Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Սեպտեմբեր 2010, N 8

ԵՐԲԵՄՆԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԱՐԱՏՆԵՐԸ

ԿԱՄ՝ ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՄՏՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ

Ռուբեն Վարդանյան, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, Արիզոնայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր

Ումբերտո Էկոն ասում էր, որ Վրաստանում իրեն պատմում էին վրաց գրականության մեծ կոթողի՝ «Ընձենավորը» պոեմի մասին: Ինչին նա պատասխանել է. «Գուցեև պոեմը մեծ է, բայց ո՞վ է նրա մասին լսել Վրաստանի սահմաններից դուրս»:

Մեզ շրջապատող աշխարհն ավելի ու ավելի սրընթաց է փոխվում: Հեղեղի նման ավելանում են հակասությունները Երկրի վրա: Շատ բան փոխվում է նաև Հայաստանում: Որտե՞ղ ենք մենք այսօր: Ի՞նչ է մեզ սպասվում առջևում: Օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնությանը ցուցաբերված ռեակցիան, նացիոնալ-պոպուլիզմի պայթյունը հուշում են՝ ոչ մի լավ բան: Ամեն ինչ երերում է անպիտան հիմքի վրա: Ասում են՝ ցեմենտն այն չէ, բանաձևն այն չէ, դե, եղանակն էլ մի բանի նման չէ: Իսկ հիմնախնդիրը պարզ է. ջուրն է չափից ավելի շատ: Ազգային կրթության մասին նոր խորհրդածությունների առիթ հանդիսացավ «Հայաստանում օտարալեզու դպրոցների հակառակորդները պայքարի նոր ալիք են սկսում» փոքրիկ ակնարկը1:

Հայաստանում էլիտար կրթության և «Դիլիջան» միջազգային դպրոցի բարեգործական նախագծի շուրջ վերջերս կայացած բանավեճում, սեփական նշանակության ախտանիշով ծանրաբեռ և հոգեկան սթրիփթիզ նմանակող ծաղրածուների այդ շքահանդեսում, ավելի շատ հիմար, շինծու հռետորականություն կար, քան ողջամիտ առաջարկություններ և նոր լուծումներ: Բայց մտքի գաճաճների պոպուլիստական հիստերիկ զառանցանքի ազդեցության տակ հասարակությունը ծառս եղավ, և արդյունքում՝ հաղթեցին ողջ աշխարհի վրա չարացած և բարդույթավորված տհաս, գիտելիքների անբավարար պաշար ունեցող «պատգամախոսները»՝ մի գիտակցությամբ, որը ձևավորվել է ժամանակը շրջանցելով, փրփուրը բերնին կրելով այն բարբաջանքը, որը հիմնված է մանկության ժամանակ լսած առասպելների վրա: «Խավարամտություն խավարամտությանց»-ի պատասխանը դարձավ «Դիլիջան» միջազգային դպրոցի նախաձեռնողների բաց նամակը Հանրային խորհրդի անդամներին» 2 «Ստեղծված իրավիճակում մենք նախագիծը զարգացնելու հնարավորություն չենք տեսնում, քանի որ սկզբունքորեն սխալ է դպրոց ստեղծել մերժող միջավայրում»: Ինչպես Շվեյկը կասեր, եթե այն ամենից, ինչ այնտեղ ասվեց, ճիշտ է միայն կեսը, ապա այդ խայտառակությունն էլ կբավականացնի մնացած ողջ կյանքի համար:

Եվ այսպես, հաղթեց «գաղափարախոսությունը», որը մոտ քառորդ դար առաջ Հայաստանը շրջեց 180 աստիճանով՝ նրան քարե դար շպրտելով: Հաղթեցին մարդիկ, որոնք իրենց անձնական շահերը հրամցրել և շարունակում են հրամցնել որպես համընդհանուր շահեր: Հաղթեցին գաղափարախոսները, որոնք 20 տարի առաջ մեր ազգի գոյության իմաստը հանգեցրին անասնական գոյատևման, սնունդ ու ջուր, լույս ու ջերմություն հայթայթելուն, ինչը տեղի չունեցավ մեզ հետ միևնույն ժամանակ անկախություն ստացած ԽՍՀՄ և ոչ մի հանրապետությունում: Հաղթեց ազգային նեղմտության գաղափարախոսությունը: Անցած ժամանակաշրջանում «պատգամախոսները» ոչինչ չավելացրին իրենց զարգացման մեջ և հավատարիմ մնացին տնաբույս արժեքների վնասակար ու խեղված համակարգի գաղափարին: Փոխարենը հասցրին «պատգամախոսիկներ» աճեցնել և շարունակում են շաղափել ազգի ուղեղը: Նրանք ծանր քարի նման կախված են ժողովրդի շլնքին: Նրանց զառանցանքները մաշկի տակ են մտնում, խժռում մարդկանց հոգիները, նրանց վերածում բարոյապես հաշմված խեղանդամների: Մահաբեր այդ բորբոսն անուղղելի վնաս է հասցնում մեր տանը: Հայաստանը չի զարգանում, այլ մարում է: Որովհետև նորմալ չէ ապրել սեփական հողի վրա, սեփական պետության մեջ՝ ամբողջ աշխարհին հակառակվող վտարյալների գաղափարախոսությամբ:

Ինչո՞վ են պայմանավորված այն մարդկանց գործողությունները, որոնք փորձում են կանգնեցնել ժամանակը և սպառնալիք են դարձել երկրի ապագայի համար: Ինչո՞վ է պայմանավորված «գրագիտություն-կրթվածություն-իրազեկություն-մշակույթ-մենթալիտետ» շղթայի առաջին օղակներն արմատախիլ անելու նրանց խեղված-վայրենի ակցիան: Դա օրինաչափ պաշտպանական ռեակցիան է այն ակցիայի, որը կարող է ապագայում լույս սփռել երիտասարդ տարիքում նրանց կատարած հիմարությունների և ստորության վրա՝ պսակազերծելով հայրենասերի նրանց ուռճացված իմիջը: Նրանց գործողություններն այսօր լրիվ համապատասխանում են «Արևելյան տարածքների կառավարման» հայտնի հրահանգին. կրթությունը վտանգավոր է... Յուրաքանչյուր կրթյալ մարդ մեր ապագա թշնամին է...

 Մարդիկ, որոնց ուղեղները նրանք ապականեցին դեռ 80-ականների վերջին, որոնց մեծամասնությունը հայտնվեց սեփական հասարակության հետնախորշում, շարունակում են փախչել երկրից: Միայն վերջին 20 տարիներին հեռացել է Հայաստանի մեկ երրորդը: Մնացածների մոտ կեսը երազում է այդ մասին: Ուստի, հարկավոր է փրկել ոչ թե հայերենը, որի հետ երբեք ոչինչ չի կարող պատահել, ինչպես չի պատահել օտարի լծի տակ անցած մեր բազմադարյա պատմության ընթացքում, այլ Հայաստանը` լեզվի «փրկիչներից», որոնց մեղքով երկիրը հայտնվել է գլոբալ հանրության հետնաբակում: Նրանց «լծի» արդյունքում կարող է կորչել երկիրն ինքը, իսկ նրա անվանումը կարող է մնալ միայն պատմական քարտեզների վրա:

Իհարկե, պատմությունը նրանց կլվանա զուգարանակոնքի պարունակության նման, և կարելի կլիներ աչք փակել նաև այս ակցիայի վրա, բայց կրթության հարցը երկրի նպատակների ածանցյալն է, և հենց այդ հարցն է որոշում՝ ընդմիշտ կմնա՞նք Ասիոպայում, մեզ համար սովորական միջակ երկրների ճահճում, թե՞, այնուամենայնիվ, կընտրենք ժամանակին ավելի համապատասխանող Եվրասիան, ինչն, առաջին հերթին, կախված է մեր ինքնանույնականացումից: Ո՞վ ենք մենք՝ Եվրասիա՞, թե՞ Ասիոպա հարցի պատասխանից է կախված մեր ապագան:

Ե՛վ տարածքով, և՛ մենթալությամբ մենք ավելի շատ Ասիա ենք, բայց մեր մեջ մի քիչ նաև Եվրոպա կա: Ինչո՞վ է Ասիան տարբերվում ոչ-Ասիայից: Գլոբալացման արդի պայմաններում Ասիան ավելի շուտ ոչ թե աշխարհագրական դիրք է, այլ կենսակերպ և մենթալիտետ: Ասիայի 49 անկախ պետությունների մեծամասնության առանձնահատկությունը կարելի է համարել դրանց քաղաքական անհասկանալիությունը և զարմանալի տնտեսական անարդյունավետությունը: Բայց դրանց մեջ են Ճապոնիան և Հարավային Կորեան, Սինգապուրը, Հոնկոնգը և Թայվանը, Ֆիլիպինները, Մալայզիան և Թաիլանդը, վերելք ապրող Չինաստանն ու Հնդկաստանը, դեպի ուր գնում են արդյունաբերությունը, գիտությունը, ֆինանսները, կրթությունը: Այդ երկրները բացառություն են, որովհետև համարձակվեցին և կարողացան մշակել իրենց զարգացման «վերէթնիկ» նախագծեր, կարողացան կապիտալ ներգրավել: Նրանց «ազգային գաղափարը» կարելի է ձևակերպել այսպես. «Այլ ժողովուրդներից վերցնել ամեն լավը և օգտագործել մեր ժողովրդի կյանքը բարելավելու համար», ինչը տրամագծորեն հակառակ է մեր «պատգամախոսների» գաղափարախոսությանը՝ ազգն ամփոփել ինքն իր մեջ: Համանման ձևով գործելու, ապագան կառուցելու փոխարեն «պատգամախոսներրը» ազգին ստիպում են ապրել միայն անցյալով: Բայց տարօրինակն այն է, որ պատմությունը չես շտկի: Կարելի է վայնասուն բարձրացնել, ողբալ անցյալի համար, ոտքերը գետնին զարնել, բայց դա ոչինչ չի փոխի: Ժամանակն է հասկանալ, որ բացառապես դեպի անցյալ նպատակադրվածության արդյունքում մենք աստիճանաբար մեզ զրկում ենք ապագայից, դաշնակիցներից, գործընկերներից, բարեկամներից և նույնիսկ նախկին «մերոնքականների» կարեկցանքից: «Հատուկ ուղի» ընտրած և արդի քաղաքակրթությանը մասնակցելուց հրաժարված ազգային պետության ճակատագիրը պատմական արգելոցի վերածվելն է: Հայաստանը վաղուց ոչինչ չի արտադրում: Սարսափելի և ցավալի է նայել գործարանների ու ֆաբրիկաների դատարկ ակնախոռոչներին: Արդյունաբերությունը շունչը փչել է: Տնտեսություն չկա: Գիտությունն ու կրթությունը զրոյական են: Բացի սուղ բնական ռեսուրսներից ոչինչ չի մնացել: Կյանքը խաղից դուրս վիճակում է: Ծամծմված բաներ են, բայց այս ամենն այդպես է: Այսօր մենք նույնիսկ զարգացող երկրների կարգին չենք պատկանում, որոնք ոչ մի կերպ չեն զարգանում և, միևնույն ժամանակ, մերժում ենք զարգացման փորձերը: Մեր ազգին այսօր ակնհայտորեն Իմաստը չի հերիքում, ինչը հանգեցնում է նրա առաջընթաց այլասերմանը:

Արդեն քառորդ հարյուրամյակ է, ինչ իրենց հայկական գաղափարի մարտիկներ երևակայող «պատգամախոսները», որոնք քիչ բան գիտեն ու քիչ բան կարող են անել, բայց անվերապահորեն դատում են ամեն ինչի մասին, ժողովրդին ներշնչում են, թե ազգային տարազների շուրջպար-դիմակահանդեսը և ինտելեկտուալ տարածության սահմանափակումը հայերի զուտ մշակութային ժառանգությամբ՝ դա էլ հենց կյանքի պարադիգմն է Հայաստանի համար: Քսան և մի փոքր էլ ավելի տարիներին նրանց մոտ ոչինչ չստացվեց: Ո՛չ մի տեղ: Ինչին էլ որ ձեռք էին մեկնում, կամ կոնֆուզի էր վերածվում, կամ փորձանքի: Բայց, ցավոք, խավարամիտների պարզամիտ գաղափարախոսությունը շարունակում է գերեզմանաքարի նման ճնշել կենդանի մարդուն, որին սխալմամբ գերեզման են դրել:

Մինչ Հայաստանում կրթության խնդիրը լուծելը, մենք պետք է հստակեցնենք մի ամբողջ շարք հարցեր: Դարեր շարունակ բանավեճեր են վարում կրթության մասին, թե ինչ և ինչպես պետք է ուսուցանել մարդկանց: Շեշտը դնել գործնականում օգտակար գիտելիքների՞, թե՞ անձի ընդհանուր զարգացման վրա: Արդյո՞ք բոլորին հարկավոր է միանման կրթություն տալ, թե՞ պետք է հատուկ պատրաստել էլիտա, իսկ մյուսներին տալ անհրաժեշտ նվազագույնը: Կրթությունն արդյոք պետք է ունիվերսա՞լ լինի, թե՞ մասնագիտացված: Ուրիշ էլի շատ հարցեր կան: Այդ հարցերը չեն բացառում, այլ լրացնում և նույնիսկ հակասում են միմյանց: Բայց դրանք ծնում են հիմնական հարցը. իսկ ի՞նչ է ընդհանրապես կրթությունը: Ըստ սահմանումներից մեկի. «Կրթությունը համակարգված գիտելիքների, կարողությունների և հմտությունների յուրացման գործընթաց է: Կրթության գործընթացում տեղի է ունենում այն բոլոր հոգևոր հարստությունների, գիտելիքների փոխանցում սերնդից սերունդ, որոնք մշակել է մարդկությունը»: Ակնթարթորեն այլ հարց է ծագում. իսկ ի՞նչ է այդ դեպքում ազգային կրթությունը: Գրականության մեջ ուղղակի պատասխան գտնել չհաջողվեց: Սակայն կարելի է փորձել տալ հետևյալ սահմանումը և այնուհետև ղեկավարվել դրանով. «Ազգային կրթությունը համակարգված այն գիտելիքների հիմքերի յուրացման գործընթացն է և արդյունքը, որոնք մշակել է մարդկությունը՝ գումարած տվյալ ազգի լեզվի և պատմության իմացությունը համաշխարհային պատմության համատեքստում»: Մարդը մեծանում է որոշակի լեզվով, ազգային արժեքների վրա հիմնված սկզբունքներով, պահանջներով և արգելքներով, հանրային նորմերով ու կանոններով, բարոյական իղձերով միջավայրում, որոնցով սնվում է մանկությունից, հայրենի տան, դպրոցի, փողոցի, բակի օդի հետ միասին: Այս ամենը՝ միասին վերցրած, կազմում է այն հիմքը, որի վրա ձևավորվում է անձը: Կյանքի սկզբում մարդը տեսած և լսած կյանքի սկզբունքներն ընկալում է որպես աբսոլյուտ` նրանց համար ոչ մի այլընտրանք թույլ չտալով: Կյանքի փորձ կուտակելով՝ նա հասկանում է, որ այլ երկրներում, այլ հասարակություններում և պայմաններում մարդիկ այլ պատկերացումներ ունեն: Այսօր անձի ձևավորման վրա զգալիորեն ավելի մեծ մշակութային տարածք է ազդում, որը ներառում է և՛ ազգային առանձնահատկությունները, և՛ գլոբալ գործոնները: Պետական սահմանները դադարել են խոչընդոտ լինել հասարակության մեջ արտաքին մշակույթի ներթափանցման ճանապարհին: Ցանկացած ազգի մշակութային ինքնությունը՝ լեզուն, որով մարմնավորվում է աշխարհայացքը, այսօր այլ կերպ է ձևավորվում: Կինոնկարները, երաժշտությունը, գրականությունը, նորաձևությունը, սպորտը, երիտասարդական ենթամշակույթներն այն իրողություններն են, որոնք վաղուց դադարել են նույնական լինել ազգայինի հետ: Հենց դրանք էլ մեջտեղ են հանում այն կարծիքի պարզա-մեծամիտ վնասակարությունը, թե մեր կենսակերպն ու լեզուն մյուսներից ավելի շատ են վայելում մարդուն, թե մենք միշտ և ամեն ինչում առաջինն ենք եղել, միակն ու անկրկնելին:

Գլոբալացումը (անկախ նրանից՝ ընդունում ենք այն, թե ոչ) մեր ժամանակի նշանային գիծն է, որն, առանց բացառության, շոշափում է մարդկանց կենսագործունեության բոլոր կողմերը: Կրթության գլոբալացումը ուսուցման համակարգի հարմարեցումն է գլոբալացված տնտեսության պահանջներին: Վերջինի աճող կախվածությունը գիտելիքներից առաջ բերեց միասնական ստանդարտների վրա հիմնված Միասնական կրթական համակարգի ստեղծման գաղափարը: Կրթության միասնական համակարգը նպատակ ունի պատրաստել պրոֆեսիոնալ մասնագետներ: Ո՛չ ավելին: Հետևաբար, ինչպես ցանկացած խոշոր հասարակական-պատմական երևույթ, կրթության գլոբալացումը հսկայական հակասություններ է թաքցնում: Մասնավորապես, անդրազգային-ունիվերսալի, ընդհանուր հումանիտարի և ինքնատիպ ազգայինի հարաբերակցությունը կրթության մեջ: Աչքի է զարնում պարադոքսալ մի իրավիճակ, երբ, մի կողմից, տեղի է ունենում պրոֆեսիոնալ գիտելիքների աննախադեպ աճ, մյուս կողմից՝ կտրուկ նվազում է լիարժեք անձի զարգացմանն ուղղված հումանիտար պրոֆիլի գիտելիքների ծավալը: Կրթության ճգնաժամն էլ հենց կոնֆլիկտն է կրթության նախկին պարադիգմերի և գլոբալացման պահանջների միջև: Ուստի, ազգային կրթության արդիականացումը ժամանակի պահանջն է: Կրթության ցանկացած համակարգ, եթե մեկնակետը սա չէ, անհեռանկարային է: Ազգային արժեքները հարկավոր է հարգել և փայփայել, բայց դրանք դարձնել պետականության անկյունաքարը՝ վտանգավոր է: Եթե չկարողանանք ինտեգրվել գլոբալ շղթայում, եթե չսովորենք աշխատել միջազգային ստանդարտներով, անցնել նորագույն տեխնոլոգիաների, ապա նշանակություն ունեցող երկիր կառուցել մեզ չի հաջողվի: Կդառնանք ոչինչ: Իսկ հայերենով ուսումնասիրել մարդկության ստեղծած համակարգված բոլոր գիտելիքները` գրեթե անհնար է, որովհետև հայերենով չկա և չի կարող լինել գոյություն ունեցող ողջ ինֆորմացիան: Ցանկացած տեղեկատվություն մարդկանց համար հասանելի դարձնող, հարմար արխիվներ, ուղղակի և կայծակնային արագությամբ շփման հնարավորություն ունեցող Ինտերնետը ծնեց «կոճակ սեղմող» մարդուն, որն իրենով փոխարինեց ընթերցող, լսող և անգամ դիտող մարդուն: Արդյո՞ք իրական է և հարկավո՞ր է արդյոք ստեղծել հայկական ազգային որոնման համակարգեր, որոնք մրցունակ կլինեն գոյություն ունեցողների նկատմամբ, աշխարհում գոյություն ունեցող ողջ ինֆորմացիան թարգմանել հայերեն, ազգովի նստել ու թարգմանել անընդհատ հոսող ինֆորմացիան, որը, մինչև թարգմանության ավարտը, արդեն կհասցնի հնանալ: Հատկապես եթե թարգմանվի այն նույն խայտառակ մակարդակով, որով այսօր աշխարհին են ներկայացվում հայկական լրատվական ինտերնետ-պորտալները: Ուստի, քանի որ Երկրագնդի գրեթե 7 միլիարդանոց բնակչության միայն 0.1%-ից էլ պակասն է տիրապետում հայերենին, ապա գոնե միայն այն բանի համար, որ չհայտնվենք տեղեկատվական մեկուսացման մեջ, յուրաքանչյուր կրթյալ հայ՝ գրքին նայելով բան չհասկանալու փոխարեն, մայրենիից բացի պետք է նաև էլի երկու լեզվի տիրապետի: Այլապես մենք «կլռվենք» անցյալում, կվերածվենք ռեզերվացիայի, այն դեպքում, երբ մեզ շրջապատող աշխարհը սրընթացորեն կզարգանա: Հետևաբար, որպեսզի չսովորած դասերի երկիր չդառնանք, հայկական կրթության պարադիգմը կարող է մեկը լինել. վաղ մանկությունից, հենց որ երեխան մոր կաթի հետ ստանա մայրենի հայերենը, որն այլևս երբեք և ոչ մի տեղ չի հեռանա, չորս, հինգ, վեց տարեկանից սկսել երեխաներին սովորեցնել ռուսերեն և անգլերեն: Մի քանի ամսում երեխան ի վիճակի է շատ ավելի լավ սովորել լեզուն, քան մեծահասակը մի քանի տարում: Երկրորդ, երրորդ լեզուները մայրենիի մակարդակի չափով ավելի լավ յուրացվում են 5-12 տարեկանում, մոտավորապես մեկ տարում: Իսկ ավելի ուշ տարիքում սովորած օտար լեզուն մնում է ընդամենը սովորած առարկա՝ ընդգծված սպեցիֆիկ ազգային ակցենտով, և երբեք մայրենի չի դառնում: Ռուսերենը՝ անզուգական գրականության լեզուն, լեզու, որին աշխարհում մոտ 300 մլն մարդ է տիրապետում, մեզ անհրաժեշտ է շատ պատճառներով, ներառյալ և՛ մշակութայինը, և՛ քաղաքականը, և՛ կենցաղայինը: Չմոռանանք, որ Ռուսաստանը պարզապես երկիր չէ, այն հատուկ քաղաքակրթություն է, որի հետ մեզ շատ բան է կապում և շարունակելու է կապել: Այն աշխարհում միշտ գրավել և գրավելու է որոշիչ ու միանգամայն նշանակալի տեղ, իսկ նրա աշխարհաքաղաքական շահերը մերի հետ գրեթե նույնն են: Անտեսելու չտանք նաև այն, որ վերջին հարյուրամյակում համաշխարհային պատմության, գիտության և մշակույթի մեջ իրենց հետքը թողած հայերի մեծամասնությունն աշխարհին հայտնի են դարձել և դրանով իսկ Հայաստանն են ներկայացրել աշխարհին շնորհիվ հենց այն բանի, որ գիտակցաբար կամ պատահաբար հայտնվել և որպես անձ կայացել են Ռուսաստանում: Անգլերենը շփման միջազգային լեզու է (այն մայրենի լեզու է մոտ 410 մլն մարդու համար, դրանով խոսում է նաև մոտ 1 մլրդ մարդ): Այն մեզ անհրաժեշտ է օդի պես, որպեսզի ուղղակիորեն հասանելի լինի աշխարհում վայրկյանը մեկ ստեղծվող լրատվական և գիտատեխնիկական տեղեկատվությունը: Այն հարկավոր է, որպեսզի հնարավորություն ունենանք հաղորդակցվել համաշխարհային մշակույթի և գիտության գանձարանի հետ, կարողանանք հասկանալ և արտահայտվել դրանով, ուղղակի, անմիջական ձևով հասանելի լինեն տեղեկատվության բոլոր աղբյուրները, պատկերացում ունենալ աշխարհի զարգացման միտումների, իսկ աշխարհն էլ՝ մեր մասին: Երեք լեզուների համարժեք տիրապետում՝ գումարած առարկաների ստանդարտ հավաքածո, գումարած Հայաստանի պատմության օբյեկտիվ դասընթացը՝ համաշխարհայինի համատեքստում. սա էլ կկոչվի Հայկական ազգային կրթություն:

1815թ. Մոսկվայում բացվեց Լազարյան դպրոցը, 1824թ. Թիֆլիսում՝ Ներսիսյան վարժարանը, 1834թ. Պադուայում՝ Մուրադյան վարժարանը, 1836թ. Վենետիկում՝ Ռաֆայելյան վարժարանը, 1838թ.` հոգևոր ճեմարանը Կոստանդնուպոլսում, 1874թ.` Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1924թ. Նիկոսիայում՝ Մելքոնյան գիմնազիան, որոնք հայ ինտելեկտուալներ էին «թողարկում»: Տեսնենք երբ և որտեղ Հայաստանի սահմաններից դուրս կբացվի «Դիլիջան» միջազգային հայկական դպրոցը, ուր այն մերժած հայերը բոլոր միջոցներով կձգտեն ուղարկել իրենց երեխաներին և թոռներին:

 

1(http://www.armtoday.info/default.asp-Lang=_Ru&NewsID=30895&SectionID=0&RegionID=0&Date=09/03/2010&PagePosition=2).

2 http://www.168.am/ru/articles/4177-pr

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am