Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Հունիս 2010, N 5

ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ.

ՌԱԲԻՍԸ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Հռիփսիմե Պիկիչյան, պատմագիտության թեկնածու, Երևանի պետական համալսարանի դոցենտ

Տարիներ առաջ, քաղաքային ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտության կենցաղավարման ու փոխակերպման խնդիրներին անդրադառնալիս, փորձել էինք դիտարկել ռաբիսն իբրև հասարակության որոշակի շերտի աշխարհընկալման երաժշտական արտահայտություն: Գրանցված բազմաթիվ նյութերը հնարավորություն էին ընձեռել եզրահանգելու, որ 20-րդ դարի կեսերից արդեն մեր երաժշտական կենցաղում աստիճանաբար արմատավորվող ու ինքնարտահայտման նորանոր դրսևորումներ ստացող այս երաժշտամտածողությունը կարողանում է կլանել գրեթե բոլոր երաժշտական ժանրերը` ժողովրդականից մինչև էստրադային ու դասական և ավելին` չի սահմանափակվում սոսկ երգի ու նվագի շրջանակներում1:

Ներկայացվող հոդվածը միտված է շարունակելու զանգվածային մշակույթի2 այս ինքնատիպ երևույթի քննությունը` դիտարկելով հետխորհրդային տարիներին ռաբիսի զարգացման, ծավալման գործընթացն ու նոր դրսևորումները` հեռուստատեսություն-ռաբիս փոխհարաբերության տեսանկյունից:

Գաղտնիք չէ, որ հետխորհրդային տարիների ազատականացման գործընթացները և միջմշակութային փոխազդեցությունները յուրովի անդրադարձան հասարակության երաժշտական ընկալումների ու աշխարհայացքի ձևավորման վրա: 1992-2005թթ.` խորհրդային հասարակարգից նորի անցման ծանր տարիներին, հայ երգիչ-երաժիշտներից շատերը կարողացան վաստակել օտար ափերի մեծ ու փոքր դահլիճներում, ժամանցի վայրերում կամ մասնավոր հանդիսությունների ու խնջույքների ընթացքում ունեցած ելույթների շնորհիվ` տեղի երաժշտական ճաշակին ու պահանջարկին ներդաշնակ հնչեցնելով սեփական կատարումները3: Հայրենիք վերադառնալով` նրանցից ոմանք սկսեցին հայկական երգերն ու մեղեդիները կատարել այդ երկրներին բնորոշ երաժշտական ոճերի և արտահայտչամիջոցների ազդեցությամբ, որն, ըստ իրենց, առավել զգայական ու ազդեցիկ էր դարձնում կատարումը և ընկալվում իբրև նյութի նոր մեկնաբանություն: Այս ամենը չէր կարող անտարբեր թողնել արևելյան երաժշտության սիրահարներին և օրեցօր ավելի մեծ պահանջարկ էր վայելում:

Դրան զուգահեռ, ապրուստի միջոցներ վաստակելու նպատակով` մոտակա երկրներից մատչելի ապրանք ներմուծող շրջիկ առևտրականներն սկսեցին բերել նաև արաբ, իրանցի, թուրք, հույն, հնդիկ և կովկասյան տարբեր ժողովուրդների երաժշտական կենցաղին բնորոշ տարբեր ոճերի ու որակի ձայնագրություններ: Այսու` շուկան ողողվեց պորտապարերով, քաղցրածոր կամ սրտակեղեք երգ ու նվագով համեմված խայտաբղետ DVD և CD-ներով, որոնց անթաքույց հնչյունները լսելի էին տոնավաճառներում ու քաղաքային տրանսպորտում, սրճարաններում, ռեստորաններում և հասարակական այլ վայրերում ու մեծ և փոքր հավաքույթներում: Հայ երգիչ-երաժիշտներից շատերն արագ կողմնորոշվեցին մշակույթի ասպարեզում խմորվող առաջարկի ու պահանջարկի նոր դաշտում և մրցակցելով ներմուծված երաժշտական ապրանքի հետ` վերաձևեցին սեփական կատարումներն ու գրավեցին համերգասրահները, խնջույքի ու ժամանցի համար նախատեսված բազմապիսի վայրերը: Ծավալվող գործընթացներից անմասն չմնաց նաև հեռուստաեթերը և օգտվելով խորհրդային տարիներին բնորոշ գրաքննության (ցենզուրա) բացակայությունից` մեծաքանակ լսարան նվաճելու նպատակով սկսեց հաղորդումները հագեցնել զանգվածային մշակույթին բնորոշ տարբեր ժանրերի երաժշտությամբ ու տեսահոլովակներով: Բնականաբար, հեռարձակվող երգերն ու նվագները գեղարվեստական ու կատարման ոճերի4, ժանրերի և որակի առումով միատարր չէին, քանզի ի սկզբանե տարաբնույթ ծագում, նպատակ ու արժեք ունեին: Առավել ևս, հեռանալով բուն միջավայրից, կիրառման եղանակից, նպատակից ու ժամանակից և աղճատվելով` այդ երաժշտական ապրանքը մեր իրականության մեջ ըստ հարկի ու տարբերակված չէր մատուցվում, ուստի հանրության տարբեր շերտերի ընկալումը, գնահատումն ու արձագանքը հաճախ ծայրահեղությունների էին հասնում: Օտարամուտ երաժշտամտածողության դեմ մասնագիտական և հասարակական բանավեճերին զուգահեռ` փորձեր արվեցին ստեղծել նոր հեռուստատեսային նախագծեր ու հաղորդումներ` ազգային ակունքներին վերադառնալու առաքելությամբ5: Ու քանի որ ազգային ակունք հասկացության ընկալումը ևս միատարր չէր, այդ ազնիվ նպատակին միտված հաղորդումների ընթացքում հնչող երգն ու նվագը ևս չէին կարող համարժեք արձագանք գտնել բնակչության տարբեր խավերի կողմից:

Դիտարկենք հեռուստաեթերի առավել  մեծ լսարան վայելող հաղորդումները:

Շուրջ յոթ տարի «Հայ TV»  հեռուստաալիքով մեծ հաջողությամբ ներկայացվում էր «Շաբաթ երեկո»  հաղորդաշարը (հեղինակ և վարող` Գագիկ Սեկոյան6), որի երկրպագուների բանակն ընդգրկում էր Հայաստանի և սփյուռքի հեռուստալսարանները: Բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով հաղորդումները կրկնվում էին նաև շաբաթվա ընթացքում: Ըստ մեր դիտարկումների` հեռուստադիտողներից շատերն այդ հաղորդումները տեսագրում էին ընտանեկան ժամանցի և հյուրերին զբաղեցնելու, սուրճի, թեյի կամ հացկերույթի համադրությամբ ըմբոշխնելու ակնկալիքով: Զանգվածային մշակույթի այս յուրօրինակ դրսևորման հաջողության գաղտնիքը հասկանալու և էությունն ընկալելու համար փորձենք փոքր-ինչ նկարագրելով` համակարգի մեջ քննարկել «Շաբաթ երեկո»  հեռուստածրագրի հաղորդումները: Սկսենք անվանումից, որը հստակ տեղեկացնում էր հեռարձակման ժամանակի և պարբերականության մասին: Հայդմ` հեռուստադիտողի հետ հանդիպումը կայանում էր յուրաքանչյուր շաբաթ երեկո, ավանդական հացկերույթի սեղանի շուրջ` վերածվելով հանգստյան երեկոյի մշտական ուղեկցի: Հաղորդավարը չէր զլանում ամեն անգամ նշել ծրագրի պարզ, կենցաղային բնույթը, որի նպատակը ժողովրդին ուրախացնելն ու հաճույք պատճառելն էր: Հատուկ շեշտում էր, որ այդ միջավայրում ամեն ինչ բնական էր` կենդանի երաժշտություն ու կատարումներ, բնական խոսք և վարք, բնական մթերք և ժողովրդի ծոցից դուրս եկած երգիչ-երաժիշտներ: Այսու` ապահովվում էր բնական միջավայրն ու հաղորդակցությունը հեռուստադիտողի և ծրագրի միջև` հակադրվելով հատկապես էստրադային երգիչների շրջանում տարածված ֆոնոգրամային ելույթներին, արհեստական կեցվածքին ու արևմուտքի արտիստներին կրկնօրինակող պահվածքին: 

Հեռուստաեթերի սփռման տեխնիկական  հնարավորություններին գումարվում էր նաև հաղորդման մասնակիցների աշխարհագրական տարածքի ընդգրկունությունը (ՀՀ գրեթե բոլոր բնակավայրերից մինչև սփյուռքի գաղթօջախներ): Հեղինակի հավաստմամբ` ծրագիրը նախատեսված էր «Իսկական ժողովրդական ոգի ունեցողների և հայկական երաժշտություն սիրողների համար»: Ժամանակի ընթացքում ծավալվելով` ներառում էր նաև Հայաստանի մյուս էթնիկ խմբերին` եզդի, ասորի, ռուս, հրեա…. 

Ծրագրի հեղինակ-վարողը, համաժողովրդական թամադայի7 իրավունքով, առանց խտրականության հաղորդակցվում էր բոլորի և յուրաքանչյուրի հետ. «ռաբիսի աստղեր ու լեգենդներ», պրոֆեսիոնալ երաժիշտներ, ժողովրդական երգասացներ, աշուղներ ու սիրողական մակարդակի կատարողներ, սովորական հեռուստադիտողներ: Նրանց բոլորի ու կապույտ էկրանի միջև առկա սահմանը հաղթահարելու նպատակով էլ` «հարազատ և մշտական հեռուստադիտողին»  առաջարկում էր իր հետ միասին նստել սեղանի շուրջ, վայելել «անարատ ուտեստներ», ապա կենաց խմել` փառաբանելով հողի աշխատավորին և հայրենական արտադրողին: Հընթացս գովազդվում էին նաև հովանավորների գործունեությունն ու արտադրանքը և հանուն ծրագրի շարունակականության` երկրպագուներին առաջարկում հաղորդման ընթացքում իրենց հետ միասին ճաշակել նրանց առաջարկած ուտեստի ու խմիչքի տեսակները, կենցաղում կիրառել արտադրանքը և ժամանցն ու ընտանեկան խնջույք-հանդիսություններն անցկացնել հաղորդումը հովանավորող ռեստորանում8:

Հեռուստադիտող-ծրագիր վիրտուալ տարածքում բոլորը հնարավորություն էին ստանում հայտնվել ռեստորանային միջավայրում և հաղորդակցվել տարբեր ռեստորաններում աշխատող երգիչների ու երաժիշտների մշակույթին` կարծիք հայտնել նրանց երգացանկի ու կատարողականության վերաբերյալ, պատվիրել կրկնել լավագույնները, բաժակ բարձրացնել նրանց պատվին: Այսու` ծրագրի միջոցով վերանում էին սահմանները` միավորելով ռեստորան հաճախող և չհաճախող բոլոր հեռուստադիտողներին: Նույն այս վիրտուալ տարածքում ամեն շաբաթ հաղորդավարը շնորհավորում էր ներկաների և ունկնդիրների ծննդյան տարեդարձերը, նշանադրության ու հարսանեկան ծիսակատարությունները, ժողովրդական ու պետական տոները: Ու կարծեք վերանում էին բոլոր սահմաններն ու խոչընդոտները, և յուրաքանչյուրին հնարավորություն էր տրվում, ի շարս ամենայնի, հաղորդումն ընկալել իբրև իր ընտանիքի կամ անձի պատվին կազմակերպված տոն-խնջույք, որի թամադան Գ.Սեկոյանն էր: Նույն եղանակով միասին նշում էին ապրիլի 24-ի, Հայրենական ու Արցախյան պատերազմների զոհերի ոգեկոչման, հիշատակը հավերժացնելու և հաղթանակի օրերը, սակայն լացի ու սգի փոխարեն առաջարկվում էր լինել միասնական և կյանքի կոչել նահատակների երազանքները` ամուր ընտանիք կազմել, բազմանալ, հարգել ծնողներին և սրբությամբ պահպանել ազգային մշակույթն ու հավատը: Ի հեճուկս թշնամիների ու չարակամների` ուրախանալ «Շաբաթ երեկոյի»  հետ միասին, ընտանեկան և ընկերական միջոցառումներն անցկացնել «Արարատ»  ռեստորանում, տուն կառուցել «Վալան պրոֆի»  օգնությամբ և խնջույք անել «Վեդի ալկոյի»  լավագույն գինիներով` այս կերպ նպաստելով հայրենական արտադրությանը: Նման մտածողությունը համեմատելի էր սևակյան աշխարհընկալման ու խնջույքի միջոցով մահը հաղթահարելու հնագույն պատկերացումների հետ9:

Մի կողմից` ամենշաբաթյա այս խնջույք-հաղորդումը, անհատականացվելով, մասնավորեցվում էր բոլորի համար, մյուս կողմից` համընդհանուր բնույթ էր ստանում, որի մասնակիցը յուրաքանչյուրն էր (անկախ տարածքից, սոցիալական դիրքից, սեռից ու տարիքից): Բոլորին ի մի էր հավաքում համահայկական թամադան` ընդհանրացված ու մասնավորեցված կենացներով, բարեմաղթանքներով, խրատ-պատգամներով ու առաջարկներով: Հայսմ` ընդլայնելով սովորական հեռուստահաղորդման սահմանները` ծրագիրը, կարծեք, մի ինքնատիպ համաժամանակյա խնջույք-հացկերույթի վերածվելու միտում էր ստանում` ներառելով ՀՀ և սփյուռքի հայերին: Խնջույքի սեղանի կառավարման տրամաբանությամբ` ծրագրավարն առաջարկում էր խմել ժողովրդական տոնածիսական ավանդույթում ընդունված առանցքային կենացները (ծնողների, մայրերի, հայրենիքի, մայր հողի, հերոսների, նորապսակների, երեխաների…): Կենաց բաժակ էր բարձրացնում ՀՀ տարբեր մարզերի բնակիչների ու սփյուռքում բնակվող մեր տարագիր քույրերի ու եղբայրների պատվին, որոնց հորդորում էր հայրենիք վերադառնալ: Այս համատեքստում, հրավիրված երաժշտի կատարումը կամ երգը կենացը ծաղկացնելու գործառույթ էր ստանում10: Վերը նշված բոլոր դիտանկյուններն ի մի բերելու պարագային կարելի է նկատել, որ հաղորդաշարն, իրոք, վեր էր ածվում համահայկական խնջույքի: Ավելին` հաղորդման համաժամանակյա թողարկումների, մասնակիցների տարիքային, սոցիալական ու մասնագիտական տարբեր խմբերի ընդգրկման շնորհիվ, կարծեք, միավորվում էին հեռուստադիտողների բոլոր սերունդներն ու սոցիալական շերտերը11:

Երաժշտական ժանրերի առումով` հաղորդումների ընթացքում հնչում էին  ժողովրդական, աշուղական, ռաբիս, էստրադային ժանրերի երգեր ու նվագներ, ինչպես նաև ժողովրդական երաժշտությանը հարող կոմպոզիտորական տարաբնույթ ստեղծագործություններ ու հեղինակային երգեր: Հավասարապես մատուցվում էին գեղջկական և քաղաքային երաժշտության նմուշները` ժողովրդական, ժողովրդապրոֆեսիոնալ և պրոֆեսիոնալ կատարողների միջոցով: Ապահովվում էր նաև երգացանկի թեմատիկ բազմազանությունը` ծիսական, վիպական, աշխատանքային, հայրենասիրական, պանդխտության, սիրային, ողբի, կենցաղային, երգիծական երգեր ու նվագներ: Հատուկ տեղ էր հատկացվում ավանդական նվագարաններին և վիրտուոզ կատարողներին` արժևորելով նրանց դերը, որպեսզի հեռուստադիտողը վերագնահատի իր վերաբերմունքը դրանց նկատմամբ և խրախուսի կատարողներին:  

Հեղինակը, կարծեք, ձգտում էր վերադարձնել Հայաստանից տեղափոխված երաժիշտներին` հաղորդումը վերածելով հեռուստատեսային անսահմանափակ համերգասրահի: Այս նպատակով հրավիրում էր օտար ափերից Հայաստան ժամանած բոլոր երգիչ-երաժիշտներին` Ձախ Հարութ, Բոկա, Արմենչիկ, Ներսիկ Իսպիրյան, Արա Մարտիրոսյան... միջին ու ավագ սերնդին առաջարկում էր վերհուշի միջոցով վերադարձնել անցած ժամանակը (լավագույն օրերը), իսկ նոր սերնդին` ծանոթանալ իրենցից առաջ ստեղծված լավագույն արժեքներին: Այս տարբերակով, կարծեք, կրկին փորձ էր արվում վերացնել սահմանները տարածության ու ժամանակի միջև` բոլորին միավորել հեղինակի ջանքերով ստեղծված իդեալական (ուտոպիկ) միջավայրում:

Սահմանների վերացման ուրույն տարբերակներ էին մարզերում կազմակերպվող հեռագնա հաղորդումները, որոնց ընթացքում ներկայացվում էին յուրաքանչյուր շրջանի երաժշտական մշակույթի առանձնահատկությունները, իսկ կենցաղային ոլորտում գործող երաժիշտներին` ելույթ ունենալ հեռուստաէկրանից, որի մասին խորհրդային տարիներին նրանք անգամ երազել չէին համարձակվի:

Նկատենք, որ հատկապես տոնական հաղորդումների ժամանակ հրավիրվում էին բոլոր մակարդակների ու ոճերի կատարողները (սիրողական թե արհեստավարժ): Ի դեպ,  կատարումների ոճի մեջ գերակայում էր ռաբիսի մտածողությունը. տարածքը ռեստորանն էր, և վարքագիծը, հագուստն ու կատարումները ևս համապատասխանեցվում էին ռեստորանային խնջույքների սովոր խավի պատկերացումներին: Ուշագրավ է, որ տոնական հաղորդումներին հրավիրված պրոֆեսիոնալ երգիչները (էստրադային աստղեր), կարծեք մրցելով ռաբիսի ներկայացուցիչների հետ, ընտրում էին այս ոճին ու երկացանկին բնորոշ երգերն ու ձգտում կատարել համապատասխան տեմբրային երանգներով, ինտոնացիոն դարձվածքներով, գեղգեղանքով ու զգայականությամբ: Պետք է նկատել, որ հաճախ կատարողական տեխնիկայի և զգացմունքային մատուցման մակարդակները լիովին համահունչ էին ռաբիսին12: Ի տարբերություն դրանց` ռաբիսի աստղերից մի քանիսը, ինչպես, օրինակ, Ալիկ Գյունաշյանը, Արմեն Խուբլարյանը, Բղդոն, ձգտում էին ռոմանսատիպ կատարումներ ներկայացնել, որոնք իրենց տեսակի մեջ գրեթե չէին զիջում արդի էստրադային աստղերի ելույթներին: Այս համատեքստում իբրև ռաբիսի առանձին ուղղությունների կատարելության չափանիշ էին դիտարկվում երգիչներ Գլախո Զաքարյանի, Սուրեն Պողոսյանի, Սպիտակցի Հայկոյի, Թաթա Սիմոնյանի, կլարնետահարներ Կոնստանտին Կարապետյանի և Հարություն Գևորգյանի (Միլիտոս), ակորդեոնահարներ Ներսիկ և Գագիկ Ստեփանյանների ելույթները (արդյոք այստեղ շրջելիության հարացո՞ւյցն էր գործում):

Հոբելյանական և անվանի երաժիշտների մեծարման կամ հուշային հաղորդումներն աչքի էին ընկնում նպատակամետությամբ, մատուցվող նյութի բազմաշերտ ներկայացմամբ և առանձնահատուկ ջերմությամբ (Ալիկ Գյունաշյանի, Գուսան Տոտիկի ծննդյան տոների առթիվ, ինչպես նաև Արամ Ասատրյանի, Վարդուհի Վարդանյանի մահվան ու հիշատակի օրերի):

Ի տարբերություն մյուս հեռուստածրագրերի տոնական հաղորդումների` Նոր տարվա և կանանց տոնի հատուկ թողարկումներն իրական խնջույքներ էին, որոնց ընթացքում բոլոր մասնակիցներն ուրախանում ու վայելում էին տոնը և կատակում` սեփական «թերություններն»  ի ցույց դնելով: Կարծեք, հաղորդավարը փորձում էր այս կերպ ներկայացնել բոլոր կատարողներին բեմական կեցվածքի հակառակ կողմից, բնական վիճակով` դրանով իսկ ջնջելով հեռուստադիտողի ու նրանց միջև եղած սահման-անջրպետը13:

Միևնույն միկրոֆոնից, լսարանից ու ներկայանալու իրավունքից օգտվում էին բոլորը` անկախ տարիքից, մասնագիտությունից, էթնիկ ու մշակութային պատկանելությունից, բնակության վայրից: Ներկայանալու հավասար իրավունք էր տրվում հանրահայտ երաժշտին ու դեռևս ճանաչում չգտած կատարողին` միևնույն նվերներին ու ջերմ վերաբերմունքին արժանացնելով14: Բոլոր մասնակիցներին հավասար իրավունքներ ընձեռելու նպատակը, հավանաբար, հավասարության պատրանքի ստեղծումն էր և սահմանների վերացումը: Յուրաքանչյուր կատարողի ներկայացնելիս շեշտում էր «մեր լավ ընկերը, բարեկամը»  լինելու փաստը, և յուրաքանչյուր հրավիրյալ իր հերթին հաստատում էր ասվածը: Ստեղծվում էր յուրայինի մի ընդհանրական կերպար և  իդեալական միջավայր, որտեղ բոլորը միևնույն նպատակներն ու աշխարհընկալումն ունեն, բարի են, մեծահոգի, նվիրյալ, բնությունից օժտված ու աշխատասեր, որոնցից պետք է օրինակ վերցնեն երիտասարդները և շարունակեն ստեղծված ավանդույթը: Յուրայինի պատկերացումը նույնացվում էր իսկական հայի ընկալման հետ, որի ներկայացուցիչները հենց հայկական երգն ու երաժշտությունը ժողովրդին մատուցողներն էին: Այդ տարածքում չկան ուրիշներ և օտարներ: Կարելի է եզրակացնել, որ ընդհանուր նպատակին նվիրված ոլորտի ներկայացուցիչները մի մեծ ու համերաշխ ընտանիքի անդամներ են` պատրաստ միմյանց օգնելու (հմմտ. համքարությունների հետ): Ասվածի յուրօրինակ հավաստիացումը կյանքից անժամանակ հեռացած գործընկերների հիշատակի և սգո արարողությունները, մեծարանքի երեկոները հավուր պատշաճի կազմակերպելն ու ժողովրդայնացնելն էր15 (Արամ Ասատրյան, Վարդուհի Վարդանյան, Գագիկ Սեկոյան): Անտարակույս, երաժիշտ-կատարողների այս ինքնատիպ ընտանիքը ջանք չխնայեց նրանց գործունեությունը հանրահռչակելու և մեծարելու գործընթացում16: Օրինակ, 2006թ. նոյեմբերի 18-ին Ա.Ասատրյանի մահվան յոթերորդ օրվան նվիրված «Շաբաթ երեկոյի»  հաղորդմանը հրավիրվել էին երգչի ընկերները` «հավերժացնելու Արամի հիշատակը» 17: Ավանդույթի համաձայն` բոլորը մուգ գույնի հանդերձանքով էին, երգում էին նրա սիրած երգերը, պատմում նրա մասին, խմում  կենացը և ըստ ռաբիսի հայտնի երգահան ու երգիչ Սերգեյ Կարինյանի` հավատում, որ «Գնաց երկինք, որ Աստծո թագավորությունում երգի», որից հետո Արամի պատվին կատարվեց «Լավ ընկեր»  երգը, որին ձայնակցում էին հավաքվածները` «Մի կյանք ենք ապրում` թողնում, հեռանում, / Թողեցիր մեզ, ավաղ … մենք քեզ չենք մոռանում…»: Ապա, շնորհակալություն են հայտնում գեներալ Մանվելին և Էջմիածնի քաղաքապետարանին` ժողովրդի սիրելի երգչի հուղարկավորությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հաղորդման շրջանակները, կարծեք, վերանում էին` ձուլվելով հանգուցյալի հիշատակի յոթերորդ օրը նշելու ժողովրդական արարողակարգին:

Երբ 2007թ. փետրվարին վախճանվեց Գագիկ Սեկոյանը, «Հայ TV»  հեռուստաալիքն այդ առիթով, սգո ավանդույթի համաձայն, երկու օր շարունակ դասական երաժշտություն էր հաղորդում, որը մերթընդմերթ ընդհատվում էր նրա մասին պատմող կարճ կադրերով և գործընկերների հիշատակի ջերմ խոսքերով: Հաղորդման հեղինակի մահվանից հետո գրեթե մեկ տարի կրկնում էին հաղորդումները: Տարելիցին նվիրված հատուկ հուշ-հաղորդման ընթացքում գործընկերները կրկին գնահատեցին Գ.Սեկոյանի ծրագիրն ու հեղինակի նվիրումը հայ երաժշտությանը` սրտառուչ խոսքեր ուղղելով նրան: Շեշտում էին նրա երևանցի` քաղաքի մարդ լինելու հանգամանքը, բարությունը, մեծահոգությունը, ընկերասիրությունն ու երեխաների նկատմամբ ջերմ վերաբերմունքը, որի շնորհիվ նրան սիրում էին արվեստագետներն ու սովորական քաղաքացիները և հեռուստալսարանը: Այս դեպքում էլ, կարծեք, ստեղծվում էր իդեալական մարդու, հայի ու քաղաքացու կերպար, որից պիտի օրինակ վերցնեն երիտասարդները և շարունակեն Գ.Սեկոյանի որդեգրած ավանդույթները:

2007 թվականից Հ2 հեռուստաընկերությունը հինգշաբթի օրերին հեռարձակում է «Սիրված երգեր»  հաղորդաշարը (կրկնությունը` կիրակի), որի հեղինակն ու վարողը ռեստորանային երգիչ Արթուր Ումրոյանն է: Հաղորդումները նկարահանվում են «Էտնա»  ռեստորանում, բայց, ի տարբերություն նախորդի, այստեղ խնջույք չի ներկայացվում, այլ` համերգային միջավայր: Ոչ բարձր բեմի վրա երաժիշտներն են և հաղորդավարը: Նույն տարում «Երևան»  հեռուստաընկերությունը սկսում է «Երևանը երգերի մեջ»  հաղորդաշարը, որի հեղինակ-վարողները «Մայամի»  ռեստորանի երգիչներն են` Էդիկ Կարապետյան և Մանվել Գալստյան: Այստեղ ևս բացակայում է խնջույքի միջավայրը, թեև երկու հաղորդումներն էլ հիմնականում շարունակում են Գ.Սեկոյանի հաղորդաշարի սկզբունքները: Իսկ հաղորդման տարելիցին նվիրված երեկոն ամբողջովին հիշեցնում էր համքարական խնջույքի ժամանակակից տարբերակ, որի նախատիպն, անշուշտ, «Շաբաթ երեկոյի»  համապատասխան թողարկումներն էին: Դիտելի էր, որ տոնական հավաքի խնջույքին մասնակցում էին ռաբիսի բոլոր սերունդների կենդանի կատարողները, և կրտսերներն ավագներին դիմելիս մեծարում էին մեծ վարպետ  խոսքերով: Եվ եթե այլ իրավիճակներում ռաբիս եզրը չէր կիրառվում ժանրի ներկայացուցիչների կողմից, ապա այդ հաղորդման ընթացքում քանիցս պարծանքով նշեցին իրենց պատկանելությունը ռաբիսին: Օրինակ, հանրապետության վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը շեշտեց. «Ես ռաբիս եմ և հպարտ եմ դրանով...», ապա մաղթեց, որ ոչ միայն նման սեղանների շուրջ հավաքվեն, այլև, ինչպես ոչ հեռու անցյալում (Գ.Սունդուկյանի անվ. պետական ակադեմիական թատրոնի զբոսայգում գործող ռաբիսի կազմակերպության նախկին շենքում), մի տարածք լինի, որտեղ կրկին կարողանան հաղորդակցվել գործընկերների հետ:

Եթե Գ.Սեկոյանի հաղորդումների միջոցով «վերանում, համահարթվում էին»  ռեստորան-բնակարան-համերգասրահ սահմանները և ռաբիսի ժանրում միանում ռեստորանային ու էստրադային երգիչները, ապա ԱԼՄ հեռուստատեսության ղեկավար Տիգրան Կարապետյանի հաղորդումների նպատակը ժողովրդին ուրախացնելն ու տաղանդներ որոնելն էր, որի համար բոլոր ցանկացողներին հնարավորություն էր տրվում ելույթ ունենալ` անկախ մասնագիտությունից, սեռից, տարիքից, ազգությունից և կատարվող ստեղծագործության ժանրից և անգամ օժտվածությունից: Այդ հաղորդումներն, ասես, դաշտային ազգագրական նյութեր էին, որոնց նպատակը տվյալ ժամանակահատվածում Հայաստանում կենցաղավարող ամենատարածված երգերի ու նվագների գրանցումն էր: Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում ՀՀ մարզերի և ազգային փոքրամասնությունների մշակույթին: Նկատենք, որ հեղինակը հանդես էր գալիս նաև կատարումները գնահատողի դիրքերից և պարգևատրում ընտրյալներին` ադամանդ կամ զմրուխտ անվանելով, և բարձրագույն պարգևի արժանացած ընտրյալները նկարահանվելու և կրկին հեռարձակման հնարավորություն էին ստանում:

Նշված բոլոր հաղորդաշարերն էլ հիմնականում կենցաղային բնույթ են կրում, և հաղորդավարների հնչեցրած ոչ բարդ տեքստերի իմաստը բարի ցանկությունների և զգայական արտահայտությունների շրջանակներից դուրս չի գալիս: Հաղորդումների ընթացքում ներկայացվող կատարումների որակն ու մեկնաբանումը գերազանցապես չեն  համընկնում կապույտ եթերի մասին դեռևս խորհրդային տարիներից ձևավորված ու դասական դարձած պատկերացումներին, գեղագիտական և մասնագիտական չափանիշներին: Դրանք զայրացնում են երաժշտագետներին ու հիշյալ ավանդույթներով դաստիարակված շատ ու շատ քաղաքացիների, որոնք հաճախ նման հաղորդումներն արգելելու և ռաբիսի դեմ պայքարի կոչեր են հնչեցնում: Առաջարկվում է նաև խստիվ առանձնացնել ռեստորանային կամ հուղարկավորման ոճի երաժշտությունը համերգայինից (իմա` հեռուստատեսայինից)` յուրաքանչյուրին բնորոշ տարածք ու միջավայր տրամադրելով18:

Այնուամենայնիվ, երաժշտական այս ոճերի` մեծ լսարան նվաճելը շատերին մտորելու առիթ է տալիս: Ամենայն հավանականությամբ, հաջողության գաղտնիքը եթերում իր նմանին տեսնելու և հասկացված լինելու ձգտումն է, ինչպես նաև իր հոգեվիճակին ներդաշնակ, զգացմունքային, դյուրությամբ ընկալվող ու հիշվող կամ պարային ռիթմով, բարձր տրամադրությամբ հագեցած ու մատչելի երաժշտական կատարումների, իրեն ուղղված պարզ ու սրտառուչ խոսք լսելու կարիքը, որ հեռուստադիտողն ակնկալում է ստանալ նման հաղորդումներից:

Ավանդական  դաստիարակությանը հակադրվող օտարահունչ ու սեքսուալ ուղղվածությամբ ժամանակակից տեսահոլովակներով ողողված հեռուստաեթերից խուսափողի համար այդօրինակ հաղորդումները վերածվում են հարազատ հոգու փնտրտուքի, որի ընթացքում զգայական բեռնվածությամբ ու քաղցրածոր ելևէջներով պարուրված արահետը կարելի է շփոթել նաև եկեղեցի տանող ճանապարհի հետ:

Երևույթի քննությունից կարող ենք փաստել, որ խորհրդային տարիներին ռաբիսն, այսպես կոչված, ընդհատակում էր գործում (անլեգալ ձայնագրությունների տարածում) կամ հնչում էր առավելապես կենցաղային մակարդակում` խնջույքի ու սգո արարողությունների ընթացքում, երբեմն` հասարակական ժամանցի ու սննդի ոչ բարձր վարկանիշ ունեցող վայրերում (գինետուն, ճաշարան, էժանագին ռեստորաններ): Այն  համերգային ծավալման հնարավորություն չուներ, քանզի անընդհատ վերահսկվում և քննադատվում էր երաժշտագետների և պրոֆեսիոնալ կատարողների կողմից, իսկ դասական չափանիշներով առաջնորդվող էլիտան թեական վերաբերմունք ուներ նրա նկատմամբ, ուստի ռաբիսի լավագույն կատարողները ձգտում էին զարգացման ճանապարհով նվաճել իրենց տեղը մյուս երաժշտական ուղղությունների շարքում: Սրա լավագույն դրսևորումներից էին ռաբիսի տարբեր ուղղությունների ամենավառ ներկայացուցիչների` Կարապետ Հայրապետյանի, Ջիվան Գասպարյանի, Մկրտիչ Մալխասյանի (Մըկըլ), Գլախո Զաքարյանի, Ձախ Հարութի, Թաթայի, Ուզբեկի, Սուրեն Պողոսյանի, Ալիկ Գյունաշյանի, Կուկուի, Աիդայի, Ներսիկ Իսպիրյանի կատարումները: Նկատենք նաև, որ ռաբիսի ներսում ևս բոլորը հավասար չեն: Հիերարխիկ սանդուղքի ամենաստորին մասում, իրենց իսկ գնահատմամբ, անտաղանդ խուժան երգիչներն են, որոնք, ըստ բարձր դասի ներկայացուցիչների, խայտառակում են ռաբիսի անունը:

Հետխորհրդային փոփոխությունների բերումով ռաբիսը գործունեություն ծավալելու ազատություն ստացավ: Անընդհատ աճող ժամանցի ու զվարճանքի վայրերում մշտական երաժշտախումբ ունենալու պահանջարկը ևս նպաստեց այս ուղղության երաժիշտների թվաքանակի աճին, որոնց որակը կախված է գործատուի երաժշտական աշխարհընկալումից և վճարունակությունից, ինչպես նաև լսարանի պահանջարկից: Բնականաբար, շեշտը դրվում է կատարումների զգայականության և մատչելիության շնորհիվ ունկնդիրների առավել  զանգվածային լսարան ապահովելու, այլ ոչ որակի կատարելագործման վրա: 

Հետխորհրդային տարիների բնորոշ առանձնահատկություններից է նաև ռաբիսի երաժիշտների համերգային ծավալուն գործունեությունը, որը, շահութաբեր ոլորտի վերածվելուց բացի, որոշակի վարկանիշ ու ցուցիչ դարձավ մինչ այդ ռաբիսի նկատմամբ հակվածությունը թաքցնողների համար: Չէ՞ որ այս ժանրի ներկայացուցիչներին էին տրամադրվում մայրաքաղաքի ամենաբարձր վարկանիշ ունեցող բեմերն ու մարզահամալիրները19:   

Մյուս կողմից` էստրադայի և ռաբիսի երգիչների միջև, կարծեք, վերացավ նախկին անջրպետը, քանի որ շուկայական հարաբերությունների պայմաններում վաստակելու նպատակով, բեմական գործունեությանը զուգահեռ, էստրադայի երգիչները մուտք գործեցին ռեստորանային միջավայր, իսկ ռաբիսը` համերգասրահ: Կարելի է նկատել, որ աստիճանաբար վերանում է այս երկու նախկին բևեռները բաժանող սահմանը, որի արձագանքներից է էստրադային երգի ռաբիսացումը (օրինակ, Քրիստինե Պեպելյանի, Նունե Եսայանի, Արսեն Գրիգորյանի և այլոց երգերից մի քանիսը): Մեր օրերում դիտելի է նաև երկու ուղղությունների ներկայացուցիչների միջև գործընկերային, անգամ ընկերական հարաբերությունների ակտիվացումը, որը մասնագիտական նոր համքարության մեջ միավորվելու միտում է դրսևորում (հատկապես սփյուռքում20 կազմակերպվող համատեղ համերգները. օրինակ, Քրիստինե Պեպելյանի և Արմենչիկի):

Նյութի քննությունից կարելի է եզրակացնել, որ երաժշտական այս աշխարհընկալումն օրեցօր ավելի ու ավելի է ընդարձակում սահմանները` ընդգրկելով տարբեր հասակային և սոցիալական խմբերի լսարաններ, մշակութային ու ժամանցի կազմակերպման նոր տարածքներ: Այն խիստ կենսունակ է, ճկուն և բազմաճյուղ: Ե՛վ Հայաստանում, և՛ սփյուռքում ժանրի սիրահարների ու ներկայացուցիչների բանակը բազմաշերտ է և կայուն, կարողանում է վերարտադրվել և ֆինանսավորվել թե՛ ներքին, թե՛ արտաքին ռեսուրսների օգնությամբ, և նրա նկատմամբ սոսկ արհամարհական կամ ընդդիմադիր կեցվածքը կամ արգելքների կիրառումը չի կարող խանգարել ռաբիսի ծավալմանը: Կարծում ենք, որ ավելի արդյունավետ կլինի մասնագիտական համակողմանի ուսումնասիրություններ կատարելը և համապատասխան լսարանի երաժշտական պահանջմունքները բավարարող բարձրորակ կատարումներ առաջարկելը, որն առողջ մրցակցության դաշտ կձևավորի և ինքնամաքրման հնարավորություններ կստեղծի:    

 

1 Հարցն այն էր, որ 1950-1980-ական թթ. այդ ոլորտն առավելապես հասարակության երաժշտական կենցաղի սպասարկման գործառույթ ուներ` համապատասխան լսարանով ու միջավայրով: Կառույցը  Քաղսովետի ենթակայությամբ էր գործում և ղեկավարվում էր «Նվագախմբային երաժիշտների բյուրոյի»  տնօրինության կողմից: Այստեղ գործող մասնագիտական հանձնաժողովն էր թույլ տալիս առանձին երաժիշտներին և կոլեկտիվներին աշխատել ռեստորաններում, զվարճանքի ու ժամանցի վայրերում, ինչպես նաև իրականացնելու քաղաքացիների ընտանեկան խնջույքների ու թաղման ծեսերի երաժշտական սպասարկումը: Ըստ սպասարկման ոլորտի` նվագախմբերն աստիճանաբար բաժանվեցին երկու խմբի` ուրախության և սգո դաստաների: Անկախ ոլորտից` երկու խմբերն էլ ռաբիս մշակույթի ներկայացուցիչներն էին, որոնց խնդիրը պատվիրատուի երաժշտական ցանկությունը կատարելն էր և միջոցառմանը բնորոշ պարելու, երգելու, ուրախանալու, ողբալու կամ խոհական-քնարական տրամադրություն առաջացնելը: Բնականաբար, կարևորվում էր գեղգեղանքով համեմված հոգեթով ու զգացմունքային կատարումը, որն, ըստ հարկի, կառուցվում էր ծորուն կամ աշխույժ մեղեդու հենքով: Երաժշտության այս ոճի երկրպագուներից շատերը ձգտում էին քողարկել իրենց համակրանքն ու հակվածությունը` «ցածրաճաշակ»  ու «ռաբիս»  չկոչվելու նկատառումներով, քանզի նման վարկանիշը կարող էր խոչընդոտել հասարակության մեջ ակնկալած կերպարն ու դիրքն ունենալուն: Ավելի մանրամասն տե՛ս Հ.Պիկիչյան, «Ռաբիս»  երևույթի լույսն ու ստվերը: Կուլտուր-լուսավորական աշխատանք հանդես, 1982, N1, էջ 24-30: Л. Абрамян, Р. Пикичян, Заметки по этнографии современного города (на примере Еревана) 1. Рабис и изменчивость городской социальной иерархии. //Этнические группы в городах европейской части СССР. АН СССР, Московский филиал географического общества, М. 1987, стр. 136-146. Հ.Պիկիչյան, Լ.Աբրահամյան, Ռաբիս-Ռաբիզ երաժշտություն // Սովետական  արվեստ, 1988 N8, էջ 54-58:

2 Զանգվածային մշակույթի (ԶՄ) ծագումը կապվում է 20-րդ դ. 2-րդ կեսի հետ: Թեև այս տիպն էլիտար և ժողովրդական մշակույթներից  ավելի պակաս գեղարվեստական արժեք ունի, սակայն ամենամեծաքանակ լսարանն է գրավում և հեղինակային է: Այն բավարարում է տվյալ պահին մարդկանց պահանջմունքները, արձագանքում նորություններին և արտացոլում դրանք: Ուստի, այդ նմուշներն արագ տարածվում և նույնքան արագ մոռացվում, հնանում են` կորցնելով արդիականությունը և փոխարինվում նորերով: Այսուհանդերձ, արվեստի միևնույն տեսակը կարող է պատկանել և՛էլիտար, և՛ԶՄ-ին: Այսպես, երբ Բախի երգեհոնային մեսսան օգտագործվում է չմշկասահքի երաժշտական ձևավորման մեջ, դիտվում է իբրև ԶՄ` միաժամանակ չդադարելով պատկանել բարձր արվեստին: Թեև ԶՄ-ն բնորոշվում է որպես սոցիալական ցածր խավերի զգացմունքների և սովորույթների արտահայտություն, բացառված չէ, որ գեղարվեստական մշակույթի բարձրագույն տեսակները ևս, տարիներ անց յուրացվելով, վերածվեն զանգվածայինի` միաժամանակ չկորցնելով նախնական պատկանելությունը (ըստ մասնագետների` գործընթացը կարող է տևել շուրջ 50 տարի): Տե՛ս Кравченко А.И., Культурология, 2008, Академический проект, стр. 75.

3 Նկատենք նաև, որ դեռևս նախախորհրդային տարիներին լավագույն հայ երաժիշտները պարբերաբար հրավիրվում էին Հունաստան, արաբական երկրներ, Իրան, Թուրքիա, Վրաստան և Կովկասի ու Ռուսաստանի տարբեր բնակավայրեր` ներկայացնելու իրենց արվեստը պաշտոնական ու մասնավոր հանդիսությունների ու բազմաբնույթ միջոցառումների ընթացքում:

4 Գեղարվեստական ոճը ստեղծագործության մեջ կիրառվող բնորոշ տարրերի, եղանակների, կատարման առանձնահատկությունների ինքնատիպության ամբողջականությունն է, որ հնարավորություն է տալիս միմյանցից տարբերել միևնույն սեռի, տեսակի կամ ժանրի ստեղծագործությունները: Ոճի տարրերը տարաբնույթ ակունքներ ունեն. դրանցից են` ժողովրդի ընդհանուր ոգին, պատմամշակութային ընդհանրությունները, այսինքն` մենթալությունը, ինչպես նաև ժամանակի ոգին, նորաձևությունը, գաղափարները կամ հանճարեղ արվեստագետի անունը:  Ոճային առանձնահատկություններն առավել վառ են դրսևորվում արտահայտման կերպի ու եղանակների մեջ, քան բովանդակության` ասելիքի: Այսինքն` կարևորվում է ոչ թե ի՞նչը, այլ` ինչպե՞սը: Դրանք հաճախ աշխարհայացքային ընկալում ունեն: Տե՛ս Скрипник А.П., Культурология, М., Гардарики, , 2006, стр.115.

5  Հոդվածի շրջանակներից դուրս է ՀՀ տարբեր հեռուստաընկերությունների երաժշտական նախագծերի և հաղորդումների մանրամասն քննությունը, քանզի դա առանձին ուսումնասիրման խնդիր է:

6  Հայտնի էր նաև Ֆիլե Գագո մականվամբ:

7  Մեր նախնիները խնջույքի ընթացքում գինի էին ըմպում, և ավանդական խնջույքն սկսվում էր արքայի ողջույնի ծեսով, որի ընթացքում նա գավաթ էր բարձրացնում, ապա հերթականությամբ, ըստ գահի և պատվի այն մատուցում մասնակիցներին: Այդ ծեսի ընթացքում արքան վերակերպավորվում էր իբրև անմահ աստված, նրա բաժակը` կենաց բաժակի, իսկ խոսքը` կենաց խոսքի (Պետրոսյան Հ., Խաչքար.  ծագումը, գործառությունը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան 2008): Ծեսի վերապրուկներից կարելի է նկատել խնջույքի թամադա կամ սեղանապետ ընտրելու սովորույթը, ըստ որի` թամադան, փոխարինում էր արքային և կառավարում խնջույքի ողջ ընթացքը: Հայսմ` սովորաբար թամադա ընտրվում է հասարակության մեջ բարձր, մեծ հեղինակություն վայելող, հասուն տղամարդը, որը կյանքի փորձ և կառավարելու հմտություն ունի: Բնութագրական է, որ մերօրյա խնջույքներում էլ որևէ մեկի պատվին խմած բաժակը և այդ առիթով ասված խոսքն ուղղակի կոչվում է կենաց` այսինքն` կյանքի համար, իսկ խմելուն հաջորդող բարեմաղթանքը` անուշ, որը փոխառություն է մեդիերենից, նշանակում է անմահություն (հմմտ.` ամեն. да будет так): Մինչ աստվածային ըմպելիքն ըմբոշխնելը` աստծուն շնորհակալություն հայտնելու նշանակությունն ունի: Այսու` կենացը ծիսական տարր է, զոհաբերության յուրօրինակ ձև: Բացի խնջույքի ընթացքը կանոնակարգելուց և ուղղորդելուց, յուրաքանչյուր կենաց նաև կոնկրետ նշանակություն և իմաստ է ստանում, իսկ դրան հաջորդող երաժշտությունը վերածվում է ասվածի հնչյունային վավերագրի: Քննարկվող ենթատեքստում հաղորդավարին իբրև թամադա և հաղորդումն իբրև խնջույք (հացկերույթ) ընկալելու ուշագրավ օրինակ է նաև այն փաստը, որ երբ 2010թ. ռաբիսի անվանի ներկայացուցիչ Սուրեն Պողոսյանի մահվան հիշատակին նվիրված «Սիրված երգեր»  հաղորդաշարի ընթացքում հեղինակ և վարող Ա.Ումրոյանը նշեց, որ ժողովուրդը վառ կպահի սիրելի երգչի կերպարը, Թբիլիսիից հրավիրված տարեց ջութակահար Րաֆֆին, դիմելով վերջինիս, ավելացրեց` քո թամադությամբ: 

8  Տարբեր խավերի շրջանում հաղորդաշարի ձեռք բերած վարկանիշի ու տարածվածության մասին էր փաստում նաև մշտական հովանավորների առկայությունը` հանրապետությունում ճանաչված «Արարատ»  ռեստորան, եվրոպական դռներ ու լուսամուտներ առաջարկող «Վալան պրոֆ»  կազմակերպություն, «Վեդի ալկո»  գինու գործարան, մոսկովյան «Լեբո սուրճ», ինչպես նաև քաղցրավենիք արտադրող ու տարածող երևանյան «Թալգրիգ»  ընկերություններ և այլք:

9  Պետրոսյան Հ., Անանիա Շիրակացու «Խրախճանականքը»  և միջնադարյան   խնջույքը // Հայաստանը և Քրիստոնյա Արևելքը, Երևան, 2000, էջ 359-360:

10  Կոչ էր անում ընտանիքի անդամների ու մտերիմների հետ միասին դիտել հաղորդումը, երգել, պարել, ուրախանալ, վայելել «Շաբաթ երեկոն»  և երաժշտությունը, որը հատուկ իրենց բարձր տրամադրություն պարգևելու համար էին պատրաստել ծրագրի կազմակերպիչներն ու մասնակիցները:

11 Երաժշտության միջոցով հայրենիք-սփյուռք միավորման օրինակ կարող են դիտվել Հայաստանի սահմաններից դուրս կազմակերպվող ռաբիսի ներկայացուցիչների (Արամ Ասատրյան, Թաթա, Սուրեն Պողոսյան, Բոկա, Ձախ Հարութ, Արմենչիկ, Հարութ Բալյան և այլք) համերգները, որոնք ոչ միայն հայերի հավաքատեղիի էին վերածվում, այլև յուրահատուկ ակումբային միջավայրի դեր էին կատարում: Այստեղ կարելի էր ավելի ազատ զգալ, ծանոթանալ հայրենակիցների հետ, նորություններ փոխանակել, գործարար կապեր հաստատել, անգամ ապագա կյանքի ընկեր ընտրել: Որքան էլ տարօրինակ հնչի, դժվար է գերագնահատել նման համերգների հայապահպան դերը, քանի որ ի շարս վերը նշվածների, նոր սերունդը հաճախ հայերեն սկսում է սովորել նման երգերի միջոցով (ասվածը հաստատում են տարբեր համերգներից հետո հեռուստադիտողների հետ անցկացվող հարցազրույցները և մեր հավաքած դաշտային նյութերը):

12  Օրինակ` Աիդա Սարգսյանի, Քրիստինե Պեպելյանի, Սիրուշոյի, Հայկոյի, Ալլա Լևոնյանի, Արմինկայի, Անչոկի, Ժաննայի, Արսեն Գրիգորյանի, Արման Հովհաննիսյանի և այլոց  կատարմամբ հնչող ժողովրդական ու աշուղական երգերը:

13 Բոլոր հաղորդումների ընթացքում անընդհատ նշվում էր, որ ամեն ինչ հեռուստադիտողի համար է արվում. օրինակ, «Ձեզ համար կնվագի «Երևան»  նվագախումբը, կերգի սիրված ու ճանաչված երգիչ …-ը»:

14 Երբեմն, հրավիրված կատարողների երաժշտական ունակությունները հիշեցնում էին ընտանեկան խնջույքների ընթացքում ելույթ ունեցողներին:

15 Համեմատության համար հիշենք Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում հրաշալի կազմակերպված Վարդուհի Վարդանյանի հիշատակի երեկոն:

16 Օրինակ, 2009թ. մեծ շուքով կազմակերպված և Հ2 հեռուստաալիքով եթեր սփռված «Սիրված երգեր»  հաղորդաշարի հեղինակ և վարող, հայտնի ռեստորանային երգիչ Արթուր Ումրոյանի ծննդյան 50-ամյակի հանդիսությունը Արամ Խաչատրյանի անվ. համերգասրահից:

17 Նույն տրամաբանությամբ 2010թ. մարտին «Սիրված երգեր»  հաղորդաշարը նվիրված էր ռաբիսի թիֆլիսյան դպրոցի լավագույն երգիչներից Սուրեն Պողոսյանի հիշատակին (ավելի քան մեկ տասնամյակ նա տեղափոխվել էր Մոսկվա և որդու հետ միասին երգում էր հայկական ռեստորանում): Ա.Ումրոյանը հրավիրել էր երգչի գործընկերներին, որոնք մեծարանքով հեռուստադիտողներին էին ներկայացնում Ս.Պողոսյանի վաստակը Թբիլիսիում և Մոսկվայում, կատարում էին նրա երգերը հայերեն ու վրացերեն լեզուներով: Ցուցադրեցին նաև հատվածներ նրա համերգային ելույթներից:

18 Իբրև համեմատություն հիշենք, որ երբ 20-րդ դարասկզբին Իսպանիայում պայքար էր գնում գնչուական երգերի և արաբական մուղամաթի ազդեցությամբ ձևավորված ֆլամենկո ոճի դեմ, որի կապն իսպանական ավանդական մշակույթի հետ անընդունելի էր համարվում, մի խումբ մտավորականներ (Գարսիա Լորկա, Անդրե Սեգովա, Դե Ֆալիա), վերլուծելով իրողությունը, որոշեցին ֆլամենկոյի համաիսպանական փառատոն կազմակերպելու միջոցով ընտրել լավագույններին  և երաժշտական այս ուղղության զարգացման նոր հնարավորություն ընձեռել: Արդյունքում` ոչ միայն հղկվեցին ու ձևավորվեցին ֆլամենկոյի տարբեր դպրոցները, այլև հենց այս ժանրը դարձավ Իսպանիայի ամենահայտնի երաժշտական խորհրդանիշներից մեկը: Պետք է խոստովանել, որ հայկական միջավայրում ռաբիսը դեռևս չի հղկվել ու բարձրացել նման մակարդակի: Գուցե  պատճառներից մեկը պետք է փնտրել ժանրի ինքնամաքրման ընթացքի անավարտության կամ  ռեստորաններում, համերգասրահներում ու հեռուստաեթերում իր տեսակի մեջ ամենաօժտված ու բարձրարվեստ կատարողների ընտրույթի բացակայությամբ: Ի տարբերություն երգիչների` ռաբիսի նվագախմբերում զգալի տեղ են գրավում պրոֆեսիոնալ առումով բարձրարվեստ կատարումները և նվագակցությունը, անգամ հանդիպում են վիրտուոզ երաժիշտներ: Կարծում ենք, այս երևույթը բացատրելի է նրանցից շատերի մասնագիտական կրթությամբ (օրինակ` Թաթայի նվագախումբը): Գաղտնիք չէ, որ այս ոլորտը լավ վաստակելու հնարավորություն է տալիս կոնսերվատորիայի շրջանավարտներից շատերին:

Հիշենք, որ ամերիկյան մշակույթի խորհրդանիշ դարձած ջազի ակունքները ևս շատերի կողմից արհամարհված հանրույթի միջավայրում էին ձևավորվում և ժամանակի մեջ խմորվելով ու ինքնամաքրվելով միայն վերաճեցին Գերշվինի արվեստին:

19 Եթե Լորիս Ճգնավորյանը փորձում էր դասական երաժշտության հանրամատչելիության միջոցով Հայֆիլհարմոնիայի դահլիճ բերել մարդկանց, որոնք առաջին անգամ էին մուտք գործում այստեղ ու հաղորդակցվում սիմֆոնիկ արվեստին, ռաբիսի համերգային գործունեությամբ նույն տարածք մտան մարդիկ, որոնցից շատերն ընդհանրապես առաջին անգամ էին առնչվում համերգասրահի մշակույթին: Դրա ապացույցը այցելուներից շատերի արտառոց պահվածքն էր, որ զարմացնում կամ զայրացնում էր համերգասրահ հաճախող երաժշտասերի մասին որոշակի պատկերացում ունեցող հսկիչներին:

20 Առանձին ուսումնասիրության խնդիր է ռաբիս-սփյուռք կապը, որին կանդրադառնանք մեր հետագա աշխատանքներում:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am