Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Օգոստոս 2010, N 7

ԱՇԽԱՐՀՆ ՕԳՈՍՏՈՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հանգիստն աշխարհի համար չէ: Աշխարհի անցուդարձի օգոստոսյան խճանկարում այս անգամ էլ առկա էին բոլոր հնարավոր նրբերանգները, բացառությամբ մեկից՝ լիցքաթափման երանգից: Եվ նույնիսկ ամենասովորական իրադարձություններում թրթռում էր լարումի ջիղը՝ մշտապես պատրաստ պահելով շրջադարձերի ու փոփոխությունների անակնկալին:

Ամսվա առաջին օրը նշանավորվեց նրանով, որ Ռուսաստանը ռոտացիոն սկզբունքով մեկ ամիս ժամկետով ստանձնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը՝ նպատակադրված այդ ընթացքում անդրադառնալու Կոսովոյի, Մերձավոր Արևելքի, աֆրիկյան խնդիրներին, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղարարությանը: Իհարկե, այս լուրը հայերիս չէր կարող այն չափով ոգևորել, որքան, ասենք, այն, որ Հայաստանը դարձավ ISO-ի (Ստանդարտացման միջազգային կազմակերպություն) նախագահող խորհրդի անդամ: Ընդ որում, խորհրդում ընդգրկվելու համար մեզ 50-ից ավելի երկրներ էին ձայն տվել: Ի դեպ, նույն օրը մեր երկիրը ներկայացնող երգչուհուն տված ձայների քանակն էլ հաղթանակ պարգևեց Հայաստանին ու Սոնա Շահգելդյանին, որը Յուրմալայում անցկացված «Նոր ալիք 2010» երգի մրցույթի գլխավոր մրցանակակիրը դարձավ:

Իսկ ընդհանրապես, ամեն ոք փորձում էր յուրովի առանձնանալ ու աչքի ընկնել: Օրինակ, բուլղարացի հնէաբանները որոշեցին զարմացնել ամենքին ու հայտարարեցին, թե գտել են Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները և մարմարե սարկոֆագի ներսում պահպանված սրբի կմախքի, գանգի ու ատամների կտորները: Ամերիկացիներն իրենց հերթին զվարճանալու և բամբասելու հարմար առիթ էին գտել: Նյու Յորքի նահանգի Ռայնբեկ քաղաքում մոտ 500 հյուրերի մասնակցությամբ կայացավ երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դստեր՝ Չելսի Քլինթոնի հարսանիքը:

Սակայն ուրախությունը հենց նրանով է առանձնահատուկ, որ այն երկար չի շարունակվում: Շատ ավելի դյուրին է ունենալ մեծ ու փոքր խնդիրներ: Իսկ եթե դրանք տեխնածին կամ թե արհեստածին չեն, «օգնության» կհասնի մեծն բնությունը:

Օգոստոսին Ռուսաստանի գլխին փշրվեց միանգամից երեք աղետ՝ երաշտը, անտառային հրդեհները և անբնական շոգը: Մինչ երկրի բոլոր ուղղափառ եկեղեցիներում Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հորդորով մարդիկ անձրևի համար աղոթքներ էին կարդում, իսկ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն իր հերթին էր կոչ անում համերաշխություն ցուցաբերել Ռուսաստանին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկրի յոթ շրջաններում, որոնք ամենաշատն են տուժել բնական աղետից, հայտարարեց արտակարգ դրություն: Արդեն առաջին իսկ օրերին Ռուսաստանը կրել էր 6,5 մլրդ ռուբլու վնաս, հրդեհի զոհ էր դարձել շուրջ 50 մարդ, կրակը ոչնչացրել էր հազարավոր հեկտարներ, ամբողջովին այրվել էին մի քանի գյուղեր: Այլ երկրների թվում Հայաստանն առաջինն իր օգնությունն առաջարկեց, և 28 հայ հրշեջներ ակտիվորեն մասնակցեցին հրդեհաշիջման աշխատանքներին:

Աննախանձելի էր վիճակը նաև Աֆղանստանում ու Պակիստանում, ուր կործանիչ ջրհեղեղները հազարավոր զոհեր էին խլել, իսկ տուժածների թիվը հաշվվում էր միլիոններով: Պակիստանի որոշ վայրերում խոլերա բռնկվեց:

Կարծես քիչ էր եղածը, օգոստոսի 4-ին տեղեկացվեց այն մասին, որ սպասվում են բևեռային վառ ճառագայթումներ, ինչպես նաև մագնիսական փոթորիկներ՝ Արեգակի վրա կիրակի առավոտյան պլազմայի ուժգին արտանետումների հետևանքով:

Ինչ վերաբերում է քաղաքական կյանքին, ապա արտանետումներն ու փոթորիկներն այս դաշտում մշտական էին և ամենուր: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ատլանտայում իր ելույթի ժամանակ համարյա պատմական հայտարարություն արեց՝ խոստանալով մինչև օգոստոսի 31-ը ավարտել ռազմական գործողություններն Իրաքում: Իրենց անսպասելի որոշմամբ նախագահից ետ չմնացին ամերիկացի սենատորները՝ առկախելով Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանների հաստատման քվեարկությունը: Թեկնածուներից մեկը՝ ոչ անհայտ Մեթյու Բրայզան, տեղի հայկական կառույցների կողմից նախապես մեղադրվել էր կանխակալության և Ղարաբաղի խնդրում ոչ կառուցողական դիրքորոշման համար:

Պաղեստինյան հոգսերից դեռ չձերբազատված, Իսրայելն այս անգամ մարտական պատրաստության բերեց իր զորքերը հարևան Լիբանանի սահմանի մոտ, որտեղ նախօրեին զինված միջադեպ էր արձանագրվել և կային կորուստներ: Օգոստոսի 4-ին Իսրայելի բանակային ռադիոկայանը հաղորդեց, որ «օգնական ուժերի ուղարկումը սահմանի մոտ պետք Է պարզորոշ ազդանշան դառնա Լիբանանի կառավարության համար»: Իր հերթին Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը հակառակորդին սպառնաց «հուժկու պատասխան գրոհ նոր ագրեսիայի դեպքում»:

Էլ ավելի ցնցող էր Իրանից ստացված տեղեկատվությունը: Աշխարհի լրատվամիջոցները հայտնում էին, որ մահափորձ էր կատարվել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ: Վարչակազմի աղբյուրները հաստատեցին մահափորձի փաստը: «Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով՝ անհայտ մեկը ռումբ է նետել նախագահական ավտոշարասյան վրա: Նախագահը ողջ էր մնացել, մի քանի մարդ վիրավորվել էր:

Անհանգստությունը համակել էր նույնիսկ սառեցված հակամարտություններին: Պարզվեց, օրինակ, որ Հաագայի միջազգային դատարանի որոշումը լիովին չէր բավարարել Կոսովոյի ալբանական իշխանություններին, ու վերջիններս այս անգամ դիմեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով 1244-րդ բանաձևը (որը հաստատում է Սերբիայի տարածքային ամբողջականությունը) նոր փաստաթղթով փոխարինել:

Ռուս-վրացական հարաբերություններում ևս կնճիռները ոչ թե նվազում, այլ ավելանում էին: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այդ օրերին հայտարարեց, թե նախկին կապերը չեն կարող վերականգնվել Սահակաշվիլու օրոք: «Այն, որ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզվել են, Ռուսաստանի մեղքը չէ: Այն ամենի պատասխանատվությունը, ինչ պատահել է, այդ թվում քաղաքական հարաբերությունների խզման համար, ամբողջովին ընկած է Վրաստանի ղեկավարության և նախագահ Սահակաշվիլու վրա»,- ասաց նա:

Ռուսական մյուս անակնկալը այդ երկրի կառավարության՝ օգոստոսի 5-ին կայացրած որոշումն էր, որով մինչև տարեվերջ արգելափակվեց ցորենի արտահանումը: Լուրը համաշխարհային շուկայում իսկական խուճապ առաջացրեց: Փարիզի ու Չիկագոյի բորսաներում ցորենի մեկ տոննայի գինը բարձրացավ մինչև 290 դոլարի: Հայաստանը նույնպես մտահոգվելու լուրջ առիթներ ունեցավ, քանի որ անհրաժեշտ հացահատիկի շուրջ 60 տոկոսը ներմուծում էր Ռուսաստանից:

Պարզ էր, որ մեղավորը աննախադեպ երաշտն էր: Իսկ բնությունն իր անբնական պահվածքով շարունակում էր օգոստոսը վերածել չտեսնված մղձավանջի: Մեկ շաբաթվա ընթացքում ինը մարդ զոհվեց Միացյալ Նահանգների տարածքի մեծ մասում հաստատված շոգից: Երկրի կենտրոնական, արևելյան և հարավարևմտյան նահանգներում ջերմաչափի սյունը բարձրացել էր 30 աստիճանից վեր: Դրան հակառակ Բրազիլիայի հարավում սկսվեցին վերջին տասը տարվա ընթացքում ձյան ամենասաստիկ տեղումները: Երկու օր անընդմեջ ձյուն էր տեղում Ռիու Գրանդի դու Սուլի և Սանտա Կատարինայի նահանգների լեռնային շրջաններում: Առանձին վայրերում ջերմաստիճանն իջավ զրոյից ցածր մինչև 4 աստիճան:

Բնական անոմալիաների ու այլ կարգի աղետների «շնորհիվ» մոլորակը նմանվել էր աշխարհակործան սյուժեներով հոլիվուդյան ֆիլմերին: Օգոստոսի առաջին տասնօրյակում Պակիստանում հուժկու ջրհեղեղները շարունակվում էին, ապա դրանք անցան Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգներ, որտեղ զոհվածների թիվը անցնում էր 100-ից, 500-ը վնասվածք ստացան, իսկ հարյուրավոր բնակիչներ անհայտ կորել էին: Չինաստանի ոսկու հանքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 16 մարդ մահացավ: Լեհաստանի մայրաքաղաքում մոլեգնում էր ուժեղ փոթորիկը, հեղեղվել էր Վարշավայի մետրոն, կաթվածահար էր եղել վերգետնյա տրանսպորտի երթևեկությունը, ջրի տակ էին անցել հիվանդանոցների նկուղները, երկրի ՆԳՆ արխիվները: Հյուսիսային Աֆղանստանում թալիբները սպանեցին 10 բժիշկների, ովքեր փորձում էին բժշկական օգնություն հասցնել երկրի հեռավոր շրջաններ: Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու գավառում սողանքների հետևանքով զոհվեց 127 մարդ, ևս 2000 բնակիչ համարվում էր անհետ կորած: Սաստիկ հեղեղումները չշրջանցեցին Արևելյան Գերմանիայի Սաքսոնիայի ֆեդերալ երկրամասը, Նեյսե գետի ուղղությամբ մի շարք բնակավայրեր ջրի տակ անցան: Ավստրիայում մի քանի ժամվա ընթացքում ռեկորդային ցուցանիշով տեղումներ արձանագրվեցին, ինչը չէր եղել վերջին 30 տարվա ընթացքում, երկրի արևմտյան շրջաններում հունից դուրս եկան գետերը, գյուղեր ու քաղաքներ ծածկվեցին ջրով: Ինդոնեզիայի արևելքում լաստանավ էր խորտակվել, որում եղել էր ավելի քան 50 մարդ...

Այս թվարկումը կարելի է դեռ երկար շարունակել: Իսկ եթե եղածին հավելենք նաև այն բոլոր արտակարգ վիճակներն ու բախումները, որոնք տեղի էին ունենում մոլորակի զանազան անկյուններում, ապա օգոստոսյան շոգերի թեժացման աստիճանը պիտի վեր ձգվեր ևս մի քանի սանդղակով:

Չհանդարտվող Ղրղըզստանում անկարգությունների ալիքը նոր թափ էր հավաքել: Իրավապահները ցրեցին Բիշքեկում անցկացվող բողոքի զանգվածային ակցիան, ձերբակալվեցին ընդդիմադիր առաջնորդներ և նրանց տասնյակ կողմնակիցներ: Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաևան հայտարարեց, թե ցուցարարների նպատակը երկրում իշխանության զավթումն էր:

Բախումներ արձանագրվեցին նաև Թուրքիայի Աղրը, Վան, Դիարբեքիր ու Հաքյարի նահանգներում թուրքական զինուժի և Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների միջև: Մարտերի ընթացքում երկուստեք մարդկային կորուստներ եղան: Դիարբեքիրի նահանգում ՔԱԿ-ի անդամները հռթիռակոծեցին ոստիկանական բաժանմունքը, երկու ոստիկան ծանր վիրավորվեց:

Ի դեպ, ազգային խնդիրներից զատ Թուրքիան նաև ներքաղաքական լուրջ ճգնաժամ էր ապրում: Երկրի բարձրագույն ռազմական խորհրդում տեղի ունեցող նոր նշանակումների ու ազատումների շղթան գնահատվեց որպես բանակի ու կառավարության միջև ուժային պայքարի ազդանշան: Գլխավոր շտաբի ներկայացրած նշանակումների ցուցակում Թուրքիայի նախագահի և վարչապետի կողմից որոշ անունների մերժումը արտասահմանյան մամուլը բնութագրեց իբրև կառավարության վրա բանակի՝ նախկին ազդեցությունը կորցնելու փաստ: Թնջուկը հաջողվեց մասամբ կարգավորել օգոստոսի 9-ին, երբ Իշըք Քոշաները դարձավ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ նախկին պետ Իլքեր Բաշբուղի փոխարեն, իսկ ցամաքային ուժերի հրամանատար նշանակվեց բանակի գեներալ Էրդալ Ջեյլանօղլուն:

Եթե ներքին խնդիրներն ինչ-որ կերպ հաջողվում էր միայնակ լուծել, ապա արտաքին գլոբալ հիմնահարցերը պահանջում էին համակիրների համախմբում: Այդ նպատակին էր ծառայում Թուրքալեզու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը կայացավ Բոդրում քաղաքում: Մասնակցում էին Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի ու Ղրղըզստանի արտգործնախարարները: Այլ հարցերի թվում անդրադարձ եղավ նաև Ղարաբաղի խնդրին: Նույն օրերին մեկ այլ հարկի տակ հյուրընկալվեցին այլ դաշնակիցներ: Թեհրանում մեկնարկեց պարսկալեզու երկրների առաջնորդների գագաթաժողովը: Այստեղ էր, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կոչ արեց ստեղծել դաշինք՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի: Ըստ նրա, տարածաշրջանից պետք է դուրս գան ՆԱՏՕ-ի ուժերը, և հարկ է Ասիայում ստեղծել այդ կառույցին հակակշիռ մի դաշինք:

Ամսվա ընթացքում երկու այցելություններ առանձնակի ուշադրության արժանացան և ամենատարբեր մեկնաբանությունների առիթներ տվեցին: Դրանցից առաջինը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի դեսպանների մասնակցությունն էր ճապոնական Հիրոսիմա քաղաքի ատոմային ռմբահարման տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը: Նման բան չէր եղել Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր:

Հաջորդ քաղաքական դեմարշը կատարեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ օգոստոսի 8-ին մեկնելով Աբխազիա: Սա Աբխազիայի անկախացումից ի վեր ռուսական պետության ղեկավարի առաջին այցն է այդ հանրապետություն: «Ուղիղ երկու տարի առաջ Հարավային Օսիայում տեղի ունեցան հայտնի ծանր իրադարձությունները, որոնք մեկնարկ տվեցին մի շարք քաղաքական գործընթացների, այդ թվում Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչմանը որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտների»,- Սուխումում հայտարարեց Ռուսաստանի նախագահը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն այդ առթիվ իր բողոքն արտահայտեց՝ դա գնահատելով որպես «ցինիկ ակտ»: «Այսպես կոչված «այցն» ինքնիշխան պետության տարածք, որն իրականացել է խորհրդային ղեկավարների ոճով, ևս մեկ ցինիկ ակտ է, որով Ռուսաստանը մեկ անգամ ևս հաստատում է, որ ինքն անտեսում է միջազգային պարտավորությունները, չի պատրաստվել և չի էլ պատրաստվում կատարելու 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագիրը»,- ասված էր վրացական հայտարարության մեջ:

Նույն օրը ՌԴ-ի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը Թբիլիսիին զայրանալու երկրորդ առիթը տվեց՝ տեղեկացնելով, որ հակաօդային պաշտպանության ռուսաստանյան C-300 համակարգերը և ՀՕՊ-ի զորային միջոցները, որոնք ծավալված են համապատասխանաբար Աբխազիայում ու Հարավային Օսիայում, կխփեն ցանկացած թռչող ապարատներ, որոնք կներխուժեն այս հանրապետությունների օդային տարածություն:

Գժտություններն ու հաշտեցումներն այնքան հաճախակի էին հաջորդում մեկը մյուսին, որ արդեն դժվար էր կողմնորոշվել, թե որտեղ էր լրջությունը և որտեղ՝ քաղաքական բլեֆը:

Դեղին ծովում Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի պատմության մեջ խոշորագույն հակասուզանավային զորավարժությունները ԿԺԴՀ-ն որակեց իր տարածք ներխուժման նախապատրաստություն: Կորեական թերակղզու շուրջն ստեղծված առանց այդ էլ բարդ իրադրությունն էլ ավելի շիկացավ ԿԺԴՀ-ի կողմից Հարավային Կորեայի «Տեսինհո 55» ձկնորսական առագաստանավի կալանումից հետո:

Նույն ժամանակ Կոլումբիայի ու Վենեսուելայի նախագահները պայմանավորվեցին վերականգնել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները: Ընդունելով հանդերձ, որ երկրների միջև տարաձայնություններ կան, նրանք սակայն համոզված էին, որ պետք է դրանք երկրորդ պլան մղել՝ հանուն երկու ժողովուրդների շահերի: Հիշեցնենք, որ Կոլումբիայի ու Վենեսուելայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին մեկ ամիս առաջ՝ Կարակասի նախաձեռնությամբ, երբ երկրի նախկին նախագահը Վենեսուելային մեղադրել էր կոլումբիացի 1500 ապստամբներին ապաստան տալու մեջ:

Հաշտեցման ու զղջումի ալիքը հասավ նաև Հեռավոր Արևելք: Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը «խոր զղջում» հայտնեց ու պաշտոնական ներողություն խնդրեց այն վնասի և տառապանքների համար, որոնք Կորեային պատճառել է Տոկիոյի գաղութային տիրապետությունը: Այս մասին հաղորդվեց Ճապոնիայի կողմից Կորեայի գրավման 100-րդ տարելիցի առնչությամբ, որը ձևակերպվել էր այսպես կոչված Միավորման պայմանագրի տեսքով: Ճապոնիայի վարչապետը հայտարարեց նաև Սեուլի հետ «դեպի ապագա միտված հարաբերություններ» հաստատելու ձգտման մասին: (Թուրքիայի ականջը կանչի):

Իսկ ահա իսրայելա-պաղեստինյան լարվածությունը որևէ կերպ չխոչընդոտեց, որպեսզի օգոստոսի 9-ին Երուսաղեմում կայանար գարեջրի վեցերորդ ամենամյա փառատոնը: Փառատոնի ժամանակ գարեջրի ավելի քան 100 համաշխարհային արտադրողներ ու մասնավոր գարեջրագործարաններ այցելուներին առաջարկեցին համտեսել սիրված խմիչքն իր ամենատարբեր դրսևորումներով: Պարպված գավաթների ընդհանուր ծավալը գերազանցեց 50 հազար լիտրը:

Անկասկած, ոչ խմիչքի ազդեցության ներքո Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պաղեստինցիներին կոչ արեց անհապաղ ձեռնամուխ լինել համապարփակ հաշտության բանակցությունների: «Եկեք արդեն սկսենք այդ բանակցությունները»,- ասել էր նա Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միթչելի հետ Երուսաղեմում կայացած հանդիպման ժամանակ:

Հայ-թուրքական հարաբերություններում այս ընթացքում արագ բռնկվեց ու արագ էլ մարեց «դրոշների կոնֆլիկտը»: Հայ լեռնագնացները Արարատի գագաթին Հայաստանի և Արցախի դրոշը պարզեցին, ինչը հիմք տվեց թուրքերին մտածելու, որ հայերի նպատակն իրենց այս արարքով Արարատ լեռան՝ Հայաստանին պատկանելու փաստը ցույց տալն էր և այն կարծիքն արմատավորելը, թե Թուքիան այս շրջանում հեղինակություն չունի: «Պարզից էլ պարզ է, որ այս լեռնագնացները Քրդական բանվորական կուսակցության քարոզչության կամակատարներն են»,- գրեցին տեղի թերթերը, իսկ Աղրի նահանգապետարանը փաստի առթիվ հետաքննություն սկսեց:

Ինչ խոսք, քրդերը Մասիսի գագաթին դրոշ ծածանելուն մասնակցություն չունեին, փոխարենը ՔԲԿ ապստամբները պայթեցրեցին Քիրքուկ-Ջեյհան նավթամուղը: 970 կմ երկարությամբ այդ խողովակաշարը Իրաքի ամենախոշոր նավթամուղն է, այն Քիրքուկի հանքավայրը միացնում է թուրքական Ջեյհան նավահանգստին: Դրոշները մոռացվեցին: Հետո մոռացության տվեցին նաև նավթը, քանի որ օգոստոսի 10-ից հետո Իրանի հարցը դարձավ շատ ավելի հրատապ:

Իրանը գործարկեց ցենտրիֆուգների երկրորդ կասկադը, որը թույլ էր տալիս ավելի արդյունավետ հարստացնել ուրանը: Այդ առթիվ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ եթե Իրանը չդադարեցնի ատոմային ռումբ ստանալու իր ձգտումը, Թուրքիան կխզի բոլոր հարաբերություններն այդ երկրի հետ: Քիչ էր մնում, որ աշխարհը հավատար Դավութօղլուի անկեղծությանը, երբ իտալական «Corriere della Serra» թերթը Անկարայի մեկ այլ դիմակ պատռեց: Պարբերականը գրում էր, որ Թուրքիան Իրանի հետ Իսրայելի դեմ գաղտնի համաձայնագիր է ստորագրել: Սկանդալ պայթեց: Հայտնի դարձան այլ մանրամասներ: Պարզվեց, որ այդ ճանապարհով պետք է հրթիռներով բեռնված ու իրանական զորքերի կողմից պահպանվող հարյուրավոր բեռնատարներ անցնեին՝ «Հզբոլլահ»-ին զինելու համար: Ասվում էր նաև, որ չնայած Իրանի դեմ ԱՄՆ և Եվրամիության սահմանած պատժամիջոցներին, Թուրքիան մտադիր է շարունակել վառելիք մատակարարել Թեհրանին: «Իրանը շատ ավելի կարևոր է մեզ համար, քան Ամերիկան»,- ասել էր Թուրքիայի էներգետիկայի նախարարը:

Արձագանքը չուշացավ: Օգոստոսի 16-ին ԱՄՆ-ը կտրուկ ձևով Թուրքիայից պահանջեց փոխել քաղաքական ուղեգիծն Իսրայելի ու Իրանի նկատմամբ՝ սպառնալով հակառակ դեպքում Անկարային զրկել նրա կողմից պահանջվող ամերիկյան զենքից: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասաց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Սպիտակ տան ղեկավարը նաև հավելել էր, որ «Թուրքիայի որոշ քայլեր Կոնգրեսում կասկածներ են հարուցել Անկարայի՝ որպես դաշնակցի հուսալիության նկատմամբ»: Թուրքիայի ԱԳ նախարարը շտապեց հերքել այս տեղեկատվությունը: Դավութօղլուի խոսքով՝ ոչ մի երկիր իրավունք չունի Թուրքիային վերջնագիր ներկայացնել և նախազգուշացումներ անել, առավել ևս՝ վարչապետի հասցեին:

Ի դեպ, զենքերի մասին: Օգոստոսի կեսերին ԱՄՆ-ը լիովին ավարտեց իր միջուկային մարտագլխիկների տիպերից մեկի՝ Դաբլյու-62-ի օգտահանման ծրագիրը: Դրանով Օբամայի վարչակազմը նպատակ ուներ ցուցադրել, որ միջուկային մարտագլխիկների քանակի և ԱՄՆ-ի ազգային անվտանգության ապահովման ռազմավարության մեջ դրական միտումներն առկա են:

Աշխարհն ինքն էլ կդավաճաներ իր բուն էությանը, եթե բավարարվեր միայն զենքերի մասին հոգսերով ու «վնասակար» բացահայտումներով: Այդ հանգամանքը դարձյալ ապացուցեց ԱՄՆ-ում աշխատող հնդկաստանցի մի մաթեմատիկոս, որը գտավ «հազարամյակի յոթ խնդիրներից» մեկի լուծումը: Այն նվիրված էր համակարգչային գիտության կարևորագույն, բայց դեռ չլուծված հարցերից մեկին, ինչը հայտնի է «P և NP պրոբլեմ» անվանումով: Մնում էր գտնել խաղաղ գոյակցության ու բարգավաճման բանաձևը՝ մարդկությանն իր ապագայի հանդեպ հույսեր ներշնչելու համար: Սակայն առայժմ դրանց որոնումները ցանկալի արդյունքը չեն տվել:

Օգոստոսի երկրորդ կեսին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեֆրի Ֆելդմանը ժամանեց Բաղդադ՝ կոալիցիոն կառավարություն կազմելու հարցի շուրջը փոխզիջման հասնելու գործում իրաքցի քաղաքական գործիչներին օգնելու նպատակով: Իրաքում արդեն վեց ամիս հակամարտող խմբակցություններին չի հաջողվում համաձայնության հասնել այն գործարքի շուրջ, որը նրանց թույլ կտար բաժանել իշխանությունը: Իսկ ամերիկացիներն այս հարցում, ինչպես ասում են, մեծ փորձ ունեն կուտակած: Մնում է միայն կռահել, թե ինչպես նրանք պիտի նպաստեին երկու Կորեաների մերձեցմանը, երբ օգոստոսի 16-ին Հարավային Կորեայի հետ համատեղ սկսեցին «Իլչի ֆրիդոմ գարդիան» հերթական զորավարժությունները Կորեական թերակղզում լարվածության կտրուկ բարձրացման պայմաններում, որի պատճառը մարտի 26-ին հարավկորեական «Չհոնան» կորվետը ջրասույզ անելու հետ կապված միջադեպն էր: Սեուլը և Վաշինգտոնը մինչ օրս էլ պնդում են, որ նավը պայթել և ջրասույզ է եղել հյուսիսկորեական սուզանավի կողմից տորպեդային հարձակման հետևանքով:

Ոչ պակաս դրամատիկ ու հետաքրքիր զարգացումներ ծավալվեցին նաև մեր տարածաշրջանում: Նախ երկօրյա պաշտոնական այցով Բաքու ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Ադրբեջանում Թուրքիայի նախագահը Ի.Ալիևի հետ քննակեց տարածաշրջանային ու գլոբալ գործընթացները, ինչպես նաև երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները: Հատուկ անդրադարձ եղավ ղարաբաղյան հակամարտությանը և հայ-թուրքական առնչություններին: Այնուհետև Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվեց «Ռազմավարական գործընկերության ու փոխադարձ օգնության մասին» պայմանագիրը: Ադրբեջանցիներն անմիջապես այդ փաստաթղթին պատմական նշանակություն հաղորդեցին:

Պատմական էր դա, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Սակայն Գյուլի այցը կարևորվեց մեկ այլ իրադարձության համատեքստում, որն, անկասկած, խիստ նշանակալի էր ու վճռորոշ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար: Օգոստոսի 19-ին պետական այցով Երևան ժամանեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Երկու երկրները ստորագրեցին հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր և համաձայնագրեր: Նույն օրերին Հայաստանում գումարվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների՝ ոչ պաշտոնական գագաթաժողովը: ՀԱՊԿ անդամ վեց երկրների ղեկավարներ քննարկեցին կառույցի առաջ ծառացած հարցերի լայն շրջանակ, առաջադրեցին արտակարգ իրավիճակներին օպերատիվ արձագանքելու մեխանիզմներ ու լուծումներ:

Վերադառնալով լայնատարած աշխարհի փոփոխամիտ իրադարձություններին՝ արձանագրենք, որ օգոստոսի երկրորդ տասնօրյակը լի էր պայթյուններով, ռմբահարումներով ու քաղաքական աղմկահարույց սկանդալներով: Օգոստոսի 17-ին մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրեց Հյուսիսային Օսիայի և Ինգուշիայի սահմանին՝ ոստիկանական պահակետի մոտ: Մեկ միլիցիոներ զոհվեց, երկուսը վիրավորվեց: Նույն օրը առնվազն 18 մարդ զոհվեց և ավելի քան 50-ը վիրավորվեց Բաղդադում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով, երբ դարձյալ մահապարտն իրեն պայթեցրել էր իրաքյան բանակ նորակոչիկների ընդունման կենտրոնի մերձակայքում: Հաջորդ առավոտ իսրայելական օդուժը ռմբակոծման ենթարկեց Գազայի հատվածը՝ ի պատասխան պաղեստինցի գրոհայինների կողմից հերթական գնդակոծման: Իսրայելցի զինվորականների հարձակման թիրախներն էին զինագործական արհեստանոցը, զենքի մաքսանենգության երկու թունելները: Անջատականների գրոհի թիրախ դարձավ նաև Պյատիգորսկի «Էրմիտաժ» սրճարանը, պայթյունի հետևանքով տուժեցին մոտ երեք տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ 7 հայ: Նրանցից երկուսը ծանր վիճակով տեղափոխվեցին Մոսկվա: Ահաբեկիչները հասան մինչև Չինաստանի Սինցզյան նահանգի հարավային Ակսու քաղաք և գործի դրեցին իրենց մահացու սարքերը: 7 մարդ զոհվեց, 14-ը վիրավորվեց: Ավելի ուշ նահանգի իշխանությունները հայտարարեցին, որ ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող անձին, որն ույգուր է:

Կտրուկ վատթարացան ռուս-ռումինական հարաբերություններն այն բանից հետո, երբ Ռուսաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվեց ՌԴ ԱԳ նախարարություն, ուր նրան բողոք հայտնեցին դեսպանության աշխատակիցներից մեկի լրտեսական գործունեության պատճառով: Ռումինիայի դեսպանության 1-ին քարուղար Գաբրիել Գրեկուն հայտարարվեց անցանկալի անձ, նրան առաջարկվեց երկօրյա ժամկետում լքել երկիրը: Ի պատասխան այդ քայլի, Ռումինիան իր հերթին վտարեց Բուխարեստում Ռուսաստանի դեսպանության աշխատակցին:

Իսկ անհաշտությունը նորանոր սերմեր էր նետում աջուձախ: ԿԺԴՀ-ն մերժեց Հյուսիսի և Հարավի վերամիավորման՝ Կորեայի Հանրապետության նախագահ Լի Մյոն Բակի առաջարկած պլանը: Ինչպես ասվում էր ԿԺԴՀ-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության տեքստում, «հարավկորեական խամաճիկային վարչակարգն սկսել է հայրենիքի վերամիավորման շուրջ դատողություններ անել այն ժամանակ, երբ Սեուլը Վաշինգտոնի հետ համատեղ անցկացնում է խոշորամասշտաբ զորավարժություններ, որոնք ուղղված են Փհենյանի դեմ»:

Վերջիններիս օրինակով Ադրբեջանը հրաժարվեց իր օդային տարածքի օգտագործման թույլտվություն տրամադրել Աֆղանստանից Երևան ուղևորվող գերմանական ինքնաթիռին: ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանի անվտանգության ապահովման միջազգային ուժերի գործողությունների համար փոխադրումներ կատարող մարդատար ինքնաթիռը, որը Երևան էր տեղափոխում Կունդուզի նահանգում իրենց ծառայությունն ավարտած հայ խաղաղապահների հերթափոխը, հարկադրված էր այլ երթուղի ընտրել: Հայաստանի պաշտպանության նախարարությունում այս միջադեպը գնահատեցին որպես Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարման գործընթացը խոչընդոտելու, ինչպես նաև դեպի Աֆղանստան փոխադրումների համար Հայաստանի օդային տարածքի և օդանավակայանների օգտագործման հնարավորությունները սահմանափակելու փորձ: Քննարկվում են համարժեք քայլեր ձեռնարկելու ծրագրերը:

Մինչ ոմանք այսպես տարածքային կռիվներ ու վեճեր էին մղում մի թիզ հող ավելի ձեռք գցելու համար, երկրագնդի ամենախոշոր արշիպելագի վրա գտնվող Ինդոնեզիայում ավարտվեց կղզիների հաշվառման գործընթացը, ինչի արդյունքում պարզվեց, որ իրականում երկրի տարածքում կա ընդամենը 13 հազար կղզի, այսինքն... 4500-ով պակաս, քան ավելի վաղ ենթադրվում էր: Ինդոնեզացիների անփութությունը շատերի նախանձը շարժեց:

Սակայն այլ բան է սեփական տարածքի չափումների սխալը, մեկ այլ բան ուրիշի տարածքը լքելու ցավն ու ափսոսանքը: Երևի նման զգացողություն պիտի ունենային ամերիկյան վերջին մարտական բրիգադի մարտիկները, ովքեր ժամկետից շուտ լքեցին Իրաքը և տեղափոխվեցին Քուվեյթ: Մարտական զորամիավորումների դուրսբերումը ներառված էր «Իրաքի ազատություն» գործողության ծրագրում, ինչը նշանակում էր, որ շուրջ 7.5 տարի առաջ Իրաք ներխուժած ամերիկյան ուժերն ավարտում են իրենց «մարդասիրական» առաքելությունն այդ երկրում:

Իսկ մինչ այդ օգոստոսը մղվում էր դեպի իր ավարտը՝ առանց ընդհանրություններ ու զուգորդումներ որոնելու, թեև այն ամենն, ինչ կատարվում էր, ոչ նոր էր, ոչ էլ անժամանակ: Ամսվա վերջին շաբաթվա հարուստ խճանկարը մեզ համար լրացվեց հիշարժան իրադարձությամբ՝ երկիրը նշեց Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձը: Օրը ևս մի հնարավորություն էր՝ վերարժևորելու անցած տարիների ձեռքբերումներն ու կորուստները, հասկանալու հետագա ընթացքի և թիկունքում մնացած ժամանակի ներքին կապը:

Հարևան Իրանում օգոստոսի 23-ին նույնպես հանդիսավոր տրամադրություն էր: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պաշտոնապես հաստատեց «Բուշեր» ատոմային էլեկտրակայանում միջուկային վառելիքի բեռնման փաստը և նրա ֆիզիկական գործարկումը: Սա նշանակում էր, որ երկարատև սպասումներից հետո Իրանն առաջին անգամ արտադրելու է սեփական միջուկային էներգիան՝ հակառակ ամեն կարգի սպառնալիքների ու խոչընդոտների:

Մեր մեկ այլ հարևան երկրում՝ Թուրքիայում ոչ պակաս կարևոր իրադարձությամբ նշանավորվեց նույն օրը: Այդ երկրի իշխանությունները որոշեցին արմատական փոփոխություններ մտցնել ազգային անվտանգության ռազմավարության մեջ՝ որպես արտաքին սպառնալիքներ դրանից հանելով չորս երկրների՝ Ռուսաստան, Հունաստան, Իրան և Իրաք: «Կարմիր գիրքը» (ինչպես նրանք անվանում են ազգային անվտանգության փաստաթուղթը) վերանայելու մտադրությունը թերևս բխում էր «զրոյական խնդիրներ հարևանների հետ» թուրքական նոր մարտավարության դրույթներից:

Ասենք, նման ցանկություն շատերն ունեն, պարզապես ոչ միշտ է դա հաջողվում և ոչ միշտ է ընտրում հաշտեցման տանող ճիշտ ճանապարհը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որը հեռախոսով թուրք պաշտոնակից Աբդուլա Գյուլի հետ քննարկեց Հայաստան կատարած իր այցի արդյունքներն ու Անդրկովկասի իրադրությունը, թերևս նույնպես հակված էր հարթեցնել անհարթությունները: Նրանք կարծիքներ և գնահատականներ փոխանակեցին տարածաշրջանում իրադրության զարգացման շուրջ, ինչպես նաև խոսեցին Կովկասում խաղաղության ու կայունության օժանդակման նպատակով Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերի համակարգման մասին:

Մեկ այլ՝ ոչ պակաս բարդ խնդիր էր փորձում լուծել Ռուսաստանի «Սիբիր» ավիաընկերությունը, որը վերջին երկու տարվա ընթացքում առաջին չվերթն իրականացրեց Մոսկվայից Թբիլիսի: Օդանավը երկինք բարձրացավ լիովին բեռնված:

Հաշտարարության ջատագովներով լեցուն մեկ այլ ինքնաթիռ էլ օգոստոսի վերջին Անկարայի օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի Վաշինգտոն: Թուրքիայի ԱԳ նախարարի խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորած պատվիրակությունը մեկ հիմնական առաքելություն ուներ՝ «վերանորոգել» թուրք-ամերիկյան խաթարված հարաբերությունները: Մեկնողների համար պարզ էր, որ Հայոց ցեղասպանության, Իրանի դեմ արգելանքների հարցերը և «Մավի Մարմարա» թուրքական նավի հետ տեղի ունեցած միջադեպը դեռ շարունակում են հակաթուրքական մթնոլորտ ստեղծել ԱՄՆ Կոնգրեսում:

Իսկ աշխարհի այն անկյուններում, որտեղ դիվանագիտությունը սպառել էր իրեն, հնչում էին կրակոցներ և զոհվում էին անմեղ քաղաքացիներ: Օգոստոսի 25-ին խոշոր ընդհարումներ տեղի ունեցան Լիբանանի մայրաքաղաքում շիաների և սուննիների միջև: Ռամադանի՝ պահքի ու աղոթքի շրջանում «Հըզբոլլահ» արմատական խմբավորման կողմնակիցների և «Ալ Ախբաշ» աղանդի դավանամոլների առճակատումն իր ծավալներով ամենասաստիկն էր 2008 թվականի մայիսից ի վեր:

Նույն ժամանակ Թուրքիայում շարունակվում էին թուրք-քրդական բախումները: Թեև Ռամազանի շրջանում քրդական կողմը հրադադար էր հռչակել, սակայն թուրքական բանակը շարունակում էր իր գրոհները, իսկ կառավարությունը ժխտում է քրդերի հետ բանակցություններ անցկացնելու ամեն մի հնարավորություն:

Ահաբեկիչների համար ընդհանրապես չկար կոմպրոմիս բառը: Օգոստոսի 25-ին Իրաքի տարբեր քաղաքներում որոտացած մի քանի պայթյունները 41 մարդու կյանք խլեցին, ավելի քան 200-ը վիրավորվեց: Բաղդադում պայթուցիկով լի բեռնատարը խոյահարել էր ոստիկանական վարչությունը՝ դառնալով 13 հոգու մահվան պատճառ: Այս ամենի ֆոնին Եգիպտոսի մայրաքաղաքի թանգարանից Վան Գոգի «Կակաչներ» կտավի հափշտակման պատմությունն անմեղ արկած էր թվում...

Շարունակում էր բուռն քննարկումների և վերլուծումների նյութ մնալ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության խորացման և Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման համաձայնագիրը: Առանձնապես հետաքրքրական էր Միացյալ Նահանգների արձագանքը: ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարեց, որ դա երկու պետությունների երկկողմ հարաբերություններին առնչվող հարց է: Ադրբեջանի անհանգստության վերաբերյալ լրագրողի դիտարկմանն ի պատասխան Մ.Թոները նշեց, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և կառուցողական դեր է խաղում այդ առումով:

Նման հանգստության ու խրախուսանքի մթնոլորտում ինչպես Բաքվում, այնպես էլ Անկարայում մտահոգվելու հիմքեր գտան, թեև դեռ հակված չեն իրողությունը որպես պարտություն որակելու: Մի բան պարզ է, ռուսական երկարատև ներկայությունն էլ ավելի է բարդացնելու Ղարաբաղը ետ վերցնելու նրանց համատեղ ծրագրերի իրագործումը:

Իսկ ահա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, որը հայտնի է իր անիրագործելի ու գլոբալ առաջարկություններով, ոչինչ անհավանական չի թվում: Այդ իսկ պատճառով էլ նա Աստանայում կայացած միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային խորհրդաժողովում հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որով կոչ էր անում ընդունել դեպի միջուկազերծ աշխարհ ընթանալու մասին հռչակագիր և հասնել բոլոր պետությունների պատրաստակամության ձեռքբերմանը:

Ներկա պահին աշխարհը հազիվ թե պատրաստ է այդօրինակ զոհողության: Բայց, համենայն դեպս, մեկը եղավ, որ լսեց Նազարբաևի ձայնը: Օգոստոսի 26-ին ՄԱԿ-ը կոչ արեց սահմանել միջուկային փորձարկումների բոլոր տեսակների մորատորիում մինչև Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի (ՄՓՀԱՊ) ուժի մեջ մտնելը: Հիշեցնենք, որ պայմանագիրը ստորագրման համար բացվել է դեռևս 1996 թվականից, և այս պահի դրությամբ այն ստորագրել են 165 պետություններ, այդ թվում՝ միջուկային տերությունների «հնգյակը», սակայն վավերացրել են ընդամենը 91-ը:

Ի դեպ, անվտանգ մոլորակ երազողների հաջողություններն անհամեմատելի էին այն ձեռքբերման հետ, որ նույն օրերին արձանագրեցին Աֆղանստանում կոալիցիոն ուժերի զինծառայողները: Վերջիններս կարողացել էին բռնագրավել պատմության մեջ հերոինի խոշորագույն խմբաքանակը՝ «սև շուկայի» գներով 1,1 միլիարդ դոլար արժողությամբ:

Սակայն Աֆղանստանը միայն թմրանյութերի ծավալներով չէ, որ կարողացավ զարմացնել աշխարհին: Այդ երկիրն առաջին անգամ սկսեց նավթի արդյունահանումը: Նորահայտ հանքավայրի պաշարները գնահատվում են առնվազն 1,8 միլիարդ բարել:

Այժմ նախատեսվում է Սարի Փուլի հյուսիսային նահանգում արդյունահանել օրական շուրջ 800 բարել նավթ: Վառելիքի նման ծավալների առկայությանը նախանձով կարող էր նայել հատկապես Թուրքիան, քանի որ քուրդ գրոհայիններին կրկին հաջողվել էր պայթեցնել Իրանից եկող գազատարը, այս անգամ Աղրիի արևելյան նահանգում, Էլեշկիրտ (Ալաշկերտ) քաղաքի մերձակայքում: Իրանական ընկերություններն անմիջապես հայտարարեցին, որ պատրաստ են ցանկացած պահի վերսկսել գազի մատակարարումը, հենց որ վերացվեն «տեխնիկական խնդիրները»:

Ամսվա ավարտին, բայց այս անգամ արդեն «ոչ տեխնիկական» բնույթի խնդիրներից բողոքելու լուրջ հիմքեր ունեցան Չադի և Նիգերիայի բնակիչները: Չադի Հանրապետությունում շուրջ 110 հազար մարդ տուժեց սաստիկ հեղեղների հետևանքով, որոնց պատճառը վերջին շաբաթներին չդադարող տեղատարափ անձրևներն էին: Ծանրագույն իրադրություն էր ստեղծվել նաև հարևան Նիգերիայում, որտեղ հեղեղների պատճառով անօթևան էր մնացել ավելի քան 111 հազար մարդ: Տարերքը վիթխարի վնասներ էր հասցրել տնտեսապես թույլ զարգացած այս երկրների գյուղատնտեսությանն ու տրանսպորտային ենթակառուցվածքներին:

Իսկ այն ժողովուրդները, ովքեր ոչ երկիր և ոչ էլ ենթակառուցվածքներ ունեն, կարող են ակնկալել ամեն կարգի շրջադարձային իրավիճակներ: Եվ դրանց հետևանքներն էլ հեղեղումներից ոչ պակաս աղետալի անդրադարձ կխոստանան: Թերևս հենց այսպես մտածելու իրավունք ունեն Ֆրանսիայում բնակվող գնչուները, որոնք տեղի իշխանությունների հարկադրանքով ստիպված են լքել այդ երկիրը: ՄԱԿ-ի հակառասիստական կոմիտեն արդեն Ֆրանսիային հորդորել է խուսափել գնչուների զանգվածային արտաքսումից՝ փաստը որակելով որպես «խտրական բնույթի քաղաքական ելույթ»: Բայց այդ կոչն առայժմ արձագանք չի գտել Փարիզում, որը բաց է պահում սահմանը, և այս տարվա ընթացքում Ռումինիա ու Բուլղարիա է արտաքսվել շուրջ 8 հազար 300 գնչու:

Մի տեղ սահմանները բացվում են հարկադրաբար, իսկ մեկ այլ վայրում ընդհանրապես լսել չեն ցանկանում նման հեռանկարի մասին: «Նույնիսկ ժամանակավորապես Հայաստանի հետ սահմանը չի բացվի»,- թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ կտրականապես հերքելով ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկությունները, թե սեպտեմբերին՝ Հայաստանում մեկնարկող ՆԱՏՕ-ի զորավարժությունների օրերին պաշտոնական Անկարան կարող է ժամանակավորապես բացել սահմանը:

Ինչ խոսք, նույնիսկ Դավութօղլուի տրամաչափի դիվանագետներին տրված չէ կանխագուշակելու վաղվա օրը: Երբեք չես կարող իմանալ, թե ինչ նոր անակնկալներ ու փոփոխություններ իր հետ կբերի ապագան՝ ստիպելով զղջալ նախկինում ասած բառերի համար: Գուցե թուրքերի օրինակով նաև ադրբեջանցիները զղջան այն բանի համար, որ պատրաստվում եմ սեպտեմբերի 9-ին Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում ներկայացնել մի բանաձևի նախագիծ, որը բավական երկարաշունչ անվանում ունի՝ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային հումանիտար իրավունքի և միջազգային ստանդարտների նորմերի պահպանումը»: Ամեն դեպքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որ ամսվա վերջին օրերին աշխատանքային այցով գտնվում էր ԼՂՀ-ում, այդ առթիվ հետևյալն ասաց. «...Բանաձևի ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի և Հայաստանի ոչ քաղաքական, ոչ տնտեսական կյանքում, ոչ էլ անվտանգության բնագավառում: Այդ բանաձևին, հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ: Թերևս, այն երկրները, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանին. առաջին հերթին դրանք Իսլամական կոնֆերանս կազմակերպության երկրներն են: Բայց վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձևին: Առնվազն գոնե ձեռնպահ են մնալու, որովհետև նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձևերի ընդունումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա»:

Իսկ որ ամռան տաք-տաք նախաձեռնությունները աշնանային անձրևների տակ կարող են սառչել ու նոր որակներ ձեռք բերել, դա վաղուց հայտնի ճշմարտություն է: Ուրեմն, սպասենք աշնանամուտին և զով ժամանակների սթափությանը:

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am