Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Սեպտեմբեր 2010, N 8

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ալեքսանդր Գարեգինյան, հրապարակախոս

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնեց անկախության հերթական տարեդարձը: Ուղիղ 19 տարի առաջ համաժողովրդական հանրաքվեով հանրապետության բնակչությունը քվեարկեց հօգուտ պետական ինքնիշխանության, այսինքն՝ հօգուտ սրընթացորեն քայքայվող ԽՍՀ Միությունից դուրս գալու: Հիշեցնենք, որ մինչ այդ մեկ տարուց ավելի երկրում իշխում էր Հայոց համազգային շարժումը, որի շարքերում արդեն հասցրել էր երկպառակություն տեղի ունենալ. կոմունիստական կուսակցությունը գրեթե դադարել էր գործել (ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը Գերագույն խորհրդի նախագահի ընտրություններում պարտվելուց հետո տեղափոխվել էր Մոսկվա՝ որպես ԽՍՀՄ գյուղնախարարի տեղակալ), իսկ երկրի բնակչությունը ՀՀՇ մեկ տարվա իշխանության ընթացքում կարգին զզվել էր նորահայտ «ընտրյալներից». նոր իշխանությունը, Մոսկվայի վերահսկողության բացակայության պայմաններում, սկսեց, այսպես ասած, մեծ մասշտաբի թալանը, կոմունիստական նոմենկլատուրայի ջարդ կազմակերպեց (նրանցից սակավաթիվներին հաջողվեց գոյատևել նոր ռեժիմի օրոք, երջանիկներից մեկը Գագիկ Հարությունյանն էր՝ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահը) և երկրի ղեկավարությունը լցրեց աշխատել չիմացող պոպուլիստ-դիլետանտներով (լավագույն դեպքում), իսկ վատագույն դեպքում՝ խուլիգան-դիլետանտներով, այնպես որ՝ նոր իշխանավորներից քչերը չէին առաջացնում բնակչության զզվանքը կենտրոնում և տեղերում:

Այնուամենայնիվ, նոր առաջնորդին՝ Տեր-Պետրոսյանին հաջողվեց ոչ միայն առանց խնդիրների հաղթել նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 90%-ը, այլև դրանից մեկ ամիս առաջ համոզել հայերին կողմ քվեարկել ԽՍՀՄ-ից դուրս գալուն՝ խոստանալով նրանց արդարություն, ազատություն և հավասարություն, ինչպես նաև եղբայրություն, էլ չենք խոսում շուկայական տնտեսության, կապիտալիզմի, բարեկեցության և այլնի մասին: Եվ 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն իրավաբանական ձևավորում տվեց պետական ինքնիշխանությանը, այն է՝ նոր պետության՝ միջազգային իրավունքի սուբյեկտի կազմավորմանը:

Անկախ պետությունը համընդհանուր քաղաքական կազմակերպություն է, որն ունի տարածք, ինքնիշխանություն արտաքին և ներքին գործերում: Սա նշանակում է մի իրավիճակ, երբ ժողովուրդը, ազատության պայմաններում, իրագործում է իր ողջ ներուժը. ժողովուրդն ինքնուրույն ձևավորում է քաղաքական ռեժիմը, քաղաքացիական հասարակությունը, տնտեսության մոդելը, գիտակրթական համակարգը, մշակույթը, սոցիալական ոլորտը՝ իր հոգևոր, բարոյական և մտավոր հնարավորություններին համապատասխան1: Անկախ պետականակերտման 19 տարին բավականաչափ ժամկետ է որոշ արդյունքներ ամփոփելու համար, որով էլ այժմ կզբաղվենք:

 

ԱԿՆՀԱՅՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

10 տարի առաջ հեռուստադիտող մի կին ուղիղ եթերով հարցրեց ժամանակին կենտրոնական հեռուստաալիքներով զանազան ծրագրեր վարող Տիգրան Նաղդալյանին. երբ 1920թ. բոլշևիկները վերցրին իշխանությունը, Երևանը թշվառ տեսարան էր ներկայացնում, էլ չենք խոսում հանրապետության մյուս շրջանների մասին: Իսկ 1940թ. Հայաստանում արդեն կային հզոր արդյունաբերություն, էներգետիկա, քաղաքներ և այլն, և այլն: Քաղաքացուհին ուզում էր իմանալ նախագահ Քոչարյանի վստահված անձի կարծիքը երկրի զարգացման տեմպերի մասին (ավելի ճիշտ՝ հարցնում էր, թե ինչու Հայաստանում ոչինչ չի աճում, ոչինչ չի արտադրվում, ժողովուրդը փախչում է և այլն, և այլն): Նաղդալյանը միանգամայն անկեղծ պատասխանեց, որ, նախ՝ զուգահեռներ անցկացնել 1920-40թթ. Հայաստանի և 1990-2000թթ. Հայաստանի միջև ճիշտ չէ, քանի որ հարկավոր է սպասել մինչև 2010թ. և հետո միայն համեմատություններ անել, երկրորդ՝ մեր զարգացումը մի փոքր հետ մնաց պատերազմի, շրջափակման և այլ պատճառներով: Այսօր մենք արդեն անցել ենք 2010թ. երեք քառորդը, այնպես որ՝ զուգահեռներ կարելի է անցկացնել, սակայն դա չենք անի, դրա փոխարեն տեսնենք, թե ինչի է հասել երկիրն անկախ գոյության 20 տարվա ընթացքում:

 

Տնտեսություն

Ըստ էության, այն չկա. խորհրդային ժառանգությունը վերացված է, իսկ նոր տնտեսություն կառուցել չկարողացան: Այն, ինչ այսօր մատուցվում է «տնտեսություն» ցուցանակով, հետևյալն է. ծառայությունների լայն զարգացած ոլորտ (միայն Երևանում և նրա շրջակայքում գործում են մոթել-սաունաների և ռեստորանային համալիրների անվան տակ քողարկված ավելի քան 200 բորդել), հարյուրավոր «էլիտար» բնակելի շենքեր, որոնք վեր են խոյացել երկրորդ նախագահի կառավարման տարիներին: (Բնակարանների որոշ մասը հասցրին վաճառել հարկադրական մեթոդներով, իսկ զգալի մասն այսօր դատարկ է, ինչն առաջ է բերում տերերի դժգոհությունը, քանի որ այսօր անհնար է հարկադրաբար վաճառել բնակարանները, իսկ գներն իջեցնել կառուցողները չեն ուզում. շուտափույթ եվրաինտեգրման համար նրանց հարկավոր է բնակարանները վաճառել առնվազն բեռլինյան կամ բրյուսելյան գներով, ավելի պակասին համաձայն չեն): Թերևս, այսքանը: Իսկ խորհրդային ժամանակներից ավելի կամ պակաս չափով պահպանվել են. էներգետիկան (նույնիսկ որոշ զարգացում է ունեցել), շինանյութերի արտադրությունը, գինու-օղու ձեռնարկությունները, ինչ-որ բան քիմիական արդյունաբերությունից: Գրեթե լիովին վերացել են թեթև արդյունաբերությունը, էլեկտրոնիկան, ռազմական նշանակության արդյունաբերությունը, մեքենաշինությունը, ավտոմեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, հաստոցաշինությունը և այլն, իսկ սննդարդյունաբերության հսկաներին փոխարինել են կիսաընդհատակյա տնայնագործական արտադրությունները, որոնք խիստ վտանգավոր են մարդու առողջության համար: Անկախության դարաշրջանում գյուղատնտեսությունը քոչել է միջնադար, այսինքն՝ 5-6 դար հետ է գլորվել. բավական է ասել, որ Հայաստանն այսօր աշխարհում հազվադեպ պետություններից է, ուր գյուղտեխնիկայի շուկա չկա, և գյուղտնտապրանքների արտադրությունն իրականացվում է ձեռքի աշխատանքով՝ կեսդարյա վաղեմության տրակտորների և կոմբայնների աննշան աջակցությամբ: Դրա համար էլ այսօր մշակվում է հողերի կեսից էլ պակասը, իսկ սննդամթերքն ավելի թանկ արժե, քան Վրաստանում և Ադրբեջանում:

Հարցին, թե ինչպիսին էին վերջին տասնամյակի պատկառելի տնտեսական աճի աղբյուրներն ու բաղադրիչները, պետք է պատասխանել հետևյալ կերպ. նախ՝ արտաքին տրանսֆերտները, որոնք խթանում են ՀՆԱ արտադրությունը (հատկապես ծառայությունների և շինարարության ոլորտում), երկրորդ՝ կանխիկի հսկայական զանգվածը, որը գոյացել է երկրում քաղաքական էլիտայի ստվերային տնտեսական գործունեության հետևանքով և որն ուղղվում է դեպի տնտեսության վերոնշյալ ոլորտները: Ուրիշ ոչ մի բանի համար (ասենք՝ թեթև արդյունաբերության, հաստոցա- և մեքենաշինության մեջ ներդրումներ անելուն, ինչպես կատարվեց Ադրբեջանում) հայ էլիտայի կամքն ու ունակությունը չբավականացրին. նրան հարկավոր էին գերեկամուտներ, որոնք չեն կարող ազնիվ ստեղծարար աշխատանքի արդյունք լինել, քանի որ անհամեմատ ավելի հեշտ և շահավետ է ժողովրդին մոնոպոլ իրավունքներով, ասենք, շաքար վաճառել, քան գործարան կառուցել, որը կկարողանար ապահովել այդ ապրանքի պահանջարկը հանրապետությունում2:

 

Քաղաքացիական հասարակություն

Ըստ էության, այն չկա: ԽՍՀՄ ժամանակաշրջանի Հայաստանում գոյացել էր մտածող հասարակություն, որը ներկայացված էր ստեղծագործական միություններում, կրթական և ակադեմիական հաստատություններում, մշակույթի օջախներում, մասամբ՝ կուսակցական-խորհրդային նոմենկլատուրայով: Ըստ էության, այն հասարակության ավանգարդն էր, հասարակական կարծիքը որոշողը, հասարակական զարգացման շարժիչը, որն ի վիճակի էր հայտնաբերել համընդհանուր շահը և հետևել դրան: Իսկ Հենրիկ Իգիթյանը և Վիկտոր Համբարձումյանը, Սուրեն Հարությունյանը և Զորի Բալայանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Խորեն Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը և Լեոնիդ Ազգալդյանը գտնվում էին միասնական ճամբարում և պայքարում էին Ղարաբաղն Ադրբեջանից անջատելու և Հայաստանին վերամիավորելու համար: Փաստորեն, կարող ենք ասել, որ Հայկական ԽՍՀ-ում քաղաքացիական հասարակություն գոյություն ուներ (մի շարք վերապահումներով), որը կարող էր քաղաքացիական դիրքորոշում արտահայտել և պաշտպանել ազգային շահերը: Այսօր ազգային էլիտայի անձնակազմն անճանաչելիորեն փոխվել է. դրա անդամներն են Մանվել Գրիգորյանն ու Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանն ու Հովիկ Աբրահամյանը, Աղվան Հովսեփյանն ու Վովա Գասպարյանը, որոնց գլխավոր շահը քաղաքական ռեժիմի էության պահպանումն է, քանի որ միայն այդ էությունն է ի վիճակի երաշխավորել նրանց մասնավոր շահերի իրագործումը: Իսկ դա հենց այն է, ինչից կուզենար ազատվել քաղաքացիական հասարակությունը, եթե այն այս կամ այն չափով գոյություն ունենար Հայաստանում: Իսկ երկրի բնակչությանն էլիտան դիտարկում է որպես ռեգուլյար ընտրությունների ձայների աղբյուր, ինչի համար էլ, ըստ էության, ձևավորվում են կուսակցությունները, շարժումները, ամեն տեսակ հասարակական-քաղաքական ակցիաներն ու միջոցառումները: Այսպիսով, անկախության 20 տարիների անցնելուց հետո այսօր մենք ունենք համատարած բարոյազրկությանը սահմանակից բարքերի կտրուկ անկում և արժեքների նենգափոխում, քայքայված էլիտա, որի համար համընդհանուր շահի իրականացումը կործանարար կլիներ, և բնակչություն, որը քաղաքացիական հասարակություն անվանել չի կարելի:

 

Ժողովրդագրություն

Մի քանի տարի առաջ մարդահամար անցկացվեց, որի արդյունքներով ժողովրդին զեկուցեցին, որ Հայաստանում ապրում է ավելի քան երեք միլիոն մարդ: Կարծում եմ՝ սա ճիշտ թիվ չէ: Անձամբ ես չգիտեմ ոչ մեկին, ներառյալ նաև ինձ, որը մարդահամարի համար «հաշվարկման ենթարկված լինի»: Իսկ ինչ վերաբերում է այլ տվյալներին, այդ թվում և պաշտոնական, ապա կարելի է դրանց հիման վրա մոտավորապես հաշվել, որ Հայաստանն անկախության ձեռքբերումից հետո լքել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Այս մասին վկայում են այլ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի, Եվրամիության երկրների, ԱՄՆ-ի տվյալները: Մի խոսքով՝ հազիվ թե Հայաստանում այսօր երկու միլիոնից ավելի մարդ ապրի, իսկ այն փաստը, որ ղեկավարությունը չի հայտարարում 1990թ. համեմատ բնակչության աճի մասին, ինչպես դա անում է ՀՆԱ-ի պարագայում (պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 1990թ. ՀՆԱ մակարդակը վաղուց վերականգնվել է), պետք է միայն ողջունել:

Սակայն բնակչության արտահոսքը մեզ մոտ հրեշավոր երանգներ է ստացել: Օրինակ, այսօր Շիրակի մարզում գործում է Վրաստանի եվրոպական դեսպանությունների միջոցով մարդկանց արտասահման տանելու լավ մշակված համակարգ՝ քաղաքական ապաստան ստանալու երաշխիքով... ադրբեջանական անձնագրերով և ազգանուններով: Այսինքն՝ Հայաստանի քաղաքացիներն ինքնակամ ադրբեջանցի են ներկայանում (Ալիևից փախած քաղաքական դրդապատճառներով կամ Հայաստանից՝ ղարաբաղյան դիմակայության հետևանքով)3: Սա, իհարկե, կարելի է հասկանալ, եթե հաշվի առնենք այն անհույս ու անելանելի վիճակը, որում գտնվում են մարզի բնակիչները: Դե, իսկ Սերժ Սարգսյանի գալստյամբ վերջնականապես հօդս ցնդեցին այս երկրում դեպի լավը փոփոխության պատրանքները, ինչը տարագրման տրամադրությունների բավական ուժեղ խթանիչ դարձավ:

Պակաս ուժեղ չէր նաև բնակչության արտահոսքը քաղաքներից, և դա երկրի համար իսկական աղետ դարձավ, քանի որ խոսքը մտածող հանրության մասին է: Տասնյակ հազարավոր բարձրակարգ մասնագետներ՝ ինժեներներ, գիտնականներ, երաժիշտներ4 1990-ականների սկզբից սկսեցին լքել հայրենիքը: Նրանց ճնշող մեծամասնությունն այսօր այլ երկրների քաղաքացի է, որտեղ նրանց ինտելեկտուալ աշխատանքը պահանջված է: Մի խոսքով՝ մտածող հանրության փախուստը հայ իրականությունից անընդհատ գործընթաց է, և դժբախտությունն այն է, որ հեռանում են իսկապես տաղանդավոր մարդիկ, քանի որ նոմենկլատուրային միջակություններն Արևմուտքում անելիք չունեն (այսպես, «Ազգային գաղափարի» մշտական հեղինակ, ակադեմիկոս Ռուբեն Վարդանյանը երկրից հեռացել է 2002թ.՝ հրավեր ստանալով ամերիկյան համալսարանից): Իսկ երկրի «զտումը» ինտելեկտից կրկնակի ողբերգություն է, որովհետև բանը ոչ միայն մտքի արտադրանքի ստեղծման կտրուկ անկումն է, այլև այն, որ առաջանում է վակուում, որը լցնում է ագրեսիվ փոքրամասնությունը, ինչի մասին կխոսենք ստորև: 

Առայժմ վաղ է գնահատել բնակչության արտագաղթի նոր պտույտը, սակայն, կարծում եմ, այն համադրելի է 1990-ականների սկզբին տեղի ունեցածի հետ: Կոնկրետ պատկերը կհստակեցվի առաջիկա մեկ-երկու տարում: Իսկ սեպտեմբերի սկզբին տեղեկատվական գործակալությունները տեղեկացրին, որ այս տարի առաջին դասարան է գնացել 36.000 հայ երեխա, այն դեպքում, երբ հարևան պետությունում նրանք ավելի քան 130.000 են...

 

Գիտակրթական ոլորտ, մշակույթ

Այս մասին այնքան շատ է գրվել, որ անհայտ կամ ինքնատիպ ոչինչ մտածել հնարավոր չէ: Միջնակարգ դպրոցը, որն այսօր գտնվում է Քոչարյանի վարչակազմի օրոք ստանձնած պարտավորություններին համապատասխանեցվելու բարեփոխումների փուլում, շարունակում է բարոյալքվել: Բարձրագույն դպրոց գրեթե չկա, բացառությամբ ԵՊՀ (բնագիտության ոլորտում), բժշկական համալսարանի մի քանի ֆակուլտետի, որտեղ ուսանողները դեռ շարունակում են գիտելիքներ ստանալ, մասամբ՝ Ռուս-հայկական համալսարանի, որտեղ ուսանում են ռուսախոս ունևոր ընտանիքների երեխաները, իսկ կոլեկտիվը չի հասցրել դեռ քայքայվել: Ստեղծագործական միությունները հարուստ դուքաններ են, որոնք գրչի և այլ արվեստների վարպետներին հրապուրում են բացառապես անշարժ գույքի օբյեկտներով, որոնցով հաջող սնվում են միությունների ղեկավարներն ու որոնց պատճառով երբեմն մուսաների սպասավորների մեջ պատերազմներ են բռնկվում: Նման պատկեր կարելի է տեսնել նաև գիտությունների ակադեմիայում՝ իր իբր թե գիտական բազմաթիվ հաստատությունների ցանցով:

Ասվածը, հասկանալի է, նորություն չէ, դա հայտնի է բոլորին, անկախ այն բանից՝ ուզում են այդ մասին խոսել, թե ոչ: Սակայն չի խոսվում այլ բանի՝ ամենագլխավորի մասին: Բանն այն է, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պրն Արթուր Բաղդասարյանը, որն առիթով կամ անառիթ ամեն տեսակ հանձնաժողովներ ստեղծելու կիրք է տածում, հարկ է որ ստեղծեր հոգեբանների հատուկ հանձնաժողովներ և դրանք ուղարկեր միջնակարգ դպրոցներ՝ ստուգելու երեխաների հաշմված գիտակցությունը: Պրն Բաղդասարյանին, ինչպեսև ցանկացած հայի հայտնի է, որ երկրի դպրոցներում բարգավաճում է կրկնուսույցությունը (անվանենք այն կոռուպցիայի մեղմ տեսակ՝ թելադրված հայ ուսուցչության սոցիալական դրությամբ), այսինքն՝ ուսուցիչները, հայտնի պատճառներով, երեխաներին մասնավոր պարապմունքներ են պարտադրում: Նրանք, ովքեր չեն մասնակցում լրացուցիչ մասնավոր պարապմունքներին տարբեր պատճառներով (ասենք՝ ծնողների անվճարունակության), ցածր գնահատականներ են ստանում: Սա նորմա է: Իսկ այս ամենի արդյունքն այն է, որ այսօր մենք աճեցնում ենք հայերի մի սերունդ, որը 10 տարեկանից ենթարկվում է լուրջ հոգեկան տրավմաների, և միանշանակ կարելի է ասել, որ այդ երեխաները երբեք լիարժեք մարդիկ չեն դառնա. նրանք արդեն տուժած են, քանի որ վաղ տարիքից իրենց վրա են զգացել Երկիր մոլորակի ամենաահավոր զենքի՝ մարդկային անարդարության ազդեցությունը: Անձամբ ես նման հարյուրավոր երեխաների եմ հանդիպել. նրանք բոլորը տարբեր են, տարբեր ունակությունների և դաստիարակության տեր, սակայն նրանց բոլորին միավորում է մի բան՝ դառը և ռացիոնալ ատելությունը շրջապատող աշխարհի նկատմամբ: Այս է ամենը:

Հարց. նշված հիմնախնդիրն արդյոք ազգային անվտանգության առարկա հանդիսանո՞ւմ է: Սա, անշուշտ, պետք է որոշի պրն Բաղդասարյանը, մենք իրավունք չունենք խառնվել այս գործին և մեկնաբանություններ տալ, քանի որ ազգային անվտանգության ոլորտի մասնագետ չենք, սակայն կարող ենք ասել, որ անվճարունակ ծնողների երեխաները դպրոցից դուրս են գալիս անառողջ հոգեբանությամբ, ինչն արդեն տագնապալի ախտանիշ է: Մի խոսքով՝ հոգեբանները կհաստատեն, որ եթե հայ աշակերտը թաքնված ատելություն է տածում մեկ այլ հայի՝ ուսուցչի հանդեպ, դա արդեն վատ է, որովհետև հետևանքները բավական անկանխատեսելի են. գիտակցությունը չպետք է վարժվի ատելությանն անարդարության պատճառով և զարգանա դրա ազդեցության տակ, քանի որ ռացիոնալ հատիկն աստիճանաբար անհետանում է. մի անգամ ատել սովորելով մարդը վարժվում է այդ հոգեվիճակին, և ատելության հաջորդ օբյեկտները կյանքում կհայտնվեն առանց ռացիոնալ դրդապատճառների, անբացատրելի, իռացիոնալ ձևով: Եվ ավելացնենք, որ խորհրդային ժամանակներում նման իրավիճակ լինել չէր կարող. գոնե մինչև 17 տարեկանը խորհրդային հայերի սերունդները ենթարկված չէին այդքան ապակառուցողական գործոնների ազդեցությանը:

  

Հասարակության պառակտումը

Խորհրդային հայերը համերաշխ հասարակություն էին. շերտավորում ըստ էության չկար, չկար նաև շահերի տարբերություն, որի արդյունքը սովորաբար լինում է նրանց բախումը՝ ծանր հետևանքներով: Եթե ԽՍՀՄ մայրամուտին հայերը դուրս էլ եկան հրապարակներ և սադրեցին տանկերի մուտքը քաղաք, ապա դա երկպառակչական, քաղաքացիական բախումների հետևանք չէր. հասարակությունը համերաշխ էր: Անկախության ձեռքբերմամբ հասարակությունում սկսեցին գերակշռել պառակտման հայտանիշները. 1995-96թթ. ընտրակեղծիքների տրամաբանական ավարտը դարձավ 2008-ի փետրվարը. երբեմնի միասնական ժողովրդի երկու մասերը դարձան անհաշտ հակամարտող կողմեր: Հասկանալի է՝ ընթացիկ հարաբերական անդորրն ամենևին էլ չի նշանակում պառակտման հաղթահարում, դրա դրսևորումներն իրենց ողջ հմայքով մենք կրկին կտեսնենք 2012-13թթ.:   

 

ՈՉ ԱԿՆՀԱՅՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Երկրի անկախության ոչ ակնհայտ արդյունքները բավական հետաքրքիր են: Փորձեմ արտահայտել սեփական դիտարկումներս:

 

Ագրեսիվ փոքրամասնություն

Հայտնի է, որ այն ցանկացած հասարակության շարժիչ ուժն է, որին հաջողվում է իր կամքը պարտադրել պասիվ մեծամասնությանը (Առնոլդ Թոյնբին այն անվանում էր «կրեատիվ փոքրամասնություն»): Այդպես եղել է միշտ և ամենուր. և՛ պուրիտանները (որոնք հետագայում կառուցեցին մեծ կայսրություններ ու փայլուն քաղաքակրթություն), և՛ բոլշևիկները, և՛ «Ղարաբաղ» կոմիտեն, և՛ յակոբինականներն ագրեսիվ փոքրամասնություն էին, և շնորհիվ էներգիայի ու թարմ, կենսունակ գաղափարների նրանք ի զորու էին հասնելու առաջադրված նպատակներին: Անշուշտ, ագրեսիվ փոքրամասնությունը միշտ առաջ է նայում, անցյալում անելիք չունի. այն զարգացման ուժն առնում է ապագան նախագծելով, բայց զարգացման աղբյուրները չեն լինի, եթե ապագայի պատկերն անկյանք դուրս գա: Օրինակ, «Ղարաբաղ» կոմիտեն ժամանակին նպատակադրվեց ձեռք բերել Ղարաբաղը, ինչը սկզբունքորեն իրականություն դարձավ, քանի որ գերբնական, ֆանտաստիկ ոչինչ չկար: Այլ բան է, եթե այդ նույն անձինք փորձեին տիրանալ, ասենք, Արևմտյան Հայաստանին կամ Իտալիայի Հանրապետությանը: Դա ձախողակ ձեռնարկում կլիներ, թեկուզև այն պատճառով, որ նույնիսկ հիպոթետիկ ձևով, ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այսօր, այդ ձեռնարկումն իրականացնելն անհնար է, և այն ոչ ոքի չէր հրապուրի:

Հիմա տեսնենք՝ կա՞ արդյոք ներկայիս Հայաստանում ագրեսիվ փոքրամասնություն և ինչո՞վ է այն զբաղված:

Անշուշտ՝ կա: Սակայն հայ ագրեսիվ փոքրամասնության տարբերությունն ինքնիշխան Հայաստանում այն է, որ բնական և առաջընթաց զարգացումը, ապագան և նրա իրական ուրվագծումը մնում են ուշադրությունից դուրս. Հայաստանում փոքրամասնությունն ըստ էության հավատարիմ է խավարապաշտությանը՝ որպես գերագույն նպատակի, որպես կյանքի և գործունեության սկզբունքի: Փորձենք թափանցել երևույթի էության մեջ:

Նախագահ Սարգսյանի՝ կուսակցական գծով տեղակալ և խորհրդարանի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը բավական ինքնատիպ մարդ է: Իշխանական կառույցներում նրա գտնվելու փաստն իսկ շատ բանի մասին է վկայում, թեկուզև այն մասին, որ նրա դավանած գաղափարներն ու գաղափարաբանությունն արմատներ ունեն հանրային գիտակցության և հանրության որոշ (փոքրաթիվ) շերտերում: Զոհրաբյանը հավատարիմ է որոշ հեթանոսական հոսանքների (տարոնականության) դիրքորոշումներին, միանգամայն ինքնատիպ պատկերացում ունի ազգի, նրա նշանակության և այլնի մասին: Վերջերս հեռուստաեթերով, հանդես գալով անկախության հոբելյանին նվիրված հաղորդման ժամանակ, պետության ղեկավարի տեղակալը բավական հետաքրքիր բաներ ասաց: Օրինակ, խոսեց հայերի իբր ծածուկ գենից, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի, բայց բոլորը գիտեն, որ այն կա. ասաց, որ ոչ ոք ոչ մի տեղ չգիտի, թե ինչի է կոչված այդ գենը, չգիտի՝ ինչի է այն ունակ և ինչի համար գոյություն ունի, բայց հետո հաստատեց, որ բոլորը գիտեն, որ նման գեն ունեն միայն հայերը, և կգա ժամանակ, երբ այդ գենը կարթնանա և մեծ գործեր կիրականացնի, թե ինչ գործեր՝ նույնպես ոչ ոք չգիտի: Մի խոսքով՝ պրն Զոհրաբյանն ասաց, որ այդ գենի մեջ են թաքնված հայերի վեհությունը, նրանց քաղաքակրթական հզորությունը և այլն, և այլն:

Հեթանոսական և կիսահեթանոսական քաղաքական-գաղափարաբանական հոսանքներին ծանոթ մարդկանց համար պրն Զոհրաբյանը ոչ մի նոր բան չասաց: Զարմացան միայն սակավաթիվ չտեղեկացված նորմալ մարդիկ, որոնք պատկերացում չունեին այդքան արդյունավետ գենի գոյության մասին, որն առայսօր անհայտ է նորմալ մարդկությանը (հասկանալի պատճառներով), բայց հայտնի է այնքանով, որքանով որ կա: Չգիտեմ՝ ինչպես է հանդուրժում նախագահ Սարգսյանն իր շրջապատում պրն Զոհրաբյանին, բայց գիտեմ, թե ինչու է հանդուրժում:

Բանն այն է, որ պրն Զոհրաբյանն ու առեղծվածային գենի մասին տեղեկացված մյուսները, ինչպեսև՝ դաշնակցականների, նժդեհականների, տարոնականների և այլ նացիոնալիստների բանակը, կազմում են ագրեսիվ փոքրամասնության միջուկը: Նրանց պետք չեն օտարալեզու դպրոցները և արդիական կրթությունը Հայաստանում, նշանակում է նաև՝ համաշխարհային գիտելիքների և զարգացման ուղիների հասանելիությունը. նրանք կարծում են, որ դրանով կխախտվի հայերի ինքնությունը, և, Աստված չանի, կփչանա գենը: Նրանք ապագային չեն նայում, որովհետև ի վիճակի չեն, և այն նրանց լուսավոր չի թվում. տարվա ամենալուսավոր օրը նրանց համար ապրիլի 24-ն է, երբ առիթ կա ոգեշնչվելու սեփական պատմության ողբերգականությունից: Նրանք չեն ուզում նորմալ հարաբերություններ հարևան պետությունների հետ. նրանց չեն հետաքրքրում շրջափակված տնտեսության հիմնախնդիրները, նրանց հետաքրքրում են Արևմտյան Հայաստանն ու նրա վերադարձը, այսինքն՝ այն, ինչը հիպոթետիկորեն անհնար է: Նրանք մշտապես խոսում են «ազգային արժեքներից» և դրանց պաշտպանության անհրաժեշտությունից, բայց ոչ ոք այդպես էլ չկարողացավ խելքը գլխին բացատրել, թե ինչ է ազգային արժեքը և ինչով է տարբերվում համամարդկայինից: Բայց ամենագլխավորն այն է, որ նրանց չեն հետաքրքրում երկրային խնդիրները, դրանք խորթ են նրանց: Նրանք շաբաթներով կարող են խոսել Սուրբ Խաչ եկեղեցու խաչի մասին, որը թուրքերն այդպես էլ չտեղադրեցին, բայց երբեք չեն բարեհաճի վայր իջնել մեղսավոր գետնին և խորհել, ասենք, գյուղատնտեսության հիմնախնդիրների և հայ գյուղացիության ստրկական վիճակի մասին, որը պետք է որ նույն չափով ամենազոր այդ գենի կրողը լինի, կամ՝ խոսել կոռուպցիայի և բռնության մասին, որն ամեն օր պետական մակարդակով իրականացվում է Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: Մի խոսքով՝ նրանք սա չեն անի, եթե, իհարկե, անհրաժեշտ չլինի քաղաքական շահարկումների համար:

Սակայն ագրեսիվ փոքրամասնությունն աչքի է ընկնում նրանով, որ ոչ ոք չի ցանկանում հակաճառել նրան, քանի որ դա հղի է (այդ թվում և) գլխացավով. ինչպես ժամանակին խորհրդային կուսակցական ղեկավարությունն էր լռելյայն համաձայնում «Ղարաբաղ» կոմիտեի հետ և խուսափում նրա հետ բախվելուց, այնպես էլ այսօր Հայաստանի ղեկավարությունը և հասարակայնությունը լուռ համակերպվում են փոքրամասնության գոյությանը: Ավելին, վատ վարվելակերպ է համարվում նրան հակաճառելը. օրինակ, ոչ ոք չի համարձակվի եթերով հայտարարել, որ Ռազմիկ Զոհրաբյանը ծանր հիվանդ մարդ է, որի տեղը հոգեբուժարանն է, քանի որ իրեն վտանգում է վտարյալ դառնալ: Դրա համար էլ մարդիկ նախընտրում են լռություն պահպանել, իսկ նախագահ Սարգսյանը՝ հանդուրժել պրն Զոհրաբյանին և նրա նմաններին երկրի իշխանական հիերարխիայում, երբեմն էլ՝ զիջել քաղաքական հարցերում (ասենք՝ ինչպես տեղի ունեցավ լեզվի մասին օրենքի հետ կապված):

Անշուշտ, Հայաստանի պասիվ մեծամասնությունը երբեք չի գնա ագրեսիվ փոքրամասնության հետևից, քանի որ այդ ուղին ոչ մի տեղ չի տանում, նման ուղի լինել չի կարող: Հետևաբար, պասիվ մեծամասնությանը մնում է դոփել տեղում, քանի որ չկա մեկը, որի հետևից իմանաս, թե ուր գնաս, ի տարբերություն քսանամյա վաղեմության իրականության:

Այսպիսով, գործունակ, իրականությունից չկտրված ագրեսիվ փոքրամասնության անհետացումը (կամ բացակայությունը) Հայաստանի անկախության ամենաէական ոչ ակնհայտ արդյունքն է:

 

Լճացում

Լճացումը պետք է որակել որպես հասարակական իրավիճակ, որի պայմաններում քաղաքական էլիտան ընտրում է ստեղծված իրականության կոնսերվացման քաղաքական գիծ և ամեն կերպ հակազդում է հասունացած փոփոխություններին: Էլիտայի շարժառիթն առաջին հայացքից միանգամայն ռացիոնալ է. այն վտանգ է տեսնում իրերի դրությունը փոխելու մեջ, քանի որ գիտակցում է ռեժիմի կառույցի փխրունությունը և սխալորեն կարծում, թե այն կարող է փլվել որևէ վերափոխմանն ուղղված քայլերի հետևանքով: Լճացած հասարակության քաղաքական էլիտան անտեսում է խնդրահարույց երևույթները, երբեմն հարթում է դրանք՝ բարդություններից խուսափելու համար, բայց ոչ մի պայմանով չի դիմում արմատական գործողությունների: Այդ էլիտան խուսափում է օբյեկտիվ իրականությունից և այն հասարակությանն է ներկայացնում արևաշող երանգներով, քանի որ չի կարող հայտարարել, որ պետությունում լուրջ խնդիրներ կան, որոնք ոչ ոք լուծել չի պատրաստվում:

ԽՍՀՄ քաղաքական էլիտայի վարքագիծն այդ տերության գոյության վերջին 20 տարիներին լրիվ նույնն է, ինչ և ներկայիս հայ էլիտայինը: Համոզվածություն լուսավոր ապագայի հանդեպ, հպարտություն քաջարի զինված ուժերի համար, հավատ պատմական ճշմարտացիության հանդեպ, պետության և ժողովրդի նկատմամբ հոգատարության ցուցադրում, վերջապես՝ սեփական եզակիության մեջ համոզվածություն և ուրիշներին դրանում համոզելու փորձեր. ահա թե ինչն է բնորոշում լճացած հասարակության էլիտայի վարքագիծը:

Բայց հարցն ուշադիր դիտարկելիս մենք ավելի զարմանալի պահեր ենք հայտնաբերում, օրինակ՝ ԽՍՀՄ-ի և ՀՀ-ի առաջնորդների պաշտոնական ելույթների ապշեցուցիչ նմանությունն ինչպես ոճաբանորեն, այնպես էլ գաղափարաբանական և բովանդակային տեսակետներից: Դիտարկենք մի երկու մեջբերում:

Լեոնիդ Բրեժնև, ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար. «Համագումարը սահմանեց մեր ներքին քաղաքականության և տնտեսական գործունեության հիմնական ուղղությունները հերթական հնգամյակի համար: Այդ քաղաքականության էությունն այն է, որպեսզի ապահովվի մեր երկրում կոմունիզմի կառուցման նոր բնագծերի նվաճումը, ձեռք բերվի ողջ հանրային արտադրության արդյունավետության կտրուկ ավելացումը, աշխատավորների նյութական բարեկեցության անշեղ աճը, մեր Հայրենիքի պաշտպանունակության հետագա ամրապնդումը: Այս հնգամյակում մենք պետք է հասնենք գյուղատնտեսական արտադրության կայուն աճի, արդյունաբերության զարգացման բարձր տեմպերի: Այս ամենը նոր աստիճանի կբարձրացնի մեր պլանային տնտեսությունը...» 5:

Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ. «Արդեն այսօր վստահ կարելի է պնդել, որ 2010 թվականին բյուջեն իր ծախսերով կգերազանցի 2009 թվականին սպասվող փաստացի ծավալները: Ավելին, 2010 թվականի բյուջեն կգերազանցի անգամ 2009 թվականի համար ընդունվածը: Մենք Եվրոպական միությունից արտոնյալ միջոցներ ներգրավելու հնարավորություն ենք ստացել, ինչը թույլ կտա հետագայում մոտ 60 միլիարդ դրամով ևս ավելացնել 2010թ. բյուջետային ծախսերը: Արդյունքում՝ գալիք տարվա պետական բյուջեն իր ծախսային մասով ընդհուպ կմոտենա 1 տրիլիոն դրամի սահմանագծին: Հստակ է, որ հնարավորություն կունենանք ԱԺ ներկայացված նախագծում էականորեն ավելացնել ծախսերն այնպիսի կարևորագույն ուղղություններով, ինչպիսիք են տնտեսության զարգացումն ու արտահանման խթանումը, գյուղատնտեսության ենթակառուցվածքների զարգացումը, կրթության և պաշտպանության ոլորտները, ԼՂՀ-ին աջակցությունը և այլն: Շարունակվելու են երկրի միջազգային մրցունակության ապահովմանն ուղղված ակտիվ քայլերը, մասնավորապես, հարկային և մաքսային բարեփոխումները, բոլորի համար հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը, տարածքային համաչափ զարգացմանը, կենսաթոշակային բարեփոխումներին և երկրի ընդհանուր արդիականացումն ապահովելուն ուղղված ջանքերը» 6:

Այնուհետև ավելի հետաքրքիր է: Լ.Բրեժնև. «...Վերջապես, համագումարի աշխատանքի երրորդ կարևոր արդյունքն այն է, որ այն որոշումներ է ընդունել, որոնք կոչված են էլ ավելի ամրապնդելու մեր կուսակցությունը կազմակերպական և գաղափարաքաղաքական առումներով: Այդ որոշումները կնպաստեն կոմունիստների ավանգարդային դերի և հանձնարարված գործի հանդեպ նրանց պատասխանատվության բարձրացմանը, ներկուսակցական դեմոկրատիայի հետագա զարգացմանը, ժողովրդական լայն զանգվածների հետ կուսակցական կազմակերպությունների կապերի ընդլայնմանը և ամրապնդմանը: Դրանք կօգնեն կուսակցությանն ավելի լավ դաստիարակել կադրերին, ավելի հաջող լուծել կոմունիստական շինարարության ողջ գործընթացի ղեկավարման բարդ խնդիրները» 7:

Սերժ Սարգսյան. «Գոհունակությամբ եմ արձանագրում, որ ՀՀԿ-ն նաև հետևողական է իր հետագա կայացման գործում: Կուսակցության ներսում շարունակվում է վերահաշվառման գործընթացը, Հանրապետականը շարունակաբար բյուրեղանում ու ամրանում է: Տարածվում և զարգանում են մարզային, տարածքային ու սկզբնական կազմակերպությունները, ավելանում է հորիզոնական կոլեգիալ մարմինների՝ ծրագրանպատակային խորհուրդների և պրոֆեսիոնալ կուսակցական աշխատանքով զբաղվողների թվաքանակը: Այո, Հանրապետական կուսակցությունն այսօր ամրացող, ավանդույթներ ձևավորող ու տարածող լուրջ քաղաքական ուժ է: Այս առումով, կուսակցության ներսում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը երկրում ժողովրդավարության զարգացման կարևոր գործոն է ու շարունակելու է լինել այդպիսին: Ակնհայտ է, որ ներկուսակցական որոշումներ կայացնելու գործում ինչքան շատ գործեն ժողովրդավարական սկզբունքները, այնքան արագ է հասարակությունը հետևելու պետության կառավարման ղեկին կանգնած կուսակցության մոդելին» 8:

Դե, իսկ վերջաբանները, ինչպես և բոլոր վերջաբաններն աշխարհում, լի են ազնիվ մտադրություններով, միայն ծափահարություններն են, որ քաղաքական մոդայից պարբերաբար դուրս գալու և նորից այնտեղ մտնելու միտում ունեն:

Լեոնիդ Բրեժնև. «Ավարտելով համագումարի աշխատանքը՝ մենք հաստատ կարող ենք ասել, որ կուսակցությունը, միավորելով ողջ սովետական ժողովրդի ջանքերը, հաջողությամբ կլուծի այն մեծագույն խնդիրները, որոնք առաջադրել է XXIII համագումարը: (Երկարատև ծափահարություններ):

Կեցցե՛ Սովետական Միության Կոմունիստական կուսակցությունը՝ Լենինի կուսակցությունը: (Երկարատև բուռն ծափահարություններ):

Կեցցե՛ հերոսական սովետական ժողովուրդը՝ կոմունիզմի շինարարը: (Երկարատև բուռն ծափահարություններ):

Կեցցե՛ սոցիալիզմի, միջազգային կոմունիստական շարժման, արդիականության բոլոր հեղափոխական ուժերի միասնությունը և համերաշխությունը: (Երկարատև բուռն ծափահարություններ):

Կեցցե՛ և թո՛ղ հաղթի խաղաղության, դեմոկրատիայի, ազգային անկախության և սոցիալիզմի մեծ գործը: (Երկարատև բուռն ծափահարություններ):

Մարքսիզմ-լենինիզմի դրոշի ներքո՝ առա՛ջ, դեպի կոմունիզմի նոր հաղթանակներ: (Երկարատև բուռն և հոտնկայս ծափահարություններ)»:

Սերժ Սարգսյան. «Ուրեմն եկեք անընդհատ կրկնենք այն, ինչ վաղուց արդեն հայտարարել ենք:

Հայաստանն ամեն հաջորդ օրը պիտի ավելի լավը լինի, քան նախորդ օրն էր: Մենք բոլորս պիտի գործենք հենց այդ տրամաբանությամբ:

Ավելի լավ Հայաստանի տրամաբանությամբ:

Բարեկեցիկ Հայաստանի:

Հզոր Հայաստանի:

Հայաստանի, որտեղ ամեն ոք կարող է իրացնել իր հնարավորությունները և ոչ թե լավ կյանքի փնտրտուքներով հայտնվել արտասահմանում:

Որտեղ մարդն ունի աշխատանք ու արժանապատիվ վաստակ:

Որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է որակյալ ուսում ստանալ, իսկ յուրաքանչյուր տարեց մարդ՝ կենսաթոշակ, որը կարող է ապահովել արժանապատիվ կյանք:

Ավելի լավ Հայաստան՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար:

Ավելի լավ Հայաստան՝ երեխաների, աշխատողների, աշխատել ցանկացողների, հողագործների, ստեղծագործողների, ձեռնարկողների, հայրենիքը պաշտպանողների, տարեցների, հաշմանդամների համար:

Ավելի լավ Հայաստան՝ օտարության մեջ հայտնված զավակներին վերադարձնելու համար, տունդարձի համար:

Ավելի լավ Հայաստան՝ համայն հայության իղձերի իրականացման համար:

Ուրեմն՝ ի գո՛րծ:

Քե՛զ համար, Հայաստան:

Առա՛ջ, Հայաստան»:

Երկու առաջնորդներից կատարված մեջբերումները, կարծում եմ, մեկնաբանությունների կարիք չունեն. դրանք պերճախոս կերպով ներկայացնում են երկու երկրների օբյեկտիվ իրականությունը և դրա հանդեպ քաղաքական էլիտայի վերաբերմունքը, որը ոչ այլ ինչ է, քան ցանկալին իրականի տեղ հրամցնելը՝ համոզված լինելով, որ դա ճիշտ և արդյունավետ քաղաքականություն է: Անշուշտ, խոսք լինել չի կարող ԽՍՀՄ-ի և ՀՀ-ի համեմատության մասին. Խորհրդային Միությունը մեծ տերություն էր, վերահսկում էր աշխարհի կեսը, այնինչ Հայաստանի դեպքում մենք գործ ունենք failed state-ի հետ: Խոսքն ընդամենը նրանց համար ընդհանուր հասարակական լճացման մասին էր, որը հետագայում հանգեցրեց դրանցից մեկի փլուզմանը: Իսկ ինչ վերաբերում է երկրորդին, ապա Հայաստանի ապագան չէր սույն հոդվածի թեման, այլ ընդամենը նրա քսանամյա անկախության կոնկրետ արդյունքները:

 

ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՐԿԱՎՈՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՓՈԽԵԼ ՌԵԺԻՄԸ

Կարծում եմ՝ դա անիմաստ է, իրավիճակը պարզապես կվատթարանա իրադարձությունների տարերային զարգացման պարագայում, ինչպես տեղի ունեցավ Ղրղզստանում, որտեղ յուրաքանչյուր հեղաշրջում էլ ավելի էր խորացնում ճգնաժամը: Ռեժիմի փոփոխությունը սույն պահին անիմաստ է այն պատճառով, որ երկրում չկա ագրեսիվ (գործունակ) փոքրամասնություն, որն ի վիճակի լիներ հայտնաբերել կենսունակ գաղափարն ու դրանով հրապուրել պասիվ մեծամասնությանը:

 

ԱՄՓՈՓՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Վերջում հարկ է ասել, որ սկզբունքորեն ճիշտ չէ բացարձակացնել պետական անկախությունը: Այնպիսի պետությունների գլուխը, ինչպիսին են Կանադան, Ավստրալիան և այլն, օտարերկրացի միապետն է, բայց դրանից կանադացիները պակաս ազատ և պակաս սուվերեն չեն դարձել: Պետք է հիշել այն մասին, որ անկախությունը չպետք է լինի ժողովրդի երազանքների սահմանագիծը, որովհետև ոչ թե ժողովուրդն է, որ գոյություն ունի անկախության համար, այլ անկախությունը՝ նրա, քանի որ հենց անկախությունն է նպատակներին հասնելու միջոցը, այլ ոչ թե ժողովուրդը: Եվ եթե կարողանան անկախությունից օգտվել հավուր պատշաճի, ապա դա, անկասկած, բարիք կլինի ժողովրդի համար: Իսկ պետության անկախության էությունը նրա սուվերենությունն է. կարելի է հռչակել պետական անկախություն և ճանաչվել համաշխարհային հանրության կողմից, բայց սուվերենություն չունենալ արտաքին և ներքին գործերում, ինչպես ԱՊՀ շատ երկրների, այդ թվում և Հայաստանի պարագայում է, որի սուվերենությունը Քոչարյանի տասնամյա կառավարման արդյունքներով այսօր գրեթե զրոյի է հանգեցվել. եթե պետությունն արդեն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն կրթական քաղաքականություն իրականացնել, ապա դա արդեն լուրջ է: Վերջապես, ամենագլխավորը. համոզմունքն այն բանում, թե իբր միայն անկախությունն է երաշխիքը ազգային զարգացման, բարգավաճման, բարեկեցության, ինքնության պահպանման, հասարակական համաձայնության և ներքին անդորրի՝ բացարձակ նախապաշարմունք է: Անկախության հասնելով բազում ժողովուրդներ դարձան, մեղմ ասած, բոմժ ու համբալ, իսկ հետխորհրդային բոլոր failed state-երի ողբերգական ճակատագիրը ասվածի վառ հաստատումն է:

Նորագույն ժամանակաշրջանի Հայաստանի պատմությունը միանգամայն բնական և օրինաչափ է: Անպայման պետք է պատերազմ բռնկվեր, անպայման պետք է շրջափակում հետևեր՝ տնտեսության համար ծանր հետևանքներով: Անպայման պետք է զինվորական օլիգարխիա ծնվեր, ինչպես և հաղթանակած բոլոր նոր կազմավորված երկրներում: Եվ, իհարկե, անպայման պետք է ի հայտ գար կոռումպացված օլիգարխիական ռեժիմ, քանի որ Արևելքը և ինքնիշխան արևելյան պետությունը (ավելի ստույգ՝ հանրապետությունը) առանց կոռուպցիայի՝ նույնն է, ինչ ծառն առանց արմատների: Հայաստանի ապագան կզարգանա նույնքան բնական և օրինաչափ, որքան նախորդ 20 տարիներին, իսկ թե ինչպես՝ կտեսնենք այն բանից հետո, երբ այն պատմություն դառնա:

Մի խոսքով՝ հայերն ստացան այն պետությունը, ինչը կարողացան կառուցել: Ոչ ավելի, ոչ պակաս: Կարո՞ղ էր երկիրն ավելի լավ կամ ավելի վատ լինել: Կարծում եմ՝ դա բացառված է, քանի որ այդ դեպքում Հայաստանը պետք է բնակեցվեր այլ ժողովուրդներով: Հետևաբար, հարկավոր է հանգիստ վերաբերվել հայ իրականությանը, անկախ այն բանից՝ արդյոք այն ընդունելի է մեզ համար, թե ոչ: Հարկավոր է հասկանալ, որ մեզ տրված չէ փոխել այն անկախության պայմաններում. այլ բան է, եթե ջանանք պոզիտիվ տարրեր ներմուծել այնտեղ: Ըստ էության, այդ էլ ուզում է հայ ժողովուրդը, որովհետև այնուամենայնիվ հասկանում է, որ ավելիին հավակնել չարժե...

 

1 Օրինակ, ԽՍՀՄ-ի օրոք Թուրքմենական ԽՍՀ-ում, պետական ինքնիշխանության բացակայության պայմաններում, գործում էին դրամատիկական թատրոններ, գեղարվեստական բուհեր, ֆիլհարմոնիա և ուրիշ շատ հաստատություններ, որոնք անհետացան անկախության ձեռքբերման հետ. նոր՝ Մոսկվայից անկախ թուրքմենական էլիտային նման բաները չէին հետաքրքրում, քանի որ եվրոպական արժեքներն օտար էին միջինասիացի ժողովրդին: Անշուշտ, 70-ամյա դարաշրջանի ձեռքբերումներից հրաժարվելը և հասարակությանը լուսավորչությունից զրկելու բռնի կամպանիան չի կարելի որակել իբրև քայլ առաջ, և այստեղից ծագում է մյուս հարցը. արդյո՞ք Թուրքմենստանի վրա դրականորեն անդրադարձավ կայսրության փլուզման հետևանքով ձեռք բերված անկախությունը: Կարծում եմ՝ պատասխանը միանշանակ է:

2 Արդեն երկար տարիներ շաքարի ներմուծման մոնոպոլ իրավունքները պատկանում են «Սալեքս» ընկերությանը, որը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Ներկայումս Շիրակում գործարկման է պատրաստվում նրա կառուցած շաքարի գործարանը: Անշուշտ, Ալեքսանյանին գործարանը վերջին հաշվով պետք չէր, քանի որ շաքարի մոնոպոլ ներկրումը և հետո այն բնակչությանն ավելի բարձր գներով վաճառելը, ինչը գերշահույթ էր ապահովում, անհամեմատ ավելի շահավետ բիզնես է, քան սեփական արտադրության կազմակերպումը: Հավանաբար, պատգամավոր Ալեքսանյանին երկրի քաղաքական ղեկավարությունն է հարկադրել գործարան կառուցել՝ սպառնալով հրաժարվելու դեպքում հետ վերցնել ներմուծման մոնոպոլ իրավունքները: Սա այն դեպքն է, երբ քաղաքական իշխանության ստվերային միջամտությունը բիզնեսին պետք է ողջունել, քանի որ հակառակ դեպքում հայ ժողովուրդը դատապարտված կլիներ ապրել հանուն պրն Ալեքսանյանի վիթխարի կարողության կուտակման: Իսկ այսպես գոնե մի օգուտ կլինի ժողովրդական ընտրյալից. աշխատատեղեր կստեղծվեն Գյումրու մերձակայքում, միևնույն ժամանակ՝ տեղի գյուղացիությունը շաքարի ճակնդեղի երաշխավորված սպառման հնարավորություն կստանա:

3 Մի քանի տարի առաջ Շիրակի մարզից բնակչության արտագաղթին հաջողությամբ աջակցեց բնակարանային սերտիֆիկատների ամերիկյան ծրագիրը: Դրա էությունն այն էր, որ անօթևան մնացած քաղաքացիներին միջոցներ տրամադրվեն աղետի գոտում բնակարան ձեռք բերելու համար: Ամերիկյան կառավարության այս ազնիվ քայլն առայսօր ողջունվում է հայ հասարակայնության կողմից, քանի որ ոչ ոք այդպես էլ գլխի չընկավ, որ սերտիֆիկատների ծրագիրն ըստ էության դիվերսիա էր: Չէ՞ որ այն բնակարանային հարցը չէր լուծում, քանի որ անօթևանների թվաքանակն անփոփոխ էր մնում. ծրագիրն ընդամենը բնակարան է տրամադրել մի ընտանիքի՝ անտուն դարձնելով մեկ ուրիշի, որն անմիջապես ամերիկացիների փողերով ուղևորվել է փախստականների համար եվրոպական ճամբարներ: Հասկանալի է՝ այսօր Շիրակում չէինք ունենա Հայաստանը լքած քաղաքացիների այդքան տպավորիչ թիվ, եթե չլիներ ամերիկացիների օժանդակությունը: Իսկ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կամք չունեցավ ամերիկյան կողմին առաջարկելու խելամիտ և օգտակար տարբերակ, այն է՝ բնակարան կառուցել այդ նույն միջոցներով և տրամադրել չունեցողներին, ինչն էլ կնշանակեր բնակարանային հարցի իսկական լուծում աղետի գոտում, այլ ոչ թե «բիրիկով» գնել գոյություն ունեցող բնակֆոնդը՝ դրանով իսկ չկրճատելով անօթևան քաղաքացիների թիվը:

4 Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում, Մեքսիկայում այսօր գրեթե չկան սիմֆոնիկ նվագախմբեր, որոնցում չնվագեին Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտները:

5 Լ.Բրեժնևի՝ ԽՄԿԿ XXIII համագումարի փակմանն արտասանած ելույթից, 1966թ. ապրիլի 8:

6 Ս.Սարգսյանի՝ ՀՀԿ XII համագումարի ելույթից, 2009թ. նոյեմբերի 28:

7 Նույն տեղում:

8 Նույն տեղում:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am