Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականություն
Օգոստոս 2010, N 7

ՀԱՊԿ. ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՓՈՓՈԽՎՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ալեքսանդր Կնյազև, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի (Մոսկվա) ավագ գիտաշխատող, տարածաշրջանային ծրագրերի համակարգող, քաղաքական որոշումների ինստիտուտի խորհրդական (Ալմաթի)

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) եզակի կառույց է հետխորհրդային տարածքի համար: Եզակիությունն այն է, որ գործառնական առումով նրա գործունեությունը չի խաչվում ինտեգրացիոն այլ միավորումների և դաշինքների հետ. ԱՊՀ, Եվրասիական տնտեսական ընկերակցություն (ԵԱՏԸ), ՌԴ, ԲՀ (Բելառուսի Հանրապետություն) և ՂՀ (Ղազախստանի Հանրապետություն) Մաքսային միություն կամ ՇՀԿ: ՀԱՊԿ մեկ այլ առանձնահատկությունը նրա գործունեության բավական սահմանափակ ձևաչափն է, որը, հազվադեպ բացառություններով, դուրս չի գալիս ռազմական համագործակցության շրջանակներից:

Այնուամենայնիվ, շատ փորձագետներ վաղուց նշում են անվտանգության այդ տարածաշրջանային կառույցին ներհատուկ թերությունը՝ վառ արտահայտված անհավասարակշռությունը կազմակերպության մասնակից երկրների շահերը պահպանելու (ընկալելու) և նրա գործունեության հիմնական ուղղությունների միջև, որոնք ամրագրված են կանոնադրական փաստաթղթերում, և որոնք շատ բանով իրականացվում են գործնականում:

 

Ղազախստանի՝ հետխորհրդային տարածքում ինտեգրման ավանդաբար ամենաակտիվ կողմնակցի և հաճախ՝ նախաձեռնողի համար անդամակցությունը ՀԱՊԿ-ում որոշ առումով այդ կարգավիճակի ամրապնդում է նշանակում, հանրապետության իմիջի գիծ. չէ՞ որ նախկին ԽՍՀՄ տարածքում ինչ-որ մի միջպետական կազմակերպությունից դուրս նույնիսկ անհնար է պատկերացնել Ղազախստանը: Բայց միևնույն ժամանակ, ինչպեսև հետխորհրդային տարածքի ցանկացած այլ երկիր, Ղազախստանը հազիվ թե ի վիճակի է ինքնուրույն ապահովել սեփական ռազմական անվտանգությունը, այն դեպքում, երբ նման բնույթի սպառնալիքներ, ինչպես ցույց է տալիս միջազգային հարաբերությունների տարածաշրջանային ենթահամակարգում Ղազախստանի դրության վերլուծությունը, այստեղ չկան: Ղազախստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին ռազմական տեսակետից անհրաժեշտ է դիտարկել բացառապես նրա հարավային սահմանների կողմից ծագելիք ասիմետրիկ սպառնալիքների առումով. ահաբեկչություն, կրոնական մոլեռանդություն, թմրաթրաֆիկ, անլեգալ միգրացիա: ՀԱՊԿ-ին Ղազախստանի մասնակցության քաղաքական աստառը հարևանների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ հատուկ, բարեկամական կապերի պահպանման ձգտումն է:

Այլ խոսքով՝ Ղազախստանի համար ՀԱՊԿ անդամությունը թեև ազգային անվտանգության ապահովման չափազանց կարևոր պայման է, բայց, միևնույն ժամանակ, նաև նշանակալի ոչ ռազմական նպատակներ ունի: Ղազախստանյան ակտիվությունը ՀԱՊԿ-ին մասնակցությունը հաջող կերպով լրացնում է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) ձևաչափում, որի գումարման նախաձեռնողը ՂՀ նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էր, ինչպես նաև ԵԱՀԿ-ում Ղազախստանի ընթացիկ, 2010թ. հունիսից՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում, իսկ 2011թ. սկզբից՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում նախագահությամբ... 

Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ ՀԱՊԿ դերը Կենտրոնական Ասիայում զգալիորեն բարդ է: Տարածաշրջանում կայունության պահպանման համար 2010թ. սկսեցին ձևավորվել օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը (ՕԱՀՈւ): Կենտրոնաասիական տարածաշրջանում ՀԱՊԿ գործառնության բարդությունը կապված է ոչ միայն բազմաբնույթ խնդիրների առատության հետ, որոնց լուծումը համընկնում է կազմակերպության առաքելությանը: Պարզապես Կենտրոնական Ասիայում փաստորեն 2001թ. աշնանից մրցակցում են տարածաշրջանային անվտանգության մի քանի նախագծեր: Տարածաշրջանում հատկապես 2006-2007 թվականներից ակտիվորեն գործում է ՇՀԿ-ն, որը ՀԱՊԿ-ի կողքին մրցակցում է ՆԱՏՕ կոալիցիայի հետ, որն իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում ապահովում է Աֆղանստանում այսպես կոչված «հակաահաբեկչական գործողությանն» աջակցելու պատրվակով:

Չինաստանը, ի տարբերություն Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ուղղակի ռազմական ներկայություն չունի տարածաշրջանում, ինչը, ըստ էության, լրիվ համապատասխանում է չինական արտաքին քաղաքականության ոգուն ու հազարամյա ավանդույթներին: Պեկինը պլանաչափորեն ամրապնդում է իր ռազմական ազդեցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության միջոցով: ՇՀԿ գործունեության շնորհիվ Չինաստանին հաջողվեց կանխապես իր համար ապահովել Ռուսաստանի և ընդհանրապես ՀԱՊԿ-ի աջակցությունը Կենտրոնական Ասիայում ԱՄՆ ազդեցությունը կրճատելու ուղղությամբ: Ինչպես կարծում են իրենք՝ չինացի ռազմական փորձագետները, ՇՀԿ-ն ՉԺՀ-ին թույլ է տալիս ոչ միայն տարածաշրջանի բոլոր գործընթացների «արտաքին դիտորդ», այլև ակտիվ դերակատար լինել, որն ի վիճակի է աճող ազդեցություն գործել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային անվտանգության ապագա համակարգի ձևավորման վրա:

Իր հերթին, ՀԱՊԿ-ն Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարության համար (և Ղազախստանն այստեղ, ի դեպ, բացառություն չէ) Չինաստանի հավակնությունների (ամեն ինչից զատ), տնտեսական, ժողովրդագրական և մշակութային էքսպանսիայի, ինչպես նաև քաղաքական ազդեցության աճի զսպման գործոն է, ինչից տարածաշրջանում անկեղծորեն վախենում են բոլորը: Չինաֆոբիան կենտրոնաասիական բոլոր հանրություններին ներհատուկ գիծ է՝ սոցիալական ստորին շերտերից մինչև քաղաքական էլիտաները... Ի դեպ, այս համատեքստում միանգամայն հորինովի են թվում երբեմն փորձագետների և քաղաքական գործիչների կողմից հնչող առաջարկությունները ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի միաձուլման հնարավորության մասին, իբր այն պատճառով, որ դրանց նպատակադրումները չափազանց շատ բաներում են համընկնում: ՀԱՊԿ առանձնահատկությունը տարածաշրջանի երկրների, ի դեպ՝ նաև Ռուսաստանի համար նրա հատուկ, «հետխորհրդային»  ձևաչափն է, որը հատուկ, բավական բարձր աստիճանի վստահելի հարաբերություններ է ապահովում մասնակից երկրների միջև: ՇՀԿ-ն՝ Չինաստանի մասնակցությամբ, սկզբունքորեն այլ ձևաչափ է, և նրա նշանակությունը հետխորհրդային մասնակից երկրների համար շատ բանով պայմանավորված է առանձնաբար գործող Չինաստանի հետ համատեղ երկխոսային մեխանիզմի առկայությամբ...

Անհրաժեշտ է փաստել, որ Ռուսաստանը ելցինյան շրջանի բոլոր արտաքին քաղաքական ձախողումներից հետո առայժմ դեռ պատրաստ չէ ստանձնել պատասխանատվությունը տարածաշրջանում իրավիճակի զարգացման համար և ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես ՀԱՊԿ բնական դաշնակից իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում: Այդպիսով, ՀԱՊԿ-ն մի ինչ-որ միջանկյալ դիրք է գրավում Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի և Չինաստանի շահերի միջև: Այս ֆոնին «Բրեստից մինչև Շանհայ միասնական պաշտպանական տարածք»  ստեղծելու մասին հայտարարությունները բավական լավատեսական են: ՉԺՀ-ն կդիմակայի ՆԱՏՕ հզորացմանը Կենտրոնական Ասիայում բացառապես այն չափով, ինչ չափով որ այն կհամապատասխանի նրա սեփական շահերին:

ՀԱՊԿ շրջանակում Մոսկվայում մշտապես հարկադրված են լուծել նաև հիմնախնդիրներն իրենց կենտրոնաասիական դաշնակիցների միջև հարաբերություններում: Եթե Ուզբեկստանի և Ղազախստանի հարաբերությունները բավական հարթ բնույթ են կրում, իսկ վատագույն դեպքում դրանք կարելի է բնութագրել որպես «սառը խաղաղություն», ապա Ուզբեկստանի հարաբերությունները Ղրղըզստանի և Տաջիկստանի հետ կանոնավորապես վերաճում են սահմանամերձ բախումների: Այսպիսով, բոլորի մասնակցությունը ՀԱՊԿ-ին զսպիչ գործոն է հանդիսանում, իսկ ՀԱՊԿ կառույցների հեռանալը տարածաշրջանից անմիջապես առաջ կբերի սահմանային հակամարտությունների մի ամբողջ շարք, որոնցից յուրաքանչյուրն ի վիճակի կլինի վերաճելու լիածավալ պատերազմի:

Կենտրոնական Ասիայում ՀԱՊԿ առաջանցիկ զարգացման ճանապարհին խոչընդոտ է հանդիսանում նրա որոշ անդամների վառ և քանիցս արտահայտված ցանկությունը՝ կազմակերպության աշխատանքը կառուցել բացառապես իրենց նպատակներին համապատասխան: Խոսքն, օրինակ, Ուզբեկստանի մասին է, որը 2006թ. իր անդամակցության պահից ի վեր գրեթե մշտապես «հատուկ»  դիրքորոշումներ ունի առանցքային հարցերի շուրջ, կամ Ղրղըզստանի, որն իր տարածքում ամերիկյան ռազմակայան է պահում, կամ Տաջիկստանի, որը վերջին մի քանի տարում սրընթացորեն վերաճում է ամերիկյան և ՆԱՏՕ-ական ռազմական ենթակառուցվածքի:

Ընդհանրապես, Կենտրոնական Ասիայի երկրները ՀԱՊԿ աշխատանքում առաջին հերթին գերակայություն են համարում հակաահաբեկչական վեկտորը, քանի որ ահաբեկչությունն իսկապես մեծ ու ակնհայտ սպառնալիք է տարածաշրջանի համար: Նույնը կարելի է ասել նաև կազմակերպության ակնհայտ առաջատարի՝ Ռուսաստանի մասին, այդ թվում և այն պատճառով, որ Կենտրոնական Ասիայի երկրներում ահաբեկչության դրսևորումները դետերմինացված են ռուսական համանման խնդիրներից ռուսական Հյուսիսային Կովկասում: Շահերի չհամընկնումը, որը կարող է ծագել վաղ թե ուշ, հաստատ ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի կայունության փորձաքար կդառնա:

ՀԱՊԿ ներսում զարգացման կենտրոնաասիական վեկտորը նախևառաջ պայմանավորված է կազմակերպությունում այդ տարածաշրջանի պետությունների թվային գերազանցությամբ: Ռուսական ղեկավարությունը նախընտրում է ՀԱՊԿ-ն օգտագործել տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու և բազմապատկելու համար՝ այդ կազմակերպության գործունեությունը Կենտրոնական Ասիայի շահերի անվան տակ կառուցելու ճանապարհով: Հակաահաբեկչական վեկտորի (որն առաջին հերթին շահավետ է Կենտրոնական Ասիայի երկրների համար) վկայությունը դարձավ նաև կազմակերպությունում տեղի ունեցած վերջին վերափոխումը` որոշումը Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) ստեղծման մասին: Ենթադրվում է, որ ստեղծվելիք կառույցը կառավարման առումով լինելու է ավելի բազմակողմանի և օպերատիվ, քան նրա նախորդը՝ Արագ ծավալման հավաքական ուժերը (ԱԾՀՈւ): Ընդհանուր առմամբ, վերջինների արդիականացումը փորձ է ՀԱՊԿ-ն դարձնել ավելի արդյունավետ` պրակտիկ գործունեության առումով:

ՀԱՊԿ գոյությունն ութ տարիների ընթացքում վկայում է, որ կազմակերպության ներսում, նրա ներկայիս տեսքով, պայմաններ չկան գործընկեր երկրների միջև կոնֆլիկտային իրավիճակների զարգացման համար: Սակայն գոյություն ունեն նաև ՀԱՊԿ դերի ընկալման որոշ տարընթերցումներ հետխորհրդային տարածքում:

Նման տարընթերցումներից մեկն ի հայտ եկավ 2010թ. ապրիլին և հունիսին` ղրղզական իրադարձությունների հետ կապված: Երբ ապրիլի 7-ին Ղրղըզստանում տեղի ունեցավ հերթական պետական հեղաշրջումը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք հայտնեց, թե ՀԱՊԿ-ը պետք է ինչ-որ կերպ միջամտի. «Այդ ի՞նչ կազմակերպություն է, եթե մեր երկրներից մեկում արյուն է թափվում, պետհեղաշրջում կատարվում: Լռություն, զրո: Ինչո՞ւ»: «Եթե հետագայում էլ ՀԱՊԿ-ն այս կերպ զարգանա, ապա համարձակվում եմ հավաստիացնել ձեզ, որ այդ կազմակերպությունը հեռանկար չունի»,- անմխիթարական եզրակացություն է անում Լուկաշենկոն: «ՀԱՊԿ անդամների նման անգործությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- նրան երկրորդում էր Ղրղըզստանի պաշտոնանկ նախագահ Բաքիևը...

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Ղրղըզստանում իրադարձություններից շատ չանցած Ալմաթիում հայտարարեց. «Ես այսօրվա դրությամբ հիմքեր չեմ տեսնում Ղրղըզստանում ՀԱՊԿ ուժային ներուժը գործադրելու համար»: Եվ ընդգծեց. «Մենք ելնում ենք այն բանից, որ Ղրղըզստանի ներկայիս իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են... Իսկ ՀԱՊԿ ներուժը ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ կարող է օգտագործվել ՀԱՊԿ մասնակիցներից մեկի հանդեպ դրսից ագրեսիայի դեմ»: Պաշտոնապես նա ճիշտ էր, երկրի՝ իշխանությունը տապալող քաղաքացիները ոչ ահաբեկիչ են և ոչ էլ ագրեսոր: Հասկանալի է, որ որևէ տեղ ՀԱՊԿ ուժերն օգտագործելու համար անհրաժեշտ է համաձայնեցում մասնակից երկրների կառավարությունների հետ: Բայց Ղրղըզստանի օրինակը ցույց է տալիս, որ կազմակերպությունն ի վիճակի չէ ապահովել անդամ պետությունների ներքին կայունությունը, թեև, ինչպես դիտարկվող դեպքում է, ներքին անկայունությունն ամենևին էլ միայն Ղրղըզստանի գործը չէր: Բաքիևների կլանի անպատասխանատու կառավարմամբ հանրապետությունը հասցվել էր և մնում է այնպիսի վիճակում, որ անվտանգության ոլորտում, տնտեսությունում կարգուկանոնը վերականգնելու համար արտաքին մասնակցություն է պահանջվում, այն երկրների մասնակցությունը, որոնք շահագրգռված են Ղրղըզստանի կայունությամբ, իսկ դրանք, առաջին հերթին, Ղազախստանը, Ռուսաստանը, հարևան երկրներն են, որոնք իրապես են իրենց վրա զգում Ղրղըզստանից ծագող սպառնալիքները: Ղրղզական տարածքն անկայունության օջախի վերածելը և՛ ՇՀԿ, և՛ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, և Ղրղըզստանի աֆղանացումն ի վիճակի են տասնամյակներ շարունակ մշտական գլխացավանք դառնալ տարածաշրջանային միավորումների մասնակից երկրների համար՝ խիստ բացասական ազդեցություն գործելով նաև նրանց ներքին զարգացման վրա:

Ղրղըզստանում ՀԱՊԿ երկրորդ փորձությունը դարձավ ղրղղզա-ուզբեկական միջէթնիկական զինված հակամարտությունը Ֆերգանայի հովտի ղրղզական հատվածում՝ Օշի և Ջալալաբադի մարզերում: Հունիսի 11-ի գիշերը բնակչությամբ Ղրղըզստանի երկրորդ մարզային կենտրոնում՝ Օշ քաղաքում սկսվեցին բախումներ ղրղզների և ուզբեկների միջև: Շուտով անկարգությունները տեղափոխվեցին հարևան Ջալալաբադի մարզ: Անկարգությունների մասնակիցներն այրում էին մեքենաներ, քանդում խանութներ, շուկաներ, ինչպես նաև բնակելի տներ, փողոցներում վխտում էին մարոդյորները, ուզբեկներով բնակեցված վայրերում և նրանց հոծ բնակությամբ բնակավայրերում էթնիկ զտումներ էին կատարվում, որոնք շատ դեպքերում օժանդակվում էին նաև ղրղզական ուժային կառույցների զինծառայողների կողմից: Ռոզա Օթունբաևայի գլխավորած ժամանակավոր կառավարությունը հունիսի 12-ին դիմեց Ռուսաստանին՝ խնդրելով խաղաղարարներ մտցնել զանգվածային անկարգություններն ու ղրղզների և ուզբեկների միջէթնիկական բախումները ճնշելու համար: «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ խաղաղարար ուժեր Ղրղըզստան ուղարկելու մասին որոշում ընդունելուն, ապա նման որոշում կարող է ընդունվել միայն ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան և այդ կազմակերպության բոլոր մասնակիցների հետ խորհրդատվություններից հետո»,- այն ժամանակ տեղեկացրել էր Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան: Խոսելով Ռուսաստանի զինված ուժերի օգտագործման հնարավորության մասին՝ նա ասել էր, որ ներկա պահին պայմաններ չկան դրանց կիրառման համար: «Դա ներքին հակամարտություն է, և Ռուսաստանն առայժմ պայմաններ չի տեսնում դրա կարգավորմանը մասնակցելու համար»,- ասել էր Տիմակովան:

Միջամտությունը ներքին գործերին պետք է իրականացվի ոչ թե ավտոմատ կերպով, այլ հաշվի առնելով ամբողջ քաղաքական համատեքստը, այսինքն՝ շատ ճկուն ձևով: Բնական է նաև, որ նման հարցում առաջատար դերը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը: Այն ռազմական և տնտեսական առումով ՀԱՊԿ ամենահզոր պետությունն է, և վճռական խոսքը, միանգամայն բնականորեն, նրան է պատկանում: Ըստ էության, այդպես էլ կա: Ղրղզական իրադարձություններն ամենայն որոշակիությամբ ցույց տվեցին, որ Մոսկվան անդամ պետությունների ներքին անվտանգության հարցերին ՀԱՊԿ մասնակցության հարցին բավական զգույշ և կշռադատված է մոտենում:

Ինչպես և ցանկացած ճգնաժամ, հունիսյան կոնֆլիկտը Օշում և Ջալալաբադում ի հայտ բերեց տարածաշրջանում գործող ինտեգրացիոն միավորումների անկատարությունը: Առաջին պլան մղվեց բնույթով միանգամայն նոր սպառնալիք՝ կապված սոցիալական անվտանգության ապահովման հետ մի իրավիճակում, երբ ներքաղաքական և միջէթնիկ հակամարտության կողմերից մեկը դիմում է միջազգային ահաբեկչական և քրեական շրջանակների օգտագործմանը: Տարածաշրջանում ինքնաբուխ փոփոխվող իրավիճակին տրվելիք համարժեք պատասխանների որոնումը, իմ կարծիքով, դառնում է գերակա խնդիր նաև այդ նույն ՇՀԿ մասնակիցների համար, եթե դրա կազմի մեջ մտնող երկրների ղեկավարները բավարարված չեն կազմակերպության ներկայիս զուտ հռչակագրային բնույթով, այլ կցանկանային այն ավելի գործուն և արդյունավետ տեսնել և ավելի համապատասխան առաջադրված նպատակներին:

Հավանաբար, հարկավոր է փոխել տարածաշրջանային կառույցների շրջանակում որոշումների ընդունման սկզբունքները, ընդլայնել «անվտանգություն»  հասկացությունը դրա սոցիալական բաղադրիչի ուղղությամբ, ավելի հստակ որոշել մասնակից երկրների ներքին հիմնախնդիրների և այն պահի սահմանը, որտեղ այդ դժվարությունները վերաճում են արտաքին ռիսկերի: Պետության «ներքին գործ»  հասկացությունը ՀԱՊԿ մասնակից երկրների համար պետք է սահմանվի առավելագույնս ճշգրիտ, կոնկրետ իրավաբանական նորմերով՝ ապագայում խուսափելու համար երկիմաստ վիճակից, ինչպես դա տեղի է ունենում ղրղզական իրավիճակի շուրջ, երբ ակնհայտ է տարածաշրջանային և միջազգային բոլոր (առանց բացառության) կազմակերպությունների շատ ցածր արդյունավետությունը: Հավանաբար, ՀԱՊԿ գործունեությունը պետք է կառուցվի հակամարտային իրավիճակների ավելի հստակ բաժանման հիման վրա՝ կախված մարտահրավերների ու սպառնալիքների տեսակներից, որոնց համար տարբերակված ձևով պետք է կառուցվեն և՛ արձագանքման, և՛ որոշումներ ընդունելու մեխանիզմներ:

Հունիսյան իրադարձությունները պարզապես Ղրղըզստանի հարավում պաղեստինյան ինթիֆադան հիշեցնող բազմամյա, բավական զանգվածային հակաղրղզական շարժման ծագման ամուր հիմք ստեղծեցին: Ինթիֆադա, որտեղ կատարողները տեղի ուզբեկների միջից, նախևառաջ, կստանան և՛ ՈւԻՇ-ի (Ուզբեկստանի իսլամական շարժման), և՛ արտասահմանյան ուզբեկական սփյուռքի (այդ նույն Սաուդյան Արաբիայում, որտեղ նրանց թիվը հասնում է հարյուր հազարների, վատ դիրքեր չունեն և՛ բիզնես միջավայրում, և՛ քաղաքական իսթեբլիշմենթում) աջակցությունը: Ջիհադական շարժումը միանգամայն համարժեք պատասխան կդառնա և՛ հունիսյան իրադարձություններին, և՛ այսօրվա ղրղըզ քաղաքական գործիչների (ներառյալ հանրապետության և ուժային կառույցների ղեկավարները)՝ ուզբեկական համայնքի նկատմամբ անհամարժեք վարքագծին: Հաշվի առնելով ներկայիս ղրղզական պետության անգործունակությունը և մեծ հնարավորությունների բացակայությունը, թե այդ գործունակությունը կարող է արագ աճել, կարելի է կանխատեսել, որ այն կարող է շատ ավելի սարսափելի լինել պաղեստինյան, հյուսիսկովկասյան կամ սինցզյանյան իրավիճակից:

Իրադարձությունների նման զարգացման պարագայում կարևոր է նաև ևս մեկ՝ միջազգային կամ, առնվազն, տարածաշրջանային, ասպեկտ: ՀԱՊԿ երևանյան օգոստոսյան գագաթաժողովում ղրղզական կողմը ստացավ ռուսական կողմի հավաստիացումները ռազմական օգնության՝ զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա, տրամադրման մասին: Ո՞ւմ դեմ է ուղղվելու այդ զենքը: Ըստ էության, կյանքի բնականոն հունից դուրս մղված և զենք վերցրած սեփական քաղաքացիների... Արդյոք՞ դա պետք է Ռուսաստանին: Իրադարձությունների նման զարգացումը կսադրի Ռուսաստանի և/կամ ՀԱՊԿ-ի ուղղակի ներգրավումը Ղրղըզստանի հարավի հակամարտությանը: Մի կողմից՝ ապակայունացումը Ֆերգանայի հովտում իսկապես կսպառնա և՛ Ռուսաստանի, և՛ Ուզբեկստանի, և՛ Ղազախստանի անվտանգությանը... Բայց այդ անկայունությունն այսօր ձևավորվում է ղրղզական ղեկավարության և ղրղզական քաղաքական գործիչների գործողություններով, թեև, հավանաբար, դեռ հնարավորություն կա խուսափել դրանից, կանխել տեղական ծագման հնարավոր ծայրահեղական շարժումների միավորումն այդ նույն ՈւԻՇ-ի վաղուց արդեն միանգամայն պրոֆեսիոնալ գրոհայինների հետ... Հավանաբար, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, ընդհանուր առմամբ՝ ՀԱՊԿ-ի շահերի տեսանկյունից ավելի կարևոր կլիներ գտնել ղրղզական ղեկավարության վրա ազդեցության եղանակներ՝ իրավիճակը հիմնավորապես շտկելու, սկզբնապատճառները վերացնելու համար: Զենքը միշտ էլ վատ քաղաքականություն է, լավ քաղաքականությունը գործը գլուխ է բերում առանց հրաձգության...

Երևանում օգոստոսին տեղի ունեցած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը Հայաստան Ռուսաստանի նախագահի այցի պետական կարգավիճակի ֆոնին ինչ-որ չափով երկրորդ պլան մղվեց ռուսալեզու տեղեկատվական հարթությունում: Դրա ինտրիգը թաքնված էր առաջին անգամ որպես Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաևայի հայտնվելու, ինչպես նաև դեռ նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրահարույց ներկայության մեջ:

Ղրղըզստանի իրադարձությունները ցույց տվեցին կառույցի ամորֆությունը և գործընկերների միջև փոխադարձ կապերի բարդությունը: Ուստի և Երևանում ընդունվեց որոշում կազմակերպության վերափոխման և կերպափոխման մասին: Երկրների ղեկավարները պայմանավորվեցին ընդլայնել ՀԱՊԿ լիազորությունները, ընդհուպ մինչև կանոնադրության շտկումը: Առաջարկություններն այս ուղղությամբ կկուտակվեն մինչև այս տարեվերջ, երբ դեկտեմբերին Մոսկվայում կկայանա կազմակերպության պաշտոնական գագաթաժողովը: Ենթադրվում է, որ կձևավորվի ՀԱՊԿ հակաճգնաժամային արձագանքման նոր մեխանիզմ՝ դրա արդյունավետության բարձրացման համար: Ռուսաստանի նախագահն ընդունեց, որ բոլոր մասնակիցների կոնսենսուսով որոշումների ընդունման ներկայիս սկզբունքի առկայության պայմաններում ՀԱՊԿ-ն կորցնում է օպերատիվությունը: Որպես ընդօրինակման առարկա կուսումնասիրվի ՆԱՏՕ-ից, ինչպես նաև ԵՄ բլոկից և ՄԱԿ-ից մրցակիցների գործունեությունը: 

 

* * *

ՀԱՊԿ գործունեության հակաահաբեկչական վեկտորի համեմատաբար արդյունավետ (առավել հայտնի) զարգացումը կենտրոնաասիական ուղղությամբ երբեմն Կովկասում նրա միակ դաշնակցի՝ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի անտարբերության տպավորություն է ստեղծում, որը որպես Ռուսաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանի համար կարևոր, եթե չասենք՝ հանգուցային դեր է կատարում տարածաշրջանում, հատկապես Վրաստանի հետ լարվածության և Ադրբեջանի հետ համագործակցության ոչ այնքան որոշակի հեռանկարների համատեքստում: Եվ Բելառուսի, ոչ առանց հիմնախնդիրների, բայց, այնուամենայնիվ, նույնքան միակ գործընկերոջ (ռազմական ոլորտում) հանդեպ` ռուսական ռազմական քաղաքականության արևմտաեվրոպական թատերաբեմում:

Բելառուսա-ռուսական հարաբերություններն այնքան խոր ու լայն թեմա են, որն էապես դուրս է գալիս ՀԱՊԿ շրջանակից: Բայց հենց անվտանգության ոլորտն է այն ոչ շատ բնագավառներից մեկը, որտեղ Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեն բազմաթիվ տարաձայնություններ: Բելառուսը՝ որպես ՀԱՊԿ մասնակից, կարևոր է, առաջին հերթին, հետխորհրդային տարածքի անվտանգության նոր գլոբալ ենթակառուցվածքի ստեղծման և Խորհրդային Միության ժամանակների դրա որոշ տարրերի վերականգնման տեսակետից: Օրինակ, հարձակման մասին վաղ իրազեկման միասնական համակարգի կամ ռազմավարական ռմբակոծիչների տեղակայման... Այս թեման խիստ հրատապ դարձավ այն ժամանակ, երբ խոսվում էր Լեհաստանում և Չեխիայում ամերիկյան ՀՀՊ տեղակայման մասին:

Տաշքենդում 1992թ. մայիսին ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման պահին (որն ըստ էության դարձավ ՀԱՊԿ հիմքը, պայմանագիր, որի մասնակիցն էլ անմիջապես դարձավ Հայաստանը) բնական է, որ ԱՊՀ ՀԱՊ մասնակից երկրների հնարավոր հիմնական հակառակորդը Հարավային Կովկասում Թուրքիան էր թվում. և՛ Թուրքիայի ՆԱՏՕ անդամ լինելու, և՛ Երևանի հետ Անկարայի չափազանց բարդ փոխհարաբերությունների պատճառով: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ակնհայտորեն բացասաբար էր վերաբերվում Ադրբեջանին և, առաջին հերթին, Վրաստանին Թուրքիայի կողմից ռազմական օգնության ցուցաբերմանը: Ռուսաստանը Հայաստանը դիտարկում էր որպես միակ դաշնակից Հարավային Կովկասի տարածաշրջանում, և Ռուսաստանի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները լրիվ ծավալով, ներառյալ նաև ռազմական օգնությունը ՀԱՊ շրջանակում:

Այսօր քչերն են հիշում, որ 1993-1999թթ. Հայաստանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակիցներն էին նաև Ադրբեջանն ու Վրաստանը, որոնք հետագայում տարբեր քաղաքական հանգամանքների բերումով հրաժարվեցին դրա երկարաձգումից: Այդ շրջանում կովկասյան բոլոր հանրապետությունների համար մասնակցությունը ՀԱՊ-ին փորձ էր տարածաշրջանային հակամարտություններում կանխապես Մոսկվայի աջակցությունն ստանալու: Ադրբեջանի ելքը ՀԱՊ-ից միանգամայն բնական էր: Ադրբեջանն ահա արդեն 20 տարի տարածքային մեծ հիմնախնդիրներ ունի: Ադրբեջանի ներկայությունը ԱՊՀ ՀԱՊ-ում ակնհայտ հիմքեր ուներ. եթե դա ռազմական համագործակցության կառույց էր, ապա դաշնակիցներն ապրիորի չէին կարող միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններ ունենալ, ընդհակառակը, պետք է կանխեին նման հավակնությունները դաշնակցի հանդեպ դրսից դրանց ի հայտ գալու դեպքում: Իսկ իրականությունն այնպես դասավորվեց, որ ղարաբաղյան հակամարտությունն անհնար էր լուծել խաղաղ ճանապարհով անգամ նման համագործակցության շրջանակում, անգամ ՀԱՊ անդամների աջակցության պարագայում: ՀԱՊ-ում Ադրբեջանի հետագա ներկայությունը՝ Հայաստանի հետ ռազմական դիմակայությամբ պայմանավորված, անիմաստ դարձավ:

Հայաստանի ղեկավարությունը սկզբում ՀԱՊ-ին, իսկ հետո՝ նաև ՀԱՊԿ-ին անդամակցությունը դիտարկում էր, նախևառաջ, միանգամայն իրական արտաքին հակառակորդից՝ Ադրբեջանից (Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության համատեքստում) ռազմական պաշտպանվածության դիրքերից: Սակայն ՀԱՊԿ-ն ձգձգվող ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու իրավական հիմքեր չունի: Ադրբեջանը չի մտնում այդ կազմակերպության մեջ և մասնակից երկրների համար նախատեսվող պարտավորություններ չունի: ՀԱՊԿ դերը Հայաստանին օգնության գործում ներկայիս ստատուս քվոյի պայմաններում հանգում է բացառապես հակամարտությունում նրա դիրքորոշմանը քաղաքականապես աջակցելուն:

2010թ. դրությամբ Ռուսաստանը տարածաշրջանում երկու հիմնական գործընկեր ունի՝ Ադրբեջանը և Հայաստանը, որոնք միմյանց հետ երկարատև բազմաբարդ հակամարտություն ունեն: Դա Ռուսաստանին չափազանց բարդ միջին կողմի վիճակում է դնում: Ադրբեջանը տնտեսապես բավական հարուստ է և, ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանի համար ֆինանսական խնդիրներ չի ստեղծի մշտական պետական վարկերի տրամադրման ձևով: Իսկ վերջին տարիներին Վրաստանի հետ սրված հարաբերությունների առնչությամբ հավասարակշռության պահպանումը տարածաշրջանում և մերձեցումը ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ Ռուսաստանի համար առանձնապես հրատապ են դառնում:

ՀԱՊԿ ներսում վիճելի պահերի և տարաձայնությունների լուծման մեխանիզմների բացակայությունը թույլ չի տալիս, որ այն նմանվի արդի աշխարհում ռազմական համագործակցության առավել կատարյալ նմուշին՝ ՆԱՏՕ-ին: Մեկ այլ հիմնախնդիր է երկրների միջև փոխգործակցության ցածր մակարդակը ՀԱՊԿ շրջանակում: Այս իրավիճակը կարող էր շտկել մասնակից երկրների միջից առաջնորդ պետության առանձնացումը, որի հետ ռազմական համագործակցությամբ չափից ավելի շահագրգռված կլինեին կազմակերպության բոլոր անդամները: Որպես այդպիսին հիմնավորված ձևով կարող է հանդես գալ Ռուսաստանը, բայց մյուս մասնակից երկրների հավակնությունները թույլ չեն տալիս նրանց Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը կենսականորեն կարևոր համարել իրենց երկրների ռազմական անվտանգության համար:

Համագործակցության այժմ առկա ուղղությունների շրջանակում ՀԱՊԿ-ը զարգացման ակնհայտ հեռանկարներ չունի: Այնինչ, ցանկացած կառույցի գործունեությունը պետք է դիտարկել դինամիկայի մեջ: Այս պարագայում անհրաժեշտ է նկատել, որ վերջին 10 տարում կազմակերպությունն ավելի արդյունավետ է դարձել: Բայց, վերոշարադրյալը հաշվի առնելով, չարժե բավարարվել ձեռք բերվածով:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցը և ՀԱՊԿ՝ Երևանում կայացած ոչ պաշտոնական գագաթաժողովը հստակ նշել են Հարավային Կովկասում Ռուսաստանի միջնաժամկետ քաղաքականության գերակայությունները: Ռուսաստանը մտադիր է հասնել այն բանին, որ չվերսկսվի պատերազմը Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանը պատրաստ է շարունակել միջնորդությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորմանն ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների մասնակցությամբ, այնպես էլ միանգամայն ինքնուրույն: Թողնելով սկզբից ևեթ թուրք-հայկական մերձեցման անհեռանկարային նախագիծը՝ Ռուսաստանը ջանում է իր ձեռքում պահել ղարաբաղյան կարգավորման գործընթացը՝ դրանում առաջնորդի դեր կատարելով: Դմիտրի Մեդվեդևի, Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի դիվանագիտությունը մեկ-երկու տարում լուծման չափից բարձր ակնկալիքներ է ծնել, որոնք սկզբունքորեն կփոխեն ստատուս քվոն կովկասյան տարածաշրջանում: Բայց որակական տեղաշարժ առայժմ չկա, կողմերը շարունակում են միմյանց մեղադրել ոչ կառուցողական լինելու մեջ:

Դիմակայությունը Կովկասում կարող է բերել տարածաշրջանում դաշինքների ստեղծման: Դմիտրի Մեդվեդևի՝ Երևան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվեց համաձայնագիր ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման վերաբերյալ, ինչպես նաև փոխվեցին դրա ներկայության, ռուս զինվորականների պատասխանատվության որոշ էական բնութագրեր (ինչը պակաս կարևոր չէ. այժմ նրանք պատասխանատու են ոչ միայն Թուրքիայի հետ սահմանը պաշտպանելու, այլև ընդհանրապես Հայաստանի անվտանգության համար): Նման ռազմաքաղաքական միություն մինչ այդ, Մեդվեդևի Երևան կատարած այցից մի քանի օր առաջ կնքեցին Ադրբեջանն ու Թուրքիան: Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված երևանյան համաձայնագիրը դե-յուրե նշանակում է, որ Հայաստանի համար ռազմական վտանգ ծագելու դեպքում Ռուսաստանը պարտավոր կլինի միջամտել հակամարտությանը նրա կողմից: Հնարավո՞ր է արդյոք պատկերացնել երկկողմանի հարաբերություններում դրական պոտենցիալը դինամիկ կերպով զարգացնող Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական բախումը Հարավային Կովկասում` նրանց դաշնակիցների հակամարտության պատճառով: Միևնույն ժամանակ հաշվի առնելով նաև Թուրքիայի դեռևս պահպանվող անդամակցությունը ՆԱՏՕ-ին...

Սկզբից ևեթ ՀԱՊԿ-ում (և մինչ այդ էլ՝ ԱՊՀ ՀԱՊ-ում) հնարավոր հակամարտությունների կարգավորման և կանխման գործում գերակայությունը տրվել է քաղաքական միջոցներին և հնարավորություններին: ՀԱՊԿ-ն, նախևառաջ, ռազմաքաղաքական զսպման գործոն է: ՀԱՊԿ մասնակից պետություններն աշխարհի ոչ մի պետություն պոտենցիալ հակառակորդ չեն համարում և հանդես են գալիս բոլոր երկրների հետ փոխշահավետ համագործակցության օգտին: Բնական է, որ Ռուսաստանը ևս հետագայում մտադիր է հավասարակշռություն ստեղծել հարավկովկասյան հակամարտության երկու կողմերի հետ հարաբերություններում:

Բայց միևնույն ժամանակ հենց ՀԱՊԿ ամորֆությունը և որոշումների կայացման անհրաժեշտ կոնսենսուսն են շատ բանով հարկադրել Հայաստանին գնալ Ռուսաստանի ուղղակի պրոտեկտորատին և համաձայնագիր կնքել ռազմակայանի մասին՝ անվտանգության համար ռուսների պատասխանատվության ուղեկից կետերով:   

 

* * *

ՀԱՊԿ բոլոր երկրներն իրենց նպատակներն են հետապնդում և պատրաստ են մասնակցել կազմակերպության գործունեությանը միայն այն իրավիճակներում, երբ դա չի հակասում իրենց շահերին: ՀԱՊԿ-ը բախվում է բազմաթիվ մարտահրավերների կազմակերպության ներսում թե դրսում: Միևնույն ժամանակ, հետխորհրդային տարածքում չկա այդ կազմակերպության այլընտրանքը, որը կկարողանար գոնե մասամբ իր վրա վերցնել եվրասիական տարածաշրջանում կայունության և ռազմական անվտանգության պահպանման պատասխանատվությունը:

Այս իրավիճակում ՀԱՊԿ հիմնարար մի շարք դրույթների կայանալիք վերանայումը պետք է, հավանաբար, հաշվի առնի նաև բազմամակարդակ համագործակցության հնարավորությունը կազմակերպության շրջանակում: Եթե պարզ ռազմատեխնիկական համագործակցությունը, որը ներառում է սպաների ուսուցումը և տեխնիկայի ու սպառազինությունների մատակարարումները ներքին գներով, կարող է կառուցվել բոլորի համար ընդհանուր սկզբունքներով, ապա տարածաշրջանի գծով հարևանների հետ մասնակից երկրների փոխհարաբերությունների (Հայաստան-Ադրբեջան), երկրի ներքին կոնֆլիկտներին միջամտության (Ղրղըզստան) կամ ռազմավարական ուժերի տեղակայման (Բելառուս) ավելի բարդ, իսկ երբեմն էլ՝ նուրբ հարցերի լուծումը պետք է հաշվի առնի և՛ ուղղություններից յուրաքանչյուրի տարածաշրջանային, և՛ ներգրավված երկրների երկկողմ հարաբերությունների առանձնահատկություններն՝ իրենց ողջ հակասական բազմազանությամբ հանդերձ: 

Չինաֆոբիան կենտրոնաասիական բոլոր ժողովուրդներին ներհատուկ գիծ է, դրա համար էլ այդ երկրների ղեկավարները ՀԱՊԿ-ն դիտարկում են որպես չինական մշակութային, տնտեսական, ժողովրդագրական էքսպանսիայի, ինչպես նաև քաղաքական ազդեցության աճի զսպման գործոն, ինչից տարածաշրջանում վախենում են բոլորը:

Կենտրոնաասիական երկրների անդամությունը ՀԱՊԿ-ին զսպան գործոն է հանդիսանում, այլապես Տաջիկստանի և Ղրղըզստանի հետ Ուզբեկստանի մշտական սահմանային բախումներն ի վիճակի են վերաճելու լիածավալ ռազմական հակամարտության:

ՀԱՊԿ երկրների ղեկավարները Երևանում պայմանավորվեցին ընդլայնել ՀԱՊԿ լիազորությունները՝ մարտահրավերներին և սպառնալիքներին առավել արդյունավետ արձագանքելու համար:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am