Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Նոյեմբեր 2010, N 10

ՎԼԱԴԻՄԻՐ ՍՏՈՒՊԻՇԻՆ

ԻՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. 1992-1994

Ռուսաստանի առաջին դեսպանի հուշերը

ՂԱՐԱԲԱՂ

Քանի որ հավատարմագրերս հանձնելու նախօրեին սկսվեց Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի սարերում և պրովոկացիաները Հայաստանի սահմանում, պարտքս համարեցի ղեկավարության համար ձևակերպել իմ նկատառումները ղարաբաղյան հարցում Ռուսաստանի հնարավոր և ցանկալի դիրքորոշման մասին, ինչն էլ արեցի գրավոր, Երևան մեկնելուս օրը։ Իմ զեկուցագրում ես գրել էի. ռազմական հակամարտության նոր պտույտը Լեռնային Ղարաբաղում հարկադրել է Հայաստանին խնդրել միջազգային հանրության միջամտության և խաղաղությունը պահպանելու համար մարտական գործողությունների շրջան ուժեր, իսկ մինչ այդ՝ զինվորական դիտորդներ ուղարկելու մասին, քանի որ ոչ ԱՊՀ-ից, ոչ Ռուսաստանից, չնայած թվում է՝ դաշնակցային հարաբերություններին, Հայաստանն օգնություն սպասել չի կարող։

Հայաստանը շահագրգռված չէ հակամարտության հրահրմամբ, քանի որ անհավասար դրության մեջ է գտնվում կրկին հարձակվող Ադրբեջանի համեմատ։ Հակառակ ավելի վաղ արվող հավաստիացումներին, այն չստացավ այնպիսի և այն քանակությամբ զենք, ինչն «օրենքով» հանձնվեց կամ հափշտակեց հակառակ կողմը։ Ադրբեջանը բացահայտորեն օգտագործում է այդ զենքը և նախկին խորհրդային բանակի զինծառայողներից վարձկանների՝ քաղաքացիական անձանց դեմ, ում ինքն էլ հենց իր քաղաքացիներն է համարում՝ դրանով իսկ ցեղասպանության հանցագործություն կատարելով, քանի որ խոսքը բնակչության այլադավան և այլազգի հատվածի մասին է։

Քողարկվելով հակամարտության խաղաղ կարգավորման ձգտումների մասին հավաստիացումներով՝ ադրբեջանական վարչակազմը փորձում է ուժային «կարգավորում» պարտադրել, որի էությունը Ղարաբաղի հայ բնակչության ազգային իրավունքների լիակատար անտեսումն է։

Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանն Անդրկովկասում իր առավել հավատարիմ դաշնակցի հանդեպ իրականացվող հաշվեհարդարի անկարեկից դիտորդը լինել։ Անգամ եթե շեղվենք բարձր բարոյական սկզբունքներից, վատ չէր լինի մտածել թեկուզև պետական շահերի մասին։ Խրախուսելով Ադրբեջանին՝ մենք նրան բացահայտ թուրքամետ և իսլամական դիրքորոշումից չենք շեղի, իսկ ահա Հայաստանը կարող ենք կորցնել և կարող ենք ընդհանրապես տարածաշրջանի իրավիճակի վրա ազդեցության որևէ միջոց չունենալու վտանգի առջև հայտնվել։

(Հենց այդ ժամանակ Էլչիբեյը հռչակեց իր հավատո հանգանակը՝ թյուրքիզմ, իսլամիզմ, դեմոկրատիա, իսկ հետո այդ ամենը փոխակերպեց թյուրքացման, մոդեռնացման, իսլամացման։ Մի քանի տարի անց Էլչիբեյի մամլո քարտուղար Լեյլա Յունուսովան, որը Հուսեյնով-Ալիև տանդեմի կողմից նրա պաշտոնանկությունից հետո հայտնվեց ընդդիմությունում, հրապարակավ խոստովանում էր, որ Ադրբեջանում չկան դեպի Ռուսաստան կողմնորոշված ուժեր, քանի որ Ադրբեջանում արյունակից եղբայրներ են համարում թուրքերին և սաստիկ հակված են դեպի Թուրքիա)։

Ժամանակն է Բաքվին ցույց տալ, գրում էի ես իմ զեկուցագրում, որ մենք լրջորեն ենք վերաբերվում մեր կնքած պայմանագրերին և թույլ չենք տա ռազմական գործողությունները տեղափոխել դաշնակից Հայաստանի տարածք։ Դրանով իսկ մենք կկարողանայինք սթափեցնող ազդեցություն գործել իրադարձությունների հետագա ընթացքի վրա և նպաստել հակամարտության լիցքաթափմանը։

Ճիշտ կլիներ, այդ թվում և ռուսական բանակի շահերի տեսանկյունից, պահանջել դադարեցնել Ադրբեջանում ռուսական զինվորական ավանների, ռազմակայանների, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հանդեպ իրականացվող ամենաթողությունը և ապահովել նրանց նորմալ տարհանումը։

Անհրաժեշտ է օրենքից դուրս հայտարարել դասալիքներին և գողերին, որոնք զբաղվում են ապօրինի յուրացված զենքի առևտրով, և պահանջել ռուսական իշխանություններին հանձնել երդմնազանցներին և օրինախախտներին։ Նաև անհրաժեշտ է կտրականապես չընդունել մարտական գործողություններին ռուս քաղաքացիների ներգրավումը որպես վարձկաններ և պահանջել հեռացնել նրանց մարտական գոտուց։ Եվ գլխավորը. ժամանակն է մշակել ռուսական մոտեցման սկզբունքային հենք ազգամիջյան բոլոր հակամարտությունների համար՝ ընդունելով հոծ բնակվող յուրաքանչյուր էթնոսի քաղաքական ինքնուրույնության իրավունքը, որը ենթադրում է, նախևառաջ, ազատություն որևէ մեկի արտաքին, այլազգի թելադրանքից։ Ինչո՞ւ, խոսելով տարածքային ամբողջականության և խորհրդային իշխանությունների կողմից արհեստականորեն անցկացված սահմանների անխախտելիության մասին՝ մենք նկատի ենք ունենում միայն նախկին միութենական հանրապետությունները՝ դրանով իսկ պահպանելով ազգամիջյան հարաբերություններում բոլշևիկների մտցրած իրավաբանական և փաստական անհավասարությունը։ Բայց չէ՞ որ անգամ խորհրդային պետական իրավունքում բոլոր ինքնավարությունները, ինչպես էլ որ դրանք տարբերվեին մեկը մյուսից ինքնիշխանության ոտնահարման աստիճանով, ազգային-պետական կազմավորումներ էին ճանաչվում։ Ուրեմն, ինչո՞ւ դրանց ամբողջականությունն ու սահմանները չպետք է հարգվեն, մանավանդ ամեն տեսակ պատմական անարդարությունների վերացման ժամանակներում։ Ռուսաստանում ինքնավարություններն արդեն կանգնել են հանրապետությունների վերածման ճանապարհին՝ դառնալով Դաշնության անմիջական անդամներ։ Դրանց ամբողջականությունն ու սահմանները պետք է հարգվեն ճիշտ այնպես, ինչպես նախկին խորհրդային հանրապետությունների ամբողջականությունն ու սահմանները։ Նման քայլ (ըստ էության՝ անշրջելի) անելով իր մոտ՝ Ռուսաստանն իրավունք ունի պահանջելու հարգել իր գիտությամբ և համաձայնությամբ, բայց, որպես կանոն, առանց խորհրդակցելու, երբեմն էլ բացահայտորեն հակառակ այդ ինքնավարությունների հիմնական բնակչության կամքին, մի ժամանակ այլ հանրապետությունների կազմում ներառված, այժմ իրենց ինքնիշխանությունը հռչակող ինքնավարությունների քաղաքական ինքնուրույնությունը և անձեռնմխելիությունը։

Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չեն հարցրել, երբ հայկական այդ մարզը ներառել են Ադրբեջանի կազմում։ Լեռնային Ղարաբաղի հայերն ազգային փոքրամասնության համայնք չեն, այլ հիմնական բնակչություն, ճնշող մեծամասնություն, այդպիսին են մնացել անգամ թուրքացման տասնամյակներ տևող փորձերից հետո։ Խորհրդային ժամանակներում Լեռնային Ղարաբաղն ազգային-պետական կազմավորում էր և որպես այդպիսին պետք է կարգավորման շուրջ բանակցությունների իրավահավասար մասնակից ճանաչվի։ Հակառակ դեպքում բանակցությունները ձեռք են բերում գաղութատիրական բնույթ և արդի միջազգային իրավունքի տեսակետից դադարում են լինել իրավաչափ և իրավազոր։

Ռուսաստանյան միջնորդական նախաձեռնության էությունը կարող էր լինել հետևյալը.

- պահանջել անհապաղ դադարեցնել կրակը և միջազգային դիտորդներ ուղարկել,

- ԵԱՀԽ շրջանակներում բանակցություններ սկսել ղարաբաղյան համընդգրկուն կարգավորման մասին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ խթանելու համար նրանց և ադրբեջանական վարչակազմի միջև ուղղակի բանակցությունների անցումը,

- Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցությունները բարձրացնել մի ինչ-որ զուգահեռ մակարդակի և այդ բանակցություններում լուծել երկկողմ բոլոր հիմնախնդիրները, ներառյալ՝ փախստականների հիմնախնդիրը և հայկական գյուղերի կարգավիճակն Ադրբեջանում ու ադրբեջանական գյուղերինը Հայաստանում,

- Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ բանակցությունների համար առաջարկել երկու կողմի համար ընդունելի փոխզիջում, որն Ադրբեջանի միակողմանի զիջումներ չէր թվա և, միևնույն ժամանակ, հանգիստ ու ազատ կյանք կերաշխավորեր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը. այդօրինակ փոխզիջում (որպես տարբերակներից մեկը) կարող էր դառնալ ԼՂՀ հատուկ վարչաքաղաքական և տնտեսական կապերի հաստատումն Ադրբեջանի հետ, գուցե համադաշնային կամ նույնիսկ դաշնային (վերջինը կհամապատասխաներ հակամարտության սկզբի իրավաբանական ստատուս քվոյին), ընդ որում, սակայն, պայմանով, որ այդ կապերը բացառեին Բաքվի ամեն տեսակ թելադրանք և թույլ տային ԼՂՀ դեմոկրատական ճանապարհով ընտրված պետական կառույցներին կառավարել իրենց սահմանների ներսում՝ լիակատար ինքնուրույնության հիման վրա։  

Հարկավոր է ավարտել «մտահոգության» ոչ ոքի չհուզող և կրակի դադարեցման մասին ընդհանուր արտահայտությունները և առաջադրել գաղափարներ, որոնք ցույց տան հիրավի խաղաղ հեռանկարն ու փակուղուց բոլորի համար քաղաքակիրթ, քաղաքական գործիչներին վայել ելքը։

Այս ամենը և ավելի մանրամասն ու կտրուկ ես բազմիցս ասել եմ ԱՊՀ դեպարտամենտում, բայց լավագույն դեպքում հանդիպել եմ թերահավատ լռության, և սովորական արձագանք է եղել մեղադրանքն այն բանում, որ ես համարյա թե ծախվել եմ հայերին։ Պետք է ասել, որ հետագայում ևս ինձ այստեղ հաճույքով չէին լսում։ Երբեմն ստիպված էի խոսակցություն պարտադրել դեպարտամենտի տնօրեն Վադիմ Կուզնեցովին, որը մեկ-երկու տարի հետո ստացավ Թուրքիայում դեսպանի պաշտոնը, և նրա՝ միշտ ինչ-որ բանով, բայց ոչ երբեք Հայաստանով զբաղված տեղակալներին։ Մոռացության գիրկն էին անցել այն ժամանակները, երբ ԱԳՆ-ում հետաքրքրվում էին ոչ միայն դեսպանների բանավոր հաղորդումներով, այլև բաժիններում ուշադիր հարցուփորձ էին անում իրենց պատասխանատվության երկրներում և հոգածությանը հանձնված դեսպանություններում իրերի վիճակի մասին և՛ խորհրդականներին, և՛ առաջին քարտուղարներին ու այլ դիվանագետների։ Որոշ բաժիններում այս ավանդույթը գուցեև պահպանվել է, բայց ԱՊՀ նորաթուխ դեպարտամենտում (ԱՊՀԴ) այն ակնհայտորեն տեղ չուներ։ Նախարարն անտեսում էր այն։ Անտեսում էին նրա տեղակալները, որոնք զբաղվում էին ԱՊՀ գործերով։

Չգիտես՝ լաս թե խնդաս. ինձ ոչ միայն ոչ ոք չհրահանգավորեց հավատարմագրերը հանձնելուց առաջ, այլև շատ հազվադեպ էին կողմնորոշում ռուսական արտաքին քաղաքականության այս կամ այն պարամետրերի կամ դիրքորոշումների վերաբերյալ նաև այն ժամանակ, երբ ես արդեն աշխատում էի Երևանում։ Եվ դեռ հարց է, թե կար արդյոք այդ քաղաքականությունը։

ԱԳՆ-ում ինձ հետաքրքրությամբ ու ըմբռնումով արձագանքում էր, թերևս, միայն Ֆեոդոր Շելով-Կովեդյաևը։ Գուցե հենց իր բարեկրթության, բարեխղճության և Հայաստանում՝ որպես անկախ պետության կայացման ժամանակ տեղի ունեցող իրադարձությունների մասին լավատեղյակության շնորհիվ այս ոչ պրոֆեսիոնալ դիվանագետը կարողանար ավելի մեծ օգուտ բերել Անդրկովկասում ռուսական քաղաքականության ձևավորմանը, քան  ագն-ական կարիերային չինովնիկները։ Բայց, ցավոք, նա ամենևին դուր չեկավ այդ չինովնիկներին, որոնք կարողացան սահմանափակել ճախրող նախարարի զգայուն ղեկավարությունը, և ԱԳՆ-ից Շելով-Կովեդյաևի հեռանալուց հետո Անդրկովկասի երեք հանրապետությունների հետ հարաբերությունները հանձնվեցին Վիտալի Չուրկինի վերահսկողությանը, որը շատ շուտով խառնվեց հարավսլավական գործերում և ամեն կերպ հրաժարվեց հայկական հիմնախնդիրներից։

Դե, իսկ ավելի բարձրամակարդակ ռուսական ղեկավարությունը սնվում էր, ինչպես ընդունված է, արձանագրային տեղեկատուներով, որոնք հորինելիս ագն-ական չինովնիկը լուրջ գնահատականների և եզրահանգումների «հավես չուներ». գլխավոր հոգսն այն էր, որ ջնջումներ ու վրիպումներ չլինեին, ամեն ինչ հարթ լիներ, գլխավորը, որ ոչ թե տեղեկացնի, այլ տեղեկատվության տեսք ունենա, գլխավորը՝ որ անմիջական ղեկավարությունը չվախենա, այլ արագ հայացք գցի ու մի կողմ նետի։ Իսկ արդյունքում՝ ստացվում էր պարզունակ տեքստ վերլուծության փոխարեն, ասենք՝ «Վոլգան լցվում է Կասպից ծովը, իսկ Հայաստանում գտնվում է Սևանա լիճը»: Ինչ վերլուծության մասին կարող էր խոսք լինել, եթե այս թերթոնների կարիքը ծագել էր ավրալային ռեժիմով, և հետո դրանք կարող էին մնալ ու մնալ պետի չհրկիզվող պահարանում՝ սպասելով, որ վերևից գոռան, թե հարկավոր էր օպերատիվություն ցուցաբերել։ ԱՊՀ դեպարտամենտում ակնհայտորեն ուրախացան, երբ նրա վարույթից փաստացի հանեցին ղարաբաղյան հիմնախնդիրը, որը հանձնվեց հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վլադիմիր Կազիմիրովին, որը հավատարմագրերս հանձնելու նախօրեին նշանակվել էր միջնորդական գործառույթներ իրականացնելու համար։ Բայցևայնպես, ոչ այդ հիմնախնդրով, ոչ այլ հարցերով դեպարտամենտում ըստ էության ոչ ոք չէր զբաղվում։

Ահա թե ինչու, հայտնվելով Երևանում, ես օգտվեցի եզակի հնարավորությունից՝ իմ գնահատականներով և առաջարկություններով դիմել Ռուսաստանի իշխանական կառույցներին՝ շրջանցելով ԱԳՆ-ն, բայց, բնականաբար, նրան տեղեկացնելով այդ դիմումների մասին։ Ես ինձ իրավունք էի վերապահում անել դա, քանի որ մտածում էի, թե նոր Ռուսաստանի դեսպանը չպետք է ագն-ական չինովնիկի պարզ շարունակությունը լինի, այլ պետք է ներկայացնի ողջ ռուսական պետությունն ամբողջությամբ։ Այսպես էլ պետք է լինի. և ոչ միայն զուտ պաշտոնական տեսակետից, դա դուր գա թե ոչ ագն-ական ղեկավարությանը։ Որ ակնհայտորեն դուր չի գալիս, զգացի բավական շուտ, բայց գիտակցորեն անտեսեցի քողարկված «կսմիթները», քանի որ, չդիմելով ամենավերևներին, լիարժեք աշխատելը պարզապես անհնար էր՝ հաշվի առնելով նախարարի անձն ու նրա պրոֆեսիոնալ անլիարժեքությունը, էլ չեմ խոսում խղճի ու քաղաքացիականության բացակայության մասին։

Ես Երևան եկա հավատով, որ կներկայացնեմ դեմոկրատական Ռուսաստանը և որ հարկավոր է աշխատել նրա պետական շահերին համապատասխան՝ սեփական պատասխանատվությամբ, հենվելով սեփական փորձի վրա և չսպասելով արժեքավոր ցուցումների, որոնք, ինչպես արդեն նշեցի, գրեթե չէին էլ լինում, եթե չհաշվենք մի քանի առանձին, բավական հազվադեպ, հիմնականում արձանագրային բնույթի հանձնարարականները. ծաղկեփունջ նվիրեք այսինչ գործչի տիկնոջն այսինչի անունից... գիրքը հանձնեք..., շնորհավորեք և այլն։ Անգամ Ռուսաստանի և Հայաստանի միջև այս կամ այն պայմանավորվածության մասին տեղեկատվությունը դեսպանը ստիպված էր հայթայթել տեղում։ Եվ բանն այստեղ, իհարկե, միայն ագն-ական իմ գործընկերների անճարտարությունը չէր, այլ նաև վերին իշխանության բոլոր ստորաբաժանումների արտաքին քաղաքական ծառայությունների և կառավարական կառույցների անիրազեկությունը, որոնք ոչ առանց ինքնավստահ ու հիմար մեծամտության անտեսում էին ոչ միայն դեսպանությունները, այլև իրեն՝ ԱԳՆ-ին, որի համակարգող դերը՝ ամրագրված դեռ 1992թ. նախագահի մի քանի հրամանագրում, այդպես էլ բարի ցանկություն մնաց, ֆիկցիա։ 

 

ՔԵԼԲԱՋԱՐԻ ՕՊԵՐԱՑԻԱՆ

Մարտի վերջին Էլչիբեյը դեռ նստած էր Բաքվում և Հայաստանի ու նույնիսկ Իրանի, գուցեև, ինչ ասես կարող է պատահել, Ռուսաստանի քարտեզի վերաձևման ծրագրեր էր փայփայում։ Հօգուտ Մեծ Թուրանի, բնականաբար։ Եվ, իհարկե, փորձում էր մինչև վերջ քամել Լեռնային Ղարաբաղը՝ ևս մի զգալի պատառ պոկելով նրա հյուսիսային հատվածից։ Բայց ղարաբաղցիները կանխեցին նրան։ 1993թ. մարտի 27-ին ԼՂՀ բանակը հարվածեց ադրբեջանական ասկյարներին Քելբաջարի շրջանում, որը գտնվում է ԼՂՀ-ի և Հայաստանի միջև։ Քաղաքացիական բնակչությանը թույլ տվեցին հեռանալ Մուրովդաղի լեռնանցքով և ուղղաթիռներով։ Նրանք՝ քաղաքացիական այդ բնակչությունը, այդքան էլ շատ չէին մնացել այնտեղ. իր համերկրացիների մեծ մասին Էլչիբեյը նախապես հանել էր։ Ինքն էր պատրաստվում հարվածել Ղարաբաղին հենց այդտեղից, ինչն, ի դեպ, այն հայտանիշներից մեկն էր, որ ադրբեջանցիները նոր հարձակման են նախապատրաստվում Ղարաբաղի վրա։ Այդ հետո արդեն ի հայտ եկավ ադրբեջանական քարոզչության սիրած թիվը՝ 60 հազար։ Դե, չկար այդքան մարդ այնտեղ։ Չէր կարող լինել նաև այդքան փախստական։ Ադրբեջանցիներն իրենք են շտկել այդ թիվը մինչև 50 հազարի հասցնելով, բայց դա ևս մեծ չափազանցություն էր։ Ի դեպ, նույնը կարելի է պնդել նաև Ադրբեջանի՝ մինչև 1993թ. վերջը ղարաբաղցիների հսկողության տակ վերցված մնացած բոլոր շրջանների մասին։ Գրեթե ամեն անգամ ադրբեջանական քարոզչությունն աղաղակում էր 60 հազար փախստականների մասին, բայց դա չէր համապատասխանում մինչպատերազմյան շրջանի իրենց իսկ վիճակագրությանը. շատ ավելի ցածր էր այդ շրջանների բնակչության թվաքանակը, քան, պարզվում է, փախստականների թիվն էր։ Ամենազարմանալի բարբաջանքն այն պնդումն էր, թե իբր «հայկական ագրեսիան» առաջ է բերել ավելի քան մեկ միլիոն փախստականների և հանգեցրել է ադրբեջանական տարածքի համարյա թե մեկ քառորդի օկուպացիային։ Անգամ եթե վերցնենք նրանց սեփական թվերն ու պարզապես գումարենք, ստացվում է երկուսից ավելի անգամ պակաս այն «միլիոնից», որը նրանք թափահարում են ահա արդեն քանի տարի շարունակ։ Եվ հասկանալի կդառնա. միլիոնը աշխարհին ցնցելու համար է, հատկապես փախստականներին օժանդակություն հատկացնելու համար պատասխանատու ՄԱԿ չինովնիկներին։ Եվ «օկուպացված տարածքը» նույնիսկ Ղարաբաղի հետ միասին կազմում է  Ադրբեջանի Հանրապետության մակերեսի մոտ 14-15 տոկոսը, իսկ առանց ԼՂՀ-ի՝ տասը տոկոսը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ինքն՝ Ադրբեջանը, ռեալ կերպով օկուպացրել է առայժմ չճանաչված, բայց ավելի քան լեգիտիմ ԼՂՀ տարածքի 15 տոկոսը, քանի որ, ի տարբերություն Ադրբեջանի, ԽՍՀՄ-ից դուրս գալու օրենքը չի խախտել, այլ «ինքնահռչակվել» է բնակչության ազատ կամարտահայտման հիման վրա, որի ճնշող մեծամասնությունն արտահայտվել է հօգուտ անկախության 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով։ Բայց, հասկանալի է, որքան էլ որ լինեն փախստականները, նրանց ճակատագիրը ողբերգական է, և նրանք արժանի են կարեկցանքի և օգնության։ Բաքվից, Գյանջայից, Գետաշենից և Ադրբեջանի այլ բնակավայրերից հայ փախստականների թիվը հաշվվում է մոտ կես միլիոն։ Հենց նման թիվ է նշել մի անգամ «Նեզավիսիմայա գազետա»-ի ադրբեջանցի թղթակից Մեհման Գաֆարլին։ Նրանցից ավելի քան 300 հազարն ապրում է Հայաստանում՝ թռչունների նման. պանսիոնատներում, հյուրանոցներում, առողջարաններում և նույնիսկ բանտային շինություններում։ Սակայն ադրբեջանցի փախստականները հեռանկար ունեն։ Բավական է Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ-ն, պայմանավորվի նրա անվտանգության երաշխիքների շուրջ, և վերջինս կվերադարձնի իր կողմից վերահսկվող հողերը։ Բայց ահա հայ փախստականներն այլևս Ադրբեջան վերադարձի հնարավորություն չունեն։ Նրանց գյուղերը թուրքացվել են անգամ անվանումներով, իսկ քաղաքային տներն ու բնակարանները մասնավորեցվել են, այն էլ այնպես, որ իրենց իսկ՝ ադրբեջանցի փախստականներին առ այսօր տեղ չի գտնվել. խլել են ոչ թե փախստականները, այլ մշտական բնակիչները, խլել են իշխողների աչքի առջև, որոնք կոկորդիլոսի արցունքներ էին թափել ու թափում են անօթևան մնացած փախստականների ճակատագրի համար։ Հայերից խլած բնակարաններն ավելիով կբավականացնեին բոլոր իսկական փախստականներին, բայց չտվեցին։ Ղարաբաղցիների կողմից Քելբաջարի գրավումը ոչ միայն վերացրեց ադրբեջանցիների կողմից ԼՂՀ ողջ հյուսիսային հատվածի զավթման վտանգը, այլև մեկ անգամ ևս աշխարհին ցուցադրեց այն, որ հենց ղարաբաղցիները, այլ ոչ թե «հայկական էքսպեդիցիոն կորպուսը» և ոչ էլ «ռուսական 7-րդ բանակն» են մարտեր մղում ադրբեջանցի ասկյարների դեմ հանուն գոյատևման և իրենց հանրապետության անվտանգության։ Հենց նրանք են «հակամարտության մասնակիցը»՝ «հակամարտող ռեալ կողմերից» մեկը, որոնց ստիպված են վկայակոչել Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և մյուս տերությունները, որոնք պայքարում են արյունահեղության անհապաղ դադարեցման և Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԽ Մինսկի կոնֆերանս հրավիրելու համար՝ կարգավորելու համար վիճելի բոլոր հարցերը։ Այս ամենը այն փաստաթղթերի եզրաբանությունն են, ինչպիսիք են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների Հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ 1993թ. հունվար, Ռուս-ամերիկյան հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ Ժնև, 1993թ. փետրվարի 25, Ռուս-ֆրանսիական համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ 1993թ. մարտի 2։

Ի դեպ, դեռ մինչև ռազմական գործողությունները ԼՂՀ Գերագույն խորհուրդը դրական էր արձագանքել ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամների հայտարարություններին՝ ընդգծելով  մեծ տերությունների դիմումի բացառիկ կարևորությունը «բոլոր կողմերին», նշանակում է՝ նաև ԼՂՀ-ին, որի գոյությունը համառորեն ժխտում է Բաքուն՝ հակամարտությունը ներկայացնելով որպես ազերիա-հայկական։ Իսկ ռազմական գործողությունները հաստատեցին ղարաբաղցիների օրինական պահանջն առ այն, որ իրենց լուրջ ընդունեն նաև բանակցությունների ընթացքում։ Անգամ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալին սկսեց խոսել (Տեր-Պետրոսյանին ուղերձում) «հակամարտությունում ներքաշված բոլոր կողմերի» մասին։ Առաջ անցնելով ասեմ, որ ադրբեջանցիներն արդեն նույնպես սկսել են հակվել այն բանին, որ ղարաբաղցիների հետ ուղղակի բանակցություններ վարեն, առանց միջնորդների, որպես հակամարտության իսկական կողմ, բայց այդ միտումն ամեն կերպ խափանում էին և՛ Մինսկի խմբի այն ժամանակվա նախագահ, իտալացի Մարիո Ռաֆայելին, և՛ մեր ռուսաստանցի միջնորդ Վլադիմիր Կազիմիրովը, որոնք փորձում էին ստիպել ղարաբաղցիներին պարտականություններն այնպես ստանձնել, որպեսզի նրանց հանդեպ ոչ ոք ոչ մի պատասխանատվություն չկրեր։ Դրա համար էլ իրենց իբր թե պաշտոնական թղթերում նրանց դիմում էին որպես մասնավոր անձանց, որոնք ոչ մի պետական պաշտոն չեն զբաղեցնում։ Ընդ որում, մեր քաշքշուկաստեղծները նկատի չէին առնում, որ մասնավոր անձինք պետական պարտավորություններ նույնպես չեն կարող ստանձնել և որպես այդպիսին ստորագրած ոչ մի բանի համար ոչ մի պատասխանատվություն չեն կրում։ Արդյունքում՝ Մինսկի խմբի և ռուսաստանցի միջնորդի տիտանական բոլոր ջանքերը կապկություն անելու նման մի բան էին դառնում։ Իհարկե, միջազգային չինովնիկներին դա չի վախեցնում, նրանք դրա համար աշխատավարձ են ստանում, նրանց համար՝ որքան երկար, այնքան շահավետ, իսկ արյունը, որ հեղվում է, հո ուրիշինն է, նրանք թքած ունեն։ Դեռ ավելի վատ. այդ ջանքերը հանգեցրին նրան, որ ուղղակի բանակցություններն իրար ճանաչել սկսող հակամարտող կողմերի միջև (ադրբեջանցիները գրավոր ճանաչեցին «բանակի հրամանատարին», «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությանը» և նույնիսկ «Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին»՝ 1993թ. հուլիսի 24-25, «Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ղեկավարությանը»՝ 1993թ. օգոստոսի 17) խափանվեցին և՛ Էլչիբեյի (1993թ. ապրիլ), և՛ նրան փոխարինած Ալիևի (1993թ. հուլիս-օգոստոս) օրոք։ Դրանից հետո ղարաբաղցիները «պատժեցին» Ադրբեջանին ևս մի քանի շրջան վերցնելով (1993թ. սեպտեմբեր-հոկտեմբեր), իսկ Ադրբեջանը ևս մեկ հարձակում նախաձեռնեց և կորցրեց նվազագույնը ևս հինգ հազար երիտասարդ տղերքի։ Միայն 1994թ. մայիսին հրադադար կնքվեց, որը լրիվ կարող էր հաստատվել նաև մեկ տարի առաջ։

Այս բոլոր վայրիվերումները տեղի էին ունենում իմ աչքերի առջև և նույնիսկ իմ որոշ մասնակցությամբ, քանի որ և՛ ղարաբաղցիները, և՛ հայ պատասխանատուները ռուս դեսպանին տեղեկացնում էին բանակցությունների ընթացքի մասին և հետաքրքրվում էին նրա կարծիքով՝ իմանալով, որ նա համակիր է նրանց արդար գործին զգալիորեն շատ ավելի, քան որոշ պաշտոնական անձինք Մոսկվայում՝ ներառյալ «միջնորդը»: Այս վերջինը բավական արագ կորցրեց հայերի և ղարաբաղցիների վստահությունը։ Նրանք շարունակում էին նրա հետ գործ ունենալ միայն նրա համար, որ նրան նշանակել է Ռուսաստանի նախագահը, և դրա հետ ոչինչ անել հնարավոր չէր։ Հո Մոսկվայի հետ կոնֆլիկտի մեջ չէին մտնելու։ Բայց հայերը սովորեցին բավական արդյունավետ հետ մղել Կազիմիրովի ազերիամետ արարքները, նա նույնպես ստիպված էր հաշվի նստել դրա հետ և շտկել իր գիծը։ Եվ որոշ ադրբեջանցի ճիզվիտների հետ շփումը նույնպես նրան շատ բան սովորեցրեց, ես կարծում եմ։ Ղարաբաղցիների համար հաջող Քելբաջարի օպերացիան վախեցրեց թուրքերին և նրանց ամերիկյան դաշնակցին։ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Թոմ Փրայսը ապրիլի 5-ին հայտնվեց Հայաստանի ԱԳՆ-ում և մտահոգություն հայտնեց այն առիթով, որ «ԼՂ հայկական զինված ուժերի հարձակումը» կարող է «տապալել նախագահ Էլչիբեյի կառավարությունը», որի փոխարեն կգան այնպիսի առաջնորդներ, «որոնք շատ ավելի պակաս կցանկանան բանակցություններ վարել և ավելի հակված կլինեն հակամարտության ռազմական լուծում որոնել»: Թոմ Փրայսը պահանջեց դուրս բերել բոլոր ուժերը Քելբաջարից։ Հետաքրքիր է, սակայն, որ այս դեմարշի ընթացքում ամերիկացին ընդունել էր, որ «ԼՂ ինքնապաշտպանության հայկական ուժերը հայկական կառավարության ղեկավարության ներքո չեն գտնվում»: «ԼՂ» նշանակում է Լեռնային Ղարաբաղի։ Սա նման էր կիսաճանաչման։ Եվ հենց սա տեսան Թոմ Փրայսի հայտարարության մեջ հայ դիվանագետները։

Ես գրեցի Ռուսաստանի նախագահի աշխատակազմ և մեր մյուս հասցեներով, որ ժամանակն է, որ մենք էլ ճանաչենք ժողովրդի կողմից ընտրված և միանգամայն օրինական ԼՂՀ իշխանությունները որպես բանակցությունների լիիրավ մասնակիցների, քանի որ հենց նրանք են ղեկավարում մարտնչող բանակը։ Ճանաչել և դրդել Ադրբեջանին ուղղակի բանակցությունների նրանց հետ, որոնց դեմ նա կռվում է։ Եվ էլի մի պահ էի փորձում բացատրել Մոսկվային. չի կարող Ղարաբաղն իր գործողություններով խախտել Ադրբեջանի սահմանը թեկուզև նրանով, որ հենց Ադրբեջանն է վերացրել իր սահմանները Ղարաբաղի հետ, երբ 1991թ. նոյեմբերի 26-ին լուծարեց ԼՂԻՄ-ը։ Չկա «ինքնավարությունը», չկան և «սահմանները», նշանակում է՝ խախտելու բան չկա, և չկան իրավաբանորեն ձևակերպված սահմաններ, որտեղ կարելի է հեռացնել ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը։ Եվ, հետևաբար, նրանց հեռացնելու պահանջն իսկ առկախ է մնում օդում։

Այն ժամանակ ես չէի կարող անտարբեր անցնել նաև մոսկովյան շատ ԶԼՄ-ների տարօրինակ ներգրավվածության կողքով, որոնց մի մասը չմտածված, մյուս մասն էլ՝ միտումնավոր, բոլոր երանգներով կրկնում էր ադրբեջանական քարոզչության՝ շրջանառության մեջ մտցրած «բադիկները»: Այդ «բադիկների» բովանդակությունը հանգում էր հակամարտության ղարաբաղյան բաղադրատարրի ժխտմանը և Հայաստանին խեղճ Ադրբեջանի հանդեպ անեքսիոնիստական ծրագրերի մեջ մեղադրելուն։ Ցավոք, այս միտումն այնքան ավելի ամուր էր ներմուծվում մոսկովյան որոշ լրագրողների ուղեղներում, որքան ավելի ուժեղ էր լսվում կասպյան նավթի հոտը և որքան ավելի էին շատանում ադրբեջանական լոբբիի ուղղակի ներկայացուցիչներն իրենց դեռևս ռուսական անվանող թերթերում ու ամսագրերում։

Այս փաստին ուշադրություն դարձրին նաև Հայաստանում, իսկ որոշ քաղաքագետներ անմիջապես ռուսական ԶԼՄ-ների, հատկապես կենտրոնական հեռուստատեսության այս միտումը շաղկապեցին «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգի» հետ, որից ակնհայտորեն երևում էր, որ Ռուսաստանը կրկին սկսում է հակվել թուրքամետ կողմնորոշման։ Երևանյան մամուլում ի հայտ եկավ այս «փաստաթղթի» վերլուծությունը, որն արել էր իշխանություններին ընդդիմադիր մի ինչ-որ քաղաքագիտական «Արթուր Մ» կենտրոն։ Հետազոտության հեղինակների կարծիքով, «Կոզիրևյան ԱԳՆ-ն հաշվարկը կատարում է Թուրքիայի վրա»: Արդարացի և ճիշտ համարելով «հայեցակարգի» հղումն առ այն, որ «չի կարելի բացառել ԱՄՆ փորձերը միջնորդական և խաղաղարար ջանքերի քողի ներքո (ռուսական սահմանների պարագծով)՝ զբաղեցնել Ռուսաստանի տեղը նրա ավանդական ազդեցության երկրներում», «Արթուր Մ»-ի քաղաքագետները «մեղմ ասած անհասկանալի» են անվանում այն եզրահանգումը, որը պարունակվում է իրենց մեջբերած տեքստում. «Ռուսաստանի համար գերակա է համարվում... Թուրքիան, որը, լինելով նաև ՆԱՏՕ անդամ, ավելի ընկալունակ է արևմտյան արժեքների հանդեպ։ Բարեկամական հարաբերությունները Թուրքիայի հետ կարևոր են մեզ համար՝ ինչպես առևտրատնտեսական կապերից երկկողմանի շահավետության լավ հեռանկարի, այնպես էլ Համագործակցության գծով Ռուսաստանի հարավային հարևանների վրա (դրանցում քաղաքացիական հասարակություններ ձևավորելու գործում) հնարավոր դրական ազդեցություն գործելու առումով»: Հայ վերլուծաբանները հակասություններ տեսան հղման և եզրահանգման միջև, քանի որ հենց Թուրքիայի միջոցով էին արվում կովկասյան և միջինասիական տարածաշրջաններում ԱՄՆ դիրքերի ամրապնդման փորձերը։ Եվ նրանք ճիշտ էին, այդպես էլ եղավ։ Դե, իսկ Թուրքիայի դրական ազդեցությանն ապավինելը նրանում, ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության ձևավորմանը, պարզապես ծիծաղելի էր նրանց աչքին, ովքեր գիտեին քրդերին ծեծելու և թուրքական բանտերում կիրառվող խոշտանգումների մասին։

Մեջբերումները «հայեցակարգից» միանգամայն ճշմարտանման բնույթ ունեին. այդ ամենը շատ նման էր Ռուսաստանի ԱԳՆ-ի թուրքասերներին։ Մոսկվայի թուրքամետ հայացքների մասին հակառուսական տրամադրություններ հրահրող հրապարակումներին փաստարկված հակահարված տալու անհրաժեշտության պատրվակով ես խնդրեցի «հայեցակարգի» տեքստը և դրա պաշտոնական մեկնաբանությունը։ Ոչ մի պատասխան, ինչպես ընդունված էր, ես չստացա և հասկացա, որ ծուխն առանց կրակի չի լինում։ Իհարկե, 1993թ. ապրիլի վերջին Ելցինի կողմից պաշտոնապես հաստատված «Արտաքին քաղաքականության հայեցակարգի հիմնական դրույթներից» թուրքամետ թեզիսները դուրս էին մնացել։ Գուցե, ինչ-որ փուլում դեռ հենց ԱԳՆ-ում որոշվել էր դրանք այնտեղ չմտցնել։ Բայց քաղաքականության մեջ այդ գիծը շարունակվում էր, հատկապես Բաքվի հետ Մոսկվայի սիլի-բիլիներում։  

 

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

ԼՂՀ ղեկավարության փոփոխությունը չթուլացրեց ղարաբաղցիների մարտական տրամադրվածությունը։ Ամբողջ հունիսի ընթացքում մարտերը չհանդարտվեցին, ընդ որում՝ ադրբեջանական զինված ուժերը կանգ չառան ծանր հրետանու և ավիացիայի կիրառման առջև, բայց, բարեբախտաբար, հասան միայն այն բանին, որ ղարաբաղյան ՀՕՊ հաշվին ավելացան Ադրբեջանի ՌՕՈւ 14 խփված ինքնաթիռ ու 17 ուղղաթիռ, որոնց օդաչուները հիմնականում ռուս և ուկրաինացի, նաև պակիստանցի վարձկաններն էին։ Իսկ ղարաբաղյան հրետանու և տանկիստների հաշվին այդ ժամանակ արդեն կային խփված ու խլված 165 ադրբեջանական տանկ և ավելի քան 200 միավոր այլ զրահատեխնիկա։ Այս մասին հաղորդեց «Մոսկովսկիե նովոստի»-ն, և նրա ներկայացրած թվերը մոտ էին իրականությանը։

Բայց կային, հասկանալի է, նաև մարդկային զոհեր։ Զոհվում էին զինվորները, մահանում էին քաղաքացիական անձինք կասետային ռումբերից վիրավորվում էին կանայք և երեխաները, ֆուգասները քանդում էին տներն ու ճանապարհները... «Ես վկայում եմ ԼՂՀ մայրաքաղաքի ռմբակոծումների փաստի մասին։ Արդեն երկու օր Ստեփանակերտը, որտեղ ես գտնվում եմ հումանիտար օգնությամբ, ինչպես նաև այդ հանրապետության Մարտակերտի շրջանի խաղաղ գյուղերը ենթարկվում են հզոր ռմբակոծման Ադրբեջանի տարածքից»,- հունիսի 18-ին ՍՆԱՐՔ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց լեդի Քոքսը՝ համապատասխան բովանդակության նամակ ուղարկելով Մինսկի խմբի «իննյակի» նախաձեռնության հեղինակներին։ Հենց այդ օրերին Լևոն Տեր-Պետրոսյանը վերջապես փորձ արեց երկխոսության մեջ մտնել հայկական սփյուռքում ազդեցիկ ընդդիմադիր երկու կուսակցության հետ։ Այս փաստն ինքնին դրական ռեզոնանս առաջացրեց, բայց երկխոսությունը, ինչպես արդեն նշել եմ, չստացվեց, հատկապես դաշնակցականների հետ։ Նախագահը մեղադրանքների տարափ լցրեց նրանց վրա և սպառնաց դատի տալ։ Այս ամենը լցրել էր մամուլը։ Ընդ որում՝ երկու կողմից էլ։ Չէին լռում ոչ իշխանությունների անհարգալիրությունից նեղացած ռամկավարները, որոնք առանց հաջողություն ունենալու կառավարությունից պահանջում էին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ն։ Երկու ընդդիմադիր կուսակցությունները նախազգուշացրին նախագահին և նրա թիմին, որ ոչ մի փոխզիջում չեն պաշտպանի՝ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը ճանաչելու հիման վրա։ Նրանք դժգոհ էին նաև մեծ և այլ տերությունների մերկապարանոց, բանավոր, ոչ մի տեղ չամրագրված և շատ երերուն «երաշխիքներից», որոնց անվան տակ նախագահը փորձում էր կորզել ղարաբաղցիների համաձայնությունը։ Նրան հիշեցրին, որ հայկական պատմությունը դավաճանության բազում օրինակներ ունի, երբ Հայաստանը, իր ծառայությունը մատուցելով, զոհաբերվում էր փոփոխված քաղաքական կոնյունկտուրային։ Հենց նման տիպի դատողություններն են հասկանալի բնակչության ամենալայն խավերին, այլ ոչ թե դիվանագետների խորամանկ, կազուիստական փաստարկները։ Հայաստանի ժողովրդին մեծապես մտահոգում է, գրում էի ես այս առնչությամբ մոսկովյան ղեկավարությանը, Ռուսաստանի դիրքորոշումը, ինչի մասին էլ դաշնակցականները հայտարարեցին նախագահին։ Խաղաղարարության ընդհանուր սկզբունքները, զոհին ու բռնարարին հավասարեցնող այսպես կոչված «հավասարակշռված» մոտեցումն այստեղ չեն բավարարում։ Ե՛վ հայերը, և՛ հատկապես ղարաբաղցիներն ուզում են լինել Ռուսաստանի հետ և նրանից օգնություն ու կարեկցանք են սպասում, բայց սկսում են երկյուղել, որ իրենց հույսերը չեն արդարանա։ ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ալբերտ Գազարյանն ինձ հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի անունից ուղղակի հարց դրեց. գոնե ինչ-որ կերպ ազդե՞լ է ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ Ռուսաստանի մոտեցումների վրա Ադրբեջանում տիրող նոր իրավիճակը։ Նա ասաց, որ Լեռնային Ղարաբաղն իրեն տեսնում է Ռուսաստանի հունով ընթանալիս և կուզենար հասկանալ, թե ինչ է ուզում Ռուսաստանն իրականում։ Ըստ նրա՝ ղարաբաղցիներն ընդհանրապես չեն հասկանում՝ ինչու պետք է հենց այնպես տան Քելբաջարը՝ բնակչությանն ազերիների հարվածներից լուրջ երաշխիքներով չապահովելով։ Զրուցակիցս հասկանալ տվեց, որ ԼՂՀ ղեկավարությունը կուզենար, որպեսզի իր մոտեցումներն ու դիրքորոշումները, ինչպես և ընդհանրապես օբյեկտիվ տեղեկատվությունը ղարաբաղյան հակամարտությունում տիրող իրավիճակի մասին հասանելի լինեն Ռուսաստանի ղեկավարության պատասխանատու ներկայացուցիչների որքան հնարավոր է լայն շրջանակի համար։

Ես պատասխանեցի, որ դա անում եմ կանոնավորապես և մտադիր եմ շարունակել նույն ոգով։ Ավելին, փորձում եմ օբյեկտիվ տեղեկատվությունը հասցնել նաև մի քանի այլ մեծ տերությունների կառավարություններին։ Օրերս ես ընդունել էի վերջերս Երևան ժամանած, Հայաստանում ԱՄՆ առաջին դեսպան Հարի Գիլմորին, և արձանագրային այցը շատ արագ վերածվեց Ղարաբաղի և միաժամանակ պանթյուրքիզմի սպառնալիքների մասին երկարատև զրույցի։ Այդ նույնի մասին ես մշտապես զրուցել եմ նաև Ֆրանս դե Արտինգի հետ, որին դուր եկավ իմ կատակ-բանաձևը. «ռուսական արջը համբերում-համբերում է, իսկ հետո շուռ է գալիս ու... գնում կրկին Կազանը գրավելու. շատերի բանը բուրդ կլինի այդ ժամանակ»: Կազանը, բնականաբար, ես նկատի ունեի ֆիգուրալ իմաստով, որպես պատմական հիշեցում թաթար-մոնղոլական լծից Ռուսիայի ազատագրման վերջնական ակտի մասին։ Թեզիսն այն մասին, որ պանթյուրքիզմը սպառնալիք է Ռուսաստանում դեմոկրատիային, ինչպես ինձ թվաց, ըմբռնումով լսեց նաև իմ աշխատասենյակում նստած Ռուսաստանում Կանադայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Ֆերի դե Կերկով վան դեր Վարնետը, որը Երևան էր եկել պարզելու, թե Կանադայի համար ինչ իմաստ ունի այնտեղ իր ներկայացուցչությունն ունենալը։ Եվ ես փորձում էի նրա գլուխը մտցնել. եթե Ադրբեջանը դուրս գա իսկական ֆեդերալիզմի փրկարարության ըմբռնման մակարդակին, որը երաշխավորում է դաշնության սուբյեկտների ինքնուրույնությունն ու անվտանգությունը, չի բացառվում, որ ղարաբաղցիները ևս Բաքվին ընդառաջող որևէ քայլ անեն։ Այս նույն թեմաներն առաջնային էին նաև Չինաստանի դեսպան Չժաո Սիդիի հետ զրույցներում, որը ՉԺՀ դիրքորոշումն Անդրկովկասում ձևակերպեց որպես չեզոք դիրքորոշում՝ նպատակաուղղված խաղաղեցմանն աջակցելուն։ Հիմնականում մենք դիտում ենք, ասաց նա, ուզում ենք ամեն ինչ իմանալ, բայց ավելի քիչ գիտենք, քան Ռուսաստանը։ Չժաո Սիդին հետաքրքրվում էր ԼՂՀ ճանաչման գործընթացով, որը, թերևս, սկսվել է, բայց ծածուկ է ընթանում, դե ֆակտո, մերձեցումներով և նահանջներով։ Պանթուրանիզմի մասին նա այսպես է մտածում. չարժե չափազանցել, բայց և նվազեցնել նույնպես չարժե, հիմնախնդիրն իրական է, հարկավոր է ուշադիր հետևել դրա զարգացմանը։ Սակայն Չինաստանի միջինասիական հարևանները, թեև շրջված են դեպի Թուրքիայի կողմը, հազիվ թե իշխանությունը զիջեն պանթյուրքիստներին։ Դե ինչ, նկատեցի ես, կարևոր է, որ բոլորն ապրեն իրենց տանը, չսողոսկեն ուրիշի գործերի մեջ և խաղաղ հարևանություն անեն։

Հունիսի 22-ին Հայաստանի նախագահի հրավերով պաշտոնական այցով Երևան ժամանեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը, որը հանդիպեց Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Հարությունյանի, Բաբկեն Արարքցյանի, ԱԳՆ ղեկավարության և դիվանագիտական կորպուսի ղեկավարության հետ։ Սա էլ ես անվանեցի դե ֆակտո ճանաչում, մինչ այդ նման այցեր և ընդունելություն չէին եղել։

Կարեն Բաբուրյանի բոլոր հայտարարությունների լեյթմոտիվը հետևյալն էր։ Այժմ անհասկանալի է, թե ով ադրբեջանական կողմից կկենսագործի պայմանավորվածությունները, դրա համար էլ Լեռնային Ղարաբաղը շահագրգռված է հարևան պետությունում կայունության և հստակության հաստատմամբ, որպեսզի իմանաս, թե ում հետ ես բանակցություններ վարում պատերազմի դադարեցման մասին։ Առայժմ ԼՂՀ անվտանգության միակ երաշխիքը մնում են սեփական զինված ուժերը, բայց կուզենային, որ խաղաղության և անվտանգության երաշխավոր դառնան նաև ԵԱՀԽ երկրները։ Պատասխանելով դիվանագետների հարցերին՝ Կարեն Բաբուրյանը հայտարարեց. «Մենք հիմա առանց դժվարության կարող էինք գրավել Ադրբեջանի կեսը։ Եթե Սուրեթ Հուսեյնովն է երկու զրահամիավորով հասել Բաքու, մենք առավել ևս ի վիճակի ենք անել նույնը։ Բայց չենք ուզում, որովհետև ցանկանում ենք, որ հարևանները դուրս գան ճգնաժամից  և դառնան հուսալի գործընկերներ, որպեսզի վերջ տրվի պատերազմին, որը ոչ մեզ է պետք, ոչ նրանց։ Պատրա՞ստ են արդյոք դրան Հեյդար Ալիևն ու Սուրեթ Հուսեյնովը՝ դժվար է ասել, բայց պարզ է, որ նրանց խոստումները, եթե դրանք կատարվեն, բոլորովին էլ պարտադիր չեն համընկնի գործերին»:

Ալիևի հանդեպ անվստահությունը բացատրվում էր նախևառաջ նրանով, որ ղարաբաղցիները հիշողության կորստով չեն տառապում։ Հենց այն ժամանակներում, երբ նա էր ղեկավարում Ադրբեջանը, սաստկացավ Բաքվի հակահայ քաղաքականությունը ԼՂԻՄ-ի հանդեպ։

Բայց Էլչիբեյը նույնպես պակաս չմնաց։ Դրա համար էլ այդ «թուրքահպատակի» պաշտոնանկությունը ղարաբաղցիներն ընդունեցին առանց ափսոսանքի։ Տառացիորեն հենց այդ օրերին ես ևս մեկ զրույց ունեցա Գիլմորի հետ։ Այս անգամ ես էի նրան այցելել պատասխան այցով։ Նրան նույնպես հետաքրքրում էր իրադարձությունների ելքը Բաքվում, նա ուզում էր, որ Վաշինգտոնն ավելի օբյեկտիվ տեղեկատվություն ունենա, քան այն, ինչ ստանում էր թեև տեղից, բայց բացառապես ադրբեջանական քարոզչաթաղանթով, ընդ որում՝ նրանց՝ ադրբեջանական ներքին իրադարձություններն էին, բայց դրանք էլ մատուցվում էին հակահայկական և հակաղարաբաղյան սոուսով։

Պարզվում է, Էլչիբեյն արանքը ճղել էր Թուրքիա փախչելով, բայց թուրքերը նրան Նախիջևան էին ուղարկել, այնտեղ էլ հիմնավորվել էր հայրենի գյուղում։

Ես իմ գիծն էի առաջ տանում. Ռուսաստանը նրբանկատություն է բանեցնում, իսկ Թուրքիան իրեն շատ բան է թույլ տալիս, թող նստի իր տանը և կոտոշները դուրս չցցի իր անատոլիական խեցուց, թե չէ, մեկ էլ տեսար, նեղության մեջ կընկնի։ Նրանք, ովքեր բարդացնում են Ռուսաստանի կյանքը, գործում են ծագող դեմոկրատիայի դեմ, նշանակում է՝ միջազգային հանրության շահերի դեմ։

Տպավորությունս այնպիսին է, որ Թուրքիան կվերանայի իր դիրքորոշումը։

Դա ճիշտ կլիներ։ Ժամանակն է, որ խելքի բերի նաև իր ադրբեջանցի դաշնակցին։ Հարկավոր է խաղաղության գնալ բանակցությունների միջոցով՝ Լեռնային Ղարաբաղի պարտադիր մասնակցությամբ, այլ ոչ թե կողմնորոշվել ռազմական լուծման վրա։ Իսկ ինքնորոշման ձևը կհուշեն բանակցությունները։ Գուցե, դա ընդհանրապես Անդրկովկասյան դաշնություն լինի։

Ի՞նչ է նշանակում Կարեն Բաբուրյանի նախադասությունը ԼՂՀ ճանաչման գործընթացն սկսելու մասին։

Ըստ իս, դե ֆակտո ճանաչումն արդեն սկսվել էր այն ժամանակ, երբ Ռաֆայելին և կամպանիան ուղերձներ էին գրում ԼՂՀ ղեկավարներին, թեև չէին նշում նրանց պաշտոնական դիրքը։ ԼՂՀ-ն իրականություն է, նրա ղեկավարները վերահսկում են պետական կառույցները, բանակը, հասարակական կյանքը։ Կարելի է չճանաչել դրանք դե յուրե, բայց չընդունել գոյությունն այն բանի, ինչն արդեն կա, հակասում է առողջ բանականությանը։ Իսկ ո՞վ է կատարելու պարտականությունները, եթե ԼՂՀ-ն «ոչինչ» է և այն կառավարում է «ոչ ոք»:

Ընդհանրապես մեզ՝ ամերիկացիներիս, չի խանգարում ուղղակի շփումը ղարաբաղցիների հետ, մանավանդ որ Բաքվում նման շփումն անհնար է։

Հունիսի 26-ին Ադրբեջանի զինված կազմավորումները ձեռնարկեցին հերթական գրոհները ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի վրա, արժանի հակահարված ստացան և սկսեցին նահանջել իրենց կողմից թալանված և ավերված Մարտակերտից, որը մոսկովյան հեռուստաալիքները համառորեն անվանում էին թուրքական «Ագդերե» ձևով։ Հունիսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ միջնորդությամբ հրադադարի մասին ստորագրված համաձայնագիրը Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև չաշխատեց։ Ստեփանակերտը կրկին գնդակոծվեց ադրբեջանական Աղդամ քաղաքից, որը մոսկովյան հարբեցողներին հայտնի էր համանուն պորտվեյնով, իսկ զինվորականներին՝ զինամթերքի ու զենքի պահեստներով, որոնք կբավականացնեին տասը տարի և որոնք ադրբեջանցիները զավթել էին 1992թ. ռուսական զինված ուժերի 4-րդ բանակից, որը նրանց օգնում էր այն ժամանակ խփել հայերին Ադրբեջանի հայկական գյուղերում։ Ասկյարները կրակում էին, վարձկանները՝ օդից ռմբակոծում Ստեփանակերտն ու ԼՂՀ Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների գյուղերը։ Հունիսի 28-ին ղարաբաղյան զորքերը մտան այնտեղ, ինչ մնացել էր Մարտակերտից, և հայտնաբերեցին, որ քաղաքը նաև լրիվ ականապատված է։ Բնակիչների վերադարձը ստիպված էին հետաձգել։

Հուլիսն սկսվեց նոր գրոհներով, գնդակոծություններով, ռմբակոծումներով ամենատարբեր ուղղություններում։ Ադրբեջանցիներն ակնհայտորեն լուրջ հակահարված էին սպասում և կանոնավորապես ստանում էին այն։ Դա էլ, հավանաբար, դրդեց Ադրբեջանի նոր ղեկավարությանը՝ հանձին Հեյդար Ալիևի, ուղղակի բանակցությունների գնալ ԼՂՀ-ի հետ։ Շատ հետաքրքիր իրավիճակ ծագեց իրադարձությունների զարգացման մեջ, բայց, ցավոք, միջազգային հանրությունը դրան չափազանց թեթևամտորեն վերաբերվեց, ադրբեջանական քաղաքական գործիչներն այդ թեթևամտությունը որպես խրախուսում ընկալեցին, դադարեցրին ուղղակի բանակցությունների գործընթացը, արժանին ստացան՝ նոր տարածքներ կորցնելով և ներքաշվեցին ձմեռային կամպանիայի մեջ, որը նոր կորուստներ ու նոր պարտություններ բերեց։

 Իսկ հուլիսին ամեն ինչ վատ չէր սկսվել, չնայած Ռաֆայելիի հիմարությանն ու մեծ տերությունների անհեռատեսությանը։ Բայցևայնպես, գուցե նրանցից ինչ-որ մեկին հարկավոր էր խանգարել Ռուսաստանի միջնորդական առաքելությունը, որը, Կոզիրևի թիմի կողմից Անդրկովկասում մեր ազգային շահերը չհասկանալով հանդերձ, ցանկանում էր հակամարտող կողմերին խաղաղության բերել։

Մարտակերտի շրջանի մեծ մասի ազատագրումը, որտեղ հիսունութ գյուղից հիսունը գրեթե մեկ տարի գտնվում էին ադրբեջանական օկուպացիայի մեջ և լուրջ վերականգնողական աշխատանքներ էին պահանջում, մարդկանց վերադարձի հոսք ստեղծեց։ ԼՂՀ-ից փախստականները, իսկ նրանց թիվը մոտ 40 հազարի էր հասնում, բռնեցին տունդարձի ճամփան։

Ադրբեջանցիները փորձեցին կանգնեցնել այդ շարժը և հուլիսի 2-ին կրկին ռազմական գործողություններ սկսեցին։ Նրանց հաջողվեց մի քանի գյուղ զավթել։ Ղարաբաղցիները պատասխանեցին, այն էլ այնպես, որ նրանց ձեռքում հայտնվեցին Աղդամն ու Ֆիզուլին, բայց նրանք այդ պահին սահմանափակվեցին ուժի ցուցադրմամբ և հեռացան։ Ռուսաստանի ԱԳՆ-ն Կազիմիրովի միջոցով հերթական անգամ անհանգստություն հայտնեց մարտական գործողությունների թեժացման առիթով, ինչը դժվարացնում էր ՄԱԿ ԱԽ ապրիլի 30-ի N822 բանաձևի կատարումը։ «Ազատություն» ռադիոկայանին հղում կատարող թերթերից մենք իմացանք, որ ՌԴ ԱԳՆ-ն համապատասխան ուղերձ է հղել Բաքու, Երևան և Ստեփանակերտ։ Այդ ուղերձի տեքստը ես չեմ տեսել։

 

ՌԱԶՄԵՐԹ ԴԵՊԻ ԱՐԱՔՍ

Հոկտեմբերի 21-ին Արկադի Ղուկասյանը զանգահարեց ինձ և հաղորդեց, որ ադրբեջանական զորքերը կենտրոնացված հարձակում են սկսել Ջեբրայիլի շրջանում։ Ռադիոկորզումը վկայում է մարտերում նրանց կողմից աֆղանստանցի մոջահեդների հավանական մասնակցության մասին։ Ղուկասյանը բացատրություն պահանջեց Ջալիլովից։ Վերջինս խոստացավ պատասխանել։ Բայց ադրբեջանական իշխանությունները, ինչպես ընդունված է նման դեպքերում, խուսափեցին շփումներից։

Ես անհապաղ կարճ հաղորդում ուղարկեցի Մոսկվա, մեր ԱԳՆ-ի հասցեով, և 22-ի առավոտյան այն արդեն Կոզիրևի ու մի քանի տեղակալների սեղանին էր։

Այդ նույն առավոտ Ղուկասյանը կրկին զանգահարեց ինձ և ասաց, որ մարտական գործողությունները շարունակվում են, իսկ Ջալիլովն այդպես էլ չի երևացել։ Հեյդար Ալիևի և նրա արտգործնախարար Հասան Հասանովի հրապարակային ագրեսիվ հայտարարությունների ֆոնին խոսքն ակնհայտորեն զինված հակամարտության նոր սաստկացման փորձի մասին է։ Ղարաբաղցի զինվորականները պատրաստ են հակահարված տալ։

Հոկտեմբերի 23-ին ադրբեջանցիների հարձակումը Ջեբրայիլի և Ֆիզուլու շրջաններում շարունակվում էր։ Երկաթուղով մինչև Իրանի սահմանին գտնվող Հորադիզ կայարան էին տեղափոխվում հիմնականում ուկրաինական արտադրության հրանոթներով ու տանկերով բեռնված էշելոնները։ Մոսկովյան ճարտասանները բերանները ջուր էին առել։ Ինչ-որ մեկը Մոսկվայում ակնհայտորեն հույս ուներ, թե այս անգամ ադրբեջանցիներին կհաջողվի հաղթել ղարաբաղցիներին։ Նրանց դաժան հիասթափություն էր սպասվում։

Ղարաբաղյան զորքերի պատասխան գրոհը հետ շպրտեց ասկյարներին, ադրբեջանական բանակը խուճապի մատնվեց և դիմեց խայտառակ փախուստի, մի քանի հազար խաղաղ քաղաքացիներ ու զինվորներ Արաքսով Իրան փախան։ Ղարաբաղյան զորքերը, գրեթե առանց որևէ լուրջ դիմադրության ադրբեջանցիների կողմից, դուրս եկան Իրանի հետ սահման Հորադիզի շրջանում, նրա քսաներորդ կիլոմետրում և մեծահոգաբար թույլ տվեցին շրջապատման մեջ հայտնված ադրբեջանցիներին Արաքսի երկայնքով հեռանալ դեպի արևելք։

Հոկտեմբերի 25-ին Դավիթ Շահնազարյանն ինձ հետ զրույցում ենթադրություն հայտնեց, թե Բաքուն հակամարտությունը սրեց այն պատճառով, որ Հեյդար Ալիևին հաղթանակ է պետք, գոնե մի փոքր հաղթանակ։ Դրա համար էլ նա նույնիսկ կոտնձգի Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, մասնավորապես՝ Նոյեմբերյանի շրջանում և Իջևանում, որոնք սահմանակից են Ադրբեջանի Ղազախի շրջանին, և Նախիջևանի կողմից, որտեղ սադրանքների կարելի է սպասել և՛ ալիևականներից, և՛ Էլչիբեյի «Ժողովրդական ճակատից», և՛ Թուրքիայից աջակցվող «գորշ գայլերից»:

Եթե հոկտեմբերի 21-22-ին ողջ օրը ղարաբաղցիներին չէր հաջողվում հեռախոսով կապվել Բաքվի հետ, ապա այն պահից, երբ ադրբեջանական զորքերը փախուստի դիմեցին, կրկին «մեջտեղ ելավ» Ջալիլովը՝ զանգահարելով Ստեփանակերտ և Երևան։ Դավիթ Շահնազարյանի և Կազիմիրովի (որը գտնվում էր Բաքվում, տիկին աֆ Ուգլասի առաքելության հետ միասին) հետ հեռախոսազրույցներում Ջալիլովը փաստորեն ընդունեց, որ ռազմական գործողություններն սկսվել են ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, բայց վերապահում արեց, թե դա իբր Սուրեթ Հուսեյնովի կարգադրությամբ գործող «չվերահսկվող ջոկատների» ձեռքի գործն է, և որ Հեյդար Ալիևը կարգադրել է հետաքննություն անցկացնել։ Հայկական կողմը Ջալիլովին խորհուրդ տվեց հարցերը ղարաբաղցիների հետ քննարկել Ռուսաստանի միջնորդությամբ, իրադարձություններին օբյեկտիվ գնահատական տալ, դադարեցնել իրենց քարոզչական այլանդակությունը, պատժել մեղավորներին, եթե Ադրբեջանը լրջորեն ուզում է շարունակել բանակցությունները։

Ղարաբաղցիները կասկածում էին, թե ադրբեջանցիներն այդ ժամանակ հենց դա չէին ուզում, այլապես չէին պահանջի առանց նախապայմանների, այսինքն՝ առանց ապաշրջափակման, առանց դիտորդների, առանց խաղաղարար ուժերի երկարատև ժամանակով դադարեցնել կրակը, որպեսզի շունչ առնեն և ոտքի կանգնեցնեն իրենց բարոյալքված բանակը։ Եվ դա պատրաստվում էին անել արևմտյան դաշնակիցների օգնությամբ, որոնք լուրջ հետաքրքրություն էին ցուցաբերում կասպյան նավթի և դեպի Թուրքիա խողովակաշարի անցկացման ծրագրերի հանդեպ։ Դավիթ Շահնազարյանը ցանկություն հայտնեց, որ Ռուսաստանն ազդեցություն գործի Ադրբեջանի վրա հօգուտ ուղղակի երկկողմանի ազերիա-ղարաբաղյան բանակցությունների։ Հենց որ ադրբեջանցիներն սկսեցին պարտություններ կրել, Ռուսաստանի ԱԳՆ-ն, վերջապես, արթնացավ և հոկտեմբերի 26-ին հայտարարություն արեց իր խոր հիասթափության և մտահոգության մասին՝ անտեսելով այն փաստը, որ սրացման նախաձեռնողները բաքվեցի խելոքներն էին, և ամեն ինչում մեղադրելով այդ վատ «ղարաբաղցի հայերին»: 26-ի երեկոյան Երևանում հայտնված Կազիմիրովը զանգահարեց ինձ։ Խոսակցության ժամանակ նա ընդունեց, որ ինքն է հարազատ ԱԳՆ-ի այդ հիասքանչ ստեղծագործության հեղինակը և փորձեց այն ներկայացնել որպես մի ինչ-որ «հավասարակշռված բան», ինչին ես պատասխանեցի.

- Քո հավասարակշռվածությունը, երբ քեզ ու բոլորին հայտնի է նախաձեռնողը, միայն խրախուսում է վերջինին։ Չգիտես ինչու, երբ խփում էին ղարաբաղցիներին, Մոսկվան էլի նրանց ու նրանց հայաստանցի եղբայրներին էր մեղադրում։ Իսկ ահա նման վերաբերմունք ադրբեջանցիների նկատմամբ ես չեմ տեսնում։ Այնպես շողոքորթել ադրբեջանցիներին, ինչպես դու ես դա անում, Վոլոդյա, նշանակում է խափանել ուղղակի բանակցությունների գործընթացը քո իսկ մասնակցությամբ։

Եվ դեռ այն ժամանակ սիրում էին խոսել ղարաբաղցիների «անհամարժեք» պատասխանի մասին ազերիա-մոջահեդական սադրանքին։ Ես խորհում էի դրա շուրջ։ Համարժեք. այդ ինչպե՞ս։ Դեմ տալ մյո՞ւս այտը։ Իրենք իրենց ծնվեցին ոտանավորի տողերը.

Թշնամիներն այրեցին հարազատ հյուղակս,

Իսկ ես նրանց նոտայո՞վ եմ պատասխանում։

Նրանք ինձ վրա՝ ավտոմատով,

Իսկ ես նրանց անընդհատ հորդորում եմ։

Իսկ գուցե մի հատ հայհոյե՞մ։

Թեև համարժեք չի լինի

Նման պատասխանը, բայց հաճելի է։

Դե, իսկ հետո՝ նաև ավտոմատով։

Որ հաստատ համարժեք լինի։

«Թշնամուն պետք է խփել նրա տարածքում,- գրել եմ իմ օրագրում։- Դա այնքան ակնհայտ ճշմարտություն է, որ նույնիսկ կարծես թե անհարմար է լսել բարբաջանքն «անհամարժեքության» մասին, հատկապես նրանց կողմից, ովքեր ավանակի համառությամբ հրաժարվում են որոշել այն տարածքի սահմանները, որից դուրս գալը միայն կարող է հիմք համարվել անհամարժեքության մեղադրանքների համար։ Ինչ-որ անհեթեթություն է»:

Հետաքրքիր է, որ այդ նույն օրերին փորձ արվեց Հայաստանը ներքաշել ներվրացական հակամարտության մեջ։ Անդրկովկասյան երեք պետությունների և Ռուսաստանի ղեկավարների՝ հոկտեմբերի սկզբին կայացած խորհրդակցությունում հայերին առաջարկվեց զորքով մասնակցել երկաթուղու այն հատվածի պահպանությանը, որը ձգվում էր Սև ծովից Թբիլիսիի միջով դեպի Հայաստան, իհարկե, այն տարածքում, որը վերահսկվում էր պաշտոնանկ արված նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցների կողմից։ Երևանին դա ամենևին ձեռնտու չէր, քանի որ Թբիլիսիում ապրում էին հազարավոր հայեր, Աջարիայում և Աբխազիայում՝ տասնյակ հազարավոր հայեր, իսկ գլխավորն այն էր, որ Ջավախեթում (հատկապես Բոգդանովկա և Ախալքալաք գյուղերում) բնակչությունը հիմնականում բաղկացած էր հայերից։ Այնտեղ մտնես, հետո էլ դուրս չես գա, ասաց ինձ Դավիթ Շահնազարյանը։ Եվ Հայաստան եկող գնացքները պահում է Շևարդնաձեն, այլ ոչ թե Գամսախուրդիան ու Աբաշիձեն։ Նրանք երկուսն էլ դեմ էին, որ հայկական գումարտակը Վրաստան մտնի։ Բա որ վատանար հայերի վիճակը Վրաստանում։ Եվ Հյուսիսային Կովկասում էլ այն պակաս կայուն էր դարձել։ Ավելի լավ չէ՞ր լինի քաղաքական որոշումներ փնտրել։ Գուցե Վրաստանն, այնուամենայնիվ, մտածեր ֆեդերալիստական բանաձևի մասին։ Ինչո՞ւ չդիմի Ռուսաստանի հետ Հայաստանի միջնորդությանը՝ Երևանում մեկ սեղանի շուրջ հավաքելու համար, օրինակ, Շևարդնաձեին, Գամսախուրդիային, Աբաշիձեին, Արձինբային և մյուսներին և երկխոսություններ նախաձեռնել նրանց միջև, ինչպես նաև ընդհանուր խոսակցություն բացել Վրաստանի նոր կարգի մասին՝ արյունահեղությունը դադարեցնելու և այն որպես միասնական, բայց դաշնային պետություն պահելու համար։

Ի՞նչ է մտածում Ռուսաստանն այս մասին։ Դավիթ Շահնազարյանի այդ հարցը ես վերահասցեագրեցի Լոբովին ու Կոզիրևին, բայց պատասխան չստացա։

Իրենց զինվորական համակազմը Վրաստան ուղարկելուց հայերն, այնուամենայնիվ, ձեռնպահ մնացին։ Եվ ճիշտ արեցին։

Սակայն նրանց, այնուամենայնիվ, զբաղեցնում էին ոչ այնքան վրացական, որքան ղարաբաղյան գործերը, որոնք երբեմն անսպասելի շրջադարձ էին ունենում։

Հոկտեմբերի 26-ին ինձ հետ հեռախոսազրույցում Դավիթ Շահնազարյանը տեղեկացրեց, որ առավոտյան Զանգելանի շրջանից հզոր գնդակոծության է ենթարկվել Մեղրիից ոչ հեռու գտնվող Նյուվադի բնակատեղին։ Թե ով և ինչու է կրակել՝ հասկանալի չէ. տառացիորեն նախօրեին ադրբեջանական կողմից փորձեր էին արվել կապվել հայկական իշխանությունների հետ՝ պարզելու համար Զանգելանից տասը հազար մարդ... Հայաստանի տարածքով տարհանելու հնարավորության մասին, ընդ որում՝ ոչ թե կանանց ու երեխաների, այլ հիմնականում զինվորների, որոնք շրջապատման մեջ էին հայտնվել։ Սուրբ պարզամտություն։ Իսկ գուցե ճարպիկ խորամանկությո՞ւն։

Գրեթե միաժամանակ ադրբեջանցիները գնդակոծեցին Նոյեմբերյանի շրջանի հայկական գյուղերը հայ-ադրբեջանա-վրացական սահմանների հատման կետում և ակտիվացրին ապատեղեկատվական քարոզչությունը, որին չգիտես ինչու հաճույքով միացել էին մեր հեռուստատեսային «Վեստի»-ն և «Նովոստի»-ն։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան Երևանում հայտնվեց տիկին Մարգարիտա աֆ Ուգլասն ընկերների և նույն Կազիմիրովի հետ։ Մենք նրա հետ զրուցեցինք հեռախոսով Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության առնչությամբ, ինչի մասին ես արդեն ասել եմ, խոսեցինք, ինչպես ասում են, սրտանց, և ես դուրս եկա իմ աշխատասենյակից ԿՊՊ-ի հարթակի առջև։ Տեսնեմ՝ մեր դեսպանության ամառանոցի մուտքի մոտ կանգնած են Ռոբերտ Քոչարյանը, Լեոնարդ Պետրոսյանը և Արկադի Ղուկասյանը, սպասում են Սերժիկ Սարգսյանին, որ տեղավորվեն նրա՝ ամառանոցի դարպասներից հաշված երրորդ բնակարանում։ Պարզվեց՝ Ռոբերտը տեղյակ է, թե ով է ՌԴ ԱԳՆ հակաղարաբաղյան հայտարարության հեղինակը և պատրաստվում է ինչպես հարկն է խոսել նրա հետ։ Կազիմիրովը հաճախ է դժգոհում ադրբեջանցիներից, որ նրանք միշտ ուզում են հիմարացնել, բա ինքն ի՞նչ է անում։ Այդ պահին դարպասներից ներս է մտնում սև «Վոլգան», և նրանից դուրս են գալիս Կազիմիրովը, Մոսբերգը և դե Սիկան։ Նրանք բոլորն էլ, և՛ սպասողները, և՛ նոր եկածները, անմիջապես ուղևորվեցին Լիպարիտյանի բնակարան՝ զրուցելու։ Խոսեցին ինչպես հարկն է։ Ընդ որում՝ Կազիմիրովը փորձեց ստել, թե իբր ես ժամանակին չեմ ուղարկել տեղեկատվությունը, որ ստացել էի հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը Ղուկասյանից մոջահեդների մասնակցությամբ ադրբեջանական սադրանքի մասին, այլ հետո միայն, պոստֆակտում, մի քանի օր ուշացումով հանձնել եմ մի ընդարձակ թուղթ ծավալված գործողությունների մասին։ Ղարաբաղցիները գիտեին, որ դա սուտ է, քանի որ Ղուկասյանի տեղեկատվությունը ես գնդապետ Տրետյակովի օգնությամբ ուղարկել էի անմիջապես ստանալուց հետո, ինչի մասին տեղեկացրել եմ Արկադիին հոկտեմբերի 22-ին։ Ինչո՞ւ էր պետք, որ Կազիմիրովը ստեր։ Քողարկելու համար մոսկովյան իշխանությունների՞ն, որոնք ոչինչ չէին ձեռնարկել սրացումը կասեցնելու համար։ Թե՞ նա ծածկում էր Կոզիրևին, որը կարող էր չզեկուցել նախագահին կամ թեկուզև վարչապետին իմ հեռագրի մասին։ Թե՞ պարզապես ուզում էր խախտել այն վստահությունը, որը տածում էին ռուս դեսպանի և անձամբ Ստուպիշինի հանդեպ ղարաբաղյան ղեկավարները։ Ինչ-ինչ, բայց այդ ֆոկուսը նրան չհաջողվեց։ Եվ նրա մյուս բոլոր հետին մտքերը նույնպես հեշտությամբ հասկացվում էին նրա ղարաբաղցի և հայ զրուցակիցների կողմից։

Ժամանակ առ ժամանակ Կազիմիրովը հայտնվում էր իմ աշխատասենյակում, ուր նրան ՎՉ կապով Բաքվից զանգահարում էր Ջալիլովը։ Սկզբում ադրբեջանցին դժգոհում էր, որ Արաքսի կամուրջը, որով դեպի Իրան են փախչում ադրբեջանցի մարտիկները, դա Խուդաֆերին բնակատեղիի մոտ է, իբր գնդակոծվում է Մեղրիից։ «Դե, դա արդեն իսկական ֆանտաստիկա է,- նկատել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ նրան այդ մասին զեկուցել էր Կազիմիրովը։- Մեղրիից մինչև Խուդաֆերին կրակել, դե, ոչ մի կերպ հնարավոր չէ»: Կազիմիրովը երկար ու համբերատար փորձում էր պարզել Ջալիլովից, թե ինչ կամրջի մասին է խոսքը, և խնդրեց ճշտել դրա աշխարհագրական կողմնորոշիչները, որպեսզի դրանք տա ղարաբաղցիներին, որոնցից կամուրջը փակված էր սարով, և խնդրել չկրակել այդ ուղղությամբ։ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է դրական արձագանքել, բայց նրան անհրաժեշտ են կոորդինատները։ Ջալիլովն անընդհատ խառնում ու խառնում էր Խուդաֆերինի կամուրջը Հորադիզի ամբարտակի հետ, որը (Կազիմիրովը գոռում էր ընկալուչի մեջ) ոչ ոք ներկա պահին չի գնդակոծում, և այն ամբողջովին վերահսկվում է ադրբեջանական բանակի կողմից, բայց այն կամրջի կոորդինատը, որը գտնվում է Խուդաֆերինի մոտ, Ջալիլովն այդպես էլ չտվեց։

Ես զարմանում էի Կազիմիրովի համբերության վրա. նա շատ ժամանակ կորցրեց Ջալիլովի հետ հեռախոսազրույցի վրա, և ապարդյուն։

- Ահա այսպես շատ հաճախ է պատահում,- խոստովանեց նա ինձ։- Խոսում-խոսում ենք, և ոչ մի արդյունք։

- Իմ կարծիքով՝ ադրբեջանցիներն ինչ-որ բան թաքցնում են,- ասացի ես նրան։- Նրանք անընդհատ ստում են փախստականների մասին։ Հավանաբար, կամրջի հետ կապված էլ ինչ-որ բան մոգոնել են։ Զանգելանում և Կուբաթլիում նրանց մոտ ծուղակն էին ընկել ոչ թե փախստականները, այլ տասը գումարտակ, որոնք պատրաստվում էին խփել Մեղրիին՝ Նախիջևան դուրս գալու համար։  Դե, հիմա էլ մատներն են կրծոտում։

Բաքվից և Բաքու կատարված հեռախոսազանգերից և Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ բանակցություններից հետո, հոկտեմբերի 27-ին, Կազիմիրովը իմ գրասենյակի վարիչ Լարիսային թելադրեց Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համատեղ հայտարարության նախագիծը, որն ավելի հավասարակշռված էր, քան Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը։ Համենայնդեպս, վերացավ ԼՂՀ-ին ուղղված միակողմանի մեղադրանքը։ Բայց միջնորդի նպատակը մեկն էր՝ ամեն ինչ վերադարձնել հոկտեմբերի 20-ի դրությանը, այսինքն՝ հասնել այն բանին, որ ղարաբաղյան դիրքերը դուրս բերվեն նախկին դիրքերը, ինչը ձեռնտու կլիներ Ադրբեջանին, բայց ոչ մի կերպ՝ ղարաբաղցիներին, որոնց առաջարկվում էր զոհել մարտադաշտում ձեռք բերած իրենց հաջողությունը՝ փոխարենը ոչինչ չստանալով։

Զանգահարեց Ֆրանս դե Արտինգը, հետաքրքրվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Ռոբերտ Քոչարյանի զրույցի բովանդակությամբ, ինչի մասին ես նրան ոչինչ ասել չէի կարող, թեկուզև այն պատճառով, որ տեղյակ չէի։ Ֆրանսը հայտնեց ինձ, որ կցանկանար կազմակերպել Մարգարիտա աֆ Ուգլասի հանդիպումը դիվանագիտական կորպուսի հետ, բայց վերջինս հրաժարվել էր ցեյտնոտը պատրվակ բռնելով։ Նրա ժամանակացույցն իսկապես հագեցած էր։ Հոկտեմբերի 27-ին նա առավոտյան նախագահի մոտ էր, հետո՝ վարչապետի, վերջապես, մամուլի ասուլիս էր տվել և ժամը 18.00-ին մեկնել օդանավակայան։ Այնուամենայնիվ, մենք Ֆրանսի հետ որոշեցինք, որ այդ տիկինն ամեն ինչ անում է «կատարված է» նշանիկի համար, քանի որ ԵԱՀԽ-ում նրա նախագահության ժամկետը մոտենում էր ավարտին, և նա թքած ուներ ղարաբաղյան հակամարտության վրա։

Ես հետաքրքրվեցի վերջերս Ռոբերտ Քոչարյանի Փարիզ կատարած այցելության տպավորությունների մասին։ Ֆրանսն ասաց, որ ամեն ինչ ավելի քան լավ է անցել։ Բացի Ավենյու Օշի Դիվանագիտական ակադեմիայում ելույթից և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից, Ռոբերտ Քոչարյանին ընդունել են Ֆրանսիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Պիեռ Պուդադը, Մինսկի խմբում Ֆրանսիայի ներկայացուցիչ, տիկին Դյուբուան, պաշտպանության նախարարի աշխատակազմի և ԱԳՆ հումանիտար օգնության բաժնի աշխատակիցները։ Ռոբերտ Քոչարյանի հետ Փարիզում զրուցել են այնպիսի ազդեցիկ թերթերի թղթակիցներ, ինչպիսին են «Մոնդը» և «Ֆիգարոն», ինչպես նաև թուրք լրագրողներ։ Դրանից հետո նա մեկնել է Բելգիա, որտեղ նրան ընդունել են Եվրոպական ընկերակցությունների հանձնաժողովում։ Նա այցելել է նաև Եվրախորհրդարան։

Ինձ հայտնի էր, որ նման բացատրական այցելություններ էին նախատեսվում նաև Բրիտանիա և Գերմանիա, և ես առաջարկեցի իմ ԱԳՆ-ին օգտագործել ֆրանսիական փորձը և հրավիրել Ռոբերտ Քոչարյանին կամ Կարեն Բաբուրյանին Մոսկվա, ասենք, Արտաքին քաղաքական ասոցիացիայի կամ Ազգային անվտանգության և ռազմավարական հետազոտությունների բլագովոլինյան ինստիտուտի, կամ  Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ИМЭМО), կամ նույնիսկ մեր Դիվանագիտական ակադեմիայի անունից։ Այդ ժամանակ դա հնչեց որպես ձայն բարբառո հանապատի։ Իսկ Ֆրանսիայում ղարաբաղցիներին ընդունում էին նաև Քոչարյանի այցելությունից հետո։ Ստրասբուրգի եվրոպական կազմակերպություններում նույնպես։

Հոկտեմբերի 27-ի առավոտյան հնչեց աշխատասենյակիս հեռախոսազանգը.

- Կազիմիրովին։                          

- Ո՞վ է հարցնում։

-Ադրբեջանի Գերագույն խորհրդից։

- Իսկ ո՞վ է։

- Ջալիլովը։

- Բարև ձեզ, պարոն Ջալիլով։ Ես կփորձեմ գտնել Կազիմիրովին։

- Բարև ձեզ։ Զանգելանում դրամատիկական իրադարձություններ են։ Ամեն կողմից շրջափակում է։ Մարդիկ դուրս գալու տեղ չունեն։ Էս ի՞նչ է կատարվում։

- Իսկ ո՞վ է հարձակվում։

- Ով՝ ով, նրանք բոլորը՝ ղարաբաղցիները։

- Հասկանալի է։ Ես անպայման կգտնեմ Կազիմիրովին և կփոխանցեմ ձեր ասածը։

- Իսկ դուք ո՞վ եք։

- Ռուսաստանի դեսպանը։

Այնտեղ ընկալուչը ցած դրեցին։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանի օգնությամբ ես գտա Կազիմիրովին և տեղեկացրի նրան «Ջալիլովի ողբի» մասին։

- Իսկ ի՞նչ է առաջարկում։

- Ոչինչ։ Գուցե ինքդ զանգահարես նրան։

- Լավ։

Դա 11.20 էր։ Իսկ 11.35-ին զանգ Մոսկվայից.

- Թող Կազիմիրովը շտապ զանգահարի Ադամիշինին։

Այս խնդրանքն անմիջապես փոխանցեցի։

11.55-ին զանգահարում են ԱՊՀԴ-ից.

- Թող Կազիմիրովը զանգահարի Չուրկինին։

Եվ այսպես ամբողջ օրը՝ փուչ ու դատարկ բաներ։ Զանգահարում են մոսկովյան պաշտոնյաները, թե իբր աշխատում են, բայց ըստ էության միայն Կազիմիրովն է աշխատում։ Թեև նրա աշխատանքը երբեմն ամենադաժան քննադատության է արժանի, բայց դա՝ իմ կարծիքով։ Ես չեմ կարող արժանին չմատուցել նրան. ահա թե ով ոչ մի րոպե հանգիստ չունի, հանգստի ոչ մի օր, ինքնաթիռից ինքնաթիռ, մայրաքաղաքից մայրաքաղաք, երկարատև զրույցներ, համբերատար, երբեմն էլ՝ ձեռքը սեղանին խփելով. ոնց գլուխդ չի պտտվի։

13.30-ին իմ աշխատասենյակում էին դե Սիկան և Մոսբերգը, սուրճ էին խմում և շտկում Լարիսայի տպած Կազիմիրովի նախագիծը։ Կազիմիրովը չէր հասցրել գալ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտից, երբ կրկին զանգահարում է Ջալիլովը։ Կազիմիրովը նրան ասում է Տեր-Պետրոսյանի ասածը. «Քանի որ ադրբեջանցիները պաշտոնապես չեն ճանաչում, որ սրացումն իրենք են սկսել, Քոչարյանը հիմքեր չունի կարգադրելու, որ ղարաբաղյան զորքերը դուրս բերվեն»:

Իտալացու և շվեդի հարցին նախագահի հետ խոսակցության մասին Կազիմիրովը պատասխանեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանին է փոխանցել «Մոսկվայի լուրջ նախազգուշացումները»: Ահա թե ինչու էին զանգահարում Ադամիշինի ու Չուրկինի մոտից։

Նախագահը հարգալիր լսեց և մեկնեց Փարիզ՝ բանավեճը տեղափոխելով Դավիթ Շահնազարյանի մակարդակին։

Մոսբերգը կասկած հայտնեց, թե ադրբեջանցիները հրապարակավ կընդունեն, որ իրենք մեղավոր են։ Սատանան նրանց հետ։ Ինչի արժանի էին, այն էլ ստացան։

Կազիմիրովը Մոսկվայի դժգոհության մասին հայտնեց նաև Ռոբերտ Քոչարյանին, որին զանգահարեց իմ մոտից։ Զանգի ժամանակ հղումը կատարում էր Ադամիշինին, իսկ սա՝ Չեռնոմիրդինին, որն իբր նետել է հետևյալ արտահայտությունը. «Նրանք փորձանքի կգան»: Ղարաբաղցիներն այսինքն։ «Մենք հետո կքննարկենք, ինչ կա այս ակնարկի հետևում,- ասաց Կազիմիրովը Քոչարյանին։- Ես ձեզ միշտ ասել եմ, որ Մոսկվան ղարաբաղցիների նման լայնամասշտաբ գործողություններին հավանություն չի տա։ Ահա Ադամիշինն էլ խնդրեց Լևոն Տեր-Պետրոսյանին օգտագործել իր ողջ ազդեցությունը ղարաբաղցիների վրա»: Ռոբերտը, դատելով Կազիմիրովի ակնարկներից, համառում էր այն բանում, որ Մոսկվայի համար վատ չէր լինի ավելի օբյեկտիվ դիրքորոշում զբաղեցնել։

- Այ, տեսնում ես,- ասացի ես Կազիմիրովին,- ղարաբաղցիների հասցեին հնչեցրած իր մեղադրանքներով Մոսկվան վնասեց իրեն։

- Բայց հայտարարության նախագծում մի լավ կտոր կար, այն հանեցին։

- Ես դեռ կարող եմ քեզ հավատալ, բայց, համաձայնիր, մոսկովյան հայտարարության օբյեկտիվ չլինելը ևս մի հիմնավորում է ղարաբաղյան պահանջի համար, որ ադրբեջանցիները հրապարակավ ընդունեն։ Այդպես չէ՞։

 16.15-ին կրկին զանգահարում է Ջալիլովը։ Կազիմիրովը կողքիս չէ, և նա խոսում է ինձ հետ։

- Հայերը Զանգելան են գնում Ակերա գետակով։ Դա Արաքսի վտակն է։ Նրանք այն հաղթահարում են ծանծաղուտով և առաջ են գնում։

- Որտեղի՞ց են գնում։

- Էլ որտեղի՞ց՝ Լեռնային Ղարաբաղի կողմից։

- Լավ, կփոխանցեմ Կազիմիրովին։

- Իսկ ձեզ մոտ՝ Երևանում ինչպե՞ս է։

 - Շրջափակումը շրջափակում է, ամեն ինչ թանկ է, դժվարին ձմեռ էր։

 - Իսկ որ հարևան երկիրը քրքրում են, դրան ինչպե՞ս եք նայում։

-Ինձ համար դժվար է այստեղից գնահատական տալ, թե ով և ում է քրքրում։

- Դե, Ռուսաստանը մշտապես հարցեր ունի...

- Ռուսաստանն իրեն էլ հարցեր ունի։

- Այո, այո... Այդ ի՞նչ է, Լևոնը թռավ և չզանգահարեց։

- Նա մինչև ճաշն էր մեկնել։ Գուցե նրան չէին հասցրել գտնել։

- Նա 12.30-ին է թռել։

- Դե, դա էլ մինչև ճաշն է։

- Կազիմիրովը և Մոսբերգը ձեր ներկայությամբ են խոսել ինձ հետ, խոստացել են... 

- Ես կփորձեմ գտնել ձեզ համար Կազիմիրովին։

Կազիմիրովին ես, բնականաբար, գտա։ Նա զանգահարեց ինձ 17.00-ին և խնդրեց փոխանցել Ջալիլովին. Քոչարյանը երեք ժամ առաջ կարգադրել է կանգնեցնել զորքերի առաջխաղացումը և կրակոցները. Կազիմիրովն աշխատում է Քոչարյանի հետ հայտարարության տեքստի վրա, որի նախագիծը ՎՉ-ով կարդացվել է Ջալիլովին։

17.10-ին ես միացա Ջալիլովին և փոխանցեցի նրան այդ հաղորդումը։ Աֆիյատդին Ջալիլովիչը չափից ավելի երախտապարտ էր։

Այն ժամանակ ինձ թվաց, որ այդ մարդն անկեղծորեն տառապում է և շատ է ուզում, որ անդորր լինի։ Որոշ ժամանակ անց նա դարձավ Բաքվում տեղի ունեցող ներքաղաքական քաշքշուկների զոհը։

Ղարաբաղցիների հետ շփվելով՝ ես հիանում էի նրանց մտքի սթափությամբ և դիվանագիտությանն արագ տիրապետելու, ԼՂՀ ազգային շահերի ապահովման նպատակներով բանակցությունների և փոխզիջումների նրբություններն ըմբռնելու կարողությամբ։ Ըստ իս, դա նրանց մոտ նույնիսկ շատ լավ էր ստացվում։

Լավ էր ստացվում նաև ազգային բանակի կազմավորման գործում, որի հաջողությունների մասին համոզիչ կերպով վկայում էր 1993թ. ողջ կամպանիան՝ ապրիլին Քելբաջարի և հուլիսին Աղդամի գրավումից մինչև սեպտեմբեր-հոկտեմբերին Իրանի սահման դուրս գալը։ Ռազմական գործին տիրապետելու լավ օգնականներից էր գեներալ Անատոլի Վլադիմիրովիչ Զինևիչը՝ իմ հասակակիցը։ Նա ծնվել է Ուկրաինայում, ծառայել Հեռավոր Արևելքում, ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան և ԽՍՀՄ Զինված ուժերի  ղեկավար կազմի ակադեմիական դասընթացները, հինգ տարի կռվել է Աֆղանստանում։ 1992թ. կեսերին նրան հրավիրեցին Հայաստան որպես ռազմական հարցերով խորհրդական։ Նա եկավ Ղարաբաղ, տեսավ, թե ինչ է կատարվում այնտեղ և սկսեց օգնել ղարաբաղցիներին կանոնավոր բանակ ստեղծել։

1993թ. նոյեմբերի 9-ին Անատոլի Վլադիմիրովիչն իմ հյուրն էր, և ես նրանից շատ հետաքրքիր բաներ իմացա։ Երբ նա Ստեփանակերտ է մեկնում, ամենուրեք անկումային և մռայլ տրամադրություն էր. ադրբեջանցիները հենց նոր զավթել էին ԼՂՀ հյուսիսը։ Բանակ, այդ բառի իսկական իմաստով, ղարաբաղցիները չունեին, թեև Շուշիի և Լաչինի ազատագրման հաջող գործողություններն էին վարել։ Երկու հարյուրյակ պարտիզանական ջոկատներ կային։ Ահա դրանցից էլ Զինևիչը Սերժիկ Սարգսյանի և Սամվել Բաբայանի հետ ստեղծեց բանակ՝ մոտ 15-20 հազար մարտիկներով։ Այդ մարտիկները հակառակորդի 36 ինքնաթիռ են խփել։ Նման բան լեռնային պայմաններում առաջին անգամ էր պատահում։ Հաջող էր գործում հրետանին, Ղարաբաղում սկսեց ստացվել այն, ինչը չէր ստացվում Աֆղանստանում։ Բանակը դարձավ այն մարդկանց հայրենասիրության դաստիարակման միջոց, ովքեր մինչ այդ ի վիճակի էին պաշտպանել միայն իրենց տունը, լավագույն դեպքում՝ գյուղը, բայց ոչ երկիրը, և չէին դիմադրում, երբ զոհվում էր հարևանը՝ մտածելով, որ այդ ճակատագիրն իրենց չի սպասում։ Հիմա բոլորովին այլ էր։ Ղարաբաղն ունի ազգային բանակ։ Ղարաբաղցիների և մնացած հայերի մեջ նույնպես աճեց հայրենասիրության զգացումը։

Ղարաբաղյան բանակի ռազմավարությունը պարզ է։ Սկզբում գրավեցին Մուրովդաղի լեռնանցքն ու Քելբաջարը։ Հետո հարկավոր էր հետ մղել ազերիական «Գրադ»-ների (արդիականացված «Կատյուշաներն» են) և «Հիացինտ»-ների (162 միլիմետրանոց հաուբիցներ խոզի պես ճղավող արկով՝ նախապես մտածված նեյտրոնայինի փոխարեն) դիրքերը համապատասխանաբար 20 և 35 կիլոմետր. այդքան է նրանց հարվածի հեռահարությունը։ Պետք էր, և արեցին։ Վերադարձրին Սարսանգի ՀԷԿ-ը, իսկ դրա հետ միասին՝ Ստեփանակերտի լույսը։ Վերադարձրին տասնյակ գյուղեր։ Գրավեցին գերակա բարձունքները։

Բայց վերջին հարձակումը հարավում նույնիսկ հարձակում էլ չէր։ Դա ադրբեջանական բանակի քայքայման արդյունքն էր, որը փախուստի դիմեց առաջին իսկ կրակոցներից հետո։ Անատոլի Վլադիմիրովիչը մտածում էր, որ Ռոբերտ Քոչարյանը և նրան աջակցող Լևոն Տեր-Պետրոսյանն այնքան խելք կունենան, որ ժամանակին կանգ առնեն ու բանակցությունների ճանապարհով երաշխավորված խաղաղությամբ փոխանակեն վերցված տարածքների մի մասը։ Այսպես էլ եղավ. հեռուն չգնացին, փոխանակությանը պատրաստ են։ Չկա միայն Բաքվի խելամիտ պատասխան ռեակցիան։ Ավելի վատ. որոշ ժամանակ անցավ, և պրն Ալիևը, երազելով ռևանշի մասին, սկսեց մտմտալ. տարածքային հավակնություններ չներկայացնի՞ արդյոք հենց Հայաստանին։

Ինձ շատ դուր եկավ գեներալ Զինևիչը, և մենք հետո նրա հետ դեռ շատ անգամներ հանդիպեցինք։ Մասնակցելով ղարաբաղյան գործերին՝ ես չէի մոռանում այն մասին, թե ինչ է կատարվում մեզ մոտ, որտեղ պատրաստվում էին ընտրությունների։ Հենց այդ ժամանակ էլ վերաբերմունքս վերանայեցի գայդարյան տիպի դեմոկրատների հանդեպ, որոնք որդեգրել էին սեփական ժողովրդին խաբելու քաղաքականությունը։ Ժամանակին նման խաբեություն էի համարում գորբաչովյան սահմանադրական բարեփոխումը և նույնիսկ հեռուստատեսությամբ այդ մասին բանավիճել եմ իրավունքի դոկտորներ Վենգերովի և Բարաբաշկինի հետ։ Ընտրական համակարգում, որը հորինել էին նախևառաջ «վիբոռոսներն» ու էլի ոմանք դեմոկրատական ճամբարի այլ խմբակցություններից, ես տեսա ընտրողին հիմարացնելու հրեշավոր փորձ կիսահամամասնական և կիսամեծամասնական համակարգով, որը տառացիորեն թույլ էր տալիս ամեն տեսակ թափթփուկների խցկվել Դումա, ինչն էլ տեղի ունեցավ 1993, 1995 և 2000թթ. խորհրդարանական ընտրություններում։ Ինչպես կարելի էր չիմանալ, որ համամասնական համակարգը հսկայական, չկայացած բազմակուսակցականությամբ երկրի համար նշանակում էր անարդարություններ և շեղումներ բնակչության ներկայացուցչության մեջ։ Հավանաբար, գայդարականները հույս ունեին, որ հենց իրենք կշահեն այդ հնարքից։ Եվ չստացվեց։ Չստացվեց նաև այն պատճառով, որ չի կարող հաղթել այն շարժումը, որը ղեկավարում էր մեկը, որը թալանել էր սեփական ժողովրդին, և իր արտաքինով էլ հեչ նման չէր լիդերի։ Չի կարող և վերջ, որքան էլ նրան գովես զանգվածային լրատվամիջոցներում։ Դրա համար էլ պարտվեցին 1993, իսկ հետո՝ 1995 և 2000թթ.։ Բայց գլխավորը պարտությունը չէ, այլ ստի, խաբեության, խորամանկության վրա արված հաշվարկը։ Դե, իրենք իրենց էլ խաբեցին։ Իսկ ես ավելի ու ավելի էի հեռանում նրանցից։

Մինչ մենք Ջալիլովի հետ զրուցում էինք ՎՉ-ով, Հեյդար Ալիևը հյուսում էր իր ինտրիգը։ Դեռ հոկտեմբերի 26-ին նա ՄԱԿ ԱԽ հերթական նախագահի անունով նամակ ուղարկեց, որում հայտարարեց «հայկական զինվորականության հանցագործությունների» մասին և պահանջեց արտահերթ Անվտանգության խորհուրդ գումարել, որը պետք է դատապարտեր Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության «ուղղակի ագրեսիան» և Հայաստանի դեմ կիրառեր «գործուն ռազմական, քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ»: Ադրբեջանի խնդրանքին աջակցեցին Թուրքիան և Իրանը։

Ես, իմանալով այս մասին, հոկտեմբերի 30-ին գրեցի Մոսկվա այն մասին, որ հերթական սադրանքը կազմակերպած ադրբեջանցիներին հակահարված տալով, ինչը նրանց համար նոր տարածքների կորուստ նշանակեց, ԼՂՀ-ն հոկտեմբերի 27-ին կանգնեցրեց իր զորքերի առաջխաղացումը և պատրաստակամություն հայտնեց բանակցություններ վարել Ադրբեջանի իշխանությունների հետ։ Իսկ ինչ վերաբերում է ՄԱԿ ԱԽ-ին, ապա այն, մինչ այժմ լուրջ աջակցություն չցուցաբերելով նման բանակցություններին, պատասխանատվություն է կրում իրավիճակի անկայունության համար։ Հավանաբար, ինչ-որ մեկին ձեռնտու չէ խաղաղության ռեալիստական փնտրտուքը, որն սկսվել է Ռուսաստանի միջնորդությամբ։ Բայց այլ ճանապարհը արյունահեղության շարունակումն է։

Այս պայմաններում, գրում էի ես, Ռուսաստանի պարտքն է ՄԱԿ ԱԽ-ին դրդել, որ ոչ միայն չմտածված որոշումներ չկայացնի, այլև, ընդհակառակը, առանց երկիմաստ ակնարկների աջակցի ուղղակի բանակցությունների գծին։ Մեր շահերին կհամապատասխաներ միայն այնպիսի դիրքորոշումը, որն ի վիճակի կլիներ խոչընդոտել հակամարտության շրջան նախկին Միության սահմաններից դուրս գտնվող ցանկացած ուժ ուղարկելուն։ Այդ նպատակով ճիշտ կլիներ կիրառել նաև վետոյի իրավունքը, եթե դրա կարիքն զգացվեր։ Միջազգային միջամտության այլ զարգացումը կարող է աղետալի լինել Անդրկովկասում մեր ներկայության համար։

Չնայած այն բանին, որ ղարաբաղյան գործերով լրջորեն զբաղվում էր Մինսկի խումբը, որը նոյեմբերի 2-8-ը Վիեննայում անցկացրեց հերթական «ոչ պաշտոնական» հանդիպումը, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նոյեմբերի 11-ին ընդունեց N844 բանաձևը։ Այդ թուղթը նախորդներից տարբերվում էր միայն նրանով, որ պահանջում էր «միակողմանիորեն դուրս բերել օկուպացիոն ուժերը Զանգելանի շրջանից և Հորադիզ քաղաքից», ինչպես նաև «Ադրբեջանի Հանրապետության՝ վերջերս օկուպացված շրջաններից», և այդ ամենը՝ հիմա արդեն «Անվտանգության խորհրդի... բանաձևերի իրականացման անհետաձգելի միջոցների նորացված օրակարգին» համապատասխան՝ դրանում 1993թ. նոյեմբերի 2-8-ը Վիեննայում Մինսկի խմբի խորհրդակցության մտցրած ուղղումներով։ ԼՂՀ-ն նախկինի պես գոյություն չուներ ՄԱԿ ԱԽ-ի համար, և իր բազում իմաստուն որոշումների արձագանքը դեռ սպասում էր «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի» ինչ-որ հայերից։ Արձագանքը նույնն էր, ինչ և մինչ այդ։ Կարճ այն կարելի է ձևակերպել այսպես. «Շատ շնորհակալ ենք ձեզ, բայց ԼՂՀ ճակատագիրը դուք իզուր եք կանխորոշում, դա ձեր գործը չէ»: Թխելով պայքարող Ղարաբաղի նկատմամբ իր, ըստ էության, անիմաստ և անարդարացի բանաձևերը՝ ՄԱԿ ԱԽ-ը չզլացավ չնկատել ադրբեջանական կողմում հայտնված աֆղան մոջահեդների մեծ խումբը։ Ոչ թե պարզապես հայտնվելը, այլ մարտերին մասնակցությունը։ Իհարկե, այդ, ինչպես և ուկրաինացի և ռուս վարձկանները երջանկություն չբերեցին ադրբեջանցիներին, բայց և այդ ավազակներն ու նրանց բաքվեցի վարձողներն էլ միջազգային դատապարտման չարժանացան։ Իսկ ի՞նչ էր դա, եթե ոչ՝ «բեսպրեդելի» խրախուսում։ Միայն 1994թ. հունվարին ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսի ճնշմամբ Քաբուլից պահանջեց հետ կանչել իր մոջահեդներին Ադրբեջանից։ Սա պետդեպարտամենտն էր, բայց ոչ ՄԱԿ ԱԽ-ը։ Նման ինչ-որ բան արե՞լ է արդյոք Ռուսաստանի կառավարությունը՝ ես տեղյակ չեմ։ Ավելի շուտ՝ չի արել։ Եվ ԵԱՀԽ-ն՝ հանձին Մինսկի խմբի, մշակելով իր «օրակարգերը», նույնպես մշտապես տուրք էր տալիս Ադրբեջանին, որն առաջ էր քաշում ղարաբաղցիների համար անընդունելի պայմաններ նույնիսկ հերթական խայտառակ պարտությունից հետո, որ կրում էին ադրբեջանցի զինվորականները ղարաբաղցիներից։

Իրեն լավ կողմով չցուցադրեց նաև Մոսկվան։ Ոչ միայն վարձկանների հարցում։ Նոյեմբերին Կոզիրևի դիվանագիտությունն այնպիսի աննախադեպ վիժում ունեցավ, որի մասին արժե մանրամասն պատմել։

 

ԲԻՇՔԵԿԸ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՐՏԱԴՐՈՒՄ

Հրադադրի լրջագույն քայլ ձեռնարկվեց Բիշքեկում, մայիսի 5-ին, ԱՊՀ երկրների խորհրդարանականների հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ, նույն ինքը՝ ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի նախագահ Վլադիմիր Շումեյկոն սկզբունքային հայտարարություն արեց. «առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը հակամարտության կողմ ճանաչելու չի կարելի վերացնել այդ հակամարտությունը»: Սա դուր չեկավ ադրբեջանական պատվիրակությանը, և նրա ղեկավար, մեզ արդեն հայտնի Աֆիյատդին Ջալիլովը սկզբում չստորագրեց մայիսի 5-ի Բիշքեկյան արձանագրությունը, որն ամբողջովին պաշտպանում էր Գրաչովի՝ փետրվարի 18-ի արձանագրությունը, որն ադրբեջանցիները, ինչպես հիշում ենք, ստորագրեցին, իսկ երկու օր անց հրաժարվեցին։ Բայց մայիսի 9-ին, Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Ռասուլ Գուլիևի հետ, և սա նրան տեղեկացրել է, որ Ադրբեջանը նույնպես ստորագրել է Բիշքեկի արձանագրությունը։ Ընդ որում՝ առաջ քաշված «լրացումները» ԳԽ նախագահն էական չէր համարում։ Բիշքեկի արձանագրությունը սահմանեց հրադադարի ամսաթիվը՝ մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը։ Կրակագծերում համեմատական դադար հաստատվեց։ Գեներալ Զինևիչը ձեռք էր առնում. այնտեղ հիմա այնպես է լինում, որ ցերեկը կռվում են, իսկ գիշերը միասին խորոված ուտում։ Պատերազմն ասես ճոճանակ լինի. մեկ մի կողմ է թեքվում, մեկ՝ մյուս։ Ափսոս, որ շատ մարդիկ են զոհվում, հաճախ՝ իզուր տեղը։ Վերջապես ճոճանակը թեքվեց խաղաղության կողմը։ Իհարկե, զինադադարն արդյունավետ դարձավ ոչ թե մայիսի 9-ից, այլ 12-ից։ Այն ձևակերպվեց Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի նամակով, որը մայիսի 11-ի ամսաթվով հասցեագրված էր Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին և Ռուսաստանի նախագահի ներկայացուցչին։ Մայիսի 17-ին Մոսկվայում ստորագրվեց մանրամասն «Պայմանավորվածություն» փետրվարի 18-ի արձանագրության իրականացման կարգի մասին։ Դրա տակ նույն ստորագրություններն էին, ինչ և հենց արձանագրության տակ։

Այս անգամ զինադադարն իրականություն դարձավ, ընդ որում՝ լրջորեն և երկար ժամանակով, ի մեծ բարեբախտություն խրամատներում զոհվող մարտիկների ու թիկունքում նրանց հարազատների և մտերիմների։ Հաշտեցման հեռանկարներ երևացին։ Դիվանագիտական աշխատանքի նոր փուլ սկսվեց։

Յան Էլիասոնը և նրա տեղակալ Մոսբերգը հավանություն տվեցին զինադադարին։ 1993թ. «նախաձեռնությունների» գծով Կազիմիրովի ամերիկյան գործընկեր Ջ.Մարեսկան բացահայտ դժգոհություն հայտնեց Ռուսաստանի միջնորդական ջանքերի ակտիվացման առիթով և պաշտպանեց Միացյալ Նահանգների կողմից առաջ քաշված՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման այն հայեցակարգի օգտին, որի իրագործմամբ Ղարաբաղը կմնար Ադրբեջանի կազմում, հասկանալի է՝ «ազատ միության հիման վրա» (ա՛յ քեզ ազատություն)։ Այս ամենի մասին նա գրեց «Քրիսչան սայընս մոնիթոր» թերթում 1994թ. հունիսին։ Սա նշանակում էր, որ մոտ ժամանակներս հակամարտությունը խաղաղ չէր ավարտվելու առանց տարածաշրջանի համար կողմնակի տերությունների միջամտության. ամեն կերպ ջուր են պղտորելու և պաշտպանելու են Բաքվի՝ պատմականորեն, քաղաքականապես և իրավաբանորեն չարդարացված և անիրավաչափ պահանջները։ Կարգավորումը խափանելու միջոցներից մեկը դարձան ԵԱՀԽ ընդերքից դուրս եկած «պլանները», որոնք, չգիտես ինչու, մշտապես ուղղված էին ազերիներին բավարարելուն, բայց անընդունելի էին ղարաբաղցիների համար, որոնք չէին կարող համաձայնել իրենց զորքերը դուրս բերելու հետ՝ առանց դրանք բաժանարար ուժերով փոխարինելու և անվտանգության գոտի ստեղծելու։ Հայերը նրանց լիովին աջակցում էին այս հարցում։

Մայիսի 27-ին ես եղա Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ Ելցինի շնորհավորանքներով 1918թ. հռչակված Հայաստանի Հանրապետության տարեդարձի առիթով։ Նախագահն ինձ հետ զրուցեց կարգավորման այն պլանի մանրամասների մասին, որը հայկական կողմն առաջարկել էր Կազիմիրովին և որը սկզբում նրա կողմից չէր ընդունվել։ Նա, իհարկե, հետո հասկացավ, որ առանց բաժանարար ուժերի հայերը, ինչպես և ղարաբաղցիները, ոչինչ չեն ստորագրի։ «Ինձ թվում է,- ասաց Լևոն Հակոբովիչը,- որ և՛ Էլիասոնին, և՛ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Քոլինզին հաջողվել է համոզել, որ առանց բաժանարար ուժերի խաղաղությունն ընդհանրապես անհնար է։ Բայց նրանք շարունակում են մանևրել։ Իսկ ադրբեջանցիներն օգտվեցին երկու՝ Ռուսաստանի և ԵԱՀԽ պլանների առկայությունից և երկուսն էլ խափանեցին։ Ի դեպ, ֆրանսիական կողմը երկու պլանների խափանման գործում կշտամբեց նաև Էլիասոնին։ Եվ այս ամենը՝ նրա համար, որ և՛ ԱՄՆ-ը, և՛ Արևմտյան Եվրոպան ոչ մի դեպքում չեն ուզում, որ հակամարտության գոտի մտնեն հենց ռուսական բաժանարար խաղաղարար ուժերը, և դրա համար մշտապես համաձայնում են Ադրբեջանի հետ, որը նույնպես դա չի ուզում։ Նրանք ամեն ինչում համաձայնում են նաև Թուրքիայի հետ, որն ինքն է ձգտում խաղաղարարության՝ գոնե դիտորդի կարգավիճակով։ Քոլինզին և Էլիասոնին այդ մասին նույնպես ասվել էր. թող չերազեն, Թուրքիան հակամարտության ուղղակի մասնակից է»:

Հունիսի 5-ին Կազիմիրովը, որ հասցրել էր լինել Բաքվում, եկավ դեսպանատուն և Հայաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ հանկարծ որոշեց տեղեկացնել ինձ բանակցային գործընթացի որոշ ասպեկտների մասին։

Նրա համոզմամբ՝ ամերիկացիները խանգարում են պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Նրանք կարգավորման գործում տեղում դոփելը գերադասում են Ռուսաստանի հաջողությանը, քանի որ չեն ուզում, որ նրա ազդեցությունն ուժեղանա Անդրկովկասում (այս դիտարկումը հաստատվեց Մարեսկայի հրապարակային արտահայտություններով, որոնց մասին ես արդեն հիշատակել եմ)։

Ադրբեջանցիներն անընդհատ ինչ-որ ապատեղեկատվությամբ են սնվում ղարաբաղցիներին օգնության եկող ռուսական զորքերի ինչ-որ տեղաշարժերի մասին։ Այս անգամ ոչ այլ ոք, քան խորհրդարանի խոսնակ Ռ.Գուլիևն էր Հ.Ալիևի մոտ դուրս տվել, թե իբր Ախալցխայից (Վրաստան) Գյումրի է շարժվում ռուսական մի գունդ՝ Քելբաջար անցնելու համար։ Ինքը՝ Կազիմիրովը, Բաքվում նրանց ասել էր, որ նման բան լինել չի կարող։ Զանգահարել է գեներալ Ալեքսեյ Տրետյակովին։ Վերջինը հաստատել է, որ ադրբեջանցիները հիմարություն են դուրս տալիս։ Ադրբեջանցիներն արդեն թեքվում են դեպի ղարաբաղցիներին հակամարտության կողմ ճանաչելուն, բայց նրանք խստացնում են իրենց դիրքը Լաչինի և Շուշվա ուղղությամբ՝ պահանջելով անպայման վերադարձնել դրանք։

Լևոն Տեր-Պետրոսյանի հետ զրույցից հետո, որը վերաբերում էր բացառապես «Մեծ համաձայնության» տարբեր նախագծերի շուրջ աշխատանքի մարտավարությանը, Կազիմիրովը կրկին ինձ տեղյակ պահեց՝ հավաստիացնելով, որ խաղաղարար գործողություններն ավելի լավ է սկսել բաժանարար ուժեր մտցնելով, իսկ հետո արդեն այնտեղ թողնել դիտորդների, որպեսզի դիտելու բան լինի։ Այս դիրքորոշումն ինձ ևս առավել բանիմացը թվաց։

Հայաստանի նախագահն այլ կարծիքի էր. սկզբում դիտորդներ, հետո՝ զորքերը դուրս բերելու և բաժանարար ուժեր մտցնելու երկրորդ փուլ։ Սա նա ասել էր ոչ միայն Կազիմիրովին, այլ նաև Գրաչովին, որը Երևանում էր հունիսի 8-9-ին։ Ընդ որում՝ Տեր-Պետրոսյանն ընդգծում էր. ադրբեջանցիները պահանջվող տարածքները կստանան միայն բաժանարար ուժերի առկայության դեպքում։ Բնականաբար՝ ռուսական։

Գրաչովը հավաստիացրեց Տեր-Պետրոսյանին, որ մտադիր չէ հրաժարվել իր «պլանից», որում ղարաբաղցիները պատշաճ տեղ են զբաղեցնում որպես իրապես մարտնչող կողմ։ Հուլիսի 28-ին Վահան Փափազյանը և Ժիրայր Լիպարիտյանը ԱԳՆ-ում տեղեկացրին դիվանագիտական կորպուսին նոր փաստաթղթի մասին, որն ամրագրում էր հակամարտող կողմերի մտադրությունը՝ մայիսի 12-ին հաստատված հրադադարի ռեժիմը շարունակելու մասին և Մեծ քաղաքական համաձայնության հասնելու քաղաքականություն որդեգրել։ Պ.Ս. Գրաչովին, Ա.Վ. Կոզիրևին, Վ.Ն. Կազիմիրովին և Յան Էլիասոնին հասցեագրված փաստաթուղթը ստորագրել էին. հուլիսի 26-ին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ.Մամեդովը, հուլիսի 27-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Ս.Սարգսյանը և Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար Ս.Բաբայանը։

Օգոստոսին Մեծ քաղաքական համաձայնության մասին բանակցությունները Ռուսաստանի միջնորդությամբ շարունակվում էին։ Շարունակվում են առայսօր. ես այս տողերը գրում եմ 1997թ. ամռանը։ Դե, ուրեմն, թող շարունակվեն։ Միայն թե զինադադարը պահպանվի, և ղարաբաղցիներին հաջողվում էր դիմակայել ԵԱՀԽ չինովնիկների թելադրանքին, և գլխավորը՝ մեծ տերությունների կոպիտ ճնշմանը, որոնցից ոմանք հանուն իրենց շահերի, ինչպես, ասենք, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, ոմանք էլ հիմարաբար, զոհելով իրենց դիրքերն Անդրկովկասում, ինչպես Ռուսաստանը, փորձում են Ղարաբաղը ծախել ազերի-թուրքերին կասպյան նավթի դիմաց։

Հրադադարը Ղարաբաղում 1994թ. գլխավոր իրադարձությունն էր ոչ միայն իմ ղարաբաղցի և հայաստանցի բարեկամների, այլ նաև ինձ համար, քանի որ ես անկեղծորեն համակրում էի և համակրում եմ ազերիա-թուրքական վտանգից Արցախի արդարացի ազատագրման գործին։

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am