Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Նոյեմբեր 2010, N 10

ՆՈՅԵՄԲԵՐԻ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2010-ի նոյեմբերը քաղաքական իրադարձություններով հարուստ ամիս էր: Որոշ շրջանակների կողմից ղարաբաղյան հարցի լուծման արագացումը, համաշխարհային քաղաքականության մեջ գլոբալ գործընթացների զարգացումը, ներառյալ կիսառազմական դրությունը Կորեական թերակղզում, ինչպես նաև շատ այլ բաներ իրենց անդրադարձն ունեցան երկրի ներքաղաքական կյանքի վրա. ամսվա կեսին Հայաստանը ծավալուն զորավարժություններ անցկացրեց «օկուպացված տարածք» համարվող Աղդամի շրջանում` ի պատասխան ադրբեջանական կողմի ռազմաշունչ սպառնալիքների: Դրանց ընթացքին հետևում էր նախագահ Սարգսյանը: «Մեր հարվածը ջախջախիչ և վերջնական կլինի»,- հայտարարեց պետության ղեկավարը` մեկնաբանելով ադրբեջանական կողմի` տարածքային հիմնախնդիրներն ուժով լուծելու չդադարող սպառնալիքները: Սարգսյանն ասաց, իսկ հետո Մոսկվայում կրկնեց, որ հայերը պատերազմ չեն ուզում, բաց պատրաստ են դրան և կկարողանան ցանկացած պահի պաշտպանել Հայաստանը և Ղարաբաղը: Հավանաբար, զինված ուժերի գլխավոր հրամանատարը գիտե ինչ է ասում, քանի որ տիրապետում է տեղեկատվությանը և տեղեկացված է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական զինված ուժերի վիճակի մասին, այնպես որ` չենք առարկի և կվստահենք նախագահին: Հուսանք, որ, ի տարբերություն տնտեսության և ներքին քաղաքականության մյուս ասպեկտների, ռազմական գործում Հայաստանը պահպանում է ընդունելի մակարդակը և ի վիճակի է պաշտպանել իրեն, գոնե Ադրբեջանի հետ հակամարտությունում:

Այս ամիս տեղի ունեցան նախագահ Սարգսյանի երկու արտասահմանյան այցելությունները` Մոսկվա և Թուրքմենստան: Առաջինի պատճառը դարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա գալա-երեկոն: Հանդիպում եղավ նաև Ռուսաստանի ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, որի ընթացքում, ինչպես սովորաբար, տիրապետողը ղարաբաղյան թեմատիկան էր: Երկու տարվա մեջ առաջին անգամ հանդիպում տեղի ունեցավ նաև Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահ Սարգսյանն առիթը բաց չթողեց և ՀՀ պետական պարգևներ շնորհեց հայազգի մի շարք անձանց` Արմեն Ջիգարխանյանին, Մարգարիտա Սիմոնյանին, Միքայել Սողոյանին: Իսկ երկրորդ այցելության ժամանակ նախագահ Սարգսյանը երախտագիտություն հայտնեց թուրքմեն գործընկերոջը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հավասարակշիռ և զուսպ վերաբերմունքի համար:

Կար և երրորդ այցելությունը, ավելի ճիշտ` նախատեսվում էր, սակայն չեղյալ հայտարարվեց. նախագահ Սարգսյանը փոխեց Լիսաբոն` ՆԱՏՕ գագաթաժողովին մեկնելու մտադրությունը, քանի որ անընդունելի համարեց ղարաբաղյան հարցի քննարկումը հայկական կողմի համար անշահավետ ձևաչափով: Դրանից հետո խոսում էին, թե Սարգսյանը կարող է հրաժարվել նաև Աստանայում ԵԱՀԿ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելուց, սակայն այցելությունից հրաժարվելու էական պատճառներ, հավանաբար, չգտնվեցին, և ամսվա վերջին օրը հայկական պատվիրակությունը` պետության ղեկավարի գլխավորությամբ, մեկնեց Աստանա: Իսկ թե ինչ տեղի կունենա այնտեղ, կարդարանան արդյոք ղարաբաղյան թեմատիկայի քննարկման այս կամ այն ելքի շահարկումներն ու կանխատեսումները` կիմանանք և կգրենք հաջորդ ամիս:

Նոյեմբերը զերծ չմնաց նաև սովորական բաներից. ամեն անգամվա նման Երևան եկան ղարաբաղյան կարգավորման գծով միջնորդները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հանդիպումներ ունեցան նախագահ Սարգսյանի և նախարար Նալբանդյանի հետ: Ամսվա ընթացքում պետության ղեկավարը մի շարք ալցելություններ կատարեց երկրի ներսում. եղավ Ստեփանավանում, Սպիտակում, Այրումում, Գեղարքունիքի մարզում, լուծեց կարևոր մի շարք հարցեր, հանձնարարեց կարգի բերել մաքսային հսկողության իրականացումը, ինչն, իհարկե, եթե երբևէ իրականություն էլ դառնա, ապա միայն շնորհիվ վրացական կողմի հանդեպ ունեցած ամոթի:

Ամսվա նշանակալի իրադարձությունների մեջ հարկ է հիշատակել «Հայաստան» հիմնադրամի ակցիան: Այս անգամ հաջողվեց հավաքել 20 մլն դոլար Ղարաբաղի գյուղերի համար: Կարծում եմ` սա այն թիվը չէ, որը կարող էր հուսալ այն ժողովուրդը, որի մեծամասնությունն ապրում է արտասահմանում: Այնուամենայնիվ, պետք է գոհանալ նաև դրանով, ինչպես նաև հուսալ, որ տրամադրված միջոցները կօգտագործվեն ըստ նշանակության:

Ամսվա սկզբին իրականացվեցին դիակների և գերիների փոխանակման պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Աստրախանում, Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ռուսաստանի միջնորդությամբ: Ադրբեջանական բանտում հայ հովիվ Սարիբեկյանի սպանության փաստով գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել: Դատախազությունը փորձեց գործին միջազգային հնչեղություն հաղորդել, ՀՀ քաղաքացու մահվան հետազոտման մեջ ներգրավեց միջազգային իրավապաշտպան և հումանիտար կառույցներ: Ադրբեջանցիների գազանությունը հայի հանդեպ դարձավ միջազգային հանրության սեփականությունը, և սա միակ բանն է, որ կթեթևացնի ողբերգության ցավը:

Ազգային ժողովում ընդդիմադիր «ժառանգականները» չտեսնված հոգատարություն ցուցաբերեցին բազմաչարչար բնակչության նկատմամբ: Նոյեմբերի 4-ին նրանք հնչեցրին նվազագույն աշխատավարձը 32 հազարից 45 հազարի բարձրացնելու նախաձեռնությունը: Կառավարությունը, բնականաբար, հրաժարվեց, քանի որ ի վիճակի չէ վճարել այդ հաշվարկով, իսկ պատգամավորներն այդպես էլ չհուշեցին, թե որտեղից պետք է գտնեն այդ միջոցները: Իսկ կառավարությունում, հավանաբար, իսկապես որոշել են զբաղվել շարքերը զտելով. վարչապետի որոշմամբ պաշտոններից հեռացվել են առողջապահության փոխնախարարները: Նախաձեռնել է նաև աշխատանքից հեռացնել գյուղնախարարության մի շարք վարչությունների ղեկավարների: Հասկանալի է` այս երկու գերատեսչություններում շիլաշփոթ և քաոս է տիրում, բայց թե որն է առաջին դեմքերի փոխարեն երկրորդական դեմքերից ազատվելու իմաստը` ոչ ոք չպարզաբանեց: Բանն այն է, որ, եթե գյուղնախարարությունը ղեկավարում է ՕԵԿ ներկայացուցիչ Գերասիմ Ալավերդյանը, նշանակում է` երկրի գյուղնախարարությունը դատապարտված է կործանման, անկախ այն բանից, թե ով և ինչպես է ղեկավարում նախարարության վարչությունները: Իսկ Գերասիմ Ալավերդյանից ազատվել թույլ չի տալիս, այսպես ասենք, կոալիցիոն համերաշխությունը. երկրի քաղաքական ղեկավարության համար սա ավելի կարևոր է, քան մի ամբողջ ճյուղի գոյությունը, որտեղ զբաղված է ավելի քան մեկ միլիոն մարդ:

Նոյեմբերին մեծ պատվի արժանացավ «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթը: Ինչ-որ հոդված տպագրելով հայ քաղաքական գործիչների հետ մի ինչ-որ մաֆիոզիի (կամ հակառակը) կապերի մասին` թերթը հիշեցրեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին նրա պաշտոնեական պարտականությունների մասին, այն է` քրեական բովանդակության ցանկացած տեղեկատվություն մամուլում ընդունել որպես հաղորդում կատարված հանցագործության մասին, որից հետո դատախազությունը պարտավոր է ընթացք տալ գործին, իսկ հետագայում կամ քրեական գործ հարուցել, կամ էլ հրապարակավ և օրենքի շրջանակում հերքել հրապարակված տեղեկատվությունը: Գլխավոր դատախազն այդպես էլ արեց. դիմեց իր ռուս գործընկերոջն` օգնել հոդվածում նշված փաստերը պարզելու համար, իսկ վերջինը, իր հերթին, Հայաստան ուղարկեց պաշտոնական փաստաթուղթ, որում ասվում էր, որ թերթում տպագրված ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը: Այս առնչությամբ պետք է ասեմ, որ իմ հրատարակած «Ազատամտություն» թերթում պարբերաբար հրապարակվում էին տեղեկություններ հանցագործությունների մասին, ավելին, առաջին էջում միշտ հատուկ ծանուցում էինք գլխավոր դատախազին այն մասին, որ տվյալ հոդվածը տպագրված է հենց որպես տեղեկություն կատարված հանցագործության մասին: Իսկ գլխավոր դատախազի հեչ պետքն էլ չէր. մեկուկես տարվա ընթացքում նա ոչ մի անգամ ուշադրության չառավ տասնյակ և հարյուրավոր տպագրված նյութերը, որոնցից յուրաքանչյուրը մի քանի քրեական գործի պոտենցիալ ուներ: Իսկ ահա «քաղբանտարկյալ» Փաշինյանի թերթի դեպքում գլխավոր դատախազությունն այլ կերպ է վարվում: Նրա համար այդ թերթը խորհրդային ժամանակների «Պրավդայի» նման մի բան է, որից սարսափում էին անգամ հանրապետությունների կենտկոմների քարտուղարները: Վատ է սա, թե լավ` չգիտեմ: Գիտեմ միայն, որ երկրի քաղաքական էլիտան, որ վախ է տածում խղճի կալանավոր Փաշինյանի հանդեպ և լուրջ է ընդունում նրան, ամենաուժեղ կարեկցանքի է արժանի...

Նոյեմբերի 9-ին Հայ ազգային կոնգրեսը հերթական հանրահավաքն անցկացրեց: Ամեն ինչ սովորականի նման ընթացավ, առանց որևէ նորամուծության, միայն Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում կողմնակիցներին նոր շեշտադրումներ նախանշեց, այս անգամ անդրադառնալով իշխող ՀՀԿ-ի «ռասիստական» էությանը: Տեր-Պետրոսյանը, պետք է ասել, կարգին վատություն արեց իշխանական անձանց, իսկ պաշտոնական դիրքորոշումը բարձրաձայնող հռետորները հայտնվեցին խիստ աննախանձելի վիճակում. նախ` Տեր-Պետրոսյանը շատ ավելի խելացի է նրանցից, երկրորդ` նախկին նախագահն այս անգամ ճիշտն էր ասում (թեև մի փոքր մոլորվել էր հասկացությունների հարցում, քանի որ ցեղակրոնությունը ռասիզմ չէ), որը հերքել դժվար է նույնիսկ օժտյալ մարդկանց համար: Իսկ տեղական և ռուսական ԶԼՄ-ները օրեր շարունակ հրապարակում էին ինչպես առաջին նախագահի կողմնակիցների, այնպես էլ ՀՀԿ նրա ընդդիմախոսների կարծիքներն ու մեկնաբանությունները:

Դե, իսկ նոյեմբերի 22-ին Հայաստանում իսկական տոն էր. մի երկու տարի առաջ հայրենասիրաբար տրամադրված որոշ գործիչներ պարզեցին, որ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի «իրավարար վճիռը» Հայաստանի և Թուրքիայի սահմանների որոշման վերաբերյալ ցայսօր պահպանում է ուժը, քանի որ ոչ ոք այն չեղյալ չի հայտարարել, և այդ ժամանակվանից ի վեր Հայաստանում բռնկվեցին կրքերը 164.000 քառ. կմ տարածքի և այլնի շուրջ: Ժողովուրդը հավատաց ամերիկյան նախագահի վճռի հրաշագործ ուժին և փաստորեն նրան դասեց, այսպես ասած, ազգային հերոսների շարքը: Այս ամբողջ աղմուկ-աղաղակի իրական արդյունքը եղավ այն, որ այսօր Վուդրո Վիլսոնը Հայաստանում շատ ավելի ժողովրդական է, քան հայրենիքում: Ինչպես նաև այն, որ հանրային կարծիքի ուշադրությունն ավելի շատ սևեռված է տարածքային և այլ «ազգային» հարցերի, քան մեր իրականության հանապազօր և հրատապ հիմնախնդիրների վրա: Դե ինչ, առայժմ գոհանանք այս համեստ արդյունքով, քանի դեռ մյուս հայրենասեր գործիչները մի ինչ-որ նոր, ավելի ցնցող բան չեն պեղի ու գտնի: Կարծում եմ` կգտնեն. քանի դեռ Հայաստանում կան դաշնակները, Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակիցներն ու ամեն տեսակ «մոդուսիվենդուսները», խելագարության պարբերական համաճարակներից մեր տարածքում խուսափել չենք կարող:

 Իսկ նոյեմբերի 29-ին` Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման և, համապատասխանաբար, դաշնակներից հայ ժողովրդի փրկության օրը, արտասովոր ոչինչ տեղի չունեցավ. Հանրային հեռուստատեսությունը սահմանափակվեց Հայաստանի կոմկուսի համագումարի սովորական ռեպորտաժով (ընդ որում, հեգնական` սարկազմի հասնող երանգով): Պաշտոնական ոչ մի ուղերձ որևէ մեկին կամ, առավել ևս, պաշտոնական միջոցառում չեղավ: Նախագահ Սարգսյանն այդ օրը սահմանափակվեց Ռազմիկ Դավոյանին, հոբելյանի առիթով, պարգևատրելով:

Այդ նույն օրը տեղի ունեցավ պետության ղեկավարի հանդիպումը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նառիշկինի հետ: Իրազեկ մարդիկ ասում են, որ Նառիշկինի այցը «լուսավորչական» բնույթ էր կրում. ՌԴ նախագահի աշխատակազմում մտահոգ են Հայաստանի ներքին քաղաքականությունում գործերի բարձիթողի վիճակով, դրա համար էլ կրեմլյան բարձրաստիճան չինովնիկի այցն անհրաժեշտ էր: Ինչպես, ում և ինչ էր լուսավորում Սերգեյ Նառիշկինը Հայաստանում` կզգանք մոտ ապագայում, եթե, իհարկե, նրա առաքելությունը պսակվել է հաջողությամբ:

Համառոտ` համարի բովանդակության մասին:

Հոդվածների շարքը բացում է իմ «Վուդրո Վիլսոնը և նրա ստորագրության որոշ հետևանքները» հոդվածը: Այն նվիրված է Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին և Հայաստանի համար դրա ունեցած հետևանքներին, որոնք ի հայտ եկան բոլորովին վերջերս, մի երկու տարի առաջ:

«Աշխարհաքաղաքականություն» խորագրում գրականագետ Ստեփան Թոփչյանը «Նախիջևանը մեր աչքի լույսն է» հոդվածում գրում է Նախիջևանի հարցում հայկական արտաքին քաղաքականության բացթողումների մասին: Հեղինակը կարծում է, որ մենք պետք է գրավեինք թուրք-նախիջևանյան սահմանի գոնե մի հատվածը` ապագայում կանխելու համար բազմաթիվ անցանկալի հիմնախնդիրներ: Սրա հետ դժվար է համաձայնել, քանի որ Նախիջևանը 1992-94թթ. պատերազմի շրջանում հուսալիորեն պաշտպանված էր Կարսի պայմանագրով, իսկ նրա հանդեպ ցանկացած ոտնձգության հետևանքը կարող էր լինել թուրքական ռազմական միջամտությունը: Սակայն մյուս բոլոր հարցերում հեղինակի հետ համակարծիք լինելու խնդիր չեմ տեսնում, այնպես որ` նյութը բավական հետաքրքիր է:

«Մշակույթ և արվեստ» խորագրում ՀՀ Գրողների միության անդամ Աշոտ Գաբրիելյանը գրում է ինքնասպանության` որպես ճապոնական գեղարվեստական մտածողության երևույթի մասին: «Զուտ ճապոնական ինքնասպանություն. Յասունարի Կավաբատա» հոդվածում ընթերցողը հետաքրքրությունը շարժող շատ բան կգտնի:

Մենք նոր խորագիր ունենք: Այն կոչվում է «Հուշեր»: Անկեղծ ասած, ականավոր մարդկանց մասին հոդվածները միշտ չէ, որ վերլուծական, հետազոտական են լինում: Երբեմն հեղինակները նրանց մասին գրում են անձնական հարաբերությունների պրիզմայի միջով, ինչը, կարծում եմ, պակաս հետաքրքիր չի լինի ընթերցողի համար, քան ստեղծագործական կամ գիտական գործունեության վերլուծությունը: Առաջինն այս խորագրում հանդես է գալիս ինժեներ Յուրի Աղբալյանը, որը հոդված է գրել խորհրդային մեծ կինոօպերատոր Սուրեն Շահբազյանի մասին: Հոդվածում հեղինակը գրում է Շահբազյանի մեկ այլ ձիրքի` գյուտարարության մասին, ինչն անտարբեր չի կարող թողնել նշանավոր կինոօպերատորի ստեղծագործության երկրպագուներին:

«Մեջբերումներ դասականներից» խորագրում այս անգամ տեղ են գտել հատվածներ Հայաստանում Ռուսաստանի առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինի գրքից` նվիրված հայկական նորագույն պատմության ամենադժվար շրջանին: Գիրքը վերստին մեզ մտցնում է 1992-94թթ. մթնոլորտ, ստիպում նորովի վերիմաստավորել այն տարիների առանցքային իրադարձությունները: Բացի այդ, այն հետաքրքիր է նաև բազմաթիվ փաստերով, որոնք առայսօր անհասանելի են ընթերցող հասարակության լայն շրջանակին:

Իսկ «Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում հրապարակում ենք երկու նյութ: Երկուսն էլ յուրովի հետաքրքիր են: Մասնավորապես, «Նովոյե ռուսկոյե սլովո»-ի (Նյու Յորք) հոդվածը պատկերացում է տալիս Նյու Յորքի գանգստերական կյանքի և հանցավոր աշխարհի պարագլուխների մասին և ակամա տեղի քրեական աշխարհի հետ համեմատական վերլուծության է մղում: Թեև համեմատության արդյունքները հօգուտ մեզ չեն, կարծում եմ` սա վերջինն է, ինչի առիթով կարելի է տխրել: Իսկ մեր պորտալից վերցված հոդվածը Արտաշես Գեղամյանի հեղինակությամբ նվիրված է երկրի քաղաքական գործընթացի զարգացման որոշ առանձնահատկություններին:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am