Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականություն
Հունիս 2010, N 5

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ. ՃԱՆԱՊԱՐՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿԻՐՃ` «ԻԶՄ»-ԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հովհաննես Չարխչյան, գրող, հրապարակախոս

Թուրքիայի պատմության վերջին 150 տարիները հատկանշական են նախ և առաջ նրանով, որ կայսրության ինքնադրսևորման ընթացքն ուղեկցվում էր ընդգծված գաղափարախոսությամբ` աշխարհաքաղաքական դոկտրինով և ծառայեցվում էր մեկ ընդհանուր նպատակի: Այդ շարքում առաջինը թերևս «իսլամիզմ»  տերմինն էր, որ դեռևս 18-րդ դ. սկզբնապես գործածվեց ֆրանսիական գրականության մեջ իբրև հոմանիշ «իսլամին»: Islamisme  տերմինի հեղինակային իրավունքը վերագրվում է ֆրանսիացի լուսավորիչ Վոլտերին, որը փորձում էր բառի միջոցով տալ իսլամի բնութագիրը: Սակայն այդ բնութագրումները մշտապես վերանայումների պահանջ էին զգում, քանի որ յուրաքանչյուր նոր իրավիճակ թելադրում էր փոփոխված ձևեր ու միջոցներ, գույներ ու հայացքներ: Եվ միայն  ծավալապաշտական նկրտումների էությունը մշտապես պահպանեց իր կենսունակությունը ցանկացած պարագայում: Դրա լավագույն ապացույցը 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին առաջացած ու ձևավորված պանթուրքիզմի (համաթուրանականության) գաղափարախոսությունն էր, պանթուրքական շարժումը: Բոլոր թյուրքալեզու ժողովուրդների համախմբմանը միտված այս ուղղության առանձնահատուկ կողմերից մեկն այն էր, որ միավորումը կառուցվում էր էթնիկական, այլ ոչ թե կրոնական նույնականության հիմքի վրա: Կարևոր էր, որ թուրքերն իրենց զգային ոչ թե այս կամ այն առանձին երկրի քաղաքացիներ, այլ մի հսկա ու հզոր ժողովրդի մասնիկ: Պանթուրքիզմի քարտեզը ենթադրում էր Արևելյան Եվրոպայից մինչև Հնդկաստան ձգվող կայսրություն:

Աբդուլ Համիդի կողմից գործածության դրված այս գաղափարի կիրառական արդյունավետությունն իր ժամանակաշրջանի տիրույթներում մեծ հաջողություն չէր խոստանում, քանի որ  իրականության հրամայականները գործեցին ի վնաս Փոքր Ասիայի և Անատոլիայի մահմեդական-թուրք բնակչությանը:

Հենց այդ ժամանակ էլ իշխանությունը զավթած երիտթուրքերը հրապարակ եկան օսմանիզմի նորամուծությամբ` հռչակելով կայսրության բոլոր հպատակների հավասարություն, որ պիտի ընկալվեր իբրև միասնական օսմանյան ազգ կերտելու նպատակով մյուս ազգերին թուրքացնելու անհրաժեշտության հիմնավորում: Այն ևս ձախողվեց, ինչից  հետո վերադարձ կատարվեց դեպի պանթուրքիզմը, իսկ հետագայում նաև պանիսլամիզմը` այդ երկուսի խառնուրդը վերածելով երիտթուրքական քաղաքականության կարևորագույն բովանդակային էլեմենտների: Եվ միայն քեմալական հեղափոխությունից հետո պանթուրքիզմը մի որոշ ժամանակ հայտնվեց Թուրքիայի գաղափարախոսական գզրոցում, քանի որ Աթաթուրքը այդ ուղեբեռով քաղաքակիրթ աշխարհ մտնել չէր ցանկանում:

Հայտարարելով թուրք ազգի համախմբման և վերջնական ձևավորման մասին, հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի բարենորոգումների ծրագրով հոգևոր իշխանությունը զատվում էր պետությունից: Արևմտյան ոճով  երկրի վերակառուցումը Աթաթուրքի կատարմամբ ենթադրում էր կայսրությունից ազգային պետության համակարգին անցած ժողովրդին որակապես նոր ինքնություն` գիտակցությունից մինչև ապրելակերպ, աշխարհիկության սկզբունքների որդեգրումից մինչև առանձին ատրիբուտների նորաձևություն` գիրը դարձավ լատինատառ, մերժվեց չադրան, ներմուծվեց եվրոպական հագուկապ, արգելվեց բազմակնությունը և այլ կամավոր-պարտադիր փոփոխումներ: Սակայն հարեմային բարքերի արգելման կամ խալիֆի պաշտոնի վերացման մեջ չէր Աթաթուրքի քաղաքական առաքելության ամբողջ նշանակությունը:  Սահմանելով արտաքին նոր քաղաքական կուրս և հրապարակավ հայտարարելով, թե պետք է մոռանալ կայսրության մասին ու հետևել  «խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում»  կարգախոսին` Աթաթուրքը միաժամանակ փորձում էր իրատեսորեն վերլուծել Օսմանյան կայսրության զարգացման նախորդ փուլերը, ըմբռնել տերության անկման պատճառահետևանքային կապը, քանի որ երբեք չէր պատրաստվում  բացառել փուլայնության կրկնության հնարավորությունը և պանթուրքիզմի գործածման անհրաժեշտությունը նաև հանրապետական Թուրքիայում: Իշխող այն գաղափարը, թե երկիրը շրջապատված է թշնամիներով, որոնք փորձում են թուլացնել կամ տարածքներ խլել նրանից, թե թուրքերը չունեն ոչ մի ընկեր, բացի թուրքերից, խորքում ամեն դեպքում շարունակում էր պահպանել հին մտադրությունների բացիլները: Եվ եթե Քեմալ Աթաթուրքն իր հիմնական առաքելությունը համարում էր օսմանյան անցյալին վերջ դնելը, ապա հաջորդող տասնամյակները փաստեցին այդ նպատակի հարկադրման անհնարինությունը: Շարունակվող ներքին խմորումները, անցյալի հետ առճակատման անխուսափելիությունը, ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող զինվորական հեղաշրջումները (քանի որ աշխարհիկությունը մնացել էր զինվորականության համակ վերահսկողության ներքո), սոցիալական ու ազգամիջյան ցնցումները յուրաքանչյուր անգամ ափ էին նետում պանթուրքիզմի ուրվականը:

Եվ պատահական չէր, որ 1951-ին Թուրքիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո պանթուրքիզմը կրկին արդիականանալու նախանշաններ ցուցաբերեց իբրև գաղափարական պայքարի միջոց` այս անգամ հակակոմունիզմի և ԽՍՀՄ-ից թուրքալեզու ժողովուրդներին անջատելու նպատակի շղարշի տակ:

 

Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԸ

Թուրքերն ուզում են գերիշխել: Նրանք դա ցանկացել են միշտ: Նրանք և՛ երեկ, և՛ այսօր, և՛ վաղը նույնպես համառ փորձեր են անելու Քեմալ Աթաթուրքի անունով դուրս պրծնել նույն Աթաթուրքի հանրապետության ժողովրդավար մեկուսացման շրջանակներից և վերստեղծել կայսրությունը: Ժամանակի մեջ յուրաքանչյուր հնարավորություն վերածվում է երկրորդ շնչառության, արթնացնում է հույսեր, լիցքեր է հադորդում: Այդպես պատահեց նաև սառը պատերազմի դարաշրջանի ավարտից հետո, և այն մեծ փոփոխությունները, որոնք տեղի ունեցան աշխարհում 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին, Անկարային ստիպեցին արմատականորեն փոխել սեփական արտաքին քաղաքական կուրսը, որը մինչ այդ խարսխված էր քեմալականության պատգամների վրա: Սկզբում դա կրում էր տարերային, երբեմն նաև ինքնաբուխ ու ցայտնոտային բնույթ` բավարարվելով սոսկ այն հեռանկարով, թե Խորհրդային Միության փլուզումը կարելի է դիտարկել Թուրքիայում պանթուրքիզմ գաղափարախոսության վերածննդի պատճառ: Նույնիսկ մի առիթով  Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը հետին թվով պիտի խոստովաներ, որ  Ադրիատիկ ծովից մինչև Չինական պատ թուրքական ինքնությունը տարածելու նպատակը վերազարթոնքի հիմքեր ուներ: Շատ ավելի դիպուկ էր մեկ այլ նախկին նախագահի` Թուրգութ Օզալի քայլը, որը Թուրքիայի նորագույն պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց, որ իրենք Օսմանյան կայսրության պատմական տարածքների պատասխանատվության կրողներն են:

Սակայն երկրի պատասխանատուները հրաշալի հասկանում էին, որ նոր աշխարհում «հին, բարի ժամանակների»  պանթուրքիզմը կիրառելի է միայն ներքին օգտագործման համար` թուրքական միասնականության քարոզչության պայմաններում: Իսկ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու ճանապարհին բոլորովին ուրիշ` Արևմուտքի քիմքին գոնե փոքր-ինչ հարիր գաղափարախոսություն է պետք,  և սահմանից այն կողմ ներկայանալի արտաքինը պետք է լինի ոչ թե տաճկական ֆեսով, այլ գլխաբաց թուրքը: Ահա այս հենքի վրա ձևավորվեց ու մարմին առավ թուրքական ծավալապաշտության մեղմացված տարբերակը: 2002-ին «Արդարություն և զարգացում»  կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց հետո հրապարակ իջան նրանք, որոնց  անվանեցին չափավոր իսլամիստներ կամ մեկ այլ բնորոշմամբ` իսլամիստ ժողովրդավարներ: Դեռ որոշ ժամանակ պիտի պահանջվեր, մինչև որ քաղաքական նոր հոսանքը ինքնահաստատվեր, ստեղծեր ուժերի այնպիսի հարաբերակցություն, որի պայմաններում կարելի էր արդեն բարձրաձայնել բուն պատկանելության և դրա դիմագծի մասին: Եվ միայն այդ ժամանակ ազդարարվեց նեոօսմանիզմի մուտքն արտաքին քաղաքական օրակարգ:

Եթե Թուրքիայի ներքին կյանքում դա նշանակում էր, որ որոշակի ուժ և հենարան էր ձեռք բերում այսպես կոչված մահմեդական բուրժուազիան` մի կողմ  մղելով մինչ այդ պահը  բարձրաշխարհիկ էլիտա համարվող քեմալիզմի ավանդական գաղափարախոսության կրողներին, ապա երկրից դուրս կիրառվող նոր ռազմավարությունը շատ արագ հստակություն էր հաղորդում կայսերական նկրտումներին:

Անկեղծության պահը վրա հասավ 2009-ի նոյեմբերին: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, հանդես գալով ԱԶԿ անդամների առջև, խոստովանեց, որ երկիրը վարում է նեոօսմանիզմի քաղաքականություն. «Գոյություն ունի Օսմանյան կայսրությունից ստացված ժառանգություն: Մեզ «նեոօսմաններ»  են անվանում: Այո՛, մենք նոր օսմաններ ենք: Մենք ստիպված ենք զբաղվելու հարևան երկրներով: Քարտեզի վրա Թուրքիայի շուրջ 1000 կիլոմետր տրամագծով մի շրջապտույտ արեք, և այդ տարածքում կհայտնվի 20 երկիր, իսկ 3000 կիլոմետր տրամագծով շրջան անելու պարագայում դրանում կընդգրկվի 70 երկիր: Դրա համար էլ Թուրքիան շահագրգռված է իր շրջակայքով»:

Գործունեության տեսադաշտն ու պարագիծը մատնանշված էին: Ժառանգականության պահանջը պարտավորեցնող գործոն էր դիտվում: Ասվածին գումարվում էր նաև այն, որ անցած տարիների ընթացքում Թուրքիան կուտակել էր բավական ներուժ, ինչը պիտի թույլ տար  վերագնահատել երկրի տեղն ու  դիրքը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում և այդ գնահատմամբ ծեծել Եվրամիության դռները: Դրանով հանդերձ պաշտոնական Անկարան չի կարող չնկատել, որ թե՛ հարևան երկրները, թե՛ գերտերությունները այնքան էլ մեծ ցանկություն չունեն ընդունելու այս նորանուն խաղի կանոնները: Ֆրանսիական «Ֆիգարո»  թերթը բոլորովին վերջերս իր հրապարակումներից մեկում իրավացիորեն նկատել էր, որ Թուրքիայի իշխանությունները վերջին տարիներին երկրի կայսերական անցյալի կարոտախտով են տառապում, և որ Թուրքիայում աստիճանաբար ավելի մեծ հեղինակություն է ձեռք բերում այն ամենը, ինչ կապված է երկրի օսմանյան անցյալի հետ:

Օտարների` ակնհայտը տեսնելու փաստը զայրացնում է թուրքերին: Դեռ երեկ նեոօսմանիզմի տեսաբան հորջորջված Ահմեթ Դավութօղլուն հիմա արդեն չափազանց հիվանդագին է արձագանքում իր երկրի վարած քաղաքականությունը բնորոշող այնպիսի ձևակերպումներին, ինչպիսիք են, օրինակ, առանցքային փոփոխություն կամ նոր օսմանիզմ եզրույթները: Սեփական մտադրությունները մատնողի անզգուշությամբ վերջինս անմիջապես հակազդում է` դժգոհելով, թե նման բան չկա և իրենց քաղաքականությունը լիովին ներդաշնակում է Եվրամիության պահանջներին: Իսկ նույն ժամանակ Թուրքիայի կրթության նախարարությունը հրապարակում է տարածաշրջանային քարտեզներ, որտեղ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն  ու Իրանի հսկայական հատվածները թուրքական պետության սահմանների ներսում են ընդգրկված: Ինչպես սա, այնպես էլ  նեոօսմանիզմի այս կարգի առարկայական ու գաղափարաբանական դրսևորումներն այնքան շատ են, որ հազիվ թե անհրաժեշտություն կա վիճարկելու դրանց առկայության փաստը: Այսօրվա միջին վիճակագրական թուրքը «երջանիկ Թուրքիա»  է անվանում Օսմանյան կայսրության ժամանակները` միաժամանակ մտովի գծագրելով այն մոտ ապագան, երբ աշխարհում կրկին կազդվեն ու կսարսափեն թուրքական հզորությունից: Թե ինչպես պիտի աշխարհիկ-ժողովրդական արժեքները խաչասերվեն մեծ քայլերով դեպի նեոօսմանիզմ տանող դիվանագիտական նախագծի շրջանակներում, կամ ինչպես պիտի համաշխարհային բազմաբևեռ դաշտը համակերպվի օտար մարմնի ներկայության հետ, սրանք դեռևս անլիարժեքության բծերով պատված հարցեր են, որոնց պատասխանը միայն օտարներին չէ, որ հուզում է:

Եվ դա է պատճառը, որ նույնիսկ Թուրքիայում ոչ բոլորն են հավանություն տալիս ու հավատում կերպարանափոխված ռազմավարության հաջողությանը: Ծանրակշիռ փաստարկներից մեկն էլ համարվում է այն, որ ներկայիս Թուրքիայի հարևան երկրները ժամանակին Օսմանյան կայսրության մաս են կազմել, և այնքան էլ դյուրին գործ չէ մոլորեցնել նրանց, համոզել, որ վերջիններս հեշտությամբ աջակցության ու համագործակցության ձեռք մեկնեն նախկին բռնատիրության ժառանգորդին: Ընդդիմախոսները համառորեն հիշեցնում և զգուշացնում են, որ եթե օսմանիզմը ժամանակին բերեց Օսմանյան կայսրության փլուզմանը, ապա նեոօսմանիզմը կարող է հանգեցնել նրա վերջնական տապալմանը:

 

ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ

Թուրքական մեծ ընտրությունը ենթադրում է երկու հնարավոր սցենար: Դրանցից առաջինը դեպի Եվրոպական միություն տանող ուղին է` լիիրավ անդամ ու ակտիվ դերակատար դառնալու հեռանկարով: Երկրորդ ճանապարհը կարող է լինել ավանդականը որդեգրելու հավատարմությունը` դեպի պանթուրքական իղձերի կենսագործում, դեպի մահմեդական աշխարհ: 

Արդեն բավական ժամանակ է, ինչ ԵՄ-ը մերժումով է պատասխանում Թուրքիայի դիմումներին: Մինչդեռ եթե վստահելու լինենք Թուրքիայում անցկացված հարցախույզի արդյունքներին, ապա մասնակիցների ճնշող մեծամասնության համար երկրի առաջնահերթ նպատակը շարունակում է մնալ Եվրամիությանն անդամակցելը: Իսկ այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերստին հայտարարում է, որ չնայած Եվրամիության դիմադրությանը՝ Անկարան կշարունակի ձգտել ընդգրկվել միասնական Եվրոպայի մեջ: «Մենք չենք փոխել մեր քաղաքականությունը, այն նույնն է: Մենք ԵՄ-ին դիմել ենք 1959 թվականին, 1963 թվականին մեր դիմումը պաշտոնապես ամրագրեցինք և այդ օրվանից սպասում ենք: Ես եվրոպական քաղաքական գործիչներին պարզ ասում եմ` եթե դուք Եվրամիությունը քրիստոնեական ակումբ չեք համարում, ապա պարտավոր եք մեզ ձեր շարքերն ընդգրկել»:

Սակայն Անկարայում բոլորից լավ  գիտեն, որ խնդիրն ամենևին էլ կրոնական ու ակումբային զանազանությունը չէ, ու ոչ էլ  Հին Աշխարհը որևէ պարտավորություն ունի իրենց առջև:  Կա «եվրոպականացման»  պահանջների մի ընդարձակ ցանկ, ինչը ոչ մի կերպ չի ներդաշնակում ներկայիս Թուրքիայի իրական էության հետ: Դրանցից մի քանիսն ուղղակի վեր են նրա ուժերից, քանի որ անմիջականորեն շոշափում են երկրի ու կեցության առանցքային հիմքերը:

Եվրոպական ուղին առաջին հերթին մի ճանապարհ է, որը տանում է դեպի մարդու իրավունքների պաշտպանություն, ինչը նշանակում է նաև իսլամիստների իրավունքների պաշտպանություն: Հետևաբար, այդ  ուղին, որին նախկինում աջակցում էր Աթաթուրքի պատգամներին հավատարիմ մնացած զինվորականությունը, այսօր մտահոգությունների առարկա է դարձել: Արդեն քանի տասնամյակ իսլամը նրանց ջանքերի շնորհիվ մշտապես փակված է եղել աշխարհիկության ամուր փականքներով: Եթե բացվի «պանդորայի տուփը», ապա  ներսի տարողությունն, ըստ որոշ վերլուծաբանների, Թուրքիային միանգամից դեպի մահմեդական աշխարհ կնետի:

Գալով «քրիստոնեական ակումբի»  անցանկալիությանը,  այստեղ ևս ճշմարտությունն իր չափաբաժինն ունի: Թուրքիայի մուտքը ԵՄ արգելելու եվրոպական շատ երկրների դիրքորոշման հիմնական պատճառը Եվրոպայում մահմեդական ազգաբնակչության սպառնալիորեն աճող թվաքանակն է` ավելի քան 70 միլիոն մարդ, որից 50 միլիոնը` թուրք: Նման քանակությամբ մահմեդականներով Եվրոպան ուղղակի կկորցնի իր քրիստոնեական ու աշխարհիկ նույնականությունը:

Թուրքիայի հաջորդ փորձությունը մնում է այն նախաձեռնությունը, որ նա ստանձնեց ԵՄ-ին անդամակցելու  ծրագրերն իրականացնելու համար: «Զրո խնդիր հարևանների հետ»,- այս անունն է կրում արտաքին քաղաքական նոր դավանանքը, ինչն առաջին հայացքից արդեն իսկ տպավորություն է գործում: Ասենք, այլ կերպ դժվար էլ լիներ, քանի որ աթաթուրքյան ժամանակաշրջանում իշխող «թշնամի հարևաններով շրջապատված»  պետական գաղափարը մոտ մեկ դար անց հանկարծ վերափոխվել է զրոյական գաղափարի:

Բայց չափորոշիչների նվազեցումը դեռ հաջողության գրավական չէ: Առաջին իսկ քայլերից պարզ դարձավ, որ սա ևս անիրագործելի մի մտահղացում է դրացիական բոլոր շրջանակներում: Թուրքիայի հակումը, որպես արաբական աշխարհի առաջատարի, ամենևին ընդունելի չէ արաբների համար: Ուստի արաբական Մերձավոր Արևելքն այն տարածաշրջանն է, որտեղ «Օսմանյան կայսրության»  տեսլականի ձախողումը մեծ դժվարություն չի ներկայացնի: Թերևս հենց այդ ուղղության հարևանների միջավայրում Թուրքիան շատ ավելի մեկուսացած ու շրջափակված է, քան կարելի է կարծել: Եվ գուցե նաև դա է պատճառը, որ Արևմուտքն առանձնապես ջանքեր չի գործադրում Թուրքիայի մերձավոր-արևելյան մտադրությունները խոչընդոտելու առումով:

Ասվածի լավագույն դրսևորումը դարձավ իր կեսդարյա դաշնակցի` Իսրայելի հետ հարաբերությունները փչացնելու փաստը: Գտնում են, որ Էրդողանի կառավարությունը նպատակ ուներ այդ գնով հեղինակություն վաստակել հակահրեական տրամադրություններով ապրող մահմեդական աշխարհում: Սակայն հեղինակության դափնին կարծես թե չհայտնվեց: Փոխարենը Բրիտանական The Daily Telegraph պարբերականը, անդրադառնալով «Ազատության նավախմբի»  և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպին` գրեց, որ այդ ողբերգությունը վառ ապացույցն է այն բանի, որ նեոօսմանական, ասիական և իսլամիստական Թուրքիան երբեք չի կարող անդամակցել Եվրամիությանը:

Զրոյականության ձգտումը ձախողում է խոստանում նաև Իրանի պարագայում: Ակնհայտ է, որ Թուրքիայի դիրքերի ուժեղացումը իրանական դիրքերի թուլացում կնշանակի: Թեհրանը հասկանում է, որ իր ներկայիս դժվարին կացության հաշվին թուրքերը փորձում են լիարժեք օգտվել պատեհ հնարավորություններից: Սակայն իրանական գործոնը դեռ ի զորու է պաշտպանել իր կարևորությունն այս տարածաշրջանում և մնալ  կողմնորոշիչ ինչպես հարևանների, այնպես էլ Արևմուտքի ու Ռուսաստանի համար, եթե կարիք առաջանա սահմանափակել Թուրքիայի ազդեցությունը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հազիվ թե Թուրքիան հիմքեր ունի պնդելու, թե այստեղ նույնպես բացարձակ անհաջողության չհասավ: Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ առնչությամբ նկատեց. «Հարևանների հետ զրոյական խնդիրների՝ Թուրքիայի հռչակած քաղաքականությունը զրոյական արդյունքներ է տալիս: Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան շարունակում է իր շահը փնտրել մեր տարածաշրջանում շահերի բախման, այլ ոչ թե համադրման համատեքստում»:

Հիասթափությունների գերկուտակման պահերին Թուրքիան ցանկանում է այնպիսի կեցվածք ընդունել, ասես հոգնել է ԵՄ-ին անդամակցելուն սպասելուց: Բայց աշխարհը հասկանում է, որ թուրքական դիվանագիտությունը դժգոհության շապիկի տակ տաքացնում է պանթուրքիստական ու պանիսլամիստական քաղաքականության վերապրուկներին` դրանց կենդանություն պարգևելու հույսերով:

Ինչ խոսք, եվրոպականացման հեռանկարը գայթակղիչ է, բայց քիչ չեն նաև նրանք, ովքեր կարծում են, որ իսկական մեծությունը երկրի կայսերական անցյալն է, այլ ոչ թե համամարդկային արժեքները: Թուրքերին ճնշում են օտարների անվերջ քննադատությունները, փոխարենը գերագույն հաճույք է պատճառում այն անցյալը, երբ տերության սահմանները փռված էին Բալկաններից մինչև Արաբիա: Օսմանյան ոսկեդարի իդեալականացումն ուղեկցվում է զանազան խթանիչներով, ինչպիսիք են պատմական ֆիլմերը` ենիչերիների պատկերներով և «Կայսրությունը պատասխան հարված կհասցնի»  վերտառությամբ վերնաշապիկները, որ մեծ մասսայականություն են վայելում հատկապես երիտասարդության շրջանում: Եվ նրանք անհամբերությամբ սպասում են, թե երբ և որտեղ պիտի հասցվի խոստացված հարվածը:

 

Ո՞ՐՆ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ

Այս հարցը, որ կարելի է նաև վերաձևակերպել հետևյալ կերպ` «Թուրքիայի ո՞ր կողմնորոշումն անվտանգ կլինի Հայաստանի համար»,  առաջին հերթին գոյության իրավունք է ձեռք բերել այն պարզ պատճառով, որ մեզ համար Թուրքիայի քաղաքական դիրքորոշման կարևորությունը ոչ նոր է, ոչ երկրորդական: Երկու երկրների բարդ, լարված և թշնամական հարաբերությունների, ինչպես նաև ամեն կարգի շփումների սառեցման պայմաններում կանխատեսելիության գործակիցը երբեք բավարար լինել չի կարող: Բայց այնուամենայնիվ, համադրենք արդեն հիշատակված երկու տարբերակների հետևանքները և փորձենք հասկանալ, թե ի վերջո ներգործության ինչ բեռ պետք է ակնկալել այս կամ այն ելքի պարագայում:

Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական նշանակետը Եվրամիության և Եվրոպայի հետ ինտեգրվելն է:  Մեր այս նպատակից նույնիսկ մի փոքր շեղման մասին խոսք չի կարող լինել: Իրականություն է, որ վերջին շրջանում Եվրամիության անդամակցության ճանապարհին զգալի հատված ենք հաղթահարել»: Սրանք Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքերն են: Եթե ասվածն ընդունենք իբրև իրողություն և համարենք, որ նույն հետևողականությունը կպահպանվի նաև առաջիկայում, ապա դա նշանակում է, որ Թուրքիան պարտավորվում է կետ առ կետ կենսագործել այն բոլոր պահանջները, որ նրան կառաջադրվեն Բրյուսելի նստավայրից: Իսկ այդպիսի հեռանկարը մեզ խոստանում է ոչ միայն աստիճանաբար ժողովրդավար դարձող հարևան, այլև այն բոլոր կնճռոտ խնդիրների կարգավորում, որոնք այսօր համարվում են անլուծելի: Եվրոպական ընտանիք ներգրավված Թուրքիան հարկադրված կլինի հարևանների հետ հարաբերվել պակաս քմահաճությամբ  և կդառնա ավելի կանխատեսելի:

Եթե կատարվի հակառակը, այսինքն` Թուրքիան շեղվի ու դեմքով դառնա դեպի այն նպատակը, որ նրան մղելու է հեգեմոն դերակատարություն ստանձնելու նախկին կայսրության տիրույթներում` շեշտադրելով իր իսլամական ինքնությունը, ապա պետք է ենթադրել, որ դրա արդյունքում նա կզրկվի  ինչպես ԵՄ-ի, այնպես էլ գերտերությունների բարեհաճությունից: Այդպիսի հեռանկարը կհանգեցնի նրան, որ քաղաքակիրթ պետությունների կողմից Թուրքիայի դեմ կուղղվի դիմակայության և հակազդեցության սլաքը:  Այն, ինչ մինչ օրս ներվել էր, հետայդու կորակվի իբրև մարտահրավեր և հիմնարար ազատությունների ոտնահարում: Իսկ վտարյալ ու ճնշված Թուրքիան Հայաստանի համար հազիվ թե ներկայացնի այնպիսի վտանգ, որից կարելի է լրջորեն զգուշանալ: Աշխարհն արդեն ծանոթ է համանման մի քանի դեպքերի ու ականատեսն է եղել դրանց սանձահարման փորձված մեթոդներին:

Հնարավոր հեռանկարային այս զարգացումների համատեքստում կարելի է նաև ասել, որ այսօր Թուրքիայի համար երկու ճանապարհների բաժանման կետում կանգնելը շատ նման է երկու կրակի արանքում լինելուն: Ինչպիսին էլ լինի նրա ընտրությունը` որոշումը տրվելու է ոչ առանց զոհաբերումների:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am