Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Սեպտեմբեր 2010, N 8

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՍՏԱՆԻՍԼԱՎ ՏԱՐԱՍՈՎ

ԹՅՈՒՐՔԱԼԵԶՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ. ՕՍՄԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ ՆՈՐ ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

(նյութի մշտական հասցեն՝ http://www.regnum.ru/news/1326720.html)

18.09.2010

Ստամբուլում անցկացվեց թյուրքալեզու երկրների տասներորդ գագաթաժողովը: Թուրք քաղաքական գործիչներն այն որակեցին որպես «շրջադարձային», ինչի հետ կարելի է համաձայնել: Դրա արդյունքներով՝ Թուրքմենստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները որոշում ընդունեցին համատեղ Խորհուրդ ստեղծելու մասին, որը «կոչված է նպաստելու երկրների միջև ավելի արդյունավետ երկխոսությանը»: Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (ԹԵՀԽ), որը կտեղակայվի Ստամբուլում, գլխավոր քարտուղար է ընտրվել Ռուսաստանում Թուրքիայի նախկին դեսպան Հալիլ Աքընջըն: Այս առնչությամբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը նշել է, որ նոր կառույցը «կարևոր դեր կխաղա այն խնդիրների լուծման գործում, որոնց բախվել է ընդարձակ աշխարհագրական տարածք ընդգրկող թյուրքական աշխարհը»: «Մեր ուժը միասնության մեջ է»,- ի պատասխան հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նշենք, որ նման արդյունք ձեռք է բերվել միայն մի ինչ-որ համաթյուրքական աշխարհաքաղաքական միավորում ստեղծելու բազմամյա փորձերից հետո: Ինչպե՞ս է վերաբերվում այս երևույթին, նախևառաջ, Ռուսաստանը, քանի որ վերլուծաբանների մեծամասնությունն այսպես կոչված «թյուրքական միասնության» մեջ լուրջ վտանգ է տեսնում: Առաջին հայացքից այդպես էլ կա: Թուրքիան ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուի բերնով հայտարարում է, որ այս նախագիծը հովանավորվում է ԱՄՆ ռազմավարական դաշնակցի կողմից: Մանավանդ որ բոլոր թյուրքական երկրների մեջ Թուրքիան ՆԱՏՕ միակ անդամ երկիրն է, որը փորձում է ինքնուրույն քաղաքականություն վարել Մերձավոր և Միջին Արևելքում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Ահա թե ինչու, տեղի ունեցածը գնահատելու համար, անհրաժեշտ է ոչ մեծ պատմական էքսկուրս կատարել:

Չգիտես ինչու ընդունված է, որ «Մեծ Թուրան» նախագիծը, որն ի հայտ է եկել անցյալ դարասկզբին, թուրքական ծագում ունի: Այդպես չէ: Առաջին երկիրը, որը դոկտրինալ կերպով սկսել է մշակել պանթյուրքիզմի խնդիրները, Ռուսական կայսրությունն է եղել: Դա վերաբերում է 1905-1907թթ. ռուս-ճապոնական պատերազմի սկսվելու շրջանին: Այդ ժամանակ Վյատկայի նահանգային ժանդարմական վարչության պետի օգնականի՝ Պետերբուրգ ուղղված զեկույցում նշվում էր. «Տոկիոյում տեղի ունեցած համասիական կոնգրեսից հետո, ուր հռչակվեց «Ասիան ասիացիների համար» կարգախոսը, երիտթուրքերն անմիջապես իրենց կոնգրեսում որոշեցին, որ Թուրքիան պետք է սկսի եռանդուն պանիսլամական ագիտացիա այն երկրներում, որոնցում մուսուլմաններ են ապրում, այն է՝ Ռուսաստանում, Պարսկաստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում: Եվ ոչ թե նախկին մշակութային-լուսավորչական, այլ զուտ մարտական ագիտացիա, որը իսլամ դավանող բոլոր ժողովուրդներին կկոչի միավորվել և համախմբվել Թուրքիայի հովանու ներքո՝ իրենց համար ատելի քրիստոնյա եվրոպացիների լուծը շուտափույթ թոթափելու համար: Երիտթուրքերի այս կոնգրեսում որոշվեց նաև ամենամյա կոնգրեսներ կազմակերպել Կոստանդնուպոլսում՝ մուսուլմանական բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ողջ մուսուլմանության հարցերը քննարկելու և ամենուր Կոմիտեի բաժանմունքներ հիմնելու համար, հատկապես Ռուսաստանում, Պարսկաստանում և Հնդկաստանում: Ուշադրության առնելով այն, որ մուսուլմանական խումբը Ռուսաստանում թվով երրորդն է վելիկոռոսներից և մալոռոսներից հետո, ապա հստակ երևում է պանիսլամիզմի քարոզչության վտանգը, որը կարող է կործանել Ռուսաստանը»: Պետերբուրգի պատասխան գործողություններն ուղղվեցին պանիսլամիզմի մասնատմանն էթնիկ հատկանիշով: Նշենք, որ վերոնշյալ վարչության նույն փաստաթղթերը վկայում են. Պետերբուրգի մասնակցությամբ են մշակվել թյուրքիզմի դոկտրինները, որոնք հսկայական դեր են խաղացել 1908թ. երիտթուրքերի հեղափոխության մեջ (տե՛ս Отчеты охранных отделений Тифлиса, Баку и агентурной разведки): Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին օխրանկայի և հետախուզության վերլուծական հաշվետվություններում փաստվում էր պանթյուրքիզմի հաղթանակը պանիսլամիզմի նկատմամբ, ենթադրվում էր Օսմանյան կայսրության անկումը, ինչն էլ հետագայում տեղի ունեցավ:

1917թ. Ռուսաստանում ցարիզմի տապալումից և բոլշևիկների իշխանության գալուց հետո պանթյուրքիզմի գաղափարները կրկին մեջտեղ եկան: Մոսկվայում ստեղծվեց Կենտրոնական մուսուլմանական կոմիսարիատը: Ազգությունների ժողկոմ Իոսիֆ Ստալինը, պաշտպանելով թյուրքիզմի հեղափոխական տարրերի հետ կոմունիստական կուսակցության դաշինքի սկզբունքը, կարծում էր, որ դա թույլ կտա «սոցիալիզմը տարածել թյուրք նացիոնալիստների օգնությամբ, իրականացնել գաղութային հեղափոխության հայեցակարգը»: 1918թ. նոյեմբերին, մուսուլման կոմունիստների առաջին համագումարում Ստալինն ասում էր. «Մեր խնդիրն է կամուրջներ անցկացնել Արևելքի և Արևմուտքի միջև և միասնական հեղափոխական ճակատ ձևավորել... Ձեզ համար բաց են Պարսկաստանի և Հնդկաստանի, Աֆղանստանի և Չինաստանի դարպասները...»: Բայց միևնույն ժամանակ Մոսկվան, ինչպես և ժամանակին ցարական Պետերբուրգը, կտրականապես դեմ էր պանիսլամիզմի գաղափարներին՝ փոխարենը սերմանելով «հեղափոխական նացիոնալիզմը»: Այսպես ձևավորվեց Կոմինտերնի մարտավարությունն Ասիայում, որն ընդունվեց 1920թ. սեպտեմբերին, Բաքվում, Արևելքի ժողովուրդների համագումարում: Ի դեպ, այս հիմքի վրա ձևավորվեց Լենին-Աթաթյուրք դաշինքը: Բոլշևիկները հույս ունեին պանթյուրքիզմի օգնությամբ ներխուժել նախկին Օսմանյան կայսրության տարածքները և հսկայական «թյուրքական խորհրդային դաշնություն» կազմավորել: 1923թ., երբ հայտարարվեց ժամանակակից Թուրքիայի Հանրապետության ստեղծման մասին, նրա հիմնադիր Մուսթաֆա Քեմալը քիչ ջանքեր չգործադրեց՝ «բոլշևիկյան պանթյուրքիզմի գրկախառնումից» ազատվելու և «պետական թյուրքիզմի» դոկտրինը հռչակելու համար: Դա Թուրքիան փրկեց որպես պետություն: Ի պատասխան՝ բոլշևիկները «յուրային» թյուրքական ժողովուրդների մեջ սկսեցին ներդնել իրենց բնիկության գաղափարները, որպեսզի խուսափեն «բումերանգի էֆեկտից»: Բաքվում, օրինակ, մշակվեց ադրբեջանական էթնոսի ավտոխտոն ծագման մասին դոկտրինը: Այդ էթնոսի ակունքները կապվում էին կովկասյան աղվանների հետ: Մշակվեց ադրբեջաներենի հատուկ քերականություն: Համանման գործընթացներ տեղի ունեցան նաև թյուրքական մյուս խորհրդային հանրապետություններում: Նման իրադրությունը պահպանվեց ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզումը 1991թ., երբ որոշակի քաղաքական շրջանակները Թուրքիայում զգացին պատմական շանսի պահը՝ զբաղեցնելու «մեծ եղբոր» դատարկ տեղը թյուրքական հանրապետությունների շարքում: 1992թ. Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալն առաջ քաշեց հետևյալ թեզը. «Թյուրքական աշխարհը գերիշխող գործոն կդառնա եվրասիական տարածքում՝ Բալկաններից մինչև Չինական պատ»: Բայց ամենամեծ ակտիվությունն այս ուղղությամբ դրսևորեցին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը և Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը: Նրանք որդեգրեցին «մեկ ազգ՝ երկու պետություն» թեզիսը: Խնդիրը միայն այն էր, որ քեմալական ուղղության թուրք պատմաբաններն ընդունում էին թուրքերի եկվոր լինելը Փոքր Ասիայի տարածքներում, իսկ Ադրբեջանն առայսօր կողմնակից է իրենց էթնոսի ավտոխտոն ծագման ստալինյան սկզբունքին: Ի դեպ, երկու պետության և «մեկ ազգի» գաղափարն օբյեկտիվորեն ամրապնդում է հայկական կողմի դիրքերը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վեճերում:

Ուստի, Հեյդար Ալիևի գծած աշխարհաքաղաքական արեալում ներգրվելու համար անատոլիական թուրքերին անհրաժեշտ է նորից գրել իրենց ազգային պատմությունը, ինչն անհնար է առանց Եվրոպայի հետ հարաբերությունները բարդացնելու: Մյուս կողմից՝ Բաքվի ճնշումն Անկարայի վրա այս ուղղությամբ նկատելիորեն թուլացրել է հասարակության համախմբվածությունը հենց Թուրքիայի ներսում: Ուստի, նորահայտ «թյուրքական աշխարհում» «ավագ եղբոր» գործառույթի փոխարեն Անկարային պարտադրվել է մեծ քաղաքականության մեջ նախկին խորհրդային թյուրքական հանրապետությունների շահերն անցկացնողի դերում հանդես գալու գործառույթը: Իր հանդեպ «սպառողական» վերաբերմունքը Թուրքիան զգաց նաև այն ժամանակ, երբ նրանից սկսեցին պահանջել զգալի ֆինանսական ներդրումներ: Այսպես, թուրք հայտնի պրոֆեսոր Բահրի Յըլմազը հետխորհրդային տարածքում էքսպանսիայի հայտարարված պլանների շուրջ իրավիճակի զարգացման վերաբերյալ իր կանխատեսման մեջ գրում է. «Երկարաժամկետ հեռանկարում տնտեսական օգուտները, որոնք կարող են բերել մեզ ռեֆորմատորական շարժումները թյուրքական հանրապետություններում, բացի նավթագազատարներից, շատ սահմանափակ են»: Արդյունքում՝ Անկարային այդպես էլ չհաջողվեց պահել նախկին խորհրդային թյուրքական հանրապետություններն իր տնտեսական և քաղաքական ազդեցության ոլորտում: Բայց փոխարենը նա ստացավ այդ նույն «բումերանգի էֆեկտը». թուրքական քաղաքական դաշտում իրենց մասին սկսեցին հայտարարել նոր ուժեղ խաղացողներ՝ իրենց տնտեսական, քաղաքական տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերով:

Ավելին, նրանց մոտ (Թուրքիայի իշխող դասի համար անսպասելիորեն) շանս հայտնվեց՝ զբաղեցնելու այդ երկրում նկատելի քաղաքական դիրքեր՝ հենց Թուրքիայի ռեսուրսային սահմանափակության, «Բալկանյան թերակղզուց մինչև Չինական մեծ պատը» սեփական պատասխանատվության գոտու ստեղծման նախագիծն իրականացնել չկարողանալու պատճառով: Ահա թե ինչու այժմ շատ փորձագետներ դիտարկում են հավանականությունն այն բանի, որ «թյուրքական միասնության» խաղը կավարտվի ոչ միայն այսպես կոչված օսմանյան նախագծի ձախողմամբ, այլև բյուզանդական տիպի նախագծի վերակենդանացմամբ: Դրա հետ մեկտեղ, ներկայումս Թուրքիայում իշխանության մեջ են գտնվում այսպես կոչված մոդեռնիստներ, որոնք փոխում են թյուրքիզմի դոկտրինն իսլամիզմով, ստանձնում են դեպի Մերձավոր Արևելք և մուսուլմանական հանրություն տանող ուղեգիծ: Եվ սա՝ այն դեպքում, երբ նախկին ԽՍՀՄ թյուրքական երկրները որդեգրել են սեփական նացիոնալիստական գաղափարներ, սեփական պատկերացումներ Կասպից ծովի ավազանում և Միջին Ասիայում իրենց ժողովուրդների նշանակության մասին: Այսպիսով, նոր պայմաններում կրկնվում է արդեն հայտնի պատմական ֆենոմենը. դրսից՝ հետխորհրդային տարածքից կրկին Թուրքիա է ներմուծվում պետական թյուրքիզմ իսլամիզմի փոխարեն: Սա տեղի է ունենում մի իրավիճակում, ինչպես նախկինում արդեն եղել է պատմության մեջ, երբ տարածաշրջանում ընթանում է աշխարհաքաղաքական վերափոխումների գործընթաց՝ կապված Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման և Աֆղանստանից Արևմուտքի սպասվող հեռացման հետ:

Ահա թե ինչու Անկարան չէր շտապում ստեղծել որևէ համաթյուրքական կառույց, և նախաձեռնություններն այս ուղղությամբ բխում էին, որպես կանոն, Ղազախստանից կամ Ադրբեջանից: Պատահական չէ, որ այն միաժամանակ աշխարհաքաղաքական հակակշիռ էր ստեղծում Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության ընդլայնման տարբերակով՝ առաջարկելով «սլավոնա-թյուրքական սուպերէթնոսի» տիպի փխրուն կոնստրուկցիան: Այսինքն՝ Անկարան նման կոմբինացիա էր ստեղծում, որպեսզի անհրաժեշտության դեպքում նախկին խորհրդային թյուրքական հանրապետությունները վերածեր ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի ինքնատիպ աշխարհաքաղաքական պատանդների: Ի դեպ, իրադարձությունների նման ընթացքն իրական նախադրյալներ է ստեղծում Ռուսաստանի համար՝ ի նպաստ իր շահերի բազմաքայլ «թյուրքական պարտիա» խաղալ: Ամեն ինչ այժմ կախված է դիվանագետների ցանկությունից և վարպետությունից:   

 

ՎԼԱԴԻՄԻՐ ՍՈԿՈՌ

ՊՈՒՏԻՆՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ  NABUCCO-Ի ԳԾՈՎ

 (նյութի մշտական հասցեն՝ http://www.atimes.com/atimes/Central_Asia/LI17Ag01.html)

17.09.2010

Ռուսաստանին, թերևս, չհաջողվեց Եվրոպայում լոբբինգի ենթարկել «Հարավային հոսք» խողովակաշարը և շահել իր հետ մրցակցող Nabucco նախագծի (որը պետք է գազն Ադրբեջանից Թուրքիայով հասցնի եվրոպական շուկաներ) հետ մրցակցությունում: Արդյունքում՝ Մոսկվան այժմ հուսահատ ժխտում է Nabucco-ին անհրաժեշտ գազի ծավալների առկայությունը Կասպյան ավազանում:

Վարչապետ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այս գիծը ձևակերպեց ռուսաստանյան փորձագիտական «Վալդայ» ակումբի՝ վերջերս տեղի ունեցած ամենամյա նիստում: Նա հայտարարեց, որ Nabucco նախագիծը մատակարարման ոչ մի երաշխիք չունի (իսկ «Ռուսաստանն այնտեղ ոչինչ չի ուղարկի»), որ Nabucco-ն չի կարող լրիվ հույսը դնել Ադրբեջանի վրա, քանի որ վերջինը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ գազի մատակարարման պայմանագիր է կնքել, և որ Կասպիայում ծովային սահմանների շուրջ վեճը կխանգարի թուրքմենական գազն Ադրբեջանի տարածքով տեղափոխել Եվրոպա: Վարչապետի մաղձոտ տոնն ու հայտարարության բովանդակությունը մատնանշում էին այն, որ հաղթելու հույս նա գրեթե չունի:

Ադրբեջանը Nabucco նախագծում հանգուցային դեր է խաղում: Ռուսաստանն այժմ ջանում է առավելագույն չափով ավելացնել ադրբեջանական գազի ներմուծումը, որպեսզի Nabucco-ի համար որքան հնարավոր է քիչ գազ մնա: Նախագահ Դմիտրի Մեդվեդևի այդ երկիր կատարած վերջին այցելության ընթացքում «Գազպրոմը» պայմանագիր ստորագրեց Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային ընկերությունից (ԱՀՊՆԸ) 2011թ. 2 մլրդ խոր. մետր գազ գնելու մասին (2009թ. խոսքը 500 մլն խոր. մետրի, իսկ 2010-ին՝ 1 մլրդ խոր. մետրի մասին էր): Ավելին, համաձայնագիրը Ադրբեջանից Ռուսաստան գազի ամենամյա մատակարարումների ծավալի ոչ մի սահմանափակում չի անում: Բացի այդ, Մեդվեդևի այցելության ժամանակ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հասկացրեց, որ ռուսական ընկերությունը պատրաստ է բաժին ձեռք բերել Շահ-Դենիզ շելֆային հանքավայրի մշակման երկրորդ փուլում, որը պետք է դառնա գազի հիմնական աղբյուրը Nabucco նախագծի առաջին փուլի համար: Այնուամենայնիվ, արդյունքում «Գազպրոմի» սադրիչ գործունեությունը ոչնչի չի հանգեցնի: Ադրբեջանից գազ գնելու նրա համաձայնագրերն ուղիղ մեկ տարի գործում են: Ուստի, երբ Nabucco խողովակաշարը շարք մտնի, Ադրբեջանը կկարողանա արտահանումը ռուսական ուղղությունից վերաուղղել դեպի արևմտյան ուղղություն՝ ընտրելով ավելի շահավետ գներն ու տեղափոխման պայմանները: Իսկ ինչ վերաբերում է Շահ-Դենիզին, ապա ներկա պահին Ռուսաստանը ոչ մի լծակ չունի, որոնց օգնությամբ կկարողանար ստիպել հանքավայրում աշխատող կոնսորցիումին «Գազպրոմն» ընդունել մշակման երկրորդ փուլի մասնակիցների թվում: Այդ կոնսորցիումի մեջ են մտնում հետևյալ ընկերությունները. BP-ն և նորվեգական Statoil-ը, որոնց պատկանում է բաժնետոմսերի 25,5-ական տոկոսը, ադրբեջանական ՊՆԸ-ն, ռուսական ԼՈւԿօյլը, ֆրանսիական Total-ը և Իրանի ազգային նավթային ընկերությունը՝ յուրաքանչյուրը 10 տոկոս բաժնետոմսերով, և թուրքական Turkish Petroleum-ը՝ 9 տոկոսով: Ձայների հարաբերակցությունը բացառում է նույնիսկ այն նվազագույն հնարավորությունը, որ կառավարող կոմիտեն իր կամքով «Գազպրոմին» կոնսորցիում կընդունի: Երկրորդ փուլը 2016 թվականից, ինչպես սպասվում է, պետք է ամեն տարի 16 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարի: Ներդրումների ծավալը նախագծի ողջ ընթացքում պետք է կազմի 20 միլիարդ դոլար, համապատասխանաբար՝ ներդրումային որոշումը պետք է ընդունվի մինչև 2011թ.: Այդ պայմանները ձևակերպվել են նախքան երեք խոշոր ֆինանսական հաստատությունների կողմից Nabucco նախագիծը ֆինանսավորելու պատրաստակամության մասին հայտարարելը, ինչն իր հերթին պետք է խթանի Շահ-Դենիզի կոնսորցիումին՝ կայացնել երկար սպասված ներդրումային որոշումը: Հանքավայրի կոմերցիոն օպերատոր Statoil-ը վերջերս հրավիրեց պոտենցիալ հաճախորդներին մասնակցել Շահ-Դենիզի երկրորդ փուլի գազի մատակարարումների շուրջ բանակցություններին: Հրավերքը հասցեագրված էր երեք նախագծերին մասնակցող կոնսորցիումներին և ընկերություններին՝ Nabucco, «Թուրքիա-Հունաստան-Իտալիա» (ITGI) գազատար և Անդրադրիատիկ գազատար (որի բաժնետերերի մեջ է նաև Statoil-ը, գազատարն անցնում է այն երկրներով, ինչ և ITGI-ն):

Nabucco կոնսորցիումն ակնկալում է նախագծի առաջին փուլի համար ստանալ ութից տասը միլիարդ խոր. մետր ադրբեջանական գազ: Ադրբեջանը հույս ունի, որ այդ ծավալների մեծ մասը կապահովի Շահ-Դենիզի երկրորդ փուլը, իսկ մինչև Nabucco-ի երկրորդ փուլը կհասնի նաև թուրքմենական գազը:

Այս պլանները կարող են խափանվել, եթե Շահ-Դենիզում արդյունահանվող գազը բաժանվի մի քանի խողովակաշարի միջև: Դիտարկվող երեք խողովակաշարերից միայն Nabucco-ն է, որ իր 31 մլրդ խոր. մ. թողունակությամբ և դեպի Կենտրոնական Եվրոպա ուղղվածությամբ ռազմավարական նշանակություն ունի և՛ ինքնին որպես այդպիսին, և՛ որպես Հարավային գազային միջանցքի եվրոպական նախագծի կարևորագույն մաս: ITGI-ն և Անդրադրիատիկ գազատարը, որոնք նույնպես մտնում են այս նախագծի մեջ, շատ ավելի պակաս թողունակություն ունեն և ուղղվում են դեպի Եվրոպայի հարավ՝ Իտալիա: Անկասկած, դրանց մասնակից ընկերությունների համար դրանք հետաքրքիր են գործարար տեսանկյունից, բայց առանց լրիվ հզորությամբ աշխատող Nabucco-ի դրանք չեն կարողանա կարևոր դեր խաղալ դեպի Եվրոպա մատակարարումների դիվերսիֆիկացման գործում:

Հարավային միջանցքի (որը պետք է ներառի նաև «Սպիտակ հոսք» խողովակաշարի նախագիծը, որը նախատեսված է կասպյան գազը Ռումինիա և Ուկրաինա տեղափոխելու համար) այս բոլոր պոտենցիալ բաղադրիչներն անհրաժեշտ են նրա համար, որ առավելագույնս ավելացվեն գազի մատակարարումները Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, ինչը պետք է խթանի ներդրումները գազահանքերի գործարկման համար: Սակայն դրանք կդառնան անարդյունավետ և նույնիսկ պարզապես ավելորդ, եթե արդյունքում սկսեն մրցակցել միմյանց հետ ադրբեջանական գազի սահմանափակ ծավալների համար: Ֆինանսական հաստատությունների ընտրությունը, որոնք որոշել են աջակցել Nabucco-ին, վկայում է այն մասին, որ ֆինանսիստները նույնպես գիտակցում են այդ նախագծի ռազմավարական նշանակությունը:

Չնայելով Պուտինի վերջին հայտարարություններին՝ Թուրքմենստանը կամաց-կամաց տրանսպորտային լուծում է որոնում, որը թույլ կտա Ադրբեջանի միջով գազ մատակարարել Nabucco-ի համար: Ոչինչ լրջորեն չի մատնանշում, թե Աշգաբադը թույլ կտա սահմանի համար տարաձայնություններին խանգարել Կասպիայի «կամարի» շինարարությանը: Ընդհակառակը, այս տարի այն արդեն սկսել է Թուրքմենստանի տարածքի միջով գցել «Արևելք-Արևմուտք» խողովակաշարը, որը գազահանքերից հասնելու է մինչև երկրի արևելք՝ մինչև կասպյան ափ: Խողովակաշարի այս նախագիծը, որի թողունակությունը 2015 թվականից պետք է կազմի 30 մլրդ խոր. մ, վկայում է այն մասին, որ Թուրքմենստանը ծրագրում է գազի համապատասխան ծավալներ վաճառել իր արևմտյան սահմանին (ի լրումն շելֆային հանքավայրերի գազի), երբ պատրաստ կլինի Կասպյան ծովով անցնող խողովակաշարը: Դա ոչ միայն թույլ կտա Nabucco-ին աշխատել ամբողջ հզորությամբ, այլև կօգնի կենսագործել Հարավային միջանցքի եվրոպական նախագիծը: Մյուս կողմից, եթե Եվրոպան չկարողանա օգտվել այդ հնարավորությունից, Աշգաբադը ստիպված կլինի հրաժարվել «Արևելք-Արևմուտք» նախագծից և այդ ծավալները վերաուղղել Ռուսաստան (Կասպիայի ափով դեպի հյուսիս գնացող խողովակաշարը, որը Ռուսաստանն առաջարկում է ընդլայնել) կամ ոչ եվրոպական այլ երկրներ: Nabucco-ի բաժնետերեր գերմանական RWE-ն, հունգարական MOL-ը և ավստրիական OMV-ն հույս ունեն գազ ստանալ նաև իրաքյան Քուրդիստանից: Անցած տարի MOL-ը և OMV-ն ձեռք բերեցին Pearl Petroleum կոնսորցիումի (որը զբաղվում է գազահանքերի մշակմամբ Իրաքի այս շրջանում) բաժնետոմսերի 10-ական տոկոսը: Կոնսորցիումում կարևոր դեր է խաղում Dana Gas մասնավոր ընկերությունը (կենտրոնատեղին՝ Շարժայում):

Անցած ամիս RWE-ն շրջանի իշխանությունների հետ համաձայնագիր ստորագրեց գազահանքերի մշակման և տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման վերաբերյալ: Դա կարող է հող նախապատրաստել քրդական շրջաններից դեպի Եվրոպա Թուրքիայով և Nabucco խողովակաշարով գազ մատակարարելու համար. համենայնդեպս, RWE-ն հույս ունի կնքել նման մատակարարումների վերաբերյալ համաձայնագրեր: Իրաքի կենտրոնական իշխանությունը Բաղդադում, սակայն, իրավաբանական և բյուջետային բնույթի առարկություններ է անում: Քրդական իշխանություններն իրենց կողմից խոստանում են կենտրոնի հետ կիսել շահույթը՝ ազգային և շրջանային օրենսդրության համաձայն:

Թեև Իրաքի այս հատվածից գազի մատակարարման ծավալները, ժամկետներն ու այլ պայմաններն առայժմ որոշակիացված չեն, ինչպես երևում է, Քուրդիստանը կարող է զգալի ավանդ ներդնել Nabucco նախագծում: Անցած ամիս կոնսորցիումը որոշում ընդունեց Թուրքիայում սկսել երկու օժանդակ ճյուղի շինարարությունը. մեկը՝ վրացական և մյուսը՝ իրաքյան սահմանից, համապատասխանաբար՝ Կասպյան ավազանից և իրաքյան Քուրդիստանից գազ մատակարարելու համար: Այսպիսով, նախագծի հեռանկարներն այժմ ավելի որոշակի ձև են ստացել, ինչպես գազով ապահովվածության, այնպես էլ ֆինանսական տեսակետից:

 

Վլադիմիր Սոկոռ - Jamestown Foundation-ի ավագ գիտաշխատող և նախկին ավագ վերլուծաբան:  Մինչ այդ զբաղեցրել է ավագ հետազոտող-վերլուծաբանի պաշտոնը Մյունխենի «Ազատ Եվրոպա ռադիո/Ազատություն ռադիո»-ում: ԽՍՀՄ նախկին հանրապետությունների,  Անկախ Պետությունների Համագործակցության և միջէթնիկ հակամարտությունների գծով մասնագետ:

 

ՎԻԿՏՈՐ ՇԱՑԿԻԽ

ՄԵԿ ԱՄԻՍ ՄԻՆՍԿՈՒՄ.

ՄԵՐ ՈՒՆԵՑԱԾԻ ԱՐԺԵՔԸ ՉԳԻՏԵՆՔ

 (նյութի մշտական հասցեն՝ http://www.apn.ru/publications/article23143.htm)

09.09.2010

Դեռ հրդեհներից առաջ ես ծրագրել էի մի քանի շաբաթով մեկնել Մոսկվայից, որպեսզի, չշեղվելով այլ գործերով, ավարտեմ աշխատանքը գրքիս վրա: Ժամանակով ստուգված միջոց: Մտածեցի՝ ուր գնամ այս անգամ և Մինսկն ընտրեցի: Վաղուց ուզում էի մոտիկից ծանոթանալ Բելառուսի մայրաքաղաքին: Տեղի ռիելտորական կայքի միջոցով հանգիստ մի կենտրոնում մեկսենյականոց բնակարան գտա՝ ինտերնետով, զանգահարեցի և պայմանավորվեցի տանտիրուհու հետ, ինքնաթիռի տոմս գնեցի (վեց հազար ռուբլի դեպի Մինսկ և հակառակ ուղղությամբ) և թռա: Բնակարանն ավելի քան հոյակապ էր: Տանտիրուհին՝ թոշակառու Նինա Իվանովնան, զուսպ զարմացավ, որ մոսկվացի հյուրը խոսքի տերն էր և իսկապես եկել էր բնակվելու: Ռուսաստանցիների համար, նրա խոսքերով, սովորական բան է միաժամանակ երեք տանտերերի հետ պայմանավորվելը: Իսկ կանխավճար այստեղ ընդունված չէ վերցնել:

Մի խոսքով՝ Նինա Իվանովնայից վերցրի բանալին, սկսեցի ապրել Մինսկում:

Եվ ահա, ավարտվեց չորրորդ շաբաթը: Վաղը տուն եմ գնալու: Լավ եմ աշխատել, գիրքս վերջացրի: Ընդ որում, ճգնավորի նման տանը չեմ նստել: Ժամանակը հերիքում էր երեկոները պտտելու և հեծանվով Սվիսլոչի ափով շրջելու համար, առավոտները լողավազան էի գնում, հանգստյան օրերին՝ բաղնիք: Վիրտուալ կապ էի հաստատել մինսկցի մի քանի ֆրենդի հետ: Մի քանի նոր ծանոթություն էի հաստատել: Շատ շփվեցի անծանոթ մարդկանց հետ: Մթերքներ էի գնում մոտակա ունիվերսամում, ճաշում էի հարևան սրճարանում, անշտապ անցնում էի մինսկյան խանութներով և Կոմարովյան շուկայով:

Բելոռուսական հեռուստատեսությունը դիտելու և թերթեր կարդալու ժամանակ ունեի: Համեմատելու այստեղի վիճակագրությունը (որն առանց այդ էլ վատ չգիտեի) ռուսականի հետ (որն ինձ ավելի լավ էր հայտնի):

Նույնիսկ ընդդիմության հանրահավաքին եղա:

Առաջին շաբաթվա գլխավոր զգացողությունս լուռ հիացմունքն էր: Մինսկը մաքուր քաղաք է, կանաչ, բարեհամբույր, անվտանգ: Մի տեսակ համաչափ ու թեթև, առանց երակների լայնացման նման հրեշավոր մոսկովյան խցանումների և պիկ ժամերին խցկված մետրոյի: Իսկ այստեղի գները Մոսկվայից հետո՝ պարզապես երաժշտություն են:

Ես արդեն իմ http://v-miron.livejournal.com ամսագրում գրել եմ, որ Մինսկում ընդհանրապես կովկասցիներ և ասիական հյուրեր չկան. անգամ շինարարները, դռնապաններն ու երթուղայինների վարորդներն են շիկահեր կամ մուգ շիկահեր: Ոչ ոք հրապարակում լեզգինկա չի պարում և շահիդ-տաքսու պատուհանից դուրս նայելով չի խոսեցնում տեղի երկարոտն աղջիկներին: Պարողներ ու խոսեցնողներ չկան:

Բանը մասամբ այն է, որ բելառուսներն իրենց Չեչնիան ու Դաղստանը չունեն, մարդկանց բախտը չի բերել, բայց ո՞ւր են ադրբեջանցիները: Ո՞ւր են ուզբեկներն ու տաջիկները: Ինձ բացատրեցին, որ նրանք այստեղ չկան, նախ, որովհետև Բելոռուսիան ջանում է շինարարության մեջ, տնային կառավարչություններում և ընդհանրապես ամեն տեղ յոլա գնալ սեփական ուժերով: Մայրաքաղաքում աշխատանք է տալիս ոչ թե արևելցի հյուրերին, այլ գավառներից եկած շիկահերներին: Կոմարովյան շուկայում վաճառասեղանների հետևում շատ են իսկական գեղջուկ-գեղջկուհիները, այլ ոչ թե արևելցի վերավաճառողները: Բացի այդ, երկրում անձնագրային-վիզային ռեժիմ է պահպանվում: Փողոցներում ավտոմատավորներ և ընդհանրապես իրարանցում չկան: Պարզապես բելոռուսցի գաիշնիկը կամ տեղամասային տեսուչը հպարտ ջիգիթների հետ փողով հարցեր չի լուծում, իսկ եթե նրան սպառնան, ակնարկեն կապերի մասին, ապա կգա վերակարգը, և հյուրերը ճանճերի նման դուրս կթռչեն երկրից: Անպատկառ ջիգիթները Բելոռուսիայից դուրս թռան դեռ 90-ականներին և այլևս չեն վերադառնում: Մնացել են միայն կարգապահներն ու հլու-հնազանդները: Սա շովինիզմի և ֆաշիզմի հետ ոչ մի կապ չունի: Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարն էթնիկ ադրբեջանցի է: Ասում են՝ գործից շատ ավելի լավ է հասկանում, քան Շոյգուն: Բայց ինչո՞ւ` «ասում» են: Հրդեհներն ամեն ինչ ցույց տվեցին:

Ընդհանրապես, բելոռուսական հաջողությունների գլխավոր տարբերությունը ռուսականից ոչ վիրտուալությունն է: Մեր գրեթե բոլոր նվաճումները մնում են հեռուստացույցում կամ երկրի գլխավոր քաղաքում. փայլող մայրաքաղաքից հարյուր հիսուն կիլոմետր այն կողմ սկսվում է լիակատար, ինչպես ասեմ, որ ավելի մեղմ լինի, չկարգավորվածությունը: Իսկ հիմա պատկերացրեք, որ Բելոռուսիայում այդպես չէ: Ռուս ճանապարհորդներին ցնցում են հարթ գյուղական ճանապարհներն ամենախուլ բելոռուսական գյուղերում, գազով ջեռուցում ունեցող տները, համընդհանուր հերկված արտերն ու աշխատող ֆերմաները: Մեզ մոտ, եթե լավ փնտրելու լինես, նման հրաշքներ ինչ-որ տեղ կգտնես. նրանց մոտ, ընդհակառակը, հազիվ գտնես գյուղական վատ ճանապարհներ և փլչող տանիքներով գոմեր:

Սա ամենաանսովոր հանգամանքներից մեկն է. Բելոռուսիայում չկան վայրի կոնտրաստներ մայրաքաղաքային և գյուղական կյանքի միջև: Կոնտրաստներ կան, միայն թե զուտ տնական: Գրեթե բոլոր մինսկցիների համար, ում հետ այս թեմայով զրուցել եմ, գյուղաբնակ բելոռուսներն ասես ավագ ազգականներ լինեն, իսկ գյուղացիների համար քաղաքաբնակները՝ մեծ ու խելացի երեխաներ, որոնք կրթություն են ստացել և լավ վարվելաձև սովորել: Նման ընտանեկան հովվերգության ներսում նույնպես ամեն տեսակ բան պատահում է. սակայն մայրաքաղաքային կոկաինային երիտասարդությունը, որ տաղանդավոր բաներ է հորինում գյուղական հոտած ոտի փաթաթանների ու փսլինքի մասին և հասկանում, որ բան է, թե պատահի, դրա համար երկրից թերթ առ թերթ պարզապես կքերի-կհանի` սա ռուսական և ղազախստանյան փորձանք է, այլ ոչ թե բելոռուսական ու գերմանական:

Արդյո՞ք շատ չբարդացրի այս միտքը:

Հեղինակը դեռ ոչինչ չի ասել տնտեսությունում բելոռուսական նվաճումների մասին: Լուկաշենկոյի թիմի մենեջերական և տեխնոլոգիական լուծումների մակարդակը և՛ 90-ականներին, և՛ հիմա առաջացնում է ոչ միայն լրագրողիս, այլև ամենատարբեր ռուս ղեկավարների, որ եղել ենք բելոռուսական գործարաններում և ֆերմաներում, լուռ հիացմունքը: Որոշ հասցեներ, հանդիպատեղեր և նշանաբաններ ես ունեմ: Հարցրեք, և մանրամասն կպատմեմ:

Կա նաև մի այնպիսի թեմա, ինչպիսին բելոռուսական ապրանքներն են, որոնք Մոսկվայում անշլագով վաճառվում են 2500-6000 ռուբլով (կոշիկներ, կոստյումներ, կուրտկաներ, իսկ Բելոռուսիայում դրանք 1000-2500 ռուբլի արժեն: Այդ գներով (ռուսական փողով եմ ասում) այդ ամենը կարելի է գնել Մինսկի ՑՈւՄ-ում, մայրաքաղաքի ոչ ամենաէժան խանութում: Ես այնտեղ երկուս ու չորսհարյուրով իմ կուրտկայից գտա, որն անցած աշնանը տանը հինգ ու չգիտեմ քանիսով էի գնել: Ո՞վ է «խալյավշչիկն» ու ո՞վ՝ գործընկերը:

Հեղինակը դեռ ոչինչ չի ասել մեկ տոկոսանոց արտոնյալ հիպոթեքային վարկերի մասին, որոնք տալիս են բելոռուսական գավառների բնակիչներին, երկրում մեկտոկոսանոց գործազրկության մասին, նորմալ, այլ ոչ թե մաշկդ քերթող բանակի մասին, ուր բելոռուսները հաճույքով են գնում ծառայելու (սա զուտ ճշմարտություն է և լավ թեմա «Սովետսկայա Ռոսիա»-ում կամ «Զավտրա»-ում հոդվածի համար՝ նվիրում եմ), առողջարանների արտոնյալ ուղեգրերի մասին, բելոռուսական սպորտի հասանելի և զանգվածային լինելու ու էլի շատուշատ բաների մասին:

Մի խոսքով, այստեղ 90-ականներին մարդկային դեմքով սոցիալիզմ կառուցեցին, այն սոցիալիզմը, որը 1986թ. ողջ ԽՍՀՄ-ին խոստացավ Մ.Գորբաչովը: Իսկ հիմա առանց աղմուկ-աղաղակի, թեև ոչ առանց պրոբլեմների, բելոռուսները հարմարվում են կապիտալիզմին՝ նույնպես մարդկային դեմքով: Նման եզրահանգմամբ եկա Բելոռուսիա, նույն եզրահանգմամբ էլ հետ եմ դառնում:

Ուրեմն, ինչո՞ւ, կհարցնի ընթերցողը, հեղինակն սկսեց մինորով խոսել: Հետաքրքրության համա՞ր: Եվ Բելոռուսիայի հաջողություններն էլ ոնց որ շուտասելուկի պես թվարկեց:

Նրա համար, որ մոտավորապես երկրորդ շաբաթից, շարունակելով տոգորվել նոր տպավորություններով, ինձ ավելի հաճախ էր տանջում հարցը, թե ինչու մինսկցիներն այդպես չեն սիրում Լուկաշենկոյին:

Իհարկե, ոչ մի «ներկայացուցչական նմուշ» չունեմ: Գյուղերի և փոքր քաղաքների բնակիչ բելոռուսների հետ այս այցելությանս ժամանակ գրեթե չեմ շփվել. հիմնականում զրուցել եմ մայրաքաղաքի բնակիչների հետ: Եվ նրանցից մեկը համակարգչի մասնագետ էր (որ ինձ տրամադրում էր վայ-ֆայի), մյուսը՝ Մոսկվայի բարեկամիս տղան, երրորդը՝ ոչ մեծ ծաղկի բիզնեսի տեր, ճանապարհը ցույց տվող պատահական անցորդ, որը բառ բառի հետևից խոսելով՝ քառասուն րոպեի ընթացքում պատրանքազերծ արեց ինձ (իր արտահայտությամբ), տղամարդիկ Սուխարևյան բաղնիքում (Մինսկում դա հրապարակ չէ, այլ փողոց), որոնց հետ իմ չորսշաբաթյա արշավի ընթացքում հասցրի լավ ծանոթանալ. այս բոլոր մարդիկ, նախ, ամենևին չէին վախենում արտահայտվել: Երկրորդ՝ բանավիճելու «հավեսի» տարբեր աստիճաններով խոսում էին, որ մեկի ձեռքում երկար գտնվող իշխանությունը լավ չէ: Ոչ միայն աբստրակտ-դեմոկրատական իմաստով, այլ նաև կոնկրետ վարչական խնդիրներ լուծելու համար:

Իսկ ոմանք էլ, տաքանալով, սկսում էին ինչ-որ զենքի ընտանեկան վաճառքի մասին պատումը և կրկին վերադառնում նրան, թե ինչ միամիտ են ռուսները, միշտ ջանում են իրենց համար կուռք գտնել:

Տղերք, պատասխանում էի ես բելոռուս ազատամիտներին, եկեք ես ձեզ մանրամասն պատմեմ մեր գյուղատնտեսության մասին: Ուզո՞ւմ եք: Ծայրամասերում ռուսական և բելոռուսական քաղաքաստեղծ ձեռնարկությունների մասին: Մեր ու ձեր գյուղական ճանապարհների մասին: Մեր ու ձեր կոռուպցիայի մասին: Բելոռուսիայում այն տնական սպիտակ առնետիկի նման քնքուշ է, իսկ մերը տիրանոզավր է: Դուք այս ամենը չգիտե՞ք:

Պատասխանն ավելի հաճախ այսպիսին էր. ինչո՞ւ մենք պետք է համեմատվենք Ռուսաստանի հետ: Ինչո՞ւ ոչ Լեհաստանի և Լիտվայի հետ: Եվ նորից խոսում էին ինչ-որ զենքի մասին:

Մինսկցի քաղաքագետ Յուրի Շևցովը մոսկվացիներին ամենից լավ հայտնի մասնագետն է Բելոռուսիայի գծով: Եվրոպայի համար, թերևս, նույնպես ամենահայտնին է: Շևցովը Բի-Բի-Սի-ով և «Ազատություն» ռադիոյով հաճախ է մեկնաբանում ռուս-բելոռուսական հարաբերությունները: Հիմա հենց մեկնաբանելու բան կա: Ես Յուրիի հետ ծանոթ էի միայն ինտերնետի միջոցով. գալով Մինսկ՝ գրեցի Շևցովին, առաջարկեցի շփվել, նա հաճույքով արձագանքեց, և նույն երեկո մենք շրջեցինք քաղաքով, նստեցինք Սվիսլոչի ափին գտնվող սրճարանում և մի լավ խոսեցինք: Յուրի Շևցովը «Բելառուս. միավորված ազգ» հետաքրքիր ու խոր գրքի հեղինակն է: Խորհուրդ եմ տալիս կարդալ, այն ցանցում կա: Այն ընթերցելը լավ է օգնում հասկանալու բելոռուսական ազգային բնավորությունը, «բելոռուսական ուղու» ակունքներն ու առանձնահատկությունները:

Եվ ուրեմն, ինչ վերաբերում է Լուկաշենկոյի հանդեպ վերաբերմունքին: Շևցովն ասում է, որ այդ մարդը շատ բան է արել երկրի համար և շարունակում է անել: Այսօր նա իրեն այլընտրանք չունի, մանավանդ որ Լուկաշենկոյի վրա է պահվում ողջ համակարգը, նրա հեղինակության հետ են կապված միջազգային պայմանագրերն ու ներդրումների հույսերը: Բայց որ Բատկայի բազմամյա կառավարումից հոգնածություն կա, Յուրին դրա շուրջ չի վիճում:

Ես հարցրի. ուրեմն, ազնիվ ընտրությունների դեպքում Լուկաշենկոն կպարտվի՞: Եվ Շևցովը նորից կրկնեց ի պատասխան. բելոռուսական ընդդիմությունում արժանի դեմք չկա, լուրջ այլընտրանքային ծրագիր նույնպես գոյություն չունի:

Մի խոսքով, այդ բոլոր խոսակցություններից հետո մտածեցի, խորհեցի, այսպես ձևեցի, այնպես չափեցի ու լիաֆորմատ ակնարկ չգրեցի երջանիկ բելոռուսական կյանքի մասին: Ինչ-որ բան այստեղ ես չեմ հասկանում:

Կամ էլ երիտասարդ ու միջին տարիքի քաղաքաբնակ բելոռուսներն ինչ-որ բան չեն հասկանում: Գուցե լավ կյանքից նրանց մեջ դեմոկրատական հիմարություն է կուտակվել, ինչպես մեր մեջ էր կուտակվել 1980-ական թթ. կեսերին, երբ մենք էլ էինք երիտասարդ ու տաքգլուխ:

ԽՍՀՄ երկիրն այն ժամանակ հարուստ էր և ուժեղ. ղեկավարությունը, ներկայիս ռուսականի համեմատ, անհամեմատ ավելի խելամիտ էր և հարյուրապատիկ ավելի պակաս էր գողաբարո: Կոլտնտեսային արտերը հասկավորվում էին, նախիրները՝ գիրանում (հեղինակն այդ տարիներին արդեն մի ոչ փոքր թերթի գյուղատնտեսական բաժնի վարիչն էր, դրա համար էլ կարող է շատ հեղինակավոր կերպով հայտարարել. դրանք իսկապես հասկավորվում ու գիրանում էին), գործարան-ֆաբրիկաներն աշխատում էին, ավելի ու ավելի շատ բնակարաններ ու ճանապարհներ էին կառուցվում: Այս բոլոր կետերով Ռուսաստանը 20 տարվա մեջ ոչ մի կերպ չի վերականգնի 1990թ. ՌԽՖՍՀ-ի մակարդակը: Փակագծերում նշենք, որ Բելոռուսիան իրենը վաղուց վերականգնել ու առաջ է անցել:

Իհարկե, ԽՍՀՄ-ում կիսատ-պռատ շատ բան կար: Շատ բան կար շտկելու և բարելավելու. օրինակ՝ շահութաբեր կոլտնտեսություններից բացի նաև վնասով աշխատողներ կային: Միլիոնավոր գյուղացիներին օժանդակելու համար պետությունը կոլտնտեսությունները ողողում էր բյուջեի փողերով՝ ա՛յ քեզ աննորմալություն: Բայց դրա փոխարեն այդ փողերով ռուս միլիարդատերերն իրենց համար առագաստանավեր ու կղզիներ են գնում օվկիանոսում: Այ, սա լրիվ ուրիշ բան է:

Առանց պլանի և հստակ նպատակի «ռեֆորմներ» սկսած մեծ երկիրը, որը ղեկը վստահել է շաղակրատներին, քշվել-տարվել է դեպի նախնադարյան վայրի կապիտալիզմ: Եվ ոչ մի կերպ հետ դառնալ չի կարողանում: Քսան տարվա մեջ գազանն այդպես էլ չհագեցավ, չմեղմացավ, անընդհատ խժռում է երեք կոկորդով: Եթե հեղինակին չեք հավատում, ապա պարզապես անջատեք Մեդվեդևին հեռուստացույցում և գնացեք բանջարեղենի հարևան կրպակի գները նայեք:

Եվ ահա ես մտածում եմ... Թեև, Բելոռուսիան, գուցե, արդեն բոլորովին այլ երկի՞ր է: Եվ «վերակառուցման» հետ կապված մեր դասերն այստեղ տեղին չե՞ն: Գուցե այն մինսկցիները, ովքեր դեմ են Լուկաշենկոյին, ճիշտ են ասում. հարևանները՝ Լեհաստանն ու Լիտվան, յոլա են գնում առանց ավտորիտար կառավարման, այնտեղ առանց Բատկայի էլ ոստիկանությունը նման է ոստիկանության, այլ ոչ թե ավազակախմբի, բանակը նման է բանակի, և նույնիսկ ճանապարհաշինարարները համարյա չեն գողանում:

Խորապես վիճել, թե ով է իրավացի՝ ե՞ս իմ հասուն փորձով, թե՞ նրանք՝ այնուամենայնիվ եվրոպացիները, բավական անիմաստ զբաղմունք է: Այստեղ միայն պրակտիկան կարող է ճշմարտության չափանիշ լինել: Կընտրեն իրենց համար բելոռուսներն այլ նախագահ, և ամեն ինչ նույնքան հարթ կլինի, ինչպես հիմա, նույնիսկ ավելի լավ: Կդադարեն ճնշել մանր բիզնեսը: Թե չէ՝ ահա գնացքով անցնում է Բելառուսի միջով սանկտպետերբուրգցի փիլիսոփա Տարաս Բուրմիստրովն ընտանիքով. և ոչ կարկանդակ կա, որ գնես, ոչ էլ լիմոնադ: Իսկ ռուսական և ուկրաինական կայարաններում՝ խնդրեմ: Տարասն այդ մասին վերջերս գրել է:

Իսկ գուցե սլավոն եղբայրների մոտ ամեն ինչ գլխիվա՞յր կշրջվի առանց Բատկայի, ինչպես մեզ մոտ՝ Ռուսաստանում 90-ականների սկզբին. և շրջվեց, շրջվեց: Շրջվեց: Քրեական տարրերով, գրավային աճուրդներով, և վերջում՝ հողահավաք Պուտինի գալուստով:

Մեզ՝ մահկանացուներիս, տրված չէ իմանալ սա: Իսկ ով կասի, թե գիտի, չհավատա՛ք:

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է

(նյութի մշտական հասցեն՝ http://www.regnum.ru/news/1320721.html)

01.09.2010

Առանց չափազանցության կարելի է ասել, որ անցած երկու շաբաթվա ընթացքում հայաստանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էին գտնվում օգոստոսի 19-20-ը Հայաստանի Հանրապետություն կատարած Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցի շուրջ քննարկումները: ՌԴ նախագահի պետական այցի արդյունքը հանդիսացավ հինգ պայմանագրերից բաղկացած փաստաթղթերի փաթեթի ստորագրումը. «ՌԴ կառավարության և Հայաստանի կառավարության միջև Հայաստանի տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցելու մասին», «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև առևտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնելու մասին» համաձայնագրեր, «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի իրականացման կարգի մասին» կիրարկման արձանագրությունը, «Հայաստանի Հանրապետության տարածքում` արտոնագրված ծառայությունների կենտրոնների և ռազմական տեխնիկայի ու տեխնիկական սպասարկման ու վերանորոգման համատեղ ձեռնարկությունների ստեղծման բնագավառում համագործակցության հարցերի մասին» փոխըմբռնման հուշագիրը: Սակայն, կասկածից վեր է, որ ՌԴ նախագահի պետական այցի արդյունքում ստորագրված ամենամեծ հնչեղություն ստացած փաստաթուղթը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու վերաբերյալ երկու երկրների պաշտպանության նախարարների` Անատոլի Սերդյուկովի և Սեյրան Օհանյանի կողմից ստորագրված, այսպես կոչված, N5 արձանագրությունն էր: Նշենք, որ խնդրո առարկայի վերաբերյալ գործող պայմանագիրը ստորագրվել էր 1995թ. մարտին և ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել 1997թ.: Առավել սուր քննարկումները տեղի ունեցան ՌԴ-ի և ՀՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրված հենց այդ արձանագրության շուրջ: Ընդ որում, դրանից զատ, բազում քննարկումների առարկա դարձավ այդ արձանագրությամբ նախատեսված մայր Պայմանագրի հոդված 3-ի նոր խմբագրությունը, որի համաձայն` «Ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակաշրջանում, բացի Ռուսաստանի Դաշնության հետաքրքրությունների պաշտպանությունից, Հայաստանի Հանրապետության զինուժի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»: Հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հակառակորդներն այդ փաստաթուղթն ընդունեցին որպես ՀՀ-ին ուղղված վտանգ, որը, իբր, Հայաստանին սպառնում է ինքնիշխանության կորստով, ավելին` ՀՀ իշխանություններին մեղադրեցին «ազգային շահերի դավաճանության մեջ», «անկախության կորստի», «Ռուսաստանի վեհապետական նկրտումներին Հայաստանի ազգային շահերի ոտնահարման գնով նպաստելու» և մահացու այլ մեղքեր գործելու համար: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի և Հայաստանի միջև համակողմանի զարգացման կողմնակիցները, ասես թե, վախվորած ջանում էին մեր հասարակայնությանը բացատրել, որ դա այնքան էլ այդպես չէ: Ծանոթությունը խնդրո առարկայի շուրջ տպագրված բազմաթիվ հրապարակումների հետ կարող էր երկակի տպավորություն ձևավորել. մի կողմից, գիտակցելով մեր տարածաշրջանում միջազգային ուժի կենտրոնների դերակատարության կշիռը, կարծես թե, պետք է ինքնին հասկանալի դառնար այն իրողությանը, որ դժվար է գերագնահատել ՌԴ նախագահի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում ստորագրված փաստաթղթերի նշանակությունն առաջիկա շուրջ 50 տարիների ընթացքում ՀՀ-ի անվտանգության երաշխիքների ապահովության գործում: Մյուս կողմից` ծավալված քննարկումների ընթացքում երևան եկավ տարակուսանք առաջացնող այնպիսի երևույթ, երբ պաշտոնական տեսակետ հայտնող հայաստանյան առանձին գործիչներ, չգիտես ինչու, սկսեցին արդարանալ ստորագրված փաստաթղթերի համար: Նման անընդունելի, արհեստականորեն և նրբին կերպով դրսից մեր հասարակությանը պարտադրված երկու երկրների միջև կայացած պայմանավորվածությունների այսպիսի մեկնաբանությունն առաջացրեց երկակիության զգացողություն` ստեղծված իրավիճակի գնահատման առումով:

Ահա հենց այս անհանգստացնող իրողությունը մեզ դրդեց առանձին վերլուծությամբ հանդես գալու համար` խնդիր ունենալով անկողմնակալ գնահատել ստորագրված փաստաթղթերի նշանակությունը մեր երկրի ազգային անվտանգության համար: Սակայն, մինչ դրան անցնելը, համառոտ անդրադարձ կատարենք, թե վերջին շրջանում ինչպիսին է Հարավային Կովկասում ձևավորվող իրավիճակը:

Եվ այսպես, 2008թ. օգոստոսին տեղի ունեցած վրաց-հարավօսական պատերազմից ճիշտ չորս ամիս անց` 2009թ. հունվարի 9-ին, Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը և Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ստորագրեցին «ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության խարտիա»: Դրա 2-րդ մասում, մասնավորապես, գրված է. «Խոստովանելով, որ աշխարհում խաղաղությանն ու կայունությանը վտանգ է սպառնում, ի գիտություն ընդունելով այն պարտավորությունը, որը հետևում է Վրաստանի և Ռուսաստանի միջև կրակի դադարեցման շուրջ օգոստոսի 12-ին (2008թ. - Ա.Գ.) կնքված համաձայնագրից, ԱՄՆ-ը և Վրաստանը նախատեսում են ընդլայնել պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության ծրագրերը` նպատակ ունենալով վերացնել այդ սպառնալիքները և նպաստել խաղաղությանն ու կայունությանը: ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը և գործընկերությունը օգտակար է ինչպես երկու պետությունների, այնպես էլ տարածաշրջանի համար»: Ուշագրավ է, որ այդ փաստաթղթի ստորագրումից հետո մամուլի համար արած հայտարարության մեջ Կոնդոլիզա Ռայսն ընդգծել էր, որ ԱՄՆ-ը պաշտպանել և միշտ պաշտպանելու է Վրաստանի ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև` «նրա ձգտումը եվրատլանտյան ինտեգրմանը»: Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն էլ իր հերթին նշել էր, որ ստորագրված փաստաթղթի բովանդակությունը քննարկվել էր ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայի հետ: Այսպիսով, այս փաստաթղթի համաձայն` ԱՄՆ-ը ստանձնում է մեր հարևան Վրաստանի անվտանգության ապահովումը:

Հիշենք նաև, որ ս. թ. օգոստոսի 16-ին Ադրբեջան կատարած Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցի ընթացքում այդ երկու երկրների ղեկավարները ստորագրել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության ու փոխօգնության պայմանագիր: Այդ պայմանագրի համաձայն, Թուրքիան ստանձնում է Ադրբեջանի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորի պարտավորությունը: Ի դեպ, դեռևս 1999թ. գարնանը Թուրքիայի և Ադրբեջանի միջև սկզբունքային պայմանագիր էր կնքվել ռազմավարական գործընկերության մասին, որում ներառված էր երկու էական գործոն: Առաջին. Ադրբեջանն առանց Թուրքիայի համաձայնության չի կարող որոշում կայացնել ռազմական գործողությունների սկսման մասին: Երկրորդ. Թուրքիան երաշխավորում է Ադրբեջանի անվտանգությունը` նրա դեմ ուղղված ցանկացած ագրեսիայից, նրան ցույց տալով ռազմական և քաղաքական օգնություն: Այս կապակցությամբ հիշենք նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլի ողջ ընթացքում` 1992-1994թթ., Թուրքիան անթաքույց օգնում էր Ադրբեջանին ինչպես զինտեխնիկայով, այնպես էլ ռազմական գործի բազմաթիվ հրահանգիչներ և խորհրդատուներ գործուղելով այնտեղ: Այսպես, թուրքական “Hurriet” ազդեցիկ թերթը 1999թ. հունվարի 17-ի համարում հրապարակել էր Ադրբեջանում գտնվող թուրքական բարձրաստիճան զինվորականների թվաքանակը, այն է` 256 զինծառայող: Տպավորիչ է նաև այդ ժամանակաշրջանում Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի և Ղրիմի թաթարների շարժման առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևի (Ջեմիլօղլու) միջև կայացած երկխոսությունը, որը տեղի էր ունեցել Ուկրաինա կատարած Թուրքիայի նախագահի պաշտոնական այցի ժամանակ` 1994թ. մայիսին: Զրույցի ընթացքում Դեմիրելը, մասնավորապես, ասել էր. «Ազերիները նույնպես պետք է հյուսեն իրենց հերոսական էպոպեան (հավանաբար, նա ի նկատի ուներ այն, որ ազերիներն էլ պետք է իրականացնեն Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության գենոցիդը. - Ա.Գ.): Մենք Ադրբեջանում արել ենք այն ամենը, ինչ հնարավոր է: Կան միջոցառումներ, որոնց մասին ես չեմ կարող խոսել, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանում տեղի ունենա քրիստոնեության և իսլամի բախում: Ես ավանտյուրիստ չեմ և թույլ չեմ տա, որ իմ երկիրը ներքաշվի ավանտյուրայի մեջ: Դա ձեռնտու կլիներ այն ուժերին, որոնք պահանջում էին խառնվել (ադրբեջանա-ղարաբաղյան ռազմական հակամարտությանը. - Ա.Գ.), բայց ես նրանց պատասխանում էի` եթե գնանք, ապա կբախվենք Ռուսաստանի հետ»: Այս կապակցությամբ ավելորդ չէ նշել և այն, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ իրականացվող ռազմական գործողություններում թուրքական և օտարերկրյա մասնագետների, նաև` վարձկանների զինվորագրման համար օգտագործվել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության տարածքը: Հենց Հյուսիսային Կիպրոսից են բրիտանական և թուրքական այդ վարձկանները տեղափոխվել Ադրբեջան: Այո, ես չվրիպեցի, թուրքականից զատ, նաև բրիտանական վարձկանները, ինչի մասին ժամանակին խոր համոզվածությամբ հայտարարել էր Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը: Բրիտանական ազդեցիկ “The Independent” թերթին հղած նամակում (այն տպագրվել էր թերթի 1994թ. հունվարի 24-ի համարում) նա մեջբերում էր արել բրիտանական արտաքին գերատեսչության բարձրաստիճան չինովնիկի հետ իր ունեցած զրույցից, որտեղ բարոնուհու հարցին` արդյո՞ք բրիտանական վարձկաններ կան Լեռնային Ղարաբաղում, արտգործնախարարության պաշտոնյան պատասխանել էր. «Ոչ մի երկիր չի հետաքրքրվում ուրիշ երկրի ճակատագրով, յուրաքանչյուրն ունի իր շահերը: Ադրբեջանում մենք ունենք նավթային շահեր»: Լորդերի պալատի փոխխոսնակը թերթին հղած նամակն ավարտել էր հետևյալ խոսքերով. «Ինձ համար երբեք այսքան ամոթ չի եղել բրիտանացի լինել»: Բարոնուհի Քոքսը թերթի խմբագրությանն ուղղած նամակում նաև նշել էր. «Եթե այսպես շարունակվի, ինձ համար շատ ամոթ կլինի, որ իմ թոռներն ու ծոռներն իմանան, որ մեր պետությունը մարդու իրավունքներին գերադասել է առևտրային շահերը և նպաստել հայերի ոչնչացմանն իրենց պատմական հայրենիքում` Լեռնային Ղարաբաղում»:

Այս ամենի հետ նշենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո` ս. թ. հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ասես թե, առաջնորդվելով ռուսական իշխանություններին նեղացնելու պարզունակ ձգտմամբ, աշխատանքային այցով ժամանեց Վրաստան` Բաթում: Ի.Ալիևի հետ ունեցած բանակցություններից հետո Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլին հայտարարել էր. «Մենք խոսել ենք այն մասին, որպեսզի ստեղծենք մշտապես գործող խումբ, որը կաշխատի Միջին Ասիայից և Հյուսիսային Չինաստանից Վրաստանով ու Ադրբեջանով անցնող տրանսպորտային միջանցքի հարցերով»: Այլ կերպ ասած` խոսք է գնացել մեր տարածաշրջանում տարանցիկ նոր միջանցքի ստեղծման մասին, որը, ինչպես և Բաքու - Ախալքալաք - Կարս երկաթուղային գիծը, ծրագրվում է կառուցել` շրջանցելով Հայաստանի Հանրապետության տարածքը: Ավելին, այդ հանդիպման ընթացքում Վրաստանի նախագահ Սահակաշվիլին, բնութագրելով Ադրբեջանի և Վրաստանի միջև ձևավորված փոխհարաբերությունները, հայտարարել էր Ադրբեջանի հետ համադաշնային հարաբերությունների ստեղծման անհրաժեշտության մասին, քանի որ, ըստ Վրաստանի նախագահի, «ադրբեջանա-վրացական կապերը ռազմավարականից վերաճել են ինչ-որ շատ ավելի մեծ բանի»: Օրեր անց Մ.Սահակաշվիլին իր այդ հայտարարությունը կրկնել էր Վրաստանի կառավարության նիստի ժամանակ, որին էլ հաջորդել էր այդ երկրի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեի լրագրողներին տված տեղեկատվությունը, ըստ որի` «Ադրբեջանի հետ համադաշնություն կազմելու վերաբերյալ Վրաստանը տեխնիկապես արդեն իսկ տվել է իր համաձայնությունը»:

Ավելորդ չի լինի հիշել և այն մասին, որ Ադրբեջանը, բացի այն, որ գնալով ամրապնդում է ռազմավարական հարաբերություններն իր մերձավոր հարևանների` Թուրքիայի և Վրաստանի հետ, նաև ռազմատեխնիկական սերտ համագործակցության հիմքեր է ստեղծում Իսրայելի հետ: Այսպես, 2009թ. հունիսի 28-29-ին Ադրբեջան կատարած Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի պաշտոնական այցից 2 ամիս անց Իսրայելի պաշտպանական զենք արտադրող “Elbit Systems” ընկերությունն Ադրբեջանում բացել է իր ներկայացուցչությունը: Հետագայում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը իսրայելական “Aeronautics” ընկերության հետ ստորագրել էր համաձայնագիր (այդ ընկերությունը անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում աշխարհում ճանաչվել է առաջատար), որի համաձայն` մեկնարկել է այդ սարքերի արտադրությանն ուղղված համատեղ ադրբեջանա-իսրայելական նախագծի մշակումը: Նշենք նաև, որ այդ ընկերության կողմից ստեղծված “Tec SAR” արբանյակը (որի կիրառման վերաբերյալ ձեռք է բերվել երկկողմ պայմանավորվածություն) հագեցած է ռադարային այնպիսի սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս երկրի մակերեսը լուսանկարել եղանակային ցանկացած պայմաններում: Ըստ Ադրբեջանի ռազմական փորձագետների` դա անփոխարինելի համակարգ է լեռնային շրջաններում ռազմական գործողություններ ծավալելու համար, հատկապես, եթե հաշվի առնվի Լեռնային Ղարաբաղի լանդշաֆտը: Եվս մեկ համատեղ նախագիծ, որը քննարկվել էր Իսրայելի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների միջև, Ադրբեջանում իսրայելական մոդիֆիկացիայի ԲՄՊ զինտեխնիկայի արտադրության կազմակերպումն էր: Էլ չենք խոսում այդ ընթացքում ստորագրված մի շարք գործարքների մասին, որոնցով առաջիկայում Ադրբեջանին կվաճառվի մի քանի հարյուր միլիոն դոլարի արժողությամբ իսրայելական տեխնիկա և զինամթերք:

Շատ էական ենք համարում համառոտ անդրադառնալ ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին: Դրանց մակարդակն առավել ընդգրկուն բնութագրվել էր 2008թ. փետրվարին «Ադրբեջանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները և դրանց ազդեցությունը Եվրասիայի վրա» թեմայով կայացած համաժողովում: Ելույթ ունենալով այդ համաժողովում` Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի այն ժամանակվա փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդը, մասնավորապես, հայտարարել էր. «Մեր երեք երկրները (Թուրքիան, Ադրբեջանը և ԱՄՆ-ը.- Ա.Գ.), որոնք ներկայացված են այս համաժողովում, գիտեն, որ մեր եռակողմ հարաբերությունները կարևորագույն ռազմավարական գործոն են ողջ տարածաշրջանի համար: Թուրքիան մեր հին բարեկամն ու դաշնակիցն է, մենք միասին անցել ենք շատ ճգնաժամերի միջով… Տարածաշրջանի համար ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի գործընկերության մեջ հսկայական առավելություն և մեծ նվաճում կլինի, եթե դեպի Եվրոպա բնական գազի մատակարարման Հարավային միջանցքի զարգացումը ֆիզիկական և տնտեսական արտացոլում գտնի: Դրա համար կպահանջվի, որպեսզի ԱՄՆ-ը, Ադրբեջանը և Թուրքիան փոխհամագործակցեն Թուրքմենստանից ու Ղազախստանից գազամատակարարում ապահովելու համար: Արդյունքում կստեղծվեն շատ ավելի ամուր հիմքեր` տարածաշրջանի երկարաժամկետ բացության և Արևմուտքի հետ նրա կապի ամրապնդման գործում»: Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի խոսքում և ոչ մի բառ չկա տարածաշրջանային այդ խոշոր նախագծերում Հայաստանի ներգրավման վերաբերյալ: Ավա˜ղ, Հարավային Կովկասի պետությունների տնտեսական զարգացմանը միտված ուղղություններում նման մոտեցումը համահունչ է նաև Եվրամիության քաղաքականությանը, որը նույնպես հաշտվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, Վրաստանի լուռ համաձայնությամբ, տարածաշրջանում իրականացվող տնտեսական ցանկացած նախագծերից Հայաստանի դուրսմղման քաղաքականության հետ: Ուշագրավ է նաև այն, որ տարածաշրջանում տնտեսական, հատկապես էներգետիկ խոշոր ծրագրերն իրագործվել և իրագործվելու են կամ Արևմուտքի անմիջական մասնակցությամբ, կամ նրա լռակյաց հավանության պարագայում:

Վերցնենք, թեկուզև, Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղային միջանցքի կառուցման մասին 2007թ. փետրվարի 7-ին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրված համաձայնագիրը: Այն իր մեջ ներառում է Կարս (Թուրքիա) - Ախալքալաք (Վրաստան) 98 կմ երկարությամբ երկաթուղու կառուցումը, որից 68 կմ` Թուրքիայի և 30 կմ` Վրաստանի տարածքով: Հայաստանը մշտապես դեմ է եղել այդ նախագծի իրականացմանը, արդարացիորեն մատնանշում կատարելով այդ համաձայնագրի քաղաքական ենթատեքստի վրա` հայտարարել է, որ տարածաշրջանի պետությունները կարող են անարգել երկաթուղային փոխադրումներ կատարել արդեն իսկ գոյություն ունեցող Գյումրի - Կարս երկաթուղով: Պաշտոնական Երևանի այդ դիրքորոշումը, կարծես թե, հավանության էր արժանացել Եվրամիության կողմից, որն իր հերթին եվրոպական բանկերին կոչ էր արել ձեռնպահ մնալ ադրբեջանա - թուրքա - վրացական այդ նախագծի ֆինանսավորումից: Ցավոք, դրանով ամեն ինչ սահմանափակվեց, քանզի Եվրամիության կողմից գործնական ոչ մի այլ արգելակող միջոց չձեռնարկվեց այդ շինարարությունը դադարեցնելու համար: Արդյունքում՝ երկաթուղու շինարարությունը շարունակվում է և, վերջերս, Բաքու կատարած իր պաշտոնական այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը շահագրգիռ բոլոր կողմերին կոչ արեց համախմբել ուժերը` խնդիր ունենալով 2012թ. ավարտել այդ երկաթուղու շինարարությունը: Կրկին անդրադառնալով Դենիել Ֆրիդի վերը հիշատակած ելույթին՝ նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված նրա մոտեցումներն առավել որոշակիացան նրա ելույթի հետևյալ տողերում. «Հարավային Կովկասը չի կարող ամբողջովին բացահայտել իր ներուժն առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման: Այնքան ժամանակ, որքան Հայաստանը գտնվում է մեկուսացման մեջ, այդ տարածաշրջանում հնարավոր չէ իրագործել բարգավաճման և ազատության ընդհանուր հայեցակարգ, նշանակում է նաև` կայունություն ապահովել: Եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընդհանուր սկզբունքների մասին համաձայնագիր մշակելու ժամանակը»: Ողջ աշխարհին է հայտնի, որ Թուրքիան և Ադրբեջանն արդեն շուրջ 20 տարի է, ինչ իրականացնում են Հայաստանի շրջափակումը, մինչդեռ այդ նույն ժամանակաշրջանում Արևմուտքի անվրդով հավանության կամ անմիջական մասնակցության պայմաններում Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականացվում են տնտեսական խոշորածավալ նախագծեր: Եվ, որքան էլ տարօրինակ է, այդ պարագայում ամերիկացի մեր բարեկամներն ու գործընկերները խիստ մտահոգվում ու զայրանում են՝ հայտարարելով, որ «Այնքան ժամանակ, որքան Հայաստանը գտնվում է մեկուսացման մեջ, այդ տարածաշրջանում հնարավոր չէ իրագործել բարգավաճման և ազատության ընդհանուր հայեցակարգ»: ԱՄՆ-ի հանրապետական վարչակազմի վերը ներկայացված նման մոտեցումը, ավա˜ղ, շարունակում է նաև ԱՄՆ-ի ներկայիս դեմոկրատական վարչակազմը` այն չենթարկելով որևէ փոփոխության, իսկ Միացյալ Նահանգների ղեկավարությամբ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացմանն ուղղված նախաձեռնությունը, որը, անշուշտ, եթե հաջողվեր, կվերացներ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, պաշտոնական Անկարայի ապակառուցողական քաղաքականության հետևանքով մտավ փակուղի: Թուրքիան, ըստ էության, արհամարհեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ԱՄՆ-ի և Եվրամիության հովանու ներքո, Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ կնքված արձանագրություններով իր ստանձնած պարտավորությունների կատարումը:

Բնական է, որպեսզի մենք առավել ընդգրկուն և համակողմանի պատկերացնենք Հարավային Կովկասում ձևավորվող իրավիճակը, անհրաժեշտ է հակիրճ անդրադառնալ այն զարգացումներին, որոնք վերջին շրջանում ընթացել են մեր հարավային հարևանի` Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ: Այսպես, ս. թ. հունվարի վերջին, Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մանուչեհր Մոթաքին, երբ պաշտոնական այցով Երևանում էր, հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Հետագայում` ապրիլի 7-ին, նա հայտարարել էր, որ պաշտոնական Թեհրանը հակամարտող կողմերին առաջարկություններ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վերաբերյալ: Իսկ ապրիլի 19-ին Իրանի լրագրողների համար Թեհրանում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է. «Իրանը խիստ անհանգստացած է այդ հակամարտության շարունակությամբ… Այդ պրոբլեմները բեռ են Կովկասի համար: Նման հակամարտությունները շատ վատ են անդրադառնում տարածաշրջանային նախագծերի, տարածաշրջանի երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունների վրա: Մենք հավատում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Թեհրանն իր հարևաններին խաղաղություն է ցանկանում և այդ հակամարտության արդարացի լուծման համար պատրաստ է անել ամենը: Մենք մեր առաջարկություններն ուղարկել ենք ադրբեջանական և հայկական կողմերին: Բաքուն ընդունել է մեր առաջարկները, Երևանից դեռ պատասխան չի ստացվել»: Հետագայում պաշտոնական Երևանը շատ նրբորեն հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթում, դրանով, ըստ էության, մերժել էր Իրանի միջնորդական նկրտումները: Սակայն Հարավային Կովկասի տարածաշրջանային գործերում Իրանի հնարավոր մասնակցությունը տեսնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միջնորդական առաքելության իրագործման մեջ, կլիներ խնդրո առարկայի շուրջ պարզունակ մոտեցման դրսևորում: Այստեղ, կարծում եմ, իմաստ ունի հիշել, որ Իրանի ազգաբնակչության մեջ էթնիկ ադրբեջանցիները կազմում են թվով երկրորդ խոշոր խումբը, և վերջիններս շատ ուշադիր են Ադրբեջանում բնակվող իրենց ցեղակիցների ճակատագրի նկատմամբ: Այս հանգամանքն իր հերթին պարտադրում է Իրանի քաղաքական ղեկավարությանը որդեգրել ակտիվ դիրքորոշում Ադրբեջանին վերաբերող ցանկացած խոշոր իրադարձության դեպքում, առավել ևս այն հարցերում, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին: Պաշտոնական Թեհրանը մշտապես հայտարարում է միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության վերաբերյալ իր քաղաքականության մասին: Իրանը չի ընդունում պատմական փաստերի վրա հիմնված տարածքային պահանջատիրությունը: Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ Իրանը հետևողականորեն վարում է այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ռազմական բախումների հնարավորության բացառմանը: Մի կողմից` Իրանը զգուշանում է, որ ռազմական գործողությունները կարող են ներթափանցել իր հյուսիսային տարածքը, որը հիմնականում բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով: Մյուս կողմից` շատ լավ գիտակցում է, որ իր հյուսիսային սահմանների մոտ պատերազմի սանձազերծումը հղի է մեր տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայումով: Հանգամանք, որը, Իրանի իշխանությունների կարծիքով, սպառնալիք կդառնա Իրանի անվտանգության համար: Դրա հետ մեկտեղ պաշտոնական Թեհրանը զգուշանում է, որ պատերազմական գործողությունները կարող են հանգեցնել Իրանին սահմանակից ադրբեջանական շրջաններից մեծ թվով փախստականների ներխուժմանն իր տարածք: Հարկ է նշել, որ ներկայումս Իրանն արդեն իսկ ապաստան է տվել Աֆղանստանից և Իրաքից ավելի քան 4 մլն փախստականների (ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր կոմիսարիատի տվյալներով 1992թ. վերջին Իրանն օթևանել էր 4 մլն 150 հազ. 700 փախստականների. UN HCR. The State of the world’s refugees 1993: The Challenge for Protection, New York. Penguin Books 1993): Այս կապակցությամբ տեղին է նաև ասել, որ Իրանի իշխանությունները որոշակի ջանքեր գործադրեցին, որպեսզի դեռ 1993թ. սեպտեմբերին արգելափակեն Ադրբեջանից փախստականների ներհոսքը Իրանի տարածք, երբ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում բռնկվեցին մարտեր: Այն ժամանակ շուրջ 150 հազար ադրբեջանցիներ փորձում էին անցնել Իրանի սահմանը: Այդ օրերին Իրանի նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին մամուլի համար արել էր ուշագրավ մի հայտարարություն. «Մենք փախստականներին (Ադրբեջանի Հանրապետությունից. - Ա.Գ.) վերաբերվում ենք այնպես, ինչպես կվերաբերվեինք մեր սեփական փախստականներին (որոնք տեղահանվել էին 1990-1998թթ. իրաքյան ներխուժման արդյունքում. - Ա.Գ.), սակայն գերադասում ենք, որպեսզի նրանք մնան Ադրբեջանի տարածքում` սեփական նպատակներին ավելի արագ հասնելու համար»: Հարկ է նաև ընդունել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուժերի հավասարակշռության պահպանումը Իրանի կողմից իրականացվող միջնորդական քաղաքականության նպատակներից մեկն է: Իրանը հանդես չի գալիս ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի կողմնակից: Մասնավորապես, Ադրբեջանի պարագայում քաջատեղյակ լինելով, որ վերջինս տարածքային պահանջների նկրտումներ ունի ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի ադրբեջանական բնակությամբ հյուսիսային շրջանների նկատմամբ: Կրկնենք, Իրանի քաղաքականությունը միտված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև հավասարակշռության պահպանմանը: Եվ, վերջապես, Իրանի փորձագետների կարծիքով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտում է Իրանին լիարժեքորեն օգտվել այն հնարավորություններից, որոնք բացվում են տարածաշրջանում իրականացվող էներգետիկ խոշոր ծրագրերով: Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում Իրանի ակտիվացումը, ի թիվս այլ խնդիրների լուծման, կսահմանափակի տարածաշրջանում ուժգնացող թուրքական ազդեցության գործոնը:

Շոշափելով Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացող զարգացումներում Իրանի ունեցած դերակատարությունը, անհրաժեշտ է նշել, որ 2010թ. հունիսի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևը (դրա համաձայն, նոր պատժամիջոցներ են կիրառվելու Իրանի նկատմամբ` վերջինիս կողմից ուրանի հարստացմանն ուղղված աշխատանքները դադարեցնելու պահանջին տված բացասական պատասխանի արդյունքում) Իրանին կմղի ավելի հետևողական քաղաքականություն իրականացնել մեր տարածաշրջանում` նպատակ ունենալով ամեն կերպ բացառել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելը, ինչը, կրկնեմ, հղի է մեր տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայումով: Ուշագրավ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևին կողմ են քվեարկել ԱԽ-ի մշտական բոլոր անդամները, այդ թվում` Ռուսաստանն ու Չինաստանը, մինչդեռ Թուրքիան և Բրազիլիան քվեարկել են դեմ, իսկ Լիբանանը` ձեռնպահ:

Իսկ ինչպիսի՞ն է Թուրքիայի Հանրապետության դիրքորոշումը մեր տարածաշրջանում: Թուրքիայի չափավոր իսլամական ղեկավարության կողմից Հարավային Կովկասում և Մեծ Մերձավոր Արևելքում իրականացվող նեոօսմանական քաղաքականության մասին շատ է գրվել: Մեր ընթերցողին միայն հիշեցնենք, որ ժամանակակից Թուրքիայի իշխանությունների անհագուրդ նկրտումները ստեղծել համաթուրքական համաշխարհային վեհապետություն` Մեծ Թուրան, որը կտարածվի Բալկաններից մինչև Հիմալայներ, իր մեջ ներառելով Ալթայը, Վոլգայի մեծ ջրավազանը և Կովկասը, այսօր էլ կասեցվում են Հայկական սեպի առկայության փաստով, որը, ասես թե, խրվել է նոր օսմանների երազած տարածքի սիրտը: Եվ ներկայումս միանգամայն ակնհայտ է, որ Թուրքիայի կառավարության արտաքին քաղաքականության ցանկացած նախաձեռնություն Հարավային Կովկասում, վերջին հաշվով, հետապնդում է գեթ մեկ նպատակ` վերածնել նեոօսմանական կայսրությունը:

Միջազգային հարաբերությունների այս համապատկերում էլ ահա օգոստոսի 19-20-ին կայացավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցը Հայաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում Երևանում ստորագրված փաստաթղթերը ևս մեկ նոր, համոզիչ վկայությունն են պաշտոնական Մոսկվայի վճռականության մասին` իր հարավային սահմաններում պահպանել կայունություն, նրա անդրդվելի կամքի` ամեն կերպ կանխել ցանկացած գործողություն, որը կարող է ապակայունացնել իրավիճակը մեր տարածաշրջանում: Ահա այս պատճառով էլ խիստ օրինաչափ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության մոտեցումները մնացել են անփոփոխ: Ինչպես ի սկզբանե, այնպես էլ հիմա Ռուսաստանի քաղաքականությունը հիմնված է հետևյալ գերակայության վրա. հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, ըստ որում` հակամարտող կողմերի փոխադարձ համաձայնության պայմաններում: Նման պարագայում հակամարտող կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների երաշխավորի դերակատարությունը Ռուսաստանի Դաշնությունը վերցնում է իր վրա: Խնդրո առարկայի շուրջ մնացած բոլոր դրսևորումներին անհրաժեշտ է մոտենալ ըմբռնումով և արժանապատվորեն: Ռուսաստանի Դաշնության գործընկերային, բարեկամական հարաբերություններն Ադրբեջանի Հանրապետության հետ, որոնց, համոզված եմ, դրական նոր լիցք հաղորդվեց վերջերս` սեպտեմբերի 2-3-ին ՌԴ-ի նախագահ Դ.Մեդվեդևի այդ երկիր կատարած այցի արդյունքում ևս, ինչպես նաև վերջին շրջանում նկատվող ռուս - թուրքական հարաբերությունների ջերմացումը միանգամայն բացատրելի և հասկանալի են: Դա է Real politic ասվածը գործողության մեջ, և դա է «հայկական կոմպլեմենտարիզմի քաղաքականության» ինքնատիպ սկզբունքների կիրառումը ռուսական հողի վրա: Անվիճելի է այն իրողությունը, որ Ռուսաստանի վարած նման քաղաքականությունը զգալիորեն ամրապնդում է նրա դիրքերը Հարավային Կովկասի անհանգիստ տարածաշրջանում` որպես խաղաղության հուսալի երաշխավորի: Նորից ու նորից իմաստավորելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստանի Հանրապետություն կատարած պետական այցի արդյունքները, ակամայից հիշողությանդ են գալիս հայ մեծ լուսավորիչ, հայ նոր գրականության և գրական լեզվի հիմնադիր Խաչատուր Աբովյանի մարգարեական մտքերը, որ նա գրել է իր «Վերք Հայաստանի» գրքում դեռ 1841թ.: Այնտեղ մեծ հումանիստն արտաբերել էր հետևյալ խոսքերը. «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց»: Իսկապես, իմաստուն մարդ էր Խաչատուր Աբովյանը: Իրավամբ, օրհնված էր էն սհաթը…

 

Վերջաբանի փոխարեն

Այս հոդվածի հրապարակմամբ, պատկերացնում եմ, թե ինչ ցնցումների մեջ կընկնեն Մեծ լեռան այն կողմից ֆինանսավորվող ռուսատյացներն ու այլ նվնվացողները, որոնք Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական ապագան, մեր երկրի մասնակցությունը ՀԱՊԿ ռազմաքաղաքական միության մեջ, չգիտես ինչու, հանկարծ սկսեցին կապել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող C-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգի վաճառքի, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ռազմակայանի գտնվելու ժամկետը 49 տարով երկարացնելու հետ: Հարկավ, նրանց գործերը վատ են, նրանք գլուխ չեն հանում դրսից ստացված տնային հանձնարարությունից: Ուստի, մեծահոգի գտնվենք և նրանց խորհուրդ տանք ժամանակավորապես հանգիստ թողնել Գյումրու ռուսական N102 ռազմակայանի հետ կապված հարցերը և այդ ընթացքում մտորել Եվրոպայում ԱՄՆ-ի տեղակայած 350, Արևելյան Ասիայում` 175, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Ասիայում` 13, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում տեղակայած 6 ռազմակայանների ճակատագրի շուրջ: Չէր խանգարի, որ հետաքրքրվեին, թե ինչպես են այդ ռազմակայանների առկայության պարագայում իրենց զգում բրիտանացիները, գերմանացիները, իտալացիները, թուրքերը, բուլղարները, ռումինացիները, հարավկորեացիները, ճապոնացիները, ֆիլիպինցիները, կանադացիները և այն բոլոր ազգերը, որոնց երկրներում տեղակայված են ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները: Ավելին, չէր խանգարի, որ ճշտեին, թե այդ պետությունների ղեկավարներից (որտեղ կան ամերիկյան ռազմակայաններ) ով է տվյալ երկրի դատարանի կողմից մեղադրվել ազգային շահերի դավաճանության, երկրի ինքնիշխանության կորստի համար:

Բոլոր ընդդիմախոսներիս օգնելու նպատակով հուշեմ, որ աշխարհով մեկ սփռված ԱՄՆ-ի ռազմական ուժերի տեղակայման մանրամասներին առավել տեղեկացված լինելու համար ընթերցեն հետևյալ փաստաթուղթը` Department of Defens Base Structure Report, Fiscal Year 2007 Base line, http://www.defenselink.mil/pubs/BSR_2007_Baseline.pdf

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am