Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Հոկտեմբեր 2010, N 9

ԱՇԽԱՐՀԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Ասում են, թե այս տարվա հոկտեմբերն իսկապես անսովոր էր: Ամիսը 5 ուրբաթ, 5 շաբաթ և 5 կիրակի ուներ: Իսկ նման բան պատահում է 11 տարին մեկ անգամ: Այնպես որ, այսպիսի բացառիկությունը և դրան էլ գումարած` աշնան առաջին տեղատարափ անձրևները, որոնք միանգամից փոխեցին թե՛ մարդկանց տրամադրությունը և թե՛ օդի հարաբերական խոնավության աստիճանը, կարծես թե հավակնում էին խոստանալ առանձնահատուկ ժամանակահատված: Մինչդեռ ամիսը ձգվեց այնպես, ինչպես վայել էր հերթական երեք տասնօրյակներին` վստահաբար անկայուն և անառարկելիորեն հարափոփոխ:

Եթե սկսենք մեր տարածաշրջանից, ապա տեղի երկրների համար հոկտեմբերը կարծես մեկնարկել էր «Հավասարություն դեպի Արևմուտք» կարգախոսով: Այս շարքում առաջամարտիկը Վրաստանն էր, որն իր հարկի տակ ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Բանակցությունների օրակարգում էին երկրի քաղաքական իրադրությունը, 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո ստեղծված կացության հետ կապված հարցերը և Թբիլիսիի ու ՆԱՏՕ-ի համագործակցության հեռանկարները: Բարձրաստիճան հյուրը հայտարարեց, որ Բուխարեստի գագաթաժողովում ընդունված որոշումն ուժի մեջ է մնում, և Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Ցավոք, այդ ավետիսն ու հանդիսավորությունը ստվերվեցին Աֆղանստանից եկած լուրերով, որտեղ ականի պայթյունից վրացի չորս զինվորական էր զոհվել: Ընդդիմությունն անմիջապես առիթն օգտագործեց Սահակաշվիլուն հայհոյելու համար և զորախումբը Քաբուլից հետ բերելու պահանջներ հնչեցրեց:

ՆԱՏՕ-ական հրապուրանքներով էր գերված նաև Ադրբեջանը: Երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում քննարկում էր Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները և մասնակցում Հյուսիսատլանտյան դաշինքի «28+1» ձևաչափով նիստին: Նա, ինչ խոսք, այնտեղ հիշեց Ղարաբաղը, խրախուսեց Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության նոր ռազմավարական հայեցակարգը, մտքեր փոխանակեց տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Իսկ այնուհետև հայացքի ուղղությունը փոխվեց դեպի Վաշինգտոն, որպեսզի պաշտոնական Բաքվի բողոքի նոտան հղվեր ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ կազմակերպված հանդիպումների կապակցությամբ: Այդ նպատակով նույնիսկ արտգործնախարարություն հրավիրվեց Ադրբեջանում Միացյալ Նահանգների գործերի հավատարմատարը: Բողոքի նոտայում Բաքուն դատապարտում էր կոնգրեսականների քայլը և ընդծում, որ «այդօրինակ այցերը ստվեր են գցում Ադրբեջանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների վրա` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները հանդիսանում է խաղաղ բանակցությունները վարող միջնորդական խմբի անդամ»:

Արևմուտքի հետ իր շփումներում հերթական անհաջողությունն արձանագրեց նաև Թուրքիան: Եվրամիությանն այդ երկրի անդամակցության բանակցային գործընթացը գործնականում դադարեցվեց, և Անկարան անմիջապես շտապեց կատարվածին դրամատիկ երանգ հաղորդել` հայտարարելով, թե բանակցություններն ընդհատվել են քաղաքական ինտրգիների պատճառով, որոնց հետ չէր բախվել ԵՄ անդամության թեկնածու և ոչ մի երկիր: «Եթե դուք չեք ուզում Թուրքիային, այդպես էլ ասեք, բավական է հիմարացնեք մեզ»,- ավելի ուշ Ստամբուլում տեղի ունեցած միջազգային գործնական խորհրդաժողովում դժգոհեց վարչապետ Էրդողանը, միայն թե այս գանգատները և թուրքերի ռազմավարական նպատակները եվրոպական ընտանիքում այդպես էլ արձագանք չստացան: 2005 թվականից ի վեր, ինչ Թուրքիան բանակցություններ է սկսել ԵՄ-ի հետ, սա առաջին դեպքը չէ, երբ հավակնորդին ելքի դուռն են ցույց տալիս:

Հարևանների օրինակով Հայաստանը ևս հստակեցնում էր իր հարաբերություններն Արևմուտքի հետ: Երևան էր ժամանել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Հայաստանի և Բրյուսելի միջև բանակցությունների երկրորդ փուլից առաջ անհրաժեշտություն կար մեկ անգամ էլ ճշտելու պարտավորությունների ու ակնկալիքների շրջանակը: Կողմերն անդրադարձան նաև դեկտեմբերի 13-ին կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը և դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստան - ԵՄ համագործակցության խորհրդում քննարկվելիք հարցերին:

Մեր եզերքներից շատ ավելի հեռու` Էկվադորում, հոկտեմբերի սկիզբը նշանավորվեց ռազմական հեղաշրջման փորձով: Երկրի նախագահի աջակիցների և խռովարար զինվորականների միջև բախումների հետևանքով առնվազն 50 մարդ տուժեց: Խռովարարները շրջափակել էին հիվանդանոցը, որտեղ գտնվում էր արցունքաբեր գազից թունավորված նախագահ Ռաֆայել Կորեան: Ապստամբներն այսպես իրենց բողոքն էին արտահայտում երկրի ուժային կառույցներին հատկացվող արտոնությունները սահմանափակող նոր օրենքի դեմ: Իշխանությունները երկրում արտակարգ դրություն հայտարարեցին:

Ի տարբերություն Էկվադորի, Ուկրաինայում տեղի ունեցածը «թավշե» կամ սահմանադրական հեղաշրջում էր: Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց 2004 թվականի քաղաքական բարենորոգությունը, որը սահմանափակում էր նախագահի լիազորությունները: Այսպիսով, կրկին գործողության մեջ դրվեց հին կարգը: Անցումը կառավարման խորհրդարանական-նախագահական ձևին վերջնականապես ձախողվեց: Երկրի ընդդիմությունն այդ որոշումը որակեց իբրև պետական իշխանության օկուպացիա:

Ճիշտ հակառակ տենդենցներով էր առաջնորդվում Վրաստանը, որտեղ Սահակաշվիլու վարչակարգն` իր ապագան ապահովագրելու մտադրությամբ, վերանայում էր երկրի հիմնական օրենքն այլ դիտանկյունից: Ի վերջո, ամսվա կեսին ընդունվեց Սահմանադրության վերջնական տարբերակը: Կատարված չորս փոփոխությունները մեծապես ձևափոխում են պետության կառուցվածքը և կառավարական համակարգը: Մասնավորապես, նախարարների ու վարչապետի թեկնածություններն առաջադրելու և հաստատելու է խորհրդարանը: Նախատեսված է նաև իշխանության տարբեր թևերի տարանջատում ու դատական համակարգի լիակատար անկախություն: Սրանք ուժի մեջ կմտնեն 2013 թվականից: Իսկ մինչ այդ, ի՞նչ իմանաս, թե ինչ ջրեր կհոսեն...

Իշխանության վերադասավորման շատ ավելի քաղաքակիրթ ճանապարհի` ընտրություններ անցկացնելու հոգսերով էին տարված միանգամից մի քանի երկրում: Լատվիայում խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 13 կուսակցություն և դաշինք, սակայն բոլորի ուշադրության կենտրոնում էր «Համաձայնության կենտրոն» դաշինքը, որը պաշտպանում է երկրի ռուսալեզու բնակչության շահերը, ինչպես նաև նրանց, ովքեր Լատվիայի քաղաքացիություն չունեն:

Նախագահական ու խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Բոսնիա-Հերցեգովինայում:

Երկրի երեք համայնքները` բոսնիացի մահմեդականները, ուղղափառ սերբերն ու կաթոլիկ խորվաթները, ընտրեցին իրենց ներկայացուցչին երեք անդամից բաղկացած նախագահության կազմում և օրենսդիր մարմնի պատգամավորներին:

Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանում քվեարկության միասնական օր էր նշանակված: Երկրի միանգամից 77 դաշնային սուբյեկտներում տարբեր մակարդակների ընտրություններ կայացան: Այս անգամ դրանք ռեկորդային ճանաչվեցին մասնակից թեկնածուների թվով` շուրջ 109 հազար:

Նույն օրը խորհրդարանական ընտրություններ էին նաև բազմաչարչար Ղրղըզստանում: Ժոգորկու Քենեշի (միապալատ խորհրդարանի) 120 տեղի համար պայքարում էր 29 կուսակցություն: Հաջողությունը ժպտաց նրանցից 5-ին: Օրենսդիր մարմնի ձևավորումից հետո, ըստ էության, բոլոր լիազորություններն անցնում են խորհրդարանական մեծամասնության կողմից նշանակվող վարչապետին: Մինչև 2011-ի ավարտը երկրի նախագահի լիազորությունները կատարող Ռոզա Օթունբաևային մնում են միայն ներկայացուցչական լիազորություններ:

Հոկտեմբերի առաջին տասնօրյակը հարուստ էր ոչ միայն ընտրական ու նախընտրական գործընթացներով, այլև պատահարներով ու աղետներով, որոնց պատճառած ցնցումներն ասես հիշեցնում էին, թե ամեն մի կայունություն վերջին հաշվով հարաբերական է:

Ինդոնեզիայում երկաթուղային խոշոր վթարի հետևանքով զոհվեց 43 հոգի, առնվազն 50 մարդ ստացավ տարբեր աստիճանների վնասվածքներ: Մայրաքաղաք Ջակարտայից Պեմալանգ ուղևորվող գնացքը Պետարկուն կայարանի մոտ բախվել էր մեկ այլ ուղևորատար գնացքի:

Նորվեգիայում ևս գնացք վթարվեց: Երկրի հարավ-արևելքում մարդատարը դուրս եկավ ռելսերից: Արդյունքում տուժեց 40 ուղևոր: Իսկ ահա Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում, որտեղ լոկոմոտիվը բախվել էր ավտոբուսին, ողբերգության զոհերի թիվն անցավ 50-ից, տասնյակ տուժածներ տեղափոխվեցին հիվանդանոց:

Հոկտեմբերի 7-ին Պակիստանի Կարաչի քաղաքում երկու պայթյուն որոտաց: Տեղական լրատվամիջոցները հայտնեցին առնվազն ութ զոհի մասին, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել էր: Պայթյուններն իրականացրել էին մահապարտ ահաբեկիչները: Վեց մարդ զոհվեց, շատերն այրվածքներ ստացան Կոլումբիայի հյուսիս-արևելքում գտնվող ածխահանքում մեթան գազի պայթյունի հետևանքով: Դարձյալ Պակիստանում գրոհայինները հարձակվեցին նավթով և նավթամթերքով բեռնված մոտ 30 բեռնատարից կազմված ավտոշարասյան վրա ու հրդեհեցին մեքենաները, որոնք նախատեսված էին Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի զորքերի համար:

Իրանի Քուրդիստան նահանգի Սանանդաժ քաղաքում անհայտ անձինք կրակ բացեցին պարեկություն անող ոստիկանների ուղղությամբ: Զոհվեց հինգ մարդ, ևս ինը քաղաքացի վիրավորվեց: Պաշտոնական Թեհրանը շտապեց կարծիք հայտնել, որ քրդերի ակտիվացման հիմնական պատճառներից մեկը տարածաշրջանում արտաքին զինուժի ներկայությունն է:

Չինաստանի Խայնան նահանգում վերջին 50 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ ջրհեղեղի արդյունքում ջրի տակ անցավ ավելի քան հազար գյուղ, տարհանվեց 210 հազար մարդ, տնտեսական վնասը գերազանցեց 160 մլն դոլարը: Ջրհեղեղներ էին նաև Վիետնամում, որտեղ զոհերի թիվն անցավ 80-ից, Ինդոնեզիայում, որտեղ չդադարող տեղատարափ անձրևների պատճառով մահացավ երեք տասնյակից ավելի մարդ, հարյուրավորները մնացին անտուն:

Հունգարիայում ալյումինիումի օքսիդի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով թունաքիմիկատները հասան Դանուբի ջրերին` բնապահպանական աղետի սահմանները տարածելով նաև Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի այլ շրջաններում: Օգնություն ստանալու նպատակով Հունգարիան դիմեց Եվրամիությանը: Պայթյունի հետևանքով զոհվեց չորս, այրվածքներ ու վնասվածքներ ստացավ ավելի քան 120 մարդ:

Ոչ պակաս ականապատված ու պայթյունավտանգ էր մնում քաղաքական դաշտը: Այս լարվածությունը նախ և առաջ դրսևորվեց Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում: Դժվար էր միանշանակ ասել, թե հատկապես ով առաջին քարը նետեց մյուսի կողմը, սակայն ծայր առավ անվերջանալի սպառնալիքների ու վիրավորանքների մի շղթա` փոխադարձ վարկաբեկումներով ու անվանարկումներով: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տեսաբլոգի համար ձայնագրեց մի դիմում, որով հանդիմանում էր Լուկաշենկոյին Ռուսաստանն իր ժողովրդի աչքում գլխավոր թշնամի ներկայացնելու համար: Բելառուսի նախագահն իր հերթին մեղադրեց Մոսկվային հակաբելառուսական արշավ սանձազերծելու համար և հայտարարեց, թե իբր ՌԴ ղեկավարությունը ցանկանում է իրեն հեռացնել իշխանությունից: Մինչ կողմերը հայհոյանքներ էին փոխանակում, վերլուծաբանները նշում էին, որ այս լարվածության հիմքում ընկած էր այն հանգամանքը, որ Լուկաշենկոն այդպես էլ չճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը: Ի վերջո, խնդրին միջամտել փորձեց ՌԴ Պետդուման` ընդունելով հայտարարություն, ուր ասվում էր, թե «կոնյունկտուրային քաղաքական շահերը, որոնք գլուխ են բարձրացրել Բելառուսում նախընտրական արշավի ընթացքում, չպետք է հանգեցնեն երկու երկրների միջև դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների խզման ու սեպ խրեն եղբայրական ժողովուրդների միջև»: Սակայն այս հորդորը նույնպես անհետևանք մնաց:

Քաղաքական ու հոգևոր սադրանքների մեկ այլ ասպարեզի էին վերածվել հայ-թուրքական հարաբերությունները: Այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունների արտոնությամբ նամազի արարողություն կազմակերպվեց Անիի Սուրբ Աստվածածին մայր տաճարում, Հայ եկեղեցին ու հանրությունն իրենց բողոքի ձայնը բարձրացրին այդ սրբապղծության դեմ: «Սույն քայլով Թուրքիան վերստին ի դերև է հանում Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերը` ի նպաստ հայ-թուրքական երկխոսության հաստատման և հարաբերությունների կարգավորման»,- ասվում էր Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում:

Սակայն դեռ չէին խաղաղվել այս միջադեպի շուրջ բորբոքված կրքերը, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիայի տարածքում գտնվող մեկ այլ եկեղեցում` Աղթամարի Սուրբ Խաչի գմբեթին գիշերով տեղադրվել է խաչը: Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևորականները շտապեցին այն օրհնել:

Մեր տարածաշրջանի հետ կապված մյուս կարևոր իրադարձությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Փաստահավաք առաքելության մեկնարկն էր Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջաններում: Տասն օր շարունակ միջնորդները` ՄԱԿ Զարգացման ծրագրի և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչների ուղեկցությամբ, ծանոթացան ու գնահատեցին տեղի հումանիտար իրավիճակը: Հայկական կողմին այս գործողությունները մասամբ էին բավարարում: Թեև պաշտոնական Ստեփանակերտը տվել էր իր համաձայնությունը, սակայն` պայմանով, որ նույնպիսի առաքելություն իրականացվի նաև Գետաշենում, Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու այն հատվածներում, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Դիտորդները խոստացան, որ կփորձեն իրագործել այդ ցանկությունը: Ինչ վերաբերում էր Ադրբեջանին, ապա այստեղ տրամագծորեն հակառակ ակնկալիքներ կային: «Պաշտոնական Բաքուն մշտապես հայտարարել է, որ գրավյալ տարածքներում վերահսկողության պակաս կա և որ Հայաստանը ոչնչացրել է Ադրբեջանի պատմական ու մշակութային ժառանգությունը այդ տարածքներում: Միջնորդների այս առաքելությունը կարևոր դեր կխաղա ճշմարտության բացահայտման գործում»,- հայտարարեցին նրանք:

Հայերի համար հաջորդ բախման դաշտը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանն էր, որը սկսվեց մեզ համար աննպաստ մի փաստաթղթի ընդունմամբ: Ադրբեջանցիների ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման արագացման անհրաժեշտությունը» անունը կրող փաստաթուղթը ստորագրեցին ԵԽ անդամ 15 երկրների 20 պատվիրակներ: Իսկ ընդհանրապես ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ երկու հանդիպում կայացավ հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև, որոնց քննարկման հիմնական նյութը շարունակում էր մնալ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության վերականգնման խնդիրը: Հայաստանն առաջվա պես դեմ էր դրան և իր առարկությունները հիմնավորում էր այն բանով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կրկնօրինակման անհրաժեշտություն չի տեսնում:

Առճակատումն` առճակատում, սակայն աշխարհում դրանից զատ նաև հետաքրքիր դեպքեր և իրադարձություններ էին տեղի ունենում: Խանտի Մանսիյսկում ավարտվեց Շախմատի համաշխարհային օլիմպիադան: Տղամարդկանց Հայաստանի հավաքականը մնաց առանց մեդալի: Ոսկե մեդալի արժանացավ Ուկրաինայի թիմը:

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր դարձավ չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն` Չինաստանում մարդու իրավունքների տևական և ոչ բռնի պայքարի համար:

Թվային համակարգով կառավարվող ռուսական առաջին տիեզերանավը` Союз ТМА-М-ը, հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը հաջողությամբ մեկնարկեց միջազգային տիեզերակայանից: Երեք տիեզերագնացներն անկշռելիության պայմաններում կմնան 159 օր` վերևում անցկացնելով մի շարք կենսատեխնոլոգիական և բժշկական փորձեր:

Եվ վերջապես, հոկտեմբերի 10-ին Երևանը նշեց իր 2792-ամյակը: Տարեդարձի առթիվ ողջ օրը մայրաքաղաքի տարբեր անկյուններում եռուզեռ էր, տոնական տրամադրություն, երգ ու հրավառություն: Քչերն էին այդ պահին հիշում, թե օրն ինչպիսի սիմվոլիկ ու սնոտիապաշտական խորհուրդ ուներ: Բանն այն է, որ ամսաթիվը երեք 10-երի համադրությունն է` 10.10.10: Աշխարհի տարբեր երկրների ինտերնետ օգտագործողներ մտահոգված էին նշված ամսաթվին հաքերների հնարավոր հարձակումից: Խորհրդանշական օրը մոլորակի տարբեր անկյուններում մարդիկ մասնակցեցին կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառմանը: Հատկանշական էր, որ Սպիտակ տունը ևս իր լուման ներդրեց` շենքի տանիքում տեղադրելով արևային մարտկոցներ:

Հետագա օրերին գերիշխողը նախ և առաջ ֆուտբոլային կրքերն էին: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումները Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 4:0 հաշվով պարտության մատնեց Անդորային: Բայց էլ ավելի անսպասելի ավարտ ունեցավ Ադրբեջան - Թուրքիա հանդիպումը: Ադրբեջանցիները 1:0 հաշվով պարտության մատնեցին թուրքերին` մեծ դառնություն պատճառելով արյունակից մարզիկներին ու նրանց երկրպագուներին:

Սակայն սա Թուրքիայի միակ պարտությունը չէր հոկտեմբերի կեսերին: Մյուսը գրանցվեց քաղաքական դաշտում: Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշներն Անկարայում հայտարարեց, թե Ֆրանսիան չի փոխի կոշտ դիրքորոշումը Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու խնդրում: «Ոչ»,- ասաց Քուշները, երբ թուրք լրագրողները նրան հարցրին այդ մասին:

Նրանից հետ չմնաց Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը, որն արտահայտվեց Գերմանիա Թուրքիայի քաղաքացիների ու Մերձավոր Արևելքի երկրներից ժամանածների ներգաղթի դեմ: Նրա խոսքով, այդ մարդիկ վատ են ինտեգրվում գերմանական հասարակությանը: Հատկանշական էր, որ այդ խոսքերը հնչեցին այն ժամանակ, երբ Գերմանիայում էր գտնվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հաջորդ ապտակը թուրքական հպարտության երեսին հասցրեց հայտնի սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան, որն իբրև ժյուրի հրավիրվել էր մասնակցելու Անթալիա քաղաքում անցկացվող «Ոսկե նարինջ» միջազային կինոփառատոնին: Սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն հանեց իր ֆիլմը մրցույթից` հայտարարելով, որ դժգոհ է սերբի ներկայությունից ու սերբական ջարդերի մասին նրա աշխատանքից: «Եթե Քափլանօղլուն ցեղասպանությունների նկատմամբ այդքան զգայուն է, ինչո՞ւ չի խոսում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունից: Դրանով նա կամբողջացներ մարդկության դեմ իրականացրած հանցանքների իր զգայունությունը»,- նետեց Կուստուրիցան ու հեռացավ Թուրքիայից:

Եվրոպացիների վեճը մուսուլմանների հետ նորանոր դրսևորումներ էր ստանում: Մի դեպքում դա արտահայտվում էր նրանով, որ Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդը հավանություն էր տալիս հասարակական վայրերում ամբողջությամբ դեմքը ծածկող հագուստն արգելող օրինագծին, մեկ այլ դեպքում Եվրոպայի առաջնության Իտալիա - Սերբիա խաղի ժամանակ այրում էին Կոսովոյի դրոշն ու վանկարկում «Մահ կոսովցիներին»:

Իսկ ահա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուղղակի հայտարարեց, որ Գերմանիայի փորձերը` կառուցել բազմամշակութային հանրություն, որում տարբեր մշակույթների ներկայացուցիչները կապրեին լիարժեք համաձայնության մեջ, ձախողվել են: «Նրանց, ովքեր գերմաներեն չեն խոսում, մենք ուրախ չենք տեսնել Գերմանիայում»,– ասաց կանցլերը: Նրա խոսքն առաջին հերթին գերմանաբնակ 3,5 միլիոն թուրքերի մասին էր, ինչը հարուցեց Անկարայի զայրույթը: Թուրքիայի վարչապետ Էրդողանի կարծիքով` Մերկելի վարչակազմի վարած քաղաքականությունն այլ բան չէ, քան ասիմիլացում:

Գոնե այս բառի իմաստը Թուրքիայում գերազանց հասկանում են` գործնականում այն կիրառելով շատ ավելի կոշտ մեթոդներով, քան կմտածեին Գերմանիայում: Հոկտեմբերի 12-ին Թուրքիայի խորհրդարանը ևս մեկ տարով երկարաձգեց Հյուսիսային Իրաքում քրդերի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու իր մանդատը, որն ուժի մեջ է 2007-ից ի վեր: Իսկ հայերի հանդեպ հերթական սադրանքներից մեկը դարձավ այն, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության մի խումբ ակտիվիստներ հայտարարեցին, թե խախտել են հայ-թուրքական սահմանը և Ախուրյան գետի վրայով մտել Հայաստան: Ռուս սահմանապահներն անմիջապես հերքեցին դրա հնարավորությունը, բայց թուրքերը, միևնույն է, շարունակեցին պնդել` հավելելով, թե այդ քայլին դիմել են բարի նպատակներով, այն է` երկու երկրների կառավարություններից պահանջելու բացել սահմանը:

Իսկ ընդհանրապես նախորդ ամիս թույլերի ու հզորների հետ հակադրվելու Թուրքիայի կեցվածքը հարուցում էր սկանդալ սկանդալի հետևից: Սկզբում Անկարան մեղադրանքներ հնչեցրեց Մոսկվայի հասցեին այն բանի համար, որ իբր Քրդական բանվորական կուսակցությունից (PPK) բռնագրավված զենքի մեծ մասը մատակարարվում է Ռուսաստանից` այդ տեղեկատվությունը ստանալով ԱՄՆ-ից: Իսկ այնուհետև հանդիմանանքի իր բաժինը ստացավ Միացյալ Նահանգները` կապված «Ազատության նավատորմի» միջադեպի ու Իսրայելի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ:

«Այդ դեպքը ցույց տվեց Վաշինգտոնի իրական դեմքը, որը բաց և առանց որևէ ամոթի աջակցում է իսրայելական ահաբեկչությանը»,- հայտարարեց Էրդողանը պակիստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Նրա խոսքով, այսպես ԱՄՆ-ը «աջակցում է միջազգային ահաբեկչությանը»: Օբաման ստիպված էր Անկարային կոչ անել` մեղմել տոնը:

Ավելի ուշ «վիրավորված» ամերիկացիները խնդրանքով դիմեցին Թուրքիային` վերջինիս տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու առաջարկով: Բայց թուրքերն անմիջապես մերժեցին դաշնակիցներին: Երկրի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, թե թուրքական կողմն իր կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար ոչ մի սպառնալիք չի տեսնում հարևաններից: Ի պատասխան այս մերժումի` Վաշինգտոնը զգուշացրեց Թուրքիային, որ խնդրին պետք է լուծում տրվի, հակառակ դեպքում` Հայոց ցեղասպանության ճանաչումն անխուսափելի կլինի: Հետաքրքիր է, Հայաստանին պե՞տք է այս գնով ճանաչումը, երբ շանտաժը ճանապարհ է հարթում պատմական արդարության համար:

Ճիշտ նույն կերպ անպատվաբեր է սկանդալն իբրև հանրահայտության ճանապարհ, բայց արի ու տես, որ մենք ևս անմասն չմնացինք աղմկահարույց դեպքերից, միայն թե այս անգամ ոչ թե քաղաքական, այլ քրեական: Լոս Անջելեսում ձերբակալվեցին հանցավոր խմբավորման 40-ից ավելի անդամներ, որոնք գերազանցապես հայեր էին: Մեր ճարպիկ հայրենակիցները ԱՄՆ առողջապահության ապահովագրական համակարգից շորթել էին շուրջ 160 միլիոն դոլար: Հայտարարվեց, որ մաֆիոզ խմբավորման ղեկավարն է «օրենքով գող» Արմեն Ղազարյանը` Պզո մականունով: Խումբը սերտ կապեր էր ունեցել Հայաստանի հետ, նրա անդամները պարբերաբար այցելել էին հայրենիք և տեղում անշարժ գույք գնել ԱՄՆ-ում յուրացրած գումարներով: Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարայի խոսքով, հայերն իրենց հնարամտությամբ ու ապօրինի եկամուտների ծավալներով կարող էին նույնիսկ դասական Cosa Nostra-ի նախանձը շարժել:

Դեռ լավ է, որ օտարների նախանձը շարժելու այլ` միանգամայն ընդունելի և ուրախ առիթներ էլ ունեցանք: Մինչ երևանցի երեխաները Հանրապետության հրապարակում պատրաստվում էին ճաշակել Գինեսի ռեկորդակիր աշխարհի ամենամեծ` 4,5 տոննայանոց շոկոլադե սալիկը, երկրի մեկ այլ անկյունում մոլորակի մասշտաբներով հերթական ռեկորդն էր սահմանվում: Հոկտեմբերի 16-ին բացվեց աշխարհում ամենաերկար ճոպանուղին: «Տաթևի թևեր» անունը կրող վերերկրյա այդ փոխադրամիջոցը ձգվում է շուրջ 5,7 կմ: Նրա նախագծային ընդհանուր արժեքը կազմել է 50 մլն դոլար: Մտահղացման հեղինակներն ու իրագործողները հույս ունեն, որ այն մեծ նշանակություն կունենա Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, ինչպես նաև երկրի ողջ հարավային շրջանների զարգացման համար:

Ի դեպ, նկատենք, որ բոլոր ասպարեզներում ամենամեծն ունենալու մենաշնորհը դեռևս մեզ չի հանձնված: Նախօրեին Շվեյցարիայում ավարտվեց աշխարհում երկաթուղու ամենաերկար թունելի շինարարությունը: Դրա երկարությունը կազմում էր 57 կմ: Սակայն շվեյցարացիներն իրենց պահվածքում և բնորոշումներում մեզնից անհամեմատ համեստ գտնվեցին:

Եթե հիշատակված երկու կառույցներն էլ կարելի է որակել իբրև մարդու մարտահրավերը բնությանը, ապա այս ասպարեզում հոկտեմբեր ամսվա ռեկորդն, անկասկած, պատկանում էր Չիլիի հանքափորներին: Ավելի քան երկու ամիս շարունակվող ընդերքի գերությունից նրանց հաջողվեց ի վերջո անվնաս դուրս գալ հրաշալի կազմակերպված փրկարարական աշխատանքների շնորհիվ: 33 հանքափորների վերելքին, որն իրականացվում էր հատուկ «Ֆենիքս» պատիճի միջոցով, հետևում էին ողջ աշխարհը և Սան Խոսեում հավաքված շուրջ 1500 լրագրողներ: 700 մետր խորության տակ մնացածներին լույս աշխարհ վերադարձնելու համար Չիլիի իշխանությունները ծախսեցին 22 միլիոն դոլար: Ցավոք, նույն բախտին չարժանացան նրանց չինացի գործընկերները: Չինաստանի Խենան մարզի ածխահանքում պայթյունի հետևանքով 20 մարդ զոհվեց: Համարվում է, որ Չինաստանում լեռնարդյունաբերական ոլորտն ամենավտանգավորներից մեկն է աշխարհում: Այստեղ գրեթե ամեն շաբաթ լուրեր են ստացվում հանքերում խոշոր վթարների մասին:

Տեխնածին աղետներից ոչ պակաս ավերածություններ ու զոհեր էր պատճառում բնության տարերքը: Ասես աշունն իր գոյության մասին հիշեցնելու այլ միջոց չուներ, քան մեկը մյուսին հաջորդող վարարումներն ու տեղատարափները: Արդեն հոկտեմբերի կեսից համարյա յուրաքանչյուր օր կարելի էր լսել որևէ նոր պատահարի մասին:

Հորդառատ անձրևները Թուրքիայում հեղեղումների պատճառ դարձան երկրի տարբեր շրջաններում ու քաղաքներում: Ամենից շատ տուժեցին Բուրսա և Իզմիր քաղաքները: Մոտ երեք հարյուր ֆաբրիկաներ, բնակելի տներ, գրասենյակներ ու ձեռնարկություններ մնացին ջրի տակ: Կային զոհեր ու վիրավորներ: Նույնպիսի վիճակ էր Արևմտյան Վրաստանում: Ռիոնի գետի ամբարտակի ճեղքումից հեղեղումներ առաջացան Փաթարա Փոթի գյուղում: 50 ընտանիք տարհանվեց:

Շատ ավելի ծանր հետևանքների հանգեցրեց սարսափելի ջրհեղեղը Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանում: Ընդհանուր առմամբ, ջրի տակ անցավ 22 բնակավայր: Զոհվեց 14 մարդ, 8 հոգի համարվեց անհայտ կորած: Զոհերի թվում Հայաստանի երկու քաղաքացի կար:

Հեռավոր Հաիթիում ևս հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղը մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում խլեց առնվազն 12 մարդու կյանք: Իսկ ահա Ֆիլիպիններում բնակիչները ստիպված էին դիմակայել վերջին 4 տարում ամենաուժեղ արևադարձային «Մեգի» ցիկլոնին: Թայֆունը 225-260 կմ/ժամ արագությամբ անցավ Իսաբելա ու Կագայան շրջաններով` իր հետևից թողնելով ավերածություններ ու հեղեղումներ: Տարհանվեցին հազարավոր բնակիչներ: Տուժածներին օգնության եկան բանակն ու կամավորները: Ջրհեղեղներ էին Թաիլանդում ու Վիետնամում, զոհերի թիվը հասնում էր 100-ի:

Ջրային տարածքներում արձանագրված պատահարները եկան ամբողջացնելու այս տխուր վիճակագրությունը: Շոտլանդիայի ափերի մոտ վթարվեց Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերի նորագույն Astute սուզանավը: Բարեբախտաբար, հաջողվեց փրկել անձնակազմի բոլոր 23 անդամներին: Առանց զոհերի ավարտվեց նաև Ամստերդամի ջրանցքներից մեկում գերմանական բեռնանավի ու ուղևորատար լաստանավի բախումը: Բայց ահա Արևելյան Հնդկաստանում` Գանգես գետի ջրերում վթարված նավի 22 ուղևորները զոհվեցին:

Իսկ այնտեղ, որտեղ աղետներ չկային, աղետային իրավիճակներ էին ստեղծում Սոմալիի տխրահռչակ ծովահենները: Այս անգամ էլ նրանք Քենիայի ափի մոտ բռնագրավեցին հարավկորեական ձկնորսական նավ, որի վրա 43 մարդ կար: Սոմալի մեկնեց հատուկ խումբ` բանակցելու ավազակների հետ:

Վերադառնալով անցած ամսվա քաղաքական անցուդարձին` հիշատակման արժանի համարենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած որոշումը ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային առաքելությունն Աֆղանստանում մեկ տարով երկարացնելու մասին: Խորհրդի անդամները նաև իրենց անհանգստությունը հայտնեցին թալիբների, «Ալ-Քաիդայի» և այլ ծայրահեղական խմբավորումների աճող ակտիվության առնչությամբ:

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Դովիլ քաղաքում հոկտեմբերի 18-ին մեկնարկեց Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի նախագահների երկօրյա հանդիպումը: Հանդիպման գլխավոր թեմաներից էին եվրոպական անվտանգության խնդիրները, այդ թվում` Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծումը ՆԱՏՕ-ի հովանու ներքո, Ռուսաստանի ու ԵՄ երկրների միջև վիզային ռեժիմը պարզեցնելու հարցը, Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորումը և Իրանի միջուկային ծրագիրը:

«Մեծ 20-յակի» երկրների ֆինանսների նախարարները ևս հանդիպելու պատճառներ ունեին: Նրանք համաձայնության եկան Արժույթի միջազգային հիմնադրամի բարեփոխումների շուրջ: Նրանք համաձայնեցին ԱՄՀ գործադիր խորհրդում երկու տեղ հատկացնել զարգացող երկրներին, ինչպես նաև որոշեցին, որ անցնում են փոխարժեքի շուկայական հավասարակշռված համակարգի, ինչը հենվելու է տնտեսության վրա, ինչպես նաև ձեռնպահ կմնան իրենց արժույթների մրցակցային արժեզրկումից:

Համատեղ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտություն ծագեց նաև Լիբանանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ղեկավարների համար, որոնք պատրաստվում էին Բեյրութում կազմակերպված գագաթաժողովին: Սակայն վերջին պահին այդ հանդիպումը չեղյալ հայտարարվեց: Թեև պատճառները չէին նշվում, սակայն բոլորի համար պարզ էր, որ հիմնական մեղավորը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն էր` իր վարքով: Վերջինս պաշտոնական այցով մեկնել էր Լիբանան ու հայտարարել, թե պատրաստվում է այցելել Լիբանանի ու Իսրայելի սահման և խորհրդանշական քար նետել Իսրայելի կողմը: Նրա մի քանի ծայրահեղ ելույթներ հարուցեցին Թել Ավիվի և Արևմուտքի զայրույթը: Այդ առթիվ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ցավ հայտնեց, որ Լիբանանը դառնում է երկրորդ Իրան, սակայն ավելացրեց, որ իրենք գիտեն, թե ինչպես պետք է պայքարել դրա դեմ:

Այս իմաստով փոքր-ինչ կասկածելի է, թե Եվրամիությունը հստակ պատկերացում ունի` ինչ լեզվով խոսել Թեհրանի հետ: ԵՄ միջազային հարցերի և քաղաքական անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հոկտեմբերի 16-ին առաջարկեց Իրանին միջուկային ծրագրի օրակարգով բանակցություններ վարել նոյեմբերի 15-18-ին, Վիեննայում: Փաստորեն «Վեցյակը» (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներն ու Գերմանիան), որ 2003-ից ի վեր, ԱԷՄԳ-ի հետ համատեղ, փորձում է հասնել Իրանի կողմից ուրանի հարստացման աշխատանքների դադարեցմանը, կրկին վերջնաժամկետ էր տալիս նրան` առայժմ չունենալով որևէ այլ ծրագիր, որ կկիրառի այդ բանակցությունների ձախողման պարագայում:

Փոխարենն Իրանի ինքնավստահությունը ևս մեկ անգամ լիցքեր ստացավ այն փաստով, որ այդ երկրի նավթային արդյունաբերության նախարար Սայիդ Մասուդ Միրքյազիմին հաստատվեց OPEC-ի 2011 թվականի նախագահի պաշտոնում: Որոշումը կայացվեց նավթ արդյունահանող OPEC կազմակերպության 12 երկրների նախարարների 157-րդ նստաշրջանում: Հատկանշական է, որ վերջին 36 տարվա ընթացքում Իրանն առաջին անգամ է ղեկավարելու այդ կառույցը:

Երկար տարիներ անց նոր ղեկավար ունեցավ նաև Մոսկվան: Յուրի Լուժկովին փոխարինեց Սերգեյ Սոբյանինը: Կարծես թե հանգուցալուծում ստացավ մի խնդիր, որ երկար ժամանակ ռուսաստանցիների ուշադրության կենտրոնում էր: Սակայն նույնիսկ հոկտեմբերի 21-ին, երբ Սոբյանինը երդում էր տալիս Մոսկվայի Կանոնագրքի վրա` ստանձնել քաղաքապետի պաշտոնը, որոշ վերլուծաբաններ մնում էին այն կարծիքին, որ այս «խմորը դեռ շատ ջուր կվերցնի»:

Իսկ իշխանափոխության ոչ ավանդական եղանակների կողմնակիցներն այս անգամ ի հայտ եկան Պակիստանում: Տեղի ոստիկանությունը հայտարարեց, որ իրավապահներին հաջողվել է բացահայտել մի դավադրություն, որի նպատակն է եղել երկրի վարչապետի, արտգործնախարարի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը: Ձերբակալվեցին մի քանի ծայրահեղականներ, որոնք էլ հարցաքննության ժամանակ խոստովանեցին իրենց մտադրությունը: Թե ինչ պատիժ է սպասվում պաղեստինցի ահաբեկիչներին` դեռ հայտնի չէ: Փոխարենն ամերիկացի Դենիել Քովարթը, ով խոստովանել էր, որ 2008 թվականին ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբամայի դեմ մահափորձ էր նախապատրաստել, դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը կարելի էր բնութագրել իբրև «պայթյունավտանգ»: Որոտներով ուղեկցվող աննախադեպ թվով դեպքեր արձանագրվեցին աշխարհի տարբեր անկյուններում:

Սկզբում դա Ղազախստանի զորամասերից մեկում էր, որտեղ հրդեհ բռնկվեց, այրվեց 4 տանկ, պայթեցին նռնակներ: Ապա պայթյուն տեղի ունեցավ Ստամբուլի ռազմական ուսումնարաններից մեկում, ինչի հետևանքով 2 կուրսանտ վիրավորվեց: Հետո Իրանի Խորեմաբադ քաղաքն էր, որտեղ գտնվող ռազմակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքները շատ ավելի ծանր էին. զոհվեց 18 հոգի, 14 մարդ վնասվածքներ ստացավ: Պայթյուն որոտաց նաև Իրաքին աջակցություն ցուցաբերող ՄԱԿ առաքելության ղեկավարին ուղեկցող շարասյան մոտ: Պայթուցիկ սարքը տեղադրված էր եղել ճանապարհի եզրին, ինչի հետևանքով ուղեկցող ոստիկաններից մեկը զոհվեց: Աֆղանստանում հողին հավասարվեց ՄԱԿ գրասենյակի շենքը տեղի անջատողականների հանդուգն գրոհից հետո: Բոլորի համար անհասկանալի մնաց, թե ինչու էին գրոհայիններն ընտրել հատկապես այդ թիրախը, քանի որ ՄԱԿ-ը աֆղանական խնդիրներում առավելագույնս չեզոք դիրք է որդեգրել: Սակայն, ինչպես ասում են, անքննելի են ահաբեկիչների գործերը…

Հոկտեմբերի վերջին օրերին ինքնաշեն նռնակների ու հրկիզող շշերի առատություն էր Փարիզի և իտալական մի շարք քաղաքների փողոցներում: Առաջին դեպքում ֆրանսիացիները բողոքում էին կենսաթոշակային նոր ռեֆորմի դեմ, իսկ երկրորդի հրահրիչ պատճառն աղբահանությունն էր, որն իսկական պատիժ է դարձել Իտալիայի համար:

Եվրոպացիների հոսերը գուցե թե անհասկանալի մնան Մյանմարի բնակիչների համար, սակայն տեղի իշխանություններն էլ որոշեցին այլ կերպ աչքի ընկնել` հաստատելով փոփոխությունների հանդեպ իրենց հակվածությունը: Դեռ մի քանի տարի առաջ Բիրման Մյանմար վերանվանելուց հետո այժմ էլ նրանք որոշ խմբագրումներ մտցրին` երկրի «Մյանմարի Միություն» անվանումը դարձնելով «Մյանմարի Միության Հանրապետություն»: Բայց սա դեռ բոլորը չէր: Փոխվեցին նաև պետական խորհրդանիշերը: Նախկին դրոշի փոխարեն (կարմիր կտոր` կապույտ ուղղանկյունով) հաստատվել է դեղին-կանաչ-կարմիր եռագույնը` սպիտակ աստղը կենտրոնին: Պաշտոնյաների խոսքով, բոլոր հին դրոշները պետք է առաջիկայում այրվեն: Ուրիշ է դարձել նաև երկրի հիմնը:

Եթե Մյանմարի պես երկիրն ըստ պահանջի կարող էր փոփոխել իր պետական ատրիբուտներն ու այլ բաներ, ապա մեկ ուրիշը դեռ ինքնահաստատման դժվարին ճանապարհի վրա պիտի պաշտպաներ դրանք փոքր ու մեծ խութերից: Նման մի պատրվակ էր, որ հրահրեց հայ-ադրբեջանական հերթական սկանդալը Թեհրանում, մամուլի և զանգվածային լրատվամիջոցների 17-րդ միջազգային փառատոնի ժամանակ, երբ հայ մասնակիցները դահլիճ բերեցին Լեռնային Ղարաբաղի քարտեզը, հուշարձանների նկարներն ու դրոշը: Ներկա գտնվող ադրբեջանցիներն անմիջապես պահանջեցին դուրս հանել դրանք: Հայերը մերժեցին, ինչից հետո ադրբեջանցիներին օգնության եկան թուրք լրագրողներն ու սպառնացին իրենց գործընկերների հետ լքել փառատոնը:

Ինքնահաստատման ավելի խաղաղ, բայց ոչ պակաս աղմկահարույց հերթական առիթը մատուցեցին հայ հնագետները` հոկտեմբերի վերջին հանրությանը ներկայացնելով իրենց նոր` էլ ավելի սենսացիոն գտածոն` Արենիի քարայրներից մեկում պեղումների ժամանակ հայտնաբերված եղեգից պատրաստված զգեստը, որը 5900 տարվա պատմություն ունի: Սա իր տարիքով գերազանցում է նույնիսկ հանրահատ կոշիկին, որի հայտնությունն ամիսներ առաջ ցնցել էր աշխարհը:

Եվրոպայում այդ ընթացքում որևէ արտառոց հայտնագործում չարվեց, բայց փոխարենն այնտեղ հետևողականորեն փորձում էին որոնել ու գտնել նոր լուծումներ հակաճգնաժամային նպատակներով ֆինանսական կարգապահության մեխանիզմներն ամրագրելու համար: Այդ առիթով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ԵՄ գագաթաժողովին առաջարկեցին վերանայել Լիսաբոնյան պայմանագիրը, որն ուժի մեջ էր մտել մեկ տարի առաջ: Նրանց կարծիքով, կայունության պակտի խախտման պատժամիջոցները պետք է մտցված լինեն ԵՄ հիմնական օրենքում:

Բայց ձեռնարկված ջանքերը կարծես թե դեռ շոշափելի հաջողությունների չեն հանեցնում: Վերջին տվյալների համաձայն, եվրագոտու երկրներում գործազրկությունը կազմել էր 10,1 տոկոս կամ շուրջ 15,9 միլիոն գործազուրկ` գերազանցելով նախորդ ամսվա վերանայված ցուցանիշը: Դա առավելագույն նիշն էր 1998 թվականի հունիսից ի վեր: Իսկ մասնագետներն առայժմ ոչ մի լավ բան չեն կանխագուշակում: «Եվրագոտում աշխատանքի շուկան գտնվում Է աղետալի վիճակում, և 2011 թվականին իրադրությունը, հավանաբար, դեռ կվատթարանա»,- ասացին նրանք:

Մոտ ապագայում այդ աղետը չի սպառնա միայն եվրոպական ընտանիքի ղեկավար մարմիններին, որտեղ եղածին գումարվեցին լրացուցիչ աշխատատեղեր: Եվրախորհրդարանի քաղաքական խմբավորումները Ստրասբուրգում հավանություն տվեցին ԵՄ Արտաքին գործերի ծառայության կազմավորմանը: Եվրամիության դիվանագիտական կորպուսը ղեկավարելու է արտաքին քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ, ոչ անհայտ Քեթրին Էշթոնը, որին լրագրողները մինչ այդ էլ անվանում էին «Եվրոպական միության արտգործնախարար»: Կառույցը սկսելու է աշխատել այս տարեվերջից: Սակայն Եվրամիության նորեկ փոքր պետություններում արդեն իսկ կա մտահոգություն, որ ԱԳ ծառայությունը կարող է հայտնվել խոշոր տերությունների դիվանագետների ազդեցության տակ, քանի որ նրանք առանցքային պաշտոններ ու կշիռ են ունենալու այդ մարմնում, և իրենց խնդիրները դարձյալ կմնան ստվերում:

Հունաստանը Եվրամիության փոքր տերություն չես անվանի, իսկ ահա նրա հոգսն իսկապես արժանի էր ուշադրության: Այդ հույսով հոկտեմբերի վերջին պաշտոնական Աթենքը դիմեց ԵՄ` խնդրելով սահմանապահ պարեկներ ուղարկել` հույն-թուրքական սահմանն ապօրինի ներգաղթյալներից պաշտպանելու համար: Հայտնի է, որ Հունաստանից Եվրոպա ավելի շատ ներգաղթյալ է անցնում, քան ցանկացած այլ երկրից: Ըստ վիճակագրության` այդ տարածքում միայն 2008-ին անցել է եվրոպական ներգաղթյալների 50 տոկոսը:

Մինչ ամենքը զգուշանում էին թուրքերից, Թուրքիան էլ իր հերթին զգուշացավ եղբայրական Ադրբեջանից ու առաջարկեց Բաքվի հետ վիզային ռեժիմ սահմանել: Այս առաջարկը մինչև հոգու խորքը վիրավորեց ադրբեջանցիներին, որոնք փոքր-ինչ բարեկամական վերաբերմունք էին ակնկալում: Իսկ ընդհանրապես, Թուրքիայի պահվածքը միշտ էլ ինչ-որ մեկին զարմանք է պատճառել: Հենց այդպես զարմացած հոկտեմբերի 27-ին «New York Times»-ը գրեց Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ նկատվող տարօրինակ փոփոխությունների մասին` այն հեգնանքով անվանելով «դավութօղլուիզմ»: «Իրանի բարեկամ, Իսրայելի թշնամի, առաջարկվող հակահրթիռային վահանի հարցում ծանրաբարո, ՆԱՏՕ-ի փոփոխական դաշնակից, արաբական երկրների սիրտը շահող Թուրքիա». ահա այսպիսին է նա ներկայանում աշխարհին, իսկ աշխարհն էլ իր հերթին ավելի ու ավելի քիչ է վստահում նրան:

Վստահության պակաս կարող է սպառնալ նաև Աֆղանստանին: Այն բանից հետո, երբ այդ երկրի նախագահ Համիդ Քարզայը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Իրանը պարբերաբար ֆինանսավորում է իր վարչակազմին` տրամադրելով պարկերով կանխիկ գումար, ամերիկացիներին այլ բան չէր մնում, քան հուսահատ ձեռքերը տարածել: Բայց Քարզայը դրան էլ պատասխան ուներ, և բացատրեց, որ եղածի մեջ ոչ մի վատ բան չկա, քանի որ իրենք նմանատիպ օգնություն ստանում են նաև ԱՄՆ-ից և բարեկամ այլ երկրներից:

Իրանի այսչափ անկաշկանդ պահվածքը ամեն տեսակ սպառնալիքներից ու պատժամիջոցներից հետո շատերին ստիպեց խորհել դրանց անարդյունավետության մասին, իսկ այդ ընթացքում Թեհրանը սկսեց Բուշերի իր առաջին ատոմակայանը լիցքավորել միջուկային վառելիքով` հայտարարելով, որ իրենք շարունակելու են ծրարի իրականացումը` առանց հաշվի առնելու ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների կարծիքը: Իրանի ԱԷԿ-ի համար վառելիք մատակարարողը Ռուսաստանն է, ԱՄՆ-ում պնդում են, որ ատոմակայանը միջուկային զենք պատրաստելու համար շղարշ է, իսկ ԱԷՄԳ-ն ձգտում է հասնել նրան, որ իր տեսուչները ներկա լինեն Իրանի այդ ոլորտի բոլոր օբյեկտներում:

Ոչ միայն միջուկային, այլև մյուս բոլոր տեսակի զենքերից հնարավորինս թոթափվելու ակնկալիքով հոկտեմբերի 25-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեն քննարկում էր հրավիրել «Տարածաշրջանային զինաթափումն ու անվտանգությունը» թեմայի շուրջ: Այստեղ ևս Ադրբեջանի ներկայացուցիչները փորձեցին առիթն օգտագործել` ընթերցելով մի հայտարարություն, որն ակնհայտորեն դուրս էր քննարկման համատեքստից և թվարկում էր Հայաստանի բոլոր «մեղքերը»` «ագրեսիայի, զավթողական քաղաքականության, էթնիկ զտումների» և այլնի մասին: Հարկադրված պատասխան ելույթում Հայաստանի ներկայացուցիչը հավատարիմ մնաց օրվա խորհուրդին` ներկաների ուշադրությունը հրավիրելով Բաքվի ռազմական բյուջեի աննախադեպ աճի և 2000թ. ի վեր սպառազինության թափանցիկության ապահովմանն ուղղված ՄԱԿ-ի տարեկան զեկույցներին համապատասխան տեղեկատվություն չտրամադրելու փաստերին: Նշվեց, որ մեր հարևան երկրի նման քաղաքականությունն էլ ավելի է վտանգում տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը` փակուղի տանելով առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջազգային ջանքերը:

Այդ ջանքերի ակնառու արտահայտություններից մեկն էլ դարձավ հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Առանձնապես հայ-ադրբեջանական հարաբերություններում վերջին մի քանի ամիսների ընդգծված լարվածության և շփման գծում պայթյունավտանգ իրավիճակի առկայության պայմաններում կողմերի միջև բանակցելու հնարավորություն ստեղծելը դարձել էր հրամայական: Փակ դռների հետևում երեք նախագահները քննարկեցին ԼՂ հիմնախնդրի կարգավորման մանրամասները: Վերահաստատեցին Մայնդորֆում ընդունված հռչակարգի դրույթները, ընդգծեցին, որ հակամարտության դիվանագիտական, քաղաքական լուծման ուղու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` ռազմական ոլորտում փոխվստահության մթնոլորտի բարձրացման և հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ: Հանձնարարվեց ԱԳ նախարարներին շարունակել աշխատանքները և փորձել պայմանավորվածության գալ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ` մինչև դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը: Նույն օրը երեք երկրների ղեկավարներն ընդունեցին նաև համատեղ հայտարարություն, որտեղ ասվում էր. «... Հակամարտության կարգավորումը քաղաքական դիվանագիտական միջոցներով պահանջում է հետագա ջանքեր` հրադադարի ռեժիմի ամրապնդման և ռազմական ոլորտում վստահության միջոցառումների հարցում: Այդ նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին որպես առաջին քայլ անհապաղ ռազմագերիների ու զոհվածների աճյունների փոխանակում կատարել` ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաև այդ մոտեցումներով ղեկավարվել նաև հետագայում` այդ հարցերում ելնելով բացառապես հումանիտար բնույթից»:

Ինչպես հակամարտող երկրները, այնպես էլ միջազգային կառույցները և օտար պետությունների մի շարք ղեկավարներ ընդհանուր առմամբ ողջունեցին Աստրախանի հանդիպման փաստը` ձեռք բերված համաձայնությունը գնահատելով փոքր, բայց էական առաջընթաց:

Այդ օրերին վերանայման ենթակա որոշում գնահատվեց նաև հոկտեմբերի 26-ին Իրաքի գերագույն դատարանի կայացրած վճիռը` երկրի նախկին փոխվարչապետ, Սադամ Հուսեյնի մերձավոր զինակից Թարիք Ազիզին մահվան դատապարտելու մասին, որին մեղադրում էին 1999-ին շիա մահմեդականների նկատմամբ հաշվեհարդար իրականացնելու համար: Սակայն մի շարք քաղաքական ու պետական գործիչներ պահանջեցին մեղմել նրա պատիժը` վճիռը գնահատելով չափից ավելի դաժան և չհիմնավորված: Ի պաշտպանություն Ազիզի հանդես եկավ նույնիսկ Կաթոլիկ եկեղեցին` ի դեմս Հռոմի պապի:

Անկեղծ ասած, Ազիզի հնարավոր մահն իրականում քիչ էր հուզում աշխարհին: Մարդիկ անհամեմատ ավելի մեծ վիշտ ապրեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է միլիոնավորների սիրելի, ֆուտբոլային գուշակ ութոտնուկ Պաուլը: «Վերջին օրերին նա ակտիվ չէր, քիչ էր ուտում: Մեզ համար շատ տխուր է»,- հաղորդեցին ակվարիումի աշխատակիցները և տեղեկացրին, որ պատրաստվում են նրա պատվին հուշատախտակ տեղադրել:

Ութոտնուկի մահն, իհարկե, դժբախտություններից մեծագույնը չէր, որ հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում պատուհասեց մոլորակին: Ամենալուրջ չարիքը շարունակում էր մնալ միջազգային ահաբեկչությունը, որի ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հիշեցնում էին իրենց մասին: Այս ընթացքում նույնիսկ «Ալ Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենը անհրաժեշտ համարեց ներկայանալ իր հերթական աուդիոձայնագրությամբ` նշելով, որ հասարակական վայրերում դեմքն ամբողջությամբ փակող հագուստ կրելն արգելող օրինագծի համար շարունակելու է վրեժխնդիր լինել Ֆրանսիայից, և Նիգերում մի քանի ֆրանսիացիների առևանգեց: Տարբեր երկրների հատուկ ծառայություններին հաջողվեց կանխել մի շարք խոշոր պայթյուններ ինչպես Լոնդոնում և Դուբայում, այնպես էլ Ռուսաստանի երկու քաղաքներում: Սակայն ոչ ոք չի կարող վաղօրոք կռահել այն բոլոր հնարավոր գրոհները, որոնք դեռ կծրագրեն ահաբեկիչները:

Անելանելի կացության մեջ հայտնված երկրների թվին գումարվեց Հայիթին, որտեղ մոլեգնող խոլերայի համաճարակի հետևանքով զոհերի թիվը հասել էր 330-ի, հիվանդների թիվը մոտ 5 հազար էր, իսկ անհրաժեշտ օգնությունը չկար ու չկար:

Սակայն ոչինչ համեմատելու չէ այն վիճակի հետ, որում գտնվում էր Ինդոնեզիան: Սկզբում հզոր երկրաշարժը, ապա ավերիչ ցունամին, իսկ այնուհետև Մերապի հրաբխի ժայթքումը: Իշխանությունները հայտնեցին 311-զոհերի ու բազմաթիվ անհետ կորածների մասին, տասնյակ հազարավոր հայիթցիներ տարհանվեցին իրենց բնակավայրերից:

Աշխարհի վերջը հիշեցնող այս աղետալի պատկերները ասես վարակիչ ներգործություն ունեցան ինչպես գիտնականների, այնպես էլ ապագան գուշակողների վրա: «Երկիր մոլորակի բնությունը կանգնած է ոչնչացման առավելագույն վտանի առջև` 65 մլն տարի առաջ դինոզավրերի մահվան ժամանակներից ի վեր»: Նման եզրակացություն արվեց ՄԱԿ-ի զեկույցում, որը ներկայացվել էր ճապոնական Նագոյա քաղաքում կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի Խորհրդաժողովին: Այնտեղ ասված էր, որ կառավարությունները, գործարար շրջանակներն ու հասարակությունը պետք է արագորեն արձագանքեն ճգնաժամի վտանգին: Այս եզրահանգմանը գումարվեց հայտնի մարդաբան Ֆլոյդ Լաունսբերիի հրատարակած տեսությունը, համաձայն որի` երկրագնդին իսկապես շատ քիչ կյանք է մնացել: Մեկ այլ աղբյուր ուղղակի նշեց, որ ապոկալիպսիսի օրն արդեն սահմանված էր` 2012-ի դեկտեմբերի 23-ը, և այդ հոռետես եզրահանգումը պաշտպանում էին hնդկացիական մայա քաղաքակրթության ժառանգները: Սակայն ամերիկացի գիտնականները շտապեցին հանգստացնել բոլորին, ովքեր հակված են հավատալ հին մարգարեությանը: Մասնագետների պնդմամբ, 2012-ին հաստատ որևէ աղետ տեղի չի ունենալու, բայց, ասենք, մի 100 տարի հետո, ով գիտի, գուցե մայաները ճիշտ դուրս գան:

Հոկտեմբերի 31-ին աշխարհն անցավ ձմեռային ժամանակի: 140 երկրների օրինակով Հայաստանում ևս ժամացույցները մեկ ժամով հետ տվեցին: Թե ինչ կշահի մոլորակն այդ հավելյալ մեկ ժամում, դժվար է ասել, սակայն բարդ չէ գուշակել, թե ինչ շահեց ու կորցրեց անցած ամսվա ընթացքում:

Հոկտեմբերին Միացյալ Նահանգներն ապրում էր նախընտրական բուռն խմորումներով ու հույզերով: Նոյեմբերի 2-ին կայանալիք միջանկյալ ընտրությունների առթիվ (որոնք անց են կացվում նախագահի պաշտոնավարման ժամկետի կեսը լրանալուն պես) գերիշխող համոզմունքներից հիմնականն այն էր, որ դրանք ամենայն հավանականությամբ կփոխեն ուժերի հարաբերակցությունը Կոնգրեսում: ԱՄՆ քաղաքացիները պիտի ընտրեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 և Սենատի 100 անդամներից 37-ին: Բացի այդ, անցկացվելու են 37 նահանգների ու առանձին վարչական շրջանների ղեկավարների ընտրություններ: Թեժ պայքարը ծավալվում էր երկրի երկու խոշորագույն կուսակցությունների միջև: Որքան էլ դեմոկրատները նախագահ Օբամայի առաջնորդությամբ գործադրում էին բոլոր ջանքերը` առավելագույն արդյունքի հասնելու համար, այնուամենայնիվ, երկրում հասարակական կարծիքի ուսումնասիրման հարցումները մինչև վերջին պահն արձանագրում էին այն իրողությունը, որ հանրապետականները լուրջ հաջողությունների հասնելու իրական շանսեր ունեն: Վերջիններս հնարավորություն ունեն իրենց վերահսկողության տակ վերցնելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները: Իսկ դրա համար նրանցից կպահանջվի ստանալ հավելյալ 10 տեղ: Միևնույն ժամանակ, վերլուծաբաններն այն տեսակետն են պնդում, որ դեմոկրատներն այլևս չեն կարող մեծամասնության քաղաքականություն վարել` առանց հաշվի առնելու հանրապետականների կարծիքը, իսկ Բարաք Օբամայի վարած քաղաքականությանը սատարելու կուսակցական կարգահապահությունը սկսել է էլ ավելի երերալ:

Ի դեպ, այս ընտրությունները հավակնում են դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկը: Հաշվարկների համաձայն, թեկնածուները նախընտրական քարոզչության վրա արդեն ծախսել են ընդհանուր առմամբ 3,4 մլրդ դոլար:

Ամսվա վերջին օրը սև կիրակի դարձավ Թուրքիայի համար: Առավոտյան հզոր պայթյուն որոտաց Ստամբուլի կենտրոնում` Թաքսիմի հրապարակին կից ոստիկանական հերթապահ կետի մոտ: Նախնական տեղեկությունների համաձայն, վիրավորել էր առնվազն 22 մարդ: Ամենայն հավանականությամբ, մահաբեր սարքը գործի էր դրել մահապարտ ահաբեկիչը: Ըստ շրջանառվող վարկածների, ահաբեկչի թիրախը հատկապես ոստիկանության այն ստորաբաժանումն էր, որտեղ մասնագիտանում են ցուցարարներին ցրելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ սա այս տարվա ընթացքում առաջին պայթյունը չէր Ստամբուլում: Հունիսին ևս ահաբեկչական գործողություն իրականացվեց քաղաքի եվրոպական հատվածում, և դարձյալ նշանակետը իրավապահ մարմիններն էին:

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am