Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Օգոստոս 2010, N 7

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՄՈԴԵՍՏ ԿՈԼԵՐՈՎ

ՏԵՂԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ 3-5 ՕՐ ԿՏԵՎԻ ԵՎ ՉԻ ՓՈԽԻ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻ ԳԻԾԸ

(նյութի մշտական հասցեն՝ http://www.regnum.ru/news/fd-abroad/armenia/1317252.html)

21.08.2010

Ադրբեջանական Vesti.Az գործակալությունը հրապարակել է հարցազրույց REGNUM Новости տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ:

 

- Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակներ է հետապնդում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան, և ինչպե՞ս կարող է դա ազդել Ադրբեջանի սովորական գործելակերպի վրա:

- Այցի գլխավոր նպատակը կայունության ամրապնդումն է տարածաշրջանում և դրա համար կրկին ռազմաստրատեգիական հավասարակշռություն հաստատելը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եթե Բաքվում ցանկանում էին փոխել այդ հավասարակշռությունը, ապա պետք է խոստովանել, որ Ռուսաստանը, չնայած միջնորդական գծի անցկացման բոլոր դժվարություններին, հաջողեց հավասարակշռել իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ (չնայած դրանց տարբեր վերաբերմունքին, օրինակ, ՀԱՊԿ-ի հանդեպ), և դրա հետ պետք է համակերպվել:

- Ի՞նչ խորությամբ, ձեր կարծիքով, կփոխեն իրավիճակը Հարավային Կովկասում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ պայմանագիրը և Գյումրիում ռուսական ռազմակայանի նոր խնդիրը՝ Հայաստանի անվտանգության ապահովումը:

- Սկզբունքորեն այդ նորույթները ոչինչ չեն փոխում, դրանք ընդամենը զարգացնում և մանրամասնում են այն, ինչը վաղուց գոյություն ուներ: Մեկ բացառությամբ. Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական միության վերածումը ռազմաքաղաքականի նպատակ ունի ի ցույց դնել, որ Բաքուն լրիվ չի բավարարված Ռուսաստանի հետ ռազմական հարաբերություններով: Դա հսականալի է, որովհետև Բաքվում այս ոլորտում Ռուսաստանից ավելին են պահանջում, քան այն կարող է տալ: Բայց պետք չէ, որ Բաքուն հակադրի Թուրքիան և Ռուսաստանը տարածաշրջանում, ինչպես դա ընդունված է Երևանում: Դա կխանգարի Ռուսաստանի միջնորդական դերին: Բայց ոչինչ չի ստեղծի, բացի բլոկային դիմակայությունից:

- Որքանո՞վ է, հաշվի առնելով տեղեկատվության ձեր աղբյուրները, ներկայումս Նախիջևանում թուրքական ռազմակայան հիմնելու վերաբերյալ ընթացող բանակցությունների մասին տեղեկությունը, որը հնչեցվել է ադրբեջանցի քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլիի կողմից, համապատասխանում իրականությանը:

- Այստեղ պետք է տարբերել կազուիստիկան և փաստերը: Պաշտոնապես, օրինակ, ԱՄՆ ռազմակայաններ Ադրբեջանում չկան, բայց «մոբիլ ուժեր» կան: Այդպես էլ Նախիջևանի ԻՀ պարագայում է. նրա ռազմական համակարգում Թուրքիայի մասնակցության փաստը վաղուց ակնհայտ է, ինչպես էլ դա անվանվի: ՆԻՀ-ում ռազմակայանի հարցի քննարկումը կրում է քաղաքական բնույթ և շոշափում է ոչ նոր իրողություն (նման բան չկա), այլ ընդամենը Իրանի քաղաքական շահերը, որոնց հակասում է այն, որ ՆԻՀ-ի համար Թուրքիայի ռազմական պատասխանատվությունը վերածվում է ռազմաքաղաքականի:

- Համարյա թե համընդհանուր կարծիքի համաձայն՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը լավագույն ժամանակներ չի ապրում: Ադրբեջանը ոչ մի ճնշման տակ և ոչ մի արտոնության համար չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղը վերադարձնելուց: Իսկ Հայաստանը լսել անգամ չի ուզում կարգավորման պլանների մասին, որոնք ԼՂ-ում հանրաքվեի պարտադիր ուժ ունեցող անցկացում չեն ներառի: Փակուղուց ելք տեսնո՞ւմ եք:

- Փակուղուց ելքն այն է, որ չմտնես փակուղի: Պարզապես, քանի դեռ կարգավորումն անհնար է, հարկավոր է պահպանել ստատուս-քվոն՝ չշտապելով կարգավորման հարցում:

- Տարածաշրջանի կյանքի վրա ինչպե՞ս են անդրադառնում ռուս-թուրքական մերձեցումը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը, իրավիճակը Վրաստանում և Հյուսիսային Կովկասում, համաշխարհային հանրության ճնշման ուժեղացումն Իրանի վրա, Բուշերի ԱԷԿ-ի առաջիկա գործարկումը և ամերիկա-իսրայելական տանդեմի հնարավոր պատասխանը:

- Տարածաշրջանը խիստ գրգռված է, և ոչ մի «գլոբալ նախագիծ» դույզն-ինչ չի հավասարակշռում ապակայունացման սպառնալիքները: Կարելի է կառուցել ոչ միայն երկաթուղի, այլ նաև, եթե հարմար է, տիեզերակայաններ. քանի դեռ պատերազմի սպառնալիք կա, այդ բոլոր ներդրումները քաղաքական և ոչ առևտրային բնույթ կկրեն: Իսկ Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական հարաբերությունները, բարեբախտաբար, տարածաշրջանի հետ ուղղակի առնչություն չունեն:

- Որքանո՞վ է իրական ադրբեջանա-վրաց-թուրքական համադաշնության ստեղծումը: Արդյո՞ք դրա ստեղծմանը չեն մղում այն ուժերը Մոսկվայում, որոնք ամեն կերպ պաշտպանում են Հայաստանին, որն օկուպացրել է ադրբեջանական հողերը և չի պատրաստվում իր կամքով վերադարձնել դրանք:

- Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես Մոսկվան կարող է ազդել Թբիլիսիի և Բաքվի և, մանավանդ, Բաքվի և Անկարայի հարաբերությունների վրա: Առավել ևս՝ թելադրել Սահակաշվիլուն, թե ինչ ասի: Իսկ խոսելով Սահակաշվիլու՝ համադաշնություն ստեղծելու նախագծի մասին, հարկավոր է պարզապես նշել, որ դա կրտսեր գործընկեր է դարձնում հենց Վրաստանին: Ես խիստ կասկածում եմ, թե Թուրքիան և Ադրբեջանը կցանկանան իրենց վրա վերցնել Վրաստանում ավելի մեծ պատասխանատվություն, քան տարանցիկ հաղորդակցությունների, Աջարիայի և Բորչալվի համար պատասխանատվությունն է: Իսկ համադաշնությունը կստիպի լրիվ ստանձնել Սահակաշվիլու ժառանգության պատասխանատվությունը:

- Պատկերացնենք, թե Ադրբեջանը դուրս է գալիս բանակցային գործընթացից և փորձ է անում ռազմական ճանապարհով վերականգնել օկուպացված տարածքների վերահսկողությունը: Ինչպիսի՞ն է, ձեր կարծիքով, իրադարձությունների զարգացման առավել հնարավոր սցենարը:

- Տեղային պատերազմը 3-5 օր կտևի: Ռազմաճակատի գիծը շատ չի փոխվի: Եվ վերջ:

 

 Մ.Կ. ԲՀԱԴՐԱԿՈՒՄԱՐ (M. K. BHADRAKUMAR)

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՑԱՆԿԱԼԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

(նյութի մշտական հասցեն՝ http://www.atimes.com/atimes/Central_Asia/LH21Ag01.html)

21.08.2010

Հիպերբոլայի տարր կար այն բանում, երբ նորությունների մոսկովյան ծառայություններից մեկն այս շաբաթ բավական թեթևամտորեն հանդես եկավ հայտարարությամբ, թե կայսրուհի Եկատերինա Մեծի պատմական երազանքը դեպի Արաբական ծովի տաք ջրեր ելքի մասին ուր որ է կիրականանա, քանի որ Ռուսաստանը պատրաստվում է Պակիստանին առաջարկել «հիմնականում Մոսկվայի հաշվին ֆինանսավորել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների ընդարձակ ցանց կառուցել»՝ Կենտրոնական Ասիան պակիստանյան ծովային նավահանգիստների հետ կապելու համար:

Մոսկվացի մեկնաբանը գայթակղվել էր Ռուսաստանի, Տաջիկստանի, Աֆղանստանի և Պակիստանի ղեկավարների քառակողմ բանակցությունների ընդարձակ օրակարգով. հանդիպումը նախագահ Դմիտրի Մեդվեդևը կազմակերպել էր չորեքշաբթի, իր ամառային նստավայրում, սևծովյան ամառանոցային գեղատեսիլ Սոչի քաղաքում:

Մեկնաբանը վերցրել ու ավելացրել էր. «Իսլամաբադի ցանկացած երկյուղ [ռուսական նավերի] կայանման համար գերակա առավելություններ տրամադրելու առումով կչեզոքացվի ֆինանսական շահավետությամբ՝ կապված վարձակալության իրավունքների հետ»: Այնուհետև սկսել է երևակայել Արաբական ծովում ռուսական ռազմածովային հենակետի հայտնվելու թեմայի շուրջ. «Թեև ելքն Արաբական ծովի պակիստանյան նավահանգիստներ Ռուսաստանին խոշոր տնտեսական դիվիդենդներ է խոստանում, առաջ է գալիս նաև գայթակղությունն այն հարցի, թե կունենան արդյոք վարձակալության իրավունքներն ինչ-որ ռազմական չափում:

Ռուսաստանի ՌԾՈւ-ն հենակետեր չունի Մերձավոր Արևելքի ջրերում (Կենտրոնական Ասիայում. ուստի Պակիստանի ափերին ռազմածովային հենակայան ունենալու դեպքում Մոսկվան կհայտնվի չափից ավելի անկայուն տարածքի կենտրոնում այն պահին, երբ ԱՄՆ-ը, ահաբեկիչներ որոնելով, շարունակում է չթուլացող ռազմական ներխուժումը Աֆղանստանի և Պակիստանի միջև սահմանամերձ շրջաններում): Ռուսական ռազմական ներկայությունն Արաբական ծովում գոնե կօգնի խանգարելու Աֆղանստանից Ռուսաստան հերոինի մատակարարումներին»:

Այսօրինակ հայտարարությունները կարող են անզուսպ լավատեսության նմուշ թվալ. հեղինակը, դեռ ջուրը չտեսած, մերկացրել է ոտքերը: Անգամ ռուսական չափանիշներով նրա խոսքերում չափազանց շատ հոխորտանք կա՝ հաշվի առնելով այն փաստը, որ ռուսական օվկիանոսային նավատորմը հազիվհազ պահպանում է գոյությունը:

Եվ այնուամենայնիվ, նրանք ընդգծում են մտքերի այն ուղղվածությունը, որոնցով առաջնորդվում էր Մեդվեդևը՝ քառակողմ տարածաշրջանային համաժողով հրավիրելով:

 

 Տաջիկները՝ Ռուսաստանի նվագի տակ

Ռուսաստանն առաջին անգամ այս նախաձեռնության մասին բարձրաձայնեց անցած տարվա հունիսին Եկատերինբուրգում, երբ Մեդվեդևը բանակցությունների սեղանի շուրջ նստեց աֆղանստանցի և պակիստանցի գործընկերների հետ: Մեկ ամիս անց ձևաչափն ընդլայնվեց՝ ներառելով Տաջիկստանը, և առաջին անգամ նման կազմով նախագահները բանակցության նստեցին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում:

Չորեքշաբթի, Սոչիի գագաթաժողովում, որոշվեց, որ հաջորդ հանդիպումը նույնպես տեղի կունենա Դուշանբեում: Միանգամայն ակնհայտ է, որ Մոսկվան Տաջիկստանը «կոճկում» է քառակողմ ձևաչափին՝ ջանալով հասնել նրա 100 տոկոսանոց մասնակցության: Ինչն է հետաքրքիր. Մոսկվան իր նոր կենտրոնաասիական նախաձեռնության մեջ շրջանցում է այս տարածաշրջանի երկու առանցքային դերակատարների՝ Ղազախստանը և Ուզբեկստանը, և միևնույն ժամանակ իրեն ամուր կապում է այդ տարածաշրջանի ամենաթույլ օղակին՝ Տաջիկստանին: Ձևաչափի սահմանափակումը որոշ դատողություններ է ծնում տարածաշրջանային քաղաքականությունում Ռուսաստանի նպատակների վերաբերյալ:

Անմիջապես ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը փորձում է իրեն կապված պահել Տաջիկստանը, քանի որ այնտեղ ամենախոշոր արտասահմանյան ռազմակայանն ունի: Դուշանբեն վերջին ժամանակներս փորձում է դուրս պրծնել ռուսական տիրապետության շղթաներից, և Միացյալ Նահանգները, գլխի ընկնելով ինչն ինչոց է, խրախուսում է այդ փորձերը, ինչպես և կենտրոնաասիական մյուս երկրներում: Անցյալ տարի Տաջիկստանը հանկարծ ռուսներից ամենամյա վարձավճար պահանջեց՝ 300 միլիոն դոլար, ռազմակայանի համար, որից Ռուսաստանը մինչ այժմ անվճար էր օգտվում: Բացի այդ, Տաջիկստանը հարաբերություններ է հաստատում Իրանի, Ֆրանսիայի, Չինաստանի և ԱՄՆ-ի հետ՝ փորձելով հակակշիռ ստեղծել Ռուսաստանին:

Մոսկովյան քառակողմ նախաձեռնությունը փորձ է՝ փոխելու այն միտումները, որոնք խարխլում են ռուսական ազդեցությունը Տաջիկստանում: Սոչիի գագաթաժողովում մեծ ուշադրություն հատկացվեց չորս երկրների համատեղ նախագծերին էներգետիկայի ոլորտում: Առաջնայինն այստեղ 1000 մեգավատ հզորությամբ Կենտրոնական Ասիա - Հարավային Ասիա (CASA) էլեկտրահաղորդիչ գծի անցկացման նախագիծն է: Այս ճյուղով Տաջիկստանն Աֆղանստանի տարածքով էլեկտրաէներգիա կարտահանի Պակիստան: Այն կարտադրվի Սանգտուդինյան ՀԷԿ-1-ում, որը 75 տոկոսով պատկանում է Ռուսաստանին:

Այսօրվա դրությամբ Տաջիկստանը մեծ պարտք ունի Ռուսաստանին, քանի որ Սանգտուդինյան ՀԷԿ-1-ի շահութաբերությունն անհնար է ապահովել առանց էլեկտրաէներգիան արտաքին շուկա արտահանելու: Կարճ ասած՝ Կենտրոնական Ասիա - Հարավային Ասիա ԷՀԳ-ն շահավետ է բոլոր կողմերի համար: Ռուսաստանը դրանով լավ փող կաշխատի և կպահպանի նախագծի վերահսկողությունը (որը կենսականորեն կարևոր է տաջիկական տնտեսության համար)՝ միաժամանակ տարածաշրջանային ցանցին (որը վերահսկում է Մոսկվան) միացնելով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող Աֆղանստանն ու Պակիստանը:

Միանգամայն հնարավոր է, որ Դուշանբեն այլ ընտրություն չունենա, և տաջիկները կառչեն իրենց տնտեսության համար այս փրկօղակից՝ համաձայնելով Մոսկվայի առաջատար դերին տարածաշրջանային անվտանգության հարցերում: Սրան է վերաբերում Տաջիկստանում ռուսական ռազմակայանի կարգավիճակի հարցը, ինչպես նաև միանշանակ դեպի Մոսկվա Դուշանբեի արտաքին քաղաքական կողմնորոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում (որը գլխավորում է Մոսկվան)՝ որպես տարածաշրջանում կայունության ապահովման գլխավոր մեխանիզմ:

Երկրորդ կարևոր նախագիծը, որն առաջ է մղում Ռուսաստանը քառակողմ ձևաչափում, վերաբերում է երկաթուղու շինարարությանը: Դուշանբեն կնախընտրեր հաղորդակցություն ունենալ հարավային հարևանների՝ Չինաստանի, Աֆղանստանի, Պակիստանի և Իրանի հետ, առանց ռուսական ղեկավար մասնակցության: Սակայն Մոսկվան այն պարտադրում է: Առաջարկվող 1340 կիլոմետրանոց ավտոմոբիլային և երկաթուղային գիծը Դուշանբեն միացնելու է Պակիստանի Չիտրալ շրջանի հետ: Նախատեսվում է, որ երթուղին անցնելու է Աֆղանստանով և Դորայի լեռնանցքով: Ռուսաստանը փայփայում է Իսլամաբադի, Դուշանբեի և Ֆերգանայի հովտի միջև ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցություն ստեղծելու գաղափարը:

Ըստ Մոսկվայի գնահատականների՝ տրանսպորտային այս գիծը Ռուսաստանին ելք կապահովի դեպի պակիստանյան նավահանգիստներ, իսկ Պակիստանի համար փոխարենը ավտո- և երկաթուղային ճանապարհներով հասանելի կլինեն Կենտրոնական Ասիայի շուկաներն ու հարուստ սիբիրյան տարածաշրջանը:

Ըստ էության, սա ասես Մոսկվայի պատասխանն է ԱՄՆ այսպես կոչված «Մեծ Կենտրոնական Ասիայի ռազմավարությանը»: Այդ ռազմավարության նպատակը կենտրոնաասիական տարածաշրջանը ռուսական ազդեցության ծիրից դուրս բերելն է: Սակայն և՛ ռուսական, և՛ ամերիկյան ռազմավարությունները վիթխարի են թվում թղթի վրա, բայց տեսանելի ապագայում թե՛ մեկը, թե՛ մյուսը հնարավորի սահմաններից դուրս են, քանի որ դրանք պարզապես դատապարտված են ճնշելու մեկը մյուսին:

Բացի այդ, տարօրինակն այն է, որ ոչ ռուսական, ոչ ամերիկյան ռազմավարություններն ապահովված չեն այն ֆինանսական աջակցությամբ, որն անհրաժեշտ է երազանքն իրականության վերածելու համար: Միևնույն ժամանակ, Չինաստանը, որն ավելորդ կապիտալ ունի, տարածաշրջանային ինտեգրման սեփական ծրագրերն ու մտահղացումներն է փայփայում՝ ոչ ոքի չասելով այդ մասին:

Կասկածից վեր է, որ Մոսկվան դժգոհ է այն բանից, որ իր ազդեցությունը Ղազախստանից մինչև Իրան ընդարձակ տարածքում թուլանում է, և կարծում է, որ պետք է ինչ-որ բան անել: Ռուսական ազդեցության թուլացման վերջին վկայությունը դարձավ Թուրքմենստանի հանդուգն որոշումը, որն անցած շաբաթ թույլ տվեց, որ իր գազային հատված մտնեն ԱՄՆ խոշոր նավթային ընկերությունները: Դա կարող է, ի վերջո, պայմաններ ստեղծել Ռուսաստանը շրջանցող և ուղիղ գծով դեպի արևմտյան շուկաներ ելք ապահովող անդրկասպյան խողովակաշարերի, հատկապես Nabucco-ի շինարարության նախագծերի իրականացման համար: Միացյալ Նահանգները նույնպես բարելավել է հարաբերությունները Ղազախստանի հետ: Աստանայում ԵԱՀԿ-ի կայանալիք գագաթաժողովը կարևոր կլինի այն առումով, որ երկու երկրներն այստեղ կկարողանան ավելի քան սերտ համագործակցություն հաստատել տարածաշրջանային անվտանգության հարցերում: Կարելի է վստահաբար ասել, որ ամերիկյան դիվանագետներն ամբողջ ուժով կջանան միակցել Ղազախստանի քաղաքականությունն ամերիկյան կենտրոնաասիական և ընդհանրապես հետխորհրդային տարածքի հանդեպ իրականացվող ռազմավարությանը:

Ճիշտ նույն կերպ Միացյալ Նահանգները համառորեն ուժեղացնում է ազդեցությունը Ղրղըզստանի քաղաքական ասպարեզում՝ ներկայումս այնտեղ տիրող ծայրահեղ անկայունության ֆոնին: ԵԱՀԿ-ն տարածաշրջանային կայունության երաշխավորի վերածելու ծրագիրը ՀԱՊԿ-ին դուրս մղելուն ուղղված հմուտ քայլ է:

Միացյալ Նահանգներն առաջ է տանում ԵԱՀԿ-ի հետ կապված իր նախագիծը՝ անհոգ անտեսելով Մոսկվայի անհանգստությունը: Ընդ որում, նրանք անտեսում են ղրղըզ հասարակության ցասումնալի բողոքները երկրի ներքին գործերին օտարերկրյա միջամտության անթույլատրելիության մասին: Զարմանալի չէ, որ այս գործունեության ընթացքում Վաշինգտոնին հաջողվեց մեջտեղից հանել հակասությունների առիթ տվող իր «Մանաս» ռազմակայանի մասին հարցը:

Ղրղըզստանը պետք է համարել Ամերիկայի տարածաշրջանային ռազմավարության կարևոր հաղթանակը Ռուսաստանի հետ փոխգործակցությունում՝ հարաբերությունների ընդհանուր վերաբեռնման շրջանակում: Սակայն ամերիկյան դիվանագիտության ամենակարևոր հաջողությունը Կենտրոնական Ասիայում Ուզբեկստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, ինչն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության հարցերում:

 

Բոլոր ճանապարհները տանում են Քաբուլ

Տաշքենդը նկատելիորեն բարի է դարձել՝ ԱՄՆ-ից հրավեր ստանալով ավելի ակտիվ դեր խաղալ Աֆղանստանի կայունացման գործում և մեծացնել Նավոիի հզորությունները՝ որպես հաղորդակցային ռազմավարական հանգույց մատակարարման հյուսիսային երթուղում, որով ռազմաբեռ է տեղափոխվում Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ զորքերի համար: Նավոին կարևոր անցակետ է, որն օգնում է ԱՄՆ-ին հյուսիսային երթուղու ծանրության կենտրոնը տեղափոխել Ռուսաստանից (որի միջով անցնում է այդ երթուղին) դեպի կովկասյան ուղղություն (Վրաստան, Ադրբեջան և Թուրքմենստան): Արդյունքում՝ կկրճատվի կախվածությունը Մոսկվայի հետ համագործակցությունից:

Ուստի, պետք չէ հեռու գնալ հասկանալու համար այն պատճառները, որոնք Մոսկվային ստիպում են դիմել Տաջիկստանին (այլ ոչ թե Ուզբեկստանին)՝ այն դարձնելով ռուսական ազդեցության թուլացումը տարածաշրջանում կանխող փորձերի գլխավոր հենակայան: Նրան, որ Մոսկվան Տաջիկստանն է ընտրել որպես թիվ 1 գործընկեր աֆղանական հիմնախնդրի լուծման գործում, առարկել չի կարելի: Դա ճիշտ որոշում է, որովհետև Տաջիկստանը ռազմավարական շահավետ դիրք ունի: Այն, թերևս, ամենակարևոր կենտրոնաասիական դերակատարն է Աֆղանստանում՝ հաշվի առնելով երկար ընդհանուր սահմանը՝ 1204 կիլոմետր (համեմատության համար՝ Ուզբեկստանն Աֆղանստանի հետ 137 կիլոմետր ընդհանուր սահման ունի, Թուրքմենստանը՝ 744, իսկ Չինաստանը՝ 76), ինչպես նաև տաջիկական մեծ համայնքի առկայությունն այդ երկրում: Բացի այդ, Դուշանբեն սերտ քաղաքական և մշակութային մերձավորություն ունի Թեհրանի հետ:

Անկեղծ ասած՝ Մոսկվան ավելի լավ երկիր, քան Տաջիկստանն է՝ որպես պլացդարմ, չէր գտնի, որի միջոցով քսանամյա բացակայությունից հետո պատրաստվում է իբրև գրոյսմայստեր վերադառնալ աֆղանական շախմատի տախտակի առջև:

Իրականում ռուս-տաջիկա-աֆղանա-պակիստանյան քառակողմ ձևաչափի գլխավոր դրդիչ մոտիվը Ռուսաստանի վերադարձն է աֆղանական կարգավորման ակտիվ որոնումներին: Կրեմլը Սոչիի գագաթաժողովի առիթով իր հայտարարությունում փաստորեն ընդունեց դա՝ նշելով, որ «գագաթաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում են եղել իրավիճակն Աֆղանստանում, հակազդեցությունն ահաբեկչության սպառնալիքին և թմրանյութերի ապօրինի շրջանառությանը... պայքարի ակտիվացումն այս ուղղություններով, այդ թվում և ՇՀԿ և ՀԱՊԿ գծով»:

Հավանաբար, Մոսկվան հաշվի է առնում այն մեծ փոփոխական գործոնները, որոնք գոյություն ունեն աֆղանական իրավիճակում, ինչպես նաև այն բազմազան ուղղությունները, որոնցով կարող է զարգանալ: Ուստի, իր համար պահպանում է գործողությունների տարբերակների բազմազանությունն աֆղանական հիմնախնդրի շուրջ աշխատելիս՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ հաշվի առնելով այն աննշան հնարավորությունը, որ Միացյալ Նահանգները կարող է հանկարծ կտրուկ կրճատել իր զորքերի թվաքանակն Աֆղանստանում՝ ընտրությունների ժամանակ ամերիկյան ներքին քաղաքականության մեջ իրավիճակի կտրական փոփոխության ֆոնին, ինչպես նաև այն, որ Վաշինգտոնը մտադիր է երկար ժամանակ պահպանել ռազմական ներկայությունն այս տարածաշրջանում՝ այն դիտարկելով որպես իր գլոբալ ռազմավարության անքակտելի տարր:

Աֆղանստանում ամերիկյան զորքերի հետ կապված իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում, իհարկե, հուզում է Մոսկվային: Այս մասին ոչ երկիմաստորեն հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 20-ին Քաբուլում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի իր ելույթում: Նա ասաց. «Տարածաշրջանում բարիդրացիության և համագործակցության մթնոլորտի ստեղծման առանցքային գործոններից մեկը երկրում կայունությանն ուղղված միջազգային ջանքերի ավարտից հետո պետք է դառնա Աֆղանստանի չեզոքության վերականգնումը: Մենք հույս ունենք, որ այս գաղափարը կարժանանա աֆղանստանցիների աջակցությանը»:

Ամերիկյան դիվանագետները փորձում են արգելակել «չեզոք» Աֆղանստանի մասին գաղափարը, և Լավրովն անհրաժեշտ համարեց հիշեցնել ԱՄՆ-ին, որ «Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները դրան արդեն կողմ են արտահայտվել հուլիսի 24-ին Վաշինգտոնում ընդունված համատեղ հայտարարությունում»:

Մոսկվան օգտագործեց Սոչիի գագաթաժողովը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ հարաբերություններում վստահության և ջերմության մթնոլորտ ստեղծելու համար, ինչը մինչ այդ բացակայում էր՝ չնայած Ռուսաստանի համառ ջանքերին: Անշուշտ, Մոսկվան նկատի է ունեցել, որ Քարզայի վստահությունն ԱՄՆ-ի հանդեպ նվազում է, և որ նա ուշադրությունն աստիճանաբար տեղափոխում է տարածաշրջանային տերությունների վրա՝ հուսալով, որ նրանք կօգնեն իրեն ժամանակի ընթացքում թուլացնել ամերիկյան կոշտ խեղդօղակն իր կոկորդի շուրջ:

Մոսկվան պատրաստ է այստեղ իր դերը խաղալ: Ինչպես զանգվածային լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Կրեմլի բարձրաստիճան օգնական Սերգեյ Պրիխոդկոն, Սոչիի հանդիպման ռուսական օրակարգի հիմքը «տարածաշրջանային համագործակցության ակտիվացումն է Աֆղանստանում և աֆղանա-պակիստանյան սահմանին իրադրության կայունացմանն օժանդակելու փորձերում՝ հեղինակավոր կազմակերպությունների մասնակցությամբ, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը»:

Վստահության և ջերմության որոշակի մակարդակի Սոչիում հաջողվեց հասնել, քանի որ Քարզայը Մեդվեդևին հրավիրեց այցելել Քաբուլ «որքան հնարավոր է շուտ, երբ ձեր խիտ ժամանակացույցը թույլ կտա դա. Աֆղանստանն ավելի քան երջանիկ կլինի, նրա համար մեծ առավելություն կլինի համագործակցություն հաստատել Ռուսաստանի հետ տնտեսական, մշակութային և քաղաքական հարաբերությունների բոլոր ձևերով»:

Վաշինգտոնը հավանաբար հիմքեր ունի վրդովվելու այն առնչությամբ, որ Մոսկվան այդքան ակնհայտորեն է թափանցում իր շահերի աֆղանական ոլորտ: ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Քարզային: Վճռական պահ կդառնա բանակի համար ռազմական ուղղաթիռներ գնելու գալիք աֆղանական մրցույթը: Վաշինգտոնը մտահոգ է, որ Ռուսաստանը ջանում է դառնալ զենքի ու ռազմական տեխնիկայի մատակարար Աֆղանստանի բանակի համար:

Ահա Պրիխոդկոյի խոսքերը. «Ռուսական կողմը որոշակիորեն շահագրգռված է այս գործարքով [ուղղաթիռների մատակարարման], և մեր կողմից ոչ մի խոչընդոտ չկա: Ռուսաստանն այստեղ մարտավարական առավելություն ունի, քանի որ նրա ռազմական տեխնիկան ավելի է հարմարեցված Աֆղանստանի դաժան պայմաններին, իսկ աֆղանական բանակն արդեն լավ ծանոթ է դրան: Հետաքրքիր է, որ անգամ ՆԱՏՕ-ն խորհրդային դարաշրջանի տեխնիկա է օգտագործում, հատկապես նախկին Վարշավայի պայմանագրի կազմակերպության Կենտրոնական Եվրոպայի անդամ երկրների (որոնք այսօր հյուսիսատլանտյան դաշինքի մասնակիցներ են) զինանոցի Մի-17 ուղղաթիռները:

Քարզայի հետ Մեդվեդևի բանակցություններից հետո մամուլի առջև հանդես գալով՝ Լավրովն ասաց. «Մենք բանակցություններ ենք վարում [ՆԱՏՕ-ի հետ] համապատասխան սարքավորումներով մի երկու տասնյակ ուղղաթիռների վերաբերյալ: Հույս ունեմ, որ մեկ-մեկուկես ամիս հետո շատ ավելի պարզություն կլինի այս հարցում... Մենք մի քանի ամիս առաջ Բրյուսելին ենք հանձնել մեր առաջարկություններն այն մասին, թե ինչպես ենք մտադիր իրականացնել այս նախաձեռնությունը: Այժմ մենք սպասում ենք որոշակի պատասխանի մեր գործընկերներից»:

Վաշինգտոնը հայտնվել է դժվար կացության մեջ, քանի որ ՆԱՏՕ-ն պետք է ձեռք բերի ռուսական ուղղաթիռներ, որոնք զգալի շահագործական (և առևտրային) առավելություններ ունեն: Բայց այդ պարագայում Մոսկվան դառնում է այս պատերազմի «մասնակիցը», իսկ նման իրավիճակը կարող է փոխել ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր բնույթը: Եվ Մոսկվան միայն բարդացնում է ԱՄՆ դրությունը՝ հայտարարելով, որ պատրաստ է առանձին-առանձին ուղղակի բանակցություններ վարել ՆԱՏՕ երկրների հետ իր զենքի մատակարարման վերաբերյալ:

Հարցի էությունն այն է, թե Վաշինգտոնն ինչ դեր է պատրաստ հատկացնել Ռուսաստանին կամ զիջել աֆղանական էնդշպիլում: Որոշ ժամանակ առաջ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի անհողդողդ ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, որ սիրում է փայլատակել դիվանագիտական պերճախոսությամբ, ԶԼՄ էջերում հանդես եկավ Հինդուքուշում իրավիճակի զարգացման պարադիգմի մասին կանխատեսմամբ և հայտարարեց, որ թեև «ռուս զինվորի ոտքն աֆղանական հող չի մտնի», Մոսկվան մտադիր չէ «նստել պահեստայինների նստարանին, երբ խոսքը վերաբերում է «Թալիբանի» գրոհայինների դեմ պայքարում աջակցության ցուցաբերմանը»:

 

Բանալին Պակիստանն է

Ռոգոզինը շատ խորաթափանցորեն արտահայտեց Կրեմլի մտածելակերպը, և նրա կանխատեսումները ճշտորեն իրականանում են: Սրանով է բացատրվում այն համառությունը, որով Մոսկվան փորձում է նշանակալի փոխհարաբերություններ հաստատել Պակիստանի հետ: Այս երկրի հետ հարաբերություններում Կրեմլը պատմականորեն աշխատել է, այսպես ասած, «ինքնաբացարկի ռեժիմով»՝ երկյուղելով, որ ռուս-պակիստանյան կապերում թեկուզ փոքր-ինչ նկատելի ջերմացումը կարող է առաջ բերել թյուրըմբռնման մրրիկ հարևան Հնդկաստանում, որի հետ Մոսկվան ժամանակի քննությունը բռնած գործընկերություն ունի, որը հսկայական նշանակություն ունի Ռուսաստանի գլոբալ ռազմավարության համար:

Խնդրի էությունն այն է, որ Մոսկվան, ինչպես Թեհրանը, Վաշինգտոնը կամ Լոնդոնը, հասկանում է, որ Աֆղանստանի նկատմամբ քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե համապատասխանի Իսլամաբադի հետ նշանակալի երկկողմ հարաբերություններին: Այստեղ անհրաժեշտ է դառնում ռազմավարական փոխըմբռնման որոշակի աստիճանը, սակայն Պակիստանն ամենևին էլ հեշտ հաճախորդ չէ: Եվ այս տեսակետից Մոսկվան օգտակար է համարում քառակողմ ձևաչափի ստեղծումը:

Մոսկվային այժմ անհրաժեշտ է օրինակ վերցնել Պակիստանի հանդեպ Իրանի, ԱՄՆ-ի և Բրիտանիայի քաղաքականությունից՝ նրա հետ երկկողմ փոխգործակցություն հաստատելու համար: Ինչպես երևում է, Սոչիի գագաթաժողովը քայլ էր այս ուղղությամբ: Նախապես ծրագիրն այնպիսին էր, որ Պակիստանի նախագահ Ասիֆ Զարդարին լիամասշտաբ այցելություն կկատարի Ռուսաստան Սոչիի հանդիպման շրջանակում, բայց երկրում հեղեղումների հետ կապված արտակարգ իրավիճակի պատճառով ստիպված եղան չեղյալ հայտարարել այցելությունը:

Եվ այնուամենայնիվ, Կրեմլը չափից ավելի ջերմ արտահայտվեց Մեդվեդևի և Զարդարիի երկկողմ հանդիպման մասին, ինչը վկայում է երկու երկրների միջև սերտ համագործակցության բազմախոստում հեռանկարների մասին: Մեդվեդևը հստակ հասկանալ տվեց, որ Մոսկվան կփոխհատուցի կորսված ժամանակը Իսլամաբադի հետ գործընկերության հաստատման գործում. «Կարծում եմ՝ մենք դուրս ենք եկել կանոնավոր շփման բարձր մակարդակ. դա լավ է, որովհետև մինչ այդ նման շփումներ չեն եղել, համենայնդեպս՝ նման հաճախականությամբ, և դա թույլ է տալիս մեզ հարաբերություններ զարգացնել Պակիստանի հետ և՛ տնտեսական ոլորտում, և՛ անվտանգության հարցերում, և՛ տարածաշրջանային կարգավորման հարցերում: Մենք ձեզ հետ միասին ապրում ենք անհանգիստ տարածաշրջանում, և այն բանից, թե ինչպես մենք ձեզ հետ կփոխգործակցենք, կախված կլինի շատ բարդ գործընթացների մի ամբողջ շարք»:

Պրիխոդկոն ԶԼՄ-ի համար ճեպազրույցում ավելի կոնկրետ խոսեց: Նա ենթադրեց, որ Մեդվեդևն ու Զարդարին կքննարկեն «Ռուսաստանի և Պակիստանի փոխգործակցությունը, Պակիստանի փոխգործակցությունն Աֆղանստանի և Հնդկաստանի հետ, և ընդհանրապես իրավիճակը տարածաշրջանում»: Նա նաև հավելեց.

«Երկու ղեկավարները կքննարկեն առևտրատնտեսական կապերի զարգացման հարցը՝ ներառյալ համատեղ նախագծերը վառելիքաէներգետիկ հատվածում, մետալուրգիայում և երկաթուղային տրանսպորտի ոլորտում: ...Մենք հույս ունենք, որ Սոչիի հանդիպումը թափ կհաղորդի Պակիստանի ղեկավարի՝ Մոսկվա կատարելիք այցի նախապատրաստմանը»:

Ռուսաստանը և Պակիստանը համատեղ միջկառավարական հանձնաժողով են ստեղծել՝ Ռուսաստանի և Հնդկաստանի ավանդական համագործակցության օրինակով: Այդ հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 21-ին: Սոչիի հանդիպման արդյունքում ստեղծվեց նաև արտգործնախարարների շփման քառակողմ ձևաչափը, որի շրջանակում Լավրովը հնարավորություն կունենա կանոնավորապես «համակարգել արտաքին քաղաքականությունն» իր պակիստանցի գործընկերոջ հետ:

Ընդհանուր առմամբ եթե խոսելու լինենք, Մոսկվան ոչ միայն պատճենում է Պակիստանի հետ փոխգործակցության մոտեցումը, այլև առաջ է անցնում ԱՄՆ-ից՝ այդ փոխգործակցությունն իրականացնելով երկկողմ և տարածաշրջանային մակարդակներով:

 

Եկատերինայի երազանքը

Ինչ էլ որ պատահի Եկատերինա Մեծի՝ ոտքերն Արաբական ծովի տաք ջրերում թրջելու երազանքի հետ, տարածաշրջանային անվտանգության պարադիգմում անցումային փուլ է սկսվում, քանի որ ներկայիս աֆղանական հակամարտությունը դանդաղ և դժվարությամբ մոտենում է հանգուցալուծմանը:

Այստեղ խաղի մեջ են մտնում ուժի մի քանի վեկտոր:

1. Մոսկվան ակտիվ և ուժեղ քաղաքականություն է վարում՝ ջանալով ապացուցել իր շահերի օրինաչափությունը Հինդուքուշում և Կենտրոնական Ասիայում:

2. Ռուսաստանի «մուտքը» փոխում է այն շիլափլավի բաղադրությունը, որը եփվում է աֆղանական կաթսայում: Դա արդեն ամերիկյան շիլան չէ, և Քարզայն ինքն իր համար քաղաքական տարածք ստեղծելու նոր բաղադրատոմս է ստանում:

3. Ռուսաստանն ակտիվորեն կվիճարկի ԱՄՆ երկարատև ռազմական ներկայությունն այս տարածաշրջանում ցանկացած ձևով (Չինաստանի և Իրանի հետ միասին):

4. Մոսկվան ընդունեց Չինաստանի խորհուրդը, որը կարծում է, որ չափազանց կարևոր է Պակիստանը չթողնել գայլերի երախում:

Այժմ գործը Պակիստանի էլիտայինն է (քաղաքացիական և զինվորական), որը կարող է ընդլայնել Իսլամաբադի ինքնուրույնությունը տարածաշրջանային քաղաքականությունում՝ դիմակայելու համար ԱՄՆ դիվանագիտական ճնշմանը, թեև այդ էլիտան խիստ եռանդագին հակված է Ամերիկայի հետ գործընկերությանը:

Եվ վերջապես, ի հայտ է գալիս մասշտաբային կասեցնող գործոն, որը վերաբերում է ռուս-հնդկական հարաբերությունների հնարավոր փոխակերպմանն այն դեպքում, եթե Ռուսաստանի և Պակիստանի ձևավորվող ռազմավարական համագործակցությունն ապագայում ծավալում ստանա: Այսօրվա դրությամբ Մոսկվան մտահոգ է վերջին տարիներին ամերիկա-հնդկական գործընկերության խորացումից: Հատկանշական է, որ այդ առնչությամբ մտահոգ է նաև Իսլամաբադը:

Փաստը, որ Մոսկվան Իսլամաբադն է ընտրել որպես իր գործընկեր տարածաշրջանային անվտանգության հարցերում, աննկատ չի մնա Դելիում: Անշուշտ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ նոյեմբերին Հնդկաստան կատարելիք այցը կանցնի տարածաշրջանային քաղաքականությունում «ուժերի հարաբերակցության» մասշտաբային փոփոխության ֆոնին, ինչպես կասեին Սովետները:

Դեսպան Բհադրակումարը որպես կարիերային դիվանագետ ծառայել է Հնդկաստանի ԱԳՆ-ում՝ աշխատելով, մասնավորապես այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԽՍՀՄ-ը, Կորեայի Հանրապետությունը, Շրի Լանկան, Գերմանիան, Աֆղանստանը, Պակիստանը, Ուզբեկստանը, Քուվեյթը և Թուրքիան:

 

ՍԵՐԳԵՅ ՉԵՌՆՅԱԽՈՎՍԿԻ

ՆՈՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՌԻՍԿԵՐ - 2

 (նյութի մշտական հասցեն՝ http://www.apn.ru/publications/article23068.htm)

12.08.2010

Անգամ ամենաֆանտաստիկ տարբերակով եթե ենթադրելու լինենք միասեռ համակարգի ստեղծման հնարավորությունը, որն ընդհանուր կլինի թե՛ Ռուսաստանի և թե՛ Արևմուտքի համար, եթե նույնիսկ ենթադրենք, որ դա հնարավոր է, ապա հարկավոր է նախապես ենթադրել անհնարինը:

Կարելի է, իհարկե, ասել. «Բանը կանխատեսումները չեն կամ էլ քաղգործիչների հիմարությունները, այլ պատմության հոսքը և դրա ընկալումը, հարցը, թե ինչպես մեկնաբանել այն: Որպես հեգելյան օրինաչափության վրա ազդող պատահականությունների շղթա՞, թե՞ որպես հանուն գոյատևման դասակարգերի դաժան պայքար, որտեղ հսկայական դեր են խաղում անձը և դավադրությունների համակարգը, որոնք իրագործում են ոչ միշտ օրինաչափ և ոչ միշտ առկա տնտեսական և այլ հանգամանքներին տրամաբանորեն հետևող որոշակի պրոյեկցիա»:

Ինչին, ամենայն հավանականությամբ, հարկավոր էր պատասխանել. «որպես պատահականությունների միջոցով հեգելյան օրինաչափության մեջ թափանցող դասակարգերի վիթխարի պայքար, որն իրագործվում է անձերի գործունեության միջոցով: Բայց կա ևս մի պահ, ինչի մասին էլ, ըստ էության, խոսվեց վերը. այն, որ ինչ-որ պահի գործընթացներն այնքան բարդացան, որ մենք բախվեցինք պրոգնոստիկ գիտակցության ճգնաժամին, և գործնականում ոչ մի անհատ կամ քաղաքական ուժ վերջին տասնամյակներին չհասավ իր առջև դրված նպատակներին»:

Հավասար իրավունքներով, լիարժեքորեն ՆՐԱՆՑ ստեղծած աշխարհը մուտք գործելու համար հարկավոր է հասնել միանգամայն անհնարինին՝ արևմտյան ճանապարհն անցնել արևմտյան ուղիով, արևմտյան մեթոդներով, արևմտյանին մի քանի անգամ գերազանցող արագությամբ:

Ինչն այդ նույն Արևմուտքը, ելնելով դյուրին կանխատեսվող հետևանքներից, պարզապես չի կարող թույլ տալ: Եթե դա տեղի չունենա, ԱՊՀ-ն և Արևելյան Եվրոպան կվերածվեն մի տարածաշրջանի, որն էժան աշխատուժ է մատակարարում բարգավաճող Արևմուտքին, այսինքն՝ կհայտնվեն մոտավորապես նույն դրության մեջ, ինչ և Լատինական Ամերիկան և Աֆրիկան: Աշխարհը հստակորեն կբաժանվի երկրների, որոնք էժան աշխատուժ են գնում, և երկրների, որոնք վաճառում են այն, «սեփականատեր ազգերի» և «պրոլետար ազգերի»: Միկրոմակարդակում Մարքսի կողմից դիտարկված հակադրությունը կհասնի մակրոմակարդակի «լայնակի» զարգացման ռեզերվների բացակայության պայմաններում, որոնք այդ համակարգն ուներ 19-րդ դարում - 20-րդ դարասկզբին: Հաղթողների «հումանիզմն» ու փողերը կբավականացնե՞ն «պլանետար» Շվեդիա կառուցելու համար: Այդ համակարգը զրկված կլինի նաև մեկ այլ բանից՝ արտահամակարգային հակառակորդից, ինչպիսին էին ԽՍՀՄ-ը և նրա դաշնակիցները, և որի առկայությունը ստիպում էր իշխող խավին լիցքաթափել համակարգի ներքին լարվածություններն իր հաշվին: Չի կարելի չտեսնել նաև այն, որ պարտված Արևելյան դաշինքի ժողովուրդները, չստանալով այն բարեկեցությունը, որի հույսն ունեին արդեն այսօր, կենսամակարդակով չհավասարվելով սեփականատեր ազգերի հետ, վաղ թե ուշ կսկսեն, և արդեն սկսում են, այլ կերպ նայել 80-ականների երկրորդ կեսի իրենց ընտրությանը: Գերմանիայի Արևելյան հողերի բնակիչների արդեն 80%-ն է խոսում, որ կնախընտրեր ապրել այնպիսի պետությունում, ինչպիսին ԳԴՀ-ն էր: Բայց և զավեշտալի է այն, որ Արևմտյան հողերի բնակիչների 70%-ից ավելին էլ է նույն բանն ասում: Եվ Միացյալ Գերմանիայի քաղաքացիների գրեթե կեսը Բեռլինի պատն անվանում է «այն լավը, ինչ եղել է պատմության մեջ»:

Այլ կերպ նայել 80-ականների երկրորդ կեսի իրենց ընտրությանը և այն կանխադրույթներին, որոնք ստիպեցին անել դա: Հազիվ թե նրանք այդ ժամանակ բավարարվեն նրանով, որ ուզենան վերականգնել ստատուս-քվոն, այլ ոչ թե գան այն եզրակացության, որ իրենք՝ ներկայիս զարգացող երկրների ժողովուրդների հետ միասին, նոր գործատուներից գանձելու բան ունեն:

Անցյալի բոլոր քաղաքացիական պատերազմներն արդյո՞ք քնքուշ ու մարդասիրական ընտանեկան վեճ չեն թվա 21-րդ հարյուրամյակի սոցիալական ու ազգային այն պայթյունի ֆոնին, որն ուժեղ կլինի այնքան, որքան ավելի համառորեն կձգտեն զսպել այն:

Կա նաև հիմնախնդրի մեկ այլ կողմը: Որքանո՞վ է գործնականում ներքնապես ամուր այն համակարգը, որն այսօր համընդհանուր բարօրության աշխարհի նմուշն է ներկայացնում: Այսօր պնդումները, թե Մարքսը կապիտալիզմի մանկական հիվանդություններն ընդունել է որպես նրա ծերունական տկարություններ, շատերի համար գրեթե տրյուիզմ է դարձել, սակայն ոչ ոք չի էլ հերքել այդ հասարակության մանրագույն օղակներում ծագող հարաբերությունների նրա վերլուծությունը: Մարքսը ցույց է տվել հենց աշխատուժի առքուվաճառքի սկզբունքի հակասությունները, հակասություններ, որոնք ծագում են լրիվ վճարման սկզբունքը ոչ թե խախտելուց, այլ պահպանելուց: Սակայն նրա տեսությունը հերքվում է միայն նրանով, որ մատնանշվում է այն փաստը, թե 20-րդ դարի 70-80-ական թթ. մեկ-երկու տասնյակ երկրներում, որոնք իրենց համակարգը կառուցում էին այդ հիմքով, բանվորներն ավելի լավ էին ապրում, քան այն երկրներում, որտեղ այն վերացվել էր, և ամենևին չէին պատրաստվում «պրոլետարիատի դիկտատուրա» հաստատել: Բայց արդյո՞ք սա բավարար է: 6-րդ դարում Հուստինիանոսի կայսրությունն ավելի ուժեղ էր Արևմտյան թագավորություններից, հազար տարի հետո Իսպանական միապետությունն ավելի հարուստ էր Նիդեռլանդներից. սա բավարա՞ր է արդյոք՝ եզրակացնելու, թե ստրկատիրությունն առավելություն ուներ ֆեոդալիզմի, իսկ վերջինս՝ մասնավոր ձեռներեցության համակարգի նկատմամբ:

Այստեղ հարկավոր է խոսել, ավելի շուտ, այլ բանի մասին: Մենք չենք կարող չընդունել, որ սեփականության համընդհանրացման անհրաժեշտության Մարքսի տնտեսական հիմնավորումն այն էր, որ հիմնավորվում էր անարխիական արտադրությունը պլանայինով փոխելու անհրաժեշտությունը մեքենայական արդյունաբերության պայմաններում, երբ կտրուկ բարձրացել էր տարբեր ձեռնարկությունների (որոնք ընդհանուր առմամբ վերածվում էին միասնական արտադրական գործընթացին ենթակա օղակների) տեխնիկական և տնտեսական փոխկախյալությունը: Ելնելով այս հասարակության ներքին տրամաբանությունից՝ հենց բանվորների դասակարգը պետք է իրականացներ այդ անցումը: Բայց երբ բանվոր դասակարգը ցուցաբերեց նման անցման հնարավորությունն ու արդյունավետությունը, կապիտալիստ սեփականատերերի դասակարգը հայտնվեց երկընտրանքի առջև. կամ կորցնել սեփականությունն ու իշխանությունը, կամ այն երկրներում, որտեղ պահպանել էր իշխանությունը, նման անցումն իրականացնել վերևից, այսինքն՝ կազմակերպել պլանային կապիտալիստական արտադրություն և, համապատասխանաբար, անհատական մասնավոր կապիտալիստական սեփականությունը փոխել կորպորատիվ մասնավոր կապիտալիստական սեփականությամբ: Գիտատեխնիկական առաջընթացի զարգացումը սկզբում էլ ավելի մեծացրեց ճյուղերի փոխկախյալությունը, իսկ այնուհետև ավելի թանկ ու որակյալ աշխատուժ պահանջեց ինչպես գիտատար արտադրությունը գործի դնելու, այնպես էլ կառավարման միջոցների արտադրության և կառավարման համար: Պլանային կապիտալիստական արտադրությունն այսօրվա դրությամբ շատ ավելի արդյունավետ է, քան պլանային սոցիալիստական արտադրությունը: Առանձին ձեռնարկատիրոջը սկզբում փոխարինելու եկան ձեռնարկատերերի կորպորացիաները, իսկ այժմ փոխարինելու է գալիս, հնարավոր է, որպես միասնական կոլեկտիվ սեփականատեր կազմակերպված ձեռնարկատերերի դասը՝ տնտեսության կարգավորման իր ողջ կազմակերպությամբ, հետշուկայական, ֆյուչերսային, պլանային (այս բառի լավագույն իմաստով) հիմունքներով: Այսօրվա արևմտյան պետությունը գուցե կարելի է անվանել կոլեկտիվ կապիտալիստների դասակարգի ինքնակառավարման կազմակերպություն, որը որոշ երկրներում ընդլայնված է մինչև ազգի շրջանակի և վերաճում է նրանից: Այն կարելի է նաև Սոցիալական պետություն անվանել: Բայց արդյո՞ք դա նշանակում է, թե սոցիալական հեղափոխությունների հարցն այս երկրներում հանված է:

Վերը հիշելով ֆեոդալիզմի պատմությունը՝ կարելի է ուշադրություն դարձնել այն բանին, որ այդ հասարակարգի կորիզը սենյորից վասալի անձնական կախվածության հարաբերություններն էին բնատնտեսություն վարելու գործընթացում, որոնցում կարելի է հայտնաբերել այդ հասարակարգի հետագա բոլոր կոլիզիաները: Սակայն, երբ այդ հարաբերությունների հակասականությունն ամբողջությամբ մեջտեղ եկավ, ֆեոդալիզմը չոչնչացվեց: Ընդհանուր գծերով կարելի է ասել, որ առանձին ֆեոդալներ սկզբում փոխարինվեցին նրանց կորպորացիաներով, իսկ հետո՝ ֆեոդալական կենտրոնացված պետությամբ, այսինքն՝ ֆեոդալների դասը դարձավ մի յուրատեսակ կոլեկտիվ սեփականատեր, որը համատեղ ջանքերով իրականացնում է տնտեսական և քաղաքական տիրապետությունը: Այս պայմաններում շարքային ֆեոդալը շահագրգռված էր խոշոր ֆեոդալներից, այլ երկրների ֆեոդալներից և սեփական գյուղացիներից պաշտպանվելու հարցում. և այս բոլոր գործառույթներն իրականացնում էր ուժեղ, աբսոլյուտ պետությունը:

Գործունակ լինելու համար այն պետք է լիներ ուժեղ բյուրոկրատական ապարատ և մշտական բանակ ունեցող պետություն: Դրանց գոյության համար փող էր պետք, ինչը դասական ֆեոդալական կարգը տալ չէր կարող: Դրամաշրջանառությունը ֆեոդալիզմի յուրատեսակ հերքումն էր, այն կարող էր տալ միայն նոր ձևավորվող բուրժուազիան:

Տարօրինակ իրավիճակ է. գյուղացիների հաշվին ապրելու համար ֆեոդալները ստիպված էին նրանց մի մասին թույլ տալ ձերբազատվել ֆեոդալական հարաբերություններից, և ստեղծել մի այնպիսի կարգ, որը հակասում էր սենյորալ կարգին՝ միաժամանակ ստեղծելով նոր հասարակության սուբստանցիան: Առանձին երկրներում գյուղացիական պատերազմները հաղթանակում էին, բայց ֆեոդալիզմը կործանել վիճակված էր նրանց, ում վրա հենված էր նրանց բարձրագույն կազմակերպության հզորությունը՝ նոր դասակարգի՝ բուրժուազիայի, որը մի ժամանակ հարստահարված գյուղացիության մի մասն էր եղել:

Մյուս կողմից՝ այն փլուզեց հենց գյուղացիությունը, քանի որ հենց գյուղացիությունն էր ավելի շահագրգռված բուրժուական հարաբերություններով, հենց գյուղացիությունն էր կազմում հեղափոխական բանակները, որոնք պարտության մատնեցին աբսոլյուտական ռեժիմների կանոնավոր բանակները:

Հիմքե՞ր կան ենթադրելու, թե արդի կապիտալիզմն ընթանում է ինչ-որ առումով նման ճանապարհով: Նրա հզորությունն արդյո՞ք նույնպես այլ մատերիայի վրա չի կառուցված, ինչպես աբսոլյուտիզմը, որը ազնվականներին պաշտպանում էր գյուղացիներից բուրժուազիայի փողերով՝ ազնվականներից նրան պաշտպանելու դիմաց: Արդյո՞ք Արևմուտքի՝ դասական կապիտալիզմի տրամաբանությանը հակասող բարգավաճումը վկայությունն է այն բանի, որ «կոլեկտիվ», «պլանային» կապիտալիզմի գալիք դարաշրջանը, երբ համակարգի համեմատաբար անխափան գործառնությունն ապահովվում է հասարակության և արտադրության տեղեկատվական կազմակերպմամբ, որն արդեն ստեղծվում է նոր կարգի կողմից:

Եթե այդպես է, արդյո՞ք սա նշանակում է, թե մի կարգը խաղաղ ճանապարհով վերաճում է մյուսին:

Մի ժամանակ բուրժուազիան համեմատաբար խաղաղ վերաճեց մի վիճակի, երբ նրա դրամական հզորությունը գերազանցեց իր հաշվին ապրող ազնվականների ֆեոդալական հզորությանը, բայց դրանից հետո նա դաժան հարվածների մի ամբողջ շարքով վռնդեց նրանց իշխանությունից:

Արդյո՞ք այսօրվա խաղաղ փուլն ընդամենը շունչ առնելու խաղաղ դադար է՝ որակյալ վարձու աշխատուժի մի մասի համար, որն ստեղծում է արդի բարգավաճման տեխնոլոգիական հիմքը՝ հասունանալու և աճելու մինչև մի այնպիսի վիճակի, երբ նրա գործառնական տեխնոլոգիական հզորությունն ավելին կլինի կոլեկտիվ բուրժուազիայի դասի դրամական հզորությունից:

Պրոլետարիատի այս հետնորդն» արդյո՞ք ավելի մեծ հումանիզմ կցուցաբերի իր երեկվա պատրոնի հանդեպ, քան բուրժուազիան՝ ազնվականության:

Հավանաբար, այս հարցերին այսօր միանշանակ ու վերջնական պատասխան տալ չի լինի: Բայց «ամբողջատիրությունից ժողովրդավարության» անցման ջատագովները հասցրին այնպիսի հովվերգական երանգներով նկարագրել այն երջանիկ ապագան, որը մեզ սպասվում է, եթե համբերություն ունենանք սպասելու արմատական տնտեսական ռեֆորմների ավարտին (փոխելով երկու-երեք տարում դրանք իրականացնելու խոստումները մի խոստումով, որը Մովսեսի՝ քառասուն տարի անապատով երկիրը տանելու խոստմանն է նման), որ դրա չիրականացած անխռովությունից ու թվացյալ ապագայի շուկայական ներդաշնակությունից սիրտդ փոքր-ինչ խառնում է:

Ակամա մտածում ես. հանկարծ, հակառակ ակնհայտությանն ու առողջ բանականությանը, նրանց իսկապես հաջողվի ավելին, քան միայն ազգային տնտեսության փլուզումն է: Եվ այդ անհեթեթ փորձարկումների աղետը կլինի ոչ միայն ԽՍՀՄ-ինը և Ռուսաստանինը: Երբ պատասխաններն ավելին են, քան տրվող հարցերը, ծագում է այն ենթադրությունը, թե բոլոր հարցերը չէ, որ տրված են և, սկսելով տալ դրանք, համոզվում ես, որ որքան ավելի շատ ներդաշնակություն է մեզ խոստանում «ժողովրդավարական հումանիզմի» հաղթանակը 21-րդ դարում, այնքան ավելի քիչ հիմքեր կան ենթադրելու, թե խոստումները կկատարվեն:

Ենթադրել կարելի է ինչ ուզես, բայց, ինչպես և մենք էինք սպասում, այդ ենթադրություններում ամենից քիչ է երևում այն, ինչն առաջին հայացքից ակնհայտ է թվում՝ աշխարհի կայուն զարգացման նոր գիծը:

Հնարավոր է՝ սա սխալ է: Հնարավոր է՝ այստեղ ավելորդ հոռետեսություն կա: Բայց նրան ևս, որը կես դար առաջ կգուշակեր ներկա ճգնաժամը, նույնպես հոռետես կհամարեին:

Հավանաբար, դեպի առաջընթաց, հումանիզմ և բարգավաճում տանող ճանապարհը գոյություն ունի: Բայց, ինչպես երևում է, այդ ճանապարհը, ինչպես հաճախ է պատահում, ամենևին էլ այնտեղ չէ, ուր ցանկանում են տեսնել այն:

Գուցե հենց այն կետում է, որից այդքան ջանադրաբար փորձել ենք հեռանա՞լ:

 

ԱՐՄԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ

ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ՝ ՕՏԱ՞Ր

ՎԻԿՏՈՐ ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎԻ ԱՊՈԼՈԳԻԱՆ

(նյութի մշտական հասցեն՝ http://nationalidea.am/publications.php-id=4562&fl=y&l=A)

06.08.2010

Արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների հետ կապեր պահպանելու, նրանց օժանդակելու և շփումներն ակտիվացնելու համար Հայաստանում գործում է պետական խոշոր գերատեսչություն՝ Սփյուռքի նախարարությունը, ինչպես նաև մի քանի տասնյակ հասարակական, մշակութային, հայրենակցական ու եկեղեցասիրաց միություններ, հիմնադրամներ: Ռուսաստանում ևս անտարբեր չեն արտերկրում ապրող իրենց ազգակիցների հանդեպ: Այդ նպատակի համար էլ այս երկրում ստեղծվել է ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալությունը՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն: Երբ Հրանուշ Հակոբյանը կամ մեկ ուրիշը մեկնում է որևէ երկրի հայկական գաղթօջախ, որևէ ծրագիր է իրականացնում այդ շրջանակներում, տասնօրյակ կամ փառատոն անցկացնում, տվյալ երկրի ոչ մի քաղաքացու մտքով անգամ չի անցնում խոսել հայկական էքսպանսիայի մասին: Բայց արի ու տես, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր չափազանց հիվանդագին (նույնիսկ կասեինք՝ հոգեկան խանգարմունքով) են վերաբերվում ռուսական հիշյալ կառույցի ցանկացած նախաձեռնությանը: Իսկ վերջին շրջանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն հայտնվել է նաև այն ուժերի թիրախում, ովքեր անխնա պայքար են մղում Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնության դեմ: Միայն թե տվյալ դեպքում այս ընդվզումը շատ է հիշեցնում ունքը շինելու տեղ աչքն էլ հանելու հայտնի ասացվածքը: Ո՞ւմ հայտնի չէ, որ մակերեսային պատկերացումների և տգիտության հիբրիդը երբեմն ի զորու է ավերածություններ գործել այնտեղ, ուր միայն խրախուսանքի ու աջակցության սերմեր պիտի նետվեին: Իսկ թացը չորի հետ այրելու մոլուցքով տարվածների համար որևէ արժեք չունի, թե ում և ինչի համար են մեղադրանքներ ներկայացնում, ունեն դրա բարոյական իրավունքը և, ի վերջո, ինչ գիտեն այն մարդկանց մասին, ովքեր ներկայացնում են այդ կառույցը մեր հանրապետությունում:

Մեր երկրում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի առաքելության ղեկավարն է Վիկտոր Կրիվոպուսկովը: Հայաստանին ու հայերին մատուցած նրա ծառայությունների գրավոր ու անգիր վկայությունների ցանկն այնքան ընդարձակ է ու այնքան հանրահայտ, որ հազիվ թե անհրաժեշտություն լինի մեկ անգամ էլ շարադրել դրանք: Դեռևս Ղարաբաղյան շարժման սկզբից, լինելով ԽՍՀՄ ՆԳ համակարգի սպա ու ծառայելով ԼՂ-ում, վերջինս ոչ միայն պայքարում էր հակամարտության արդարացի լուծման համար (այսինքն, լինելով խորհրդային սպա՝ Կրիվոպուսկովը պարտավոր էր որևէ համակրանք չունենալ կոնֆլիկտի կողմերից որևէ մեկի հանդեպ, սակայն նա ուներ՝ գիտակցաբար խախտելով սպայական և զինվորական առաքելության գլխավոր սկզբունքներից մեկը), այլև անում էր հնարավոր ամեն բան հայ բնակչությանը պաշտպանելու և օգնելու նպատակով: Հետագայում Կրիվոպուսկովը գրեց և մի շարք անգամներ վերահրատարակեց «Խռովահույզ Ղարաբաղը» հանրահայտ գիրքը՝ Արցախի մասին ճշմարտությունը մատուցելու հետ մեկտեղ նաև միջազգային հնչեղություն հաղորդելով մեր պայքարին: Նա է, որ կանգնած է եղել հայ-ռուսական բարեկամության խմբերի ձևավորումից մինչև տնտեսական ու մշակութային համագործակցության զանազան ծրագրերի ակունքներում: Թվում է, թե այս ամենն իմանալուց հետո ոչ մի խելքը գլխին մարդու մտքով չի անցնի ասել, որ այս օտարերկրյա դիվանագետը խառնվում է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին կամ թե հակահայ գործունեություն է ծավալել մեր երկրում: Բայց արի ու տես, որ հիմարի մտքով դա անցնում է: Եվ սա՝ միայն այն պատճառով, որ Կրիվոպուսկովը համարձակություն ունեցավ մի առիթով անկեղծորեն արտահայտել իր տեսակետը ռուսաց լեզվի դերի ու նշանակության մասին:

Նույնը մենք կարող ենք ասել մեր մայրենիի մասին:

Սակայն այլ բան է սերը սեփական լեզվի հանդեպ և միանգամայն այլ բան է այն ճշմարտության գիտակցումը, որ ռուսաց լեզուն (ինչպեսև այլ օտար լեզուները) երբեք խոչընդոտ չի եղել հայկական մշակույթի զարգացման համար, փոխարենը մեծապես նպաստել է քաղաքակիրթ աշխարհին հայ մտքի ու ինքնության լավագույն արժեքները մատուցելու գործին: Նրանք, ովքեր ակամա (կամ միտումնաբար) մոռացության են տալիս այս հանրահայտ իրողությունը, ոչ մեր երկրի, ոչ էլ մեր լեզվի պաշտպանները չեն:

Այն, որ բազմաթիվ հայ երիտասարդներ սովորում են ռուսաստանյան զանազան բուհերում, այն, որ հայ սպաների մի ստվար խումբ ռազմական գիտելիքներ է ձեռք բերում Ռուսաստանի զինվորական ակադեմիաներում, այն, որ հարյուր հազարավոր հայեր աշխատանք որոնելու հույսով հատկապես Ռուսաստան են մեկնում, այն, որ համաշխարհային գրավոր մշակույթին ու ճշգրիտ գիտություններին մինչ օրս էլ մեր մասնագետները ծանոթանում են այդ լեզվի շնորհիվ, քանի որ չկա հայերեն համապատասխան գրականություն, այն, որ Հայաստանի տնտեսության բազմաթիվ առաջնային ճյուղեր այսօր գոյատևում են զուտ ռուսական կապիտալի ու ռուս մասնագետների շնորհիվ, այն, որ Թուրքիայի սահմանը հսկվում է ռուսական զորքով ու զենքով, և այս կարգի տասնյակ ու տասնյակ իրողություններ, մի՞թե բավարար չեն հասկանալու համար, թե ինչպիսի թելերով ենք մենք կապված այդ երկրի ու ժողովրդի հետ ու ինչպիսին պիտի լինի մեր՝ գոնե շարքային երախտագետի վերաբերմունքը:

Բայց չէ: Ինչպես ասում են՝ կուզիկին միայն գերեզմանը կուղղի: Հակառուսական տրամադրություններով մինչև ուղեղի վերջին ծալքերը վարակված ընդդիմախոսները սև կատու են որոնում մութ սենյակում: Իսկ կատուն չկա ու չկա:

Բանը հասավ այն տեսակ անհեթեթության, որ ռուսական նվաճողականություն սկսեցին փնտրել նաև… նախաճաշի ափսեի մեջ: Հայտնի է, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախաձեռնությամբ այս ուսումնական տարվա սկզբից 50 հազար բաժին «դպրոցական նախաճաշեր» պիտի բաժանվեն հայ երեխաներին: Դա իրականացվում է ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրի շրջանակներում, ընդ որում՝ մթերքը ձեռք կբերվի ու կպատրաստվի հենց տեղական հումքից ու տեղի աշխատողների ուժերով, այլ ոչ թե կներմուծվի դրսից, ինչպես փորձում էին համոզել «սննդային տեռորից» ահաբեկվածները:

Ու եթե սովորական կերակուրն է նման «մտահոգություններ» պատճառում զազրախոսներին, ապա դժվար չէ կռահել, թե ուրիշ ինչեր նրանք պիտի ասեն «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի, Վիկտոր Կրիվոպուսկովի և ռուս դիվանագետների մյուս նախաձեռնությունների մասին:

Այս տարվա ապրիլին բացվեց Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնը: Նպատակն առավել քան ազնիվ է՝ ինովացիոն նախագծերի հավաքագրմանն ու ընտրությանն ուղղված միջոցառումների կազմակերպում և մեխանիզմների մշակում, գործընկերներ գտնելու և համատեղ ձեռնարկություններ հիմնադրելու խնդրում օժանդակություն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում: Առարկություններ կա՞ն:

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն Թթուջուր գյուղում տեղադրեց Հայրենական մեծ պատերազմում զոհված 62 թթուջուրցիների հիշատակը հավերժացնող հուշակոթող: Ինչ-որ մեկը դե՞մ է: Երևանի «Մոսկվայի տանը» բացեց մանկական նկարների միջազգային ցուցահանդես՝ «Աշխարհն առանց պատերազմի» խորագրով: Հովանավորեց սամբոյի միջազգային պատանեկան հուշամրցաշարը: Վերջին 4 տարում շուրջ 100 հայ հեղինակների գործերի թարգմանությունն ու հրապարակումն իրականացրեց: Այդ կառույցի միջոցներով Գյումրիի երեխաները հրաշալի օրեր անցկացրին Մոսկվայում: Դե՞մ, կո՞ղմ, ձեռնպա՞հ: Սրանցից ո՞ր մեկն էր հարվածում Հայաստանի ինքնիշխանությանը, սասանում ազգային նկարագրի հենքը:

Հատկապես վերջին շրջանում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության հետևողականությանն ենք պարտական Ռուսաստանի նահանգների ու Հայաստանի մարզերի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ու հումանիտար կապերի խորացման առաջընթացի համար: ՌԴ Կրասնոդարի երկրամասի ու ՀՀ Տավուշի մարզի միջև գործակցության հնարավորությունները, Արխանգելսկի, Նիժեգորոդսկի մարզերի հետ Հայաստանի այլ շրջանների կապերը ոչ թե առանձին դրվագներ, այլ համակարգային մոտեցման արգասիք են:

Վերադառնալով լեզվի չարչրկված խնդիրներին՝ հիշատակենք «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի իրագործած մի քանի ծրագիր, որոնք նույնպես հայերենի երդվյալ պաշտպանների կողմից սկզբնապես սրերով դիմավորվեցին: Այդ «վտանգավոր» նախաձեռնումների շարքում է ԵՊՀ ռուսական կենտրոնի գոյությունը, ինչի համար պարոն Կրիվոպուսկովը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե հուշամեդալով: Այնուհետև գալիս է Ռուսաստանի և Հայաստանի՝ Պուշկինի անունը կրող դպրոցների համատեղ ջանքերով հիմնադրված Պուշկինի անվան ուսումնական հաստատությունների ասոցիացիան և այդ առթիվ կայացած աննախադեպ տեսակամուրջը: Գումարենք դրանց Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների համար ռուսաց լեզվի դասընթացները, որտեղ ՀԿԵ-ի 4 հազարանոց կոլեկտիվի համար հանգուցային կայաններում տեխնիկական ուսուցման 20 դասարան և սենյակներ տրամադրվեցին, ինչպես նաև գրեթե 300 դպրոցների ռեսուրսներ, որոնք տեղադրված են երկաթուղու մայրուղու հարևանությամբ գտնվող բնակավայրերում: Հիշատակման արժանի է նաև Ռուսերենի դասավանդման կենտրոնն իր 500 սովորողով, որոնք ընդգրկված են 10 ծրագրում: Կուրսային նախապատրաստման մեթոդով գործող այդ կենտրոնում, ի դեպ, դասավանդումները մեկնարկեցին ՀՀ նախագահի խնդրանքով: Եվ, ի վերջո, հազիվ թե Վիկտոր Կրիվոպուսկովն ու նրա գործընկերներն են մեղավոր, որ եվրոպական գործակալությունների հարցումների արդյունքներով հայ ծնողների 70 տոկոսը ցանկություն է հայտնել, որպեսզի իրենց երեխան լավ տիրապետի ռուսերենին: Իսկ թե այս բոլորը որքանով է ջուր լցնում օտարամտության ջրաղացին, թող դատեն նրանք, ովքեր անհեթեթությունների գիրկն ընկած՝ նույնիսկ չխորշեցին աղավաղել ճշմարտությունը և թաիլանդական դպրոցը ներգրավել… ռուսական դպրոցների ցանկում…

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն մեր թշնամին չէ և երբեք այդպիսին չի եղել: Իսկ բոլոր մանր-մունր հոդվածագիրներին, ջուր պղտորողներին և շարքային քաղաքացիների ազգային զգացմունքների լարերի վրա լարախաղացություն անողներին, ովքեր սովորաբար իրենց իրական անունն ու դեմքը թաքցնում են զանազան կեղծանունների ու հնարովի ստորագրությունների տակ, արժե այս առիթով հիշեցնել Պուշկինի հայտնի գործը Չարենցի թարգմանությամբ.

 

Լույս ընծայեցի մի անգամ ես իմ

Ոտանավորը անստորագիր:

Մեկն հոդված տպեց թերթում այդ մասին՝

Նույնպես թաքցրած ազգանունը իր:

Բայց ի՞նչ... Չմնաց գաղտնիք մեզանից

Ո՛չ անունը իմ և ո՛չ էլ նրա. —

Իմ սուր ճանկերից ճանաչեց նա ինձ,

Ես ականջներից իմացա նրան:

 

Այժմ՝ հարցի բուն էության մասին:

Հայաստանում հավատարմագրված որևէ ռուս դիվանագետ երբևիցե չի արժանացել տեղի մամուլի ուշադրությանը: Թեպետ դրա կարիքը կար, քանի որ որևէ ռուս դիվանագետ անցած տարիներին որևէ բանով աչքի չընկավ: Օրինակ, նախորդ ՌԴ դեսպանն ընդհանրապես չէր երևում՝ անգործության պատճառով: Նրա նախորդը՝ հանրահայտ Դրյուկովը, աչքի ընկավ սեղանասիրությամբ՝ ողջ ծառայողական ժամկետն անցկացնելով հայ նախարարական ճոխ սեղանների շուրջ: Եվ երբ արդեն շատ բան փոխվեց թե՛ Ռուսաստանի ԱԳՆ-ում, թե՛ Հայաստանում ՌԴ դեսպանությունում՝ նոր դեսպան Կովալենկոյի և Կրիվոպուսկովի նշանակումով, հայկական մամուլը սկսեց ուշադրություն դարձնել ռուս դիվանագետների նոր աշխատաոճին: Սա, իրոք, զավեշտ է. մարդիկ քեզ համար լավ բան են անում, իսկ դու դա վատ ես ընդունում... Սակայն այս պատմության մեջ կա նաև սուբյեկտիվ կողմը: Ապրելով Հայաստանում՝ Վիկտոր Կրիվոպուսկովն ունի շատ ընկերներ և, բնականաբար, շատ թշնամիներ: Նրան թշնամի կարող է դառնալ մի հրատարակչություն, որին նա մերժել է օժանդակել հայտնի ռուսական թերթը Հայաստանում հրատարակելու գործում: Կրիվոպուսկովին թշնամի կարող է դառնալ նաև Ռուս-հայկական համալսարանը (որի հետ նա ի պաշտոնե սերտ աշխատանքային կապերի մեջ է), քանի որ համալսարանի ռեկտոր Դարբինյանը չի կարող մերվել այն մտքի հետ, որ Հայաստանում բացվեն ու գործեն ՄՊՀ-ի և պլեխանովյան ինստիտուտի մասնաճյուղերը, որովհետև այդ դեպքում իր ղեկավարած համալսարանի «փայլը» կխամրի (Կրիվոպուսկովն ակտիվ ջանքեր է թափում այդ բուհերի մասնաճյուղերի բացման գործում): Իսկ նախկին վարչապետ Դարբինյանը հայտնի է պայքար մղելու իր անազնիվ մեթոդներով: Ավելորդ չէ այս առիթով ասել, որ ժամանակին նա գիտական խորհրդի առջև երդվել էր, թե կպատժի «Ազատամտություն» օրաթերթին ֆինանսապես և Արտյոմ Խաչատրյանի («Ազատամտության» և «Ազգային գաղափարի» հրատարակչի) հաշվին ողջ կոլեկտիվին ռեստորան կհրավիրի: Նա խոստումը կատարեց. իր ընկեր Արման Մկրտումյանի (որին հարազատ հայրը պաշտոնական նամակներում անվանում է ոչ այլ ինչ, քան «անառակ, ապերախտ» և այլն) գլխավորած դատական համակարգի միջոցով պր-ն Դարբինյանը հասավ ապօրինի ու խայտառակ դատավճիռների և կարողացավ շորթել մեզնից երեք միլիոն դրամ: Սեպտեմբերին՝ հովերն ընկնելուն պես, նա իր կոլեկտիվը կտանի ռեստորան՝ փայլուն թամադա և համատեղության կարգով ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի գլխավորությամբ: Բայց երկու տարին շուտ կանցնի, և եվրոպական դատարանի արդարացի դատավճռից հետո, երբ Քաղաքական հետազոտությունների կենտրոնը կստանա առնվազն 100 հազար եվրո, «Ազատամտության» ու «Ազգային գաղափարի» խմբագրակազմերը նույնպես կգնան ռեստորան, ավելի ճոխ սեղաններ կգցեն: Այդ օրը նաև կցավենք, որ հիշյալ 100 հազարը ճարվել է ոչ թե Մկրտումյանի կամ Դարբինյանի գրպանից, այլ ՀՀ պետբյուջեից:

Սակայն վերադառնանք Կրիվոպուսկովին և Դարբինյանի երդման արվեստին: Բանն այն է, որ առաջին երդման հաջողությունից հետո նա մի երդում էլ է կերել, այս անգամ հետևյալ թեմայով՝ թույլ չտալ, որ Հայաստանում բացվեն Ռուսաստանի առաջատար բուհերի մասնաճյուղեր (ռեստորանի մասին դեռ խոսք չկա, դեռ պարզ չէ, թե ով է վճարելու): Ի՞նչ արդյունք կունենա այս երդումը՝այսօր դժվար է ասել, սակայն փաստ է այն, որ ռեկտորը շարունակում է գործել: Իսկ հայ մամուլում Վիկտոր Կրիվոպուսկովի վերաբերյալ կեղտոտ հոդվածների հարցում նա ունի իր մեծ լուման: Համենայն դեպս, այդ են վկայում ՌՀՀ-ի բազում աշխատակիցներ: Եվ սա, իհարկե, նման է ճշմարտությանը, քանի որ Դարբինյանն արդեն մեկ անգամ ցույց տվեց աշխարհին, որ ինքը չի կարող պայքարել ազնվաբար, նա կարող է պայքարել միայն սեփական դաստիարակությանն ու բարոյական կերպարին համապատասխան: Եվ եթե «Ազատամտության» դեմ տարած անբարո հաղթանակից չտուժեցին պետությունն ու հասարակությունը (խոսքը ֆինանսական տույժի մասին չէ, որը կլինի մի քանի տարուց), ապա երկրորդ անբարո հաղթանակը լուրջ վնաս կհասցնի Հայաստանին՝ զրկելով երկիրը ականավոր ուսումնական օջախների ներկայությունից:

Ցանկանք Վիկտոր Կրիվոպուսկովին հաջողություններ իր դժվար և մի շարք հայերի կողմից ավելի բարդացված աշխատանքում: Վաղ թե ուշ զուլալվելու են պղտորությունները: Եվ վաղ թե ուշ հավաստվելու է այն իրողությունը, ուր դարբինյանները, մանր-մունր, անանուն հոդվածագիրները, շարքային քաղաքացիների ազգային զգացմունքների լարերի վրա լարախաղացություն անողներն ու նրանց նմանները կդառնան անցողիկ երևույթներ, իսկ մնայուն կլինեն միայն առողջ գաղափարներն ու դրանք կրողները:

 

Հետգրություն

Վիկտոր Կրիվոպուսկովը երբեք չի խառնվել ՀՀ ներքին քաղաքական կյանքի հարցերին, նա ընդամենը կարծիքներ է արտահայտել որոշ հարցերի շուրջ, իսկ կարծիքի իրավունք ունեն բոլորը, այդ թվում՝ դիվանագետները: Սակայն, ինչպես կյանքն է ցույց տալիս, անգամ տարրական կարծիքը կարելի է ձևակերպել իբրև օրինազանցություն և դիվանագիտական նորմերի խախտում, եթե կա մեծ ցանկություն: Իսկ վերջինը, ինչպես տեսնում ենք, իրոք կա…

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am