Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Հուլիս 2010, N 6

ԱԶԳԱՅԻՆ ԷԼԻՏԱՅԻ ԿԵՆՍԱԿԵՐՊԸ ԵՎ ԲԱՐՔԵՐԸ` ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՌՈՒՄԲ ԻՇԽՈՂ ՌԵԺԻՄԻ ԴԵՄ

Ալեքսանդր Գարեգինյան, հրապարակախոս

Հայաստանն այսօր, այսպես ասենք, անկայուն պետություն է: Այստեղ չկա տնտեսական բարեկեցություն (բնակչության մեծամասնությունը գոյատևում է, այլ ոչ թե ապրում), չկա քաղաքական կայունություն: Կա սոցիալ-քաղաքական լարվածություն և հասարակական պառակտում, անհաշտ են իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերը, անհանդուրժողականությունն ու տոտալ ատելությունը (հիմնականում իշխանության հանդեպ) քաղաքական իրականության որոշիչ, հատկանշական գործոններ են:  

Մենք խոսում ենք լուծում պահանջող բավական լուրջ հիմնախնդիրների մասին: Բնականաբար, մարդիկ մտածում են դրանց շուրջ, ջանում լուծումներ գտնել: Ըստ էության, պետության ներքին քաղաքականությունում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, քանի որ կոսմետիկ մեթոդներով իրական չէ հասնել, ասենք, հանրային աջակցության. հասարակության աջակցությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ իշխանությունն արմատախիլ է անում նրա խնդիրները: Օրինակ, հասարակության պրոբլեմ կարելի է անվանել զինվորական օլիգարխիայի կամայականությունը: 2008թ. փետրվարի վերջին նախագահ Սարգսյանը խոստացավ վերացնել «մաուզերիստներին», սակայն ընտրություններից շատ չանցած փաստորեն ներում շնորհեց բոլորին և վերակենդանացրեց «Երկրապահ»  ռազմականացված ավազակային կազմավորումը, այսինքն` հասարակությանը չազատեց նրանից, ինչն ըստ էության դժգոհության և անվստահության գործոն էր հանդիսանում: Կոսմետիկ մեթոդներով անհնար է ձերբազատվել նաև ատելության գործոնից. դրա համար հարկավոր է գոնե արդարությունը վերականգնել, ինչը, ինչպես տեսնում ենք, ոչ ոք անել չի պատրաստվում, քանի որ հակառակ դեպքում սպառնալիքի տակ են հայտնվում իշխող փոքրամասնության` օլիգարխաթի շահերը:

Հայաստանի ներքին քաղաքականությունը չափից ավելի իներտ է, ավելի ճիշտ կլիներ ասել, որ այն ընդհանրապես գոյություն չունի: Իսկ պետության հիմնախնդիրների ճնշող մեծամասնությունն առաջ է գալիս հենց ներքին քաղաքականության բացակայությունից: Իրավիճակի առողջացման բաղադրատոմսերը հայտնի են բոլորին, այնպես որ` միայն քաղաքական կամք է անհրաժեշտ դրանք կիրառելու համար: Բայց անհույս լավատես չլինենք. ՀՀ-ում երբեք ներքին քաղաքականությունում արմատական քայլեր կատարելու քաղաքական կամք չի լինի, անկախ այն բանից, թե ով է իշխանության ղեկին: Սակայն կա մի պահ, որի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, բայց որը կարող է էական բարեփոխումներ մտցնել քաղաքական իրականության մեջ: Փորձենք ներթափանցել այդ պահի մեջ:

Միխայիլ Սուսլովը (1902-82թթ.) 20-րդ դարի երկրորդ կեսի խորհրդային քաղաքականության առանցքային դեմքերից էր: Մոտ երկու տասնամյակ Սուսլովը վերահսկում էր գաղափարախոսական բլոկը. որպես քաղբյուրոյի անդամ և Կենտկոմի քարտուղար` նա փաստորեն պետության երկրորդ դեմքն էր: Փաստը, որ խորհրդային հիերարխիայում գաղափարախոսության պատասխանատուն կառավարության ղեկավարից բարձր էր կանգնած, վկայում է այն մասին, որ Խորհրդային Միությունը գաղափարախոսությունը համարում էր պետության հիմքը, առանց որի այն ի վիճակի չէր գործել:

Սուսլովը կրթյալ մարդ էր, քաղբյուրոյի բոլոր անդամներից առանձնանում էր հազվագյուտ ինտելեկտով և էրուդիցիայով: Ինքը վայելում էր Մարկո Ֆերերիի և Անջեյ Վայդայի ֆիլմերը` միաժամանակ արգելելով դրանց ցուցադրումը խորհրդային կինոդիտողի համար: Առհասարակ, այն ժամանակվա Խորհրդային Միությունը շատ նմանություններ ուներ այսօրվա Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Համոզված կոմունիստները, մարդիկ, որոնք հավատում էին կոմունիստական իդեալներին, չափազանց քիչ էին, բայց բոլորն էլ ունեին այն ըմբռնումը, որ կոմունիստական գաղափարախոսությունը բազմազգ պետության շաղախիչ հանգույցն է, պետություն, որի շատ ժողովուրդներ պարզապես ի վիճակի չէին ապրել սեփական պետականության պայմաններում: Հենց այս հանգամանքն էր այն հանդուրժողության մոտիվը (պատճառը), որն ուներ ԽՍՀՄ բնակչությունը կոմունիստական գաղափարախոսության հանդեպ: Նույնն է և Իրանի պարագայում. իսկապես հավատավոր մարդկանց այստեղ մատների վրա կհաշվես, կրոնի հանդեպ Իրանի բնակչությունը բավական անտարբեր է, սակայն ընդհանուր առմամբ կա ըմբռնումն այն բանի, որ հենց քաղաքական իսլամն ու Իսլամական հեղափոխության գաղափարն են (համախմբելով Իրանի բոլոր ազգություններին, քանզի նրանք վերազգային են) միասնական Իրանի երաշխիքը, առանց որի այդ երկիրը վաղուց մասնատված կլիներ մի քանի պետությունների:

Այսպիսով, Սուսլովը չէր զբաղվում կոմունիստական գաղափարների քարոզչությամբ, չէր փորձում մարդկանց ստիպել հավատալ դրանց. Սուսլովն ընդամենը ապահովում էր հսկայական կայսրության բնակչության հանդուրժողականությունը կոմունիզմի հանդեպ և սահմանում էր հանրային բարոյականության նորմերը, որի համապատասխան էլ ծնվում էին արժեքներն ու բարքերը: Պետք է ասել, որ դրանք բավական բարձրորակ էին, բայց խոսքն այժմ դրանց մասին չէ:

Խոսքը քաղաքական էլիտայի վարքականոնի մասին է, որն զգոն պահպանում էր խորհրդային ողջ ղեկավարությունը բոլոր մակարդակներում` կոլտնտեսությունների ու գործարանների տնօրեններից մինչև Կենտկոմի քարտուղարներն ու քաղբյուրոյի անդամները: Այս հարցում մեզ հետաքրքրում են ոչ թե վարքականոնի դրույթները, այլ, որ այն խորհրդային բյուրոկրատիայի կյանքի և գործունեության ուղենիշ է եղել: Վարքականոնի գլխավոր սկզբունքը հետևյալն էր. այնպիսի կյանք վարել, որ չառաջացնես բնակչության զզվանքը և հասարակությունում թաքուն լարվածության պատճառ չդառնաս: Խորհրդային Միությունն անդասակարգ հասարակությամբ պետություն չէր. քաղաքական էլիտան առանձին դաս էր, և մյուս դասերի հետ խաղաղ գոյակցության ապահովումը և կայուն սոցիալական համակեցության հասնելը կենսական, օբյեկտիվ անհրաժեշտություն էին: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպես էին վարվում վարքականոնը խախտողների հետ, ապա ասենք, որ լավագույն դեպքում նրանց հեռացնում էին, վատագույն դեպքում` նստեցնում (դեմիրճյանական Հայաստանի ամենահայտնի զոհը սպորտի նախարար Մարատ Նուրիջանյանն էր, որը պաշտոնից ազատվեց աղջկա հարսանիքը «Արմենիա»  հյուրանոցի ռեստորանում կազմակերպելու համար):

Հարցը, թե պետք են արդյոք դասակարգային հասարակությամբ պետություններին քաղաքական էլիտաների վարքականոններ, ինքնըստինքյան անտեղի է: Փորձենք գտնել մեկ այլ հարցի պատասխանը. ինչո՞վ է հղի նման վարքականոնի բացակայությունը դասակարգային հասարակությունում:

 

***

Հայաստանի Հանրապետությունը օլիգարխիական պետություն է, որտեղ իշխում է փոքրամասնությունը` իր շահերին հետևելով: Հետևաբար, Հայաստանի քաղաքական էլիտան (ավելի ճիշտ կլիներ այն քաղաքական-տնտեսական անվանել), ըստ էության, առանձին դաս է, որ գործում է իր առանձին շահերին համապատասխան: Հետևաբար, իմաստ չունի խոսել մեծամասնության շահերի հետ փոքրամասնության շահերի նույնականության մասին. Հայաստանում չկա շահերի միասնություն, ինչն, ըստ էության, պետության իսկական զարգացման գրավականն է1: 

Շահերի տարբերությունը և փոքրամասնության շահերի իրականացումը հանրային դժգոհության գլխավոր պատճառն են և, բնականաբար, հանգեցնում են դրանց (շահերի) բախման, որը Հայաստանում վերածվում է աղետի ընտրությունների շրջանում: Եթե փորձենք պարզել դժգոհության հիմնական մոտիվները, ապա դրանց թվում կհայտնաբերենք.

կենտրոնացված կոռուպցիան,

փոքրամասնության գոյությունը իրավական դաշտից դուրս,

արդարադատության անարդարությունը,

երկրի քաղաքացիների անպաշտպանությունը բռնությունից և կամայականությունից,

մեծամասնության սոցիալ-տնտեսական ծանր դրությունը, նրա սոցիալական անպաշտպանությունը,

հասարակությունում տիրող տոտալ անարդարությունը բոլոր ոլորտներում,

արդարության վերականգնման համար կամքի բացակայությունը:

Այս գործոնները օբյեկտիվ են, դրանց դեմ պայքարելն անօգուտ է (և նույնիսկ անիմաստ), դրանք միշտ գերիշխող կլինեն հայ իրականությունում, քանի որ Հայաստանը միշտ պլուտոկրատական պետություն կլինի, որտեղ քաղաքականությունը միշտ կիրականացվի փոքրամասնության շահերին համապատասխան: Հետևաբար, երկիրը դատապարտված է հավերժ աղետների, և դրանցից յուրաքանչյուրից հետո այն ավելի թուլացած կլինի, և այսպես մինչև այն պահը, երբ կսպառվեն անկախ պետականությունը սնող ռեսուրսները:

Սակայն դժգոհության թվարկված գործոնների մեջ կա մի պահ, որը ոչ ոք լուրջ չի ընկալում` այն մանրուք համարելով, բայց ճշմարտությունը հակառակի մեջ է: Խոսքն էլիտայի անասնական, տարերային, առանց որևէ վարքականոնի, բարոյական նորմերից դուրս վարքի մասին է:

 

***

Հայ էլիտան, որը ձևավորվել է 90-ականների սկզբին, մեղմ ասած, անասնական կյանք է վարում. նրա կենսագործունեությունը բնակչության զզվանքն է առաջացնում: Արժեքների կտրուկ նենգափոխումը հանգեցրեց խորհրդային շրջանի բարքերից խիստ տարբերվող նոր բարքերի ծնունդին: Էլիտայի շարքերում հայտնվեցին, այսպես ասենք, հասարակության ոչ լավագույն ներկայացուցիչները: Մանր առևտրականները, սուտենյորները, թաղային մասշտաբի «գողական»  հեղինակությունները, ժուլիկները, կրկնահանցագործները և խաբեբաները, հանրային բարոյականության դեգրադացիայի պայմաններում, հանրային հիերարխիայի բարձունքների հասան, խաղի սեփական կանոններ սահմանեցին (իրենց դաստիարակությանը, ինտելեկտին, աշխարհայացքին համապատասխան)` նոր ժամանակների ոգուն հարազատ, որոնք հակասում էին թե՛ իրավունքի նորմերին, թե՛ բարոյականությանը: Դրանց էությունն էին բռնությունն ու կամայականությունը, իսկ բռնության և կամայականության օբյեկտ դարձան երկրի քաղաքացիները:

Թիկնապահների ու ավտոշարասյուների առկայությունը էլիտային անդամակցության համար պարտադիր պայման դարձավ, դրանց բացակայությունը` ծանրակշիռ չլինելու, վատ պահվածքի հատկանիշ: Նոր ձևավորված թիկնապահների «դասը»  բավական պարզունակ է. բոլորը գրեթե նույն դեմքն ունեն, նույն հաստ վիզը, փքված մկանները և սափրած գլուխները: Նրանք օգտագործվում են հիմնականում ոչ այնքան էլիտայի անդամին պահպանելու (քանի որ նա, անորսալի Ջոյի նման, իրականում ոչ մեկին պետք չէ), որքան այլ գործառույթներ իրականացնելու (ռազբորկաներ, ծեծկռտուք և այլն) համար: Ստեղծվել են մասնավոր բանտեր, որտեղ էլիտայի անդամները նստեցնում են մեղք գործած և անհնազանդ քաղաքացիներին: Այս «շքեղությամբ»  հիմնականում զվարճանում են զինվորական օլիգարխիայի ներկայացուցիչները: Բանտերի առկայությունն այնքան սովորական ու բնական է դարձել, որ նոր սերիալներում դրական կերպարները, պատերազմի հերոսներն ու պատգամավորներն են զվարճանում դրանով: Այսինքն` համարվում է, որ այդպես էլ պետք է լիներ, դա բնական է և ոչ ապօրինի:

Էլիտայի անդամի համար հասարակական կարգի ոչ մի նորմ գոյություն չունի. նա ավելի բարձր է կանգնած: Օրինակ, նախագահի աշխատակազմի վարչություններից մեկի պետն առավոտները կանոնավորապես անարգում է երկրի քաղաքացիներին. նրա թիկնապահներն արգելում են ավտոմեքենաներ կանգնեցնել նրա տան մոտ, բռնի հանում են արդեն կայանած մեքենաներն այդտեղից (մեքենաների կայանման ոչ մի արգելք նշված տեղում գոյություն չունի, ամեն ոք կարող է մեքենան կանգնեցնել, եթե ազատ տեղ կա): Եվ այս ամենն արվում է այն բանի համար, որ պետի «Մերսեդեսը»  մոտենա շենքի մուտքին, ցուցադրաբար փայլատակի 10-15 րոպե, որպեսզի հետո «էլիտար մարմինը»  դուրս բերեն մուտքից, տեղավորեն «Մերսեդեսում»  և տանեն-հասցնեն պետական գործերին: Եթե փորձենք ներթափանցել «բռնի տեղահանվածների»  ներաշխարհ, ապա միայն հիասթափություն կտեսնենք պետությունից և ահավոր ատելություն իշխանության, ինչպես նաև պետության դեմ (կախված տուժողի ինտելեկտուալ մակարդակից): Բավական է երկրի ցանկացած քաղաքացի առավոտյան բախվի նշյալ անձի (կամ նմանատիպ մեկ ուրիշի) թիկնազորի, ցերեկը շփվի հարկային ծառայության հետ (այսինքն` ենթարկվի կամայականության և դրամաշորթության), իսկ գիշերը հայտնվի ԳԱԻ-ի կազմակերպած դարանում, և, անկասկած, ահավոր գարշանք կզգա սեփական պետության հանդեպ: Դե, իսկ նախագահ Սարգսյանի համար բավական կլինեն 50 նման ծառայակիցներ ու ընկերներ, և նրան այլևս պետք չեն լինի ոչ անհաշտ ընդդիմություն, ոչ անձնական ու գաղափարական թշնամիներ, ոչ նույնիսկ Ադրբեջանի միջուկային զենքը. սեփական թիմի պատճառած վնասը կգերազանցի այս ամենը` միասին վերցրած:

«Գողականի»  գաղափարաբանությունը դարձել է ուղղորդող և գերիշխող էլիտայի կյանքում և գործունեության մեջ: Ռազբորկաները խաղաղ բնակչության հետ և միմյանց միջև կատարվում են հենց այս գաղափարախոսության սկզբունքներով: Անպատիժ սպանություններ, խաղաղ բնակչության ունեցվածքի հափշտակություններ (հատկապես զինվորական օլիգարխիայի կողմից), բռնության ու ոտնձգությունների այլ գործողություններ. ահա, ըստ ամենայնի, էլիտայի գործունեության արդյունքները:

Բոլորին է հայտնի հայ էլիտայի պահվածքը, այնպես որ` չարժե երկար գրել այդ մասին: Երկրի յուրաքանչյուր քաղաքացի ամեն օր բախվում է լկտիության տարբեր դրսևորումների, ամեն ոք կարող է լպիրշ և անբարո արարքների 1000 օրինակ բերել: Սահմանափակվենք ասվածով և անցնենք գլխավորին:

Իսկ գլխավորը հետևյալն է. արժե՞ արդյոք, որ երկրի քաղաքական ղեկավարությունը զբաղվի քաղաքական էլիտայի վարքականոնով, և ինչպիսի՞ն կլինի դրա էֆեկտը:

Անշուշտ` այո՛: Կարծում եմ` հանրային դժգոհությունն առաջանում է ոչ միայն և ոչ այնքան օբյեկտիվ գործոններից, որոնք այլանդակում են հայ իրականությունը, որքան էլիտայի վարքից, իսկ իշխանության հանդեպ բնակչության ատելությունը (հիմնականում) էլիտան չընդունելու հետևանք է: Կարելի՞ է արդյոք առարկել սրան: Կարծում եմ` անհնար է ռացիոնալ ձևով հերքել ասվածը: Հետևաբար, պետք է ենթադրել, որ բողոքող էլեկտորատի թվաքանակը, որը 4-5 տարին մեկ հակաիշխանական գործողություններ է կազմակերպում, որոնք ավարտվում են սկանդալային բախումներով (ինչպես 2003-04, 2008 թվականներին էր), կարելի է կրճատել, ընդ որում` նկատելիորեն: Քանի որ անհամեմատ ավելի լավ ու անվտանգ կլինի ռեժիմի համար հրապարակից դուրս քշել, ասենք, 10.000, այլ ոչ թե 30.000 մարդու. և՛ գլխացավանքը քիչ կլինի, հատկապես արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, և՛ ֆինանսական ծախսերն ու այլ ջանքերը քիչ կլինեն: Ուրեմն, ինչո՞ւ հիմնավորապես չզբաղվել էլիտայի վերադաստիարակությամբ: Չէ՞ որ ակնհայտ է, որ խոսքը, ոչ ավելի, ոչ պակաս, ռեժիմի անվտանգության մասին է:

Այս առնչությամբ զարմացնում է իշխանությունների անտարբերությունը սույն խնդրի հանդեպ: Հայտնի չէ, թե առայսօր ինչն է հետ պահել քաղաքական ղեկավարությանը էլիտայի վարքականոն ստեղծելուց: Մեծ համոզվածությամբ կարելի է պնդել, որ պատճառը ներքին քաղաքականության համար պատասխանատուների պրոֆեսիոնալ անպիտանությունն է: Քանի որ դժվար չէր հասկանալ (ընդ որում` վաղուց), որ եթե բարձրաստիճան պաշտոնյան, դատավորը կամ դատախազը կաշառք է վերցնում, անարդար վճիռներ կայացնում և այլն, և այլն, և դրանով իսկ առաջ բերում հասարակության դժգոհությունը, ապա ոչ ոք հույս ունենալ չի կարող, թե ռեժիմը քայլեր կձեռնարկի նման արարքները վերացնելու համար, քանի որ որոշակի շահ ունի: Ոչ ոք չի էլ խնդրում, որովհետև անօգուտ է խնդրել անիրականանալի ծառայությունների մասին: Բայց եթե այդ նույն պաշտոնյան առավոտները նսեմացնում է Հայաստանի քաղաքացիների մարդկային արժանապատվությունը` հանրային վայրերից բռնի քշելով նրանց` հանուն իր թվացյալ գերազանցությունը ցուցադրելու, դրանով իսկ առաջ բերելով հասարակության սուր դժգոհությունը, ապա ռեժիմն այստեղ ոչ մի շահ չունի, այլ ընդամենը` լրացուցիչ բացասական միավորներ հանրային կարծիքում, որոնք ամենևին պետք չեն նրան:

Ինչ վերաբերում է վարքականոնի մշակմանը, ապա դա, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է, նշանակում է` դժվարություն չի ներկայացնում: Հարկավոր է միայն դրույթներ մտածել և հետևել, որ դրանք կատարվեն, իսկ կարգազանցներին` պատժել: Եվ վե՛րջ...

 

1  Այս առնչությամբ Հեգելն իր «Պատմության փիլիսոփայությունում»  գրում էր. «Գլխավոր պահը հռոմեական պատմության առաջին շրջանում այն էր, որ պլեբեյներն իրավունք ստացան բարձր պաշտոններ զբաղեցնել, և որ այն հողակտորները, որոնք նրանց բաժին հասան, ապահովում էին քաղաքացիների գոյությունը: Պատրիցիատի և պլեբսայի այս միացության շնորհիվ Հռոմում առաջին անգամ իսկապես ամուր ներքին կարգ հաստատվեց, և միայն այդ ժամանակվանից ի վեր հնարավոր դարձավ Հռոմի արտաքին հզորության զարգացումը: Գալիս է ընդհանուր շահի բավարարության և ներքին պայքարի հյուծման պահը»: Гегель, «Философия истории», стр. 286. (Москва-Ленинград, Государственное социально-экономическое издательство 1935г.).

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am