Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Հուլիս 2010, N 6

ԱՇԽԱՐՀԸ ՀՈՒԼԻՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հուլիսի 11-ին ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Եզրափակիչում հանդիպեցին Իսպանիայի և Նիդերլանդների հավաքականները, իսկ հաղթանակ տարան իսպանացիները` ինչպեսև ասել էր գերմանացի ութոտնուկ Պաուլը: Այդ կենդանին զարմանալի ունակություններ ցուցաբերեց` առավելագույն ճշգրտությամբ գուշակեց ութ խաղի արդյունքներ` հիասթափության մատնելով ողջ աշխարհի երկրպագուներին: Ինչևէ, առաջնությունն անցյալում է, հուսանք, որ չորս տարի հետո Հայաստանի թիմը կկարողանա հաղթահարել նախընտրական փուլը, և կմեկնենք Բրազիլիա` ըմբոշխնելու ֆուտբոլի ֆենոմենը: Սա, իհարկե, հրաշք կլինի, և հենց դա է մեզ հուսադրում` ի վերջո աշխարհում առանց հրաշքների քիչ բան է տեղի ունենում:

Այս տարվա հուլիսի մուտքը նշանավորվեց աննախադեպ շոգերով, ողջ նվաղող Եվրոպան հրվեց դեպի ջրավազաններն ու ծովափերը, ռուսական անտառներում բռնկված հրդեհները Հայաստանից էլ ընդարձակ տարածքներ ընդգրկեցին, իսկ Մեքսիկայի ու Ամերիկայի ափերը ողողեց «Ալեքս»  արևադարձային փոթորիկը: Մինչ բնությունն անհնազանդության ցույցեր էր անում, Հայաստանի համար հուլիսի սկիզբն առանձնացավ սահմանային միջադեպերի առատությամբ, սահմանադրության 15-ամյակի միջոցառումներով և այն շահավետ ավետիսով, որ 2011 ֆինանսական տարվա համար Միացյալ Նահանգներից ստանալու է 44 միլիոն դոլարի ուղղակի օգնություն (ևս 10 միլիոն դոլար ամերիկյան բյուջեից հատկացվելու է Լեռնային Ղարաբաղին): Քաղաքական մյուս հարթակներում բուռն տեղաշարժերի սկիզբը դրեց Բելգիան, որը ռոտացիայի սկզբունքով դարձավ ԵՄ նախագահող երկիր: Դրան իր կարևորությամբ չզիջեց Գերմանիայի ընտրությունը. այստեղ Քրիստիան Վուլֆը երրորդ փորձից հետո ճանաչվեց այդ երկրի նախագահը: Էլ ավելի հեռու և ավելի անհանգիստ մեկ այլ երկրում` Ղրղզստանում, Ռոզա Օթունբաևան պաշտոնապես հաստատվեց անցումային շրջանի նախագահ: Բայց ամենաուշագրավը թերևս Լեհաստանի նախագահական ընտրություններն էին, որտեղ երկրորդ փուլում քվեների առավելությամբ հաղթեց Սեյմի խոսնակ Բրոնիսլավ Կոմորովսկին (52 տոկոս), իսկ նրա մրցակից Յարոսլավ Կաչինսկու` օդանավի աղետից զոհված Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկու եղբոր օգտին քվեարկել էր ընտրողների 47 տոկոսը: Ահա նման հախուռն մեկնարկի պայմաններում ամսվա հետագա իրադարձություններն այլևս չէին թվում հանկարծահաս կամ ծայր աստիճան անբարեհույս: Այնուհանդերձ որոշ դեպքերի մասին կարող ենք ասել, որ դրանք թե՛ հետաքրքիր էին և թե՛ զվարճալի: Օրինակ, քիչ էր մնում, որ Ռուսաստանի Պետդուման իրեն դրսևորեր իբրև հակաթուրքականության առաջամարտիկ: Օրենսդիրները հերթական նիստում քննարկեցին մի հայտարարության նախագիծ, որով կոչ էր արվում ՌԴ իշխանություններին միջոցներ ձեռնարկել արտասահմանում ռուս զբոսաշրջիկների անվտանգության ապահովման ուղղությամբ: Մասնավորապես, առաջարկվում էր ռուսաստանցիներին խորհուրդ տալ` չայցելել Թուրքիա:

Նման պահվածքով Ռուսաստանին այդ պահին կարելի էր նմանեցնել Իսրայելին, եթե չլիներ Թել Ավիվի շուրջ ծագած սկանդալը: Հրեաները հանկարծ իմացան, որ իրենց կառավարությունը Բրյուսելում գաղտնի բանակցություններ է վարում Թուրքիայի հետ ու փորձում է լուծել երկու երկրների միջև առկա հակասությունները: Շատերի համար դա դավաճանությանը համազոր քայլ էր, բայց մի՞թե լուրջ քաղաքականությունը կարող է յոլա գնալ առանց երկդիմության:

Արդեն որերորդ անգամ մեր տարածաշրջան ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եղան Ստեփանակերտում, Երևանում, Բաքվում ու քննարկեցին ծեծված և չարչրկված Մադրիդյան սկզբունքները: Հայաստանը վերստին եռյակին հիշեցրեց, որ ԼՂՀ լիակատար մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտություն է, քանի որ առանց Արցախի անհնար է համաձայնության գալ:

Այդ ամենը լսելուց հետո կարելի էր նաև հետ մեկնել, եթե մեկ այլ այցելություն ստվեր չնետեր եռանախագահների առաքելության վրա ու հարկադրաբար չհետաձգեր նրանց հրաժեշտը: Կովկաս ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Անցնելով համարյա նույն երթուղին, ինչ նախորդ հյուրերը` տիկին Քլինթոնն առանց հոգնության նշանների ամենուր կրկնեց, որ Միացյալ Նահանգները կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և Հելսինկյան սկզբունքների վրա, ապա` Հայաստանի նախագահի նստավայրում ունեցած հանդիպումից հետո ոտքով շրջեց Երևանում, իսկ հաջորդ օրը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյայի այցը տարածաշրջան գնահատվեց իբրև ԱՄՆ ներկայությունը հավաստող ռևանշային դիվանագիտություն` առանց շոշափելի սպասելիքների:

Հ. Քլինթոնի մեկնումի օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում չէր: Նա արդեն աշխատանքային այցով մեկնել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ հուլիսի 5-ին կայացավ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի նիստը: Հետխորհրդային տարածքում նախկին կապերը վերականգնելու ջանքերը թեև հետևողական, սակայն բոլորովին համահունչ չէին այն դեպքերին, որ նույն օրերին կատարվում էր շրջակայքում:

Մոլդովայի նախագահի պաշտոնակատարն օրենք ստորագրեց, որով հունիսի 28-ը հռչակեց Խորհրդային օկուպացիայի օր: Ի պատասխան` Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը ռուսաստանցիներին կոչ արեց բոյկոտել մոլդովական ապրանքներն այնքան ժամանակ, քանի դեռ «Մոլդովայի կառավարիչները չեն փոխել իրենց վայրենի որոշումն ու ներողություն չեն խնդրել»: Միաժամանակ Մոսկվան հանդես եկավ Աբխազիային և Հարավային Օսիային ԵԱՀԿ-ի ամբիոնը տրամադրելու օգտին` մի բան, որն առայժմ այնքան էլ իրատեսական չէ:

Ապագայի հանդեպ ճիշտ այդպիսի անորոշ վերաբերմունք դրսևորեցին նաև մեր հարևանները, երբ խոսք բացվեց վերջիններիս` ՆԱՏՕ-ին անդամագրվելու խնդրի մասին: Բաքուն տեղեկացրեց, թե ինքը ձգտում Է համագործակցել Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ, բայց չի պատրաստվում մաս կազմել այդ կազմակերպություններին: Դրան հակառակ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն պնդեց, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրվելու հարցը ոչ միայն մնում է օրակարգում, այլև հրատապ է ինչպես երբեք: Երկուսն էլ իրենց տեսակետները շարադրեցին` հրաշալի հասկանալով, որ ցանկությունները կարող են նաև կարճ կյանք ունենալ:

Իսկ ահա Երևանը գոնե մի հարցի շուրջ երկմտելու պատճառ այլևս չուներ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ մեր քաղաքը հռչակվեց 2012 թվականի Համաշխարհային գրքի մայրաքաղաք: 2012թ. ապրիլի 23-ից մինչև 2013թ. նույն օրը Երևանում կտիրի գրքի տոնահանդեսը:

Եթե այս ընթացքում դետեկտիվ ժանրի սիրահարների հետաքրքրությունները բավարարել ցանկացող որևէ արագագիր հեղինակ գտնվի, ապա չի բացառվում, որ 2 տարի անց հնարավոր լինի Երևանի գրավաճառներից ձեռք բերել մի գիրք, ուր կլինի պատմությունն այն մասին, թե ինչպես խոշոր լրտեսական սկանդալը գունազարդեց այս հուլիսի առաջին տասնօրյակը: Ամերիկյան հատուկ ծառայությունները Մեդվեդև-Օբամա հանդիպումից անմիջապես հետո ձերբակալեցին Ռուսաստանի օգտին լրտեսելու մեջ կասկածվող 10 քաղաքացու: Միայն թե այս անգամ զարգացումներն ընթացան միանգամայն այլ հունով: Աղմկոտ դատավարությունների փոխարեն Վաշինգտոնը Մոսկվային առաջարկեց գործարք իրականացնել` փոխանակել ռուսներին իր լրտեսների հետ: Փոխանակման անհավասարությունը` 10-ը 4-ի դիմաց, կողմերից որևէ մեկին չվշտացրեց: Քաղաքականություն կոչվածը վաղուց կորցրել է իր գաղափարական շղարշը և այլևս չի ամաչում հաշվենկատ մերկությունից:

Սակայն նույն քաղաքականությունը մեկ ուրիշ էություն էլ է ձեռք բերել. այն կարող է լինել անսահման անպտուղ: Ներկա պահին դա լավագույնս դրսևորվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում` ի դեմս միջնորդների: Եվ երբ հուլիսի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում հանդես եկան համատեղ հայտարարությամբ, բոլորն էլ հասկացան, որ դա տեղապտույտը քողարկելու հերթական փորձն է: Համանախագահները հակամարտության կողմերին կոչ էին անում անցնել խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքների ավարտին, հիմքեր ստեղծել խաղաղության համաձայնագրի կնքման աշխատանքների համար, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, ինչպես նաև զսպվածություն` շփման գծում: 

Ի արձագանք այդ հորդորի, հուլիսի առաջին 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվեց հրադադարի ռեժիմի խախտման շեշտակի աճ: Հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծեցին հայկական սահմանագծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված դիրքերը: Շաբաթվա ընթացքում, ընդհանուր առմամբ, հրադադարը խախտվեց ավելի քան 180 անգամ, ինչի արդյունքում արձանագրվեց շուրջ 2000 կրակոց:

Հավանաբար հենց այս վիճակը նկատի ուներ Թուրքիայի ԱԳ նախարար Ա.Դավութօղլուն, որն այդ օրերին հայտարարեց, թե ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հարավային Կովկասի երկրներ կատարած այցով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը «նոր արագություն է հավաքել»: «Հուսով ենք, որ այս ամառ կովկասյան տարածաշրջանում դրական զարգացումներ կլինեն: Մեր տեսանկյունից, հայ-թուրքական արձանագրությունները դեռևս օրակարգում են, բայց անհրաժեշտ է, որ համապատասխան քաղաքական կոնյունկտուրա լինի»,- ընդգծեց նա:

Իսկ ահա ԱՄՆ նախագահ Բ. Օբաման կարծես թե գտել էր այդ կոնյունկտուրան, երբ իր երկրի քաղաքացիներին հղած նախագահական ուղերձում հավաստիացրեց, որ ԱՄՆ մարտական զորամասերն Իրաքից կհեռանան ընթացիկ տարվա ամռանը: Մեկ այլ կոնյունկտուրայից ելնելով` Ռուսաստանի ԱԳՆ-ն խորհուրդ տվեց Վաշինգտոնին նույն կերպ վարվել նաև այլ դեպքերում` մասնավորաբար հանգիստ թողնել Աբխազիային ու Հարավային Օսիային և նրանց վերաբերմամբ չօգտագործել «բռնազավթում»  տերմինը: Դրա համար առիթ էր դարձել պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունն այն մասին, թե Վաշինգտոնը չի համակերպվի «Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի բռնազավթման հետ ու կձգտի հասնել նրա «ապաօկուպացմանը»:

Եվրոպացիներն այս վերջին բառն ընդունակ են հասկանալու միանգամայն այլ տեսանկյունից: Օրինակ, Իսլանդիայում որոշեցին «ապաշրջափակել»  բոլոր ժամանակների մեծագույն շախմատիստներից մեկի` Բոբի Ֆիշերի աճյունը: Շիրմահանումը կատարվեց այն պնդումների իսկությունը պարզելու նպատակով, թե արդյոք ֆիլիպինուհի Ջինկի Յանգը նրա կենսաբանական դուստրն է, ինչն էլ պիտի հիմք ծառայի հաստատելու կամ մերժելու Ֆիշերի կարողության մի մասի ժառանգման նրա իրավունքները: Եվ քանի դեռ Ֆիշերի փողերը մնում են անձեռնմխելի, Շվեդիայում թղթադրամների հետ վարվեցողության նոր տարբերակ առաջարկեցին «Ֆեմինիստական նախաձեռնություն»  կուսակցության անդամները, ովքեր ի նշան կանանց ցածր աշխատավարձերի դեմ բողոքի` օրը ցերեկով այրեցին 100 հազար կրոն (շուրջ 10 հազար եվրո)…

Մերը լինեին եվրոպացիների հոգսերը: Բայց քանի դեռ դրանք մերը չեն, ապա հուլիսի կեսերին հայերը հետաքրքրվում էին այն բանով, թե արդյոք թուրքերը կբացեն սահմանը, քանի որ Թուրքիայի ԱԳՆ-ը և ՆԳՆ-ը հարցում էին կատարել Կարսի ու Իգդիրի նահանգապետերին` թուրք-հայկական սահմանի բացման պատրաստվածության վերաբերյալ: Ապա տեղեկացան, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին, և երկու ԱԳՆ-երը քննարկել են ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրադրությունը: Դրանից հետո բոլորի համար անսպասելի գաղտնազերծվեց ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, և ոչ ոք այդպես էլ մի կարգին գլուխ չհանեց, թե ում էր դա անհրաժեշտ և ինչու հենց հիմա պիտի ապահովվեր միջազգային ռազմաքաղաքական համագործակցության թափանցիկությունը:

Հատկապես այս վերջին դեպքի վրա կարող էր որոշակի լույս սփռել այն փաստը, որ հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին և դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Որոշ վերլուծաբաններ անմիջապես այն կարծիքը հայտնեցին, որ երբ փոփոխվում է մի բան, հինը կորցնում է գաղտնիք համարվելու իր նախնական հմայքը:

Սակայն ՆԱՏՕ-ական ծածկամտությունն արագ մոռացության տրվեց, քանի որ մեջտեղ եկավ գազային պատմությունը: Խոսքն այս անգամ միայն նրա մասին չէր, որ Ադրբեջանի պետնավթընկերությունը Իգդիրը Նախիջևանի հետ միացնող նոր գազատարի կառուցման նախագիծ ներկայացրեց: Շատ ավելի կարևորվեց այն հարցը, որ Վրաստանը պատրաստվում էր վաճառքի հանել իր տարածքով ռուսական գազը Հայաստան հասցնող մագիստրալային գազամուղը: Մինչ Հայաստանում անհանգստանում էին, որ այն կարող է ընկնել ադրբեջանցիների ձեռքը, Վրաստանում մտավախություն կար, որ դրա սեփականատեր կարող է դառնալ ռուսական «Գազպրոմը»: Չնայած պաշտոնական Թբիլիսիի հավաստիացումներին, թե ոչ մի ընկերություն չի ստանա բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը և, հետևաբար, գազամուղի լիակատար վերահսկողությունը, այնուամենայնիվ, բոլոր շահագրգիռ կողմերի համար ակնհայտ էր, որ սա արդեն ոչ թե բիզնես է, այլ քաղաքականություն:

Հուլիսն առանձնապես հաջողակ ամիս չէր հին գժտությունները հարթելու նոր փորձերի համար: Մինչ Վրաստանը ճգնում էր կռահել, թե Ռուսաստանը ցանկանում է արդյոք վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, ռուսներն այդ կապակցությամբ տարբեր հայտարարություններ էին անում. մերթ նրանք ուզում էին, մերթ ոչ, մերթ պարզապես լռում էին` չափելով վրացիների համբերության սահմանները:

Հաշտության եզրեր փնտրելու փորձեր էր անում նաև Իսրայելը: «Ես զինադադար եմ հայտարարել, որպեսզի պաղեստինցիներին դրդեմ սկսելու բանակցություններ,- ասաց Իսրայելի վարչապետը Նյու Յորքում ելույթ ունենալով Միջազգային գործերի խորհրդում:- Արդեն յոթ ամիս է անցել, բայց պաղեստինցիներն այդպես էլ չեն գալիս ուղղակի շփումների»:

Այդ ընթացքում հարաբերվելու ավելի կարճ ու կտրուկ ճանապարհներ էին գտնում մոլորակի այլ կետերում: Աֆղանստանին սահմանակից Պակիստանի Ցեղերի գոտում մահապարտ ահաբեկիչների իրականացրած հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասավ 102–ի, ևս 115 մարդ վիրավորվեց:

Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում հուլիսի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական երկու գործողությունների հետևանքով զոհվեց 64 մարդ: Հինգ հազար թուրք զինծառայողներ «հակաահաբեկչական գործողություն»  իրականացրին երկրի հարավ-արևելքում` Իրաքին սահմանակից գոտում, ոստիկանության, հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների և տեղական պահպանության ջոկատների մասնակցությամբ:

Պակաս դրամատիկ չէին նաև իրադարձություններն անհամեմատ ապահով վայրերում: Ճիշտ է, այս դեպքերում զոհեր ու ավերածություններ չկային, սակայն թշնամության չափաբաժինը ոչնչով չէր զիջում նախորդներին: Օրինակ, հուլիսի 6-10-ը Օսլոյում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 19-րդ նստաշրջանում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների միջև կատաղի մարտ բռնկվեց, երբ հայերի նախաձեռնությամբ ընդունվեց «ԵԱՀԿ անդամ պետությունների պատասխանատվությունը համընդհանուր էներգաապահովման գործում»  բանաձևը: Բանաձևի շուրջ Ադրբեջանի կողմից ներկայացված ոչ մի առաջարկություն չընդունվեց, ինչն ընդվզում առաջացրեց նրանց շարքերում: Բանաձևի համաձայն, ԵԱՀԿ անդամ երկրներն իրենց էներգառեսուրսները չպետք է օգտագործեն որպես ճնշման միջոց: Ի դեպ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հունիսի 10-ին եզրափակեց ամենամյա նստաշրջանի աշխատանքը` ԽՎ նոր նախագահ ընտրելով Հունաստանը ներկայացնող Պետրոս Էֆթիմիուին:

Հուլիսի ամենահագեցած ու նշանակալի օրն ամենայն իրավամբ պետք է համարել ամսի 11-ը: Նախ, դա տարվա ամենաշոգ օրն էր: Հայաստանում սնդիկի սյունը տատանվում էր 40 աստիճանի մերձակայքում, իսկ Դուբայում, օրինակ, գրանցվեց 56 աստիճան ջերմություն: Շոգերից չազատեց նույնիսկ հայերիս ամենասիրված տոներից մեկը` Վարդավառը, որը նույնպես նշվեց հուլիսի 11-ին: Նույն օրվա երեկոյան Երևանում կայացավ «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի բացման արարողությունը, երկրագնդի Արևմտյան կիսագնդում մարդիկ ականատեսը եղան տարվա մեջ արևի միակ լրիվ խավարմանը: Բայց աշխարհի համընդհանուր հայացքն այդ օրն, այնուամենայնիվ, բևեռված մնաց այն մարզադաշտի վրա, որտեղ ընթանում էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը: Իսպանացիներն այդ գիշեր նվաճեցին ուժեղագույնի տիտղոսն ու չեմպիոնի ոսկեձույլ գավաթը:

Չի բացառվում, որ նմանատիպ ոսկեձույլ գավաթներով էին ԱՊՀ առաջնորդները Յալթայի «Լիվադիա»  պալատում խմում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կենացը նրա ծննդյան 60-ամյակի առթիվ: Տոնն ու աշխատանքը համատեղելու պատրաստակամությամբ ժամանած նախագահները նույն վայրում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովում քննարկեցին Համագործակցության անդամ երկրների տնտեսական ինտեգրացիային առնչվող ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Վերջում մասնակիցներն ընդունեցին համատեղ հայտարարություն:

Հաջորդող շաբաթը լի էր բազմաբնույթ ու հակասական զարգացումներով: Աշխարհի անհանգիստ էությունը ինֆորմացիոն թողարկումներից էլ առաջ էր վազում: Այդ օրերին Բաքվում ընթացավ Ադրբեջանի ու ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հանդիպումը, ընդունվեց գալիք տարվա համատեղ գործունեության ծրագիր: Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ու Իսպանիայի բնակիչների մեծամասնությունը պաշտպանեց հասարակական վայրերում փարանջա կրելու արգելքի սահմանումը, ամերիկացիները դեմ արտահայտվեցին: Եվրամիության անդամ 27 երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները Բրյուսելում վերջնականապես հավանություն տվեցին 2011 թվականի հունվարի 1-ից եվրոգոտուն Էստոնիայի անդամագրվելուն` հաստատելով համապատասխան կարգավորող օրենսդրական որոշումները: Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակեց իր վերջին ամփոփագրերը, համաձայն որոնց համաշխարհային էկոնոմիկան զգալի աճ էր արձանագրել տարվա առաջին կիսամյակում, և ուրեմն ճգնաժամն իսկապես նահանջում էր:

Բայց արի ու տես ամեն կարգի առաջընթաց մի քանի դարով հետ մղելու ուղղությամբ համառ քայլեր էին ձեռնարկում ծովահենները: Սոմալիի իրենց գործընկերների օրինակը վարակիչ դարձավ նույնիսկ Կասպից ծովում հայտնված ավազակների համար: Այստեղ ծովահենները հարձակվեցին Իրանին պատկանող «Սաման»  բեռնատար նավի վրա, որը մեկնում էր Ղազախստան: Դեպքի վայր ուղարկված ռազմական ուղղաթիռը կրակ բացեց ծովահենների ուղղությամբ, որից հետո վերջիններս ճողոպրեցին:

Ծովային բնույթի հոգսերի շարքում շարունակում էր էական մնալ դեռևս ապրիլի 20-ից Մեքսիկական ծոցում վթարված նավթային հորատանցքը: Հուլիսի 15-ին BP ընկերությունը հայտարարեց, թե վերջապես իրենց հաջողվել է լիովին դադարեցնել նավթի հիմնական ծավալի արտահոսքը, սակայն պարզվեց, որ դա վաղաժամ ուրախություն էր:

Իրադարձություններից առաջ ընկնելու փայլուն օրինակներ էր ցուցադրում նաև Թուրքիան: Սեպտեմբերի 11-17-ը  Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ զորավարժությունների հեռանկարով թուրքական մամուլում սկսվեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե իբր Անկարան պահանջի դեպքում այդ օրերին կբացի սահմանը` զորախաղերի ժամանակ օգտագործվելիք սպառազինությունը Հայաստան տեղափոխելու համար: Այնուհետև պատրվակը վերանայվեց, և արդեն ասվում էր, թե այն բաց կլինի սեպտեմբերի 19-ին Վան ժամանող հայ զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցելու Աղթամար կղզու եկեղեցում տեղի ունենալիք ժամերգությանը:

Թուրքիայի մեկ այլ անհանգստություն հարավային ուղղվածություն ուներ: Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի` «Անկախությունը քրդերի օրինական իրավունքն է»  հայտարարությունը խստորեն հարվածեց Անկարայի քաղաքական վերնախավի զգայուն լարերին: Թուրքերը բանավոր ուղերձ հղեցին առ այն, թե այդ կարգի հայտարարությունները վնասում են թուրք-իրաքյան հարաբերություններին: Բայց ի՞նչ կարող են անել իրաքցիները, եթե պահանջը քրդերից էր գալիս…

Անկախականության յուղի մեջ էր տապակվում նաև Վրաստանը, որն իր ակնկալիքներին հակառակ հուլիսի երկրորդ կեսին Եվրամիությունից հորդոր ստացավ` վերսկսել երկխոսությունը Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ: Թբիլիսիում հազիվ թե սպասում էին նման հաշտվողականության: Տարօրինակ է սակայն, որ նույն Եվրամիությունը երբեք չի հորդորել Ադրբեջանին երկխոսելու Լեռնային Ղարաբաղի հետ:

Իսկ ահա հուլիսի 17-ին Ալմաթի քաղաքում մեկնարկած ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նվիրված էր Եվրոպայում անվտանգության ամրապնդման հարցերին, թույլ տվեց, որպեսզի Հին Աշխարհը ներկայացնող կառույցն իրեն դրսևորի միանգամայն այլ դիրքերից: Նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ նաև Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այն, ինչ կատարվեց հետո, առիթ դարձավ, որպեսզի Ադրբեջանը դառը հիասթափություն ապրեր և անուղղակիորեն խոստովաներ իր դիվանագիտության պարտությունը բանակցությունների այս փուլում: Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` դատապարտելով զինված միջադեպերն ու հրապարակային հրահրիչ կոչերը, ինչպես նաև արձանագրելով, որ տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմք են ու դրանցից որոշների գերակայությունը մյուսների նկատմամբ ապացուցելու փորձերն անթույլատրելի են: «Առաջադրված տարրերը սահմանվել են որպես մեկ միասնական ամբողջություն, և դրանցից յուրաքանչյուրի առանձին գործածությունն անհնար կդարձնի հավասարակշռված լուծումը»,- նշել էին նրանք: Հայտարարությամբ կոչ էր արվում փոխզիջման կամք դրսևորել` բանակցությունների միջոցով հասնելու համաձայնության, իսկ Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու հիմնական պատասխանատվություն կրողներ էին դիտվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

Ադրբեջանի նախագահին այդ օրերին այլ բան էր հարկավոր` մխիթարանք ու աջակցություն: Եվ նա կարծես թե գիտեր` որտեղից դա կարող է ստանալ: Մեկնելով Բաթում` Իլհամ Ալիևն իր վրացի գործընկեր Միխեիլ Սաակաշվիլու շուրթերից լսեց այն, ինչի կարիքն այնպես զգում էր: «Մենք միմյանց շարունակությունն ենք: Մենք միևնույն օրգանիզմի մասերն ենք, ուստի այն, ինչն Ադրբեջանի ցավոտ թեման է, նաև մեր ցավոտ թեման է»,- հայտարարեց Սաակաշվիլին` նշելով, որ մի քանի տարի առաջ նույնիսկ ասել Է Ադրբեջանի հետ համադաշնության ստեղծման հնարավորության մասին:

Հայաստանն ինչ-որ մեկի հետ ֆեդերատիվ հիմունքներով միավորվելու հակումներ չուներ, փոխարենը դեմ չէր գործընկերային կապերի ամրապնդմանը, ինչի վկայությունն էլ դարձավ հուլիսի 19-ին Երևանում մեր հանրապետության և Եվրոպական միության միջև Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկային հանդիպումը: Այն միանգամից որակվեց իբրև պատմական իրադարձություն, երկու կողմերի հանձնառությունն էապես նոր մակարդակի բարձրացնելու կարևորագույն քայլ: Ասոցիացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: Դրանում արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, ազատ տեղաշարժի ու էներգետիկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշները: Համաձայնագիրն ունենալու է նաև ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության բաղադրիչներ: Նախատեսվում է բանակցություններն անցկացնել երեք թեմատիկ խմբերով, որոնք կքննարկեն քաղաքական երկխոսության, արտաքին ու անվտանգության քաղաքականության, արդարադատության, ազատությունների, ինչպես նաև տնտեսական, ֆինանսական, մշակութային ու այլ ոլորտներում համագործակցության հարցեր:

Այդ նույն օրերին ոչ պակաս գնահատելի էր Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով եռօրյա այցով մեր երկիր ժամանած ռուս գործընկերների պատվիրակության այցը: Բացի  Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինից և այլ պաշտոնատար անձանցից, Երևանում էին գտնվում նաև  մեկ տասնյակից ավելի առաջատար ընկերությունների ղեկավարներ: Քննարկումների նյութ դարձան համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ռազմատեխնիկական ոլորտը կարգավորող նորմատիվ բազայի հնարավոր ներդաշնակեցման հարցերը: Հյուրերն այցելեցին մի շարք հայկական ձեռնարկություններ, տեղում ուսումնասիրեցին դրանց հզորությունները:

Հատկանշական էր, որ միաժամանակ Երևան էր եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի իշխանությունների հետ վերջիններս քննարկեցին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունիսյան նստաշրջանի միջոցառումների պլանի իրագործման հարցերը: Խոսք գնաց նաև Երևանում օգոստոսի երրորդ տասնօրյակում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպում գումարելու և գալիք տարի մեր հանրապետությունում համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին:

Քաղաքական զարգացումների ակտիվություն էր նկատվում ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս: Քանի դեռ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկ շաբաթվա ընթացքում պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր, ապա մեկնեց Գերմանիա, իսկ այնուհետև ուղղություն վերցրեց դեպի Աֆղանստան, այդ ընթացքում Ժնևի ՄԱԿ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հանդիպումը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում մասնակցեց Արևելյան Եվրոպայի ու Կովկասյան երկրների զինված ուժերի ԳՇ պետերի համաժողովին, իսկ Ստամբուլում և Անկարայում Եվրասիա համագործակցություն հիմնադրամն անցկացրեց հայ-թուրքական փորձագիտական քննարկումներ:

Հուլիսին աշխարհը շարունակում էր մնալ անհանգիստ, դաժան ու պատահարներով հարուստ: Հուլիսի 19-ին ավելի քան 60 մարդ զոհվեց և 100-ից ավելին վիրավորվեցին Հնդկաստանի արևելքում տեղի ունեցած արագընթաց գնացքի վթարի հետևանքով: Նույն օրը Հարավային Օսիայում Վլադիկավկազից դեպի Ցխինվալ ուղևորվող ավտոբուսը դուրս եկավ ճանապարհից ու 60 մետր բարձրությունից գլորվեց անդունդը: Զոհվեց 11 ուղևոր: Հուլիսի 20-ին Կաբարդինա-Բալկարիայի Հանրապետության տարածքում գտնվող հիդրոէլեկտրակայանն ահաբեկիչների հարձակման թիրախ դարձավ: Նրանք սպանեցին երկու աշխատակցի ու պայթեցրին գեներատորները: Նույն երեկո Իրանի հարավում 6,5 բալ ուժգնության երկրաշարժ տեղի ունեցավ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լար քաղաքից 85 կիլոմետր հարավ-արևմուտք: Երկրակեղևի մեկ այլ ցնցում արձանագրվեց Ֆիլիպիններում հուլիսի 24-ի առավոտյան: 7,3 մագնիտուդով հզոր երկրաշարժի օջախը գտնվել էր օվկիանոսի հատակին` 606 մ խորության վրա: Հուլիսի 25-ին Թաիլանդի մայրաքաղաքի կենտրոնում` ավտոբուսի կանգառում պայթյուն որոտաց, ինչի հետևանքով 11 մարդ վիրավորվեց: Ողբերգական ավարտ ունեցավ նաև Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում անցկացված «Սիրո շքերթը»: Փառատոնի ընթացքում մարդկանց մեծ կուտակումի ու հրմշտոցի հետևանքով 19 մարդ զոհվեց: Տուժածների թիվը հասնում էր 342-ի: Այդ նույն ժամանակ եղանակային անոմալիաներն իրենց հերթին էին շիկացնում կամ սառեցնում առանց այդ էլ անկայուն մոլորակը: Արգենտինայում ջերմաստիճանի կտրուկ նվազումը 9 մարդու մահվան պատճառ  դարձավ: Անտարկտիկայից եկած սառը հոսանքները Պատագոնիայում օդի ջերմաստիճանն իջեցրին մինչև -14 աստիճան: Պերուի կառավարությունը ռեկորդային ցածր ջերմաստիճանի պատճառով երկրի որոշ շրջաններում արտակարգ դրություն հայտարարեց: Փոխարենը Ռուսաստանում շոգ եղանակը պատճառ դարձավ, որպեսզի  ջրային օբյեկտներում մեկ օրվա ընթացքում 85 դժբախտ պատահար արձանագրվեր, ինչի հետևանքով 71 մարդ մահացավ:

Բայց նույնիսկ աղետների ու արտակարգ իրավիճակների առատությունն անզոր էր մեծ քաղաքականության դերակատարներին հետ պահել նորանոր արկածախնդրություններից ու կասկածելի գործարքներից: Սենսացիոն մի հրապարակմամբ հանդես եկավ կանադական «The Globe and Mail»  թերթը` պատմելով այն մասին, թե ինչպես են ԱՄՆ-ը և Իսրայելը ուժեր կուտակում Իրանի շուրջ: «ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմափոխադրման ինքնաթիռներից կազմված օդային շարասյունը վայրէջք է կատարել Ադրբեջանում ու դատարկել իրենց հետ բերած ինչ-որ «սարքավորումներ»: Այդ իրադարձությունը ստիպել է Իրանին ռազմական տագնապի իրավիճակ հայտարարել»,- գրում էր պարբերականը: Հոդվածագիրն այնուհետև նշում էր, որ Իրանն իսկապես բարձր ռազմական պատրաստվածություն է հայտարարել Ադրբեջանի հետ սահմանների երկարությամբ` այնտեղ տեղափոխելով մեծ քանակությամբ ցամաքային զորքեր, զրահապատ տեխնիկա և հրթիռային զորամիավորումներ: Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադի գեներալ Մոհսին Մյոինին միջոցառումները հիմնավորել էր նրանով, որ տեղեկություններ ունեն Ադրբեջանի տարածքում հատուկ սպառազինություն տեղակայելու մասին:

Ոչ պակաս բացառիկ անակնկալներ էր մատուցում նաև մեր մյուս հարևանը` Վրաստանը: Այդ երկրի Սահմանադրության բարեփոխման պետական հանձնաժողովը հաստատեց այն նախագծի վերջնական տարբերակը, որի հիման վրա արդեն ընթացիկ տարում կձևափոխվի երկրի հիմնական օրենքը: Նոր փաստաթղթի համաձայն` նախագահի լիազորությունների մի մասը վերաբաշխվելու է խորհրդարանի և կառավարության միջև: Փաստորեն նախատեսվում է երկրի կառավարման խառը մոդել, որում գերակշռելու են խորհրդարանական հանրապետության բաղադրիչները: Դիտորդներն արդեն շտապել են կարծիք հայտնել, որ Սաակաշվիլին այս գնով ապահովում է իր ապագան պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո: Իսկ մինչ այդ, քանի դեռ նա նախագահ է, Վրաստանի խորհրդարանի արտահերթ նստաշրջանն ընդունեց երկու նոր որոշում, համաձայն որոնց` փետրվարի 25-ը հայտարարվում է Խորհրդային օկուպացման օր, իսկ օգոստոսի 23-ը` Ամբողջատիրական վարչակարգի զոհերի հիշատակի օր: Ռուսատյացությունն այսուհետ նաև օրացուցային արտահայտչաձև կունենա այդ երկրում:

Այս ամենն, իհարկե, որևէ կերպ չխոչընդոտեց, որպեսզի Հարավային Օսիայի և Աբխազիայի նախագահները Նիկարագուա ու Վենեսուելա կատարած այցի շրջանակներում վավերացնեին մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են այս երկրների հետ երկկողմ համագործակցությանը: Այսպիսով, նորանկախ երկու երկրների համար Նիկարագուան և Վենեսուելան դարձան «հեռավոր արտասահմանի»  առաջին պետությունները, որոնց հետ նրանք պաշտոնապես ստորագրեցին համագործակցության համաձայնագրեր:

Թբիլիսին հազիվ թե կարողանա լուրջ արգելք դառնալ ճանաչման այդ գործընթացին: Իսկ ահա ԱՄՆ-ը մեծ փորձ ունի խնդիրներ հարուցելու հարցում:  Եվ, հավատարիմ մնալով այդ ավանդույթին, այս անգամ «սև ցուցակում»  հայտնվելու հերթը Հյուսիսային Կորեայինն էր: Գտնվելով Սեուլում` ԱՄՆ  պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ` ի պատասխան վերջինիս անհնազանդության: Ի դեպ, նույն օրերին Միացյալ Նահանգները նշանակալի հաջողություն ունեցավ այդ գործելաոճն արտահանելու առումով: Հետևելով նրա օրինակին` Եվրամիությունը քննարկեց Իրանի դեմ նոր խիստ պատժամիջոցների սահմանման հարցը` կապված ուրանի հարստացումը դադարեցնելու նրա մերժման հետ: Այդ պատժամիջոցները ներառելու են Իրանի նավթի-գազի արդյունաբերության բնագավառում ներդրումների արգելքը և նավարկության ու ֆինանսական գործառնությունների սահմանափակումների խստացումը:

Աշխարհի թեժ կետերը շարունակում էին մնալ հզորների ուշադրության կենտրոնում: Սակայն որոշ իրադարձություններ նշանակալի էին դառնում նաև մյուսների համար: Ճիշտ այդպիսի արձագանքի արժանացավ ՄԱԿ` Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 22-ի վճիռը  Կոսովոյի Անկախության հռչակագրի վերաբերյալ: Դատարանն այն օրինական ճանաչեց:

Համարելով, որ Կոսովոյի նախադեպը կանաչ լույս է վառում ԼՂ-ի համար, Հայաստանի ու Ղարաբաղի քաղաքական շրջանակներն աննախադեպ ակտիվություն դրսևորեցին` չնայած այն բանին, որ ԱՄՆ կառավարությունը հայտարարեց, թե հիշյալ որոշումը «վերաբերում է այն փաստերին, որոնք հատուկ են սոսկ Կոսովոյին, և դրանք կիրառելի չեն որևիցե այլ իրադրությունում»: Այնուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերն ու ԱԳՆ-ն հանդես եկան հատուկ հայտարարություններով: «Մեր ժողովուրդը ձգտում է հռչակած անկախության միջազգային ճանաչմանը, որը ներգրվում է արդի աշխարհակարգի զարգացման հիմնական միտումներին: Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց և իրավաբանորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որևէ սկզբունք կամ կանոն, այդ թվում` տարածքային ամբողջականության սկզբունքը: Մենք վերահաստատում ենք առկա խնդիրները միջազգային իրավունքի հիման վրա խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու Արցախի ժողովրդի պատրաստակամությունը…»,- ասվում էր այդ փաստաթղթերում:

Հուլիսի վերջին օրերի հատկանշական կողմը փոփոխական տրամադրություններն ու սկանդալային իրավիճակների առատությունն էր: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Մեթյու Բրայզայի համար անցանկալի ընթացք ձեռք բերեցին Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովում հրավիրված լսումները: Որքան էլ Բրայզան ջանք գործադրեց ներկաներին ապացուցել, որ ինքն անաչառ վերաբերմունք ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, մասնակիցների մի շարք ասույթներ առիթ տվեցին այնքան էլ հավատ չընծայել նրա հավաստիացումների անկեղծությանը:

Կասկածանքն ու թերահավատությունը շարժիչ ուժ էին նաև անհամեմատ ավելի լուրջ իրավիճակներում: Միայն Իրանի գործոնը լիովին բավարար էր զանազան թերահավատությունների ու ենթադրությունների համար: Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Մայքլ Հեյդենն այն կարծիքը հայտնեց, որ Իրանի հետ ռազմական առճակատումն ավելի ու ավելի հավանական է դառնում: «Ռազմական սցենարը անշրջելի է թվում, այդպես չէ՞,- ասաց նա Սի Էն Էն-ին տված հարցազրույցում:- Մենք հանդես ենք գալիս հօգուտ երկխոսության, իսկ իրանցիները շարունակում են առաջ շարժվել իրենց միջուկային ծրագրի զարգացման հարցում: Մենք փորձում ենք զսպել նրանց, փորձում ենք տարհամոզել, իսկ նրանք, այնուամենայնիվ, շարունակում են առաջ շարժվել»:

Զսպումի ու անհաջողության կացությունն ամերիկացիներից անբաժան մնացին նաև Աֆղանստանի պարագայում: Հուլիսի վերջերին ՆԱՏՕ զինվորների գործողությունների հետևանքով Աֆղանստանում սպանվեց 52 խաղաղ բնակիչ: Դեպքը տեղի էր ունեցել Հելմադ նահանգում ՆԱՏՕ ուժերի կողմից իրականացված հրթիռակոծության հետևանքով: Նույն ժամանակ տրտնջալ սկսեցին նրանց գերմանացի դաշնակիցները` խորհուրդ տալով «խելացիորեն»  դուրս բերել ՆԱՏՕ զորքերն Աֆղանստանից և տարածաշրջանում անվտանգությունն ապահովել այլ մեթոդներով: Գերմանիայի պաշտպանության նախարար Կառլ Թեոդոր ցու Գուտենբերգն, օրինակ, այն կարծիքին էր, որ Աֆղանստանը երբեք ժողովրդավար չի դառնա եվրոպական չափանիշների համաձայն, և այն երբեք լիովին կայուն երկիր չի լինի:

Կարծես եղածը քիչ էր, աֆղանական խափանված ջրաղացին իր պղտոր ջուրն ավելացրեց նաև «Վիքիլիքս»  պարբերականը` հայտարարելով, թե պատրաստվում է ռազմական գործողությունների վերաբերյալ նոր փաստաթղթեր գաղտնազերծել: Խոսքը մի քանի հազար գաղտնի փաստաթղթերի մասին էր, որոնցից ստացվող առաջին տպավորությունն այն էր, որ «այնտեղ կան պատերազմի հանցագործության մասին վկայող փաստեր»:

Սկանդալային բացահայտումներից զերծ չմնաց նույնիսկ ՄԱԿ-ը: Հուլիսի 27-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը որոշում ընդունեց ներքին հետաքննություն անցկացնել` պարզելու ՄԱԿ գործունեության թափանցիկության աստիճանը և կոռուպցիային հակազդելու նրա ընդունակությունը: Սկանդալի առանցք էր դարձել ՄԱԿ գլխավոր հաշվեստուգող Ինգա Բրիտ Ալենիուսի` Պան Գի Մունին հասցեագրած մեղադրանքը, ըստ որի` վերջինս փորձել է խանգարել նրա հակակոռուպցիոն ջանքերին:

Աշխարհի եվրոպական հատվածում դեռ պահպանվում էր միավորումների հանդեպ հավատը: Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը հավանություն տվեց Եվրամիությանն Իսլանդիայի անդամակցման շուրջ բանակցություններ սկսելուն: Սպասվում է, որ բանակցային գործընթացը կտևի 8-ից մինչև 12 ամիս:

Այս լուրը եթե կարող էր ինչ-որ մեկի նախանձը շարժել, ապա առաջին հերթին դա կլիներ Թուրքիան: Ճիշտ է, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն այցելեց Անկարա` քննարկելու ԵՄ անդամակցության հայտը, և նույնիսկ թուրքական  թերթերը հույս հայտնեցին, թե ամենայն հավանականությամբ բրիտանացիները կվերահաստատեն այս հարցում իրենց աջակցությունը Թուրքիային, սակայն ամենքն էլ հասկանում են, որ դա բավարար չէ լուրջ առաջընթացի համար:

Թերևս նույնքան անհիմն ու սին էին նաև Սերբիայի խորհրդարանի պատգամավորների ակնկալիքները, որոնք քվեարկեցին այն բանաձևի նախագծի օգտին, որով պատրաստվում են այս տարվա աշնանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացնել Կոսովոյի շուրջ նոր բանակցություններ անցկացնելու առաջարկը: Պատգամավորները գտնում էին, որ Կոսովոյի պարագայում անհրաժեշտ է մշակել «երկարաժամկետ և բոլոր կողմերի համար ընդունելի որոշում, որը չի հակասի Սերբիայի Սահմանադրությանը»: Բացի դրանից, շեշտվում էր, որ Սերբիան չի պատրաստվում ճանաչել Կոսովոյի անկախությունը:

Այս ամենի ականատեսն ու ականջալուրը լինելուց հետո հիշողության մեջ մեխվում է զավեշտալի մի լուր, որի երկիմաստությունը միշտ էլ կարող է գտնել իր հասցեատիրոջը: Հուլիսին Իրաքյան Քրդստանում հիմնադրվեց «Ավանակներին սիրելու և պահպանության կազմակերպությունը»: «Ավանակների կուսակցության»  առաջնորդը հայտարարեց, որ «պատրաստ են մրցակցության` մյուս կուսակցությունների հետ»:  Քիչ չէ նրանց թիվը, ովքեր հավատում են այդ նորաթուխ կառույցի հաղթանակին:

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am