Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Հուլիս 2010, N 6

ՀՈՒԼԻՍԻ ՔՐՈՆԻԿԱ

Հուլիսը Հայաստանի համար հաջող ամիս էր, իսկ օգոստոսն ավելի լավ է լինելու: Եվ բանն այն չէ, որ երկիրը կարողացավ ինչ-որ արդյունքների հասնել: Ամենևին: Բանն այն է, որ արձակուրդի շրջանն է սկսվել, և նախարարներն ու երկրի ղեկավարության մյուս անդամները, ինչպես և հասարակ քաղաքացիներն արձակուրդ են գնում, հետևաբար` աշխատանքի չեն գնում, հետևաբար` հիմար ու փքուն նախագծեր չեն հորինի (ՙաշխարհի քաղաքի»  կամ «հայկական աշխարհի»  տիպի) և իրենց գործունեությամբ երկրին (ժամանակավորապես) վնաս չեն պատճառի: Հայաստանի բախտը հատկապես կբերի, եթե սովորականից երկար արձակուրդում մնա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այս դեպքում կարելի կլինի հուսալ, որ խայտառակ մշակութային ակցիաների ու նախագծերի իրականացումը կհետաձգվի, և մեկ էլ տեսար նախագահ Սարգսյանն աշխատանքից կազատի տիկին Պողոսյանին ու նրա փոխարեն կնշանակի մեկին, որն ընդհանրապես ոչինչ չի անի, ինչն, անշուշտ, բարիք կլինի երկրի համար: Որովհետև պետության համար անհամեմատ ավելի լավ է ոչինչ չանել, քան անել վատն ու անտանելին: Եվ ընդհանրապես չարժե հոգնել հայտնի ճշմարտությունը կրկնելուց (քանի որ կրկնությունը գիտության մայրն է), որը մի առիթով բարձրաձայնել էր ընդդիմադիր առաջնորդներից մեկը. «երկրի համար բարիք կլինի, որ կառավարությունը պարզապես աշխատանքի չգնա»: Իսկ եթե կասկածողներ կան, ապա թող հիշողության մեջ վերականգնեն կառավարության բոլոր նախաձեռնություններն ու նախագծերը և փորձեն ասել, որ դրանցից գոնե մեկն օգտակար ծառայություն է մատուցել պետությանը (բացի մի քանի` դրսից պարտադրված, հայ-թուրքական արձանագրությունների տիպի նախագծերից): Օրինակ, Ռուսաստանից $500 մլն վարկ են վերցնում: Այն, իհարկե, պետք է երկրին, հատկապես ճգնաժամի շրջանում: Բայց հետո ի՞նչ են անելու այն: Ուղղելու են Հյուսիսային պողոտան և այլ նորակառույցներ պահելուն (այդ գումարի մոտ 70%-ը): Մի՞թե սա էր տվյալ պահին պահանջվում կործանվող (և փաստացի գոյություն չունեցող) տնտեսությամբ և սեփական պետությունից ու պետականությունից ուժասպառ հասարակությամբ, կյանքից հոգնած գյուղացիությամբ երկրի համար: Կարծում եմ` ոչ, իսկ եթե ուրիշ կարծիքներ կան, ապա դրանք, մեղմ ասած, անկեղծ չեն:

Մի խոսքով` մի ամիս է մնացել հանգստանալու. սեպտեմբերից կառավարությունը եռանդուն կվերսկսի աշխատանքը, իսկ երկրի բնակչությունը ստիպված կհամակերպվի այն բանի հետ, ինչ կարարի ֆիզիկապես կազդուրված գործադիր իշխանությունը:

Բայց հուսահատվելու հարկ չկա, քանի որ անկախ այն բանից` աշխատում է կառավարությունը, թե ոչ, Հայաստանում, այնուամենայնիվ, նաև դրական գործընթացներ են կատարվում: Ինչպես երևում է, երկիշխանության վերջը երկրում գալիս է: 2008թ. ապրիլից պետական իշխանությունը հավասար բաժանվեց երկրորդ և գործող նախագահների միջև: Հասկանալի է` այսքան ոչ ռացիոնալ իրավիճակը երկար տևել չէր կարող: Նախագահ Սարգսյանը սկզբում վեհերոտ էր թվում, խուսափում էր վճռական քայլերից, հարկադրված համակերպվում էր իր թիմում նախորդի անցանկալի դրածոների ներկայությունից: Իսկ վարչապես Տիգրան Սարգսյանը նեղ շրջանակներում անընդհատ արդարանում էր, թե ի վիճակի չէ որևէ բան անել տնտեսության հետ, քանի դեռ ստվերից դուրս չի բերել «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական կայսրության գլխավոր գործող անձին: Այսինքն` Ծառուկյանին լեգալ դաշտ մտցնելը կնշանակեր ոչ այլ ինչ, եթե ոչ` տրորել հայկական տնտեսության մի հսկայական մասը վերահսկող Քոչարյանի անձնական շահերը: Թեև վեհերոտ, բայց փորձեր արվում էին, որոնք համապատասխան արձագանք էին առաջացնում նախկին նախագահի ճամբարում: Եվ բանն այնտեղ հասավ, որ Քոչարյանը Սարգսյանին վերջնագիր ներկայացրեց, ավելի ճիշտ` պահանջեց նրա հրաժարականը` իրեն վարչապետ նշանակելով և իշխանությունը խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին հանձնելով (այս մասին հաղորդեց տեղական թերթերից մեկը, շուտով տեղեկատվությունը տարածեց նաև բավական ազդեցիկ «Ռեգնում»  գործակալությունը, ինչը վկայում է տեղեկատվության հավաստիության մասին. համենայնդեպս, անգամ եթե չլիներ էլ Քոչարյանի այս նամակը Սարգսյանին, միևնույն է, դրա հետ կապված պատմությունը բավական բնական ու ճշմարտանման է թվում): Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, տեղի չտվեց ճնշման առջև և առայսօր նախագահ է աշխատում, բայց որոշակի քայլեր, այնուամենայնիվ, ձեռնարկեց: Համաձայն հավաստի աղբյուրների` նախագահն անկյուն քշեց խորհրդարանի խոսնակին` հետ վերցնելով նախկին մեծ լիազորությունները, և դա արդեն տեսանելի է անզեն աչքով: Եվ այսօր Հովիկ Աբրահամյանը բավարարվում է զուտ ներկայացուցչական գործառույթներով (ասենք` խորհրդարանի բակում պարում է երեխաների հետ կամ մեկնում է արտասահմանյան գործուղումների) և վաճառում է իրեն պատկանող (կամ իր կողմից վերահսկվող, ինչն, ըստ էության, նույն բանն է) ձեռնարկությունները (ասում են` խորհրդարանի նախագահը հաճույքով չի բաժանվում ունեցվածքից, իսկ դա նշանակում է, որ նրանից, մեղմ ասած, խլում են  սեփականությունը): Իսկ հետո խորհրդարանի խոսնակը հարցազրույցում արդարանում է` ասելով, թե Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի անդամ է, մտքով անգամ չի անցկացրել հավատարմություն հայտնել Ռոբերտ Քոչարյանին, որ եղել և մնում է նրա հավատարիմ զինակիցը և այլն, և այլն: Փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը վաղուց արդեն չի երևում և ձայնն էլ չի լսվում: Ավելին, մարզպետերն ու քաղաքապետերը հաշվետվություններով և այլ գործերով (այդ թվում և ստվերային) ներկայանում են ոչ թե նրան, այլ Կարեն Կարապետյանին` նախագահի աշխատակազմի ղեկավարին, որը «Սերժի մարդն»  է: Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա նրա մոտ ևս, համաձայն հուսալի աղբյուրների, ամեն ինչ չէ, որ կարգին է: Ծառուկյանը նույնպես հարկադրված է բաժանվել շահութաբեր ակտիվներից (մասնավորապես, խոսքը երկրի ամենախոշոր ցեմենտի գործարանի` «Արարատի»  մասին է) և նույն շարքում կանգնել երկրի ձեռնարկատիրական ընկերակցության հետ:                

Մի խոսքով, եթե նախագահ Սարգսյանին հաջողվի երկրում միանձնյա իշխանություն հաստատել և ինքնուրույն աշխատել սեփական թիմի հետ, ապա դա, անշուշտ, միայն բարիք կլինի երկրի համար: Պետության համար նույնպիսի բարիք կլիներ նաև երկրորդ նախագահի ռևանշը. բանն այն է, որ Քոչարյանի և Սարգսյանի միջև գրեթե տարբերություն չկա մեծ քաղաքականությունում, նրանք, ըստ էության, նույնն են, նրանք անպայման կանեն նույն բանը, և տարբեր են ընդամենը բարոյականության և ինտելեկտի տեսակետից, որոնք, ինչպես հայտնի է, բացարձակապես ոչ մի դեր չեն խաղում Հայաստանի նման երկրներում: Սակայն պետության համար երկիշխանության ֆենոմենը կործանարար է, այնպես որ` պետք է ողջունել այն գործընթացները, որոնք ուղղված են երկրում մեկ անհատի միանձնյա նախագահական իշխանության հաստատմանը, անկախ նրանից, թե ով է նա: Ներկա պահին կշեռքի նժարը ծանրանում է հօգուտ Սարգսյանի, այնպես որ` հաջողություն ցանկանք նրան երկիշխանության շրջանին վերջ տալու գործում:

Սակայն Սարգսյանը, մենիշխանություն հաստատելով, իհարկե, չի կարողանա խանգարել ռևանշին 2012-23թթ.: Անշուշտ, Ռոբերտ Քոչարյանի թիմը բաց չի թողնի իշխանության վերադառնալու հնարավորությունը, իսկ ընտրությունները դրա համար լավ առիթ են: Կարծում եմ` նախագահ Սարգսյանին անհրաժեշտ է, որ  թույլ չտա «Բարգավաճ Հայաստանին»  և դաշնակցականներին 2012թ. խորհրդարան մտնել, ինչը կդառնա 2013թ. նրա հեշտ հաղթանակի գրավականը: Հակառակ դեպքում 2013թ. ընտրությունները սպառնում են լուրջ փորձություն դառնալ նրա համար: Հավանաբար, նախագահի աշխատակազմում իրադարձությունների զարգացման հենց նման տարբերակն են դիտարկում, ինչը բավական ճիշտ է ռազմավարական տեսանկյունից: Բայց միևնույն ժամանակ այնտեղ այսօր արդեն սխալ քայլի են դիմում` ռազմավարական գործընկեր ընտրելով Արթուր Բաղդասարյանին` նրա ղեկավարած «Օրինաց երկիր»  կուսակցությամբ: Կարծում եմ` պ-րն Բաղդասարյանը քաղաքական դիակ է, նա երբեք այլևս չի կարողանա հանդես գալ լուրջ ընդդիմադրի դերում, քանի որ նույն գետը երկու անգամ չեն մտնում, ինչը հայտնի է հնուց անտի: Ուրեմն, ինչո՞ւ վտանգազերծել քաղաքական գործչին` նրա հետ իշխանությունը կիսելով, երբ նա ոչ մի վտանգ չի ներկայացնում և ապագայում էլ ի վիճակի չէ ինչ-որ նշանակալի բան ներկայացնել:

Ամսվա գլխավոր ներքաղաքական իրադարձություններից մեկն էլ Հայոց համազգային շարժման համագումարն էր: Կուսակցության ոչ ֆորմալ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը փոխեց կուսակցության ղեկավարությանը և նոր շեշտադրումներ արեց: Իր ընդարձակ ճառում Տեր-Պետրոսյանն ապացուցում էր ղարաբաղյան կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր քաղաքական հայացքների ճշմարտացիությունը: Համագումարն, ըստ իս, ավելի շատ աղմուկ հանեց, քան իրականում կար: Հրապարակումներ եղան ռուսական և հայկական պարբերականներում (մի քանիսը դրանցից տպագրում ենք այս համարում): Վարկածներ առաջ քաշվեցին ներքաղաքական իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակների վերաբերյալ, ընդհուպ մինչև Տեր-Պետրոսյանի հետ նախագահ Սարգսյանի դաշինքը, ինչն իբր լոբբավորվում է Միացյալ Նահանգների դեսպանի կողմից: Կարծում եմ` նման բանն անհնար է, իսկ աղմուկ-աղաղակը բարձրացվել է ընդամենը մյուս, ավելի կարևոր ինտրիգները խլացնելու համար: Անշուշտ, Տեր-Պետրոսյանն ազդեցիկ քաղաքական գործիչ է, ազդեցության աստիճանով (նկատի ունեմ քաղաքականության որոշման վրա ազդեցությունը) հազիվ թե զիջում է գործող նախագահին. բավական է ասել, որ հենց Տեր-Պետրոսյանն է Սարգսյանին պարտադրել իշխանության ներկայիս մոդելը և խիստ սեղմել նրա մանևրային հնարավորությունները: Նախագահական ընտրությունների արդյունքներով նվազել է երկրի ինքնիշխանությունը, և գրեթե անհնար է դարձել որևէ բան անել` առանց Եվրոպային նայելու: Սակայն, այնուամենայնիվ, ասվածն ամենևին էլ չի նշանակում, թե ապագայում, ինչ-ինչ հանգամանքներում նրանց միջև համագործակցությունը հնարավոր է: Եվ բանը քաղաքական հայացքների տարբերությունը չէ, այլ ընդամենը մարդկային տեսակների տարբերությունը, քանզի, միանշանակ, Հայաստանում չկա պայքար քաղաքական գաղափարների և գաղափարախոսությունների միջև, Հայաստանում պայքար կա մարդկային տեսակների միջև: Եվ երկրի առաջին ու երրորդ նախագահներին ներկայացնող տեսակները երբեք չեն հարմարվի մի տանիքի տակ: Եվ այս առնչությամբ հարկ է փաստել, որ Տեր-Պետրոսյանը երկրին իսկապես օգուտ է տվել, ինչն ի վիճակի չէր անել իշխանավարության տարիներին. նախագահի ընտրություններին հենց նրա մասնակցության շնորհիվ տեղի ունեցավ քաղաքական էլիտայի զտումը, որտեղ այսօր էլ չես գտնի ջհանգիրյանա-մանվելատիպ տարրերի: Կարելի է ասել, որ ընտրություններին Տեր-Պետրոսյանի պարտությամբ պետությունում վերջնականապես ավարտվեց Վազգեն Սարգսյանի դարաշրջանը:

Ամսվա մյուս նշանակալի իրադարձությունը «Ոսկե ծիրան»  կինոփառատոնն էր, որը հուլիսի 11-18-ին, յոթերորդ անգամ, անցկացվեց Երևանում: Թերևս, սա ամենանշանակալի մշակութային միջոցառումն էր Հայաստանում, որն իսկապես համաշխարհային ճանաչման է հասնում: Այս տարի ստացվել էր մոտ 500 հայտ 75 երկրից: Փառատոնի պատվավոր հյուրերն էին համաշխարհային կինոյի դասական, հույն ռեժիսոր Թեո Անգելոպուլոսը, արդի կինոյի ինքնատիպ դեմքերից մեկը` կորեացի Լի Չան-Դոն, եվրոպական հանրահռչակ ռեժիսոր Քլեր Դենին և, վերջապես, պերճաշուք Կլաուդիա Կարդինալեն, որը, մեր հայրենակից Անրի Վեռնոյի (Աշոտ Մալաքյան) «Մայրիկ»  ֆիլմի գլխավոր դերում նկարահանվելուց հետո, ասել էր (Վեռնոյի 90-ամյակի տոնակատարությանը). «Հուսամ, որ այս ֆիլմով ես երբևէ Արարատին կհասնեմ»: Հենց «Մայրիկի»  ցուցադրությամբ էլ բացվեց փառատոնը, իսկ ծրագրում ներառված էր ականավոր ֆրանսիացի ռեժիսորի կինոնկարների ռետրոսպեկտիվ ցուցադրությունը:

Հուլիսի 12-ին նախագահ Սարգսյանը մեկնեց Ղրիմ, որտեղ Լիվադիական պալատում մասնակցեց ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթաժողովին, իսկ հուլիսի 15-ին նախագահը հրամանագիր ստորագրեց Հայաստանի և Եվրամիության միջև ասոսիացման համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար պատասխանատու թիմ և պրոֆիլային խմբեր ստեղծելու մասին: Բանակցային թիմի ընթացիկ աշխատանքներն իրականացնող  քարտուղարության գործառույթները դրվեցին արտգործնախարարության վրա: Բանակցային թիմի համակարգող է նշանակվել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր բանակցող` փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը: Ինչպե՞ս կանդրադառնա ԵՄ-ի հետ մերձեցումը Հայաստանի վրա: Կարծում եմ` ոչ մի կերպ: Եվ դա` լավագույն դեպքում: Դե, իսկ վատագույն դեպքում կրկին կներկրվեն մեզ համար կործանարար մոդելներ և ինստիտուտներ:

Մնացյալ հարցերում հուլիսին առանձնահատուկ որևէ բան տեղի չի ունեցել, եթե այդպիսին չհամարենք լրտեսական սկանդալը (նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանին թերթերից մեկում արտասահմանյան հատուկ ծառայությունների աշխատակից էին անվանել. թե իրոք այդպես է` մենք չենք դատի, սակայն զարմացնում է մեկ այլ բան. անգործությունը որքան է հյուծում մարդկանց ուղեղները, որ զբաղվում են այդքան անիմաստ բաներով), ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցելությունը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Երևան: Այն հատկանշական էր թեկուզև նրանով, որ առաջին անգամ Հայաստան էր այցելում ամերիկյան այդքան բարձրաստիճան պաշտոնյա (Ամերիկայից այստեղ եկածները փոխնախարարների մակարդակով են եղել, ոչ ավելի): Հավանաբար, ամերիկյան քաղաքականության հայկական վեկտորը փոխվում է, իսկ թե ինչպես և որ ուղղությամբ` հետո կտեսնենք:

Ամսվա վերջը մթագնվեց զինված ուժերում տեղի ունեցած ողբերգական դեպքերով. զորամասերից մեկում զոհվեցին մի լեյտենանտ և ժամկետային հինգ զինծառայող: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ողբերգությունը տեղի է ունեցել մարտական հերթապահության կատարման կանոնների կոպիտ խախտման հետևանքով: Թե ինչ է տեղի ունեցել իրականում` հազիվ թե երբևէ հայտնի դառնա: Ինչպես տեսնում ենք, բռնությունը զինված ուժերում և ոչ կանոնադրական հարաբերությունները շարունակում են հրատապ մնալ, չնայած իշխանությունների հավաստիացումներին, թե իբր հայկական բանակը «փայլուն մարտունակություն»  ունի: Իսկ հուլիսի 30-ը նշանավորվեց մի իրադարձությամբ, որը հեռուն գնացող հետևանքներ կունենա և կարող է արմատական վերադասավորումներ կատարել ներքաղաքական իրականությունում. «Տաշիր»  ընկերությունների խմբի սեփականատերը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի եղբայրը` Սամվել Կարապետյանը, ամսվա վերջին ուրբաթ օրն անցկացրել է փակ խորհրդակցություն մերձավորների նեղ շրջանակի հետ. խորհրդակցության նպատակը նոր կուսակցություն կազմավորելն է: Ըստ երևույթին, նախագահի աշխատակազմում ցանկանում են ծառուկյանականի տիպի նոր կուսակցություն ստանալ` մեծ քաղաքականությունից Գագիկ Ծառուկյանին և նրա կուսակցությունը դուրս թողնելու մտադրությամբ: Դա բավական գրավիչ տեսարան կլինի, հատկապես հաշվի առնելով այն, որ Կարապետյանին, Ծառուկյանին և Հովիկ Աբրահամյանին ազգակցական կապեր են միավորում (Կարապետյանը Ծառուկյանի դստեր և Աբրահամյանի որդու հարսանիքի քավորն է):

Մի քանի խոսք համարի բովանդակության մասին:

Հոդվածների շարքը բացում է Հնդկաստանի դեսպան պ-րն Աչալ Մալհոթրան: Դիվանագետը գրում է իր հայաստանյան տպավորությունների, հայ-հնդկական մշակութային կապերի մասին: Կաշկանդված լինելով պաշտոնեական դիրքով` դեսպանը խուսափում է սուր թեմաներից, սակայն, այնուամենայնիվ, նյութը հետաքրքիր է ստացվել, ինչի համար շնորհակալ ենք Նորին գերազանցությանը:

«Քաղաքականություն»  խորագրի ներքո «Ազգային էլիտայի կենսակերպը և բարքերը` դանդաղ գործողության ռումբ իշխող ռեժիմի դեմ»  հոդվածում հրապարակախոս Ալեքսանդր Գարեգինյանը գրում է հայ քաղաքական էլիտայի բարքերի և իշխող ռեժիմի համար դրանց կործանարարության մասին: Հեղինակը բավական խորաթափանցորեն է դիտարկում հարցի էութենական կողմը: Նյութին ծանոթանալուց հետո զարմանում ես, որ այդքան ակնհայտ բաները վրիպում են երկրի քաղաքական ղեկավարության ուշադրությունից, որն իսկական աղետի է ենթարկվում քաղաքական էլիտայի վայրի ու անսանձ բարքերի հետևանքով:

«Աշխարհաքաղաքականություն»  խորագրի ներքո «Ազգային միաբանություն»  կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը գրում է ղարաբաղյան կարգավորման թեմայի շուրջ և գալիս այն եզրակացության, որ Ղարաբաղի անկախության ճանաչումն այլընտրանք չունի: Հեղինակը վերլուծում է հարկադրյալ տեղահանվածների վերադարձի հետևանքները և գտնում, որ դա չպետք է տեղի ունենա, քանի որ բռնության և պատերազմի վերսկսման խթան կհանդիսանա, այնինչ ռազմավարական առումով մեծ տերություններին, ինչպես և հակամարտության կողմերին միայն խաղաղություն է պետք:

www.nationalidea.am պորտալի խմբագիր Ավետիս Բաբաջանյանը «Տնտեսություն»  խորագրով ներկայացնում է հայկական գյուղի աղետալի իրավիճակը, պետության անտարբերությունը, ավելի ճիշտ` այդ իրավիճակն առողջացնելու անկարողությունը: Հեղինակը թերահավատորեն է վերաբերվում հայ ժողովրդի իբր արարիչ տաղանդի, «քարից հաց քամելու»  կարողության և այլնի մասին լայնորեն տարածված կարծիքներին: Համամիտ եմ նրա հետ և կարծում եմ, որ 1950-60-ական թթ. հայ բանաստեղծների առաջ քաշած այդքան պոետիկ բնութագրումներն իսկապես չեն համապատասխանում իրականությանը, դրանք իռացիոնալ են և հուզական:

Կինոգետ Սիրանույշ Գալստյանը «Մշակույթ»  խորագրում գրում է մանկության ֆենոմենի մասին կինոյի մեծ վարպետների արվեստում: Հեղինակը կարծում է, որ համաշխարհային կինոյի գլուխգործոցներն այլ կլինեին, դրանցում այդքան խորաթափանց անկեղծություն չէր լինի, եթե չլիներ մանկության ֆենոմենի գերակա ազդեցությունը նրանց արվեստում: Հոդվածն ուշագրավ է, առանց ավելորդ ակադեմիականության, այնպես որ` խորհուրդ եմ տալիս ընթերցել:

«Պատմություն»  խորագրի ներքո զետեղված է բանասեր Անի Եսայանի «Պատերազմից անիծվածները»  հոդվածը: Հոդվածը ցնցում է զարմանալիորեն հետաքրքիր և անհայտ փաստերի առատությամբ, ստիպում խորհել պատերազմի ճիրաններում հայտնված մարդու ողբերգական ճակատագրի մասին: Մասնավորապես, հանրահռչակ գիտնական, Նոբելյան մրցանակակիր Կոնրադ Լորենցը տարիներ գերության մեջ է եղել Հայաստանում: Նյութը բավական հետաքրքիր է ստացվել:

1980թ. հուլիսի 25-ին վախճանվեց Վլադիմիր Վիսոցկին: Հետխորհրդային ժողովուրդների մի քանի սերնդի համար Վիսոցկին անուրանալի հեղինակություն է: Ցավոք, Վիսոցկու տաղանդի իսկական սահմանները սակավ են հայտնի. նրան հիմնականում ճանաչում են որպես բարդ և կինոդերասան, այնինչ Վիսոցկին մեծ է առաջին հերթին որպես պոետ և դրամատիկական դերասան: Տխուր ամսաթվի հետ կապված հրապարակում ենք 20-րդ հարյուրամյակի ռուս մեծ բանաստեղծի մի քանի ստեղծագործություն (Հովհաննես Սարոյանի թարգմանությամբ):

«Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում»  խորագրում այս անգամ ներառված են մի քանի հետաքրքիր հոդված: Մասնավորապես, խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել Ջորջ Ֆրիդմանի և Իգոր Ջադանի հոդվածներին: Վերջինը գրում է նոր վիթխարի նախագծերի (ինչպիսին Սկոլկովոն է) անբովանդակության և այն մասին, որ դրանք դատապարտված են ձախողման պետության անհամարժեք վերաբերմունքի հետևանքով: Նման հիվանդությամբ տառապում է նաև Հայաստանը, դրա համար էլ, կարծում եմ, հոդվածը կարժանանա ընթերցողների ուշադրությանը, կստիպի զուգահեռներ անցկացնել ռուսական և հայկական իրականությունների միջև:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am