Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Հոկտեմբեր 2010, N 9

ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ

Սիրանույշ Գալստյան, կինոգետ, արվեստագիտության թեկնածու

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ – 80

Տխուր աչքերով կատակերգուն

 

Իմ երազած կերպարից,

իմ երազած ամբողջական,

կատարյալ կերպարից, որ ես

դեռ չեմ խաղացել, մի մաս,

մի գիծ, մի հատկանիշ կա իմ

խաղացած ամեն մի հերոսի մեջ:

Մհեր Մկրտչյան

Այդ ի՞նչ էր տեսել փոքրիկ Մհերի մեջ Վահրամ Փափազյանը, որ ասել էր. «Այս մանչուն հետ մեկը պետք է»: Ավաղ, այդ մշտամնա մեկը չեղավ նրա կյանքում: Դրա փոխարեն նա ունեցավ մեծ ճանաչում, համաժողովրդական սեր: Աշխարհով մեկ շատ է շրջել բացառիկ տաղանդով օժտված այս արտիստը, և ամենուր նրան ընդունել են ու սիրել. հասկացվել է նրա արվեստը:

Լոս Անջելեսի թատրոնի 1600 տեղանոց դահլիճում Պաղտասարի նրա դերակատարումն ապշեցուցիչ տպավորություն է գործել նաև ոչ հայ հանդիսատեսի վրա: «Խելագարության տեսարանից հետոբեմում մենակ էի ու երեք րոպե մնացի լուռ: Սկզբում նայեցի ժողովրդին, մտորեցի, թե էս ինչ աշխարհ է, աչքերիցս արցունք գնաց, հետո սկսեցի մատներիս հետ խաղալ` երկա՜ր, երկա՜ր: Դահլիճում քար լռություն` լաց եմ լինում` լաց են լինումՀետո վերջում կամաց ժպտացի` բոլորը թեթև ժպտացին, մի քիչ ավել` և բոլորն աշխուժացան, ու վերջացավ ծափահարություններով: Ներկայացումից հետո, կուլիսներում թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռիչարդ Բելլին մոտեցավ, թարգմանչի միջոցով անգլերեն ասաց. «Դուք ինչպե՞ս լռեցիք երեք րոպե, որ ես հասկացա»: Ես ասացի. «Թարգմանեք, որ ես լռեցի անգլերեն»: Էս հումորն ինքը շատ սիրեց, փաթաթվեց ու ասաց. «Ես էլ հասկացա հայերեն»:

Մեծ արվեստն անթարգմանելի է և թարգմանության կարիք չունի: Թե ինչ զինանոցից, ավելի ճիշտ` շտեմարանից էր օգտվում Մհեր Մկրտչյանը, այդ հարցին սպառիչ պատասխան հազիվ թե գտնվի: Առհասարակ, իսկական արվեստում միշտ գաղտնիք կա, առեղծված, որ վերծանման ենթակա չէ: Մենք կարող ենք միայն մտորել դրա շուրջ` վերլուծելու համար մեր տպավորությունները, գուցե ինքներս մեզ ավելի լավ հասկանալու համար նաև: Փորձելով ըմբռնել Մկրտչյան երևույթը` կարող ենք ասել, որ դրամատիկական արվեստում առկա ու նաև իր գտած կատակերգական և ողբերգական արտահայտչամիջոցներից նա սինթեզում էր բոլորովին նոր, մինչ այդ չտեսնված մի բան: Ու, երևի թե, այդ արվեստի մեծագույն գյուտը հենց նրա բնախոսությունն էր և արտիստական ինքնաճանաչողությունը` սեփական խառնվածքի առանձնահատկություններից շռայլորեն օգտվելու շնորհը: Հավանաբար, դերասանի այդ բնատուր կարողությունը նկատի ուներ բեմի վարպետ Խորեն Աբրահամյանը, երբ ասում էր. «Մհերին` Ֆրունզիկին, կարելի էր անել բաներ, որ, օրինակ, ինձ` չի կարելի»:

Այդուհանդերձ, ինքը` Մկրտչյանը, զարմանալի ինքնաքննադատությամբ ասել է մի առիթով. «Ամեն ինչում շատ կարևորում եմ չափավորությունը: Ես էլ դրա մի լավ օրինակը չեմ, երբեմն ինքս էլ չափավորության մեջ չեմ լինում, բայց շատ լուրջ ուշադրություն եմ դարձնում դրան»:

Թատրոնում իր ուսուցիչ, իր «թագադիր» նա համարում էր Վարդան Աճեմյանին: Կինոյում իր ռեժիսորն էր Հենրիկ Մալյանը: «Մալյանի նման տաղանդավոր ռեժիսորը չարչարվում է` քեզ դնելու մի վիճակի մեջ, որ դու ճիշտ ապրես: Մնացածը ինքդ կանես: Ճիշտ վերապրեցիր` քեզ մղում է գործողության: Երբեք չի կարելի մտածել դետալ, երբեք չի կարելի մտածել` ուր գնալճիշտ վերապրելն ինքն է քեզ տանում»: Իբրև Մհեր Մկրտչյանի ուսուցիչ կարելի է վկայակոչել նաև Չապլինին, որի հետ ժամանակին համեմատել են հայ արտիստի խաղը: Այն մեծ «փոքր մարդու»` թափառաշրջիկ Չարլիի նման, Մկրտչյանի տրագիկոմիկական դիմակը ծնունդ է առել մարդկային կեցության երկու բևեռներից, որպիսին թախիծը և զավեշտականն են: Նրա ստեղծագործության հիմնական աղբյուրը նորին մեծություն Կյանքն էր, և իր խաղով նա ընդգրկում էր կյանքի բոլոր կողմերը միաժամանակ: Ավելացնենք, որ արտաքուստ պարզ նրա խաղաոճի հետևում ամեն ինչից զատ կային կյանքի խորիմացություն ու փիլիսոփայական հայացք: Նրան անվանում էին նաև «ազգային հետաքրքիր տեսակ, օրիգինալ իր ամեն ինչով, որ նման չէ ոչ մեկին»: Հիրավի մեծ այս դերասանի էքսցենտրիկ, երբեմն` նույնիսկ պաթետիկ խաղաոճը նրա ստեղծած համամարդկային կերպարներին հաղորդում էր ազգային, իսկ որոշ դեպքերում նաև` բանահյուսական հերոսի գծեր:

Երբ մի քանի տարի առաջ Գեորգի Դանելիային հարցրին, թե ինչու այլևս չի նկարահանում այնպիսի ֆիլմ, ինչպես «Միմինոն» է, նա պատասխանեց. «Ո՞նց նկարեմ այդպիսի ֆիլմ` առանց Ֆրունզիկ Մկրտչյանի»: Իսկ «Ունայնություն ունայնությանց» ֆիլմի ռեժիսոր Ալլա Սուրիկովան պատմեց, թե ինչպես ստիպված եղան ծայրից ծայր արտագրել` վերափոխել ֆիլմի սցենարը, այն բանից հետո, երբ Գալինա Պոլսկիխի խաղընկեր ընտրվեց Մհեր Մկրտչյանը: Այո, Մհեր Մկրտչյանի խաղացած բոլոր դերերը, թե՜ հայ, թե՜ խորհրդային մյուս ռեժիսորների ֆիլմերում, կարելի է ասել` գրված, մտածված են հատուկ այս դերասանի համար, ասես միայն նրա հագով կարված հագուստ լինեն: Ինքը` Մկրտչյանը, խիստ կարևորում էր արտիստի ներսում եղած թատրոնը, այն «ներքին թատրոնը», որ, ըստ նրա, պիտի ունենա ամեն մի դերասան, ինչ բեմում էլ որ լինի: Եվ ստեղծագործական մեծագույն բախտավորություն նա համարում էր այն, երբ «հնարավորություններով, նախասիրություններով ու ձգտումներով համընկնում, ներդաշնակում են դերասանի «ներքին» ու «արտաքին» թատրոնները»: Նա ուզում էր, որ բեմ դուրս գան «սեփական թատրոն ունեցող դերասանները»: Մհեր Մկրտչյանի այս մոտեցումը, ավելի ճիշտ, այդ մոտեցման արտահայտությունը հիացումով նկատել է մեր բեմի մի ուրիշ խոշոր անհատականություն` Խորեն Աբրահամյանը, նշելով դա իբրև իր խաղընկերոջ ոճի առանձնահատկություն: Հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ նա պատմեց. «Մի անգամ ներկայացումից առաջ կուլիսներում ինչ-որ բան էր տեղի ունեցել, ու դրանից հետո Ֆրունզիկը բեմ դուրս եկավ` Պաղտասար խաղալու: Հետնաբեմից ես նայում էի, թե ինչպես էր նա խաղում երեք ներկայացում միաժամանակ: Մեկը` կուլիսներում գտնվողների համար, մեկը` հանդիսատեսի և մեկն էլ իր համար…»:

Բնական է, որ այդչափ ընդգծված դերասանական անհատականություն ունեցող արտիստը պիտի բախում ունենար «սովորեցնող» ռեժիսորների` այն տեսակ ռեժիսորների հետ, «ովքեր միշտ մտածում, իրենց պահում են այնպես, որ դերասանն առնվազնգործիք է»: Նա սիրում էր աշխատել «դերասան սիրող» ռեժիսորների հետ, որոնք զգում են այդ «մեխանիզմի նրբությունը»: Միանգամայն հասկանալի է, թե ինչու 1992թ. բացված նրա թատրոնը կոչվեց «Արտիստական»: Ափսոս, որ մեծ արտիստն այն ղեկավարեց մեկ տարուց քիչ ավելի` Նոր տարվա շեմին, 1993թ. դեկտեմբերի 31-ին կնքելով մահկանացուն:

Երբ մտապատկերով անց ես կացնում Մհեր Մկրտչյանի ստեղծած կերպարների դիմասրահը, ակնհայտ է դառնում, որ դրանցում առաջնայինը նրա ինքնությունն է, անկրկնելի անհատականությունը: Պատահական չէ, որ վախթանգովյան դպրոցի ականավոր դերասան Ռոլան Բիկովն ասել է. «Նրա խաղացած և հետագայում խաղացվելիք դերերից ամենագերողը հենց իր` Ֆրունզիկ Մկրտչյանի դերն է»:

Ինքը նույնպես ինտուիտիվ գիտակցում էր դա` խոստովանելով, որ «ամեն մի դերասան ձգտում է մի կերպարի, մի առավել ամբողջական ու արտահայտիչ կերպարի, այն կերպարին, որ ամբողջացնում է իր թեման, խորացնում, իմաստավորումՍարսափելի հեշտ է տարբեր դերեր խաղալը, ամենադժվար ճանապարհն է, որ կարողանաս թեմադ շարունակել, կրկնությունների մեջ կարողանաս թողնել նոր կերպար, և խորքում, արդյունքում հանդիսատեսին մնա քո թեման, մարդը, քո միջի մարդը»: Ո՞վ էր այդ մարդը, ո՞րն էր նրա թեման: Այդ մարդը մեծ և փոքր էր, միաժամանակ, իսկ նրա թեման` խորապես մարդկայինն էր, լինի ուստա Մկրտիչը, որ հնարել էր իր «գասպարալողի» առասպելը, որպեսզի կոտորածից փախուստի մեջ «քիչ մը սիրուն բան էղներ» («Եռանկյունին»), օրենքի պահապան միլիցիոներին իր անպարտելի «էհե՜յ»-ով հակադրվող անկոտրում ԻշխանըՄենք ենք, մեր սարերը»), խաբված միամիտ ՊաղտասարըՊաղտասարը բաժանվում է կնոջից»), «սև թուղթ» կուլ տվող հաշմանդամ փոստատար ՆիկոլըՀին օրերի երգը»), գնացքին հավասար վազել կարողացող զինվոր Արմենակ Գասպարյանը, որ Բեռլինից փիղ է բերում` «երեխաների համար տոն և ուրախություն» («Զինվորն ու փիղը»), թե` ԶԱԳՍ-ի կարմիր գորգի վրա շփոթված տեսքով իր կոստյումի կոճակը կարող ԲորյուսյանՈւնայնություն ունայնությանց») և այլն, և այլն:

Վերհիշելով նրա բազմազան դերերը` մեծ ու փոքր, թեև ինքը` դերասանը, հավասարապես էր վերաբերվում իր հերոսներին, սիրում նրանց «ինչպես երեխաների», կարող ենք ասել, որ դրանք ակնհայտորեն հավաքվում են մեկ ամբողջական կերպարի մեջ, որ ընդհանրացնում է Մհեր Մկրտչյան մարդու և արտիստի բացառիկ անհատականությունն ու տաղանդը:

 

ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – 80

Ընդվզող հայը

 

Եթե մտածեմ, որ

իմ գնալով թատրոնը

բուռն ծաղկում պիտի ապրի,

ի սեր Աստծո, ես կգնամ

Խորեն Աբրահամյան

Երբ Սունդուկյանի անվան թատրոնի «Կորիոլան» ներկայացումը ցուցադրվում էր նախկին ԳԴՀ-ում, այնտեղի քննադատներից մեկը գրախոսականում գրել էր. «Գլխավոր դերակատար Խորեն Աբրահամյանը փայլում է ինչպես գերաստղ»: Կարեն Քալանթարն իր «Հայ կինոյի պատմության ակնարկներ» գրքում նկատում է. «Քիչ չի գրվել Խ.Աբրահամյանի հատուկ կերպարանափոխման արվեստի մասին, նաև` այն մասին, որ նա իսկապես ժամանակակից դերասանի տիպ է ներկայացնում, որի յուրաքանչյուր դերը «մշտական պայքար է ինքն իր հետ, ինքն իր արտաքինի և նույնիսկ բնածին տվյալների դեմ տարած հաղթանակ», նրա ստեղծագործության բարձր քաղաքացիականության, խոր ինտելեկտի, հուզական աշխարհի հարստության, դերասանի անձի մասշտաբի մասին…»:

Հիրավի, խոսել Աբրահամյանի արվեստի մասին և չանդրադառնալ նրա «անձի մասշտաբին», անհատականությանը, թերևս, անհնար է: Վիթխարի, մոնումենտալ մի բան կար նրա մեջ` սկսած արտաքին նկարագրից մինչև ներքին զորեղ ուժը, որ հավասարակշռվում էր խաղի մեծ զսպվածությամբ, ձայնի բացառիկ հավաստի հնչերանգով: Անհնար էր նրան չհավատալ: Անմոռանալի են Աբրահամյանի կրկնօրինակած դերերը, անզուգական` պոեզիայի ընթերցումը: Մեծ արտիստի առնական, միևնույն ժամանակ` խաղաղ տեմբրը համոզիչ էր դարձնում նրա հերոսների շուրթերից հնչող ամեն մի բառ ու միտք, եթե անգամ դրանցում պաթոս առկա լիներ: «Դուք պետք է ապրե՜ք,- ասում է Մյասնիկյան-Աբրահամյանը սովի ու տիֆի ճիրաններում տանջահար հայ գաղթականներին,- դուք պետք է ապրեք, որպեսզի արդարացնեք ձեր հայրերի տառապանքները»: Թե՜ հերոսի, թե՜ դերասանի ներքին հզորությունն ու մեծ կամքը բնական են դարձնում բարձրագոչ այս խոսքերը: Եվ ինչ հանգստությամբ է նա գլխի մի շարժումով հասցնում խուսափել իր կողմ թռչող քարի հարվածից, իսկ աչքերում տեսնում ենք ոչ թե զայրույթ, այլ` վիշտ ու անսահման կարեկցանք, ևտառապանք: Այդ տառապանքի պակասը զգացվում է այսօր ոչ միայն մեր ֆիլմարվեստում, այլև ընդհանրապես, իրականության մեջ: Ֆրունզե Դովլաթյանի «Երկունքը» (սց. հեղ.` Արմեն Զուրաբով) մասշտաբային կինոխորհրդածություն էր մարդկանց և իշխանության փոխհարաբերությունների մասին: Մյասնիկյանն Աբրահամյանի կատարմամբ ներկայանում է իբրև քաղաքական լիդեր, որ ամբողջ էությամբ հենվում է սիրո վրա` առ ժողովուրդը, առ Հայրենիքը: Նա ֆիլմի ծանրության կենտրոնն է: Եվ մենք առավելապես տեսնում ենք պարզապես մարդու, քան քաղաքական գործչի: Բավական է վերհիշել այն դրվագը, երբ վերջինս ասում է. «Իշխանության գլուխ կանգնած մարդը ամեն օր պետք է տեսնի իր երեխային: Ամեն ինչ մնալու է նրանց, երեխաներին: Նրանցն է վաղվա օրը»: Դերասանի ժեստը գրեթե միշտ ուղղված է դեպի ներս, իսկ էկրանին տեսնում ենք ներսում կատարվածի արդյունքը միայն, ինչն արտահայտվում է նրա հայացքում, հավասարակշիռ պահվածքում ևլռության մեջ:

Խորհրդային տարիներին անցկացվող համամիութենական կինոփառատոներում տղամարդու լավագույն դերակատարման համար ոչ մեկ անգամ մրցանակ ստացած Խորեն Աբրահամյանն իր այս մարմնավորման համար նույնպես արժանացել է այդ բարձր գնահատականին: Դրան նախորդել էր Արկադի Հայրապետյանի հետ համատեղ բեմադրած «Սարոյան եղբայրների» հաջողությունը: Գևորգ Սարոյանի կերպարը նույնպես գերում է ազնվությամբ, առնականությամբ ու բացառիկ հայրենասիրությամբ: Եվ որքան ցավ կա նրա դեմքին ու ձայնի մեջ. «Գաղթական եք, է՜, գաղթական: Հա՜յկ, ես չեմ լինի գաղթական…»:

Մի անգամ հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ Խորեն Աբրահամյանն ասաց. «Ես համարյա չունեմ, չեմ խաղացել մի դեր, որում «ես» չլինեմ, իմ «եսը» չլինի…»: Պերճ Զեյթունցյանի սցենարով Ֆրունզե Դովլաթյանի նկարահանած «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմում Աբրահամյանի հերոսի` Արմենի ազգանունն անգամ Աբրահամյան է: Նա աշխատում է արխիվում: Անհանգիստ, անհաշտ այս անձնավորությունն ըմբոստանում, կռվում է անցյալի, նրա անարդարության դեմ: Նույնիսկ ի պաշտոնե լինելով այդ «անցյալի» պահապանը` նա պատրաստ է «այրել, ոչնչացնել» այն: Արմեն Աբրահամյանը դիմում է այդ քայլին, որպեսզի վերականգնի անցյալում զրպարտության զոհ դարձած մի մարդու բարի անունը

Խորեն Աբրահամյանի հերոսները հիմնականում ընդվզող, համառ հերոսներ էին, որ մարտնչում էին վեհ բաների համար: Նա հաճախ անձնավորում էր իր խաղացած դերերը: Արտիստն իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտում էր կերտած կերպարներում, դա լիներ դաշնակցական Գևորգ Սարոյան, թե` բոլշևիկյան լիդեր Ալեքսանդր Մյասնիկյան, շեքսպիրյան հերոս կայսր Կորիոլան, թե` մեր սարերի հովիվ Պավլե կամ անտառապահ Ռոստոմ:

Երբ Բագրատ Հովհաննիսյանի «Տերը» ֆիլմում տեսնում ենք մաթևոսյանական հերոսին, Խորեն Աբրահամյանի կերպավորմամբ, որ միշտ իր սպիտակ, առասպելական ձին հեծած շրջում ու պահպանում է իր «տիրույթներն» ամեն տեսակ ոտնձգությունից, այնպիսի զգացողություն է առաջանում, թե նա իրոք որ անտառի զավակն է, նրա ծնունդը: Աբրահամյանի Ռոստոմը էպիկական, միևնույն ժամանակ, իրական հերոս է: Նա ազատ է սոցիալական պայմանականություններից, սահմաններ չճանաչող էություն է, որի արմատներն ամենահեռավոր` դիցաբանական անցյալում են: Տերը և իր «տիրույթները» միասնական սուբստանց են, անտրոհելի ամբողջություն: Բնական է, որ Ռոստոմն ինքն իր մասին հոգնակի թվով է խոսում` «մենք», «մեր անտառը»: Տերը` Ռոստոմը, ողբերգական հերոս է, որոշ առումով` նման անտիկ հերոսներին, թեև գործողությունը տեղի է ունենում խորհրդային ժամանակների հայկական գյուղում: Նրա ճշմարտությանը դեմ առ դեմ կանգնած է հավասարազոր ուրիշ ճշմարտություն` իրեն հակադրվող մարդկանց անժխտելի ճշմարտությունը, բնության բարիքների հաշվին ապրելու նրանց օրինաչափ իրավունքն ու կամքը: Ռոստոմին ծաղրում են, ծեծում, քշում, բայց նա անկործան է ու անխորտակելի, նա Տերն է «ամենայնի»: Ռոստոմը հոժարակամ է իր վրա վերցրել «անտառը» հանուն ապագայի պահպանող նահատակի դերը:

Իր սեփական նշաձողը շարունակ բարձրացնող արտիստը «Կորիոլանի» միջազգային ճանաչումից հետո, փառքի գագաթին գտնվելիս անգամ 1980թ. «Ֆիլմ» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է. «Ես դեռ չեմ խաղացել այն դերը, որ կուզենայի խաղալ: Դեռ այն չեմ արել, ինչ կարող եմԱշխարհի մեծագույն գրողներից մեկը` Վիլյամ Սարոյանը, ասել է. «Գուցե այն գործով չեմ զբաղվել, ինչով պիտի զբաղվեի: Գուցե պիտի խաղող աճեցնեի»: Այո, դեռ իմ ցանկացած դերը չեմ խաղացել: Կարծում եմ, ինձ գիտեն ոչ այնպես, ինչպես ես կամ: Տարիների հետ դա շատ լուրջ բան է դառնում: Շատ հաճելի էր խաղալ Սարոյան եղբայրներից մեկի և Մյասնիկյանի դերերը: Բայց ես հեռու եմ հերոս լինելուց…»:

Աբրահամյանը մշտապես անհանգիստ որոնումների մեջ էր` փնտրում էր իր այն դերը, որ կուզեր խաղալ: Նա սկսեց ռեժիսուրայով զբաղվել, իր իսկ խոսքերով ասած` ոչ ինքնանպատակ, լոկ այդ էլ փորձելու համար:

Դեռևս 1956թ. Միխայիլ Կալատոզովի «Առաջին էշելոնը» ֆիլմում նկարահանվելու ընթացքում Խորեն Աբրահամյանը գիտակցում է, որ ցանկանում է խաղալ «ոչ թե սոսկ բարի ու համակրելի երիտասարդի դեր, այլ ստեղծել այնպիսի մարդու կերպար, որ լինի որոշակի անհատականություն և ունենա իր սեփական թեման, իր ասելիքը»: Հենց այդպիսի դերերով նա մնաց մեր հիշողության և ֆիլմարվեստի պատմության մեջ:

 

ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆ – 75

Անսպառ արտիստը

 

Դերասանի մեջ պետք է

հետաքրքիր լինի ոչ թե

այն, թե ինչ է նա խաղում, այլ այն, թե ինչ է թաքցնում:

Արմեն Ջիգարխանյան

Ջիգարխանյանին հաճախ են անվանում իմաստուն: Հիրավի, նրա հետ ամեն մի հանդիպում, հարցազրույց, ընդ որում` անկախ տրված հարցերի բովանդակությունից, բացառիկ հետաքրքիր է ստացվում: Ասում են, որ ժամանակին Գոնչարովը նրան տվեց Սոկրատեսի դերը, որովհետև մտածող դերասանի կարիք ուներ: Ինքը` Ջիգարխանյանը, իրեն մտածող, փիլիսոփա-դերասան չի համարում, այլ` ծաղրածու, ասելով, որ փիլիսոփաները գիտությունների ակադեմիայում են: «Միակ բանը, որ ես հասկացել եմ արվեստի հետ կապված, դա այն է, ինչ հանճարեղ կերպով ասել է Նիցշեն. «Արվեստը մեզ տրված է, որ չմեռնենք ճշմարտությունից»: Հրեշավոր բան: Բայց հանճարեղ: Չէ՞ որ ճշմարտությունը միշտ չէ, որ գեղեցիկ է և հաճախ սարսափելի է: Այդ պատճառով, նրա հետ չբախվելու համար մենք սկսում ենք խաբել ինքներս մեզ և ուրիշներին: Լավագույն դեպքում` երևակայել: Թատրոնը երևակայելու համար հիանալի տեղ է: Այնտեղ ես կարող եմ ինչեր ասես հնարել: Դառնալ Լիր արքա կամ լրիվ օտար կնոջը դիմել` «Աղջի՜կս»:

Այն, ինչ առաջին հերթին կարելի է ասել Արմեն Ջիգարխանյան արտիստի մասին` որ խաղացած յուրաքանչյուր դեր նա լցնում է իր բովանդակությամբ: Ցանկացած դերում մենք տեսնում ենք նրա մարդկային «եսը»: Միևնույն ժամանակ, արտաքուստ կարծես ոչինչ չանելով, նա այնպես է կերպարանափոխվում, որ ձուլվում է իր կերպարին: Պատահական չէ, որ ժամանակին նրան անվանել են «սովետական Գաբեն»: Մեծ ֆրանսիացու նման, Արմեն Ջիգարխանյանը կերպարանափոխվում է` մի կաթիլ անգամ չկորցնելով իր բնականությունից: Նա միշտ բացարձակ տարբեր է և, միաժամանակ, ճանաչելի:

Դերասանը մշտապես հստակ արտահայտում է իր մարմնավորած բնավորության, կերպարի ազգային որոշակիությունը, եթե կուզեք` ազգային պատկանելությունը: Ջիգարխանյանի տաղանդի այդ առանձնահատկությունն է թույլ տալիս նրան, այդչափ հայ լինելով, «լինել» ռուս կամ ամերիկացի, իտալացի կամ իսպանացի և էլ ով ասես, չնայած արտաքին որոշակի նկարագրին ու ընդգծված ձայներանգին, ինչպես ասում են` «հայկական կոկորդին»:

Ժամանակին նրան չընդունեցին Մոսկվայի թատերական ինստիտուտ` ԳԻՏԻՍ, պատճառաբանելով առոգանությունը: Արտիստը բազմիցս հարցազրույցներում ասել է, որ շնորհակալ է այն մարդկանց, ովքեր չընդունեցին իրեն, քանի որ հակառակ դեպքում չէր հանդիպի իր ուսուցիչ Արմեն Գուլակյանին: Մի զրույցի ժամանակ Խորեն Աբրահամյանը հարցրել է ընկերոջը, թե ռեժիսորներից ով է նրա համար ամենակատարյալը: «Արմեն Գուլակյանը»,- առանց տատանվելու պատասխանել է Ջիգարխանյանը, այն դեպքում, երբ ստեղծագործական հարուստ կյանքի ընթացքում դերասանը շփվել է ռուս և արտասահմանյան բազմաթիվ ռեժիսորների հետ: Նա երբեք չմոռացավ իր ուսուցչի դասերը. «Ամեն զինվոր պիտի ձգտի գեներալ դառնալ, իսկ գեներալական ուսադիրներ կրելու համար յոթ քրտինք է պետք թափել»,- ասում էր մեծ արվեստագետը: Այո, հանուն արվեստի նա գիտեր քրտնեցնել, որի համար էլ չափազանց երախտապարտ եմ նրան: Որքա՜ն իրավացի էր Գուլակյանը, երբ ասում էր. «Թաշկինակը երբեք մի մոտեցրու չոր աչքերիդ, մի պատմիր այն, ինչից անտեղյակ ես»:

Հիմա արդեն երկար ժամանակ է` Ջիգարխանյանն է սովորեցնում, թեև պնդում է, որ կարելի է սովորեցնել դերասանական տեխնիկան, բայց անհնար է սովորեցնել սիրել կամ ատել: «Դա արդեն կախված է նրանից, թե ինչ է տվել բնությունը: Ես, օրինակ` չեմ կարող սովորեցնել Ռոմեոյին սիրել Ջուլիետին»:

Տեղին է խոսել դերասանի` թատրոնում խաղացած վերջին դերերից մեկի` Դոմենիկո Սորիանոյի մասին Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» տրագիկոմեդիայում: Ջիգարխանյանի խաղընկերուհին էր Իննա Չուրիկովան: Դա այնպիսի հոյակապ դերասանական դուետ էր և փայլուն ներկայացումոր խիստ տարբերվում և, առավել ևս, չէր հայտնվում տասնամյակներ առաջ նույն պիեսի հիման վրա Վիտորիո դե Սիկայի նկարահանած հանրահայտ «Ամուսնություն իտալական ձևով» ֆիլմի դերակատարների` անզուգական Մարչելո Մաստրոյանիի և Սոֆի Լորենի ստվերում: Արմեն Ջիգարխանյանի խաղի մասին Չուրիկովան այսպես է արտահայտվել. «Ուրիշների հետ խաղալիս ստիպված եմ լինում տանել ուսերիս վրա, քարշ տալ ներկայացումը: Իսկ Արմենի կողքին կարծես անելիք չունեմ: Այնքան ջերմ է նա խաղում, որ թվում է, թե մեջս բնական, մարդկային ռեակցիաներ են առաջանում»: Այո, խաղի ժամանակ Ջիգարխանյան արտիստի բնատուր սիրելու կարողությունը կարող է «բնական ռեակցիաներ» առաջացնել նույնիսկ այնպիսի պրոֆեսիոնալ և տաղանդաշատ դերասանուհու մեջ, ինչպիսին Չուրիկովան է:

Հիմա Ջիգարխանյանն այլևս չի խաղում թատրոնում` պատճառաբանելով, որ հոգնել է, ֆիզիկապես չի դիմանում: Բայց շարունակում է նկարահանվել կինոյում, թեև իրավամբ համարում է, որ ժամանակակից կինոդրամատուրգիան ԿՎՆ-ի մակարդակի է:

Ջիգարխանյանի համար, թերևս, չի եղել այնպիսի դեր, որ չկարողանար խաղալ: Նրա անթիվ դերերը (միայն կինոյում դրանք 200-ից ավելի են) վկայում են, որ այս դերասանն ի զորու է խաղալ բոլոր ժանրերում` առանց սահմանափակման. դրամայից, ողբերգությունից մինչև կատակերգություն ու ֆարս կամ տրագիֆարս: Նույնքան համոզիչ է Ջիգարխանյանը և մելոդրամայում:

Ընդհանրապես, խոսել այս դերասանի արվեստի մասին, անտեսելով նրա ստեղծագործության ազգային ակունքները, այնքան էլ խոհեմ չէ, որքան էլ ունիվերսալ` համընդհանուր գծերով օժտված լինի նրա խաղաոճը: Սոս Սարգսյանը, որ Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի և Արմեն Ջիգարխանյանի հետ միասին ներկայացնում է դերասանական այն սերունդը, որը, հայ բեմի մեծերից ժառանգելով ազգային դերասանական արվեստի ավանդույթները, կուլտուրան, համադրել է ավանդականն ու նորը` խաղի ժամանակակից ձևերը, մի առիթով ասել է. «Հայ մեծ դերասանների արվեստը մեծ էր նախ և առաջ այն պատճառով, որ կապված էր ազգայինի հետ: Ես բնավ նկատի չունեմ, թե հայ դերասանը պետք է առանձնապես բուռն ու կրքոտ արտահայտի իր զգացմունքները: Մեր նախնիները զուսպ են եղել զգացմունքներն արտահայտելիս…»: Սա հետաքրքիր և նուրբ դիտարկում է, որը բնութագրում է դերասանական նշված անհատականությունների ստեղծագործելու կերպը և հակադրվում մեզանում տասնամյակներ շարունակ իշխող դերասանական խաղաոճին և բեմական խոսքին: Ս.Սարգսյանն իրավամբ հայտնել է այն միտքը, որ արդի զուսպ խաղաոճը համահունչ է պատմականորեն ձևավորված հայ ազգային բնավորությանը, ապրումների ազգային ոճին: Հաճախ բնավորության ազգային ինքնատիպությունն արտահայտվում է ոչ այնքան նրանում, թե ինչ է անում պերսոնաժը, որքան այն երանգներում, թե ինչպես է նա անում դա: Օրինակ` Ջիգարխանյանի ժպիտը նույնպես առանձին թեմա է նրա արվեստում: Առհասարակ, բավական է նա հայտնվի էկրանին, և հետաքրքիր է հետևել, թե ինչ է անում, կամ` ինչպես ոչինչ չի անումԴա անվանում են «ներկայության էֆեկտ»: Դերասանական այդօրինակ հատկությունը պարզապես ֆոտոգենիայի կամ էկրանային հմայքի արդյունք չէ: Դրան հասնելու համար պետք է ունենալ ներքին մեծ բովանդակություն, միևնույն ժամանակ, հոգ տանել, որ այն շարունակ նորոգվի:

Չանդրադառնալով հայ կինոյում Արմեն Ջիգարխանյանի խաղացած բազմաթիվ դերերին` հիշատակենք միայն նրա առաջին հերոսին` Արտյոմ Մանվելյանին, որի նախատիպը հայ ֆիզիկոս, ակադեմիկոս Արտյոմ Ալիխանյանն է: Առնոլդ Աղաբաբովի սցենարով նկարահանված Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965) ֆիլմը, որով պայմանավորված է եղել հայ կինոյի վերելքը, ոչ միայն պատուհան էր դեպի մեծ աշխարհ (դա առաջին հայկական ֆիլմն է, որ ներկայացված է եղել Կաննում), այդ կինոնկարը պատուհան եղավ նաև դեպի Արմեն Ջիգարխանյան արվեստագետի բազմանիստ ու բազմաչափ աշխարհ: Արտյոմն անկարող է մոռանալ, և սպասումը դառնում է հերոսի ներքին վիճակ: Նա կորցնում է սիրելի, թանկ մարդկանց` կնոջը, ընկերոջը, բայց նրանք շարունակում են ապրել իր ներսում: Արտյոմի այդ կոնկրետ հիշողության ուժի մեջ արտահայտված է, Կ.Քալանթարի խոսքերով ասած` «առավել լայն ու խոր Հիշողություն` հայի ազգային հիշողությունը»: Ֆիլմի վերջում մենք Արտյոմին տեսնում ենք հայրենի լեռների բնապատկերի գրկում: Արագածի ստորոտին, Ամբերդի ավերակների խորապատկերում նա շրջում է, ոտքերի տակ շոշափում հայրենի հողը: Իսկ եկեղեցուց քիչ այն կողմ, քարերի վրա ճաշելու նստած մի տերտեր նրան կանչում է, հարցնելով, թե` վերջինս հո չի մոլորվել: «Ես այս տեղերը լավ գիտեմ, տե՜ր հայր»,- հնչում է հերոսի պատասխանը:

Արմեն Ջիգարխանյանն այս կերպարը ստեղծեց մեծ համոզչությամբ ու տաղանդով, ինչը նրան հռչակ բերեց: Ճիշտ է, նա արդեն հանդես էր գալիս ռուսական թատերական բեմերում, սակայն այս հայ հերոսը եղավ Ջիգարխանյան-դերասանի իսկական հայտնությունը: Այդպիսով, դերասանը դարձավ թե՜ հայկական, թե՜ ռուսական կինոյի առաջատար դերասաններից մեկը: Ջիգարխանյանն այսօր էլ ռուսական կինոյի ամենաշատ նկարահանվող և ամենաբարձր վարձատրվող դերասանն է, բայց և պահում է կապը հայկական կինոյի հետ` դեպքից դեպք նկարահանվելով իր հայրենակիցների ֆիլմերում: Դերասան Վալենտին Գաֆտը, որ հայտնի է նաև իր էպիգրամներով, ասել է. «Ավելի քիչ հայ կա աշխարհում, քան այն ֆիլմերն են, ուր խաղացել է Ջիգարխանյանը»:

 

ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ – 85

Ռեժիսորի «Երկխոսությունը երրորդի համար»

 

Ես աշխարհում համարյա ոչինչ չգիտեմ

Ֆիզիկայի, քիմիայի, հանրահաշվի, երկրաչափության բարդ ու բարդ հարցերից մինչև կենցաղային ամենապարզ հարցերը ես գլուխ չեմ հանում: Այսպես, երբեք չընկալեցի տասնորդական կոտորակները, գլուխ չհանեցի սինուսից ու կոսինուսից, Մենդելեևի աղյուսակից, էլեկտրականությունից, Նյուտոնի օրենքից, ինչպես նաև հայերենի քերականական շատ ու շատ օրենքներից, հեռուստացույցի անտենայից, շրջսովետի ու քաղսովետի տարբերությունից, բողոքականներից ու գրիգորյանականներից, ուղեցույցից օգտվելու եղանակից, լոգարիթմների աղյուսակից, խակ ու հասուն ձմերուկից և այլն, և այլն

Այսքան համեստ նախաբանից հետո թույլ տուր հայտարարել հավանաբար ամենաանհամեստ իմ համոզմունքը.

Ես գիտեմ մարդուն:

Ես գիտեմ մարդու բոլոր թուլությունները և նրա ուժը նույնպես:

Գիտեմ նրա բոլոր ձգտումները:

Գիտեմ այդ ձգտումների բոլոր շարժառիթները:

Գիտեմ նրա խոսքը ու խոսքի տակ թաքնված լռությունը:

Գիտեմ նրա լռությունը և լռության տակ թաքնված խոսքը:

Գիտեմ նրա բոլոր, բոլոր գաղտնիքները:

Գիտեմ, և գուցե, հենց այդ պատճառով էլ սիրում եմ, հարգում եմ, աստվածացնում եմ նրան և խոնարհվում նրա առջև:

Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց:

Ես ոչ ոքի համար չեմ ստեղծագործում, բացի մարդուց:

Եվ եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ մի մարդու, միմիայն մի հանդիսատեսի, եթե ես իսկապես բարկացրել եմ մեկին, իսկապես ուրախացրել եմ, իսկապես մաքրել ու ազնվացրել եմ ՄԻՄԻԱՅՆ ՄԵԿԻՆ, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ ինձ անվանելու արվեստի գործիչ:

Ինձ համար մեկ հանդիսատեսը հավասար է, ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ Է միլիոնին:

Աշխարհը, լիքը դահլիճները, որոտընդոստ ծափահարությունները, պատվո երկաթեղենները ուրիշներին

Ինձ` միմիայն մի հոգի, մի մարդ, մի հանդիսատես

 

Մալյանի մասին

«Տեղի հանճարը»

Նա միայն անձնականն էր ընդունակ արտահայտել, արտացոլել արվեստում: Ուրիշ բան, որ այդ անձնականն իր մեջ տեղավորում էր ազգի ցավը, տառապանքը և հույսերը: «Տեղի հանճար» հասկացությունը վերաբերվում է իսկը Մալյանին: Տեղը սնում է արվեստագետին, իսկ վերջինս` հռչակում տեղը, ազգը:

Սուրեն Հասմիկյան

Հենրիկ Մալյանը նման էր իր ֆիլմերին, իսկ իր ֆիլմերը` մեզ, մեր ժողովրդինմենք ենք, մեր սարերը, մենք ենք, մեր դարերը, Սասնա պարերը, մենք ենք, մեր մարդիկ, մեր ջրերը, մեր քարերը, մեր հողերը, մենք ենք, մեր որդիք: Նրա զրույցը Արտամետի խնձորի ծառի մասին էրԺամանակ կանցնի, կգան սերունդներ ու այդ ծառի տակ թիկնած կզրուցեն նրա մասին

Մհեր Մկրտչյան

Մալյանի ֆիլմը շատ ազգային է: Իմ կարծիքով, միայն ճշմարիտ ազգային արվեստը կարող է համամարդկային դառնալ: Եվ միայն այն դեպքում, երբ արվեստագետը հենվում է իր արմատների, իր ժողովրդի արմատների և պատմության վրա, կարող է խոսել ցանկացած լեզվով և հասկանալի լինել բոլորին:

Նիկիտա Միխալկով

Մարդիկ քիչ բան գիտեն Հենրիկ Մալյանի մասին: Այնուամենայնիվ, այն առանձնաշնորհյալները, ովքեր մի քանի տարի առաջ նայել էին «Եռանկյունին», որը ցուցադրվել էր Լա Ռոշելի կինոփառատոնում, 1974թ. արդեն տեղյակ էին դարձել, որ դովժենկոների և դոնսկոյների ժառանգորդ մի մեծ ռեժիսոր է ապրում հեռավոր Երևանում:

«Սինեմա», Ֆրանսիա, 1983թ.

Կուզեի հատկապես նշել ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովի «Օբլոմով» ֆիլմը և մի ուրիշ սովետական ժապավեն, որն, անշուշտ, գերազանցում է առաջինին: Դա հայկական «Կտոր մը երկինք» ֆիլմն է, որը նկարահանել է ռեժիսոր Հենրիկ Մալյանը: Ֆիլմ, որով նախ հիացա Վենետիկում, հետո` Վիեննայում:

Ֆիլմի դրական ազդեցությանը նպաստում են նաև գունային լուծումները. ամբողջ ժապավենն արված է մեծ վարպետությամբ ու բարձր տեխնիկայով, և զգացվում է ռեժիսորի հետևողական աշխատանքը, ինչպես դերակատարների հետ, այնպես էլ տեսարանների ստեղծման գործում, տեսարաններ, որոնք վառ կերպով պատկերում են դարերի սահմանագլխի փոքրիկ քաղաքը:

«Դեյլի թելեգրաֆ», Անգլիա, 1982թ.

Մենք պարտական ենք «Դեյլի թելեգրաֆի» կինոքննադատ Պատրիկ Գիփսին այն բանի համար, որ սովետական կինոյում հայտնաբերեց այս մարգարիտը` «Կտոր մը երկինք» ֆիլմը, որ ստեղծվել է Հայկական Հանրապետությունում:

Անչափ էկզոտիկ և գունագեղ է ամբողջ պատմությունը, կերպարները համոզիչ են և մարդկայնորեն հարազատ: Մալյանը հիանալիորեն զգում է կատակերգության ոճը, այն անխոս տեսարանները, երբ տեղացիները տարբեր խորամանկություններով փորձում են մոտենալ թեթևաբարո կանանց կացարանին, ինքնին հաղթանակ է:

«Թայմս», Անգլիա,1982թ.

Մենք միայն վերջերս ենք տեղեկություն ստացել հայկական կինեմատոգրաֆիայի աշխատանքների մասին: Հ.Մալյանի «Կտոր մը երկինքը» Դելիում և լոնդոնյան «Կինոփառատոների փառատոնում» մեծ հաջողություն ունեցավ, իսկ մինչ այդ բրիտանական կինոյի մեկնաբանները հեռուստատեսությամբ դիտել էին «Նահապետը» ֆիլմը:

Զարմանալի չէ, որ այս աննկուն և մեծապես ինտելեկտուալ ժողովուրդը (արվեստի և գիտության բնագավառում նրա նվաճումները նկատելի են եղել դեռևս վաղ քրիստոնեական ժամանակներից) թեմատիկ ու ոճական լայն կարողությունները պիտի ցուցաբերեր իր ֆիլմերում: Հայ կինոարվեստն ունի իր անհատականությունը

«Նեյշնլ ֆիլմ թիըթր», 1982թ.

Սան-Ռեմոյի 19-րդ միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմը «Մենք ենք, մեր սարերն» է: Կինոնկարը զարմացնում է իր բանաստեղծականությամբ, կենսական ուժով:

«Ունիտա», Իտալիա, 1976թ.

Եթե մենք արմատներից բարձրանանք հայկական ծառի գագաթը, այսինքն` Բեկնազարյանից հասնենք մինչև Հենրիկ Մալյան (ուսուցչից` աշակերտը), որը վերջին տասնամյակում առավել աչքի ընկած, հարգված և մեծարված ռեժիսորներից է, ապա դժվար չի լինի նկատել թեմատիկ համանմանությունը. կարծես նույն լիբրետոյի տարբեր ելևէջները լինեն, իհարկե, իրենց ժամանակի: Կասկածից վեր է, որ Մալյանն իր անհատականությունն ունի և կատարելագործված արվեստագետ է: Իր «Նահապետ» ֆիլմում ռեժիսորը կարողացել է դանդաղ նկարահանման լեզվով ստեղծել շատ խոսուն դադարներ:

Եթե հնարավոր լիներ վերստին մաս առ մաս կազմել «Նահապետ» կինոնկարի մանրանկարչական անատոմիան, կհանդիպեինք վսեմ կոլորիտային մի աշխատանքի, որտեղ խիստ ակնհայտ են հայկական արմատներն ու երկինքը:

Ջովանի Բուտաֆավա, Իտալիա, 1983թ.

Ես ուզում եմ խոսել «Հայֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Հենրիկ Մալյանի նկարահանած «Նահապետ» ֆիլմի մասին: Ուզում եմ կանգ առնել այն տեսարանի վրա, որտեղ հերոսը հիշում է իր ընտանիքի անդամներին, որոնց սպանել են: Էկրանին խնձորենին է, իսկ նրա առջև կանգնած են նրա բոլոր անդամները: Խնձորներն սկսում են թափվել և ծովն են գլորվում:

Պետք է ասեմ, այդ տեսարանն իմ տեսած բոլոր ֆիլմերի կադրերից ամենաուժեղն է: Դա շատ տխուր պատկեր է, բայց մի պայծառ զգացում է թողնում իրենից հետո, որը մարդուն հնարավորություն է տալիս ազատվել ամեն վատից:

Կոյամա Սեյդիրո, Ճապոնիա, 1979թ.

«Նահապետը» իմ կարծիքով այն լավագույն կինոնկարներից է, որոնք ընդհանրապես ստեղծվել են կինոարվեստում: «Նահապետի» կերպարը հավաքական է: Այն գալիս է դարերի խորքից և գնում է դեպի ապագան: Կինոնկարը թերևս իր բնույթով պատմական է, սակայն, Հայաստանի համար նահապետներ այսօր էլ կան, նրանք մեր կողքին են: Իմ կարծիքով, կինոնկարի արժանիքն այն է, որ նրանում հաստատվում է ազգի կերպարը, և այդ արվում է առանց որևէ ինքնահիացման:

Սեմյոն Ֆրեյլիխ

Մալյանը «Նահապետ» ֆիլմով ստեղծել է ազգի հավաքական դիմանկարը: Կինոնկարը հուզում է իր ողբերգական լիցքով:

Մառլեն Խուցիև

«Նահապետում» ինձ ապշեցրել է ձայնի օգտագործումը: Հեղինակը մեծագույն նրբագեղությամբ ձայնի միջոցով հասնում է մի ամբողջ շարք ասոցիացիաների, ինչը միաժամանակ խոսում է ազգի մասին:

Վլադիմիր Նաումով

Եթե ինձ դեռևս 15 օր առաջ առաջարկեին հիշել մի պատկեր, որը լավագույն ձևով է ներկայացնում երջանկությունը երկրի վրա, ես կդժվարանայի պատասխանել: Սակայն վերջերս ես այդ պատկերը տեսա Հենրիկ Մալյանի ֆիլմում, որը կրում է հերոսի անունը` Նահապետ: Այն ներկայացնում է խնձորենու տակ կանգնած, գեղեցիկ, ժպտացող երիտասարդ մի ընտանիք` արտացոլված Նահապետի հուշերում: Արդյո՞ք պատճառն այն էր, որ ես երբեք այդպիսի խնձորենի չէի տեսել, ինչպիսին կարելի է հանդիպել միայն փերիների մասին պատմող հեքիաթներում: Մի խնձորենի` ճկված կարմիր խնձորների ծանրության տակ, ճյուղերին սեղմված, ինչպես խաղողի հատիկներ: Թե՞ որովհետև ես երբեք չէի տեսել այդքան պայծառ ու ամուր ընտանիք, թիթեռնիկի թևերի գույների պես նուրբ հագուստներով, որ նրանք կրում էին դարասկզբին: Եվ եթե ես կյանքում երբևէ հմայվեմ ադամանդներով ու սուտակներով զարդարված ոսկյա թագ կրող մի հաղթական արքայի դեմքով, ապա խնձորենիով թագադրված այս գյուղական ընտանիքը դարձյալ ավելի ուժեղ պիտի լինի: Ինչ հրաշալի երրկիր պետք է լինի այդ Հայաստանը

Եթե «Նահապետը» պատմում է անցյալի մասին, ապա «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը հայերին ներկայացնում է այսօր: Այն պատմում է մի ողջ ժողովրդի անհանգիստ ու ազատ հոգու, նրա պատմության, առողջ դատողության, բնության հետ նրա միաձույլ լինելու մասին:

«Քայիե դյու սինեմա», Ֆրանսիա, 1986թ.

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am