Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Նոյեմբեր 2010, N 10

ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԸ ԵՎ ՆՐԱ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արտյոմ Խաչատրյան, քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, գլխավոր խմբագիր

ՆԱԽԱԲԱՆ

2010-ի նոյեմբերը նշանակալի էր Հայաստանի համար, սակայն այդ նշանակալիությունն այդպես էլ ստվերում մնաց։ Խոսքը Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 90-ամյակի, այսինքն՝ պետական կազմավորման հիմնադրման մասին է, որը հետագայում դարձավ Հայկական ԽՍՀ։ Բոլորին է հայտնի հայերի սերն առ ամեն տեսակ հոբելյաններ նշելը, սակայն Հայկական ԽՍՀ-ի կլոր տարեթիվը երկրում գրեթե աննկատ մնաց. այն անտեսեցին բոլորը, թե՛ երկրի քաղաքական ղեկավարությունը, թե՛ ընդդիմադիր և իշխանամետ կուսակցությունները։ Խորհրդային Հայաստանը ոչ ոքի պետք չէր. այն մոռացության է տրվել։ Եվ տպավորություն է ստեղծվում, թե պաշտոնական մակարդակով արվում է ամեն ինչ՝ մոռացության տալու համար ժողովրդի ու նրա նվաճումների պատմության 70 տարիները, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերն այս գործում հավանություն են տալիս երկրի քաղաքական ղեկավարությանը։ Եվ սրանում մենք տեսնում ենք ապշեցուցիչ կոնսենսուս՝ իշխանության և ընդդիմության շահերի հազվադեպ համընկնում, որի մասին կխոսենք ստորև։

Ընդունված է կարծել, թե Հայկական ԽՍՀ-ի հետ կապված ամեն ինչ պետք է լռության մատնվի, քանի որ մենք ապրում ենք անկախ երկրում, իսկ անկախությունը բարձրագույն բարիք է երկրի քաղաքական էլիտայի ըմբռնմամբ՝ անկախ այն բանից, թե որտեղ էր ավելի ազատ ու երջանիկ հայը՝ Խորհրդային Հայաստանո՞ւմ, որը միջազգային իրավունքի սուբյեկտ չէր, թե՞ անկախ պետության բոլոր հատկանիշներն ունեցող (ձևականորեն) Հայաստանի Հանրապետությունում։

Անձամբ ես և առողջ երևակայություն ունեցող շատ քաղաքացիներ կարծում ենք, որ խորհրդային դաշնության կազմում գտնվելու 70 տարիներն ամենահաջողն էին վերջին, առնվազն հազարամյակում, քանի որ ժողովուրդն առաջին անգամ անվտանգության երկաթե երաշխիք ստացավ և ձեռնամուխ եղավ ստեղծարար աշխատանքի։ Իսկ ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, ապա հարկ է խոստովանել, որ Հայկական ԽՍՀ-ն փաստորեն զրկված էր դրանից արտաքին հարաբերություններում, սակայն ինքնիշխան էր ներքին գործերում. Հայաստանին էթնիկ վարչարարության, ազգային մշակույթի ու լեզվի զարգացման և այլ իրավունքներ էին տրված։ Համաձայնենք, որ սա քիչ չէ, մանավանդ որ չի կարելի բացարձակացնել անկախությունը և կարծել, թե առանց ինքնուրույն արտաքին քաղաքականության այն լինել չի կարող։ Կարծում եմ՝ սա ճիշտ տեսակետ չէ, քանի որ անկախությունն առաջին հերթին ներքին ազատություն է՝ սեփական կենցաղը, կենսակերպը տնօրինելու, ավանդական միջհասարակական հարաբերությունները պահպանելու ազատությունը, իսկ արտաքին հարաբերությունները երկրորդական են, հատկապես հաշվի առնելով այն, որ արդի աշխարհում արտաքնապես ինքնիշխան պետություններ գրեթե չեն մնացել, ներառյալ մեծ տերությունները, որոնք միջազգային ասպարեզում կաշկանդված են միջազգային իրավունքով, դաշնակցային և բլոկային պարտավորություններով, և, հետևաբար, միշտ չէ, որ կարող են հետևել բացառապես սեփական շահերին։ Եվ եթե որևէ մեկին թվում է, թե ներկայիս Հայաստանն անկախ պետություն է, որն ինքնուրույն է որոշում իր արտաքին քաղաքականությունը, ապա դա խոր մոլորություն է. միանշանակորեն կարելի է ասել, որ երկրի ղեկավարության հնչեցրած արտաքին քաղաքական բոլոր նախաձեռնությունները բխում են արտասահմանից, իսկ տեղի իշխանություններին մնում է միայն ընդունել և ղեկավարվել դրանցով կամ էլ մանևրել փոխբացառող արտաքին դիրեկտիվների միջև։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության անկախությունը և Հայկական ԽՍՀ-ի «կախյալությունը» վիճելի հարցեր են, իսկ թե նրանցից որն էր ավելի ինքնիշխան՝ դժվար է ասել։ Բայց կուզենայինք խորամուխ լինել քաղաքական էլիտայի մակարդակով խորհրդային դարաշրջանի անտեսման պատճառների մեջ։ Կարծում ենք՝ դրանք երկուսն են։

Առաջին. գործ ունենք սովորական նախանձի, անհարմարության և նման բաների հետ։ Բանն այն է, որ 20 տարվա մեջ Խորհրդային Հայաստանում ամբողջական քաղաքներ կառուցեցին (փորձենք համեմատել 1920 և 1940թթ. Երևանը, և մեկնաբանությունների կարիքը կվերանա), կազմակերպեցին հարյուր հազարավոր հայրենակիցների հայրենադարձությունը և լուծեցին գլոբալ ժողովրդագրական հիմնախնդիրը, ստեղծեցին վիթխարի բազմաճյուղ արդյունաբերություն, ապահովեցին բնակչության բացարձակ զբաղվածությունն ու սոցիալական բարձր պաշտպանվածությունը։ Առաջին 20 տարում հանրապետությունում երևան եկան տասնյակ բարձրագույն ուսումնական, ակադեմիական հաստատություններ, գիտության և մշակույթի օջախներ, ներառյալ թատրոնները, սիմֆոնիկ նվագախմբերը, գեղարվեստական բուհերը և էլի նման շատ բաներ։ Իսկ Հայաստանի Հանրապետության առաջին 20 տարում հասցրին վերացնել ինչպես բազմաճյուղ արդյունաբերությունը, այնպես էլ տասնյակ և հարյուրավոր ակադեմիական հաստատություններ, մշակույթի օջախներ, բուհեր, գեղարվեստական կոլեկտիվներ և այլն, և այլն (եթե որևէ մեկն ասի, թե, օրինակ, Արամ Սիմոնյանի ղեկավարած ԵՊՀ-ից կամ պետական կոնսերվատորիայից գոնե ինչ-որ բան է պահպանվել, ապա նա կամ օտարերկրացի է, որը պատկերացում չունի Հայաստանի մասին, կամ ՀՀ կառավարության անդամ է կամ նրա ղեկավարը, որը պաշտոնի բերումով կարծում է, թե անհրաժեշտ է միշտ և ամեն առիթով միայն լավ բաներ ասել և սքանչանալ այն ամենով, ինչ կատարվում է երկրում, անկախ այն բանից՝ հիացմունքի առիթ կա՞, թե՞ ոչ)։ Բնակչության սոցիալական պաշտպանվածությունը հավասարեցվեց հողին, իսկ ժողովրդագրական առումով պետությունը հայտնվեց լուրջ սպառնալիքի առջև. Հայաստանի քաղաքացիները, ապագայի հանդեպ հավատը կորցնելով, լքում են երկիրն առաջին իսկ հնարավորության դեպքում, քանի որ այդ ապագան չեն տեսնում ոչ իրենց, ոչ իրենց երեխաների համար։ Վերջապես, ամենագլխավորը. անկախ Հայաստանի 20 տարիների ընթացքում հայ ինքնության մեծ փոփոխություններ կատարվեցին։ Թեև սա առանձին խոսակցության թեմա է, բայց հակիրճ ասենք, որ հայի 1990 և 2010թթ. տեսակները միանգամայն տարբեր բաներ են։ Տեղի ունեցավ հասարակական հարաբերությունների հիերարխացում, որի հետևանքը դարձավ քաղաքական-տնտեսական համակարգի օլիգարխացումը։ Մի քանի սերնդի մշակած (ավելի ճիշտ՝ վաստակած) քաղաքացիականությունն ու քաղաքական գիտակցությունը դարձան անցյալի սեփականությունը, և այսօր հայերը վեհերոտ էակներ են, անվերապահորեն հլու հնազանդ ճակատագրին, ինչպեսև հարյուրամյակներ առաջ։ Նրանք խոնարհաբար խորհրդարան են ընտրում, որի հիման վրա կոալիցիոն կառավարություն է նշանակվում, իսկ հետո, որոշ ժամանակ անց, հանկարծ հանրային պայթյուն են կազմակերպում, որը քաղաքացիական ընդվզման լուրջ ակտ է հիշեցնում։ Կարծում եմ՝ 2008թ. փետրվար-մարտի իրադարձություններն ինքնուրույն քաղաքական կամքի դրսևորումներ չէին, դրանք այդ նույն հնազանդության դրսևորումն էին, միայն թե՝ այլ տիպի քաղաքական առաջնորդին, ո՛չ ավելին։ Հայերի իսկական ընդվզումը, ինչպես միշտ, միայն մեկն է՝ հայրենիքի սահմաններից դուրս գալը՝ ավելի լավ բախտի փնտրտուքով։

Երկրորդ. գործ ունենք պաշտոնական գաղափարախոսությունում ուժեղ ազգայնական սկզբունքի ճնշիչ ազդեցության հետ (դաշնակների, նժդեհականների, այլ նացիոնալիստների ազդեցության տակ), որն աջակցվում է (թաքուն կամ անթաքույց) երկրի բոլոր քաղաքական ուժերի, ինչպես նաև հանրային կարծիքի կողմից (ավելի պակաս արտահայտված ձևով)։ Ըստ էության, տիրապետում է բավական վիճելի մտահանգում, այն է՝ չի կարող խորհրդային դարաշրջանը բարիք համարվել հայերի համար, որովհետև Հայաստանն անկախ չէր, ուստի չի կարող նոյեմբերի 29-ը պետական տոն ընդունվել (ինչպես Առաջին և Երրորդ հանրապետությունների հռչակման տարեթվերը), և չի կարելի, համապատասխանաբար, ժողովրդին թույլ տալ ուրախանալ այդ օրը։ Այլ բան է նոյեմբերի 22-ը՝ անդրօվկիանոսյան տիրակալ Վուդրո Վիլսոնի այսպես կոչված «իրավարար վճռի» ամսաթիվը, որը Հայաստանին նվիրեց 164.000 քառ. կմ տարածք, ներառյալ ելք դեպի համաշխարհային օվկիանոս։ Եվ այն հանգամանքը, որ Խորհրդային Հայաստանը՝ հայերի համար իր աննախադեպ նվաճումներով (տնտեսական, գիտական, մշակութային), օբյեկտիվ իրականություն էր, իսկ Վուդրո Վիլսոնի նվերը՝ սոսկ դատարկ թղթի կտոր, նշանակություն չունի։

Այսպիսով, երկրի քաղաքական ղեկավարության և ողջ քաղաքական էլիտայի, ընդդիմադիր կուսակցությունների ու նոմենկլատուրային մտավորականության պաշտոնական դիրքորոշումն այն է, որ անտեսվում են նոյեմբերի 29-ը և խորհրդային անցյալը։ Սպիտակ ագռավներ չենք լինի և կհետևենք նրանց օրինակին, այն է՝ հոդվածներ չենք նվիրի Խորհրդային Հայաստանի հոբելյանին և չենք ուրախանա այդ օրը, ընդհակառակը՝ կողբանք ուղիղ 70 տարի ինքնիշխանությունը կորցնելու համար և կսքանչանանք Վուդրո Վիլսոնի ստորագրությամբ, որն ահա արդեն մի քանի տարի հայ ժողովրդի հպարտության առարկան է, և որն այդքան առատ սնունդ է տվել հայրենական քաղաքական մտքի զարգացման համար, որն այսօր (շնորհիվ «իրավարար վճռի» հրաշագործ ուժի երկրորդ բացահայտման) սլանում է դեպի երկնային բարձունքներ։

Եվ այսպես, հոդվածի առանցքային թեման է` Վուդրո Վիլսոնը, Սևրի պայմանագիրը, «իրավարար վճիռը», 164.000 քառ. կմ-ն (գումարած ելքը համաշխարհային օվկիանոս), ինչպես նաև որոշ անձանց և նրանց երկրպագուների անմեղսունակության վերլուծությունը։

 

ՈՐՈՇ ԱՆՏԵՍՎՈՂ ՊԱՀԵՐ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Վուդրո Վիլսոնը (1856-1924թթ.) ԱՄՆ 28-րդ նախագահն է (1913-1921թթ.)։ Պատկանում է քաղաքական գործիչների այն կարգին, որոնք ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ Տերը որոշում է զվարճանալ մարդկանցով, այլ կերպ ասած՝ երբ Նա կատակում է։ Վիլսոնը տկարամիտ երեխա էր. սկսել է կարդալ 12 տարեկանում, այսինքն՝ տառապում էր օլիգոֆրենիայով (համեմատության համար ասենք, որ հայկական խորհրդարանի՝ առանց բացառության, բոլոր անդամները, որ աչքի են ընկնում բոլոր արժանիքներով, կարդալ-գրել սովորել են անհամեմատ ավելի վաղ տարիքում՝ 10, հազվադեպ բացառություններով՝ 11-11,5, բայց ոչ երբեք 12 տարեկանում. սա ասում եմ փաստելու համար, որ չորրորդ գումարման Ազգային ժողովի ցանկացած պատգամավոր ինտելեկտուալ-մտավոր առումով բազմիցս գերազանցում է ԱՄՆ 28-րդ նախագահին)։ Մի խոսքով՝ փոքրիկ Վուդրիկը սովորելու ենթակա չէր, իսկ հետագայում քիչ ջանքեր չի գործադրել ուսման մեջ հետամնացությունը հաղթահարելու համար։ Հաղթահարեց։

Դարձավ Նյու Ջերսիի նահանգապետը, իսկ 1912թ. ընտրություններին նախագահի թեկնածու առաջադրվեց դեմոկրատական կուսակցությունից։ Հետաքրքիր է, որ Վիլսոնը երբեք ԱՄՆ նախագահ չէր դառնա (ահա թե որտեղ դրսևորվեց Նախախնամության կատակը), եթե չլիներ պատերազմը գործող նախագահ Ուիլյամ Թաֆտի և նրա նախորդի՝ Թեոդոր Ռուզվելտի միջև. պաշտոնաթողությունից հետո Ռուզվելտը կապերը խզեց հանրապետականների հետ և սեփական կուսակցություն հիմնեց, որի կողմից էլ առաջադրեց ԱՄՆ նախագահի իր թեկնածությունը։ Սա առաջին և միակ դեպքն էր Ամերիկայի պատմության մեջ, երբ նախագահական երկու ժամկետ անցկացրած մարդը քառամյա ընդմիջումից հետո կրկին վերադառնում էր մեծ քաղաքականություն և գրոհում Սպիտակ տունը։ Մի խոսքով՝ 1912թ. ընտրություններին հիմնական թեկնածուներն էին ԱՄՆ 26-րդ և 27-րդ նախագահները և Նյու Ջերսիի նահանգապետ Վուդրո Վիլսոնը, որը մրցակիցների հանդեպ հաղթանակ տարավ շնորհիվ այն բանի, որ հանրապետական ընտրազանգվածի ձայները բաժանվեցին Թաֆտի և Ռուզվելտի միջև, ինչն էլ թույլ տվեց նրան առաջ անցնել:

1913թ. մարտից մինչև 1921թ. մարտը (անցյալ դարի սկզբին ամերիկյան նախագահները պաշտոնն ստանձնում էին ոչ թե նահանջ տարվան հաջորդող հունվարի 20-ին, այլ մարտի 4-ին) Վուդրո Վիլսոնն ապրում էր Սպիտակ տանը, ավելին, կառավարում էր Միացյալ Նահանգները։ Նրա կառավարման արդյունքներից մեկը կարելի է անվանել այն, որ Վիլսոնը շատ բանով ուշացրեց ԱՄՆ կայացումը որպես գերտերություն. գտնվելով պացիֆիստների ուժեղ ազդեցության ներքո և ինքն էլ պացիֆիստ լինելով՝ Վիլսոնն ամեն կերպ խոչընդոտում էր Առաջին համաշխարհային պատերազմում Ամերիկայի ներքաշվելուն։ Նրա փոխարեն եթե հարյուրամյակի վերջի նեոկոնսերվատորների (ասենք, Ռեյգանի կամ Բուշ-ավագի) տիպի պրագմատիկ մի քաղաքական գործիչ լիներ, Միացյալ Նահանգները 1914թ. կմտներ համաշխարհային պատերազմի մեջ և դրանից առավելագույն աշխարհաքաղաքական դիվիդենդներ կշահեր, մանավանդ որ անցյալ դարասկզբին ամերիկյան էկոնոմիկայի տեսակարար կշիռը համաշխարհային ՀՆԱ-ում (հատկապես արդյունաբերության մեջ) շատ ավելի բարձր էր, քան այսօր. հետևաբար, այդ տերության ռազմաքաղաքական հզորության և աշխարհի կեսի վրա նրա տիրապետության հաստատման համար կային բոլոր հիմքերը, սակայն չկար այն առաջնորդը, որը կարողանար օգտվել դրանից։ Մի խոսքով՝ ԱՄՆ-ը համաշխարհային պատերազմի մեջ մտավ 1917թ. ապրիլին, ընդ որում՝ ոչ թե որպես դաշնակից տերություն, այլ որպես «ասոցիացված» կողմ, և պատերազմից դուրս եկավ առանց երևելի «ձեռքբերման», թեև հաղթողների կողմում էր։ Ինչևէ` Միացյալ Նահանգները որպես գերտերություն վերջնականապես հաստատվեց 1945թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով։

Վուդրո Վիլսոնի կարևոր ձեռքբերումը Վերսալի հաշտությունն1 էր։ Վերսալյան փաստաթղթերը պատրաստելիս Վիլսոնը վեց (!) ամիս ապրեց Փարիզում, իսկ արդյունքում ստորագրեց մի պայմանագիր, որը չվավերացրեց հարազատ կոնգրեսը. ամերիկյան օրենսդիրներին ձեռք չէր տալիս Ազգերի լիգայի ստեղծման գաղափարը, ինչը պնդում էր Վուդրո Վիլսոնը, որը կարծում էր, թե պետությունների նման կազմակերպությունը կկանխի ապագայի պատերազմները։ Վիլսոնը ծանր էր տանում այն, որ կոնգրեսը չվավերացրեց պայմանագիրը, կարծում էր, որ իր ողջ տիտանական ջանքերն ապարդյուն եղան։ Նրա համար մխիթարանք եղավ 1919թ. Խաղաղության նոբելյան մրցանակը։

 

ՄԻ ՓՈՔՐ՝ ՊԱՏՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փարիզի խաղաղության կոնֆերանսը և Վերսալի պայմանագիրը, փաստորեն, ձևակերպեցին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և անվտանգության նոր համաշխարհային համակարգի կայացումը։ Այսպես կոչված «վերսալյան համակարգը» գործունակությունը պահպանեց ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, իսկ 1945թ. Պոտսդամում հակահիտլերյան կոալիցիայի երկրները՝ մեծ տերությունների գլխավորությամբ, նոր աշխարհակարգ ձևավորեցին. երկբևեռ աշխարհ՝ երկու գերտերությունների հավասարակշռված դիմակայությամբ, ինչը երկրագնդի ժողովուրդներին երկաթյա անվտանգություն էր երաշխավորում, և սառը պատերազմն այդպես էլ չհալվեց։ Աղետներն աշխարհում սկսվեցին Վարշավյան պայմանագրի և ԽՍՀՄ փլուզումից հետո, և այսօր, 20 տարի անց, սառը պատերազմի և ԽՍՀՄ նույնիսկ ամենամոլի հակառակորդներն են նոստալգիայով հիշում 1945թ. ամռանը Պոտսդամում հիմնադրված ամուր խաղաղության մասին և ընդունում, որ հենց ԽՍՀՄ-ի և ՆԱՏՕ-ին նրա դիմակայության շնորհիվ հաջողվեց 45 տարի խուսափել բացահայտ առճակատումից։

Վերսալյան համակարգի շրջանակում ստորագրվեցին բազմաթիվ միջազգային համաձայնագրեր, և դրանցից մեկը Սևրի պայմանագիրն էր (1920թ. օգոստոսի 10)` անգլո-ֆրանսիական Սայքս-Պիկոյի համաձայնագրի (1916թ.) և Սան Ռեմոյում գերտերությունների կոնֆերանսի (1920թ.) որոշման պայմանների հիման վրա, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության, Հիջազի, Չեխոսլովակիայի և Հայաստանի միջև՝ մի կողմից և օսմանյան սուլթանության կառավարության միջև՝ մյուս կողմից։ Սևրի պայմանագրով Թուրքիան կորցնում էր մի շարք տարածքների վերահսկողությունը, այն է՝

* Թուրքիան հրաժարվում էր Արաբական թերակղզու (Հիջազ) և Հյուսիսային Աֆրիկայի երկրների նկատմամբ պահանջներից, ընդունում էր բրիտանական պրոտեկտորատը Եգիպտոսի նկատմամբ և Կիպրոսի անեքսիան;

* Սիրիան և Լիբանանը հանձնվում էին Ֆրանսիային՝ որպես ենթամանդատային տարածքներ;

* Պաղեստինը, Հորդանանը և Միջագետքը հանձնվում էին Մեծ Բրիտանիային՝ որպես ենթամանդատային տարածքներ;

* Դոդեկանեսի կղզիները հանձնվում էին Իտալիային;

* թուրքական աշխարհամասային տիրույթները Եվրոպայում (Արևելյան Թրակիա և Էդիրնե (Ադրիանապոլիս), Հալիպոլի թերակղզի) և Էգեյան ծովի կղզիները (բացառությամբ  Դոդեկանեսի արխիպելագի) հանձնվում էին Հունաստանին։ Հունաստանը ստանում էր նաև մի շարք տարածքներ Փոքր Ասիայում (Զմյուռնիան` ներկայումս Իզմիր, շրջակայքը և այլն);

* Կոստանդնուպոլիսը և սևծովյան նեղուցների գոտին հռչակվում էին ապառազմականացված գոտի և հանձնվում միջազգային կառավարման;

* Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես «ազատ և անկախ պետություն»։ Թուրքիան և Հայաստանը համաձայնության էին գալիս ենթարկվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին սահմանների իրավարարության գծով՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների սահմաններում և ընդունել նրա պայմանները դեպի Սև ծով (Բաթումով) ելքի վերաբերյալ;

* Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը պետք է իրենց փոխադարձ սահմաններն անցկացնեն միմյանց միջև ուղղակի բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության հասնելու անհնարինության դեպքում՝ դաշնակցային տերությունների միջնորդությամբ;

* ենթադրվում էր նաև ստեղծել անկախ Քուրդիստան, որի սահմանները պետք է համատեղ որոշեին Անգլիան, Ֆրանսիան և Թուրքիան2։

Ինչպես տեսնում ենք, Սևրի պայմանագիրը, փաստորեն, ձևակերպում էր Օսմանյան կայսրության արաբական և եվրոպական տիրույթների բաժանումը եվրոպական տերությունների միջև, ինչպես նաև հենց իր՝ Թուրքիայի մասնատումը՝ այնտեղ ամրագրելով կիսագաղութային ռեժիմ։ Եվ պատահական չէ, որ բուն Թուրքիայում պայմանագիրն ընդունվեց որպես սուլթանի՝ ազգային շահերը պաշտպանելու անկարողության ակնհայտ դրսևորում, իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ստեղծված 1920թ. ապրիլին Անկարայում) հրաժարվեց վավերացնել պայմանագիրը` Մուստաֆա Քեմալի ազդեցության ներքո։

Սևրի պայմանագիրն ըստ էության արևմտյան տերությունների պատմականորեն ավանդական կարճատեսության վառ դրսևորումն է։ Մտադրվելով մասնատել (իսկ փաստացիորեն՝ վերացնել) Օսմանյան կայսրությունը և վերացնել երբևէ՝ ապագայում ուժեղ թուրքական պետության վերականգնման ողջ պոտենցիալը՝ եվրոպական երկրները երկխոսության մեջ մտան սուլթանի հետ, որի իշխանությունն իր հարեմի պատերից դուրս չէր տարածվում. մինչև 1920թ. օգոստոսը Թուրքիայի զգալի մասն օկուպացվեց եվրոպական բանակների կողմից, իսկ մնացած մասը գտնվում էր Մուստաֆա Քեմալի վերահսկողության տակ։ Մի խոսքով՝ նման քաղաքականության արդյունքը դարձան.

* սուլթանի դիրքերի վերջնական խափանումը պետությունում (դրան հետևող արտաքսմամբ),

* երկրի տարածքից ֆրանսիական և հունական զորքերի դուրսքշումը (իտալական զորքերը ինքնակամ հեռացան, առանց հանրապետական բանակի պարտադրման),

* ներխուժումը Հայաստան (հետագայում հայկական կողմին պարտադրելով Ալեքսանդրապոլի խայտառակ հաշտությունը),

* քրդերի դիմադրության ճնշումը,

* Խորհրդային Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատումը և Հայաստանի ներկայիս սահմանների որոշումը, որը նկատելիորեն գերազանցում էր դաշնակցական ժառանգությունը (Մոսկվայի և Կարսի պայմանագրեր),

* 1922թ. հոկտեմբերին նոր հաշտության կնքումը Թուրքիայի և Անտանտի երկրների միջև, որի ստորագրմանը սուլթանական կառավարությունը նույնիսկ չէր էլ հրավիրվել (սուլթանության և խալիֆայության հետագա վերացմամբ և հանրապետության հռչակմամբ)։

Այսպիսով, Սևրի պայմանագիրն ուժի մեջ չմտավ, և հետագայում միջազգային նոր համաձայնագրի անհրաժեշտություն առաջացավ, որն էլ եվրոպական երկրները կնքեցին Շվեյցարիայում 1923թ., բայց այս անգամ արդեն հանրապետական Թուրքիայի հետ։

Սևրի պայմանագրին փոխարինած Լոզանի խաղաղության (1923թ.) պայմանագիրը՝ Լոզանի 1922-23թթ. կոնֆերանսի արդյունքներով, ստորագրվեց 1923թ. հուլիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հունաստանի, Ռումինիայի, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության՝ մի կողմից, և Մուստաֆա Քեմալի վարչակազմի միջև՝ մյուս կողմից։ Պայմանագիրը սահմանեց Թուրքիայի նոր սահմանները՝ իրավաբանորեն ձևակերպելով Օսմանյան կայսրության անկումը և ամրագրելով Թուրքիայի տարածքն իր ներկայիս սահմաններում։ Պայմանագիրը խաղաղություն էր հռչակում Թուրքիայի և Անտանտի տերությունների3 միջև և փաստացի դե յուրե ձևակերպեց այն, ինչ օբյեկտիվորեն կար իրականում։ Այսպիսով, Սևրի պայմանագիրն իր բոլոր կետերով չեղյալացվեց՝ այդպես էլ իրականություն չդառնալով. վերջապես եվրոպական տերությունների աչքերը բացվեցին՝ ի հետևանք այլևս օբյեկտիվ իրականության չընդունման անհնարինության։

 

ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՄԱՍՏՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

Դեռ 1919թ. բրիտանական վարչապետ Լլոյդ Ջորջը համոզում էր ամերիկյան նախագահին Հայաստանը մանդատային տարածք հայտարարել։ Անգլիացիներին դրդող իսկական շարժառիթներն այժմ դժվար է պարզել, սակայն փաստ է, որ Վիլսոնը հրապուրվեց այդ գաղափարով. 1919թ. տարածաշրջան ուղարկեց գեներալ Ջեյմս Հարբորդին և այսպես կոչված Քինգ-Քրեյնի հանձնաժողովը՝ ծանոթանալու իրավիճակին և խորհուրդներ մշակելու։ Արդյունքներն ավելի քան հուսալի էին հայկական կողմի համար, և ահա 1920թ. նոյեմբերի 22-ին, Սևրի պայմանագրի կետերից մեկին համապատասխան, Վուդրո Վիլսոնը օգտվեց իր իրավունքից և ստորագրեց «իրավարար վճիռ», որը սահմանում էր Թուրքիայի և Հայաստանի սահմանները։ Իմաստո՞ւն էր արդյոք Վուդրո Վիլսոնի արարքը։ Կարծում եմ՝ ավելի իմաստուն բան աշխարհում դեռ ոչ ոք չի արել. Վիլսոնը իմաստնություն ունեցավ սահմաններ անցկացնել դե ֆակտո գոյություն չունեցող պետությունների (Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության) միջև, որոնցից մեկը՝ Հայաստանը, ստորագրման պահին հասցրել էր կորցնել իր տարածքի գրեթե 90%-ը դե յուրե գոյություն չունեցող ռեժիմի (քեմալականների) դեմ պատերազմում։ Վուդրո Վիլսոնն, իհարկե, ուզում էր որքան հնարավոր է լավ լինի, բայց, ցավոք, ստացվեց ինչպես Ռուսաստանում, այն է՝ ինչպես միշտ, այսինքն`ավելի վատ...

Կարևոր ծանոթագրություն. 1919թ. հոկտեմբերի 2-ին, կոնգրեսում Վերսալի պայմանագրի վավերացման համար մղած ծանր և անարդյունք պայքարից հոգնատանջ Վուդրո Վիլսոնն ուժեղ ինսուլտ ստացավ, որի հետևանքով անդամալուծվեց նրա մարմնի ձախ կողմը և մի աչքը կուրացավ։ Մի քանի ամիս հայ ժողովրդի սիրեցյալը տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակով, հետագայում վարժվեց քայլել գավազանով։ Բայց ամենավատն այն էր, որ Վիլսոնը մինչև նախագահական ժամկետի ավարտը գրեթե ամբողջովին անգործունակ էր դարձել, սակայն այս փաստը թաքցվում էր լայն հասարակությունից մինչև նրա մահը, որը վրա հասավ 1924թ. փետրվարի 3-ին։ Սա ասում եմ՝ իրական փաստը հաստատելու համար. «իրավարար վճռի» ստորագրման պահին Վուդրո Վիլսոնը գտնվում էր անմեղսունակության վիճակում4։

 

ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Չմոռանանք, սակայն, որ մենք հայ ենք, և մեզ համար գլխավորը ոչ թե իրական, այլ վիրտուալ աշխարհն է։ Սուբյեկտիվ իդեալիզմի սկզբունքները գերակշռում են մեր գիտակցության մեջ։ Մեզ համար ավելի կարևոր է ոչ թե այն, ինչ կա և եղել է իրականում և ինչը կատարվում է իրականությունում, այլ այն, ինչ մենք ուզում ենք տեսնել և պատկերացնել։ Այդպես էլ անում և ապրում ենք, այդ թվում և երկրի ղեկավարությունը, որը, ինչպես հայտնի է, բաղկացած է հայերից։

Ահա այսպիսի իմաստուն կերպով ենք վարվում և՛ մեր պատմության, և՛ ներկայի հետ։ Վուդրո Վիլսոնը և նրա «իրավարար վճիռը» մեզ համար խոշոր պատմական իրադարձություն է, քանի որ 164.000 քառ. կմ տարածքը քաղցր բան է։ 2010թ. նոյեմբերի 23-ին նախագահ Սարգսյանն իր պարտքը համարեց անձամբ պատվել Վուդրո Վիլսոնին և նրա սխրանքը՝ հուզիչ ուղերձ հղելով «իրավարար վճռի» հոբելյանին նվիրված կոնֆերանսի մասնակիցներին։ Պետության ղեկավարի ուղերձում, մասնավորապես, ասվում էր. «Ուղիղ 90 տարի առաջ՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը Հայաստանի սահմանների վերաբերյալ կայացրեց Իրավարար վճիռ: Քսաներորդ դարի պատմության մեջ դա մեզ համար, թերևս, ամենակարևոր իրադարձություններից մեկն էր, որով պետք է վերականգնվեր պատմական արդարությունը և վերացվեին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության հետևանքները: Այդ վճռով միջազգայնորեն ճանաչվում և ամրագրվում էին Հայաստանի սահմանները, որոնց շրջանակներում Մեծ եղեռնի դժոխային փորձությունն անցած հայ ժողովուրդը պետք է կերտեր իր պետականությունը: Օրինադավությունը և բիրտ ուժը խոչընդոտեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելու հնարավորությունը: Այդուհանդերձ, դրա նշանակությունը չի կարելի թերագնահատել. այդ որոշմամբ հայ ժողովրդի կորուսյալ հայրենիքի իղձը ստացավ կենարար և իրավական ուժ: Առաջին աշխարհամարտի ավարտին փլուզվեցին կայսրություններ, և Եվրոպայի մի շարք ժողովուրդներ ստացան իրենց ազգային պետությունները ստեղծելու ճանապարհով ինքնորոշվելու հնարավորություն: Նախագահ Վիլսոնը ցանկանում էր, որ Հայաստանը լինի նրանցից մեկը և օգտվի եվրոպական քաղաքակրթության ընձեռած բոլոր հնարավորություններից: Նա գիտեր, թե ինչ է նշանակում մեծ երկրի պատասխանատվությունը, նա չէր անտեսում փոքրաթիվ ժողովուրդների տառապանքները: Անգամ այսօր, իր պատմական ավանդի ուժով, Վուդրո Վիլսոնը հորդորում է ամրապնդել միջազգային օրինականությունը, կանխել ցեղասպանությունները և միջոցներ ձեռնարկել բիրտ ուժի ամենաթողությունը խափանելու ուղղությամբ: Նա այն մարդն է, ում երախտապարտ հայ ժողովուրդը հիշում է ու միշտ կհիշի որպես արդարության ջատագովի և իսկական բարեկամի»։

 

ՎԵՐՋԱԲԱՆ

Սևրի պայմանագրից և Վուդրո Վիլսոնի «իրավարար վճռից» առաջինը հայերը հրաժարվեցին, ավելի ճիշտ՝ դաշնակները, որոնք քեմալականների հետ ստորագրեցին Ալեքսանդրապոլւի հաշտությունն ուղիղ 10 օր այն բանից հետո, երբ, ըստ նախագահ Սարգսյանի, տեղի էր ունեցել «20-րդ դարի պատմության մեջ հայերի համար կարևոր իրադարձություններից մեկը»։ Եվ այդ հանգամանքը, ինչպես տեսնում ենք, չի խանգարում, որ հենց նրանք էլ ամենից շատ խոսեն ինչպես Սևրի, այնպես էլ Վիլսոնի վճռի վերակենդանացման մասին՝ պնդելով, թե, իբր, վերջինը չի կորցրել իրավական ուժը, քանի որ այն ոչ ոք չեղյալ չի հայտարարել (դե, սա, իսկապես, խելագարության գագաթնակետն է, որը ոչ միայն բացատրության, այլև նույնիսկ մեկնաբանության չի ենթարկվում)։ Հարց. որքանո՞վ է ճիշտ և օգտակար անտեսել հիրավի նշանակալին պատմության մեջ և փառաբանել անհեթեթությունը։ Բարոյական տեսակետից նման քաղաքականությունը և վերաբերմունքը քննադատության չեն դիմանում, իսկ պատմության և քաղաքական գիտակցության տեսակետից սա բավական լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ կամավոր կուրությունը և բնակչության տոտալ բթացումը հղի են շատ բանի, եթե ոչ՝ ամեն ինչի կորստյամբ։

Իսկ մեզ ցանկանք նյարդային համակարգի ամրություն Հայաստանում գոյատևելու համար, որտեղ շուտով, հավանաբար, բոլորը խելքները կթռցնեն, և սատանան գիտի, թե ում համար...

Բայց, անշուշտ, ամեն դեպքում կուրախանանք և երկնային երջանկության գիրկը կընկնենք՝ հետևելով երկրի քաղաքական ղեկավարության հրահանգներին։

 

1 Վերսալի 1919թ. խաղաղության պայմանագիրը Առաջին համաշխարհային պատերազմը պաշտոնապես ավարտող պայմանագիրն է։ Ստորագրվել է 1919թ. հունիսի 28-ին, Վերսալի պալատում, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի, ինչպես նաև Բելգիայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Կուբայի, Էկվադորի, Հունաստանի, Գվատեմալայի, Հայիթիի, Հիջազի, Հոնդուրասի, Լիբերիայի, Նիկարագուայի, Պանամայի, Պերուի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության, Սիամի, Չեխոսլովակիայի և Ուրուգվայի՝ մի կողմից և Գերմանիայի միջև՝ մյուս կողմից։ 1919-20թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում երկարատև գաղտնի խորհրդակցություններից հետո մշակվեցին պայմանագրի պայմանները։ Ուժի մեջ մտավ 1920թ. հունվարի 10-ին, Գերմանիայի և դաշնակից գլխավոր չորս տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի կողմից վավերացվելուց հետո։ Վերսալի հաշտության պայմանագիրն ստորագրող պետություններից ԱՄՆ-ը, Հիջազը և Էկվադորը հրաժարվեցին վավերացնել այն։ ԱՄՆ Սենատը հրաժարվեց վավերացնել, քանի որ չէր ցանկանում մասնակցել Ազգերի լիգային (որտեղ գերիշխում էր Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ազդեցությունը), որի կանոնադրությունը Վերսալի պայմանագրի բաղկացուցիչ մասն էր։ Դրա փոխարեն ԱՄՆ-ը 1921թ. օգոստոսին Գերմանիայի հետ հատուկ պայմանագիր կնքեց, որը գրեթե նույնն էր, ինչ Վերսալի պայմանագիրը, բայց որը չէր պարունակում հոդվածներ Ազգերի լիգայի մասին։

Վերսալի պայմանագրի առաքելությունը հօգուտ հաղթանակած տերությունների աշխարհի վերաձևման ամրագրումն էր։ Դրանով Գերմանիան Ֆրանսիային էր վերադարձնում Էլզաս-Լոթարինգիան (1870թ. սահմաններով), Բելգիային՝ Մալմեդի և Էյպեն շրջանները, ինչպես նաև Մորենեի չեզոք և պրուսական մասերը, Լեհաստանին՝ Պոզնանը, Պոմորիեի և Արևմտյան Պրուսիայի այլ տարածքներ; Դանցիգը (Գդանսկ) և նրա օկրուգը «ազատ քաղաք» հայտարարվեց; Կլայպեդան հանձնվեց հաղթող տերությունների կառավարմանը (1923թ. փետրվարին միացվեց Լիտվային) և այլն։ Ըստ պայմանագրի՝ Գերմանիան ընդունում և պարտավորվում էր խստորեն պահպանել Ավստրիայի անկախությունը, ինչպես նաև ընդունում էր Լեհաստանի և Չեխոսլովակիայի լիակատար անկախությունը։ Հռենոսի ձախափնյակի ողջ գերմանական հատվածը և աջափնյակի 50 կմ լայնությամբ շերտը ենթակա էին ապառազմականացման։ Գերմանիան զրկվում էր իր բոլոր գաղութներից, որոնք ավելի ուշ բաժանվեցին գլխավոր հաղթող տերությունների միջև՝ Ազգերի լիգայի մանդատների համակարգի հիման վրա։ Պայմանագրի համաձայն՝ Գերմանիայի զինված ուժերը պետք է սահմանափակվեին 100.000 ցամաքային բանակով, վերանում էր պարտադիր զինծառայությունը, պահպանված ռազմածովային նավատորմի հիմնական մասը հանձնվելու էր հաղթողներին, կոշտ սահմանափակումներ էին դրվել նաև մարտական նոր նավերի կառուցման վրա։ Գերմանիային արգելվում էր ունենալ արդի սպառազինությունների շատ տեսակներ՝ մարտական ավիացիա, զրահատեխնիկա (բացառությամբ հնացած մեքենաների ոչ մեծ քանակության՝ զրահամեքենաներ ոստիկանության կարիքների համար)։ Գերմանիան պարտավորվում էր պատերազմական տուգանքների ձևով հատուցել Անտանտի երկրների կառավարությունների և առանձին քաղաքացիների կրած վնասները մարտական գործողությունների արդյունքում։ Վերսալի հաշտության պայմանագրի պայմանները բացառապես նվաստացուցիչ էին Գերմանիայի հանդեպ, ինչն էլ հանգեցրեց սոցիալական ծայրահեղ անկայունության երկրի ներսում, ուլտրաաջ ուժերի երևան գալուն և իշխանության գլուխ նացիստների անցնելուն։ 

2 Ըստ Սևրի պայմանագրի՝ Օսմանյան կայսրությունը կորցնում էր ընդհանուր առմամբ 1.219.000 քառ. կմ տարածք։ Մեծ Բրիտանիային էր անցնում 915.000 քառ. կմ, Ֆրանսիային՝ 160.000, Հայաստանին՝ 95.000, Հունաստանին՝ 29.000, Զմյուռնիային՝ 20.000 քառ. կմ։

3 Թուրքիային էին մնում Արևելյան Թրակիան, Իզմիրը և այլ տարածքներ, որոնք նրանից վերցվել էին Սևրի 1920թ. հաշտության պայմանագրով։ Միևնույն ժամանակ, Թուրքիան հրաժարվեց հավակնել և կորցրեց Արաբիայի, Եգիպտոսի, Սուդանի, Տրիպոլիտանիայի, Կիրենաիկայի, Միջագետքի, Պաղեստինի, Անդրհորդանանի, Լիբանանի և Սիրիայի, Էգեյան ծովի կղզիների (ներառյալ Լեմնոսը, Սամոթրակին, Լեսբոսը, Խիոսը, Սամոսը, Իկարիան) նկատմամբ վերահսկողությունը։ Թրակիայում սահմանը գծվեց Մարիցա գետով։ Իրաքի հետ սահմանի և, համապատասխանաբար, նավթաբեր Մոսուլի շրջանի վերահսկողության մասին հարցը հետաձգվում էր մինչև Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կողմից դրա հստակեցումը, իսկ համաձայնության չգալու դեպքում 9 ամսվա ընթացքում հանձնվում էր Ազգերի լիգային։ Պայմանագիրը վերացրեց կապիտուլյացիաների ռեժիմը (օտարերկրացիների տնտեսական և քաղաքական արտոնությունները) Թուրքիայում և Թուրքիայի հանդեպ միջազգային ֆինանսական վերահսկողությունը։ Թուրքիան համաձայնում էր վճարել օսմանյան կայսրության արտաքին պարտքի մի մասը։ Նեղուցների հարցում անգլիական դիվանագիտությունը հասավ զգալի զիջումների Թուրքիայի կողմից. պայմանագիրը նախատեսում էր խաղաղ և պատերազմական ժամանակներում նեղուցներով ազատ անցում առևտրային և ռազմական (ծովային և օդային) նավերի համար և Բոսֆորի ու Դարդանելի ապառազմականացում, այսինքն՝ ափային ամրությունների վերացում։ Ստամբուլում հիմնվեց միջազգային՝ Նեղուցների հանձնաժողովը՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Հարավսլավիայի և Թուրքիայի ներկայացուցիչներից կազմված։ Լոզանի պայմանագրին միանալու պարագայում ԱՄՆ-ը իրավունք էր ստանում հանձնաժողովում ունենալ իր ներկայացուցիչը։

Օսմանյան պարտքը բաշխվում էր Թուրքիայի և այն տերությունների միջև, որոնց օգտին էր Օսմանյան կայսրությունից տարածք առանձնացվել 1912-1923թթ. պատերազմների արդյունքում։ Պարտքը պետք է մարվեր հավասար բաժիններով 20 տարվա ընթացքում։ 1923թ. օգոստոսի 23-ին Թուրքիան վավերացրեց պայմանագիրը, մինչև 1924թ. օգոստոսի 6-ը՝ պայմանագրի մյուս բոլոր մասնակիցները, բացի Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորութունից, որը հայտարարեց օսմանյան պարտքի իր բաժինը վճարելու անհամաձայնության մասին։

Բայց ամենագլխավորը մեզ համար այն էր, որ Թուրքիան հասավ այն բանին, որ Անտանտը հրաժարվի հայերի «ազգային օջախի» ստեղծումից, իսկ էթնիկ հույները, բնակչության փոխանակման անվան տակ, վտարվեցին Թուրքիայի իրենց տարածքից՝ բացառությամբ Կոստանդնուպոլսի։

4 Ամերիկյան պաշտոնական պատմագրությունը հաստատում է նախագահ Վիլսոնի անգործունակության փաստը, սակայն չի ճշտում նրա անմեղսունակության աստիճանը։ Կարծում ենք՝ դա այնքան էլ էական հարց չէ. անմեղսունակությունը անմեղսունակություն է, և հավասար չափով անմեղսունակ են համարվում և՛ այն հիվանդները, որոնք չեն ճանաչում իրենց հարազատներին ու մտերիմներին (ասենք՝ նախագահ Ռեյգանը կյանքի վերջին 10 տարիներին), և՛ այն քաղաքացիները, որոնք կատարում են անմեղսունակ, անբացատրելի և ֆանտաստիկ գործողություններ (ինչպես Վուդրո Վիլսոնը՝ «իրավարար վճիռը» ստորագրելով)։ Բոլոր դեպքերում էությունը նույնն է՝ բացարձակ խելագարություն։

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am