Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Սեպտեմբեր 2010, N 8

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերը տարեսկիզբ է: Ընդ որում՝ բոլոր իմաստներով, քանի որ հենց սեպտեմբերին են սկսվում բոլոր սեզոնները՝ ուսումնական, քաղաքական և այլն: Սակայն 2010թ. սեպտեմբերը Հայաստանում բուռն չէր. ամիսն սկսվեց և ընթացավ հանգիստ, առանց դրամատիզմի և քաղաքական բախումների:

Առաջին դասարան գնաց 36 հազար երեխա, իսկ ահա շրջանավարտներ այս տարի չեն լինի: Օտարերկրյա հանձնարարականներով երկրում ներդրված 12-ամյա կրթությունն արջի ծառայություն մատուցեց ոչ միայն Հայաստանի ժողովրդին, քանի որ փաստորեն վերացրեց երբեմնի փայլուն դպրոցը, այլև կրթության գծով հայրենական կոռուպցիոներներին՝ զրկելով նրանց տասնյակ միլիոնավոր դոլարների ընդհատակյա եկամուտներից: Թե ինչպես և ինչով կփոխհատուցվի ընդունող հանձնաժողովների տուժած տերերի (որոնք, ի դեպ, առայսօր գտնվում են դաշնակների ազդեցության ոլորտում) այդքան ծանրակշիռ վնասը՝ հայտնի չէ: Սակայն փոխհատուցումը միանգամայն օգտակար կլիներ, քանի որ, մի ամբողջ տարի սոված մնալով՝ ընդունող հանձնաժողովները 2012թ. ամռանն այնպիսի սակագներ կսահմանեն, որ ոչ ոքի քիչ չեն թվա: Այնպես որ, երկրի քաղաքական ղեկավարությունը, որը պարտավոր է հոգալ բնակչության մասին, պետք է ժամանակին միջոցներ ձեռնարկի (ասենք՝ ստեղծի փող դիզելու ինչ-որ լրացուցիչ հնարավորություններ), այլապես հումանիտար ցեղասպանությունից, որը պատմության մեջ կմտնի որպես «2012-ի սև ամառ», խուսափել չի լինի: Իսկ նման բան թույլ տալ նախընտրական տարում, մեղմ ասած, անհեռատեսական է:

Սեպտեմբերին վերջնականապես հստակեցվեց իրավիճակը լեզվի մասին օրենքի և օտարալեզու դպրոցների հետ կապված: Որոշվել է հետևյալը. լեզվի մասին օրենքում փոփոխություններ չեն լինի (ինչպես երևում է, հայրենասեր հասարակության բուռն ճնշման հետևանքն է), բայց, ահա, օտարալեզու դպրոցների ստեղծումը կկարգավորվի կրթության մասին օրենքով: «Մեր առջև խնդիր է դրված պահպանել ազգային ինքնությունը, լեզուն, ժառանգականությունը, խուսափել ձուլման և հեռացման հերթական ռիսկերից, մյուս կողմից, չսահմանափակել միջազգային համագործակցոթյունը, սերունդների դաստիարակման գործում փորձի փոխանակումը, լինել ճկուն, արագ արձագանքող և մրցունակ կրթության հարցերում». ահա այսպիսի իմաստուն խոսք է ասել սեպտեմբերի 27-ի պայծառ օրը խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ինչն, անկասկած, լուրջ կասկածի տակ է դնում բանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դոկտրինը պրն Աբրահամյանի կերպարի մասին: Բանտարկյալ Փաշինյանը, մասնավորապես, գրում էր, որ բավական է երիտասարդները գոնե մեկ անգամ շփվեն պրն Աբրահամյանի հետ, և անմիջապես կգան անվիճելի եզրահանգման առ այն, որ չկա աշխարհում ավելի էշ բան, քան գիտելիքը և ուսումը: Ի դեպ, սխալ և նենգամտաբար մոլորության մեջ գցող մտքեր արտահայտելը հայրենական ընդդիմության սիրած զբաղմունքն է, այնպես որ՝ այս անգամ ևս հաստատվեց նրա անազնիվ վարքագիծը, իսկ նախագահ Սարգսյանի «կուսակցի և զինակցի» լուսավոր կերպարը (ըստ իրեն՝ Հովիկ Աբրահամյանի), փառք Աստծո, հաջողվեց վերականգնել:

2010-ի սեպտեմբերն առանց օտարերկրյա հյուրերի այցելությունների չանցավ: Հերթական այցը կատարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց ընդունեց նախագահ Սարգսյանը: Մի քանի օրվա տարբերությամբ սեպտեմբերի կեսին այստեղ ժամանեցին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա Թինա Քենդենաուն (պետքարտուղարի օգնականի տեղակալ), ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, որոնց հերթով ընդունեց նախագահ Սարգսյանը: Բայց հանրապետության հյուրերի շարքում իսկական ուրախություն առաջացրին մշակութային երկու գործիչ՝ Հայաստանում լայնորեն հայտնի Ժերար Դեպարդիեն և Վլադիմիր Սպիվակովը: Առաջինի բախտն ավելի բերեց, որովհետև պրն Դեպարդիեին պատիվ ու երջանկություն վիճակվեց ոչ միայն անձամբ ծանոթանալ և շփվել պրն Հովիկ Աբրահամյանի հետ ու նրա ձեռքից ստանալ «Կարոտ-2010» փառատոնի մրցանակը, այլև արժանանալ բարձրագույն պարգևի՝ ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի: Վլադիմիր Սպիվակովի բախտը մի փոքր քիչ բերեց. նրա այցելությունը սահմանափակված էր նախագահ Սարգսյանի հետ պրոտոկոլային հանդիպմամբ և բուռն ծափահարություններով Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում (սեպտեմբերի 24-ին):

Սեպտեմբերի 12-ին նախագահ Սարգսյանը եղավ Դիլիջանում, որտեղ մասնակցեց կառավարության և Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» երկօրյա միջազգային կոնֆերանսի եզրափակիչ նիստին: Պետության ղեկավարին ներկայացվեցին համաժողովի քննարկումների ընդհանրացված արդյունքները Հայաստանի տնտեսության հետճգնաժամային զարգացման հեռանկարների և հնարավորությունների, այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Նախագահ Սարգսյանը երախտագիտություն հայտնեց համաժողովին մասնակցած՝ Համաշխարհային բանկի բարձրաստիճան ներկայացուցիչներին այդքան կարևոր միջոցառման անցկացմանն աջակցելու համար և նշեց, որ հեղինակավոր միջազգային մասնագետների և նրանց հայ գործընկերների արդյունավետ քննարկումները դրականորեն կազդեն այն բանի վրա, որ Հայաստանը կարողանա ապահովել համաշխարհային տնտեսության հետճգնաժամային իրողություններին համահունչ զարգացում:

Սեպտեմբերի 16-ին տխուր նորություն հայտնեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Գազը կթանկանա, թե որքանով՝ առայժմ հայտնի չէ: Սակայն, եթե ռուսական կողմն իսկապես գալիք տարի գազը մատակարարի եվրոպական գներով, ապա ներքին շուկայում գազը առնվազն կրկնակի կթանկանա, ինչը խիստ հարված կլինի բնակչության համար, որն այսօր հազիվ է հաշտվում երկնագույն վառելիքի խորանարդ մետրը` 132 դրամի հետ: Հնարավոր է, որ «ՀայՌուսգազարդի» բաժանորդների մեծ մասը պարզապես հրաժարվի գազից, ինչի հետևանքը, այլ բաների թվում, կլինի սպառնալիքն անտառներին: Հաճելի չի լինի նաև նախագահ Սարգսյանի համար. քիչ են անախորժությունները տնտեսությունում, որոնք հանրային կարծիքը վերագրում է անձամբ նրան, դեռ գազի թանկացումից բխող խնդիրներն էլ սպասվում են: Ի դեպ, կարող է պարադոքսային իրավիճակ ստեղծվել. Հայաստանն աշխարհի ամենագազիֆիկացված պետություններից է (ավելի քան 90%), այս առումով նույնիսկ առաջ է անցնում Ռուսաստանից, և վաղը կարող է այնպես ստացվել, որ հանրապետության գազիֆիկացման ջանքերն իզուր էին:

Սեպտեմբերին նաև կադրային փոխատեղություններ եղան: ԲՀԿ անդամ Արևիկ Պետրոսյանը հեռացավ խորհրդարանի փոխնախագահի պաշտոնից, նրան կփոխարինի Գյումրու գարեջրի գործարանի և բազում այլ բիզնեսների սեփականատեր Սամվել Բալասանյանը, որը վերջերս համալրել է ԲՀԿ համերաշխ շարքերը: Առանձնակի տարաձայնություններ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև այս ամիս չնկատվեցին:

Դե, իսկ սեպտեմբերի 21-ին երկիրը նշեց Անկախության օրվա պետական տոնը: Երկրի ղեկավարությունն առավելագույն ջանքեր գործադրեց տոնին փայլ ու հանդիսավորություն հաղորդելու համար, բայց իզուր. երկրի քաղաքացիներն անտարբեր են նման ամսաթվերի հանդեպ, քանի որ հոգևոր կապ չկա նրանց և Հայաստանի վերջին տասնամյակների բոլոր ձեռքբերումների միջև (բացի պատերազմում տարած հաղթանակից): Ազգային տոնը պետք է մտնի յուրաքանչյուր տուն, երկրի յուրաքանչյուր բնակչի սիրտը, իսկ մեզ մոտ, ինչ էլ որ ասեն ու ինչ ճոռոմ ակցիաներ էլ որ կազմակերպեն, պաշտոնական տոները մարդկանց չեն հուզում (բացի Նոր տարուց, Զատկից և մասամբ՝ մայիսի 9-ից): Մի խոսքով՝ սեպտեմբերի 21-ի պարգևած ողջ ուրախությունը՝ լրացուցիչ հանգստյան օրն է, ինչը, հարկ է խոստովանել, նույնպես վատ չէ, հատկապես այն աշխարհում, որտեղ այդքան քիչ են ուրախության և զվարճանալու առիթները:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եղավ Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, բազմաթիվ հանդիպումներ ունեցավ, այդ թվում և ղարաբաղյան կարգավորման միջնորդների հետ: Իսկ ահա խորհրդարանի խոսնակը պատմական այց կատարեց Շվեյցարիա, մի շարք կարևոր պետական գործեր իրականացրեց, ինչպես նաև հանդես եկավ հայրենակիցների առջև՝ ոչ պակաս պատմական ճառով:   

Բայց սեպտեմբերի գլխավոր ինտրիգը Աղթամար կղզու եկեղեցու խաչի հետ կապված պատմությունն էր: Երկու ամիս շարունակ երկրի հայրենասիրական հասարակությունը վրդովված էր թուրքական հերթական ուխտադրժությամբ. նրանք հրաժարվում էին խաչն ամրացնել Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին: Հանրային խորհուրդը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը բոյկոտում էին սեպտեմբերի 19-ին անցկացվելիք պատարագը: Թուրքական «ուխտադրժությունը» հեռուստաեթերի «մշտական հաճախորդների» և տպագիր մամուլի սրտով էր, քանի որ թուրքատյացության գեներացման և, հետևաբար, հայրենասիրական գաղափարների պարարտ հող ստեղծեց: Հայտարարելով, թե խաչը մինչև սեպտեմբերի 19-ը չեն կարող տեղադրել տեխնիկական պատճառներով, թուրքերը կրակին յուղ ավելացրին՝ մեր հայրենակիցներին հմտորեն նոր բացահայտումների մղելով: Բայց ամպրոպ որոտաց. ամսվա վերջին օրը Թուրքիայից ստացվեց «խիստ անախորժ» տեղեկություն այն մասին, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու խաչը բարձրացված է: Կարծում եմ՝ այս նորությունն իսկական շոկ է եղել անբանների համար, որոնք մեկ-երկու ամիս ապրեցին խաչի շահարկումներով, սակայն, անկասկած, հոկտեմբերին նրանք կժողովեն մտքերը և կփորձեն թաքցնել հույզերը:

Խաչի հետ կապված պատմության մեջ տխրեցնում է հետևյալը. ինչ աստիճանի պետք է ոտքերն ամպերում լինի, որքան կույր պետք է լինել, որքան անօգնական (ինտելեկտուալ առումով)՝ «թուրքական ուխտադրժության» փաստին ամբողջովին տրվելու և ներքին խոր ճգնաժամի մեջ գտնվող պետությունում ծանրագույն ներքին հիմնախնդիրներն անտեսելու և մոռացության տալու համար: Մի՞թե երկրի համար ավելի կարևոր, անհապաղ լուծում պահանջող խնդիր չկար, որ առավոտից մինչև գիշեր բոլոր հեռուստաալիքներով կազմակերպվում էին ամեն տեսակ դատարկ միջոցառումներ ու քննարկումներ այն բանի շուրջ, ինչը նորմալ հասարակությունում երբեք քննարկման առարկա չէր դառնա: Ինչպե՞ս անվանենք խաչի շուրջ ցասման ու ողբի այս հեռուստաշարը: Կարծում եմ՝ գործ ունենք հիրավի ինտելեկտուալ անզորության հետ: Ահա և վերջ...

Համարի բովանդակության մասին:

«Քաղաքականություն» խորագրում հրապարակախոս Ալեքսանդր Գարեգինյանն Անկախության օրվա առիթով գրում է անկախության մասին: Հեղինակը կարծում է, որ անկախությունը չի կարող լինել հպարտության և երջանկության առարկա, ինչով էլ համարձակություն ունի հակաճառել ինչպես պաշտոնական գաղափարախոսությանն ու նրա ճորտերին, այնպես էլ դաշնակցական-ազգայնական տարրերին. հեղինակը կարծում է, որ հպարտության և երջանկության առարկա կարող են լինել միայն անկախության հետևանքները, ավելի ճիշտ՝ արգասիքները: Հոդվածում կան նաև մի շարք հետաքրքիր դիտարկումներ և եզրահանգումներ, մասնավորապես՝ հետաքրքիր վերլուծություն կա հասարակության ակտիվ փոքրամասնության էության մասին, որը Գարեգինյանն ագրեսիվ է անվանում: Մի խոսքով՝ բավական հետաքրքիր աշխատանք է ստացվել:

Վայրի քարոզչությունն օտարալեզու դպրոցների դեմ, որի արդյունքներից մեկը դարձավ այն, որ Դիլիջանում միջազգային դպրոցի ստեղծման նախաձեռնողների խումբը հրաժարվեց նախագծի իրականացումից, ԱՄՆ մեր մշտական հեղինակ Ռուբեն Վարդանյանին մղեց գրելու «Երբեմնի մեծության արատները կամ՝ քսան տարի առանց մտքի իրավունքի» հոդվածը: Հայտնի գիտնականը, մեկը նրանցից, ում կարելի է անվանել մտածող հասարակության լավագույն ներկայացուցիչը, խորապես մտահոգ է հայրենական կրթության համակարգում տիրող իրավիճակով: Ապրելով և աշխատելով ԱՄՆ-ում, քանի որ չկարողացավ իրեն պատշաճ տեղ գտնել հայրենիքում, ակադեմիկոս Վարդանյանը, այնուամենայնիվ, ապրում է Հայաստանով, երբեմն հրապարակախոսական նյութեր է գրում, որոնցից վերջինն ընթերցողին է ներկայացված ներկա համարում:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին հաջողվել է մի խումբ համախոհների հետ սկսել մի նախագիծ, որը նմանը չունի Հայաստանի նորագույն պատմության մեջ: Խոսքը նոր սերնդի արագացուցչի կառուցման մասին է, որն ատոմակայանի հետ միասին Հայաստանն ինքնըստինքյան դուրս կբերի աշխարհի զարգացած գիտատեխնիկական երկրների շարքը: Պրն Հարությունյանը «CANDLE» նախագծի մասին» հոդվածում ներկայացնում է նախագծի պատմությունը, պատմում այն դժվարությունների մասին, որոնք ստիպված են եղել հաղթահարել, գիտության և տնտեսության մեջ անխուսափելի փոփոխությունների մասին, որոնք կհաջորդեն արագացուցչի գործարկմանը:

Կարդինալ Աղաջանյանը Նոր ժամանակի միակ հայն է, որն արժանացել է կարդինալական պատմուճանի և հավակնել Պետրոսի գահին: Հայաստանում լեգենդար այս մարդը քիչ է հայտնի, և Անի Եսայանի «Հայը, որ կարող էր դառնալ Հռոմի պապ» հոդվածը, որը զետեղվել է «Պատմություն» խորագրի տակ, կոչված է լրացնելու այդ բացը: Կարծում եմ՝ բավական հետաքրքիր ակնարկ է:

«Քաղաքական դիմանկարներ» խորագրում ներկայացված է գրող, հրապարակախոս Հովհաննես Չարխչյանի «12 վարչապետ. նզովքի և օրհնության բևեռները» հոդվածի շարունակությունը: Ներկայացված են վերջին վեց վարչապետերի՝ Արմեն Դարբինյանի, Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի դիմանկարները:

«Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում հրապարակված են հետաքրքիր հոդվածներ АПН, РЕГНУМ, ASIATIMES գործակալություններից: Նյութերի ընտրությունը պետք է որ հետաքրքրի ընթերցողին, համենայնդեպս, ձգտել ենք, որ այդպես լինի:

Ցանկանում եմ լավ ժամանց «Ազգային գաղափարի» նոր համարի հետ:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am