Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Հոկտեմբեր 2010, N 9

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ամսվա առաջին տասնօրյակն ուրախացրեց ֆուտբոլով. երկրի հավաքականն իրար հետևից երկու համոզիչ հաղթանակ տարավ, ընդ որում` դրանցից մեկը` Սլովակիայի թիմի հանդեպ, որն աշխարհի գավաթի առաջնությունից դուրս էր մղել աշխարհի չեմպիոններին` իտալացիներին: Իսկ Անդորայի հավաքականին մեր ֆուտբոլիստները հաղթեցին ռեկորդային` 4-0 հաշվով: Պարզվում է` հայերը, եթե շատ ուզենան, կարո՛ղ են ֆուտբոլ խաղալ: Դե, ինչ, հուսանք, որ մեր թիմը կհայտնվի Եվրոպայի առաջնությունում:

Ամսվա սկզբում Ազգային ժողովը նոր փոխխոսնակ ունեցավ ԲՀԿ-ից` Գյումրու գարեջրի գործարանի սեփականատեր Սամվել Բալասանյանը: Թե ինչպես է պրն Բալասանյանը համատեղելու գարեջրի արտադրությունը և իրացումը պատգամավորական գործունեության հետ` հայտնի չէ: Հայտնի է այն, որ նա ջանք չի խնայի իր բիզնեսի բարգավաճման համար, իսկ դրա համար ԱԺ փոխնախագահը բավականաչափ լծակներ կունենա: Հոկտեմբերին բերեց նաև հանրահայտ Վովա Գասպարյանի բախտը. նախագահ Սարգսյանը նրան պաշտպանության փոխնախարար նշանակեց:

Հոկտեմբերի 11-ին այցով Երևան ժամանեց Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը: Այցելեց Ծիծեռնակաբերդ, բանակցություններ վարեց Հայաստանի ղեկավարության հետ: Իսկ երկու ղեկավարների մամուլի ասուլիսում նախագահ Սարգսյանը զուգահեռներ անցկացրեց Կոսովոյի և Ղարաբաղի միջև և հայտարարեց, որ «Ղարաբաղը համբերատար սպասում է իր ճանաչմանը»: «Անդրադառնանք ղարաբաղյան հարցին»,- ասաց նախագահը:- «Հիմա, ի՞նչ է տեղի ունեցել Ղարաբաղի պարագայում: Հակառակ Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի` իր հազարամյա պատմության մի փոքրիկ ժամանակահատվածում` մի քանի տասնամյակ, նրան ստիպել են ապրել Ադրբեջանի կազմում: Ղարաբաղցիները երբեք դրա հետ չեն հաշտվել, չեն հաշտվել նույնիսկ ստալինյան ռեպրեսիաների տարիներին: Եվ առաջին իսկ բարենպաստ պայմանի առկայության ժամանակ ինքնորոշվել են, այսինքն` միակողմանիորեն հռչակել են իրենց անկախությունը: Դա տեղի ունեցավ Սովետական Միության փլուզման ժամանակ: Ադրբեջանն ի պատասխան պատերազմ պարտադրեց Լեռնային Ղարաբաղին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ Հայաստանի օգնությամբ հաղթել: Ահա, այստեղ է տարբերությունը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կարողացավ առանց ՆԱՏՕ-ի օժանդակության կազմակերպել իր ինքնապաշտպանությունը, և հիմա համբերատար սպասում է, թե երբ միջազգային հանրությունը կընդունի միակողմանիորեն Ադրբեջանից անջատվելու իր իրավունքը»: 

Հոկտեմբերի 13-ին տհաճ նորություն ստացվեց Ամերիկայից. միանգամից մի քանի նահանգում ՀԴԲ-ն ձերբակալեց հայազգի անձանց` դաշնային բյուջեն կողոպտելու համար: Գուցե չարժեր ուշադրություն դարձնել արկածախնդիրների գործունեությանը, եթե չլինեին նրանց սերտ կապերը Հայաստանի և բարձրաստիճան որոշ հայ պաշտոնյաների հետ: ՀԴԲ-ն նույնիսկ Երևան գործուղեց իր աշխատակիցներին, ինչը խիստ ուրախացրեց ընդդիմադիր հանրությանը. դա առիթ տվեց խոսել և գրել ինչ ուզում են` երկրի բանկային համակարգի ստուգումներից մինչև ձերբակալվածների համարյա թե բարեկամական հարաբերությունները երկրի ղեկավարության հետ:

Անդադրում Հրանուշ Հակոբյանը, հանուն որի հատուկ նախարարություն ստեղծեցին, Ղարաբաղում լրագրողների համահայկական հավաք էր կազմակերպել: Խոսեցին մանր ու մեծ գործերից, հրճվանք ապրեցին «հայկական հզորությունից»  և «հայկական գենից», իսկ տիկին Հակոբյանը հայտնաբերել է ադրբեջանական նավթադոլարների դեմ պայքարի ամենաարդյունավետ զենքը: Պարզվում է` այդ զենքը «հայ միտքն»  է: Հարկավոր էին Ադրբեջանի հետ առճակատման 20 տարիները` նման հայտնագործություն անելու համար: Իսկ հոկտեմբերի 16-ին նախագահ Սարգսյանը դարձավ աշխարհում ամենաերկար ճոպանուղու առաջին ուղևորը: Պաշտոնական ԶԼՄ-ները հայտարարեցին տոնի մասին, գովաբանեցին հայ միտքը, ուրախացան զբոսաշրջիկների ակնկալվող հորդումից և այլն, և այլն: Մի խոսքով` երբ մարդիկ անելիք չունեն կամ էլ սկզբունքորեն չեն ուզում իրական գործերով զբաղվել, ապա նույնիսկ ճոպանուղու բացման մեջ կգտնեն ինչ-որ ցնցող, քաղաքակրթական նշանակության իրադարձություն:

Տիկին Հակոբյանից հետ չի մնում նաև վարչապետ Սարգսյանը` հոկտեմբերի 18-ին կազմակերպելով ֆինանսիստների և բանկիրների համահայկական հանդիպումը: Ասում են` միջոցառումը շատ օգտակար էր: Ինչը չես ասի Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն հանուն ապագայի»  համաժողովի մասին, որի ժամանակ Զարուհի Փոստանջյանը պահանջեց հանել Հայաստանը ԵԽ-ից երկրում դեմոկրատիայի բացակայության պատճառով: Փառք Աստծո, Հայաստանի բախտը բերեց. ԵԽ-ում մեզ դեռ երկար են հանդուրժելու:

Եվս մեկ պատմական իրադարձություն տեղի ունեցավ հոկտեմբերի 22-ին. այդ օրը տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճի բացումը, որն իրենց ներկայությամբ պատվեցին կաթողիկոս Գարեգին Երկրորդը և նախագահ Սարգսյանը: Հույս կա, որ նոր դահլիճում պատգամավորներն ավելի լավ կաշխատեն: Համենայն դեպս, դրա նշաններն արդեն նկատում ենք. օրինակ, «Ժառանգություն»  կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնակամ հրաժարվեց (ժամանակավորապես) Ղարաբաղի անկախության ճանաչման իր սևեռուն գաղափարից:

Հոկտեմբերին էլի շատ իրադարձություններ տեղի ունեցան: Վարչապետն այցելեց Իրան, ներկայացրեց գալիք տարվա բյուջեի նախագիծը` այն անվանելով «սոցիալական»: Քիչ էր մնացել սկանդալ բռնկվեր ինտերնետում այն տեսագրության պատճառով, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Բայդենն ասում է, թե նախագահ Սարգսյանը խնդրել է իրեն չարագացնել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս առնչությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տարածեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցների սղագրությունը: Դեսպանատան հաղորդման մեջ, մասնավորապես, ասվում է, որ 2009թ. ապրիլին նրանք երկու հեռախոսազրույց են ունեցել: Նախագահ Սարգսյանը, ինչպես նշում է ԱՄՆ դեսպանատունը, այդ զրույցների ժամանակ չի խոսել Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձի բովանդակության մասին և չի փորձել դանդաղեցնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 252-րդ բանաձևի (Հայոց ցեղասպանության ճանաչման մասին) դիտարկման գործընթացը:

Կարճ` համարի բովանդակության մասին:           

«Քաղաքականություն»  խորագրի տակ հրապարակախոս Հովհաննես Չարխչյանը «Դիսիդենտությունը որպես նոր սպառնալիք պետությանն ու ռեժիմին»  հոդվածում գրում է Հայաստանի համար նոր երևույթի` դիսիդենտության մասին: Հեղինակը կարծում է, որ դա երկրի համար անցանկալի բան է, քանի որ դիսիդենտությունն ավերման ներուժ է պարունակում: Իսկ դիսիդենտության երևան գալու և զարգացման խթան է հանդիսանում իշխող ռեժիմը, գրում է հեղինակը: Հոդվածը բավական հետաքրքիր է, խորհրդածելու տեղիք է տալիս: Նախագահի աշխատակազմում արժեր, որ ուշադրություն դարձնեին դիսիդենտությունը սնող գործոններին և վերանայեին պաշտոնական քարոզչության մատուցման սկզբունքները, այլապես տեսանելի ապագայում Սարգսյանի ռեժիմը կբախվի նոր հակառակորդի հետ` հանձին դիսիդենտության:  

«Ազգային միաբանություն»  կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը «Հայաստանի Հանրապետության կառավորությունը գտնված նվեր է Լևոն Տեր-Պետրոսյանի համար»  հոդվածում գրում է Տիգրան Սարգսյանի կաբինետի ձախողումների մասին: Այս անգամ հեղինակն ուշադրություն է դարձնում կառավարության կողմից նախագահ Սարգսյանի նախընտրական ծրագրի բոլոր կետերը խափանելու վրա:

Լուսինե Կեսոյանը «Վիրտուալ երկրի վիրտուալ նախարարություն»  հոդվածում գրում է Սփյուռքի նախարարության անիմաստության մասին: Հեղինակի կարծիքով` նման գրասենյակները նույնիսկ վնասաբեր են: Իհարկե, Հայաստանում անիմաստ շատ կազմակերպություններ կան, և լավ կլիներ, եթե նրանց գործունեությունը սահմանափակվեր միայն օգուտի բացակայությամբ:  Մենք դեռ չենք սովորել օգուտ չբերել, այսինքն` աշխատել զրոյական արդյունքով: Իսկ վնասը շատ է...

Պատմաբան Արաքս Փաշայանը «Աշխարհաքաղաքականություն»  խորագրում, «Հայ-ադրբեջանական հակամարտությունը իսլամական աշխարհի օրակարգում»  հոդվածում գրում է Իսլամական կոնֆերանս կազմակերպության, իսլամական երկրների հետ Ադրբեջանի հարաբերությունների մասին: Հեղինակը կարծում է, որ հանձին ԻԿԿ-ի հարևան պետությունը հուսալի հենարան ունի, իսկ թե ինչպես է դա անդրադառնում Հայաստանի վրա` այն հարցն է, ինչի համար գրվել է հոդվածը:

2010-ը հարուստ է հոբելյաններով: Տարին հոբելյանական է Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի, Արմեն Ջիգարխանյանի, Լեոնիդ Ենգիբարովի, Հենրիկ Մալյանի համար: Կինոգետ Սիրանույշ Գալստյանը հոդված է գրել «Մշակույթ և արվեստ»  խորագրի համար` նվիրված Աբրահամյանին, Մկրտչյանին, Ջիգարխանյանին, իսկ հոդվածի վերջին գլխում զետեղել է հատված Մալյանի գրքից և մտքեր նրա մասին:

«Մեջբերումներ դասականներից»  խորագրում այս անգամ հրապարակում ենք մի քանի հատված Լեոնիդ Ենգիբարովի գրքից: Իսկ «Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում»  խորագրում տեղ են գտել հոդվածներ АПН և ՌԵԳՆՈՒՄ գործակալություներից, ռուսական «Новое русское слово» օրաթերթից, որը լույս է տեսնում Նյու Յորքում, «Washington times»-ից, «Wall street Journal»-ից: Հատկապես հետաքրքիր է նյույորքյան թերթի հոդվածը` նվիրված ԱՄՆ գործող նախագահին:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am