Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Օգոստոս 2010, N 7

ՕԳՈՍՏՈՍԻ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անգամ ամենամեծ ցանկության դեպքում 2010-ի օգոստոսն արձակուրդային չես անվանի: Թեև ղեկավարության մեծամասնությունը հանգստանում էր ի բարօրություն երկրի, օգոստոսին տեղի ունեցան իրադարձություններ և նշմարվեցին միտումներ, որոնք ապագայում որոշիչ կլինեն հայ իրականության մեջ: Այս առնչությամբ կուզենայի ուշադրություն հրավիրել մի քանի հանգամանքի վրա:

Առաջին. աննախադեպ երաշտի և անբերրիության հետևանքով Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարեց հացահատիկի արտահանումն արգելելու մասին: Այս լուրը ցնցեց համաշխարհային շուկաները, իսկ հայրենական բիզնեսի «ակուլաների» համար հիրավի երանավետ դարձավ. Պուտինի ելույթից անմիջապես հետո «ժողովրդի ընտրյալ» Սամվել Ալեքսանյանը (իսկական անունը՝ Լֆիկ Սամո) բարձրացրեց ալյուրի և համակցված կերերի գինը: Այսպես, նրան հաջողվեց մեկ կիլոգրամ ալյուրի գինը 140-ից բարձրացնել մինչև 240 դրամի: Հարկ է նշել, որ «ժողովրդի ընտրյալ» Ալեքսանյանը, որի մանդատը պարտավորեցնում է շուրջօրյա հոգածություն Հայաստանի բնակչության հանդեպ, բարձրացրել է այն ապրանքի գինը, որը դեռ անցյալ տարի է ներկրվել, այսինքն՝ ձեռք է բերվել ցածր գներով: Այլ բան է, եթե պատգամավոր Ալեքսանյանը, որն այս ոլորտում մոնոպոլիստ է, բնակչությանը 2010թ. բերքի ցորենից պատրաստված ալյուր և համակցված կեր վաճառեր: Այդ ժամանակ մեղադրանքների շարժառիթներ չէին լինի, քանի որ շուկան շուկա է, ոչ ոք այնտեղ ի վնաս իրեն չի աշխատի: Սակայն, ցավոք, հայկական շուկայի առանձնահատկությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր ոք իր պարտքն է համարում հարստանալ բացառապես լկտիաբար՝ չխորշելով ոչնչից: Ընդ որում, որքան շատ են աշխարհում անմիջապես տնտեսության վրա ազդող աղետները, այնքան ավելի լավ նրանց համար:

Ցորենի գնի բարձրացումը, բնականաբար, շղթայական ռեակցիա առաջ բերեց, որի հետևանքն այսօր դժվար է գուշակել: Ասենք միայն, որ ուժեղ հարված է հասցվել անասնապահությանը. աշնանը կսկսվի անասունների զանգվածային մորթը (մանր տնտեսությունների ուժից վեր կլինի անասունը պահել ձմռանը), ինչը կհանգեցնի մսի գնի ժամանակավոր իջեցման, սակայն դրան կհաջորդի գների բարձրացումը, և Հայաստանի բնակչությանն անհասանելի սննդային «դելիկատեսների» ցանկը կհամալրվի ևս մեկ անվանումով: Եվ, իհարկե, նկատելիորեն թանկացել է հացը, որը ժողովրդի մի շարք «ընտրյալների» «հոգածությամբ և աղոթքներով» նույնպես լրիվ կարող է դելիկատես դառնալ հայրենական սպառողի համար:

Այս առնչությամբ հետաքրքիր է երկրի քաղաքական ղեկավարության ռեակցիան: Ըստ էության, գործ ունենք գլոբալ՝ բնակչությանը հիմնական սննդամթերքներով մատակարարելու հարցի հետ: Սակայն ոչ մի ռեակցիա չկա: Այստեղ հետաքրքիր է նշել, որ նախագահ Սարգսյանը երբեմն համառություն է ցուցաբերում և որոշակի դեպքերում վետո է դնում գների բարձրացման վրա: Մասնավորապես, այսօր կա էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման օբյեկտիվ պահանջվածություն. դա և՛ հիմնավորված է (չխորանանք մանրամասների մեջ), և՛ անհրաժեշտ, քանի որ միայն այդ ճանապարհով է հնարավոր թվում ատոմային էլեկտրակայանի և մի շարք` աղետալի վիճակում գտնվող ջրամբարների անվտանգ գործառնության և գործարկման ֆինանսավորման ապահովումը: Իսկ այդ ծախսերը փակելու այլ աղբյուրներ Հայաստանը չունի: Սակայն նախագահ Սարգսյանը նույնիսկ լսել չի ուզում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին: Հասկանալի է, նա բավականաչափ վարչական և այլ ռեսուրսներ ունի այլ ոլորտներում կարգուկանոն հաստատելու համար, սակայն, ինչպես տեսնում ենք, քաղաքական կամք՝ թույլ չտալու մի քանիսին բնակչության հաշվին լկտիաբար լափել, չունի: Թեև նախագահի աշխատակազմում հասկանում են, որ սննդամթերքի գների բարձրացումն անհամեմատ ավելի ուժեղ է հարվածում բնակչությանը և անհամեմատ ավելի մեծ դժգոհություն ծնում, քան ցանկացած որևէ այլ բան, միևնույն է, այնտեղ ոչ ոք անգամ մատը մատին չի տա: Իսկ պատճառն ավելի քան ծամծմված է. մի բան է օլիգարխներին, ռեժիմի «կեղծ հենասյուներին» գերշահույթից զրկելը, ինչը հակասում է օլիգարխիական պետության էությանը, մեկ այլ բան՝ արգելել էներգիայի բանական սակագները, քանի որ օլիգարխիական շահեր այս ոլորտում գրեթե չկան:

Հարկ է որ անդրադառնանք նաև գյուղատնտեսության ընդհանուր իրավիճակին: Կառավարությունը բարեհաճեց տեղեկացնել, որ անկումը տնտեսության այս հատվածում գերազանցել է 20%-ը և այդ ողջ սարսափը վերագրեց բնությանը (ի դեպ, առանձնակի կատակլիզմներ, ըստ էության, չեն եղել, միայն ապրիլ-մայիսի անձրևները որոշ ժամանակով հետաձգեցին ցանքի աշխատանքները, ինչը չէր կարող նման տպավորիչ անկման պատճառ դառնալ): Այս առնչությամբ հարկավոր է ասել, որ ոչ մի տեղ (ավելի կամ պակաս քաղաքակիրթ աշխարհում) բնական աղետները չեն կարող այդքան կտրուկ անկում առաջ բերել: Հայաստանում դա հնարավոր է, որովհետև, նախ՝ գյուղացիությունը թողնված է ինքն իրեն, ավելի ճիշտ՝ ճակատագրի քմահաճույքին, երկրորդ՝ երկրի ղեկավարությունը գյուղացիությունը դիտարկում է որպես գերշահույթների աղբյուր մի քանի օլիգարխի համար, որոնք նրան առասպելական գներով համակցված կեր, պարարտանյութ, թունաքիմիկատներ և նման այլ բաներ են վաճառում: Հայաստանում ոչ ոք չցանկացավ մտածել և եզրակացություններ անել այն մասին, թե ինչու ողջ ամառ պոմիդորը մայրաքաղաքի շուկաներում կրկնակի թանկ արժեր, քան անցած տարի, իսկ կարտոֆիլը 250 դրամից չէժանացավ: Ինչո՞ւ սելիտրան Հայաստանում եռակի թանկ արժե, քան Վրաստանում և Իրանում: Դժվա՞ր է հասկանալ, որ անհամեմատ ավելի նպատակահարմար է սանձել որոշ ընկերությունների (մասնավորապես, «Դվին» կոնցեռնի, որը սելիտրայի գլխավոր ներմուծողն է) ախորժակը, քան վնաս հասցնել ողջ բնակչությանը, որն ուժասպառ է լինում պարենային ապրանքների բարձր գների անասելի ծանր բեռից: Էլ չենք խոսում այնպիսի մանրուքների մասին, ինչպիսին, ասենք, ներկրվող սերմերի, թունաքիմիկատների և այլնի նկատմամբ տարրական վերահսկողության բացակայությունն է (հայտնի է, որ որոշ մշակաբույսերի հետ կապված շատ հիմնախնդիրներ ծագում են վարակված կամ անորակ սերմացուի ներմուծման հետևանքով, ինչպես, մասնավորապես, տեղի ունեցավ այս տարի պոմիդորի հետ կապված): Չենք խոսում տարրական լաբորատորիաների բացակայության մասին (օրինակ, բոլորն այսօր խոսում են խոզի ժանտախտի մասին, զանգվածաբար մորթում են խոզերի գլխաքանակներ, բայց հնարավորություն չկա Հայաստանում այդ ախտորոշումն անելու և, հետևաբար, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար): Իսկ ինչո՞վ է զբաղվում Գյուղատնտեսության նախարարությունը և ի՞նչ է այդ մասին մտածում քաղաքական ղեկավարությունը՝ հայտնի չէ: Հայտնի է այն, որ առանձնահատուկ ճիգ մենք չենք նկատում...

Երկրորդ. ամսվա երկրորդ կեսին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը, պետական այցով ժամանեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրված համաձայնագրերը (մասնավորապես, Գյումրու ռազմակայանի պայմանագրի երկարաձգման մասին) բազմաթիվ բանավեճերի առիթ հանդիսացան: Համընդհանուր կարծիք ստեղծվեց, թե այսուհետ և դարեդար Հայաստանի անվտանգությունը երաշխավորված է 200%-ով, քանի որ նոր համաձայնագրերի տեքստում կան արտահայտություններ այն մասին, որ այսուհետ ռուսական զորքերը պաշտպանելու են ոչ միայն Հայաստանը նախկին ԽՍՀՄ պետական սահմանի պարագծով, ինչպես նախկինում էր, այլև ողջ հանրապետությունը: Այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունն իր վրա է վերցնում Ադրբեջանի դեմ մարտնչելու պատասխանատվություն՝ վերջինիս ռազմական հարձակման դեպքում: Արդյո՞ք սա իրական է:

Կարծում եմ, որ ոչ մի պայմանագիր, ոչ մի համաձայնագիր, երկկողմանի կամ դաշինքի շրջանակներում, երբեք չի ստիպի Ռուսաստանին հանուն Հայաստանի բացահայտ ռազմական հակամարտության գնալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Եթե Ադրբեջանը երբևէ ձեռնամուխ լինի իր սպառնալիքների իրականացմանը և ռազմական գործողություններ սկսի Հայաստանի դեմ, ապա հայ-ռուսական համաձայնագրերը բոլորի համար ակնհայտ կդառնան իրենց ունայնությամբ: Իհարկե, անհրաժեշտ է ռազմաքաղաքական համագործակցություն զարգացնել Ռուսաստանի և ՀԱՊԿ երկրների հետ, սակայն դրանով հանդերձ չի կարելի կորցնել իրականության զգացողությունը և հուսալ, թե զինված հակամարտությունում ռուսական զորքերը կողք կողքի կկռվեն հայ զինվորների հետ: Լավագույն դեպքում Ռուսաստանից կարելի է սպասել աջակցություն, ընդ որում՝ քողարկված, նման նրան, ինչը ցուցաբերվեց 1990-ականների սկզբին: Ո՛չ ավելին: Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ մյուս անդամների կողմից դաշնակցային պարտավորությունների կատարմանը, ապա ասեմ, որ Բաքու քաղաքի ռմբակոծումը Ղրղըզստանի կամ Ղազախստանի ռազմաօդային ուժերի կողմից անձամբ ինձ համար մի ինչ-որ բան է ֆանտաստիկայի բնագավառից:

Հասկանալի է՝ Հայաստանը չի սխալվել ՀԱՊԿ մտնելով, միայն թե հետխորհրդային տարածքում real politics-ի անլուրջ էությունը ոչ գործունակ, ոչ լուրջ կազմակերպություններ է ծնում (ինչպես Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունը, ՀԱՊԿ-ն, Մաքսային միությունը և այլն): Այս է ամենը: Ինչ վերաբերում է իրեն՝ ՀԱՊԿ-ին, ապա հարկ է նկատել, որ, չնայած բովանդակազրկությանը և իրական դաշնակցային հարաբերությունների համար ռեալ պոտենցիալի բացակայությանը, այս կազմակերպությունն, այնուամենայնիվ, դրական դեր է խաղում՝ զսպման գործոն հանդիսանալով, առանց որի կարող է պայթել Ֆերգանայի հովիտը՝ երկրագնդի ամենապայթյունավտանգ շրջաններից մեկը: Հայտնի է, որ Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը, այսպես ասենք, գտնվում են ոչ շատ ջերմ հարաբերությունների մեջ: Ղրղըզստանում տեղի են ունենում էթնիկ զտումներ՝ ուղղված ուզբեկների վտարմանը, իսկ այդ երկրների միջև մշտական սահմանային բախումներ են տեղի ունենում (ի դեպ, միայն ԱՊՀ-ում է հնարավոր դաշինքի մեջ գտնվել և միևնույն ժամանակ կռվել միմյանց դեմ): Մի խոսքով՝ ՀԱՊԿ-ն իմաստ ունի, իսկ այն հանգամանքը, որ երկրներից ոչ մեկը նույնիսկ հիպոթետիկ ձևով ի վիճակի չէ կատարել իր դաշնակցային պարտականությունները, այնքան էլ էական չէ:

Կենտրոնական Ասիայից բացի, ՀԱՊԿ-ն զսպիչ գործոն է նաև Հարավային Կովկասում: Դժվար է ասել, թե ինչպես կզարգանային իրադարձությունները ղարաբաղյան կարգավորման շուրջ, եթե Հայաստանն այդ բլոկի անդամ չլիներ: Համենայնդեպս, երկիրը ՀԱՊԿ-ից օգուտ ունի: Իսկ Հայաստանի անվտանգության վերաբերյալ հարկավոր է ասել, որ Ռուսաստանի հետ նոր համաձայնագրերի և ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքում այն նկատելիորեն ամրապնդվել է, թեև որոշ փխրունություն, այնուամենայնիվ, կա:

Պաշտոնական բանակցությունների ավարտից և փաստաթղթերի ստորագրումից հետո, օգոստոսի 20-ին, Դմիտրի Մեդվեդևն իր հայ գործընկերոջ հետ այցելեց Գյումրի: Նպատակը «Պատվո բլուր» հուշարձանի բացման արարողությունն էր: Այդ հուզիչ հուշարձանը, որը ժամանակին կառուցել էր տվել գեներալ Մուրավյովը՝ ի պատիվ 1853-56թթ. Ղրիմի պատերազմի կովկասյան ճակատներում զոհված հայ և ռուս զինվորների, վերականգնվել է ՀՀ-ում ռուսական դեսպանության նախաձեռնությամբ: Հուշարձանի խորհրդանշային լինելը և ժամանակի ոգին բավական եղան, որպեսզի Ռուսաստանի պետության ղեկավարի պետական այցի հագեցած ժամանակացույց մտցվեր ներկայությունն այդ արարողությանը:

Սակայն, ինչպեսև ցանկացած պաշտոնական միջոցառում, նախագահ Մեդվեդևի այցը լի էր նաև զուտ ձևական պահերով: Մասնավորապես, Հայաստանի որոշ քաղաքացիներ պարգևատրվեցին Ռուսաստանի Դաշնության պետական պարգևներով: Պարգևատրվածների մեջ էր Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, որը նախագահ Մեդվեդևի ձեռքից ստացավ Բարեկամության շքանշան (համալսարանի երկու այլ աշխատակից ևս արժանացան պարգևների և կոչումների): Իմ կարծիքով, պ-րն Դարբինյանի՝ Հայաստանում ռուսատյացության սերմանման և տարածման պիոների պարգևատրումը Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պարգևներից մեկով Դմիտրի Մեդվեդևի այցելության ժամանակագրության ամենաբացասական բիծն էր: Նախ՝ նշանավոր տարեթվերի, առիթների ու իրադարձությունների հետ կապված ում պատահի պարգևներ շնորհելու գործելակերպը խորապես արատավոր է, քանի որ հաշվի չի առնվում գլխավոր հարցը՝ պարգևատրվածի իրական վաստակը, ինչն, իր հերթին, հեղինակազրկում է ինչպես պարգևատրման մասին հրամանագիրը ստորագրողին, այնպես էլ  բարձր պարգևը: Երկրորդ՝ բոլորին է հայտնի, որ ՌՀՀ զարգացման գործում պ-րն Դարբինյանը ոչնչով աչքի չի ընկել. պարզապես որպես պաշտոնաթող վարչապետ գործուղվել է այնտեղ Հայաստանի ղեկավարության պնդմամբ: Հայտնի է նաև, որ համալսարանի կայացման գլխավոր ավանդը պատկանում է առաջին ռեկտորին՝ հանգուցյալ ակադեմիկոս Լևոն Մկրտչյանին և համապատասխան ռուսաստանյան գերատեսչություններին: Ինչո՞վ է աչքի ընկել պ-րն Դարբինյանը ռեկտորության տարիներին. նրանով, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության տարածքում ասպարեզ է ստեղծել ռուսատյացության գաղափարների հնչեցման և տարածման համար: Նրա մոտ՝ համալսարան, հաճույքով հյուր են եկել (դասախոսություններ կարդալու) և՛ Ուկրաինայի դեսպան պ-րն Բոժկոն, որը պ-րն Դարբինյանի հոգածությանը հանձնված ուսանողներին պատմում էր ռուսների գազանությունների և անմարդկայնության մասին (գոլոդոմորի տխուր պատմությունը), և՛ հակառուսական տրամադրություններ ունեցող այնպիսի սովետոլոգներ, ինչպիսին է պ-րն Զլոբինը (ԱՄՆ) և շատ ուրիշներ, որոնց տեղն ամենևին էլ չէր կարող դառնալ գիտության և կրթության ռուսական օջախը, որը կոչված է իբր աջակցելու ռուսական հումանիտար ազդեցության խորացմանը Հայաստանում: Հասկանալի է՝ նշված փաստերը լայնորեն հայտնի են, դրանց մասին չէին կարող չիմանալ ռուսական դեսպանատանը: Ուրեմն, թե ով է պ-րն Դարբինյանին ներկայացրել բարձրագույն պարգևի՝ հայտնի չէ: Կարող ենք ասել միայն, որ այն անձինք և գերատեսչությունները, որոնք նախագահ Մեդվեդևին ստորագրելու են «դեմ տվել» նման, մեղմ ասած, կասկածելի, բայց իրականում թշնամական և հակառուսական հրամանագիր, լրացուցիչ անգամ վնաս հասցրին թե՛ Ռուսաստանի Դաշնության՝ որպես մեծ տերության, ու նրա ղեկավարի, թե՛ ռուսական պետական պարգևների հեղինակությանն ընդհանրապես: Քանի որ իրազեկ մարդիկ Հայաստանում շփոթմունքի մեջ են. եթե Արմեն Դարբինյանին Ռուսաստանի նախագահի հրամանագրով պարգևատրում են Ռուսաստանի բարձրագույն պարգևով, մի՞թե, ուրեմն, այդ տերությունն այդքան իջել է իր արժեքների առումով, և ի՞նչ է իրենից ներկայացնում իրականում:

Հակառուսական հանրությանը և Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական միության դեմ տրամադրված քաղաքական շրջանակներին այս ամիս որոշ ԶԼՄ-ներ նվեր մատուցեցին՝ տեղեկացնելով իբր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենիթային C-300 համալիրներ վաճառելու մասին: Բազմաթիվ տեսակետներ հայտնվեցին, որոնցից գլխավորը Հայաստանի անվտանգությանը հարվածելն էր: Պետք է ասել, որ այդ գործարքը, եթե անգամ կայանա էլ, ոչ մի կերպ չի անդրադառնա երկրի անվտանգության վրա, քանի որ, նախ՝ C-300-ը պաշտպանական զենք է, հետևաբար՝ այդ համալիրով մեզ հետ չեն կռվի, երկրորդ՝ C-300-ը համակարգ է, որը նախատեսված է հիմնականում ստրատեգիական ավիացիայի ոչնչացման համար, ինչը Հայաստանը չունի: Երկրի ռազմաօդային ուժերը՝ ընդամենը 16 գրոհայիններ են, որոնց դեմ C-300-ները գրեթե անզոր են: Այնպես որ, ինչպես տեսնում ենք, ոչ մի «դավաճանություն» Ռուսաստանի կողմից չկա, քանի որ Ադրբեջանին այդ համալիրների հնարավոր վաճառքը չի ազդի ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլև նույնիսկ հայկական զինված ուժերի գործողությունների վրա՝ Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի դեպքում:

Երրորդ. օգոստոսի 27-ին նախագահ Սարգսյանն այցելեց Ծաղկաձոր, որտեղ մասնակցեց համահայկական երիտասարդական «Բազե-2010» հավաքի փակման արարողությանը: Մեկ ամիս առաջ պետության ղեկավարն իր ուշադրությամբ պատվել էր երիտասարդական մեկ այլ՝ «Միասին» կազմակերպության հավաքը: Այն, որ պետության ղեկավարի հագեցած ժամանակացույցում ժամանակ է գտնվում ոչինչ չնշանակող միջոցառումների այցելելու համար, խոսում է այն մասին, որ նախագահի աշխատակազմում հատուկ նշանակություն են տալիս երիտասարդական կազմակերպություններին և կուսակցական շինարարությանն ընդհանրապես: Ո՞րն է դրանց գրավչությունը:

Ըստ էության գործ ունենք ռուսական տեխնոլոգիաների ներմուծման հետ. նման կազմակերպություններ (ինչպես, ասենք, «Наши»-ն է) Ռուսաստանում գործում են Վլադիսլավ Սուրկովի՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի հովանու ներքո: Սուրկովը դրանք օգտագործում է քաղաքական գործընթացները վերահսկելու նպատակով: Հայտնի է, որ երիտասարդությունը քաղաքականապես ակտիվ է, և անհամեմատ ավելի օգտավետ է, երբ ինքդ ես նրա համար զբաղմունք գտնում, քան երբ այդ գործը թողնում ես իր բնական զարգացմանը, այսինքն իրեն՝ երիտասարդությանը: Սակայն Ռուսաստանում երիտասարդական կազմակերպությունները զբաղվում են կոնկրետ գործերով. օրինակ, կազմակերպում են ամեն տեսակ հայրենասիրական (և նույնիսկ ազգայնական, եթե անհրաժեշտությունը կա) և քաղաքացիական գործողություններ, վառ արտահայտված քաղաքական, գաղափարախոսական և քաղաքացիական դիրքորոշումներ ունեն: Երբեմն նույնիսկ բացահայտ բռնությամբ են զբաղվում (ասենք՝ ցրում են արվամոլների երթերը, ինչն, անշուշտ, պետք է ողջունել): Մի խոսքով՝ ռեժիմի համար իսկապես օգտակար գործ են անում: Իսկ Հայաստանում, ինչպես սովորաբար, փոխառել են ընդամենը երևույթի արտաքին թաղանթը՝ չհոգալով հարցի բովանդակային կողմի մասին: Ի՞նչ են անում այստեղ: Պետության հաշվին երիտասարդությանը քշում են Ծաղկաձոր կամ Սևան (ի դեպ, ուրիշի հաշվին ման գալ և ուտել-խմել սիրում են բոլորը, դրա համար էլ դժվար չի թվում հարյուրավոր և նույնիսկ հազարավոր երիտասարդներ հավաքելը), կազմակերպում են ամբոխահաճ, անպետք միջոցառումներ, մեկը մյուսին համոզում հայ երիտասարդության ամենազորության և ազգի վեհության մասին, իսկ հետո ցրվում են իրենց տները: Մի խոսքով՝ հսկայական գումարներ են ծախսվում միայն նրա համար, որ ընտրությունների շրջանում իբր օգտագործեն երիտասարդության պոտենցիալը: Բայց նշենք, որ այդ գործելակերպը երբեք իսկական արդյունք չի տվել. «Բազեն» և մյուսները չկանխեցին ոչ 2008-ի պայթյունը, ոչ 2003-2004-ի հետընտրական բարդությունները: Ուրեմն, հարց է ծագում. ինչո՞ւ այսուհետև ևս պահել անօգուտ կազմակերպություններ, փող և, որ ամենագլխավորն է, ժամանակ ու էներգիա ծախսել նրանց վրա:

Ինչ վերաբերում է կուսակցական շինարարությանը: Հայաստանում շատ կուսակցություններ կան, որոնց մեծամասնությունն իշխանամետ է, ստեղծված նույն նպատակով, այն է՝ քաղաքական գործընթացի վերահսկում: Սակայն ոչ մի իշխանամետ կուսակցություն, ինչպես և երիտասարդական կազմակերպությունները, նույնպես չկարողացավ կայունացնող դեր խաղալ և կանխել ճգնաժամային երևույթները, իսկ 2007թ. խորհրդարանական ընտրությունների փորձը դրա վառ հաստատումն է: Այն ժամանակ իշխանությունն ստացավ մանդատների 85%-ից ավելին, իսկ ընտրությունները բարդություններ չառաջացրին: Թվում էր, թե ռեժիմը կատարելապես տիրապետում է երկրի իրավիճակին, իսկ քաղաքական գործընթացը գտնվում է պատշաճ վերահսկողության ներքո: Տառացիորեն կես տարի անց պարզ դարձավ, որ 2007թ. գումարման խորհրդարանը հանրության հետ ոչ մի կապ չունի. այն օտարածին է, չի ազդում քաղաքական գործընթացի վրա, ոչ մի թելով կապված չէ երկրի բնակչության հետ: Իհարկե, դա բոլորն էին տեսնում, բայց, ցավոք, անհրաժեշտ եզրահանգումներ ոչ ոք չարեց:

Առողջ բանականությունը հուշում է, որ հայկական իրականության մեջ կուսակցական շինարարությամբ (այդ թվում և երիտասարդական) զբաղվելը, մեղմ ասած, անիմաստ է: Առողջ բանականությունը հուշում է նաև, որ նախագահի աշխատակազմում այդպես էլ չսովորեցին արդյունավետ ներքին քաղաքականություն վարել, քանի որ մինչև այժմ այնտեղ չեն կռահել, որ հանրային դժգոհությունից, որի հետևանքը պայթյուններն են ընտրությունների ժամանակ՝ երկրի համար այստեղից բխող բոլոր  քաղաքական հետևանքներով հանդերձ, խուսափել հնարավոր է միայն հանրային դժգոհության պատճառները վերացնելու պարագայում: Իսկ 2,5 տարում Հայաստանում այդպես էլ չհամարձակվեցին լուծել գոնե մեկ հիմնախնդիր, վերացնել հանրային զզվանքի գոնե մեկ աղբյուր: Ավելին, գիտակցված (կամ չգիտակցված) ավելացնում են զզվանքի աղբյուրները: Դե ինչ, մինչև հաջորդ պայթյուն երկու տարուց քիչ է մնացել, տեսնենք՝ ինչպես իրենց կցուցադրեն հին ու նոր կուսակցությունները և երիտասարդական կազմակերպությունները, հանուն որոնց այդքան ջանքեր են գործադրվում:

 

Օգոստոսին ուշագրավ այլ դիտարկումներից կարելի է նշել երկու պահ. միգրացիոն տրամադրությունների աճը (բնակչության նոր հոսքն ակնհայտ կդառնա արդեն այս տարեվերջին) և վրացական ազդեցության մեծացումը:

Բանն այն է, որ այս տարի, անցած տարվա նման, տասնյակ հազարավոր մեր համերկրացիներ իրենց հանգիստն անցկացրել են Վրաստանում: Սեփական երկրում օբյեկտիվ իրականությունից տանջահար հայաստանցիները, հայտնվելով Վրաստանում, լցվում են զարմանքով ու նախանձով: Միխայիլ Սահակաշվիլին, չնայած իր խառնվածքի ողջ հակասականությանը, կարողացավ սխրանք գործել. Վրաստանն այսօր հետխորհրդային տարածքում միակ պետությունն է, որտեղ կենտրոնացված կոռուպցիա չկա, այն ազատ է ԳԱԻ-ի տիպի կազմակերպություններից և հակամարդկային, հակատնտեսական հարկային համակարգից, բռնաճնշման պետական մարմիններից, որոնք չեն թողնում հասարակությանն ապրել, իսկ պետությանը՝ զարգանալ: Վրաստանն այսօր աշխարհում 11-րդն է բիզնեսի ազատության գծով (մինչև Սահակաշվիլին 112-րդն էր), հրապուրիչ ներդրումային անկյուն է (ի դեպ, Հայաստանից Վրաստան կապիտալի հոսքը միանգամայն զգալի է, թեև կոնկրետ տվյալներ չկան): Մի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները, մեկ-երկու շաբաթ գտնվելով Վրաստանում, վերադարձից մի երկու օր առաջ զրկվում են լավ տրամադրությունից: Պատճառը (տասնյակ մարդկանց խոստովանությամբ, որոնց հետ անձամբ եմ շփվել) հայրենի երկիր վերադառնալն է և գոյությունը հայկական ատելի պայմաններում շարունակելը:       

Հակակոռուպցիոն, դեմոկրատական վիրուսը Վրաստանից Հայաստան, կարելի է ասել, արդեն ներմուծվել է: Սակայն լուրջ քայլեր սպասել հանրության կողմից հազիվ թե սպասվեն՝ նրա խիստ ամորֆության պատճառով: Այնուամենայնիվ, իրավիճակը Վրաստանում նշանակալի դրոշմ է թողնում Հայաստանի հանրային կարծիքի վրա: Իսկ ինչպիսի՞ն կլինեն հետևանքները, և կլինե՞ն արդյոք ընդհանրապես՝ դժվար է ասել:

 

Իսկ օգոստոսին, ինչպեսև միշտ, հիմնականում տեղի են ունեցել բանալ իրադարձություններ: Այս ամիս լրացավ Անկախության հռչակագրի ընդունման 20-ամյակը, և հոբելյանի առիթով նախագահ Սարգսյանն ուղերձով դիմեց ազգին, որում ասվում էր հետևյալը. «1990 թվականի օգոստոսի 23-ը մեր նորագույն պատմության առանցքային և ուղենշային դրվագներից է: Այն խորհրդանշում է Հայաստանի ժողովրդի և ողջ հայության իղձերի իրականացման սկիզբը և մարմնավորում անկախ պետականության մեր դարավոր ձգտումը: Անցած երկու տասնամյակները հստակորեն ցույց տվեցին, որ հռչակագիրը տեղին էր ու ժամանակին, որ նրանում ամրագրված նպատակներն ու գաղափարները կենսունակ էին, և հայության բոլոր հատվածների ջանքերով շարունակում են հետևողականորեն կյանքի կոչվել: Մեր հռչակած ուղեգիծն իրականություն դարձնելը դյուրին չէր, բայց հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին և դավանած արժեքներին: Փորձությունները չշեղեցին մեզ քաղաքական ազատության և սեփական ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնելու մեր ճանապարհից: Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք և ստեղծագործ աշխատանք` հանուն մեր երկրի և հանուն ապագա սերունդների, որոնք պետք է վայելեն Անկախության հռչակագրի սերմանած պտուղները»:

Հոբելյանից մի քանի օր առաջ՝ օգոստոսի 16-ին, Հանրային խորհուրդը հանդես եկավ դիմումով, որով հորդորում էր եկեղեցուն և երկրի քաղաքացիներին անտեսել սեպտեմբերի 19-ին նախանշված պատարագը Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում: Հանրային խորհրդի ենթահանձնաժողովներից մեկի մտքով անցել էր, որ կեղտոտ և հայությանը վնասող խաղը, որը ծրագրել են թուրքերը սեպտեմբերի 19-ին, չպետք է իրականացվի հայերի մասնակցությամբե: Ենթահանձնաժողովն առաջարկել է ստեղծել պայքարի լայն ճակատ՝ «Ո՛չ սեպտեմբերի 19-ին» կարգախոսով:

Ամսվա առավել տխուր իրադարձություններից մեկը Գյումրիում նորակառույցների («Մուշ-2» թաղամաս) փլուզման սկիզբն է, որոնք շահագործման են հանձնվել մեկ ամիս առաջ: Թերևս, սա ռեկորդ է. աշխարհում ուրիշ ոչ մի տեղ նոր տները ներսից չեն քանդվել բնակիչների մուտքից մեկ ամիս հետո: Շինարարական ի՞նչ տեխնոլոգիաներ է օգտագործել «Գլենդել հիլզ» ընկերությունը՝ հայտնի չէ, հայտնի է, սակայն, որ ընկերությունն իբր ամերիկյան է և ակնհայտորեն հաջողությունների է հասել քաղաքական տեխնոլոգիաների կիրառման մեջ. երախտագիտության և օրհնանքի փոխարեն նախագահ Սարգսյանի գլխին այսօր անեծքի և ատելության խոսքեր են լցվում, իսկ հայրենական ընդդիմությունը լրացուցիչ մի քանի հազար անդամ ձեռք բերեց: Իրականում իսկապես դժվար է մեր օրերում կողմնակիցներ ձեռք բերել քաղաքականության մեջ, բայց, ինչպես տեսնում ենք, ընդդիմությանը, շինարարական ընկերությունների օժանդակությամբ, դա հաջողվում է: Իսկ ՀՀ նախագահի բախտը չի բերում. նա փորձում էր բնակարանով ապահովել անօթևաններին և արդարացիորեն երախտագիտության հույս ուներ, բայց հասավ հակառակ ռեակցիայի՝ ձեռք բերելով թշնամիների լեգեոն, հակառակ Ռոբերտ Քոչարյանի, ում գյումրեցիները որակյալ նորակառույցների համար երախտապարտ եղան և որն ատելության թիրախ չդարձավ: Ինչպես ասում էր Վիկտոր Չեռնոմիրդինը, «ուզում էի որքան հնարավոր է լավ, ստացվեց ինչպես միշտ»:

Ամսվա մյուս տխուր իրադարձությունը (բայց առանց քաղաքական հետևանքների) հերթական հանգստյան օրն էր օգոստոսի 16-ի հերթական մեռելոցով: Այսօր կառավարությունում մենք հարկադրված ենք հանդուրժել «խորապես հավատացյալ» գործիչների, որոնք առիթն ու պատեհությունը բաց չեն թողնում փչացնելու մարդկանց տրամադրությունը գերեզմանների, ամեն տեսակ սգո արարողությունների և միջոցառումների նկատմամբ իրենց մոլուցքով:

Օգոստոսի 24-ին հայ թատրոնը կորուստ ունեցավ. կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական դերասան Վլադիմիր Մսրյանը, որը խորհրդային հանդիսատեսին ծանոթ է Պագանինիի դերով: Նախագահ Սարգսյանը ցավակցություն հայտնեց հանգուցյալի ընտանիքին և գործընկերներին, իսկ կառավարությունը թաղումը կազմակերպեց պետական մակարդակով: Մսրյանն արժանի էր դրան...

Օգոստոսի 29-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի 50-ամյա հոբելյանի առիթով նախագահ Սարգսյանը մեկնեց Ղարաբաղ, որտեղ հանդես եկավ Ադրբեջանի հասցեին կտրուկ հայտարարությամբ, իսկ ամսվա վերջին օրը, Գիտելիքի օրվա նախօրեին, պետության ղեկավարն իր նստավայրում ընդունել էր այս տարվա մեդալակիր դպրոցականներին և «Կենգուրու» միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին: Նախագահն անձամբ երեխաներին մեդալներ և պարգևներ հանձնեց, գովեց լավ սովորելու համար, խնդրեց այսուհետ ևս շարունակել սովորել ի բարօրություն Հայաստանի:                

 

Կարճ՝ համարի բովանդակության մասին:

Քաղաքագետ Ալեքսանդր Կնյազևը Բիշքեկից «Աշխարհաքաղաքականություն» խորագրի ներքո հանդես է գալիս «ՀԱՊԿ. առաքելությունը և զարգացման ուղիները փոփոխվող աշխարհում» հոդվածով: Հեղինակը վերլուծում է ՀԱՊԿ էությունը, դիտարկում կազմակերպության ներուժը մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքելու գործում: Նրան՝ Բիշքեկում և Ալմաթիում ապրողին և աշխատողին, ավելի տեսանելի են ՀԱՊԿ գործառնության շատ նրբություններ, որոնք մեզ հասանելի չեն: Այդ պատճառով հոդվածը հետաքրքիր է ստացվել, արժանի հայ ընթերցողի ուշադրությանը:

«Տնտեսություն» խորագրով «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը «Հայաստանի տնտեսության համայնապատկերը 2010թ. առաջին կիսամյակում. արդյո՞ք կանգնած կդիմանանք մարտահրավերների հեղեղի հարվածներին» հոդվածում խորհրդածում է հայրենական տնտեսության աղետալի վիճակի մասին և զարմանում այն հիացմունքից, որն ունի կառավարությունը երկրի տնտեսական կացության առնչությամբ: Գեղամյանն առաջին անգամ չէ, որ քննադատաբար է արտահայտվում Տիգրան Սարգսյանի կառավարության քաղաքականության մասին: Այս անգամ որպես մակրոտնտեսական վերլուծության ելակետային նյութ նա օգտագործում է 2010թ. առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշները և հանգում անմխիթարական եզրակացությունների, որոնց ծանոթանալը չէր խանգարի կառավարության անդամներին և Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականության բոլոր կողմնակիցներին:

«Բանավեճ» խորագրով ներկայացված է Լուսինե Կեսոյանի «Ռուսաց հողի խազեինը Հարավային ֆորպոստում», ասենք այսպես, «լիրիկական պատմվածքը»՝ նվիրված ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Գյումրի կատարած այցելությանը: Պատմվածքը սարկաստիկ է, այնտեղ քիչ չեն մեզ համար անհաճո պահերը, սակայն ներկայացված հիմնախնդիրներն իսկապես անտանելի են դառնում, պահանջում վերիմաստավորում և շուտափույթ լուծում: Կարծում եմ՝ երկրի պաշտոնական այրերը գոնե փորձ կանեն խորհելու նյութում բարձրացված հարցերի շուրջ:

«Քաղաքական դիմանկարներ» խորագրով ներկայացված է գրող, հրապարակախոս Հովհաննես Չարխչյանի «Տասներկու վարչապետ. նզովքի և օրհնության բևեռները» աշխատանքը: Ըստ էության, փորձ է արվել ընթերցողներին առաջարկել նոր Հայաստանի բոլոր վարչապետերի դիմանկարները՝ սկսած 1990թ.: Սկզբունքորեն, հեղինակը ներկայացնում է ակնարկ Հայաստանի նորագույն պատմության մասին, որը հետաքրքիր է նրանով, որ դիտարկվում է 12 անհատների կենսագրությունների պրիզմայի միջով: Այս համարում տպագրվում է հոդվածի առաջին կեսը՝ Վազգեն Մանուկյանին, Գագիկ Հարությունյանին, Խոսրով Հարությունյանին, Հրանտ Բագրատյանին, Արմեն Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին նվիրված գլուխները: Կարծում եմ՝ նյութը բավական հետաքրքիր է, այնպես որ՝ խորհուրդ եմ տալիս կարդալ և մտածել:

«Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում այս անգամ տեղ են գտել «Regnum», «Asia Times», АПН գործակալությունների և www.nationalidea.am. պորտալի նյութերից: Հատուկ ուշադրության է արժանի հնդիկ դիվանագետի «Մեդվեդևը ցանկալին ներկայացնում է իրականի փոխարեն» հոդվածը, ինչպես նաև «Regnum»-ի խմբագիր Մոդեստ Կոլերովի հարցազրույցը ղարաբաղյան թեմատիկայի վերաբերյալ: Մի խոսքով՝ ըստ իս, նյութերի ընտրությունն այս անգամ ևս հաջող է ստացվել:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am