Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Տնտեսություն

Տնտեսություն
Հուլիս 2010, N 6

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ԱՆԿՈՒՄԸ

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅԴՊԵՍ ԵՎ ԻՆՉՈ՞Վ ԿԱՎԱՐՏՎԻ ԴԱ

Ավետիս Բաբաջանյան, www.nationalidea.am կայքի խմբագիր

1991թ. Հայաստանում հողը սեփականաշնորհվեց: Իշխանությունները համարեցին, որ հողը գյուղացիներին բաժանելով` գյուղի հարցը լուծեցին, և գյուղացիներն արդեն ինքնուրույն պետք է հոգան իրենց խնդիրները: 90-ականների սկզբին ընդունված էր համարել, որ կոլտնտեսությունների վերացմամբ և հողի սեփականաշնորհմամբ հայկական գյուղը թևակոխում է զարգացման կապիտալիստական ուղի, ինչի արդյունքում Հայաստանում կստեղծվեն զարգացած գյուղացիական տնտեսություններ, որոնք կկարողանան երկիրն ապահովել անհրաժեշտ պարենամթերքով: Իրականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը. հայկական գյուղը հետ շպրտվեց առնվազն մեկ հարյուրամյակ, և այսօր գյուղացիությունը հողը մշակում է այնպես, ինչպես 19-րդ դարում` արդյունքում չկարողանալով կերակրել ոչ միայն երկրի բնակչությանը, այլև նույնիսկ ինքն իրեն: Մի խոսքով, նախապաշարմունքը, որ պետական սեփականությունից մասնավորին անցնելով կարելի է լուծել բոլոր խնդիրները, այդպես էլ նախապաշարմունք մնաց, իսկ այն, որ տնտեսության զարգացման համար ամենևին էլ էական չէ, թե ով է սեփականատերը (պետությունն է, թե անհատը, կոոպերատիվը, թե մեկ այլ սուբյեկտ), այլ էական են շուկայական հարաբերությունները, առ այսօր գիտակցված չէ անգամ Տիգրան Սարգսյանի կառավարությունում, որը հզոր տնտեսագետ և ոչ պակաս հզոր, այսպես ասած, մենեջեր է համարվում:

Տարեցտարի ավելի մեծ թվով գյուղացիներ են զրկվում հողը մշակելու հնարավորությունից, շատ հողեր մնում են անմշակ, ինչի արդյունքում ավելի շատ գյուղատնտեսական ապրանքներ են ներկրվում արտերկրից, իսկ արտահանվող գյուղմթերքների քանակը, ընդհակառակը, նվազում է: Հայկական գյուղը հասել է վտանգավոր եզրագծի, գյուղատնտեսության հետ կարող է կրկնվել այն, ինչ մեկուկես տասնամյակ առաջ կատարվեց արդյունաբերության հետ. տնտեսության այդ ճյուղը կարող է ընդհանրապես վերանալ կամ էկզոտիկ դառնալ:

Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա վեց ամիսների ընթացքում Հայաստանի գյուղատնտեսությունում անկումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 13,1 տոկոս: Ոլորտի պետական պաշտոնյաները նման անկումը բացատրում են վատ եղանակային պայմաններով: Սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածը ևս աչքի ընկավ վատ եղանակային պայմաններով, անցյալ տարի ևս գյուղատնտեսական արտադրանքի անկում արձանագրվեց: Այսինքն` անկումը կրում է շարունակական բնույթ: Չնայած գյուղնախարարի հավաստիացումներին, թե գյուղատնտեսական ապրանքների գները կնվազեն, դրանք շարունակում են մնալ աննախադեպ բարձր: Որոշ գյուղապրանքների գներ նախորդ տարվա համեմատ բարձր են երկու և ավելի անգամ, դրանց գները դժվար թե նվազեն:

Բարձր գների պատճառը միայն սեզոնայնությունը չէ: Եթե հաջորդ տարի եղանակային պայմանները լավ լինեն, միևնույն է, քիչ ազդեցություն կարող են ունենալ իրավիճակի բարելավման համար, քանի որ, բացի եղանակային պայմաններից, կան ավելի խորքային և լուրջ պատճառներ, որոնք խոչընդոտում են գյուղատնտեսության ոչ միայն զարգացմանը, այլև, ընդհանուր առմամբ, գոյությանը:

Իշխանությունները ևս կարծես գիտակցում են իրավիճակի լրջությունը և փորձում ինչ-որ բան անել դրությունը փրկելու համար: Վերջերս կառավարությունում տեղի է ունեցել գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարության վերաբերյալ խորհրդակցություն: Կառավարությունն ուզում է վիճակը շտկել գյուղացիական կոոպերացիաներ ստեղծելու ճանապարհով: Հանրային խորհրդում և գյուղնախարարությունում կարծում են, որ առանձին գյուղացիական տնտեսություններն անկարող են մշակել հողը, և խնդիրը միանգամից կլուծվի, եթե մի քանի գյուղացիական տնտեսություն միավորվեն: Ըստ էության, փորձ է արվելու վերականգնել կոլտնտեսությունները` օգտագործելով կամավորության սկզբունքը: Բայց սա ոչ միայն չի կարող լուծել խնդիրը, այլև լրացուցիչ դժվարություններ և դժգոհություններ կստեղծի գյուղում: Եթե մի գյուղացին չի կարողանում մշակել մեկ հեկտար հողը, ապա հինգ գյուղացին չեն կարող մշակել հինգ հեկտարը: Ընդդիմախոսները կարող են խոսել հողերի խոշորացման դեպքում ծախսերի նվազեցման, աշխատանքի արդյունավետության բարձրացման և այլ դասագրքային ճշմարտությունների մասին: Իհարկե, Հայաստանում հողերի խոշորացումն օբյեկտիվ անհրաժեշտություն է, սակայն այդ խնդիրը հնարավոր չէ լուծել գյուղացիական կոոպերացիաների մասին ռազմավարական ծրագրեր գրելու միջոցով: Հողերի խոշորացումը հնարավոր է միայն գյուղացիական տնտեսությունների արդյունավետության բարձրացման դեպքում:

Հողի խոշորացման խնդրից էլ սկսենք Հայաստանի գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների քննարկումը: Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերը խիստ մասնատված են: Բայց դրանց գրեթե կեսը չի մշակվում, այսինքն` դրանց տերերը պատրաստ են վաճառել դրանք: Նույնիսկ այն գյուղացիները, ովքեր դեռ ինչ-որ կերպ կարողանում են վարել ու ցանել իրենց հողը, պատրաստ են այն վաճառել, ինչի ապացույցը Հայաստանի գյուղական բնակավայրերում ավելի հաճախ հանդիպող հայտարարություններն են հողը վաճառելու մասին: Այդ դեպքում ինչո՞ւ տեղի չի ունենում հողերի դասական խոշորացում: Ինչո՞ւ ավելի հաջողակ տնտեսվարող գյուղացին չի գնում անհաջողակ և իր տնտեսությունն ավելի վատ կառավարող գյուղացու հողը` այն միացնելով իր ունեցած հողերին:

Պատճառն ավելի քան պարզ է. նույնիսկ ամենաբերրի հող ունեցող գյուղերում, որտեղ հողն առավելագույն եկամտաբերություն է ապահովում, կան տասնյակ-հարյուրավոր անհաջողակ, պարտքերի ու ժամկետանց վարկերի մեջ թաղված գյուղացիներ, որոնք պատրաստ են վաճառել իրենց հողը, սակայն չկան հաջողակ և ազատ միջոցների տիրապետող գյուղացիներ, որոնք կկարողանան հող գնել: Այսինքն` քանի դեռ գյուղատնտեսությունը եկամտաբեր չի դարձել, քանի դեռ գյուղացիության որոշակի մասն ազատ միջոցներ չունի, հողերի խոշորացման մասին կարելի է մոռանալ:

Գյուղացիական կոոպերացիաներում հողի խոշորացում չի կարող տեղի ուենալ, քանի որ դրանցում միավորված գյուղացիները չեն կորցնում հողի նկատմամբ սեփականության իրավունքը: Մեկ տարի անդամագրվելով կոոպերացիային, բայց տեսնելով, որ դա նույնպես հարցը չի լուծում, գյուղացին կրկին դուրս է գալու դրանից` կրկին բաժանելով հողը:

Հայաստանում կան գյուղացիական կոոպերացիաներ, որոնք բավական երկար են գործում, սակայն դրանց երկարակեցության գաղտնիքն այն է, որ մշտապես ֆինանսավորվում են ամերիկյան կազմակերպությունների կողմից: Դրանք կդադարեն գոյություն ունենալ ամերիկյան օժանդակության դադարեցումից անմիջապես հետո: Արդյո՞ք ՀՀ կառավարությունն ի վիճակի է անընդհատ սուբսիդավորել իր կողմից քարոզվող կոոպերացիաները: Բնականաբար` ոչ: Եթե այդպիսի հնարավորություն լիներ, այդ միջոցները կհատկացվեին գյուղացիական տնտեսություններին: Ամերիկյան օժանդակությամբ գործող կոոպերացիաների օրինակը հուշում է, որ գյուղացիական կոոպերացիաները չեն կարող կենսունակ լինել:

Իհարկե, Հայաստանում կան խոշոր հողատերեր, որոնք մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուր հեկտար հողատարածքներ ունեն: Նրանք, անշուշտ, ավելի մեծ արդյունավետությամբ են մշակում հողը, քան մանր գյուղացիական տնտեսությունները: Սակայն նույնիսկ նրանք գյուղատնտեսությունը բիզնեսի լուրջ ուղղություն չեն համարում` համոզված լինելով, որ այս ոլորտում ներդրված գումարները և ստացված եկամուտը համարժեք չեն: Շատ դեպքերում խոշոր հողատերերի առկայությունը իսկական փորձանք է դառնում մանրերի համար: Մինչև խոշոր հողատերը չվարի իր հողը, տրակտորը մյուսների հողը չի վարի, մինչև խոշոր հողատերը իր հողը չջրի, փոքր հողատիրոջ բերքը վտանգի տակ կմնա: Քանի որ Հայաստանը իրավական պետություն է միայն Սահմանադրությամբ, որևէ գյուղացու մտքով անգամ չի կարող անցնել փոխհատուցում պահանջել իրեն հասցված վնասի համար: Եթե հողերի խոշորացումը տեղի ունենա այս ճանապարհով, այսինքն` գյուղացիների մասսայական սնանկացման ձևով և մշակելի հողերը անցնեն մի քանի խոշոր ֆեոդալների, ապա գյուղացիների փոխարեն Հայաստանում կլինեն մի քանի հարյուր հազար ճորտեր, ինչն այնքան էլ հեռու չէ իրականությունից:

Գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող մյուս կարևոր գործոնը Հայաստանի բանկային համակարգն է կամ այդ համակարգի կողմից գյուղատնտեսության վարկավորման պայմանները: Եթե առևտուրը, շինարարությունը և բիզնեսի մյուս ճյուղերը վարկավորվում են 13-18 տոկոս տարեկան տոկոսադրույքով, ապա գյուղատնտեսությունը վարկավորվում է 24-30 տոկոսով (կան բազում և անհասկանալի միջնորդավճարներ, որոնք առավել հաջող կիրառում է «Կրեդիտ ագրիկոլ բանկը», ինչն առանձին խոսակցության թեմա է): Սակավ են դեպքերը, երբ գյուղացին կարողանում է մարել ստացած վարկը: Ընդհակառակը, տարեցտարի ավելի ու ավելի է կքում վարկային ծանր լծի տակ:

Գյուղացիական տնտեսություններից շատերն արդեն հասցրել են վարկեր վերցնել միանգամից մի քանի բանկից ու վարկային կազմակերպությունից: Չկարողանալով մարել վարկը` նրանք ընդամենը վերաձևակերպում են այն` ավելի մեծացնելով վարկային բեռը: Օրինակ, եթե գյուղացին «Կրեդիտ ագրիկոլ բանկից»  1000 դոլար վարկ է վերցրել ու տարեվերջին պետք է մարի, ապա դիմում է մեկ այլ բանկի կամ վարկային կազմակերպության, ստանում 1500 դոլար, մարում «Կրեդիտ ագրիկոլի»  վարկն իր տոկոսներով, իսկ գումարի մի մասն օգտագործում է ընթացիկ ծախսերի համար: Հետո կրկին վարկ է ստանում «Կրեդիտ ագրիկոլից»: Յուրաքանչյուր տարի վարկը և տոկոսները մարելու համար ավելի մեծ գումար է պետք լինում, ինչի արդյունքում վարկառուի վարկային բեռը մեծանում է:

Արդեն այս տարի բազմաթիվ գյուղացիներ չեն կարողանում մարել ստացած վարկերը, սակայն բանկերն այնքան էլ հակված չեն հարցը դատարանների միջոցով լուծել: Պատճառը պարզ է. գյուղացիները վարկի դիմաց գրավ են դրել իրենց հողը, և եթե բանկը դատարանի միջոցով այն վերցնի գյուղացուց, միևնույն է, չի կարողանա իրացնել, քանի որ, ինչպես նշեցինք, չկան հողի պահանջարկ և շուկա: Եթե վաճառքի դրվի այսօր բանկերում գրավադրված հողը, ապա այս շուկան ընդհանրապես կփլուզվի: Բացի այդ, հողազուրկ գյուղացին լրացուցիչ հոգս է դառնալու պետության համար: Դրա փոխարեն բանկերը փորձում են ճնշման այլ մեխանիզմներ օգտագործել. օրինակ, վարկը չվերադարձրած մի քանի տասնյակ գյուղացու պատճառով հրաժարվում են վարկ տրամադրել գյուղի մի քանի հարյուր այլ վարկառուի, ովքեր կարողացել են ինչ-որ տեղից գումար գտնել և վերադարձնել վարկը: Բայց քանի դեռ անպարտաճանաչ վարկառուների թիվը փոքր էր, ճնշման այս մեխանիզմը գործում էր: Հիմա, երբ իրենց վարկային պարտավորությունները չեն կարողանում կատարել ավելի մեծ թվով գյուղացիներ, նրանց ճնշելը գրեթե անհնար է դառնում: Կան դեպքեր, երբ վարկային կազմակերպություններն իրենք մի քանի ժամով գումար են տալիս գյուղացիներին, որպեսզի վերջինները վճարեն վարկի դիմաց, նոր վարկ ձևակերպեն, որով կփակեն պարտքը: Արդյունքը լինում է այն, որ գյուղացիների վարկային բեռը մեծանում է, իսկ բանկերը կամ վարկային կազմակերպություններն իրենց վարկերը վերաձևակերպում են` անորոշ ժամանակով հետաձգելով իրենց կործանումը:

Գյուղատնտեսության ներկա վիճակի պատճառներից մեկն էլ շրջանառու միջոցների պակասը կամ իսպառ բացակայությունն է: Տարեցտարի աշնանը և գարնանն ավելի քիչ հողեր են վարվում և ցանվում: Տարեցտարի թանկանում են դիզելային վառելիքը, սերմացուն, պարարտանյութը, թունաքիմիկատները, ջուրը: Մեկ հեկտար հողն ավելի քիչ եկամուտ է ապահովում, քան գյուղացին ծախսում է այդ հողի մշակության վրա: Գյուղատնտեսության նախարարը խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է ապահովի իր ցորենի պահանջարկի մեծ մասը: Փորձենք մոտավորապես հաշվել, թե ինչ արժե մեկ հեկտար ցորենի մշակությունը: Մեկ հեկտար վարելը, հարթելն ու ցանելը միասին արժեն, նվազագույն հաշվարկներով` 60 հազար դրամ: Դրան գումարենք 300 կիլոգրամ սերմացուն` 40 հազար դրամ (խոսքն էլիտար սեմացուի մասին չէ, որը կրկնակի թանկ արժե): Եվս 20 հազար` ցորենի դաշտը մոլախոտերից մաքրելու նպատակով սրսկելու համար: Մեկ հեկտար ցորենը քաղելու համար կոմբայնավարը կուզի 30 հազար, ևս 70 հազար` ջրի վարձ, գումարած հողի վարձը: Քիչ թե շատ հաջող բերք ստանալու համար ցորենի դաշտը պետք է առնվազն մեկ անգամ պարարտացնել, իսկ դրա համար պետք է 300 կիլոգրամ սելիտրա կամ 50 հազար դրամ: Այսինքն` նվազագույն հաշվարկներով մեկ հեկտար ցորեն մշակելու համար անհրաժեշտ է 300 հազար դրամ: Այդ մեկ հեկտարը կարող է տալ լավագույն դեպքում հինգ տոննա ցորեն կամ 450 հազար դրամ: Ստացվում է, որ գյուղացին, հոկտեմբերից մինչև հուլիս վարել-ցանելով, մի քանի անգամ ջրելով-պարարտացնելով դաշտը, կարող է ստանալ 150 հազար դրամ եկամուտ, այն էլ` եղանակային բարենպաստ պայմանների դեպքում: Իսկ եթե հանկարծ երաշտ կամ ջրհեղեղ լինի, կարկուտ կամ ուժեղ քամի, կարող է ընդհանրապես կորցնել բերքը և, բնականաբար, կատարած ծախսերը: Արդյո՞ք 150 հազար դրամը բավարար է մեկ գյուղացիական տնտեսության ամբողջ տարվա ծախսերը հոգալու համար: Հայաստանի շատ գյուղացիական տնտեսությունների ունեցած հողը դրանից ավելին չէ:

Կարող են ասել, թե գյուղացին ցորենի փոխարեն ավելի մեծ եկամուտ ապահովող մշակաբույսեր կարող է մշակել: Բայց դրանք ավելի մեծ ծախսեր ու աշխատանք են պահանջում, միաժամանակ` ավելի ռիսկային են:

Բայց գյուղատնտեսությունում առկա բոլոր խնդիրների պատճառն ու սկզբնաղբյուրն այս ոլորտի նկատմամբ վարվող պետական քաղաքականությունն է: Պետական այրերը սիրում են կրկնել, որ գյուղատնտեսությունը տնտեսության միակ ոլորտն է, որը չի հարկվում ընդհանրապես, չնայած Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամագրվելիս պարտավորվել էր 2009-ից սկսած հարկել նաև գյուղատնտեսությունը: Բայց ԱՀԿ-ում էլ են հասկանում, որ դրանից հետո տնտեսության այս ճյուղը կդադարի գոյություն ունենալ, և աշխարհը ստիպված կլինի հոգալ հնագույն ազգի սովի մատնված մի քանի միլիոն ներկայացուցչի սննդի կարիքները: Իսկ Հայաստանի կառավարությանը և նրա հետ սերտ կապված որոշ օլիգարխների գյուղացիությունը պետք է ընդամենը որպես եկամտի աղբյուր, որպեսզի խայտառակ թանկ գնով նրան վաճառեն իրենց ներմուծած պարարտանյութը, սերմացուն, թունաքիմիկատները և այլն:

Չնայած գյուղնախարարությունն է արձանագրում, որ ոչ թե գյուղացիների մեղքով, այլ եղանակային վատ պայմանների պատճառով գյուղատնտեսական արտադրանքը կրճատվել է, սակայն պետության կողմից սահմանված ոռոգման ջրի սակագինն այս տարի ևս բարձրացվեց: Այն պահանջում են նույնիսկ այն գյուղացիներից, որոնք ոչ մի եկամուտ չեն ստացել հողից: Օրինակ, գյուղացին ունի մեկ հեկտար ծիրանի կամ դեղձի այգի: Բերքը ցրտահարվել է, և նա այդ հողից եկամուտ չի սպասում: Բայց որպեսզի այգին չչորանա, նա պետք է ջրի այգին և դրա համար վճարի 100 հազար դրամ: Գյուղացին երկընտրանքի առջև է. կամ չջրել այգին և կորցնել այն ընդմիշտ, կամ ջրել` չիմանալով ինչպես վճարել ջրի դիմաց:

Նույնիսկ Ռուսաստանում, որտեղ դիզելային վառելիքի գներն անհամեմատ ցածր են, վարչապետ Վլադիմիր Պուտինի որոշմամբ գյուղացիական տնտեսություներին այն այս տարի վաճառվում էր հատուկ զեղչով: Հայաստանում վառելիքի գները բարձր են, իսկ աշնանացանի և գարնանացանի ժամանակ ավելի են բարձրանում` գերշահույթ ապահովելով: Սերմացուի մեծ մասը ներմուծվում է բավական բարձր գներով, բայց չի վերահսկվում, թե ինչ որակի սերմանյութ է ներկրվում: Շատ դեպքերում այն վարակված է լինում տարբեր հիվանդություններով, ինչը հանգեցնում է լրացուցիչ ծախսերի կամ ընդհանրապես բերքի կորստի: Նույն վիճակն է պարարտանյութի և թունաքիմիկատների շուկայում:

Եթե 19-րդ դարում գյուղացիների մեծ մասը սեփական եզներ և արոր ուներ, որոնցով վարում էր հողը, ապա այսօր գյուղացին զրկված է գյուղտեխնիկա ունենալու հնարավորությունից: Չնայած տարբեր միջազգային ծրագրերի միջոցով Հայաստան են բերվել մի քանի հարյուր տրակտոր, սակայն դրանց քանակն աննշան է, և հողերի հիմնական մասը մշակվում է միջինը 30 տարեկան, խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած տրակտորներով, որոնք ավելի շուտ փչանում, քան աշխատում են: Նույնը վերաբերում է գյուղատնտեսական գործիքներին. այստեղ վիճակն ավելի քան վատ է: Կառավարությունը կարող էր դրանց ներմուծումը չհարկել` դրանով նպաստելով գյուղատնտեսության արդիականացմանը, ինչպես կարող էր հրաժարվել գյուղնշանակության այլ ապրանքատեսակների ներմուծման հարկերից: Բայց Հայաստանի կառավարությունում գյուղատնտեսության համար պատասխանատու Գերասիմ Ալավերդյանն ասում է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու, երբ գյուղացին չի կարողանում վարկը վերադարձնել, դա համարվում է արտառոց երևույթ, ի տարբերություն բիզնեսի այլ ճյուղերի: Սա ցույց է տալիս, թե ինչպիսին են կառավարության իրական պատկերացումները գյուղատնտեսության և դրանում առկա խնդիրների մասին:

Կառավարությունն, ի վերջո, ստիպված է լինելու ավելի լրջորեն զբաղվել գյուղատնտեսությամբ: Ցանկացած դժվարության դիմացող և իրեն բաժին հասած փորձությունն անտրտունջ տանող հայ գյուղացիությունը դժվար թե ընդվզի, բայց ոլորտում առկա խնդիրներն անընդհատ ավելանում են, և մի օր հասնելու են մի կետի, ուր այլևս հնարավոր չի լինի աչք փակել դրանց վրա: Իսկ քանի դեռ Հայաստանում բավարար համարձակություն չկա խոսելու գյուղացիության իրական խնդիրների մասին, գյուղատնտեսությունը շարունակելու է ազատ անկումը:

Հայաստանում չկա նաև ժամանակակից անասնապահություն, և այս ոլորտը նույնպես աշխատում է 19-րդ դարի չափանիշներով. ֆերմերների հիմնական մասը մի քանի խոշոր եղջերավոր անասուն է պահում, մի քանի խոզ ու մի քանի տասնյակ հավ: Սա ավելի շատ բնատնտեսություն է, քան բիզնես: Արդյունքում` Հայաստանում կաթնամթերքի և մսամթերքի մեծ մասը ներմուծվում է: Ներմուծվում է հիմնականում հնդկական տավարի կամ գոմեշի անորակ միս, ինչն աշխարհի շատ երկրներում օրենսդրական մակարդակով արգելված է: Ներմուծվում է նաև խիստ կասկածելի որակի խոզի միս, որը բացասական ազդեցություն է թողնում խոզի մսի տեղական արտադրանքի վրա: Միակ ոլորտը թռչնաբուծությունն է, որն աշխատում է մեծ արդյունավետությամբ` ապահովելով ձվի պահանջարկն ամբողջությամբ և թռչնամսի պահանջարկի մեծ մասը:

Մսամթերքի արտադրությունը կազմակերպվում է ոչ թե տեղական, այլ ներմուծված մսով, ինչի արդյունքում հայկական շուկայում կա երկու տեսակի մսամթերք`տեղական, որը նախատեսված է լայն սպառողի համար, և ռուսական, որը նախատեսված է միայն խիստ վճարունակ փոքր խմբի համար, քանի որ այդ մսամթերքը տեղականից թանկ է մի քանի անգամ:

Հայաստանյան մի քանի ընկերություն, բարձրաստիճան չինովնիկ և գեներալ ստեղծել են համեմատաբար խոշոր անասնապահական` խոզաբուծական, տավարաբուծական համալիրներ, որտեղ ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, սակայն դրանք ընդհանուր մթնոլորտի վրա էական ազդեցություն չեն թողնում: Նախորդ տարի ոչխարի արտահանումը և գների աճը նպաստեցին, որ որոշ ներդրողներ հայտնվեն նաև այս ոլորտում:

Հայաստանում չկա տոհմային անասնապահություն, ինչի պատճառով տարեցտարի նվազում են անասունների թե՛ կաթնատվությունը, թե՛ մսատվությունը: Վերջին մի քանի տարիներին կառավարությունն արտերկրից ներմուծում է տոհմային անասուններ, սակայն դրանք բաժին են հասնում հենց վերոնշյալ չինովնիկներին և գեներալներին, իսկ փոքր անասնապահական ֆերմաները շարունակում են պահել փոքր արդյունավետություն ապահովող անասուններ:

Հայաստանում գրեթե բացակայում է անասնակերի արդյունաբերական արտադրությունը, եթե չհաշվենք այն, որ ալրաղացները պարկավորում և որպես անասնակեր վաճառում են ցորենի թեփը: Սա հատկապես ազդում է խոզի մսի արտադրության վրա: Երբ գյուղացիները սկսում են մեծ քանակությամբ խոզ աճեցնել, ցորենի թեփը սկսում է թանկանալ, քանի որ դրա արտադրությունը սահմանափակ է: Թանկանում է այնքան, մինչև խոզաբուծությամբ զբաղվող գյուղացին հաշվում է, որ վնասով է աշխատում, ու սկսվում է խոզերի մասսայական սպանդը: Գները միանգամից ընկնում են, այն աստիճան, որ գյուղացիները հսկայական վնաս են կրում: Խոզերի գլխաքանակը նվազում է, բայց քանի որ թեփի արտադրությունը ֆիքսված է, առաջանում է ավելցուկ, գներն իջնում են: Եվ այսպես շարունակ. երեք տարին մեկ այս շրջափուլը կրկնվում է:

Տավարաբուծությամբ զբաղվող փոքր ֆերմերային տնտեսությունների համար լուրջ խնդիր է կաթի մթերումը: Ռուսաստանում կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսությունները սուբսիդավորվում են, Եվրամիության երկրներում սահմանված է կաթի մթերման գին: Հայաստանում կաթը գյուղացիներից մթերվում է միջինը 80-100 դրամով: Սակայն եթե ամռանն այդ գինը կարելի է գոհացուցիչ համարել, քանի որ կովերն արածում են, այսինքն` նրանց կերակրելու համար գյուղացին փող չի ծախսում, ապա ձմռանն այդ գինը չի ծածկում նույնիսկ ինքնարժեքը: Բացի այդ, մթերող կազմակերպությունները շատ դեպքերում ուշացնում են վճարումները կամ ընդհանրապես հրաժարվում են վճարել:

Ինչպես հողագործության դեպքում, անասնապահության մեջ ևս առաջընթաց ապահովելու համար պետք են խոշոր ներդրումներ: Ֆերմերային տնտեսություններին պետք է տրամադրվեն ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկեր ժամանակակից պահանջները բավարարող անասնաֆերմաներ կառուցելու և որակյալ անասուններ գնելու համար: Պետությունը համապատասխան ծառայությունների միջոցով պետք է հետևի, որ ներմուծվող միսը համապատասխանի սանիտարական նորմերին, որպեսզի չներմուծվի էժան, բայց ուտելու համար ոչ պիտանի միս: Սակայն հայտնի է, որ պետությունն ընդհանրապես մտադիր չէ զբաղվել այս գլոբալ խնդիրներով, և ամեն ինչ ոլորտում հանձնված է տարերքի քմահաճույքին:

 

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Հայաստանի անասնաբուծության իրական վիճակը գնահատելու համար պետք է այցելել լավագույն անասնաբուծական շրջանները` Տաշիր, Ամասիա: Եթե համեմատելու լինենք Տաշիրի մակարդակի` բնական պայմաններով օժտված եվրոպական տարածաշրջանները (Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում), ապա վերջիններում կտեսնենք բնակչության բարեկեցություն, բարգավաճում, աշխատանքի բարձր արտադրողականություն: Իսկ հայաստանյան իրավիճակը, կարելի է ասել, ողբալի է. Տաշիրի գյուղերում տիրում է ծայրահեղ աղքատություն, ճանապարհներն ու ենթակառուցվածքները միջնադար են հիշեցնում: Մի դեպքի ականատես եղա, որին չէի հավատա, եթե ինքս տեսած չլինեի: Մի անգամ Կաթնառատ գյուղում մի բան էի գնել, վճարել էի 20 հազարանոց դրամանիշով: Մի խոսքով, ողջ գյուղում չկարողացան մանրել այն և վերադարձնել մանրը: Գյուղում անգամ չգտնվեց 10 հազար դրամ, և 20 հազարանոցը գյուղում չմանրվեց: Մարդիկ ապրում են ապրանքափոխանակությամբ. միս ու կաթնամթերք են փոխանակում, բանջարեղեն կամ այլ նշանակության ապրանքներ:

Դժվար է հասկանալ, թե ինչու նույն բնակլիմայական պայմաններում շվեյցարացիները կարող են հասնել բարձր կենսամակարդակի և ապրել 21-րդ դարում, իսկ հայերը մատնված են սովի և ապրում են խայտառակ չքավորության մեջ: Էլ ո՞ւր մնաց արարող ու քարից հաց քամող հայ ժողովուրդը: Ինչո՞ւ է այսօր մշակվում խորհրդային ժամանակների հողերի 60 տոկոսը: Մի՞թե արարումը սա է:

Ահավասիկ հարց, որի շուրջ արդեն մենք պետք է մտածենք` ազգովի: Կառավարությունն` իր նախարարներով, անզոր է...

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am