Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականություն
Հոկտեմբեր 2010, N 9

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ` ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ.

ԱԴՐԲԵՋԱՆԸ ` ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՐ

Արաքս Փաշայան, արաբագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող

ԽՍՀՄ փլուզումից հետո նախկինում նրա մաս կազմող թե՛ կենտրոնաասիական հանրապետություններում և թե՛ Ադրբեջանում տեղի ունեցան իսլամի վերարժևորման գործընթացներ: Վերանայվեց իսլամի դերն այդ երկրների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ` ուրվագծելով քաղաքակրթական նոր ուղենիշերի ձևավորումը: Նախկին խորհրդային բոլոր մուսուլմանական պետություններն անկախության նվաճումից հետո փաստեցին իսլամական քաղաքակրթությանն իրենց պատկանելությունը, որի ապացույցներից մեկը միջազգային իսլամական կառույցներին նրանց անդամակցությունն էր: Քաղաքակրթական գործոնով պայմանավորված նրանց գործողությունները լավագույնս հիմնավորված են  ամերիկացի գիտնական Սամուել Հանթինգտոնի «Քաղաքակրթությունների բախում»  աշխատության մեջ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինիս իշխանությունների առջև անկախության ձեռքբերումից հետո ծառացած էր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հարցը: Պանթուրքական գաղափարախոսության ջատագով Աբուլֆազ Էլչիբեյին (1992-1993) հաջորդած Հեյդար Ալիևն (1993-2003) առաջ քաշեց հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության հարցը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական հայեցակարգում աստիճանաբար կարևորվեց իսլամական ուղղությունը` նաև որպես իսլամական աշխարհի ներուժը Հայաստանի դեմ օգտագործելու կարևոր հնարավորություն: Համագործակցության առաջին քայլերը շոշափելի էին: Աֆղանստանի իշխանությունների հետ համաձայնություն ձեռք բերելուց հետո Ղարաբաղյան պատերազմին մասնակցեցին աֆղան մոջահիդները (1991-1994):

Ի թիվս այլ կռվանների` իսլամական համերաշխության գաղափարը կարող էր լավագույնս օգտագործվել իսլամական պետությունների աջակցությունը ձեռք բերելու համար: 1990-ականների սկզբներին Ադրբեջանն անդամակցեց իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմնին` Իսլամական կոնֆերանս կազմակերպությանը (ԻԿԿ): Հայ-ադրբեջանական հակամարտության հարցը շուտով դարձավ իսլամական օրակարգի հարց` Շուշիի և Լաչինի ազատագրումից հետո ձեռք բերելով կոշտ շեշտադրումներ:

Մասնավորապես Թուրքիայի գործուն միջամտությամբ հայ-ադրբեջանական հակամարտության թեման 1992-ից` Ստամբուլի կոնֆերանսից ի վեր դարձավ ԻԿԿ քաղաքական օրակարգի բաղկացուցիչը: Այդ շրջանից ի վեր հայ-ադրբեջանական հակամարտության թեման տեղ է գտել ոչ միայն ԻԿԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովներում և արտգործնախարարների կոնֆերանսներում, այլև կազմակերպության ամենատարբեր ձևաչափերում:

Իսլամական կոնֆերանսը, որին ներկայումս անդամակցում է 57 պետություն` աշխարհի բոլոր իսլամական երկրները, Հայաստանին խստորեն դատապարտել է իբրև «ագրեսոր»,Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունեցող և Ադրբեջանի մշակութային արժեքներն ու ռեսուրսները ոչնչացնող մի երկիր և պահանջել, որպեսզի Հայաստանն առանց վերապահումների վերադարձնի Լեռնային Ղարաբաղը, «գրավյալ»  բոլոր շրջանները, իրականացնի խնդրի վերաբերյալ ՄԱԿ բանաձևերը:

Իսլամական կոնֆերանսը «գրավյալ»  տարածքներում ադրբեջանցի ազգաբնակչության դեմ գործողությունները որակել է իբրև «մարդկության դեմ ուղղված հանցագործություն»  և կոչ արել իսլամական պետություններին ու միջազգային հանրությանը` «օգտագործել քաղաքական և տնտեսական ազդեցիկ միջոցներ` վերջ դնելու հայկական ագրեսիային և ադրբեջանական տարածքների բռնազավթմանը»,զերծ մնալ Հայաստանին զինուժ և սպառազինություններ կամ այդ նպատակով տարանցման տարածք տրամադրելուց, որպեսզի վերջինս հնարավորություն չունենա ընդլայնել հակամարտությունը: Իսկ սույն թվականի փետրվարի սկզբին ԻԿԿ խորհրդարանական վեհաժողովը Խոջալուի դեպքերը ճանաչեց որպես «ադրբեջանցիների ցեղասպանություն»:

Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը, պարբերաբար անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, դրա կարգավորման ուղղությամբ որևէ կառուցողական քայլ չի արել: Հատկանշական է, որ որպես զիջումներ անող միակ կողմ դիտարկվում է Հայաստանը, որը պետք է անհապաղ դուրս բերի զորքերը «գրավյալ»  տարածքներից: Ի դեպ, Ադրբեջանի իշխանություններն իսլամատյացության և ընդհանրապես ահաբեկչության թեման շատ հաճախ կապում են հենց Հայաստանի հետ:

Խորամուխ չլինելով հարցի էության մեջ` անդամ երկրները քվեարկում են Ադրբեջանի և նրա համախոհ երկրների կազմած` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շեշտադրող նախագծերի օգտին` առանց հաշվի առնելու, թե որքանով են դրանք նպաստում հակամարտության կարգավորմանը: Իսլամական աշխարհում ադրբեջանական PR-ին որոշակիորեն աջակցում է նաև ԻԿԿ ներկայիս գլխավոր քարտուղար, Թուրքիայի ներկայացուցիչ Էքմելուդդին Իհսանօղլուն:

Հատկանշական է, որ Ադրբեջանը, շրջանառության մեջ դնելով միակողմանի և աղճատված տեղեկատվություն, կարողանում է իսլամական ֆորումները (նույնիսկ տուրիզմին վերաբերող) լավագույնս օգտագործել սեփական քարոզչության և Ղարաբաղյան խնդրին հնչեղություն տալու իմաստով: Պատահական չէ, որ իսլամական այլ պետությունների համեմատ` Ադրբեջանի համագործակցությունն ԻԿԿ-ի հետ մեծ չափերի է հասել: Գրեթե ամեն տարի Բաքվում տեղի են ունենում ԻԿԿ տարբեր ձևաչափի հանդիպումներ: Նման ակտիվություն ԻԿԿ-ում ցուցաբերում են ոչ շատ թվով պետություններ: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով` ԻԿԿ-ի աջակցությունն Ադրբեջանին կօգնի միջազգային ասպարեզում իր երկրին հուզող հարցերն առաջ քաշելու համար: Ի դեպ, այդ շրջանակներում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնատարների ելույթներում հստակ է իսլամական հռետորաբանությունը: Որպես կանոն, Ղարաբաղյան խնդրին անդրադարձ արվում է հենց իսլամական համերաշխության համատեքստում:

Նշենք նաև, որ վերջին շրջանում Ադրբեջանը զգալի քայլեր է կատարել` բարելավելու հարաբերություններն իսլամական աշխարհի կարևորագույն բաղադրիչ համարվող արաբական աշխարհի հետ: Իսլամական կոնֆերանսի շրջանակներում Ադրբեջանին աջակցող իսլամական ամենահանգուցային պետություններից մեկը Սաուդյան Արաբիան է, որը համարվում է իսլամական համերաշխության գաղափարի առաջատարը: Այս երկիրը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, ինչը բացառապես պայմանավորված է Ղարաբաղյան հակամարտությամբ: Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը որպես Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապայման են առաջ քաշել նաև Թուրքիան, Պակիստանը, Բանգլադեշը:       

Ի դեպ, աշխարհիկ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության իսլամական ուղղությունն օգտագործում է ոչ միայն Ղարաբաղյան հարցում աջակցություն գտնելու, այլ նաև իսլամական աշխարհի տնտեսական, ֆինանսական ներուժն օգտագործելու նպատակով: Ասվածի ապացույցն է այն, որ ԻԿԿ շրջանակներում Ադրբեջանը ստորագրել է բազմաթիվ պայմանագրեր, որոնցից կարևոր է ԻԿԿ պետությունների միջև տնտեսական, տեխնիկական և առևտրային համագործակցության մասին պայմանագիրը: Ադրբեջանը համագործակցում է Զարգացման իսլամական բանկի, ինչպես նաև իսլամական մի շարք բարեգործական հիմնադրամների և կազմակերպությունների հետ, որոնցից շատերը գործում են Իսլամական կոնֆերանս կազմակերպության շրջանակներում:

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ԻԿԿ որոշումները հիմնականում քարոզչական բնույթ են կրում և իրավական առումով պարտադիր չեն անդամ պետությունների համար: Համարվում է, սակայն, որ անդամ պետությունները դրանք, ցանկալի կլինի, հաշվի առնեն իրենց արտաքին քաղաքական ուղղություններն ու հայեցակարգերը  մշակելիս: Փաստ է, որ ԻԿԿ-ն չունի գործուն մեխանիզմներ և համապատասխան ռեսուրսներ իր որոշումներն իրականացնելու համար:

Չնայած նշված հանգամանքին, իսլամական աշխարհում Հայաստանի դեմ քարոզչության հետևանքները որոշակիորեն մտահոգիչ են: Դրանք, ի վերջո, կարող են նստվածք թողնել: Մտահոգիչ է, օրինակ, այն հանգամանքը, որ ԻԿԿ անդամ երկրները ՄԱԿ-ում կարող են քվեարկել հօգուտ Ադրբեջանի` բացառությամբ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող առանձին երկրների:

Այս տեսանկյունից ուշագրավ էր 2008թ. մարտի 14-ի ՄԱԿ ԳԱ հայտնի նստաշրջանում Հայաստանի դեմ ԻԿԿ անդամ պետությունների քվեարկությունը: Հօգուտ Ադրբեջանի (39 կողմ, 7 դեմ) քվեարկեցին իսլամական այն երկրները, որոնք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն (բացառությամբ մի քանիսի)` բնականաբար, առաջնորդվելով իսլամական համերաշխության գաղափարով: Դրանք են Աֆղանստանը, Պակիստանը, Բանգլադեշը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Բրունեյ Դար աս Սալամը, Թուրքիան, Ջիբութին, Գամբիան, Ինդոնեզիան, Լիբիան, Մալայզիան, Մարոկոն, Նիգերը, Նիգերիան, Կատարը, Սենեգալը, Սոմալին, Ուգանդան, Եմենը, Օմանը, նաև Ուզբեկստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը, Հորդանանը:

Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ Հայաստանի հարցում ԻԿԿ անդամ ոչ բոլոր պետությունների գործողություններն են միանշանակ: Օրինակ` նույն մարտի 14-ի բանաձևի քվեարկության ժամանակ եղան իսլամական երկրներ, որոնք կա՛մ ձեռնպահ էին, կա՛մ պարզապես չմասնակցեցին քվեարկությանը, ինչը, բնականաբար, Հայաստանի ձեռքբերումն է:

Քվեարկությանը չմասնակցեցին Իրանը, Լիբանանը, Սիրիան, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թունիսը և այլն, իսկ, օրինակ` Եգիպտոսը, Ալժիրը, Ալբանիան ձեռնպահ մնացին: Հայաստանի համար շահեկան կլինի, եթե ԻԿԿ անդամ պետությունների մի հատվածը ՄԱԿ ԳԱ նստաշրջաններում նմանատիպ հնարավոր քվեարկություններին մասնակցի գոնե նշված ձևաչափերով:

Նշենք, որ շատ իսլամական երկրներ, որոնք դիվանագիտական ներկայացուցչություններ ունեն Բաքվում, Հայաստանի հետ նույնպես ունեն դիվանագիտական կապեր: Մասնավորապես, արաբական և իսլամական աշխարհում առաջատար դերակատարություն ունեցող Իրանի, Եգիպտոսի և Սիրիայի հետ Հայաստանը կնքել է երկկողմ համագործակցության բազմակողմ պայմանագրեր գիտության, մշակույթի, կրթության և առևտրի ոլորտներում: Բացի այդ, Հայաստանը համագործակցում է նաև ԻԿԿ անդամ Լիբանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Հորդանանի հետ, երկրներ, որտեղ Հայաստանն ունի դեսպանատներ (բացի Հորդանանից):

Որոշակիորեն հետաքրքիր է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների (Ղազախստան, Տաջիկստան) պարագան, որոնք Իսլամական կոնֆերանսում նույնպես քվեարկում են Հայաստանի դեմ, սակայն, միևնույն ժամանակ, ռազմավարական առումով Հայաստանի հետ համագործակցող երկրներ են:

Այս պարագայում, հարց է առաջանում. ինչպե՞ս են Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող և համագործակցող իսլամական երկրներն Իսլամական կոնֆերանս կազմակերպության շրջանակներում քվեարկում Հայաստանի դեմ:

Խնդիրն այն է, որ Իսլամական կոնֆերանսն այն ֆորումն է, որի արժեհամակարգի հիմքում ընկած է իսլամական համերաշխության գաղափարը, ինչն Ադրբեջանը լավագույնս օգտագործում է հօգուտ իր ազգային շահերի: Փաստաթղթերն այս ակումբում ընդունվում են կոնսենսուսով: Կազմակերպության ներսում քվեարկության ընթացակարգ չկա: Բանաձևն առաջարկվում է, և եթե որևէ անդամ պետություն վետո չի դնում, այն ընդունվում է: Այս պարագայում հազիվ թե որևէ իսլամական երկիր գոնե այդ ֆորումում հանդես գա իսլամական համերաշխության դեմ: Հենց սա է ԻԿԿ-ում Ադրբեջանի հաջողության պատճառներից մեկը: Մեկ այլ պատճառ, ինչպես արդեն նշել ենք, պայմանավորված է Ադրբեջանին Թուրքիայի անվերապահ աջակցությամբ: Հայտնի է, որ Անկարան վերջին շրջանում (մասնավորապես` 2002թ. Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության գալուց հետո) ակտիվացրել է իր արտաքին քաղաքականության իսլամական կամ միջինարևելյան ուղղությունը:

Այս պարագայում Հայաստանի արտաքին քաղաքականության ջանքերը պետք է ուղղված լինեն իսլամական աշխարհում ադրբեջանական քարոզչության հակազդեցությանը: Հայաստանը պետք է փորձի համարժեքորեն արձագանքել այն ռիսկերին, որոնք ձևավորվում են իսլամական աշխարհում:

Ճիշտ է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշակի աշխատանք տանում է, սակայն դա բավարար չէ իսլամական շրջանակներում Հայաստանի դեմ Ադրբեջանի քարոզչության բացասական հետևանքները չեզոքացնելու առումով: Փաստ է, որ Հայաստանի ջանքերն ավելի ու ավելի են դժվարանում: Ադրբեջանը, որի հեղինակությունն իսլամական աշխարհում զգալիորեն աճել է, ավելի ու ավելի է սերտացնում համագործակցությունն արաբական իսլամական երկրների հետ: Հայաստանի ջանքերն առաջ տանելու համար մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ: Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, որոշակի հնարավորություններ ունի իսլամական պետությունների շրջանում մեղմել կամ կոտրել մեր պետության մասին ձևավորված որոշ կարծրատիպեր:

Հայաստանն, օրինակ, գոնե կարող է ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում իսլամական հուշարձանները ոչ միայն չեն ոչնչացվել, այլև դրանց մի մասը նույնիսկ փորձ է արվում վերանորոգել: Սակայն հայ-ադրբեջանական հակամարտության թեման Հայաստանին մոտակա ապագայում հազիվ թե հաջողվի հանել Իսլամական կոնֆերանսի օրակարգից, խնդիր, որն անմիջականորեն առնչվում է ԻԿԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկին` «իսլամական միասնության»  և «իսլամական ազգի»` ումմայի գաղափարին:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am