Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Նոյեմբեր 2010, N 10

ԱՇԽԱՐՀԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Այս տարվա նոյեմբերը սպասվածից առավել ակտիվ էր և իրադարձություններով հարուստ: Ու եթե այդ ակտիվությունը շատ դեպքերում չպսակվեց անհրաժեշտ արդյունավետությամբ, ապա հիշյալ հանգամանքն առանձնապես չանդրադարձավ այն հետևողականության վրա, որով քաղաքական դաշտի դերակատարները հիմնավորում էին իրենց ներկայությունն ու ազդեցությունը բախտորոշ գործընթացներում: Հավանաբար դրանում պակաս էական չէր տարին դեպի ավարտ հասցնելու շտապողականությունը, խնդիրների ավելցուկ բեռը ժամանակի մեջ թոթափելու պահանջը: Ամեն դեպքում, ամսվա բնորոշ առանձնահատկություններից մեկը եղավ սուր և կտրուկ քայլերի դիմելու գործելաոճը, ինչն էլ իր հերթին բերում էր համարժեք հակազդեցությունը:

Նոյեմբերի առաջին օրերի արժանահիշատակ դրվագներից մեկը Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդևի այցն էր Կուրիլյան կղզիներ, որն անմիջապես հարուցեց Ճապոնիայի վրդովմունքը և նույնիսկ պատճառ դարձավ դեսպանի հետկանչի համար: ՌԴ ԱԳ նախարարությունը դրան արձագանքեց կոշտ հայտարարությամբ` նշելով, որ ՌԴ նախագահի` Ռուսաստանի տարածքում իր այցելությունների երթուղիների ընտրության վրա ազդելու Ճապոնիայի փորձերը բացարձակ անընդունելի են և անհամատեղելի ռուս-ճապոնական բարիդրացիական հարաբերությունների բնույթի հետ: «Սա մեր հողն է, և Ռուսաստանի նախագահը եղել է ռուսական հողում»,- խնդրի վերջակետը միանշանակորեն դնում էին ռուսները: Ի դեպ, Մեդվեդևն առաջին նախագահն է, որ այցելում է Կուրիլյան կղզիներ:

Ռուսաստանից դժգոհ մնալու պատրվակ գտավ նաև Վրաստանը: Նոյեմբերի առաջին օրը Թբիլիսին տեղեկատվություն տարածեց այն մասին, որ այդ երկրում ձերբակալվել է 20 անձ` Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Բոլոր ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ էին, որոնք կասկածվում էին ճյուղավորված լրտեսական ցանց ստեղծելու համար` նպատակ ունենալով ձեռք բերել ու Մոսկվային փոխանցել պետական և ռազմական գաղտնիք ներկայացնող տեղեկատվություն: Առանձնահատուկ շեշտադրությամբ ընդգծվում էր և այն, որ խմբի երկու անդամները հայազգի քաղաքացիներ են: Սակայն Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց այդ փաստին:

Լրտեսական կրքերով հրապուրվելու գայթակղությունը չշրջանցեց նաև Թուրքիային: 12 սպաներ ու Գիտության և տեխնոլոգիաների գիտահետազոտական խորհրդի անդամներ ձերբակալվեցին, որոնք մեղադրվում էին Հունաստանին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեջ: Մասնավորապես, խոսքը արևմտյան հարևանի ու ՆԱՏՕ-ի գործընկերոջ կողմից հնարավոր ագրեսիայի դեմ պաշտպանության ծրագրերի, ինչպես նաև Հունաստանի վրա հարձակման ռազմավարության մասին էր: Ձերբակալվածների մեջ թուրքական ռազմածովային նավատորմի երկու ծովակալներ կային:

Մինչ Անկարան չեզոքացնում էր մի վտանգը, մյուսը ինքնաչեզոքացման քայլ կատարեց: Նույն օրերին Քրդական աշխատավորական կուսակցությունը, որը քառորդ դար ձգտում է քրդերի համար ինքնավարության հասնել Թուրքիայի տարածքի մի մասում, երկարաձգեց երկրի անվտանգության ուժերի հետ դիմակայության հրադադարը մինչև 2011 թվականի հունիս, երբ այդ երկրում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Թուրքիայի իշխանությունները որևէ կերպ չմեկնաբանեցին ՔԱԿ-ի այս որոշումը:

Ամսվա սկզբին աշխարհն ուշիուշով հետևում էր ԱՄՆ-ում անցկացվող միջանկյալ ընտրություններին, որտեղ մատուցվեց փոփոխություններից ամենաորոշիչը` հանրապետականները մեծամասնություն կազմեցին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, իսկ Դեմոկրատական կուսակցությունը պահպանեց իր վերահսկողությունը Սենատի նկատմամբ: Հանրապետականներին հաջողվեց դեմոկրատներից խլել 60 տեղ, ինչը նրանց այժմ հնարավորություն կտա լիովին վերահսկել Կոնգրեսի ստորին պալատը: Ստանալով ևս 6 լրացուցիչ տեղ Սենատում ու կրճատելով դեմոկրատների հետ ունեցած հարաբերակցության տարբերությունը` նրանք կրկին վերահաստատեցին իրենց մտադրությունների լրջությունը, իսկ նախագահ Բարաք Օբամային այլ բան չէր մնում, քան հաղթանակի կապակցությամբ շնորհավորել Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Ջոն Բեյներին: Նախագահը հույս հայտնեց, որ կհաջողվի ընդհանուր շփման եզրեր գտնել ու միասնաբար երկիրն առաջ մղել: Բայց ամենքն էլ հասկանում էին, որ առաջ ընթանալն այսուհետ այնքան էլ դյուրին չի լինելու:

Աշխարհն` աշխարհով, Չինաստանն իր ահռելի բնակչության հոգսերով: Նոյեմբերի 1-ին այստեղ մեկնարկեց երկրի պատմության մեջ 6-րդ համազգային մարդահամարը: Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 6 միլիոն հաշվողներ: Իշխանությունները նպատակ ունեին հաշվել ոչ միայն Չինաստանի բնակիչների թիվը, այլև ճշտել նրանց էթնիկ պատկանելությունը, կրթության մակարդակը, մասնագիտական կազմը և այլն: Բացի այդ, առաջին անգամ հաշվարկվելու էին ոչ միայն ՉԺՀ քաղաքացիները, այլև օտարերկրացիները:

Իսկ Բրազիլիան աշխարհին այս անգամ ներկայացավ իր պատմության մեջ առաջին կին նախագահով: Կառավարող Աշխատավորների կուսակցության (PT) ներկայացուցչուհի Դիլմա Ռուսեֆը հաղթեց նախագահական ընտրությունների վճռական երկրորդ փուլում: Նախկին դիսիդենտուհին քվեարկության արդյունքների հրապարակումից հետո առաջին ճառով դիմեց ազգին որպես պետության ընտրյալ ղեկավար` խոստանալով նվազեցնել սոցիալական անհավասարությունը և պայքարել աղքատության դեմ: Ռուսեֆը Բրազիլիայում հայտնի է որպես խիստ ղեկավար, նրան այժմ ավելի հաճախ են անվանում «երկաթե տիկին»:

Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինին «երկաթե» չէին անվանում: Սակայն նրա մահը մեծ կորուստ համարվեց Մոսկվայի համար: Չեռնոմիրդինն իսկապես այդ երկրի ամենահեղինակավոր և ճանաչված պետական գործիչներից էր: Նրա վարչապետության շրջանում Ռուսաստանին բաժին էին ընկել հետխորհրդային պատմության ամենադժվար ցնցումները, սոցիալ-տնտեսական կարգի փոփոխությունները, չեչենական առաջին պատերազմը և շատ այլ իրադարձություններ, որոնք փորձություն էին Ռուսաստանի համար: Ռուսները նրան հրաժեշտ տվեցին մեծ պատիվներով:

Նոյեմբերի առաջին տասնօրյակը դարձավ հերթական հիշեցումն այն մասին, որ ահաբեկչությունը կա ու մնում է իբրև մեր ժամանակների մեծագույն չարիք: Իրաքի մայրաքաղաք Բաղդադում միանգամից մի քանի պայթյուն որոտաց քաղաքի 8 շրջաններում, ինչի հետևանքով զոհվեց առնվազն 42 մարդ, ավելի քան 100-ը վնասվածք ստացավ: Նոյեմբերի 2-ին պայթյուն որոտաց նաև Աթենքում` Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության մոտ: Նման մեկ այլ պայթուցիկ փաթեթ էլ հայտնաբերվեց Բուլղարիայի դեսպանատան տարածքում: Դրա նախօրեին Հունաստանում հայտնաբերվել էին դարձյալ 4 ռումբ-փաթեթներ: Դրանցից մեկը պայթել էր փոստային բեռնատարում:

Շատ ավելի մահաբեր էր Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող մզկիթներից մեկում աղոթքի ժամանակ իրականացված ահաբեկչությունը, որի արդյունքում զոհվածների թիվն անցնում էր 5 տասնյակից, իսկ վիրավորվել էր նվազագույնը 90 հավատացյալ: Պայթյունն իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը: Այս ցավալի վիճակագրությունն իր աճի տեմպերը պիտի պահպաներ նաև հետագա օրերին:

Նոյեմբերի ողջ ընթացքում քաղաքական ամենատարբեր իրադարձությունների կիզակետում էր շարունակում մնալ մեր տարածաշրջանը: Փոքր ու մեծ դեպքերը, հարկի ու անհարկի գործընթացները պահպանում էին լարման անհրաժեշտ չափաբաժինը` մեծապես անդրադառնալով ներքին ու արտաքին կյանքի վրա: Նոյեմբերի 4-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ստորագրեց Վրաստանի նոր Սահմանադրությունը: Սա կարծես թե կարևոր շրջադարձ էր այդ երկրի կյանքում, սակայն այն ստվերվեց այսպես կոչված «ուրանի սկանդալով», որն այնուհետև լայն արձագանք գտավ աշխարհի տարբեր անկյուններում` արժանանալով ճշմարտանման ու մտացածին մեկնաբանությունների: Հայաստանի և Վրաստանի հատուկ ծառայությունների համագործակցության շրջանակներում ձերբակալվեցին ու դատվեցին երեք հայեր, ովքեր ապօրինի ճանապարհով Երևանից Վրաստան էին տեղափոխել հարստացված ուրան, որն, ըստ արևմտյան լրատվամիջոցների, կարող էր օգտագործվել միջուկային զենք պատրաստելու համար: Այս բացահայտումից անմիջապես հետո խնդիրն ուռճացվեց այն աստիճան, որ քիչ էր մնում Հայաստանը դասեին ռադիոակտիվ նյութերի մաքսանենգությամբ զբաղվող երկրների ցանկում: Սակայն հարևան Իրանի ներկայությունը և նրա ատոմային մտահոգություններն իրենց ծավալներով անհամատեղելի էին «հայկական փոքրիկ զանցանքի» հետ, և խնդիրն արագ մոռացվեց:

Փոխարենն անմոռաց մնացին Ադրբեջանում նոյեմբերի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, որտեղ, ինչպես և կանխատեսվում էր, իշխող կուսակցությունը զբաղեցրեց Միլի Մեջլիսի տեղերի գերակշիռ մասը: Հաղթանակը` հաղթանակ, միայն թե դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային կառույցներն ու ԵԱՀԿ մոնիթորինգային խմբերը հանդես եկան աննպաստ հայտարարություններով` նշելով ադրբեջանական ընտրությունների ավանդական թերությունները: «Ցավալիորեն, ամբողջ գործընթացի մեր դիտարկումները ցույց են տալիս, որ իրական ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար Ադրբեջանում անհրաժեշտ պայմաններ դեռևս չեն ստեղծվել: Մենք, մասնավորապես, մտահոգված ենք հիմնարար ազատությունների սահմանափակումներով, մամուլի կողմնակալությամբ, հասարակական կյանքում միայն մեկ կուսակցության գերակայությամբ և ընտրությունների օրը արձանագրված լուրջ ընտրախախտումներով»,- ասված էր ԵԱՀԿ հայտարարությունում: Կոշտ որակումների առատությամբ եվրոպացիներից հետ չմնաց նաև ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նույն օրերին հետաքրքիր զարգացումներ էին տեղի ունենում նաև Թուրքիայում: Դրանց շարքում առաջին հերթին հիշատակելի էր այսպես կոչված «Կարմիր գրքի» խմբագրման փաստը: Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը վերանայեց «գաղտնի սահմանադրություն» կոչեցյալ փաստաթուղթը և դրա արդյունքում Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից հանվեցին Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Սիրիան, Իրաքը, ինչպես նաև Իրանը: Փոխարենը նորացված տարբերակում ավելացվեց Իսրայելի անունը: Անկարայի գնահատականը, թե այս քայլով կատարվել են «սառը պատերազմից ի վեր ամենաարմատական փոփոխությունները», տարաբնույթ մեկնաբանություններ ունեցավ` կապված այն իրական նպատակների հետ, որոնք Թուրքիայի իշխանություններին դրդել էին նմանատիպ շրջադարձի:

Այդպիսի նպատակներից մեկն էլ դիտվում էր Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Դա չթաքցրեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, որը ժամանեց Մեծ Բրիտանիա` ստանալու Chatham House-ի կողմից իրեն շնորհված ամենամյա մրցանակը: Լոնդոնում ունեցած իր ելույթում Գյուլն առանց անուններ տալու քննադատեց ԵՄ որոշ առաջնորդների: «Լիարժեք անդամակցության համար Թուրքիան կանի այն ամենը, ինչ ստանձնել է: Դեռ չգիտեմ` մինչև 2025 թվականը Թուրքիան կդառնա՞ լիիրավ անդամ: Ով իմանա, գուցե հենց թուրք ժողովուրդը չկամենա լիիրավ անդամ դառնալ: Բայց ամեն դեպքում այս պահին ակնհայտ է, որ ԵՄ որոշ առաջնորդներ անարդարացիորեն Թուրքիայի դեմ խոչընդոտներ են ստեղծում»,- դժգոհեց նա:

Եվրոպան նույնպես անպատասխան չթողեց: Օգտագործելով այն առիթը, որ Ավստրիայում Թուրքիայի դեսպան Կադրի Էջվետ Թեզջանը մեղադրել էր Ավստրիայի իշխանություններին արտասահմանցիների նկատմամբ խտրականություն կիրառելու համար, Ավստրիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց և նույնիսկ սպառնաց խզել բոլոր դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ: Թուրքիայի արտգործնախարարությունը ստիպված էր խնդրանքով դիմել պաշտոնական Վիեննային, որպեսզի այդ ամենը չանդրադառնա ավստրո-թուրքական հարաբերությունների վրա:

Սրանցով հանդերձ փաստ էր նաև այն, որ նոյեմբերի 11-ից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը 6 ամսով անցավ Թուրքիային: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այդ կապակցությամբ հայտարարեց, որ դեպքերի նման զարգացումը ցույց է տալիս Թուրքիայի ժողովրդավարության մակարդակը: Գալիք կես տարվա ընթացքում Թուրքիան կքննարկի ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բարեփոխումների անցկացման հարցերը, անկախ աուդիտորական մեխանիզմների աշխատանքը, ԵԽ-ի անդամակցումը Եվրոպայում մարդու իրավունքների ու հանդուրժողականության ամրապնդման մասին Եվրոպական կոնվենցիային:

Նշենք, որ 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիայի անդամակցությունը Եխ-ին դադարեցվել էր:

Դեպի քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերությունների սերտացման էր ձգտում նույնիսկ փոքրիկ Մոլդովան: Այդ երկրի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը հայտարարեց, թե իրենք պատրաստվում են եկող տարի Եվրամիությանն անդամագրման հայտ ներկայացնել, քանի որ հանրապետությունն արդեն մեծ հաջողություններ է արձանագրել եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումներ իրականացնելու գործում:

Ի տարբերություն Մոլդովայի, Վրաստանի բախտը, կարելի է ասել, բերել է, քանի որ վերջինիս բացահայտ կերպով էին հրավիրում եվրոպական ընտանիք: Համենայնդեպս, իրավիճակն այդպես էին ներկայացրել վրացական ԶԼՄ-ները, հաղորդելով, թե Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն Միխեիլ Սահակաշվիլու հետ անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանը պետք է պաշտոնապես դիմի Եվրամիությանն անդամակցելու համար: Սակայն արդեն հաջորդ օրը Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հերքել էր այդ հաղորդագրությունները` հայտարարելով, որ «Եվրոպական ընկերակցությանն անդամակցելու մասին խոսք չի եղել, քննարկվել են ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների և ազատ առևտրի գոտու ստեղծման թեմաները»:

Իսկ մինչ այդ աշխարհի ուժեղները տարված էին շատ ավելի գլոբալ խնդիրների արծարծմամբ: Հենց այդ նպատակի համար էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տասնօրյա շրջագայության մեկնեց Ասիայի երկրներ` ուղևորության անհրաժեշտությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ Ասիան չափազանց կարևոր է իրենց արտաքին քաղաքական ռազմավարության համար, քանի որ այնտեղ են գտնվում աշխարհում ամենաարագ զարգացող շուկաները: Իսկ այնուհետև Օբամայի վերջին կանգառը դարձավ Սեուլը, որտեղ նոյեմբերի 11-ին գումարվեց Մեծ քսանյակի (G-20) գագաթաժողովը: Գերտերությունների հավաքի օրակարգում ներառվել էին տնտեսական աճի գլոբալ դիսբալանսների, արժութային փոխարժեքների և ֆինանսական շուկաների կարգավորման, միջազգային ֆինանսական կազմակերպությունների բարեփոխումների և հարակից այլ հարցեր: Նույն օրերը նշանավորվեցին մի շարք երկկողմ հանդիպումներով, որոնցից հիշարժան էին ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևի առանձնազրույցը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչպեսև Օբամա-Էրդողան երկխոսությունը:

Եթե նոյեմբերի կեսերին տեղի ունեցած իրադարձությունների մի մասը նախկին դեպքերի տրամաբանական շարունակությունն էր դառնում, ապա քիչ չէին նաև նոր բացահայտումներն ու չնախատեսված հանգուցալուծումները: Դրանց շարքում հատկանշական էր Ղազախստանի իշխանությունների որոշումը, որոնք ի հեճուկս Ռուսաստանի, թույլատրեցին Միացյալ Նահանգներին երկրի օդային տարածքով ռազմական ու այլ փոխադրումներ իրականացնել դեպի Աֆղանստան: Երկու երկրների միջև համապատասխան պայմանագիրը ստորագրվեց նոյեմբերի 12-ին: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Ղազախստանը թույլատրում է իր օդային տարածքով ոչ միայն ռազմական ինքնաթիռների թռիչքների, այլ նաև կոմերցիոն չվերթների իրականացումը դեպի Աֆղանստան:

Նույն օրերին ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ մշակել են պլան, ըստ որի 2010-2012թթ. ընթացքում աֆղանական շրջաններում վերահսկողության իրականացումն աստիճանաբար կհանձնեն տեղական զինված ուժերին, իսկ ամերիկյան ռազմական ուժերը երկրից ամբողջությամբ դուրս կգան 2014-ին: Նկատենք, որ այդ պլանի որոշ դրույթներ պարզապես կրկնում էին Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերման մասին փաստաթղթի գործողությունները: Սակայն «Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն իսկույն ևեթ սառը ջուր լցրեցին ամերիկացիների լավատեսության վրա` ահաբեկչական նոր գործողություն իրականացնելով աֆղանական Ջալալաբադ քաղաքի օդանավակայանում: Օդանավակայանի մերձակայքում երեք պայթյուն որոտաց: Մահապարտներով լցված մեքենան ներխուժել էր օդանավակայանի տարածքում տեղակայված ռազմաբազա, որտեղ բնակվում էին օտարերկրացի ու աֆղան զինծառայողներ:

Մոլորակի այլ կետերում ևս տիրում էին անհանգստությունն ու քաոսը: Ինդոնեզիայի հարավային հատվածի Յավա կղզում գտնվող Մերապի հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասավ 240-ի: Հայիթիում բռնկված խոլերայի համաճարակը խլեց 1038 մարդու կյանք: Խոլերան մինչ այդ երբեք չէր հայտնվել Հայիթիում, և նրա մահացու տարածումը իսկական խուճապ առաջացրեց այդ երկրում: Վիետնամի կենտրոնական հատվածում հերթական ջրհեղեղը մեծ ավերածություններ պատճառեց, իսկ աղետի զոհերի թիվը շուրջ 180-ի էր հասել:

Իսկ այնտեղ, որտեղ բնությունը չէր տնօրինում մարդկանց ճակատագիրը, մարդիկ իրենք էին վճիռներ արձակում: Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հայտարարեց, որ չի ստորագրի երկրի նախկին վարչապետ Թարիք Ազիզի մահապատժի դատավճիռը: «Ո°չ, ես չեմ ստորագրի Թարիք Ազիզի մահապատժի դատավճիռը, քանի որ սոցիալիստ եմ: Ես համակրում են Թարիք Ազիզին, քանի որ նա քրիստոնյա է, բացի այդ, նա ծեր է` 70-ն անց մարդ»,- ասել էր մեծահոգի Թալաբանին: Հիշեցնենք, որ Իրաքի Գերագույն քրեական դատարանը դեռ անցյալ ամիս Ազիզին մահապատժի էր դատապարտել` կախաղանի միջոցով: Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 1982 թվականին իրաքցի շիաների հետ հաշվեհարդար տեսնելու մեջ:

Նախկինների հանդեպ քաղաքակիրթ Ֆրանսիայում միանգամայն այլ վերաբերմունք կար: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նոյեմբերի 15-ին հանձնարարեց պաշտոնաթող վարչապետ Ֆրանսուա Ֆիոնին ձևավորել երկրի նոր կառավարությունը: Նշենք, Ֆիոնի կառավարությունը հրաժարական էր տվել, որն ընդունվել էր Սարկոզիի կողմից: Վերլուծաբաններն այս առիթով շտապեցին անմիջապես արձանագրել, որ այն փաստը, որ երկրի նոր կառավարությունը ձևավորվելու էր հին վարչապետի գխավորությամբ ու նախկին նախարարներով, լոկ «PR» ակցիա էր: Այն միտված էր բարձրացնելու Սարկոզիի վարկանիշը, որն ընկել էր կենսաթոշակային աղմկահարույց բարեփոխումների հետևանքով:

Քաղաքական գործիչների վարկանիշի աճը շատ դեպքերում նույնանում էր երկրի վարկանիշի հետ: Իսկ հանուն այդ նպատակի ոչ մի զոհողություն ավելորդ չէր դիտվում: Այսպես, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրամանով Իրանի ողջ տարածքում մեկնարկեց «Երկնքի պաշտպաններ վելայաթ 3» պայմանական անունը կրող լայնամասշտաբ զորավարժությունը: Առաջին անգամ էր, որ ողջ երկրի տարածքով և երկրի բոլոր ուժային կառույցների մասնակցությամբ նմանատիպ լայնածավալ զորավարժություն էր անցկացվում: Ներգրավված էին բանակի, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ոստիկանական ուժերի ՀՕՊ զորամիավորումները, օգտագործվում էին ժամանակակից հրթիռներ, ՀՕՊ և ռադարային համակարգեր:

Ոչ պակաս լայնածավալ էին նաև ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամիավորումների մարտավարական զորավարժությունները, որոնց ներգրավված մոտոհրաձգային, զրահատանկային, հրթիռահրետանային, ինժեներական, հակաօդային, օդային և մյուս զորատեսակներին վիճակված էր իրենց պատրաստականությունը ցուցադրել ինչպես պաշտպանողական, այնպես էլ հակահարձակողական մարտերի վարման ժամանակ: Չորս փուլով անցկացված այս միջոցառումը քաղաքական նպատակներ էր հետապնդում` ի պատասխան Ադրբեջանի ռազմաշունչ նկրտումների:

Նույն` տարածաշրջանային հակասությունների համատեքստում էին դիտարկվելու հետագա օրերի փոքր ու մեծ իրադարձությունները` սկսած այն փաստով, որ վրացական կողմը դարձյալ հետաձգեց Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Վրաստան, և վերջացրած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած աշխատանքային ուղևորությամբ: Սակայն այդ ամենի յուրահատուկ ամփոփումը պիտի դառնար հոկտեմբերի 17-ին Բաքվում մեկնարկած Կասպյան երկրների առաջնորդների 3-րդ գագաթաժողովը, որին ներկա էին Ղազախստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքմենստանի ղեկավարները: Հանդիպման ընթացքում ստորագրվեցին փաստաթղթեր, քննարկվեցին մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես, Կասպյան հինգ երկրների կողմից մինչ այժմ չհամաձայնեցված և լուրջ տարաձայնությունների տեղիք տվող` Կասպից ծովի կարգավիճակի հարցը, ինչպես նաև անվտանգության ոլորտում համագործակցելու հեռանկարները: Միևնույն ժամանակ առանձնահատուկ ուշադրության նյութ դարձան Ղարաբաղյան հակամարտության թեման և Ռուսաստան-Իրան բարդ փոխհարաբերությունները:

Հաջորդ օրն արդեն միջազգային հանրության ուշադրությունը բևեռվեց Նյու Յորքի վրա: Այնտեղ կայանում էր եռակողմ հանդիպում, որին մասնակցում էին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը, Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դերվիշ Էրօղլուն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող բանակցություններում կողմերը քննարկեցին Կիպրոսի վերամիավորմանն ուղղված ջանքերի փակուղային վիճակը: Որքան էլ կարծիքներ էին հնչում, թե բանակցությունները բեկումնային ու շրջադարձային կլինեն Կիպրոսի խնդրին երկարաժամկետ լուծում գտնելու հարցում, սպասելիքներն առանձնապես չարդարացան: Կիպրոսի Հանրապետության կառավարությունը հայտարարեց, որ իրենք չեն հանդուրժի կղզու բաժանումը և շարունակելու են աշխատել, որպեսզի հյուսիսային տարածքներում թուրքական օկուպացիային վերջ տրվի:

Մի չարիք է արտաքին վտանգը, մեկ այլ` ոչ պակաս ծանր բեռ է, երբ այդ վտանգները ներսում են: Նոյեմբերի 18-ին ներքին սպառնալիքների զոհ դարձավ Մադագասկարը: Այդ երկրում բարձրաստիճան զինվորականների խումբը զավթեց իշխանությունը և արձակեց պետական բոլոր կառույցները: Իշխանությունը հանձնվեց 20 հոգուց բաղկացած զինվորական կոմիտեին: Երկրի` արդեն նախկին նախագահ Անդրե Ռեժուելինը հեռացավ Մադագասկարից:

Տագնապներից խուսանավելու հոգսերը նույն օրերին համակել էին նաև Գերմանիային: Այստեղ հայտարարվեց անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների խստացման մասին, ինչը կտևի մինչև տարեվերջ: Պատճառը մեկն էր` մեծացել է ահաբեկչությունների հավանականությունը:

Պետք է նկատել, որ այս նախապատրաստությունները լուրջ հիմքեր ունեն: Գերմանիայի ոստիկանապետը խոստովանեց, որ ներկայումս երկրում ահաբեկչությունների հավանականությունն ավելի բարձր է, քան երբևէ: Առիթը տեղեկություններն էին այն մասին, որ «Ալ Քաիդան» մինչև նոյեմբերի վերջ մտադրություն ունի ահաբեկչություն իրականացնել:

21-րդ դարի մարտահրավերներին հակազդելու շուրջ կարևոր հարցերի քննարկումն ու առաջիկա տասնամյակի ռազմավարական հայեցակարգի ընդունումն էր նոյեմբերի 19-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգի առանցքը: Փաստաթուղթը, որը նաև անվանում են «տեսլականի հռչակագիր», վերահաստատելու է, որ ՆԱՏՕ-ի հիմնական առաքելությունը Դաշինքի անդամ երկրների համատեղ ջանքերով իր տարածքի պաշտպանությունն է: Միաժամանակ այն ամրագրում է, որ դաշինքը կարող է գործողություններ իրականացնել աշխարհի ցանկացած տարածաշրջանում: Հայեցակարգում նաև նշվեց, որ 21-րդ դարի մարտահրավերներին հակազդելու համար ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է արդիականացնեն իրենց զինված ուժերը: Վտանգների թվում առանձնացվում էին ընդհանուր և ինտերնետային անվտանգությանը սպառնացող գործոնները, հրթիռային հարձակումները:

Սակայն նաև նշենք, որ հենց այս «Լիսաբոնյան հռչակագրում» էին ներառված այն դրույթները, որոնցից այնպես դժգոհ էր Հայաստանը: Մասնավորապես, հռչակագրի 35-րդ կետում ասված էր. «…Մենք կոչ ենք անում խուսափել այնպիսի քայլերից, որոնք կվտանգեն տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Մենք կրկին մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև կշարունակենք սատարել այդ տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հաշվի առնելով նշված սկզբունքները»: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 19-ին որոշեց չմեկնել Լիսաբոն և իր որոշումը բացատրեց նրանով, թե Հայաստանի համար անընդունելի են հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումները:

Լիսաբոնում արտասանված ևս մեկ հայտարարություն իր կարևորությամբ նոր հարաբերությունների սկիզբ կարող է նշանավորել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, արձանագրելով, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում եվրոպական նոր ժողովրդավարությունների առջև, որոնք կցանկանան դաշինքին անդամագրվել, միևնույն ժամանակ հավելեց. «ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար: Հակառակը, մենք ցանկանում ենք իրական ռազմավարական համագործակցություն Ռուսաստանի հետ և գործելու ենք համապատասխանաբար` ակնկալելով Ռուսաստանից փոխադարձություն այս հարցում»:

Մեկ այլ` ոչ պակաս կարևոր ու ներկայացուցչական հավաք գումարվեց Սանկտ Պետերբուրգում, ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, որին հաջորդեց Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 28-րդ նիստը: Հայաստանը նիստի աշխատանքներին մասնակցում էր դիտորդի կարգավիճակով: Այս քննարկումների օրակարգերում ընդգրկված էին շուրջ երկու տասնյակ հարցեր: Ընդունվեց ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի նախագծի նախապատրաստման ընթացքի մասին որոշումը:

Անդրադարձ եղավ 2010-2012թթ. հումանիտար ոլորտում իրականացվելիք ծրագրերին, կարևորվեց մինչև 2020թ. ԱՊՀ երկրների էներգետիկ ռեսուրսների արտադրման և օգտագործման համատեղ ծրագրերի իրականացումը: Արծարծվեցին նաև արտադրական ապրանքների անվտանգությանը և ԱՊՀ անդամ պետությունների արձանագրած մակրոտնտեսական արդյունքներին վերաբերող հարցեր:

Ասենք, տնտեսական ու ֆինանսական խնդիրներն, այսպես թե այնպես, մնում էին համընդհանուր մտահոգության առարկա: Նյու Յորքում կայացած միջազգային խորհրդաժողովում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրենի առաջին տեղակալ Ջոն Լիպսկին խոստովանեց, որ եվրոյի գոտու մի շարք երկրներում տիրող ներկայիս ֆինանսական ճգնաժամը կարող է սպառնալիքի տակ դնել համաշխարհային էկոնոմիկայի առաջխաղացման գործընթացը` հանգեցնելով վարկի թանկացմանը, փոխառությունների պայմանների վատթարացմանը և կապիտալի արտահոսքի: Այս մտահոգությունները լիովին կիսում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը «չափազանց լուրջ» համարեց եվրոյի շուրջ ստեղծված իրադրությունը: «Տակավին մեկ տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ միջոցներ է այժմ հարկավոր ձեռնարկել իրադրությունը շտկելու համար: Պետական դեֆիցիտների գոյացման է հանգեցրել բանկերի գործունեությունը: Այժմ հարկավոր է բանակցություններ վարել ծայր առած ճգնաժամի պատճառները վերացնելու համար»,- նշեց կանցլերը: Ըստ որում, Գերմանիան պաշտպանում էր ֆինանսական քաղաքականության նկատմամբ «խիստ պահանջները», սակայն միաժամանակ պարզորոշ հայտարարում էր համաեվրոպական արժույթին աջակցելու մասին:

Ելքեր ու լուծումներ գտնելու բարդ ճանապարհի վրա սայթաքումները քողարկելու անսովոր փորձեր էր կատարում Վրաստանը: Եվրախորհրդարանի ամբիոնից նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ի լուր ամենքի հայտարարեց, թե ռուս-վրացական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մտադրությունն ապացուցելու համար Վրաստանը հանդես է գալիս միակողմանի նախաձեռնությամբ և հայտարարում է, որ Վրաստանը երբեք ուժ չի կիրառի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Նրա խոսքով` «եթե նույնիսկ Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվի օկուպացիոն զորքերի դուրսբերումից, եթե նրա օկուպացիոն ջոկատները կրկնապատկեն մարդու իրավունքների խախտումը, Վրաստանն իրեն միայն պաշտպանության իրավունք կվերապահի այն 80 տոկոս տարածքի վրա հարձակման դեպքում, որը վերահսկում է Վրաստանի կառավարությունը»: Առաջին հայացքից պիտի թվար, թե սա Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ լուծում ենթադրող համարձակ նախաձեռնություն է: Սակայն իրավիճակի պարզագույն կշռադատումն արդեն իսկ հուշում է, որ Թբիլիսին ընդամենն իրերը կոչեց իրենց անուններով, այլապես շատ դժվար պիտի լիներ պատկերացնել, թե վրացիներն ինչպես էին ուժ գործադրելու ռուսների նկատմամբ:

Իսկ ինչ վերաբերում է վրաց-ռուսական աղերսների ճշմարիտ պատկերին, ապա դա լիովին արտացոլվեց Վրաստանի խորհրդարանի փակ լսումների ժամանակ, որտեղ որոշում կայացվեց աշխատանք տանել միջազգային տարաբնույթ կազմակերպությունների հետ` վերջիններիս ուշադրությունը հրավիրելու Սոչիում օլիմպիադա անցկացնելու գաղափարի աննպատակահարմարության վրա: Առաջարկներ հնչեցին բողոքի ակցիաներ կազմակերպել տարբեր երկրներում, աբխազ փախստականների անունից կոլեկտիվ նամակներ ուղարկել ՄՕԿ, միջազգային մամուլում լուսաբանել ստեղծված իրավիճակը, այսինքն` ամեն ինչ անել` համոզելու միջազգային հանրությանը, որ օլիմպիադայի անցկացման վայրը տեղափոխվի: Ողջ քննարկման ընթացքում խորհրդարանականների ոգևորությունը ջլատում էր միայն այն փաստը, որ ի սկզբանե Վրաստանը ողջունել էր ՄՕԿ-ի` օլիմպիադան Սոչիում անցկացնելու որոշումը:

Եթե ռուս-վրացական առճակատումն այս պահին գոնե անարյուն է, ապա նույնը չի կարելի ասել երկու Կորեաների մասին, որոնք նոյեմբերի ամենալուրջ ճգնաժամը հարուցելու առիթը դարձան: Նոյեմբերի 23-ի առավոտյան աշխարհը տեղեկացավ այն մասին, որ Հյուսիսային Կորեայի բանակը հանկարծակի հրակոծության էր ենթարկել Դեղին ծովում գտնվող հարավկորեական Յոնփհոնդո կղզին: Կղզու ուղղությամբ ավելի քան 200 հրթիռ արձակվեց: Ավերվեց շուրջ 80 բնակելի շինություն, եղան զոհեր ու մեծ թվով վիրավորներ: Տեղի բնակչությունը տարհանվեց, իսկ հրթիռակոծությունը դադարեցվեց միայն այն բանից հետո, երբ ագրեսիային ի պատասխան` օդ բարձրացավ հարավկորեական ռազմական ավիացիան և նույնպես հարվածներ հասցրեց Հյուսիսային Կորեայի տարածքին: Ամենքը խորապես համոզված էին, որ դա նոր պատերազմի մեկնարկն էր: Տասնյակ երկրներ ու միջազգային կառույցներ իրենց վրդովմունքն արտահայտեցին և կողմերից պահանջեցին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: ԱՄՆ-ը, ի պաշտպանություն Սեուլի, այնտեղ ուղարկեց հածանավ, օդուժ և 6 հազար զինվոր: Բայց Փհենյանը հանդարտվելու մտադրություն չուներ: «Հյուսիսային Կորեան առանց տատանվելու կձեռնարկի երկրորդ և նույնիսկ երրորդ գրոհը, եթե հարավկորեացի սադրիչները վերստին դիմեն խելացնոր ռազմական սադրանքների»,- հայտարարեց ԿԺԴՀ-ի ռազմական գերատեսչությունը` մերժելով Հարավային Կորեայի հետ գեներալների մակարդակով բանակցություններ անցկացնելու առաջարկը: Եվ նոյեմբերի 26-ին հրետանային համազարկերը վերստին կրկնվեցին:

Մինչ աշխարհի թեժ կետերի քարտեզի վրա նոր օջախի հայտնվելու հիմքեր էին ստեղծվում, հին հակամարտությունները շարունակում էին պահպանել իրենց նախկին հրատապությունը` որևէ կերպ չցանկանալով առաջնությունը զիջել նորեկներին:

Եթե նույնիսկ շրջանցելու լինենք Ղարաբաղյան հակամարտության թեման, որտեղ գործը բազմապիսի ու բազմաբնույթ հայտարարություններից այն կողմ այդպես էլ որևէ լուրջ քայլ չարձանագրեց, ապա լիակատար ձախողման սպառնալիքը վերստին կախված էր մնում նաև Կիպրոսի խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վրա: Կողմերը հիմնական կետերի շուրջ անհաշտ դիրք էին բռնել, և դա մտահոգել էր ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որը հույսեր էր փայփայում իր խաղաղարար առաքելությամբ բեկում մտցնել գործընթացում: «Իմ անհանգստությունն է առաջացնում այն փաստը, որ 2011 թվականի երկրորդ քառորդի քաղաքական մթնոլորտն, ամենայն հավանականությամբ, չի նպաստի կառուցողական բանակցություններ վարելուն»,- ի վերջո խոստովանեց գլխավոր քարտուղարը` նկատի ունենալով մայիսին խորհրդարանական ընտրությունները Կիպրոսի Հանրապետությունում և հունիսյան ընտրությունները Թուրքիայում:

Ոչ մի լավ բան չէին խոստանում նաև Թուրքիայի վարչապետի Լիբանանում արած հակաիսրայելական հայտարարությունները: Պաշտոնական այցով Լիբանանում գտնվող Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 25-ին հայտարարեց, որ իր երկիրը չի լռի, եթե Իսրայելը վերստին հարձակվի Լիբանանի վրա: «Մի՞թե Իսրայելը կարծում է, որ կարող է ամենաժամանակակից ինքնաթիռներով ու տանկերով ներխուժել Լիբանան, սպանել կանանց ու երեխաներին, ավերել դպրոցներն ու հիվանդանոցները և դրա հետ մեկտեղ ակնկալել, որ մենք կլռենք: Մի՞թե Իսրայելը կարծում է, որ կարող է ամենաժամանակակից զենք, ֆոսֆորային լիցքով արկեր և կասետային ռումբեր օգտագործել Գազայում երեխաներին սպանելու համար ու միաժամանակ ակնկալել, որ մենք կլռենք»,- հայտարարեց Էրդողանը` Բեյրութում ելույթ ունենալով արաբական ամենամյա բանկային համաժողովում: Հետզհետե պարզ էր դառնում, որ Անկարայի հարաբերությունները Վաշինգտոնի ու Թել Ավիվի հետ ավելի ու ավելի բարդ են դառնում` հակասելով ԱՄՆ-ի և Իսրայելի շահերին: Բայց քիչ չէր նաև նրանց թիվը, որոնք գտնում էին, որ թուրքական այդ չափից ավելի համարձակությունն ընդամենը հավատարմության ուղերձ էր իսլամական աշխարհին: Մնում է, որ իսլամական աշխարհը հավատ ընծայի թուրքական հավատարմությանը:

Ի դեպ, հավատի խնդրում դժգոհներն ու բողոքողներն այս անգամ իսկապես քիչ չէին: Թեհրանն այդպես էլ չընդունեց Կասպից ծովի հատակի սահմանազատման համաձայնագիրը, որը ստորագրվել էր Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջև` պատճառաբանելով, թե իր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ցանկացած համաձայնագիր պետք է հիմնված լինի «փոխզիջման և արդարության վրա»:

Այդ իմաստով կարծես թե Ռուսաստանի բախտը շատ ավելի էր բերել, քանի որ նոյեմբերի վերջին օրերին Մոսկվան ու Եվրամիությունը համաձայնություն ձեռք բերեցին` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ: Ու թեև ռուսներն այժմ նշում են, որ բանակցությունների արդյունքում այժմ իրենց ոչինչ չի խանգարում անդամակցել ԱՀԿ-ին, բայց հին կասկածներն ու անվստահությունը պահպանվել են:

Դժվար է ասել` նման կասկածներն արդյո՞ք տանջում են Հյուսիսատլանտյան դաշինքին, որը նույն օրերին իր խնդրանքի դրական պատասխանը ստացավ Մոսկվայից` ՌԴ-ի տարածքով Աֆղանստան ՆԱՏՕ-ի տեխնիկայի տարանցման պարզեցված ռեժիմը տարածել ուժեղացված պաշտպանությամբ զրահամեքենաների վրա: Բացի այդ, տարանցման պարզեցված կարգը տարածվելու է ուժեղացված հակաականային պաշտպանությամբ զրահամեքենաների վրա: Դա անվտանգության աջակցման միջազգային ուժերի համար կարևոր խնդիր էր դիտվում, և ռուսների թույլտվությունը նրանց կողմից գնահատվեց իբրև բարի կամքի դրսևորում:

Սակայն հազիվ թե ՆԱՏՕ-ականների սրտով լիներ Ռուսաստանի իշխանությունների մեկ այլ նախաձեռնություն, որի նպատակն է այլ պետությունների տարածքում ռազմակայանների ստեղծումը: Այս նյութի շուրջ ռուսական կողմն առայժմ հակված չէ ավելի մանրամասն խոսել, թեև նախագահ Մեդվեդևն այդ առնչությամբ հարկ համարեց ասել. «Չեմ թաքցնի ձեզանից, այդ առնչությամբ որոշ գաղափարներ կան: Սակայն ես չեմ կարող նաև դրանք բարձրաձայնել հայտնի պատճառներով»: Արևմուտքն արդեն իսկ դժգոհ էր մնացել այս տարի Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական ռազմաբազաների տեղակայումից, իսկ հեռանկարային նորերն էլ ավելի պիտի սրեն այդ դժգոհությունը:

Արտաքին մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամությունը երբեք էլ ավելորդ չի դիտվել, սակայն նոյեմբերի վերջին օրերը կրկին ապացուցեցին, որ ոչ պակաս լարվածություն ու հետևողականություն են պահանջում նաև ներքին վտանգները:

Բրազիլիայի իշխանություններն այդ հարցում գերազանցեցին շատերին` Ռիո դե Ժանեյրոյի փողոցներ դուրս բերելով տանկեր ու զրահատեխնիկա: 350 ոստիկանական հատուկ ջոկատայինների օժանդակությամբ նրանց, ի վերջո, հաջողվեց երկրի պատմության մեջ առաջին անգամ վերահսկողության տակ վերցնել քաղաքի հյուսիսային հատվածի հետնախորշերը, որոնք մինչև այդ համարվում էին թմրավաճառների «անառիկ միջնաբերդ»: Դիմակայության հետևանքով զոհերի թիվը գերազանցեց 4 տասնյակը, ձերբակալվեց մոտ 200 կասկածյալ, առգրավվեցին 48 միավոր հրաձգային զենք, 8 ռումբ, ինչպես նաև մեկ տոննայից ավելի մարիխուանա և այլ թմրամիջոցներ:

Հեշտ չէր նաև պակիստանցի իրավապահների գործը. նոյեմբերի 26–ին վերջիններս հայտարարեցին Իսլամաբադում երկու ահաբեկչական գործողության կանխարգելման մասին: Նրանց հաջողվել էր ձերբակալել մահապարտների, որոնցից մեկը պատրաստվում էր ինքն իրեն պայթեցնել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, իսկ մյուսը` կառավարական շենքերից մեկում, ամենայն հավանականությամբ` խորհրդարանում: Ձերբակալվածները կապեր էին ունեցել Հարավային Վազիրիստան նահանգում գործող թալիբների հետ:

Ցավոք, Աֆղանստանի Նանգարհար նահանգում գրոհայինները կարողացան իրագործել իրենց մտադրությունը: «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն այստեղ սպանեցին ամերիկյան ոչ առևտրային D.I.E կազմակերպության 16 ծառայողի և գրասենյակի անվտանգության 8 աշխատակցի: Զինյալները գրասենյակի վրա կրակ էին բացել ծանր և թեթև գնդացիրներից, ինքնաձիգներից, նռնականետերից: Նրանք նաև նռնակներ են նետել շենքի վրա:

Ռուսները նույնպես հաջողակ չգտնվեցին: Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Դաղստանում երկաթգծի կայարաններից մեկում պայթյուն որոտաց: Դրանից հետո նույն տեղում անհայտ անձինք կրակ բացեցին երկաթգծի պահպանությունն իրականացնող մոբիլ խմբի ուղղությամբ: Կային վիրավորներ: Հյուսիսային Կովկասը նախկինի պես մնում էր դանդաղ գործող ռումբի կարգավիճակում:

Կովկասյան լեռներից հարավ իրավիճակը ևս նախանձելի չէր: Վրաստանի ժողովրդական ներկայացուցչական ժողովը որոշեց նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն իմփիչմենթ հայտարարել: Թեև դրա իրավունքն, ըստ օրենսդրության, խորհրդարանինն է, սակայն, ժողովի պատվիրակների կարծիքով, Վրաստանի խորհրդարանն անգործունակ է և կազմված է կոռումպացված պաշտոնյաներից: Ուստի, ժողովուրդն իրեն իրավունք է վերապահում հայտարարել նախագահի նկատմամբ անվստահության և նրա հրաժարականի մասին:

Իսկ ահա հարևան Ադրբեջանում ոչ մի կերպ չէին կարողանում ամփոփել ամսվա սկզբին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ստիպված երկրի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց դրանց հաստատումը մի փոքր էլ հետաձգել: Սակայն ադրբեջանցիներին մխիթարել կարող էր Աֆղանստանի օրինակը, որտեղ նույն բանն արեցին ընտրություններից ավելի քան երկու ամիս անց: Ճիշտ է, այդ հետաձգումներից իրավիճակն առանձնապես բարվոք չէր դառնում, սակայն արձանագրված աղաղակող խախտումներն աննշան խութեր էին այն մեծ խնդիրների համեմատ, որ ծառացել են այդ երկրների առջև: Տարվա ավարտն արդեն գծագրվում էր, մինչդեռ այնքան շատ էին չլուծված հարցերը:

Նոյեմբերի վերջին օրերին աշխարհի լրատվական ծառայությունները մի հետաքրքրաշարժ լուր էլ տարածեցին: Իսպանիայի բնակչուհի, 49–ամյա Գալիսիա Անխելես Դյուրանը նոտարական գրասենյակում ձևակերպեց վկայական, որի համաձայն` նա այժմ արևի սեփականատերն է: Նրան տրված փաստաթղթում ասվում է. «Ա.Դյուրանը Երկիր մոլորակից 149 մլն 600 հազար կմ հեռավորության վրա գտնվող Արեգակի սեփականատերն է»: Առայժմ որևէ մեկը տիկնոջը տարածքային պահանջներ չի ներկայացրել:

Սակայն ամսվա պատկերն անավարտ կմնար, եթե դրա ավարտին չմատուցվեր միջազգային ծավալներով աննախադեպ ու անսպասելի մի սենսացիա: Wikileaks կայքը նախ տեղեկացրեց, իսկ հետո հրապարակեց տարբեր աստիճանի գաղտնիության ավելի քան 250 հազար ամերիկյան դիվանագիտական փաստաթղթեր: Այն, որ դրանց բացահայտումը կարող էր վտանգել հազարավոր կյանքեր, փչացնել հարաբերությունները ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների միջև և ի վերջո դիվանագիտական սկանդալների ու դեսպանների արտաքսման պատճառ հանդիսանալ, կարծես թե առանձնապես չէր մտահոգել նախաձեռնողներին: Փոխարենը տեղեկատվական արտահոսքերի էֆեկտը գերազանցեց բոլոր սպասելիքները: Այլոց թվում նոր բացահայտումներ մատուցվեցին նաև հայ հանրությանը` մասնավորապես Ղարաբաղի խնդրի, ռուս-վրացական պատերազմի օրերին մեր իրական վիճակի, ինչպես նաև այն մասին, թե ամերիկացիներն ինչու էին Երևանին մեղադրում Իրանին զենք վաճառելու համար: Հաշվի առնելով առկա նյութերի ահռելի ծավալները` պետք է կարծել, որ հրահրված աղմուկը դեռ երկար կշարունակվի: Իսկ մինչ այդ ամենատարածված տեսակետն այն էր, որ սա Վաշինգտոնի նախաձեռնած խաղն է, ինչը նպատակ ունի շանտաժի ու կոմպրոմատների միջոցով առաջ հրել սեփական շահը:

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am