Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Սեպտեմբեր 2010, N 8

ԱՇԽԱՐՀՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Ընդունված է սեպտեմբերը պատվել «թեժ աշուն» բառակապակցությամբ, ինչը պիտի ենթադրի քաղաքական զարգացումների ակտիվություն: Ու թեև Հայաստանի ներքին կյանքի համար այս աշնանամուտը բացառիկ գծերով չառանձնացավ, սակայն, ցավոք, այդ հանգստությունը չտարածվեց ադրբեջանա-ղարաբաղյան շփման գոտու վրա: Ամսվա առաջին գիշերը սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվեց դիվերսիոն գործողության փորձ: Ի պատիվ մեր զինվորների, թշնամին մեծ կորուստներով ետ շպրտվեց: Սակայն կարծես թե այս միջադեպը նրա համար դաս չեղավ, քանի որ սեպտեմբերի 4-ի վաղ առավոտյան, այս անգամ արդեն Ջրաբերդ բնակավայրի մոտ ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբը կրկին հանկարծակիի բերեց հայ սահմանապահներին: Ծավալված մերձամարտի արդյունքում հակառակորդը ետ շպրտվեց՝ մարտադաշտում թողնելով մի քանի դիակ: Այս կրակահերթերի ձայնը, իհարկե, աղմկոտ աշխարհին անլսելի մնաց, քանի որ յուրաքանչյուրի համար էական էր միայն այն, ինչն իրեն էր առնչվում: Սեպտեմբերի 1-ին Թուրքիան ստանձնում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարումը մեկամսյա ժամկետով: Նույն օրը երեկոյան Լիդո կղզում մեկնարկեց Վենետիկի 67-րդ միջազգային կինոփառատոնը: Իսկ Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցի զինյալները կրակ բացեցին իսրայելցիների վրա՝ սպանելով 4 հոգու: Գործողության պատասխանատվությունը ստանձնեց պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հրամայեց երկրի անվտանգության ուժերին հարձակումն իրականացնողների և կազմակերպիչների «որս սկսել» և հրաժարվել ցանկացած դիվանագիտությունից:

Դարձյալ սեպտեմբերի 1-ն էր, երբ հզոր պայթյուն որոտաց Աֆղանստանի Քանդահար քաղաքում: Թալիբ ահաբեկիչները մի քանի պաշտոնյաների մահվան պատճառ դարձան: Նրանցից ետ չմնացին պակիստանցի անջատողականները, որոնք երկրի արևելքում գտնվող Լահոր բնակավայրում երեք պայթյուն իրականացրեցին՝ սպանելով 25 ու վիրավորելով առնվազն 170 մարդու:

Նույն երկրի մեկ այլ՝ Կվետա քաղաքում շիա մահմեդականների երթի ժամանակ սպանվեցին 50 և վիրավորվեցին ավելի քան 120 հավատացյալներ: Ահա այսպիսի տխուր վիճակագրությամբ սկսված ամիսը մինչև վերջ հավատարիմ մնաց իր բնույթին:

Իսկ հետո իրադարձությունները զարգացան շատ ավելի սրընթաց՝ երեկվա հարցերին պատասխաններ գտնելով ու երկնելով նորանոր հարցականներ: Մինչ Լեռնային Ղարաբաղը նշում էր իր անկախության հռչակման 19-րդ տարեդարձը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Ադրբեջան, և բոլորը շունչները պահած սպասում էին իմանալու, թե արդյոք ՌԴ և Ադրբեջանի նախագահները կքննարկեն այդ երկրին C-300 հակահրթիռային համակարգեր տրամադրելու խնդիրը: Հապշտապ կարգով Նախիջևան ժամանեց նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն՝ ասես ցանկանալով հիշեցնել իրենց գոյության մասին, և դեռ տեղում հարկ համարեց հայտարարել. «Ադրբեջանցիների հիմնախնդիրը Թուրքիայի խնդիրն է, ու մենք միշտ կաջակցենք մեր եղբայրներին»:

Բայց այդ օրերին Բաքվում քննարկվեց ևս մի խնդիր՝ առաջին հայացքից այնքան անմեղ թվացող, որ նույնիսկ հավուր պատշաճի ուշադրության չարժանացավ ռուսական ԶԼՄ-ների կողմից: Նախագահներն այլ փաստաթղթերի շարքում ստորագրեցին պետական սահմանի և անդրսահմանային Սամուր գետի ջրային ռեսուրսների պաշտպանության ու ռացիոնալ օգտագործման մասին միջպետական համաձայնագիրը: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, այսուհետ պետական սահմանն անցնելու է ոչ թե Սամուր գետի աջ ափով (ինչպես նախկինում էր), այլ մեջտեղով, ինչը նշանակում է, որ ստրատեգիական նշանակություն ունեցող Սամուրի հիդրոհանգույցը և ուրեմն իր տարածքի մի հատված Մոսկվան ինքնակամ հանձնեց Ադրբեջանին: Միջպետական հարաբերություններում նման թանկարժեք նվիրատվությունը գնահատվում է եզակի երևույթ, իսկ եթե հաշվի առնենք, որ զիջող կողմը Ռուսաստանն էր, ապա պարզ տրամաբանությամբ դա ուղղակի պիտի բացառվեր: Սակայն փաստը մնում է փաստ, որ ռուսները կարող էին նման գնով ձեռք բերել հարավային հարևանի հավատարմությունը, իսկ Ադրբեջանն էլ իր հերթին ապացուցեց, որ բոլորովին էլ այն թույլ ու ենթակա երկիրը չէ, ինչպիսին դրոշմել են մեր պատկերացումներում, այլ անհրաժեշտության դեպքում ինքն էլ կարող է իր բաժինը պարտադրաբար վերցնել նույնիսկ հզորներից:

Նույն ժամանակ Վաշինգտոնում երկամյա ընդմիջումից հետո մեկնարկեցին իսրայելա-պաղեստինյան բանակցությունները: Նախագահ Օբաման այդ առթիվ հայտարարեց, թե ԱՄՆ-ը հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ ուղղակի երկխոսության ընթացքում լուծվեն առկա բոլոր հարցերը, ինչը թույլ կտա հասնել պաղեստինյան պետության ստեղծմանը: Սակայն նրա լավատեսությունն այդ պահին քիչ հիմքեր ուներ: Նրանից առավել իրատես գտնվեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որն այդ բանակցությունները որակեց որպես «մեռելածին և անհաջողության դատապարտված»: Մի քանի օր անց այդ կանխատեսումը հաստատեց հենց Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը՝ տեղեկացնելով Իսրայելի հետ որևիցե փոխզիջումից հրաժարվելու մասին: Քաղաքական փոթորիկը վերստին հասունանում էր:

Մեկ այլ փոթորիկ, արդեն բնական և այն էլ «Էռն» անունը կրող, մոտենում էր ԱՄՆ-ի ծովափին ու գնալով ահագնանում էր: Իշխանությունները ստիպված էին տարհանել շուրջ 30 հազար մարդու: Հյուսիսային Կարոլինայի, Վիրջինիայի ու Մերիլենդի նահանգապետերն արտակարգ դրություն հայտարարեցին իրենց նահանգներում:

Ոչ պակաս փոթորկահույզ տրամադրությունն էր գերիշխում նաև ԱՄՆ Պետդեպարտամենտում:

Այստեղ բացահայտվել էր, որ անփույթ, անգամ ապօրինի վերաբերմունք է ցուցաբերվել՝ չծախսելով Կոնգրեսի կողմից Արցախին հատկացված ֆինանսական օգնությունը վերջին 12 տարիների ընթացքում: 1998-2010 թվականներն ընկած ժամանակահատվածում Կոնգրեսն Արցախին 61 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն էր տրամադրել՝ չհաշված 2000-2002թթ. հատկացված մոտ 10 միլիոն դոլարը: Սակայն պարզվել էր, որ անցած ժամանակահատվածում Պետդեպարտամենտը որպես մարդասիրական օգնություն Արցախում ծախսել է միայն 36 միլիոն դոլարը: Անհետացած միջոցների որոնման ուղղությամբ քննություն պիտի տարվեր:

Էլ ավելի մեծ ֆինանսների և դրանց կորստի մասին էր Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Ժան Կլոդ Տրիշեի մտահոգությունը, որը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթանակի մասին հայտարարելը դեռևս վաղ է: Արժույթի միջազգային հիմնադրամն ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունն իրենց հերթին ներկայացրեցին համատեղ զեկույցը, ուր ասվում էր, որ ճգնաժամից հետո ներկայում աշխարհում գործազուրկների թիվը հասել է պատմության մեջ ամենաբարձր՝ 210 մլն մարդ ցուցանիշին, այսինքն՝ 2007 թվից ի վեր գործազուրկների թիվն աճել է ավելի քան 30 միլիոնով: Այս անմխիթար հեռանկարի սպասելիքը ցավալիորեն ընդհանրություններ գտավ մի տխուր փաստի հետ: Ուկրաինայի Կորոստոն քաղաքի հիվանդանոցներից մեկի բակում աշխատակիցները գտել էին նորածին աղջկա: Բժիշկներն իրենց տեսածից սարսափահար էին եղել՝ աղջիկը բերան չուներ: Հետազոտությունները ցույց էին տվել, որ երեխայի մոտ սերտաճել են վերին և ներքին ծնոտները: Խեղճ փոքրիկը հավանաբար սպասվելիք ճգնաժամերին խիստ արմատական արձագանքի ձև էր գտել իր ծնունդով...

Վերադառնալով աշխարհի անցուդարձին՝ հիշատակենք այն, որ սեպտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգեց Կուբայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները, որոնք գործում էին «Թշնամու հետ առևտրի մասին» օրենքի հիման վրա: Նա իր քայլը հիմնավորեց այսպես. «Ես գտնում եմ, որ Կուբայի նկատմամբ պատժամիջոցների գործողության ևս մեկ տարով երկարաձգումը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին»:

Հավանաբար, իրենց ազգային շահն էին հետապնդել ցանկանում նաև 4 թուրքեր, որոնք հակահայ կարգախոսներ հնչեցնելու համար բարձրացան Արարատի գագաթը: Այնտեղ նրանք «ոչ» ասացին օրեր առաջ նույն տեղում Հայաստանի դրոշը պարզողներին, Խոջալուի դեպքերը մոռացած հայերի առաջ սահմանները բացողներին, իրենց զինանշանի վրա Արարատն օգտագործող հայերին և էլի շատերին, ովքեր հազիվ թե լսեին նրանց աղաղակը:

Ազգայինից ոչ պակաս կարևորվեցին անձնական շահերը: Օրինակ, Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Յումեն Խվանը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ նրա ընտանիքի անվան շուրջ մեծ սկանդալ բարձրացավ: Վերջինս ընդամենը հանդգնել էր աշխատանքի ընդունել հարազատ դստերը: Սկանդալային իրավիճակից խուսափել չկարողացավ ևս մեկ այլ քաղաքական գործիչ՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը: Դուբլինում Իրաքի և Աֆղանստանի պատերազմների դեմ բողոքող ցուցարարները նրա վրա կոշիկներ ու ձվեր նետեցին: Բլերի թիկնազորը ստիպված էր շեֆին պաշտպանել հովանոցներով: Եկեք համաձայնենք, որ առաջին դեպքը մեր պաշտոնյաների համար դեռևս չվերծանված վարվելակերպ է, մինչդեռ երկրորդի հավանականությունը նրանք միշտ էլ կարող են աչքի առաջ ունենալ…

Սեպտեմբերին աշխարհը ցնցվում էր ոչ միայն պայթյուններից: Նոր Զելանդիայի իշխանությունները սեպտեմբերի 4-ին արտակարգ դրության ռեժիմ մտցրեցին երկրի մեծությամբ երկրորդ Կրայստչերչ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո: 7,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը հանգեցրեց զգալի ավերածությունների: Բարեբախտաբար, մեծաթիվ զոհեր չեղան: Իսկ ահա արհեստածին ցնցումները խաթարեցին Դաղստանի Բույնակսկ քաղաքի բնականոն կյանքը, որտեղ մահապարտ ահաբեկիչը գրոհել էր ՌԴ ԶՈՒ 136-րդ բրիգադի դաշտային ճամբարի վրա՝ 5 զինվորականի մահվան պատճառ դառնալով: Ռմբահարումները կրկնվեցին նաև Գազայի հատվածում: Այստեղ Իսրայելի ռազմաօդային ուժերի թիրախն էին Հան-Յունիս և Ռաֆահ քաղաքները: Իսրայելցիներն իրենց քայլը պատճառաբանեցին այն փաստով, որ նախորդ օրը Գազայի հատվածից հրթիռ էր արձակվել Իսրայելի հարավայի շրջանների վրա:

Ի տարբերություն շատ վայրերի, նույն օրերին Մոլդովայում անհամեմատ խաղաղ էր: Սակայն այստեղ էլ անցկացվում էր սահմանադրական հանրաքվե, ինչը ձախողվեց ընտրողների բացակայության պատճառով: Տեղամասեր եկան ընտրողների մեկ երրորդից էլ պակաս քաղաքացիներ: Հանրաքվեի էր ներկայացվել նախագահի ընտրությունների կարգը փոխելու սահմանադրական լրամշակումը, որը մոլդովացիներին հնարավորություն կտար երկրի ղեկավար ընտրել ուղիղ քվեարկությամբ: Դրա նպատակն էր հաղթահարել քաղաքական ճգնաժամը, որը սկսվեց մեկ տարի առաջ, երբ հրաժարական ներկայացրեց կոմունիստ նախագահ Վլադիմիր Վորոնինը: Եվ այժմ երկրի իշխանություններին այլ բան չէր մնում, քան նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Համանման մի իրավիճակ էլ կարող է սպասվել մեր հարևան Վրաստանին, սակայն՝ հակառակ արդյունքով: Խորհրդարան է մտել նոր սահմանադրության նախագիծը, որի հաստատման դեպքում Վրաստանը դառնալու է խորհրդարանական հանրապետություն: Վրացական ընդդիմության կարծիքով, այդ ճանապարհով Միխայիլ Սահակաշվիլին նախապես ամրապնդում է վարչապետ դառնալու իր շանսերը, քանի որ երրորդ անգամ նա արդեն չի կարող նախագահ ընտրվել:

Հանրաքվեից չխուսափեց նաև մյուս հարևանը՝ Թուրքիան: Երկրի քաղաքացիների մեծամասնությունն իր աջակցությունը հայտնեց սահմանադրական ուղղումների փաթեթին: Ընտրությունների գերագույն խորհրդի տեղեկատվության համաձայն՝ բարեփոխման օգտին քվեարկեց թուրքերի 57,8 տոկոսը: Ըստ այդմ կփոխվեն ու կլրացվեն գործող սահմանադրության մի շարք հիմնարար հոդվածներ: Մասնավորապես, բարենորոգումը վերաբերում է դատավորների ու դատախազների կազմին, ընտրության համակարգին, զինվորական դատարանի իրավասությանը: Միաժամանակ ընդլայնվում են քաղաքացիների ու արհմիութենական միավորումների իրավունքները: Անկարան համարում է, որ այսպես իր համար ճանապարհ կհարթի դեպի Եվրամիություն:

Քաղաքակիրթ Եվրոպայում նույնպես խոսում էին հանրաքվեի մասին, միայն թե այստեղ միանգամայն այլ միտումներն էին գերիշխում: Շոտլանդիայի կառավարությունը սեպտեմբերի 7-ին հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայից այդ շրջանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումից հրաժարվում է մինչև 2011 թվականի հաջորդ տեղական խորհրդարանական ընտրությունները, քանի որ ծրագիրն ակնհայտորեն չի ստանա Շոտլանդիայի խորհրդարանի աջակցությունը, ուստիև իմաստ չունի դա օրենսդիրների քննարկմանը ներկայացնել այժմ: Ընդդիմությունը կառավարող կուսակցության այս քայլը որակվեց որպես վախկոտության դրսևորում:

Բասկերի անջատողական ԷՏԱ խմբավորմանը դժվար կլինի վախկոտ անվանել, սակայն վերջինս նույն օրերին հայտարարեց իր զինված պայքարի ավարտի մասին: ԷՏԱ-ն ասում էր, որ այսուհետ մտադիր է հասնել իր գաղափարների իրագործմանը միայն խաղաղ ժողովրդավարական ճանապարհով: Առայժմ Իսպանիայի իշխանությունները թերահավատությամբ են վերաբերում այս հայտարարությանը, քանի որ նախկինում էլ նրանք արդեն երկու անգամ զինադադար էին հայտարարել, որը սակայն խախտվել էր:

Գնչուները որևէ մեկից անկախություն չեն պահանջում: Սակայն նրանց արտաքսումը Ֆրանսիայի տարածքից դարձավ համընդհանուր ուշադրության առարկա: Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտոնական Փարիզից պահանջեցին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները: Համապատասխան բանաձևում, որն ընդունվեց խորհրդարանի լիագումար նստաշրջանում, նշված էր, որ Ֆրանսիայի կառավարությունը խախտել է մարդու հիմնարար իրավունքների մասին Եվրամիության օրենսդրությունը:

Մեր տարածաշրջանում սեպտեմբերյան կարևոր իրադարձություններից մեկը Ղարաբաղյան խնդրի կարգավորման միջնորդական առաքելությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ժամանումն էր: Նրանք այցելեցին Բաքու, Ստեփանակերտ ու Երևան: Ինչպես այցը, այնպես էլ միջնորդ դիվանագետների հայտարարությունները բուռն քննարկումների առիթ դարձան հակամարտող կողմերի համար: Ու թեև նոր առաջարկների մասին ընդամենը թռուցիկ ակնարկներ հնչեցին, այնուամենայնիվ դրանք նշանավորվեցին մեկ այլ փոփոխությամբ. սեպտեմբերի 9-ին Ադրբեջանը քվեարկությունից հանեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր կողմից շրջանառության մեջ դրված բանաձևի նախագիծը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Բաքվի կողմից Ղարաբաղի հարցի քննարկումներն այլ ատյաններ տեղափոխելն արժանացել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հակազդեցությանը:

Բայց վերադառնանք այն իրադարձություններին, որոնք դուրս էին դիվանագիտական միջամտություններից ու վերահսկողությունից: Նման խնդրի առաջ էր հայտնվել Կամերունը, ուր հարյուրավոր բնակիչներ երկրի հյուսիսային շրջաններում տարածված խոլերայի համաճարակի զոհ էին դարձել: Խոլերայի դեպքեր էին գրանցվել նաև սահմանակից Նիգերիայում և Չադում: Իսկ ահա Թուրքիայում գրանցվեցին արևմտյան Նեղոսի վիրուսով վարակվելու առաջին դեպքերը՝ չնայած այն բանին, որ նախապես ուժեղացված միջոցներ էին ձեռնարկվել: Անհամեմատ ավելի բարդ էր կացությունը Հունաստանում, որտեղ այդ վիրուսից զոհվածների թիվը 18 է, ավելի քան 150-ը վարակված են: Մեկ այլ վտանգի դեմ էր պայքարում Հնդկաստանի մայրաքաղաքը, որին սպառնում էր վերջին 30 տարվա ամենաուժեղ ջրհեղեղները: Չդադարող հորդառատ անձրևների պատճառով Յամունա գետի ջրի մակարդակը հասել էր կրիտիկական մակարդակի ու շարունակում էր ավելանալ: Իշխանություններն սկսել էին բնակիչների տարհանումը: Նյու Դելիի արվարձաններում հեղեղվել էր 65 բնակավայր, տագնապ էր հայտարարված նաև Յամունա գետի երկայնքով տեղաբաշխված 85 գյուղերում:

Համաճարակների ու տարերային աղետների անվերջանալի սպառնալիքների պայմաններում միանգամայն այլ հնչեղություն պիտի ստանար Հայաստանում սեպտեմբերի 12-ին մեկնարկած Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի երկրաշարժի հետևանքների կառավարման «Արմենիա 2010» դաշտային վարժանքը, որը տևեց մինչև սեպտեմբերի 17-ը: Վարժանքին մասնակցում էին արտասահմանյան 28 երկրների, միջազգային 5 կազմակերպությունների 333 փորձագետներ ու դիտորդներ, ինչպես նաև Հայաստանից 373 ներկայացուցիչներ: Գլխավոր նպատակը միջազգային փորձի փոխանակումն էր, միահամուռ ուժերով առկա մարտահրավերներին նախապատրաստվելը: Ի դեպ, միջոցառմանը մասնակցում էին նաև Թուրքիայի 6 ներկայացուցիչներ, իսկ Ադրբեջանն ընդհանրապես հրաժարվել էր պատվիրակություն ուղարկել:

Եթե Բաքվի հրաժարումը բացատրելի էր, ապա փոքր-ինչ տարօրինակ էր ԱՄՆ-ի պահվածքը, որը մերժեց Թուրքիայում անցկացվող «Անատոլիական արծիվ» զորավարժություններին մասնակցելու հրավերը՝ պատճառաբանելով, թե դրա անհրաժեշտությունը չի զգում: Մինչդեռ այլ աղբյուրներ պնդում էին, թե Վաշինգտոնի մերժման հիմնական պատճառը Իսրայելն էր, որի հետ Թուրքիան չի ցանկացել մասնակցել զորավարժություններին: Ի տարբերություն նրանց, հաշտ մթնոլորտում ընթացան Ֆինլանդիայի ափերի մոտ 13 երկրների «Հյուսիսային ափեր-2010» համատեղ ռազմածովային վարժանքները, որոնց ընթացքում փորձարկվում էր գործակցությունը ճգնաժամերի կարգավորման, ծովահենության, մաքսանենգության և ահաբեկչության դեմ պայքարում:

Սա իսկապես հրատապ անհրաժեշտություն էր թեկուզ այն պատճառով, որ ճիշտ նույն օրերին ծովահենները Սոմալիի ափերի մոտ հերթական գրոհն էին ձեռնարկել՝ զավթելով առևտրային MV OLIB G նավը, որ նավարկում էր Մալթայի դրոշի ներքո: Ահաբեկչական մեկ այլ գործողություն էլ իրականացվեց Վլադիկավկազի գլխավոր շուկայի մուտքի մոտ, որտեղ մահապարտը պայթեցրեց իրեն՝ սպանելով 17 ու վիրավորելով 50 քաղաքացու:

Միջազգային ահաբեկչության դեմ բողոքի աննախադեպ միջոց էր հորինել ամերիկացի պաստոր Թերի Ջոնսը, որը որոշել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների տարեդարձի օրը մի քանի Ղուրանի հրկիզման ցուցադրական ակցիա իրականացնել: Նրա վտանգավոր մտադրությունը դատապարտեցին ինչպես նախագահ Օբաման, այնպես էլ աշխարհի այլ երկրների ղեկավարներ՝ հորդորելով հրաժարվել ծայրահեղ քայլից: Ինտերպոլն իր հերթին նախազգուշացում հղեց կազմակերպության անդամ 188 երկրներին՝ զգուշանալով ամերիկացի հոգևորականի կոչով մահմեդականների սրբազան գրքի հրկիզման դեպքում հնարավոր գրոհներից: Այդ ամենից հետո ավետարանական եկեղեցու պաստորը խոստացավ, որ չի անի, բայց այնուամենայնիվ, կրակի տվեց մի քանի Ղուրան:

Ոչ պակաս դժվար էին լուծվում այն խնդիրները, որոնք արծարծվում էին բանակցությունների սեղանի շուրջ կամ միջազգային հեղինակավոր կառույցներում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ Բելգրադի և Եվրամիության համատեղ բանաձևը, որը պարտադիր իրավաբանական ուժ չուներ: Այդ բանաձևն արտացոլում էր Կոսովոյի անկախությունը ճանաչած ու չճանաչած երկրների, ինչպես նաև Սերբիայի միջև կոնսենսուսը, որը պաշտպանում է իր ազգային շահերը: Կայացան բանակցություններ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի միջև: Կողմերը քննարկեցին Աֆղանստանի ու Պակիստանի իրադրությունը: Խոսք եղավ ՆԱՏՕ-ի կառուցվածքի բարենորոգման մասին, ինչը թույլ կտա դաշինքին ավելի արագ ու արդյունավետ լինել այն մարտահրավերներին հակազդելու հարցում, որոնց բախվում են նրա մեջ մտնող երկրները: Օտտավայում տեղի ունեցավ «Մեծ ութնյակի» երկրների խորհրդարանների ղեկավարների գագաթաժողովը: Գագաթաժողովում գլխավոր հարցերից մեկը «ութնյակի» ապագայի քննարկումն էր՝ համաշխարհային գործընթացների և G20-ի գործունեության համատեքստում: Օրակարգում էին նաև բազմակողմ խորհրդարանական համագործակցության հիմնախնդիրներն ու կազմակերպության երկրների ազգային խորհրդարանների աշխատանքի կազմակերպման փորձի փոխանակումը: Սեպտեմբերի կեսերին Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ առողջարանային քաղաքում մեկնարկեց մերձավորարևելյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը, որին մասնակցում էին Եգիպտոսի, Պաղեստինյան ազգային վարչակազմի, Իսրայելի առաջին դեմքերը, ինչպես նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Դրանց արդյունքները դարձյալ առանձնապես գոհացուցիչ չէին: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան «ՎՈՒԱՄ-ի տարածքում ձգձգվող հակամարտությունները և դրանց հետևանքները միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման համար» օրակարգի շրջանակներում ընդունեց «Ներքին վերաբնակների և Աբխազիայից ու Ցխինվալի տարածաշրջանից փախստականների վիճակը» բանաձևը: Վրաստանը սա համարեց իր դիվանագիտական հաղթանակը:

Իսկ ահա հայկական հաղթանակները բոլորովին այլ արժեքների ու ոլորտների հետ էին առնչվում: Հայաստանում հայտնաբերվեց Առաջավոր Ասիայում առայսօր հայտնի ձիու ամենահին զոհաբերությունը: 5000-ամյա կոշիկից հետո սա հաջորդ սենսացիոն գտածոն էր, որն արժանի է նույնքան ուշադրության: Դրան գումարվեց այն, որ Օքսֆորդի համալսարանի գիտական արշավախումբն առաջարկեց Հայաստանի Զորաց քարերի (Քարահունջի) հուշահամալիրը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, և այժմ անգլիական Սթոուն Հեյջի փառքը խամրեցնող հնագույն աստղադիտարանի համբավը նոր բնագծեր է նվաճում: Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը պատրաստվում է աշխարհում առաջնություն շահել իր անցյալով:

Բայց պարզվեց, որ ոչ միայն հնություններն են մեր հաղթաթուղթը: «Աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկ» անվանակարգում հայկական «Գրանդ Քենդի» ընկերությունը կարողացավ սահմանել համաշխարհային ռեկորդ՝ այն գրանցելով Գինեսի ռեկորդների գրքում: Շոկոլադե սալիկի քաշը 4 տոննա 410 կգ էր ու պատրաստվել էր չորս օրում: Նախկին ռեկորդը, որը հաստատվել էր Իտալիայում, Հայաստանի շոկոլադե սալիկին զիջում էր 830 կիլոգրամով:

Հայկական թեման սեպտեմբերի ընթացքում մի քանի անգամ էլ պատվավոր տեղ զբաղեցրեց միջազգային լրատվամիջոցների հաղորդագրություններում: Նախ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային դատապարտող վճիռ կայացրեց «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով՝ իր որոշման մեջ նշելով, որ Թուրքիան ոտնահարել է Դինքի ապրելու իրավունքը, պետության կողմից չպահպանվելու արդյունքում նա դարձել է ազգայնականների թիրախը, և ապա դատական ատյաններն ակտիվ հետաքննություն չեն իրագործում սպանության իրական կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ: ՄԻԵԴ-ը պարտադրեց Թուրքիային 130 հազար եվրո փոխհատուցում կատարել Դինքի ընտանիքին:

Մյուս նշանակալի իրադարձությունը սեպտեմբերի 19-ին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կայացած պատարագն էր: Երկար ամիսներ տևած քննարկումներից ու բանավեճերից հետո թուրքական իշխանություններն, այնուամենայնիվ, թույլատրեցին այդ ծեսը, սակայն հայկական կողմը բոյկոտեց այն: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն էր: Արդյունքում՝ բուն արարողության պահին լրագրողներն ու անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներն ավելի շատ էին, քան հավատացյալներն ու հյուրերը: Պատարագը մատուցեցին Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևորականները: Նույն ժամին Ծիծեռնակաբերդում կայացած բողոքի ակցիայի հազարավոր մասնակիցները դատապարտեցին Թուրքիայի պահվածքն ու ժխտողական քաղաքականությունը:

Աշխարհում առկա անհամաձայնությունները հարթելուն էին միտված սեպտեմբերին կայացած մի քանի խոշոր համաժողովները, որոնցից հիշատակման է արժանի Ստամբուլում գումարված թյուրքալեզու պետությունների հոբելյանական գագաթաժողովը: Դրա ընթացքում թյուրքալեզու աշխարհի երկրների ղեկավարները քննարկեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հիմնախնդիրներ, ինչպես նաև քննության առան Թյուրքական խորհրդի քարտուղարության հիմնման ու նրա ղեկավարության ընտրության հարցերը: Արդյունքների վերաբերյալ ընդունվեց հռչակագիր: Համատեղ նիստ գումարեցին նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք Աստանայում քննարկեցին անօրինական գաղթի ու մարդավաճառության դեմ պայքարի հարցերը:

Անկասկած, շատ ավելի ներկայացուցչական ու ընդգրկուն էր Նյու Յորքում աշխատանքները սկսած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանը, որը կշարունակվի առնվազն մինչև դեկտեմբեր: Դրա շրջանակներում սեպտեմբերի 20-ից մեկնարկեց ՄԱԿ-ի գագաթաժողովը՝ նվիրված Հազարամյակի զարգացման նպատակներին: Գագաթաժողովին մասնակցեցին պետությունների ու կառավարությունների 139 ղեկավարներ: Վերջիններս քննության առան հարյուրից ավելի հարց, այդ թվում՝ խաղաղության պահպանումը, տնտեսության վերականգնումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը: Օրվա հերոսն այս անգամ էլ ԱՄՆ ժամանած Իրանի նախագահն էր, որն աչքի ընկավ իր բոցաշունչ և արտառոց ելույթներով:

Սեպտեմբերի երրորդ տասնօրյակը անակնկալների առումով թեև չգերազանցեց ամսվա առաջին շրջանին, սակայն այդ օրերին էլ հիշատակման արժանի բազմաթիվ դեպքեր տեղի ունեցան: Աշխարհի շուկաներում ոսկու գինը հասավ պատմական նոր առավելագույն արժեքի՝ տրոյական ունցիայի (մոտավորապես 31 գրամ) դիմաց 1274,95 դոլարի: Այժմ այդ թանկարժեք մետաղի 1 կիլոգրամն արժե ավելի քան 41 հազար դոլար: Շվեդիայում վթարի ենթարկվեց արագընթաց գնացքը: Վթարի հետևանքով տուժեց 18 մարդ: Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն արտակարգ դրության ռեժիմ սահմանեց նահանգի հարավում արագորեն տարածվող հրդեհի կապակցությամբ, որը 2,5 հազար հեկտար տարածք էր ընդգրկել: Բաղդադում տեղի ունեցած նոր ահաբեկչությունների հետևանքով զոհվեցին 21 քաղաքացիներ, տասնյակ մարդիկ վնասվածքներ ստացան: Վերանորոգման պատրվակով փակվեց Հայաստան մուտք գործող բնական գազի խողովակաշարը, իսկ Վերին Լարս հսկիչ անցագրային կետում անորոշ ժամանակով իջեցվեց ուղեփակոցը: Գյուղմթերքներով բեռնված հայկական տասնյակ մեքենաների վարորդներ ու փոխադրողներ Վրաստանի իշխանություններից այդպես էլ չստացան սպառիչ բացատրություն:

Հայաստանը նշեց իր անկախության 19-րդ տարեդարձը: Տոնական շունչն էր գերիշխում ինչպես երկրում, այնպես էլ Սփյուռքի գաղթօջախներում և Արցախում: Նույնիսկ այն փաստը, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմից 10 հազարից ավելի փամփուշտ էր արձակվել հայ սահմանապահների ուղղությամբ, չստվերեց մարդկանց տրամադրությունը և հույսը խաղաղ ապագայի հանդեպ:

Ի դեպ, հույսի մասին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս հույսեր էր փայփայում, որ իր երկիրը կկարողանա ռազմական հարված հասցնել անհնազանդ Իրանին, թեև կարծում էր, որ դա չէր լինի իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունից ելք գտնելու իդեալական տարբերակը: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն, ընդհակառակը, հույս ուներ, որ հարձակվելու համար հիմքեր չկան, ԱՄՆ-ն ու Իսրայելը ներկա պահին չունեն բավարար ուժեր, ուստի իսլամական հանրապետության շուրջ իրադարձությունների զարգացման ռազմական սցենարը քիչ հավանական է:

Սակայն նկատենք, որ Իրանի նախագահի ոչ բոլոր հույսերն արդարացան: Մասնավորաբար, նրան խոր հիասթափություն պատճառեցին ռուսները, որոնք հայտարարեցին, որ չեն պատրաստվում C-300 զենիթահրթիռային համալիրներ մատակարարել Իրանին, քանի որ դրանց վրա տարածվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները: Զայրացած իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ Մոսկվան խախտում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները և որ ցանկության դեպքում իրենք իրենց ուժերով կարող են նույնատիպ համակարգեր նախագծել ու արտադրել:

Իրանից հիասթափվելու լուրջ հիմքեր կային նաև Հայաստանում: Դրա համար առիթ ծառայեց խորհրդարանական հարցերով Իրանի փոխնախագահ Սեյիդ Մոհամեդրզա Միրտաջադիի հայտարարությունն այն մասին, որ Իրանն ի սկզբանե աջակցել և այսուհետ էլ աջակցելու է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում: Փոխնախագահը կովկասյան տարածաշրջանը, մասնավորապես՝ Ադրբեջանը, շատ կարևոր էր համարել ինչպես Իրանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: Ձևավորված այն տեսակետը, թե պաշտոնական Թեհրանն ամեն դեպքում հավասարակշռված մոտեցում է հանդես բերում Ղարաբաղի ցավոտ խնդրին, այժմ արդեն Հայաստանում միանշանակ չի ընդունվում: Երկրի քաղաքական ուժերն իրենց դժգոհությունն արտահայտեցին և արտգործնախարարությանը պարտավորեցրին բացատրություն պահանջել Իրանի իշխանություններից:

Իրանից դժգոհ և Հայաստանից ոչ պակաս զայրացած էր Իսրայելը: Այդ երկրի նախագահ Շիմոն Պերեսը ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հազարամյակի զարգացման նպատակներին նվիրված գագաթաժողովի ժամանակ հայտնեց ի լուր ամենքի. «Սպառնալով Իսրայելին՝ Իրանը խախտում է ՄԱԿ-ի Կանոնադրությունը, քանի որ մի պետություն չի կարող սպառնալ մյուսին: Թեհրանը զենք է մատակարարում Մերձավոր Արևելքի բոլոր ծայրահեղական կազմակերպություններին»: Հնչեցված մեղադրանքների շարքում էր նաև այն, որ Իրանը պառակտում է Լիբանանն ու Պաղեստինը:

Եթե Մերձավոր Արևելքում Իրանը հոգսեր էր պատճառում հարևաններին, ապա եվրոպացիների համար մտահոգության առարկա էին մնում մահմեդականներն ու Թուրքիան: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոն հայտարարեց, որ Եվրոպական միություն մտնելու Թուրքիայի ձգտումը ներկայում հնարավոր չէ իրագործել, ինչի համար երկու գլխավոր պատճառ նշեց: Առաջինը՝ լուրջ մշակութային տարբերություններն էին, իսկ երկրորդը՝Թուրքիայի նկատմամբ ԵՄ ներսում եղած վերաբերմունքի փոփոխությունը: ԵՄ անդամներին չի բավարարում նաև Թուրքիայում մարդու իրավունքների գործերի վիճակը, Անկարան ոչ մի կերպ չի լուծում ԵՄ անդամ Կիպրոսի հետ հակամարտային վիճակն ու չի հաշտվում հայերի հետ:

Պետք է ասել, որ թուրքական թեման այժմ խիստ արդիական է Արևմուտքում: Այդ իմաստով ամենևին էլ պատահական չէր այն փաստը, որ «Ամսվա գիրք» անվանակարգում առաջնությունը տրվեց Գերմանիայի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի՝ Տիրո Սարացինի վերջին աշխատությանը, որը հրապարակումից ընդամենը օրեր անց հասցրեց երկու մասի բաժանել Եվրոպան ու դառնալ ամենաարագ սպառվող գրքերից մեկը: «Գերմանիան ոչնչացնում է ինքն իրեն». այսպես է կոչվում այդ գիրքը, որը նվիրված է Հին աշխարհի կյանքում ներգաղթյալ թուրքերի խաղացած դերին, ովքեր, հեղինակի պնդմամբ, արագորեն բազմանում են, սակայն որևէ ջանք չեն գործադրում իրենց մտավոր ունակությունները զարգացնելու և նոր միջավայրին ինտեգրվելու ուղղությամբ: «Արդյունքում՝ երկիրը գնալով հիմարանում է ու աղքատանում»,- հայտարարում է Սարացինը, ապա զգուշացնում. «Եթե այսպես շարունակվի, 100 տարի անց Գերմանիայում ընդամենը 25 միլիոն գերմանացի կապրի՝ 35 միլիոն մահմեդականների դիմաց»: Երկրի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Սարացինը նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, ընդգրկված էր Գերմանիայի կենտրոնական բանկի խորհրդում, որտեղից նույնպես դուրս եկավ քաղաքական ճնշումների պատճառով: Նա այսօր հորդորում է իշխանություններին առավել կոշտ քաղաքականություն որդեգրել ներգաղթյալների նկատմամբ. «Լիբանանից կամ Թուրքիայից ժամանող ներգաղթյալները ոչինչ չանելու համար Գերմանիայից ավելի մեծ գումար են ստանում, քան եթե աշխատեին ու չարչարվեին իրենց երկրում»,- ասում է նա:

Կանցլեր Անգելա Մերկելը փորձեց իր պաշտպանության տակ առնել մահմեդականներին՝ հայտարարելով, թե Սարացինի մտքերը վիրավորում են ոչ միայն թուրքերին, այլև Գերմանիայի հասարակական շրջանակներին: Սակայն սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին, որ տեղաբնակներն առանձնապես վիրավորված չէին: Յուրաքանչյուր հինգերորդը պատրաստ էր իր ձայնը տալ Սարիցինին և պաշտպանել նրա քաղաքականությունը ներգաղթյալների նկատմամբ: Ի դեպ, գիրքը Սարացինի առաջին հակամահմեդական գրոհը չէր: Անցյալ տարվա հոկտեմբերին նա մահմեդական ներգաղթյալների երեխաներին անվանեց «երկրորդ կարգի քաղաքացիներ»: «Ես պարտավոր չեմ ընդունել ինչ-որ մեկին, որն ապրում է պետության հաշվին, չի զբաղվում սեփական երեխաների կրթությամբ և որի միակ զբաղմունքը բազմանալն է ու հիջաբներով փոքրիկ աղջիկներ ունենալը: Դա վերաբերում է Բեռլինի թուրքական բնակչության 70 և արաբական բնակչության 90 տոկոսին: Միակ բանը, որին ընդունակ են այդ մարդիկ, բանջարեղեն վաճառելն է»,- ասել էր Սարացինը:

Որպես վերն ասվածի և ընդհանուր տրամադրությունների ապացույց, ազգայնականները հերթական անգամ տասնյակ մահմեդական գերեզմաններ պղծեցին Ստրասբուրգի գերեզմանատանը: Միջադեպը տեղի էր ունեցել սեպտեմբերի 24-ի գիշերը՝ քաղաքի հարավում գտնվող գերեզմանատանը: Բազմաթիվ քարեր շրջվել էին, մի քանիսը կոտրվել, որոշ գերեզմանների վրա սվաստիկայի նշաններ էին նկարված: Հիշեցնենք, որ տվյալ տարածքում այս տարվա սկզբից սա արդեն չորրորդ դեպքն էր:

Սեպտեմբերի վերջին շաբաթն ամեն կերպ հավատարիմ մնաց նախընթաց օրերի տրամաբանությանը: Մեծ ու փոքր բռնկումները պահպանում էին լարման անհրաժեշտ լիցքերի պաշարը, իրադարձությունների շղթան արտակարգ պատահարների պակաս չէր զգում:

Աբխազիայում մահափորձ կատարվեց փոխնահագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ: Նռնականետից գնդակոծվել էր նրա տունը: Անկվաբը վերքեր էր ստացել ոտքին և ձեռքին: Սա նրա դեմ կատարված երրորդ մահափորձն էր, նախորդ երկուսը կատարվել էին այն ժամանակ, երբ նա Աբխազիայի վարչապետն էր:

Համընդհանուր գործադուլը, որն ազգային արհմիություններն անցկացրեցին ի նշան բողոքի կենսաթոշակային համակարգի բարեփոխման նախագծի դեմ, դարձյալ կաթվածահար արեց Ֆրանսիան: Արհմիությունները փողոցներ դուրս բերեցին ավելի քան 2 մլն մարդ: Նման մի գործադուլ էլ Ֆրանսիայում տեղի էր ունեցել սեպտեմբերի 7-ին:

Չինաստանի հարավում մի քանի օր տեղացած ուժեղ անձրևի ու մրրիկի հետևանքով նախնական տվյալներով զոհվեց 70 մարդ, ևս 65-ը համարվում էր անհայտ կորած: Ըստ մասնագետների՝ նման տեղումները վերջին 200 տարվա ընթացքում ուժեղագույնն էին: Զգալիորեն տուժեց Չինաստանի Գուանդուն շրջանը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որով նախաձեռնող խմբի կողմից առաջադրվում էր որպես երկրի նախագահի թեկնածու՝ 2010-ի դեկտեմբերին կայանալիք ընտրություններում: Ընդդիմախոսները դատապարտեցին «բատկայի» միապետական նկրտումները: Իսկ ահա Լուկաշենկոյի բարեկամ, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կուսակցությունը իր հաղթանակը նշեց երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում՝ ամրապնդելով նրա դիրքերն առաջիկա տարիների համար:

Ընտրությունների մասին վերջիններիս հրաշալի դասեր կարող էր տալ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը, որը երկիրը ղեկավարում է 1994-ից, և վերստին ընտրվեց իշխող աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Դա բավարար չհամարելով՝ 69-ամյա առաջնորդը գեներալական ուսադիրներ նվիրեց հարազատ քրոջն ու որդուն, որին համարում են նրա ամենահավանական հետնորդը:

Մինչ ոմանք բոլոր հնարավոր ուղիներով հաստատագրում էին իրենց իշխանության սահմանները, մյուսները դժգոհում էին դրա կորստից և կամ կացության փոփոխականությունից: Վերջիններիս թվում էր մեզ քաջածանոթ Մեթյու Բրայզան, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պարտականությունները վայր դնելուց հետո ոչ մի կերպ չի կարողանում դառնալ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանը: Հերթական փորձն առկախվեց այն բանից հետո, երբ սենատորներ Ռոբերտ Մենենդեզն ու Բարբարա Բոքսերը որոշեցին արգելափակել նրա նշանակումը՝ կարծիք հայտնելով, որ դիվանագետը կանխակալ վերաբերմունք ունի տարածաշրջանում Հայաստանի ախոյաններ Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ և անկարող է անաչառորեն արտահայտել Վաշինգտոնի շահերը: ԱՄՆ Պետդեպարտամենտն առայժմ պնդում է Բրայզայի նշանակման անհրաժեշտությունը և հույս ունի, որ Սենատն ի վերջո կհաստատի նրա թեկնածությունը հնարավորինս կարճ ժամկետներում, իսկ հայկական լոբբիստական կազմակերպությունները և տեղի ադրբեջանական համայնքը սրեր են խաչում՝ վիճարկելով ոչ այնքան Բրայզայի, որքան Ղարաբաղի պատկանելության խնդիրը:

Բայց եթե Բրայզան դեռ չնչին շանսեր ունի փրկելու իր հեղինակությունն ու աշխատանքը, ապա նույնը ոչ մի կերպ հնարավոր չէ ասել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի մասին: Սեպտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևը հրաման ստորագրեց Մոսկվայի քաղաքապետի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: «Ազատել Յուրի Լուժկովին Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից ՌԴ նախագահի վստահությունը կորցնելու կապակցությամբ»,- ասվում էր նախագահի հրամանում:

Լուժկովն այդ պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 18 տարի: Նշանակալի դեմք էր ոչ միայն Ռուսաստանի քաղաքական վերնախավում, այլև ֆինանսական աշխարհում՝ շնորհիվ իր և կնոջ կուտակած միլիարդների: Սակայն անցած տարիները միայն մեկ հարցում էին նրա հանդեպ ժլատ գտնվել. նախկին քաղաքապետը չէր յուրացրել նախագահի հետ վարվեցողության կանոնները: Իսկ նման սխալների համար սովորաբար թանկ են վճարում:

Սեպտեմբերյան իրադարձությունների հարուստ ընտրանին, ինչ խոսք, կարելի է դեռ երկար թվարկել: Բայց աշխարհի համար երեկվա օրն այլևս պատմություն է, որն իր դասերն է թողնում և որի մասին մոռանում են շատ արագ, որպեսզի մեկ անգամ ևս կրկնեն նույնը նոր ժամանակի մեջ:

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am