Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականություն
Նոյեմբեր 2010, N 10

«ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՄԵՐ ԱՉՔԻ ԼՈՒՅՍՆ է»

Ստեփան Թոփչյան, գրականագետ, հրապարակախոս

Իլհամ Ալիևը Սադարակում (Նախիջևան) կրկնել է իր հայտնի հոխորտաբանությունը՝ պատերազմը չի ավարտված, ավարտված է առաջին փուլը, և ավելացրել. «Ադրբեջանն այսօր ի վիճակի է լուծելու ցանկացած հարց, ցանկացած ճանապարհով»: Հատկապես Նախիջևանից սպառնալու իրավունք նրան լիուլի տրվել է Արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունների ճակատագրական սխալի` առնվազն՝ Նախիջևան-Թուրքիա ընդհանուր սահմանի հատվածը չազատագրելու և Հայաստանին չվերադարձնելու պատճառով: Թուրք-ազերիները լավ են հասկանում Հայաստանի և Իրանի միջև խրված Նախիջևանի նշանակությունը և հետևողականորեն պատրաստվում են այն օգտագործել իրենց ծավալապաշտական նկրտումներն իրականացնելու համար:

Ալիևի աքլորանալն ավելի շատ իրեն տրված հնարավորության, քան անձնական արիության արդյունք է: Մամուլում բազմիցս անդրադարձել են նրա բնավորության թուլություններին։ Դժվար է ասել` այլ երկրների կառավարությունների համար ինչ նշանակություն ունեն Ադրբեջանի ղեկավարի ու նրա շրջապատի արատներն ու հանցագործությունները։ Իսկ միջազգային ասպարեզում, ընդհանրապես, երբ շահերը պահանջում են, անտեսվում են մարդկության ու քաղաքակրթության դեմ մեծագույն ոճրագործություններն անգամ, ուր մնաց թե` ինչ-որ հոգեկան խախտումներ։ Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարող էր, օրինակ, Իլհամի` հակահայկական գործունեությամբ հայտնի կինը՝ Մեհրիբան Արիֆ կըզի Ալիևան, 2004-ի սեպտեմբերի 9-ին կարգվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան: Միջազգային կազմակերպության, որի ներկայացուցիչներին Ադրբեջանի իշխանությունները «բարի կամքով» արգելեցին այցելել Նախիջևան՝ Հին Ջուղայի հայկական հազարավոր սքանչելի խաչքարերի վերջնական ոչնչացումը փաստելու համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ն առանց նույնիսկ ձևական դատապարտումի, դյուրությամբ տեղի տվեց, ոչ միայն բացահայտելով իր անկարողությունը համաշխարհային մշակույթի գանձերի պահպանության ու պաշտպանության պարտավորության հարցում, այլև խրախուսեց վանդալիզմը՝ թե՛ խաչքարերի, թե՛ հայկական քաղաքակրթության բազմահազար այլ հուշարձանների կործանումը Ադրբեջանի ողջ տարածքում: Ադրբեջանի նախագահի կնոջը «բարի կամքի դեսպան» կարգելը դրա փայլուն վկայությունն է։ Հնարավո՞ր է պատկերացնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նման շնորհ աներ Բուդդայի վիթխարի արձանները Աֆղանստանում պայթեցնող վանդալների գլխավոր կազմակերպչին: Սակայն պարզվում է, որ «քաղաքակիրթ» այս աշխարհում ամեն ինչ հնարավոր է:

Եթե Արցախյան պատերազմում Ադրբեջանն ունենար Հայաստանի հնարավորության մեկ տասներորդն իսկ, ոչ միայն կսեփականեր Լեռնային Ղարաբաղը, այլև կգրավեր առնվազն Սյունիքը: Մինչդեռ Հայաստանի իշխանություններն իրենց հատուկ պարտվողական քաղաքականությամբ պատմական բացառիկ հնարավորության մեկ տասներորդն իսկ չօգտագործեցին Նախիջևանը գոնե մասամբ ազատագրելու համար: Ծանր հետևանքներն արդեն որոշակի են: Օգոստոսի 20-ին, ՀՀ և ՌԴ նախագահների ներկայութամբ ստորագրված` Հայաստանում ռուսական ռազմակայանի ժամկետի երկարաձգման արձանագրությունը «...երկու օրե ի վեր օրակարգի բերած է այն հավանականությունը, թե Թուրքիա իր կարգին զինվորական խարիսխ մը պիտի հաստատե Ատրպեյճանի Նախիջևան մարզի մեջ... Զինվորական Հետազոտության Կեդրոնի նախագահ ճեսուր Սյումերինլի... Պաքուի Լրատու աղբյուրներուն հայտնեց, թե ներկա կացության դիմաց կարևոր կնկատվի, որ թուրք զինվորը Ատրպեյճանի մեջ ներկայություն ունենա... Թուրքիա-Ատրպեյճան զորակցության շնորհիվ կարելի պիտի ըլլա արգելք հանդիսանալ Հայաստանի առաջնության» («Մարմարա», Կ.Պոլիս, 25 օգոստոս, 2010): Թուրքական ռազմակայանի հաստատման լուրն, իհարկե, հաղորդվել է արձանագրության ստորագրումից ավելի վաղ, բայց անկախ դրանից, ԽՍՀՄ անկումից հետո և նույնիսկ առաջ Թուրքիան երբեք պահը չի կորցրել Նախիջևանում իր ազդեցությունն ուժեղացնելու համար: Դեռևս 60-ականներին Հայաստանում լուր տարածվեց, թե Նախիջևանը, հավանական է, վերադարձնեն Հայաստանին, քանի որ այնտեղով Թուրքիայից Ադրբեջան ներմուծվող մսեղիքում թաքցրած զենքեր են հայտնաբերվել: Նույնիսկ այն ժամանակ որոշակի հեռահար նպատակներով Թուրքիան զինում էր ադրբեջանցի «մսագործ» եղբայրիկներին: Ուստի, անտեղի է այն պնդումը, թե Նախիջևանում թուրքական ռազմակայան տեղադրելու առաջարկը լոկ պատասխան էր այս տարվա վերոնշյալ արձանագրության:

Ադրբեջանի արտգործնախարար Արազ Ազիմովի արձագանքը քաջալերական չէր. Ադրբեջանն առայժմ ծրագիր չունի իր տարածքում օտար պետության ռազմակայան տեղադրել: Մինչդեռ, օգոստոսի 16-ին այդ «օտար պետության» նախագահ Աբդուլա Գյուլի Բաքու այցելության ընթացքում կնքվեց «Ռազմավարական համագործակցության և փոխադարձ օգնության մասին» թուրք-ադրբեջանական համաձայնագիրը, որը թեև չի հրապարակված, սակայն հայտնի որոշ դրույթները թույլ կտան Նախիջևանում թուրքական ռազմակայան տեղադրել («Ասպարեզ», 1 սեպտեմբեր, 2010):

Ա.Ազիմովը Թուրքիան «օտար պետություն» է ներկայացնում դիվանագիտական տհաս ու անճոռնի խաբսով. իբր «Մի ազգ, երկու պետությունն» իրեն չի վերաբերում: Իրականում «մի ազգը» կարող է յոլա գնալ նաև առանց հատուկ ռազմակայանի, քանզի թուրքական զորամասերը ցանկացած քանակով ու զինվածությամբ, ցանկացած պահի Թուրքիա-Նախիջևան 10 կիլոմետրանոց ընդհանուր սահմանով, կարող են անմիջապես տեղափոխվել այնտեղ, անգամ հանդերձավորվել իբրև «ադրբեջանական» բանակ և անցնել սրընթաց, լայնամասշտաբ հարձակման: Հեռատես թուրքերը դեռևս 1992-ին Արաքս գետի վրա կառուցեցին Հասրեթ (Կարոտ) կամ Հույսի կամուրջը: Թուրքիայի վարչապետ Դեմիրելը ճամարտակեց, թե դրանով վերջ գտավ 70-ամյա կարոտը, Թուրքիան և Նախիջևանը գրկախառնվեցին: Նախիջևանի՝ ժամերի ընթացքում իրականացվելիք ազատագրման անտեսումը, ծանր հետևանքներով հղի, նորանոր պարտությունների տանող, ՀՀ իշխանությունների ինքնակամ պարտություն էր:

Լրագրողի` ինչպե՞ս եք վերաբերվում Նախիջևանում զորքեր տեղակայելու մասին թուրքական իշխանությունների հայտարարությանը հարցին գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանել է. «...Ինձ զարմացնում է մեր ԱԳՆ-ի, մեր իշխանությունների անուժ և անատամ վերաբերմունքը: Մեր իշխանություններն արդեն պետք է հայտարարություն արած լինեին այդ կապակցությամբ... Տեսեք մենք որտեղ ենք պարտվում: Մենք ամենուր պարտվում ենք, բայց երկրի ներսում այնպես ենք ամեն ինչ անում, ասես մենք ամենուր հաղթում ենք: Ասես մեզ մոտ ամեն ինչ նորմալ է» («Ժամանակ», 25 հունիսի, 2010):

Չափազանց տարօրինակ կլիներ, որ Թուրքիան ըստ ամենայնի չամրապնդեր դիրքերը Նախիջևանում: 1993-ի փետրվարի 5-ին այնտեղ բացվեց Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը: 2008-ի սկզբին էրդողանի այցելության ժամանակ որոշվեց կառուցել երկաթուղի և գազամուղ: Նույն տարում բարեկարգվեց Իգդիր-Նախիջևան 129 կիլոմետրանոց ավտոճանապարհը: Կրկնենք, երկաթուղով և ավտոճանապարհով թուրքական զորամասերը կհայտնվեն Նախիջևանում այնքան ժամանակից, որքան կտևի Թուրքիայի սահմանից մտնելը: Ուստի, հարկ չկա Նախիջևանում Թուրքիայի հատուկ ռազմակայան տեղադրել: Ադրբեջանից Հայաստանով անջատված Նախիջևանը փաստորեն միացած է Թուրքիային:

Նախիջևանի նշանակությունը թյուրքական աշխարհի համար կարևորվեց նաև 2009-ի հոկտեմբերի 3-ին այնտեղ անցկացված թյուրքալեզու երկրների գագաթաժողովով, որը հաստատեց «Թյուրքալեզու երկրների համագործակցության» համաձայնագիրը: «Օտար պետության» նախագահ Աբդուլա Գյուլը հաղթական ոգևորությամբ գոչեց. «Նախիջևանը հարազատ ու թանկարժեք է և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի համար... Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանը փոքր է, սակայն քաղաքական առումով 10-12 կիլոմետր երկարությամբ սահմանը ծայրահեղ կարևորություն ունի... աշխարհագրորեն Թուրքիան կապում է թյուրքական երկրների հետ»: Հետևողական նույն քաղաքականությունում, 2010-ի ապրիլին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Նախիջևանի Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ Անկարայում հանդիպման ժամանակ հավաստեց, որ Նախիջևանի ապագան կառուցելու գործում Թուրքիան եղել է և կմնա առաջատար, որ Կարսի պայմանագրով Թուրքիան Նախիջևանի անվտանգության երաշխավորն է, աքսիոմ է, որ Նախիջևանի անվտանգությունը Թուրքիայի անվտանգությունն է: Ապրիլի 27-ին Թալիբովին ընդունեց էրդողանր, 28-ին՝ Գյուլը (զրույցների մանրամասները չեն հրապարակվել), 29-ին Թալիբովը եղել է Կարսում և Իգդիրում, այլ խնդիրների հետ քննարկել նաև Թուրքիայի, Իրանի, Նախիջևանի միջև ազատ արդյունաբերական գոտի ստեղծելու խնդիրը: Ապրիլի 28-ին Թուրքիայի ԱԳՆ-ն «հիմնավորեց» այդ նախաձեռնությունների անհրաժեշտությունը. «Ադրբեջանի հետ սահմաններ չունեցող ինքնավար կազմավորում Նախիջևանը մնացել է միայնակ Հայաստանից սպասվող սպառնալիքների հանդեպ: Այդ սպառնալիքի չեզոքացման համար մեր երկրների միջև հարաբերություններում շատ կարևոր է ռազմական համագործակցությունն Ադրբեջանի և Նախիջևանի հետ»: Ինչպես տեսնում ենք, նաև այս հարցում հաջողությամբ շարունակվում է թուրք-ադրբեջանական քարոզչությունն ընդդեմ «ագրեսոր» Հայաստանի` բազմիցս փորձարկված, հարմար պահին թուրքական բանակի հարձակումը «արդարացնող» հնարք:

2010-ի հունիսի 17-ից «Թյուրք հավա յոլլարի» ավիաընկերությունը շաբաթական երեք թռիչք է իրականացնում Ստամբուլից Նախիջևան: Ի պատասխան ռուսական «Ատլանտ-սոյուզ» օդանավային ընկերությունը հուլիսի 27-ին սկսել է Մոսկվա-Նախիջևան-Մոսկվա թռիչքներ, որոնք պիտի կատարվեն յուրաքանչյուր երեքշաբթի, «Բոինգ 737» օդանավով: Շարունակվում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքները: Թուրքիան հետազոտական աշխատանքներ է կատարում այդ երկաթգիծը Իգդիրից Նախիջևան հասցնելու և յոթ կիլոմետր խորանալու համար:

Հուլիսի 17-ին Նախիջևանում ստորագրվեց Թուրքիա-Նախիջևան երկու հարյուր կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցման համաձայնագիր, որին ի պատասխան իրանական լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Իրանի և Ադրբեջանի միջև գազի փոխանակման 2004թ. համաձայնագիրը կարող է չեղյալ հայտարարվել: Ադրբեջանից Իրանի տարածքով գազ է մղվում Նախիջևան: Իսկ Ադրբեջանի, Թուրքիայի և Նախիջևանի նոր համաձայնագրով նախատեսվեց տարեկան 500 միլիոն խորանարդ մետր գազ մղել Թուրքիա: Վերջինս առանց տարանցման վճարումների պետք է ադրբեջանական գազը հասցնի Նախիջևան: Դրանով Ադրբեջանն ուզում է նվազեցնել տնտեսական կախումն Իրանից:

Իրանին, թերևս, Հայաստանից ավելի պարզորոշ է թուրք-ադրբեջանական Նախիջևանի վտանգը, այդ երկիրը դեմ է, որ 200 կիլոմետր ընդհանուր սահմանով այդ տարածքն անցնի Թուրքիայի երաշխավորության տակ: «Իրանն իրականացնում է մշակութա-կրոնական ենթակառուցվածքների լայն զարգացում, կրթական ծրագրեր, պատրաստում է տեղական կադրեր, որոնք նվիրված են ոչ միայն շիական արժեքներին և գաղափարներին, այլև իրանական պետությանը»: Իրանը զարկ է տալիս պարսկերենի տարածմանը: 2001թ. կնքած պայմանագրով Նախիջևանի հեռուստատեսությունում պետք է պատրաստվեր պարսկերենով ծրագրերի փաթեթ: Իրանական շատ թերթեր մեծ քանակությամբ ցրվում են հիմնականում Շարուր և Սադարակ քաղաքներում: Նախիջևանի բնակչության՝ Իրան ներթափանցման հեշտացումը, Իրանում հազարավոր նախիջևանցիների կրթություն և բժշկական օգնություն ստանալու հնարավորությունը նպաստում են մարզի ինտեգրմանն Իրանին (տե՛ս Հայկ Գաբրիելյան, «Գլոբուս», «Նորավանք» ԳԿՀ, հունիս 23, 2010):

Ըստ 1999-ի մարդահամարի, Նախիջևանն ուներ 370 հազար բնակիչ, այժմ՝ 150-170 հազար: Գլխավորապես չքավորության և քաղաքական բռնությունների պատճառով աշխատուժը գաղթում է մեծ մասամբ Բաքու և Թուրքիա: Նախիջևանցիները դժգոհում են, որ կասպյան նավթի եկամուտներից ոչինչ չի հասնում իրենց, մինչդեռ Ադրբեջանում էլ վիճակը տարբեր չէ: Նավթային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իլհամ Շաբանը «Բիզիմ յոլ» թերթին հայտնել է, որ Ադրբեջանի բնակչությանը վաճառվող էներգակիրների գներն ամենաթանկն են ԱՊՀ երկրներում` բենզինն ու գազը` 2 անգամ, էլեկտրաէներգիան` 2,5 անգամ: Բենզինից կառավարությունր 180-200 տոկոս շահ է ստանում: Նավթի հետ դուրս եկած գազի ինքնարժեքը զրո է: Նույնիսկ գազաբաշխիչ ցանցերի ծախսերը գումարելիս 1000 խորանարդ մետր գազի գինը չի կարող գերազանցել 50 մանաթը, մինչդեռ բնակչությանը վաճառվում է 100 մանաթով (մոտ 125 դոլար)` 100 տոկոս շահ ապահովելով օլիգարխ-պաշտոնյաների համար։

Աշխարհագրական մեկուսացումն Ադրբեջանից խանգարում է ինքնավար հանրապետության տնտեսական զարգացմանը, թուլացնում կենտրոնական իշխանության վերահսկողությունը: Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը (ըստ Ս.Մամադլիի «Նախիջևան, մի այլ Ադրբեջան» հոդվածի) հանրապետությունը համարում է իր անձնական կալվածքը, ուստի կոչվում է Նախիջևանի խան. «Ներկա դաժան վարչակարգը Նախիջևանը վերածել է Թուրքմենստանի» (Միջին Ասիայի ամենաբռնատիրական երկիրը): «Ադրբեջանի անկախ կամ ընդդիմադիր թերթերը չեն վաճառվում տեղում, փոխանցվում են ձեռքից ձեռք: Եթե Նախիջևանի ղեկավարները ժխտական լույսով ներկայացվեն, իշխանությունները կարգելեն թերթերի ցրումը»: Քննադատական բովանդակությամբ թերթ վաճառողը կարող է բանտարկվել մինչև 15 օր: Արգելված են ցույցերը, հրապարակային ելույթները: Միջազգային կազմակերպություններին գոհացնելու համար ստեղծված ձևական ընդդիմության հանդիպումներին պարտադիր ներկա են լինում գաղտնի ոստիկաններ (տե ՛ս «Ասպարեզ», 28 փետրվար, 2008):

Արտագաղթի հետևանքով ամայացած Նախիջևանի մի շարք գյուղերում, ինչպես և կենտրոններում, գալիս, հաստատվում են Թուրքիայի քաղաքացիներ: Փակված տնատերերին տեղական իշխանությունները Բաքվից կանչում են Նախիջևան, և Թուրքիայի քաղաքացիները նրանց վճարում են 10-12 հազար դոլար՝ սեփականությունը գնելու համար: Նրանք «երջանիկ են, որ այդպիսի գումար են ստանում իրենց լքված տների վաճառքից» (այս և հետագա վկայությունները բերում ենք «Ասպարեզ», 17 հուլիս, 2008, «Ենի մուսավաթ», 8 հունիս, 2008թ., «Նախիջևանի գյուղերը դատարկվում են» հոդվածի թարգմանությունից):

Ծանոթ պատկեր է: Հայաստանի շատ գյուղեր մի՞թե գերադասելի վիճակում են:

Թուրքիայից եկածներն, ասում են, թուրքեր են, բայց իրականում քրդեր են: Բնակչության արտագաղթին զուգահեռ, հատկապես քրդերի ներհոսքը Նախիջևան տագնապի է մատնել Ադրբեջանի որոշ պաշտոնյաների: Իրենց հերթին, «մի շարք փորձագետներ զգուշացրել են, որ եթե վերոնշյալ բնակեցումը չկանխվի, ապագայում կարող է Ադրբեջանից Նախիջևանի անջատման հարց առաջանալ: Եթե այսպես շարունակվի, դա կարող է տեղի ունենալ մի քանի տարի հետո: Ապագայում դա կհանգեցնի ավելի մեծ տարածքների կորստի...

Թուրքիայի հանդեպ անբարյացակամ տրամադրված երկրները լրջորեն շահագրգռված են Թուրքիայի և Ադրբեջանի սահմանին թեժ գոտի ստեղծելու հարցով: Ակնհայտ է, եթե Նախիջևան տեղափոխվող գաղթականները բարձրացնեն քաղաքական և այլ պահանջներ, աջակցություն կստանան Հայաստանից» (նույն տեղում): Ադրբեջանի ազգային անվտանգության մի պաշտոնյա ասել է, որ Բաքվից Նախիջևան անկարելի է թղթակից ուղարկել, և «ծագումով Նախիջևանից ընդդիմադիր քաղաքական գործիչները չեն կարող ինքնավար մարզ այցելել... Տեղական իշխանությունների այսօրինակ վարքը և այն փաստը, որ արտաքին ուժերը պարարտ հող են գտել այնտեղ, Ադրբեջանին ողբերգության առաջ կկանգնեցնեն»: Քրդերին ներկայացնելով որպես Թուրքիան և թուրքերին չսիրող օտարներ` այդ պաշտոնյան նախազգուշացնում է. «Հայերի հետ պատերազմ սկսվելիս նրանք չեն պաշտպանի Նախիջևանը, կա՛մ կհեռանան, կա՛մ կպաշտպանեն հայերին: Դա կհանգեցնի Նախիջևանի կորստին: Նախիջևանում առկա է դանդաղ գործողության ռումբ» (նույն տեղում): Պաշտոնյան համոզված է, որ եթե Ադրբեջանի նախագահի աջակցությամբ լուրջ միջոցներ ձեռնարկվեն, ապա այդ երևույթները մի քանի օրում կչեզոքացվեն. «Ընդամենր անհրաժեշտ է վճռականություն և կամք»: Ազգային անվտանգության պաշտոնյան կամ տեղյակ չէ, կամ անզոր է տեսնել իրականությունը: Այսինքն, ինչպե՞ս տեսնի, երբ նախագահ Ալիևն անընդհատ զառանցում է, թե ներկա Հայաստանը գրավել է պատմական Ադրբեջանի տարածքը և ձգտում է այն վերացնելով` տեղը բնակեցնել պատմությանն անհայտ, տարբեր ազգերից կարկատված, անհեթեթ ազգություն՝ իր «ադրբեջանցիներին»: Նրա հիվանդ ուղեղին հասու չէ ոչ միայն առկա իրողությունը, որ Թուրքիայում հայերին ցեղասպանելուց հետո Արևմտահայաստանում հաստատվեցին քրդերը, այլև, որ նույնը կկատարվի տարածաշրջանից հայերի վերջնական վերացման ոճրագործ ծրագրի իրագործման դեպքում: «Թուրքերին չսիրող օտարները»` քրդերը, կփորեն «Մի ազգ, (երկու)... պետության» գերեզմանր: Չգիտե՞ն, որ Արևելյան Թուրքիայի հիմնական ազգաբնակչությունն արագորեն աճող քրդերն են, որոշ հաշվարկներով՝ երկրում նրանց թիվն այժմ հասնում է 20 միլիոնի, և սահմանակից շրջանից Նախիջևանում ինքնաբերաբար հենց նրանք են վերաբնակվելու:

Երկրամասը չկորցնելու համար Թուրքիան ստիպված է վճռական քայլեր անել: «Նախիջևանի բարեկեցությունը մեր բարեկեցությունն է: Կրկնում եմ, այդ ինքնավար հանրապետության ապագան թուրքական իշխանությունները գնահատում են որպես ստրատեգիական խնդիր»,- հաստատում է Դավութօղլուն, իսկ նրա խորհրդական Ճենգիզ Գյուլը, իր ցեղին հատուկ լկտիությամբ, անտեսելով Հայաստանի երկկողմանի թուրք-ադրբեջանական շրջափակումը, կեղծում է, թե «Նախիջևանն այսօր Հայաստանի շրջափակման մեջ է մնացել. մենք իրար հետ գործակցելով և նորանոր ներդրումներ անելով պետք է կոտրենք այդ շրջափակումը»:

Նախիջևանի նշանակության թուրքական ինքնատիպ պնդումների շարքում առաջին մրցանակի արժանին Առևտրի գծով պետնախարար Զաֆեր Չաղլայանի արտահայտությունն է: Հոկտեմբերի 26-ին նա հայտնեց, որ թուրք-ադրբեջանական ապրանքաշրջանառությունը 2 միլիարդ է, առաջիկա տարում խոստացավ այն հասցնել 5 միլիարդի: Նախիջևանում գումարվելու է թուրք-ադրբեջանական գործարար համաժողով` ավելի քան 200 գործարարի մասնակցությամբ: Ադբեջանն ու Թուրքիան ընդհանուր անցյալ ունեն, ավելացրեց նախարարը, ու թեև «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՇՈՒՅՆԻ ՊԵՍ ԽՐՎԱԾ է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՆԱԽԻՋԱՆԻ ՄԻՋԵՎ», Թուրքիան առանձին չպիտի թողնի Նախիջևանը, «ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՄԵՐ ԱՉՔԻ ԼՈՒՅՍՆ է»: Ըստ Ադրբեջանի «իմաստունների գյուտերից» մեկի՝ ադրբեջանցի հնագույն գիտնական և աստղագետ է Նոյ նահապետը: Ապա և՝ ադրբեջանցի են հին հունական դիցաբանության միակնանի կիկլոպները: Եթե այդ «ազգը» ճգնում է իր հարմար «վկայություններ» գտնել հնաշխարհի առասպելապատումներում, ապա տվյալ օրինակը հենց այդպիսին է: Այդ հին «ադրբեջանցիների» բիրտ ու անբարո արարքները Ֆրենսիս Բեկոնը մեկնաբանեց «Հների իմաստության մասին» (առաջին հրատարակությունը՝ 1609) աշխատության «Կիկլոպները, կամ ահաբեկչության հաճկատարները» գլխում: Սրանք այնքան են դուր եկել ադրբեջանցի «իմաստուններին», որ կիկլոպ Պոլիփեմոսին կուրացրած Ոդիսևսի պատմությունն էլ գայթակղությունից հետ չի պահել:

Բայց եթե Նոյ նահապետր ոտով-գլխով ադրբեջանցի էլ դառնա, Նախիջևանի «կիկլոպի» աչքի լույսը վաղ թե ուշ կխավարեցնի ոչ թե նորահայտ մի Ոդիսևս, այլ քրդերի անվրեպ հարվածը: ժամանակը պտտվում է այդ ուղղությամբ: Բայց քանի որ թուրք-ազերի իշխանավորները դա հասկանալու ցանկություն ու կարողություն չունեն, տարված են «մի ազգ, երկու պետության» բաժանող Հայաստան-դաշույնի վերացման խելացնոր գաղափարով, ապա ոչ միայն դաժանորեն զրկվելու են «աչքի լույսից», ինչպես նկատել են սթափ մտածող ադրբեջանցի որոշ փորձագետներ («այսպես շարունակվի, դա կարող է տեղի ունենալ մի քանի տարի հետո»), այլև «ապագայում դա կհանգեցնի ավելի մեծ տարածքների կորստի»:

Իսկ մինչ այդ, Նախիջևանից հնարավոր թուրքական լայնածավալ հարձակման վտանգն անտեսելն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am