Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Հունիս 2010, N 5

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ԵՐԲ ԽՆԴԻՐ Է ԴՐՎԱԾ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԱՐՅՈՒՆԱԼԻ ԷՋԵՐՈՎ ՀՅՈՒՍՎԱԾ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ «ՎԵՀՈՒԹՅՈՒՆԸ» …

(նյութի մշտական հասցեն` http://www.regnum.ru/news/1292274.html)

09.06.2010

Անցյալ շաբաթ աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմի» վրա Իսրայելի զինուժի հարձակումը և դրա հետ կապված թուրքական, իսրայելական իշխանությունների, իսլամական աշխարհի, Եվրամիության անդամ երկրների արձագանքները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը:

Այսպես, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Կոնյա քաղաքում կայացած հանրահավաքի տասնյակ հազարավոր մասնակիցների առաջ, հայտարարել էր. «Անգամ իսկ եթե ողջ աշխարհը շուռ գա Պաղեստինից, մենք նրանից երես չենք թեքի: Էլ-Քուդսը (Երուսաղեմը - Ա.Գ.), Ստամբուլը, Գազան և Անկարան մեզ համար միասնական են»: Իր մեկ այլ ելույթում նա ասել էր. «Ես պատրաստ եմ անձամբ գլխավորել «Ազատության նավատորմը» և մեկնել օգնության պաղեստինցիներին: Մենք չենք համարում, որ «ՀԱՄԱՍ»-ը ահաբեկչական կազմակերպություն է: Դա դիմադրության խումբ է, որ պայքարում է իր հողերի համար: Նրանք Գազայի սեկտորում հաղթել են ընտրություններում»: Դիմելով Իսրայելի իշխանություններին` Էրդողանը ըմբոստացած նաև հայտարարել էր. «Ձեզ հասկանալի՞ չէ: Այդ դեպքում ես կրկնեմ եբրայերենով` Լե Լիրցոախ (Մի սպանեք)»:

Ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նուրսուլան: «AL-Turkiyye» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել էր. «Թուրքիայի դիրքորոշումն արժանի է հավանության, և մահմեդական աշխարհը բարձր է գնահատում դա: Թուրքիան կգրավի բարձր դիրք իսլամական ու արաբական աշխարհում»: Շարունակելով իր խոսքը` Հասան Նուրսուլան նշել էր, որ «եթե հարցում անցկացնեն, պարզ կդառնա, որ եթե մի քանի տարի առաջ իսլամական աշխարհը սիրում էր Ահմադինեժադին ու Բաշար Ասադին, ապա հիմա այդ ցուցակում կմտնի նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանը»:

Տեղի ունեցան մի շարք խոշոր հանրահավաքներ: Ալեքսանդրիա քաղաքում հակաիսրայելական հանրահավաքին մասնակցում էր ավելի քան քսան հազար մարդ, ըստ որում` դրա կազմակերպիչը Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունն էր, սակայն եգիպտական իշխանությունները չխոչընդոտեցին հանրահավաքի անցկացմանը: Մարդաշատ հանրահավաքներ եղան նաև Հռոմում, Վիեննայում ու Աթենքում:

Իսրայելի իշխանությունները, փորձելով արդարացնել իրենց ռազմածովային ուժերի գործողությունները, քանիցս հանդես եկան հայտարարություններով, որ «Ազատության նավատորմի» առաքելությունն ամենևին էլ խաղաղարարական չէր, այլ կանխամտածված սադրանք էր: Ի մասնավորի, հրապարակ էր իջեցվել տեսագրության մի հատված, որտեղ պարզ լսվում էր, թե ինչպես էին խաղաղարարները դիմելով իսրայելական «ՑԱԽԱԼ»-ի (իսրայելական բանակի անվանումն է) զինվորականներին` բղավում. «Վերադարձեք Աուշվից»:

Այս ամենից անմասն չէին կարող մնալ հայրենական մեր հայտնի գործիչները, որոնք շտապեցին հայտարարել, թե Թուրքիայի կողմից նախապես ծրագրված սադրանքը, ինչպես նաև հռչակած «Զրո պրոբլեմներ հարևանների հետ» քաղաքականությունը տապալվեցին: Կարծես թե նրանք Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Եգիպտոսի հայկական բազմահազարանոց գաղթօջախներից խնդրագրեր էին ստացել` հանդես գալ նման հայտարարություններով, որոնք արմատապես հակասում են իրենց բնակության երկրների թե՛ իշխանությունների, թե՛ ժողովուրդների ճնշող մեծամասնության դիրքորոշումներին: Բարեբախտաբար, մեր երկրի արտաքին գործերի նախարարությունն այս հարցում պահպանեց չեզոքություն: Ուշագրավ է, որ անգամ իսկ Ադրբեջանը` լինելով Թուրքիայի կրտսեր եղբայրը և Իսրայելի քիրվան, սահմանափակվեց լղոզված հայտարարությամբ` միջադեպի մեղավորներին պարզելու համար անցկացնել միջազգային անկողմնակալ հետաքննություն:

Մեր այս հոդվածում խնդիր չենք դրել կատարվածին տալ հերթական գնահատականը, ներկայումս դրանից զերծ են մնում միայն ծույլերը: Պարզապես կփորձենք տալ գեթ մեկ հարցի պատասխանը, այն է` Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, ուղղվածությունն արդյո՞ք Արևմուտքից թեքվել է դեպի Արևելք ու Ռուսաստան:

Մինչև բուն հարցին անդրադառնալը, կարծում եմ, տեղին կլինի պատմական փոքր ակնարկով ներկայացնել Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանի քաղաքական նկարագիրը, քանի որ նրա ներկայիս շատ ու շատ գործողությունների իմաստը, արմատները, դրդապատճառներն այդ դեպքում ավելի ընկալելի կլինեն ընթերցողի համար:

Եվ այսպես, 1973 թ. Էրդողանն ավարտել է Ստամբուլի «Իմամ Քաթիբի» կրոնական լիցեյը, 14-15 տարեկանում եղել է դպրոցի ֆուտբոլային թիմի ավագը, ունեցել է «Իմամ Բեկենբաուեր» մականունը: Բեկենբաուեր` ի պատիվ 1970 թթ. Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերի, իսկ «իմամ»-ը պայմանավորված էր այն հանգամանքով, որ յուրաքանչյուր խաղից առաջ նա իր թիմակիցներին պարտադրում էր աղոթել, անգամ իսկ նրանց, ովքեր կրոնասեր չէին: Էրդողանը մեծ քաղաքականություն մտավ շնորհիվ այն տարիների իր կուռք Նեջմեթդին Էրբաքանի` «Ազգային փրկության կուսակցության» հիմնադիր առաջնորդի: էրբաքանի կուսակցությունը իսլամիստական էր և մի քանի անգամ արգելվել էր Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից: 1980 թ. սեպտեմբերի 12-ին ռազմական հեղաշրջումից հետո «Ազգային փրկություն կուսակցությունը» կրկին արգելվեց: Սակայն 1983 թ. այն վերստին վերականգնվեց, բայց արդեն ուրիշ` «Ռեֆախ» կամ «Բարօրություն» կուսակցության անվամբ: Այդ ժամանակ Էրդողանն արդեն իսկ այդ կուսակցության առաջնորդներից էր: 1991թ. «Բարօրություն» կուսակցությունը Թուրքիայի պառլամենտական ընտրություններում հաղթահարեց 10%-ի շեմը, և Էրդողանը դարձավ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր: 1994 թ. նա ընտրվեց Ստամբուլի քաղաքապետ: Բացահայտ իսլամականի համբավը Էրդողանի ճակատագրում մի չար կատակ խաղաց: 1997թ. դեկտեմբերի 12-ին «Բարօրություն» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը ոգեշնչված արտասանել է թուրք հայտնի ազգայնական բանաստեղծ Զիյա Գոքոլպի բանաստեղծության հետևյալ տողերը. «Մզկիթները` մեր զորանոցներն են, մինարեթները` մեր սվինները, գմբեթները` մեր սաղավարտները, իսկ հավատացյալները` մեր զինվորները»: Թուրքական իշխանությունները միջկրոնական երկպառակություն սերմանելու համար Ստամբուլի քաղաքապետին ամբաստանեցին և դատապարտեցին տասը ամիս ազատազրկման: Անազատության մեջ Էրդողանն անցկացրեց չորս ամիս և դուրս գալով բանտից` դարձավ Թուրքիայի ամենահայտնի քաղաքական գործիչը: Այդ նույն ժամանակաշրջանում «Բարօրություն» կուսակցությունը ճանաչվեց պետության աշխարհիկ հիմքերին սպառնացող հակասահմանադրական կուսակցություն: 1998 թ. Էրդողանը վերահիմնեց կուսակցությունը, սակայն այլ` «Առաքինության կուսակցություն» անվամբ: 2001թ. այդ կուսակցությունը նույնպես արգելվեց: 2001թ. օգոստոսից Էրդողանը գլխավորեց «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թ. Թուրքիայի պառլամենտական ընտրություններում ստացավ ընտրողների ձայների շուրջ երկու երրորդը: 2003 թ. մարտի 14-ից Ռ. Էրդողանը Թուրքիայի վարչապետն է:

Էրդողանի քաղաքական կենսագրությանն այսքան մանրամասն անդրադառնալը մի նպատակ ուներ. հստակորեն ցույց տալ, որ այս գործիչն իր ուղն ու ծուծով, քաղաքական իր ողջ կենսագրությամբ հավատարիմ է եղել թուրքական պետության կառուցման իսլամական արժեքներին, որոնք նա և իր կողմնակիցները յուրովի են մեկնաբանել: Մասնավորապես, Ստամբուլի քաղաքապետ դառնալուց հետո Էրդողանի թիմակիցների կարգախոսներից ամենալայն տարածում էր գտել հետևյալը. իշխանության են եկել հավատացյալ մարդիկ, և նրանք գողությամբ չեն զբաղվի: Այդ պարագայում, բնականաբար, հարց է ծագում` այդ ինչպե՞ս պատահեց, որ իսլամական կուսակցությունը, գալով իշխանության, իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից կարևորագույնը հռչակել էր անդամակցությունը Եվրամիությանը: Մի՞թե Էրդողանը մոռացել էր դիցուք այն, որ համոզված կողմնակիցն էր երկրում արդարադատություն իրականացնել Շարիաթի օրենքներով: Ահա այստեղ հարկ է նշել, որ վարչապետը, ունենալով քաղաքական մեծ փորձառություն, պարզ պատկերացնում էր, որ պարտադրված է մանևրել մի կողմից բարձրաստիճան սպայակույտի (որոնք Թուրքիայում դիրքավորվում են որպես աշխարհիկ պետության զարգացման եռանդուն պաշտպաններ), մյուս կողմից` ազգայնամոլ-արմատականների միջև (որոնք գտնում են, որ Թուրքիան պետք է դառնա իսլամական աշխարհի առաջնորդը): Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Էրդողանը մինչ օրս շարունակում է հավասարակշռել այդ երկու գաղափարաբանությունները:

Ժամանակակից Թուրքիային ուշագրավ գնահատական է տվել ամերիկացի փորձառու դիվանագետ Ռիչարդ Հոլբրուկը. «Թուրքիան Արևմուտքի համար նույնն է, ինչ Գերմանիան էր սառը պատերազմի ժամանակ: Դա ռազմաճակատի գիծ է»: Եվ սպասված էր, որ 2004 թ. ՆԱՏՕ-ի Ստամբուլի գագաթաժողովում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարի «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծի մասին: Այստեղ խոսքը իսլամիստական այն վարչակարգերի տապալման մասին է, որոնք հրաժարվում էին հլու-հնազանդ հետևել ԱՄՆ-ի կողմից հրամցվող քաղաքականությանը և պաշտպանում էին սեփական ռազմավարությունը: Իրաքից հետո, որը շատ թանկ վճարեց իր համառության համար (օկուպացիա և չդադարող ռազմական բախումներ), հերթի էին դրվել Իրանն ու Սիրիան: Այդ քաղաքականության իրականացման գործում Թուրքիային և Իսրայելին հատկացված էր առաջատար դերակատարություն: Մեր տարածաշրջանում ամերիկյան ներկայության ապահովման համար արտոնյալ էր ճանաչվել Վրաստանը, որտեղ պետք է տեղակայվեր Իրանի դեմ պատրաստվող ռազմական գործողություններ իրականացնելու համար ստեղծվելիք ռազմավարական կենտրոնը: Սակայն 2008 թ. օգոստոսին տեղի ունեցած վրաց-հարավօսական հնգօրյա պատերազմն արմատապես փոխեց իրավիճակը թե՛ Հարավային Կովկասում և թե՛ Թուրքիայի արտաքին քաղաքականության գաղափարաբանության մեջ: Թուրքիայի վարչապետի համար ակնհայտ դարձավ, որ այդ պատերազմի ժամանակ Ռուսաստանի իշխանությունների դրսևորած քաղաքական կամքը վերջնականապես հաստատեց այն նոր իրողությունը, որ դեռևս 2007 թ. փետրվարին Մյունխենում կայացած անվտանգության հարցերին նվիրված միջազգային համաժողովում հնչեցրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հայտարարել էր, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ, և ելույթից մեկուկես տարի հետո այդ պնդումը ստացավ իր մարմնավորումը Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմամբ: Ըստ այդմ, ամենևին էլ պատահական չէր, որ Էրդողանը 2008 թ. օգոստոսի կեսերին շտապեց Մոսկվա` իր «Կովկասում կայունության և անվտանգության պլատֆորմով», իսկ դրան հաջորդած ժամանակաշրջանում թուրքական իշխանություններն աննախադեպ ակտիվություն դրսևորեցին իրենց արևելյան հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու գործում: Իհարկե, այս համատեքստում անհրաժեշտ է հիշատակել որոշ հանգամանքներ, այն, որ Թուրքիայի իսլամիստական կառավարությունն իր երկիրը տեսնում է մահմեդական աշխարհի առաջատարների շարքում: Դրան են նպատակամղված եղել վերջին տարիներին նրա վարած արտաքին քաղաքականությունը: Ավելին, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության առաջնորդները գործը տանում են նրան, որպեսզի Իսլամը Թուրքիայի Հանրապետությունում վերադառնա հրապարակային քաղաքականություն: Նրանք ջանում են, որպեսզի թուրքական բանակի դերակատարությունը պետության ներքին կյանքում գնալով թուլանա, բանակ, որը թուրքական պետության կայունության ապահովման և աշխարհիկ լինելու երաշխավորն է: Թուրք զինվորականները մշտապես հանդես էին գալիս որպես Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պատգամների` Թուրքիայի Հանրապետությունը իբրև աշխարհիկ պետություն պահպանելու գործում ջատագով ու երաշխավոր:

Վերն ասվածի լույսի ներքո տարիմաստություն է, որ իսլամիստ Էրդողանին ձեռնտու է Եվրամիությանն անդամակցելու համար ներկայացվող հիմնական պահանջներից մեկը` բանակը դուրս բերել երկրի քաղաքականությանը միջամտելու, առավել ևս թելադրողի տիրույթից: Եվ այդ պարագայում Էրդողանի գլխավորած իսլամիստական կառավարությունը, մի կողմից, բանակը ստվեր էր մղում, դիրքավորվում որպես Եվրամիության երկրներին նմանվող երկիր, մյուս կողմից, երկրի ներքին կյանքում ձևավորում էր մոտեցումներ, որոնք հեռու էին արևմտաեվրոպական չափանիշներից: Թուրքական իսլամիստական կառավարության ահա նման քաղաքականության արդյունքում վերջին երկու-երեք տարիներին զգալիորեն չեզոքացվեց զինվորական վերնախավի ազդեցությունը երկրի ներքաղաքական գործառույթներում: Ավելին, 2008 թ. սկիզբ առան «Էրգենեքոն» հակակառավարական, ազգայնամոլական կազմակերպության շուրջ բացահայտումները. ներկայումս թուրքական իշխանությունները մեղադրանքներ են ներկայացրել ավելի քան 200 կասկածյալների, որոնց թվում են թուրքական բանակի նախկին ու գործող բարձրաստիճան սպաներ, գիտնականներ, լրագրողներ: Էրդողանը ճշգրիտ հետևություններ էր արել 1960-1990-ական թվականներին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջումներից: Թուլացնելով բանակի դերակատարությունը երկրի ներքին կյանքում` թուրքական իշխանությունները Եվրամիությանն անդամակցելն արդեն իսկ չեն դիտարկում որպես իրենց արտաքին քաղաքականության անկյունաքար:

Վերջին մեկ-երկու տարիների զարգացումները վկայում են, որ իսլամական աշխարհն այլևս Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքն է: Այդ մասին Էրդողանը հստակ հայտարարել է 2009 թ. նոյեմբերին` «Արդարություն և զարգացում» կուսակցության պառլամենտական խմբակցության հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում: «Մեր կողմնորոշումը դեպի Արևմուտք չի նշանակում, որ մենք մեջքով ենք շրջվել Արևելքին, Հարավին ու Հյուսիսին: Ինչպե՞ս կարող է Թուրքիան մեջքով շրջվել Կովկասին, Կենտրոնական Ասիային, թյուրքալեզու պետություններին: Թուրքիայի իմաստավորությունը բարձրացվում է բազմակողմանի կապերի համակարգերի միջոցով: Դրանցից ոչ մեկը այլընտրանքային չէ, չի կարող փոխարինել կամ մրցակցել մյուսների հետ: Նրանք, ովքեր մտադրված են համարել, որ Թուրքիան դատապարտված է զարգանալու արևմտյան տարբերակով, իրականում չեն տարբերվում նրանցից, ովքեր ուզում են, որ Թուրքիան ինքնամփոփվի իր մեջ», - ասել էր Էրդողանը: Ահա հենց այս շրջանակում էլ պետք է դիտարկել Թուրքիայի կոշտ քննադատությունն Իսրայելի կողմից վարվող քաղաքականության նկատմամբ, ինչպես նաև մերձեցումը Սիրիայի, Իրանի, Պաղեստինի հետ:

Ի դեպ, Թուրքիայի իսլամիստական կառավարության նպատակների մասին Էրդողանը շատ հստակ հայտարարել էր 2009 թ. սեպտեմբերի 19-ին Ստամբուլում` լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ. «Մեր նպատակն է բոլոր երկրների հետ խաղաղ ապրել և ժամանակակից Թուրքիային վերադարձնել Օսմանյան կայսրության հզորությունը: Կարծում եմ, մենք այդ նպատակին կհասնենք: Ես հանձնարարել եմ նաև ծնելիության խրախուսման ծրագիր պատրաստել, և գտնում եմ, որ թուրքական յուրաքանչյուր ընտանիքում պետք է լինեն երեքից ոչ պակաս երեխա: Մենք հավատում ենք Թուրքիայի լավ ապագային և բոլորին կոչ ենք անում հավատալ դրան»:

Թուրքիայի վարչապետի հայտարարություններին նման մանրամասնությամբ անդրադարձը ամենևին էլ պատահական չէր: Դրանց քաջատեղյակ լինելու պարագայում միայն մենք կկարողանանք անկողմնակալ դատողություններ անել, ինչու չէ, իմաստավորել ներկայիս ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև դրանց հեռանկարային զարգացումների վերաբերյալ կարծիք հայտնել:

Եվ, այսպես, Թուրքիայի վարչապետը ջանում է «ժամանակակից Թուրքիային վերադարձնել Օսմանյան կայսրության հզորությունը»: Ըստ այդմ, հիշենք, որ 17-19-րդ դարերում Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև տեղի է ունեցել տասը պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմում իրականացված ռազմական գործողությունները կարելի է համարել ռուս-թուրքական տասնմեկերորդ պատերազմ: Ընդհանուր առմամբ, միջին հաշվով 19 տարին մեկ բռնկվել է ռուս-թուրքական պատերազմ: Հարկ է նշել, որ այս պատերազմներով է մեծապես պայմանավորված եղել Օսմանյան կայսրության թուլացումն ու քայքայումը: Կարծում եմ, որ դրանց պատմությանը և թուրքերին ներհատուկ դիվանագիտությանը քաջատեղյակ են Ռուսաստանի ներկայիս իշխանությունները: Համոզված եմ, որ ՌԴ նախագահը և վարչապետը գիտեն, թե ինչպիսի դերակատարություն է ունեցել Թուրքիան 20-րդ դարի 90-ականներին Չեչնիայում, Ինգուշեթիայում, Դաղստանում ծագած անջատողական շարժումներին քողարկված խրախուսման գործում: Կարծում եմ, նրանք գիտեն` ի՞նչ քայլերի են դիմել, ինչպիսի՞ ջանքեր են գործադրել հետխորհրդային թյուրքալեզու պետությունների` Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի հետ դեռ Թուրգութ Օզալի, այնուհետև Սուլեյման Դեմիրելի վարչապետության ու նախագահության տարիներին, որպեսզի Հարավային Կովկասից Կենտրոնական Ասիա թյուրքալեզու պետությունների դաշինք ձևավորվի:

Անտարակույս, լուրջ մտորելու տեղիք է տալիս վերջին շրջանում թուրքական իշխանությունների, հատկապես զինուժի կողմից դրսևորվող աննախադեպ ակտիվությունը Նախիջևանում: Բավական է նշել, որ այսօր Նախիջևանի զինուժին որպես ռազմական խորհրդականներ օժանդակում են թուրքական բանակի քսանից ավելի գեներալներ:

Հաշվի առնելով այս իրողությունները, եթե անգամ իսկ մտովի պատկերացնենք, որ ուժի միջազգային կենտրոններին (օգտագործելով մեր երկրի և ժողովրդի համար Արցախի դե յուրե անկախության ճանաչման բացառիկ նշանակությունը) հաջողվի Հայաստանի Հանրապետությունում ամրապնդել իրենց ռազմաքաղաքական ներկայությունը, թուլացնելով հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, ապա մեր տարածաշրջանում ադրբեջանա-հայկական ռազմական դիմակայությունից խուսափելը շատ դժվար կլինի: Իսկ որ նման միտումներ կան, փաստ է: Մասնավորապես, ի՞նչ էր նշանակում Եվրախորհրդարանի կողմից ընդունված 2216 բանաձևը, որտեղ Հայաստանից պահանջվում էր դուրս բերել զորքերը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Նման ձևակերպում տալով` եվրոպական այդ պատկառելի կառույցը, ըստ էության, քաջալերում է Ադրբեջանին, նրա թիկունքում կանգնած Թուրքիայի միջամտությամբ, սանձազերծել ռազմական գործողություններ «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման ուղղությամբ»: Կամ էլ, արդյո՞ք տեղեկատվական պատերազմի նրբին դրսևորումներ չեն այն հրապարակումները, որոնցում հաստատվում է, թե ռուս-թուրքական մերձեցման գինը վճարվելու է Հայաստանի հաշվին: Ուշագրավ է, որ նման տեղեկատվության տարածմանը զինվորագրվել են ոչ միայն թուրք-ադրբեջանական լրատվամիջոցները, այլև արևմտյան, անգամ ռուսաստանյան առանձին լրատվամիջոցներ: Նման հրապարակումների նպատակը մեկն է` հայ ժողովրդի մեջ սերմանել մտայնություն, որ իր թիկունքում, ինչպես անցած դարի քսանական թվականներին, նյութվում են դավեր, որոնք 21-րդ դարասկզբին կհանգեցնեն մերօրյա «Մոսկվայի» և «Կարսի» պայմանագրերի կնքմանը: Այս անգամ, ըստ բազմաթիվ նման հրապարակումների, զոհասեղանին է դրվելու ազատագրված Արցախը: Այս ամենը գալիս է հաստատելու, ապացուցելու այն, թե թուրք-ադրբեջանական կողմն ու նրանց թիկունքում կանգնած ուժերը ինչքան են շահագրգռված ամեն գնով խարխլել Ռուսաստանի ու Հայաստանի ռազմավարական դաշինքը: Նրանք քաջ գիտակցում են, որ դրանով իսկ սկիզբ կդրվի Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության թուլացմանը և աստիճանական դուրսմղմանը: Թերևս, այս շարքում կարելի է դիտարկել նաև անցյալ տարվա սեպտեմբերին թուրքական «Միլիեթ» թերթում տպագրված Էրդողանի հետևյալ գնահատականները. «Հայաստանն այսօր վերապրում է դժվարին օրեր, գործնականում նա տնտեսություն չունի, տնտեսությունը կործանվում է, և ամեն անգամ նրանք խնդրում են մեզ բացել սահմանը: Վերջին տարիներին Հայաստանից Ռուսաստան են մեկնել 300 հազար հայեր, և այդ երկրի բնակչության արտահոսքը շարունակվում է: Հայաստանը շատ աղքատ երկիր է, դրությունն այնտեղ գնալով վատանում է»: Ասել կուզի Ռուսաստանին` արժե՞ արդյոք Հայաստանի նման «շատ աղքատ երկրի» շահերի պաշտպանության համար հարցականի տակ դնել բուռն զարգացող ռուս-թուրքական հարաբերությունները, միլիարդավոր դոլարների հասնող էներգետիկ ծրագրերը…

 

Վերջաբանի փոխարեն

Այս օրերին, երբ թուրք-իսրայելական հարաբերությունները թևակոխեցին սրման մի աննախադեպ շրջան, առավել իրազեկ փորձագետ-միջազգայնագետները հակված են եզրակացնել, որ թուրքական իշխանությունները քաջ գիտակցում են` դեռ չհաղթահարված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու հեռանկարները շատ մշուշոտ են: Առավել ևս Եվրամիության առաջատար երկրների` Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարներ Նիկոլա Սարկոզին և Անգելա Մերկելն այս տարի էլ անթաքույց հայտարարել էին դրա անհնարինության մասին: Սա մի կողմից: Դրա հետ մեկտեղ, պաշտոնական Անկարան, հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մտադրությունը մինչև 2011թ. ավարտն Իրաքից դուրս բերել ամերիկյան զորքերը, իրեն հաշիվ է տալիս, որ դա նոր խնդիրներ է դնում Թուրքիայի իշխանությունների առաջ: Նրանք հասկանում են, որ հետայսու տարածաշրջանում հարկադրված են լինելու գործել ինքնուրույն, հույս չդնելով ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ ԱՄՆ-ի վրա, ապավինելով սեփական ուժերին ու հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Այդ տեսակետից տարածաշրջանում առաջատար երկրի առաքելության ստանձնումը Թուրքիայի համար գնալով դառնում է ավելի իրատեսական: Ամերիկյան զորքերի դուրսբերումն Իրաքից մեծացնում է հավանականությունը, որ այդ երկիրը կմասնատվի` Մերձավոր Արևելքում ստեղծելով պայթյունավտանգ իրավիճակ: Տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Թուրքիան իր համեմատաբար կայուն էկոնոմիկայով և մարտունակ բանակով, թերևս, կձգտի դառնալ այն գործոնը, որն ի զորու կլինի ապահովել կայունությունն այդ շատ բարդ տարածաշրջանում: Իսկ դրան հասնել Թուրքիային կհաջողվի միայն ու միայն այն պարագայում, եթե նա հարևան երկրների` Սիրիայի, Իրանի, Լիբանանի, Հորդանանի հետ, կրկնում եմ, հաստատի բարիդրացիական հարաբերություններ: Ավելին, կարողանա ձեռք բերել այդ երկրների քաղաքական ընտրանու և ժողովուրդների վստահությունը: Ահա հենց այդ վստահությունը հաստատելու տեսանկյունից պետք է դիտարկել վերջերս Թուրքիա-Սիրիա մերձեցումը, Բրազիլիայի մասնակցությամբ կնքված թուրք-իրանական միջուկային համաձայնագիրը, ինչպես նաև «Ազատության նավատորմի» առնչությամբ Թուրքիայի հնչեցրած հակաիսրայելական կոշտ հայտարարությունները:

Հ.Գ. Ինչպես հայտնի դարձավ, «Ազատության նավատորմի» բռնագրավման հետ կապված միջադեպը չի անդրադառնա Իսրայելի արտադրության անօդաչու թռչող ապարատներ գնելու վերաբերյալ Թուրքիայի և Իսրայելի միջև կնքված պայմանագրի կատարման վրա: «Իսրայելի հետ ճգնաժամային հարաբերությունները դժվարություններ չեն առաջացնի «Խերոն» անօդաչու թռչող չորս ապարատների մատակարարման հարցում»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Վեժդի Գյունելը:

Ի մի բերելով վերը շարադրվածը` հարց է ծագում. արդարացի՞ էին միջազգային այն փորձագետները, որոնք համոզմունք էին հայտնում, որ վերջին շրջանում թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը Թուրքիայի իսլամիստական կառավարության կողմից կանխամտածված սադրանք էր, որի նպատակն էր դրանով իսկ նպաստել, որ ս/թ մայիսի 13-ին նախագահ Գյուլի կողմից հաստատված սահմանադրական 29 ուղղումներն ընդունվեն սեպտեմբերի 12-ին Թուրքիայում անցկացվելիք հանրաքվեով: Նշենք, որ այդ ուղղումները, մասնավորապես, նախատեսում են արդարադատության համակարգի բարեփոխում, հնարավորություն են ընձեռում քաղաքացիական դատարաններին քրեական գործեր հարուցել զինվորականների նկատմամբ, կուսակցությունների լուծարման իրավունքը տրվելու է ոչ թե վերաքննիչ դատարանին, այլ Թուրքիայի Ազգային մեծ ժողովին:

Դե ինչ, կարելի է փաստել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրջ հետևություններ է արել վերջին 50 տարում գեներալիտետի կողմից 1960, 1971, 1980 և, ինչու ոչ, նաև 1997 թ. իրագործված ռազմական հեղաշրջումներից, իսլամիստական կուսակցությունների (որոնց շարքերում նա կայացել էր որպես քաղաքական գործիչ) լուծարումից ու ցրումից: Իսկ որ սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար այս անգամ ևս զոհաբերվեցին մարդիկ, իսկ միլիոնավոր ազնիվ մահմեդականներ, ինչպես նաև քրիստոնյաներ կուրորեն վստահեցին թուրքական իշխանությունների «Ազատության նավատորմ» քաղաքական աճպարարությանը, ապա դա խիստ մտահոգիչ է: Այո, մի հարցում իսկապես ազնիվ է վարչապետ Էրդողանը, այն է` ժամանակակից Թուրքիայի իսլամիստական կառավարությունն ամեն գնով փորձում է վերականգնել արյունալի էջերով հյուսված Օսմանյան կայսրության «վեհությունը» …

Համոզված ենք, որ 21-րդ դարում նորօրյա օսմաններին չի հաջողվի Մեծ Մերձավոր Արևելքում սանձազերծել արյունահեղություններ, ջարդեր, բռնի թուրքացում: Փաստենք, որ այդ տարածաշրջանում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորներից է Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական դաշնակից, օրըստօրե հզորացող, համաշխարհային քաղաքականության մեջ վճռական դերակատարություն ունեցող Ռուսաստանը:

 

 ԱԼԵՔՍ ԲԵԹԼԵՐ

«STRATFOR» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ 21-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՇԽԱՐՀԻ ԱՊԱԳԱՆ ԸՍՏ ՖՐԻԴՄԱՆԻ

(նյութի մշտական հասցեն` http://zavtra.ru/cgi//veil//data/zavtra/10/850/31.html)

Փետրվարի վերջին Միացյալ Նահանգների բարձրագույն ղեկավարները մի ամբողջ շարք հայտարարություններ են արել, որոնցում ձևակերպվել է Ռուսաստանի առջև «գիրկը բացելու» գաղափարը` մեր երկիրը ՀՀՊ ամերիկյան համակարգում ներգրավելուց մինչև ՆԱՏՕ շարքերն ընդունելը: Այս առումով հատկապես հատկանշական էին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի ելույթները: Ընդ որում, Վաշինգտոնը տենդագին մեծացնում է ռազմաքաղաքական ներկայությունը մեր սահմանների` իրեն հասանելի ողջ պարագծով մեկ, իսկ երկարատև ռազմավարական պլանավորման առումով ԱՄՆ-ում հաստատվում են բոլորովին այլ կողմնորոշիչներ, ինչի վրա է հրավիրում մեր ուշադրությունը ամերիկացի քաղաքագետ-միջազգայնագետը:

Արդի կանխատեսողների մեջ չի կարող ուշադրություն չգրավել Ջորջ Ֆրիդմանը, որը հայտնի է նախևառաջ շնորհիվ հանրահայտ STRATFOR ընկերության կայքի, ընկերություն, որը մասնագիտանում է գաղտնի տեղեկատվության հիման վրա քաղաքական և տնտեսական կանխատեսումներ անելով: Գրում են, թե նա ժամանակին աշխատել է ԿՀՎ-ում, ուստի և հաճախ օգտագործում է ոչ բոլորին հասանելի տեղեկատվություն: Ինչևէ, ներկայումս նա հավատ ներշնչող այն սակավաթիվ հեղինակներից է, որն իր գրքում գրեթե ամենայն մանրամասնությամբ նկարագրել է միջազգային հարաբերությունների ապագա կառուցվածքն ապագա հարյուր տարվա կտրվածքով: Տեսնենք, թե ինչպիսին է այն:

Ֆրիդմանի կանխատեսումների գլխավոր մեթոդաբանական սկզբունքը «Եղիր պրակտիկ, բայց սպասիր անհնարինը» կարգախոսն է: Իր այս կարգախոսը նա հաստատում է միջազգային հարաբերությունների պատմության օրինակներով, մասնավորապես` Ռուսաստանի և Խորհրդային Միության օրինակով:

20-րդ դարասկզբին, գրում է Ֆրիդմանը, ոչ ոք չէր սպասում, որ գրեթե կիսագաղութային Ռուսաստանը կվերածվի Խորհրդային Միության` աշխարհի երկրորդ տերության (գերտերության) կարգավիճակով: Ճիշտ նույն կերպ էլ ոչ ոք չէր սպասում, որ ԱՄՆ պոտենցիալի հետ համադրելի միջուկային պոտենցիալ ունեցող նման գերտերությունը կանհետանա միջազգային ասպարեզից: Շատ ավելի անսպասելի էր, որ փաստորեն գաղութային այնպիսի երկիր, ինչպիսին Չինաստանն է, որը 20-րդ դարասկզբին մեծ տերությունների միջև բաժանված ազդեցությունների գոտի էր, դարավերջին կվերածվի դինամիկ տերության` տիեզերական ծրագրերով, որն ի վիճակի է, ամերիկյան շատ գիտնականների և քաղաքական գործիչների կարծիքով, մարտահրավեր նետել հենց իրեն` ԱՄՆ-ին: Ահա նման անսպասելիություններն անհնար էր կանխատեսել` հենվելով «առողջ բանականությանը» : «Երբ մենք ուզում ենք կանխատեսել ապագան, առողջ բանականությունը գրեթե միշտ մեզ խաբում է» :

Մի կողմ նետելով «առողջ բանականությունը» ` Ֆրիդմանը, իսկապես, կանխատեսում է «անսպասելի» շատ երևույթներ, որոնք, նրա սխեմայի շրջանակում, բավական տրամաբանական են թվում:

 

21-րդ դարը Միացյալ Նահանգների դարն է

Ֆրիդմանը նախ առաջ է քաշում երեք գլխավոր թեզիս. 1) 21-րդ դարում գլոբալ համաշխարհային պատերազմ է սպասվում, որը կվարվի տիեզերքից, 2) 21-րդ դարը ամերիկյան դարաշրջան է լինելու, 3) ընդ որում, համաշխարհային քաղաքականության գլխավոր մասնակիցներ են լինելու, ԱՄՆ-ից բացի, Ճապոնիան, Թուրքիան, Լեհաստանը, Մեքսիկան և Բրազիլիան:

Իսկ այժմ անդրադառնանք նրա կանխատեսումներին:

Ֆրիդմանը փաստում է, որ ըստ էության արդեն հիմա (21-րդ դարասկզբին) աշխարհը գտնվում է ամերիկակենտրոն դարաշրջանում: Բայց Միացյալ Նահանգների նշանակությունն ու դերը կշարունակեն էլ ավելի մեծանալ, և բոլոր իրադարձությունները կպտտվեն ԱՄՆ-ի շուրջ: Ընդ որում, նա բացահայտ ասում է, որ դա չի նշանակում, թե ԱՄՆ-ը արդար պետություն է կամ նման լիդեր լինելու մի ինչ-որ բարոյական հատկանիշ ունի: Բնավ ոչ: Պարզապես գլխավորն ուժն է: Ինչպես իմաստուն միտք` նա հայտարարում է. «Ցասումը պատմություն չի կերտում: Ուժն է կերտում» :

Եվ այս հարցում ես նրա հետ համաձայն եմ` ի դեպ, հիշելով հին ասացվածքը. երբ հանդիպում են երկու հավասար իրավունք, հաղթում է ուժը: Ուրեմն, ո՞րն է ԱՄՆ ուժը: Ֆրիդմանը ներկայացնում է ԱՄՆ ուժի մի շարք ինդիկատորներ: Ահա որոշ տվյալներ:

2007թ. ԱՄՆ ՀՆԱ-ն հավասար էր 14 տրլն դոլարի (ողջ աշխարհի ՀՆԱ-ն մոտ 54 տրլն դոլար է), այսինքն` համաշխարհային ՀՆԱ 26%-ը, ունենալով աշխարհի բնակչության ընդամենը 4%-ը: Սա ավելին է, քան ԱՄՆ-ին հաջորդող չորս տերությունների (Ճապոնիա, Գերմանիա, Չինաստան և Անգլիա) ՀՆԱ-ն միասին վերցրած: Ինչ վերաբերում է ռազմական ուժին: Ֆրիդմանը, աշխարհաքաղաքական հայեցակարգի կողմնակից լինելով, նախևառաջ մատնանշում է ամերիկյան նավատորմի հզորությունը, որը վերահսկում է աշխարհի բոլոր օվկիանոսները: ԱՄՆ ՌԾՈւ-ն հզորությամբ գերազանցում է ողջ աշխարհի ՌԾՈւ-ին` միասին վերցրած: Նման բան, նրա կարծիքով, աշխարհում երբեք չի եղել: «Դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները վերջին հաշվով վերահսկում է ողջ միջազգային առևտուրը: Իսկ դա դարձել է ամերիկյան անվտանգության և բարեկեցության հիմքը» :

Ամերիկյան հզորության միայն նյութական կողմը չէ, որ ԱՄՆ-ին առաջին պլան է մղում: Կան նաև որոշ գենետիկ գործոններ, որոնց մասին անկեղծորեն պատմել է Ֆրիդմանը: Սույն պարագայում նա նկատի ունի այն, թե ինչու ամերիկացիները աշխարհի նվաճման գլոբալ պլանների, այսպես ասած` Մեծ ռազմավարության հակում ունեն:

Պարզվում է` «Երկրի Մեծ ռազմավարությունն այնքան խորությամբ է թաքնված ազգի ԴՆԹ-ում և այնքան բնական ու ակնհայտ է թվում, որ քաղաքական գործիչներն ու գեներալները նույնիսկ միշտ չէ, որ գիտակցում են դա» : «Մեծ ռազմավարությունը միշտ չէ, որ պատերազմ է: Դա գործընթաց է, որը փաստում է ազգային հզորությունը: Միացյալ Նահանգների, հնարավոր է` ավելի, քան մեկ այլ երկրի պարագայում, Մեծ ռազմավարությունը կապված է պատերազմի և պատերազմի ու տնտեսական կյանքի փոխգործակցության հետ: Միացյալ Նահանգները պատմականորեն հակված է պատերազմների» : Ի հաստատումն այս գաղափարի` Ֆրիդմանը ներկայացնում է հետևյալ վիճակագրությունը. ԱՄՆ-ը պատերազմական վիճակում է գտնվել իր գոյության 10%-ի ընթացքում: Վիճակագրությունը ներառում է միայն գլխավոր պատերազմները. 1812թ. պատերազմը, Մեքսիկա-ամերիկյան պատերազմը, Քաղաքացիական պատերազմը, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, Կորեական պատերազմը, Վիետնամականը: Ներառված չեն իսպանա-ամերիկյան պատերազմի կամ «Փոթորիկ անապատում»-ի տիպի կոնֆլիկտները:

20-րդ դարի ընթացքում Միացյալ Նահանգները պատերազմական վիճակում է գտնվել իր գոյության 15%-ի, 20-րդ դարի երկրորդ կեսում` արդեն 22%-ի դեպքում, իսկ 21-րդ դարից սկսած` մշտապես պատերազմական վիճակի մեջ է: Պատերազմը կենտրոնական է ամերիկյան փորձի համար, և դրա հաճախականությունը մշտապես ավելանում է: Այն ներգրված է ամերիկյան մշակույթում և խորապես արմատավորված ամերիկյան աշխարհաքաղաքականության մեջ:

Հետաքրքիր են առաջադրված նպատակներին հասնելու քաղաքական միջոցները: Մտրակի և բլիթի քաղաքականությունը որպես «բլիթ» ենթադրում է թույլատրել ելքը դեպի ծովեր, բայց ոչ` ռազմածովային ուժերին: Իսկ որպես «մտրակ» ռազմական ծախսեր հրահրել «ցամաքային զորքերի և տանկերի» համար, որպեսզի ոչինչ չմնա ՌԾՈւ-ի համար:

Իսկ ի՞նչ է նշանակում «հաղթանակ» բառն ամերիկյան ընկալմամբ: Ֆրիդմանը գրում է. «Մի կողմ թողնենք հռետորականությունը. Միացյալ Նահանգներն աշխարհում գերմեծ հետաքրքրություն չունի Եվրասիայի հանդեպ: Այն շահագրգռված չէ նաև, որ անպայման հաղթի պատերազմում: Ինչպես Վիետնամի և Կորեայի պարագայում. այդ կոնֆլիկտների նպատակը պարզապես տերությունը շրջափակելու և տարածաշրջանն ապակայունացնելու մտադրությունն էր, այլ ոչ թե այնտեղ կարգուկանոն ներդնելը» :

21-րդ դարում շատ կոսովոներ և իրաքներ կլինեն: Այս ամենն իռացիոնալ է թվում: Բայց գլխավոր նպատակն այն էր, որպեսզի պարզապես շրջափակվեր և ապակայունանար Սերբիան կամ «Ալ-Քաիդան», այդ ժամանակ ինտերվենցիան ռացիոնալ է դառնում:

 

21-րդ դար. աշխարհն առանց Եվրոպայի, Ռուսաստանի և Չինաստանի

Տեսնենք, թե ինչու է Ֆրիդմանը 21-րդ դարի միջազգային ասպարեզի հիմնական խաղացողների ցանկից դուրս թողնում Եվրոպան, Ռուսաստանը և Չինաստանը:

Եվրոպան ամբողջականություն չէ, այլ պետությունների կոնցեռն:

Նա բերում է բազմաթիվ գործոններ, որոնք մատնանշում են ողջ Եվրոպայի համաշխարհային նշանակալիության արմատական նվազման մասին: Դրանցից ուզում եմ ուշադրություն հրավիրել մի գործոնի վրա, որը գործնականում հաշվի չի առնվում ռուս գիտնականների կողմից:

Դա տնտեսական գործոնն է: Ձևականորեն Եվրոպայի տնտեսության ծավալը նույնիսկ գերազանցում է ԱՄՆ տնտեսությանը, որի ՀՆԱ-ն ավելի քան 14 տրլն դոլար է: Բայց խնդիրն այն է, որ Եվրոպան միասնական չէ: «Այս պատճառներով խոսել Եվրոպայի` որպես միասնական ամբողջության մասին, ինչպես Միացյալ Նահանգներն է կամ Չինաստանը, պատրանքային կարող է լինել» : Դա պետությունների հավաքածու է: Եվրոպայի յուրաքանչյուր պետություն իր ազգային շահերն ունի: Եվ դրա համար «գլխավոր փոխգործակցությունները տեղի են ունենում ոչ թե Եվրոպայի և մնացյալ աշխարհի, այլ հենց եվրոպական պետությունների միջև: Այս իմաստով Եվրոպայի վարքագիծն ավելի շատ ոչ թե մեծ տերություն է հիշեցնում, այլ Լատինամերիկյան աշխարհամասը» :

Հարկ է ընդունել, որ այս հարցում Ֆրիդմանն իրավացի է: Ուստի, եվրոպական բոլոր երկրների պոտենցիալների սովորական համեմատությունը ԱՄՆ պոտենցիալի հետ, ինչին հատկապես սիրում են դիմել եվրոպագետները, բնավ կոռեկտ չէ: Չնայած Եվրոպան ինտեգրված տնտեսական տարածք է, այն չի համապատասխանում եվրոպական պետությունների քաղաքական միասնության մակարդակին և ծավալներին: Ազգային քաղաքական գործիչները, հատկապես անվտանգության ոլորտում, անգամ հաշվի առնելով ՆԱՏՕ-ն, էապես տարբերվում են:

 

Չինաստանը` թղթե վագր

Ֆրիդմանը ներկայացնում է ամերիկյան գիտնականների այն մասին, որը խիստ կասկածամտորեն է գնահատում Չինաստանի ապագա դերը: Նա գրում է. «Ես այն տեսակետին չեմ, թե Չինաստանը կդառնա համաշխարհային գլխավոր տերություններից մեկը: Ես անգամ չեմ հավատում, թե այն կպահպանվի իբրև միասնական տերություն» : Նման մոտեցումը բխում է աշխարհաքաղաքականության ընդհանուր հայեցակարգից, որի կողմնակիցն է նա:

Քննադատելով Չինաստանի ներկա ներքին քաղաքականությունը` նա ներկայացրել է այդ երկրի հետևյալ ապագան: Ըստ նրա, Չինաստանը երեք տարբերակ ունի:

Առաջին. շարունակել անվերջ աստղաչափական աճը: Բայց պատմության մեջ նման բան չի եղել, և Չինաստանը բացառություն չի լինի: Բազմաթիվ են անհավասարակշռությունները, որոնք հարկ կլինի շտկել և ճշգրտել:

Երկրորդը Չինաստանի վերակենտրոնացումն է: Այսինքն` կենտրոնացման ուժեղացում նոր հիմքի վրա: Այս սցենարն ավելի հավանական է, քան առաջինը:

Երրորդ. տնտեսական խնդիրների (այսինքն` տնտեսության անկման) ճնշման տակ Չինաստանը փլուզվում է` ըստ ավանդական տարածաշրջանային գծերի, այն դեպքում, երբ կենտրոնական կառավարությունը թուլանում է և դառնում պակաս ուժեղ: Սա Չինաստանի համար ավելի լավ սցենար է, որի արդյունքում շահ կստանան ունևոր դասերը, ինչպես նաև օտարերկրյա ներդրողները: Դա Չինաստանին կբերի այնպիսի վիճակի, որը գոյություն ուներ Մաոյից առաջ. շրջանային մրցակցություն և, հնարավոր է, նույնիսկ հակամարտություններ կենտրոնական կառավարության հետ` հանուն վերահսկողության իրավունքի:

Օրինաչափ է, որ ԱՄՆ-ի, ինչպես և ողջ Արևմուտքի համար ամենահրապուրիչ սցենարը հենց Չինաստանի կազմալուծումն է, ինչպես Չան Կայշիի օրոք էր, երբ մեծ տերությունները կարող էին միանգամայն արդյունավետորեն շահագործել այս երկրի տարածքը: Սա Արևմուտքի երազանքն է:

Այնուամենայնիվ, Ֆրիդմանը տեսականորեն չի բացառում, որ, նկատի ունենալով չինական ազգայնականությունը (պատմական անցյալի հետ համատեղված), Չինաստանի օբյեկտիվ թշնամիներն են հենց ԱՄՆ-ը և/կամ Ճապոնիան: Որպես այդպիսին Ռուսաստանը նա հերքում է: Սակայն տեխնոլոգիական հետամնացության և աշխարհաքաղաքական գործոնների պատճառով ռազմական առճակատման հավանականությունը նշյալ երկու տերությունների հետ, նրա գնահատմամբ, նվազագույն է:

Չինաստանն, ըստ նրա, ըստ էության, «բեկման գիծ» չի ներկայացնում հետագա 20 տարիներին: Ներքին խնդիրների բազմությունը ուժ չի թողնի, որպեսզի այն ակտիվորեն մասնակցի միջազգային հարաբերությունների համակարգում` ողջ 21-րդ դարի ընթացքում: Նրա դերը կհանգեցվի այն տարբերակին, որը, իմիջիայլոց, քանիցս արտահայտվել է նաև այլ, այդ թվում և ռուս գիտնականների կողմից:

«Շատ հետամնաց է` ինչ-որ մեկին մարտահրավեր նետելու համար, Չինաստանը երկիր է, որին ԱՄՆ-ը կփորձի աջակցել և օգտագործել որպես Ռուսաստանին հակակշիռ» :

Նախանձելի ճակատագիր չի կանխատեսել Ֆրիդմանը Չինաստանի համար: Որպես մեծ տերություն նա Չինաստանը ցուցակից հանում է արդեն մինչև 2020-ական թթ. վերջը: Միակ սփոփանքն այն է, որ նրա կանխատեսումն այս տերության վերաբերյալ ակնհայտորեն չի իրականանա:

 

ԽՍՀՄ/Ռուսաստանը` սպառնալիք Եվրոպային

Ռուսաստանի բախտն այս առումով ավելի է բերել, քանի որ, ըստ նրա կանխատեսման, երկիրը որպես ծանրակշիռ սուբյեկտ միջազգային ասպարեզից դուրս կմնա միայն 2030-ականներին: Բայց ամեն ինչ` հերթով:

Ֆրիդմանը հիշեցնում է, որ Ռուսաստանը, լինելով «Եվրոպայի» «բաժինը», մշտապես հակամարտությունների մեջ է գտնվել աշխարհամասի հիմնական պետությունների, առաջին հերթին` Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի հետ:

Ռուսաստանն իրոք մեծ տերություն դարձավ ԽՍՀՄ օրոք, բայց նրա պարտությունը կանխորոշեցին աշխարհաքաղաքականության օրենքները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսված «սառը պատերազմը» գլոբալ բնույթ էր կրում, թեև նրա կորիզը կազմում էին ամերիկա-խորհրդային հարաբերությունները: Սակայն ԱՄՆ-ը, «օվկիանոսայնության» պատճառով», առավելություններ ուներ մայրցամաքային ԽՍՀՄ-ի նկատմամբ: Այդ առավելությունները թույլ տվեցին ԱՄՆ-ին հաջողությամբ իրականացնել Խորհուրդների երկրի զսպման քաղաքականությունը, այն դեպքում, երբ Խորհրդային Միությունն ի վիճակի չէր պատասխանել այդ զսպմանը: Ընդ որում, այնպես չէր, որ ԱՄՆ-ը բազմաթիվ այլընտրանքների միջից այդ զսպումն ընտրեր պատահականորեն: «Դա Խորհրդային Միությանը պատասխանելու միակ հնարավորությունն էր»,- պնդում է ամերիկացին:

Պարտությունը «սառը պատերազմում» վերաճեց «կոմունիզմի կոլապսի» ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև ողջ Արևելյան Եվրոպայում: Հենց 1991թ. դեկտեմբերից հետո էլ, կարծում է Ֆրիդմանը, սկսվեց ամերիկյան դարաշրջանը:

Նա գրում է, որ 20-րդ դարավերջին Խորհրդային Միության փլուզումից հետո օտարերկրյա տերությունները «նետվեցին» օգտագործելու ռուսական տնտեսության առավելությունները` ստեղծելով քաոսի և աղքատության դարաշրջանը: Նրանք փորձում էին նաև Ռուսական կայսրությունն ինտեգրել սեփական ազդեցության ոլորտներում: Արևելյան Եվրոպան ներգրավվեց ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում: Բալթյան երկրները նույնպես ներգրվեցին ՆԱՏՕ-ում: Միացյալ Նահանգները սերտ փոխհարաբերությունների մեջ մտավ Կովկասում Վրաստանի և կենտրոնասիական երկրների հետ, մասնավորապես` սեպտեմբերի 11-ից հետո (2001թ.), երբ ռուսները թույլ տվեցին Միացյալ Նահանգների ռազմական ուժերին մտնել այն շրջաններ, որտեղ այն պատերազմ էր մղում Աֆղանստանում: Հատուկ նշանակություն ունի այն, որ Ուկրաինան շարժվեց Միացյալ Նահանգների հետ դաշինքի ստեղծման ուղղությամբ և հեռացավ Ռուսաստանից. սա վճռական պահ էր Ռուսաստանի պատմության մեջ:

Հենց այս իրադարձությանը Ֆրիդմանը բացառիկ նշանակություն է տալիս: Նա գրում է. «Նարնջագույն հեղափոխությունն Ուկրաինայում, 2004թ. դեկտեմբերից մինչև 2005թ. հունվար, դարձավ այն պահը, երբ խաղաղությունը «սառը պատերազմից» հետո Ռուսաստանի համար ավարտվեց: Ռուսներն Ուկրաինայում կատարված իրադարձությունները դիտարկում էին որպես Ուկրաինան ՆԱՏՕ ներքաշելու և այդպիսով ռուսական ապաինտեգրացման փուլի ամրագրման Միացյալ Նահանգների փորձ: Անկեղծ ասած, ռուսական պատկերացումներն այս հաշվով ինչ-որ չափով ճիշտ էին... Եթե Արևմուտքը հաջողության հասնի Ուկրաինայի հանդեպ գերազանցության հարցում, Ռուսաստանը կմնա չպաշտպանված» :

Ֆրիդմանը նկատում է, որ մյուս ուղղություններում ևս Ռուսաստանի ապաինտեգրում է տեղի ունենում: Սույն պարագայում նա ակնարկում է Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների փաստացի հեռավորությունը Ռուսաստանից: Ընդ որում, սա դեռ վերջը չէ: «Ռուսաստանը կշարունակի փլուզվել այնքան ժամանակ, մինչև որ վերադառնա միջնադարյան սահմաններին» :

Այնինչ, տեղի կունենան հետևյալ իրադարձությունները:

«Ռուսաստանը,- կանխատեսում է Ֆրիդմանը,- հաջորդ տասնամյակում գլոբալ տերություն չի դառնա և այլ ընտրություն չի ունենա գլխավոր տարածաշրջանային տերություն դառնալուց բացի: Սա նշանակում է, որ երկիրը կբախվի Եվրոպայի հետ: Ռուս-եվրոպական սահմանները խզման գիծ կմնան» :

Եվրոպական թատերաբեմում Ուկրաինան և Բելառուսը կարող են հայտնվել Ռուսաստանի թշնամու` ՆԱՏՕ-ի ձեռքում: Այն դեպքում, երբ, ինչպես արդեն ասվեց, Ռուսաստանը մահացու վտանգի առջև կկանգնի:

Ինչո՞ւ: Տրամաբանությունը հետևյալն է: Ելնելով Նապոլեոնի և Հիտլերի հետ նախկին պատերազմների փորձից` Ռուսաստանին ասես փրկում էր տարածքային «խորությունը» : Իսկ առանց Բելառուսի և Ուկրաինայի, այդ խորությունն այլևս չի լինի: «Իհարկե,- գրում է Ֆրիդմանը,- աբսուրդ է երևակայել, թե ՆԱՏՕ-ն սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի համար: Բայց ռուսները մտածում են քսանամյա ցիկլերի տերմիններով, և նրանք գիտեն, որքան արագ է աբսուրդը հնարավոր դառնում»:

Իրականում այդ «ցիկլերը» ինքը` Ֆրիդմանն է հորինել: Եվ, իհարկե, «խորության» մասին դատողությունները հրթիռամիջուկային տեխնիկայի դարաշրջանում փոքր-ինչ տարօրինակ են թվում: Մանավանդ որ, ինչպես ինքն է պնդում, ապագա պատերազմները կվարվեն գլխավորապես տիեզերքից: Բայց այսպիսին է աշխարհաքաղաքական մտածողի տրամաբանությունը:

«Խորության» կորստից խուսափելու համար Ռուսաստանը միանգամայն վճռական քայլեր կձեռնարկի: Ֆրիդմանը կանխատեսում է. «Բելառուսի և Ուկրաինայի վերադարձը ռուսական ազդեցության ոլորտ տեղի կունենա հաջորդ հինգ տարում»: Դա կհանգեցնի Բելառուսի հետ համատեղ պաշտպանական համակարգի մասին պայմանագրի ստորագրմանը, որին կմիանա դաշնակից Ուկրաինան: Արդյունքում` նման դաշինքը կսահմանակցի Մերձբալթիկային և Լեհաստանին: Մերձբալթերի չեզոքացումը կսկսվի 2010թ. կեսին:

Ներքին քաղաքականության մեջ «Ռուսաստանը, նախկինի պես, ավելի շուտ կկենտրոնանա առկա արդյունաբերական ճյուղերի, այլ ոչ թե նորերի զարգացման վրա: Դա կնշանակի նավթի և բնական գազի արտադրության ավելացում, այլ ոչ թե նոր էներգետիկ աղբյուրների մշակում: Արդյունքում` երկիրը չի լինի տեխնոլոգիական զարգացման (ինչը գերակայող կլինի դարաշրջանի վերջում) առաջատարներից:

Ֆրիդմանը չի ընդունում Ռուսաստանի թույլ բանակի մասին խոսակցությունները: Համենայնդեպս, 2010թ. Ռուսաստանը կունենա տարածաշրջանի ամենաարդյունավետ բանակը: Եվ 2015-2020թթ. այնպիսի պոտենցիալ կունենա, որ կարող է մարտահրավեր նետել ցանկացած տերության, որը կփորձի իր ուժերը տեղակայել տարածաշրջանում, անգամ Միացյալ Նահանգներին:

Այդ պահից «Ռուսաստանը կդառնա գլխավոր ռազմավարական սպառնալիքը Եվրոպայի համար: Ռուսաստանը շահագրգռված է ոչ թե Եվրոպայի նվաճմամբ, այլ իր վերահսկողությունը նախկին Խորհրդային Միության նկատմամբ վերականգնելով» :

Արևմտաեվրոպական տերությունների վարքագիծն անկանխատեսելի կլինի, հատկապես Գերմանիայինը: Հակազդեցություն կցուցաբերեն արևելաեվրոպական պետությունները: Ֆրիդմանը կարծում է, որ 2015թ. արդեն ստեղծված կլինի նախկին խորհրդային արբանյակ-պետությունների դաշինքը, որին կմիանա Լեհաստանը, որն էլ կգլխավորի այն: Այդ դաշինքը, ըստ նրա, ավելի դինամիկ կլինի, քան արևմտաեվրոպականը: Բնականաբար, ԱՄՆ-ը կլինի հակառուսական դաշինքում:

Այնուհետև Ֆրիդմանն ուրվագծում է պատերազմի սցենարը Եվրոպայում, որի արդյունքում Ռուսաստանը պարտություն կկրի: Այնուհետև, 21-րդ դ. կեսին տեղի կունենա տիեզերական պատերազմ, որին որպես թշնամիներ կմասնակցեն ԱՄՆ-ը և Ճապոնիան իրենց դաշնակիցների հետ միասին: Վերջին հաշվով, հասկանալի է, հաղթում է ԱՄՆ-ը, որին, իհարկե, դարավերջին սկսում են սեղմել սկզբում Բրազիլիան, այնուհետև` Մեքսիկան:

«Սա հո անհեթեթություն է» բնական արձագանքին Ֆրիդմանը կարող է պատասխանել, որ նման անհեթեթություն էր նաև 1985թ. ենթադրել, թե ԽՍՀՄ-ը կփլուզվի ընդամենը 6 տարի հետո:

Ֆրիդմանը հասկանում է, որ իր կանխատեսումները չեն կարող որպես ապագայի գիտական վերլուծություն բնութագրվել: Ուստի, գրքի վերջում, համենայնդեպս, վերապահում է անում. «Այն, ինչ փորձել եմ անել այս գրքում` 21-րդ դարն զգալն է առաջին հերթին աշխարհաքաղաքական տեսակետից» : Ուշադրություն եմ հրավիրում «զգալ» բառի վրա: Ընդ որում, նա զգում է զուտ ամերիկյան ձևով: Նա շարունակում է. «Ես կարող եմ սխալվել շատ բաներում: Իրականում, ես կարող եմ սխալվել այն երկրների հաշվով, որոնք կդառնան մեծ տերություններ և ինչպես կդիմադրեն Միացյալ Նահանգներին: Բայց ես վստահ եմ մի բանում, որ ԱՄՆ վարքագիծը միջազգային համակարգում 21-րդ դ. առանցքային հիմնախնդիրը կլինի, և մյուս երկրները կբախվեն նրա բարձրացման հետ... Եվ մեկ էլ` Միացյալ Նահանգները շատ հեռու է անկման եզրից, այն փաստորեն դեռ նոր է սկսել բարձրանալ»:

Իհարկե, շատ ջանալու հարկ չկա Ֆրիդմանի կանխատեսումները հերքելու համար, բայց այդ հերքումները նույնպես հազիվ թե համոզիչ լինեն, քանի որ դժվար է ստուգել դրանք: Ի վերջո, կարևոր չէ` ճի՞շտ է Ֆրիդմանը, թե՞ ոչ: Այստեղ կարևորն այն է, որ Ֆրիդմանն ուրվագծել է աշխարհի` ԱՄՆ-ի համար ցանկալի պատկերը, որի մասին երազում է ոչ միայն ինքը: Նա խտացված ձևով արտահայտել է ամերիկյան գիտնականների և քաղաքական գործիչների բավական մեծաթիվ հատվածի ցանկություններն ու հույսերը, որոնք մտածում և գործում են հենց Ֆրիդմանի սցենարի ոգով: Կիրականացվի՞ այս սցենարը, թե՞ ոչ` հիպոթետիկ հարց է: Բայց կարևոր է պատրաստ լինել նաև Ֆրիդմանի գծած տարբերակներին:

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՅՎԱԶՈՎ

ԱՆԳԵՏ «ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ» ՊԱՏՎԵՐՈՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

2010-06-04

(նյութի մշտական հասցեն` http://www.apn.ru/publications/print22842.htm)

«Завтра» թերթում (2010թ. մարտի 3, թիվ 9) վերատպագրվել է Ալեքս Բեթլերի «Աշխարհի ապագան ըստ Ֆրիդմանի» հոդվածը, որում շարադրվել են ամերիկյան վերլուծաբան Ջորջ Ֆրիդմանի բացահայտումները, որը զբաղվում է ԿՀՎ-ից գաղտնի տեղեկատվության հիման վրա արվող քաղաքական և տնտեսական կանխատեսումներով: Հաճախ կարծում են, որ եթե ինչ-որ «գուշակ» կապված է հատուկ ծառայությունների հետ, ապա նա գիտե այնպիսի մի բան, ինչը չգիտեն ուրիշները: Այս տեսակետը կարող է միանգամայն արդարացի լինել, եթե խոսքը վերաբերում է ներկային կամ անցյալին: Բայց եթե հարցն ապագայի կանխատեսման մասին է, ապա այստեղ հարկավոր է հենվել կամ աստղագուշակների կանխատեսումներին, ինչին ես անձամբ խիստ կասկածում եմ, կամ էլ հիմնարար գիտական իմացությանը, ինչի հետ հատուկ ծառայությունները մեծ խնդիրներ ունեն: Ուստի, հատուկ ծառայություններից «սերած» անձանց կանխատեսումներին պետք է շատ զգուշությամբ վստահել: Մանավանդ որ հաճախ հատուկ ծառայություններն ուղղակի զբաղվում են ապատեղեկատվությամբ կամ, որ ավելի հաճախ է պատահում, տեղեկատվություն են արտանետում հօգուտ որոշակի քաղաքական ուժերի շահերի: Ահա և Ջորջ Ֆրիդմանի կանխատեսումը, որը «մանրամասն նկարագրել է միջազգային հարաբերությունների կառուցվածքի ապագան հարյուր տարվա կտրվածքով», միանգամայն բացահայտորեն կատարում է անգլո-սաքսոնական ֆինանսական օլիգարխիայի (որը Լինդոն Լարուշն անվանում է Նոր Բրիտանական կայսրություն) քաղաքական պատվերը և գիտական կանխատեսման հետ ընդհանուր ոչինչ չունի:

 

Մեծ փոփոխություններ են սպասվում

Ֆրիդմանի գծային «պրակտիկ» մտածողության տեսակետից միանգամայն անհասկանալի է, թե ինչպես «կիսագաղութային Ռուսաստանը» կարողացավ սկզբում վերածվել աշխարհի երկրորդ տերության, իսկ հետո «անհետանալ համաշխարհային ասպարեզից» : Իսկ ահա ակադեմիկոս Վ.Պ. Մասլովի ոչ գծային ցիկլիկ կամ, ավելի ճիշտ` քվանտային մտածողության տեսակետից դա միանգամայն օրինաչափ և նույնիսկ նախապես կանխատեսելի գործընթաց է: Հենվելով պրագմատիկ Ֆրիդմանի «առողջ բանականությանը» ` անհնար կլիներ կանխատեսել Չինաստանի բուռն վերելքը, իսկ ելնելով Ն.Դ. Կոնդրատևի մեծ տնտեսական ցիկլերի տեսությունից` այդ վերելքն անխուսափելի էր:

Ա.Բեթլերի հոդվածում բերվում են Ջ.Ֆրիդմանի երեք գլխավոր թեզիսները. 1) 21-րդ դարում սպասվում է գլոբալ համաշխարհային պատերազմ, որը կվարվի տիեզերքից, 2) 21-րդ դարը կլինի ամերիկյան դարաշրջան, 3) ընդ որում, համաշխարհային քաղաքականության գլխավոր մասնակիցները կլինեն, բացի ԱՄՆ-ից, Ճապոնիան, Թուրքիան, Լեհաստանը, Մեքսիկան և Բրազիլիան: Ինչ վերաբերում է «աստղային պատերազմներին», ապա ավելի լավ է դրանք թողնենք Ջորջ Լուկասին և աչք չտնկենք նրա դափնիներին: Նշենք միայն, որ 21-րդ դարասկզբին համաշխարհային տնտեսությունը թևակոխել է Կոնդրատևյան վեցերորդ ցիկլի մարող ալիք, իսկ Ն.Դ. Կոնդրատևն առանձնապես ընդգծում էր, որ բոլոր քիչ թե շատ լուրջ պատերազմները տեղի են ունեցել, որպես կանոն, վերընթաց ալիքների կամ մեկ ալիքից մյուսին անցման ժամանակ: Մարող ալիքների ժամանակ պատերազմներ չեն լինում, քանի որ առավել զարգացած պետությունների կառավարությունները խիստ զբաղված են իրենց տնտեսությունների խնդիրներով և ոչ ֆինանսական, ոչ քաղաքական ռեսուրսներ չունեն ռազմական գործողություններ վարելու համար:

Ինչ վերաբերում է Ֆրիդմանի երկրորդ և երրորդ թեզիսներին, ապա դրանք հեղինակի ցանկությունը ներկայացնում են իբրև իրականություն և ուղղակիորեն հակասում են պատմական զարգացման օրենքներին: Կոնդրատևյան մեծ ցիկլերի տեսությունը, որը լիովին հաստատել է իր ճշմարտացիությունն արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման վերջին 250 տարիների ընթացքում, թույլ է տալիս մեզ անել Ջ.Ֆրիդմանին հակադիր կանխատեսումներ: Ավելին, վերջին 20 տարիներին Կոնդրատևի տեսությունը հարստացել է ակադեմիկոս Ս.Գլազյևի մշակած տեխնոլոգիական կերտվածքով (ՏԿ), ինչպես նաև փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վ.Պանտինի մշակած էվոլյուցիոն ցիկլերի տեսությամբ, որոնք թույլ են տալիս մեզ մեծ հավաստիությամբ կանխատեսել համաշխարհային զարգացումն առաջիկա 40-50 տարիներին:

Պանտինի էվոլյուցիոն ցիկլերը միավորում են Ն.Դ. Կոնդրատևի երկու մեծ տնտեսական ցիկլերը և անցնում են 4 փուլ.

1.         Կառուցվածքային ճգնաժամ

2.         Տեխնոլոգիական հեղաշրջում

3.         Մեծ ցնցումներ

4.         Համաշխարհային շուկայի հեղափոխություն:

Ներկայումս համաշխարհային հանրությունը թևակոխել է Կոնդրատևյան մեծ ցիկլի մարման ալիք` «մեծ ցնցումների» փուլում: Նախորդ էվոլյուցիոն ցիկլի «մեծ ցնցումների» փուլն ընկավ համաշխարհային երկու պատերազմների միջև և ստացավ Մեծ լճացում անվանումը: Էվոլյուցիոն ցիկլի այդ փուլը բնութագրվում է խոշոր քաղաքական և տնտեսական ցնցումներով և հանգեցնում է, ըստ Վ.Պանտինի տերմինաբանության, «առաջնորդ-կենտրոնի», այսինքն` այն երկրի փոփոխության, որը դարձել էր համաշխարհային հանրության տնտեսական զարգացման լիդերն ու որոշում էր համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները հերթական էվոլյուցիոն ցիկլի համար:

Նապոլեոնյան պատերազմներից հետո նման լիդեր-կենտրոն դարձավ Մեծ Բրիտանիան, որն առաջինը յուրացրեց նոր ՏԿ-ն` հիմնված շոգեշարժիչի վրա, և 19-րդ դ. կեսին սկսեց արտադրել ողջ համաշխարհային արդյունաբերական արտադրության կեսը: 20-րդ դ. սկզբին արդեն ԱՄՆ-ը սկսեց առաջինը յուրացնել նոր ՏԿ-ն` հիմնված էլեկտրականության և ներքին այրման շարժիչի վրա: Դրա համար էլ 1930-ական թթ. ԱՄՆ-ը հետ մղեց Մեծ Բրիտանիային կենտրոն-առաջնորդի դիրքից` դառնալով աշխարհի գլխավոր արդյունաբերական տերությունը: Ֆ.Դ. Ռուզվելտի «Նոր գծի» (որը հիմնված էր տնտեսական զարգացման քեյնսյան մոդելի վրա) շնորհիվ հաղթահարելով Մեծ լճացումը` 1930-ական թթ. վերջից ԱՄՆ-ը դարձավ համաշխարհային տնտեսության լիդեր-կենտրոն` այդպիսին մնալով ընդհուպ մինչև մեր օրերը: Կոնդրատևյան ցիկլի «մեծ ցնցումների» փուլի նոր մարող ալիքը, որի մեջ հայտնվեց աշխարհը 21-րդ դարասկզբին, անխուսափելիորեն կհանգեցնի ուժերի հերթական վերադասավորման «կարգերի համաշխարհային հաստիքացուցակում» և ԱՄՆ վտարմանն առաջնորդ-կենտրոնի դիրքից: Այդ դիրքը կգրավի Չինաստանը, որն արդեն դարձել է սպառողական ապրանքների համաշխարհային ֆաբրիկա` ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելաասիական երկրների ասոցիացիա) մյուս երկրների հետ միասին: Իսկ 2010թ. հունվարի 1-ից Չինաստանի` ԱՍԵԱՆ-ի երկրների (որոնց տնտեսությունը վերահսկում են ազգությամբ խուացյաո-չինացիները) հետ ազատ առևտրի գոտու ստեղծումն առաջիկայում կձևավորի աշխարհում ամենամեծ, երկրագնդի բնակչության գրեթե մեկ երրորդը միավորող տարածաշրջանային շուկան: Ըստ մեր ամերիկյան «գուշակի» ` «առողջ բանականությունը» չի հուշել, որ գրեթե 2 մլրդ մարդ միավորող սպառողական շուկան պոտենցիալ առումով գերազանցում է և՛ հյուսիսամերիկյան շուկան, որը միավորում է կես միլիարդից էլ պակաս սպառողների, և՛ միավորված Եվրոպայի կեսմիլիարդանոց շուկան: Եվ թեև ներկայումս ԱՄՆ-ում և Եվրոպայում սպառման մակարդակը զգալիորեն գերազանցում է Չինաստանի և ԱՍԵԱՆ-ի երկրների սպառման մակարդակը, պատմությունը համոզիչ կերպով ապացուցում է, որ Կոնդրատևյան ցիկլերի մարող ալիքների խոր և երկարատև ճգնաժամերն էապես նվազեցնում են սպառման մակարդակը աշխարհի առավել զարգացած երկրներում (հիշենք Մեծ լճացումը կամ 1970-80-ական թթ.): Բայց հենց այդ ժամանակաշրջաններում նրանց թիկունքում առաջին պլան են մղվում այն երկրները, որոնք կարողանում են «թամբել» նոր ՏԿ-ն և զարգանալ առավել բարձր տեմպերով:

 

Համաշխարհային տնտեսության ռեգիոնալացումը

Այս գրաֆիկը, որը կազմել են Ա.Ակաևը, Վ.Պանտինը և Ա.Այվազովը, ցույց է տալիս, թե ինչպես կանցնեն Կոնդրատևյան վեցերորդ ցիկլի մարող ալիքի ճգնաժամերը: Մեր գնահատականների համապատասխան` առաջիկա 10-15 տարիներին այդ ավերիչ տնտեսական ճգնաժամերը կխափանեն նախորդ տարիների լիդերների, առաջին հերթին` ԱՄՆ-ի և ԵՄ-ի տնտեսական հզորությունը: Ավելին, հաջորդ` 2012-2015թթ. ճգնաժամի փուլում անպայմանորեն կփլուզվի միակ պահուստային արժույթի` ամերիկյան դոլարի վրա հիմնված համաշխարհային ֆինանսական համակարգը: Եվ ԱՄՆ-ը համաշխարհային լիդերից կվերածվի խոշոր (բայց տարածաշրջանային) Հյուսիսային Ամերիկայի տերության, իսկ այդ միության պահուստային արժույթը կդառնա «ամերոն» : Հնարավոր է` այդ միությանը կհարի նաև Մեծ Բրիտանիան, որը ֆինանսական սերտ կապերով կապված է ԱՄՆ-ի հետ, իսկ աշխարհը կդառնա բազմաբևեռ, բաժանված խոշոր տարածաշրջանային միավորումների (ինչպիսիք են Հյուսիսամերիկյան դաշինքը, ԵՏՄ-ն, Չինաստանը ԱՍԵԱՆ-ի երկրների հետ)` իրենց տարածաշրջանային պահուստային արժույթներով:

Լատինամերիկյան երկրները նույնպես կմիավորվեն իրենց միության մեջ` Բրազիլիայի, Արգենտինայի և Վենեսուելայի գլխավորությամբ: Իսլամական երկրները, ամենայն հավանականությամբ, կկազմավորեն տնտեսական շահերի իրենց գոտին: Հավանաբար իր միությունը կստեղծի Հնդկաստանը` Ասիայի երկրորդ խոշոր տերությունը: Ուստի, «համաշխարհային շուկայի հեղափոխության» փուլի էությունը կլինի այն, որ կստեղծվեն և կամրապնդվեն խոշոր տարածաշրջանային միություններ, ինչպես նաև կավելանա սպառողների զանգվածը. «ոսկե միլիարդից» մինչև 3-4 մլրդ մարդ` ի հաշիվ այդ տարածաշրջանային միությունների առավել զարգացած երկրներում հզոր միջին դասի ստեղծման: 21-րդ դարի առաջին կեսը, ընդհանուր առմամբ, կբնութագրվի նրանով, որ համաշխարհային տնտեսական զարգացման կենտրոնը կտեղափոխվի Ասիա, որտեղ հիմնական մրցակցային պայքարը կընթանա Չինաստանի և Հնդկաստանի միջև, այնպես, ինչպես առաջին էվոլյուցիոն ցիկլում սկսվեց պայքարը Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի, իսկ երկրորդում` ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև:

Հենց Չինաստանն ու Հնդկաստանը` որպես Ասիայի երկու ամենախոշոր երկրներ, կորոշեն 21-րդ դարի համաշխարհային տնտեսական զարգացման ուղղություններն ու տեմպերը: Ոչ Ճապոնիան, ոչ Թուրքիան, ոչ Լեհաստանը, ոչ Մեքսիկան որևէ էական դեր առաջիկա 50 տարիներին համաշխարհային տնտեսական զարգացման մեջ խաղալ չեն կարողանա: Եվ ոչ միաբևեռ աշխարհ, ոչ էլ «ամերիկակենտրոն դարաշրջան» այլևս երբեք չի լինի, քանի որ առաջնորդ-կենտրոնի դերը կանցնի Չինաստանին, իսկ համաշխարհային տնտեսությունը կբաժանվի տարածաշրջանային սեգմենտների, որոնց կազմավորումն ինտենսիվորեն տեղի է ունենում վերջին տարիներին:

ԱՄՆ հսկայական 14 տրիլիոնանոց ՀՆԱ-ն, որը կիսով չափ կազմված է կեղծ ֆինանսական կապիտալից, 2012-2015թթ. հերթական ճգնաժամի ժամանակ անպայման «կթխվի» մինչև իր բնական 7-8 տրլն դոլարի չափով, իսկ ԱՄՆ ընդհանուր պարտքը, որը, ամերիկյան խոշոր ֆինանսիստ Ուորեն Բաֆեթի հաշվարկներով, կազմում է 54 տրլն դոլար, ծանր բեռի նման կկախվի ամերիկյան տնտեսության վրա: Եվ ԱՄՆ-ն այլևս ի զորու չի լինի պահել աշխարհում ամենամեծ նավատորմը, ինչպես նաև հսկայաթիվ ռազմակայաններ ողջ երկրագնդում:

Նույն բանը տեղի ունեցավ նախկին կենտրոն-առաջնորդի` Մեծ Բրիտանիայի հետ, որը 19-րդ դարավերջին աշխարհի ամենամեծ նավատորմն ուներ, որը գերազանցում էր մյուս բոլոր համաշխարհային տերությունների ռազմածովային ուժերին` միասին վերցրած: Մեծ Բրիտանիան այդ փուլում ուներ աշխարհում ամենամեծ գաղութային կայսրությունը, բայց Առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ լճացման ճգնաժամերն այնքան հյուծեցին Բրիտանական կայսրության հզորությունը, որ այն չկարողացավ միայնակ դիմակայել Գերմանիային Երկրորդ համաշխարհային պատերազմում: Դրա համար էլ հեշտությամբ զիջեց լիդեր-կենտրոնի դիրքն ԱՄՆ-ին դեռ համաշխարհային պատերազմն սկսվելուց առաջ: Եվ միայն իզոլյացիոնիստական դիրքորոշումը նախապատերազմյան շրջանում թույլ չտվեց ԱՄՆ-ին բարձրացնել Բրիտանական կայսրության թուլացած ձեռքից վայր ընկած «դրոշը»: Թեև այդ երկիրը չզլացավ դա անել արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:

ԱՄՆ-ը վերջին տարիներին հեշտ չի տանում փոքր տարածաշրջանային պատերազմների ֆինանսական դժվարություններն Իրաքում և Աֆղանստանում: Եվ եթե «խելքը հերիքի» պատերազմի մեջ մտնել Իրանի հետ, ապա նրա տնտեսական հզորությունը կփլուզվի խաղաթղթե տնակի նման, մանավանդ որ նրա ողջ ֆինանսական հզորությունը վերջին տասնամյակում պահպանվում է բացառապես խոշոր ամերիկյան բանկերի և ԴՊՀ (Դաշնային պահուստային համակարգ) սպեկուլյատիվ գործառնությունների միջոցով: «Պատերազմը մեզ համար ուժից վեր բեռ է դառնում: Մենք սնանկ պետություն ենք: Բացասական սալդոն ծածկվում է ի հաշիվ օտարերկրյա վարկերի: Սաուդյան Արաբիան, Չինաստանը, Ճապոնիան և նույնիսկ Ռուսաստանը, անհասկանալի է, թե ինչու, գնում են մեր պետական պարտատոմսերը, որոնք շուտով կարժեզրկվեն: Պարտքն ուռճացնում են, որ չեղյալ համարեն... Եթե Չինաստանը շուկա նետեր իր բոլոր դոլարային ակտիվները, ԱՄՆ-ը նույն պահին կվերածվեր երրորդ աշխարհի երկրի` օգնություն խնդրելով ԱՄՀ-ից, որպեսզի վճարի ներկրվող ապրանքների համար» : Սրանք ինչ-որ հակաամերիկանիստի խոսքեր չեն. այսպես է պնդում ԱՄՆ ֆինանսների նախարարի նախկին օգնականը Ռոնալդ Ռեյգանի կառավարությունում և նեոլիբերալիզմի գաղափարախոսներից մեկը` Փոլ Կրեգ Ռոբերթսը:

 

Չինաստանը կդառնա 21-րդ դարի համաշխարհային զարգացման առաջատարը

Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա այստեղ Ֆրիդմանն զգալի չափով ճիշտ է. Եվրոպան պետությունների կոնգլոմերատ է, որոնք ավելի շատ զբաղված են ԵՄ ներքին հակասություններով, քան համաեվրոպական շահերի համատեղ պաշտպանությամբ: Ավելին, ԵՄ-ը հլու-հնազանդ գնում է ամերիկյան քաղաքականության նավարկուղով: Բայց հերթական ճգնաժամը և ԱՄՆ դոլարի վրա հիմնված ներկայիս համաշխարհային ֆինանսական համակարգի անխուսափելի փլուզումը կստիպեն եվրոպացիներին ավելի սերտ միավորվել և սկսել պաշտպանել իրենց համաեվրոպական շահերը, այդ թվում և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Կոնդրատևի մարող ալիքների ճգնաժամերը յուրաքանչյուր անգամ «ճշմարտության պահ» են դառնում առաջատար համաշխարհային տերությունների համար: ԵՄ-ը, անշուշտ, կպահպանվի որպես տարածաշրջանային միավորում իր պահուստային արժույթով` եվրոյով: Բայց համաշխարհային տնտեսությունում միավորյալ Եվրոպան առաջատար դիրքերն անպայման կկորցնի իր ներքին խնդիրների և հակասությունների բեռան տակ:

Իսկ ահա Ֆրիդմանի կողմից ապագա Չինաստանի վերլուծությունը ցույց է տալիս, որ նա բացարձակապես չի հասկանում տնտեսական և քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում արդի աշխարհում: Այստեղ նա ամերիկյան ֆինանսական էլիտայի համար ցանկալին մատուցում է որպես համաշխարհային զարգացման կանխատեսում: Ֆրիդմանը չի հավատում, որ Չինաստանը «կպահպանվի որպես միավորյալ տերություն», և հանդես է գալիս որպես բացարձակ անտեղյակի մեկը, որը չգիտե չինական պատմությունը: 5 հազարամյակների ընթացքում չինական էթնոսը միշտ վերականգնել է նույնիսկ ժամանակավորապես կորցրած պետականությունը, իսկ մշտապես, արդեն մի քանի սերունդ այլ երկրներում ապրող խուացյաոները, այսինքն` չինացիները, միևնույն է, մայրցամաքային Չինաստանը համարում են իրենց բուն Հայրենիքը: Իսկ ՉԿԿ-ն շաղախում է չինական ազգը միասնական պետական օրգանիզմում:

Ֆրիդմանը պնդում է, որ Չինաստանը չի կարողանա «շարունակել անվերջ աստղաբաշխական աճը», որ «պատմության մեջ նման բան չի եղել, և Չինաստանը բացառություն չի լինի»: Եվ իսկապես, 20-րդ դարի վերջին քսանամյակում Չինաստանը հիմնականում զարգանում էր ի հաշիվ արտահանման, բայց նոր հազարամյակի սկսվելով այն էլ ավելի զարգացրեց իր գրեթե անսպառ ներքին շուկան: Սկսված ճգնաժամը և արտահանման անկումը ստիպեցին չինական կառավարությանն արմատապես փոխել հիմքում արտահանական տնտեսությունը` այն վերակողմնորոշելով դեպի ներքին շուկայի զարգացումը` ներդնելով 4 տրլն յուան ներքին սպառման զարգացման մեջ: Դրա համար էլ արդեն հիմա Չինաստանի ՀՆԱ-ն գնողունակությամբ միանգամայն համադրելի է ամերիկյանի հետ` համապատասխանաբար 12 և 14 տրլն դոլար, իսկ 2040թ., կարծում է Նոբելյան մրցանակակիր ամերիկացի տնտեսագետ Ռոբերտ Ֆոգելը, Չինաստանը ոչ միայն համաշխարհային զարգացման առաջատարը կդառնա, այլև իր ՀՆԱ-ն կհասցնի աստղաբաշխական թվի` 123 տրլն դոլարի, ինչը գրեթե 10 անգամ գերազանցում է ներկայիս ամերիկյան ՀՆԱ-ն: Միջին դասը Չինաստանում երկրի բնակչության տոկոսային հարաբերակցությամբ 1,5 անգամ քիչ է ամերիկյանից (43% և 70% համապատասխանաբար), բայց դա մոտավորապես հավասար է 550 մլն մարդու, այսինքն` 1,5 անգամ ավելի ԱՄՆ ամբողջ բնակչությունից: Սպառման մակարդակով այն առայժմ զգալիորեն զիջում է ԱՄՆ և ԵՄ միջին դասին, բայց Չինաստանն արդեն հիմա աշխարհում առաջինն է ավտոմեքենաների վաճառքի գծով: Իսկ երբ Չինաստանն իր միջին դասի թվաքանակը հասցնի ամերիկյան ստանդարտներին, մինչև ամերիկյան մակարդակի բարձրացնի միջին չինացու սպառման մակարդակը, ի հաշիվ պետական օգնության և աջակցության բարձրացնի բնակչության ամենաչունևոր շերտերի սպառման մակարդակը, այդ ժամանակ էլ կստանա ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիայի և Հարավային Կորեայի սպառողական շուկային (միասին վերցրած) հավասար սպառողական շուկա: Այս ճանապարհն արդեն անցել են այդ նույն Ճապոնիան 1950-80-ական թթ. և Հարավային Կորեան` 1960-90-ական թթ., միայն թե նրանց ներքին շուկաների ծավալները մի կարգ ցածր էին, քան Չինաստանինը:

Կոնդրատևյան մարող ալիքների շրջանում միշտ ձևավորվում է բազիսային ինովացիաների կլաստեր, որոնց հիման վրա սկսվում է հաջորդ բարձրացող ալիքի հզոր զարգացումը: Չինաստանն ակնհայտորեն պատրաստվում է նոր ՏԿ յուրացնել, որը կկազմավորվի առաջիկա տասնամյակում: Այն արդեն ԱՄՆ-ից հետո երկրորդն է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերով և նույնիսկ հավակնոտ խնդիր է դրել այդ ցուցանիշով առաջ անցնել ԱՄՆ-ից 2020թ.: Ստեղծելով իր սեփական վեցերորդ ՏԿ-ն` այն կձերբազատվի արևմտյան երկրներից տեխնոլոգիական կախվածությունից, իսկ առայժմ արդի տեխնոլոգիական նորույթները գնում է Ճապոնիայից և Գերմանիայից` ճգնաժամի պայմաններում իր պատվերներով աջակցելով դրանց տնտեսություններին: Չինաստանն այժմ անում է ճիշտ այն, ինչ ԽՍՀՄ-ը Մեծ լճացման ժամանակ` օգտագործում է Կոնդրատևյան մարող ալիքն իր արդյունաբերությունն արդի տեխնոլոգիաներով ապահովելու համար: Մեծ լճացման ժամանակ ամենաարդիական գործարանների և տեխնոլոգիական սարքավորումների գնումն Արևմուտքում ԽՍՀՄ-ի համար ապահովեց պաշտպանական արդյունաբերության ստեղծումն ու հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում, ինչպես նաև հետպատերազմյան վերելքն ու հաջող մրցակցությունն ԱՄՆ-ի հետ միջուկային սպառազինությունների և տիեզերքի բնագավառում: Չինաստանը կտրուկ ավելացնում է կրթության վրա կատարվող ծախսերը և հավակնոտ խնդիր է առաջադրում կրկնակի ավելացնել բուհերի շրջանավարտների թիվը, որպեսզի իր տնտեսությունն ապահովի բարձրորակ աշխատուժով: Այսպիսով, չինական ղեկավարությունն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի 2020թ. ստեղծի վեցերորդ ՏԿ-ն և դառնա համաշխարհային տեխնոլոգիական զարգացման առաջատարը: Անշուշտ, չինական տնտեսության մեջ բազմաթիվ անհավասարակշռություններ կառաջանան, որոնք հարկ կլինի շտկել: Բայց, ինչպես ցույց է տալիս չինական փորձը, երկրի ղեկավարությունը` ՉԿԿ-ի գլխավորությամբ, շատ արագ և օպերատիվորեն անհրաժեշտ փոփոխություններ կմտցնի իր տնտեսական քաղաքականության մեջ և չի տրվի ԱՄՆ և արևմտյան այլ երկրների ճնշմանը: Ուստի, Չինաստանը մինչև 21-րդ հարյուրամյակի կեսը, հաստատ, կզարգանա շատ արագ տեմպերով, չնայած ամերիկյան բարյացակամների բոլոր աշխարհիվերջյան կանխատեսումներին: Եվ Չինաստանի զարգացման արագ ու վստահ տեմպերը կապահովեն չինացիների և Չինաստանում բնակվող այլ ազգությունների բարեկեցությունը, ինչը, իր հերթին, կապահովի ՉԺՀ քաղաքական կայունությունն ու ազդեցության ուժեղացումը միջազգային գործերում: Իսկ զանազան «գունավոր հեղափոխությունների» երկրպագուների վրա մշտապես, Համլետի հոր ուրվականի նման, կախված կլինի Տյանանմեն հրապարակի տխուր ճակատագիրը:

 

Ռուսաստանի տխուր ճակատագիրը

«Շատ հետամնաց է` ինչ-որ մեկին մարտահրավեր նետելու համար, Չինաստանը երկիր է, որին ԱՄՆ-ը կփորձի աջակցել և օգտագործել որպես Ռուսաստանին հակակշիռ». Չինաստանի այս բնութագրումը վկայում է այն մասին, որ Ֆրիդմանի մտածողությունը մնացել է 1970-80-ական թթ. մակարդակին և բոլորովին չի համապատասխանում արդի քաղաքական և տնտեսական իրողություններին: Նախ` Չինաստանն արդեն մի տասնամյակ չէ, որ ոչ ոքի թույլ չի տալիս օգտագործել իրեն և միանգամայն ինքնուրույն քաղաքականություն է վարում: Երկրորդ` Չինաստանն ու Ռուսաստանը տարբեր «քաշային կարգերում են». Չինաստանը շատ անգամ ավելի հզոր է Ռուսաստանից: ԱՄՆ-ի համար լավագույն դեպքում նրան կհաջողվի Ռուսաստանն օգտագործել Չինաստանի դեմ, բայց ոչ հակառակը:

«Ռուսաստանն իսկապես մեծ տերություն դարձավ ԽՍՀՄ-ի օրոք»,- միանգամայն արդարացիորեն պնդում է Ֆրիդմանը, բայց նրա պարտությունը որոշեցին ոչ թե աշխարհաքաղաքականության, այլ «քվանտային տնտեսության» օրենքները: Ցարական կառավարությանը չհաջողվեց Ռուսաստանում ձևավորել երրորդ ՏԿ-ն, ինչի համար հատուցեց Ռուս-ճապոնական և Առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտություններով` ծնունդ տալով 1917թ. հեղափոխությանը: Երրորդ, իսկ հետո նաև չորրորդ ՏԿ-ն ձևավորվեցին արդեն ԽՍՀՄ-ում ԳՈԷԼՌՕ-ի պլանով և առաջին հետպատերազմյան հնգամյակների պլաններով: Հենց դրա շնորհիվ «կիսագաղութային Ռուսաստանը» կարողացավ վերածվել աշխարհի երկրորդ տերության, իսկ ԽՍՀՄ-ը կարողացավ հաղթել Հայրենական մեծ պատերազմում: 1970-80-ական թթ. հինգերորդ ՏԿ-ի ձևավորումը ԽՍՀՄ-ը ձեռքից բաց թողեց` թուլանալով նավթի բարձր գներից, և արդյունքում պարտություն կրեց սառը պատերազմում ու «անհետացավ համաշխարհային ասպարեզից»:

Եթե Ռուսաստանին վիճակված է դուրս գալ համաշխարհային ասպարեզից` մասնատվելով խոշոր պետությունների մանր արբանյակ-պետությունների, ապա դա կլինի ոչ 2030թ., ինչպես պնդում է մեր վայ-գուշակը, այլ առաջիկա 5-7 տարիներին: Եթե Ռուսաստանը կարողանա ունենալ նոր վեցերորդ ՏԿ-ն և խոշոր մեգանախագիծ իրականացնել, որն իր շուրջը կմիավորի ավելի փոքր երկրներին և թույլ կտա ստեղծել տարածաշրջանային միություն` ոչ պակաս, քան կես միլիարդ մարդ ունեցող սպառողական շուկայով, այդ դեպքում այն կմնա համաշխարհային զարգացման լիդերներից մեկը երկար-երկար տարիներ: Եթե չկարողանա, այդ ժամանակ նրան տխուր ճակատագիր է սպասվում` անցնել անգոյության գիրկը` ԽՍՀՄ-ի հետևից:

«Եվրոպայի բաժինը լինելով», ըստ Ֆրիդմանի, այն անպայման կբաժանվի մանր «կեղծ պետական կազմավորումների» : Ռուսաստանը կարող է «ողջ մնալ», եթե միայն «հարթլենդ» դառնա, որը տնտեսական կապերով և տրանսպորտային մայրուղիներով կմիավորի Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը, Միջինասիական երկրները, Մերձավոր Արևելքի երկրները և Եվրոպան: Բայց դրա համար Ռուսաստանը պետք է աշխարհին առաջարկի գլոբալ մեգանախագիծ, որը ոչ միայն թույլ կտա միասնական տարածաշրջանային միության մեջ միավորել Բելառուսն ու Ուկրաինան, անդրկովկասյան և միջինասիական պետությունները Աֆղանստանի և Մոնղոլիայի ու երկու Կորեաների հետ միասին, ինչպես նաև Թուրքիան, որին չեն ցանկանում ԵՄ ընդունել: Նման նախագիծ Ռուսաստանն ի վիճակի է իրականացնել, իսկ ճգնաժամը կօգնի իր շուրջը միավորել այդ երկրները:

Բայց դա այն նախագիծը չէ, որը շարադրված է Արդի զարգացման ինստիտուտի ղեկավարներ Ի.Յուրգենսի և Ե.Գոնտմահերի «21-րդ դարի Ռուսաստանը. ցանկալի վաղվա կերպարը» զեկույցում: Նրանց զեկույցը «Ռուսաստանի փլուզման ճանապարհային քարտեզ» է: Հենց այդ ձևաքանոնով է գծվել ԽՍՀՄ փլուզումը: Եթե ՌԴ ղեկավարությունը սկսի իրականացնել այդ նախագիծը, ապա Ֆրիդմանը ճիշտ դուրս կգա. «Ռուսաստանը կշարունակի փլուզվել այնքան ժամանակ, քանի դեռ չի վերադարձել միջնադարյան սահմաններին» : Եվ նույնիսկ ավելին. միջնադարյան սահմաններն ավելի քան ընդարձակ կլինեն Ռուսաստանի համար, քանի որ այն կփլուզվի շատ ավելի մանր պետական կազմավորումների, ասենք` Մոսկովիայի, Թաթարիայի, Կովկասյան խալիֆայության, Ուրալի հանրապետության և այլն: Մեր գնահատումներով, Ռուսաստանի` մանր պետությունների բաժանման հավանականությունը մոտ 70% է: Եվ շատ ցավալի է, որ «Ռուսաստանի փլուզման ճանապարհային քարտեզը» կազմողների հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է ՌԴ նախագահ Դ.Ա. Մեդվեդևը:

 

ՖՐԵԴԵՐԻԿ ԱՆՍԵԼ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԹԸ ԴԵՊԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՍԱՀՄԱՆԸ

(նյութի մշտական հասցեն` http://www.lemonde.fr/idees/article/2010/06/09/la-marche-a-la-puissance-turque-trouvera-ses-limites_1370097_3232.html)

Հուզմունքն ու կարեկցանքը մի բան են, դիվանագիտությունը` բոլորովին այլ բան: Այն, որ Թուրքիայի բնակչությունը ցնցված է Mavi Marmara-ի ողբերգությամբ, տրամաբանական է և օրինաչափ: Այն, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ-մեծ է բրդում` բազմապատկելով իր սովորական բերանացի վիրավորանքներն Իսրայելի հասցեին, սառնություն է հաղորդում քաղաքական իրականությանը:

Այս բաժանումը մասն է կազմում խոր դիվանագիտական կողմնորոշման, որն իրականացնում է ԱԶԿ-ական իսլամիստ-պահպանողական կառավարությունը, և որի նպատակն է Թուրքիան դարձնել գլխավոր ուժը Մերձավոր Արևելքում:

Ռազմավարությունը, որ ծառայեցվում է այդ նպատակին, այժմ արդեն ակնհայտ դարձավ` վերականգնել հավասարակշռությունը աշխարհի գերտերությունների նկատմամբ (այստեղից էլ` արդյունավետ մերձեցումը Մոսկվայի հետ), խուսափել բոլոր կարգի սահմանային վեճերից (Հայաստանի հետ 2009-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները), թմբկահարությամբ մուտք գործել պաղեստինյան քաղաքականություն (Սիրիա, Իրան) և վերջապես առանձին միավորվել զարգացող տնտեսություններով այլ երկրների հետ, որոնք սովորաբար որոշվում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ գլխավոր անդամների դոսյեով (համաձայնագիր Անկարայի, Բրազիլիայի և Իրանի միջև Իրանի միջուկային խնդրի շուրջ):

Այս ընդհանուր նախագծում խզումը Իսրայելի հետ գրեթե ոչինչ չարժե. այլ պետություններ ևս կարող են սարքավորել թուրքական օդանավերը: Թուրքիան հույս է ներշնչում առաջնություն նվաճել արտերկրի արաբական հանրության շրջանում` միաժամանակ սիրաշահելով երկրի ներսում թուրքական հասարակության ուլտրապահպանողական հատվածին: Այս ուղեգիծը փոխառված է ինչպես Աթաթուրքից, այնպես էլ որոշ առումով նեոօսմանիզմից: Սակայն, արմունկը մոտ է, բայց կծել չես կարող. մի շարք աշխարհաքաղաքական դժվարություններ սպառնում են այդ հզորության աճին:

Նախ, արաբական աշխարհում Անկարայից կպահանջվի բախվել կրկնակի` արաբա-պարսկական և սուննի-շիական պառակտումներին: Համաշիական իրանական ագրեսիան, որը զուգորդված է Թեհրանի կողմից ռումբի պատրաստման մրցավազքի հետ, վախեցնում է սուննի արաբական երկրներին` Եգիպտոսից մինչև Սաուդյան Արաբիա ու Հորդանանից մինչև ծոցի նավթային միապետությունը: Այս ռեժիմները ոչ միայն փնտրում և ստանում են օր օրի աճող պաշտպանություն ամերիկացիներից և ֆրանսիացիներից (Էմիրությունների ռազմաբազաներից), այլև Իսրայելի հանդեպ հանդես են բերում ներողամտություն` իրենց խիստ վերաբերմունքն արտահայտելով Իրանի հետ կապված երկու զինված խմբավորումների` «Հեզբոլլահի» ու ՀԱՄԱՍ-ի նկատմամբ:

Բացի այդ, արաբական աշխարհում Հոսնի Մուբարաքի Եգիպտոսը դեմ կլինի, որ Թուրքիան իրենից խլի առաջնորդի դերը արաբա-մահմեդական աշխարհում` խորհրդանշական, սակայն հեղինակավոր կարգավիճակ, որին ծայրահեղ դեպքում մի դրվագում հետամտում էր Նասերը: Կահիրեն աջակցում է Արաբական պետությունների լիգային` դժգոհ այն բանից, որ Մերձավոր Արևելքում երեք խոշոր ռազմական տերություններից ոչ մեկն արաբական չէ…

Երկրորդ, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում Անկարայի ռազմավարությունը վերստին բախվում է սահմանափակումների հետ: Այլապես ինչպե՞ս հասնել Ռուսաստանի և Իրանի հետ ապագա դաշինքին` միաժամանակ խնայելով ավանդական դաշնակցի` թյուրքալեզու, թուրքասեր ու նավթաբեր Ադրբեջանի հպարտությունը: Ադրբեջանը պահանջում է Լեռնային Ղարաբաղը, որ կորցրել է 1991-1994 թթ. պատերազմի ընթացքում` մի տարածք, որ բնակեցված է հայերով, և քիչ հավանական է, որ Հայաստանը հրաժարվի դրանից, իսկ Բաքուն պահանջում է, որ թուրք ավագ եղբայրը շարունակի պահպանել շրջափակումը Երևանի դեմ:

Սակայն մի անլուծելի խնդիր կա` Հայաստանին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանն ու Իրանը, որի հարաբերություններն Ադրբեջանի հետ վատ են: ԱՄՆ-ի հետ էլ ավելի է մերձենում... Իսրայելը: Չնայած որոշ լեզվական ընդհանրություններին, Կենտրոնական Ասիայի երկրները համեստ Թուրքիայի փոխարեն նախապատվությունը տալիս են պաշտպան գերտերություններին, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները:

Երրորդ, զարգացող երկրների հետ որոշ գործընկերային կապեր կարող են անարդյունավետ լինել և հատկապես գրգռել ՆԱՏՕ-ին: Իհարկե, բարեփոխված Անվտանգության խորհուրդը հեռանկարում դռները կբացի նաև մյուս մշտական անդամների առաջ, սակայն Թուրքիան քիչ հնարավորություններ ունի մյուս` առավել ուժեղ կամ ներկայացուցչական թեկնածուների համեմատ, ինչպիսին են Ճապոնիան, Հնդկաստանը, Բրազիլիան և Հարավային Աֆրիկան:

Վերջապես, ամերիկյան հասարակությունն այժմ արդեն նվազ բարյացակամ է թուրքական խնդրի նկատմամբ` բարոյական նկատառումներից ելնելով (Հյուսիսային Կիպրոսի բռնազավթումը, քրդերի իրավունքները, հրաժարումը, որ ամերիկյան զինվորներն անցնեին իր տարածքով Իրաք 2003 թ.), կամ շրջապատող իսլամատյացության պատճառով. ի հայտ է գալիս լուրջ մրցակից հանձին եթե ոչ դաշինքի, ապա երկու հզոր` հրեական ու հայկական սփյուռքերի միության:

2000-ական թթ. կեսերից իսրայելամետ լոբբին արդեն հազվադեպ էր արձագանքում Իսրայելի կոչերին` օգտագործել իր ազդեցությունը Կոնգրեսում դաշնակից Թուրքիայի օգտին, և ուղղակի հետևանքը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2007 թվականի աննախադեպ քվեարկությունը, ապա Սենատում 2010 թ. մարտին` այն բանաձևի շուրջ, որը Սպիտակ տնից պահանջում էր ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Իսկ Էրդողանի հարձակումները ամրացնում են հրեական կազմակերպությունների միտումները` էլ ավելի մերձենալ իրենց հայ գործընկերների հետ (համատեղ երթը Բոստոնում 2009 թ.): Եթե Վաշինգտոնը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան պարտություն կկրի լուրջ հետևանքներով:

Վերջին հաշվով հարկ է, որպեսզի թուրքական իշխանությունները գտնեն մի ավելի մեծ ու լավ բան, քան իսրայելյան հարմար խրտվիլակն է, որպեսզի շարունակեն դեպի հզորացում գնացող իրենց քայլերթը` որոշակի հույսերով…

 

ԴՄԻՏՐԻ ԿՐՅՈՒԿՈՎ

ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

(նյութի մշտական հասցեն` http://www.gazeta.ru/travel/2010/05/26_e_3373861.shtml)

Ես ընդհանրապես հաճույքով չեմ ուղևորվում հարավ: Կարող եք ինձ շովինիստ անվանել, բայց անձամբ ես նախընտրում եմ մտածել, որ յուրաքանչյուրը պարզապես ընտրում է այն վայրը, որտեղ նրան հարմար է: Սակայն Հայաստանը մեկն էր այն սակավաթիվ երկրներից, որտեղ ես սկզբունքորեն պատրաստվեցի գնալ: Լուրեր էին պտտվում, որ այնտեղ կիրթ ու հաճելի մարդիկ են, հարուստ մշակույթ և շարժում դեպի Եվրոպա: Իսկ երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը Երևանում ընդունելու է տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IIIB խմբին, ես հասկացա` եկել է ժամանակը:

Երևան ընկնելու համար առանձնապես խնդիրներ չեղան. օրը մի քանի անգամ այնտեղ են թռչում բոլոր հիմնական ավիաընկերությունները (ՙԱերոֆլոտ», S7, «Արմավիա»-, և սահմանը հատելու համար անհրաժեշտ է միայն արտասահմանյան անձնագիր: Իսկ ահա ցամաքային ճանապարհներ Ռուսաստանի բնակիչների համար փաստացիորեն չկան` Հայաստանը հարևաններից միայն Վրաստանի հետ է պահպանում իրապես լավ հարաբերություններ, բայց, ավաղ, նրա հետ մենք խնդիրներ ունենք:

Երկրի դարպաս «Զվարթնոց» օդանավակայանը վերջին տարիներին էականորեն վերանորոգվում է, և դրական կողմերն արդեն տեսանելի են, չնայած վերանորոգումը դեռ չի ավարտվել: Ցավոք, օդանավակայանն ունի նաև բավականին տհաճ առանձնահատկություն` կալսիչ-հարձակումը կալսիչ-տաքսիստների` անմիջապես սահմանային հսկողության ելքի մոտ: Տաքսիները Երևանում թանկ չեն, բայց եթե դուք չեք սիրում աներես ծառայությունները, ապա կարող եք քայլել 400 մետր մինչև քաղաքային միկրոավտոբուսների կայանատեղին:

Հաջորդ խնդիրն էր գտնել հարմար կացարան ու քաղաքի քարտեզը: Քարտեզի հարցը հեշտ լուծվեց. հենց երկրորդ թերթի կրպակում գտանք անգլերենով քաղաքի բավականին լավ քարտեզ: Հյուրանոցների հարցում մի փոքր դժվար էր, բայց այս խնդիրն էլ մենք արագ հարթեցինք: Բանն այն է, որ եթե փորձես նախապես հյուրանոց պատվիրել ինտերնետի միջոցով, ապա Երևանի բոլոր հյուրանոցները կարծես հատուկ թանկ են` մեկ սենյակը` սկսած $ 100-ից:

Բայց այդպես վարվել պետք չէ: Երևանում կացարան պետք է փնտրել ըստ «Աստանայի մոդելի». քաղաքում բազմաթիվ մասնավոր հյուրանոցներ են բացվել, որոնցում բոլորովին դժվար չէ բնակություն հաստատելը: Միայն թե Աստանայում դրանք հիմնականում տեղակայված են «խրուշչովկաներում», իսկ Երևանում` քաղաքի կենտրոնի ամեն կարգի հին տներում ու հաստատություններում: Մենք սկսեցինք Հանրապետության հրապարակում գտնվող մի ինչ-որ պաթոսային չորս աստղանի հյուրանոցից` լակեյներով և այլ կարգի հմայքներով: Սենյակն արժեր 1300 ռուբլի` մեկ անձի համար: Փոստատան շենքում` հենց հրապարակի Senior հյուրանոցում արդեն 1100 էր, բայց արդյունքում մենք գիշերեցինք Աբովյան փողոցում` Ֆիլհարմոնիայի շենքի հյուրանոցում (ճիշտ կենտրոնում) 900 ռուբլով: Բոլոր հարմարություններն այնտեղ կային: Գրեթե համոզված եմ, որ ծայրամասերում հյուրանոցի գները ընդհանրապես կարող են հասնել մեր մարզկենտրոնների մակարդակին:

Երկրորդ օրը մենք ընկերների խորհրդով հյուրանոցից տեղափոխվեցինք բնակարան, որը վարձեցինք հայկական գլխավոր տուրօպերատորից: Ընդհանրապես, այս ընկերությունը, որ հիմնադրել էին, ինչպես մեզ ասացին, տեղի երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտները, ակնհայտորեն ձգտում էր արագ մոնոպոլիզացիայի ենթարկել Հայաստանում տուրիստական ծառայությունների շուկան: Բնակարաններից բացի նրանք առաջարկում են ավտոբուսային շրջայցեր երկրով մեկ (ամեն օր 2-3 ավտոբուս գնում են տարբեր վայրեր, այդ թվում և` Ղարաբաղ), տաքսիներ, տպագրական արտադրանք (լավ քարտեզներ են պատրաստում) և ամեն կարգի այլ ծառայություններ: Օրինակ, իրենց հաճախորդները կարող էին գրասենյակում ազատ օգտվել ինտերնետից: Ծախսերը թերևս բավականին մեծ էին` շատ գովազդային վահանակներ կային ամբողջ քաղաքում, բայց ընդհանուր առմամբ կարելի է նրանց մասին լավն ասել: Ծառայությունները հաճելի էին, բնակարանը նույնպես գերազանց էր, անմիջապես կենտրոնում, Նալբանդյան փողոցում` լվացքի մեքենայով, թեյնիկով, գազօջախով ու այլ անհրաժեշտ պիտույքներով:

Մոտավորապես նույն հետևողականությամբ էլ մենք կարգավորեցինք գործը հասարակական սննդի հետ:

Սկզբում մեզ որոշ չափով վախեցրեց պիցերիաների և գլոբալացման այլ տարրերի ճնշող ներկայությունը, այն դեպքում, երբ տեղական խոհանոցը ներկայացված էր միայն արտաքուստ նորաձև ռեստորաններում: Հետո պարզվեց, որ առաջին հայացքից նորաձև ռեստորանները` գավաթներով ու սփռոցներով, ընդհանուր առմամբ արժեն ոչ այնքան թանկ, որքան մեր ֆուդկորտերն են, իսկ տեղական ինչ-որ բան ճաշակելը «Հին Երևան» հինգաստղանի ռեստորանում, որ գտնվում է կենտրոնում, օպերայի դիմաց, կարժենա մոտ 400 ռուբլի ամեն ինչի համար: Ի դեպ, առաջարկում եմ այս ռեստորանը թեկուզ մեկանգամյա այցելության համար: Այնտեղ կա վավերական մթնոլորտ, նվագում է հայկական նվագախումբը, կերակրում են համեղ ուտեստներով: Հետո մենք սովորեցինք գտնել ավելի ժողովրդավարական տեղական վայրեր: Սկզբում խինկալիանոց Նալբանդյանի ու Թումանյանի անկյունում, իսկ այնուհետև մի ռոմանտիկ ճաշարան-խորովածանոց Ագաթանգեղոսի և Տիգրան Մեծի խաչմերուկում: Կարճ ասած, հարմարվեք տեղական ապրելակերպին և երջանիկ կլինեք:

Կենցաղային խնդիրները լուծելուց հետո մենք սկսեցինք մտածել հոգևոր սննդի մասին:

Գրքերի և այլ կարգի հուշանվերների հարցը Հայաստանում շատ լավ է: Նման իրավիճակ ծագեց երկու միտումների` 1990-ականների փլուզումի (երբ բոլոր պաշտոնական գրախանութները փակվում էին) և աշխարհով մեկ ցրված հայերի կողմից իրենց հայրենիքին աջակցություն ցույց տալու զուգորդման արդյունքում: Մի տարօրինակ իրավիճակ առաջացավ. տարբեր լեզուներով լույս տեսան բազմաթիվ հետաքրքիր գրքեր Հայաստանի մասին, սակայն դրանք վաճառվում են հիմնականում գրքի վաճառանոցներում (Աբովյան - Սայաթ Նովա խաչմերուկի անցումի տակ` համարյա միշտ և Վերնիսաժի ահռելի շուկայում ու Արամի փողոցում` հանգստյան օրերին):

 

Երևան` տաքսիների, ատամնաբույժների և ինտերնետ-սրճարանների քաղաք

Դե, տաքսիները շատ-շատ են, ընդ որում` երեկոյան ժամերին նրանց թիվը դառնում է զգալիորեն մեծ, քան այլ մեքենաներինը: Ուղեվարձը քաղաքում 600-1000 դրամ է (100 դրամը մոտ 13,5 ռուբլի է), այդ իսկ պատճառով էլ մենք հաճախ էինք երթևեկում դրանցով` քամահրելով չափազանց խցկված երթուղայինները: Տաքսու վարորդներն ասում են, որ այդքան շատ մեքենաների գոյության պայմաններում աշխատանքն այնքան էլ շահութաբեր չէ, բայց ուրիշ աշխատանք, միևնույն է, չկա:

Երևան քաղաքի կենտրոնը, պետք է ասեմ, բավականին կոմպակտ է. մի կողմից այն սահմանափակվում է հսկա սանդուղքով` Կասկադով (որի կեսը վերափորել են առանց վերականգնելու ակնհայտ ակտիվության), մյուս կողմից` Օղակաձև զբոսայգով, հանրապետական մարզադաշտով ու համալսարանով: Առանձնապես հին շենքեր Երևանում չկան`տարբեր ժամանակներում բոլորը քանդել են: Կան երեք բավականին հին եկեղեցիներ, մզկիթ և Էրեբունի հին ամրոցի ավերակները: Զբոսանքի համար առավել հետաքրքիր վայր է Աբովյան փողոցը, որտեղ ամենից շատ սրճարաններ են, ու զարգացած է գիշերային կյանքը, նաև` Սայաթ-Նովան, ինչպես և փոքր-ինչ հրեշային Հյուսիսային պողոտան, որը գիշերը կարծես Gotham City-ից վերցված բնանկար լինի (դատարկ նորաշեն բիզնես- կենտրոններ, որոնց արանքներով ինչ-որ կերպ վազ են տալիս մարդիկ):

Հանրապետության հրապարակում թանգարանն է ու Ազգային պատկերասրահը: Քաղաքի ամենատպավորիչ թանգարանը հին ձեռագրերի հանրահայտ պահոցն է` Մատենադարանը: Այնտեղ ներկայացվում է հնագույն հայկական մանրանկարների և շատ այլ բաների հավաքածուն:

Երևանի հիմնական տեսարժան վայրերից մեկն է Վերնիսաժը, որը գործում է Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած զբոսայգում` հանգստյան օրերին: Տեսարանը տպավորիչ է: Դժվար է այն նկարագրելը: Ոչ այն է` հնավաճառների շուկա է, ոչ այն է` հուշանվերների վաճառանոց, այլ միանգամայն առանձին բան է: Այնտեղ, ի դեպ, հուշանվերներ էլ կան` կպչուն պատկերներից մինչև ազգային գորգերն ու երաժշտական գործիքներ` լուրջ ծավալներով: Կա նաև գրքի շուկա: Կա հնավաճառների շուկա սովորական հասկացությամբ: Իսկ ընդհանուր առմամբ այնտեղ կա ամեն ինչ: Ինչ-որ տեսախցիկներ ու ֆոտոխցիկներ` սկսած գրեթե 19-րդ դարից, զարմանահրաշ վաֆլի պատրաստող գործիքներ ու հյութաքամիչներ, շլացուցիչ գավաթակալներ` խորհրդային գնացքներից մնացած… Մտածում եմ, որ մեկ օրվա ընթացքում Վերնիսաժի միջոցով հնարավոր է բնակարան կահավորել, ընդ որում` ոչ թե հնոտիներով, այլ իրոք հետաքրքիր իրերով`սկսած գորգերից մինչև խոհանոցային պարագաները:

 

Ամենակարևորը Երևանում տեղի մթնոլորտ ներթափանցելն է

Կարելի է, օրինակ, վարսավիրանոցում մազերը հարդարել որևէ գեղեցիկ հայուհու մոտ: Եվ, իհարկե, անպայման փորձել հայկական կերակուրը: Մոսկվայում այս տարիների ընթացքում հայտնվել են բազմաթիվ հայկական սննդի խանութներ` Տեկստիլականում, ՎՎՑ-ի «Արմենիա» տաղավարում, «Դմիտրի Դոնսկոյի բուլվար» մետրոյի մոտ: Ի պատիվ նրանց պետք է ասել, որ բոլոր ամենակարևոր բաները ներմուծում են` և՛ սուջուխ, և՛ բաստուրմա, և՛ մուրաբա, և՛ հյութեր, և՛ թթու (հաճախ այնպիսի բույսերից, որոնց անունները ես նույնիսկ չեմ էլ լսել), և արտակարգ համեղ արիշտա: Բայց ամեն դեպքում Հայաստանը Հայաստան է, և շատ ճաշատեսակներ միայն այնտեղ կան:

Առաջին հերթին` կաթնամթերքները` մածուն, կաթ, թան: Երկրորդ` քաղցրավենիքներ. շատ համեղ ու էժան տորթեր, գումարած դրան բավականին լավ շոկոլադ, որ արտադրում է տեղական գործարանը: Երրորդ` խմիչքները. զարմանալի համեղ հյութեր (սերկևիլից, վարդից, հոնից և այլն), ինչպես նաև պարզապես ցնցող հայկական ու վրացական տանձի լիմոնադները` մանկության համով. նաև տարատեսակ հացեր. լավաշները շատ են, դրանք տարբեր են, էժան ու որպես կանոն` հսկայական: Զվարճալի էր, որ երբ ես փորձեցի վերցնել այն, ինչը մենք անվանում ենք «Վրաստանի լավաշ», մի վաճառողուհի ինձ ասաց. «Ոչ, ոչ, դա լավաշ չի, հաց է». Հավանաբար վրացիները նույն կերպ ասում են հայկականի մասին:

 

Անշուշտ, Հայաստանը ուժեղ է ոչ միայն և ոչ այնքան Երևանով

Հիմնական հնությունները գտնվում են երկրի տարբեր ծայրերում: Մեզ այս անգամ հաջողվեց այցելել միայն մայրաքաղաքին մոտ գտնվողները, սակայն ուզում եմ վերադառնալ և անցնել ամբողջ երկրով: Որպեսզի կարողանայինք այցելել հնարավորինս շատ թվով վայրեր, մենք մտածեցինք հետևյալ ակցիան: Կարճ բանակցություններից ու հարցուփորձից հետո գտանք մի տարեց տաքսու վարորդի, ով մեզ հաճույքով ման ածեց բոլորիս համար ցանկալի տեսարժան վայրերով: Կես օրվա համար գումարը կազմեց 26 հազար դրամ, այսինքն` մոտ 2000 ռուբլի, ներառյալ տեղափոխումը օդանավակայան: Մեր կարծիքով լավ ստացվեց, համենայն դեպս ավելի էժան, քան ավտոբուսով: Ճիշտ է, մենք հույս ունեինք, որ հորեղբայր վարորդն այնտեղ նաև զբոսավար կլինի, ընդհանրապես, ավելի սիրալիր կգտնվի, բայց նա չկարողացավ լիովին վերացարկել տաքսու վարորդի դերը, թեև ճանապարհին որոշ բաներ հուշեց և նույնիսկ մեզ Գառնիում համեղ գաթա գնեց: Եթե ձեզ համար նման միջոցն անընդունելի է, այդ դեպքում Երևանում կա ավտոկայան, երկաթուղային կայարան, ինչպես նաև մեքենաների վարձույթի մի քանի կետ:

 

Եվ այսպես, արագ նկարագրեմ Երևանի մոտակա տեսարժան վայրերը

Գառնի: Առաջին դարի հեթանոսական տաճար: Մի քանի անգամ ավերվել է երկրաշարժերից: Խորհրդային տարիներին վերջնականապես (-) վերականգնվել է, սակայն շատ բնական տեսք ունի: Այս վայրը ես կգնահատեի հինգին գումարած: Ե՛վ այնտեղ տանող ճանապարհն է շատ գեղեցիկ` երկու կողմից ցնցող տեսարան է, և՛ վայրն ինքնին շատ լուսավոր է, և՛ կիրճին նայող տեսարաններն են շատ տպավորիչ: Մեր բախտն, իհարկե, բերեց եղանակի հարցում, բայց ամեն դեպքում այնտեղ իսկապես շատ լավ էր:

Գեղարդ: Վանական համալիր, որ գտնվում է Գառնիից 7 կիլոմետր հեռավորության վրա: Առաջին հերթին տպավորիչ է հայկական եկեղեցաշինության առանձնահատկությունները տեսնելը, մասնավորապես, աղբյուրը ուղղակիորեն տաճարի մեջ, որ քաղցր հոսում է հատակով: Գեղեցիկ է ու մռայլ, թեև կասկած կա, որ Հայաստանի մյուս վանքերը ոչնչով վատը չեն, պարզապես այս մեկն ավելի մոտ է Երևանին: Ավելի շատ թանգարան է հիշեցնում, քան գործող եկեղեցի: Հետդարձի ճանապարհին տեղի բնակիչներն աշխուժորեն վաճառում էին մուրաբաներ ու թթու (բույսերի կեսի անուններն ընդհանրապես չգիտեի): Գնեցինք մի երկու բանկա:

Սևան. գլխավոր հայկական լիճը: «Ծովը», ինչպես ասում են տեղացիները: Ճանապարհը դեպի Սևան շինված է եվրոպական մակարդակով` մեծ մայրուղի` բաժանված կանաչ գոտով: Վարորդը ճանապարհին մեզ ցույց տվեց «Լենին» գրությունը` արված աճող ծառերով: Սակայն ոչ ոք ծառերը չի էտում, այդ պատճառով էլ Լենինին նշմարելն առանց հուշումի բացարձակապես անհնար է:

Լիճն, իհարկե, գեղեցիկ է, բայց ընդհանուր առմամբ Ռուսաստանում կան դրանից ոչ վատ օրինակներ: Սևան քաղաքը բավականին ավերված վիճակում է: Այնտեղ, ինչպես Հայաստանի գրեթե ցանկացած այլ քաղաքում, կա կարուսելի անսարք անիվ` գոթական ոճով ցցված դաշտի կենտրոնում: Սևանի թերակղզու եկեղեցին բոլորովին դատարկ է: Երևում է, որ ամռանն այստեղ շատերն են հանգստանում, լողանում ու խմում, այնպես որ լճի կյանքն ավելի լավ է ուսումնասիրել նրա ափերի առավել խուլ վայրերում:

Էջմիածին: Էջմիածինը հայ եկեղեցու «մայրաքաղաքն» է, կաթողիկոսի նստավայրը: Չնայած որոշ պաշտոնականությանը, մեզ այն իսկապես դուր եկավ: Ե՛վ քաղաքն է կոկիկ ու մաքուր, և՛ վանական համալիրն է տպավորիչ: Ճիշտ է, մեծ շինարարություն է ընթանում, ինչը համալիրի տարածքը կմեծացնի երեք անգամ ու կնսեմացնի նրա ներկայիս ճարտարապետական կարգավիճակը, բայց գուցե նրանք ավելի լավ գիտեն, թե ինչ են անում, քանի որ եկեղեցին չունի բավականաչափ շինություններ:

Դե, իսկ Հայաստանի ամենագլխավոր տեսարժան վայրն, անշուշտ, Արարատ լեռն է, թեև այն գտնվում է Թուրքիայի տարածքում, բայց փոխարենը գերազանց երևում է (եթե երկինքն ամպամած չէ):

Իհարկե, շատ այլ տեսարժան վայրեր են սփռված ամբողջ երկրով մեկ: Եկեղեցիների, վանքերի և այլ պատմական արժեքների թվարկումը կա Հայաստանի մասին յուրաքանչյուր պատկառելի գրքում: Հեշտ է հասնել նաև Լեռնային Ղարաբաղ, տեսնել այն զգալի վնասները, որ պատճառել է այդ տարածքին պատերազմը:

 

Եվ վերջում` մի քանի խոսք Հայաստանի մասին ընդհանրապես

Հայաստանն ինձ ներկայացավ շատ ավելի հետաքրքիր երկիր, քան այդ մասին հայտնի է «միջին մարդուն»: Ավելին, այն ինձ պատկերացավ շատ ավելի մատչելի, քան ընդունված է համարել: Ոչ միայն տեսարժան վայրերի այցելության, այլ նաև կյանքի առումով: Ինչպես ինձ է թվում, Հայաստանը Ռուսաստանի բնակիչների համար շատ հարմար է: Գները ցածր են, ռուսերեն բոլորը հասկանում են, իսկ հետաքրքրական յուրահատկությունները շատ են: Եվ, իհարկե, հարուստ մշակույթը` ի դեմս հարուստ պատմության: Մինչ այստեղ ճամփորդելը ես ականջի ծայրով, անկասկած, լսել էի, որ Հայաստանում հնագույն քաղաքակրթություն կա, բայց անհրաժեշտ եղավ այդ բոլորը տեսնել սեփական աչքերով ու ընթերցել մի քանի գիրք, որպեսզի հասկանամ, թե որքան հետաքրքիր է այդ ամենը:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am