Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Ապրիլ 2008, N 1

«Ի ՞ՆՉ Է ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Իմանուիլ Կանտ


1784 թվական1 

Լուսավորությունն այն է, երբ մարդ դուրս է գալիս անչափահասության վիճակից, որում գտնվում է իր մեղքով: Անչափահասությունը` առանց կողքից ինչ-որ մեկի ղեկավարության սեփական դատողականությունից օգտվելու անկարողությունն է: Անչափահասությունն իր մեղքով. դա այն է, որի պատճառը ոչ թե դատողականության անբավարարությունն է, այլ` առանց կողքից ինչ-որ մեկի ղեկավարության դրանից օգտվելու վճռականության և քաջության պակասը: Sapere aude! – քաջություն ունեցիր օգտվելու սեփական խելքից: Հետևաբար, այս է Լուսավորության նշանաբանը:
Ծուլություն և վախկոտություն. ահա պատճառներն այն բանի, որ մարդկանց այդքան մեծ մասը, որոնց բնությունը վաղուց արդեն ազատել է ուրիշի ղեկավարությունից (naturaliter maiorennes), այնուամենայնիվ, ամբողջ կյանքի ընթացքում հոժարակամ անչափահաս է մնում. այդ նույն պատճառներով ուրիշներն այդպես հեշտությամբ յուրացնում են նրանց խնամակալը լինելու իրավունքը: Չէ՞ որ այնքան հարմար է անչափահաս լինելը: Եթե ես ունեմ գիրք, որը մտածում է իմ փոխարեն, եթե ես հոգևոր հովիվ ունեմ, որի խիղճը կարող է փոխարինել իմին, և բժիշկ, որն ինձ այսինչ կենսակերպն է նշանակում և այլն, ապա ինչո՞ւ պետք է ես ինձ անհանգստություն պատճառեմ: Ինչո՞ւ մտածեմ, եթե ի վիճակի եմ վճարել. այդ ձանձրալի գործով իմ փոխարեն կզբաղվեն ուրիշները: Այն, ինչ մարդկանց զգալի մեծամասնությունը (և նրանց թվում` ամբողջ գեղեցիկ սեռը) ոչ միայն դժվար, այլև միանգամայն վտանգավոր է համարում - անցումը չափահասության - այդ արդեն խնամակալների հոգսն է, ովքեր այդքան սիրահոժար ստանձնում են այդ մեծամասնության գերագույն հսկողությունը: Այն բանից հետո,երբ այդ խնամակալները հիմարացրին իրենց ընտանի անասունին և խնամքով պահպանեցին նրանից, որպեսզի այդ հլու էակները համարձակվեին գոնե մի քայլ անել առանց օգնության, դեպի որը նրանց տանում են, այս ամենից հետո այդ էակներին նրանք մատնանշում են իրենց սպառնացող վտանգը, եթե նրանք փորձեն քայլել ինքնուրույն: Ճիշտ է, այդ վտանգն այնքան էլ մեծ չէ, չէ՞ որ մի քանի սայթաքումից հետո ի վերջո նրանք կսովորեին քայլել. սակայն այդ հանգամանքը նրանց անվճռական է դարձնում և վախեցնում է նրանց` հետ պահելով հետագա փորձերից:
Եվ այսպես, յուրաքանչյուր առանձին մարդու համար դժվար է հաղթահարել նրա համար գրեթե բնական դարձած անչափահասության վիճակը: Այն նրան նույնիսկ հաճելի է, և սկզբում նա իսկապես ի վիճակի չէ օգտվել սեփական խելքից, քանի որ նրան երբեք թույլ չեն տվել նման փորձ անել: Դրույթները և բանաձևերը բնական օժտվածության բանական օգտագործման կամ ավելի ճիշտ` չարաշահման այդ մեխանիկական զենքերը, մշտական անչափահասության շղթաներն են: Նույնիսկ նա, ով կազատվեր դրանցից, ընդամենն անվստահ թռիչք կկատարեր ոչ մեծ առվի վրայով, քանի որ նա վարժեցված չէ նման ազատ շարժման: Ահա թե ինչու միայն քչերին է հաջողվել իրենց ոգու կատարելագործման շնորհիվ դուրս գալ անչափահասության վիճակից և ամուր քայլեր անել:
Բայց շատ ավելի հնարավոր և նույնիսկ գրեթե անխուսափելի է, որ հասարակությունն ինքն իրեն կլուսավորի, եթե միայն նրան ազատություն տրվի: Քանզի այդժամ նույնիսկ ամբողջ գլխին խնամակալ կարգվածների մեջ կգտնվեն ինքնուրույն մտածողներ, ովքեր, դեն նետելով անչափահասության լուծը, շուրջը կտարածեն սեփական արժանապատվություն ողջամիտ գնահատման և յուրաքանչյուր մարդու ինքնուրույն մտածել կոչելու ոգին: Ընդ որում` հարկ է նկատի ունենալ, որ հասարակությունը, որ մինչ այդ նրանց կողմից դրվել էր այդ լծի տակ, այնուհետև հենց իրենց կստիպի մնալ դրա տակ, եթե հասարակությանը դրդեն դրան նրա որոշ խնամակալները, ովքեր ի վիճակի չեն որևէ լուսավորության: Ահա թե ինչ վնասակար է նախապաշարումների արմատավորումը, որոնք ի վերջո վրեժ են լուծում նրանցից, ովքեր ծնել են դրանք կամ ովքեր նախորդել են նրանց, ովքեր ծնել են դրանք: Այդ պատճառով հասարակությունը կարող է հասնել լուսավորության միայն աստիճանաբար: Հեղափոխության միջոցով, հավանաբար, կարելի է հասնել անձնական բռնակալության և շահամոլների կամ իշխանատենչների կողմից կեղեքման վերացման, բայց երբեք չի կարելի հեղափոխության միջոցով մտածելակերպի ճշմարիտ բարեփոխում իրականացնել. նոր նախապաշարումները, հների նման, որպես սատարիչ են ծառայելու անմիտ ամբոխի համար:
Այդ լուսավորության համար պահանջվում է միայն ազատություն, ընդ որում` ամենաանվնաս, այն է` սեփական բանականությունից հրապարակավ օգտվելու ազատություն բոլոր դեպքերում: Բայց ահա ձայներ եմ լսում բոլոր կողմերից. մի’ դատեք: Սպան ասում է. մի’ դատեք, այլ վարժվեք: Ֆինանսների նախարարության խորհրդականն ասում է. մի’ դատեք, այլ վճարեք: Հոգևոր անձը. մի’ դատեք, այլ հավատացեք: (Աշխարհում միայն մեն-մի տիրակալ2 է  ասում. դատե’ք  որքան ուզում եք և ինչի մասին ուզում եք, բայց հնազանդվեք): Այստեղ ամենուրեք ազատությունը սահմանափակված է: Սակայն ինչ սահմանափակում է խոչընդոտում լուսավորությանը: Իսկ ո՞րն է, որ ոչ թե խոչընդոտում, այլ նույնիսկ օժանդակում է նրան: Ես պատասխանում եմ. սեփական բանականության հրապարակային օգտագործումը միշտ պետք է ազատ լինի, և միայն դա կարող է լուսավորություն տալ մարդկանց: Սակայն բանականության մասնավոր օգտագործումը ոչ հազվադեպ պետք է լինի շատ սահմանափակ, բայց այնպես, որ առանձնապես չխոչընդոտի լուսավորության զարգացմանը: Սեփական բանականության հրապարակային օգտագործում ասելով ես հասկանում եմ այն, որն իրականացվում է ինչ-որ մեկի կողմից` որպես գիտնական ամբողջ կարդացող հասարակության առջև: Բանականության մասնավոր օգտագործում ես անվանում եմ այն, որն իրականացվում է մարդու կողմից` իրեն վստահված քաղաքացիական պաշտոնում կամ ծառայությունում: Հասարակության շահերին առնչվող որոշ գործերի համար անհրաժեշտ է մի մեխանիզմ, որի օգնությամբ հասարակության այս կամ այն անդամները կարող էին պասիվ լինել, որպեսզի կառավարությունն ի վիճակի լիներ արհեստական միաբանության միջոցով նրանց ուղղորդել հասարակական նպատակների իրականացման կամ գոնե զսպել նրանց այդ նպատակները ոչնչացնելուց: Այստեղ, իհարկե, թույլատրված չէ դատել, այստեղ հարկ է հնազանդվել: Բայց քանի որ [հասարակական] մեխանիզմի այդ մասն իրեն միևնույն ժամանակ համարում է ողջ հասարակության և նույնիսկ աշխարհի քաղաքացիների հասարակության անդամ, այսինքն, որպես գիտնական, որը դիմում է հանրությանը իր ստեղծագործությունների սեփական մտքով, ապա այդ գիտնականը կարող է, իհարկե, դատել` չվնասելով այն գործերին, որոնցով զբաղվել նրան հանձնարարված է որպես պասիվ անդամի: Խիստ կործանարար կլիներ, օրինակ, եթե սպան, որ ղեկավարությունից հրաման է ստացել, ծառայության մեջ գտնվելով սկսեր դատել այդ հրամանի նպատակահարմարության կամ օգտակարության մասին. նա պարտավոր է ենթարկվել: Սակայն, եթե արդար լինենք, նրան` որպես գիտնականի, չի կարելի արգելել նկատողություններ անել զինվորական ծառայության սխալների վերաբերյալ և դա առաջարկել իր հանրության քննարկմանը: Քաղաքացին չի կարող հրաժարվել սահմանված հարկերը վճարելուց. եթե նա պարտավոր է դրանք վճարել, ապա նա կարող է նույնիսկ պատժվել հարկատվության չարամիտ պարսավանքի համար` որպես զրպարտություն (որը կարող էր ընդհանուր ընդդիմություն առաջ բերել), բայց նույն այդ մարդը, չնայած դրան, չի հակասում քաղաքացու պարտքին, եթե որպես գիտնական հրապարակավ արտահայտում է իր մտքերը հարկման թերությունների կամ նույնիսկ անարդարացիության առիթով: Ճիշտ նույն կերպ պատարագիչը պարտավոր է կարդալ իր քարոզները Աստծո օրենքն ուսանող աշակերտներին և ծխականներին` եկեղեցու խորհրդանշանի համաձայն, քանզի այդ պայմանով էլ նշանակված է: Բայց որպես գիտնական նա լիակատար ազատություն ունի, և դա նույնիսկ նրա պարտքն է, հանրությանը հայտնել իր բոլոր մանրամասն մտածված և բարեմիտ խոհերը եկեղեցու խորհրդանշանի սխալի վերաբերյալ և առաջարկությունները կրոնական ու եկեղեցական գործերի ավելի լավ կարգավորման համար: Սրա մեջ ոչ մի այնպիսի բան չկա, ինչը կարող էր տանջել նրա խիղճը: Իրականում այն, ինչ նա սովորեցնում է որպես հոգևորական, նա շարադրում է իբրև մի բան, որի առնչությամբ նա ազատ չէ սովորեցնել ըստ սեփական ըմբռնման, այլ պարտավոր է շարադրել գրվածի համաձայն և ինչ-որ ուրիշի անունից: Նա կարող է ասել. մեր եկեղեցին սովորեցնում է այսպես և այսպես. ահա այն փաստարկները, որ բերում է եկեղեցին: Հոգևորականն իր ծխականների համար այս պարագայում դրույթներից դուրս է բերում այն ողջ գործնական օգուտը, որոնք ինքը չէր ստորագրի լրիվ համոզվածությամբ, բայց որոնք քարոզել նա պարտավոր է, քանի որ բացառված չէ այն հնարավորությունը, որ դրանցում թաքնված է ճշմարտությունը, համենայնդեպս, դրանցում ներքին կրոնին հակասող որևէ բան չկա: Չէ՞ որ եթե նա մտածեր, թե դրանցում կրոնին հակասող ինչ-որ բան կա, նա չէր կարողանա պատարագը մատուցել մաքուր խղճով և պարտավոր կլիներ հրաժարվել իր հոգևոր աստիճանից: Հետևաբար, քահանայի կողմից սեփական խելքն օգտագործելը ծխականների առջև` մասնավոր օգտագործում է, քանզի այդ ծխականները կազմում են մարդկանց միայն տնային, թեկուզև մեծ, հավաքածու: Ուստի նա, որպես քահանա, ազատ չէ և չի կարող ազատ լինել, քանի որ ուրիշ հանձնարարություն է կատարում: Իսկ որպես գիտնական, ով իր ստեղծագործությունների միջոցով խոսում է իսկական հանրության, այն է` աշխարհի հետ, սեփական բանականության հրապարակային կիրառմամբ, քահանան ունի իր խելքից օգտվելու և իր անունից խոսելու անսահմանափակ ազատություն: Իրականում մտածել, թե իրենք` ժողովրդի խնամակալները (հոգևոր գործերում) անչափահաս են, անհեթեթության մշտնջենական անհեթեթությունն է:
Բայց կարո՞ղ է արդյոք հոգևորականության ներկայացուցիչների մի ընկերակցություն` ժողովի կամ պատվարժան խմբի (դասի, ինչպես նրանց անվանում են Հոլանդիայում) նման մի բան, իրավունք ունենալ ուխտով պարտավորվել` սահմանել մի ինչ-որ անփոփոխ եկեղեցական սիմվոլիկա, որպեսզի այդ կերպ ձեռք բերի իր յուրաքանչյուր անդամի և նրանց միջոցով` ժողովրդի գերագույն խնամակալությունը և նույնիսկ հավերժացնի այդ խնամակալությունը: Ես ասում եմ. դա բացարձակապես անհնար է: Նման պայմանագիրը, որ կնքվում է բոլոր ժամանակներում մարդկությանը հետագա լուսավորությունից հետ պահելու նպատակով, բացարձակապես անվեհեր կլիներ, եթե նույնիսկ հաստատվեր բարձրագույն իշխանության, ռեյխստագի կողմից և ամենահանդիսավոր խաղաղ պայմանագրերով: Ոչ մի դարաշրջան չի կարող պարտավորվել և ուխտել հաջորդ դարաշրջանը դնել այնպիսի վիճակի մեջ, երբ նրա համար անհնար կլիներ ընդլայնել իր (առաջին հերթին` հրատապորեն անհրաժեշտ) գիտելիքները, ազատվել սխալներից և ընդհանրապես առաջ շարժվել լուսավորության ուղղությամբ: Դա հանցագործություն կլիներ մարդկային բնության դեմ, որի սկզբնական կոչումը հենց այդ առաջ շարժվելու մեջ է: Եվ ապագա սերունդները լիակատար իրավունք ունեն դեն նետել նման որոշումները` որպես չարամիտ և ապօրինի ընդունվածներ: Այն ամենի չափանիշը, ինչն ընդունվում է որպես օրենք այս կամ այն ժողովրդի համար, ամփոփվում է հետևյալ հարցում. ինքը` ժողովուրդը, կընդունե՞ր արդյոք իր համար այդպիսի օրենք: Այն կարող էր ընդունելի լինել կարճ ժամանակով` կարծես որոշակի կարգ մտցնելու համար լավագույնի ակնկալիքով: Ընդսմին` անհրաժեշտ կլիներ յուրաքանչյուր քաղաքացու նախևառաջ` քահանայի ազատություն տրամադրել որպես գիտնական հրապարակավ, այսինքն, իր ստեղծագործություններում, գոյություն ունեցող կարգի թերությունների վերաբերյալ դիտողություններ անելու համար, ընդ որում` մտցված կարգը տակավին կշարունակվեր այնքան ժամանակ, քանի դեռ այդ գործերի էության մասին հայացքները հրապարակավ չեն տարածվել և ապացուցվել այնքան, որ գիտնականները, միավորելով իրենց ձայները (թեկուզ ոչ բոլորի), կարողանային գահի առջև ներկայանալ առաջարկությամբ, որ իրենց պաշտպանության տակ վերցնեն այն համայնքները, որոնք միահամուռ արտահայտվում են հօգուտ կրոնական կարգի փոփոխության` չխոչընդոտելով, սակայն, նրանց, ովքեր ցանկանում են հավատարիմ մնալ հնին: Բայց բոլորովին անթույլատրելի է համաձայնության գալ ինչ-որ մշտական, որևէ մեկի կողմից հանրային կասկածի չենթարկվող կրոնական կարգի շուրջ, թեկուզ նույնիսկ մեկ մարդու կյանքի տևողությամբ, և դրանով իսկ դեպի կատարելագործում մարդկության շարժումից բացառել ժամանակի ինչ-որ միջակայք, այդ միջակայքը դարձնել անպտուղ և դրանով իսկ` նույնիսկ վնասակար ապագա սերունդների համար: Մարդն անձամբ, ինքն իր համար կարող է հետաձգել լուսավորությունը - և նույնիսկ այս դեպքում` միայն որոշ ժամանակով - այն հարցերում, որոնք հարկ է, որ նա իմանա: Բայց իր համար անձամբ և առավել ևս` ապագա սերունդների համար լուսավորությունից հրաժարվելը նշանակում է խախտել և ոտնահարել մարդկության սրբազան իրավունքները: Բայց այն, ինչ հենց իր համար չի կարող որոշել ժողովուրդը, ժողովրդի հանդեպ առավել պակաս իրավունք ունի վճռելու միապետը: Չէ՞ որ օրենսդրի նրա վարկը հենվում է հենց այն բանին, որ նա իր կամքի մեջ միավորում է ժողովրդի համընդհանուր կամքը: Եթե նա ուշադրություն է դարձնում միայն այն բանին, որ ցանկացած ճշմարիտ կամ կարծեցյալ կատարելագործություն համաձայնեցվի քաղաքացիական կարգի հետ, ապա նա կարող է թույլ տալ, որ իր հպատակներն իրենք որոշեն` ի’նչ են անհրաժեշտ համարում անել իրենց հոգու փրկության համար. դա նրան չի վերաբերում, նրա գործն այն է, որ հետևի, որպեսզի ոչ ոք բռնությամբ չխոչընդոտի ուրիշին` զբաղվել այդ փրկության որոշմամբ և իր ուժերի չափով նրան աջակցելով: Նա վնասում է իր մեծությունը` միջամտելով այդ գործերին, երբ իր կառավարությանը վստահում է այն ստեղծագործությունների վերահսկումը, որոնցում նրա հպատակները փորձում են հղկվել իրենց հայացքներում, ինչպես նաև` երբ նա դա անում է սեփական վսեմագույն հայեցողությամբ` դրանով իսկ արժանանալով նախատինքի. Caeser non est supra Grammaticos, և էլ ավելի մեծ չափով` այն ժամանակ, երբ նա իր բարձրագուն իշխանությունը նսեմացնում է այնքան, որ իր պետությունում սկսում է պահել առանձին տիրանների հոգևոր բռնակալություն իր մնացյալ հպատակների հանդեպ:
Եթե հարց տրվի` արդյո՞ք մենք ապրում ենք լուսավորյալ դարում, ապա պատասխանը կլինի. ոչ, բայց մենք ապրում ենք լուսավորության դարում: Դեռ շատ բան է պակասում այն բանի համար, որ մարդիկ, ներկայումս ստեղծված հանգամանքներում, ամբողջությամբ վերցրած արդեն ի վիճակի լինեին կամ կարողանային գտնվել այնպիսի վիճակում, որ կրոնի գործերում հուսալիորեն և լավ օգտվեին սեփական դատողականությունից, առանց մեկ ուրիշի ղեկավարության: Բայց առկա են ակնհայտ նշաններն այն բանի, որ նրանց համար այժմ բաց է դրանում կատարելագործվելու ճանապարհը, իսկ լուսավորության ճանապարհին ընկած կամ անչափահասության վիճակից (որում մարդիկ գտնվում են սեփական մեղքով) դուրս գալու խոչընդոտներն ավելի ու ավելի են պակասում: Այս առումով մեր դարը լուսավորության կամ Ֆրիդրիխի դար է:
Թագավորը, ով իր համար անվայելուչ չի համարում ասել, թե իր պարտքն է համարում ոչինչ չպարտադրել մարդկանց կրոնական գործերում, այլ նրանց այդ հարցում լիակատար ազատություն տրամադրել, ով, հետևաբար, հրաժարվում է նույնիսկ հպարտ` հանդուրժամիտ մակդիրից, այդպիսի թագավորն ինքն է լուսավորյալ և արժանի է, որ երախտապարտ ժամանակակիցները և նրանց սերունդները փառաբանեն նրան, որպես թագավորի, ով մարդկային ցեղն ազատել է անչափահասությունից` գոնե այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է կառավարության խնամակալությանը, և յուրաքանչյուրին ազատություն է տվել օգտվել սեփական բանականությունից խղճին վերաբերող գործերում: Այդպիսի թագավորի օրոք հոգևորականության մեծահարգ ներկայացուցիչները, առանց իրենց ծառայողական պարտավորություններին վնասելու, կարող են որպես գիտնականներ ազատ և հրապարակավ արտահայտել իրենց դատողություններն ու հայացքները, ովքեր այս կամ այն առումով շեղվում են իրենց ընդունած [եկեղեցական] սիմվոլիկայից. էլ ավելի մեծ չափով դա կարող է անել յուրաքանչյուր ոք, ով սահմանափակված չէ որևէ ծառայողական պարտականությամբ: Ազատության այս ոգին տարածվում է նաև դուրս, նույնիսկ այնտեղ, ուր նրան վիճակվում է պայքարել ինքն իրեն ճիշտ չհասկացող կառավարության ստեղծած արտաքին խոչընդոտների դեմ: Չէ՞ որ նման կառավարությունն իր առջև ունի օրինակն այն բանի, որ ազատության պարագայում անգամ նվազագույն կարիքը չկա հասարակական անդորրի ու անվտանգության մասին հոգալու: Մարդիկ իրենք ի վիճակի են աստիճանաբար դուրս գալ տգիտությունից, եթե որևէ մեկը չի փորձում միտումնավոր պահել նրանց այդ տգիտության մեջ:
Ես սահմանեցի լուսավորության հիմնական պահը, որ վերաբերում է իրենց իսկ մեղքով անչափահասության վիճակի մեջ գտնվելուց դուրս գալուն, գերազանցապես կրոնական գործերում, որովհետև արվեստների և գիտությունների առումով մեր իշխանավորները շահագրգռված չեն իրենց հպատակների խնամակալների դերակատարման մեջ: Բացի այդ, անչափահասությունը կրոնի գործերում ոչ միայն առավել վնասակար,այլև առավել խայտառակն է: Սակայն պետության` կրոնի հարցերում լուսավորությանն աջակցող ղեկավարն իր մտածելակերպում ավելի հեռուն է գնում. նա հասկանում է, որ անգամ իր օրենսդրության առումով որևէ վտանգ չկա նրանում, որ հպատակներին թույլատրվի հրապարակավ օգտվել սեփական բանականությունից, և նրանք բացահայտ շարադրեն իրենց մտքերը օրենսդրության լավագույն կազմման վերաբերյալ ու անկեղծորեն քննադատեն արդեն գոյություն ունեցող օրենսդրությունը. մենք արդեն ունենք նման փայլուն օրինակ, և այս առումով ոչ մի միապետ չի գերազանցել նրան, ում մենք մեծարում ենք ներկայումս3:
Սակայն միայն նա, ով ինքը լուսավորյալ լինելով` չի վախենում սեփական ստվերից, բայց միևնույն ժամանակ պահում է կարգապահ և բազմամարդ բանակ հասարակական անդորրը պահպանելու համար, կարող է ասել այն, ինչի համարձակությունը չի ունենա հանրապետությունը. դատե’ք որքան ուզում եք և ինչով ուզում եք, միայն հնազանդվե’ք: Այսպես այստեղ դրսևորվում է մարդկային գործերի տարօրինակ, անսպասելի շրջադարձը, և ընդհանրապես, դրանք պարադոքսալ են թվում, երբ դիտարկվում են ամբողջության մեջ: Քաղաքացիական ազատության բարձր աստիճանը, թվում է, գերազանցություն ունի ժողովրդի ոգու ազատության հանդեպ, սակայն այս վերջինին անհաղթահարելի պատնեշներ է դնում: Հակառակը, քաղաքացիական ազատությունների ցածր աստիճանը ժողովրդական ոգուն հնարավորություն է տալիս դրսևորել իր բոլոր ունակությունները: Եվ քանի որ բնությունն այդ ամուր պատյանի տակ բաց է արել մի սաղմ, որի մասին հոգում է ամենաքնքուշ ձևով, այն է` հակվածություն և կոչ մտքի ազատությանը, ուրեմն այդ սաղմն ինքը կներգործի ժողովրդի զգացումների կերպի (ինչի շնորհիվ ժողովուրդն աստիճանաբար ավելի ընդունակ է դառնում գործողությունների ազատության) և վերջապես նույնիսկ կառավարության սկզբունքների վրա, որն ինքն իր համար օգտակար է համարում մարդու հետ, որն ինչ-որ բանով ավելին է, քան մեքենան, վարվել իր արժանապատվությանը համապատասխան*:


*Բյուշինգի «WՕchentliche Nachrichten» -ում (սեպտեմբերի 13) ես կարդացի այսօր` սույն ամսի 30-ին, հղումը «Berlinische Monatsschrift»-ի այդ ամսվա համարին, որում հրապարակված է պրն Մենդելսոնի պատասխանը այդ նույն հարցին: Ես այդ համարը դեռ չեմ ստացել, այլապես ես ձեռնպահ կմնայի հարցին պատասխանելուց. իմ պատասխանը կարող է լինել միայն փորձով, և պատահաբար կարող է այնպես ստացվել, որ մեր մտքերը կհամընկնեն:  

1 Հոդվածը տպագրվել էր  1784 թ., «Berlinisce Monatsschrift» -ում,  IV, S. 481-494.
2 Նկատի ունի Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II-ին, ով սիրում էր իրեն գիտությունների և արվեստների «բարեկամի ու հովանավորի» տեղ դնել:
3 Կրկին նկատի ունի Ֆրիդրիխ II-ին:  

 

Share    



Գնահատում

Ինչպե ՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am