Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Օգոստոս 2010, N 7

ՌՈՒՍԱՑ ՀՈՂԻ ԽԱԶԵԻՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՖՈՐՊՈՍՏՈՒՄ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՑԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ԼԻՐԻԿԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ)

Լուսինե Կեսոյան, www.nationalidea.am կայքի քաղաքական մեկնաբան

Լենինականը (այժմ՝ Գյումրի, վառ անցյալում՝ Ալեքսանդրապոլ) նախկին Խորհրդային Միության դինամիկ զարգացող քաղաքներից էր: Միայն թեթև արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններում այստեղ աշխատում էր 40.000 մարդ: Գործում էին նաև տասնյակ այլ ձեռնարկություններ մեքենաշինության, էլեկտրոնիկայի, ռազմարդյունաբերության ոլորտներում: Քաղաքն ուրախ էր, յուրահատուկ համուհոտ ուներ ու կոլորիտ էր հաղորդում ողջ հանրապետությանը, բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները միջին վիճակագրական հայաստանցուց բարձր էին: Դրանով էին պայմանավորված նաև գյումրեցիների չափից ավելի հյուրասիրությունը, կատակասիրությունը, հումորը, ուտել-խմելու սերը: Անգամ կուսակցական ղեկավարների շրջանում դրանց պակասը չէր զգացվում, նույնիսկ՝ ամենասուր իրավիճակներում: Այս առումով ավելորդ չէ հիշեցնել մի քանի հատկանշական և խոսուն դրվագ:

Ուրեմն, Էմիլ Կիրակոսյանին (քաղսովետի գործկոմի նախագահն էր 1970-80-ականներին) մի օր զանգահարում է վրդովված մի կին և դժգոհում, որ ջուր չկա (այն ժամանակ քաղաքի ղեկավարներն անձամբ պատասխանում էին քաղաքացիների հեռախոսազանգերին, և դա ինչ-որ ամոթալի, անպատշաճ բան չէր համարվում): Կինը բողոքում է, թե երեխաների համար առավոտյան, դպրոց ուղարկելուց առաջ, անգամ երկու ձու խաշել չի կարողանում: Ընկեր Կիրակոսյանը, նույն ինքը՝ հայտնի Էմիլ Միխայլովիչը, պատասխանում է. «Կներե՛ս, ընկերուհի ջան, ջուրը էգուց կուդանք, իսկ էսօր էրեխեքին ձվածեղ սարքե, բան էլ չի էղնի, դիմացի»:

Ղարաբաղյան շարժման արշալույսին, երբ մի քանի նորմալ մարդկանց շուրջ խմբվել էին մի քանի հարյուր թափթփուկ, ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ, ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանը խնդրում է քաղաքի ներքին գործերի վարչության պետ Լևոն Գալստյանին (որին վիճակվեց դառնալ Խորհրդային Հայաստանի ներքին գործերի վերջին նախարարը) իր մոտ բերել մի քանի ակտիվիստի. ընկեր Դոնարան ուզում էր անձամբ ծանոթանալ նրանց հետ, տեսնել, թե ինչով են ապրում ու շնչում Միխայիլ Գորբաչովի՝ աշխարհի ամենահզոր զինված ուժերի գլխավոր հրամանատարի վրա մատ թափ տվող «ազգային գործիչները»: Եվ երբ Գալստյանը ներկայացնում է քաղաքի ամենաակտիվ անբաններին, Դոնարա Հարությունյանը նրանցից մեկին հարցնում է. «Տղա՛ ջան, դու ինչո՞վ ես զբաղվում կյանքում»: Սա հպարտորեն պատասխանում է. «Հեքիաթագիր եմ, հեքիաթներ եմ գրում, տիկին» 1: «Յըղք»,- լինում է քաղկոմի առաջին քարտուղարի անկեղծ պատասխանը...

1988 թվականը և հաջորդող իրադարձությունները վերացրին քաղաքի թե՛ կոլորիտը, թե՛ տնտեսությունն ու բարոյահոգեբանական մթնոլորտը: Լենինականում երկրաշարժից զոհվեց 12.000 մարդ, սկսվեցին մռայլ օրերը: Խորհրդային Միության փլուզումից հետո հսկայածավալ շինարարությունը կանգ առավ, առ այսօր քաղաքում 4000 անօթևան ընտանիք կա (որոնց մի մասին բնակարաններ հատկացվեցին, սակայն այդ մասին՝ ստորև):

1988-ից հետո ամենահաջողը 1990 թվականն էր: Այդ տարի գրեթե ավարտվեց, այսպես կոչված, «58-րդ թաղամասի» շինարարությունը (որն, իհարկե, իրականացվեց Խորհրդային Միության տնտեսական հզորության շնորհիվ), շահագործման հանձնվեց Բայրոնի անվան անգլիական դպրոցը՝ բրիտանական կառավարության նվերը Խորհրդային Հայաստանին: Դպրոցի բացման առիթով Լենինական ժամանեց Մարգարեթ Թեթչերը՝ «երկաթյա լեդին», Միացյալ Թագավորության այն ժամանակվա վարչապետը: Տիկին Թեթչերի այցը Լենինական երկնային նվեր դարձավ բազմաչարչար ժողովրդի համար. Գորբաչովը նրան Լենինական էր ուղարկել իր անձնական ինքնաթիռով, և օտարերկրյա հյուրի ողջ երթուղին՝ օդանավակայանից մինչև նորակառույց դպրոց, որը գտնվում էր քաղաքի հյուսիսային (հակառակ) ծայրամասում, ստիպված նորոգել էին ամենաբարձր մակարդակով: Դեռ մի բան էլ ավելի. ընդհանուր առմամբ հիմնովին կառուցվել էր մոտ 30 կիլոմետր ավտոճանապարհ, ինչն, իրոք, երկնային նվեր էր բազմաչարչար ժողովրդի համար: Երբեք Լենինականի փողոցներն այդպիսի որակ չէին ունեցել, երբեք քաղաքով երթևեկելն այդքան հաճելի չէր եղել լենինականցիների համար: Դա անգամ երևանցիների նախանձն էր շարժում, քանի որ, իրոք, Խորհրդային Միությունը, լենինականցու լեզվով ասած, «թասիբով» պետություն էր և երբեք թույլ չէր տա, որ մեծ տերության առաջնորդը հանկարծ մի քանի կիլոմետր տեղաշարժվի այնպիսի ճանապարհներով, որ հետագայում զղջա ոչ միայն կատարած այցի, այլև իր ծնվելու համար: Կարծում ենք՝ չարժե մեկնաբանել, թե ինչ է նշանակում որակյալ ճանապարհը ժամանակակից քաղաքի բնակչի համար, որտեղ մեքենա ջարդելու հնարավորություն չկա և որտեղ ուղղակի հաճելի է երթևեկելը:

 

* * *

Դմիտրի Մեդվեդևը նորագույն պատմության մեջ մեծ տերության երկրորդ լիդերն էր, որ այցելեց Գյումրի (Թեթչերից ուղիղ 20 տարի հետո, իսկ եթե հաշվենք նաև Գորբաչովի 1988-ի դեկտեմբերի 10-ի այցը՝ երրորդը): Երբ հայտարարվեց ռուս թագավորի այցի մասին՝ «Պատվո բլուրի» բացման արարողության առիթով, քաղաքում տիեզերական երազանքների տարափ սկսվեց: Մարդիկ հիշեցին, թե ինչ աղետալի վիճակից փրկվեցին Մարգարեթ Թեթչերի այցելության շնորհիվ և արդարացիորեն կարծեցին, թե Ռուսաստանն էլ է մեծ տերություն. այն, ինչ արվեց Թեթչերի պատվին և ի փրկություն դժբախտ քաղաքի, կարվի նաև հիմա՝ ի պատիվ ռուս թագավորի և, բնականաբար, ի փրկություն այդ նույն դժբախտ քաղաքի (արդեն ողորմելի) բնակչության: Սակայն գյումրեցիներն արդեն այն լենինականցիները չեն. դառը տարիներին նրանք շատ բան կորցրին իրենց ինքնությունից, և կորցրին ամենակարևորը՝ ճիշտ կարծիք կազմելու ունակությունը: Այսպես, 11 տարի առաջ նրանք մի անգամ սխալվեցին, և քաղաքապետ Միքայել Վարդանյանին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի «լյուբիմչիկին» փոխարինեցին Վարդան Ղուկասյանով, հավատացյալ մի մարդ, ում տանը նախաճաշն անգամ, ճաշկերույթները, մի գավաթ սուրճ ըմպելն սկսվում ու ավարտվում են աղոթքով (քրիստոնեական), ինչպես միջնադարյան Եվրոպայի արքունիքներում: Ընտրեցին Վարդան Ղուկասյանին և հայտնվեցին փոսում (ավելի ստույգ և, մեղմ ասած, կեղտահորում), որից դուրս գալն այսօր անհնար է թվում անգամ աշխարհի ամենազոր ինտելեկտներին (այս մասին կխոսենք ստորև): Բացի այդ, Գյումրու փրկությունը և նրա ազատագրումը Վարդան Ղուկասյանից այսօր չեն պատկերացնում նույնիսկ Հանրապետական կուսակցության (ի դեպ, այդ կուսակցության խորհրդի անդամ է նաև Վարդան Ղուկասյանը), ՀՅԴ-ի, «Բարգավաճ Հայաստանի», «Օրինաց երկրի», «Արժանապատիվ ապագայի», «Նոր ժամանակների» և այլ հզոր կուսակցությունների բազմատաղանդ առաջնորդները, որոնք օժտված են ամենաբարձր, այդ թվում՝ մտավոր, ունակություններով: Բայց վերադառնանք մեր և գյումրեցիների բուն դարդին:

Ուրեմն, ի՞նչ էին սպասում գյումրեցիները Դմիտրի Մեդվեդևի այցից, ի՞նչ էին տեսել անցյալում բրիտանական վարչապետի շնորհիվ և ի՞նչ ստացան, ի վերջո, ռուս թագավորի երկար սպասված այցից: Նախապես ասենք, որ որևէ գլոբալ ակնկալիք աշխարհաքաղաքական, քաղաքական, տնտեսական, հումանիտար, գլոբալ անվտանգության և այլ ոլորտներից նրանք չունեն: Ավելին, նրանց ընդհանրապես չեն հետաքրքրում վերոհիշյալ ասպեկտները:

 

* * *

Ռուս թագավորի այցը պատմական իրադարձություն էր, և բնական է, որ չէր կարող իրարանցում չառաջացնել Գյումրիում: Այս այցին ևս Գյումրին սկսեց պատրաստվել ինչպես հարկն է: Սակայն, ի տարբերություն խորհրդային ղեկավարության, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը «թասիբից» առաջ մեկ այլ տարբերակիչ հատկություն էլ ուներ. մեր ղեկավարները նախևառաջ իրատեսական մտածողության տեր անհատներ են: Ի տարբերություն Միխայիլ Գորբաչովի, որն ինքնաթիռով Թեթչերին ուղարկեց Լենինականի օդանավակայան և որի հետևանքով Մեծ Բրիտանիայի վարչապետն անցավ ավերված քաղաքը ծայրից ծայր՝ հասնելու համար անգլիական դպրոցը, և որի պատճառով էլ հենց այն օրերի համար չտեսնված ճանապարհաշինություն սկսվեց, ՀՀ ղեկավարությունը որոշեց գործը ռացիոնալ կազմակերպել՝ դրանով իսկ թեթևացնելով բազմաչարչար քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բեռը: Այսպես, Երևան-Գյումրի ճանապարհի վրա ժամանակ չկորցնելու համար նախապատվությունը նախ տրվեց օդային փոխադրամիջոցին՝ ժամանակը ռացիոնալ օգտագործելու նկատառումով, իսկ այնուհետև, միջոցներն ավելի ռացիոնալ օգտագործելու և Թեթչերի նախադեպը չկրկնելու և ավելորդ ճանապարհներ չասֆալտապատելու համար, որոշվեց Մեդվեդևին ուղղաթիռով միանգամից իջեցնել Գյումրու ոչ թե օդանավակայանում, այլ... մարզադաշտում, որտեղից մինչև նրա այցելելիք վայրերը «կես քայլ» է:

ՌԴ նախագահն այցելելու էր «Պատվո բլուր» հուշահամալիր, որ մարզադաշտից մոտ 100 մետր ձախ է գտնվում, որից հետո արդեն իր ներկայությամբ պետք է պատվեր մարզադաշտից աջ գտնվող բլրի վրա տեղակայված ռուսական ռազմակայանը: Հենց այս հատվածն էլ դարձավ Հայաստանի ռազմավարական դաշնակցին ըստ արժանվույն ընդունելության կազմակերպման փորձադաշտը: Հայաստանի, մասնավորապես՝ Գյումրու ղեկավարության ողջ եռանդը, Թեթչերի այցից հետո անցած 20 տարիներին կուտակված ողջ էներգիան կենտրոնացան հենց այս հատվածի վրա: Գյումրին այս տարիներին իսկապես շատ բան էր տեսել, բայց այդ եռանդով ճանապարհաշինություն դեռ չէր տեսել: Հանուն Մեդվեդևի, հանուն «ռսի օրհնած ոտի»՝ ոչ միայն այն ճանապարհներն էին ասֆալտապատվում, որոնցով պետք է անցներ, այլև չեղած տեղից մայթեր էին շինվում ու դարձյալ ասֆալտապատվում: Մայթերի համար մինչ այդ չեղած, բայց հանուն Մեդվեդևի գցված հատվածներում հատուկ այդ նպատակի համար Գյումրի բերված բետոնե եզրաքարեր էին տնկվում, որոնցով մայթեզրն անջատվում էր երթևեկելի մասից: Ի դեպ, սկզբում այդ քարերը ցեմենտով չէին ամրացվել, հավանաբար, այս անգամ արդեն Գյումրու քաղաքապետի ռացիոնալ մտածողության արդյունքում, սկզբում նախատեսվել էր դրանք ուղղակի տնկել՝ մայթի պատրանք ստեղծելու համար, իսկ հետո, երբ մեծ տերության առաջնորդը կհեռանար, կարելի կլիներ հանել և օգտագործել ըստ հայեցողության՝ խուսափելով գումարների վատնումից: Սակայն մեր այցի ժամանակ դրանք արդեն ցեմենտված էին: Չի բացառվում, որ դրանում կարևոր դերակատարություն ունեցած լինի Հայաստանի ղեկավարության «թասիբը», որը գուցե մտածել է, որ բետոնե եզրաքարերի անհետացումը չի կարող աննկատ մնալ, և դրա պատմությունը կարող է անգամ Մոսկվա՝ Մեդվեդևի ականջն ընկնել:

Մեդվեդևի այցից երեք օր առաջ Գյումրու այն փողոցները, որոնցով պետք է անցներ ՌԴ նախագահը, աննախադեպ եռուզեռի մեջ էին. մեկ քառակուսի մետրանոց հատվածում աշխատում էին մոտավորապես երկու ճանապարհաշինարար: Մայթերին, որոնք երբևէ մայթի կարգավիճակ չէին ունեցել, առանց խնայողության, գյումրեցու «ջոմարդությամբ» ասֆալտ էր փռվում: Հարկ է շեշտել, սակայն, որ այդ «ջոմարդությունը» դարձյալ հնարավոր էր դարձել հենց ՀՀ ղեկավարության ռացիոնալ մտածողության արդյունքում (չլիներ ռացիոնալ մտածողությունը, չէր լինի նաև «ջոմարդությունը». մի բան է 30 կմ ճանապարհ ասֆալտապատելը, մեկ այլ բան՝ հազիվ մեկ կիլոմետրը, այն էլ՝ միայն մայթերի ու ճանապարհների կարկատանների մակարդակով):

Վարդան Ղուկասյանը պարտական է մարզադաշտում Մեդվեդևի վայրէջքին. այս վայրէջքի շնորհիվ ՌԴ նախագահը քաղաք չմտավ, և քաղաքի՝ աղետալի վիճակում գտնվող շատ ու շատ փողոցներ չասֆալտապատվեցին, քաղաքապետարանի բյուջեն չդատարկվեց, բացի այդ, ոչ միայն նախագահի անցնելիք ճանապարհը կրճատվեց, այլև ռուսական զորամաս տանող ճանապարհի սալիկապատ մակերեսը հնարավորություն տվեց Գյումրու քաղաքապետին ավելացած ասֆալտն օգտագործել ըստ հայեցողության:

Իսկ ընդհանուր առմամբ, եթե համեմատելու լինենք «մեդվեդևյան ճանապարհաշինությունը» թեթչերյանի հետ, ապա մեդվեդևյանը հաստատապես տարբերվում է նախորդից մաթեմատիկական ճշգրտությամբ (տե՛ս նկարը): Զարմանալի ոչինչ չկա, եթե հաշվի առնենք, թե ովքեր են այսօր եղանակ ստեղծում նախագահականում: Թե՛ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, թե՛ նրա առաջին տեղակալ Միքայել Մինասյանը քաղաքականություն են եկել բիզնեսից և օժտված կոմերսանտներ են: Գիտեն ոչ միայն կոպեկի ղադրը, այլև այն (կոպեկը) պահպանելու բոլոր մեթոդները: Հաշվի առնելով այն, որ նախագահներին ուղեկցող շարասյունը ձախ շրջադարձ էր կատարելու, ճանապարհաշինությունը, այն է՝ մայթի կառուցումը՝ բաղկացուցիչ եզրաքարերով և փռվելիք ասֆալտով, դեպի աջ շարունակվող փողոցի հատվածում ավարտվում էր ճիշտ այնտեղ, որտեղ կարող էր ավարտվել ռուս թագավորի տեսադաշտը: Նման ճշգրտություն, բնականաբար, խորհրդային ղեկավարության մտքով չէր անցել. միայն այն, որ Թեթչերը կարող էր անցնել իքս փողոցով և տեսնել սահմանակից իգրեկ փողոցը, 1990թ. ասֆալտապատել էին նաև իգրեկ փողոցը: 20 տարի հետո միայն վարդանիկյան Գյումրիում ճանապարհաշինությունը կատարելագործվեց և կարողացավ մաթեմատիկական ճշգրտության նման գլուխգործոցներ երկնել:

Հարկ է ասել, որ Գյումրին նման ծախսերից ևս զերծ կմնար, եթե ՀՀ ղեկավարության ռացիոնալ մտածողությունն էլ մաթեմատիկական ճշգրտությամբ աշխատեր: Այդ դեպքում Դմիտրի Անատոլևիչին մարզադաշտում իջեցնելու փոխարեն ուղղաթիռով կիջեցնեին ուղիղ «Պատվո բլուր» հուշահամալիրում, այնտեղից էլ, դարձյալ ուղղաթիռով, կտեղափոխեին մյուս բլուրը, որտեղ տեղակայված է ռուսական զորամասը: Ի բարեբախտություն գյումրեցիների, ՀՀ ղեկավարության ռացիոնալ մտածողությունն այդ աստիճանի չի հասել, այլապես այդ մեկ-երկու փողոցներն էլ չէին ասֆալտապատվի: Թեև այստեղ ավելի վճռական կարող է լինել այն, որ այցելության տեղանքը բլրոտ էր՝ վայրէջքի կազմակերպման առումով:

«Պատվո բլուր» հուշահամալիրը գտնվում է Գյումրու հռչակավոր Սլոբոդկա թաղամասում, Պլպլան ժամի տարածքում: Այստեղ զինվորական գերեզմանոց է եղել. զոհվածների համար սկզբում հոգեհանգիստ էին կարդում Պլպլան ժամում, որ մատուռի նման մի բան էր, որից հետո թաղում էին կից գերեզմանոցում: Հենց այս տարածքն էլ Հայաստանում ՌԴ Գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի և դեսպան Եվգենի Կովալենկոյի մտահղացմամբ որոշվեց վերածել հուշահամալիրի: Այն մաքրվեց, պարսպապատվեց, կանաչապատվեց, սակայն, մեր տեղեկություններով, այս աշխատանքներից Վարդան Ղուկասյանի ղեկավարած քաղաքի բյուջեն չվնասվեց, քանի որ բոլոր ծախսերը հոգաց ռուսական կողմը:

Նախագահների այցից մի քանի օր առաջ այստեղ արդեն ամեն ինչ պատրաստ էր, Պլպլան ժամը մաքրվել էր, նորոգվել, տարածքը փայլում էր մաքրությունից: Հուշահամալիրի մուտքի մոտ վեր էր խոյանում հայ և ռուս զինվորների համատեղ պայքարը խորհրդանշող հուշարձանը՝ 1919թ. Կարսում պայթեցված հուշարձանի նմանությամբ. այն ստեղծվել էր Ղրիմի պատերազմի կովկասյան ռազմաճակատում միասին պայքարած ու զոհված հայ և ռուս զինվորների պատվին: Ներկա հուշարձանի վրա քանդակագործը չէր պատկերել դրոշի վրայի կիսալուսինը, իսկ երկգլխանի ցարական արծվին փոխարինել էր մեկգլխանին: Կատարված աշխատանքները պահպանելու համար նշանակված էր շուրջօրյա հերթապահություն. հերթապահ զինվորներն իրենց վստահված առաքելությունը կատարում էին բացառիկ ճշգրտությամբ՝ թույլ չտալով, որ օտար մարդ մտնի հուշահամալիրի տարածք: Զինվորները բացառիկ եռանդով էին պատրաստվում դիմավորել նախագահներին նաև ռուսական զորամասում: Զորամասի մուտքի դիմացի փոքրիկ հատվածում միաժամանակ ութ զինվոր գործի էին անցել՝ ավելն ու գոգաթին ձեռքին: Ըստ մեր տեղեկությունների, զորամասը պատրաստվում էր նախագահներին պատվել զինվորական բորշչով, սակայն Դմիտրի Մեդվեդևը այդպես էլ չգնաց ռուսական ռազմակայան, հավանաբար, ժամանակի դեֆիցիտ կար, և բոլոր նախապատրաստական աշխատանքները, կարելի է ասել, ապարդյուն եղան:

Այսպիսով, կարող ենք ասել, որ Ռուսաստանի նման գերտերության ղեկավարի այցն այդքան էլ նշանակալի չեղավ Գյումրու համար, հատկապես, եթե այն համեմատում ենք թեթչերյան այցի հետ: ՀՀ ղեկավարության ռացիոնալ մտածողության հետևանքով Մեդվեդևի այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար բարեկարգվեց միայն Գյումրու մեկ-երկու փողոց (կիսով չափ): Դրանք հիմնականում քաղաքը եզերող երկրորդական կամ երրորդական փողոցներ են: Մեդվեդևի այցը, սակայն, ամենաողբերգականը եղավ Գյումրու քաղաքապետի համար: Լինելով այցի կազմակերպման գլխավոր պատասխանատուներից մեկը, փող հատկացնելով ասֆալտապտման համար՝ նա հարկադրված եղավ բարեկարգել իր ոխերիմ թշնամու ռեստորան տանող ճանապարհը. Մեդվեդևի այցին սպասող ռուսական զորամասը գտնվում էր այն նույն բլրի վրա, որտեղ և Ղուկասյանի թշնամի Արտաշես Սարգսյանին պատկանող «Ոսկե բլուր» ռեստորանային համալիրն է: Սարգսյանի որդի Ռուստամի հետ փոխհրաձգության հետևանքով էր Գյումրու քաղաքապետի որդի Սպարտակը հայտնվել ոստիկանությունում, հանցագործ որակվել և շուրջ մեկ տարի անցկացրել բանտում: Ահա թե ինչ քաշեց Վարդան Ղուկասյանը ՌԴ նախագահին ըստ արժանվույն դիմավորելու պատճառով: Եվ սա՝ այն դեպքում, երբ կարողացել էր հասնել նրան, որ երբեմնի հին ու բարի Ալեքսանդրապոլ-Լենինականը, մերօրյա Գյումրին, որ մշտապես ապրում էր իր կանոններով և որի դեմ խաղ չկար, ասում էր այն, ինչ մտածում էր, սկսի ապրել պ-րն Ղուկասյանի մշակած կարգուկանոնով:

 

* * *

Եվ այսպես, ի՞նչ եզրակացություն կարելի է անել Ռուսաստանի Դաշնության նման մեծ տերության ղեկավարի այցից, և ի՞նչ դաս կարող է քաղել դրանից Գյումրին: Ամենայն պատասխանատվությամբ կարելի է ասել հետևյալը. Գյումրին կարող է ինքն իր համար մեկընդմիշտ արձանագրել, որ իր փրկությունը միայն և միայն որևէ գերտերության ղեկավարի այցելությունն է: Որքան էլ Մեդվեդևի այցելությունն անհամեմատելի էր Թեթչերի այցի հետ, որքան էլ այս անգամ ասֆալտապատվեց միայն քաղաքի եզրային մեկ-երկու խեղճուկրակ փողոց, այնուամենայնիվ, էականն այն է, որ գոնե ինչ-որ բան արվեց: Արվեց, որովհետև Գյումրի էր գալու մեծ տերության առաջին դեմքը:

Թեթչերի այցից՝ երջանկահիշատակ 1990 թվականից ի վեր այս քաղաքում, կարելի է ասել, հիմնական ոչինչ չի արվել: Ինչ էլ արվել է՝ արվել է օտարերկրացիների միջոցներով: Այսպես, խորհրդային տերության կառուցած 58-րդ թաղամասից բացի այսօր մատների վրա կարելի է հաշվել այն կառույցները, որ ստեղծվել են ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության միջոցներով: Այն, ինչ արժանի է հիշատակման, կառուցվել է մարդասերների և արտասահմանյան կառույցների, ասենք՝ Կարմիր խաչի, Լինսի հիմնադրամի, ամերիկացի մորմոն Հանցմանի, ավստրիական, իտալական և գերմանական կառավարությունների հաշվին:

Իսկ ահա ՀՀ կառավարության իրականացրած շինարարության իրական պատկերը կարելի է տեսնել վերջերս շահագործման հանձնված «Մուշ 2» թաղամասում: Ի դեպ, այս թաղամասն էլ էր արժանացել պետության ղեկավարի այցելությանը:

 

* * *

«Մուշ 2» թաղամասի շինարարությունն իրականացնողը «Գլենդել հիլզ» ընկերությունն է: Նրանք պատրաստվում էին դեռևս դեկտեմբեր-հունվարին ավարտել աշխատանքները և բնակարանները հանձնել 20 տարի տուն երազող աղետյալներին: Դեկտեմբերի 7-ի կապակցությամբ այս թաղամասը բարձրաստիճան հյուր ուներ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մտնելով «Մուշ 2»-ի՝ բնակարանամուտի պատրաստվող բնակարաններ, միայն իրեն բնորոշ ըմբռնող և խոհուն հայացքով ընդգրկելով շենքերի աղաղակող թերությունները, որոնց մասին բազմաթիվ խոսակցություններ կային, և որոնք ամեն կերպ աշխատում էին անտեսել, կարգադրում է հետաձգել բնակարանների հանձնումը: Նախագահը խորհրդակցություն է հրավիրում մարզպետարանում, նախատում բոլոր պատասխանատուներին (ի դեպ, դրանից առաջ մեր այցելության ժամանակ պարզվեց, որ «Գլենդել հիլզը» շինարարություն էր իրականացնում կատարյալ անվերահսկողության պայմաններում. ո՛չ Գյումրու քաղաքապետարանը, ո՛չ Շիրակի մարզպետարանը, ո՛չ էլ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը կարծես թե առանձնապես իրավունք չունեին և ոչ էլ խառնվում էին շինարարությանը՝ անգամ վերահսկողական մակարդակով: Պատճառաբանությունն այն էր, թե դա հսկայածավալ շինարարություն է, կապված մեծ գումարների հետ, և միայն այս կազմակերպությունն է հանձն առել սեփական միջոցներով իրականացնել այն և ավարտելուց հետո հանձնել պետությանն ու վարձատրվել կատարված աշխատանքի դիմաց: Նախագահը կարգադրում է շտկել բոլոր թերությունները և աղետյալներին հանձնել նորմալ, ապրելու համար պիտանի տներ:

Նախագահի այցը ստիպեց «Գլենդել հիլզի» տերերին սթափվել և նոր եռանդով անցնել գործի: Բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությունը հետաձգվեց մինչև 2010թ. հուլիսի 9-ը: Մասնակցեց նաև երկրի առաջին դեմքը, բաժակ բարձրացրեց նորամուտ տոնողների հետ և կարծեց, թե իր խոսքը տեղ է հասել և ամեն ինչ շտկվել է, ճգնաժամային տարում աղետի գոտի հասկացությանը վերջ տալու չափազանց համարձակ ծրագրից չհրաժարվելն ու նման մասշտաբի գումարներ ծախսելն՝ արդարացվել: Սակայն նախագահ Սարգսյանի խստագույն նկատողություններից հետո շահագործման հանձնված «Մուշ 2» թաղամասը, համընդհանուր գնահատականներով, ձմեռը դժվար թե հանի:

Օգոստոսի 17-ի մեր այցելության ժամանակ թաղամասի առաջին շենքի առաջին մուտքում շինարարությունը կարծես դեռ չէր ավարտվել: Հենց առաջին հարկում շինարարական մեծ աղբակույտ էր, գոյացել էր երկու ամիս առաջ հանձնված եվրալոգարանի թափված սալիկներից: Բնակիչները, մեկը մյուսին հերթ չտալով, շտապում էին իրենց տների թերությունները ներկայացնել: «Բըլի գը», ասում էին նրանք: Շենքն անտանելի գարշահոտության մեջ էր. պարզվեց, կոյուղին չի գործում: «Բա ո՞նց եք յոլա գնում» հարցին բնակիչներից մեկը պատասխանեց. «ուրիշի տունը յոլա կերթամ»: Վիճակը նույնն էր բոլոր բնակարաններում. լոգարանները փլվում էին՝ եվրասալիկապատված պատերից ու առաստաղից ոչինչ չէր մնացել: Երբ դրանք քանդվեցին-թափվեցին, բնակիչները հայտնաբերեցին, թե «Գլենդել հիլզում» առանց սոսնձի սալիկներ կպցնելու ինչ տեխնոլոգիա է իրականացվել: «Ըսիգ կաֆել կպցնել է՞, աշե, աշե, կլեյի հետք կտեսնի՞ս, բետոնի վրա խփել են, ո՛չ ցեմենտ կա, ո՛չ բան, բա հլը՛ տես ըդոնց դրած դուռը»: Դուռն իսկապես շինարարական արվեստի գլուխգործոց էր. դռան և պատի միջև «շինարարները» խցկել էին ամեն ինչ, բացի նրանից, ինչ պետք էր. ջարդուփշուր եղած սալիկներ, փայտի կտորտանք, ցեմենտի, գաջի հետք չկար: Բնակիչներից մեկը դրսի պատի մեջ հայտնաբերած թուղթն էր ցույց տալիս՝ իբրև իրականացված շինարարության որակի «սերտիֆիկատ»:

«Ըսիգ տուն չէ, օր տվել են, ըսիգ եղբայրական գերեզմանոց է», գյումրեցուն հատուկ դիպուկությամբ գնահատեց բնակիչներից մեկը:

Խայտառակությունն ամենուրեք էր, և բնակարանից բնակարան պատկերն ավելի սոսկալի գույներ էր ստանում: «Մի հատ կծվի, թթվի տեղ չկա» . քաղաքացու համար առաջին հայացքից այնքան էլ ոչ կարևոր հանգամանքն աստիճանաբար հասկանալի էր դառնում. նախ, բնակարանների նախագիծը խիստ անհարմար էր, սենյակները փոքր էին, ներքնահարկ չկար և, որ ամենակարևորն ու ամենախոսունն էր, բոլոր բնակիչներին պաշտոնապես արգելել էին պատերին մեխ խփել: Ստացվում էր, որ անգամ սեփական ուժերով պահարան ամրացնելու հնարավորություն չկար. ահա թե ինչպիսի բնակարաններ էին հրամցվել աղետյալներին:

Թաղամասում ջրամատակարարումը դեռ չէին միացրել, քանի որ ոչ բոլոր բնակարաններն էին բնակեցվել, այնպես որ՝ առանց այն էլ կոյուղի չունեցող շենքերի բնակիչները ստիպված էին ջուրը կրելով բերել, թեև սա ժամանակավոր և լուծվող հարց է: Դե, իսկ օգոստոսի 17-ի գիշերը «Մուշ 2» թաղամասի 16-րդ շենքի բնակարաններից մեկի առաստաղն ամբողջությամբ փլվեց՝ ջարդելով կահկարասին, իրերը. բարեբախտաբար, բնակիչները տան այդ հատվածում չէին եղել և փրկվել էին հերթական «երկրաշարժից», որն այս անգամ շինարարների մեղքով էր: Դեպքը լայն արձագանք գտավ երկրի մամուլում. գրեցին, խոսեցին, բայց՝ ոչ մի արդյունք: Ինչպես ասվում է Կռիլովի առակում, «А Васька слушает да ест».

 

Վերջաբանի (օպտիմիստական) փոխարեն

Գյումրի քաղաքի վերջին 20 տարիների պատմաքաղաքակրթական փորձը և «Մուշ 2» թաղամասն այն բանի ապացույցն են, որ Գյումրին Հայաստանի Հանրապետությունից և հատկապես հայ ժողովրդից շատ բան հուսալ չի կարող: Ուրեմն, ո՞րն է ելքը: Կա՞ արդյոք ելք: Մարգարեթ Թեթչերի, իսկ 20 տարի անց՝ նաև Դմիտրի Մեդվեդևի այցերը հուշում են մի բան. երբեմնի Ալեքսանդրապոլի, Լենինականի, ներկայիս Գյումրու վերածննդի միակ գրավականը գերտերությունների ղեկավարների հաճախակի այցերն են: Բայց ինչպե՞ս անել, որ նրանք Գյումրի այցելեն ոչ թե 20 տարվա ընդմիջումով, այլ, ասենք, առնվազն տարին երկու անգամ: Ինչպես ասում են, անհնարին բան չկա: Դրա համար հարկավոր է Գյումրիում շտապ կարգով տեղակայել մեծ տերությունների՝ Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զորքերը: ՆԱՏՕ-ին անդամագրվելու կարիք չկա. նախ, չկա Հյուսիսատլանտյան դաշինքին որևէ քաղաքի ինքնուրույն անդամակցության նախադեպը, երկրորդ, չարժե հարաբերությունները փչացնել ռուս թագավորի հետ: Ինչ վերաբերում է ՀՀ անվտանգության խնդիրներին, ապա դժվար չէ եզրակացնել, որ անվտանգության ապահովումը կքառապատկվի. Ո՞ր մի էրդողանն ու ալիևը կհամարձակվի չէ թե ռազմատենչ շշուկ հանել, էլ ուր մնաց կոնկրետ գործողության դիմել մի երկրի հանդեպ, որտեղ տեղակայված են երկրագնդի բոլոր, այսինքն՝ հինգ մեծ տերությունների հզորագույն զորքերը: Ինչ վերաբերում է մեծ տերությունների համաձայնությանը՝ Գյումրիում տեղակայել իրենց զորքերը, ապա նույնպես դժվար չէ ենթադրել, որ դա չի ստիպի երկար սպասել. բոլորն էլ միաձայն կողջունեն այդ գաղափարը:

Պետք է ուղղակի մի քանի պայման ներկայացնել:

Առաջին՝ ռազմակայանները պետք է գտնվեն իրարից առնվազն 5-6 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն՝ քաղաքի տարբեր մասերում:

Երկրորդ՝ յուրաքանչյուր տերության առաջնորդ առնվազն երկու տարին մեկ պետք է այցելի իր զինվորներին:

Այս պայմանների իրականացման դեպքում մի քանի տարի հետո հիանալի քաղաք կունենանք, որն իր հետ միասին առաջ կտանի ողջ հանրապետությունը և զարգացման խթան կդառնա. նախ՝ տերության լիդերի պատվին ցանկության դեպքում անգամ չեն կարողանա սահմանափակվել ինչ-որ մի քանի հարյուր մետրի բարեկարգմամբ, հետևաբար, քաղաքը հիմնովին կնորոգվի, երկրորդ՝ քաղաքի բնակչության զգալի մասը բարձր վարձատրվող աշխատանք կունենա արտասահմանյան ռազմակայաններում, այսինքն՝ ինքնըստինքյան կլուծվի նաև սոցիալական գլոբալ մի հարց, որն ի զորու չէ լուծել Տիգրան Սարգսյանի հզոր կառավարությունը, երրորդ՝ Գյումրին վերջապես կազատագրվի Վարդան Ղուկասյանից: Բանն այն է, որ եթե նա ինքնուրույն չհրաժարվի պաշտոնից մեծ տերությունների զորքերի ներկայության և նրանց առաջնորդների այցերի պատճառով, օրերից մի օր անպայման ողբերգություն տեղի կունենա: Նա կդառնա ամերիկացի կամ անգլիացի սպայի կամ զինվորի զոհը. հայտնի է, որ նրանք «գողականը» որպես երևույթ և կենսաձև կտրականապես չեն ընդունում և, ամենակարևորը, չեն հասկանում: Դե, իսկ մեկնաբանություններն ավելորդ են…

 

1 Խոսքն իրեն մեծ հեքիաթագիր համարող, այսպես կոչված, Հակոբ Մուշի մասին է: Հատկանշական է, որ իրենից բացի ոչ ոք իր հեքիաթներն այդպես էլ չկարդաց… հասկանալի պատճառներով, թեպետ դա չխանգարեց նրան դառնալ ՀՀՇ ռեժիմի ամենակարկառուն դեմքերից մեկը Գյումրիում:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am