պետությունը հայտնվում են փակուղում, որից դուրս գալու ելքը նոր հեղափոխությունն է (օրինակ, ֆրանսիական հեղափոխությունը, որն անցավ մի քանի փուլ, որոնք կարելի է դիտարկել որպես առանձին հեղափոխություններ, կամ էլ այսօրվա Հայաստանը, որ կանգնած է երկրորդ հեղափոխության շեմին, որի մասին կխոսվի ստորև), որի պարագայում տեղի է ունենում լաուտենզակության համընդհանուր ոչնչացում, իսկ հետո արդեն գալիս է մեկ այլ անցումային շրջան, և այսպես այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը ուժ չի գտնի իրեն համապատասխան հասարակական հարաբերությունների և սոցիալական համակեցության մոդել ստեղծելու համար: Սակայն, ինչպես տեսնում ենք, անցումային շրջանի ավարտը ցանկացած պարագայում նույն բանն է նշանակում. սոցիալ-քաղաքական իրականությունից մարդկանց մի ամբողջ դասի դուրսմղում: Բնական է, որ այս դեպքում հասարակությունը լրջորեն տառապում է, քանի որ փոխակերպման գործընթացը հարթ չի անցնում, և լաուտենզակությունն սկսում է հուսահատ պայքարել արևի տակ իր տեղի համար: Այդ պայքարին ի հետևանք` հասարակության մեջ ի հայտ են գալիս լարվածության օջախներ, երբեմն հարվածի տակ է հայտնվում քաղաքական կայունությունը:
Հաջորդ հանգամանքը, որի վրա կուզենայի ուշադրություն դարձնել, այն գլխավոր նախադրյալներն են, որոնք ի վիճակի են մարդուն լաուտենզակ դարձնել: Դրանք միջակ մտավոր կարողություններն ու բարոյականին խորթ լինելն են` օրինակ, անհնար է պատկերացնել Դմիտրի Շոստակովիչին` մեծ սիմֆոնիստին ու քաղաքացուն, ընդհատակյա «կոմերսանտի» կամ մշակույթի նախարարի և Խորհրդային Միության դեսպանի դերում: Շոստակովիչին դա խորթ էր, որովհետև նախ` նա կայացել էր իր գործում և նրան ոչինչ ավելի պետք չէր, երկրորդ` գործունեության նշված տեսակներով զբաղվելը ոչ մի կերպ չէր համապատասխանում նրա բարոյական ու պրոֆեսիոնալ չափանիշներին և ցածր էր նրա մարդկային արժանապատվությունից: Սակայն միջակ երաժիշտն իրեն կփորձի և’ ընդհատակյա առևտրում, և’ նախարարի ու նույնիսկ դեսպանի դերում (նման կոնկրետ մի օրինակ կա, իսկ աշխարհում դրա նմանները հա-րյուրն են), քանզի չգտնելով իր գործում և ընդհանրապես կյանքում իր տեղը` միջակության կամ անտաղանդության արդյունքում, քանի որ դրա համար տաղանդ և քաղաքացիական կուլտուրա են պահանջվում, ինչն ինքը չունի, մարդը ձգտում է հասնել ավելի լավ կեցության իր և իր ընտանիքի համար և, բնականաբար, ինքնահաստատման նպատակով կփորձի ամեն բան, ինչի հետ կբախվի կյանքում:
Պատահական չէ, որ հենց միջակությունների է ընտրում Ֆոյխթվանգերը Լաուտենզակ եղբայրների կերպարները պատկերելու համար: Պատահական չէ նաև այն, որ ավագ եղբորն օժտում է հեռազգացի, «պայծառատեսի» մասնագիտությամբ, իսկ իրականում նա ոչնչություն է, խարդախ-խաբեբա, որն իր սեփական շահերի համար պատրաստ է ստանձնել ցանկացած պարտականության կատարում, անկախ նրանից` որքանով են դրանք համապատասխանում իրավունքին, բարոյականությանն ու առաքինությանը:
Այսպիսին է, իմ կարծիքով, լաուտենզակությունը, և այդպիսին է նրա էությունը: Այժմ դիտարկենք այդ երևույթը հետխորհրդային իրականության մեջ:


ԼԱՈՒՏԵՆԶԱԿՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ


ԽՍՀՄ փլուզումը, որ հեղափոխություն և անցումային շրջան էր նշանավորում, արտասովոր նշանակության իրադարձություն էր: Իրավական առումով Բելովեժյան համաձայնագրերը խիստ վիճելի են. բավական է ասել, որ դրանք ստորագրվել են այն հանրապետությունների կողմից, որոնցում ժողովրդի կամարտահայտությունը հանրաքվեի միջոցով որոշել էր պահպանել ԽՍՀՄ-ը: Հետագայում նոր կազմավորված պետություններում եկավ ազատական բնույթի գլոբալ քաղաքական և տնտեսական բարեփոխումների անցկացման հերթը: Սակայն նոր իշխանությունների կարևորագույն խնդիրը լեգիտիմացումն էր (ԽՍՀՄ կազմալուծման, նոր պետությունների ու դրանց իշխանական մարմինների կազմավորման) և հանրային կարծիքի հաշտեցումը նոր ստեղծված իրականության հետ: Ինչպես տեսնում ենք, լաուտենզակության սկզբնավորման հիմքը և դրա գործունեության լայն հորիզոններն արդեն առկա էին:
Նոր կազմավորված դասի վրա դրված գլխավոր խնդիրներից մեկը հասարակական մտքի մեջ խորհրդային անցյալի համընդհանուր սևացումն էր: Այսօր, տասնամյակ անց, կարելի է ապշել նոր ազատական գաղափարաբանության ռազմաշունչ ծայրահեղականությունից, որ տիրապետող էր 1990-ականների առաջին կեսի զանգվածային լրատվամիջոցներում: Վայրի հակակոմունիստական, հակախորհրդային հիստերիան շատ արագ վերածվեց հակապետականի և կարելի է նույնիսկ առանց չափազանցման ասել` հակառուսականի: Բավական է ասել, որ»ռուս»բառն ու հասկացությունը այդ ժամանակվանից ի վեր ինչ-որ բացասական բան դարձան, և նույնիսկ նախագահ Պուտինը նախընտրում էր օգտագործել «ռուսաստանցի» քիչ հասկանալի հասկացությունը, որ փոխարինելու է եկել «ռուս»-ին: Հանրային կարծիքի մեջ տիրող նման վիճակը անփոխարինելի ծառայություն մատուցեց արևմտամետ քաղաքականության իրականացմանը, որը հաշված տարիների ընթացքում գրեթե ամբողջովին վերացրեց խորհրդային տերության աշխարհաքաղաքական նվաճումները:
Սակայն հազիվ էր հաջողվել գտնել ԽՍՀՄ կազմալուծման իրավական կողմի լուծումը և ինչ-որ կերպ հաշտեցնել այն հանրային կարծիքի հետ, երբ անմիջապես ի հայտ եկավ մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնդիր. տնտեսության սկսված ապապետականացումը, որն իր հետևից բերեց իրավունքի, բարոյականության և առաքինության բոլոր նորմերի անարգում, ինչը կարող էր հանգեցնել նոր ռեժիմի  կործանման: Հաշվի առնելով այն, որ շուտով ընտրություններ են լինելու, որոնցում պարտությունն ինքնասպանության էր հավասար իշխող ընտրանու համար, Ռուսաստանի բարձրագույն քաղաքական իշխանությունը դիմեց հուսահատ և հանդուգն քայլի. փաստորեն բացարձակ ազատություն տվեց լաուտենզակությանը և նրա հետ ռազմավարական դաշինք կնքեց, քանի որ այլ եղանակով դրությունը փրկելը գրեթե անհնար էր թվում: Ռուսաստանում լաուտենզակության հետ կապված իրավիճակը և հետխորհրդային վարչակարգի համար դրա անհրաժեշտությունն ամբողջությամբ պատկերացնելու նպատակով ներկայացնենք առավել աչքի ընկած և ազդեցիկ ռուս լաուտենզակներին և դիտարկենք նրանց գործունեության որոշ հատկանշական կողմերը: Վերլուծության համար վերցնենք Բերեզովսկուն, Գուսինսկուն, Խոդորկովսկուն:
Բորիս Բերեզովսկին տիպիկ ռուսաստանյան լաուտենզակ է և համայն Ռուսիո լաուտենզակության խորհրդանիշ: Հակիրճ հիշեցնենք նրա առաքելությունն ազատական Ռուսաստանում:
Լինելով արտասովոր ճկուն խելքի տեր մարդ` Բերեզովսկին բոլոր հիմքերն ուներ դժգոհ լինելու սեփական սոցիալ-տնտեսական վիճակից, ինչը բխում էր խորհրդային գիտատեխնիկական մտավորականությանը նրա պատկանելուց: Ռուսաստանի ազատականացումը նրան անչափ հարստանալու հնարավորություն ընձեռեց: Հասկանալի է, դա պահանջում էր որոշակի հարաբերությունների հաստատում քաղաքական շրջանակներում և նորաթուխ օլիգարխի սրընթաց թռիչքը կարիերայում բնական ձևով ապահովեց նրա ներկայությունը երկրի քաղաքական ընտրանու շարքերում, որտեղ նա իրեն փայլուն դրսևորեց որպես երկրի հանրային կարծիքի և քաղաքական դաշտի ճարտարապետներից մեկը: Այնուհետև կյանքն ավելի հետաքր-քրացավ: Բերեզովսկին քիթը խոթում է տերության կադրային հարցերի մեջ, կարելի է անգամ առանց չափազանցելու ասել, որ տնօրինում է դրանք, քանի որ բոլորին է հայտնի, որ մեծ տերությունը հենց նրան է պարտական երկու (առնվազն) կառավարությունների հրաժարականով և հարյուրավոր կարևորագույն նշանակումներով: Որոշակի փուլում պարզ է դառնում, որ ձեռներեց Բերեզովսկին բացարձակ ոչինչ է առանց քաղաքականության և նրանից դուրս, ինչպես և քաղաքական գործիչ Բերեզովսկին է անիրական` առանց իր ձեռներեցության բաղկացուցչի: Այնուհետև հիմնաքարային է դառնում անվտանգության հարցը, քանզի մի բան է հարստություն դիզելն ու անցումային շրջան ապրող երկրում գլխապտույտ կարիերա անելը, և բացարձակապես այլ բան` այդ ամենը պահելը: Այսպիսով, անվտանգության և ռեժիմի վերարտադրման խնդիրը Բերեզովսկու համար դառնում է անձնական անվտանգության հարց: Զբաղվելով դրանով` Բերեզովսկին սողոսկում է ամենուր, նրա գործունեության գլխավոր ուղղությունն է դառնում հանրային կարծիքի հիմարացումը իրեն ենթակա ԶԼՄ-ի միջոցով և անթիվ քաղաքական ինտրիգների մեջ նրա ներգրավումը` ընդհուպ մինչև համագործակցությունը ահաբեկիչների հետ և քաղաքական կատակլիզմների կազմակերպումը: Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն ասում է (և նրան չհավատալու հիմքեր մենք չունենք), որ Բերեզովսկին գալիս էր Չեչնիա և ասում գրոհայիններին. «Ես չեմ կարող ձեզ համար հենց այնպես փող ճարել, մարդկանց առևանգեք, իսկ մենք հետո նրանց փրկագնով հետ կբերենք»:
Հասկանալի է, որ լաուտենզակների միջավայրը կենդանի միջավայր է, ուր կան ներքին հակասություններ և հնարավոր կոնֆլիկտներ: Ծառայելով մեկ գործի, ունենալով մեկ տեր և ընդհանուր ռազմավարական շահեր` լաուտենզակներն, այնուամենայնիվ, երբեմն բանը հասցնում են եղբայրասպան պատերազմների: Ռուսաստանում այդ գործընթացը վառ կերպով արտացոլվեց Բորիս Բերեզովսկու և նրա գործընկերոջ` Վլադիմիր Գուսինսկու դիմակայությամբ: Ռուսաստանյան հասարակության հիշողության մեջ դեռ թարմ են տեղեկատվական պատերազմների մղձավանջները, որոնք առանձնահատուկ դրամատիզմի հասան 1999թ.: Գուսինսկու, որ գեղարվեստը ներկայացնող մտավորականության ընդերքից էր դուրս եկել, ճակատագիրը հիմնականում նման է Բերեզովսկու ճակատագրին, միայն մի տարբերությամբ, որ պրն Գուսինսկին ավելի շուտ տանուլ տվեց, քանզի անզգուշություն ունեցավ գտնվել մի կլանում, որը կարճ ժամանակով Կրեմլի ընդդիմությունն էր և սեփական քաղաքական խաղն էր վարում:


ԼԱՈՒՏԵՆԶԱԿՆԵՐԸ ԲԱՑ ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ


1990-ականների առաջին կեսին լաուտենզակները Ռուսաստանում, փաստորեն, արդարացրին իրենց վրա դրված մեծ հույսը: Նրանք` ա. անփոխարինելի աջակցություն ցուցաբերեցին հանրային կարծիքի վերահսկման գործում, բ. ազատական երանգավորում հաղորդեցին անցկացվող բարեփոխումներին երկրում և արտասահմանում, գ. շատ արագ ներգրավվեցին օլիգարխացման գործընթացում, եթե չասենք, որ նաև գլխավորեցին այն, դ. ստեղծեցին քաղաքական գործընթացի կառավարման լծակներ: Այս ամենը միասին վերցրած ծառայեց բարձրագույն նպատակի և լաուտենզակներին թույլ տվեց հասնել դրան, և դա ելցինյան վարչակարգի պահպանումն էր 1996թ. խնդրահարույց ընտրություններում, երբ ազատական փորձարկումը Ռուսաստանում մազից էր կախված: Նոր վարչակարգը, փաստորեն, յուրացրել էր վերարտադրման տեխնոլոգիան, իսկ ժողովրդավարության կառավարելիությունը իրականություն էր դարձել (ի դեպ, վերջին ժամանակներս «կառավարելի ժողովրդավարություն» եզրը դուրս է եկել կիրառությունից. ափսոս): Դա մեծ հաղթանակ էր, որ ձեռք էին բերել լաուտենզակները, որից հետո նրանց համար դրախտային օրեր սկսվեցին: Ռեժիմը շռայլորեն վարձատրեց իր սպասարկու դասին. սեփականաշնորհում գրավային աճուրդներով և այլ այլանդակություններ. այսպիսին էր բարձրագույն իշխանության շնորհակալությունը:
Սակայն այդ ժամանակվանից սկսվեց այն, ինչ ընդունված է անվանել «անվերահսկելիություն»:  Լաուտենզակները գործով տեսան իրենց ուժը, բայց ողբերգականն այն էր, որ նրանք հավատացին դրան և վստահեցին: Նրանց մոտ ի հայտ եկավ այն ախտանշանը, որը Ստալինը քնքշանքով անվանում էր «գլխապտույտ հաջողությունից»: Հավանաբար նրանց թվաց, թե հենց իրենք են տնօրինում իշխանությունը և որոշում պետության քաղաքականությունը, այլ ոչ թե իշխանությունն է նրանց հսկում: Ինքնագլուխ ասպատակություններ սկսվեցին դեպի մեծ քաղաքականություն (օրինակ, Գուսինսկու մտադրությունները` 2000թ. նախագահական ընտրություններում սատարել Կրեմլին ընդդիմադիր քաղաքական գործչի այն դեպքում, երբ Բերեզովսկին ամուր դիրք ուներ»ընտանիքում»և նրա, այսպես կոչված, ուղեղային վերլուծական տրեստն էր): Այս ամենը բացասական ազդեցություն ունեցավ ընդհանուր գործի և առանձին վերցրած` յուրաքանչյուր լաուտենզակի ճակատագրի վրա:
Այսպիսով, լաուտենզակության անվերահսկելիությունը Ռուսաստանում առանձնահատուկ ուժով դրսևորվեց: Հավանաբար, այստեղ նշանակություն են ունեցել բազմաթիվ գործոններ. և’ լաուտենզակների չափից ավելի ինքնահավանությունը, և’ նրանց վիթխարի կարողությունները, և’ անձնական հավակնություններն ու մասնավոր շահերը, և շատ այլ բաներ: Օրինակ, մեկ այլ աչքի ընկնող լաուտենզակի` Միխայիլ Խոդորկովսկուն, ձանձրացրել էր սպասարկու դասի անդամ լինելը, և նա, ոչ ավելի, ոչ պակաս, աչքը տնկել էր ամենասրբազանին, որ կա Ռուսաստանում` բարձրագույն իշխանությանը: Ինչպես հայտնի է հավաստի աղբյուրներից, պրն Խոդորկովսկին մտադրվել էր Ռուսաստանը վերածել պառլամենտական հանրապետության և դառնալ վարչապետ` նախագահին դարձնելով դեկորատիվ մի բան: Այդօրինակ բարձր առաքելության իրականացման համար Խոդորկովսկին «մեծածախ և մանրածախ» կերպով գնում էր Պետական դումայի պատգամավորներին, իր «Բաց Ռուսաստան» («ԿՑՍՐօՑՈÿ ՀՏրրՌÿ») հիմնադրամի միջոցով տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ էր ծախսում իբր ժողովրդավարության զարգացման համար և այլն, բայց իրականում այդ հսկայական միջոցները նախատեսված էին պատանեկության, այսինքն, 2007թ. իր պոտենցիալ ընտրողների «հղկման» համար: Ավելին, ընդգրկված լինելով ընդհատակյա քաղաքական գործունեության մեջ, ընդ որում` փորձելով սահմանադրական հեղաշրջում իրականացնել` պրն Խոդորկովսկին անգամ չէր ցանկանում հետևել օրինավորության և հասարակական «հիգիենայի» տարրական կանոններին: Բանն այն է, որ Խորդորկովսկուն վերագրվող բարեգործությունը հենց իր կողմից ուռճացված առասպելներից մեկն է: Իրականում նա բարեգործությամբ զբաղվում էր գերազանցապես օվկիանոսից այն կողմ. օրինակ, կալանավորվելուց ոչ շատ առաջ նա միլիոն դոլար նվիրաբերեց ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին (որևէ մեկը կպատկերացնի՞, որ մարդկանց այդ խմբից ինչ-որ մեկը մի միլիոն նվիրեր Լենինյան գրադարանին, որ խեղդվում է աղքատության մեջ` բարեփոխումներն սկսելու պահից): Նշեմ, որ Ռուսաստանում գողանալը և այլ երկրներում աստվածահաճո գործեր անելն անպարկեշտ է, եթե արտահայտվենք նորմատիվ բառապաշարի շրջանակներում: Հետևաբար, Ռուսաստանում Խոդորկովսկու ծախսած յուրաքանչյուր դոլարը, յուրաքանչյուր սենթը իր որոշակի նշանակությունն է ունեցել, այն է` սատարել անձնական քաղաքական նախագծերի իրականացմանը,  ո’չ ավելին:
Սակայն էյֆորիան, որի մեջ այդքան անհոգ գտնվում էր ռուսաստանյան լաուտենզակությունը, թույլ չտվեց նրանց հավուր պատշաճի գնահատել վերահաս վտանգը, որ ծագում էր հենց բնությունից: Լաուտենզակները հանկարծ մոռացան, թե ովքեր են իրենք և ինչու են իրենց ծնել, և ամենագլխավորը` նրանք մոռացել էին, որ իրենց դասը գործուն է և անհրաժեշտ միայն պատմաքաղաքական զարգացման որոշակի փուլում, որի սահմաններից դուրս նրանք հայտնվում են մի միջավայրում, ինչպիսին է, ասենք, ցամաքը ձկան համար կամ նման որևէ այլ բան:


ԼԱՈՒՏԵՆԶԱԿՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ


Լաուտենզակները խղճից ազատ մարդիկ են: Նրանց խորթ է սկզբունքայնությունը կամ այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են, ասենք, պատիվը, արժանապատվությունը և այլն: Էլ չենք խոսում այն մասին, որ նրանք պարզապես թքած ունեն քաղաքական գաղափարաբանության և ընդհանրապես գոնե որևէ գաղափարի վրա: Նրանց առաքելությունը հարստություն դիզելը և «մարդամեջ դուրս գալն» է անցումային շրջանում, ինչի համար պահանջվում է որոշակի ծառայություններ մատուցել վարչակարգին: Սակայն անցումային շրջանը դեռ իրական քաղաքացիական կացություն չէ, և այն հավերժ չէ: Ստացվեց այնպես, որ Ռուսաստանի երկրորդ նախագահին և այն քաղաքական իրականությանը, որ ձևավորվեց նրա իշխանության գալուց հետո, լաուտենզակները, մեղմ ասած, պիտանի չեղան. Պուտինը կարիք չուներ ջանքեր գործադրելու ընտրություններում հաղթելու համար և, համապատասխանաբար, դրա դիմաց հատուցելու հասարակական բարիքների վատնումով. ժողովորդն ինքն էր ընտրել նրան, առանց որևէ հուշումի և ապուշացվելու թանկարժեք միջոցառումների: Պուտինին անհրաժեշտ էր երկրում վերականգնել հասարակական համաձայնությունը և վերածնել ազատական փորձարկման տարիներին խեղաթյուրված քաղաքացիական հասարակությունը: Պուտինին անհրաժեշտ էր կանգնեցնել ամենաթողությունը դաշնությունում, կենտրոնի հետ սուբյեկտների և միմյանց միջև հարաբերությունների մակարդակով: Վերջապես Պուտինին անհրաժեշտ էր կասեցնել մեծ չափերի հասնող գանձագողությունը և սանձել կոռուպցիան: Ինչպես տեսնում ենք, պատմական գործընթացի զարգացումը հանգեցրեց նրան, որ Ռուսաստանի երկրորդ նախագահը պետք է զբաղվեր իրավիճակի գլոբալ առողջացմամբ հասարակության և պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Հասկանալի է, որ սա ստեղծարար, կառուցողական աշխատանք է, որի իրականացման համար գուցե շատ բան է պահանջվում, բայց ոչ լաուտենզակների դասը:
Այսպիսով, իրավիճակի առողջացմանը, տնտեսությունում և իրավական ոլորտում իրավիճակի արմատական բեկմանը զուգընթաց` լաուտենզակները, մեղմ ասած, դուրս թռան: Բորիս Բերազովսկին հուսահատ դիմադրում էր գործադիր իշխանության կենտրոնացման և նրա հզորացման պուտի-նյան քաղաքականությանը (օրինակ, Բերեզովսկին կտրուկ դեմ էր դաշնային օկրուգների ստեղծմանը. հայտնի է, որ նա փորձում էր տարհամոզել հասարակությանը, որ Ռուսաստանին բոլորովին էլ ուժեղ կենտրոն պետք չէ, Ռուսաստանին պետք են ուժեղ տարածաշրջաններ, ինչպես վաղ միջնադարում եվրոպական սենիորական միապետությունների դարաշրջանում), քանի որ այդ գործընթացը կարգուկանոն էր մտցնում երկրում և իշխանական կառույցները համապատասխանեցնում էր իրավունքին և առողջ բանականությանը: Այսօր մինչև վերջ դեռևս գիտակցված չէ` որքան գլխացավանք է պատճառվել Պուտինին և որքան արգելք դրվել նրա ճանապարհին այդ բարեփոխումներին խիստ ընդդիմացող իր նախորդի լաուտենզակների կողմից: Հնարավոր է, շատ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ բանը նույնիսկ հասել էր Ռուսաստանում անջատողականու-թյան ուղղակի սատարմանը և ահաբեկիչների հետ սերտ համագործակցությանը` չխոսելով արդեն այն վիթխարի աշխատանքի մասին, որ կատարում էին լաուտենզակները արտասահմանում` Ռուսաստանի նախագահի նյարդերն ու իմիջը փչացնելով:
Մի խոսքով, լաուտենզակության կողմից նոր ստեղծված իրողությունները չըմբռնելը, Ռուսաստանի նոր ղեկավարությանը նրանց հայտարարած անհույս պատերազմը ավարտվեցին լաուտենզակության լիակատար պարտությամբ: Եվ հաղթանակը տարավ պետությունը ոչ այնքան շնորհիվ նրա ղեկավարության կամքի, որքան պատմաքաղաքական գործընթացի բնական զարգացմանն ի հետևանք: Այսօր կարելի է փաստել. լաուտենզակությունը Ռուսատանում անցած փուլ է: Լաուտենզակները վերացան որպես դաս, որն անհրաժեշտ էր վարչակարգի պահպանման համար հետհեղափոխական շրջանում: Թե որքան կտևի հոգեվարքը` կարևոր չէ, մանավանդ, որ դեռ հարց է, թե էական է արդյոք և նշանակալի այդ հոգեվարքն այսօր հասարակության համար:


ԼԱՈՒՏԵՆԶԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՀ-ՈՒՄ

Այստեղ հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. այն հանրապետություններում, որտեղ իշխանությունը ժառանգել էին ԿԿ առաջին քարտուղարները, լաուտենզակությունն այդքան վիթխարի թափ չհավաքեց այն երկրների համեմատ, որտեղ իշխանությունն անցել էր ամեն տեսակ ժողովրդական ճակատներին: Մասամբ դա կարելի է բացատրել նրանով, որ առաջին քարտուղարներն ու նոր նախագահները բավական օպերատիվ կերպով վերափոխեցին իրենց Կենտրոնական կոմիտեները նախագահական աշխատակազմերի, ընդհանուր առմամբ պահպանեցին իշխանության և կառավարման էությունը: Նրանց հաջողվեց կասեցնել առանց անցյալի, հանրահավաքային ամբոխից եկած մարդկանց մուտքն իշխանություն: Մյուս հանգամանքը կապված է խիստ անձնային հարթությունում: Հայտնի է, որ խորհրդային ղեկավարներն իրենց բնույթով բավական պատկառելի մարդիկ են, ինչպես ասում են` չափավոր գարշող, և անձնական շահերի իրականացման համար նրանք միշտ կկարողանան արժանի կատարողներ գտնել, որոնք հասարակության մեջ այրուցք չեն առաջացնում: Ժողովրդական ճակատների ղեկավարների հետ համեմատության համար բերենք Վրաստանի տխուր օրինակը. Զվիադ Գամսախուրդիան գրեթե լիովին կազմաքանդեց պետական մեքենան, որ ստեղծվել էր տասնամյակների ընթացքում, և այդքան կոշտ թերապիայից հետո բոլորովին էլ զարմանալի չէ, որ Վրաստանում «օրենքով գող» մեկը (խոսքը ոչ անհայտ Ջաբա Իոսելիանու մասին է, որի ներկայությամբ, ինչպես ասում էին, անգամ օրենքով գողերը չէին ծխում գաղութներում): Էդուարդ Շևարդնաձեից շատ ջանքեր պահանջվեցին լաուտենզակների դասը քիչ թե շատ մեղսունակ վիճակի բերելու համար, ինչով էլ նա զբաղվում էր իր առաջին նախագահական ժամկետի ողջ ընթացքում: Ադրբեջանում քիչ հոգսեր չպատճառեց Աբուլֆազ Էլչիբեյը, իսկ Հեյդար Ալիևը ստիպված էր զբաղվել իրավիճակի կարգավորմամբ: Լաուտենզակությունը գրեթե շրջանցեց Բելառուսը. Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ էության, պահպանեց խորհրդային կարգը` այն համալրելով սեփականության ձևերի բազմազանությամբ, բազմակուսակցականությամբ և ժողովրդավարության այլ ատրիբուտներով: Ղազախստանի բախտը մի փոքր ավելի պակաս բերեց, քանի որ բարեփոխումներն այնտեղ անհամեմատ ավելի ծավալուն էին և հանգեցրին երկրի օլիգարխացմանը, ինչը, բնականաբար, չէր կարող լաուտենզակություն չծնել: Միջինասիական մյուս հանրապետություններում իրավիճակը փոքր-ինչ բարդ էր. հավանաբար, իրենցն էին անում ազգամիջյան և քաղաքացիական հակամարտությունները և տնտեսության մեջ գործերի վատթար վիճակը (Ղազախստանի համեմատությամբ): Սակայն առավել յուրատեսակ թափ լաուտենզակությունը ստացավ Հայաստանում, և քանի որ դա մեզ չափազանց հետաքրքիր է, հարկ է, որ դրան առանձնահատուկ ուշադրություն հատկացնենք: 

 
ԼԱՈՒՏԵՆԶԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Հայաստանն ուրույն է նրանով, որ մինչ լաուտենզակությունն ԱՊՀ-ում աստիճանաբար անցյալ էր դառնում, այստեղ սկսվում էր նրա համընդհանուր լեգիտիմացումը: Իմ կարծիքով` սա հազվադեպ երևույթ է համաշխարհային քաղաքականության մեջ: Դիտարկենք բուն հարցը փուլ առ փուլ:
Հայաստանը հետխորհրդային տարածքում իսկական դրախտ դարձավ լաուտենզակության համար շատ պատճառներով: Այստեղ ի հայտ եկան այդ դասի բարգավաճման լուրջ նախադրյալներ, որոնցից մի քանիսն ընդհանրապես չկային Ռուսաստանում: Նախ. առանցքային քաղաքական դեմքերը քիչ բանով էին տարբերվում լաուտենզակներից իրենց կրթության և կուլտուրականության աստիճանով և ընդօրինակման փայլուն օրինակ էին: Օրինակ, արդեն 1990-ականների սկզբից բռնությունը և խուլիգանությունն իրական գործոններ դարձան քաղաքականության մեջ, և դժվար թե որևէ մեկը մոռացել է կանանց հրապարակային ծեծերը կառավարության պատերի մոտ սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից, կամ էլ 1996թ. ընտրությունների խայտառակ զեղծարարությունները, որոնց ամփոփիչ ակորդը դարձան Վազգենի անմահ խոսքերը. «Եթե նույնիսկ ձայների հարյուր տոկոսն էլ հավաքեք, ձեզ իշխանություն տվող չկա», որոնք եթեր հեռարձակվեցին ամբողջ աշխարհով մեկ: Կամ էլ հայ լիբերալիզմի մեկ այլ լուսատուի` եզակի թանգարանային նմուշ Վանո Սիրադեղյանի հայտնությունները, որը լիբերալ էքստազի պոռթկման պահին անկեղծորեն խոստովանել էր, որ հենց ինքն է միակ գողը երկրում:
Երկրորդ. Հայաստանը տիպիկ ասիական երկիր է, բայց եվրոպական անցյալով (նկատի ունեմ գտնվելը ԽՍՀՄ կազմում, որը մշակութային առումով, անշուշտ, եվրոպակենտրոն տերություն էր և եվրոպական արժեքները հավասարապես արմատավորում էր իր բոլոր սուբյեկտներում` անկախ նրանց էթնոդավանական պատկանելությունից): Այստեղից կարելի է կռահել, անգամ չիմանալով Հայաստանը, թե ինչպիսի հրեշավոր արժեքների նենգափոխման է ենթարկվել այս երկիրը: Բավական կարճատև ժամանակահատվածում պետության մեջ արմատապես փոխվեց ընտրանին, իսկ մտավորականությունը դեն նետվեց քաղաքական իրականությունից: Թե ումով և ինչպես լցվեց վակուումը` գիտեն բոլորը:
Երրորդ. Հայաստանում, ինչպես և ամենուր Արևելքում, կայացավ քաղաքականության մեջ ուժեղագույն` ռազմական գործոնը: Ղարաբաղյան պատերազմի արդյունքում ծնված զինվորական օլիգարխիան ձեռք բերեց բավական մեծ ինքնուրույնություն և անկախություն պետությունից. նրան իրավունք տրվեց գոյություն ունենալ իրավական դաշտից դուրս` Քոչարյանի ռեժիմի հանդեպ լոյալություն ցուցաբերելու փոխարեն:
Ինչ վերաբերում է տնտեսության ապապետականացմանը և հաջորդող օլիգարխացմանը, կոռուպցիայի կենտրոնացմանը և նոր բյուրոկրատիայի առաջացմանը, ապա այս հարցերում Ռուսաստանի և Հայաստանի միջև ընդհանուր շատ բան կա: Սակայն վերը նշված տարբերությունները բավական եղան երկրի քաղաքական իրականու-թյունն այլանդակելու և բանը ներկա ճգնաժամին հասցնելու համար:


ԼԱՈՒՏԵՆԶԱԿՆԵՐԸ ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԸ


Հայաստանում լաուտենզակության «հայր» իրավամբ պետք է ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանին: Հենց նրա օրոք այն ծնունդ առավ և կայացավ որպես դաս, և հենց նա դարձավ նրա առաջին ծառայությունների սպառողը. 1996թ. ժողովրդի կամարտահայտու-թյան պղծումը և այդ նշանային իրադարձությանը նախորդած գլխավոր փորձը` 1995թ. խորհրդարանական կամպանիան, լաուտենզակների ձեռքի փայլուն գործն է: 1998թ. «պալատական» հեղաշրջման ժամանակ սպասարկու դասը վստահեց իր հոտառությանը և չսխալվեց. իրական ուժը, նշանակում է` նաև իշխանությունը, ուժային գերատեսչությունների ձեռքում էր, որոնց էլ հարեցին լաուտենզակները: Տեր-Պետրոսյանը, անատամ առյուծի նման, հաշտվեց պարտության հետ և հեռացավ:
Նրան փոխարինելու եկած Ռոբերտ Քոչարյանը երկրում համակարգային բարեփոխումներ չիրականացրեց. նա սահմանափակվեց իրավիճակի մասնակի առողջացմամբ և Տեր-Պետրոսյանի օրոք եղածի օրինականացմամբ: Օրինակ, ամենաթողությունն ու բռնությունը երկրում նվազեցին, իսկ տարերայնությունը տեղը զիջեց համակարգայնությանը: Մի խոսքով` հաստատվեցին խաղի գիտակցված կանոններ, որոնք ձեռնտու էին բոլոր կողմերին: Պարզություն մտցնենք ասվածի մեջ:
Ես երկար ժամանակ վրդովվում էի Հայաստանի խորհրդարանի դեգրադացիայով, որը յուրաքանչյուր գումարման հետ ավելի ու ավելի վատն էր դառնում (օրինակ, եթե համեմատենք 1990թ. առաջին Գերագույն խորհրդի անդամների մտավոր ցուցանիշները Ազգային ժողովի ներկա կազմի հետ, ապա պատկերը հուսահատեցնող կստացվի), և մեղադրանքներ էի ներկայացնում միայն Քոչարյանին ու նրա մերձավոր շրջապատին: Սակայն չեմ կարծում, թե անհատին մեղադրելը մի բանում, ինչը սուբստանցիոնալ է, ճիշտ զբաղմունք է: Նույն Քոչարյանը, նստեցրու նրան Ելիսեյան պալատում, իրեն այլ կերպ կպահեր, այն է` ֆրանսիական ազգության մշակութային և քաղաքական զարգացման մակարդակին համապատասխան: Հետևաբար, պահանջել մարդուց քաղաքակրթական նշանակության սխրանքներ և վրդովվել, որ նա դրանք չի կատարում,« մեղմ ասած, միամտություն և անհեռատեսություն է: Միշտ պետք է հիշել, որ Քոչարյանը երեք միլիոն հայերից մեկն է (և ոչ թե անգլիացիներից կամ ֆրանսիացիներից) և նախագահ է աշխատել հենց Հայաստանում: Այս տեսանկյունով արվող դատողությունները թույլ կտան հանգել ավելի օբյեկտիվ եզրակացությունների և խուսափել սխալ կարծիքներից: Այժմ տեսնենք, թե ինչ արեց Քոչարյանը երկրում:
Ըստ էության, Հայաստանում հաստատվեց դասային ներկայացուցչություն:  Հիշեցնեմ, որ դասա-ներկայացուցչական միապետությունները նախորդել են աբսոլյուտիզմի դարաշրջանին Եվրոպայում և բացարձակ միապետություններից տարբերվում էին նրանով, որ պետության ղեկավարն իշխանությունը կիսում էր դասերի հետ, որոնք որպես միջնորդ էին հանդես գալիս թագավորի և ժողովրդի միջև: Միապետը նրանց հետ կիսում էր իշխանությունը և աչք փակում նրանց շատ չարաճճիությունների վրա` փոխարենը լոյալություն պահանջելով: Միայն ավելի ուշ, կապիտալիստական հարաբերությունների բուռն զարգացման շրջանում, պարզվեց, որ այդ դասերը սպառել էին իրենց և այլևս ոչ մեկին պետք չէին, ու քաղաքացիները (ժողովուրդը) թագավորի հետ միասին ազատվեցին նրանցից (բարոններից). վրա հասավ աբսոլյուտիզմի դարաշրջանը, և ասպարեզում մնացին միայն պետության ղեկավարը` բացարձակ իշխանությամբ օժտված, և ժողովուրդը, իսկ միջնորդները` հանձինս դասերի, վերացան:
Համեմատություն անցկացնելով եվրոպական դասային ներկայացուցչության և Քոչարյանի տասնամյա կառավարման միջև` կարելի է ասել հետևյալը. օլիգարխների առջև բացվեց դեպի իշխանություն տանող ճանապարհը, նրանց առջև լայնորեն բաց էին խորհրդարանի դռները (այսինքն, իշխանությունը, որ նրանք պայմանականորեն ունեին Տեր-Պետրոսյանի օրոք, Քոչարյանի ժամանակ նրանց տրվեց անպայմանորեն), բյուրոկրատիան ձևավորվեց վերջնականապես և դարձավ քաղաքականության իրական գործոն, զինվորական օլիգարխիան չափավորեց ախորժակը (քաղաքական հավակնությունների առումով), սկսեց բավարարվել ստվերային ֆինանսական հոսքերով և իրավական դաշտից դուրս գտնվելով, դե, իսկ երկրի հարկային ու իրավապահ համակարգերն իրենց գործունեությունը հարմարեցրին այդ դասերի գործառնությանը: Այսպիսով, պետության ղեկավարը, որոշակի պայմանավորվածությունների և խաղի կանոնների շրջանակներում սկսեց իշխանությունը բացահայտ կիսել դասերի հետ, նրանց որոշ չարաճճիություններ թույլ տալ, բայց ի փոխարեն նրանց լոյալության, իսկ լաուտենզակությունը ձևավորվեց վերջնականապես և սկսվեց նրա ոսկե դարը:
Ինչպես տեսնում ենք, բոլորի համար ամեն ինչ հանկարծ լավացավ« դժգոհների դժվար էր գտնել, բացի... ժողովրդից, որին, ի դեպ, ցանկացած ասիական պետությունում ոչ ոք և երբևէ առանձնապես բանի տեղ չի էլ դնում: Սակայն ժողովուրդը, այնուամենայնիվ, հենց նրանով է հայտնի, որ հատուկ նրա համար կազմակերպվում են ընտրություններ, հանրաքվեներ և ժողովրդավարական այլ միջոցառումներ, հետևաբար, հարկավոր է ուղղորդել ժողովրդին, ինչի համար էլ գոյություն ունեն լաուտենզակները: Հայաստանում սկսվեց աննախադեպ կուսակցական շինարարություն, որն իր թափով չէր զիջում Երևանում վեր հառնող նորակառույցներին: 2003թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` երկրում արմատավորվեց կառավարման նոր` կոալիցիոն տեսակը, որի ուրվագծերը երևացին դեռևս 1998թ., երբ նախագահական ընտրություններից հետո Քոչարյանն սկսեց իշխանությունը կիսել դաշնակցականների հետ: Հետո էլ ավելի հեռուն գնաց: Սահմանադրության նոր խմբագրությունը վերջնականորեն ամրապնդեց դասային ներկայացուցչությունը` որպես երկրի կառավարման ձև: Հիմնական օրենքի նոր տարբերակը նախատեսում է իշխանության կիսում պետության ղեկավարի և խորհրդարանի ու կառավարության միջև. ներքին քաղաքականությունը կապալով տրվեց կառավարությանը (որ ձևավորում էր խորհրդարանական մեծամասնությունը, այսինքն` օլիգարխիան, նոր առևտրային-քաղաքական կազմակերպությունները` քաղաքական կուսակցությունների անվան տակ, տարածաշրջանային հեղինակությունները և այլն), արտաքինը` նախագահին և կառավարությանը, իսկ պաշտպանությունը և անվտանգությունը միանձնյա տնօրինում է նախագահը և այլն: Ինչպես տեսնում ենք, այն, ինչ իրականում գոյություն ուներ դե ֆակտո, սահմանադրական փոփոխություններից հետո օրենքի ուժ ստացավ և սկսեց գոյություն ունենալ դե յուրե1: Այս տեսանկյունից, հավանաբար, ազնիվ չի լինի չընդունել, որ Հայաստանի սահմանադրությունը ճշմարիտ սուբստանց է (որքան էլ տարօրինակ հնչի), քանի որ կատարելապես համապատասխանում է նրան, ինչ կա օբյեկտիվ իրականության մեջ: Հետևաբար, պետք է կրկնեմ, որ բոլոր մեղադրանքները անհրաժեշտ է ներկայացնել ոչ թե քաղաքական լիդերներին և նրանց ստեղծած սահմանադրություններին, այլ ազգին ընդհանրապես, որը ստեղծել է այն իրականությունը, որում իր հայելային արտացոլումն է գտնում (թեկուզև նույնիսկ կեղծված) անցանկալի սահմանադրությունը:
Այսպիսով, մինչ Ռուսաստանում և ԱՊՀ մի շարք այլ երկրներում լաուտենզակությունը վերանում էր որպես իրեն սպառած դաս, Հայաստանում այն գոյատևելու և բարգավաճելու ամենաբարենպաստ հիմք գտավ: Մի կոմղից` դա միանգամայն օրինաչափ է և բնական, քանի որ վավերացված է ազգի էությամբ, հասարակական և միջանձնային փոխհարաբերությունների բնույթով, մյուս կողմից` դա անբնական երևույթ է, քանի որ խոչընդոտում է պոզիտիվ զարգացմանը և 21¬րդ դարի երկիրը մոտեցնում է միջնադարին: Հետևաբար, նման հակասությունը երբևէ պետք է լուծում ստանար, և կարելի է ենթադրել, որ ժամանակը եկել է…

ՀԱՅՈՑ ԼԱՈՒՏԵՆԶԱԿՈՒԹՅԱՆ  ՎԱԽՃԱՆԻ ՍԿԻԶԲԸ


Հայտնի է, որ պառակտումն Արևի տակ գտնվող ամեն ինչի վախճանի սկիզբն է: Պառակտումը հասարակության, ազգի, իշխանության, պետության մեջ, մի խոսքով` ամենուր, հանգեցնում է կործանման, և լաուտենզակների դասն ամենևին էլ բացառություն չէ: Այնպես ստացվեց, որ երկրի նախկին նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն խառնակություն մտցրեց հայ լաուտենզակության շարքերում: Նրանցից ոմանք անցած ժամանակների նոստալգիայի մեջ ընկան և բռնկվեցին առաջին դերերին վերադառնալու ցանկությամբ, ոմանք կյանքից ավելին ուզեցին, քան այն կարող էր տալ, դե, իսկ շատերն էլ պարզապես սխալ հաշվարկեցին` ենթարկվելով Տեր-Պետրոսյանի խարիզմայի ցնցող ազդեցությանը: Մի խոսքով` մարդիկ որոշեցին ազատվել Քոչարյան-Սարգսյան երկյակից, ազատել երկիրը ղարաբաղցիների «տիրապետությունից», վերաբաշխել սեփականությունը և ֆինանսական հոսքերն ու ապրել երջանիկ կյանքով, իսկ դա անելն ամենահասարակ բանն էր թվում, քանի որ, նրանց կարծիքով, երկրի բնակչությունը համընդհանուր ատելությամբ է լցված վարչակարգի և ընտրություններում նրա դրածոյի հանդեպ: Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, կյանքն ամեն ինչ իր տեղը դրեց. հայ հասարակության լճացումը հաղթահարվեց, և սկսվեց ինքնամաքրման շրջանը:
Հատկանշական է, որ լաուտենզակությունն ինքը նախաձեռնեց սեփական վախճանը: Եթե չլիներ Տեր-Պետրոսյանի մասնակցությունը քարոզարշավին, դժվար թե Սերժ Սարգսյանը դրա վերացմանն ուղղված քայլերի դիմեր: Սակայն չարժե զբաղվել գուշակությամբ. իմ կարծիքով, ավելի լավ է ենթադրել, որ լինելով անբնական և ժամանակավոր երևույթ` լաուտենզակությունը բոլոր պարագաներում պետք է ցած իջներ ասպարեզից, իսկ ինչ վերաբերում է դրդապատճառներին, ապա դրանք կարող էին բազմաթիվ լինել: Տվյալ պարագայում հայ լաուտենզակությունը մի փոքր առաջ անցավ ժամանակից, ինչն առանձին երախտագիտության է արժանի:
Վերն ասացի, որ ընդդիմություն անցած լաուտենզակները սխալվեցին իրենց հաշվարկներում, իսկ մինչ այդ ասել էի, որ լաուտենզակ են դառնում, որպես կանոն, միջակ խելքի տեր մարդիկ, քանզի լուրջ ինտելեկտի կրողները սովորաբար զենք չեն դառնում ուրիշի ձեռքին: Լաուտենզակները նաև ի վիճակի չեն հետևել համընդհանուր շահերին և ընդունել դրանք. նրանք իրենց մասնավոր շահերն ունեն, որոնք էլ պրակտիկ գործունեության կողմնորոշիչներն են: Սակայն Տեր-Պետրոսյանի երկրորդ գալստյամբ լաուտենզակները դավաճանեցին իրենց իսկ ծնած սկզբունքին« այն է` խախտեցին տրված երդումը ռեժիմին, որին պարտավոր էին ծառայել և մտադրվեցին տապալել այն: Փորձը հաջողություն ունենալ չէր կարող, և բանը բոլորովին էլ այն չէ, որ Սարգսյանն ավելի նախընտրելի էր Տեր-Պետրոսյանից (կամ հակառակը), այլ բանն ընդամենն այն է, որ Տեր-Պետրոսյանի փորձը սկզբից ևեթ դատապարտված էր, քանզի իր «ժողովրդական շարժման» հարվածային ուժ էր ընտրել լաուտենզակներին: Հասկանալի է, որ նման նախագծերն իրականում հեռանկարներ չունեն: Ըստ էության, դա լաուտենզակների խռովություն էր` նման ենիչերիների բունտերին Օսմանյան կայսրությունում կամ ստրելեցներինը` Ռուսաստանում, իսկ սպասարկու դասերի բունտերը բոլոր դեպքերում դատապարտված են ձախողման «քանի որ ամենևին էլ իրենց չէ, որ վիճակված է իրականացնել երկրում հասունացած և օբյեկտիվորեն պահանջված փոփոխությունները, և ամենևին էլ իրենք չեն, որ ի վիճակի են տապալել պետական իշխանությունը2:
Ուշադրություն դարձնենք մեկ այլ հանգամանքի վրա. փաստորեն, ընդդիմադիր լաուտենզակները հարվածի տակ դրեցին վարչակարգին հավատարմությունը պահպանած իրենց «համքարության» գործընկերներին: Սերժ Սարգսյանը հանդիսավորապես հայտարարեց, որ արմատախիլ կանի ֆիդայականությունը, և որ այսուհետ երկրում չեն լինի «մաուզերիստներ» և այլ զանազան տականքներ: Սա նշանակում է, որ զինվորական օլիգարխիայի լաուտենզակների համար սև օրեր են սկսվել, և բոլորին մի արշինով չափեցին: Այս հանգամանքը հետագայում կարող է միջլաուտենզակյան բախումներ առաջացնել, սակայն չեմ կարծում, թե պետության համար դա ցանկալի չէ. ընդհակառակը, երկրում բակտերիաները բազմացել են, և լավ կլիներ, որ դրանց մի մասը վերացվեր եղբայրակիցների և ոչ թե պետության ջանքերով:


ԼԱՈՒՏԵՆԶԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԸ


Մեզ համար հետաքրքրություն ներկայացնող հարցը հետևյալն է. արդյո՞ք նախագահ Սարգսյանը կձեռնարկի լաուտենզակության համընդհանուր բնաջնջում, թե՞ կսահմանափակվի մասնակի «քոթակով»: Որ ֆիդայականության և զինվորական օլիգարխիայի վերջը եկել է` ակնհայտ է: Սակայն հայ լաուտենզակության կազմությունը լայնածավալ է, և զինվորական բաղադրիչը նրա ընդամենը մի մասն է: Ի՞նչ կլինի լաուտենզակության հետ ընդհանրապես, և որո՞նք կլինեն նրա մի մասի վերացման հետևանքները` մյուս մասի պահպանման պարագայում:
Սա առավել բարդ խնդիր է, որի պատասխանը, հավանաբար, չգիտի անգամ երկրի նախագահը: Ավելի շուտ, Սարգսյանը` որպես պրագմատիկ, կհետևի ընթացիկ իրավիճակին և, հետևաբար, կգործի դրան համապատասխան: Իմ կարծիքով, մասնակի պատժին դիմելը սխալ կլինի, քանի որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ լաուտենզակությունը, մի անգամ արմատավորվելով քաղաքական իրականության մեջ, ժամանակի ընթացքում ավելացնում է քաղաքական կշիռը և մեծացնում հավակնությունները, որոնք որոշակի շեմի հասնելով` անպայման կավարտվեն պայթյունով: Եգիպտական մամլուքների պատմությունն այս առումով խիստ բնորոշ է. պատնեշ դառնալով խաչակիրների ճանապարհին և դրանով իսկ ծառայություն մատուցելով վարչակարգին` նրանք արմատավորվեցին երկրի քաղաքական իրականության մեջ` որպես իրական գործոն« և բազում հարյուրամյակներ նրանցից «պրծում» չկար: Ինչ վերաբերում է մեր իրավիճակին, ապա հարկ է ասել, որ «այլախոհ լաուտենզակների» անհատական վերլուծությունը հաստատում է. այս մարդկանց կյանքում, փաստորեն, մի բան էր պակասում` առաջնայնությունը դասի ներսում և անձնական որոշ հաշիվների պարզումը, և հանուն դրա նրանք դավաճանեցին «կորպորատիվ կանոնադրությանը»` իրենց դնելով ոչնչացման եզրին:
Սակայն լաուտենզակության վերացումը ինքնանպատակ չէ, ըստ էության, դա կդառնա դասա-ներկայացուցչական պետական կարգի ապամոնտաժման առաջին (և գլխավոր) քայլը: Կարծում եմ` Հայաստանի համար դա կենսական անհրաժեշտություն է: Բայց առավել մեծ անհրաժեշտություն է Սարգսյանի համար, որն ազատվելով իր և ժողովրդի միջև միջնորդներից` կկարողանա հենարան գտնել հասարակության մեջ և մեկընդմիշտ ձերբազատվել սպասարկու դասից` դրանով իսկ ապահովելով անձնական իշխանության անվտանգությունը: Ինչպես տեսնում ենք, տվյալ դեպքում մենք (Հայաստանի համար) շահերի հազվադեպ միակցում ենք նկատում, որի դեպքում բարձրագույն պաշտոնատար անձի մասնավոր շահը համընկնում է համընդհանուրի հետ: Նախագահը պետք է որ գիտակցի. ժողովուրդը և հասարակությունը որպես հենարան անհամեմատ ավելի հուսալի են ցանկացած դասից, և այս համոզմունքն անվիճելի է և մեկնաբանությունների ու հիմնավորումների կարիք չունի: Ինչ վերաբերում է «ընթացիկ իրավիճակին հետևելուն», ապա այդ առումով նշեմ, որ նախագահի համար ավելի օգտակար կլիներ, հանուն անձնական և համընդհանուր բարօրության, հետևել ժամանակի պահանջին և լսել նրա ձայնը: Հենց դա էլ կհուշի, որ պետք է վերջ դնել լաուտենզակությանը...


ԱՐԺԵ՞ ԱՐԴՅՈՔ ԱՋԱԿՑԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ


Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահ դարձավ ծանր ժամանակներում: Ակնհայտորեն նրա ընտրությամբ նշանավորվեց հասարակության պառակտումը, որի նախադրյալները, հասկանալի է, միշտ եղել են հայերի հասարակական գիտակցության մեջ: Ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի երկրի մտածող հասարակայնությունը նորընտիր նախագահի նկատմամբ:
Երկընտրանքն այսօր սա չէ. եթե Սարգսյանն ամեն ինչ թողնի այնպես, ինչպես կա, մենք նրան չենք աջակցի, իսկ եթե կդիմի իրականության արմատական առողջացման, ապա կաջակցենք (քանի որ, եթե նույնիսկ Սարգսյանը ցանկանա էլ, չի կարող ամեն ինչ թողնել ինչպես կա. իրականությունը լուրջ փոփոխությունների է ենթարկվել, իսկ դա հարկադրում է նախագահին ձեռնարկել սովորականից տարբեր միջոցներ): Երկընտրանքը հետևյալն է. աջակցե՞լ արդյոք նախագահին, եթե նա սահմանափակվի միայն իրավիճակի մեջ շտկումներ մտցնելով և չդիմի արմատական քայլերի: Իմ կարծիքով, այս տեսանկյունից վարվող խոսակցությունները տեղին չեն: Ըստ իս` խոսքը պետք է լինի այլ բանի մասին:
Անհրաժեշտ է հասնել հասարակության ներգրավմանը երկրի առողջացման գլոբալ գործընթացում: Այսօր մենք տեսնում ենք, որ նախագահն արդեն ինչ¬որ բան անում է (ընդ որում` միայնակ). պաշտոնանկ են արվել պաշտպանության երկու խորշելի փոխնախարարներ, նրանցից մեկի դեմ քրեական գործ է հարուցվել: Շուտով կդադարի գոյություն ունենալ երկրապահների կազմակերպությունը: Մինչ այդ, վարչապետ եղած ժամանակ, նա գրեթե կրկնապատկեց երկրի բյուջեն, այսինքն, ստվերից դուրս բերեց տնտեսության զգալի մասը, ինչն առողջարար այլ միջոցառումների հետ մեկտեղ առիթ դարձավ «վերևից հեղափոխության» մասին խոսակցությունների համար: Շա՞տ է սա, թե՞ քիչ: Իհարկե, քիչ է, եթե խոսում ենք մաքրման գլոբալ գործընթացի մասին, բայց միևնույն ժամանակ չափազանց շատ է, քանի որ հասարակական որևէ արձագանք չենք տեսնում: Ոչ ոք իշխանությունից չպահանջեց, որ քաջարի գեներալներին բանտ ուղարկեն և վերջապես ընթացք տան սառեցված հարյուրավոր քրեական գործերին, ոչ ոք հրապարակավ վրդովմունք չհայտնեց այն առիթով, որ գեներալ Մանվել Գրիգորյանը, որի խղճի վրա է մի ամբողջ տարածաշրջանի համընդհանուր ֆեոդալականացումը` մարդկայնության դեմ կատարած բազմաթիվ հանցագործություններով, գործնականում անպատիժ է մնում: Այն, որ ընդդիմությունը դա չի անում, կարելի է հասկանալ, քանի որ գեներալը հարել էր Տեր-Պետրոսայնի «ժողովրդաազատագրական» շարժմանը, բայց դժվար է հասկանալ Գրիգորյանի բռնությունների հազարավոր (!) զոհերի և երկրի մտավորականության վերաբերմունքն այս խնդրին: Համոզված եմ` անհրաժեշտ է հասարակության համարժեք արձագանք իշխանությունների նախաձեռնություններին, քանի որ հենց հասարակությունը պետք է ուղղորդի երկրի ղեկավարության քաղաքականության արմատականությունը: Ընդ որում` այդ արձագանքը պետք է արտահայտվի հրապարակայնորեն, այլ ոչ թե երևանցիների խոհանոցներում: Այսօր արդեն հանրային կարծիքի մեջ առկա է դժգոհություն. մարդիկ վրդովվում են, որ իշխանությունը կիսատ-պռատ է գործում, և ասում են, որ ամեն դեպքում ոչ մի բան դեպի լավը չի փոխվի: Այս առիթով հարկադրված եմ նշել. Երևան քաղաքի, նրա մերձակայքի և, ի դեպ, ողջ Հայաստանի հարգելի’ բնակիչներ: Ձեր խոհանոցային և այլ ինտիմ կարծիքների արտահայտման համար այլ հարթակներ գտե’ք, և այդ ժամանակ այս պետության մեջ, գուցեև, կգան լավ ժամանակներ...


ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ


Անկախ այն բանից` որքան հեռու կգնա Սարգսյանը Հայաստանի բարեփոխումներում և լաուտենզակության վերացման մեջ, նա պետք է միանշանակ հիշի մի բան. նրա ոչ մի նախաձեռնություն իմաստ չի ունենա, եթե չառնչվի սեփականության և նրա լեգիտիմացման հարցերին: Այդ են պահանջում ինչպես առողջ միտքն ու արդարությունը, այնպես էլ երկրի (ինչպես և իր անձնական) անվտանգությունը: Նստեցնել կամ արտաքսել մի քանի լաուտենզակների, իսկ հետո նստել և սպասել` մինչև նրանք նորից ինչ-որ բան կֆինանսավորեն իրենց «խնայողությունների» հաշվին (հրապարակի «գրավում», հանրահավաքներ ու երթեր պարտադիր թալանով` որպես ծրագրի մեխ կամ նման այլ բան), մեղմ ասած, անողջամտության գագաթնակետն է: Բացի սրանից, պետք է հաշվի առնել նաև լաուտենզակի էությունը, որն այնպես է կառուցված, որ ամենից շատ վախենում է տարիներ շարունակ ստրկական և նվաստացուցիչ (ավելի ճիշտ` շան) աշխատանքով ձեռք բերած սեփականությունը կորցնելուց: Հետևաբար, սեփականության լեգիտիմացումը պետք է սկսվի «այլախոհ-լաուտենզակների» կուլակաթափությունից, դե, իսկ հետո կյանքը ցույց կտա ինչպես շարունակել գործընթացը: Փառք Աստծո, Հայաստանում գրեթե չկա լեգիտիմ սեփականություն (գուցե բացառությամբ սեփականաշնորհված բնակարաններից), այնպես որ, ցանկության դեպքում կարելի է ամբողջը հետ վերցնել և սկսել դա ընտրողաբար: Քրիստոնեական ներողամտությունը և չափից ավելի մեծահոգությունը քաղաքական գործիչներին սովորաբար տանում են դեպի կործանում, և ուզում եմ հավատալ, որ Սարգսյանին խորթ է հավելյալ բարությունը:
Մեկ այլ բարիք երկրի համար, որ կարող է անել Սարգսյանը, հրաժարումն է կոալիցիոն կառավարումից: Նախ` կոալիցիայի գաղափարը վնասաբեր է Հայաստանի համար3, երկրորդ` Սարգսյանն անձամբ պարտավոր  չէ կոալիցիոն կառավարություն նշանակել, քանի որ խորհրդարանում մեծամասնություն ունի: Ինչպես տեսնում ենք, իմաստ չկա, իսկ այն, ինչ իմաստ չունի, սկզբունքորեն խելամիտ չէ և, հետևաբար, չարժե անել: Բայց, իհարկե, աստառն ակնհայտ է. կոալիցիա հրավիրելով զանազան կարգի կազմակերպությունների` նախագահը ձգտում է ինչ-որ կերպ ապահովագրվել նրանցից բխող հնարավոր գլխացավանքներից «քանի որ գիտակցում է. մնալով ընդդիմությունում` նրա գործընկերներն ի վիճակի են բազում հրաշքներ գործել: Սակայն նա պետք է հիշի, որ նրա գործընկերները երբեք չեն մնա բարոյականության և գործընկերային պարտավորությունների շրջանակներում. հաջորդ ընտրություններին դաշնակցականները կրկին հասարակության առջև կկանգնեն կուսական անմեղությամբ և հանդես կգան ամենակատաղի ընդդիմադիր դիրքերից, թեև կմնան կառավարությունում մինչև քվեարկության օրը, իսկ Արթուր Բաղդասարյանը ընտրություններից մեկ-մեկուկես տարի առաջ կլքի կոալիցիան. մեջտեղ կգան նախկին նկրտումները (Բաղդասարյանի երկնագույն երազանքն է իրական իշխանության լծակներ ունենալը), և հաստատ կգտնվեն մի երկու ճիշտ չսեփականաշնորհված մանկապարտեզներ, ինչն էլ կդառնա կոալիցիայից դուրս գալու պատճառի բացատրությունը: Ինչպես տեսնում ենք, այս հանգամանքը (ինչպես և այլ, շատ էական բաներ) հաստատում է, որ պետության համար պոտենցիալ  ընդդիմախոսների նման կերպով «ձեռնասուն» դարձնելուց կրած վնասը անչափելիորեն ավելի մեծ է, քան այն խնդիրներինը, որոնք նրանք ի վիճակի են առաջացնել: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի կուսակցությանը, ապա, ինչպես երևում է, առավել օպտիմալ տարբերակ է թվում նրա միաձուլումը Հանրապետականի հետ, մանավանդ, որ սկզբունքային որևէ հակասություն (միջանձնային, գաղափարական) նրանց միջև գոյություն չունի: Կարծում եմ` արժե, որ նախագահը մտածի քաղաքական գործընթացի մասնակիցների կրճատման և դրանում ներառված կազմակերպությունների օպտիմալացման մասին:
Եվ վերջապես, ամենագլխավորը. Սարգսյանն իրեն մի առիթով անվանեց պետական և ոչ թե քաղաքական գործիչ: Կարծում եմ, նոր նախագահը մի քիչ չափազանցում է, քանի որ տարբերությունը դրանց միջև փոքր-ինչ այլ է, քան ինքն է պատկերացնում: Այսինքն` եթե քաղաքական գործիչը կարողանում է հարթել խնդիրները, ապա պետական գործիչը դրանք պարզապես ոչնչացնում է: Ինչպես տեսնում ենք, երկրորդը նախընտրելի է, քանի որ հարթած խնդիրը, ինչպես որ սպիտակեղենը, կարող է ճմրթվել, և այդ դեպքում այն պետք է անվերջ արդուկել:


ԹՈՒԼԱՑԱ՞Վ ԱՐԴՅՈՔ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ «ԺՈՂՈՎՐԴԱԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ» ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ


Հայաստանում այս մասին շատ են խոսում, քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ, իրոք, նոր նախագահը խիստ թուլացել է` զրկվելով լեգիտիմության զգալի չափաբաժնից և, հետևաբար, սուվերենությունից: Սակայն այն փաստը, որ սա մեծամասնության կարծիքն է, արդեն հուսադրող է: Բանն այն է, որ ֆինանսական շուկաների տեխնիկական վերլուծության երրորդ ուղղությունը (առաջին երկուսը տեխնիկական և ֆունդամենտալ ուղղություններն են) հոգեբանականն է, իսկ տեսությունը կոչվում է «Contrary Opinion Theory» (հակադիր կարծիքի տեսություն): Այն սահմանում է. «Եթե մարդկանց մեծամասնությունն ինչ-որ բանում համաձայնում է, ապա նա սովորաբար սխալվում է»: Մեկնաբանությունն այսպիսին է. բարդ իրականությունը ըմբռնելու համար անհրաժեշտ են լուրջ վերլուծական հմտություններ և ինտելեկտ. քիչ մարդիկ կան, որ օժտված են դրանցով: Հետևաբար, մեծամասնության կարծիքը միշտ սխալ է դուրս գալիս, դրա հաստատումը համաշխարհային շուկաների ողջ պատմությունն է: Եթե չլիներ մեծամասնության թյուր կարծիքը, աշխարհում չէին լինի բորսայական փլուզումները, «սև» երեքշաբթիները և այլ աղետներ, քանի որ դրանք մարդկանց անգիտության և անպատրաստության արդյունք են: Մի խոսքով, հակադիր կարծիքի տեսությունն արժանի է վստահության, իսկ աշխարհի խոշոր ֆինանսական կենտրոններում գործում են ծառայություններ, որոնք հարցումներ են անցկացնում շուկայի մասնակիցների շրջանում` մեծամասնության թյուր կարծիքը բացահայտելու նպատակով:
Հայկական քաղաքական իրականությունը պակաս բարդ չէ, քան ֆինանսական շուկաներինը, հետևաբար, մեծամասնության կարծիքը չպետք է վստահություն առաջացնի: Սրա, ինչպես և իրավիճակի սթափ վերլուծության հիման վրա ես հայտարարում եմ. Տեր-Պետրոսյանի «ժողովրդաազատագրական» պայքարը միայն զորեղացրեց Սարգսյանին: Ի հաստատումն` մի քանի փաստարկում անեմ:
Տեր-Պետրոսյանի երկրորդ գալուստը Սարգսյանի շուրջ համախմբեց այլազան մարդկանց այնպիսի զանգված, որոնց մինչ այդ միասին պատկերացնելն անգամ երևակայությունից դուրս էր: Ահա թե ինչ ասաց ինձ վերջերս մի տոհմիկ այլախոհ և իրավապաշտպան. «Լևոնն իր աղանդով հասավ նրան, որ մեզ բոլորիս նետեց Սերժի գիրկը»: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են...
Սարգսյանն այսօր նկատելի հաջողություն ունի իրավունքի կիրառման մեջ, նշանակում է` նա ուժ ունի: Օրինակ, չարտոնված հանրահավաքները ցրելու և կանխելու այն վճռականությունը (ընդ որում` Արևմուտքի հսկայական ճնշման տակ), որը մինչ այդ, մինչև Տեր-Պետրոսյանի հայտնությունը ժողովրդին, գոյություն չուներ: Ուրեմն, տեղի՞ն է արդյոք խոսել հանձին պետության ղեկավարի պետական իշխանության թուլացման մասին:
Սարգսյանը  նկատելիորեն խստացրեց օրենսդրությունը «ժողովրդաազատագրական» պայքարի բռնկումը կանխելու նպատակով` անգամ անտեսելով Վենետիկի և այլ հանձնաժողովների բացասական հակազդեցությունը: Կարծում եմ, որ Քոչարյանը, որ ավելի մեծ լեգիտիմությամբ էր օժտված (համաձայն համընդհանուր կարծիքի), նույնիսկ իր ամենասուվերեն տարիներին չէր համարձակվի առաջ բերել արտասահմանի «բարձր» քաղաքացիների բարկությունը:
Այսօր Սարգսյանը թափ է վերցրել ամենասրբազանի` լաուտենզակների դեմ: Քաղաքացիների այս տեսակի մի մեծ գլխաքանակ արդեն բնաջնջվել է, շուտով անցյալ կդառնան զինվորական օլիգարխիան և շատ այլ բաներ: Գուցե դա այնքան էլ արագ չի կատարվում, ինչպես կուզենային, որ լիներ, բայց, ինչպես ասում են, գործընթացն սկսված է: Սրանով ուզում եմ ասել, որ հենարանը փոխող մարդն արդեն ուժեղ է նրանով, որ այսուհետ դրա կարիքը չունի: Ավելին, ուրիշն է գտել:
Եվ վերջապես, ամենագլխավորը. այսօր Սարգսյանի համար ստեղծված են իրական հասարակական աջակցությունն ունենալու բոլոր նախադրյալները (այլ բան է` կօգտվի՞ նա դրանցից, թե՞ ոչ): Հայաստանի իշխանությունների համար դեռևս չեն եղել հանձին քաղաքացիական հասարակության` հենարան ու դաշնակից ունենալու և հասարակության ու իշխանության միջև միջնորդ դասերից ազատվելու այսքան բարենպաստ պայմաններ: Իմ կարծիքով, Սարգսյանի համար դա ճակատագրի պարգև է, և ճիշտ չի լինի չօգտվել դրանից: Բայց սպասենք մի փոքր, և ապագան վերջնականորեն կհստակեցվի...


ԼԱՈՒՏԵՆԶԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ      ՈՂԲԵՐԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՒՄ ՆԱ ԳՈՐԾՈՒՄ Է


Ինչ վերաբերում է իրենց` լաուտենզակներին, ապա ամփոփելով` ցավով նշեմ, որ նրանք ամենադժբախտ մարդիկ են: Երկնաքարի նման` նրանք շարժվում են որոշակի (բայց չգիտակցված) հետագծով, որի վերջնակետը բախումն է մեկ այլ` ավելի ամուր և դաժան իրականության հետ: Նրանց օգտագործում են անցումային շրջանում, բայց հետո հրաժարվում նրանցից, քանի որ պատմության մեջ հավերժական դարաշրջաններ չկան, և նրանցից յուրաքանչյուրին փոխարինելու է գալիս մեկ ուրիշը: Լաուտենզակների կարճ կյանքը բարդանում է նաև նրանով, որ նրանք իրենց հատկացված կարճատև ժամկետի ընթացքում ձեռք են բերում բազում թշնամիներ, ընդ որում` ամենատարբեր ոլորտներից: Նրանց թշնամիները կարող են լինել և’ պետությունը, որի քաղաքացիներն են իրենք, և’ վարչակարգը, որին ծառայում են, և’ «համքարության» գործընկերները, որոնց հետ երբեմն «խորապես» մրցակցում են, և’ նրանց հակադիր հասարակական ուժերը, որոնք նրանցից ավելի են աղճատված կամ էլ թե չէ` առողջ: Ուստի լաուտենզակներին սպանում են (ինչպես Գալինա Ստարովոյտովային և Համբարձում Գալստյանին), նրանց նստեցնում են (ինչպես Միխայիլ Խոդորկովսկուն, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին): Նրանք փախչում են (ինչպես Բորիս Բերեզովսկին ու Վլադիմիր Գուսինսկին, Խաչատուր Սուքիասյանն ու Նիկոլիկ Փաշինյանը): Բայց նրանց ամենագլխավոր թշնամին նորին մեծություն Ժամանակն է, որը երբևէ անպայման կավարտի անցումային շրջանը և ամեն ինչ իր տեղը կդնի...
Իսկ քաղաքական իրականության վերաբերյալ, որում գործում է լաուտենզակությունը, պետք է ընդունել, որ այն ողբերգական է: Դրանում խախտված է հասարակության առողջության հիմնական սկզբունքը, այն է` հասարակության յուրաքանչյուր անդամի` իր տեղում գտնվելը և սեփական կոչմանը համապատասխանելը: Սա նշանակում է, որ հանճարեղ երաժիշտը պետք է ստեղծագործի, իսկ միջակը` բավարարվի դասավանդելով դպրոցում կամ բուհում, բայց չխցկվի քաղաքականություն, քանի որ պետության կառավարման հարցերը կուլտիվացված իմացության առարկա են (Հեգել): Այսպես հասարակությունում տեղի է ունենում Բաբելոնյան աշտարակաշինության նման մի բան, բարքերի, ավանդույթների, բարոյական չափանիշների և շատ այլ բաների արտառոց միախառնում: Այսպես փլչում են նորմատիվային համակարգերը` իրավունք ու բարոյականություն, որոնք հասարակության ու պետության կենսագործունեության գրավականն են: Այսպես տառապում են միլիոնավոր մարդկային ճակատագրեր, որոնցից են գոյանում հասարակության սկզբնական կազմակերպությունները և որոնցով է որոշվում հասարակության էությունը: Բնականաբար, այս պարագայում հասարակությունն անառողջ է, իսկ պետությունը` թույլ, որը պատմության տրամաբանությունը կամ կհանգեցնի մինչև անցումային շրջանի բնական ավարտի` փոխակերպելով իսկական քաղաքացիական կացության և իրավական պետության, կամ կբերի նոր ցնցումներ: Համենայնդեպս, հենց այսպես է տեղի ունեցել պատմության մեջ մինչ օրս, հետևաբար, կարելի է ենթադրել, որ այդպես կշարունակվի և այսուհետ:

1 Հաջորդ համարում ես գրելու եմ գործադիր իշխանության` երկու-երեք սահմանադրական սուբյեկտների միջև բաժանելու անթույլատրելիության մասին: Երկրի ղեկավարությունը տրվեց մեր օրերում, հատկապես Արևմուտքում (բայց միայն երրորդ աշխարհի երկրների հանդեպ) խիստ տարածված նախապաշարմունքների և ստերեոտիպերի ու կարծում է, թե ուժեղ գործադիր իշխանությունը նախագահի գլխավորությամբ` ինչ-որ ոչ ժողովրդավարական բան է: Կարծում եմ, որ դա խորագույն մոլորություն է, ինչի մասին կխոսեմ հաջորդ ամիս:
2 Որքան ինձ հայտնի է, պատմության մեջ միայն մի երկիր է եղել, որտեղ սպասարկու դասերի խռովությունները միշտ ավարտվել են հաջողությամբ: Խոսքը Եգիպտոսի և մամլուքների մասին է: Սակայն հարկ է հաշվի առնել, որ իրական իշխանությունը Եգիպտոսում միշտ պատկանել է մամլուքներին, և իրենց հեղաշրջումներով իրականացնելով իրենց կամքը` նրանք դե յուրե ամրապնդում էին այն, ինչ գոյություն ուներ դե ֆակտո: Մի խոսքով` եգիպտական մամլուքների և արդի լաուտենզակների տարբերությունն էական է. այսօր նրանց ոչ ոք իրական իշխանության լծակներ չի տալիս, նրանց թույլ է տրվում միայն ազդել նրա վրա և օգտվել նրա բարիքներից հանուն սեփական շահերի` փոխարենը տրամադրելով իրենց ծառայությունները երկրի քաղաքական իրականությունը վերահսկելու գործում:
3 Այս բարդ հարցին մտադիր ենք պատշաճ ուշադրություն հատկացնել:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am