Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքական դիմանկարներ

Քաղաքական դիմանկարներ
Օգոստոս 2010, N 7

ՏԱՍՆԵՐԿՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ

ՆԶՈՎՔԻ ԵՎ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԲԵՎԵՌՆԵՐԸ

Հովհաննես Չարխչյան, գրող, հրապարակախոս

ՆԱԽԱԲԱՆ

Հայաստանի Առաջին Հանրապետությունն իր գոյության երկու տարիների ընթացքում ունեցավ 4 վարչապետ: Խորհրդային Հայաստանն ավելի երկարակյաց գտնվեց. կենսագրության 70 տարիները հնարավորություն տվեցին կառավարության ղեկի մոտ հաջորդաբար ունենալ 16 ղեկավար, որոնք այն տարիներին կոչվում էին Մինիստրների խորհրդի նախագահներ: Իսկ ահա Երրորդ Հանրապետության անցած 20 տարիները գործադիր իշխանությանն արդեն 12 վարչապետ են պարգևել: Շատ է սա, թե քիչ, արագ փոփոխությունները նպաստավոր են, թե աննպաստ, արդարացված էին նման տեղաշարժերը, թե կամայական. սրանք այն հարցերն են, որոնք մշտապես պիտի ուղեկցեն քաղաքական անցուդարձից չձանձրացող հանրությանը: Նույն կերպ ժամանակագրությամբ հրապուրվողների համար թերևս էական լինի, թե նրանցից ով քանի անգամ զբաղեցրեց այդ աթոռը, ով ավելի երկար կառավարեց, իսկ ով՝ ընդամենը ամիսներ ու այն էլ համատեղության կարգով: Սակայն մեծ հաշվով միջին թվաբանական առավելությունները դեռևս որակականի առհավատչյան լինել չեն կարող: Այդ գործիչներից յուրաքանչյուրը քաղաքական որոշակի իրավիճակի պատասխանատվության կրողը դարձավ և թողեց իր ձեռագիրը (եթե, իհարկե, ուներ գործելաոճի անհատական ինքնատիպություն): Նրանցից ամեն մեկը տվեց ու վերցրեց ինչ-որ բան, և այդ փոխանակման համամասնության հարաբերակցությամբ երկրի պատմության մեջ իրեն վերապահված էջը դարձրեց կամ հիշատակման հավաստագիր, կամ ապրանքային անդորրագիր, քանի որ ինչպես էլ կարևորենք համակրանքների ու հակակրանքների անձնավորված վերաբերմունքը, սուբյեկտիվ տպավորություններից այն կողմ մնաց ու կլինի նրանց գործը:

Յուրաքանչյուր շինարար կհաստատի այն ճշմարտությունը, համաձայն որի չի կարելի կառուցել որևէ շինություն՝ առանց հաշվի առնելու նյութի դիմադրողականությունը: Պետության կառուցման պարագայում այդ հանգամանքն առավել սուր է զգացվում: Իշխանական բուրգի գագաթին հասած մարդը, ըստ հասարակության պատկերացումների, այդ բարձունքից ոչ միայն ավելի հստակ է տեսնում իր շուրջ, այլև պարտավոր է առավել սթափ գնահատել այն երաշխիքները, որոնք թե իրեն ու թե մյուսներին զերծ պիտի պահեն փլուզման վտանգներից: Այդ իմաստով Հայաստանի 12 վարչապետերի մատուցած ու թերի ձգած ծառայությունների ստորև ներկայացվող հպանցիկ անդրադարձը ոչ քաղաքական դիմանկարներ ստեղծելու փորձ է և ոչ էլ անհատի դերի գերագնահատում իրադարձությունների շղթայի մեջ: Սա ավելի շուտ հետահայաց մի դիտարկում կարող է համարվել, երբ քննության համար արժևորման երկու տեսանկյուն գոյություն ունի: Մի դեպքում՝ քեզ գնահատում են ուրիշները, մեկ այլ դեպքում՝ ինքդ ես քո վաստակի դատավորը: Ու գուցե թե հենց նման երկկողմանի դատավճիռ-խոստովանանքի ակնկալիքով է ժամանակին մեծ ֆրանսիացին՝ Շարլ դը Գոլն, այս հետաքրքիր միտքը հայտնել. «Ցանկացած քաղաքական գործիչ, որ պետական այր է դառնում, հաճախ կանգնում է ընտրության առջև՝ պետությա՞ն շահերը պաշտպանել, թե՞ նրանց, ովքեր իրեն բերում են իշխանության»: Իսկ հանրությունն էլ իր հերթին այդ ընթացքում մեկ այլ էական երկընտրանք է լուծում՝ բարի՞ խոսքով հիշել անցավորաց, թե՞ նրանց գամել պարսավանքի սյունին:

Ինչևէ, ունեցել ենք 12 վարչապետ, իսկ 20 տարին բավարար էր, որպեսզի պատմական գնահատականի փորձ կատարվի: Դրա լավագույն ձևը, թերևս, 1990-ի հետ համեմատական կատարելն է: Ինչպիսի՞ երկիր էր Հայաստանը 20 տարի առաջ և ինչպիսի՞ն է այսօր: Եթե առաջընթաց ենք ունեցել, ապա կարելի է արձանագրել, որ 12 վարչապետերի աշխատանքի արդյունքները դրական են եղել: Սակայն քանի՞սը Հայաստանում կկարողանան փաստացի հաստատել, որ իրոք մենք այսօր ավելի լավ երկիր ենք, քան 20 տարի առաջ:

Անկախ այն բանից, որ վարչապետը ՀՀ առաջին դեմքը չէ, միևնույն է, արդի իրականությունը վարչապետերն են կերտել: Նրանց մեջ եղել են այնպիսիները, որոնք իսկապես եղել են պետության առաջին-երկրորդ դեմքերը (Վազգեն Մանուկյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան): Եղել են այնպիսիները, ովքեր ստանձնել են արմատական քայլերի պատասխանատվությունը (Վազգեն Մանուկյան, Հրանտ Բագրատյան): Եղել են այնպիսիները, որոնց լավագույն դեպքում կարելի է տնտեսվար համարել: Սակայն մեկ կարևոր բան կա, որն ընդհանուր է բոլորի համար՝ 12 վարչապետերից ոչ մեկը չդարձավ պետական գործիչ, լավագույն դեպքում նրանք քաղաքական գործիչներ են եղել: Զբաղվել են նեղքաղաքական և մասնավոր շահերի իրականացմամբ: Վերջին շրջանում էլ ավելի ընդգծված է այս նահանջի միտումը: Ինքնուրույն գործելու ազատության կորուստը կառավարության ղեկավարներին նախաձեռնողներից վերածեց կատարողների: Սա փաստ է, որը պետք է ընդունել: Եվ այս ըմբռնումից էլ շատ բան է պարզվում վերջին տասնամյակների Հայաստանի քաղաքական պատմության մեջ:

Վերջապես, մի քանի հետաքրքիր դրվագ: 12 վարչապետերից հինգը Սարգսյան ազգանունն էին կրում (Արմեն, Վազգեն, Արամ, Սերժ, Տիգրան), երկուսը՝ Հարությունյան (Գագիկ և Խոսրով): Երկուսին կոչում էին Վազգեն (Մանուկյան և Սարգսյան), երկուսին՝ Արմեն (Սարգյան և Դարբինյան): Նրանցից երկուսը կյանքից հեռացան (Վազգեն Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանը), իսկ այժմ ապրող 10 նախկին վարչապետերից երկուսը գտնվում են անհաշտ ընդդիմության շարքերում (Հրանտ Բագրատյան և Արամ Սարգսյան), մյուսները «արքունական» հարմարավետ դիրքեր են զբաղեցնում՝ բացառությամբ Վազգեն Մանուկյանի, որին կոնֆորմիստ կամ ծառայամիտ ոչ մի կերպ չես անվանի, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգյանին, որ փոխարինեցին վարչապետական աթոռը նախագահականով (10 տարվա տարբերությամբ): Առանձնապես հաջող է դասավորվել Սահմանադրական դատարանի ղեկավար Գագիկ Հարությունյանի կյանքը: 1990թ. առ այսօր պարոն Հարությունյանը բավականին բարեկեցիկ կենսակերպ է վարում: Հետաքրքրական է, որ փոխնախագահի պաշտոնը թողնելուց հետո նա չլքեց պաշտոնական նստավայրը և մինչ օրս ապրում է երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության հարևանությամբ (քանզի այդպես հարմար է և ձեռնտու), ինչն այնուամենայնիվ նրան չի խանգարում «սահմանադրական մշակույթի» մասին գրքեր և իրավունքի մասին այլ հիմնարար աշխատություններ գրել (ով ինչից է խոսում): Ավելին, պետության ղեկավարի հարևանին ու համատեղության կարգով Սահմանադրական դատարանի նախագահին հաջողվեց խնամիանալ նախագահ Սարգսյանի ընտանիքի հետ՝ ամուսնացնելով իր ազգականին նրա աղջկա հետ: Վատ չի դասավորվել նաև Արմեն Դարբինյանի կյանքը. ներկայումս նա գլխավորում է Ռուս-հայկական համալսարանը՝ բավականին անկախ ու սննդարար «կերակրամանը», որ գործում է ինքնավար ռեժիմով: Համալսարանի ղեկավարման պահից ի վեր պարոն Դարբինյանը զբաղված է նրանով, որ շքանշաններ ու մեդալներ է ստանում, մեկնում է միջազգային ֆորումների, պատվավոր հյուրերի է ընդունում համալսարանում, պարգևատրում է նրանց շքանշաններով ու թանկարժեք նվերներով: Սկզբունքորեն հենց այդպես էլ պետք է լիներ Հայաստանում, որտեղ մարդուն գնահատում են ոչ այն բանի համար, թե նա ինչպես է աշխատում և կոնկրետ ինչ է արել, այլ ըստ նրա, թե ինքը և ուրիշները ինչ են խոսում այդ մասին: Խոսրով Հարությունյանը ներկա պահին հանդիսանում է բավականին պատկառելի «պալատական անձ». անդամակցում է Հանրային խորհրդին, պարբերաբար հայտնվում է եթերում և, ինչն ամենակարևորն է, մշտապես մասնակցում է նախագահական նստավայրի պաշտոնական ընթրիքներին: Արմեն Սարգսյանն իր հրաժարականից մինչ օրս ապրում է Լոնդոնում՝ սկզբում դեսպանի, իսկ այնուհետև՝ մասնավոր անձի կարգավիճակով: Հաջողությամբ զբաղվում է բիզնեսով, մեծ փողեր է ստեղծում, ընդգրկված է Միացյալ Թագավորության բավականին ազդեցիկ մարդկանց շրջանակում: Ռոբերտ Քոչարյանը, բացի նախկին վարչապետ լինելուց, նաև նախկին նախագահ է համարվում: Թերևս, նրա գործերը դասավորվել են լավագույնս. մինչ օրս կառավարության կազմում և վարչական կառույցներում ունի իր մարդկանց, որոնք նրա, այլ ոչ թե գործող նախագահի մոտ են գնում հաշվետվությամբ: Դե, իսկ ներկա պահին առավել երջանիկը նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն է, քանի որ հենց նա է այսօր աշխատում ՀՀ նախագահ:

 

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

(13.08.1990-30.01.1991)

Վազգեն Մանուկյանը համարվում է նորանկախ Հայաստանի առաջին վարչապետը: Այս փաստը երբեք վիճարկվելու առիթ չի տվել, թեև եթե մանրախնդրորեն արձանագրենք իրադարձությունների ճշգրիտ տարեթվերը, կստացվի բոլորովին այլ արդյունք: Բանն այն է, որ Մանուկյանն իր պաշտոնը ստանձնեց 1990թ. օգոստոսի 13-ին՝ երկրի Գերագույն խորհրդի կողմից նշանակվելով Նախարարների խորհրդի նախագահ, իսկ 1991թ. սեպտեմբերին՝ անկախության հանրաքվեից տառացիորեն մի քանի օր անց, հրաժարվեց այդ պաշտոնից: Ստացվում է, որ նա իրականում եղել է դեռևս խորհրդային կարգերում գործող Հայաստանի վերջին կառավարության ղեկավարը: Սակայն, ինչպես ասում են, սա այն դեպքերից է, երբ ժամանակն անսխալ սրբագրում է կատարում, և եթե նույնիսկ փոքր-ինչ մեղանչում է ճշմարտության առաջ, ապա հանուն մեկ այլ ճշմարտության, որը նույնքան հավաստի է: Հայաստանի փաստացի անկախության հիմքը դրվեց շատ ավելի վաղ, քան այն կստանար իր իրավական հիմնավորումը, և սեպտեմբերյան հանրաքվեն ու հռչակագիրն ընդամենը վավերացումն էին առկա իրողությունների:

Վարչապետի պաշտոնում Վազգեն Մանուկյանի ընտրության անխուսափելիությունը պայմանավորված էր մի էական հանգամանքով. նախ և առաջ նա եղել էր Շարժման փաստացի առաջնորդը, ՀՀՇ վարչության առաջին նախագահը: 1990թ. մայիսին ընտրվելով Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր և այս հարթակից ուղղորդելով քաղաքական նոր հոսանքի գործունեությունը՝ նա նոր իշխանության դերաբաշխման գործընթացում, ինչպես ասում են, ազնվորեն վաստակել էր առաջին դեմքը դառնալու արտոնությունը: Հետո միայն այդ հանգամանքը պիտի անհանգստություն պատճառեր ոմանց, սակայն սկզբնական փուլում կառավարության ղեկավարը վայելում էր ընդհանուր թիմի աջակցությունն ու պաշտպանությունը: Ասում են, որ այն օրերին Մանուկյանին նույնիսկ վեց ամսով օժտեցին արտակարգ լիազորություններով, ինչը թույլ էր տալիս կառավարություն կազմել, նախարարներ նշանակել և ազատել սեփական հայեցողությամբ, շատ դեպքերում անգամ՝ առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու: Այսօր նման առանձնաշնորհը կարող է հանգամանքներից ու պայմանականություններից կախման մեջ գտնվող շատերի նախանձը շարժել, բայց 1990-ին դա ուղղակի անհրաժեշտ դիկտատ էր:

Առաջին վարչապետին, որը դեռևս գործող հին սահմանադրությամբ համարվում էր երկրի փաստացի ղեկավարը, բաժին ընկավ ծանր, աննախանձելի վիճակում հայտնված Հայաստանը: ԽՍՀՄ-ն ամբողջովին լուծարված չէր, սակայն կազմաքանդվում էին նրանից ժառանգված պետական ինստիտուտները: Բարդություններ հարուցող առանձնահատուկ գործոնների շարքում էին Աղետի գոտին, որն ընդգրկում էր երկրի մեկ երրորդը, 300 հազար փախստականների ներկայությունը, արդեն ծավալվող ու խորացող պատերազմը, շրջափակումները, իրեն զգալ տվող էներգետիկ ճգնաժամը և այս ամենին գումարվող հասարակության այն վերաբերմունքը, երբ օբյեկտիվ դժվարություններն առանձնապես չեն հետաքրքրում, փոխարենը կա կեցության նվազագույն պայմաններ ապահովելու հրամայական պահանջը:

Կառավարությունն այս ամենը հասկանում ու տեսնում էր: Միևնույն ժամանակ չէր կարող շրջանցել շատ ավելի գլոբալ մի խնդիր՝ հասարակական-տնտեսական նոր կացութաձևի անցումը: 1990-ականների սկզբի հեղափոխական ռոմանտիզմին անխուսափելիորեն փոխարինելու էր գալիս վայրի կապիտալիզմի իրականությունը, տեղի էր ունենում այն, ինչը տնտեսագետներն անվանում են կապիտալի նախնական կուտակում: Եվ այս իրավիճակում մասնագիտությամբ մաթեմատիկոս, նախկինում պետական կառավարման նույնիսկ համեստ փորձառության ու տնտեսագիտական իմացությունների չտիրապետող վարչապետը ստանձնում էր երկրի ղեկը՝ հարթելու համար մի ուղի, ինչի սկզբի ու ընթացքի մասին կարող էր սոսկ վերացարկված պատկերացումներ ունենալ: Դա իսկապես համարձակ քայլ էր: Միայն թե համարձակությունը բավարար նախապայման չէր ճշգրիտ քայլեր կատարելու համար: Եվ առաջին վարչապետը ստիպված էր պակասը լրացնել ոչ միայն բնատուր ունակությունների հաշվին կամ ինտուիտիվ, այլև պահի հրամայականով ու դեպքերի տրամաբանությամբ:

Մանուկյանի ու նրա թիմի որդեգրած տնտեսական նոր քաղաքականությունը պահանջում էր տնտեսական ազատականություն, ազատ շուկայի ձևավորում, կենսունակ մասնավոր սեկտորի ու գործարարների խավի առաջացում: Այս ամենն ընդդիմախոսների կողմից պիտի որակվեր ոչ այլ կերպ, քան պետության դերի չեզոքացում: Սակայն մարտահրավերը նետված էր, և վարչապետի «Մենք նոր կուլակաթափություն չենք անի» հայտնի կարգախոսը սառը ցնցուղի ազդեցություն պիտի ունենար հակաճառողների համար:

Նրա անունն առաջին հերթին կապվում է հողի սեփականաշնորհման հետ: Հիմա՝ ժամանակի հեռվից եթե գնահատելու լինենք այդ արմատական քայլը, ապա պիտի ասենք՝ դա հաղթանակ էր, որ շատ նման էր պարտության: Հավանաբար բոլորից լավ Վ.Մանուկյանն էր հասկանում, որ նման պատասխանատվության բեռ իր ուսերին վերցրած գործիչը հավասարապես պիտի ճաշակեր և՛ անեծք, և՛ օրհնություն: Այն, որ ագրարային ռեֆորմն անվիճելի անհրաժեշտություն էր, պարզ դարձավ բառացիորեն մի քանի տարի անց: Նախկին միութենական հանրապետությունների շարքում այդ բարեփոխման նախակարապետը լինելով՝ Հայաստանն, առանց չափազանցության, փրկվեց սովից: Այս իրողությունն ակնհայտ դարձավ մանավանդ այն բանից հետո, երբ 1992թ. օգոստոսին փակվեց Աբխազական երկաթուղին, և Հայաստանի շրջափակումը դարձավ էլ ավելի ընդգրկուն: Ստեղծվել էր մի վիճակ, երբ արտասահմանում գնված բեռներ ու հացահատիկ ունենալու պարագայում անգամ հաղորդակցության ճանապարհների բացակայությունը անհնար էր դարձնում դրանց ներկրումը: Եվ այդ ժամանակ ներքին պաշարները թույլ տվեցին բավարարել նվազագույն պահանջարկը:

Սակայն, մյուս կողմից, հողը գյուղացուն հանձնվեց մի այնպիսի անբարենպաստ պահի և իրավիճակում, որի մասին խոսելն իսկ ավելորդ է: Հենց այդ օրերի դառը հիշատակն է պատկերավոր այն միտքը, որ ոչ թե հողը գյուղացուն, այլ գյուղացուն հանձնեցին հողին:

Ի դեպ, մարդկանց հիշողության մեջ մի դրվագ էլ է պահպանվել, որն անմիջականորեն առնչվում է առաջին վարչապետի անվան հետ: Երբ խորհրդային ղեկավարությունը փոխեց 50 և 100 ռուբլիանոց թղթադրամները, իսկ յուրաքանչյուրն իրավունք ուներ խնայբանկում փոխանակել 10 հազար ռուբլուց ոչ ավելի, Մանուկյանը, անտեսելով Մոսկվայից իջեցված կարգադրությունը, հայկական հեռուստատեսությամբ դիմեց ժողովրդին և առաջարկեց տարբերակներ՝ հնարավորինս անկորուստ այդ կացությունից դուրս գալու համար:

Տեսակետ կա, համաձայն որի Մանուկյանի գլխավորած կառավարությունն այդպես էլ համակարգային, ինստիտուցիոնալ լուծումներ չտվեց, իսկ վարչապետի հիմնական փաստարկը պարբերական շրջափակումներն էին և նախկին ԽՍՀՄ տնտեսական տարածքում դեզինտեգրացիայի հետևանքով առաջ եկած ճգնաժամը: Սակայն, չգիտես ինչու, մոռացության է տրվում ամենակարևորը՝ այն, որ հաջողվեց պահպանել նոր-նոր ոտքի կանգնող անկախությունը: Նրան հաջողվեց ևս մի ոչ պակաս կարևոր բան՝ երկիրը հեռու պահել քաոսից: Ըստ էության կարճ ժամանակահատվածի մեջ նախապատրաստվեց այն հիմքը, որի վրա պիտի կառուցվեր երկրի տնտեսության ապագան: Իսկ այդրոպեական խնդիրների շարքում «Ամեն ինչ ռազմաճակատի համար» չբարձրաձայնված կարգախոսը եղավ ինչպես նրա, այնպես էլ հաջորդող կառավարությունների թիվ մեկ պահանջը:

Վազգեն Մանուկյանը վարչապետի աթոռը լքեց ավելի վաղ, քան կարելի էր ենթադրել: Ի հայտ եկող քաղաքական ճնշման պայմաններում նա հրաժարական տվեց՝ իշխանության ղեկը հանձնելով ընտրյալ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Մանուկյանը չգնաց ընտրությունների՝ կատարելով Միխայիլ Գորբաչովի խնդրանքը, որը թերևս ենթադրում էր, որ Տեր-Պետրոսյանի հետ աշխատելն անհամեմատ հեշտ կլիներ՝ հաշվի առնելով վերջինիս առավել վերահսկելի լինելը: Հետագայում ամենատարբեր մեկնաբանությունները հնչեցին նախկին համախոհների միջև ծայր առած սկզբունքային տարաձայնությունների մասին: Եղան մարդիկ, ովքեր փորձեցին Մանուկյանի այդ քայլը վերագրել նրա անձնական հավակնոտությանը: Բայց եթե յուրաքանչյուր քաղաքական ու գաղափարաբանական անհամաձայնություն սնունդ առներ նեղ, միջանձնային փոխհարաբերությունների ակունքից, ապա կամ գաղափարը քաղցած կմնար, կամ ակունքի խորքային պարունակությունն անմատչելի կլիներ դրան ձեռք մեկնողների համար:

Եղան նաև այնպիսիները, ովքեր վարչապետի հրաժարականը որակեցին իբրև հետևանքների պատասխանատվությունից խուսափելու լավագույն միջոց, մինչդեռ պարզից էլ պարզ էր, որ հակասությունների շարժառիթները շատ ավելի լուրջ էին, և դրանք ի հայտ պիտի գային հաջորդող տարիների ընթացքում: Պատասխանատվությունն այս դեպքում շարունակական էր լինելու, քանի որ կառավարության ղեկի մոտ նստած Վազգեն Մանուկյանը թե՛ իր ժամանակի և թե՛ իր կոչման թելադրանքով մնում էր քաղաքական գործիչ՝ հասկանալով, որ ոչ հանրությունը, ոչ համախոհների թիմը դժվարությամբ պիտի համակերպվեն իրեն տնտեսության կառավարիչ ընկալելու մտքի հետ: Դա չէր կարող անհետևանք մնալ:

Իսկ 1991-ի սեպտեմբերին նրա հեռանալը նշանակում էր մի բան. հեղափոխությունն ավարտվել էր: Վրա էր հասել «ռեակցիայի» փուլը, երբ հեղափոխությունը խժռում է իր զավակներին:

Սակայն Մանուկյանի պահանջարկը մնաց. երկրի ու Ղարաբաղի համար ամենածանր ժամանակ նա ավելի քան մեկ տարի աշխատեց պաշտպանության նախարար և պետնախարար՝ համակարգելով ռազմարդյունաբերական համալիրը: Պարադոքս է, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ ասպարեզում Մանուկյանը պետությանն ավելի օգտակար եղավ: Եթե նրա վարչապետական անցյալին այսօր կարելի է բազմաթիվ հիմնավորված դժգոհություններ ներկայացնել, ապա նրա գործունեությունը ռազմական նախարարի պաշտոնում անբասիր էր: Վազգեն Մանուկյանին իրավացիորեն հարկ է ճանաչել որպես հայկական բանակի հիմնադիրներից մեկը, նրա ղեկավարությամբ հայկական զորքերը փրկեցին Հայաստանը պարբերական ռմբակոծումներից ու հրակոծություններից, չեզոքացրեցին ներխուժման վտանգը, իսկ բուն Ղարաբաղում փաստացիորեն ջախջախեցին թշնամուն: Բավական է միայն դիտել ռազմաճակատի գիծը 1993-ի հոկտեմբերին, երբ Մանուկանին հեռացրեցին պաշտպանության նախարարի պաշտոնից, և համեմատել այն 1994-ի մայիսի ռազմաճակատի գծի հետ, երբ հրադադարի համաձայնություն ձեռք բերվեց, ապա հետագա մեկնաբանությունների անհրաժեշտությունն ինքնըստինքյան կվերանա:

 

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

(01.02.1991-30.07.1992)

Վազգեն Մանուկյանից հետո երկրի վարչապետի պաշտոնում ՀԿԿ կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական նախկին բաժնի վարիչ, բայց արդեն ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանի նշանակումը պատահական չէր և կարող էր ենթարկվել միայն մեկ տրամաբանության. իշխանությանն անհրաժեշտ էր այնպիսի մեկը, ով իր ներկայությամբ կլուծեր երկու խնդիր՝ կմեղմեր ինչպես վերնախավի, այնպես էլ հասարակության մեջ խմորվող դժգոհությունների ալիքն ու միևնույն ժամանակ առանց ավելորդ ինքնագործունեության կյանքի կկոչեր այն գործընթացները, որոնք կթելադրվեին իշխանության մեծամասնական թևի կողմից: Այս իմաստով Գ.Հարությունյանի անձը բավարարում էր նման մտադրության պահանջները: Վերջինս չէր հարում որևէ քաղաքական շարժման և, ներկայացվելով իբրև տնտեսագիտական կրթությամբ կոմունիստական նոմենկլատուրայի երևելի դեմքերից, ինչ-որ առումով նաև անցյալի նոստալգիկ տրամադրությունների կրողն էր համարվում: Հատկանշական է, որ Հարությունյանը մինչև վերջ այդպես էլ չնշանակվեց վարչապետ՝ մնալով որպես վարչապետի պաշտոնակատար, իսկ խոսակցություններն այն մասին, որ վարչապետն այդ աշխատանքը ստանձնել է դժկամությամբ ու սահմանափակ ժամանակով, հետզհետե դառնում էին ավելի ակնհայտ ու ճշմարտանման:

Սակայն մեծ հաշվով կադրային այս փոփոխության հետ կապված հաշվարկներն ու սպասելիքները չարդարացան: Ուժեղ գործադիր իշխանություն ձևավորելու հավաստիացումների շղարշի ներքո իրականում ձևավորվեց պատասխանատվության և իրավասությունների խառնաշփոթի մեջ խարխափող մի ղեկավար մարմին: Դա ուներ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Որպես անժխտելի խոչընդոտ ընկալվում էր երկրի ընդհանուր կացությունը, երբ տնտեսությամբ զբաղվելը լավագույն դեպքում կարող էր նշանակել ոչ այլ բան, քան ներկա պահի հրատապ պահանջներին լուծումներ գտնելը: Հազիվ թե Գագիկ Հարությունյանի համար այն օրերին հաճելի լիներ լսել, որ ինքը նավթ ու նավթավառ բաժանող վարչապետ է: Սակայն ի՞նչ կարող էր անել. ժամանակներն էին այդպիսին: Եվ բնականաբար, որևէ լուրջ բարեփոխում իրականացնելու հեռանկարի մասին նույնպես խոսք լինել չէր կարող, թեև դրանց պահանջը հատկապես այդ ժամանակահատվածում այնքան մեծ էր:

Նրա վարչապետությամբ Հայաստանում սկսվեց այսպես կոչված «գորշ շրջանը», որը գուցե բոլորովին էլ պայմանավորված չէր գործադիր մարմնի ղեկավարի անձով (թեև շատերի համար սա շարունակում է մնալ վիճարկելի տեսակետ): Առաջ ընկնելով ասենք, որ հիշյալ «գորշությունն» այնուհետև պիտի ժառանգվեր Հարությունյանի հաջորդին՝ ձեռք բերելով առավել մուգ երանգներ ու շերտավորումներ:

Մի դեպքում դա կարող ենք բացատրել պատճառի ու հետևանքի փոխկապակցվածությամբ, մեկ այլ պարագայում՝ արդարացնել այն հանգամանքով, որ արտաքին բացասական ազդակների ճնշման ներքո հազիվ թե կարող էր խոսք լինել որևէ տեղաշարժի հնարավորության մասին:

Գնահատելով մի քանի ամիսներ տևած վարչապետության շրջանը՝ Գագիկ Հարությունյանի աշխատանքի մասին սովորաբար ընդունված է ասել, թե նա առաջինն էր, ով դասական իմաստով ձևավորեց կառավարություն: Ինչ ասել է՝ դասական կառավարություն, դժվար է միանշանակ պատասխան տալ: Եղածը աչքի չէր ընկնում ոչ պրոֆեսիոնալիզմով ու ոչ էլ ընտրության բազմակուսակցական սկզբունքով: Թերևս այս անորոշ ձևակերպման բանալի դառնա այն հանգամանքը, որ Գ.Հարությունյանի մեծ ձեռքբերումներից մեկն, այնուամենայնիվ, այսպես կոչված ազգային բյուրոկրատիայի ձևավորումն էր բառի ու երևույթի երկակի իմաստով, մի բան, որ կարող էր ծնունդ առնել նաև ինքնաբերաբար՝ առանց վարչապետի աջակցության:

Իսկ առավել հատկանշական գծերից հիշատակման արժանի է այն, որ ունենալով Կենտկոմի տեսուչի փորձ՝ նա առաջին հերթին կարողացավ խույս տալ ամեն կարգի հնարավոր բախումներից (կամ կարելի է ասել՝ նույնիսկ փորձ չարեց առճակատման գնալ)՝ դրսևորելով ոչ այնքան իր մանևրելու ունակությունները, որքան տուրք տալով անվտանգ հաշտվողականությանը: Առավելագույնը, ինչին Գ.Հարությունյանը կարողացավ ձեռնամուխ լինել մեծ ոգևորությամբ, այն էր, որ սկսեց ձևավորել պետականության ատրիբուտներ ասվածը: Հիմա գուցե անհավանական ու զավեշտալի թվա, բայց այն ժամանակ կառուցողական աշխատանք էր համարվում նույնիսկ կառավարության նիստ կազմակերպելը: Սա, ինչ խոսք, աննշան դրվագ էր հսկայական հոգսերի համեմատ, բայց չէ՞ որ դա նույնպես անհրաժեշտ էր:

Ժամանակների հեռավորությունից վաստակի գնահատումը կարծես թե շատ ավելի դյուրին է, սակայն անհնար է խուսափել այն հատկանշական երևույթների հիշատակումից, որոնց դրոշմը մնաց այդ տարիների վրա և փաստացի դարձավ ինչպես իրավիճակի, այնպես էլ դրա պատասխանատվությունը ստանձնած անձերի բնութագրիչը: Իսկ այդ շրջանում մեր բառապաշար ներմուծվեցին այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «անցման փուլ», «արտաքին անբարենպաստ պայմաններ», «տնտեսական ճգնաժամ»: Հետզհետե սրանք վերածվեցին ամեն կարգի ձախողումներ և սխալներ պարտակող «մեղմացուցիչ դեպք հանցանաց»-ի՝ իրենց երկարակյաց հմայքն ու զորությունը պահպանելով առայսօր: Հացի հերթեր, կաթվածահար տրանսպորտ, վառելիքի բացակայություն, գների թանկացում, կանխիկ դրամի սով... Ի՞նչը կարող էր լինել թվարկված երևույթներից յուրաքանչյուրի համար ավելի ծանրակշիռ բացատրություն, քան հիշատակված բառակապակցություններից որևէ մեկի օգտագործումը:

Բայց ամենքն էլ տեսնում ու հասկանում էին. այս բոլորի պատճառները չեն կարող միայն օբյեկտիվ լինել: Հատկապես կառավարության վրա էր ծանրանում այն մեղադրանքը, որ չկարողանալով ապահովել տնտեսական գործառնության նվազագույն իրավական դաշտը՝ թույլ տվեց պետական կոռուպցիայի աղաղակող մթնոլորտի խորացում: Մասնագետների գնահատմամբ, աղետալի հետևանքների պատճառ դարձավ նաև հակաինֆլյացիոն քաղաքականությունը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը: Գուցե այստե՞ղ է պետք որոնել հետագայում շատ անգամներ հոլովված այն տեսակետի բուն պատճառը, ըստ որի՝ Գագիկ Հարությունյանի վարչապետության շրջանը ստվերվում է պրոֆեսիոնալ անկարողության հանգամանքով:

Լինելով շատ զգուշավոր մարդ ու պետական գործիչ՝ Գ.Հարությունյանը ոչ թե ակամա, այլ թերևս հետևողական լրջությամբ աշխատանք տարավ, որպեսզի տնտեսության ազատականացմանն ուղղված մի շարք գործընթացներ պարզապես դանդաղեին: Եթե պարզորոշ գծագրված չեն արդյունքն ու հեռանկարը, ինչ իմաստ կա թաթախվել նոր բարդացումների մրուրի մեջ: Անշուշտ, այդ ընթացքում նաև որոշակի քայլեր արվեցին մասնավորապես հարկային ծառայության ոլորտն ակտիվացնելու, սեփականաշնորհման գործընթացի տևականությունը պահպանելու ուղղություններով: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում շատ ավելին կարելի էր անել, քան արվեց: Նույնիսկ իրական հնարավորություններ կային հիմք դնելու երկրի ինստիտուցիոնալ զարգացմանը, բայց, ցավոք, այդ կարողությունները չօգտագործվեցին: Այսպես կոչված «սեփականաշնորհման երկրորդ փուլը»՝ առևտրի օբյեկտների, փոքր արտադրությունների, գյուղատնտեսական վերամշակումների ճյուղի մասնավորեցումը, որը միանգամայն հասունացած պահանջ էր, այդպես էլ մնաց կառավարության ծրագրերի գզրոցներում: Այդ իսկ պատճառով էլ ավելի ուշ արված այն հայտարարությունը, թե երկրում սղաճը կազմել է 50,8 տոկոս, նույնն էր, թե ասվեր, որ տնտեսությունը գտնվում է կաթվածահար վիճակում: Քաղաքական կուլիսներում ավելի հաճախ էին խոսում այն մասին, թե կառավարությունը դադարել է գործադիր իշխանության հիմնական մարմին լինել՝ շատ դեպքերում ինքնակամ հրաժարվելով իրեն վերապահված ֆունկցիաներից ու իրավասություններից: Իսկ տնտեսագետների խորին համոզմամբ, վարչապետ Գագիկ Հարությունյանի ստանձնած տնտեսական տարվա ձախողումների բուն պատճառներն էին արտաքին, ռազմաքաղաքական և ներքին սոցիալ-քաղաքական ապահովման փաթեթների բացակայությունը, տնտեսագիտական ապահովվածության փաթեթի կասկածելի հիմնավորվածությունը, որն, ինչ խոսք, վաղ թե ուշ պիտի դրսևորվեր իր ողջ անկատար «հմայքով»:

1992-ի ամառնամուտին արդեն ակնհայտ էր, որ եկել է Գ.Հարությունյանի հեռանալու պահը: Որքան էլ վերհիշեին, թե նա դժկամությամբ էր ստանձնել վարչապետությունը և այն էլ՝ որոշակի սահմանափակ ժամկետով, այնուհանդերձ, «ճամպրուկային տրամադրությունն» իր սև գործն արել էր բոլոր առումներով: Երկրորդական դեր չունեցավ նաև ընդդիմության ակտիվացումը, որ հատկապես այդ օրերին մի շարք բազմամարդ երթեր ու միտինգներ գումարեց՝ անվանարկելով կառավարությանն ու նրա ղեկավարին: Հարությունյանն առանց վարանումի լքեց իր պաշտոնը և վերադարձավ ընտրովի պաշտոնի՝ փոխնախագահի պարտականությունների կատարմանը: Իսկ նրա իշխանության շրջանը ժողովրդի հիշողության մեջ մնաց իբրև մի հավելյալ հատված առանց այդ էլ դժվար հաղթահարվող ճանապարհի վրա:

Այսպիսի դեպքերում, ինչպես ասում են, մարդկանց լեզուն ոսկոր չունի և փնտրում ու գտնում է որևէ դիպուկ բնորոշում՝ սեփական պատկերացումների ու տպավորությունների արդյունքը պահ տալով բնատուր սրամտությանը: Հաշվի առնելով հեռացող վարչապետի գործառույթների ոլորտի նեղ շրջանակը՝ հանրությունը Գ.Հարությունյանին մեծարեց «ամենայն Հայոց տնտեսվար» տիտղոսով:

 

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

(01.08.1992-30.01.1993)

Պաշտոնաթող Հարությունյանին փոխարինելու եկավ մեկ ուրիշ Հարությունյան: 1992թ. կառավարության ճգնաժամից դուրս գալու համար Գերագույն խորհրդում ի վերջո համաձայնություն ձեռք բերվեց իբրև փոխզիջումային տարբերակ վարչապետի աթոռը տրամադրել Խոսրով Հարությունյանին: Չարենցավանի կարի ֆաբրիկայի երբեմնի տնօրենի և ապա այդ քաղաքի քաղխորհրդի գործկոմի նախագահի համար դա մեծ թռիչք էր: Նրա ընտրությունը հաճախ փորձել են պայմանավորել, այսպես կոչված, պրոֆեսիոնալ ադմինիստրատոր լինելու հանգամանքով, ինչը, մեր կարծիքով, փոքր-ինչ չափազանցված է: Ճիշտ է, նոր վարչապետը շատ ավելի գործնական մարդ էր, քան իր նախորդը, սակայն վարչարարական հատկանիշն այդպես էլ որևէ տեսանելի ու շոշափելի դերակատարություն չունեցավ այն ամիսների ընթացքում, որոնք ավելի շուտ դարձան ներքին անկազմակերպվածության, կոռուպցիայի, ադմինիստրատիվ սխալ լուծումների, ոչ պրոֆեսիոնալ կառավարման ժամանակահատված:

Խ.Հարությունյանը գործադիր իշխանության ղեկավար եղավ 1992-ի օգոստոսից մինչև 1993-ի փետրվարը: Հետաքրքրական է, որ նրա նշանակումից հետո ժողովրդի մեջ սկսեց շրջանառվել անեկդոտիկ մի արտահայտություն այն մասին, թե այս հերթական կառավարության նախագահը դառնալու է «ձմեռային վարչապետ», այսինքն՝ մեկը, որի խնդիրը պիտի լիներ երկիրը ձգել մինչև գարնանամուտ: Ու հարկ է նկատել, որ կատակով արված կանխատեսումն ըստ էության իրականություն դարձավ: Հաջորդ տարվա գարնանը Խ.Հարությունյանն արդեն լքել էր պաշտոնը:

Վարչապետի կարգավիճակում իր առաջին ասուլիսներից մեկում Խ.Հարությունյանը հայտարարեց. «Ես որպես վարչապետ կասեմ, որ մեզ այսօր ոչ թե ինքնակարգավորման մեխանիզմներ են պետք, այլ կանխարկող գործողություններ, որոնք թույլ կտան հանրապետությունը չտանել դեպի քաոս»: Սակայն նա զրկված էր թե՛ մեկ և թե՛ մյուս մեխանիզմները գործարկելու հնարավորությունից:

Այս զրկվածությունը մի քանի պատճառներ ուներ և միշտ չէ, որ ուղղակիորեն պայմանավորված էր Խ.Հարությունյանի ընդունակություններով կամ կամային հատկանիշներով: Բանն այն է, որ առանց այդ էլ երկրի համար ծանր շրջանում, չունենալով ոչ կուսակցական թիկունք, ոչ խորհրդարանական մեծամասնության աջակցություն, նրան հազիվ թե հաջողվեր իրականացած տեսնել նույնիսկ ամենասովորական ու մեծ ջանքեր չպահանջող ծրագրերը: Եղածին գումարվում էր նաև նախկին վարչապետից ժառանգություն ստացած կառավարության նախագահությունը (այն ժամանակ գործում էր այսպես կոչված «փոքր կաբինետը»՝ իր հավակնոտ անդամներով, որոնք իբրև թե կոչված էին կոլեկտիվ որոշումներ ընդունել, սակայն իրականում ամեն գնով սահմանափակում էին վարչապետական մենիշխանությունը կամ զրկում նրան գործունեության ակտիվ լծակներից): Հասկանալի է, որ միայնակ անհնար էր դիմակայել նման ճնշումներին, այդ պատճառով էլ Խ.Հարությունյանը գերադասեց ոչ թե պայքարի մեջ մտնել ու վերջնականապես տանուլ տալ, այլ խաղաղ նահանջել՝ ապագայում կրկին վերադառնալու հույսով: Հայտնի կոմբինատորի բառերով ասած՝ «ամբողջն ունենալու համար զոհաբերեց մասը»:

Իսկ մինչ ժողովրդի համար բաղձալի գարունը վրա կհասներ, երկրի վարչապետն աշխատեց կիսատ-պռատ կոմպլեկտավորված կառավարության կազմով, որոնց նշանակման հետ նա ընդհանրապես ոչ մի առնչություն չուներ, քանի որ այդ իրավունքը վերապահված էր նախագահին, հազվադեպ դեպքերում՝ նաև Գերագույն խորհրդին: Հավելենք եղածին նաև այն, որ ուժային-քաղաքական նախարարությունները նրան ենթարկվելու որևէ ցանկություն այդպես էլ չդրսևորեցին: Այս պայմաններում էլ ի՞նչ դրական տեղաշարժերի ակնկալիքի մասին կարող էր խոսք լինել...

Ցայտնոտային իրավիճակներն իրենց հետ բերում էին նույնքան ցայտնոտային լուծումներ ու դիրքորոշումներ: Հարությունյանի օրոք էր, որ կառավարության անդամի շուրթերից հնչեց այն միտքը, թե պետք է վարել ձևական տնտեսական քաղաքականություն, քանի որ վիճակը միշտ կախված է լինելու այն բանից, թե ինչպես ու երբ Ռուսաստանը կկայունացնի ռուբլին, ուստի այլ բան չի մնում, քան շարժվել այդ հոսանքին համընթաց: Սրան արդեն անհնար էր նույնիսկ խուճապային տրամադրություն բնորոշումը տալ, քանի որ ասվածը նշանակում էր ինքնուրույնության վերջնական կորուստ և կամ ստորադաս վիճակ արտաքին ազդակներից:

Ի դեպ, Ռուսաստանի անվան հիշատակման մասին, որն այնքան էլ անտեղի չէր: Բանն այն է, որ Խ.Հարությունյանի կառավարման ամիսներին Հայաստանն այդ երկրի հետ տնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրեց, ինչը նախատեսում էր հյուսիսային դաշնակցի կողմից հումքի, էներգակիրների ու սննդամթերքի տրամադրում մեր հանրապետությանը: Դա, անշուշտ, կարևոր քայլ էր, սակայն ոչ երբեք բոլոր խնդիրների վերջնական լուծումը:

Խոսրով Հարությունյանի հերոսական ձեռքբերումներից մեկը (գուցե նաև միակը) եղավ այն, որ 1992թ. աշնանը, երբ Հայաստանի շրջափակումը հանգեցրել էր վատթարագույն հետևանքների, Կարս-Գյումրի երկաթգծով Հայաստան ներկրվեց թուրքական ցորենը, ինչի դիմաց Եվրամիությունը նույնքան ցորեն պետք է տար Թուրքիային: Հիշենք, որ այդ օրերին երբեմն ստացվում էր այնպես, որ երկրում ընդամենը 1-2 օրվա հացի պաշար էր մնում: Բայց արի ու տես, որ այս քաջագործության դափնիների ստվերից զատ կա մեկ այլ ստվերոտ կողմ ևս, ինչն արդեն հակում ունի մեկ հարվածով հողին հավասարեցնելու հացաստեղծ վարչապետի մեծ ծառայության գինը: Բոլոր նրանց, ովքեր սիրում էին կրկնել, թե Հարությունյանի ամենամեծ ներդրումն այն էր, որ նա թույլ չտվեց երկրում սով սկսվի, հակառակ դիրքորոշման կողմնակիցները պատասխանում էին հետևյալ փաստարկով. «Հացի խնդիրը Հայաստանում սրվեց միայն այն պատճառով, որ Խ.Հարությունյանը փոխանակ հացի շուկան ազատականացներ, ընդհակառակը, ամբողջովին այն մոնոպոլիզացիայի ենթարկեց»:

Այս կարգի վեճերը սաստկանում ու բազմապատկվում էին, և հավանաբար դրանք այն ամիսների եզակի բացառություններն էին իրենց չնվազող տեմպերի առումով: Իսկ ահա պլանային տնտեսությունից դեպի ազատ շուկայական տնտեսության անցման տեմպերը ոչ միայն շատ դանդաղ էին, այլև երբեմն մոտենում էին տեղապտույտային վիճակին:

Նույն կացությունն էր արդյունաբերությունում. համարյա բոլոր մեծ ձեռնարկությունները կանգնած էին: Իսկ դրանց սեփականաշնորհման գործընթաց Խ.Հարությունյանը ոչ ի վիճակի էր սկսել և ոչ էլ առանձնապես մեծ ցանկություն էր դրսևորում: Կար արտաքին բուտաֆորիան՝ այն բանի խաբուսիկ տեսլականը, թե իբր, այնուամենայնիվ, ինչ-որ բան շարժվում է: Դա սեղանիկների և կրպակային բումի ժամանակահատվածն էր, սպեկույլատիվ առևտրի ու տարադրամային ձեռնածությունների աստեղնային ժամը: Վերջապես հացի, գազի ու էլեկտրաէներգիայի գների բազմակի ավելացումները համբերության բաժակի մեջ ընկած այն վերջին կաթիլները դարձան, ինչից այն կողմ ներքին ցնցումները դառնում էին անխուսափելի: Պահը վճռորոշ էր: Կրկին զոհաբերում էր անհրաժեշտ:

Եվ պատեհ առիթն իրեն երկար սպասել չտվեց:

Պայծառատեսության ու անկեղծության բռնկումի մի պահի վարչապետը հանկարծ որոշեց հայտարարել, որ ՀՀ տնտեսական տագնապը 70-ից ավելի տոկոսով ներքին անկազմակերպվածության, թալանչիության արդյունք է, որից միայն 20%-ի պատճառն է փակ սահմանը: Այսպիսի ակնհայտ ճշմարտությունները բարձրաձայնելու համար սովորաբար թանկ են հատուցում: Ու երրորդ վարչապետն իսկապես հատուցեց:

Այսօր ընդունված է ասել, թե նախագահը Խոսրով Հարությունյանին ազատեց աշխատանքից, քանի որ 1993-ի պետբյուջեի ընդունման հարցում տարաձայնություններ առաջ եկան: Սակայն վարկածներ կան, համաձայն որոնց՝ իրականում Խ.Հարությունյանի հեռացումը պայմանավորված էր փոխվարչապետ Հրանտ Բագրատյանի հետ կուլիսային անհաշտությամբ ու ինտրիգներով: Նույնիսկ նշում են, թե իբր վարչապետը գտել էր համախոհներ ու պատրաստվում էր նրանց հետ ձեռք ձեռքի տված մինի-խռովություն նախապատրաստել և պահանջել ռեֆորմիստ հորջորջվող Բագրատյանի հրաժարականը: Բայց վերջին պահին ԳԽ-ն դեմ քվեարկեց այդ հեռանկարին: Հավանաբար, այնուամենայնիվ, գտնվեցին մարդիկ, որոնք հասկացան, որ այդ անլուծելի կոնֆլիկտի պատճառը նույնն էր, ինչ Գագիկ Հարությունյանի դեպքում: Լինելով ազատ, լիբերալ տնտեսության ու բարեփոխումների կողմնակից՝ Հրանտ Բագրատյանը չէր կարողանում հանդուրժել զույգ Հարությունյանների պահպանողականությունն ու ազատ տնտեսության անցման տեմպերի դանդաղեցմանն ուղղված նրանց կոնկրետ գործողությունները: Անսպասելի չէր, որ, ի վերջո, Հարությունյանը պիտի պարտվեր: Նա այդ պահին ոչ միայն քաղաքական թիմ չուներ, այլև անձնական մեծ հեղինակություն:

Տարիներ հետո մի հարցազրույցի ժամանակ Խ.Հարությունյանը մշուշոտ կերպով պիտի ակնարկեր, թե հաջորդ կառավարության կիրառած «կառավարելի անցման» մոտեցումների մարտավարության հեղինակն, ըստ էության, ինքն էր, և, ընդհանրապես, էլի շատ բաներ կային, որոնք եղել էին իր մտահղացումները: Սակայն այս պնդումների իրավացիությունը հաստատել կամ հերքել մենք չենք կարող:

Բոլոր դեպքերում ընդունված է ասել, որ Խոսրով Հարությունյանին պաշտոնից ազատելը հիմնավոր էր ճիշտ այնքան, որքան նրա նշանակումը...

 

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ

(12.02.1993-04.11.1996)

Բագրատյանն իր նախորդներից տարբերվում էր մեկ էական առավելությամբ՝ նա գիտեր տնտեսության կառավարման այբուբենը: Դրա հետ մեկտեղ ներկայացնում էր վերափոխումների լիբերալ մտածողության թևը՝ համարձակորեն պնդելով ու պահանջելով դրանց անհապաղ գործարկումը: Էմոցիոնալ, էքսցենտրիկ, խելացի և հաճախ սուբյեկտիվ մարդու համբավը կառավարության ղեկավարի պաշտոնում նրան ավելի շատ օգնեց, քան խանգարեց, առավել ևս, որ ժամանակը նույնպես պահանջում էր կտրուկ, արմատական, նույնիսկ կարելի է ասել՝ վիրահատական լուծումներ: Ժամանակն ու Բագրատյանը նման էին մեկը մյուսին: Այլ հարց էր, թե նրանք կարողացա՞ն հանդուրժել այդ միանմանությունը:

Շոկային թերապիան. ահա այն գործելաոճը, որ ներմուծեց նոր՝ թվով չորրորդ վարչապետը:

1993-ի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում տեղ գտան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ինվեստիցիոն կորպորացիան, բիզնես ինկուբատորը, ֆինանսական նոր քաղաքականությունը: Անմիջապես պարզ էր դառնում հիմնական միտումը՝ նախնական փուլի վայրի լիբերալիզացիայից անցում դեպի պետականորեն կարգավորելի տնտեսություն: Սակայն միևնույն ժամանակ օրակարգում էր հարցերի հարցը. «Իսկ ինչպե՞ս պիտի դա կյանքի կոչվեր, եթե անհնար էր որևէ բարեփոխում իրականացնել քաղաքական վստահության մթնոլորտի բացակայության և պետական օղակների թերատ աջակցության պայմաններում»:

Պարզվեց, որ Բագրատյանը հեշտ հուսահատվողներից չէր: Արդեն հիմա, եթե պատահում է այնպես, որ տարիների հեռվից Բագրատյանը երբեմն հաճելի հիշողությունների գիրկն է ընկնում, նրանից կարելի է լսել այս կարգի պատմություններ. «...1993-ին, երբ ես փոխարինեցի Խոսրով Հարությունյանին, առաջին որոշումը եղավ այն, որ պետք է ազատականացնել ներմուծումները: Իմ նշանակումից 3 ժամ անց մաքսատունն ազատականացման հրամանը ստացավ, որի արդյունքում ընդամենը 15 օր հետո 25 ընկերություն բենզին էր բերում Հայաստան: Երկիրը սկսեց շնչել»:

Երկրի շնչառության մասին վերհիշելիս նախկին վարչապետն, իհարկե, փոքր-ինչ ոգևորվում ու չափազանցում է, քանի որ պետության շնչուղիներն իրականում այնքան էլ բաց ու լայնացած չէին, ինչպես կցանկանար դրանք տեսնել «սուպեր վարչապետը»: Բայց սրա հետ մեկտեղ անաչառությունը պահանջում է անպայման արձանագրել այն փաստը, որ Հայաստանն Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրներից առաջինն էր, որ 1994 թվականին ոչ միայն հաղթահարեց տնտեսության անկումը, այլև սկսեց ապահովել որոշակի տնտեսական աճ: Կարճ ժամանակահատվածում մեկը մյուսի հետևից ներդրվեցին բանկային, հարկային և մաքսային համակարգերը, իրականացվեցին ագրարային բարեփոխումներ, ազատականացվեցին հացի գները, շրջանառու դարձավ ազգային արժույթը, լուրջ հիմքեր ստեղծվեցին երկրի էներգահամակարգի արդիականացման ու արդյունավետ գործունեության համար և վերջապես կատարվեց, այսպես կոչված, Մեծ սեփականաշնորհումը, որն առանձին խոսակցության նյութ է: Այս բոլոր տեղաշարժերը մղում էին մեկ կարևոր նպատակակետի՝ մասնավոր հատվածի կայացմանը, ինչն էլ իր հերթին սեփականատիրոջ զանգվածի ձևավորման հիմնական նախադրյալն էր լինելու: Ասենք նաև, որ գործընթացների վրա իրենց դրական ներգործությունն ունեցան 1993-ին Ղարաբաղյան ճակատում մեր բանակի տարած հաղթանակներն ու, իհարկե, 1994-ի մայիսյան հրադադարը:

Բայց բագրատյանական բարեփոխումներն իրենց վերջնական հանրագումարում երկսայրի սրի կամ ավելի շուտ բումերանգի էֆեկտն ունեցան: Վարչապետը կարծես թե հաշվի չէր առել էական ու նուրբ մի հանգամանք. այդ նորամուծությունների ու ակտիվ տեղաշարժերի ծրագրային առաջադրանքը կենտրոնացված իշխանության հետևողական կրճատումն էր, իսկ իշխանության ձգտողների համար նման հեռանկարն անընդունելի պիտի լիներ ի սկզբանե: Այնպես որ, թե՛ այս գործոնը, թե՛ այն իրողությունը, որ սրընթաց զարգացումների ընդհանուր ֆոնի վրա մեկը մյուսի հետևից սկսեցին բացահայտվել նաև կոպիտ վրիպումները, նույնիսկ վերը թվարկված ձեռնարկումների առկայության պայմաններում այդպես էլ իրավունք չտվեցին Հրանտ Բագրատյանի կառավարությունն անվանել «Փրկության կոմիտե»:

Վերջինիս անսխալականության վարկին առանձնապես ծանր հարված հասցրեց վաուչերային ակցիան: Սեփականաշնորհման 1994-1995թթ. առաջին ծրագրում ընդգրկված էր ձեռնարկությունների 60 միլիարդ դրամի ընդհանուր արժողությամբ գույքը, որը 20 հազարական դրամի վաուչերներով հավասարաչափ բաշխվեց ողջ բնակչությանը: Առաջին հայացքից կարծես ամեն բան կատարվել էր արդար ու ճիշտ: Միայն թե դրա ծանր հետևանքներն անհնար էր արդարացնել որևէ բացատրությամբ կամ օբյեկտիվ պատճառներով: Հասարակության ունևոր խավի այն հատվածը, որն իր միջոցների մեծ մասը ձեռք էր բերել անազնիվ ճանապարհներով, չնչին գումարներով յուրացրեց ազգային տնտեսության ունեցվածքի մեծագույն մասը: Իսկ կառավարությունն այդ ընթացքում թեև տեսնում էր հրեշավոր անարդարության դրսևորումը, բայց այդպես էլ ոչինչ չձեռնարկեց «օրինական» թալանը կանխելու համար: Հենց այն ժամանակ ձևավորվեցին կոռուպցիայի, մոնոպոլիայի, օլիգարխիայի այն տարատեսակ հիմքերը, որոնց արդիականացված ու «քաղաքակրթված» տարբերակները կենսունակ և գործուն են նաև այսօր:

Արդեն 1995-ի տարեվերջին կայացած ՀՀՇ 7-րդ համագումարում իշխանություններին այլ բան չէր մնում, քան գոնե մասամբ խոստովանել իրենց սխալները: Մասնավորապես ասվում էր, որ ամենահիմնական թերացումներից մեկը կապված էր ազգային դրամի ներդրման ժամկետի հետ: Մատնանշվում էին նաև սեփականաշնորհման օբյեկտների գնահատման մեթոդիկայում և սեփականաշնորհման պրակտիկայում տեղ գտած անհաշիվ զայրացուցիչ շեղումները, որոնք ոչ միայն հարվածել էին իշխանության հեղինակությանը, այլև կորստի էին մատնել ամենակարևորը՝ մարդկանց վտահությունն ու հավատը արդարության նկատմամբ:

Պետք է առանձնակի ընդգծել, որ կառավարության խղճին էր ծանրանում հատկապես բնակչության սոցիալական վիճակը: Երկրում գործազուրկների թիվը (ըստ պաշտոնական տվյալների) հատել էր 200 հազարի սահմանը: Արտագաղթի ծավալներն ընդունել էին ազգային աղետի մասշտաբներ: Ու եթե մենք հերթական անգամ փաստում ենք, որ համատարած փլուզման պայմաններում պետությունն այլ ելք չուներ, քան գնալ տնտեսության ազատականացման ճանապարհով, ապա դրան զուգահեռ արձանագրում ենք նաև այն իրողությունը, որ խոշոր ձեռնարկումների համար այդ նույն ժամանակահատվածում բացակայում էին ոչ միայն անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառույցները, այլև նույնիսկ ամենաէականը՝ կապիտալը:

Բագրատյանի «դարակազմիկ» ծրագրերը դատապարտված էին: Դատապարտված էր նաև նրա կառավարության հետագա գործունեությունը: Եվ ստացվեց այնպես, որ Հ.Բագրատյանի պաշտոնաթողությունը հաջորդեց 1996թ. կայացած նախագահական ընտրություններին: Դրանց արդյունքները կասկած էին հարուցում, երկրում ներքին մեծ ցնցումներ տեղի ունեցան, զորքեր բերվեցին մայրաքաղաք, և այդ բոլոր խմորումների արդյունքում ինչ-որ մեկը պիտի դառնար եղած ձախողումների քավության նոխազը: Իհարկե, չի կարելի ասել, թե վարչապետը չուներ մեղքերի իր բաժինը և սոսկ այլոց բացթողումների անմեղ պատասխանատուն էր դառնում: Ամեն դեպքում, հրաժարականից կարճ ժամանակ անց Բագրատյանն այսպես բացատրեց հեռանալու պատճառները. «…Այդ հրաժարականը պարզապես ժողովրդավարական կարգուկանոնի պարտության առաջին լուրջ ահազանգերից մեկն էր: Հիմա քչերին է հետաքրքրում, թե ինչքան փխրուն էր այն ժամանակ իրավիճակը, և բարելավման այն միտումները, որոնք զգացվեցին 1994-ից սկսած, կապված էին իրականության (և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ սոցիալական) ժողովրդավարական բարեփոխումների հետ: Կարելի է այսպես ասել՝ առանց անդրադառնալու որևէ կոնկրետ անձի. մեր հասարակությունը, հանդիպելով ժողովրդավարական բաց հասարակության հիմնախնդիրներին, ի վերջո, սխալ որոշում կայացրեց՝ մերժելով այդ ճանապարհը և ընկավ, ըստ էության, ամենածանր կացության մեջ, այնպես որ, հրաժարականում ով ինչ մեղքի բաժին ուներ՝ կարևոր չէ. ես հասկացա, որ չի կարելի շարունակել, չի ստացվելու այլևս... »:

Հրանտ Բագրատյանը Հայաստանի վարչապետ դարձավ բավական երիտասարդ տարիքում՝ նոր էր բոլորել 35-ը: Լիբերալ մտածողության ջատագովն ու բարեփոխումների երդվյալ կողմնակիցը գուցեև հաճախ բախվեց պահպանողականների դիմադրությանը, չհասկացվեց ու չընկալվեց հասարակության կողմից: Սակայն կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի հենց ինքը ստանձներ արգելակման համակարգի հովանավորի դերը՝ չհիշելով այն ներքին դիմադրության մասին, ինչը միշտ էլ զորեղ է արտաքին ազդակներից:

 

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

(01.11.1996-28.02.1997)

Վիճահարույց ընտրություններից հետո երկրորդ անգամ նախագահ դարձած Լևոն Տեր-Պետրոսյանը ներքաղաքական հերթական ճգնաժամը հաղթահարելու նպատակով 1996-ի աշնանը վարչապետի պաշտոնում աշխատելու համար Անգլիայից Հայաստան հրավիրեց այն ժամանակ հասարակությանը ոչ այնքան հայտնի Արմեն Սարգսյանին: Եվ իսկապես էլ, մարդիկ չափազանց քիչ բան գիտեին նրա մասին, թերևս միայն այնքանը, որ վերջինս 1995-1996թթ. աշխատել էր Բելգիայի Թագավորությունում՝ որպես ՀՀ դեսպան, եղել էր Եվրոպական համայնքների ՀՀ Առաքելության ղեկավարը և երկար ժամանակ բացակայել էր հայրենիքից: Սակայն վերևներում հաշվարկը կատարված էր հենց այդ «անհայտության» հանգամանքի վրա: Քաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում գործադրի ղեկի մոտ պիտի կանգներ մեկը, ով չեզոք անձնավորություն էր, երբեք և ոչ մի առիթով մասնակից չէր դարձել ներիշխանական պայքարին, այլ խոսքերով ասած՝ ոչ հարվածներ էր ստացել և ոչ էլ եղել էր հարվածողի դերում: Նոր թեկնածուն առաջին հայացքից թողնում էր բարեհամբույր մարդու տպավորություն, ուներ անսովոր բակենբարդներ և տիրապետում էր օտար լեզուների: Այս արտաքին նշաններն, ինչ խոսք, այն գլխավոր նախապայմանները չէին, ինչի համար վարչապետ են դառնում, բայց տպավորությունն այնպիսին էր, որ որոշումը կայացնողները նշանակություն էին տվել նաև այդ հատկանիշներին:

Տարիներ հետո Լ. Տեր-Պետրոսյանը մի առիթով այն օրերի մասին ասել է. «...Ես անկեղծորեն պիտի խոստովանեմ, 1996 թվականի աղմկոտ ընտրություններից հետո Հայաստանում իշխանության նկատմամբ վստահության զգալի պակաս կար: Անկեղծ ասում եմ սա: Եվ երբ մենք Անգլիայից հրավիրեցինք Արմեն Սարգսյանին, դա հաղթահարվեց. նոր մարդ էր, բոլորովին անծանոթ, ժպտուն, մտավորական և շատ դրականորեն ընդունվեց մեր ողջ հասարակության կողմից»:

Առաջին նախագահի այս պատմությունը փոքր-ինչ իդեալական գույներով է ներկայացնում նոր վարչապետի ընդունելությունը: Իրականության մեջ կային ոչ միայն դժգոհներ, այլև հակառակվողներ: Եվ ոչ միայն այն պատճառով, որ վարչապետի աթոռն այդ պահին բազմաթիվ հավակնորդներ ուներ, այլ նաև այն հիմնավորմամբ, որ Ա.Սարգսյանը կտրված է եղել Հայաստանից, միշտ արտասահմանում է ապրել, տեղյակ չէ ոչ ներքին կյանքին, ոչ իրերի վիճակին, չունի տնտեսություն ղեկավարելու փորձ և հազիվ թե կարողանա մաքուր ձեռքերով դուրս պրծնել այն տիղմից, որ նստվածք էր տվել կյանքի համարյա բոլոր ոլորտներում:

Այս կարծիքի մեջ կար ճշմարտության բաժին: Եվրոպաներ տեսած ուսյալ դիվանագետի համար անչափ խորթ էին հայաստանյան նոր միջավայրը, նոր հարաբերությունները, արժեքների վերափոխված համակարգը: Խնդիրն արդեն սոսկ կյանքի այդ պայմաններին ինտեգրվելու մասին չէր, այլ ամբողջի պատասխանատվության բեռը կրելու, նրանց հետ աշխատելու և խոչընդոտները հաղթահարելու մասին: Բայց բարեբախտաբար, թե դժբախտաբար նա ժամանակ չունեցավ որևէ լուրջ քայլ կատարել: Շատ շուտով իրադարձություններն ու հանգամանքներն այնպիսի ընթացք ստացան, որ Ա.Սարգսյանը հարկադրված էր թողնել Հայաստանն ու վերադառնալ Լոնդոն:

Իսկ մինչ այդ վարչապետն, այնուամենայնիվ, փորձեց ինչ-որ կերպ մասնակից դառնալ երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը: Նրա ներկայացրած կառավարության նոր ծրագիրը ենթադրում էր մի քանի կոսմետիկ միջամտություն և նույնքան էլ կազդուրիչ-առողջարարական գործողություններ: Ծրագրերում առանձնակի շեշտադրությամբ էին ներկայացված տնտեսության մասնավոր հատվածի զարգացմանը վերաբերող հեռանկարները: Դա գուցեև Բագրատյանի գործի շարունակությունն էր՝ որոշակի սրբագրումներից հետո: Ինչպես էլ եղածն անվանեին, նախերգանքը հուսադրող էր: Միայն թե նախորդների համեմատ առավել ինքնուրույն գործելու և որոշումներ կայացնելու արտոնությամբ օժտված լինելով հանդերձ՝ նա դրսևորում էր չափազանց մեղմ բնավորություն, ինչն էլ անմիջապես շրջապատի կողմից ընկալվում էր որպես թուլության նշան: Իսկ դա անպայման իր անդրադարձն ունենալու էր արդյունքների վրա:

Կար նաև մեկ ուրիշ հատկանիշ, բայց արդեն քողարկված ու հազվադեպ հանդես եկող: Նրան լավ ճանաչողները պնդում են, որ այդ «խիստ փափուկ մարդը» նաև չափազանց պրագմատիկ էր: Ափսոս միայն, որ այս վերջինը լիարժեքորեն պիտի դրսևորվեր շատ ավելի ուշ՝ նրա եվրոպական գործունեության մեջ:

Ինչևէ, վարչապետ Արմեն Սարգսյանն այդպես էլ չկարողացավ ցատկել ավելի բարձր նշաձողերի վրայով: 1996-ի տարեվերջյան ամփոփումներով Հայաստանն աշխարհում գրավում էր 166-րդ տեղը մեկ շնչին ընկած համախառն ներքին արդյունքի ցուցանիշով: Նման «սահուն» անկումի պայմաններում արդեն ավելորդ էր խոսել որևէ բարեփոխման կամ առաջընթացի մասին:

Իսկ հետո կատարվեց այն, ինչը մինչև վերջ էլ պիտի մնար չպարզաբանված ու երկբայական: Ձմռանը լուր տարածվեց, որ վարչապետն առողջական լուրջ խնդիրներ ունի և նրան շտապ բժշկական միջամտություն է անհրաժեշտ հանրապետության սահմաններից դուրս: Փետրվարից նա արդեն Մեծ Բրիտանիայում էր: Ա.Սարգսյանի մեկնումից հետո ԱԺ նիստերից մեկի ժամանակ հայտարարվեց, թե վարչապետը Հայաստան կվերադառնա երկու շաբաթից: Բայց ահա մարտի 3-ին կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացրեց, որ նա Լոնդոնում ենթարկվել է վիրահատության: 1997թ. մարտի 7-ին Ա.Սարգսյանի խնդրանքով կայացավ կառավարության նիստ, որի ընթացքին վերջինս հետևում էր հեռախոսով: Սկզբում վարչապետը մասնակիցներին հայտնեց, որ հանրապետության նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել, բացատրեց իր որոշման պատճառները և ապա ասաց, որ երկարատև հանգստի ու ինտենսիվ բուժման կարիք ունի:

Թե որքանով էին համոզիչ այս պարզաբանումները, ժողովրդական ֆոլկլորին առանձնապես չէր մտահոգում, քանի որ նա իր հերթին սեփական վարկածներն էր հյուսում Արմեն Սարգսյանի մեկնումից ի վեր: Համաձայն այդ բանավոր պատումների, գուցեև կար առողջական խնդիր, միայն թե շան գլուխն այլ տեղում էր թաղված: Մարդիկ խոսում էին այն մասին, որ վարչապետը չդիմացավ հայաստանյան ղեկավարման «առանձնահատկություններին»: Հատկապես համառ լուրեր էին շրջում այն մասին, որ վարչապետը հակասություններ ուներ կառավարության մի շարք անդամների, մասնավորապես՝ Վազգեն Սարգսյանի հետ, իսկ նրանց կոնֆլիկտը մի անգամ նույնիսկ ավարտվել էր ձեռնամարտով: Կային նաև էլ ավելի մռայլ ենթադրություններ այն մասին, թե իբր նա վտարվեց երկրից, քանի որ «հավաքագրված էր» անգլիացիների կողմից: Սակայն սրանք արդեն անապացուցելի մեղադրանքներ էին:

Փոխարենը միանգամայն իրական էր թվում այն կարծիքը, որ տարաձայնություններ գոյություն ունեին նախագահի ու վարչապետի միջև: Մասնավորապես՝ խոսակցություններ էին տարածվում, թե նրանց երկուսի ջրերը մի առվով չեն հոսում ընդդիմության նկատմամբ Ա.Սարգսյանի՝ համեմատաբար մեղմ, նույնիսկ հարգալից վերաբերմունքի պատճառով: Վարչապետն ինքը դա բացատրում էր ընդդիմադիր կուսակցությունների հետ երկխոսություն և համագործակցություն վարելու իր ձգտումով, բայց այդօրինակ ազնիվ մղումները խրախուսանքի հազիվ թե արժանանային...

Այդ և համանման ասեկոսեներին վերջ տալու նպատակով կառավարությունը լրագրողների համար նույնիսկ Երևան-Լոնդոն հեռակա ասուլիս կազմակերպեց, սակայն դրանից հետո էլ մարդկանց պատկերացումներում քիչ բան փոխվեց: Այն ժամանակ Սարգսյանը լրագրողներին խոստացավ, թե ապաքինվելուց անմիջապես հետո անպայման վերադառնալու է Երևան, սակայն նրա այդ խոստումը մնաց անկատար:

Սարգսյանն իբրև վարչապետ աշխատեց ընդամենը չորս ամիս: Հեռացավ անսովոր «քաղաքակիրթ» եղանակով՝ առանց ինտրիգների, առանց պաշտոնին կառչած մնալու, հասկանալով, որ երկարատև բացակայության պայմաններում էապես տուժում էր «անգլուխ» կառավարության աշխատանքը, անկայուն վիճակը վարակի պես փոխանցվում էր ստորին օղակներին: Ի դեպ, ասում են, թե հատկապես նրա նշանակումից հետո ժողովրդի մեջ հիմնավորապես արմատավորվեց ու մնաց «վարչապետ» տերմինը: Երևի թե այդպես է:

Արմեն Սարգսյանը ղեկավարեց շատ կարճ: Բայց նրա այդ հպանցիկ ներկայությունն անգամ լիովին բավարար եղավ, որպեսզի բացահայտվեր իշխանության վերին օղակներում տիրող ընդհանուր վիճակը: Իսկ անընդմեջ կադրային փոփոխություններ տեսնող, սակայն կյանքում որևէ էական տեղաշարժ չնշմարող հասարակությունն իր հերթին շարունակում էր կռել ու կոփել վերաբերմունքն այդ բարքերի հանդեպ:

 

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

(01.03.1997-28.02.1998)

Այն մասին, թե ինչպես ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բերեցին Հայաստան՝ վարչապետ կարգելու համար, բազմաթիվ պատմություններ կան՝ մեկը մյուսից տարբեր, մեկը մյուսից դրամատիկ, մեկը մյուսին հակասող: Սկսած այն տարբերակից, թե Վազգեն Սարգսյանն ինչպես ուղղաթիռով մեկնեց Ստեփանակերտ ու վերադարձավ թանկագին «բեռով», ավարտած նրանով, որը պատմում է առաջին նախագահը, դրանք, այնուամենայնիվ, հանգում են մեկ ընդհանուր դրդապատճառի՝ երկիրը հայտնվել էր ավելի դժվար կացության մեջ, քան Արմեն Սարգսյանին հրավիրելուց առաջ էր, հասարակական վերաբերմունքն ու մթնոլորտն այնպիսին էին, որ Հայաստանից ում էլ այդ պաշտոնում առաջադրեին՝ ընդունվելու էր սրերով: Մի խոսքով, պայթյունն անխուսափելի էր, բոլորովին նոր դեմք էր անհրաժեշտ, և հենց այդ դեմքն էլ դարձավ Քոչարյանը, որը 1997թ. մարտի 20-ին նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Որո՞նք էին նրա հաղթաթղթերը: Նախ, Քոչարյանը Հայաստանի ներքին պայքարներին ընդհանրապես մասնակցություն չուներ (կամ գոնե այդպես էր ներկայացվում): Դիտվում էր որպես դրական կերպար, ռազմական հաղթանակների ֆոնի վրա զգալի հեղինակություն էր ձեռք բերել ոչ միայն Ղարաբաղում, իրեն հիմնականում դրսևորել էր ինքնուրույն գործչի հատկանիշներով ու արդեն այն ժամանակ շատ հարցերում ազդեցություն ուներ Հայաստանի ղեկավարության վրա: Սա առաջին նկատառումն էր, որպեսզի այդ մթնոլորտում նոր վարչապետն ընդունելի դառնար:

Երկրորդ նկատառումը նույնպես կարևոր էր հատկապես Ղարաբաղի խնդրի լուծման համար: Դրա էությունն այն էր, որ դառնալով Հայաստանի կառավարության ղեկավար՝ նա կկարողանար Ղարաբաղի խնդրին նայել նաև կողքից, այսինքն՝ Հայաստանի տեսանկյունից՝ այդ նույնը փոխանցելով Արցախի հանրությանը:

Քոչարյանի նշանակումն անցավ համերաշխ ու խաղաղ մթնոլորտում: Դժգոհներ ու դժգոհություններ համարյա չկային: Թերևս միակ հակառակ կարծիք արտահայտողը եղավ Վազգեն Մանուկյանը, որն ասել էր, թե սխալ է Ղարաբաղի նախագահին բերել Հայաստան, որովհետև դա հետագայում կարող է խնդիրներ առաջացնել Ղարաբաղի և Հայաստանի հարաբերություններում: Արդյունքում՝ նա չէր սխալվել:

Բայց այն օրերին ղարաբաղցու շեշտված ակցենտով խոսող, մշտապես լարված, բասկետբոլ սիրող և գրքեր առանձնապես չկարդացող «воин»-ի հայտնվելը հանրապետության քաղաքական վերնախավում, երբ երկիրը գնում էր դեպի ավտորիտար համակարգի կազմալուծում, իսկ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքերը բավական թուլացած էին, կտրուկ բարձրացրին Քոչարյանի անհատական կշիռը: Շատ ավելի ուշ հրապարակ նետված ու շահարկված այն վարկածը, թե իբր Քոչարյանին Հայաստան բերեցին «փչացնելու նպատակով», որպեսզի ղարաբաղցու ձեռքերով Ղարաբաղը հանձնեն ու կամ համոզեն, թե՝ «ինքդ տես, որ Արցախ պահելն անհնար է», հեռու է ճշմարտությունից: Նույնքան անիրական պետք է համարել ևս մեկ տարբերակ, համաձայն որի՝ իբր դա իշխանություն փոխանցելու ծրագրված նախապատրաստություն էր: Սա խելքին մոտ լինել չի կարող թեկուզ այն պարզ պատճառով, որ այդ շրջանում Հայաստանում իշխանություն վերցնելու մեծ թվով հավակնորդներ կային, ովքեր հազիվ թե հանդուրժեին նոր խաղացողի ներկայությունը կամ (ինչն էլ ավելի անտրամաբանական է) իրենք իրենց ձեռքով նրան հրամցնեին այդ իշխանությունը:

Վարչապետական պարտականությունները ստանձնելուն պես Քոչարյանն անմիջապես գործի անցավ, և հենց այդ պահից էլ սկսեցին դրսևորվել նրա կոշտ ու ծայրահեղ աշխատաոճի բազում կողմերը: Բերենք ընդամենը երկու օրինակ, որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է: Այսօր դեռ շատերն են հիշում նրա առաջին այցը Ազգային ժողով՝ կառավարության հարցուպատասխանին մասնակցելու համար: Ու երբ այնտեղ մի պատգամավոր դիմեց ոչ այնքան հաճելի հարցով, վարչապետը ոչ թե մտածեց պատասխանելու մասին, այլ զայրացած ասաց. «Էդ ո՞վ հարցրեց, ո՞վ ես դու... »: Դահլիճն անմիջապես հասկացավ, թե ում հետ է գործ ունենալու...

1997թ. Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին առաջարկեց գլխավորել «Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգման պետական խորհուրդը»: Մեծ էր նախագահի զարմանքը, երբ Քոչարյանը կտրուկ հրաժարվեց՝ պատճառաբանելով այն հանգամանքը, որ խորհրդի գործունեության ծրագրում բացակայում է Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կետը...

Այս երկու փոքրիկ դրվագներն իրենց խորքում մարդու և պետական գործչի նկարագրի բավական ցցուն շերտեր էին պարունակում, որոնք հետո պիտի դրսևորվեին շատ ու շատ անգամներ:

Ի դեպ, պակաս հետաքրքրական չէ, թե ինչ կարծիք ուներ առաջին նախագահն իր վերջին վարչապետի մասին: Մի առիթով Տեր-Պետրոսյանը խոստովանել է. «Քոչարյանը մեկ տարի աշխատեց վարչապետ և շատ լավ աշխատեց, շատ բարեխիղճ, շատ հստակ ու արդյունավետ: Իսկ ինչո՞ւ փոխվեց նա: Հենց սա է նախկին և ներկա իշխանությունների տարբերությունը: Նախկին իշխանությունը կենտրոնացած բուրգ չէր, կային լուրջ հակակշիռներ, յուրաքանչյուրը քաղաքական ֆիգուր էր՝ Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը և մյուսները, որոնք չէին կարող հլու ենթարկվել: Եթե որևէ մեկն այդպիսի բուրգ կառուցելու հավակնություն էլ ունենար, չէր կարող: Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ գործադիր իշխանությունը քաղաքական մարմնից վերածվում է կարգավորվող մարմնի: Այդ պատճառով Քոչարյանն այն ժամանակ ուրիշ ձևով չէր կարող աշխատել»: Այլ կերպ ասած՝ մարդը տարբեր պայմաններում կարող է տարբեր կերպարանքներ ունենալ, և նոր միջավայրը բացասաբար անդրադարձավ Քոչարյանի վրա:

Գալով Քոչարյան-վարչապետի տնտեսական գործունեության արժևորմանը, նախ պետք է նկատենք, որ իրականում այդ աշխատանքը դժվար է գնահատել մեկ տարվա կտրվածքով, քանի որ նրա պաշտոնավարման վերջին 4-5 ամիսները համարյա լիովին բեռնված էին ներքաղաքական իրավիճակի փոփոխմանը միտված ջանքերով: Բայց, այնուամենայնիվ, որոշ բաներ նրան հաջողվեց տեսքի բերել: Օրինակ, լուրջ ուշադրություն հատկացրեց բյուջետային եկամուտների հավաքագրմանը, ինչն էլ իր հերթին նպաստեց սոցիալական վիճակի մեղմացմանը: Նրա օրոք ձեռնարկվեցին մասնավորեցման այնպիսի խոշոր գործարքներ, ինչպիսիք են Երևանի կոնյակի գործարանը, կապի համակարգը: Իբրև ամանորի նվեր՝ հայտարարվեց, որ վերջապես պատմություն է դառնում «հովհարային անջատումների» ժամանակաշրջանը և երկիրը վերադառնում է շուրջօրյա էլեկտրամատակարարման փուլին: Ճիշտ է, չափազանցրած կլինենք, եթե խոսենք լուրջ տնտեսական ռեֆորմների մասին, սակայն պետք է նշել, որ նրան մասամբ հաջողվեց սանձել երկրում տիրող ամենաթողությունը, ինչ-որ չափով կարգավորել տնտեսական մեխանիզմները:

Դրա հետ մեկտեղ առկա փոքրումեծ ձեռքբերումները դեռևս գոհացուցիչ համարվել չէին կարող հատկապես այն պատճառով, որ այս ամենին զուգընթաց սկսվեց սեփականության վերաբաշխման մի նոր գործընթաց, ինչը պետք է հետագայում հանգեցներ օլիգարխիկ համակարգի վերակազմավորմանը: Եթե արձանագրվում էին բարձր ցուցանիշներ, ապա այդ թվերը պարունակում էին սոսկ արտադրանքի, բայց ոչ իրացված ապրանքների ծավալները: Եթե խոսվում էր բնակիչների դրամական եկամուտների ավելացման մասին, ապա մոռացության էին տրվում ծախսերը, որոնք ավելանում էին նույնքան արագ տեմպերով: Տնտեսության ցավոտ հարցերից մեկը վարկային շուկայի չձևավորման խնդիրն էր: Հայաստանը շարունակում էր մնալ ներմուծող երկիր: Իսկ բյուջեն համալրելու զուտ մեխանիկական միջոցների կիրառումը շուտով դրսևորեց իր անարդյունավետությունը: Բյուջեի եկամուտներն ապահովվում էին հիմնականում ազգաբնակչության վճարած անուղղակի հարկերի, մանր ու միջին ձեռնարկատերերի ուղղակի հարկերի միջոցով, մինչդեռ մեծ բիզնեսը շարունակում էր խուսափել հարկվելուց՝ ապահովելով գերշահույթներ:

Արդյունաբերության սահմանափակ թվով ճյուղեր էին միայն աշխատում, դրանք էլ հազվադեպ էին դիմանում ներմուծումների մրցակցությանը: Սրա հետ մեկտեղ հարկային քաղաքականության արհեստածին արգելակները մանր ու միջին ձեռնարկատիրության առջև փակ էին պահում տնտեսական այն դաշտը, որն արդեն մենաշնորհված էր մի խումբ մարդկանց կողմից: Ազգաբնակչության մոտ 50 տոկոսը կազմող գյուղատնտեսությամբ զբաղվողներն էլ իրենց հերթին էին գտնվում աղետալի վիճակում: Գյուղմթերքների արտադրության ինքնարժեքը շատ դեպքերում պարզապես գերազանցում էր վաճառքի գինը՝ մարդկանց դնելով անելանելի կացության մեջ:

Քոչարյանն այդ բոլորը հաղթաhարել չէր կարող, կամ գուցե առանձնապես նախանձախնդիր էլ չէր: Քաղաքական անցուդարձը նրանից շատ ավելի մեծ ժամանակ և ուշադրություն էր խլում, իսկ երբ ձմռանը պարզ դարձավ, որ երկրում ինչ-որ լուրջ բան, այնուամենայնիվ, տեղաշարժվում է և հնարավոր են մեծ փոփոխություններ, նա ամբողջովին հանձնվեց դրա հոսանքին: Թե այդ խմորումների ընթացքում ինչ արժեք ուներ նրա համար գաղափարական կողմնորոշումը, հավանաբար պարզ կլինի, եթե վերհիշենք ընդամենը այն մասին, որ 1998-ին դեռ վարչապետի պաշտոնում Քոչարյանը գործարքի մեջ մտավ իր նախկին հակառակորդների՝ դաշնակցականների հետ: Իսկ Ղարաբաղի մասով կարող ենք սոսկ փաստել, որ վարչապետության արդյունքում և հենց նրա «շնորհիվ» Ղարաբաղը կորցրեց իրավիճակի վրա ազդելու մեխանիզմները...

1998-ի փետրվարին «թավշյա» հեղաշրջման արդյունքում Լ. Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Հաղթած «պատերազմի կուսակցությունը», որին արդեն անդամագրվել էր Ռ.Քոչարյանը, երկրում հայտարարեց արտահերթ նախագահական ընտրություններ: Մարտի 30-ին Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց Հայաստանի նախագահ:

Շարունակելի

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am