Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Հոկտեմբեր 2010, N 9

ՎԻՐՏՈՒԱԼ ԵՐԿՐԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.

ԿԱՄ` ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Լուսինե Կեսոյան, www.nationalidea.am կայքի քաղաքական մեկնաբան

Մինչ Հայաստանն ու Արցախն այս էլ որերորդ տարին փորձում են ինչ-որ բան անել ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց ունենալու համար, բայց այդպես էլ ոչ մի բանի չեն հասնում, Հրանուշ Հակոբյանը որոշել է խառնվել այս գործին և «բանակ» բերել Արցախ, բայց ոչ թե սովորական, այլ... լրագրողական բանակ` գրեթե 200 հոգանոց, որոնք հետո պիտի գնան, «ծփան աշխարհով մեկ, գրեն Արցախի մասին» և լուծեն Արցախի հարցը:

Այդպես, հոկտեմբերի 12-16-ն Ադրբեջանում, հավանաբար, ահ ու սարսափով հետևում էին, թե ինչպես է ՀՀ սփյուռքի նախարարը «լուծում» Արցախի հարցը:

 

ՀԵՇՏ ՉԷՐ ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆԱԿ ԿԱԶՄԵԼԸ

Հայ լրագրողների բանակը Հրանուշ Հակոբյանը հավաքել էր շուրջ 26 երկրից, ոմանց հազիվ էր համոզել գործերը թողնել-գալ, ոմանց էլ ինքն էր մերժել: Եվ քանի որ նա սփյուռքի նախարարն է, «բանակում» առաջնայինը սփյուռքի լրատվամիջոցներն էին. Հայաստանից ակտիվ և հայտնի լրագրող գրեթե չկար. ընդդիմադիր թերթերին ուղարկված մասնակցության հրավերները պատասխանի չէին արժանացել (միայն նախավերջին օրը «Հրապարակ» օրաթերթի խմբագիրը հայտնվեց համաժողովում), ինքնուրույն մտածելակերպ ունեցողներին նախարարությունն էր մերժել` «շառից-փորձանքից հեռու» կարգախոսով, այնպես որ` բանակը Հայաստանից համալրել էին բացառապես նոմենկլատուրային դեմքերը` Աստղիկ Գևորգյան, Հակոբ Ավետիքյան, Արամ Աբրահամյան, Արմեն Ամիրյան, Կարեն Բեքարյան, Արա Սաղաթելյան...

 

ՊԻՈՆԵՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ԲՈԼՈՐ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ

«Բանակի» զինվորները սկզբում իրար չէին ճանաչում, ճիշտ այնպես, ինչպես պիոներական ճամբար մեկնողները: Համաժողովի դրական պահերից մեկն (եթե դաժան չլինենք ու չասենք` միակը) այն էր, որ սփյուռքյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռվեց իրար գլխի հավաքվել, շփվել միմյանց հետ, իմանալ` ով ով է, ինչ է անում իր երկրում, ինչպես համագործակցել իրար հետ. օրինակ, սփյուռքյան լրագրողներին կոչ արվեց օգտագործել նաև Արցախը` տեղի լրագրողներից սեփական թղթակիցներ պահելով Արցախում:

Համահայկական լրագրողական հինգերորդ համաժողովը կազմակերպված էր պիոներական ճամբարի բոլոր կանոններով, ամենաբարձր` պետական մակարդակով: Լրագրողների շարասյանը մշտապես ուղեկցում էին ճանապարհային ոստիկանները, լրագրողներին հյուր եկան ԼՂՀ առանցքային բոլոր դեմքերը. համաժողովի բացմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որը նույնպես կարևորեց համաժողովն Արցախում անցկացնելու փաստը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը: Երկրորդ օրը լրագրողներին հյուր եկավ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, երրորդ օրն արդեն լրագրողները հյուր գնացին ԼՂՀ Ազգային ժողով` հանդիպելու ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ: Իսկ որպեսզի զինվոր-լրագրողները հետո լավ «կռվել» կարողանան, նրանց ցույց տվեցին Արցախի տեսարժան վայրերը, որպեսզի «կռվողները» հասկանան, որ նման վայրերը հարկավոր է կյանքի գնով պահել. Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին, Գանձասարը, Տիգրանակերտը, անգամ տանկային զորավարժության ցուցադրություն կազմակերպվեց հատուկ աշխարհի տարբեր ծագերից Ղարաբաղ ժամանած լրագրողների պատվին:

Այդպես, սփյուռքի և Հայաստանի լրագրողները հինգ օր շարունակ բուռն աշխատեցին ԼՂՀ մայրաքաղաքում, ելույթներ ունեցան, որոնք գրեթե չառնչվեցին լրագրողական աշխարհի ցավոտ կետերին, ոչ ոք այդպես էլ չխոսեց Հայաստանում լրագրական դաշտի տոտալ վերահսկողության և դրանից բխող բոլոր բացասական հետևանքների մասին, չխոսվեց նաև այն մասին, որ ազատ ու անկաշկանդ մտածող լրագրողը տեղ չունի, որ իշխանություններին հարկավոր են միայն «գրպանային» լրագրողներ: Չխոսվեց, քանի որ այդ թեմաներով խոսողներ գրեթե չկային, եղածներն էլ հասկանում էին, որ նման լսարանում այդ թեմաներով խոսելը պարզապես անիմաստ է, մանավանդ որ համաժողովի սկզբից ևեթ նախարարն անդադար շեշտում էր, թե հարկավոր է խիստ զգույշ լինել արտահայտություններում, քանի որ Ադրբեջանում հիմա սարսափահար հետևում են, թե ինչ են անում իրենք այստեղ, հարկավոր է այնպես աշխատել, որ ադրբեջանցիներին լրացուցիչ խաղաթղթեր չտանք: Ընդհանուր ֆոնին առանձնացող ելույթներից մեկը Հակոբ Ավետիքյանինն էր: Նա քննադատեց արցախյան լրատվամիջոցներին ոչ բավարար ակտիվության համար: Վրացի մեկ-երկու լրագրող բարձրացրին վրացական իշխանությունների կողմից հայկական լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ բանեցնելու հարցը: «Ազատ և անկախ լրագրողն անելու բան չունի, լրագրողը շատ լավ գիտի, որ իրեն չեզոքացնելը խնդիր չի...». հայտարարեց Վրաստանում «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության թղթակիցը: Նրա ելույթը բեմում նստած նախարար Հակոբյանը ցուցադրաբար չէր լսում և ձանձրացած նայում էր աջ ու ձախ: Սակայն սա կարելի է բավական նորմալ երևույթ համարել` հաշվի առնելով այն, որ դրան նախորդած ելույթն ընդհանրապես ընդհատվեց, իսկ հետո, երբ Աջարիայի հայ համայնքի ներկայացուցիչը հայտնեց, որ վրացական իշխանությունները մեկ տարուց ավելի է, ինչ փակել են Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հեռարձակումները, նախարարը պատասխանեց, թե Վրաստանն ունի իր ներքին քաղաքականությունը, ինչի հետ հարկավոր է հաշվի նստել:

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆՄԱՆԸ ՉԿԱ

Եթե աշխարհում գտնվի մի հայ, որ համարձակվի ասել, թե Հրանուշ Հակոբյանի նմանը կա, նրան կարելի է մենամարտի հրավիրել: Համահայկական լրագրողական համաժողովն ապացուցեց, որ Հրանուշ Հակոբյանի նման ելույթ ունեցող ոչ թե նախարար չկա, այլ ընդհանրապես նմանը չկա ու չկա: Եվ ուրեմն, Հրանուշ Հակոբյանի նման կազմակերպիչ նույնպես չկա: Անհնար էր չհիանալ, թե ինչպես էր նախարարը կարողանում բոլոր կիքսերը հարթել. հեռուստակամուրջների ժամանակ (համաժողովն ուղիղ կապ հաստատեց և շփվեց ԱՄՆ-ի, Քուվեյթի, Լիբանանի լրագրողական աշխարհի ներկայացուցիչների հետ), երբ կապն ընդհատվում էր, նախարարը գործի էր դնում կոմերիտական ակտիվիստի նախկին, բայց վառ մնացած հատկանիշները և անեկդոտներով կամ տարբեր պատմություններով հարթում անհարթությունը:

Սակայն ոչ մի փայլուն հռետորաբանություն կամ բոլորի հետ շփվելու և լեզու գտնելու կարողություն չի կարող համեմատվել Հրանուշ Հակոբյանի գաղափարների հետ. դրանք խոսում են այն մասին, որ ՀՀ սփյուռքի նախարարն իրապես «հայկական աշխարհի» գաղափարը կրողն է ու Տիգրան Սարգսյանի կաբինետի առաջամարտիկը: Լրագրողների համահայկական համաժողովի վերջում բացահայտվեց, սակայն, որ Հրանուշ Հակոբյանն ավելին է, քան պարզապես հայ նախարարը. չի բացառվում, որ շուտով այլ երկրներից մեր սփյուռքի նախարարին իրենցով անելու փորձեր սկսվեն. ամփոփելով համաժողովը` տիկին նախարարը հնչեցրեց թեզիսներ, որոնց կնախանձեր յուրաքանչյուր պետություն: Սփյուռքի նախարարությունը համանման համաժողովներ լրագրողներից առաջ կազմակերպել էր նաև հայ իրավաբանների, գիտնականների, ճարտարապետների հետ: Եվ ահա բոլոր համաժողովների արդյունքների հիման վրա լրագրողական համաժողովն ամփոփելով` Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ ելնելով հայապահպանության կարևորագույն խնդիրներից` պիտի այնպես անել, որ այսուհետ խառնամուսնությունները բոլորովին էլ մտահոգիչ երևույթ չլինեն: «Այդ հարսներն ու փեսաները մերը պիտի դարձնենք»,- հայտարարեց նախարարը: Հաշվի առնելով Հրանուշ Հակոբյանի «եռանդի ավելցուկը», ինչպես սիրում է նախարարին բնութագրել Հակոբ Ավետիքյանը և ցանկանում մի փոքր ավելի քիչ եռանդ, կարելի է ենթադրել, որ շուտով Իսրայելում ևս սկսեն մեզ նախանձել:

Սակայն «ամենա-ամենա»-ն նախարարի` «2011թիվը Սփյուռքի միջազգայնացման տարի» դարձնելու գաղափարն է, որի հետ չի կարող համեմատվել Տիգրան Սարգսյանի «հայկական աշխարհի», Հայաստանը տարածաշրջանի «գերազանցության կենտրոնի» վերածելու և ոչ մի գաղափար: Ահա թե ինչ է որոշել անել ՀՀ սփյուռքի նախարարը: Նա ուսումնասիրել է, որ շատ երկրներ ունեն «սփյուռք» կոչված երևույթը, շատ երկրներ ունեն նաև սփյուռքի նախարարություններ, բայց դրանցից և ոչ մեկի մտքով չի անցել այն, ինչ անցել է Հրանուշ Հակոբյանի մտքով: «Հարկավոր է հստակ տալ «սփյուռք» հասկացության ձևակերպումը` ի՞նչ է այն, ի՞նչ խնդիրներ ունի» և այլն, ասաց նա, և դա ներկայացնել Միավորված Ազգերի Կազմակերպություն` առաջարկելով գումարել «Սփյուռքների համաշխարհային համաժողով», բայց այնպես, որ Հայաստանը լինի դրա նախաձեռնողը, այսինքն` նման վիթխարի ծրագրի դափնիները հասնեն միմիայն մեր Սփյուռքի նախարարությանը: Եվ կարելի է չկասկածել, որ նման համաժողովում անխոս լիդեր կդառնա հենց Հրանուշ Հակոբյանը: Եվ, իհարկե, կբարձրացվի Գավառի (Քյավառի) դրոշը, ինչի համար էլ, ըստ երևույթին, մտահղացվել է այս ամենը:

Պակաս հետաքրքիր չէ նաև սփյուռքի նախարարի զբոսաշրջության զարգացման ծրագիրը. «Աշխարհում կա մոտ յոթ միլիոն հայ. եթե նրանցից յուրաքանչյուրը յոթ տարին մեկ անգամ գոնե իր հանգիստն անցկացնի Հայաստանում, մենք տարեկան կունենանք մեկ միլիոն զբոսաշրջիկ: Դուք հանգստանում եք, երկիրը` զարգանում, դրանից էլ հեշտ գո՞րծ»: Այստեղ, իհարկե, կարելի է ըմբռնումով մոտենալ այն բանին, որ Հրանուշ Հակոբյանին չի էլ անհանգստացնում, թե զբոսաշրջության բնագավառում ինչ գներ են գործում Հայաստանում և ինչպիսին է մատուցված ծառայությունների որակը, թե մի անգամ Հայաստան եկած զբոսաշրջիկն այլևս չի ցանկանա գալ այստեղ և վերադառնալով` խորհուրդ կտա ծանոթներին խուսափել «գերէլիտար գներով գերէլիտար հանգիստ» տրամադրող Հայաստանից: Հակոբյանին սա չի անհանգստացնում, քանի որ նա սփյուռքի նախարարն է, իսկ նման հարցերը լուծում է Էկոնոմիկայի նախարարությունը, այնպես որ` իրեն մնում է միայն սփյուռքահայերին շահագրգռել և Հայաստան բերել:

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԽՈՐԹ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Համաժողովի վերջին օրը նախատեսված էր հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այն տեղի էր ունենալու Գորիսում, համաժողովականների վերադարձի ճանապարհին, երբ նախագահը Գորիսում մասնակցելու էր այդ քաղաքի տարեդարձի միջոցառումներին: Հասնելով Գորիս և ավտոբուսներից իջնելով` համահայկական համաժողովի մասնակիցներից ոմանք տեղեկացվեցին, որ իրենք այս համաժողովի խորթ զավակներն են, քանի որ չեն լքել հայրենիքը և, դժբախտաբար, շարունակում են ապրել հայրենիքում` կրելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի անօգտակար անունը: Հանրապետության նախագահի հետ հանդիպելու պատիվը վերապահվեց միայն Հայաստանից դուրս ապրողներին: Համաժողովի` առաջին իսկ օրվանից առանց այն էլ անտեսված նշյալ մասնակիցները հասկացան, որ իրենք պարզապես հայաստանցիներ են, ինչը համեմատության մեջ չի կարող մտնել «սփյուռքահայ» վեհ ու բարձր կոչման հետ, և գիտակցեցին, որ եթե ցանկանում են երբևէ արժանանալ ՀՀ նախագահի և սփյուռքի նախարարի ուշադրությանը, պետք է օր առաջ լքեն Հայաստանը և դառնան թեկուզ Կոտ դ’Իվուարի քաղաքացի, միայն թե ոչ հայաստանցի:

ՀՀ նախագահի հետ հանդիպումից հասկացվեց, որ Սփյուռքի նախարարության գերնպատակներից մեկը նաև «սփյուռքահայ» և «հայաստանցի» հասկացությունների հստակ տարանջատումն է, դրանց միջև առկա բաժանարար գծի խախտումներ թույլ չտալը: Այս առումով բոլորովին էլ պատահական չի կարելի համարել, որ Հրանուշ Հակոբյանը Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշանակել մի մարդու, որը բացարձակապես ծանոթ չէ հայաստանյան լրատվական դաշտին, չի ճանաչում Հայաստանի հայտնի լրագրողներին և հայտարարում է, թե թերթեր չի կարդում, քանի որ... 38 տարվա լրագրող է և գրում է… (պարզ է, որ պարոն Թևոս Ներսիսյանի գրածները իրենից բացի ոչ ոք այդպես էլ չի կարդում... հասկանալի պատճառով): Պարոն Թևոսից բացի, Հրանուշ Հակոբյանի մյուս սիրելի կադրը Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Նվեր Նալբանդյանն է, ինչպես ինքը ներկայացավ իր ելույթի ժամանակ` ազատ լրագրող, որը հայտարարեց, թե «լրագրողն իրավունք չունի գնահատականներ հնչեցնել» և որի կարծիքով` «Տեսանկյուն», «Հեռանկար» ... հեռուստահաղորդումները պարզապես գռեհկության և ոչ պրոֆեսիոնալիզմի վառ օրինակներ են:

Նման կադրերի ֆոնին, իհարկե, ևս մեկ անգամ ընդգծվում է Հրանուշ Հակոբյանի մեծությունը, թե ինչպես է նա, այնուամենայնիվ, կարողանում աշխատել, երբ, կարելի է ասել, ամեն ինչ իր վրա է: Գորիսում, օրինակ, սփյուռքի նախարարի այս «հրահանգիչները» հայաստանցի լրագրողներին կարգադրեցին մի տասնհինգ րոպե զբոսնել, մինչև նախագահը հանդիպի ընտրյալների հետ: Հանդիպումը տևեց մոտ մեկուկես ժամ, իսկ հայաստանցի` առանց այն էլ բացարձակ փոքրամասնություն կազմող լրագրողները, պատի տակ կանգնած, շարունակում էին սպասել իրենց հերթական ստորացման ավարտին: Հայաստանցիներից նախագահի հետ հանդիպեցին նրա հետ մշտապես հանդիպող լրագրողական նոմենկլատուրայի նույն դեմքերը` Աստղիկ Գևորգյան, Հակոբ Ավետիքյան, Արամ Աբրահամյան (ի դեպ, կարծես Աբրահամյանն ու Ավետիքյանը նույնպես այդքան էլ երջանիկ չէին իրենց նման կարգավիճակից` տեսնելով գործընկերներին հերթական ստորացման ենթարկելու Սփյուռքի նախարարության փորձը), Աստղիկ Ավետիսյան: Կալուգայի «ԳործԱրար» ամսագրի գլխավոր խմբագիր Վահրամ Բեկչյանը, օրինակ, ընդհանրապես չցանկացավ ներկա գտնվել ՀՀ նախագահի հետ հանդիպմանը` տեսնելով, թե ինչ «ջոկողություն» է արվում հայաստանցի և սփյուռքահայ լրագրողների միջև:

 

ԱՐՏՈՒՅՏԻ ՀՈՎԵՐՈՎ

Եվ այսպես, արժե՞ր արդյոք նման համաժողով գումարել և, ընդհանրապես, պետական բյուջեի միջոցները քամուն տալ նման «պիոներական ճամբարների» համար և, որ գլխավորն է, նման «ճամբարներ» կազմակերպելու համար պահել մի ամբողջ նախարարություն` մեկը մյուսից «թևոսական» կադրերով, որոնց հազարավոր բացերն անգամ Հրանուշ Հակոբյանի նման նախարարը չի կարողանում «սվաղել»:

Համաժողովի ընթացքում մի քանի ողջամիտ առաջարկների հիման վրա ձևակերպվեցին, այսպես կոչված, համահայկական լրագրողական համաժողովում ստեղծված կազմկոմիտեի խնդիրները: Դրանցից էր սփյուռքահայ լրատվամիջոցների միասնական աշխատանքը Ցեղասպանության և ԼՂՀ ճանաչման համար իրենց լրատվամիջոցներում և իրենց ներկայացրած երկրներում: Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանն առաջարկեց ստեղծել «սնդուկ»` սփյուռքահայ լրատվամիջոցներին ֆինանսական օգնություն ցույց տալու համար: Նախարարը կոչ արեց պայքարել հայկական ազգանվան «յան» մասնիկի վերականգնման, օտար անունները փոխելու կամ գոնե երկու անունով կոչելու համար, որից մեկը գոնե կլինի հայկական: Հայտարարվեց երիտասարդ լրագրողների դպրոց ստեղծելու մասին` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիման վրա, սփյուռքահայ լրագրողների երիտասարդ կադրերին աջակցելու նպատակով: Սփյուռքի նախարարը կոչ արեց լրատվամիջոցներով քարոզչական աշխատանք տանել երկքաղաքացիության ինստիտուտի ուղղությամբ և հայտարարեց. «այնպես արեք, որ 2015թ. մեկ ու կես միլիոն հայ դառնան Հայաստանի քաղաքացի»: Սփյուռքահայերն այս կոչը ևս լսեցին խանդավառությամբ, իսկ հայաստանցիներից շատերը մտքում կամ շշուկով պատասխանեցին ռեպլիկի ձևով. «այնպես արեք, որ այդ 1,5 միլիոնը չգնա Հայաստանից» . Գորիսում, ինչպես տեսանք, Սփյուռքի նախարարությունը խիստ արդյունավետ քայլ արեց սփյուռքահայերի թվաքանակի ավելացման ուղղությամբ:

Դժվար է ասել, թե գործնական ինչ արդյունք կտա այս համաժողովը, սփյուռքահայերը կշարունակե՞ն կապ պահպանել միմյանց հետ, թե՞ պարզապես կապրեն` հայրենիքում հինգ օր շարունակ լավ ժամանակ անցկացնելու հիշողություններով:

Հրանուշ Հակոբյանը համաժողովի կիքսերից մեկի ժամանակ հիշեց մեջքի վրա պառկած արտույտի պատմությունը. երբ վերջինին հարցնում են, թե ինչու է ոտքերը տնկել վեր և հենց այնպես պառկել դաշտի մեջտեղում, ասում է` «ես իմ մի կտոր երկինքն եմ պահում»: Նախարարը սա պատմելով ասաց, թե «մենք պարզապես մեր մի կտոր երկինքը պահողներն ենք»:

Նրա խոսքերի մեջ երևի թե ավելի քան ճշմարտություն կա. Սփյուռքի նախարարությունը, իսկապես որ, ընդամենն իր «մի կտոր երկինքը» պահողն է. աշխարհը գործ է անում, զարգանում, իսկ ՀՀ Սփյուռքի նախարարությունը մեջքի վրա ապահով պառկած, ոտքերը երկինք պարզած իր վիրտուալ կյանքով է ապրում և նախարարի տաղանդի շնորհիվ հավատում ու հավատացնում, թե «պիոներական» լավ ու բարի ժամանակները շարունակվում են և դեռ կարող են երկար տարիներ շարունակվել…

 

ԱՅԺՄ` ԳԼԽԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ

Հրանուշ Հակոբյանի այսօրինակ գործունեությունն ու ելույթների բովանդակությունը բոլորովին պատահական համարել չի կարելի: Հակոբյանն այն եզակի գործիչներից է, որ հրաշալիորեն զգում է ժամանակի զարկերակի բոլոր ելևէջները: Խորհրդային տարիներին` Կարեն Սերոբիչի կառավարման լուսավոր ժամանակներում, կոմսոմոլի քարտուղար Հրանուշ Հակոբյանը կարողացավ որսալ խորհրդային պետությանն անհրաժեշտ կազմակերպչի, ղեկավարի վարքագծի ցանկալի մոդելը և յուրացնելով այն` կարողացավ տեղ զբաղեցնել այն ժամանակվա նոմենկլատուրայինների բարձր հորիզոնականներում: Խորհրդային պետության փլուզումից հետո ևս, երբ նախկին վարչակարգի վերին էշելոնների ներկայացուցիչների «ջարդ» կազմակերպվեց, Հակոբյանը եզակիներից էր, որ կարողացավ ոչ միայն փրկվել, այլև հակառակը` մի բան էլ առաջ սլանալ: ՀՀՇ-ական կառավարման տարիներին ևս Հրանուշ Հակոբյանը համարվում էր անգնահատելի մարդ: Օրինակ, ինչպե՞ս կարող էր Լևոն Տեր-Պետրոսյանը կասկածներ ունենալ մեկի նկատմամբ, ով մի առանձին եռանդով ծննդաբերող մայրերին համոզում էր նորածիններին կնքել «Լևոն» անունով. թռուցիկ հայացք գցելով 1996թ. ծնված մանուկների ցուցակին և ֆիլտրի օգնությամբ դուրս բերելով այնտեղի Լևոններին` կարելի է որոշել այն ժամանակվա առաջին տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հետ ընկերություն անող կնոջ օգտակար գործողության գործակիցը:

Տերերը փոխվեցին, բայց Հրանուշ Հակոբյանը`ոչ. նա մնաց նույն եռանդուն, համառ, նպատակասլաց և բոլորին ամեն ինչում համոզել կարողացող անձնավորությունը: Հակոբյանի աշխատասենյակները, ճիշտ է, փոխվում էին, բայց դրանք միշտ բարձունքում էին և միշտ գրեթե նույն սանդղակի վրա` պատգամավորից նախարար, նախարարից պատգամավոր: Ներկա փուլում Հրանուշ Հակոբյանին վստահվեց Սփյուռքի նորաստեղծ նախարարությունը, կամ, ինչպես ասում են, հարկավոր էր արժեքավոր տիկնոջը նախարարի պաշտոն տալ, բայց քանի որ ձեռքի տակ եղածները սպառվել էին, հատուկ նրա չափսերով ստեղծվեց նոր նախարարություն, այն էլ` բավական խնդրահարույց, այսպես ասած` վիրտուալ նախարարություն, սակայն իշխանությունները հանգիստ այնտեղ գործուղեցին Հրանուշ Հակոբյանին` համոզված ցանկացած իրավիճակից ելք գտնելու և նախարարության աշխատանքներն ինչպես հարկն է կազմակերպելու նրա կարողության մեջ: Եվ նախարարն, ինչպես տեսնում ենք, իրեն լիովին արդարացնում է. նա հազիվ է հասցնում իր հագեցած ժամանակացույցի բոլոր կետերն իրագործել. օրվա մեջ, Աստված գիտե, քանի հոգու է ընդունում, մի համաժողովը չավարտված` մեկ այլ համաժողովի է վազում, և այդպես շարունակ: Անցել է երկու տարի, իսկ Սփյուռքի նախարարության գոյության անիմաստության մասին վերևներում դեռ ոչ ոք չի բարձրաձայնում: Հակառակը` նախարարի անձի ու նրա եռանդի շնորհիվ բոլորը տեսնում են, թե ի~նչ մեծ գործեր են կատարվում այնտեղ, ինչպե~ս են սփյուռքահայերին ցուցակագրում` ով ով է, ինչ մասնագետ, գաղթօջախներում ինչ ներուժ կա, ինչպես են մի որոշ ժամանակ համառորեն աշխատելուց և ինչպես հարկն է համոզելուց հետո Հայաստան բերում նրանցից ոմանց, հավաքում մի տեղ, կազմակերպում «պիոներական ճամբարներ», որոնց ժամանակ մասնակիցները թե՛ ծանոթանում են, թե՛ մի քանի ելույթ ունենում և արդարացնում իրենց վրա կատարված ծախսերը, և այդպես շարունակ…

Հրանուշ Հակոբյանը հիմա ևս շատ լավ զգում է ժամանակի զարկերակը, լավ տեսնում և լսում, թե ինչ են սիրում վերևներում, ըստ այդմ` իր գործունեությունն էլ կազմակերպում է ճիշտ նույն ոգով: Հակոբյանը բավական լավ որսում է և գիտակցում, որ ներկա փուլում բոլորովին էլ կարևոր չէ լուրջ հարցերով զբաղվել, բարձրացնել ցավոտ խնդիրներ, հետույք պատռել դրանք լուծելու համար, ամեն ինչ անել իսկապես լավ Հայաստան ունենալու, իսկական հայրենիք ձևավորելու համար. Հակոբյանը տեսնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Ազատիչն արդեն երկու տարի է` օրեցօր ավելի վատացող սոցիալական պայմաններում ապրող, նորից արտագաղթի ճամփաներ բռնող քաղաքացիներին կերակրում է «ամեն ինչ լավ է» կամ` «մեր դեմ խաղ չկա, քանզի հին ու տաղանդավոր ազգ ենք» բնույթի հեքիաթներով, որ անգամ նույն նախագահի «դոբրոն» ստացած և որոշ ուժերի կողմից բարձրացված կնճռոտ հարցերը միայն շատ կարճ ժամանակով թմբկահարվում են, ստեղծում պատրանք, թե Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն իսկապես արդեն գիտակցում է դրանց կարևորությունը, սակայն շատ քիչ ժամանակ անց հասկացվում է, որ աղմուկը պարզապես կեղծ ահազանգ էր` ոչ ավելին:

ՀՀ ղեկավարությունը գնում է ոչ թե իրական Հայաստան կառուցելու ճանապարհով, այլ հասկացել է, որ ինքնիշխանությունը կորցրած երկրին, որտեղ ղեկավարությունն անզոր է ինքնուրույն քաղաքականություն վարել, ընդամենը հարկավոր են վիրտուալ գաղափարներ և ծրագրեր: Համաշխարհային սոցիալ-տնտեսական ճգնաժամի և երկրի գործադիր մարմնի` նման բարդ ժամանակաշրջանում անգործության արդարացում կարելի է գտնել` հայտարարելով, թե ճգնաժամը շրջանցել է մեր երկիրը: Հետո էլ, երբ ճգնաժամը թաքցնել այլևս հնարավոր չէր, կարելի էր հորինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ֆուտբոլային դիվանագիտության անիրական հեքիաթը, տարի ու կես գնդակ տշել այս ու այն կողմ, փորձել դրանով շեղել բնակչության ուշադրությունը տնտեսական երկնիշ անկումից ու դրա անմիջական անդրադարձից ժողովրդի սոցիալական վիճակի վրա, և դարձյալ, երբ վտանգավորությունն անցած լինի` հրաժարվել սեփական նախաձեռնողականությունից և հիմա էլ օրակարգ գցել մեկ այլ` հիմնական պրոբլեմներից շեղող թեմա, ինչպես, օրինակ` օտարալեզու դպրոցներ բացել-չբացելունը, երբ երկրի կրթական համակարգն ուղղակի ողբալի վիճակում է, և հարկավոր էր ոչ թե պետության ապագան տեսնել հատուկենտ դպրոցների գոյության մեջ, այլ օր առաջ ախտահանել արդեն փտած և գիտելիքի հետ կապ չունեցող, օրեցօր «դախլի» հոգեբանությամբ աշխատող դպրոցներն ու համաշխարհային կրթական համակարգի մայթեզրին հայտնված բուհական համակարգը: Կամ` երկու ամիս սոված հանրության ուշադրությունը գրավել Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել-չտեղադրելու անիմաստ բանավեճերով:

 

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Մոռացանք ասել գլխավորը: Հայաստանին պետք չէ Սփյուռքի նախարարություն, քանի որ այդ գործառույթների համար բավարար կլինի ԱԳՆ բաժիններից մեկը: Հայաստանն իրավունք չունի ունենալ Միացյալ Նահանգներից թվով շատ նախարարություններ` հասկանալի պատճառներով: Սակայն Հայաստանին պետք է «Հրանուշ Հակոբյան» ֆենոմենը` ամպագոռգոռ մտքեր արտահայտելու և տիեզերական ծրագրեր իրականացնելու (ավելի ստույգ` մտադրություններ ունենալու) համար: Քանի որ երկրի իշխանության ռազմավարությունը ոչինչ չփոխելն է կամ ամեն ինչ փոխելը` ոչինչ չփոխելով:

Այս ամենը, իհարկե, բնականոն է և հասկանալի: Սակայն կա մի փաստարկ, որի վրա պետք է ուշադրություն դարձնել: Բանն այն է, որ չաշխատելու համար նախարարություն և նախարար պահելն, իհարկե, հիմնավորված է մեր պարագայում, սակայն գոնե մի բան պետք է անել որոշակի դեպքերում: Օրինակ, Սփյուռքի նախարարությունը պարտավոր էր նախագահի անցած տարվա համահայկական ուղևորությունը պատշաճ կերպով կազմակերպել: Իսկ թե ինչ տեղի ունեցավ իրականում` բոլորը հիշում են:

Ինչևէ, արդեն խոսելուց էլ ես հոգնում...

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am