Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Հոկտեմբեր 2010, N 9

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԱԼԵՔՍԵՅ ՕՌԼՈՎ

ՕԲԱՄԱ-ՀՈՐ ՊԱՏԳԱՄՆԵՐՈՎ, ՕԲԱՄԱ-ՈՐԴՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ

(նյութի մշտական հասցեն` http://www.nrs.com/-p=4539)

22.10.2010

Գրեթե երկու տարի գործադիր իշխանությունը մեր երկրում գլխավորում է Բարաք Հուսեյն Օբաման: Այդ ընթացքում նա տասնյակ որոշումներ է կայացրել, որոնք խելամիտ բացատրության չեն ենթարկվում: Ահա դրանցից ընդամենը մի քանիսը:

2009թ. փետրվարի սկզբին, Սպիտակ տան շեմին դեռ նոր ոտք դրած, Օբաման կարգադրեց Օվալաձև կաբինետից դուրս բերել անգլիացի սըր Ջեյկոբ Էփսթայնի քանդակած Ուինսթոն Չերչիլի կիսանդրին: Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը կիսանդրին Միացյալ Նահանգներին էր նվիրել 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո` ի նշան ամերիկա-անգլիական անխախտ բարեկամության: Օբամայի կարգադրությամբ Չերչիլի կիսանդրին ուղարկվեց Վաշինգտոնում բրիտանական դեսպանատուն: Ի՞նչը դրդեց նրան անել դա:

2010թ. հուլիսին բրիտանական մամուլ սողոսկեցին տեղեկություններ, թե ԱՄՆ նախագահը հավանություն է տվել շոտլանդական բանտից լիբիացի ահաբեկիչ Աբդել Բասետ ալ-Մեհրախիին ազատ արձակելուն, որը դատապարտվել էր 1988թ. շոտլանդական Լոքերբի գյուղի վրա ամերիկյան ինքնաթիռ պայթեցնելու համար:  Այդ ժամանակ զոհվել էր 270 մարդ, որոնց մեծ մասը` ամերիկացիներ: Ահաբեկչին ազատ արձակեցին հիմնականում շնորհիվ այն բանի, որ Օբաման դեմ չէր դրան: Ինչո՞վ էր առաջնորդվում նախագահը:

2010թ. հուլիսի 6-ին ՆԱՍԱ-ի ղեկավար Չարլզ Բոլդենը հայտարարեց, որ այսուհետ իր ղեկավարած գերատեսչության կարևոր խնդիրը կլինի  տիեզերական հետազոտություններին մահմեդականներին ներգրավելը: Ընդ որում, Բոլդենը վկայակոչում էր նախագահի անձնական ցուցումը: Դժվար է պատկերացնել ավելի անհեթեթ ցուցում, քանի որ չկա որևէ մահմեդական երկիր, որը գոնե ինչ-որ շահագրգռություն ցուցաբերած լիներ տիեզերքի ուսումնասիրության հարցում: Ինչո՞ւ Օբամայի խելքին փչեց ՆԱՍԱ-ին պարտադրել համագործակցության հորդորել մահմեդականներին:

2010թ. օգոստոսի 18-ին Wall Street Journal թերթը հրապարակեց «Օբաման հավանություն է տալիս խորջրյա հորատմանը»  հոդվածը: Վերնագիրը հաստատ մոլորության մեջ է գցել ընթերցողներին, քանի որ միևնույն ժամանակ նախագահն արգելեց ամերիկացիներին նավթ արդյունահանել Մեքսիկական ծոցում: Բայց հոդվածում խոսքն ամենևին էլ այդ մասին չէր, այլ այն մասին, որ Օբաման հարկավոր է համարում երկու միլիարդ փոխառություն տալ Բրազիլիային օվկիանոսում նավթ արդյունահանելու համար: Նա արգելեց նավթ արդյունահանել ԱՄՆ օվկիանոսային շելֆում, բայց խրախուսեց բրազիլացիներին: Ինչպե՞ս հասկանալ սա:

Հարցերը բազմաթիվ են... Ահա դրանցից ևս մեկը. ինչո՞վ էր առաջնորդվում Բարաք Օբաման` իր համար Չիկագոյում ընտրելով բողոքական քահանա Ջերեմայա Ռայթի  եկեղեցին, որը գտնվում էր նրա տնից հեռու, շատ ավելի հեռու, քան մի քանի այլ նեգրական եկեղեցիներ: Ինչո՞վ էր 27-ամյա Օբամային 1988թ. գրավում Ռայթի եկեղեցին:

Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները շատ տարբեր են, բայց դրանք բոլորն էլ պարզորոշ չեն: Եվ ահա վերջերս բավական հիմնավորված պատասխաններ տվեց Դինեշ Դ’Սոուզան: «Օբամայի ցասման արմատները»  (The Roots of Obama’s Rage) գրքում, որը լույս է տեսել հոկտեմբերի սկզբին և անմիջապես դարձել բեսթսելեր, հեղինակը միանգամայն համոզիչ կերպով ապացուցում է, թե ինչի վրա է հիմնված Օբամայի աշխարհայացքը և ինչով է առաջնորդվում Ամերիկայի ներկայիս նախագահը` այս կամ այն որոշումն ընդունելիս: «Մենք այսօր ապրում ենք Ամերիկայի և ողջ աշխարհի համար այն սցենարով, որի մասին երազել է ոչ թե Օբաման, այլ Օբամայի հայրը,- գրում է Դ’Սոուզան:- Որտեղի՞ց է սա հայտնի ինձ: Դե, հենց Օբաման է այդ մասին պատմում: Ուշադրություն դարձրեք թեկուզև նրա գրքի անվանմանը: Նա այն անվանել է Dreams of My Father («Հորս երազանքները»): Այլ խոսքով` Օբաման գիրք է գրել հոր երազանքների մասին. նա գրել է այն երազանքների մասին, որոնք ժառանգել է հորից»:

Եվ այսպես, Օբամայի աշխարհայացքի և փիլիսոփայության մասին հետևությունը, որով նա ղեկավարվում է որոշումներ ընդունելիս, Դ’Սոուզան արել է հիմնականում Օբամայի ինքնակենսագրական «Հորս երազանքները»  գրքի հիման վրա: Սա բեսթսելեր է: Հազարավոր դպրոցներում ուսուցիչները պահանջում են, որ աշակերտները կարդան այն: Եվ հավանաբար, Օբամայի այս գիրքը կարդացել են եթե ոչ միլիոնավոր, ապա հարյուր հազարավոր ամերիկացիներ: Բայց Դ’Սոուզան այն կարդացել է ոչ այնպես, ինչպես բոլորը: Նա կարողացել է համադրել Օբամայի խոսքը գործի հետ և եկել այն հետևության, որ նախագահի ներքին և արտաքին քաղաքականության հիմքում նրա հոր երազանքներն են: Դ’Սոուզան, իհարկե, այլ աղբյուրներից էլ է օգտվել, այդ թվում և այնպիսիներից, որոնց մասին Օբաման միտումնավոր լռել է «Հորս երազանքները»  գրքում:

Մի քանի խոսք հեղինակի մասին: Դինեշ Դ’Սոուզան ԱՄՆ նախագահի հասակակիցն է: Նա ծնվել է Հնդկաստանում, Ամերիկա է եկել դպրոցում գերազանց սովորելու շնորհիվ, և արդեն ամերիկյան դպրոց է ավարտել: Սովորել է Դարտմուտի քոլեջում` երկրի հնագույն և ամենանշանավոր համալսարաններից մեկում: Քոլեջն ավարտելուց հետո աշխատել է Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում: Եղել է Սթենֆորդի համալսարանի Հուվերի ինստիտուտի գիտաշխատակից: Այժմ նյույորքյան Քինգս քոլեջի նախագահն է: «Օբամայի ցասման արմատները»  նրա 14-րդ գիրքն է:

Իսկ այժմ եկել է ժամանակը ծանոթանալու Բարաք Հուսեյն Օբամա-ավագի` «Հորս երազանքները»  գրքի գլխավոր հերոսի հետ, որը գրել է նրա որդին` Բարաք Օբամա-կրտսերը, մեր երկրի նախագահը:

Օբամա-ավագը 1959թ. Քենիայից Հավայներ է եկել` սովորելու տեղի համալսարանում: Նա 23 տարեկան էր, ամուսնացած և երկու երեխայի հայր: Համալսարանում ծանոթացել է 18-ամյա ուսանողուհի Սթենլի Էն Դանեմի հետ և թաքցրել, որ ամուսնացած է: Նրանք ձևակերպել են իրենց ամուսնությունը, իսկ 1961թ. օգոստոսի 4-ին ծնվել է նրանց որդին, որն ի պատիվ հոր անվանվեց Բարաք Հուսեյն Օբամա-կրտսեր: 1962-ին Օբամա-ավագն ավարտեց Հավայան համալսարանը և ուղևորվեց Մասաչուսեթս` ուսումը Հարվարդում շարունակելու: Այստեղ նա ծանոթացավ Ռութ Նայդսենդի հետ, համոզեց նրան իր հետ մեկնել Քենիա, որտեղ ամուսնացավ նրա հետ, և նրանք երկու երեխա ունեցան: Դրանից հետո Օբամա-ավագը կրկին միացավ առաջին կնոջ հետ, և վերջինս նրան ևս երկու երեխա պարգևեց: Ներկայիս նախագահի հոր զոհվելուց առաջ (ինչի մասին` քիչ անց), նա հասցրեց սիրուհի ունենալ, որը նրա համար տղա ծնեց... Կյանքից հեռացավ 46 տարեկանում` թողնելով ութ երեխա: Օբամա-ավագը զոհվեց 1982թ.: Ավտովթարի ենթարկվեց ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում: Այդ ժամանակ արդեն հաշմանդամ էր, զրկվել էր երկու ոտքից` հարբած վիճակում ավտոմեքենայի ղեկին նստած աղետի ենթարկվելու հետևանքով: Ընդ որում, նրա հետ բախված մեքենայի վարորդը զոհվել էր: Վերջին տարիներին Օբամա-ավագը հազվադեպ էր «օյաղ»  լինում: Բայց դե, ուսանողական տարիներին էլ աչքի էր ընկնում խմիչքի հանդեպ սիրով: Հարվարդի համալսարանում նրան անվանում էին «դաբլ-դաբլ», որովհետև բարում միշտ երկու բաժին վիսկի էր պատվիրում, իսկ հետո` էլի երկու բաժին: Օբամա-կրտսերն ինքնակենսագրությունում գրում է, որ հոր լյարդը հիվանդ էր, բայց գրքում խոսք անգամ չկա, որ հայրն ալկոհոլիկ էր դարձել և ջարդուխուրդ էր եղել հարբած վիճակում:

Օբամա-կրտսերին հրապուրում էին հոր հայացքները: Օբամա-ավագը պատկանում էր քենիացի այն երիտասարդ մասնագետների թվին, որոնք «եղանակ էին ստեղծում»  երկրի կառավարությունում այն բանից հետո, երբ Քենիան, որն անգլիական գաղութ էր 1888-1957թթ., անկախություն ձեռք բերեց: Դրան նախորդել էր քենիացիների` գրեթե տասը տարի տևած ապստամբությունը, որը դաժանորեն ճնշվեց գաղութային իշխանությունների կողմից: Օբամա-ավագի հայրն օգնում էր ապստամբներին, ինչի համար դաժանաբար ծեծվեց անգլիացիների կողմից: Երբ Քենիան անկախացավ, երկրում կրքեր բռնկվեցին այն բանի շուրջ, թե ինչ ճանապարհ ընտրեն: Կառավարության ղեկավար Ջոմո Քենիյատան կարծում էր, որ որպես մոդել պետք է ընտրել արևմտյան դեմոկրատիան և հաշվարկն անել ազատ շուկայի վրա: Նրա հակառակորդները պնդում էին, որ երկիրը պետք է ընտրի իր ուղին` սոցիալիստականը, ընդ որում` ոմանք առաջարկում էին ուղեցույց վերցնել խորհրդային նմուշի սոցիալիզմը, մյուսները` աֆրիկյանը: Երկրորդների թվին էր պատկանում արհմիութենական առաջնորդ Թոմ Մբոյան լուո ցեղից: Օբամա-ավագն այդ նույն ցեղից էր: Մբոյան նրան վերցրեց իր հովանու ներքո, օգնեց, որ ուսանելու մեկնի Ամերիկա, իսկ երբ աշակերտը վերադարձավ, նրան աշխատանքի տեղավորեց կառավարությունում: Օբամա-ավագը հասավ պատասխանատու պաշտոնի տնտեսական պլանավորման և զարգացման նախարարությունում: 1969թ. Մբոյան սպանվեց, ինչից հետո նրա հովանավորյալի կարիերան սրընթաց գլորվեց ցած, և նա իրեն խմելու տվեց և զոհվեց:

Եվ այսպես, Օբամա-ավագն աֆրիկյան սոցիալիզմի կողմնակիցն էր: Նա դեմ չէր մասնավոր ձեռներեցությանը (ի տարբերություն խորհրդային սոցիալիզմի կողմնակիցների, որոնք հիմնականում Մոսկվայի Լումումբայի անվան համալսարանի շրջանավարտներ էին), բայց հնարավոր, հարկավոր և անհրաժեշտ էր համարում բարձր հարկեր սահմանել կապիտալիստների և հողատերերի համար` չբացառելով նաև 100 տոկոսանոց եկամտահարկը: Այս առնչությամբ ունեցած տեսակետներն Օբամա-ավագը շարադրել է այն հոդվածում, որը հրապարակվել է Քենիայում, 1965թ., East Africa Journal ամսագրի հուլիսյան համարում: Նա հոդվածը վերնագրել էր «Մեր սոցիալիզմի առջև ծառացած հիմնախնդիրները»  (Problems Facing Our Socialism) և գրում էր, որ երկրում գոյություն ունեցող անհավասարությունը գաղութատիրության ուղղակի ժառանգությունն է: Իսկ իրավահավասարության կարելի է հասնել հարկային քաղաքականության և մասնավոր սեկտորի պետական կարգավորման օգնությամբ: Հեղինակը կարծում էր, որ կապիտալի արդարացի բաժանման հասնելու համար հարկավոր է դիմել ունևորների ունեցվածքի առգրավման (բռնագրավում, հարկեր և այլն) և այն սակավունևորներին հանձնելու միջոցով:

Որդի Օբաման ինքնակենսագրությունում չի հիշատակում հոր հոդվածի մասին: Չէր կարողացե՞լ գտնել հոդվածը: Քիչ հավանական է: Որդին տառացիորեն ուսումնասիրել է հոր ժառանգությունը: Եղել է Քենիայում: Հանդիպել ոչ միայն հարազատների, այլև նրանց հետ, որոնք հորը ճանաչել են աշխատանքի բերումով: Եվ եթե Դ’Սոուզան  գտել է Օբամա-ավագի հոդվածը 2010թ., ապա Օբամա-կրտսերի համար դժվար չէր լինի այն գտնել տասնհինգ տարի առաջ («Հորս երազանքները»  գիրքը լույս է տեսել 1995-ին): Նա, իհարկե, գիտակցաբար չի հիշատակել հոր հոդվածի մասին:

Հայրը Հավայներից մեկնեց Մասաչուսեթս, երբ որդին երկու տարեկան էր: Այդ ժամանակվանից նրանք ընդամենը մեկ անգամ են հանդիպել: 1972թ. հայրը որոշեց այցելել տասնամյա որդուն, որը սովորում էր Հավայներում, մասնավոր դպրոցում: Բարաք-կրտսերի ուսուցչուհին հրավիրեց նրա հորը` քենիացի տնտեսագետին, հանդես գալ աշակերտների առջև: Բարաք-ավագը պատմում էր հանուն անկախության քենիացիների մղած պայքարի, անգլիացիների` այդ երկրում ընդմիշտ մնալու մտադրության մասին: Նա խոսում էր տեղի բնակչության հետ գաղութարարների դաժան վերաբերմունքի մասին և անգլիացիներին համեմատում էր ամերիկացիների հետ, որոնք օգտագործում էին Աֆրիկայից բերված սևամորթ ստրուկների աշխատանքը:

Օբամա-կրտսերի խոսքով` հոր ելույթը շրջադարձային է եղել նրա կյանքում... Կարևոր չէ, որ որդին այլևս ոչ մի անգամ չտեսավ հորը: Նրա խոսքերը տպավորվեցին տղայի հոգում: Եվ մայրը նույնպես ջանաց, որ հոր պատգամները չմոռացվեն: Մայրը, ինչպես և նրա առաջին ամուսինը, աշխարհը բաժանում էր ճնշողների և ճնշվողների: Օբամա-ավագի «փախուստից»  շատ չանցած ամուսնանալով ինդոնեզացի Լոլո Սոետորոյի հետ` Էնը որդու հետ տեղափոխվում է Ինդոնեզիա: Այստեղ Օբամա-կրտսերը գնում է դպրոց, որտեղ երկար չի մնում. մայրը նրան ուղարկում է Հավայներ, ուր ապրում էին նրա ծնողները: Էնը կարծում էր, որ խորթ հայրը վատ ազդեցություն է թողնում որդու վրա: Սոետորոն հիացած էր արևմտյան քաղաքակրթությամբ, կապիտալիզմի ձեռքբերումներով, Միացյալ Նահանգներով: Մայրն ուզում էր, որ որդին աշխարհին նայի հոր նման:

Հավայներում դեռահաս Օբամայի հոգևոր ուսուցիչն է դառնում նրա պապի ծանոթը` նեգր արմատական, ամերիկյան կոմկուսի անդամ Ֆրենկ Մարշալ Դևիսը: 1989թ. Օբաման սկսում է սովորել Լոս Անջելեսի Օքսիդենթիալ քոլեջում, և նրա ընկերներն են դառնում, ինչպես ինքն է գրում, «քաղաքականապես ավելի ակտիվ սևամորթ ուսանողները: Օտարերկրացի ուսանողները: Մեքսիկացիները: Մարքսիստ պրոֆեսորները...»: Օբաման ակտիվ մասնակցություն է ունենում ՀԱՀ ապարտեիդի դեմ ուղղված ցույցերին... 1991-ի գարնանը նա տեղափոխվում է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարան, որտեղ նրա սիրած պրոֆեսորներից մեկն է դառնում պաղեստինցի արաբ Էդվարդ Սաիդը` պաղեստինցիների «ազատագրության»  համար մղվող պայքարի մարտիկը: Ուսանողական թերթը հրապարակում է Օբամայի հոդվածը, որտեղ նա հորդորում է վերջ դնել ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրին:

Օբամա-ավագը եվրոպական երկրները  գաղութատիրական էր համարում: Նրա կարծիքով` ԱՄՆ-ը նեոգաղութատիրական երկիր էր: Եվ Օբամա-կրտսերի հետագա բոլոր ուսուցիչների տեսակետները զարգացնում էին հոր գաղափարները: Հարկ է նշել, որ ինքը` Օբամա-կրտսերը, երբեք ճնշվածների թվին չի պատկանել: Նա միշտ լավ է ապրել: Բայց պատանեկան, փաստորեն` մանուկ հասակից նա Ամերիկան համարել է երկիր, որը ձգտում է համաշխարհային տիրապետության: Նա համաձայն էր հոր հետ, որն ազատ շուկան համարում էր տնտեսական թալանի գործիք: Եվ Օբաման իր առջև նպատակ դրեց վերջ տալ Միացյալ Նահանգների նեոգաղութատիրական քաղաքականությանը: Նա չէր էլ մտածում թաքցնել դա. երդմնակալության խոսքում հայտարարեց Ամերիկան «վերափոխելու»  (remaking) մտադրության մասին:

«Նա օգտվեց հոր գաղափարներից և որոշեց ապրել այն սցենարով, որը հայրը չէր կարողացել իրագործել»,- գրում է Դ’Սոուզան:

Եվ ահա հիմա, ընթերցող, իմանալով, որ ԱՄՆ նախագահն իր արարքներում և որոշումներում առաջնորդվում է հոր` աֆրիկյան սոցիալիզմի գաղափարախոսի և նեոգաղութատիրության դեմ պայքարի մարտիկի գաղափարներով, փորձենք պատասխանել այն հարցերին, որոնք առաջադրել ենք հոդվածի սկզբում:

Պատասխանն ակնհայտ է. Քենիան անգլիական գաղութ էր, իսկ Չերչիլը գլխավորում էր Միացյալ Թագավորության կառավարությունը, երբ բրիտանակամ զորքերը ճնշում էին քենիացիների ապստամբությունը և, ինչպես արդեն գիտենք, անգլիացիները ձերբակալել էին Օբամայի պապին ու տանջանքների ենթարկել նրան: Բայց ինչո՞ւ «Հորս երազանքները»  գրքի հեղինակը ոչ մի բարի խոսք չգտավ իր պապի մասին: Պատասխանը հեշտությամբ գտնում ենք նրա գրքում: Վկայակոչելով տատիկի պատմությունները` Օբաման գրում է, որ պապը ոչ միայն չի դատապարտել գաղութատիրական իշխանություններին, այլև համարել է, որ սպիտակամորթները սևերից ավելի լավ են կազմակերպված: «Աֆրիկացին,- ասելիս է եղել պապը,- դանդաղամիտ է: Նրան պետք է ծեծել, որ ինչ-որ բան անի»: Հասկանալի է, որ այսպիսի պապը չէր կարող լինել թոռան` նեոգաղութատիրության դեմ պայքարի մարտիկի հերոսը: Դե, իսկ ինչպե՞ս է վերաբերվում Չերչիլին և Բրիտանական կայսրությանը Դինեշ Դ’Սոուզան: Չէ՞ որ նա էլ Հնդկաստանում է ծնվել: Ավելին, նրա նախնիները բավական շատ են տուժել գաղութատիրական իշխանություններից: Եվ Դ’Սոուզան գրում է, որ նրա նախապապը այն հազար «բեռնակիրների»  մեջ է եղել, որոնք կառուցել են առաջին երկաթուղին Քենիայում:

Դ’Սոուզան երախտապարտ է գաղութատիրությանը: Ընդ որում, նա հղում է կատարում Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհին, որը վերջերս Բրիտանիա կատարած այցելության ժամանակ, ելույթ ունենալով Օքսֆորդի համալսարանում, խոսել է այն մասին, թե ինչքան լավ բան է իր երկրին տվել գաղութատիրությունը: Բրիտանական կայսրությունը Հնդկաստան է բերել անգլերեն լեզուն, համալսարաններ, սեփականության իրավունքը և դրել դեմոկրատիայի հիմքերը: Հնդկաստանի բախտը, կարծում է Դ’Սոուզան, բերել է, քանի որ անգլիացիներն այնտեղ իշխել են մի քանի հարյուրամյակ. Քենիայի բախտը չի բերել, քանի որ այն մեկ հարյուրամյակից պակաս է գաղութ եղել:

Դ’Սոուզան բաժակ է բարձրացնում և խմում Ուինսթոն Չերչիլի` Բրիտանական կայսրության պաշտպանի կենացը:

Անցնենք այն հարցի պատասխանին, թե ինչով է առաջնորդվել նախագահ Օբաման` չառարկելով լիբիացի ահաբեկիչ ալ-Մեհրախիի ազատ արձակմանը: Դ’Սոուզայի կարծիքով` միայն մեկ բացատրություն կա` Օբամայի հակագաղութատիրությունը: Նա ալ-Մեհրախիին դիտարկում է որպես ամերիկյան իմպերիալիզմի դեմ մարտնչողի: Ինքը` լիբիացի ահաբեկիչն էլ իրեն որպես այդպիսին էր ներկայացնում:

Իսկ ինչպե՞ս է Օբամայի խելքին փչել հրամայել ՆԱՍԱ-ին մահմեդականներին ներգրավել տիեզերքի հետազոտության գործում:

Պատասխանելով այս հարցին` Դ’Սոուզան մեզ տեղափոխում է ավելի քան հարյուր տարի առաջ` վերադարձնելով դեպի Սեսիլ Ռոդսը` անգլիացիների կողմից Աֆրիկայի գաղութացման հերոսներից մեկը: Նա պատմության մեջ այն սակավաթիվ մարդկանցից է, որի անունով երկիր է անվանվել` Ռոդեզիա: Անկախություն ստանալով` այն Զիմբաբվե դարձավ: Այսօր Ռոդսին հիշում են որպես De Beers ընկերության հիմնադիր, որն այժմ էլ ալմաստի արդյունահանման առաջատար ընկերություններից է: Եվ շնորհիվ նրա` Օքսֆորդում հիմնած թոշակային հիմնադրամի, այդ համալսարանը հնարավորություն է ընձեռում ասպիրանտուրայում ուսանել անգլիալեզու երկրների համալսարանների շրջանավարտներին: Մասնավորապես, Բիլ Քլինթոնը` հարյուրավոր ամերիկացիներից մեկը, Ռոդսի թոշակ է ստացել:

Ռոդսը համոզված իմպերիալիստ էր, և մի անգամ, պատասխանելով հարցին, թե որքան հեռու կուզենար տարածել իր ազդեցությունը, ասաց. «Եթե կարողանայի, ապա անեքսիայի կենթարկեի մոլորակը: Ես հաճախ եմ մտածում այդ մասին»:

Երբ 1969թ. «Ապոլոն»  տիեզերանավը Լուսին հասավ, շատերն աշխարհում (մասնավորապես` Հնդկաստանում, որտեղ այն ժամանակ ապրում էր Դ’Սոուզան) այդ իրադարձությունն ընկալեցին որպես Լուսնի գաղութացման առաջին քայլ ԱՄՆ-ի կողմից: «Ես «երրորդ աշխարհի»  երկրից եմ և գիտեմ, թե ինչպես է ընկալվել այդ իրադարձությունը»,- գրում է Դ’Սոուզան:

Օբաման կիսում է  «երրորդ աշխարհի»  կարծիքը տիեզերքի հետազոտության մասին: Դրա համար էլ նա սառեցրել է ՆԱՍԱ-ի այն ծրագիրը, որը տիեզերական մաքոքների թռիչքներ է նախատեսում: Նրա հակագաղութատիրական մտածողությունը պահանջում է տիեզերքի հետազոտության մեջ ներգրավել «երրորդ աշխարհի»  երկրները: Մահմեդական երկրների ներգրավումն այս առնչությամբ միանգամայն տրամաբանական է թվում:

Նեոգաղութատիրության դեմ պայքարի մարտիկի տեսանկյունից միանգամայն տրամաբանական է նաև Բրազիլիայում խորջրյա նավթահորերի հորատման ֆինանսավորումը Մեքսիկական ծոցի մերձափնյա ջրերում: Օբաման կարծում է, որ ԱՄՆ-ը «չափից ավելի շատ է կերել». երկիրը, որտեղ համաշխարհային բնակչության միայն երեք տոկոսն է ապրում, սպառում է համաշխարհային էներգիայի 20 տոկոսը: Դա տեղի է ունենում ի հաշիվ գլխավորապես «երրորդ աշխարհի»  երկրների բնական հարստությունների շահագործման: Եվ նեոգաղութատիրության դեմ պայքարի մարտիկի տեսակետից ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա, եթե ամերիկացիները ձգեն գոտիները և հնարավորություն տան հարստանալու նախկին գաղութներին, այնպիսի երկրների, ինչպիսիք են Բրազիլիան և Մեքսիկան: Օբաման կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է կրճատի էներգիայի սպառումը: Այդ նպատակին կարելի է հասնել էներգիայի արժեքի բարձրացման ճանապարհով, ինչը տեղի կունենա, եթե Կոնգրեսը հավանություն տա Cap-and-Trade ծրագրին: Ներկայացուցիչների պալատն արդեն տվել է իր հավանությունը: Մնացել է Սենատը: Եթե ծրագիրն ուժի մեջ մտնի, կտրուկ կթանկանան բոլոր ապրանքները և ծառայությունները: Ամերիկացիների կենսամակարդակը կընկնի: Բայց դա էլ հենց այն նպատակն է, որին հետամուտ է նեոգաղութատիրության դեմ պայքարի մարտիկ Բարաք Օբաման:

Իսկ ինչ վերաբերում է Օբամայի` Ռայթի եկեղեցու ծխական դառնալու որոշմանը, ապա դրա մեջ ոչ մի գաղտնիք չկա: Ապագա նախագահն ինքն է բացատրել դա: Հենց որ Օբաման տեսավ Ռայթի եկեղեցու կողքին կախված «Ազատություն Հարավային Աֆրիկային»  կարգախոսը, անմիջապես հասկացավ, որ այս տեղը սազում է իրեն:

«Երկու Օբամաների երազանքն այն երազանքն է, որը ես ուզում եմ Ամերիկայի համար,- գրում է Դ’Սոուզան:- Իրականում Օբամայի երազանքը ամերիկյան մղձավանջն է»:

Ահա արդեն գրեթե երկու տարի մենք ապրում ենք այդ մղձավանջում:                                                     

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

COSA NOSTRA-Ն ԱՅՆՏԵՂ ՉԷ, ՈՒՐ ՓՆՏՐՈՒՄ ԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ

(նյութի մշտական հասցեն` http://www.armworld.am/archive.php-day=20&month=10&year=2010&lang=_arm#-paperid=3968&pageid=122811&lang=)

19.10.2010

Վերջին օրերին Հայաստանի գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները հաճույքով մեջբերումներ են կատարում ոչ թե արմատական ընդդիմության առաջնորդների, ոչ թե կառավարության ղեկավարների ելույթներից, որ Ազգային ժողովի քննարկման են ներկայացրել «ՀՀ 2011թ. պետական բյուջե»  անվանվող հաշվապահական հերթական հաշվետվությունը, այլ ամբողջ ուժով տարածում են Նյու Յորքի Հարավային օկրուգի դաշնային դատախազ Փրիթ Բհարարայի մերկացումները, որոնք հնչել էին հոկտեմբերի 13-ին Նյու Յորքում տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Դատախազի մեղադրական ելույթները հնչեցին նաև եվրոպական ու ամերիկյան զանազան կարգի ազատ ռադիոձայներում, որոնք ահա արդեն քանի տասնամյակ «շոյում»  են Հայաստանի և, ընդհանրապես, ԱՊՀ քաղաքացիների լսողությունը: Դրանց ձայնը լսվեց էլեկտրոնային «աչալուրջ»  բոլոր ԶԼՄ-ների կողմից` անկախ դրանց գրանցման վայրից և ֆինանսավորման աղբյուրների աշխարհագրությունից:

Սենսացիաների կարոտ շարքային քաղաքացուն ի՞նչ էր պատմում Նյու Յորքի Հարավային օկրուգի դաշնային դատախազը:

Մասնավորապես ասվել է, թե «ԱՄՆ իշխանությունները հայտարարել են հիմնականում հայերից կազմված հանցավոր խմբավորման 73 անդամների դեմ քրեական գործեր հարուցելու մասին, որոնք մեղադրվում են մի ամբողջ շարք հանցագործություններ կատարելու համար` բժշկական ապահովագրերի հետ կապված վիթխարի խարդախությունից մինչև կեղծված վարկային քարտերով մեքենայություններն ու մաքսանենգ սիգարետների և գողացված կամ ապօրինի արտադրված «վիագրայի»  առևտուրը»:

Ուշադրություն դարձրեք, խոսքը ամերիկյան սպառողական շուկան մաքսանենգ ծխախոտով լցրած մաքսանենգներին, առավել ևս ապօրինի բժշկական դեղամիջոցի` «վիագրայի»  արտադրողներին բռնելու մասին չէ: Խոսքը նրա՛նց բռնելու մասին է, ովքեր զբաղվում են դրանց առևտրով:

Հատկապես հոգեցունց էր, երբ դաշնային դատախազը բացահայտված հանցավոր խումբն անվանեց «միջազգային», ընդգծելով, որ «նրա ղեկավարները սերտ կապեր են ունեցել Հայաստանի հետ, կանոնավորապես այցելել են այդ երկիր և այնտեղ ձեռք բերել անշարժ գույք` ԱՄՆ-ում հանցավոր ճանապարհով ստացված միջոցներով»:

Տարօրինակ է, որ դաշնային դատախազն առանց ամերիկյան դատարանի վճռի` օրենքի խախտման համար կասկածյալներին արդեն բնորոշել է ոչ այլ կերպ, քան «հանցավոր խումբ»: Որքան հիշում եմ` անմեղության կանխավարկածը ԱՄՆ-ում դեռ վերացված չէ: Այս հայտարարության մեջ փաստորեն անուղղակի մեղադրանք կա և՛ Հայաստանի Կենտրոնական բանկի, և՛ իրավապահ մարմինների հասցեին, որոնք, ստացվում է, անհրաժեշտ զգոնություն չեն ցուցաբերել «կեղտոտ փողերի»  լվացումը կանխելու նպատակով: Չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, դեռ 2003թ. հոկտեմբերին վավերացրել է 1990թ. նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած Կոնվենցիան հանցավոր գործունեությունից ստացված եկամուտների լվացման, բացահայտման, առգրավման և բռնագանձման մասին` դրանով իսկ համապատասխան պարտավորություններ ստանձնելով:

Ընդ որում` դաշնային դատախազը, չգիտես ինչու, չի պարզաբանում, թե ինչն է խանգարել ԱՄՆ իշխանություններին, որոնք, ըստ նրա, արդեն ավելի քան մեկ տարի հետաքննում են այդ գործը, դեռ մեկ տարի առաջ ՀՀ իշխանությունների հետ հենց սաղմնային վիճակում կասեցնել Հայաստանում «կեղտոտ փողերի»  հանցավոր լվացումը: Չէ՞ որ ԱՄՆ-ն ինքն էլ FATF-ի (Financial Action Task Force on Money Laundering) ամենահեղինակավոր անդամներից է, միջազգային կազմակերպություն, որը հատուկ զբաղվում է փողերի լվացման դեմ պայքարի ռազմավարության մշակմամբ ու տարածմամբ` նպատակ ունենալով թույլ չտալ այդօրինակ եկամուտների օգտագործումը հանցավոր գործունեության մեջ և օրենքի սահմաններում պաշտպանել տնտեսական գործունեությունը «կեղտոտ փողերից»: Բայց դա այլ խոսակցության թեմա է:

Այնուհետև Փրիթ Բհարարան, կրկին խախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, այդ խմբավորումը համեմատել է «դասական Cosa Nostra-ի»  հետ, ավելացնելով, որ «ոչ լեգալ եկամուտների, աշխարհագրական ընդգրկման և հավակնոտության տեսակետից ավանդական մաֆիան կարող էր նախանձել հայ-ամերիկյան այդ խմբավորմանը»:

Համա թե գործունեություն են ծավալել հայրենակիցներս ԱՄՆ-ում, հա¯: Չափն անցել են գրողի տարածները: Լսելով դաշնային դատախազին` հենց նման հարց-գնահատականներ են դուրս թռչում շուրթերիցդ:

Հետո էլ ավելի հետաքրքիր է. ըստ նրա` հետաքննության ընթացքում բացահայտված, բայց դեռևս դատարանի վճռով չհաստատված փաստերը կարող էին «հիանալի կինոնկարի սցենարի հիմքը կազմել, բայց սա կինո չէ: Սա իրականություն է, որին մենք բախվել ենք, և մենք կօգտագործենք մեր ունեցած բոլոր ռեսուրսները, մեզ հասանելի գործիքներն այն բանի համար, որ պատասխանատվության ենթարկենք այդ ենթադրյալ գանգստերներին»: Պատկերն ամբողջացնելու համար ասենք, որ ամերիկյան պետությունը կալանման պահին հասցրել էր խարդախներին փոխանցել 35 մլն դոլար:

Լինելով Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացի, առաջին հերթին կուզենայի շնորհավորել ամերիկյան իշխանություններին հայ-ամերիկյան խմբավորման գործողությունների բացահայտման առիթով, որոնք հանցավոր են բնորոշվում: Եվ սա իմ կողմից կեղծավորություն չէ, քանի որ ԱՄՆ-ի ավելի քան միլիոն օրինապաշտ քաղաքացիներ հայ մարդիկ են, իսկ նրանցից հարյուր հազարավորներն օգտվում են ամերիկյան պետական ապահովագրական «Medicare»  ծրագրի ծառայություններից:

Միաժամանակ չափից ավելին է թվում այն աղմուկը, որ բարձրացվել է խարդախության մեջ կասկածվող հայկական ծագման անձանց բռնելու առնչությամբ: Բնականաբար, այդ աղմուկից չէր կարող չօգտվել թուրք-ադրբեջանական քարոզչությունը: Մեր հարևանների ագիտպրոպը անհապաղ օգտագործեց սույն իրադարձությունը հայատյացության քարոզչություն բորբոքելու համար` հայերի մասին հեռուն գնացող հետևություններով` ընդհանրապես և նրանց բարոյական նկարագրի մասին` մասնավորապես:

Բազմաթիվ հրապարակումներում մեր «մերձավոր»  հարևանները չէին խորշում հայտարարել նաև, որ ինչ-որ կապ է եղել «հանցավոր խմբավորման»  անդամների և Հայաստանի Հանրապետության իշխանական կառույցների միջև: Հավանաբար Փրիթ Բհարարայի բառերը` խմբավորման անդամների Հայաստան կատարած հաճախակի այցելությունների մասին, թուրք-ադրբեջանական ԶԼՄ-ների համար բավականաչափ հիմնավորում են նման հետևություններ անելու: Նրանք, չգիտես ինչու, անտեսել են, որ Միացյալ Նահանգների Հետաքննության դաշնային բյուրոն (ՀԴԲ) այս գործի հետաքննության ընթացքում օգնության համար չի դիմել Հայաստանի իշխանություններին: Այս մասին «Ամերիկայի ձայնին»  հարցազրույցում հայտարարել է ՀԴԲ-ի նյույորքյան բաժանմունքի քրեական բաժնի ղեկավար Դիեգո Ռոդրիգեսը: Ըստ նրա` դրա կարիքը չկար, քանի որ հետաքննությունը սևեռված էր ԱՄՆ-ում կասկածվողների գործունեության վրա:

Այս գործին Հայաստանի իշխանությունների հանցակցության մասին թուրք-ադրբեջանական գաղափարախոսների վարկածն անհապաղ յուրացրին նաև այն ԶԼՄ-ները, որոնք վերահսկվում են ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանի կողմից: Խաղարկելով հայաստանցիների և հայկական ծագմամբ ամերիկյան քաղաքացիների ձերբակալության փաստը` կոնգրեսի ագիտպրոպն իր քննադատության սուր ծայրն ուղղեց այդ խմբավորման անդամների ու Հայաստանի իշխանական կառույցների միջև իբր առկա սերտ կապերը ծամծմելուն:

Ավելին` լուրջ խորհրդածությունների է մղում նաև այն հանգամանքը, որ Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը հոկտեմբերի 15-ին Երևանում անցկացված ՀԱԿ հանրահավաքում հասցեագրված էր ոչ այնքան Հայաստանի երեք-չորս հարյուր քաղաքացիներին, որոնք հորդառատ անձրևի տակ լսում էին իրենց կուռքին, որքան հաշվարկված էր օտարերկրյա լսարանի համար: Հռետորը մորմոքվում էր. «Գրեթե օր չի անցնում, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և արտասահմանյան անկախ փորձագետները չնշեն, որ Հայաստանը գտնվում է աշխարհի ամենակոռումպացված պետությունների շարքում, և որ նրա իշխանություններն, ըստ էության, չեն պայքարում այդ համատարած չարիքի դեմ... Մեր օտար բարեկամները համառորեն չեն ուզում ընկալել, որ խնդիրը (նկատի ունի կոռուպցիայի դեմ պայքարը և ազնիվ ընտրությունների անցկացումը - Ա.Գ.) ոչ թե օրենքների անկատարությունն է, այլ դրանք կիրառելու կամքի բացակայությունը:

Անգամ մեր անկատար համարվող օրենքները միանգամայն բավարար են թե՛ արդար ընտրություններ անցկացնելու, թե՛ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու համար... Ժամանակն է, որ Արևմուտքը գիտակցի այս պարզ իրողությունը և մեր երկրի հանդեպ վարած իր քաղաքականությունը կառուցի դրա հիման վրա: Նրա կողմից (նկատի ունի Արևմուտքը - Ա.Գ.) մինչ այժմ դրսևորված հանդուրժողությունն այս հարցում և տարօրինակ գուրգուրանքը Հայաստանի կոռումպացված իշխանությունների նկատմամբ, որ բացատրվում է քաղաքական նկատառումներով, վերածվում է հանցագործության հայ ժողովրդի հանդեպ, ինչն արդարացում չունի»:

Փրիթ Բհարարայի և Դիեգո Ռոդրիգեսի նյույորքյան այն հայտարարություններից երկու օր անց, թե «կասկածյալները կանոնավորապես այցելել են Հայաստան, ինչը թույլ է տվել նրանց ԱՄՆ սահմաններից դուրս բերել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները», Լ.Տեր-Պետրոսյանի հղումները Արևմուտքին և միայն նրան, միանգամայն այլ երանգավորում են ստանում: Փաստորեն ՀԱԿ-ը հանրահավաքի ժամանակ իր ողջ քարոզչամեքենան օգտագործել է հաստատելու համար Թեմիսի ամերիկյան սպասավորների կիսատ ասված միտքը իբր ՀՀ իշխանական կառույցների և ընդհանրապես հանցավոր տարրերի ու մասնավորապես հայ-ամերիկյան խմբավորման սերտաճման մասին: Ըստ որում, դա հաստատելուն էր ուղղված նաև Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ելույթի դրույթն առ այն, որ իրողություն է իշխանությունների «համագործակցությունն արտասահմանյան մաֆիոզ կառույցների և քրեական տարրերի հետ... փողերի լվացումը...»:

Որպեսզի ընթերցողի մեջ տպավորություն չստեղծվի, թե փորձում եմ արդարացնել կոռուպցիայի դեմ մեր կառավարության և հանրապետության իրավապահ մարմինների կողմից մղվող միանգամայն ոչ արդյունավետ պայքարը, կոռուպցիա, որը հիմնականում հետևանք է, մեղմ ասած, կառավարության տնտեսական թույլ և անարդյունավետ քաղաքականության, որը պարարտ հող է ստեղծում մոնոպոլիաների և օլիգոպոլիաների, մրցակցությունը ճնշելու, խոշոր բիզնեսի ու իշխանության սերտաճման համար, վճռականապես պատասխանում եմ` ոչ: Պարզապես այդ հարցերի քննարկումը մեկ այլ, նույնպես խիստ պահանջված խոսակցության թեմա է:

Սակայն վստահաբար կարելի է ասել. կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է, որ մեր երկրի քաղաքական ղեկավարությունն անհապաղ միջոցներ ձեռնարկի, որը, ուզում եմ հուսալ, պատշաճ կամք կցուցաբերի և կարգուկանոն կմտցնի այս գործում` դրանով իսկ սասանելով հողը նրանց ոտքերի տակ, ովքեր անդադրում զբաղվում են քաղաքական շահարկումներով, ինչը, իր հերթին, նպաստավոր պայմաններ է ստեղծում դրսից մեր երկրի վրա ճնշում գործադրելու համար: Վստահ եմ, որ այս պայքարում Հայաստանի իշխանությունները միայնակ չեն լինի:

Այստեղ մտահոգիչ է բոլորովին այլ բան: Նախ` արդեն ակնհայտ է դարձել, որ հանցագործությունների կատարման մեջ կասկածվող հայ-ամերիկյան խմբավորման ձերբակալության շուրջ բարձրացված տիեզերական աղմուկը վաղուց սպասվում էր որոշակի ուժերի կողմից, ուստիև այն անմիջապես խլեց թուրք-ադրբեջանական ու տերպետրոսյանական քարոզչությունը, ընդ որում` միայն մի նպատակով. ԱՄՆ-ում գործող խաբեբաներին շաղկապել Հայաստանի իշխանությունների հետ: Ես չսխալվեցի` օգտագործելով «տիեզերական աղմուկ»  արտահայտությունը: Ինքներդ դատեք:

Այսպես. ԱՄՆ ապահովագրական շուկան կազմված է ավելի քան 5000 ընկերություններից, որոնց ակտիվները գերազանցում են 1,8 տրլն դոլարը: Ապահովագրողների ամենամյա կորուստները ԱՄՆ փորձագետները գնահատում են մոտ 100 մլրդ դոլարի չափով, ինչը կազմում է 1 հազ. դոլար ամերիկյան մեկ ընտանիքի հաշվով: Ամենահաճախակի հանցագործությունները կատարվում են բժշկական ապահովագրության մեջ, դրանից ամերիկյան պետությունն ամեն տարի ունենում է 80 մլրդ դոլարի վնաս, ավտոմեքենաների ապահովագրությունից` 14,5 մլրդ դոլար, արտադրության ընդհատումների ապահովագրությունից վնասը 1,3 մլրդ դոլար է և այլն:

Եվ ամենևին էլ պատահական չէ, որ 2009թ. մայիսի վերջին Բարաք Օբամայի վարչակազմի իշխանության գալով հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում, առողջապահության «Medicare»  ազգային համակարգում ստեղծվել է իրավախախտումների դեմ պայքարի հատուկ հանձնաժողով: Այս որոշումը շատ բանով պայմանավորված էր նրանով, որ ամերիկյան բժշկությունն ամեն տարի, կրկնում եմ, խարդախության հետևանքով կորցնում է 77-ից մինչև 270 մլրդ դոլար: Դա առողջապահության վրա պետական ընդհանուր ծախսերի 3-10%-ն է, որ ամեն տարի հասնում է մինչև 2,2 տրլն դոլարի: Ուզում եմ հուսալ, որ հարյուր միլիարդավոր դոլարներ հաշվվող այս բոլոր մեքենայությունների հետևում հայկական ծագմամբ ԱՄՆ քաղաքացիները չեն կանգնած (դատելով ռեզոնանսից կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությունից):

Միաժամանակ պարոն Փրիթ Բհարարային կուզենայի հուշել շատ ավելի հետաքրքիր, միանգամայն այլ սյուժե կինոնկարի սցենարի համար (որի մասին նա հիշատակում է իր հայտարարության մեջ): Խոսքը իրականում բոլոր ժամանակների խոշոր խարդախների մասին է (հայ-ամերիկյան խմբավորման արարքները նրանց ֆոնին պարզապես աղոտանում, խամրում են), որոնք հիմա էլ ողջ-առողջ ապրում են ԱՄՆ-ում:

Այսպես. 1997թ. ԱՄՆ-ի յոթ նահանգներում Columbia/HCA (այսուհետ` HCA) ընկերության գրասենյակներ եկան Միացյալ Նահանգների դաշնային կառավարական մարմինների գործակալներ: Իշխանությունների ներկայացուցիչները պարզեցին, որ այդ ընկերության (որն ԱՄՆ տարածքում վերահսկում է 340 կլինիկա, 130 վիրաբուժական կենտրոն և տանը բուժօգնություն տրամադրող 550 հաստատություն) կողմից ֆինանսական բազմաթիվ խախտումների հետևանքով ապօրինաբար յուրացվել են առնվազն 1,7 մլրդ դոլարի պետական միջոցներ:

ԱՄՆ իշխանություններն այդ կորպորացիային առաջարկեցին գանձարան վերադարձնել պետությունից գողացված միջոցները: Այդ գումարի կեսը` 840 մլն դոլար (այլ ոչ թե ինչ-որ 35 մլն դոլար, ինչպես ձերբակալված հայ-ամերիկյան խմբավորման դեպքում է), 1999թ. վճարեցին այդ ընկերության դուստր ձեռնարկությունները որպես տուգանք բժշկական կեղծ ծառայությունների տրամադրման դիմաց:

Որոշ ժամանակ անց ինքը` HCA ընկերությունը, վերադարձրեց ևս 376 մլն դոլար, որոնք նույնպես ընկերությունն ստացել էր ոչնչով չհիմնավորված հաշիվներով: Եվս 225 մլն դոլար վերադարձվեց ԱՄՆ գանձարան, որոնք ընկերությունն ստացել էր ապօրինի ճանապարհով. HCA-ն կաշառում էր բժիշկներին, որոնք այցելուներին բուժման էին ուղարկում հենց իր կլինիկաները:

Այստեղ հատկանշական է այլ բան. գործի դատաքննությունից անմիջապես հետո HCA ընկերության տնօրենների խորհուրդը ընկերության վարչության կազմից ազատեց այս բոլոր մեքենայությունների գլխավոր կազմակերպչին` Ռիչարդ Սքոթին: Նրան, իհարկե, 10 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարեցին, ինչպես նաև նրա սեփական տնօրինմանը թողեցին ընկերության 300 մլն դոլարի բաժնետոմսերը: Ինչո՞վ բլոկբաստերի լավ սյուժե չէ: Կարծում եմ, այս օրինակը շատ ավելի համադրելի է Cosa Nostra-ի արարքների հետ: Հիասքանչ ֆիլմ կստացվեր: Նման ֆիլմի համար սցենար գրելիս որպես խորհրդատու կարելի էր վերցնել այդ նույն Ռիչարդ Սքոթին:

Եթե նա հրաժարվեր, կարելի էր դիմել մեկ այլ պրոֆեսիոնալի (բայց մեքենայությունների մեխանիզմների բացահայտման գծով)` Մարկ Էյմսին, որը ս.թ. մայիսին խիստ հետաքրքիր հոդված է հրապարակել «Մեքենայություն. ամերիկյան նոր հանգուցային բառ»  վերնագրով (www.inosmi.ru/usa/20100506/159751538.html. հրապարակման բնօրինակը` Fraund: America’s News Watchword): Հրապարակման մեջ Մարկ Էյմսը հետաքրքիր պնդում է անում. «Դաժան ճշմարտությունն այն է, որ ԱՄՆ իշխանության ողջ կառուցվածքը` բանկերից ու քաղաքական գործիչներից մինչև զանգվածային լրատվության միջոցներ, մեքենայությունների և խաբեության համակարգի մասն են»:

Եվ որպես իր պնդման ապացույց հեղինակը բերում է 10 օրինակ, թե ինչպես է կազմակերպվել խարդախությունը, օրինակ, մեծ դեղագործության մեջ: Մասնավորապես նա ներկայացնում է այն փաստը, որ 2004թ. մայիսից մինչև 2010թ. մարտը դեղագործական առաջատար ընկերությունների խումբը, որում ներառված էին Pfizer-ը, Eli lilly-ն և Bristol-Myers-ը, ավելի քան 7 մլրդ դոլար է վճարել որպես տուգանային պատժամիջոց այն բժիշկներին կաշառք տալու, որոնք օգտագործման համար չհաստատված դեղորայք են դուրս գրել: Միայն Pfizer-ը 2004-ից մոտ 3 մլրդ դոլարի տուգանք է վճարել (ինչը այդ ընկերության շահույթի ընդամենը 1 տոկոսն է):

Հատկանշական է, որ աշխարհում ամենախոշոր Pfizer դեղագործական ընկերությունը «վիագրա»  դեղամիջոցի արտադրողն է, հենց այդ դեղամիջոցի կոնտրաֆակտն է, դատելով դաշնային դատախազի հայտարարությունից, վաճառել ԱՄՆ իշխանությունների կողմից մերկացված հայ-ամերիկյան խմբավորումը: Ամեն ինչ ճիշտ է, ցանկացած ընկերության օրինական շահերը պետք է պաշտպանել (անկախ նրանից, թե ինչպես է այն իր մեկ այլ գործունեության մեջ մանիպուլացրել այդ նույն օրենքով): Վստահ եմ, որ, հետևելով իմ համեստ խորհուրդներին, ֆիլմը կարող էր գրավիչ լինել, ընդ որում` առանձին նկարահանումներ չէր խանգարի անել Թուրքիայում և Ադրբեջանում, որտեղ կեղծիքը և խարդախությունը հարգի են, ինչը ֆիլմում նկարագրվող հանցագործություններին միջազգային երանգավորում կտար:

 

Հետգրության փոխարեն

Ես տարբեր տեսակի դավադրությունների տեսությունների կողմնակիցը չեմ, լինեն դրանք մասոնական, հրեական, մոնդիալիստական կամ բանկիրների, նավթագործների, կրոնական տարբեր տեսակի աղանդների դավադրություններ: Առավել ևս` սինկրետիկ դավադրության, որը միավորում է վերը նշվածներից մի քանիսը կամ բոլորը: Միաժամանակ դա չի խանգարում ինձ առանձին դիտարկումներ անել, այն է. հենց որ Հայաստանի ղեկավարությունը վերջնականապես կողմնորոշվեց Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության հետագա խորացմանն ուղղված իր արտաքին քաղաքականության ուղեգծի հարցում` ամրագրված ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարների ստորագրած N5 արձանագրությամբ, որի համապատասխան` ռուսական ռազմակայանի Հայաստանում գտնվելու ժամկետը երկարացվել է 49 տարով, հենց այդ ժամանակ անմիջապես, ասես հրամանով, սկսեցին բորբոքվել հանրահավաքային կրքերը Հայաստանի իշխանությունների կոռումպացվածության «մերկացումներով», «միջազգային կրիմինալի»  (գործելիս լինեն դրանք ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ռուսաստանում) հետ նրանց սերտաճմամբ:

Ավելին` հանկարծ որտեղից որտեղ` հեռավոր Մալայզիայից, որը Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ է, մեղադրանքներ հնչեցին Հայաստանի հասցեին առ այն, որ ազատագրված տարածքներից, որոնք վերահսկվում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից, թմրաթրաֆիք է իրականացվում:

Եվ այս քարոզչաբադիկն անմիջապես որսաց ադրբեջանա-թուրքական ագիտպրոպն ու բազմապատկեց էլեկտրոնային տասնյակ ԶԼՄ-ներով: Ընդ որում` ոչ ոք նեղություն չկրեց հարցնելու, թե ինչպես կարող են թմրանյութերը հայտնվել այնտեղ: Մի՞թե Ադրբեջանի տարածքից, գուցե Թուրքիայի՞: Ընդ որում` այս բոլոր կեղծ ու իրենց հետևանքներով վտանգավոր «մեղադրանքներն»  անմիջապես որդեգրվեցին տերպետրոսյանական քարոզչության կողմից:

Քարոզչական այս պատերազմի գագաթնակետը դարձավ ՀԱԿ-ի առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանի դիմումը ԱՄՆ-ին և Եվրամիության երկրներին` խնդրելով պատժել ՀՀ իշխանություններին, որը հնչեց Երևանում, 2010թ. հոկտեմբերի 15-ի հանրահավաքում:

Սա ի՞նչ է նշանակում: Մի՞թե իրոք «Դավադրության»  տեսություն գոյություն ունի, որն այժմ գլորվում է դեպի Հայաստան:

 

ՊԱՎԵԼ ՍՎՅԱՏԵՆԿՈՎ

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

(նյութի մշտական հասցեն` http://www.apn.ru/publications/article23263.htm)

18.10.2010

Խմբագրության կողմից. ԳԴՀ-ում բազմամշակութային հասարակության կառուցման նախագծի տապալման մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարության առնչությամբ АПН-ը վերահրատարակում է Պավել Սվյատենկովի հոդվածը, որում վերլուծվել է փոքրամասնությունների ֆենոմենն արդի հասարակությունում:

Արդի իրավիճակը բնութագրվում է ավանդական, ինդիվիդուալիստական հասարակության փլուզմամբ: Առաջին պլան են դուրս գալիս սոցիալական կառույցները, այն է` «փոքրամասնությունները»:

Ի՞նչ են փոքրամասնությունները: Փոքրամասնություններն ամենափոքր բջիջներն են, «անբաժանելի մասնիկներ», որոնց բաժանվում է արևմտյան հասարակությունը: Ընդունված է կարծել, թե Արևմուտքը ղեկավարվում է ինդիվիդուալիզմի սկզբունքներով: Ինդիվիդումները, հենվելով իրենց ազատ կամքի վրա, միավորվում են տարբեր ոչ պետական ասոցիացիաներում: Ասոցիացիաներն ազդեցություն են գործում կառավարության վրա: Այսպես է գործում քաղաքացիական հասարակությունը:

Սակայն նրանց համար, ովքեր ուշադիր հետևում են Արևմուտքի և հատկապես ԱՄՆ հասարակական կյանքին, գաղտնիք չէ, որ գլխավոր և առավել ազդեցիկ հասարակական միավորումները հենց փոքրամասնություններն են: Տարօրինակ իրավիճակ է. թվում է, թե փոքրամասնությունները ճնշված են: Ուրեմն, որքան ավելի ազատականացվում է պետությունը, որքան ավելի շատ է այնտեղ ազատությունը, այնքան փոքր պետք է լինի հասարակության և նրա փոքրամասնությունների դիմակայությունը, այնքան ավելի թույլ պետք է լինի փոքրամասնությունների ազդեցությունը պետական գործերի վրա: Բոլոր փոքրամասնությունները պետք է «եփվեն»  ամերիկյան քաղաքակրթության ձուլման կաթսայում:

Սակայն մենք տեսնում ենք միանգամայն հակառակ իրավիճակը: Հենց ԱՄՆ-ում, արևմտյան աշխարհի ամենազարգացած երկրում, փոքրամասնություններն աճում և բազմանում են: Որքան ավելի ազատական է համակարգը, այնքան ավելի շատանում են փոքրամասնությունները: Եթե մենք մտովի հայացք նետենք աշխարհին փոքրամասնություններին որպես սոցիալական կառույցներ դիտարկելու համար, ապա կտեսնենք, որ որքան շատ է զարգացած երկիրը, այնքան ավելի մեծ ազդեցություն ունեն փոքրամասնությունները: Որքան ավելի շատ ազատություններ և իրավունքներ են տրամադրվում պետության քաղաքացիներին, այնքան ավելի շատ փոքրամասնություններ են գոյանում նրա տարածքում: Ընդհակառակը, աղքատ երկրները փոքրամասնությունների հետ խնդիրներ չունեն: Կան կրոնական, ազգամիջյան խնդիրներ, բայց փոքրամասնությունների հետ խնդիրներ չկան: Սա միշտ չէ, որ կարելի է բացատրել երրորդ աշխարհի մեծամասնությունում առկա ուժեղ ճնշիչ ապարատի գոյությամբ: Ֆեոդալական և կապիտալիստական հասարակություններում շատ խմբեր, որոնք կարող էին հանդես գալ որպես փոքրամասնություններ, պարզապես գլխի չեն ընկնում այդ մասին: Նրանք չեն մտածել իրենց պահանջները պետությանը ներկայացնելու մասին:

Ֆեոդալական հասարակության համար բնութագրական է բաժանումն ըստ կրոնական սկզբունքի: Նույն հավատն ունեցողները, թեկուզև խոսեն տարբեր լեզուներով, կարող են անհամեմատ ավելի մոտ լինել միմյանց, քան այլադավան ցեղակիցները: Օրինակ, ժամանակակից Բանգլադեշը ստեղծել են մուսուլման բենգալացիները: Սակայն բենգալացիների մոտ կեսն ապրում է Հնդկաստանում: Ճիշտ է` այդ կեսը հինդուիզմ է դավանում: Կրոնը հաղթում է լեզվական միասնությանը:

Բուրժուական հեղափոխությունն ստեղծեց ազգի հասկացությունը: 20-րդ դարում ազգակերտումը գրավեց ողջ աշխարհը: Նույնիսկ կիսանախնադարյան աֆրիկյան ցեղերը փորձեցին կառուցել իրենց ազգային պետությունները: Ազգի համար բնորոշ է լեզվի և ընդհանուր մշակույթի միասնությունը: Ֆեոդալական հասարակությունն ստեղծում են կրոնը, տոհմը, ընտանիքը, կլանը: Ազգն ստեղծում են առանձին անհատները, որոնք միավորվել են համընդհանուր սկզբունքների հիման վրա` միասնական լեզու, մշակույթ և այլն:

Սակայն հին սոցիալական կառույցների ժամանակն անցնում է: Անորսալի, փափուկ քայլերով կապիտալիզմը ստվեր է մտնում: Հնարավոր է, որ արդեն առաջիկա մի քանի հարյուրամյակում կամ, ով գիտե, տասնյակ տարիների ընթացքում, այն չգոյության գիրկը կանցնի: Ճիշտ այնպես, ինչպես ֆեոդալական կարգի ընդերքում ծագեց կապիտալիզմը, կապիտալիստական կարգի ներսում ծնվում է նոր հասարակություն, որն առայժմ անուն չունի: Նրա սոցիալական կառույցներն այժմ արդեն երևում են: Դասակարգային հասարակության և ազգերի փոխարեն գալիս է մարդու և փոքրամասնությունների իրավունքների հասարակությունը:

Փոքրամասնությունները հասարակության արդյունքն են, որը կարելի է պայմանականորեն տեղեկատվական, հետինդուստրիալ և ինտելեկտուալ անվանել: Արդի հասարակությունից դուրս փոքրամասնությունները գոյություն ունենալ չեն կարող:

Արդի արևմտյան սոցիումը ենթարկվում է քայքայման փոքրամասնությունների կողմից: Սա նշանակում է, որ փոքրամասնությունների գործունեության ազդեցությամբ հասարակությունում ձևավորվում են նոր փոքրամասնություններ, դրանք ավելի են շատանում, և ահա ողջ հասարակությունը «պատվում»  է դրանցով` ասես ցանցով: Հիշենք. առաջին փոքրամասնություններն Ամերիկայում հայտնվեցին ազգային (հրեաներ, իռլանդացիներ) կամ կրոնական (մորմոններ, այդ նույն կաթոլիկ իռլանդացիները) հողի վրա: Սակայն այնուհետև նրանց ավելացան ռասայական փոքրամասնությունները (ՙաֆրոամերիկացիները»), հետո` գենդերայինը (ֆեմինիստները), էկոլոգիականը:

Ինչո՞վ է փոքրամասնությունը տարբերվում քաղաքացիական հասարակությունից: Նախ և առաջ` փոքրամասնությունը, որպես կանոն, հենվում է մարդու մի ինչ-որ նախաստեղծ, ի ծնե հատկության վրա: Օրինակ, մաշկի գույնի, ազգության, գենդերային պատկանելության, սեռական նախապատվությունների և էլի շատ բաների: Սակայն փոքրամասնությունը կառուցվածքայնորեն տարբերվում է ինչպես սովորական «շահերի ակումբից», այնպես էլ ֆեոդալական հասարակության համար ավանդական կլանից: Շահերի ակումբից դուրս գալը հեշտ է: Բավական է ընդամենը համապատասխան հայտարարություն անել և վճարել անդամավճարները: Փոքրամասնությունն այլ բան է: Փոքրամասնությունից դուրս գալ չկա: Այսինքն` դա անհամեմատ ավելի բարդ է, քան գրքասերների ակումբից դուրս գալը: Կարելի է դադարեցնել ակտիվ գործունեությունը սևամորթ ամերիկացիների իրավունքների պաշտպանության շարժման մեջ, սակայն ողջ կյանքում նեգր մնալ: Փախչելու տեղ չունես:

Դրան գումարած` փոքրամասնությունը հաճախ ջանում է իր անդամներին «կապել»  համատեղ իրականացված մի ինչ-որ ստորությամբ, որը հետո դժվար է արդարացնել հասարակության առջև:

Սակայն փոքրամասնությունների բոլոր տեսակների համար գլխավորն ու ընդհանուրը այլության զգացումն է: Փոքրամասնության համար բնութագրական է իրեն ոչ թե հասարակության, այլ ուրիշ, դրան դիմակայող կառույցի մաս զգալը: Փոքրամասնությունը սկզբունքորեն ձգտում է դուրս գալ պետության թելադրած օրենքների գործողությունից: Ինչ-որ իմաստով փոքրամասնությունը հավակնում է ներքին (ոչ ոք իրավունք չունի պարտադրել նրան խաղի կանոններ) և, մասամբ, արտաքին (ոչ ոք իրավունք չունի քննադատել փոքրամասնության գործողությունները) ինքնիշխանության:

Ամենևին էլ ոչ բոլոր ազգերը և/կամ սոցիալական խմբերն են, որոնք ապրում են օտար միջավայրում, փոքրամասնություն: Օրինակ, Մոսկվայում ապրում են տարբեր ժողովուրդների բազմաթիվ ներկայացուցիչներ: Սակայն նրանք առայժմ փոքրամասնություններ չեն ձևավորում: Մարդիկ պարզապես ապրում են, պահում իրենց մշակույթը, խոսում իրենց մայրենի լեզվով: Ուզում են` ինտեգրվում են տեղի հասարակությանը, ուզում են` չեն անում դա: Նույնը կարելի է ասել կրոնական և ցանկացած այլ խմբերի մասին:

Սովորաբար փոքրամասնությունն ի հայտ է գալիս բնակչության որոշակի խմբի համար հատուկ կարգավիճակի պահանջի արդյունքում: Որպես կանոն, այդ խումբը վառ արտահայտված ճանաչողական հատկանիշ ունի, որը թույլ է տալիս նրան իմը/ուրիշինը սահմանազատում անցկացնել: Այդ հատկանիշը կարող է լինել կամ ի սկզբանե տրված (որպես ազգություն), կամ ընդունվել տարբեր անհատների կողմից (ինչպես, օրինակ, կրոնական պատկանելությունն է):

Սակայն ճանաչողական հատկանիշը քիչ է: Գլխավորը վիրավորվածության, ճնշվածության, իրավունքների ոտնահարման զգացողությունն է, որը զգում են փոքրամասնության անդամները: Իրավունքների խախտումը կարող է լինել ինչպես իսկական, այնպես էլ թվացյալ: Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նույնիսկ փոքրամասնությունների իրավունքների լիակատար հավասարեցումը մեծամասնության հետ ամենևին էլ չի դադարեցնում փոքրամասնության գործունեությունը: Ընդհակառակը, այն հաճախ ուժեղանում է:

Փոքրամասնություններին ազգային և/կամ կրոնական խմբից արմատապես տարբերում է մի հանգամանք: Նրանք իրենց ասոցիացնում են քարոզչության ստեղծած որոշակի տեսակի կերպարի հետ: Այդ կերպարը բոլորովին էլ պարտադիր չէ, որ ունենա ինչ-որ նմանություն իրականությանը: Օրինակ, արմատական էկոլոգներն ավելի շուտ իրենց զուգորդում են, ինչպես իրենց է թվում, բնությունից «վիրավորվածի», քան մարդկանց հետ: Այստեղից էլ պայքարը վագրերի ու շնաձկների իրավունքների համար: Ճիշտ նույն կերպ Ամերիկայում սևամորթ փոքրամասնության իրավունքների շարժման առանձին ներկայացուցիչներ իրենց զուգորդում են դժբախտ և հալածյալ նեգրի կերպարի հետ: Ընդ որում` աֆրոամերիկացիների շարժման առանձին ներկայացուցիչներ սպիտակամորթ են. նրանք պարզապես իրենց նեգր են համարում: Բանն էլ հենց այն է, որ փոքրամասնության ներկայացուցիչների համար պարտադիր չէ իրենց որպես մարդ ընկալելը: Կարելի է որպես կետ կամ դելֆին ընկալելը: Կամ որպես նորածիններ, որոնց վիժեցրել են մարդասպան բժիշկները:

Քարոզչության ստեղծած տեղեկատվական կերպարն անհամեմատ ավելի մեծ դեր է խաղում փոքրամասնությունների ինքնության մեջ, քան ֆորմալ հատկանիշները: Նույնիսկ եթե փոքրամասնությունը հիմնված է ցեղային/կրոնական կամ ազգային հողի վրա, այն իրեն հարաբերում է քարոզչության արտադրած տեղեկատվական կերպարի, այլ ոչ թե մաշկի գույնի կամ աչքերի բացվածքի հետ:

Ուրեմն, ինչո՞ւ է արևմտյան հասարակությունը մասնատվում փոքրամասնությունների: Բանն ավելի շուտ արևմտյան հոսանքի ինդիվիդուալիզմի ճգնաժամն է: Առանձին մարդն անզոր է խոշոր արևմտյան կորպորացիաների հետ փոխգործակցության պարագայում: Անգամ ոչ թե պետությունը, այլ խոշոր ընկերությունը ցանկացածի «հախից կգա»: Այնինչ մարդու համար շատ կարևոր է հենվել մի ինչ-որ կայուն, մշտապես գոյություն ունեցող բանի վրա: Այդ ինչ-որ բանը չի կարող լինել շահերի խմբակը կամ նույնիսկ լոբբիստական ասոցիացիան: Ավարտվեցին ընդհանուր շահերը` կավարտվի նաև միավորումը: Փոքրամասնությունները շատ ավելի երկարակյաց են: Անգամ դրանց էկոլոգիական և ֆեմինիստական տարբերակները գոյություն ունեն տասնամյակներ: Դառնալով փոքրամասնության մասը` մարդը ձեռք է բերում պաշտպանություն կապիտալիզմից և ինքնավարություն կապիտալիստական աշխարհի կոշտ պետական կառույցներից:

Հենց սրանով են բացատրվում փոքրամասնությունների հաջողությունը և նրանց չափազանց մեծ տարածվածությունն ու աճող ազդեցությունն Արևմուտքում: Հաշվի առնելով փոքրամասնությունների զարթոնքը` անգամ համբավավոր «լռակյաց մեծամասնությունը»  նրանցից մեկն է թվում: Փոքրամասնություն, որը լռում է... 

Հրապարակվելէ «Русский удод»  ամսագրում, 2003թ. դեկտեմբերի 14-ին:

 

ԻԼԱՆ ԲԵՐՄԱՆ (ILAN BERMAN), Արտաքին քաղաքականության գծով ամերիկյան խորհրդի փոխնախագահ

ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿԱՅԻՆ «ՏԱՆԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ» ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՆՑ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԿՐԵՄԼԸ

(նյութի մշտական հասցեն` http://www.washingtontimes.com/news/2010/oct/15/inscrutable-russian-tandemocracy/)

15.10.2010

Անվանեք սա «նոր կրեմլաբանություն»: Սառը պատերազմի ժամանակներում քաղաքագետներն Արևմուտքում վերլուծում և ամենայն մանրամասնությամբ հակադարձում էին Մոսկվայից եկող ամենափոքր նորությանն իսկ` հուսալով գոնե փոքր-ինչ հասկանալ խորհրդային քաղաքական մեքենայի բարդ խճողվածությունը: Այսօր Ռուսաստանի գծով մասնագետները Վաշինգտոնում և եվրոպական մայրաքաղաքներում զարմանալիորեն համակված են նման գաղափարով` հանգամանալիորեն փորձելով պարզել ուժերի հարաբերակցությունը վարչապետ Վլադիմիր Պուտինի և նրա` մանրազնին կերպով ընտրված դրածոյի` ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջև:

Ռուսական «տանդեմոկրատիան», այն պահից, երբ Պուտինը 2008թ. նախագահական աթոռը զիջեց Դմիտրի Մեդվեդևին, մարտահրավեր է նետում կողմնակի դիտորդների բոլոր պարզեցված դասակարգումներին: Պուտինը չհակառակվեց Ռուսաստանի գործող սահմանադրությանը` իր համար պահպանելով նախագահի պաշտոնը, ինչպես շատերն էին սպասում: Բայց և չհեռացավ քաղաքական բեմահարթակից նախագահական կառավարման ժամկետն ավարտելուց հետո: Դրա փոխարեն նա նախագահի աթոռին բազմեցրեց սակավ հայտնի նորելուկի` միաժամանակ զգալիորեն ընդլայնելով վարչապետի (որի պարտականություններն էլ ստանձնեց ինքը) կաբինետի լիազորությունները: Արդյունքը եղավ իշխանության բարդ և խճճված բաժանումը, որի պայմաններում Պուտինը վերահսկում է ռուսական պետության ոչ պաշտոնական կողմը` այն կազմող հատուկ ծառայություններով, օլիգարխներով և շահերի կայացած բաշխմամբ, իսկ Մեդվեդևը պետության պաշտոնական «ֆասադն»  է` արտաքին աշխարհի հետ նրա փոխգործակցություններում:

Որքանո՞վ է կայուն այս համակարգը: Շատերը կուզենային մտածել, որ այնքան էլ չէ: Պուտին-Մեդվեդև երկյակի գոյության հենց ամենասկզբից դիտորդներն ակնդետ փորձում են դրանում գտնել ներքին անհամաձայնության և երկպառակության նշաններ:

Եվ իսկապես, նման բան կարծես թե կա: Մեդվեդևն ակնհայտորեն հանդես է գալիս ավելի առաջադեմ, ակտիվ դերում, քան իր նախորդը: Իր հայտարարություններում և ելույթներում նախագահը դրսևորում է կաշառող անկեղծություն կոռուպցիայի, որը ներթափանցել է Ռուսաստանի ողջ մշակույթի մեջ, և այն թերությունների հանդեպ, որոնք բնորոշ են երկրի իրավական համակարգին: Նա հորդորում է «խոր»  տնտեսական ռեֆորմներ իրականացնել, որոնք կոչված են Ռուսաստանն առաջ մղել նավթի ու գազի վրա կենտրոնացած ռեսուրսային կախյալ տնտեսության դրությունից դեպի ինովացիոն-տեխնոլոգիական զարգացում: Դմիտրի Մեդվեդևը հավակնոտ զինվորական բարեփոխման և զինված ուժերի վերակառուցման նախաձեռնողն է, որն ուղղված է Ռուսաստանի ռազմական հզորության օպտիմալացմանն ու թարմացմանը: Նա աշխատանքից ազատեց բավական թվով բարձրաստիճան կառավարական և տարածաշրջանային պաշտոնյաների աղաղակող անիրազեկության և կաշառակերության համար, խախտումներ, որոնք նախկին ժամանակներում Կրեմլն անտեսում էր և նույնիսկ խրախուսում:

Հավանաբար, այս շարքում ամենանշանավորը դարձավ սեպտեմբերի վերջին Մոսկվայի ամենազոր քաղաքապետի` Յուրի Լուժկովի ազատումը: Քաղաքապետի պաշտոնին նշանակվելու պահից` 1992-ից, Լուժկովը ռուսական քաղաքականությունում փաստորեն անձեռնմխելի դեմք էր. նրան պահում էին և՛ նրա հաջողությունները երկրի մայրաքաղաքի ղեկավարությունում, և՛ արտոնյալ խավի, էլիտայի աջակցությունը, որը ձևավորվել և հարստացել էր նրա կառավարման շրջանում: Սակայն վերջին ժամանակներս նա անթաքույց դուրս էր գալիս թույլատրելիի սահմաններից, ինչը հանգեցրել էր Կրեմլի հետ տարաձայնությունների, որն էլ հրապարակային քարոզչություն նախաձեռնեց և որի արդյունքը դարձավ, առանց ձևականությունների, Մեդվեդևի կաբինետի կողմից քաղաքապետի հեռացումը: Ռուսաստանի նախագահին համակրող դիտորդների կարծիքով, դա անհերքելի ապացույցը դարձավ այն բանի, որ Ռուսաստանի նախագահը վերջապես դուրս եկավ Պուտինի ստվերից:     

Նրանց լավատեսությունը բացատրելի է: Աչքի է զարնում, առնվազն, Մեդվեդևի վճռական հեռացումն «ուժեղ ձեռքի»  քաղաքականությունից, ավտորիտար կառավարումից, ինչը բնորոշ էր երկրի ղեկավարման պուտինյան ոճին: Սակայն, եթե մի կողմ թողնենք ազնիվ հայտարարությունները, ապա կստացվի, որ ռուսական պետության բուն էության իրական փոփոխությունների նշանները հազվադեպ են և փոքրաթիվ: Դա զգալի չափով բացատրում է «Ведомости»  թերթի այս գարնանն անցկացրած դիտարկման արդյունքները, որ ռուսների մեծամասնությունը միանգամայն հոռետեսորեն է վերաբերվում էական ռեֆորմների կենսագործման հավանականությանը:

Ռուս քաղաքացիները հոռետես լինելու բոլոր հիմքերն ունեն: Ռուսական պետության արտաքին պաշտոնական որոշ ատրիբուտների մեդվեդևյան կոսմետիկ փոփոխությունները ոչ մի կերպ չեն նվազեցրել Պուտինի ազդեցությունը ոչ ֆորմալ ոլորտում: Ընդհակառակը, դրանք նրան փաստորեն ուժեղացրել են: «Արևմտյան ժամանակակից վերլուծաբանությունը հետևում է վաղեմի միտմանը` սխալ մեկնաբանել Կրեմլի վարքագիծը, քանի որ այնտեղ փնտրում են լիբերալների և պահպանողականների սովորական դիմակայությունը,- այս գարնանը նշել է Newsweek-ի վերլուծաբանը: Իսկ իրականությունն այնպիսին է, որ լիբերալները` Մեդվեդևի ղեկավարությամբ, մարտահրավեր չեն նետում ուժայիններին. նրանք ծառայության մեջ են նրանց մոտ»:

Իսկապես, դիտելով Պուտինի և Մեդվեդևի տարօրինակ ու երկարատև սիմբիոզը` դժվար է չգալ այն հետևության, որ այսօրվա բաժանումը ռուսական քաղաքական համակարգում, ավելի շուտ, համապատասխանում է Կրեմլին հարկավոր քաղաքական իմիջի ձևավորման նպատակներին միջազգային հանրության աչքում, այլ ոչ թե արտացոլում է ռուսական պետական նավի շարժման ուղղության իրական, էական տարբերությունները: Ինչպես վերջերս որոշակի հեգնանքով նկատել է արտաքին քաղաքական շրջանակներում փորձառու հնաբնակներից մեկը վաշինգտոնյան հավաքում` «Պարզ է, որ Ռուսաստանում երկու ճամբար գոյություն ունի. Պուտինի ճամբարը և Մեդվեդևի ճամբարը: Հարցն այն է, թե դրանցից որին է պատկանում ինքը` նախագահ Մեդվեդևը»: 

 

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴՈԿՏՐԻՆՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ԴՐԱ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

(նյութի մշտական հասցեն` http://nationalidea.am/publications.php-id=5131&l=A)

13.10.2010

«Ռեգնում»  տեղեկատվական գործակալությունն այսօր գրեթե միաժամանակ երկու լուր տարածեց. մեկն` Ադրբեջանի բյուջեի ռազմական ծախսերի, մյուսն` այն համոզվածության մասին, որն ունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն Ադրբեջանի նավթադոլարներին հայկական միտքը հակադրելու առնչությամբ: Ըստ «Ռեգնումի»` Ադրբեջանը 2011-ի բյուջեով նախատեսում է գրեթե կրկնապատկել ռազմական ծախսերը: Այսպես, եթե 2010-ին ռազմական կարիքների համար ծախսվել է բյուջեի 10,7 տոկոսը, ապա 2011-ին նախատեսվում է ծախսել բյուջեի 19,7 տոկոսը կամ թվային արտահայտությամբ` 3 միլիարդ 100 միլիոն դոլար: Սա անհամեմատ ավելին է, քան Հայաստանի ամբողջ բյուջեն: 2011 թվականի համար բյուջեի ծախսային մասը պետք է հասնի մեկ տրիլիոն դրամի, որն ավելի քիչ է, քան 3 միլիարդ դոլարը:

Բայց մեր խնդիրն Ադրբեջանի բյուջեն ու ռազմական ծախսերը չեն, այլ հայ ժողովրդի տաղանդավոր միտքը, որը Հրանուշ Հակոբյանը պատրաստվում է հակադրել ադրբեջանական նավթադոլարներին: ՀՀ սփյուռքի նախարարը համոզված է, որ մենք չենք կարող հակադրվել նրանց դոլարների քանակով: Սա կարող է ներքին համոզմունք կամ լավ տեղեկացվածության արդյունք լինել. կառավարության անդամ լինելով` Հրանուշ Հակոբյանը կարող է իմանալ, թե ուր են հոսում մեր փողերը` ոչ թե պետբյուջե, այլ ինչ-որ մարդկանց բանկային հաշիվներ, և դրանք չի կարելի հակադրել նավթադոլարներին: Բայց սա չէ կարևորը, այլ մեր տաղանդավոր միտքը:

Հարց է առաջնում. որտե՞ղ է Հրանուշ Հակոբյանը տեսել հայ ժողովրդի տաղանդավոր միտքը, մինչև այժմ այդ միտքն ի՞նչ դրսևորումներ է ունեցել, որ Հրանուշ Հակոբյանը տեսել ու դրանից ոգևորված` որոշել է հակադրել նավթադոլարներին: Չէ՛, խոսքը հայ ժողովրդի անցյալին չի վերաբերում. Նարեկացուն, Քուչակին, Վիկտոր Համբարձումյանին կամ Ալիխանյան եղբայրներին: Նրանք, անշուշտ, տաղանդավոր, նույնիսկ հանճարեղ հայեր էին, բայց ներկա պայմաններում նրանց ադրբեջանական նավթադոլարներին հակադրելը մի քիչ դժվար կլինի: Պետք է հակադրել այն տաղանդավոր միտքը, որն այսօր կա, որը գործում և արդյունք է տալիս մեր ժամանակներում: Այդ տաղանդավոր մտքի հիմնական կորիզը պետք է գտնվեր Գիտությունների ակադեմիայում, բայց եկեք տեսնենք, թե ինչով է զբաղված ՀՀ ԳԱԱ-ն` նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ միասին: Պարոն Մարտիրոսյանի ուշքն ու միտքը Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած մի քանի ինստիտուտի շենքերը վաճառելն ու այդ գումարով ակադեմիայի շենքում եվրանորոգում անելն է: Նրա սիրտը կոմֆորտ է ուզում, դա բնական ցանկություն է: Նա ասում է, թե անհարմար է զգում, երբ օտարերկրյա հյուրերին ընդունում է հին մանրահատակով սենյակներում, թե դրանից տուժում է հայ մտքի փառքն ու պատիվը: Մի խոսքով` օտարված շենքերի հաշվին կատարված եվրանորոգումն ադրբեջանական նավթադոլարներին չես հակադրի: Կամ որ հակադրես` ի՞նչ օգուտ:

Նույնն է վիճակը մտքի մյուս օջախում` Գրողների միությունում: Որևէ մեկը կարո՞ղ է հիշել, թե համաշխարհային ճանաչում ստացած ինչ գործ են ստեղծել հայ գրողները վերջին 20 տարում: Պետք էլ չէ լարել հիշողությունը, քանի որ նման բան պարզապես չկա: Բայց դրա փոխարեն Գրողների միությունն իր տարածքը հատկացնում է էլիտար շինարարության համար: Կարո՞ղ ենք մենք Գրողների միության տարածքում իրականացվող էլիտար շինարարությունը հակադրել ադրբեջանական նավթադոլարներին:

Հրանուշ Հակոբյանն ուզում է հայրենասեր երևալ, բայց իրականում կատարյալ ֆաշիստ է: Ինչո՞ւ, որովհետև նրա հայտարարության ենթատեքստը հետևյալն է. ադրբեջանցիներն ունեն նավթ, մենք չունենք, մենք ունենք տաղանդավոր միտք, նրանք չունեն, այսինքն` մենք մարդ ենք, նրանք անասուն, ցածր ռասա: Այլ կերպ` եթե մենք մեր տաղանդավոր միտքը հակադրում ենք նրանց նավթադոլարներին, ապա նրանց մտքին ոչինչ չպետք է հակադրենք` վերջինիս բացակայության պատճառով: Բայց կարո՞ղ է Հրանուշ Հակոբյանը բացատրել, թե ինչու է մարդ ուզում ի ծնե խուլ ու համր լինել, երբ ելույթ է ունենում այդքան տաղանդավոր հայ ժողովրդի ֆիլհարմոնիկ նվագախումբը, այնինչ Ադրբեջանի սիմֆոնիկ նվագախումբն արդեն գրեթե միջազգային, այսպես ասենք, եվրաստանդարտներին է համապատասխանում: Կամ` ինչո՞ւ նավթային ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը զբաղված է էներգիայի այլընտրանքային միջոցների օգտագործմամբ և կառուցում է արևային մարտկոցներ արտադրող գործարան, որը շուտով արտադրանք կտա, իսկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեկնելով Չինաստան, ասում է, որ Հայաստանը շահագրգռված է նման տեխնոլոգիաներով: Դուք պատկերացնո՞ւմ եք գործարան կառուցելու և դրանում շահագրգռված լինելու տարբերությունը:

Հարցրեք վերջին 15 տարիների մեր մշակույթի նախարարներին, թե ինչով են զբաղվել, ինչ են արել հայի տաղանդավոր մտքի դրսևորման համար: Նույն հարցը հղեք Ադրբեջանի նախարարներին: Հակիրճ հստակեցնենք, որ Իլհամ Ալիևն այդպես էլ թույլ չտվեց, որ իր երկրի հաշվին, ասենք, Փոլադ Բյուլբյուլօղլու զավակի համար նվագախմբեր ստեղծեն, որ ողջ ազգն աշխատի մեկ երիտասարդի դիրիժոր դարձնելու համար, այսինքն` չդարձավ այդ միտքն ազգային գաղափար: Փոխարենը Ալիևը պետական գործչի քայլ կատարեց` հետևեց Ալեքսանդր Երկրորդի պատմական օրինակին: Խնդիր դրեց, որ ազգային օպերան և ֆիլհարմոնիկ նվագախումբը տարածաշրջանում բոլորից լավ պետք է հնչեն, և հասավ այդ խնդրի լուծմանը. Բաքու հրավիրեց արդի կատարողական արվեստի ականավոր դեմքերից մեկին` Մաքսիմ Վենգերովին, և Ադրբեջանում իրավիճակը կտրականապես փոխվեց: Դե, իսկ այդ նույն ժամանակ Հայաստանում մշակույթի նախարարները զբաղված էին մեկը մյուսի զավակների համար կվարտետներ, նվագախմբեր, լավ ուսումնատեղեր ստեղծելով, այլ մասնավոր հարցեր լուծելով: Արդյունքը` զրո, ինչը բնական է երկրում մշակութային քաղաքականության բացակայության պայմաններում:

Ընդհանրապես այն մտայնությունը, թե մենք տաղանդավոր, շա՜տ տաղանդավոր ենք, ուղղակի հանճարեղ ենք, որ մեր գենի մեջ մի ինչ-որ ֆենոմենալ, անբացատրելի հմայք կա թաքնված, հատուկ է հայ իշխանավորներից շատերին: Դա համարյա հասցված է պետական գաղափարախոսության մակարդակի, և պատահական չէ, որ դա արտահայտում է կառավարության անդամ Հրանուշ Հակոբյանը: Ո՞րն է պատճառը. Հրանուշ Հակոբյանը Հայաստանի պետության միջոցները ծախսում է ինչ-որ կասկածելի միջոցառումներ կազմակերպելու վրա: Այդ միջոցները կարող էին ուղղվել հայ մարդկանց սոցիալական կարիքները հոգալուն, երկրի պաշտպանունակության ամրապնդմանը, գյուղատնտեսության զարգացմանը, մի խոսքով` իրական, առօրյա հարցեր լուծելուն: Բայց միայն այն փաստը, որ այդ գումարները, կոնկրետ խնդիրների լուծման համար ծախսվելու փոխարեն, տրամադրվում են Հրանուշ Հակոբյանին` հայ ժողովրդի տաղանդավոր միտքը գովերգելու համար, ապացուցում է, որ ոչ մի միտք էլ չկա: Տաղանդավոր միտք ունեցող ոչ մի ազգ պարզապես թույլ չէր տա նման նախարար ունենալ, որն էլ այդպիսի հայտարարություններ կաներ:

Դեռ ոչ ոք պատմության մեջ թշնամի երկրին զիբիլի տեղ դնելով հաջողության չի հասել: Հատկապես հաջողություն չեն գրանցել նրանք, ովքեր թշնամու հզորությանը հակադրում են իրենց դատարկությունը` այն նախապես պարուրելով «տաղանդի»  թաղանթով:

 

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՏ Է ԿԱՆԳՆԵԼ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԻՑ

 (նյութի մշտական հասցեն`

http://online.wsj.com/article/SB10001424052748703794104575545663167622050.html)

12.10.2010

 «Անցյալ տարի` հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում, լարված բանակցություններից հետո Հայաստանը և Թուրքիան համաձայնության եկան, և երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանի բացման և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները:

Հայ-թուրքական հարաբերությունները փակուղում էին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հայաստանում մենք առաջնորդվում էինք այնպիսի ապագայի տեսլականով, որում սերունդները կապրեն խաղաղության և անվտանգության պայմաններում: Հայկական կողմի այս նախաձեռնությունը դրական արձագանք գտավ Թուրքիայի նախագահի կողմից, և դա մեզ թույլ տվեց վստահ ներդրում կատարել հաշտեցման երկարատև գործընթացի մեջ:

Մեր դիրքորոշումը արտացոլված էր հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների հայտնի մոտեցման մեջ: Դա էր Թուրքիայի հետ բանակցությունները սկսելու հիմնական սկզբունքը: Այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք գործընթացը և եկանք պայմանավորվածությունների: Միջազգային հանրությունը` սկսած շվեյցարացի միջնորդներից մինչև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, ԵԱՀԿ, ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա և շատ այլ երկրներ, գործընթացի սկզբից մինչ օրս կիսում է այս մոտեցումը:

Դժբախտաբար, Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից: Անկարան ոչ միայն խուսափեց արձանագրությունները վավերացնելուց, այլև վերադարձավ այն նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը:

Թվում է` մենք խոսում ենք տարբեր լեզուներով: Մի կողմից թուրքական իշխանությունները ձևացնում են, թե միշտ պահպանում են pacta sunt servanda (պայմանագրերը պետք է կատարվեն) սկզբունքը, սակայն, մյուս կողմից, նրանք հրաժարվում են իրենց իսկ կողմից ստորագրված համաձայնագրերը վավերացնելուց և իրագործելուց: Նրանք պնդում են, թե չունեն նախապայմաններ, ու որ նրանք պարզապես պահանջում են, որ մենք կատարենք այս կամ այն բանը, նախքան նրանք կկարողանան առաջ գնալ վավերացման գործընթացում: Արդյո՞ք սա նշանակում է, թե նրանք նախապայմաններ չունեն:

Թուրքիան փորձում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ: Նրանք ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում չեն ուզում հանդես գալ իբրև միջնորդներ, այլ ցանկանում են անմիջականորեն բանակցել հայերի ու ադրբեջանցիների միջև` լուծում գտնելու համար:

Ղարաբաղյան գործընթացին միջամտելու կամ Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան բանակցություններում առաջընթացի սեփական ընկալման հետ կապելու թուրքական կողմի ցանկացած փորձ վնասում է երկու գործընթացներին էլ: Սա այն դիրքորոշումն է, որը քանիցս ընդգծել են Հայաստան-Թուրքիա կարգավորման և ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարները, ողջ միջազգային հանրությունը: Միջազգային հանրությունը խոսում է մեկ լեզվով, իսկ թուրքական կողմը` մեկ ուրիշ:

Թուրքիան ձևացնում է, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է «համապարփակ լուծում»  ունենան, մեկ անգամ և բոլորի համար: Սա գեղեցիկ արտահայտություն է, բայց որքանո՞վ է այն իրատեսական: Սա զուտ հռետորաբանություն է. լոկ բառեր և ոչ գործողություններ:

Թուրքիան նաև երեսպաշտորեն օգտագործում է կարգավորման գործընթացը` որպես ծխածածկույթ այն անհիմն պնդման համար, թե տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումը կարող է վնասել կարգավորման գործընթացին: Մինչդեռ, մենք գործընթացի սկզբից թե՛ թուրք գործընկերների հետ շփումներում, թե՛ հրապարակավ պարզ ասել ենք, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարևորությունը:

Ճշմարիտ հաշտեցումը չի նշանակում մոռանալ անցյալը և երիտասարդ սերունդներին հրամցնել ժխտման հեքիաթներ: Չնայած այն փաստին, որ Թուրքիան 95 տարի շարունակ ժխտում է Հայոց ցեղասպանությունը, հայկական կողմը չպահանջեց դրա ճանաչումը` իբրև հարաբերությունների կարգավորման նախապայման: Պարադոքսալ է, որ հենց Թուրքիան է փորձում ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահարկել այս հարցը` դարձնելով այն նախապայման:

Հայաստանը նախաձեռնեց այդ գործընթացը և ջանք չխնայեց, որպեսզի այն հաջողությամբ պսակվի: Հանգամանքների բերումով, երբ թուրքական կողմը ողջ գործընթացը մղում էր դեպի փակուղի, Հայաստանը ստիպված էր կասեցնել վավերացման գործընթացը: Հայաստանը դեռ մնում է կարգավորման գործընթացում, ինչը աշխարհի ղեկավարների կողմից ըմբռնումով ընկալվեց և ողջունվեց:

Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններն ավարտվել են արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ո՛չ «լուռ դիվանագիտություն», ո՛չ Ցյուրիխի «երկրորդ շրջան», ո՛չ բանակցությունների որևէ նոր փուլ, ինչպես դա վերջերս փորձում է հաճախ ներկայացնել թուրքական մամուլը: Այս երկարատև գործընթացում առկախված միակ քայլը հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրագործումն է` առանց հետագա ձգձգման: Հայաստանը պատրաստ կլինի շարժվել առաջ, եթե Թուրքիան վերստին պատրաստ կլինի կարգավորման գործընթացում առաջ գնալ առանց նախապայմանների:

Այսօր աշխարհի տարբեր մայրաքաղաքներ հիշեցնում են, որ գնդակը թուրքական կիսադաշտում է, որ Հայաստանն իր բաժինն արել է, և որ Թուրքիան պետք է ձեռնարկի այն քայլերը, որ նա խոստացել էր կատարել»:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am