Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Ապրիլ 2008, N 1

«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

Թարգմանությունը և ծանոթագրությունները` Ստ. Մալխասյանի

Մովսես Խորենացի


ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ 

ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐԻ1 ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ա 


ՍԱՀԱԿԻ ԹՂԹԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՎ ԽՈՍՏՈՒՄ` ՆՐԱ
ԽՆԴՐԱԾԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ  

Մովսես Խորենացին մեր ազգի պատմության այս սկզբում ողջունում է Սահակ Բագրատունուն:
Քո մեջ եղած աստվածային շնորհքների անսպառ գործունեությունը և հոգու անդադար շարժումները քո մտածողության վրա` ես ճանաչեցի այս գեղեցիկ խնդրի միջոցով, մարմնիցդ առաջ հոգուդ հետ ծանոթանալով. սա իմ ճաշակին ևս ախորժելի է, և մանավանդ իմ սովորություններին: Ուստի ոչ միայն պետք է քեզ գովել, այլև քեզ համար աղոթել, որ միշտ այսպես մնաս:
Որովհետև եթե մենք բանականության պատճառով, ինչպես ասվում է, աստծու պատկեր ենք2, և մյուս կողմից` բանականության արդյունքը խոհականությունն է, և քո մեջ անհատնելի է սրանց ցանկությունը` ուրեմն գեղեցիկ մտածողությամբ վառ և բորբոք պահելով քո խոհականության կայծը` զարդարում ես բանականությունը, որով մնում ես պատկեր լինելու: Կարելի է ասել, որ սրա միջոցով ուրախացնում ես սրա սկզբնատուին գեղեցիկ և չափավոր մոլությամբ հետամուտ լինելով այս խնդիրներին:
Սրա հետ միասին հետևյալն էլ եմ նկատում, որ եթե մեզանից առաջ և մեր ժամանակ ապրող` Հայոց աշխարհի ցեղապետներն ու իշխանները ո’չ իրենց ձեռքի տակ ընկած և հավանորեն եղած իմաստուններին հրամայեցին այսպիսի պատմական հիշատակարաններ գրել, ոչ էլ մտածեցին դրսից որևէ տեղից ներս բերել իմաստնության նպաստներ, և այժմ քեզ ենք տեսնում այսպիսի մարդ, ուրեմն պարզ է, որ դու պետք է ճանաչվես բոլոր քեզանից առաջ եղածներից վեհագույն և բարձրագույն գովեստների արժանավոր և պատմական այսպիսի արձանագրության մեջ դրվելու արժանի:
Ուստիև ուրախությամբ ընդունելով քո խնդիրը` սիրով կաշխատեմ այն կատարել, անմահ հիշատակ թողնելով այս քեզ և քեզ հաջորդող սերունդներին: Որովհետև նախնական և քաջ ազգ ես, արդյունավոր ոչ միայն խոսքի և պիտանի խոհականության մեջ, այլև բազմաթիվ մեծամեծ փառավոր գործերով, որոնք մենք կհիշատակենք այս պատմության ընթացքում, երբ հորից որդի ծննդաբանությունը կազմելով` Հայաստանի բոլոր նախարարությունների3 ազգաբանությունը կգրենք, ամեն մեկի որտեղից և ինչպես ծագելը համառոտ և հավաստի պատմելով, ինչպես որ կա մի քանի հունական պատմությունների մեջ:

Բ 


ԹԵ ԻՆՉՈ’Ւ ՄԵՆՔ ՀՈՒՆԱՐԵՆԻՑ ԿԱՄԵՑԱՆՔ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՄԵՐ ԳՈՐԾԵՐԸ, ՄԻՆՉԴԵՌ ՔԱՂԴԵԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԱՍՈՐԵՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՄԱՏՅԱՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՐՄԱՐ ԵՆ ԳԱԼԻՍ ՍՐԱՆՔ


Եվ այս բանի վրա թող ոչ ոք չզարմանա, որ թեպետ շատ ազգեր մատենագիրներ են ունեցել, ինչպես ամենքին հայտնի է, մանավանդ պարսիկներն ու քաղդեացիները, որոնց մոտ ավելի շատ են գտնվում մեր ազգին վերաբերյալ բազմաթիվ գործերի հիշատակարաններ` մենք սակայն միայն Հունաց պատմագիրները հիշեցինք և այնտեղից խոստացանք առաջ բերել մեր ազգաբանության շարքը: Որովհետև ոչ միայն Հունաց թագավորները հոգ տարան հույներին ավանդելու ինչպես (իրենց) աշխարհակալության, այնպես և գիտության վերաբերյալ աշխատությունները, իրենց ներքին գործերը կարգի բերելուց հետո, ինչպես, օրինակ, Պտղոմեոսը, որ Եղբայրասեր է կոչվում4, հարկավոր համարեց բոլոր ազգերի մատյաններն ու վեպերը հունարեն թարգմանելու,-
5Բայց ոչ ոք թող այստեղ մեզ անուսում համարելով չբամբասե, ինչպես մի քանի անվարժ ու տգետ մարդիկ, որ (Պտղոմեոսը) եգիպտացիների թագավոր է եղել, իսկ մենք նրան Հունաց թագավոր դրեցինք: Որովհետև նա հույներին էլ իր ձեռքի տակ նվաճելով` կոչվեց Աղեքսանդրիայի և Հունաց թագավոր, ինչպես երբեք չկոչվեց և ոչ մեկը Պտղոմեաններից կամ Եգիպտոսի ուրիշ տիրողներից: Նա այնքան հունասեր բարք ուներ, որ իր աշխատությունը հույն լեզվով ժողովեց: Ուրիշ շատ պատճառներ էլ կան մեր նրան Հունաց թագավոր կոչելուն, բայց մեր խոսքը համառոտելու համար բավական ենք համարում ասածս նրա մասին,- այլև բազմաթիվ անվանի և գիտությամբ պարապած մարդիկ Հունաց աշխարհից հոգ տարան հույն լեզվի թարգմանելու ոչ միայն ուրիշ ազգերի թագավորների դիվանների և մեհյանների գրքերը, ինչպես գտնում ենք նրան, որ քաղդեացի Բերոսոսին6, բոլոր գիտություններին քաջահմուտ մարդուն, հորդորեց այս բանն անելու, այլև մեծամեծ և զարմանալու արժանի արվեստները, որոնք այս և այնտեղ դժվարությամբ գտնելով փոխադրեցին հույն լեզվի (ինչպես Ա. Ք-ի մոտ, և Թ. Փ-ի մոտ, և Կ. Ե-ի մոտ, և Շ. Թ-ի մոտ)7: Եվ այս (արվեստները) ժողովեցին մարդիկ, որոնց անունները մենք հավաստի գիտենք, և նվիրեցինք Հելլենացոց աշխարհին, փառավորելով նրան: Եվ գովելի են ինչպես ուսումնասիրողները` իրենց ջանքի և գիտությունը ուրիշ ազգերից ձեռք բերելու համար, նույնքան և ավելի նրանք, որոնք գիտության այսպիսի գյուտերն ընդունեցին և պատվեցին: Այս պատճառով ես չեմ տատանվում` ամբողջ Հունաստանը գիտության մայր կամ դայակ կոչել:
Եվ այսքանը բավական է բացատրելու համար Հունաց պատմագիրներին դիմելու մեր կարիքը:


Գ 


ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԻՇԽԱՆՆԵՐԻ ԱՆԻՄԱՍՏԱՍԵՐ ԲԱՐՔԻ ՄԱՍԻՆ


Կամենում եմ նաև առանց մեղադրական հիշատակի չթողնել մեր հին նախնիքների անիմաստասեր բարքը, այլ հենց այստեղ, մեր գործառնության սկզբում, նրանց կշտամբանքի խոսքեր է գրել: Որովհետև եթե հիրավի գովության արժանի են թագավորներից նրանք, որոնք իրենց ժամանակները գրով և պատմությամբ հաստատեցին և յուրաքանչյուրն իր իմաստության գործերն ու քաջությունն արձանագրեցին վեպերի8 և պատմությունների մեջ, նրանց նման մեր կողմից գովասանական խոսքերի արժանացան նաև դիվանների մատենագիրները, որոնք այս ծանր աշխատանքով, պարապեցին8ա,- սրա շնորհիվ մենք էլ նրանց շարադրած գրվածքները կարդալիս աշխարհական կարգերի գիտություն ենք ձեռք բերում և քաղաքական կարգեր ենք սովորում, երբ ուսումնասիրում ենք այսպիսի գիտական ճառեր և պատմական գրվածքներ, ինչպես ունեն քաղդեացիները և ասորեստանցիները, եգիպտացիները և հելլենացիները. սրա հետ միասին գուցե նաև փափագենք այն մարդկանց իմաստության, որոնք այսպիսի աշխատանք հանձն առան,- ապա ուրեմն մեզ ամենիս հայտնի է մեր թագավորների և մյուս նախնիքների անփութությունը դեպի գիտությունը և բանական հոգու անկատարությունը: Որովհետև թեպետ մենք փոքր ածու ենք և շատ սահմանափակ թվով և շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և այնպես մեր աշխարհումն էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի, որ նրանցից ոչ ոք հոգ չտարավ գրի առնելու: Արդ` այն մարդկանց, որոնք չմտածեցին նույնիսկ իրենց մի բարիք անել և իրենց անվան հիշատակը թողնել աշխարհում, ո’րքան կհարմարի մեր մեղադրանքը և նրանցից ավելի մեծ բաներ և իրենցից առաջ եղածները պահանջելը:
Բայց գուցե մեկն ասե. այն ժամանակ գիր ու գրականություն չլինելու պատճառով (եղավ այդ), կամ զանազան պատերազմների շնորհիվ, որ անընդհատ մեկը մյուսին հաջորդում էին: Բայց իրավացի չի լինի այսպես կարծելը, որովհետև պատերազմների միջև եղել են և (խաղաղ) ժամանակամիջոցներ, և կային պարսից և հունաց գրեր, որոնցով գրված այժմ գտնվում են մեզ մոտ անթիվ քանակությամբ գրություններ, վերաբերյալ գյուղերի և գավառների և յուրաքանչյուր տների սեփականության, և ընդհանուր վեճերի և դաշինքների, մանավանդ սեպուհական ազնվականության ծագման9: Բայց ինձ թվում է, որ ինչպես այժմ, այնպես էլ հին հայերը չեն ունեցել սեր դեպի գիտությունը և իմաստալից երգարանները: Ուստի ավելորդ է մեզ այլևս խոսել անբան, թուլամիտ և վայրենի մարդկանց մասին:
Բայց ես շատ եմ զարմանում քո մտքի ծննդականության վրա, որ մեր (նախարարական) ցեղերի հներից սկսած մինչև այժմյանները մենակը գտնվեցիր այսպիսի մեծ խնդրի ձեռնարկելու և մեզ առաջարկեցիր հետազոտություն կատարել` երկար և շահավոր գործով ճշտությամբ հորինել մեր ազգի պատմությունը, թագավորների և նախարարական ցեղերի և տոհմերի մասին, թե ո’վ ումի’ց է ծագել, ի’նչ է գործել նրանցից յուրաքանչյուրը, և ո’րն այս բաժանված ցեղերից բնիկ մեր ազգից է և որոնք եկվորներ են և հայցել` բնիկ են դարձել, ամեն մեկի գործերն ու ժամանակները գրով դրոշմել, անկարգ աշտարակի շինությունից սկսած մինչև ներկա ժամանակս10, նկատելով այս քեզ համար գեղեցիկ փառք և բավականություն առանց նեղության:
Այս առիթով այսքան միայն կասեմ. կա± արդյոք իմ ձեռքի տակ մատյան, ինչպես ասված է Հոբի11 գրքում, կամ քո հայրենական պատմական գրվածքները, որոնց միջոցով եբրայեցի պատմագիրների նման, վերևից մինչև քեզ իջեցնեմ (ճյուղագրությունը) անսխալ կերպով, կամ թե քեզանից և ուրիշներից սկսելով դեպի վեր տանեմ, դեպի սկիզբը: Բայց և այնպես կսկսեմ, թեպետ և դժվարությամբ, միայն թե մարդիկ շնորհակալ լինեն մեր կրած նեղությունների համար: Եվ կսկսեմ այնտեղից, որտեղից սկսում են եկեղեցական (մատենագիրներն) ըստ քրիստոնեական կրոնի, ավելորդ համարելով երկրորդել արտաքին հեղինակների առասպելները սկզբնական պատմության մասին, բայց հետագայից կհիշենք որոշ ժամանակներ և հայտնի անձեր, որքան նրանք զուգադիպում են Սուրբ գրքի պատմության, մինչև որ բնականաբար կհասնենք հեթանոսական զրույցներին. բայց սրանից էլ կառնենք, ինչ որ հավաստի կհամարենք:

1 Բնագիրն ունի «Ծննդաբանությունն Հայոց մեծաց», որ մենք թարգմանեցինք Հայոց մեծերի ծննդաբանությունը, այսինքն հայ նահապետների և թագավորների ճյուղագրությունը, ինչպես որ է իրապես Պատմության Ա գիրքը: Ուրիշները թարգմանել են «Родословие Великой Армении» (Էմին), «Մեծ Հայաստանի ծննդաբանություն» (Ստեփանե), որ ընդունելի չէ. նախ` որովհետև երկրի կամ ժողովրդի ծննդաբանությունն չի լինում առհասարակ, և երկրորդ` որ Պատմահայրը (Մովսես Խորենացին) գրում է ընդհանուր Հայաստանի պատմությունը և ո’չ թե միայն Մեծ Հայքի, որ աններելի կլիներ:
2 Բնագրում`«մենք, որպէս ասի, պատկեր աստուծոյ»: Ակնարկություն է Ծննդ. Ա, 27, որտեղ ասված է, թե աստված մարդուն ստեղծեց, «ըստ պատկերի իւրում, ըստ պատկերի աստուծոյ արար զնա»: Իսկ շարունակության մեջ «Առաքինութիւն բանականին է խոհականութիւն» հիշեցնում է Արիստոտելի «Յաղագս առաքինութեանց» գրվածքի հետևյալ նախադասությունը. «Եւ է խոհեմութիւն առաքինութիւն բանականին»: (Տե’ս Կորյուն, Մամբրե, Դավիթ, Վեն. 1833, եր. 629):
3 Նախարարություն կազմված է նախարար բառից: Նախարար բառի ծագումը շատ տեսակ բացատրել են զանազան գիտնականներ: (Տե’ս Արմատ. բառարան): Ամենից հավանական է Մեյեի բացատրությունը, ըստ որի այս բառը ծագել է իրանական naxavara բառից, որ նշանակում է ցեղապետ (սկզբնապես եղել է նահարար), որից մնացել է նահ-ապետ=ցեղապետ, որ հետո փոխվել է նախարար:
Ըստ նշանակության` նախարարը համապատասխանում է եվրոպական ֆեոդալին: Նախարարը բարձր ազնվական է, ավելի կամ պակաս ընդարձակ երկրով, որ ժառանգաբար անցնում էր հորից որդուն, իբրև մայորատ: Այս իր իշխանության մեջ նախարարը զանազան տեսակի հարկեր էր հավաքում իր ժողովրդից, դատաստան էր անում, հավաքում էր զորք և ընդհանրապես կառավարում էր իր երկիրը: Պատերազմի ժամանակ նախարարը պարտավոր էր իր զորքով գնալ թագավորի կոչին: Արշակունի, Բագրատունի թագավորներն ևս նախարարներ էին, բայց մյուների մեջ նախապատիվը և ունեին ավելի ընդարձակ կալվածքներ և ավելի զորք:
Նախարարները լինում էին ավագ (կամ մեծ) և կրտսեր` նայելով իրենց երկիրների ընդարձակությանը, իրենց պահած զորքի քանակությանը և իրենց գրաված գահին:
Նախարարն իր ընտանիքով (եղբայրներ, որդիք, թոռներ) հին լեզվով կոչվում էր ազգ («ազգ Բագրատունեաց». «յազգէն Սիւնեաց» և այլն): Այս ազգ բառը մենք թարգմանեցինք ցեղ, չշփոթելու համար «ազգ» բառի այժմյան ընդհանուր նշանակության հետ: Դարերի ընթացքում «ազգը» բազմանալով և ճյուղավորվելով` առաջ էին գալիս ընտանիքներ, որոնք թեպետ այդ ազգից էին ծագում, բայց շատ հեռացել էին և խզել էին կապը «ազգի» բուն ներկայացուցիչների հետ: Այսպիսի ընտանիքները կոչվում էին «տոհմ»: Այնպես որ անուններ թվարկելիս` նախ հիշում են «յազգէն Արծրունեաց» (այս ոք) և շարունակության մեջ, վերջը` «ի տոհմէ Արծրունեաց» (այս ոք): Բայց «տոհմը» հաճախ գործ է ածվում և ավելի ընդարձակ մտքով, պարունակելով թե’ «ազգը» և թե’ նրա հեռավոր ճյուղը` տոհմը:
Նախարար բառը հին հեղինակները գործ էին ածում որոշ անձի դասակարգը նշանակելու համար. բայց անհատներն իրենց պատվի տիտղոսով կոչվում էին տանուտեր, տեր, նահապետ, իշխան: Խորենացին ավելի հաճախ գործ է ածում տանուտեր բառը, Եղիշեն, Փարպեցին` իշխան բառը: Այս տիտղոսը կրում էր նախարարական ցեղի անդամներից միայն մեկը, որի ձեռքումն էր իշխանությունը. մյուս տղամարդիկ (իշխանի եղբայրները, որդիները, հորեղբայրները և այլն) կոչվում էին սեպուհ:
Հայաստանի նախարարությունների և նախարարների մասին ամենից մանրամասն և լավագույն ուսումնասիրությունը գրել է Ն. Ադոնց «Армения в эпоху Юстиниаа » աշխատության մեջ:
4 Պտղոմեոս Եղբայրասեր - Եգիպտոսի թագավոր (285-247 նՔ.), հաջորդ Պտղոմեոս Սոտերի, Աղեքսանդր Մեծի զորավարի և Պտղոմյան հարստության հիմնադրի: Պտղոմեոս Եղբայրասերը հայտնի դարձավ իբրև գիտությունների և արվեստների սիրող և հովանավոր: Խորենացին ասում է, որ նա «հարկավոր համարեց բոլոր ազգերի մատյաններն ու վեպերը հունարեն թարգմանելու»: Մասնավորապես հիշատակելու է, որ նրա նախաձեռնությամբ 72 գիտնականներ եբրայերենից հունարեն թարգմանեցին Ս. գիրքը, որ կոչվում է «Եօթանասնից թարգմանութիւն»:
5 Այս տարբերությունը, որ սկսվում է «բայց ոչ ոք» բառերով, մինչև «ասածս նրա մասին», իսկապես պետք էր ծանոթության մեջ դնել, իբրև բացատրություն, թե ինչո’ւ Պատմահայրը Պտղոմեոսին, Եգիպտոսի թագավորին, կոչել է Հունաց թագավոր: Մենք այս պարբերությունը խոսքի ընթացքից զատեցինք` գծիկներով բաժանելով: Խոսքի քերականական կապն է`«Ոչ միայն հունաց թագավորները»... այլև բազմաթիվ... մարդիկ հունաց աշխարհից՚: Այսպիսի ընդարձակ և բարդ համադրություն հազիվ է պատահում ոչ միայն մեր, այլև օտար ազգերի մատենագրության մեջ:
6 Բերոսոս – նշանավոր քուրմ էր Բաբելոնում Բել աստծու տաճարում. ապրում էր Գ դարում նՔ. Անտիոքոս Սոտերի ժամանակ (280-270 նՔ.), գրել է մի հռչակավոր պատմություն Քաղդեայի և Ասորեստանի, օգտվելով մեհյանի սեպագիր արխիվներից: Այս պատմությունից օգտվել է Եվսեբիոս Կեսարացին իր Ժամանակագրության մեջ, բայց ներկայումս մի քանի հատակտորներ են միայն մնացել: Եվսեբիոսի վկայությամբ նա գրել է նաև աստեղագիտության վերաբերյալ գիրք (տե’ս և Սիբիլլա, ծանոթ. 19):
7 Բանասերների համար գայթակղության քար էր այս հանելուկային խոսքը,«որպէս զԱ առ Ք, և զԹ առ Փ» և այլն: Ընդհանուր իմաստը կարելի է մակաբերել այս մտքով, թե հույները գտել են զանազան արվեստներ ու գիտություններ զանազան ազգերի մոտ և փոխադրել են հունարեն: Զ նախդիրով նշանակված են արվեստներն ու գիտությունները (զԱ, զԹ, զԿ, զՇ). իսկ առ նախդիրով` ազգերը, որոնց մոտ գտել են (առ Ք, առ Փ, առ Ե, առ Թ): Բայց ի±նչ ազգեր և ի±նչ արվեստներ են եղել` այս հարցը որոշ չէր և այլ և այլ կերպ էր մեկնվում: Պատմության ձեռագիրներից մեկի լուսանցքում բերված է հետևյալ մեկնությունը. «Աստեղաբաշխութիւն առ Քաղդեացիո, թուականութիւն առ Փիւնիկեցիս, երկրաչափութիւն առ Եգիպտացիս, երաժշտութիւն առ Թրակացիս»:
Արվեստների և գիտությունների այս կամ այն ազգից գտնված լինելու տեղեկությունը, որ Խորենացու Պատմության մեջ վերածված է տառային հանելուկի` համառոտված է Դավիթ Անհաղթի Սահմանաց գրքի ԺԷ պրակից, որտեղ ասված է. «փոքր զԹուականն Փիւնիկեցիք գտին... զԵրաժշտականն Թրակացիք... զԱստղեբաշխականն Ղաղդեացիք... զԵրկրաչափականն Եգիպտացիք» (Մատեն., եր.199): Այս մեկնությունը բերել է Ներսես Շնորհալին Դավիթ Անհաղթի լուծմունքի մեջ: (Տե’ս Ցուցակ ձեռագրաց Վիեննայի Մխիթարեանց, եր. 1047): Որ Խորենացու այս հանելուկային խոսքի աղբյուրը Դավիթ Անհաղթի վերոհիշյալ հատվածն է` առաջին անգամ մատնանշել է Գալ. Տեր-Մկրտչյան (Միաբան), (տե’ս Հանդես Ամսօրեա, 1892. եր. 372): Նույնը Միաբանից անկախ նկատեց և պրոֆ. Հ. Մանանդյան «Խորենացու առեղծվածի լուծումը» աշխատության վերջում:
Այս առեղծվածային տողը մեր թարգմանության մեջ զետեղեցինք փակագծերում, համարելով ընդմիջարկություն, որևէ հին ձեռագրի լուսանցքից մուծված բնագրի մեջ:  
8 Խորենացին բացի զուտ պատմական գրավոր աղբյուրներից հաճախ հիշատակում է նաև ժողովրդական կեսպատմական կեսառասպելական աղբյուրներ, որոնց նա տալիս է մի քանի անուններ`«առասպել, վէպ, զրոյց, վիպասանք, երգարանք բանաւորք, թուելեաց երգք»: Այս բառերի նշանակությունը աշխատել են բացատրել նախ` Հայկազյան բառարանը, այնուհետև Մկ. Էմինը, «Վէպք հնոյն Հայաստանի» ուսումնասիրության մեջ. նրանից հետո Գր. Խալաթյանցը («Армянский эпос», էջ 37-46): Ամենից մանրամասն և, որքան կարծում ենք, ամենահավանական բացատրությունն այս տերմինների տվեց Մ. Աբեղյանը իր «Հայ ժողովրդական առասպելները» ուսումնասիրության մեջ (Վաղարշապատ, 1901): Այս աշխատությունից քաղվածաբար բերում ենք վերը նշանակված տերմինների հավանական նշանակությունը:
Վեպ բառը Խորենացու Պատմության մեջ, ինչպես և Եվսեբիոսի մեջ չունի այն նշանակությունը, որ ներկայումս տալիս են նրան, այսինքն էպոս, դյուցազներգություն, այլ պարզապես նշանակում է պատմություն:
Զրույցք - առանձնապես վերցված` Խորենացու Պատմության մեջ գործ է ածվում «գրված պատմություն» նշանակությամբ, բայց կան և բերանացի զրույցներ, որոնց զանազանելու համար գրավորից, Խորենացին կոչում է անգիր, հին, վաղնջուց, նախնական, «Յաւանդութենէ առ մեզ հասեալ» և այլն բառերով: Զրուցել բայն էլ նշանակում է պատմել:
Առասպել – ժողովրդական բանահյուսության նյութ, որ կարող էր լոկ պատմվել կամ երգվել: Ըստ Խորենացու` առասպելները հաճախ այլաբանություններ են, որոնց տակ թաքնված է պատմական իրողությունը, որ Պատմահայրը աշխատում է ճշմարտել, այսինքն այլաբանությունից դուրս բերել պատմական իրողությունը:
Վիպասանք, երգք վիպասանաց – որոշ տեսակի առասպելներ, որոնք հավանորեն երգվում էին. վիպասանք նշանակում է նաև վեպը ասողներ` վեպը երգողներ:
Բանք – Խորենացին գործ է ածում նախ` խոսք բառի և ապա ընդհանրապես պատմվածք, պատմություն բառի նշանակությամբ, և այս վերջին իմաստով համանիշ է զրույց և վեպ բառերին:
Երգարանք, բանավորք – իմաստալից, մտացի երգեր:
ՙԹուելեաց երգք՚ - թվել բայի` թիվ ասել, արտասանել նշանակությունից, թիվ ասողների կամ թիվ ասվածների` պատմվածների երգերը: Համանիշ է երգք վիպասանց տերմինին:
8ա Համեմատել ծանոթ. 5-ի հետ:
9 Բնագրում գրված է «Սեպհական ազատութեան պայազատութիւն», որ մենք թարգմանեցինք «Սեպուհական ազնվականության ծագում»: Պատմահայրը նկատի ունի այնպիսի վավերագրեր, որոնց մեջ բերվում են որևէ անձի ճյուղագրությունը, նրա ծագումը այսինչ սեպուհից, որով ապացուցվում էր այդ անձի ազնվականությունը իբրև սեպուհի սերունդի:
10 «Երկար և շահաւոր գործով» - «մինչև ներկա ժամանակը» - սա այն ծրագիրն է, որը Պատմահայրը աշխատել է իրագործել իր պատմության մեջ, որքան հանգամանքները թույլ են տվել: Եթե այս ծրագիրը հիրավի առաջարկել է Սահակ Բագրատունին, ինչպես վկայում է հեղինակը` ապա իրավունք ունի նա ասելու, որ Սահակ Բագրատունին առաջինն է եղել այսպիսի մի ընդարձակ ծրագրով Հայոց պատմություն գրել տալու նախաձեռնող. բոլոր իրենից առաջ եղողներից վեհագույն է եղել, քանի որ նրանից առաջ Տրդատ թագավորը, որ Հայոց դարձի պատմությունն է գրել տվել Ագաթանգեղոսին, կամ Դավիթ երեց Մամիկոնը, որ կրոնական առաջին պատերազմի պատմությունն է խնդրել Եղիշեից` կարճ ժամանակաշրջանի կամ մի մասնավոր անցքի պատմության նախաձեռնողներ են, ուստի և չենք կարող հավասարվել Սահակ Բագրատունուն:
11 Տե’ս Հոբ. ԼԵ, 20:

 

Share    



Գնահատում

Ինչպ ՞ես եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am