ՀՐԱՏԱՐԿՉԻ ԿՈՂՄԻՑ | Ազգային գաղափար
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հրատարակչի կողմից

Ապրիլ 2008, N 1

ՀՐԱՏԱՐԿՉԻ ԿՈՂՄԻՑ

Արտյոմ Խաչատրյան

Անցյալ տարեվերջին ես հիմնեցի Քաղաքական հետազոտությունների կենտրոն առևտրային ընկերությունը, որի նախագծերից մեկը «Ազգային գաղափար» ամսագիրն է: Ուրախ եմ, որ երկարատև չարչարանքներից հետո առաջին համարը ներկայացվում է հասարակայնության դատին և հույս ունեմ, որ նրանից համարժեք արձագանք կստանանք:
Կենտրոնն ստեղծեցի որպես երկրի քաղաքական մտքի աշխուժացման միջոց: Հենց աշխուժացման միջոց, որովհետև այն, սկզբունքորեն, մեռած է անաքրոնիզմների և երկրի քաղաքական իրականության համընդհանուր առևտրայնացման հետևանքով: Հասկանալի է, այն պետությունում, ուր քաղաքական միտքը սկզբունքորեն բացակայում է, չեն կարող լինել համաձայնություն ու կարգուկանոն, բարեկեցություն ու անդորր, քանի որ ցանկացած վակուում լցվելու միտում ունի, իսկ մեր պարագայում այն լցվում է ոչ այլ ինչով, եթե ոչ` միայն անառողջ տարրերով` հեռու ինչպես մտքից, այնպես էլ ընդհանրապես ողջամտությունից: Երբ երկրի իշխող կոալիցիոն կուսակցությունները գաղափարախոսություն են հռչակում «բարգավաճումը» և «օրինականությունը»` այն դեպքում, երբ իրականում դրանք ընդամենը բարի ցանկություններ են (որոնցով, ինչպես հայտնի է, անցնում է ճանապարհը դեպի դժոխք, ինչն արդեն տագնապալի է), որ ընդհանուր ոչինչ չունեն քաղաքական գաղափարախոսության և ընդհանրապես գաղափարի հետ, ապա, բնականաբար, կգտնվեն մարդիկ, որոնց կհաջողվի քաղաքական գործընթաց քարշ տալ ինչպես հարյուրամյա վաղեմության անաքրոնիզմներ, որոնք խիստ վտանգավոր են հասարակության և պետության համար, այնպես էլ խիստ ծայրահեղական հոսանքներ` պատված արևմտյան դասական գաղափարախոսությունների թաղանթով: Կարծում եմ` կարիք չկա ապացուցել ասվածը, թեև հաշվարկս դրա ապրիորի ընդունումը չէ: Համոզված եմ` սթափ դատողություն և անխափան հասկացական ապարատ ունեցող յուրաքանչյուր ոք կհասկանա ինձ կես խոսքից: Ինչ վերաբերում է բորբոքված երևակայությամբ և փոքր¬ինչ «առանձնահատուկ» աշխարհզգացողությամբ քաղաքացիներին, ապա նրանց ինչ¬որ բան համոզելն անիմաստ է, քանի որ դա ժամանակի և ուժերի զուր վատնում է:
Խոսելով քաղաքական մտքի կործանման մասին` մենք չենք կարող սահմանափակվել միայն այդ տխուր փաստն արձանագրելով: Պետք է ինչ¬որ բան անել, իսկ սկզբի համար անհրաժեշտ է գոնե պարզել իրերի այսօրինակ թշվառ վիճակի պատճառները: Այս կապակցությամբ մի քանի նկատառումներ արտահայտեմ:
Առաջին. Հայաստանի քաղաքական պատմությունն ընդհատվել է միջնադարում, և հարյուրամյակներ շարունակ հայերը գոյատևել են օտար (իսկ երբեմն էլ` խորթ) պետականության պայմաններում: Բնական է, որ նման պայմաններում քաղաքական մտքի զարգացումը ևս կորցնում է բոլոր խթանները, քանի որ լավագույն դեպքում սեփական պետականություն չունեցող ժողովուրդն ի վիճակի է ստեղծել զուտ մշակութային արժեքներ: Միայն Ռուսաստանի հետ միանալուց հետո ի հայտ եկան Լուսավորության առաջին փայլատակումները, և արդեն 19-րդ դարում Արևելյան Հայաստանում սկսեց սկզբնավորվել հայ մտավորականությունը, վերածնվել քաղաքային կյանքը:
Երկրորդ. հայերը քաղաքակրթական պատկանելությամբ արևելյան քրիստոնյաներ են: Դա ենթադրում է հանրային գիտակցության մեջ երկճյուղման առկայությունը, որը ազգի հելլենականացման և քրիստոնեացման արդյունքն է: Արևելաքրիստոնեական ժողովուրդներին բնորոշ գիծը, որի վրա կուզեի ուշադրություն դարձնել, այն է, որ նրանցից շատ քչերին է մինչ օրս, արդեն 21-րդ դարում, հաջողվել հասնել իսկական պետության ստեղծման: Ո'չ Ռուսաստանն իր հավերժական և անթիվ հիմնախնդիրներով, ո'չ Վրաստանը, ո'չ Ուկրաինան կամ Սերբիան` իրենց անլուծելի հակասություններով (ի հավելումն` նաև տարածքային հիմնախնդիրները) անհնար է դասել կայացած պետությունների շարքը. հավերժական դեգերումների, տառապանքների (իսկ երբեմն և ջղակծկումների) մեջ նրանք դարեր շարունակ փորձում են կարգի գցել իրենց պետականությունը և ձեռք բերել, վերջապես, ներքին անդորր: Ինչպես տեսնում ենք, մինչ օրս քչերին է դա հաջողվում1:
Երրորդ. երբ խոսում ենք երկճյուղման մասին, պետք է ենթադրել հայ ինքնության հակադրությունների (արևմտյան և արևելյան) առկայություն: Սակայն ասիական տերությունների երկարատև տիրապետությունը, այնուամենայնիվ, հանգեցրեց նրան, որ քաղաքական մտքի և ազգային ինքնագիտակցության զարթոնքի պահին, որ արտահայտվեց 19-րդ դարի երկրորդ կեսի ազգային-ազատագրական պայքարով, հայ ինքնության մեջ սկսեց գերիշխել արևելյան սկզբունքը: Այդ պայքարի գաղափարախոսները (Րաֆֆի, Խրիմյան, Արծրունի և այլք), որ նաև ժամանակակից հայ նացիոնալիզմի նախահայրերն են, մեղմ ասած, սակավակիրթ, արևմտյան արժեքներից և քաղաքական մտքից հեռու մարդիկ էին: Հետևաբար, անկախ Հայաստանի (որն իրականություն դարձավ 1918թ.) ինքնիշխանության և ապագա քաղաքական  իրականության համար պայքարն ընթացավ մի փոքր այլ ճանապարհով, որի արդյունքը դարձան բոլորովին էլ ոչ ժողովրդավարությունը, քաղաքացիական կացությունը, քաղաքական և տնտեսական իրավահավասարությունը կամ էլ բնականոն սոցիալական հանրակեցությունը, այլ «խմբապետությունը», ամենաթողությունը, բռնությունը, կոռուպցիան և շատ այլ բաներ, որոնք այնքան բնորոշ են արևելաասիական պետություններին:
Չորրորդ. հայկական նացիոնալիզմը, ինչպես և այլ ժողովուրդների նացիոնալիզմը, գարշելի բան է, սակայն առանձնապես տարբերվում է նրանով, որ վիթխարի վնաս է հասցնում բացառապես սեփական ժողովրդին և ոչ ուրիշ որևէ մեկին, ի տարբերություն այլ ժողովուրդների նացիոնալիզմի, որոնց մոտ այն գոնե նպաստում է (այս կամ այն չափով) ազգի և պետության կայացմանը, ինչպես նաև երբեմն վնասում արտաքին թշնամիներին: Հայերի նացիոնալիզմն իռացիոնալ է, բացատրության և մեկնաբանության ոչ ենթակա: Անկախության շրջանի տիպիկ նացիոնալիստներ են Ղարաբաղյան պատերազմի հերոսները` Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Ո՞րն էր նրանց բերած օգուտը պատերազմի ժամանակ, և ինչպիսի՞ն եղավ վնասը խաղաղ օրերում նրանց «կենսագործունեությունից». հանրային կարծիքն այս հարցի պատասխանի մեջ գրեթե համերաշխ է (թեև մի փոքր քողարկված ձևով): Անկասկած, գեներալ Մանվել Գրիգորյանը, որ 2008թ. հետընտրական ճգնաժամի ժամանակ անցավ այսպես կոչված «ժողովրդի» կողմը, եղել է և կա իսկական նացիոնալիստ և հայրենասեր. նա արտասովոր քաջություն է հանդես բերել մարտական գործողություններում, իր վրա կրել ադրբեջանական գերության ողջ ծանրությունը և չի ընկճվել ոգով, սակայն հենց խաղաղ ժամանակներ եկան, գեներալն անմիջապես փոխակերպվեց (ավելի ճիշտ` վերադարձավ իր բնական վիճակին), և նրա պատանդը դարձավ մի ամբողջ շրջանի բնակչությունը: Միանշանակ կարելի է հայտարարել, որ նա խաղաղ պայմաններում պակաս հայ ճակատագրեր չի կործանել, քան պատերազմական ժամանակներում` ադրբեջանական: Հարցը հետևյալն է. Պե՞տք էր արդյոք (և ո՞ւմ), որ Մանվել Գրիգորյանը սխրագործություն կատարեր մարտադաշտում, որի տրամաբանական շարունակությունն անպայման դառնում են բռնարարքները սեփական ժողովրդի հանդեպ: Կարծում եմ` ոչ, և այստեղ է հայոց պետականության ճակատագրի ողջ ողբերգականությունը:
Այստեղ մենք տեսնում ենք 1918-20թթ. իրականության հայելային արտացոլումը, երբ առաջին հաղթանակներից անմիջապես հետո ազգային հերոսները տարերային աղետ դարձան ժողովրդի համար: Ես հոդվածներիցս մեկում Մանվել Գրիգորյանին անվանել էի մեր օրերի Դրաստամատ Կանայան (Դրո), իսկ հայկական նացիոնալիզմի և Առաջին հանրապետության պատմության խորագիտակ իմ մի մտերիմն ասաց ինձ մոտավորապես հետևյալը. «Բախտդ բերել է, որ Մանվելն անգրագետ է, այլապես կգնդակահարեր քեզ»: Իմ տարակուսանքին ի պատասխան` նա հայտարարեց. «Որևէ մեկին Դրոյի հետ համեմատելն անպատվություն է մարդու համար, իսկ Մանվելը նրա համեմատ իսկական հրեշտակ է»: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են...
Բայց սա արդեն տագնապալի ազդակ է: Այսպես, Մարքսը, վերաձևակերպելով Հեգելին Լուի Բոնապարտին նվիրված հոդվածում, գրում էր, որ պատմությունը երկու անգամ է կրկնվում. մի անգամ` ողբերգության, երկրորդ անգամ` ֆարսի ձևով: Սակայն ավելի համոզիչ է թվում հենց Հեգելի միտքը, ով, անշուշտ, ավելի խոր ու սրաթափանց մտածող էր: «Պատմության փիլիսոփայությունում», խորհելով «մարդկանց կարծիքի մեջ հաստատվելու» համար պատմության կրկնության անհրաժեշտության մասին, նա գրում է հետևյալը. «... Նապոլեոնը հաղթվեց երկու անգամ, և Բուրբոններն արտաքսվեցին երկու անգամ: Շնորհիվ այն բանի կրկնության, որ թվում էր ընդամենը պատահական և հնարավոր, այն դառնում է իրականություն և հաստատված փաստ»2: Այսպիսով, եթե հնարավոր էլ էր 1918-20թթ. սխալները (որոնք իրականում ավելի վատ են, քան հանցագործությունները) վերագրել, ասենք, անփորձությանը, քաղաքական ավանդույթների բացակայությանը և այլն կամ էլ վկայակոչել պատահականությունը և հնարավորությունը, ապա այն բանից հետո, երբ այդ ամենը կրկնվեց երկրորդ անգամ, մենք արդեն պարտավոր ենք դա համարել օբյեկտիվ իրականություն: Մի խոսքով, եթե մարդն ի վիճակի է իրականությունը տեսնել այնպես, ինչպես այն կա իրականում, և ոչ թե այնպես, ինչպես կուզենար տեսնել իր երևակայության մեջ, ապա նրա առաջին գործը պետք է լինի ներողամտություն չցուցաբերել ինչպես այդ անընդունելի (մեղմ ասած) իրականությունն ստեղծած գործիչների կերպարի, այնպես էլ նրանց արարքների հետևանքների նկատմամբ, այլապես ոչ մի երաշխիք չի լինի կրկնվելուց: Մինչ օրս հավուր պատշաճի պատմական գնահատական չի տրվել Ալեքսանդրապոլի պայմանագրին` ստորագրված դաշնակցականների կողմից, իշխանությունը բոլշևիկներին հանձնելուց երեք օր հետո, ոչ մի օբյեկտիվ գնահատական չի տրվել նաև դաշնակցականների 1921թ. փետրվարյան խռովությանը, որոնց շնորհիվ գործնականում անվերադարձ կործանվեց Ռուսական կայսրությունից ժառանգած 60-70 հազար քառ.կմ տարածքը: Չանել դա այսուհետ, զբաղվել ինքնախաբեությամբ և շարունակել հիմարացնել մի ողջ ազգի` նշանակում է նպաստել նման ազգային ողբերգությունների կրկնմանը: Վերջերս տեղի ունեցած «ժողովրդի ապստամբությունը» սեփական պետության դեմ (ես կարծում եմ, որ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գործողություններն ուղղված էին պետության, և ոչ թե ռեժիմի հիմքերի խարխլմանը, ինչպես ընդունված է կարծել) իրականության գիտակցված խեղաթյուրման և նրա օբյեկտիվ ըմբռնման հրաժարման ուղղակի հետևանքն է:
Հինգերորդ. ԽՍՀՄ փլուզման պահից սկսվեց և մինչև օրս Հայաստանում վերելք է ապրում մի գործընթաց, որն իր վտանգավորության աստիճանով ես ավելի բարձր կդնեի ամեն տեսակ տնտեսական, աշխարհաքաղաքական և այլ աղետներից: Խոսքը հասարակության քրոնիկական երկպառակտման մասին է, որը բնորոշ է ասիական ժողովուրդներին և օբյեկտիվ իրականություն է դարձել մեր երկրում: Այսօր ինձ համար արդեն ակնհայտ է, որ երկպառակտության մակարդակով Հայաստանը կարող է համեմատվել Աֆղանստանի, Պակիստանի, Իրաքի և այլ անկայուն ասիական պետությունների հետ, իսկ տարբերությունը միայն քաղաքացիական դիմակայության մեթոդների և միջոցների մեջ է: Փառք Աստծո, կառավարությանը հաջողվում է գոնե ինչ-որ կերպ իրավիճակը վերահսկել և գործը չհասցնել զինված հակամարտության, սակայն այդ հանգամանքը, իմ կարծիքով, չի փոխում երևույթի էությունը:
Հասարակության համընդհանուր երկպառակտությունն սկսվում և թափ է հավաքում այն ժամանակ, երբ ժողովրդի յուրաքանչյուր հատված իրեն իրավունք է վերապահում ժողովուրդ անվանվել: Դա առաջին հերթին նշանակում է հասարակության որոշ հատվածների համընդհանուր փոխադարձ թշնամանք: Ահավասիկ քաղաքացիների մի խումբ ամեն օր զբաղվում է քաղաքական ապուշության հատուկ մի ձևով, որի անունն է «քաղաքական զբոսանքներ»: Ոստիկանությունը նրանց ցրում է, իսկ այնուհետև մենք կարդում ենք այսպես կոչված «ընդդիմադիր» մամուլում այն մասին, թե ինչպես «ժողովրդին» ցրեցին, ինչպես նրան ծեծեցին և ինչ անմարդկային ու ոչ ժողովրդավարական ձևով նրա հետ վարվեցին: Մինչ այդ մարդկանց ավելի մեծաթիվ մի խումբ (բնականաբար, նախապես իրեն «ժողովուրդ» անվանելով) զավթել էր Թատերական հրապարակը, «ֆյուրեր» էր կարգել բացառապես կուլտային և հակազգային մի անձի և նրան երկրի նախագահ էր հռչակել, դե, իսկ ամբողջ գործն ավարտվեց պայթյունով և սովորական ալան-թալանով: Այսպիսով, Հայաստանում մշակութային և քաղաքական զարգացման ներկա փուլում մենք տեսնում ենք գլոբալ պառակտման գործընթաց, որն անխուսափելիորեն կհանգեցնի պետականության կորստի, եթե երկրի նոր նախագահն անհրաժեշտ միջոցների համալիր չձեռնարկի, որոնք անհրաժեշտ են այս պահին, քանի որ բոլորին է հայտնի, որ պետությունը կործանվում է այն ժամանակ, երբ մի ժողովրդի կազմում հանկարծ հայտնվում է քվազիժողովուրդների բազմություն: Աֆղանստանի և Իրաքի օրինակները, որոնք մի ժամանակ միատարր և միասնական էին, իսկ այսօր` կոտրված և պառակտված, մեզ պետք է ինչ-որ բան հուշեն, և մենք պարտավոր ենք նկատել տագնապալի հայտանիշները: Քանի որ ճիշտ այնպես, ինչպես Իրաքի շիաները չեն ճանաչում սուննիներին և հենց իրենց են «ժողովուրդ» համարում (և հակառակը), այդպես էլ մեզ մոտ է. այստեղ «ժողովուրդ» է բացառապես Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածը, իսկ ո՞վ են այդ դեպքում երկրի մնացած քաղաքացիները. այս հարցին նախկին նախագահը տվել է հստակ, միանշանակ պատասխան3: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի հակառակորդներին, ապա նրանց հակակրանքը հակառակորդ ճամբարի նկատմամբ, փառք Աստծո, այնքան էլ ռազմաշունչ չէ, սակայն ամեն դեպքում դա չի փոխում խնդրի էությունը: Հասկանալի է, էական տարբերություն կա արևելյան քրիստոնյաների և արաբ մահմեդականների միջև. միանշանակ կարելի է ասել, որ հայերն ամենօրյա ահաբեկչություն չեն իրականացնի Երևանում, բայց դրա փոխարեն նրանք կդիմեն սեփական պետությունը ոչնչացնելու մեկ այլ, ավելի հնարամիտ ու արդյունավետ ձևի: 1920թ. փորձը նրանց լիուլի բավական է, էլ չենք խոսում Տեր-Պետրոսյանի գործոնի մասին:
Սակայն այս գործընթացի արմատները նկատելի են եղել միշտ, հատկապես նացիոնալիստական հոսանքների միջավայրում, ուր չորս քաղաքացի կարող են պարզապես ազգային հերոս հայտարարել հինգերորդին, իսկ դրանից մինչև իրենք իրենց ազգ հռչակելը մնում է կես քայլ: Ահա դաշնակցական առաջնորդը, իրեն հատուկ մեծահոգությամբ, հայտարարում է, որ «Դրոն ոչ միայն մեր հերոսն է, այլև ամբողջ ազգի հերոսը»: Փաստորեն, նա Դրոյին կիսում է մեզ հետ և, պետք է ընդունել, դա արժանի կլիներ երախտապարտության, եթե չլիներ մի փոքրիկ, բայց էական հանգամանք. Հայաստանի ողջամիտ քաղաքացիները չեն ուզում ազգային կուռքերի պանթեոնում ունենալ գոնե  խմբապետի ու նացիստական լեգեոնականի (եթե այլևս ճար չկա ընդհանրապես ազատվելու կուռքերից և նրանց պանթեոնից): Այսպիսով, դաշնակցական հերոսներն են բուն ազգային հերոսները, եթե նույնիսկ երբեմն նրանք խիստ կասկածելի դեմքեր են: Այստեղից դժվար չէ կռահել, որ դաշնակցական հիմնը (քանի որ դաշնակցական է) որևէ այլընտրանք ունենալ չի կարող, բացի ազգային հիմն դառնալուց: Երկրապահները նույնպես իսկական հերոսներ են, եթե անգամ իրենց կալվածքներում վերակենդանացնում են վաղ միջնադարը: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին և նրա լիբերալ արծիվներին, ապա նրանց բախտն անհամեմատ ավելի շատ է բանել. հերոսականությունից բացի, այսուհետ նրանք խղճի և պատվի գերու բարձր կարգավիճակում են, չնայած այն բանին, որ նրանց լիբերալ քաղաքական գործունեության հետևանքը հիմնականում ջարդարարությունն էր ու թալանը, իսկ կատաղի ակտիվությանը հաջորդում է «ժողովրդի փարախավորումը» Թատերական հրապարակի շրջանում:
Վեցերորդ. այս ամիս մենք հիացմունքից շնչահեղձ կլինենք Սարդարապատի հաղթանակի 90 ամյակի առիթով: Անձամբ ես դեմ չեմ հաղթական հոբելյանները նշելուն. իհարկե, դրանք պետք է նշել, հնարավորության դեպքում` նաև մեծ ծավալով, բայց դրանով հանդերձ չպետք է մոռանալ պարտությունների մասին և երկու տարի հետո հարկ կլինի, որ նույն թափով նշենք 1920թ. աղետալի իրադարձությունների 90 ամյակը, քանի որ պատմության համար պարտությունները հավասարազոր են հաղթանակներին: Անհրաժեշտ է վերջապես հասկանալ, որ մեր ինքնությունը, մեր այսօրվա տեսակը ոչ այլ ինչ է, քան մեր (հազվադեպ) հաղթանակների և (անթիվ) պարտությունների արտադրանքը: Հետևաբար, ամաչելով պարտություններից և թաքցնելով դրանք (չգիտես ումից)` մենք դրանով իսկ ամաչում ենք ինքներս մեզնից, բայց տարօրինակն այն է, որ միևնույն ժամանակ մեզ համարում ենք մի ինչ-որ բացառիկ հանրույթ` համընդհանուր հիացմունքի արժանի: Դե, եթե մենք իսկապես ինչ-որ հիասքանչ և բացառիկ երևույթ ենք, ինչը մեր պարտությունների (ինչպես և հաղթանակների) ուղղակի հետևանքն է, ապա իմաստ ունի՞ արդյոք զբաղվել ինքնախաբեությամբ, լռել ակնհայտի մասին և դրա շնորհիվ ծաղրի առարկա դառնալ օտարերկրացիների ու ողջամիտ հայրենակիցների առջև: Դժվա՞ր է արդյոք հասկանալ, որ մենք այսօր չէինք լինի այսքան հիասքանչ ու բացառիկ, եթե մեր պատմության մեջ չունենայինք այդ պարտությունները: Նման վերաբերմունքը սեփական անցյալին` ժողովրդի թուլության և զարգացման էական ներուժի բացակայության նշան է, քանի որ ուժեղ ժողովուրդներն այլ կերպ են վարվում: Օրինակ, ֆրանսիացիները գրեթե անտեսեցին ամենամեծ ազգային հաղթանակի` Աուստերլիցի ճակատամարտի, Ֆրանսիայի գոյության ողջ պատմության ընթացքում ֆրանսիական զենքի ամենափայլուն հաղթանակի հոբելյանը, որը լայնորեն նշվեց ողջ Եվրոպայում 2005թ., այն դեպքում, երբ առանձնահատուկ շուքով մասնակցեցին... ազգային աղետի` Տրաֆալգարյան պարտության հանդիսություններին, ընդ որում` ֆրանսիական կառավարությունը տոնակատարություններին նույնիսկ ուղարկեց երկրի ՌԾՈՒ միակ ավիակիրը: Ահա, թե ինչ բան է ուժեղ և մեծ ժողովուրդը: Ժողովուրդ, որը չի վախենում սեփական պատմությունից և չի գողանում այն ուրիշներից, չի ամաչում իր անցյալից և չի վախենում նայել ճշմարտության աչքերին, չի խուսափում իրականությունից և ընդունում է այն, քանի որ ըմբռնում է մի պարզունակ ճշմարտություն. իրականությունից հեռանալ` նշանակում է ընկնել պատրանքների և անուրջների աշխարհ, իսկ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ կամավոր հրաժարում ռեալ կյանքից: Կարծում եմ, որ ռեալ կյանքը նախընտրելի է ամենաշքեղ դամբարանից, ներառյալ Թութանհամոնինը, այնպես որ ժամանակն է, որ մենք էլ հասկանանք այս այբբենական ճշմարտությունը, ազատվենք ստերեոտիպերից, նախապաշարմունքներից և սկսենք հաճույք ստանալ կյանքից, ինչպես և մոլորակի բոլոր զարգացած քաղաքակիրթ ժողովուրդները:
Սակայն այսօր մենք բոլորովին այլ բան ենք անում: Օրինակ, անկախության հռչակման պահից նոր պաշտոնական գաղափարախոսությունը չափից ավելի ջանաց բոլշևիկյան շրջանի մեկնաբանության հարցում, ընդ որում` դա արվեց պատմական իրականության և դրա մեկնության խեղաթյուրման միջոցով: Օրինակի համար, հանրային գիտակցության մեջ տիրում է հայերի նկատմամբ բոլշևիկների (ավելի ճիշտ` ռուսների) թշնամական և դավաճանական վերաբերմունքի մասին կարծիքը, ինչի պատճառով Հայաստանն իբր զրկվեց Կարսից և էլի շատ բաներից: Ասում են, իբր, Լենինը Աթաթուրքին է ծախել մեր հողերը և այլն, և այլն: Իմ կարծիքով, դա կատարյալ անհեթեթություն է, քանի որ հայկական ինչ-որ հող վաճառել Լենինը չէր կարող անգամ ամենամեծ ցանկության դեպքում` դրանց բացակայության պատճառով. դաշնակցականները կամավոր, Ալեքսանդրապոլի պայմանագրի համաձայն, ճանաչեցին 10 հազար քառ. կմ տարածք ունեցող Հայաստան, առանց սեփական զինված ուժեր ունենալու իրավունքի, իսկ երկաթգծի վերահսկողությունը հանձնեցին թուրքական կողմին: Նման եզրակացություններ լսելը միշտ տհաճ է, քանի որ նախ` չեն համապատասխանում իրականությանը, իսկ դա արդեն անազնիվ է և անարդար, երկրորդ` վնասում են մեզ, քանի որ բթացնում են գիտակցությունը և կտրում իրականությունից: Այսպիսով, պատմության անհաճո պահերն ուրիշների վրա գցելը ամենահեշտն է, ինչ կարելի է անել, բայց միևնույն ժամանակ` ամենավտանգավորը ազգի և պետության համար, քանի որ ոչնչացնում է ժողովրդի պատասխանատվությունն ինքն իր հանդեպ և խթանում է այլատյացություն, քանզի իր բոլոր խնդիրների մեջ ժողովուրդը դրսում է մեղավոր տեսնում: Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդի մեջ այլ հակվածություն է առաջանում. դրսում մեղավոր չգտնելով` նա անպայման նրան գտնում է իր մեջ: Սա էլ հենց լավագույն բացատրությունն է Ղարաբաղի և բուն Հայաստանի հայերի միջև Տեր-Պետրոսյանի խրած սեպին:
Յոթերորդ. հայ մտածող հասարակայնության բնորոշ  առանձնահատկություններից մեկը ծայրահեղ պասիվությունն է: Դա ափսոսանք է առաջացնում, քանի որ ըստ էության դա հասարակության ամենաառողջ հատվածն է, որն ի վիճակի կլիներ շատ բանի, եթե չլիներ նրա տոտալ պասիվությունը: Ես բոլորովին նկատի չունեմ քաղաքական գործունեությամբ ակտիվ զբաղվելը, այլ ընդամենը տարրական ցանկություն` տեր կանգնել իրենց համոզմունքներին և պաշտպանել դրանք: Նման վերաբերմունքն իրենց  և իրականության հանդեպ, որպես հետևանք, խրախուսում է ագրեսիվ փոքրամասնությանը, իսկ այդ ամենի արդյունք է դառնում փոքրամասնության կողմից իրենց համոզմունքների և շահերի պարտադրումը պասիվ մեծամասնությանը: Պետական հիմնի հետ կապված պատմությունը խիստ հատկանշական է այս առումով. ողջ երկրով մեկ անհնար է գտնել գեթ մի ողջամիտ մարդ, որին զզվանք չպատճառի ներկայիս հիմնը: Ավելին, նույնիսկ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր պաշտպանում հիմնը փոխելու գաղափարը: Սակայն բացարձակ փոքրամասնությունը, հանձինս դաշնակցականների և նրանց հարող ուժերի, ձախողեց առողջ նախաձեռնությունը` մահվան գնով պաշտպանելով իր համոզմունքները, իսկ նրանց հետ վեճի բռնվել ոչ ոք չցանկացավ (քաղաքական շրջանակներում արմատավորված կարծիք կա, որ դաշնակցականների հետ ավելի լավ է գլուխ չդնել և համաձայնել նրանց հետ, անգամ հիմնի և շատ այլ բաների գնով, այլապես նրանք ընդունակ են մեծ գլխացավանք առաջ բերել արտասահմանում): Արդյունքում` երկիրը մինչ օրս ապրում է խայտառակ և իրեն խորթ հիմնով, որի մեղեդին նվագում են իտալական գավառական «վետերոկներում» (քանի որ դա բոլորովին էլ հայկական մեղեդի չէ, այլ իտալական է): Իսկ խոսքերը գրվել են իտալացի աղջկա պատվին և ոչ թե հատուկ` ինքնիշխան պետության հիմնի համար: Մտածող հասարակայնության այդ նույն պասիվությունը կարող էր թանկ նստել Հայաստանի վրա մի երկու ամիս առաջ, երբ «ժողովուրդը» վերցրեց հրապարակը, իսկ պանծալի գեներալները որոշեցին պետական հեղաշրջում իրականացնել: Ոչ ոք հրապարակավ իր դիրքորոշումը չարտահայտեց, ոչ ոք չասաց Տեր-Պետրոսյանին. «Լևո'ն, դու բոլորովին էլ ազգային առաջնորդ չես, և դու երկրի նախագահ չես ընտրվել, դու ընդամենը ձայների քո երեք տոկոսն ես հավաքել, իսկ մնացածն առել ես քո «լիբերալ» զինակիցների փողերով ու ռեսուրսներով: Բարի' եղիր, ազատի'ր հրապարակը և թող մարդկանց` գնան իրենց տները»: Համոզված եմ. եթե փետրվարի վերջին մենք տեսնեինք մտավորականության վառ արտահայտված քաղաքացիական դիրքորոշումը, ապա Թատերական հրապարակը չէր օկուպացվի և, հետևաբար, չէին լինի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն ու այն լուրջ ճգնաժամը, որի մեջ այսօր հայտնվել է երկիրը:
Հայաստանում ագրեսիվ փոքրամասնությունը միշտ ի զորու կլինի իր կամքը թելադրել և այն պարտադրել մեծամասնությանը, քանի դեռ նա չի գիտակցի, որ ոչ մի ողբերգություն էլ չի պատահի, եթե պաշտպանի իր համոզմունքներն ու շահերը: Այսօր իր կամքն է փորձում թելադրել Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածը, և հարկ է ընդունել, որ դա նրան հաջողվում է: Ռեպրեսիաները քիչ բանի են ընդունակ, եթե անգամ իրականացվում են իրավունքի շրջանակներում: Հետևաբար, անհրաժեշտ է արթնացնել մեծամասնությանը և, գուցե, երբևէ փոքրամասնությունների բոլոր տարատեսակները վերջապես կհասկանան, որ թե' դեմոկրատական, թե' նացիոնալիստական կամ «սոցիալիստական» հիստերիայով ուղեկցվող ագրեսիան գործնականում անիմաստ է, քանի որ նրա առջև անսասան մի պատ է, որն անհնար կլինի քանդել:

Այսպիսին են մոտավորապես հայ քաղաքական իրականությունը բնորոշող առանձնահատկությունները, որոնք, մեր կարծիքով, դեռ սաղմնային վիճակում ոչնչացնում են կենդանի միտքը և, հետևաբար, դրական զարգացման սաղմերը: Ի՞նչ է մեզ պակասում, ի՞նչը կարող էր էական ճշգրտումներ մտցնել այդ իրականության մեջ, ի՞նչը կարող է միավորել ազգը և դառնալ համընդհանուր շահի արտահայտիչը` դրանով իսկ դնելով նոր իրականության նախագծման սկիզբը, որտեղ բոլորը կունենան հավասար հնարավորություններ և իրավունքներ ինչպես մասնավոր շահերի առաջմղման, այնպես էլ սեփական համոզմունքները պաշտպանելու գործում: Կարծում ենք, որ նման խնդիրը կարող է հաղթահարել ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԸ:
Ազգային գաղափարը, իմ կարծիքով, ազգի ծրագրային փաստաթուղթ է, որը միավորում է ազգին, սահմանում նրա զարգացումը տասնամյակների համար և արտահայտում համընդհանուր շահը: Ոչ հեռավոր անցյալում հայերն ուներին ազգային գաղափարի նման մի բան (կամ նրա նախատիպը)` Ղարաբաղ և անկախ միացյալ պետություն: Այդ գաղափարին հավասար չափով ծառայում էին երկրի բոլոր քաղաքական շարժումները` և' իշխող կոմունիստական կուսակցությունը, և' անցած հարյուրամյակի 90-ականների սահմանագծին հայտնված նոր քաղաքական կազմակերպությունները: Բնական է, որ նրանցից յուրաքանչյուրն ուներ հիմնախնդրի լուծման իր տեսակետը, սակայն միասնություն կար գլխավորում. ազգային գաղափարի իրագործման անհրաժեշտության գիտակցման մեջ: Այսօր կարելի է ասել, որ ազգային գաղափարի նախատիպը, որ ժամանակին ազգը մի միասնական բռունցք էր դարձել, գործնականում իրագործվել է. անկախ պետականությունը իրականություն է, իսկ Ղարաբաղը` դե ֆակտո վերամիավորված: Գաղափարը սպառեց իրեն, և ձևավորվեց մտքի վակուում, իսկ հետո տեղի ունեցավ այն, ինչ ունենք այսօր:
Բացի համընդհանուր շահն արտահայտելուց և ազգի միասնության երաշխիք լինելուց` ազգային գաղափարը նաև քաղաքական գաղափարախոսությունների աղբյուր է: Իմ և այլոց կողմից քանիցս մեղադրանք է ներկայացվել երկրի առաջատար քաղաքական կուսակցություններին գաղափարախոսության բացակայության և դրանց ինքնատիպ առևտրային կազմակերպությունների վերածման վերաբե-րյալ: Սակայն այսօր ես հասկանում եմ, որ այդ մեղադրանքները միանգամայն անհիմն էին, և նրանցից ոչ ոք` ո'չ Գագիկ Ծառուկյանի, ո'չ Արթուր Բաղդասարյանի ճամբարից, չառարկեց. «Տղե'րք, ի՞նչ ախմախություն եք դուրս տալիս: Որտեղի՞ց վերցնենք քաղաքական գաղափարախոսություն, երբ ազգային գաղափար գոյություն չունի: Որտեղի՞ց դուրս բերենք այն: Մենք ի՞նչ կապ ունենք, եթե բողոքներով պետք է դիմել ազգին»: Ի՞նչ կասեին ի պատասխան նման անկեղծության Քոչարյանի ռեժիմի ամենամոլի հակառակորդները: Կարծում եմ` լավագույն դեպքում կթոթվեին ուսերը և կգնային իրենց գործին...
Ազգային գաղափարը մեր ըմբռնմամբ չի կարող լինել մեկ անհատի կամ էլ քաղաքական կազմակերպության գործունեության արդյունք: Նրա ստեղծումը երկրի մտածող հասարակայնության` մտավորականության առաքելությունն է: Հիշեցնենք, որ Ղարաբաղյան շարժումը կյանքի կոչվեց ոչ թե Կենտրոնական կոմիտեի կամ կառավարության միջանցքներում, այլ մտավորականության միջավայում: Եվ դա այնպիսի ուժ դարձավ, որ նրա հետ հաշվի չնստելն անհնար էր, քանի որ գաղափարն անկեղծ էր, ճշմարիտ ու արդար: Մեր համոզմունքն այն է, որ այսօր ևս, եթե հայերին վիճակված է ինչ-որ կերպ նորից ծնունդ տալ համընդհանուր գաղափարին և այն դարձնել ազգի ծրագրային փաստաթուղթը, ապա դա կարող է անել (և պետք է անի) միայն մտավորականությունը: Իսկ պետական իշխանության խնդիրը, եթե նա խոհեմ  է, միայն մեկն է. չխանգարել գաղափարի ծնվելուն և նրա զարգացմանն իրականության մեջ, եթե այդ իշխանությունը հանկարծ հնարավոր չհամարի իր ուղղակի մասնակցությունն այդ գլոբալ գործընթացին:
Մեր ամսագրի էջերում մենք մտադիր ենք լայն բանավեճ ծավալել քննարկված բոլոր հարցերի (ինչպես և ամսագրի թեմատիկային անմիջականորեն առնչվող բազում այլ հարցերի) շուրջ, և հանձին մեզ` ամբիոն կունենա ցանկացած ոք, ով գիտե ինչ և ինչպես ասել, անկախ իր քաղաքական և գաղափարական հակումներից: Մենք դեմ կգնանք մեր էությանը, մեր տեսակին, կփշրենք մեր կյանքը փչացնող ստերեոտիպերն ու նախապաշարմունքները: Իրերը կանվանենք իրենց, այլ ոչ թե օտար անուններով: Կփորձենք հրահրել ներքին երկխոսություն. այս փոքր, բայց իրականում մեծ ճոխությունը, որն իրականություն էր դեռ անտիկ ժամանակներում, մինչ օրս մեզ մոտ գալ դեռ չի բարեհաճել: Նշանակում է` մենք պետք է սովորենք դիտել մեզ, մեր թերություններն ու արատները կողքից, ինքներս քննադատենք դրանք, իսկ եթե պետք է` ծաղրել և պարսավել: Մենք ինքներս պետք է մեզ դարձնենք ամենախայթիչ սարկազմի առարկա, այլապես դա կանեն ուրիշները, ինչն անհամեմատ ավելի ցավոտ կլինի: Այնպես որ, այդ երջանկությունն ուրիշներին չպետք է պարգևել և ավելի լավ է ինքներս անենք դա: Ֆրանսիացիները չվերացան, երբ հայտնվեց Ֆրանսուա դը Լարոշֆուկոն, ինչպես և անգլիացիները Բեռնարդ Շոուից հետո. Ընդհակառակը, նրանք ավելի ամրացան` իրենց կողքից դիտելով և իրենք իրենց պարսավելով սեփական թերությունների համար: Մենք էլ պետք է անցնենք այդ ճանապարհով, քանի որ դա այլընտրանք չունի, եթե անգամ շատերին դուր չգա, լինեն նրանք հերոսներ կամ էլ Տեր-Պետրոսյանի «լիբերալ զինակիցներ»: Ինչպես ասում են, ավելի լավ է ուշ, քան երբեք: Ցավով պետք է նշել, որ ներքին երկխոսության հարցում մենք հետ ենք մնում անգամ վրացիներից, էլ չենք ասում ռուսների մասին, բայց դա կշտկվի: Համոզված ենք՝ դա անընդունելի է ազգի համար, որը պատրաստվում է շարունակել ապրել և համաշխարհային ասպարեզում պահել իր միակ համեստ, բայց միևնույն ժամանակ կենսականորեն անհրաժեշտ նվաճումը:
Հուսով եմ, կարողացա հակիրճ ներկայացնել մեր նախագիծը: Հրավիրում եմ երկրի բոլոր մտածող քաղաքացիներին դառնալ «Ազգային գաղափարի» հեղինակներ և երաշխավորում եմ, որ «Հայաստանի հասարակական մտքի ամբիոն» արտահայտությունն ամենևին էլ շապիկի դեկորացիա չէ, այլ իմաստավորված սկզբունք, և յուրաքանչյուր ոք ամսագրի էջերում ասպարեզ կգտնի սեփական միտքն արտահայտելու և համաքաղաքացիների հետ կառուցողական-քննադատական երկխոսության համար:

 

Share    


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am