Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքական դիմանկարներ

Քաղաքական դիմանկարներ
Սեպտեմբեր 2010, N 8

ՏԱՍՆԵՐԿՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ

ՆԶՈՎՔԻ ԵՎ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԲԵՎԵՌՆԵՐԸ

Հովհաննես Չարխչյան, գրող, հրապարակախոս

Սկիզբը՝ նախորդ համարում

ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ

(01.03.1998-30.05.1999)

Արմեն Դարբինյանը վարչապետ նշանակվեց 1998թ. ապրիլի 10-ին՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Ասում են, թե պրովինցիալ ըմբռնումներով կաշկանդված նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա ուժեղ տպավորություն էր գործել Մոսկվայի համալսարանն ավարտած, տնտեսագիտության թեկնածու երիտասարդը, որը համարյա թե վազքով էր անցել իշխանություն տանող սանդուղքներով, թրծվել կենտրոնական բանկի ու ֆինանսների նախարարության «քուրայի վրա», ուներ «նյուվասյուկի»-ական ամպագոռգոռ ծրագրեր և չէր հարում քաղաքական որևէ թևի: Մյուս կողմից էլ՝ Քոչարյանի կատարած ընտրությունը կարող էր պայմանավորված լինել նրանով, որ «կոշտ նախագահ-քաղաքական հավակնություններ չունեցող վարչապետ» տանդեմը, ուզեր, թե չուժեր՝ որդեգրելու էր միայն այնպիսի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, որը նախորդ (քոչարյանական) կառավարության ծրագրից չէր տարբերվելու և փաստորեն լինելու էր դրա անդավաճան հոգեզավակը:

Ահա այս երկու «երնեկ»-ները մի տեղում տեսնել փափագող նախագահը չհրաժարվեց նաև երրորդից՝ ունենալ այնպիսի կառավարություն, որը պիտի այդուհետ կնքվեր մի նորահայտ բառով՝ արհեստավարժների, իսկ դրա ղեկավարը «Արհեստավարժաց արհեստավարժ»: Ասենք, տվյալ դեպքում խոսքը բոլորովին էլ նորամուծության մասին չէր, քանի որ կառավարություն ձևավորելու մեկ ուրիշ փորձ նույնպես չկար: Ոչ ոք չէր համարձակվի այդ բանն անել կուսակցական սկզբունքով՝ շատ լավ գիտակցելով, որ կուսակցությունները չէին արտահայտում հասարակության պահանջներն ու տրամադրությունները: Իսկ այսպես Դարբինյանի թիմը զերծ կմնար քաղաքականացվելուց՝ գործելով սոսկ իբրև տնտեսվարների ակումբ:

Ճիշտ է, նոր կառավարության կազմում առանցքային աթոռներին շարունակեցին նստած մնալ «առանցքային դեմքերը»՝ որպես քաղաքական իրավիճակի թելադրանքի արդյունք, սակայն Դարբինյանին հաջողվեց մի փոքր տեղ զավթել նաև յուրայինների համար, որոնք պիտի մարմնավորեին, այսպես կոչված, թարմ հոսանքը՝ հանձինս Դավիթ Հարությունյանի, Լևոն Մկրտչյանի, ՄՊՀ-ի շրջանավարտ Արտակ Վարդանյանի և էլի մեկ-երկուսի: Թերևս հենց այս փաստն էլ Դարբինյանին իրավունք էր տվել հետագայում առիթ-անառիթ կրկնել, թե «ինտելեկտի տեսակարար կշիռն այս կառավարությունում անհամեմատ բարձր է»: Սակայն նրանից քիչ ժամանակ պիտի պահանջվեր հասկանալու համար, որ 1990-ականների վերջի Հայաստանում ինտելեկտը դեռևս այն փաստարկը չէր, որ պիտի ապահովեր ձեռնարկած գործի հաջողությունը, և ոչ էլ նրա կադրերն էին «ուղեղային գրոհով» բարձունքներ նվաճող այն նվիրյալները, որոնց հետ կարելի էր սարեր շուռ տալ:

Արմեն Դարբինյանի առաջին օրերի խոստումը (տնտեսական աճը կլինի 7 տոկոս, սղաճը՝ 10 տոկոս մեկ տարվա ընթացքում) և Ազգային ժողովին ներկայացված տնտեսական զարգացման ծրագիրն այն ժամանակ ոչ ոք օվացիաներով չքաջալերեց: Ընդհակառակը, շատերը (և ոչ առանց հիմքերի) փաստեցին, որ այդ ծրագիրը չափազանց ընդհանրական է, ի մասնավորի՝ արդյունաբերության ոլորտում նշված չէին այն ճյուղերը, դեպի ուր պետք է ուղղվեին արտաքին և ներքին ներդրումները: Իսկ այնուհետև վրա հասավ այն, ինչից նա այդպես էլ չկարողացավ խուսափել իր պաշտոնավարման ողջ ընթացքում: Հայաստանի ամենաերիտասարդ կառավարությունը թաթախվեց խորհրդարանի հետ անվերջանալի ու անպտուղ վեճերի մեջ: Դարբինյանին ոչ մի գնով չէր հաջողվում որևէ օրինագիծ անցկացնել ԱԺ-ում: Արդյունքում՝ այլ բան չէր մնում, քան ավելի շատ մտածել այս խնդրի, այլ ոչ թե տնտեսության մասին: Ու չնայած վարչապետն այդպես էլ երբեք չկորցրեց հիացմունքն իր աշխատանքի և իրականացրած ազատական քաղաքականության նկատմամբ, սակայն կախվածությունը տվյալ պահի քաղաքական կոնյունկտուրայից եղավ ու մնաց նրա ամենամեծ արգելակը:

Չնայած այդ ամենին, Դարբինյանը չէր դադարում լինել անուղղելի իդեալիստ և ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս այնպիսի «նորարարական» նախաձեռնություններով, որոնք, մեղմ ասած, ոչ ընկալվելու և ոչ էլ, առավել ևս, կյանքի կոչվելու շանսեր ունեին: Իր նշանակումից մեկ շաբաթ էլ չէր անցել, երբ նա ազդարարեց այսպես կոչված «կադրերի բանկի» հիմնադրման մասին: Գաղափարը լավն էր, կատարումը՝ միամիտ: Ստացվում էր, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով իր գիտելիքներով պատրաստ էր ծառայել երկրին, պիտի հեռախոսը վերցներ ու զանգահարեր կառավարության կադրերի բաժին: Հասկանալի է, որ դրանից ոչինչ չստացվեց և շատ արագ մոռացման տրվեց:

Շատ չանցած՝ Դարբինյանը վարակվեց մեկ այլ գաղափարով: Կառավարություն հրավիրվեցին խոշոր տնտեսվարողները, և վարչապետը նրանց առաջարկեց, որ սրանք այսուհետ իքս քանակի հարկեր մուծեն, այսինքն՝ ինչ-որ ֆիքսված հարկերի մեխանիզմ պիտի կիրառվեր՝ ըստ պայմանավորվածությունների, փոխարենը՝ տնտեսվարողներն ապահով կլինեն իրենց հետագա գործունեության համար: Մի խոսքով, սա ավելի շատ մասնավոր գործարք էր, քան քաղաքական գիծ, և դարբինյանական փիլիսոփայության վերջակետը դրվում էր շատ ավելի վաղ, քան կարելի էր սպասել:

Էլ ավելի ձախողված հղացում էր վարչապետին կից մշակութային խորհուրդ ստեղծելը: Որքան էլ Դարբինյանը փորձեց այն կարևորել, միևնույն է, ստացվեց պարապ շատախոսների մի ակումբ, որն այդպես էլ ոչինչ չարեց ու անել չէր կարող: Բարի ցանկությունների պարկն անսպառ էր, միայն թե հասարակությունը ոչ մի գնով չէր ցանկանում կերակրվել այդ պարկի պարունակությամբ: Այժմ արդեն ժողովուրդը կառավարությանն անվանում էր «տեխնիկական» և գտնում էր, որ պետք չուներ նրանից սպասելու որևէ հիշատակելի ու օգտակար քայլ:

Բայց և այնպես Դարբինյանը շարունակեց իր փորձը՝ տնտեսական բարեփոխումներ և տնտեսական աճ իրականացնել զուգահեռաբար: Նա դեռ ջանում էր ամեն գնով կատարել պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ բյուջեի պահանջները, բարելավել մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, կարգավորել եկամուտների հավաքման վիճակը՝ հիմքեր ստեղծելով սոցիալական ոլորտի հետագա բարելավման համար: Նույնիսկ նախաձեռնեց բնակչությունից վճարների հավաքագրման տեղափոխումը բանկային համակարգ, ներդրվում էր գանձապետական համակարգը, կանոնակարգվում էին աշխատավարձերի ու կենսաթոշակների վճարումները, ավտոմատացվում էր ջրային ցանցը:

Հիմա արդեն դժվար է ասել՝ իրադարձությունների ընթա՞ցքն իր բացասական ներգործությունն ունեցավ, թե՞ ի սկզբանե Դարբինյանի ծրագրերին վիճակված չէր ունենալ իրենց տրամաբանական ավարտը, սակայն օգոստոսին վրա հասավ աղետը՝ մեր կառավարությանը թիկունքից «ծանր հարված հասցրեց» ՌԴ վարչապետ Սերգեյ Կիրիենկոն: Ռուսաստանում ծայր առած ճգնաժամը չէր կարող իր սև ստվերը չնետել առանց այդ էլ խոցելի տնտեսական վիճակի վրա: Ու եկավ գոտիները ձգելու շրջանը:

Դա Դարբինյանի համար ծանր ժամանակ էր: Լիբերալ մտածողության ու բարեփոխումների կողմնակիցը շարունակ տրտնջում էր, թե իր քայլերը դիմադրության են հանդիպում ոչ այնքան հասարակության, որքան այդ հասարակությանը պոպուլիզմով սնուցող պահպանողական ուժերի կողմից, խոտորված ընթացքը ոչ մի կերպ նրան թույլ չէր տալիս փայլել արհեստավարժի ողջ տաղանդով, իսկ փոխարենը յուրաքանչյուր օր նա ստիպված էր լինում վավերություն հաղորդել այնպիսի որոշումների, որոնք միայն ընդհատում ու նահանջ էին ազդարարում: Այդպիսի հարկադրանք էր նրա հոկտեմբերի 17-ի հանրահայտ հանձնարարականը, որով դադարեցրեց շինարարության ֆինանսավորումը: Այս քայլը ևս տեղավորեցին ռուսական ճգնաժամի սցենարում: Հետո նույն բանը արվեց, երբ պետական կարճաժամկետ պարտատոմսերի շուկան փլուզվեց, վերածվեց ավերակների: Բայց ինչքա՞ն կարելի էր շարունակել մեղքն ուրիշների վրա բարդելը: Ո՞վ կհավատար…

Այդ օրերի նրա միակ պաշտպանը նախագահն էր: Ահա թե ինչ էր ասում նախագահ Քոչարյանը կառավարության մասին 1998-ի հոկտեմբերին. «Հիմա համաշխարհային տնտեսության 42 տոկոսը ճգնաժամի լուրջ ազդեցության տակ է: Եվ այս պայմաններում այս փորձությունը մենք փաստորեն պատվով ենք անցնում, և եթե հաջողվի նաև մյուս բյուջեում լուրջ աճ նախատեսել, նման ճգնաժամային իրավիճակում դա լավագույն գնահատականը կլինի կառավարությանը: Ով ինչ ուզում է ասի՝ ԱՊՀ երկրներից ոչ մի երկիր էս ռուսական ճգնաժամի ազդեցությունը էս ձևով չի տարել: Եվ սա չգնահատել ու խոսել, որ կառավարությունը չի աշխատում, կամ չգիտի ինչ է անում, ուղղակի անգրագիտություն է»:

Բայց արի ու տես, որ նախագահից ու վարչապետից ոչ պակաս գրագետներ, այնուհանդերձ, այլ կարծիքի էին: 1998-ի բյուջեի եկամտային մասի հավաքագրումների թերակատարումը տարեվերջին բավական անցանկալի մթնոլորտ ստեղծեց վարչապետի համար: Նրան նաև մեղադրում էին խոստացված 1 միլիարդ դոլար օտարերկրյա ներդրումների մասին հեքիաթներ հորինելու համար, որից ընդամենը… 97 միլիոնն էր իրական: Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման նախաձեռնությունն ընդհանրապես յուղ էր լցնում այդ կրակի վրա: Սակայն ամենաաղմկահարույցն, այնուամենայնիվ, եղավ ու մնաց կառավարության սեփականաշնորհման ծրագրում Երևանի կոնյակի գործարանի, «Հայկական ավիաուղիների», «Արմենիա» հյուրանոցի ընդգրկումը, ինչը բազմաթիվ հակառակորդներ պարգևեց ձեռներեց արհեստավարժին:

Հենց այդ օրերին էր, որ Դարբինյանի ջղերը սկսեցին ավելի հաճախ տեղի տալ: Երբ մի անգամ նրան առաջարկեցին կոնյակի գործարանը վաճառել հայ գործարարներին, նա իրեն պարզապես կորցրեց. «Սա տնտեսական նացիոնալիզմի, ֆաշիզմի դրսևորում է»,- բացականչեց Արմեն Դարբինյանը՝ հավանաբար ինքն էլ իր որակումից ապշած: Մեկ այլ անգամ անզգույշ լրագրողը հարկադրեց վարչապետին հուզվել չափից ավելի: «Պաշտոնը փչացրեց Ձեզ. Դուք մեծամտացաք ու ինքնասիրահարված դարձաք»՝ թղթակցի դիտողությանը Դարբինյանը պատասխանեց. «Հարցրեք իմ ընկերներից: Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»: Իսկ երբ լրագրողը շարունակեց համառել՝ «Այնուամենայնիվ, կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ Դուք վարակվել եք աստեղային հիվանդությամբ», վարչապետը փրփրած ասաց. «Իհարկե ոչ: Իհարկե ոչ: Իհարկե ոչ»:

Խաղն, այնուամենայնիվ տանուլ էր տրված: Իր նշանակումից ուղիղ մեկ տարի հետո նա հաջորդ կառավարությանը ժառանգություն պիտի թողներ մակրոտնտեսական բոլոր հիմնական տվյալներով անկում ապրող տնտեսություն: Այդ անկումը կանխել չէր հաջողվելու ևս մեկ տարի:

Դարբինյանի կառավարման վերջին ամիսների մի շարք ցուցանիշներ բացահայտում են նրա լիակատար ձախողումը: Հայաստանում 1999թ. առաջին եռամսյակում արդյունաբերական անկումը կազմել էր 4,4 տոկոս, նվազել էին նաև համախառն արտաքին ակտիվները, որոնք մակրոտնտեսական կայունության հիմքն են: Արտահանման ծավալը հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել էր 9,1 տոկոսով: Ներմուծման ծավալը նույնպես կրճատվել էր 10,1 տոկոսով: 1999թ. առաջին եռամսյակում՝ արտաքին առևտրի ապրանքաշրջանառության ծավալը եղել էր 233,3 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 9,5 տոկոսով:

Երբ ամառնամուտին մեկնարկեցին խորհրդարանական ընտրությունները, բոլորի համար արդեն պարզ էր, որ Դարբինյանի օրերը հաշված են: Եղան մարդիկ, ովքեր Դարբինյանի կարգավիճակը գնահատեցին այսպես. երկու ընտրության արանքում նշանակված վարչապետ՝ հանուն այն բանի, որ վարչապետի աթոռը թափուր չմնա: Ոմանց հիշողության մեջ էլ նա մնաց իբրև մեկը, ով, իր խոսքերով ասած, մեծացել էր «սև իկրա ուտելով» և նաև մեկը, ով մութ գործարքի արդյունքում հաջողացրել էր ապրանքային վարկի տեսքով ստացված 43 հազար տոննա ցորենը ջրի գնով վաճառել «Միկա Արմենիա» ընկերությանը: Բայց դրանք արդեն, ինչպես ասում են, անցավոր հետքերն էին…

Արմեն Դարբինյանը միակ վարչապետն է, որի հրաժարականը պայմանավորված էր ընտրությունների արդյունքներով: Կառավարության հրաժարականից հետո նա խոհեմաբար կրկին զբաղեցրեց էկոնոմիկայի նախարարի աթոռը՝ հատուկ նրա համար կիսեցին ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը: Խոսում էին, թե այդ պաշտոնի համար անձամբ բարեխոսել էր Համաշխարհային բանկի նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը, որին մեր արհեստավարժն անչափ դուր էր եկել: Թեպետ դա էնքան էլ այդպես չէ. դադարելով լինել վարչապետ Դարբինյանը դեռ երկար ժամանակ՝ մինչև 2003-ը, մնում էր նախագահ Քոչարյանի սիրեցյալը:

Եվս մի քանի նկատառում, որոնք բնութագրում են յոթերորդ վարչապետին և նրա կառավարման ժամանակաշրջանը: Դարբինյանն ազդեցության տակ ընկնող անձնավորություն է: Վարչապետության օրոք նրա վրա զգացվում էր հոր՝ Երևանի մսի կոմբինատի նախկին տնօրեն ու ներկայիս սեփականատեր Ռազմիկ Դարբինյանի ազդեցությունը, որին անգամ «ՀՀ կադրերի բաժնի վարիչ» էին անվանում: Հոր թելադրանքով Դարբինյանը բազում անհիմն նշանակումներ կատարեց: Էլ ավելի անհիմն նշանակումներ կատարեց՝ ենթարկվելով ընկերների ազդեցությանը: Օրինակ, շնորհիվ Դարբինյանի կադրային որոշման, Գյումրիում իր գոյությունը դադարեցրեց ավտոբուսային ձեռնարկությունը, որն այդ դժվարին պայմաններում քիչ թե շատ աշխատում էր: Ընդառաջ գնալով դասընկերներին՝ Դարբինյանը հեռացրեց այդ հիմնարկի տնօրենին և նշանակեց իր համադասարանցուն: Եվ ի՞նչ: Այս երիտասարդը, մեղմ ասած, «սրսկվել» էր սիրում, և, հետևաբար, աստիճանաբար վաճառում էր եղած-չեղածը: Պատահել է նույնիսկ, որ վարորդներից մեկը առավոտյան գալով աշխատանքի, տեսել է, որ իր ավտոբուսի… «մոստը» (կամրջակը) չկա: Տնօրենը, գիշերը մնալով առանց դոզայի, օպերատիվ կերպով յուրացրել է մոստը՝ թմրավաճառների պարտքերը մարելու և նոր դեղորայք գնելու համար: Հետագայում, իհարկե, նա դատվեց, սակայն նախկին վարչապետ դասընկերը միջնորդեց և գործն ազատազրկման չհասավ: Ի դեպ, երկրի իրավապահ համակարգի հետ Դարբինյանն առ այսօր էլ կարող է հարցեր լուծել, ինչպես արեց «Ազատամտություն» օրաթերթի հետ պայքարում՝ ՀՀ դատական համակարգը թերթից բռնագանձեց երեք միլիոն դրամ մի անհասկանալի հիմնավորմամբ: Նա կարողացավ նաև հորը փրկել, որը ոստիկանների ներկայությամբ կրակել էր մի երիտասարդի վրա և, բնականաբար, որևէ պատժի չենթարկվեց:

Այնուամենայնիվ, Դարբինյանի մեջ ինչ-որ բան կար, որ առանձնացնում էր նրան մյուս 11 վարչապետերից: Դա կարելի է արտահայտել իր հետ աշխատած մի ամբիոնի վարիչի կարծիքով, որը չդիմացավ ռեկտոր Դարբինյանի որոշ բնագծերին և հեռացավ համալսարանից՝ մնալով Ազգային ժողովում: Նա ասում է. «Դարբինյանի հետ աշխատելն անհնար է, նա որևէ ունակությունից, հատկապես մենեջերական, զուրկ մարդ է, սակայն մի բան ունի, որն անզուգական է. Դարբինյանը կարող է այնպիսի խնդիրներ առաջադրել, որ Մոսկվա-Նյու Վասյուկին մանկամտություն թվա, և եթե անգամ մեկ տոկոսն այդ տիեզերական գաղափարի իրականություն դառնա, ապա դա արդեն լավ է»:

Իսկ թե որքանով է ճիշտ «Մոսկվա-Նյու Վասյուկի» մտածողություն ունեցող անձնավորությանը վարչապետ նշանակել մի երկրում, որտեղ գերակա խնդիրը օրվա հացն է՝ թող ընթերցողն ու նախագահ Քոչարյանը մտածեն...

 

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 (01.06.1999-27.10.1999)

1999-ի ընտրությունների և «Միասնություն» դաշինքի հաղթանակից հետո ոչ ոք այլևս կասկած չուներ, որ Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: Հունիսից նա զբաղեցրեց այդ պաշտոնը և կառավարությունը ղեկավարեց ընդամենը չորս ու կես ամիս: Սա չափազանց կարճ ժամանակահատված էր ինչ-որ արդյունքների հասնելու համար: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ըստ էության Սարգսյանը չուներ հստակ տնտեսական քաղաքականություն և շատ բաներ նրա համար նոր միայն պիտի բացահայտվեին, ապա ընդգծված ձեռքբերումների մասին խոսելն արդեն ավելորդ պիտի լինի: Թերևս սխալված չենք լինի նաև, եթե նույնիսկ պնդենք, որ Վ.Սարգսյանի անձնական գործոնն այնքան ազդեցիկ էր, որ այդ ամիսներն առանձնապես դեր չխաղացին հասարակության պատկերացումների մեջ որպես վարչապետ մնալու գործում, և մինչ օրս մարդկանց մեջ պահպանվում է Վազգեն Սարգսյան զինվորական գործչի կերպարը:

Որպեսզի պարզ դառնա նոր կառավարության կազմի ու վարչապետի հանդեպ առաջին օրերի գերիշխող տրամադրությունը, մեջբերենք խորհրդարանում մի պատգամավորի արտասանած կարճառոտ կարծիքը. «... Ըստ էության կառավարության անդամների մեծ մասին ճանաչում ենք և նրանց հնարավորությունները կարող ենք հանգիստ գնահատել: Վերը նշվածից բացի տարբերությունը նաև այն է, որ առաջին անգամ ամենաուժեղ անձը կառավարության ղեկավարն է: Մենք միշտ այդ խնդիրն ունեցել ենք, վարչապետը կառավարության ամենաուժեղ անձը չի եղել»: Սա ակնհայտ ճշմարտություն էր: Սարգսյանի թիմն օժտված էր մի կարևոր առավելությամբ՝ այն ուներ ռեալ իշխանություն՝ ի հակակշիռ նախագահի իշխանությանը, մի բան, որ նախկինում կարծես թե երբեք չէր եղել (բացառությամբ Վազգեն Մանուկյանի վարչապետության կարճատև շրջանի): Այնուհետև սկզբնական շրջանում նրան հաջողվեց ընդդիմության հետ ներքին համաձայնություն ձեռք բերել՝ միառժամանակ կառավարության գործունեության նկատմամբ կոշտ քննադատություն չհնչեցնելու շուրջ: Այդպիսի «թայմ աուտ» վերցրեց նաև մամուլը: Ստացվել էր այնպես, որ վարչապետի իրական հակառակորդը լինելու էր ոչ թե ընդդիմությունը, ոչ թե ներքաղաքական իրավիճակը, այլ տնտեսությունը:

Ի դեպ, նախարարների մասին: Արդյունքում ձևավորվեց բավականին խայտաբղետ ու անհասկանալի մի կառավարություն: Ովքե՞ր էին դրանք՝ լիբերալնե՞ր, պահպանողականնե՞ր, ազգայնական-սոցիալիստնե՞ր, ոչ ոք առանձնապես գլուխ չէր հանում: Բայց և ոչ մեկին դա լրջորեն չէր անհանգստացնում: Ամենքը սպասում էին առաջին պտուղներին: Սակայն սկզբնական բերքը ակնկալվածից ավելի դառը ստացվեց:

Պատմում են, որ երբ տնտեսության կացությանը նվիրված կառավարության առաջին նիստերից մեկի ժամանակ վարչապետն իմացել էր ճշմարտությունը հանրապետության վիճակի մասին, հուսահատ տարածել էր ձեռքերն ու բացականչել. «Էս ի՞նչ օրն է ընկել էս երկիրը»: Մի քանի օր անց նա անձամբ ի լուր բոլորի հայտարարեց, որ հանրապետության բյուջեի դեֆիցիտը 51 մլրդ դրամ է: Սա առաջին դեպքն էր, երբ հրապարակավ արտասանվում էին այդ «հույժ գաղտնի» թվերը: Առաջին անգամ էր, երբ իշխանությունը ստանձնում էր մի դեր, որը մինչ այդ ընդդիմության մենաշնորհն էր՝ խոսել վատ վիճակի մասին: Ընդամենը 230 միլիարդ դրամանոց բյուջեի համար դա չափազանց վտանգավոր ցուցանիշ էր: Սակայն դեռևս պարզ չէր, թե կառավարությունն ինչպե՞ս և որտեղի՞ց պիտի հայթայթեր բացակա միջոցները: Պարտքեր, բացթողումներ, կորուստներ... Սրանք այն բառերն էին, որոնք սկսեցին ավելի հաճախ հնչել կառավարության աշխատասենյակներում: Անհրաժեշտ էին կտրուկ գործողություններ, այլապես երկիրը կհայտնվեր ծայրաստիճան ծանր վիճակում և, բացի դա, կզրկվեր միջազգային ֆինանսական կազմակերպություններից ակնկալվող վարկերից:

Վ.Սարգսյանի կառավարությունը չէր էլ թաքցնում, որ իր առաջնային խնդիրն այդ փուլում ոչ այնքան երկիրը տնտեսական զարգացման ռելսերի վրա դնելն էր, որքան «նախկին կառավարությունների գործունեության արդյունքների չեզոքացումը»: Օրախնդիր հարցերով զբաղվելը, տնտեսության ժանգոտած անիվը տեղից շարժելու հոգսերը դարձան հիմնական անելիքը, թեև ավելի հեռանկարային ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը կար: Որպես դրա արգասիք ու հետևանք բարձրացվեցին բենզինից ու ծխախոտից գանձվող հաստատագրված վճարները: Նույն օրերին Արժույթի միջազգային հիմնադրամն իր հերթին Հայաստանին առաջարկեց վերանայել նաև էլեկտրաէներգիայի սակագինը, սակայն վարչապետը հայտարարեց, թե ինքը դեմ է դրան, իսկ Համաշխարհային բանկի պահանջին՝ սեփականաշնորհել էներգետիկ ցանցը, նույնպես բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ սեփականաշնորհումը չի կարող ինքնանպատակ լինել: Սա ակնհայտորեն տանում էր միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների սրման: Բայց նա պարտադրված էր:

Վարչապետությունից դեռ մեկ ամիս էր անցել, երբ երկրում կտրուկ բարձրացան ալյուրի, ծխախոտի, նավթամթերքների գները, ինչը հանգեցրեց գրեթե բոլոր ապրանքատեսակների զգալի գնաճին: Տարվա 6 ամիսների կտրվածքով անկում էր արձանագրվել մեքենաշինության ու քաղաքաշինության ոլորտներում: Մասնավոր տրանսֆերտները նվազել էին շուրջ 13 միլիոն դոլարով: 8 տոկոսով նվազել էր ներմուծումը, 3,5 տոկոսով՝ արտահանումը: Հաջողվել էր ընդամենը տարեկան եկամուտների 35 տոկոսն ունենալ: Էներգետիկայի կուտակված պարտքերը կազմել էին 75 միլիոն դրամ: Առկա էր գործազրկության աճ, դրամի արժեզրկում, բնակչության աշխատավարձերի, թոշակների ու նպաստների վճարումների ուշացումներ մի քանի ամիսների համար... Դա իսկապես ծանր հարված էր կառավարության վարկանիշին: Կանխավճարների հավաքագրումն էլ ավելի մեծ դժգոհություն հարուցեց: Գերշահույթ ունեցողներից հարկերի գանձման մեթոդները գնահատվեցին որպես ռեկետ պետական մակարդակով, իսկ երկու փուլով իրականացված կադրային փոփոխությունները՝ հետևողական ջարդ: Կառավարության ձեռնարկած կոշտ քայլերը չէին կարող դուր գալ ոչ հասարակությանը, ոչ էլ գործարար աշխարհին: Սակայն տվյալ պահին էականը ոչ այնքան դուրեկան լինելն էր, որքան նպատակը: Եթե պարզ դառնար, որ դրանք չէին եղել ինքնանպատակ ու անարդյունավետ, այն ժամանակ ամեն բան կներվեր: Հաղթողներին չեն դատում:

Վազգեն Սարգսյանին հազիվ թե հնարավոր լինի մեղադրել էժանագին պոպուլիզմի համար, մի բան, ինչից զուրկ չէին նրան նախորդած վարչապետերից ոմանք: Այդ իսկ պատճառով էլ նրա նորամուծություններն ընկալվում էին որպես պահի հրատապ թելադրանք կամ հարկադրված անհրաժեշտություն: Այդ շարքում հիշատակման արժանի է այն, որ նրա օրոք ձևավորվեցին նոր նախարարությունները՝ Ներքին գործերինը, Ազգային անվտանգությանը, Պետական եկամուտներինը:

Վարչապետն իր թանկարժեք «Մերսեդես»-ջիպը փոխարինեց ռուսական արտադրության «Վոլգայով» և նույնը պահանջեց կառավարության մյուս անդամներից: Պրակտիկա դարձան սելեկտորային խորհրդակցությունները, որոնք երբեմն տևում էին 8-10 ժամ և ընթանում էին խիստ բարձր նոտայի վրա: Սարգսյանի օրոք փորձ արվեց (և ոչ առանց հաջողության) վերակենդանացնել ռազմական օլիգարխիան՝ մի բան, որ բոլորովին չէր ներդաշնակում այնքան տարփողվող արդարության սկզբունքների հետ: Օգոստոսի կեսերին նա հայտարարեց, որ ստեղծվել է վարչապետին կից միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացվող վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) գործունեությունը համակարգող մարմին: Մարմինն արդեն կար, բայց այդ մարմնի երակներով հոսող ավիշը՝ օտարերկյա վարկերը, սպառնալիորեն ուշանում էին: Միջազգային հիմնադրամների հետ վատթարացած հարաբերությունները ուղեփակոցներ էին շարել, որոնք հաղթահարել հաջողվեց միայն սեպտեմբերի կեսերին, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՀ-ից ակնկալվող վարկը՝ 28 միլիոն դոլար, այնուամենայնիվ, տեղ կհասնի:

Օգոստոսին վարչապետն իր հեռուստաելույթում, որը փաստորեն կառավարության ծրագրի հիմնադրույթների շարադրանքն էր, հայտարարեց, թե ստվերային տնտեսության և տնտեսության ոլորտում մենաշնորհների դեմ անխնա պայքար է ծավալելու: Բայց ո՞ր վարչապետն այդ մասին չէր հայտարարել: Հանրությանը միշտ էլ կարելի էր վստահեցնել այս կամ այն բանում, միայն թե դրանց իրականացման մեխանիզմների մասով վարչապետն ըստ էության ոչինչ չէր առաջարկում: Ճիշտ այդպես Վ.Սարգսյանը խոստացավ 2000 թվական տեղափոխվել բոլոր տեսակի պարտքերից թոթափված, ասել է թե՝ զրոյական վիճակով: Խոստացվեց նաև մինչև հոկտեմբեր ոչ մի պարտք չունենալ բնակչությանը:

Կային հավատացողներ: Կային նաև թերահավատներ: Ամեն դեպքում մարդիկ հասկանում էին, որ Սարգսյանի կառավարության ձախողումը հղի է ոչ միայն տնտեսական, այլև նախևառաջ քաղաքական վտանգներով: Այդ իսկ պատճառով էլ նրա հանդեպ ձևավորվել էր որոշ առումով հանդուրժողական, մեղմ վերաբերմունք: Սակայն այդ մթնոլորտը զուտ հոգեբանական իմաստով նաև իր բացասական կողմն ուներ: Լինելով հակասությունների, էքստրեմալ իրավիճակների գործիչ, Վազգեն Սարգսյանը կարծես թե հետզհետե իր ուժը կորցնում էր այդ համընդհանուր համաձայնության (կամ կարելի է ասել՝ լռության) պայմաններում:

Երբ լրացավ վարչապետի նշանակման 100 օրը, քիչ բան կար, ինչի մասին կարելի էր հպարտությամբ խոսել: Բայց հարկ է արձանագրել, որ այդ ամենն առանձնապես չէր ազդել վարչապետի անձնական վարկանիշի վրա: Հանրության մոտ դեռ հաստատ էր այն համոզմունքը, որ դժվարություններն ու սխալները նախորդներից մնացած ժառանգություն էին, և Վ.Սարգսյանը վաղ թե ուշ դրանք կվերացնի: Ահա հենց նման տրամադրությամբ էլ վարչապետը գնաց մասնակցելու սեպտեմբերի 21-ի անկախության շքերթին…

Վազգեն Սարգսյանը, ինչպես և պետք էր սպասել, չդարձավ տնտեսության վարչապետ: Նրա նախասիրությունների շրջանակն այլ ոլորտներում էր: Հատկապես արտաքին քաղաքականության ու ռազմական համագործակցության խնդիրներում նա շարունակում էր մնալ գլխավոր դերակատարն ու կարգավորողը: Մերթ Մոսկվայում էր, մերթ Յալթայում, մերթ Թբիլիսիում, իսկ սեպտեմբերի վերջին նրա գլխավորած պատվիրակությունը մեկնեց ԱՄՆ: Մեկնումից առաջ վարչապետն ասաց, որ ինքը պատրաստվում է ԱՄՆ և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ղեկավարությանը միջնորդել, որպեսզի վերջիններս ճնշում գործադրեն Թուրքիայի վրա: Տվյալ դեպքում վարչապետն ակնկալում էր, թե այդ ճնշումների արդյունքում Թուրքիան կբացի սահմանը, առևտրատնտեսական հարաբերություններ կսկսի Հայաստանի հետ, և մեր երկիրը նրան էլեկտրաէներգիա, ցեմենտ ու այլ արտադրատեսակներ վաճառելու հնարավորություն կստանա: Սարգսյանը Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, որ հրապարակավ հայտարարում էր այդ մասին՝ չերկյուղելով երդվյալ ընդդիմադիրների ու ազգայնականների պարսավանքներից:

Միացյալ Նահանգներ կատարած այցը գնահատվեց խիստ դրական, ձեռք բերվեցին կարևոր համաձայնություններ, միջազգային կառույցներին ներկայացվեց եռամյա ծրագիր: Կարծես թե ամեն ինչ սպասվածից ավելի հաջող էր: Միայն թե օրեր անց Հայաստան վերադարձած Վ.Սարգսյանի տրամադրությունը բոլորին զարմացրեց: Նա մտահոգ էր, նույնիսկ տխուր: Շուտով հայտնի դարձավ, որ ամերիկյան բոլոր հանդիպումների ժամանակ Հայաստանն անվանել են կոռումպացված երկիր, պահանջել են կտրուկ միջոցներ ձեռք առնել, իսկ Համաշխարհային բանկը տեղեկացրել էր, որ 2000 թվից Հայաստանին այլևս բյուջետային վարկեր չեն տրամադրվելու: Վարչապետի եզրահանգումը մեկն էր. «Մեր տունը մենք ենք շինելու»:

Հոկտեմբերի 22-ին Վ.Սարգսյանը կրկին հեռուստաելույթով դիմեց ժողովրդին: Խոսեց 2000թ. բյուջեի նախագծի, տեղական ինքնակառավարման մարմինների մոտեցող ընտրությունների և, իհարկե, կաշառակերության ու հովանավորչության դեմ նախապատրաստվող անզիջում պայքարի մասին:

Կհաջողվե՞ր նրան հաղթող դուրս գալ այդ անհավասար պայքարում: Իհարկե՝ ոչ: Քանի որ այդ պայքարը վերածվելու էր յուրայինների օգտին օտարների դեմ ռեպրեսիաների: Օրինակ, Վազգեն Սարգսյանի վարչապետության ողջ ընթացքում Միքայել Բաղդասարովն անցկացրեց Մոսկվայում՝ գիտակցելով գլխի գալիքը: Դե, իսկ հանրության մի հսկայական զանգված, ինչպես և քաղաքական դաշտի, համոզված էր՝ քանի կա Վազգեն Սարգսյանը, երկրում որևէ դրական տեղաշարժ չի լինի: Այդ կարծիքի կրողն ու հիմնական ջատագովներից էր Ալեքսան Հարությունյանը, այն ժամանակների Անվտանգության խորհրդի քարտուղարը, որն ամեն թփի տակ ցանկացած միջավայրում ասում էր, թե չեք պատկերացնում՝ ինչ լավ տղա է Քոչարյանն ու ինչ հրաշքներ է ուզում անել Հայաստանի համար, բայց Վազգենը չի թողնում:

Հոկտեմբերի 27-ին մի խումբ ռոմանտիկներ Ազգային ժողովում գնդակահարեցին 8 պետական ու քաղաքական գործիչների, այդ թվում նաև վարչապետ Վազգեն Սարգսյանին: Հայաստանը թևակոխեց իր նորագույն պատմության ամենամռայլ ու վտանգավոր փուլերից մեկը: Իսկ այսօր օբյեկտիվորեն պատասխանել հարցին, թե որքանով ավելի լավը կլիներ Հայաստանը Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ կամ առանց նրա՝ հնարավոր չէ: Վազգենից հետո Հայաստանում այդպես էլ չգտնվեց անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի վերջ դնի երկիրն այլասերող արատավոր երևույթներին, թեպետև դրա հույսը հանրության մեջ կար: Ցավոք, քչերը հասկացան, որ Հայաստանի գլոբալ խնդիրը՝ կործանիչ արատների աղբյուրը, թաքնված է ոչ թե կոնկրետ անհատների, այլ ազգային էության և մտածողության մեջ:

 

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

(01.11.1999-30.04.2000)

Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից անմիջապես հետո, դեռ ահաբեկիչները դուրս չէին բերվել Ազգային ժողովից, իսկ ահա վերնախավի կուլիսներում բուռն կերպով քննարկվում էր իշխանության փոխանցման հարցը: Եվ երկրում ստեղծված երկիշխանության պայմաններում կողմերը հանգեցին իր տեսակի մեջ աննախադեպ մի որոշման՝ վարչապետ նշանակել Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին: Հետո օտարալեզու մամուլն այդ նշանակումը պիտի որակեր ասիականություն՝ նկատի ունենալով ոչ միայն վարչապետի աթոռը ժառանգականությամբ փոխանցելու փաստը, այլ նաև այն, որ հայերը կարող էին այդքան բարձր իշխանությունը տրամադրել անփորձ ու անտեղյակ մեկին: Սակայն տվյալ իրավիճակում կար շատ ավելի կարևոր խնդիր, քան փորձառությունն ու ազգակցական կապերն էին: Այսօր, ժամանակի հեռվից վերագնահատելով այդ ընտրությունը, շատերն են շարունակում մնալ այն համոզմանը, որ դա տվյալ պահի համար միակ խելամիտ ու հաշվենկատ որոշումն էր, հոկտեմբերի 27-ից հետո երկրում լարվածությունը լիցքաթափելու հիմնական միջոցներից մեկը: Եվ եթե նույնիսկ ի սկզբանե հասկանալի էր, որ կրթությամբ ճարտարապետ-շինարար, մինչ վարչապետ դառնալը «Արարատցեմենտ» բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոն զբաղեցնող Սարգսյանի նշանակումը նույնն էր, թե ձեռնարկել մի գործ, որը նախօրոք արդեն տանուլ էր տրված, այնուամենայնիվ քաղաքական ուժերը միայն այդպես էին տեսնում երկրի և իշխանության համախմբվածության պահպանումը:

Նոյեմբերի 3-ին նախագահը ստորագրեց նրա նշանակման հրամանը: Տարիներ անց Ա.Սարգսյանը մի առիթով պիտի ասեր. «Ինչո՞ւ և ինչպե՞ս համաձայնեցի Վազգենից հետո վարչապետ դառնալ ու չէի՞ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը այդ նշանակումով անձնական հարցեր է լուծում: Այն ժամանակ՝ ոչ, բոլորովին: Այն ժամանակ Քոչարյանին ես չէի ընկալում որպես մարդու, որ կարող է կապ ունենալ հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ: Ընդհակառակը: Ես ուզում էի օգնած լինել… Ես գիտեի, որ դժվար է լինելու, ծանր է լինելու, բայց գիտեի նաև, որ մերժելու իրավունքը չունեմ: Դա եղել է իմ կյանքի ամենադժվար վճիռը»:

Եթե մի կողմ թողնենք այն փաստը, որ Արամ Սարգսյանը ծանոթ չէր ոչ քաղաքական դաշտին ու ոչ էլ տնտեսական դասավորություններին, ապա նկատենք նաև, որ երկրում նրա նկատմամբ ձևավորված կարծիք չկար, իսկ այդ բացակայությունը մի տեսակ անհասկանալի համաձայնության մթնոլորտ էր ստեղծում վարչապետի թեկնածության շուրջ: Թույլ վարչապետ՝ ուժեղ աջակցությամբ, որ հովանավորվում էր բանակի ու խորհրդարանական մեծամասնության կողմից: Թույլ վարչապետ, սակայն ուժեղ փաստարկ հատկապես նրա, այլ ոչ նախագահի անձի շուրջ համախմբում ձևավորելու օգտին: Սա չէր կարող անհետևանք մնալ:

Վարչապետի ու նախագահի միջև հակասություններն ակնհայտ դարձան առաջին իսկ պահից, երբ մի քանի օր շարունակ Քոչարյանը անորոշ սպասման մեջ էր պահում առանց այդ էլ լարված երկիրը՝ չհաստատելով Ա.Սարգսյանի ներկայացրած կառավարության կազմը: Եվ միայն 10-րդ օրը ճգնաժամը հաջողվեց հաղթահարել դժվարին փոխզիջումների շնորհիվ: Արդեն իսկ հստակ էր. դա լինելու էր մի կառավարություն, որտեղ էականը ոչ թե պրոֆեսիոնալիզն էր, այլ այն, թե ով ում մարդն է:

Նշանակումից մեկ շաբաթ անց իր առաջին հրապարակային ելույթում Ա.Սարգսյանն ասաց, որ շարունակելու է եղբոր քաղաքականությունը: Ինչ վերաբերում էր ընթացիկ հարցերին, նա նշեց, որ 2000թ. պետբյուջեն կազմված է կոշտ տրամաբանությամբ, այսինքն՝ եկամուտները կլինեն իրատեսական: «Եթե կառավարությունը չստանա միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկերի նախատեսված մասնաբաժինները, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը կդառնա աղետալի»:

Երկրի վիճակն արդեն իսկ աղետալի էր ոչ միայն միջոցների սղության պատճառով: Անվստահության մթնոլորտի, վաղվա օրվա հանդեպ անորոշության պայմաններում կաթվածահար վիճակում էր հայտնվել նաև գործադիր մարմինը: Կառավարությունը, որի գերխնդիրը պիտի լիներ երկրում կայունության հաստատումն ու պահպանումը, հետզհետե ինքն էր դառնում հակասությունների կիզակետ: Այդ ամենի հետևանքն էր, որ վարչապետի թիմի աշխատանքի հիմնական ու անդրանիկ արգասիքը՝ 2000թ. բյուջեն բավական ուշացումով՝ միայն փետրվարին մատուցվեց խորհրդարանին: Մինչ այդ հնարավոր էր դարձել ԱՄՀ-ի հետ լեզու գտնել մի էական հարցի շուրջ: Եթե մինչ այս Արժույթի հիմնադրամը պնդում էր, թե պետությունը պետք է սեփականաշնորհման գումարներն ուղղի բյուջեի պակասուրդի ծածկմանը, ապա այժմ նրանք համաձայն էին, որ միջոցները ծառայեցվեն տնտեսության, արդյունաբերության ոլորտում: Իսկ 2000-ի մասնավորեցման օրակարգում էին էներգետիկ բաշխիչ ցանցերը, «Նաիրիտը», «Կանազը», «Շողակնը», լեռնամետալուրգիական գործարանը...

Նախորդ բյուջեի համեմատ նորը նվազել էր 16 միլիարդով, և դա բացատրվեց հոկտեմբերի 27-ից հետո երկրի հանդեպ գործարար շրջանակների անվստահությամբ: Ստացվում էր, որ ստիպված էին ոտքերը պարզել իրենց վերմակի չափով: Պետությունն ակնկալում էր ստանալ 122 միլիոն դոլարի արտասահմանյան վարկեր և դա գումարելով սեփական միջոցներին՝ ծախսել մոտ 255 միլիարդ դրամ: Ամեն դեպքում նշվեց՝ տարվա առաջին եռամսյակի կտրվածքով լուրջ հույսեր փայփայելը իրատեսական չէ: Ֆինանսական գլխավոր փաստաթուղթը հենց սկզբից որակվեց որպես իներցիոն, որը լավագույն դեպքում կարող էր ծառայել սոսկ ընթացիկ խնդիրներ և ընթացիկ ճեղքեր փակելու նպատակին:

Ա.Սարգսյանի մերձավոր շրջապատը շարունակում էր օգտվել վարչապետի անփորձ լինելուց, իսկ կառավարության համակարգն իրենց հարմարեցնելու մղումներն անընդմեջ ստիպում էին նրանց տարատեսակ վերաձևումներ ու փոփոխություններ թելադրել, ինչն ըստ էության կազմալուծում էր կառույցի աշխատանքային ռիթմը: Փետրվարին Ա.Սարգսյանը փորձ արեց մեկ անգամ էլ վերաձևել կառավարությունը՝ մի քանի պորտֆելներ խոստանալով խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին և փոխարենը ակնկալելով նրանց աջակցությունը: Զուգահեռաբար խոսվում էր, որ վարչապետը ձգտում է ամեն գնով ԱԱ նախարարությունը դարձնել վարչություն ու հեռացնել ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին: Այդ իրարանցման արդյունքում նախարարությունների թիվը կրճատվեց՝ 24-ից դառնալով 17:

Օլիգարխիկ համակարգում միս ու արյուն էր առնում բդեշխային կենսակերպը, տարանջատ խմբերի կողմից հրահրվում էին ազդեցության գոտիներ ընդլայնելու անարյուն ու արյունոտ բախումներ, մականունավորների ազատ բազմացման համար ստեղծվում էր նպաստավոր միջավայր: Ի դեպ, հենց Արամ Սարգսյանի ժամանակներից ներմուծվեց ու մնաց մեծ ու փոքր չինովնիկների և օլիգարխների՝ թիկնապահների ուղեկցությամբ երթևեկելու սովորությունը: Պատրվակ դարձնելով հոկտեմբերի 27-ը՝ նրանք այդ կերպ արդարացնում էին իրենց թանկագին կյանքը պաշտպանելու իրավունքը:

Վիճակը նախանձելի չէր նաև արտաքին հարաբերությունների ոլորտում: Արամ Սարգսյանի արտասահման կատարած երկու կարևոր ուղևորությունները (1999-ի դեկտեմբերին՝ Մոսկվա և 2000-ի հունվարին՝ Մեծ Բրիտանիա) միևնույն նպատակն էին հետապնդում՝ վերականգնել վստահությունը Հայաստանի նկատմամբ ու ապահովել օտարերկրյա ներդրումների ներհոսք: Բայց կար նաև Ղարաբաղի խնդիրը, նոր ավարտված Ստամբուլի վեհաժողովը (որի արդյունքները բոլորովին նպաստավոր չէին Հայաստանի համար), միջազգային զանազան ատյաններում փոքր ու մեծ անհաջողություններ կային, ինչն իր հերթին յուղ էր լցնում կրակի վրա: Որքան էլ Քոչարյանը ջանում էր վարչապետին հեռու պահել արտաքին ոլորտին առնչվող հարցերից, դա նրան հեշտ չէր տրվում: «Արտաքին քաղաքականության հարցերում ես տարաձայնություններ եմ ունեցել նախագահի հետ, և իմ ամենամեծ հաջողությունը համարում եմ այն, որ Սյունիքի տարածաշրջանում Հայաստանի տարածքային ամբողջականությունը չխախտվեց»,- մի առիթով ասել է Ա.Սարգսյանը:

Այս ներիշխանական ինտրիգների բարձրակետը դարձավ 2000թ. մարտի 3-ը, երբ «Միասնություն» դաշինքը՝ վարչապետի մասնակցությամբ, հանդես եկավ մի հայտարարությամբ, որով պահանջում էր Սերժ Սարգսյանի ու Տիգրան Նաղդալյանի հրաժարականը: Նախագահն այս վերջնագիրն անընդունելի համարեց՝ իր հերթին Արամ Սարգսյանից պահանջելով վերանայել դեռևս Վազգեն Սարգսյանի օրոք ընդունած մի քանի որոշումներ, որոնք նրան պիտի հավելյալ լծակներ տային: «Վարչապետն ու նախագահը նույն մեխին չեն խփում»,- ասում էր ժողովուրդը, իսկ իշխանությունը նմանեցնում էին կարապի, խեցգետնի ու գայլաձկան առակի պատմությանը, որոնցից յուրաքանչյուրը սայլն իր կողմն է ձգում: Բոլորն էլ հասկանում էին, որ այդպես անվերջ շարունակվել չէր կարող, հանգուցալուծում էր պետք, երկուսից մեկը պիտի հեռանար:

Եվ ահա, ճիշտ հաշվարկելով ուժերի հարաբերակցությունն ու ընտրելով հարմար պահը՝ նախագահ Քոչարյանը մայիսի 2-ին իր հրամանով պաշտոնանկ արեց Արամ Սարգսյանին: Իբրև հիմնավորում ընդգծվում էր այն հանգամանքը, թե գործադիր իշխանությունը վերածվել է ինտրիգների ու քաղաքական խարդավանքների օջախի և այդ ամենն ուղղված է նախագահի դեմ: Տասն օր անց նոր վարչապետ նշանակվեց Անդրանիկ Մարգարյանը:

Արամ Սարգսյանը պաշտոնավարեց մոտավորապես այնքան, որքան իր եղբայրը: Նա այդպես էլ չհասցրեց (կամ չկարողացավ) ձերբազատվել «Վազգենի եղբայր» իմիջից և լինել վարչապետ Արամ Սարգսյան: Ինչ վերաբերում է իրական վիճակին ու հնարավորություններին, ապա կարծում ենք, որ իրենից լավ ոչ ոք չի կարող դա բնութագրել: Մի առիթով նա իր մասին ասել է. «Մարդ, որ չգիտեր անգամ՝ ինչպես են կառավարություն մտնում ու դուրս գալիս, ուր մնաց թե կառավարություն ղեկավարեր...»: Սակայն փոթորիկը հանդարտեցնելու գործում առաքելության այն բաժինը, որ վերագրված էր նրան կամ որն ինքը ստանձնեց, ընդհանուր հաշվով իրականացվեց:

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

(12.05.2000-25.03.2007)

Արամ Սարգսյանի և նրա համակիրներից մի քանիսի հեռացումը իշխանությունից դեռևս չէր կարող նշանակել նախագահական թիմի լիակատար հաղթանակ: Անհրաժեշտ էր գտնել մեկին, ով տվյալ պահին հավասարապես կհամապատասխաներ երկրի ղեկավարության և սարգսյանական քաղաքական խմբավորման շահերին: Եվ այս անգամ էլ ընտրությունը կանգ առավ ամենաանսպասելի թեկնածության վրա: Դա Անդրանիկ Մարգարյանն էր՝ ԱԺ պատգամավոր, խորհրդարանում մեծամասնություն կազմող «Միասնություն» խմբակցության ղեկավարը: Հենց նա էլ 2000թ. մայիսի 12-ին նշանակվեց Հայաստանի վարչապետ: «Մենք այդ որոշումն ընդունեցինք մեծ դժվարությամբ...», հետո պիտի խոստովաներ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամներից մեկը: Եվ այս խոստովանությունն իր պատճառներն ուներ: Բանն այն է, որ Մարգարյանը մարտի 3-ի «խռովության» գլխավոր դերակատարներից մեկն էր, ով նույնպես պահանջում էր գործող իշխանության հրաժարականը և վերջիններիս մեղադրում ամեն կարգի հանցանքների ու մեղքերի համար: Իսկ այժմ ստացվում էր այնպես, որ ընդամենը երկու ամիս անց ինքն էր գնում իշխանությունների հետ դաշինքի ու համագործակցության՝ ոչ միայն լքելով իր ընկերներին, այլև փաստորեն ծանր հարված հասցնելով նրանց: (Ի դեպ, այս որոշումից անմիջապես հետո հենց այդպես էլ եղավ. նախկին համակիրների անվստահության արդյունքում Երկրապահ-Հանրապետական կուսակցություն տանդեմից հեռացան բազմաթիվ անդամներ, որոնց մի մասը հետագայում համախմբվեց Արամ Սարգսյանի ստեղծած «Հանրապետություն» կուսակցության շուրջ): Ստացվում էր, որ երկիրն այժմ ուներ մի վարչապետ, ով ոչ իշխանամետ էր, ոչ ընդդիմադիր, և հավանաբար առաջին հերթին այս հանգամանքով էր պայմանավորված Մարգարյանի որակումը որպես «փոխզիջումային» կառավարության ղեկավարի: Հետագայում նույն այդ պահվածքի նշանակությունը պիտի էլ ավելի ընդգրկուն դառնար՝ վերածվելով մի երկար ժամանակահատվածի քաղաքական դիրքորոշման:

Անդրանիկ Մարգարյանը տեսանելի ասպարեզում էր շատ երկար: Եթե նույնիսկ մի կողմ թողնենք 1960-ականների նրա քաղաքական-անկախական գործունեությունը, ապա Հանրապետական կուսակցության հիմնադիրներից մեկն էր, 1995-1999թթ. Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, խմբակցության ղեկավար: Ճիշտ է, 1999-ի ընտրություններից հետո նա փոքր-ինչ դժգոհ լինելու հիմնավոր պատճառներ ուներ, քանի որ իր կուսակցությունը միանգամայն անարդարացի կերպով զրկվել էր կառավարության կազմում պատշաճ տեղեր զբաղեցնելու իրավունքից, սակայն Մարգարյանը նախընտրում էր քիչ դժգոհել այդ առիթով՝ ընդամենը ժամանակ առ ժամանակ հիշեցնելով, որ Հանրապետականը իր հոգեզավակն է:

Իսկ այժմ նրա իսկ ձևավորած նոր կառավարությունն էր հայտնվում սկզբունքային խնդիրների առջև: Այդ շարքում ամենակարևորը թերևս պետք է համարել զարգացման հետագա ուղու հստակեցումը: Բանն այն էր, որ այժմ արդեն ազատական տնտեսության գաղափարը հասարակական կյանքում բացասական ընկալում ուներ: Այս հանգամանքին էլ գումարվել էր վատթարացած սոցիալ-տնտեսական իրավիճակը, և տպավորությունն այնպիսին էր, որ առկա կացությունը կարծես թե առաջընթաց քայլերի ոչ մի հնարավորություն չէր թողնում: Հասկանալի է, որ համանման նախատրամադրվածության պայմաններում միանգամայն տեղին պիտի լինեին կարծիքներն այն մասին, որ հերթական կառավարությունը երկար չէր կարող դիմանալ: Իսկ եթե ասվածին էլ հավելենք նաև այն փաստարկը, որ Մարգարյանը ոչ առաջին դեմքի փորձառություն ուներ ու ոչ էլ ընդգծված խարիզմայով օժտված քաղաքական գործչի համբավ, ապա պատկերն էլ ավելի անմխիթար պիտի ներկայանար: Եվ հենց այդ պահին նոր վարչապետն արեց իր առաջին անսպասելի հայտարարությունը: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասաց, որ երկրի ապագան տեսնում է ազատական բարեփոխումների խորացման մեջ և դեռ քաղաքական հանդգնություն ունեցավ հավելելու, թե հատկապես գնահատում է Հրանտ Բագրատյանի աշխատանքը: Սա մոտավորապես մարտահրավերի հնչեղություն ունեցավ, թեև ընկալվեց որպես հռետորություն: Բոլորը սպասում էին ռեալ, տեսանելի արդյունքների: Այն ժամանակ քչերը կարող էին կռահել, որ Մարգարյանը լինելու է Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետը:

Պետք է նկատել, որ Մարգարյանը վայելում էր փափուկ վարչապետի համբավ, նույնիսկ ամենալարված իրավիճակներում իրեն թույլ չէր տալիս ծայրահեղ որակումներ ու արտահայտություններ, ու թերևս եղավ և մնաց գործադիրի ղեկավարներից միակը, ում մամուլը «խնայում» էր՝ երբեք չդարձնելով սպանիչ սարկազմի թիրախ: Նրա դերակատարումը ներքաղաքական կյանքում երկակի էր գնահատվում. մի կողմից վարչապետը համարվում էր մեկը, ով Քոչարյան-Սարգսյան զույգին օգնեց պահպանել իշխանությունը, մյուս կողմից՝ նա իշխանության ներսում հին ընկերների հովանավորի դերակատարում ուներ: Անգամ ամենաթունդ ընդդիմադիրները շատ դեպքերում իրենց խնդիրները հաղթահարում էին հենց նրա օգնությամբ: Վարչապետն, իհարկե, բացարձակ իշխանություն չուներ, բայց նրա ստանձնած այդ դերն ու վարչապետի պաշտոնը թույլ էին տալիս իրականացնել որոշակի քայլեր: Նրա մասին ասում էին, թե Մարգարյանն այն բևեռն է, որին կարելի է վերջին պահին դիմել:

2003թ. ԱԺ ընտրություններից հետո Մարգարյանը շարունակեց պաշտոնավարել՝ ղեկավարելով քաղաքական վերադասավորումների արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը: Ընդհանրապես նրա կառավարությանը հաջողվում էր ամեն տարի ավելի մեծ բյուջե պլանավորել ու կատարել դրանք: Շատերի համար սա պարզապես տարօրինակ երևույթ էր: Խիստ կենտրոնացած տնտեսական համակարգ ունեցող երկրում նման կառավարումը պիտի որ համարյա անհնար լիներ: Մնում էր մտածել, որ շատ բաներ վարչապետին հաջողվում էր անձնական հատկանիշների շնորհիվ: Բայց երևույթը նաև այլ բացատրություն ուներ: Դեռևս Քոչարյանի վարչապետության շրջանում ամրագրված տնտեսական ու քաղաքական համակարգի օլիգարխիկ կառուցվածքի հիմքը Անդրանիկ Մարգարյանի օրոք էլ ավելի ամբողջացավ ու բյուրեղացավ. երկիրը բաժանվեց տնտեսական ու քաղաքական ազդեցության ոլորտների, սկսեց գործել «հզորների» օրենքը: Մարգարյանի կոալիցիոն կառավարությունը և Հանրապետական կուսակցությունը դարձան ընդամենը տանելի շղարշ երկրում իրերի ճշմարիտ վիճակը սքողելու համար: Հետո արդեն պիտի ասվեր, որ Հանրապետականն ընդհանրապես կուսակցություն չէ, այլ «չինովնիկների արհմիություն» ու «մի քանի լոբբիստական խմբերի հովանոց»: Իսկ 2004-ի գարնանը իշխանության և ընդդիմության առճակատման պայմաններում վարչապետն էր, որ ընդդիմադիրների գործողությունները որակեց իբրև հեղաշրջման փորձ: Երբ նրան հիշեցրեցին, որ բարիկադների մյուս կողմում իր նախկին ընկերներն են, Մարգարյանն ասաց. «Այո, ընկերներն են, բայց եթե իմ ընկերները բարձրացնում են քաղաքական հարցեր, ինչին ես համաձայն չեմ, դա դեռ չի նշանակում, որ մենք թշնամիներ ենք, բայց եթե կատարում են քայլեր, որոնք դեմ են մեր երկրի կայունությանը, հեղաշրջման կոչ են անում՝ թեկուզ սահմանադրական ճանապարհով, ապա քաղաքական պայքարում մենք մրցակիցներ ենք...»: Հիմա արդեն նրա կարգախոսն այսպես էր հնչում. «Ես չեմ հասկանում, թե ինչպես պիտի փոքրամասնության ժողովրդավարությունը հաղթանակի մեծամասնության ժողովրդավարությանը»:

Պետք է նկատել, որ վարչապետը խիստ ընդգծված վերաբերմունք ուներ նաև նորահայտ քաղաքական կուսակցությունների և նրանց գործելաոճի նկատմամբ: «Լինելով նոր ուժ՝ իրենք իրենց ամենափոքր գործունեությունը հնարավորինս լայն մասշտաբներով ցուցադրելու անհրաժեշտությունն ու ցանկությունն ունեն: Կարտոֆիլի սերմացու բաժանելով կամ ցանկացած այլ տիպի բարեգործություն անելով նրանք կառավարության արածի 0,001 տոկոսին էլ չեն հասնում: Իսկ կառավարությունը նրանց պես տուկի թել բաժանող չի»,- քամահրանքով նկատում էր նա:

Իր ղեկավարման 5-րդ տարում Անդրանիկ Մարգարյանը երկրի տնտեսության ոլորտում արձանագրեց առավելագույն ցուցանիշներ: Բոլորը խոսում էին երկնիշ տնտեսական աճի մասին: Համախառն ներքին արդյունքի աճը մոտ 13 տոկոս էր: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից հաստատվել էր մեր համաձայնագիրը՝ 235,65 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Հայաստանը դարձել էր Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Երկիրը դուրս էր եկել բարեփոխումների առաջին փուլին յուրահատուկ անկման շրջանից: Ու այսօր ինչ էլ ասեն Մարգարյանի մասին, նա մի կարևոր բան կարողացավ հասկանալ. տնտեսական զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը՝ երկրում սոցիալական համաձայնության վրա խարսխված բարոյահոգեբանական առողջ ու կառուցողական միջավայրի առկայությունն է:

Ինչ վերաբերում էր չլուծված հարցերին ու խնդիրներին, ապա դրանց շարքում էին աղքատության կրճատման գործընթացը, որի կատարման տեմպերի մեջ բազմաթիվ բացթողումներ կան: Կառավարության հակակոռուպցիոն գործողություններն ընդհանրապես անարդյունավետ էին: Կաղում էր հակամենաշնորհային քաղաքականությունը: Ճիշտ է, վարչապետը պարծենում էր, որ իրեն, օրինակ, հաջողվեց մենաշնորհից զրկել «ԱրմենՏել»-ին, բայց նման արտահայտություններն ամենևին դուր չէին գալիս նախագահ Քոչարյանին, ով հիշյալ գործարքի կնքահայրն էր: Անպատասխան հարց էր նաև, թե տնտեսական աճի այդ 13 տոկոսն ուր է գնում: Բևեռացված երկրում միջոցների անհամաչափ բաշխումը ոչ միայն ահռելի տարբերություն էր ստեղծում հասարակության խավերի միջև, այլև ամբողջ հանրապետությունում: Եթե աճը դրական ազդեցություն էր ունեցել մայրաքաղաքի վրա, ապա արդյունքում գյուղական բնակչության շրջանում աղքատությունը կազմում էր 41 տոկոս: Իսկ տարեցտարի ավելացող հարկերի բեռն ընդհանրապես արժեզրկում էր յուրաքանչյուր հաջողություն:

Այս իրողությունն ընկալելով՝ Ա.Մարգարյանն արդեն 2006-ին ասում էր, որ այսուհետ պետբյուջեի եկամուտները հավաքագրելու համար հարկերը չեն բարձրացվելու, այլ խստացվելու են վարչարարական միջոցները՝ ստվերային տնտեսվարողներին օրինական դաշտ բերելով: Նոր՝ 2007 թվի պետական բյուջեի համար նրա կառավարությունը նախատեսում էր եկամուտները նախորդ տարվա համեմատ ավելացնել մոտ 21,5 տոկոսով (489,5 մլրդ դրամ): Բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը կազմելու էին 558, 8 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 68, 3 մլրդ դրամ: Սակայն այդ ծրագրերը իրականացնել նրան վիճակված չէր: 2007թ. մարտի 25-ին Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ եղավ սրտի կաթվածից: Նրա անսպասելի մահը, այն էլ խորհրդարանական ընտրություններից 49 օր առաջ, զանազան մեկնաբանությունների ու ասեկոսեների առիթ տվեց: Շատերն էին այն ժամանակ հարց տալիս՝ եթե վարչապետը կենդանի մնար, արդյո՞ք կրկին նրան էր վստահվելու կառավարության ղեկը: Բավական է նշել, որ եթե անկախ Հայաստանի նախորդ ինը տարիների ընթացքում փոխվել էր 9 վարչապետ, ապա Մարգարյանը գլխավորեց կաբինետը յոթ տարի: Իսկ որ 7 տարվա ընթացքում նա այլընտրանք չունեցավ, վկայությունն էր մի բանի. նրա ներկայությունն օբյեկտիվ անհրաժեշտություն էր: Այսօր, երբ հետադարձ հայացքով ենք գնահատում 2000-ի մայիսն ու փորձում հասկանալ Անդրանիկ Մարգարյանի ընտրությունը, ապա տեսնում ենք, որ համաձայնելով ստանձնել վարչապետի պաշտոնը՝ նա առաջնահերթ կայունացնող դեր խաղաց՝ այդ դերից չհրաժարվելով մինչև իր կյանքի վերջը: Իսկ հնարավորությունների, ընդունակությունների և այլ կարգի ձեռքբերումների հատվածը պատմությունը ժամանակի ընթացքում կսրբագրի՝ նախապատվությունը տալով կարևորագույնին:

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

(04.04.2007-09.04.2008)

Անդրանիկ Մարգարյանի մահից հետո վարչապետի հնարավոր թեկնածուների ընդարձակ ցանկ չկար: Սա այն դեպքերից էր, երբ տեսադաշտում գծագրվում էր մեկ հիմնական հավակնորդ՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Բայց նույնիսկ այս «եզակիության» պարագայում էլ նրա անձի հանդեպ միանշանակ վերաբերմունքի դաշտ չկար: Եթե ոմանք գտնում էին, որ Սարգսյանի անցած ուղին, կենսափորձը վարչապետ աշխատելու համար ավելին էր, քան բավարար, իսկ դրա հետ մեկտեղ գործող սահմանադրությամբ քաղաքական մեծամասնությանը վերապահված էր նման կերպ պատասխանատվություն ստանձնելը, ապա կային կարծիքներ նաև այն մասին, որ Սարգսյանը չուներ տնտեսության կառավարման փորձ ու բավարար գիտելիքներ, փոխարենը տնտեսությունում անձնական խոշոր շահեր ուներ, մի բան, որ ըստ նրանց, մինչև 2007 թվականը որևէ վարչապետ չի ունեցել (նշանակման պահին):

Բոլոր դեպքերում, երբ հայտնվեցին առաջին նախանշաններն այն բանի, որ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի հենց Սարգսյանը, ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն անմիջապես հերքեց այդ լուրերը: Սակայն ապրիլի 2-ին Հանրապետական կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի նիստը, որը հաստատեց նոր վարչապետի թեկնածությունը: 2007թ. ապրիլի 4-ին նախագահ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետ նշանակելու մասին՝ ազատելով նրան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականություններից:

Այն, որ Սարգսյանը վերնախավի «հնաբնակներից» էր և անցել էր նշանակալի ճանապարհ, վիճարկման ենթակա չէր: Պատերազմական օրերի ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավարը եղել էր ՀՀ պաշտպանության նախարար, ազգային անվտանգության պետական վարչության պետ, ապա՝ ազգային անվտանգության ու ներքին գործերի նախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ 2000 թվից՝ կրկին ռազմական գերատեսչության ղեկավար: Սա նպատակասլաց ճանապարհի ընթացք էր, եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ իր գործունեության այդ ընթացքում Սարգսյանը ոչ մի կուսակցության չէր հարում: Սակայն 2006-ի ամռանը նա անդամագրվեց ՀՀԿ-ին, իսկ շատ չանցած՝ դարձավ այդ կուսակցության խորհրդի նախագահը: Վերլուծաբաններն այդ շրջադարձն անմիջապես ամրագրեցին ու արձանագրեցին, որ նրա համար եկել էր առավել մեծ բարձունքներ նվաճելու պահը: Եվ այս իմաստով վարչապետի պաշտոնին Սարգսյանի նշանակումը նույնպես դիտվում էր այդ նույն՝ «նախագահական հավակնությունների» համատեքստում: Իսկ քանի որ «պայծառ գալիքը» մեծապես պայմանավորված էր լինելու խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ապա նա չէր կարող բաց թողնել մոտեցող ընտրությունները վարչապետական բարձունքից վերահսկելու հնարավորությունը:

Մայիսի 12-ից հետո, երբ խորհրդարանական ընտրություններում Հանրապետականը կարողացավ ապահովել տեղերի անհրաժեշտ քանակը, Սերժ Սարգսյանն անմիջապես ձեռնամուխ եղավ ուժերի վերաբաշխման գործին: Գաղտնիք չէր, որ ՀՀԿ-ում ու իշխանության վերին օղակներում կար այսպես կոչված «մարգարյանական թև», որը կամա թե ակամա դարձել էր հակակշիռ «սարգսյանական» թևին: Այժմ վարչապետը հին գվարդիային փոխարինելու էր բերում նոր կազմ՝ առավելապես հագեցած օլիգարխներով ու գաղափարական համոզմունքներին քամահրանքով նայող տարրերով, ովքեր կուսակցության համամասնական ցուցակի «թեթև ձեռքով» զբաղեցրին խորհրդարանի աթոռները, ջղաձիգ ցնցումների մեջ էին ընկնում նժդեհյան թեզիսներ լսելիս և քաղաքական պատեհապաշտության դասական օրինակներ լինելով՝ ՀՀԿ-ն շատ արագ վերածեցին վարչապետի գրպանային կուսակցության:

Որքան էլ Սարգսյանը պնդեր, թե այսուհետ «ոհմակի օրենքը» տեղ չի ունենալու «վերին ոլորտներում», ժամանակը ցույց տվեց, որ այդ ցանկություն-պահանջն առայժմ կիրառման բավարար ուժը չուներ:

Պետք է ասել, որ այս անգամ հասարակությունը սպասվածից ավելի կարևորեց կառավարության ղեկավարի մարդկային հատկանիշները: Նրա մասին զանազան կարծիքներ էին հնչում՝ մեկը մյուսին հակասող, թեև դրանցից յուրաքանչյուրի հեղինակը ներկայանում էր իբրև Սարգսյանին քաջածանոթ սկզբնաղբյուր: Ոմանք վարչապետի մասին ասում էին, թե նա միշտ կարողանում է լուռ մնալ և համբերատար տանել մարդկանց ցանկացած տեսակի վերաբերմունք՝ մինչև որ գալիս է պատասխան հարվածը հասցնելու նպաստավոր պահը: Մյուսները գտնում էին, որ նա ունի մի վատ հատկություն՝ միշտ կարողանում է ցուցաբերել տերունական մոտեցում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ավելի ցածր դիրքում են գտնվում: Երրորդ խումբը գտնում էր, որ Սարգսյանը ոչ միայն թույլ մարդ չէ, այլև նրան բնորոշ է մտքի թռիչքը, իսկ կառավարման ասպարեզում սեփական կեցվածքը նմանեցնում է շախմատային խաղի (ինչն, ի դեպ, բավական լավ է խաղում):

Սարգսյանն ինքը կարծես թե հանգիստ էր վերաբերվում հասարակության մեջ իր հակասական իմիջի մասին այդ լուրերին: Շատ դեպքերում նա ինքն էր դրանք իջեցնում մինչ համեստության ստորին աստիճանը՝ չկիսելով այն կարծիքը, թե կարող է համարվել Հայաստանի ամենազորեղ քաղաքական գործիչը: Երբ մի անգամ «Գելափի» անցկացրած հասարակական կարծիքի հարցումը պարզեց, որ նա որպես «պատերազմի հերոս» չի ընկալվում, վարչապետն անխռով պատասխանեց. «Ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում այն փաստում, որ Հայաստանի հասարակայնությունն իմ անունը չի նշել «մեր ժամանակի հերոսների» շարքում: Անձամբ ես ինձ ոչ հերոս, ոչ էլ մեծ զորավար չեմ համարում»:

Նույնիսկ նախագահ Քոչարյանը, երբ խորհրդարանում պիտի ներկայացներ նոր վարչապետին, այդպես էլ չգտավ նրան բնորոշող հարմար բառեր ու սահմանափակվեց ընդհանուր ձևակերպումներով՝ չմոռանալով հավելել, որ Սարգսյանը «աշխատասեր, պարկեշտ, հետևողական անձնավորություն է, և համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում ինքն ի վիճակի է ղեկավարել կառավարությունը, հատկապես որ նման փորձ ունեցող, ըստ էության, մենք չունենք»: Սակայն ինչպես էլ հնչեին նրա և մյուսների պատասխանները, վարչապետի կերպարն առայժմ ընկալվում էր այս երկու բառերի սահմանագծում՝ վտանգավոր ու հետևողական:

Վարչապետության առաջին ամիսներին իր մոտեցումների մասին Սարգսյանը երբեմն թույլ էր տալիս ձևակերպումներ, որոնք անսովոր էին ու երկիմաստ: Օրինակ, «Ֆայնենշլ Թայմս» թերթի լրագրողին նա ասաց, որ տնտեսական զարգացումը մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներից առաջնային է համարում, իսկ այնուհետև հավելեց, թե աշխատատեղերն ավելի կարևոր են, քան իրավունքները. «Դժվար է խոսել ժողովրդավարական և մարդու իրավունքների մասին, երբ դուք պետք է բավարարեք բնակչության սոցիալական և տնտեսական կարիքները»: Արևմուտքից եկածի համար այս մտքերը չէին կարող տարօրինակ չներկայանալ:

Ինչ վերաբերում էր տեղացիներին, ապա Հայաստանում ըմբռնումով էին վերաբերվում վարչապետի համանման հայտարարություններին՝ ապավինելով թե՛ իրենց համբերատարությանը և թե՛ հումորի զգացումին: Երբ Սարգսյանը հավաստիացրեց, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանում կայուն կերպով պահպանվելու են 8-10 տոկոս աճի տեմպերը, ոչ ոք առանձնապես չզարմացավ, թեև առկա մակրոտնտեսական ցուցանիշները հակառակն էին պնդում: Բայց վարչապետը դրա համար սրամիտ բացատրություն գտավ՝ ասելով. «Մենք պետական ապարատին դատապարտեցինք ունենալու այդպիսի արդյունքներ, որովհետև եթե չունենա այդպիսի արդյունքներ, ապա պետք է մտածել, որ նա այլևս հոգնել է, պետք է մտածել, որ փոխելու ժամանակն է»:

Համանման մի բան էր կատարվեց այն ժամանակ, երբ ընդունվեց կենսաթոշակները 60 տոկոսով ավելացնելու որոշումը: Ոգևորված վարչապետն այս անգամ էլ առիթը բաց չթողեց շեշտելու, թե դա իր համար սահման չէ ու կառավարության ծրագրում ամրագրեց, որ 2012-ին Հայաստանում միջին կենսաթոշակը պետք է կազմի 42 հազար դրամ: Իհարկե, անտեսանելի ապագայի համար ծրագրեր կազմելը շատ ավելի դյուրին պիտի լիներ, քան ներկայի ծանր բեռը կրելը: Ոչ տնտեսագետ վարչապետն, այնուամենայնիվ, տեսնում էր, որ երկրում աճ ասվածի առյուծի բաժինը ընկնում էր շինարարությանն ու սպասարկման ոլորտին, մինչդեռ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը հազիվ էին կենդանության նշաններ ցույց տալիս: Հասկանում էր նաև, որ եթե 2000-ի սկզբի տնտեսությունում կարելի էր 2-3 միլիոնի ներդրումով ազդեցություն ունենալ ընդհանուր աճի վրա, ապա հիմա այնքան հեշտությամբ տեղաշարժը չէր տրվելու: Եվ նա ուղղակի հարկադրված էր նոր հայացքով նայել նոր պրոբլեմներին:

Սարգսյանը հայտարարեց, որ հանձն է առնում ավելացնել համախառն ներքին արդյունքից գանձվող հարկերը: Իսկ դա նշանակում էր, որ նա պիտի փորձեր բարձրացնել հավաքելիությունը, բոլորին բերեր հարկային դաշտ, խստացներ հարկային օրենսդրությունը՝ դրա հետ մեկտեղ հարկատուներին տեղեկացնելով, թե ուր են գնալու, ինչի վրա են ծախսվելու այս միջոցները: Իր նախորդներից որևէ մեկին այդ հավակնոտ ցանկությունը չէր հաջողվել: Նրան նույնպես վիճակված չէր լինել բացառիկը:

Մտնելով Ազգային ժողով ավելացրած բյուջեով՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Երբեք իմ մտքով անգամ չի անցնում, թե ստիպված կլինենք կամ մենք մեր ցանկությամբ կավելացնենք հարկային բեռը: Հազար անգամ՝ ո՛չ»:

Հաճախ էր նա շեշտում, որ ունի ուժեղ պետության իր տեսլականը և դա ձևակերպում էր այսպես՝ «Ուժեղ պետությունը արդյունավետ պետություն է»: Սա պիտի նշանակեր երկիր, որտեղ կարողանում են կազմակերպել հանրային բարիքի արարումը առողջ միջավայրում, որտեղ կենսական են հիմնական գործառույթները՝ պետության անվտանգության ապահովում, օրենքների գործադրում, կարգուկանոնի ապահովում, տնտեսական աճ, ցածր գնաճ, բյուջեի փոքր դեֆիցիտ, կառավարելի ներքին և արտաքին պարտքեր, տարածքների համաչափ զարգացում: Թե թվարկածների որ մասը և որքանով հաջողվեց կյանքի կոչել, նրա համար կարող էր և հաշվետու նյութ չդիտվել, քանի որ եղածն ընդամենը տեսլական էր և ուրիշ ոչինչ…

Արդեն աշնանը այն հարցին, թե ինչ է արել վարչապետն այդ ընթացքում, նա կես-կատակ, կես լուրջ պատասխանում էր. «Աստված վկա է, որ վատ բան չեմ արել: Ես ընդամենը հինգ ամսից մի քիչ ավելի եմ աշխատում և անլուրջ կլիներ, եթե այսօրվա իրավիճակը ինձ վերագրեմ: Մենք արդեն ունենք 12 տոկոսից ավելի տնտեսական աճ: Ի՞նչ եմ կարողացել անել՝ չեմ խնայել ոչ ինձ և ոչ էլ իմ շրջապատին: Աշխատել եմ, շատերը կարող են վկայել՝ մինչև որ ժամը և ինչպես»:

Սրանք այն օրերն էին, երբ Սերժ Սարգսյանի համար սկսվել էր մեկ այլ՝ ապագա նախագահական ընտրություններին նախապատրաստվելու շրջանը: Հիմա արդեն յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր գործ, յուրաքանչյուր նախաձեռնություն ընկալվում էր իբրև նախընտրական քարոզչության տարր: Եվ իզուր էին կառավարության ջանքերը՝ համոզել հանրությանը, թե դրանք ամենօրյա աշխատանքի բաղադրիչներ են: Ի դեպ, ճշմարտության առաջ չմեղանչելու համար պիտի նկատենք, որ նրա հնչեցրած խոստումների մի մասն իսկապես հնարավորի սահմաններից այն կողմ էր, իսկ ինչ-որ պահից սկսած՝ կառավարության ողջ գործունեությունն ուղղված էր մի նպատակի՝ ապահովել Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը: Այս շահագրգռվածությունը չէին քողարկում նաև նախագահականում: Թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական կյանքում Սարգսյանը չդարձավ նախագահ Քոչարյանի հակակշիռը: Եվ ուրեմն, անիմաստ պիտի լիներ խոսել բևեռները հավասարակշռելու մասին, երբ գոյություն ուներ մեկ հիմնական առանցք, իսկ այդ առանցքը հակված էր իշխանության խաղաղ հանձնումը մի ձեռքից մյուսին:

Վարչապետ Ս.Սարգսյանի մեկամյա գործունեությունն անհնար կլինի գնահատել՝ առանց դիտարկելու նրա ակտիվ մասնակցությունը արտաքին քաղաքական հարցերին: Ի տարբերություն իր նախորդների, վերջինս բազմաթիվ արտասահմանյան այցելություններ էր կատարում՝ Վաշինգտոնում, Մոսկվայում, Փարիզում, Բրյուսելում քննարկելով քաղաքական, տնտեսական, ռազմական նշանակության հարցեր: Նրան հակված էին համարել Հայաստանի ամենաարևմտամետ քաղաքական գործիչներից մեկը: Սակայն ինքն այդ կարծիքի հետ բոլորովին համամիտ չէր: «Ճիշտն ասած, ես ուրախ եմ, որ Ռուսաստանում որոշներն ինձ արևմտամետ են համարում, որովհետև Արևմուտքում էլ շատերը գտնում են, որ ես ռուսամետ եմ: Եվ դա հստակ հաստատում է այն, որ իրականում ես հայամետ գործիչ եմ»:

Սա, ինչ խոսք, հավուր պատշաճի արտասանված միտք էր: Ամեն բան շատ ավելի բարդ էր ու ոչ միանշանակ: Սարգսյանն ասում էր, որ մեր երկիրը կարիք չունի անդամակցելու ՆԱՏՕ-ին, որ մենք ցանկանում ենք եվրոպական ընտանիքի մաս կազմել, որ Երևանը չի պաշտպանելու փխրուն Կովկասում ԱՄՆ-ի ռազմակայանի տեղակայումը, որ Հայաստանը շատ ավելի արագ կզարգանա, եթե հասնի իր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Միաժամանակ նա ընդգծում էր, որ Թուրքիան, որին առանց նախապայմանների բանակցություններ են առաջարկվել, փոխզիջման գնալու ցանկություն չի ցուցաբերել:

Ինչպես ցույց կտա ապագան, նախագահ դառնալուց հետո նա ոչ միայն հավատարիմ էր մնալու, այլև շատ դեպքերում խորացնելու և ընդարձակելու էր իր կողմնորոշումների ասպեկտը՝ հետզհետե ծանրության կենտրոնը թեքելով դեպի հյուսիս:

2007-ի նոյեմբերին ՀՀԿ 11-րդ համագումարը որոշեց հաջորդ տարվա փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն ներքաղաքական հետագա զարգացումների ընթացքը գունազրկեց վեջինիս հաղթանակի արժեքը: Քաղաքական ընդդիմության և իշխանությունների առճակատումը հանգեցրեց ծանր հետևանքների՝ ստվեր նետելով Սարգսյանի անցած գործունեության վրա և խոչընդոտելով հետագայում իրականացնելիք բազմաթիվ ձեռնարկումների ընթացքը: Եվ թերևս պատահական չէր, որ այս հատվածն ավարտելուց առաջ ակամա վերհիշեցինք Վազգեն Մանուկյանի մի արտահայտությունը՝ ասված Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու առաջին օրերին: Երբ նրան հարցրել էին, թե ինչ կարծիքի է նորանշանակ կառավարության ղեկավարի մասին, Վ.Մանուկյանը պատասխանել էր. «Խոսքը հետևյալ բանի մասին է՝ Հայաստանում դրանից որևէ բան փոխվո՞ւմ է, թե՞ ոչ: Իհարկե, ոչ: Ոնց կար Հայաստանը, այդպես էլ գնալու է»:

Սակայն Հայաստանը կարծես թե պատրաստ չէր ընթանալ նախկինի պես:

 

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Պաշտոնը ստանձնել է 2008թ. ապրիլի 9-ից

2008 թվականի նախագահական ընտրություններից և մարտի 1-ի դեպքերից հետո հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակի պայմաններում անհնար դարձավ կիրառումը մի սցենարի, ինչն ընդունված է անվանել «ռուսական տարբերակ»: Ենթադրվում էր, որ իրադարձությունների նպաստավոր զարգացման դեպքում հնարավոր կլիներ իրականացնել իշխանության փոխատեղման մոդելը՝ վարչապետ նշանակելով նախկին նախագահ Քոչարյանին: Սակայն հետընտրական թոհուբոհն ու արյունալի դեպքերը բացառեցին դա՝ պարտադրելով ավելի «համեստ» արդյունք: Մարտի կեսերին բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսն առաջիններից մեկը տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ Հայաստանի կառավարության նոր ղեկավար կնշանակվի շուկայական բարեփոխումների կողմնակից, 1998 թվականից Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը գործադիր կգա Արևմուտքում ուսում ստացած երիտասարդ տեխնոկրատների իր թիմի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը ևս ներշնչվեց հեռանկարով: «Նրա ղեկավարությամբ կառավարությունը առաջիկա տարիներին, իրոք, կիրագործի հավակնոտ ծրագրեր,- ապրիլի 10-ին հայտարարեց նախագահը՝ պաշտոնապես ներկայացնելով նորանշանակ վարչապետին: -Ես դրանում ուղղակի համոզված եմ»:

Նախագահը բացահայտորեն շտապում էր իր համոզմունքներում: Հավակնոտ ծրագրերի երեսը ոչ ոք չէր տեսնելու: Իսկ մինչ այդ Տիգրան Սարգսյանը, որ եկավ համալրելու ինտելեկտուալ-ռոմանտիկների սակավաթիվ կոհորտան, առաջին հերթին ձեռնամուխ եղավ ինքնագովազդին. «Ես կոշտ և խստապահանջ ղեկավար եմ եղել Կենտրոնական բանկում, և դա շարունակվելու է... Ես թիմային աշխատանքի կողմնակից եմ և համոզված եմ, որ մենք կկարողանանք կառավարությունում թիմային աշխատանքի այդ մթնոլորտը շարունակել»,- ասաց նա՝ ավելի ուշ հավելելով, թե բարեփոխումները լինելու են հեղափոխական, իսկ պաշտոնավարումը՝ երկար:

Հայաստանի հանրությունը փոքր-ինչ այլ տպավորություններ ուներ նոր վարչապետի մասին: Վերջինս ժողովրդին ավելի հայտնի էր իր զանազան դրամավարկային ձեռնածությունների շնորհիվ, նրա անվան հետ էին կապում դոլարի փոխարժեքի վայրիվերումները, որոնք ծառայեցվում էին իշխանություններին, իսկ դրանց հերոսը համարվում էր իշխանական կլանի անդամ:

Քաղաքական ուժերն արտաքուստ հանգիստ ընդունեցին Սարգսյանի նշանակման փաստը: Օրենսդիրը հաստատեց թեկնածությունը՝ նրան բնորոշելով իբրև պրոֆեսիոնալ, զուսպ և բանիմաց: Սակայն եղան նաև այլ կարծիքներ: Շեշտեցին, թե վարչապետ կարող է լինել այն հայրենասեր մարդը, որի ընտանիքը բնակվում է Հայաստանում, և որի երեխաները հայկական դպրոց են հաճախում՝ ակնարկելով այն փաստը, որ նորանշանակ վարչապետի կինն ու երկու երեխաները տարիներ շարունակ ապրել էին Եվրոպայում: Չմոռացան նաև նկատել, որ հայաստանյան չափանիշներով Տիգրան Սարգսյանն այնքան ուժեղ անձնավորություն չէ, որ կարողանա պարտադրել՝ հաշվետու լինել իրեն:

Եվ իսկապես, ինչու նախապատվությունը կանգ առավ հենց այդ թեկնածուի վրա: Մի կողմից՝ դա կարելի էր դիտարկել իբրև փոխզիջումային տարբերակ, «ոսկե միջին»՝ իշխանական ակտիվ թևերից որևէ մեկին առավելություն չվերապահելու իմաստով: Մյուս կողմից՝ Տիգրան Սարգսյանը գրեթե զուրկ էր քաղաքական ազդեցությունից ու հետագայում ևս փորձ չարեց դրսևորել որևէ քաղաքական հավակնություն՝ թերևս գիտակցելով իր թռիչքի սահմանները: Բայց նա նաև այն անձնավորությունն էր, որը միջազգային տնտեսական, ֆինանսական կառույցների հետ սերտ կապեր ուներ և նրա նշանակումը որոշ առումով կարող էր նպաստել իրավիճակի մեղմացմանը: Մի խոսքով, երկրին պետք էր ոչ թե վարչապետ, այլ թոփմենեջեր: Այս իմաստով կարելի էր հասկանալ նույնիսկ Հանրապետական կուսակցությանը, որը մինչ նշանակումը պնդում էր, որ վարչապետը պետք է իրենց կուսակիցը լինի, սակայն զիջեց նախագահին, որը չցանկացավ ի դեմս վարչապետի ունենալ խորհրդարանական մեծամասնության վրա հենվող մրցակից:

Ճիշտ է, եղավ մի դեպք, երբ Տիգրան Սարգսյանը հայտնվեց այնտեղ, որտեղ պիտի չլիներ: 2008-ի հուլիսին կայացավ «Ժառանգություն» կուսակցության համագումարը, և վարչապետը որոշեց ոչ միայն մասնակցել, այլև ելույթ ունենալ՝ փորձելով հաշտեցնել երկպառակված երկրի քաղաքական ուժերին: «Ես եկել եմ կամուրջներ կապելու: Կամուրջ այրելը հեշտ է, կապելն է դժվար»,- ասաց նա:- «Ես եկել եմ ասելու, որ մեզ պետք է ուժեղ ընդդիմություն… Ջրբաժանների ժամանակը չէ, աշխատանքի ժամանակն է»: Գուցեև նրան հաջողվեր տպավորություն գործել, բայց այդ ժամանակ բեմ բարձրացավ Լևոն Տեր- Պետրոսյանը, ասաց, որ կարեկցում է վարչապետ Սարգսյանին, քանի որ վատ ժառանգություն է ստացել ու խորհուրդ տվեց. «Ձեր պարտքն է նախևառաջ մաքրել Ավգյան ախոռները»: Վարչապետը մինչև վերջ լուռ լսեց և ապա անմիջապես լքեց դահլիճը: «Խաղաղության աղավնու» առաքելությունը ձախողվել էր:

Նրա համար շատ ավելի հեշտ էր հռետորությամբ զբաղվել յուրայինների ներկայությամբ: Նա այժմ էլ չի զլանում Ներսես Շնորհալուց կամ Օգոստոս Երանելուց խելացի մտքեր ցիտելով բարոյախրատական երկար, ձանձրալի ճառեր արտասանել կառավարության նիստերի ժամանակ՝ համոզված, որ դրանով մեծ ծառայություն է մատուցում հանրությանը: Տուրք տալով ամեն կարգի շոու-ակցիաների, PR-սցենարների, նա ինտերնետում սեփական բլոգ է բացում, գնում է «Բազե»-ականների ու «Միասին»-ականների հավաքներին, այնտեղ պատմում է, թե որքան ուշիմ ու խելացի երեխա է եղել ինքը ժամանակին, հաճույքով լուսանկարվում է տրակտոր վարելիս, կիթառ նվագելիս, Հրազդանի ձորում աղբ հավաքելիս, մեռելոցները սահմանում է հանգստյան օրեր, պատրաստվում է սուսիկ-փուսիկ քանդել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, խոսում է ԱՊՀ երկրների համար միասնական տարադրամի ստեղծման անհրաժեշտության մասին և անմիջապես շեշտում, որ դա ինքն է առաջարկել դեռևս երեք տարի առաջ, գրոհում է ոսկու շուկայի վրա (որն ընկալվեց ոչ այլ կերպ, քան անձնական հաշվեհարդար), խոստանում է արձագանքել մամուլի բոլոր հրապարակումներին (սակայն պարզվեց՝ խոստումը միանգամյա օգտագործման էր՝ «Առավոտ» թերթի նյութի առթիվ), նախարարներին զինվորական համազգեստ հագցրած՝ տանում է սահմանամերձ գոտի, իսկ Deep Purple ռոք-խմբի մենակատար Գիլանի համերգի օրը հայտարարում է, որ դա իր կյանքի ամենաերջանիկ օրն էր: «Եթե մենք ուզում ենք ունենալ մեծ հաջողություններ, չպետք է վախենալ երազելուց»,- անընդհատ կրկնում է Տիգրան Սարգսյանը, և առայժմ միայն երազում է՝ առանց մեծ հաջողության:

Իսկ ինչպիսի՞ն էր երկրի վիճակն այդ ընթացքում, մինչ վարչապետը տարված էր նարցիսյան հովերով:

Պետք է ասել, որ նրա բախտն ակնհայտորեն չէր բերում: Նշանակումից մի քանի ամիս անց բռնկված ռուս-վրացական յոթօրյա պատերազմը ի հայտ բերեց մեր տնտեսության բոլոր խոցելի տեղերը: Մինչ կառավարությունում հապճեպորեն հաշվում էին կրած վնասների չափը, վրա հասավ համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Այդ համընդհանուր խուճապի պայմաններում միայն մեր վարչապետի մտքով կարող էր անցնել այն միտքը, թե դա նույնիսկ շատ հրաշալի է, քանի որ ինքը մեզ համար զարգացման հնարավորություններ է տեսնում ու հիմա պետք է միայն օգտվել ճգնաժամի ընձեռած հնարավորություններից, քանի որ ներդրումները կհոսեն ավելի հանգիստ ու կայուն Հայաստան: Նույն կերպ մի քանի ամիս անց միայն այդ կառավարության խելքին կփչեր վեր կենալ ու հայտարարել, թե համաշխարհային ճգնաժամը Հայաստանում հաղթահարված է, և դա այն դեպքում, երբ ամբողջ մոլորակը դեռ նոր-նոր ուշքի էր գալիս ցնցումներից:

2009-ի գարնանը առաջին անհրաժեշտության ապրանքների գները կտրուկ բարձրացան: Սկսեցին հնչել վարչապետի հրաժարականի առաջին պահանջները: Ընդ որում, նրանից արդեն բողոքում էր ոչ միայն ընդդիմությունը կամ, ասենք, Վարդան Օսկանյանը, այլև նախկին նախագահ Քոչարյանը՝ ունենալով լուրջ շահեր շինարարության ոլորտում, նախկին նախագահը չէր կարող դժգոհ չմնալ այն փաստից, որ երկրում բնակարաններ չեն վաճառվում... տասնապատիկ թանկ գներով, ինչը նրան հաջողվում էր անել իր կառավարման ընթացքում:

Իսկ հուլիսին Տիգրան Սարգսյանը վերջապես քաջություն ունեցավ հայտարարելու, որ հաղթանակների մասին խոսք լինել չի կարող, և տնտեսության ոլորտում տարվա համար տեսնում է զարգացումների երեք սցենար, որոնցից ամենալավատեսականը ենթադրում է տնտեսության համախառն ներքին արդյունքի 9,5 տոկոսի անկում: Վարչապետը չէր բացառում ՀՆԱ-ի 16 և նույնիսկ 20 տոկոս անկման հնարավորությունը: Ստեղծված իրավիճակում կառավարությունը որոշեց բյուջեի ծախսային մասը կրճատելու փոխարեն ավելացնել բյուջեի պակասորդը մինչև 7,5 տոկոս: Բայց դա էլ փրկություն չդարձավ:

Այն կարծիքը, թե համաշխարհային ճգնաժամի պատճառով նրան պարզապես դարձրեցին քավության նոխազ՝ ներքին անհաջողություններն իր վրա կրելու իմաստով, այնքան էլ ճիշտ չէ: Բանն այն է, որ վարչապետն ինքն էլ մյուսներից ոչ պակաս եռանդով մեղավորներ էր փնտրում: Շուտով նա հեծանիվ հայտնագործողի ոգևորությամբ պիտի հայտարարեր. «Համար մեկ պրոբլեմը Հայաստանում՝ ժողովրդավարության պրոբլեմը չէ, ազատ խոսքի բացակայությունը չէ, դա՝ կաշառակերությունն է. համար մեկ պրոբլեմը, որը խոչընդոտում է մեր բոլոր բարեփոխումները»: Սակայն հազիվ թե կաշառակերներն էին միայն մեղավոր, որ, ըստ պաշտոնական տվյալների, 2009թ. արդյունքում գրանցվեց ՀՆԱ 14,4 տոկոսանոց անկում (ոչ պաշտոնական աղբյուրներն ավելին էին ասում): Կառավարությունը գնաց նաև ՀՀ պետական պարտքի ավելացմանը, որի մասնաբաժինը ՀՆԱ-ում 2009թ. արդյունքում կազմեց 36 տոկոս՝ 2008թ. 13,2 տոկոսի համեմատ: Մեկ տարվա մեջ բազմապատկվեց պետական պարտքը, վաճառվեց պահուստային ոսկին, բարձր հարկային դրույքաչափերը (մասնավորապես սոցվճարները և եկամտահարկը), հարկային և մաքսային ոլորտում իրականացված փոփոխությունները, գերիշխող դիրք ունեցող ընկերությունների անպատժելիությունը հարուցեցին բնակչության ու գործարարների դժգոհությունը: Ու եթե երկիրը դեռ կարողանում էր շնչել, ապա ոչ թե վարչապետի պայծառ գաղափարների, այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաև՝ Ռուսաստանի կողմից 500 մլն դոլարի վարկ տրամադրելու շնորհիվ:

Բայց սա որևէ կերպ չանդրադարձավ բարեփոխիչ Սարգսյանի աշխարհայեցողության վրա, որը դեռ ԿԲ նախագահ աշխատելիս գրել էր «Ինչպե՞ս իրականացնել հեղափոխություն» վերտառությամբ մի աշխատություն՝ պնդելով, թե հեղաշրջում պետք է կատարվի մարդկանց ուղեղներում, գաղափարներում և աշխարհընկալման մոտեցումներում: Հավանաբար այն ժամանակ նա չէր լսել, որ կեցությունն է որոշում գիտակցությունը, իսկ այժմ, երբ կառավարության ղեկավարն էր, առավել ևս լսել չէր ուզում այդ մասին: Նորահայտ հեղափոխականը հիմա էլ հայտարարում էր, որ սկսում է պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառութային բարեփոխումների երկրորդ փուլը, մասնավորապես նախարարությունների, գերատեսչությունների, գործակալությունների ֆունկցիաների հստակեցում ու տարանջատում: «Սրանք հեղափոխական բնույթի բարեփոխումներ են»,- հիշեցրեց նա: Բայց հեղափոխություն տեղի չունեցավ: Ի դեպ, այս ոճը հատուկ է մեր վարչապետին: Նա սկզբում խոստանում է, իսկ հետո սկսում է բացատրել, թե ինչը խանգարեց իրականացնել իր խոստումը: Կա մեկ ոճ ևս՝ խոսքի ու գործի տարբերությունը: Վերհիշենք թեկուզ այն, որ վարչապետ դառնալուց հետո հայտարարեց, թե չի պատրաստվում անդամագրվել որևէ կուսակցության, քանի որ իր անկուսակցական լինելը հնարավորություն կտա բոլոր կուսակցությունների մասնագետներին համախմբել խնդիրների լուծման համար, և մասնագետները կաշկանդված չեն լինի կուսակցական պատկանելությամբ: Ասաց ու մեկ տարի անց դարձավ… հանրապետական... Վերհիշենք, որ հանդգնեց քաղծառայության ինստիտուտն ամբողջությամբ իր բուռը հավաքել, զբաղվել գերատեսչությունների կադրային զտումներով, ուռճացված աշխատակազմերը կրճատելով: Արդյունքում՝ նրա ուժը պատեց երկար աղմուկ-աղաղակից հետո մի նախարարության աշխատակազմի ղեկավարի ազատել աշխատանքից, ու այդքանով օպտիմալացումն ավարտվեց:

Անցած երկու տարիների ընթացքում նա անվերջ եռուզեռի մեջ է՝ ինչ-որ տեղեր է գնում, զանազան ֆորումների, գագաթաժողովների, գիտաժողովների, կոնֆերանսների ու ցուցահանդեսների է մասնակցում: Նրա ուղևորությունների հսկայածավալ աշխարհագրությունը, սակայն, ոչ մի կերպ չի ներդաշնակում նրա ձեռքբերումների ծավալների հետ: Բայց դարձյալ խոսում է թռիչքաձև անցումների, բարեփոխումների, ձեռքբերումների ու աճի մասին: Այս տարվա առաջին յոթ ամիսների ցուցանիշները ներկայացնելիս վարչապետն ասաց, որ արձանագրվել է 4 տոկոս տնտեսական աճ, շուրջ 20 տոկոսանոց աճի ցուցանիշ են արձանագրել հանքարդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, մետաղագործությունը, ակնագործությունն ու ոսկերչությունը, հաստոցաշինությունը, սարքաշինությունն ու քիմիան: Ծառայությունների ոլորտում նույնպես կա 6.1 տոկոս աճ: Իսկ այն, որ գյուղատնտեսության ոլորտում զգալի անկում կա, որ նոր կառուցվող շինարարական օբյեկտների վրա մասնավոր ներդրումներ չեն արվում, որ անկում ունենք թեթև արդյունաբերության մեջ, փայտաշինության և էլեկտրատեխնիկայի ոլորտներում, որ խիստ մտահոգիչ է «արտաքին պարտք - ՀՆԱ» ցուցանիշն ու դեռ կարող է առավել վատթարանալ, որ նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ փաստացի ոչինչ չարվեց, այս ամենի մասին պետք է միայն կռահել: Ոչ մի էական տեղաշարժ, ոչ մի նշանակալի ձեռքբերում, ոչ մի հուսադրող միտում: Ահա այսպիսին է պատկերը, և այսպիսին է Հայաստանի 12-րդ վարչապետը, որը դեռ հաճույքով պաշտոնավարում ու կերտում է իր կենսագրությունը:

Տիգրան Սարսյանն իր բնատուր ունակություններով թերևս Հայաստանի ամենաանհաջող վարչապետը չէ, սակայն իր կառավարման տարիներն ամենաանհաջողն են Հայաստանի համար: Ո՞րն է պատճառը: Կարելի է երկար խոհել այս հարցի շուրջ: Սակայն կա օբյեկտիվ պատճառ, որն անտեսել չենք կարող. Տիգրան Սարգսյանի կառավարությունն ամենաթույլն է եղել՝ սուվերենության դեֆիցիտի պատճառով: Անցած տարիների ընթացքում պակասել է ՀՀ սուվերենությունը, ինչը մանևրելու քիչ տեղ է թողնում գործադիրին: Իսկ վարչապետի ինքնուրույն քաղաքական ֆիգուր չլինելու հանգամանքը ևս ազդում է կառավարության գործունեության վրա՝ Տիգրան Սարգսյանը չունի որևէ հենարան երկրում, բացի նախագահ Սարգսյանից, իսկ վերջինիս հենարանն ակնհայտ է բոլորիս: Եվ այս ասպեկտից պարզ են դառնում և՛ կառավարության անճարությունն ու անզորությունը, և՛ մեռելոցներով ու այլ կասկածելի բաներով տարվելու դրդապատճառները... Ի վերջո կառավարություն է, մի բան անելո՞ւ է, թե՞ ոչ: Եվ անում է՝ ամրագոտիներ, շնագոտիներ, մեռելոցներ, այլ ամբախ-զամբախ բաներ, հակառակ դեպքում կարող է տպավորություն ստեղծվել, թե երկրի գործադիրը զբաղված է անգործությամբ:

Հուսանք, որ Հայաստանի հաջորդ կառավարությունը և նրա ղեկավարը զերծ կմնան նման բաներից և կհասկանան, որ ավելի լավ է անգործությունն ու անճարությունը չփորձել քողարկել այլ բաներով, քանի որ վերջին հաշվով դա ավելի վնասակար կլինի ռեժիմի համար: Իսկ մարտիմեկյան դեպքերը, այն է՝ տոտալ ատելությամբ դրդված ակցիաները, ասվածի լավագույն հիմնավորումն են:

 

Ահավասիկ, մեր նորագույն պատմության 12 նշանավոր դեմքերի գործունեության սեղմ անդրադարձը, որը չի հավակնում լինել առավելագույնս տարողունակ ու անժխտելիորեն ճշգրիտ, բայց և իր ընդհանրական գծերով հանդերձ թույլ է տալիս մեզ կատարել որոշ եզրահանգումներ՝ կապված ինչպես նրանց դերակատարության, այնպես էլ դրանց հետևանքների հետ:

Մեկ անգամ ևս վերագնահատելով անցած ճանապարհը՝ մենք, ցավոք, այսօր կարող ենք միայն տխուր հետևությունների հանգել: Եվ դրանցից առավել խոցելին շարունակում է մնալ այն իրողությունը, որ 1990-ականների կեսերի դժվարին իրականությունից հետո այդպես էլ Հայաստանին ոչ մի գնով չվիճակվեց արժանանալու բեկումնային փուլի, ունենալու այն սկզբունքային պետական գործչին, որն առավելագույն հետևողականություն և քաղաքական կամք կդրսևորեր՝ վերափոխելու իրավիճակը, գծագրելու ոչ թե այսրոպեական, այլ հեռանկարային երկիրը: Անցած քսան տարիների պատմությունը դարձավ սոսկ գոյատևման, ինչ-որ կերպ դիմակայելու և ինչ-որ գնով եղածն արդարացնելու ժամանակահատված: Մանուկյանի պլանային էկոնոմիկայի լիկվիդացիայից մինչև Բագրատյանի վարչապետության շրջանը, երբ կառավարության ղեկավարը գոնե համարձակություն ունեցավ փշրելու, վերաձևելու հին պատկերացումների ստերիոտիպերը, հասարակությունը դեռևս կարող էր որևէ կերպ հաշտվել դրանց օրինաչափ ու հրամայական հետևանքների հետ: Սակայն անցումային բեռի ծանրությունը կրելուց հետո էլ չկատարվեց այնպիսի մի բան, որ արդարացիորեն կկարողանար վաստակել բարեփոխում համարվելու իրավունքը, երաշխիք կհանդիսանար արժեհամակարգի և դրա կենսականությունն ապահովող մեխանիզմների լիարժեք գործունեության համար: Այսուհետ ձեռքբերում էր համարվելու սոսկ ճգնաժամի կանխարգելումը, այլ ոչ թե արմատական տեղաշարժը, գերնպատակ էր դիտվելու վարչարարությամբ բյուջեի մուտքերի ապահովումը, այլ ոչ թե կայուն եկամուտների համար խելամիտ ներդրումային քաղաքականության իրագործումը, հաջողություն էր կոչվելու արտաքին ռեսուրսների ներգրավումը, այլ ոչ թե առողջացումը ներքին պոտենցիալի հաշվին:

Ճշմարտության առաջ մեղանչած կլինենք, եթե պնդենք, թե գործադիր մարմինը միտումնաբար դեպի անկում էր հրում տնտեսությունը, իսկ վարչապետերն այս երկրի թշնամիներն էին: Սակայն ինչպես նախորդների օրոք, այնպես էլ այսօր ազգային հարստությունը փոշիանում է ոչ միայն այն պատճառով, որ գերակշռում են դրան նպաստող գործոնները, այլև որովհետև բացակայում է պահպանման ու բազմապատկման ընդունակությունը, համարժեք միջավայրը, դրա իրագործման խիզախությունը: Իսկ ձևավորված ճահիճն արդեն լուրջ սպառնալիքներ է պարունակում՝ մարտահրավերներ, որոնց տարածման սահմանները վաղուց են հատել նեղ-ոլորտային կղզիների ափերը, քանզի տնտեսության կենսագործունեությունը բոլորովին էլ միայն տնտեսական գործառույթ չէ, այլև խիստ քաղաքական նպատակադրություն, և նա, ով պարտվում է մեկում, տանուլ է տալիս նաև մյուսը:

Մենք առայժմ հաղթանակներ չունենք: Ինչպիսի օբյեկտիվ ու սուբյեկտիվ փաստարկներ էլ մատնանշենք, մի՞թե կարող ենք առանձնացնել մի կառավարություն, որ վաստակեց հասարակության ստվար հատվածի վստահությունն ու համակրանքը, մի ծրագիր, որ երկրի բնակչության համընդհանուր շահերից էր բխում, այլ ոչ թե մի խումբ օլիգարխների, մի լուծում, որն իր ներսում շարունակականության և արդյունավետության երաշխիքներ էր պարունակում և ոչ թե միանվագ շահ՝ հատուկ արտոնություններով օժտվածների համար: Այս պայմաններում նույնիսկ ավելորդ է խոսել մրցունակ ճյուղերի, համակարգն արդիականացնելու, միջազգային չափանիշներին համապատասխանելու և նման կարգի այլ որակների մասին, որոնցով լի են եղել մեր վարչապետերի անսպառ խոստումները:

Ի վերջո, իշխանությունները պարզապես լվացին իրենց ձեռքերը, դադարեցրին ոչ միայն վաղվա օրվա հեռանկարային ելքերի փնտրտուքը, այլև ընթացիկ խնդիրներով զբաղվելու նվազագույն հանձնառությունը: Արդյունքում՝ Հայաստանն այսօր չունի դասական իմաստով տնտեսական քաղաքականություն: Ավելին՝ Հայաստանը զուրկ է որևէ կարգի քաղաքականության իրականացման հնարավորությունից և հավակնությունից: Կա ընդամենը անցած 20 տարիների մեր վաստակը՝ կախյալ պետություն, քայքայված էկոնոմիկա, կասկածելի ֆինանսական դաշտ, երկփեղկված հասարակական հարաբերություններ, բիզնեսի ու իշխանության աղետալի սերտաճում, և Հայաստանի 12 վարչապետերից յուրաքանչյուրն, անկախ հանգամանքներից ու ժամանակահատվածից, մեծ կամ փոքր չափով պատասխանատվություն է կրում ներկա իրավիճակի համար: Երկիրը հայտնվել է փակ շրջանի մեջ: Երկիրը դեռ սպասում է նրան, ով կարող է բացել կասեցման պատնեշը և վերջապես դուրս բերել իրեն կործանարար շրջապտույտից:

Իսկ արդյո՞ք կործանիչ է այդ շրջապտույտը: Կարծում ենք՝ այո: Եվ դրան հավատալու համար բավարար է ուսումնասիրել կովկասյան երկրների աճի դինամիկան: Դեռ 1997-ին Հայաստանը տարածաշրջանային լիդեր էր՝ չնայած Տեր-Պետրոսյանի կառավարությունների գործունեության կործանարար հետևանքներին: Հիշենք այդ ժամանակվա Վրաստանը, որն աշխարհի ամենազզվելի երկիրն էր, որի տարածքով անցնելը մարդիկ համեմատում էին դժոխքում ճանապարհորդության հետ: Հիշենք այդ ժամանակվա Ադրբեջանը, որին հենց 1997-ին հաջողվեց կանգնեցնել տնտեսական անկումը (ի դեպ, մեր երկիրը հաղթարարեց այն դեռ 1994-ին) և որն աղաչում էր Հայաստանի ղեկավարությանը՝ լուծել Ղարաբաղյան հիմնահարցը՝ փաստացի հրաժարվելով Լեռնային Ղարաբաղից, Լաչինից և Քելբաջարից: Իսկ այսօր Վրաստանի տարածքում մենք տեսնում ենք մի երկիր, որտեղից հայերը, մեղմ ասած, զզվանքով են վերադառնում Հայաստան: Դե, Ադրբեջանն էլ անցած տարիների ընթացքում կարողացավ ցուցաբերել աշխարհում աննախադեպ տնտեսական աճի արդյունքներ՝ մինչև 36%: Եվ որքան էլ խաբենք մեզ, թե դա ընդամենը նավթի շնորհիվ է, միևնույն է, դա այդպես չէ. Ադրբեջանն աշխարհում ընդամենը 24-րդ տեղն է գրավում նավթի արդյունաբերությամբ, սակայն այդ նույն աշխարհի տնտեսական զարգացման բացարձակ և անզուգական առաջատարն է (Արևմուտքի համար կործանիչ 2009-ին Ադրբեջանը գրանցեց ՀՆԱ-ի 9% աճ՝ մի բան, որ հազվադեպ է տեղի ունեցել արևմտյան երկրների ստեղծման օրվանից), ինչը լուրջ մտածելու տեղիք պետք է տա գործող վարչապետի կաբինետին: Բնականաբար, Ղարաբաղի հարցում էլ Ադրբեջանի դիրքորոշումն այլևս այն չէ, ինչ կար 1997-ին՝ այժմ ադրբեջանցիները չեն բավարարվում Ղարաբաղի վերադարձով, ուզում են նաև Իրևանի խանության տարածքը:

Հայաստանն այսօր տարածաշրջանի ամենաթույլ երկիրն է և ռեալ զարգացման առումով զիջում է բոլորին: Չի զիջում միայն տիեզերական մտադրություններով: Եվ որքան էլ այսօր ասեն, թե Հայաստանը պետք է դառնա «գերազանցության կենտրոն», իսկ ԵՊՀ-ն՝ աշխարհի լավագույն բուհերից մեկը, գործը առաջ չի շարժվի, քանի որ 90-ականների կեսերից այս երկրում ոչ մի արմատական բան չարեցին՝ քաղաքական կամքի բացակայության պատճառով, իսկ մինչ այդ անում էին հիմնականում, մեղմ ասած, կործանիչ բաներ: Ստեղծվեց մի իրականություն, որից հրաժարվել ոչ ոք չցանկացավ ու չկարողացավ: Եվ հենց այդ իրականությունն է, որի պատճառով Հարավային Կովկասում մենք այսօր ունենք այս իրավիճակը: Իսկ թե ինչ բան է Կովկասն իր հմայքով և Հայաստանի դարավոր պրոբլեմներով՝ ակնհայտ է: Լավ կլիներ, եթե երկրի քաղաքական ղեկավարությունը փորձեր մտածել այս մասին: Դա հատկապես կօգնի հաջորդ կաբինետի ձևավորման գործում...

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am