Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Նոյեմբեր 2010, N 10

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ԼԵՎՈՆԻ, ԼԻՍԱԲՈՆԻ, ԱՍՏԱՆԱՅԻ ԵՎ ԽԱԲՎԱԾ ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(նյութի մշտական հասցեն՝ http://nationalidea.am/publications.php-id=5644&l=A)

23.11.2010

Վերջին օրերին մեր հանրապետության մամուլում և հեռուստատեսությամբ բուռն քննարկումներ են ծավալվել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների, դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ ընդունելու շուրջ: Սակայն այդ հարցերի առնչությամբ արվող վերլուծությունները, որպես կանոն, չեն դիտարկվում ՀՀ-ում ընթացող ներքին զարգացումների, մասնավորապես՝ ս.թ. նոյեմբերի 9-ի հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունների ֆոնին: Հատկապես նկատի ունենալով նրա այն հայտարարությունը, թե «նժդեհական, ցեղապաշտական կամ ցեղակրոնական գաղափարախոսությունը ոչ այլ ինչ է, քան ռասիզմ»:

Ուստի, Տեր-Պետրոսյանի այդ ձևակերպմանն անդրադառնալուց առաջ նախ պետք է գնահատական տալ նրա ելույթին ամբողջությամբ, որպեսզի ավելի պարզ դառնա, թե որոնք էին ցեղակրոնական գաղափարախոսությունն այդ աստիճան խեղաթյուրելու բուն պատճառներն ու նպատակները:

Եվ այսպես. ինչի՞ մասին էր Տեր-Պետրոսյանի քարոզը և ո՞ւմ էր այն հասցեագրված: Հանրահավաքի նրա խոսքը բացառապես հասցեագրված էր Ռուսաստանի Դաշնությանը, ԱՄՆ-ին, Եվրամիությանը և էքսկլյուզիվ իրավունքով՝ Թուրքիային ու Ադրբեջանին:

Ընթերցողը կարող է տարակուսել. չէ՞ որ նրա ելույթում բառ անգամ չկա Ռուսաստանի վերաբերյալ: Եվ այդ դիտարկումը միանգամայն ճիշտ է: Սակայն ելույթում թաքնված ճիզվիտություններից մեկն էլ հենց այստեղ է:

Տեր-Պետրոսյանի կողմից Ռուսաստանի անունը չհիշատակելն ամենևին պատահական չէ: Այսպես. հանրահավաքից մի քանի օր հետո «Ա1+»-ի հյուրն էր ՀԱԿ-ին անդամակցած հիմնական կուսակցություններից մեկի առաջնորդը, որն ասես խնդիր ուներ անպայման շեշտել, որ Տեր-Պետրոսյանն ընդգծված ռուսամետ քաղաքական գործիչ է, իրեն հակառակ: Բանախոսը եթերում խոստովանեց, որ ինքը դավանում է արևմտամետ կողմնորոշումներ, հանգամանք, որն, իբր, Տեր-Պետրոսյանի հետ իր սկզբունքային միակ տարաձայնությունն է:

Դրան հաջորդեց Ռուսաստանի հեղինակավոր REGNUM տեղեկատվական գործակալությունում Տեր-Պետրոսյանի ռուսամետ լինելու մասին հոդվածը, որտեղ ուղղակիորեն ընդգծվաց է. «Դատելով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից, Լևոն Զուրաբյանի Մոսկվա կատարած այցերից, ռուսաստանյան մամուլի հրապարակումներից՝ կարելի է պնդել, որ ՀԱԿ-ը միանգամայն ռուսամետ կազմակերպություն է: Տեր-Պետրոսյանն ասում էր, որ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանալիները Ռուսաստանում են, որ Հայաստանի անվտանգության համակարգը պետք է ինտեգրված լինի Ռուսաստանի հետ»:

Հարց է ծագում. արդ, ինչպիսի՞ մեծ շահագրգռություն պետք է լիներ, որպեսզի Տեր-Պետրոսյանը, որը հանրահավաքային նախորդ ելույթում ռուսաց թագավորներին հավասարեցրեց Օսմանյան կայսրության արյունարբու սուլթաններին, և որի անմիջական վերահսկողության ներքո գտնվող թերթերն օրնիբուն հակառուսական քարոզչությամբ, ռուսատյացությամբ են զբաղված, ներկայացվեր որպես ռուսամետ քաղաքական գործիչ:

Կրկին անդրադառնալով նոյեմբերի 9-ի հանրահավաքի ելույթին՝ նշենք, որ Տեր-Պետրոսյանը, չհիշատակելով ՌԴ-ն, անտարակույս, իր համար նահանջի տեղ է թողել, այն է՝ քաղաքական որոշակի զարգացումների պարագայում հաջողությամբ կարող է արդարանալ, թե ինչու չի տալիս Ռուսաստանի անունը: Իրեն հատուկ ցինիկությամբ Տեր-Պետրոսյանը, կասկածից վեր է, կարդարանա, ասելով (իհարկե, եթե դրսից պահանջեն), որ երբ հարցը վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ապա Ռուսաստանին ապավինելն անիմաստ է, քանզի ՌԴ-ն էլ այդ ոլորտներում անելիքներ շատ ունի:

Այստեղ կարևոր է պարզել, այնուամենայնիվ, ի՞նչ դրդապատճառներից ելնելով Տեր-Պետրոսյանը նույնացրեց նժդեհականությունը և ռասիզմը: Հիշենք, որ ԼՂՀ հիմնահարցի կարգավորման գործում մեր երկրի դիվանագիտության անվիճելի կռվաններից է հիմնահարցի ծագման բուն դրդապատճառների բացահայտումը, դրդապատճառներ, որոնք միջազգային իրավունքի տեսակետից, անշուշտ, դրա անաչառ և անկողմնակալ կիրառման պարագայում, Հայաստանին հնարավորություն են ընձեռում անխոցելի դարձնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հիմնավորումները:

Իր ելույթում Տեր-Պետրոսյանն իշխանություններին մեղադրելով ռասիզմ դավանելու մեջ՝ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում խարխլում է հայկական կողմի այն զորեղ հիմնավորումները, որ արցախյան ազատագրական պայքարը եղել է արցախահայության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների իրականացրած ռասիզմի, ռասայական խտրականության քաղաքականության դեմ ուղղված ընդվզում: Ավելին՝ ՀՀ իշխող կուսակցությանը մեղադրելով ռասիզմի մեջ՝ նա անգնահատելի ծառայություն է մատուցում թե՛ Ադրբեջանին և թե՛ նրա շահերը միջազգային ատյաններում լոբբինգի ենթարկող ուժերին, հատկապես 1915-1923թթ. Հայոց ցեղասպանություն իրագործած Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիային:

Մեր երկրի դեմ վերջիններիս փաստարկն այսուհետ հիմնվելու է այն դրույթի վրա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը չի կարելի դիտարկել, բնորոշել որպես ռասիզմի դեմ պայքար: Քանի որ նրանք, վկայակոչելով Տեր-Պետրոսյանին, կարող են հայտարարել, որ ռասիստական գաղափարախոսություն դավանող Հայաստանի Հանրապետությունը չի կարող, և անտրամաբանական է, մեղադրել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ռասայական խտրականության քաղաքականություն իրագործելու համար:

Ցավոք, այս պարագայում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում հայ դիվանագիտության համար արդեն խիստ դժվար կլինի գտնել «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին»  1965թ. դեկտեմբերի 21-ին ընդունված և 1969թ. հունվարի 4-ին ուժի մեջ մտած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոնվենցիայի պահանջների կատարմանն ուղղված հիմնավորումներ: Կարծում եմ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առաջիկա զարգացումներին ընդառաջ էր Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցվել ռասիզմի մեջ ՀՀ իշխանություններին ամբաստանումը:

Եվ միանգամայն սպասելի էր, որ դրանից շտապեցին օգտվել նոյեմբերի 19-20-ը Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կազմակերպիչներից ոմանք, որոնք «21-րդ դարի ընդհանուր մարտահրավերների համատեղ դիտարկում»  փաստաթղթում փորձ էին արել նշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հռչակված երեք սկզբունքներից միայն մեկը: Ավա՜ղ, խոսքն ամենևին էլ ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին չէր, խոսվում էր միայն հակամարտող կողմերի տարածքային ամբողջականության վերաբերյալ:

Ինչևէ. արդեն իսկ ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի ելույթն ուժի միջազգային կենտրոնների կողմից ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ իրականացվող համակարգված քաղաքականության մեջ ճնշման շատ կարևոր մի նոր գործոն դարձավ:

Անդրադառնալով օրերս Լիսաբոնում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովին՝ հարկ եմ համարում գնահատել դրա աշխատանքներին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի չմասնակցելու որոշումը:

Նախ հիշեցնեմ, որ 2009 և 2010թթ. G-8-ի շրջանակում անցկացվող գագաթաժողովների ժամանակ իտալական լ’Աքվիլայում և կանադական Մոսքոկում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներ Դ.Մեդվեդևը, Բ.Օբաման և Ն.Սարկոզին հանդես էին եկել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանն ուղղված համատեղ հայտարարությամբ, որտեղ հատուկ հիշատակված էին այն երեք հիմնական սկզբունքները, որոնց շրջանակում պետք է ընթանան բանակցությունները, և խնդրո առարկայի վերաբերյալ ընդունվի վերջնական պայմանագիրը:

Այդ սկզբունքներն են. ԼՂՀ-ի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, պետք է ապահովվեն տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները: Եվ հիմա հանկարծ փորձ է արվում հրապարակ բերել մի փաստաթուղթ, որում անտեսված են այդ սկզբունքներից երկուսը:

Այստեղ հարկ է վերստին հիշել, որ ս.թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական 7-րդ հանդիպման ժամանակ ընդունված համատեղ հայտարարության մեջ շեշտը դրված էր հակամարտող կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի վրա: Այդ հանդիպումն արժանացել էր պաշտոնական Վաշինգտոնի, Փարիզի և Բրյուսելի դրական գնահատականին: Այս պարագայում, ահա, Լիսաբոնյան գագաթաժողովի շրջանակում ընդունված փաստաթղթերից մեկում, ինչպես վերը հիշատակեցի, փորձ էր արվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ամրագրել այնպիսի դրույթ, որն, ըստ էության, ի չիք էր դարձնում ոչ միայն 2008թ. Մայնդորֆի, 2009թ. լ’Աքվիլայի, 2010թ. Մոսքոկի, այլև 2010թ. Աստրախանի հռչակագրերը:

Իսկ թե ինչու էր փորձ արվել ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովում ադրբեջանանպաստ ձևակերպումով փաստաթուղթ ընդունել՝ պարզից էլ պարզ է: ՆԱՏՕ-ի որոշ շրջանակներ ադրբեջանական իշխանություններին ասես թե դրանով փորձելու էին գայթակղել, հրապուրել հնարավոր այն հեռանկարներով, որոնք կբացվեն Ադրբեջանի առջև, եթե վերջինս ինտեգրվի Հյուսիսատլանտյան դաշինքին, եթե միակողմանիորեն որոշում կայացնի Ռուսաստանի տնտեսական և աշխարհաքաղաքական շահերին մրցակից NABUCCO գազատարի աջակցման օգտին: Ավելին, նրանք նաև հասկացրին, որ եթե Ռուսաստանի ջանքերը մեր տարածաշրջանում հիմնականում ուղղված են խաղաղության պահպանմանը, հակամարտող կողմերի միջև փոխվստահության հաստատմանը, ապա իրենք պատրաստակամություն են հայտնում երաշխավորել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ «հաշվի չառնելով»  անգամ G-8-ի շրջանակում նախագահներ Օբամայի և Սարկոզիի արտահայտած կարծիքը: Կարծում եմ՝ այս հարցերն առաջիկայում լուրջ ուսումնասիրության առարկա կդառնան, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների համար:

Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի՝  Լիսաբոն չմեկնելու իմ գնահատականին, ապա այդ որոշումը վերստին վկայում է ՀՀ քաղաքական իշխանությունների վստահելի գործընկեր լինելու, նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի վերը հիշատակված հռչակագրերի ոգուն բարեխղճորեն հետևելու, ինչպեսև Դ.Մեդվեդևի նախաձեռնությամբ ընդունված Մայնդորֆի ու Աստրախանի հայտարարությունների դրույթներին հավատարմության մասին:

Միաժամանակ, դա նաև զգուշացում էր, որ ս.թ. դեկտեմբերի 1-2-ին Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ գագաթաժողովում Հայաստանը կօգտվի «վետոյի», ԵԱՀԿ գագաթաժողովի կողմից փաստաթուղթ ընդունելու արգելափակման իր իրավունքից և չի ստորագրի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ փաստաթուղթ, որը չի բխի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների վերը հիշատակված համատեղ հայտարարությունից: Բնականաբար, հարկ է նկատի ունենալ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հայտնի երեք սկզբունքների կատարման երաշխավորումը. ԼՂՀ անկախության ճանաչում, անվտանգության երաշխավորում և ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջև սահմանի ապահովում: Սկզբունքներ, որոնց մասին քանիցս պաշտոնապես հայտարարել են ՀՀ նախագահը և արտգործնախարարը:

Նկատենք, որ Սերժ Սարգսյանի որոշումը՝ չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ծառայեց իր նպատակին: Այսպես. նոյեմբերի 20-ին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին՝ ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում, պատասխանել էր, որ չի պատկերացնում, թե այդ հարցի լուծման համար ինչ կարող է անել ՆԱՏՕ-ն: Ասել կուզի՝ ադրբեջանա-թուրքական լոբբինգը՝ ներքաշել ՆԱՏՕ-ն Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ոլորտ, այն էլ ադրբեջանանպաստ դիրքերից, տապալվեց:

Կարծում եմ՝ արդարացված կլինի նաև տալ որոշ պարզաբանումներ առաջիկայում ԵԱՀԿ գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ ընդունելու հնարավորության հավանականության հարցին: Այս առումով անհրաժեշտ է նշել, որ իրավամբ մեր երկիրը կանգնած է բախտորոշ լուծումներ ընդունելու շեմին: Այսօր լուրջ քննություն պետք է բռնի ՀՀ քաղաքական դասը, ներկա ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ի զորու է լրջագույն քայլ կատարել ազգային միաբանության՝ վաղուց ի վեր պահանջած ճանապարհին:

Կարծում եմ՝ առանձին բացառություններով հանդերձ, որոնց մասին արդեն իսկ ասվել է, մեր երկրի բոլոր կուսակցությունները՝ լինեն իշխանական թե ընդդիմադիր, հասարակական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը, հատկապես արևմտյան երկրների և միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող (որպեսզի թոթափեն դրսի թելադրանքով գործելու մեղադրանքը), մեր մտավորականությունը պետք է հանդես գան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող համազգային հռչակագրով: Կարծում եմ՝ այդ փաստաթուղթը կստորագրեն նաև 2008թ. մարտի 1-ի դեպքերի արդյունքում ազատազրկված Արցախյան ազատամարտի մասնակիցները, բոլոր նրանք, որոնց համար Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ թե աշխարհագրական անվանումներ են, այլ հայ ժողովրդի հազարամյակների պատմության ամենամեծ ու նշանակալի ձեռքբերումը:

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԱՆՏ

SIC TRANSIT MAFIA MUNDI…

(նյութի մշտական հասցեն՝ http://www.nrs.com/-p=4730)

05.11.2010

Բոլոր սրբերի օրվա նախօրեին Քվինսում ձերբակալեցին չորս դեռահասի, որոնցից մեկը հանգուցյալ Ջոն Գոթի-ավագի՝ լեգենդար Գամբինո մաֆիոզ կլանի պարագլխի թոռն էր։ 17-ամյա Ջոն Գոթին՝ Փիթեր Գոթիի (Գոթի-ավագի կրտսեր զավակը) որդին, սովորում է Հովարդ Բիչ շրջանի թիվ 207 քաղաքային դպրոցում։ Հոկտեմբերի 31-ի երեկոյան բարձրդասարանցիները նշում էին Հելոուինը՝ խուլիգանական սովորության համաձայն քանդելով զուգարանաթղթի գլանիկներն ու պատերը ներկելով սափրվելու քսուքով։

Ժամը 8։30-ին դպրոցի մոտ հերթապահող ոստիկանները կրակոցներ լսեցին և տեսան, թե ինչպես չորս դեռահաս հեռանում են սպիտակ, խիստ մգացված ապակիներով արտաճանապարհային Infiniti-ով։ Ոստիկանները փախչողներին վրա հասան դպրոցից երկու թաղամաս այն կողմ. ղեկին Գոթին էր, բոլոր չորսին էլ կալանեցին, և ոստիկանական տեղամասում մաֆիայի լեգենդար բոսի թոռն անմիջապես «ծակվեց»: Նա պատմեց (իսկ դա տեսագրվում էր), որ Մեթ անունով երիտասարդը հարբել էր, մտել իր ավտոմեքենան, գրպանից հանել փողային ատրճանակը և կրակ բաց արել դպրոցականների վրա, որոնք զվարճանում էին զուգարանաթղթով։ «Մեթը գիտեր, որ դրա համար ես եմ տուժելու,- ավելացրել է Ջոն Գոթի-թոռը,- և ընդհանրապես, բոլորը գիտեն՝ ով եմ ես.։

Բանն էլ հենց այն է, որ բոլորը գիտեն, թե ովքեր են Գոթիները։ Ջոնի հայրը՝ Փիթեր Գոթին, որը երբեք չի կասկածվել մաֆիոզ բարեկամների հետ հանցավոր կապի մեջ, շտապեց հայտարարել, որ Հելոուինին պատահածը «խիստ վշտացնում» է իրեն և հաստատ օրենքի հետ որդու «առաջին և վերջին» կոնֆլիկտը կլինի։ Հարգանք և պատիվ ամեն տեսակ օրինապաշտ քաղաքացիներին։ Ամոթ և խայտառակություն Գամբինո կլանի սերունդներին, կլան, որը սրբորեն պահում էր omerta-ն՝ լռության օրենքը։ Ինչպես կասեին Գամբինոների հեռավոր նախնիները լատիներենով՝ «Sic transit mafia mundi»:

Այն մասին, որ իտալական մաֆիայի փառքն ԱՄՆ-ում ավելի ու ավելի արագ է խամրում, ամենից լավ վկայում է Սալվատորե Վիտալեի՝ Բոնանո կլանի պարագլխի նախկին առաջին տեղակալի հանդեպ վերջերս կայացված դատավճիռը։ 63-ամյա Վիտալեին, որը բանտում է 2003 թվականից՝ ծանր հանցագործությունների (ներառյալ 11 սպանություն) մեղադրանքով, դատապարտեցին time served-ի։ «Շատ պարզ է,- բացատրեց Բրուքլինի դաշնային դատավոր Նիկոլաս Գարաուֆիսը՝ հոկտեմբերի 29-ին դատավճիռ կայացնելով։- Վիտալեն, հավանաբար, ամենակարևոր իրազեկիչն էր մաֆիայի դեմ մեր իրավապահ մարմինների պայքարի պատմության մեջ»:

Կապույտ կոստյումով և արծաթավուն փողկապով մեղադրյալն ուշադիր լսում էր դատավորին։ ԱՄՆ իտալական մաֆիայի հինգ ընտանիքների անդամներն անձը շոյող մականուններ ունեն` հատկապես կապված պատկառելի արտաքինի հետ։ Ջոն Գոթի-ավագին «Պճնամոլ Դոն» (Dapper Don) էին անվանում թանկարժեք կոստյումների և փողկապների ու պիջակի ծոցագրպանի համար ըստ գույնի ընտրված թաշկինակների համար։ Վինսենթ Բասիանոյի՝ Բոնանո կլանի պարագլխի մականունն էր «Սիրուն Վինի» (Gorgeous Vinny), իսկ նրա տեղակալ Սալվատորե Վիտալեին կնքել են «Համակրելի Սել» (Good Looking Sal) մականունով, թեև հիմա կարող են վերանվանել «Սուպեր Առնետ», ինչպես ամերիկյան հանցավոր շրջանակներում անվանում են մատնիչներին։ Դատավճռից հետո «Համակրելի Սելը» պետք է անցնի դաշնային մարշալների տրամադրության տակ, որոնք նրան կներառեն մեղադրանքի գծով վկաների պահպանության ծրագրում, նոր փաստաթղթեր կտան և փող` տնտեսություն հիմնելու համար, բնակության նոր վայր կընտրեն, և նա նոր կյանք կսկսի նախկին ընկերների ու թշնամիների աղմկոտ ամբոխից հեռու։ Սա բոլոր նախկին մաֆիոզիներին չէ, որ հաջողվում է։ Վիտալեից առաջ «Սուպեր Առնետ» էր համարվում նրա անվանակից Սալվատորե Գրավանոն՝ «Սեմի Եզ» մականունով, Գամբինո կլանից։ «Եզը» Ջոն Գոթի-ավագի աջ ձեռքն էր և 1991թ. ձերբակալվելուց հետո մատնեց բոսին ու կլանի բոլոր մյուս պարագլուխներին՝ 19 սպանությունների (որոնք ընդունել էր) համար գլուխն ազատելով ընդամենը հինգ տարի ազատազրկմամբ։ Հայտնվելով պահպանության ծրագրում՝ Գրավանոն ընտանիքի հետ ապրում էր Արիզոնայում, որտեղ էլ նրան գտավ Ջոն Գոթիի եղբայրը և կարգադրեց սպանել, բայց մինչ այդ «Եզին» ձերբակալել էին թմրանյութերի վաճառքի համար, և նա 19 տարի էր ստացել։ Արիզոնայի նահանգի բանտում նույնպես նրան առայժմ ձեռք չեն տվել։

«Համակրելի Սել» Վիտալեն ՀԴԲ-ի և դատախազության հետ սկսեց համագործակցել 2003թ. ձերբակալվելուց հետո և այդ ընթացքում Նյու Յորքի, Նյու Ջերսիի և այլ նահանգների, ինչպես նաև Կանադայի մաֆիայի հինգ ընտանիքների ավելի քան 500 անդամի և օգնականների է մատնել։ Նրա ցուցմունքների միջոցով ՀԴԲ-ին և դատախազությանը հաջողվեց վանդակաճաղերի ետև ուղարկել մաֆիայի 51 անդամի, որոնց մեջ էին Բոնանո ընտանիքի վերջին չորս պարագլուխները՝ ներառյալ «Սիրուն Վինի» Բասիանոն և Ջոզեֆ Մասինոն, որն ամուսնացած էր «Համակրելի Սելի» հարազատ քրոջ՝ Ջոզեֆինայի հետ և որն ամեն կերպ նրան առաջ էր մղում կլանի հիերարխիայում։

Բրուքլինի դաշնային դատարանը, միջնորդելով մարդասիրական դատավճիռ կայացնելու համար, դատավոր Գարաուֆիսին գրել էր, որ Վիտալեն «տեղեկատվություն, իսկ ըստ էության` ապացույցներ է տրամադրել ավելի քան 30 սպանության, սպանության փորձի և սպանության նպատակով դավադրությունների մասին... Նա անվանել է մարդկանց, որոնց գնդակահարել են` երբեմն սպանելով մեքենաներում, պահեստներում, նկուղներում, իրենց տների դռների առջև կամ փողոցներում»: Վիտալեի օգնությամբ ՀԴԲ գործակալները գտան «մաֆիայի գերեզմանատունը» Օզոն-փարքի շրջանում, Բրուքլինի և Քվինսի սահմանին, և հանեցին Բոնանո ընտանիքի կապիտաններ Ֆիլիպ Ջիակոնեի և Դոմինիկ Տրինչերի աճյունները. նրանք կասկածվում էին դավաճանության մեջ և վերացվեցին 1981թ. մայիսին։

Դատախազության մեկ այլ փաստաթղթում (որոնց տրցակը մեկ դյույմանոց հաստություն ունի) ճշտվում է, որ իր հանցավոր գործունեության ավելի քան երեք տասնամյակում Սել Վիտալեն առնչություն է ունեցել 23 սպանության հետ, որոնցից 11-ի մասնակիցն է եղել։ Նույն փաստաթղթում թվարկված են նրա մյուս հանցագործությունները, բայց լրագրողի համար դատավճռի 122 «հանձնարարականների» (advisory sentencing guidelines) հիմնական արժեքն այն է, որ դրանցից կարելի է հասկանալ՝ ինչու և ինչպես է «Համակրելի Սելը» դարձել «Սուպեր Առնետ»: Ինչպես կարողացավ լռության օրենքին դավաճանել մի մարդ, որին մանկուց սովորեցրել են երեք բան. լողալ, սպանել և լեզուն պահել ատամների արանքում։ «Դատավճռի հանձնարարականները» պաշտոնապես կոչվում են «5K» միջնորդություն, և «5K.1» կետում դատախազությունը դատավորին խնդրում է Վիտալեին «չափից մեծ համագործակցության» համար ազատազրկել պատիժների մասին դաշնային օրենսգրքի աղյուսակով նախատեսվածից ավելի քիչ ժամկետով։

Կոզա Նոստրայի կլաններում օծման արարողություն կա, որը մոտավորապես համապատասխանում է ռուսական «օրենքով գող» թագադրվելուն։ Մաֆիոզ ընտանիքի լիիրավ անդամին անվանում են «պատրաստի» (made), և մինչև 2002թ. Բոնանո ընտանիքը մյուս չորսից տարբերվում էր նրանով, որ նրա «պատրաստի» անդամներից և ոչ մեկն իշխանությունների հետ չի համագործակցել և, առավել ևս, դատարանում ցուցմունքներ չի տվել։ Սա հիմնականում հետևանք էր ուժեղացված զգոնության և նոր անդամների նկատմամբ անվստահության՝ այն բանից հետո, երբ 1980-ական թթ. ՀԴԲ գործակալը «ներդրվեց» Բոնանո ընտանիք և մեկ տարի անցկացրեց այնտեղ, ինչի արդյունքում երկու բոնանոյական ցմահ բանտարկության ենթարկվեցին։

1997թ. այդ գործակալի մասին նկարահանվեց «Դոնի Բրասկո» կինոնկարը, որի դերը կատարեց Ջոնի Դեփը։ «Համակրելի Սելի» դավաճանությունը կոտրեց կլանի ողնաշարը։ Երկու տարի անց Վիտալեի օրինակին հետևեց «Վերջին Դոնը»` Ջոզեֆ Մասինոն, որը մաֆիայի պատմության մեջ կլանի առաջին պարագլուխն էր, որը համագործակցեց ՀԴԲ-ի և դատախազության հետ։

Լռության օրենքից՝ «omerta»-ից հեռանալու իներցիան այնպիսի շրջադարձ է ստացել, որ ՀԴԲ-ում սկսել են կատակել, թե մաֆիոզիների մեջ իրազեկիչներն ավելի շատ են, քան մաֆիայի դեմ պայքարի բաժինների գործակալները։ Սալվատորե Վիտալեն մեծացել է Բրուքլինում և Քվինսում, մեկ տարի սովորել Սիթի քոլեջում և երկու տարի որպես պարաշյուտիստ ծառայել ԱՄՆ բանակի՝ Արևմտյան Գերմանիայի ռազմակայանում։ Զորացրվելուց հետո, քանի դեռ չէր հանդիպել մանկության ընկերոջը՝ Մասինոյին, վարել է փոստային U.P.S. բեռնատար և նույնիսկ աշխատել Նյու Յորքի նահանգի ուղղիչ հաստատությունների վարչությունում։ Հատուկ բեռնատարով՝ «դաշտային խոհանոցով» նրանք տաք սուրճ և ուտելիք էին տանում Լոնգ Այլենդի ֆաբրիկաներ և ավտոարհեստանոցներ։ Մասինոն 5 տարով մեծ էր Վիտալեից և նրա համար անառարկելի հեղինակություն էր։ Լոնգայլենդյան աշխատավորներին կերակրելուց նրանք աստիճանաբար անցան հանցագործություններին՝ զբաղվելով հրդեհումներով, տներ թալանելով, ավտոմեքենաներ գողանալով և հափշտակելով, վաշխառությամբ, դրամաշորթությամբ, ապահովագրության հետ կապված խարդախություններով, ապօրինի խաղամոլությամբ, փողերի լվացմամբ, այն ամենով, ինչն ամփոփ ռեկետ է անվանվում։ 1976թ. «ջենթլմենական այս հավաքածուին» սկսեցին ավելանալ նաև սպանությունները։ Ձերբակալությունից հետո նա ծանոթացավ մեղադրանքներին, որոնք նրան ցմահ բանտարկություն էին խոստանում, և հիշեց կյանքի ազնիվ հատվածի մասին, որը դեռ կարելի է վերադարձնել մաֆիայից հրաժարվելու գնով։

«5K» միջնորդությունը պատրաստել էին Բրուքլինի դաշնային դատախազի օգնականներ Գրեգ Անդրեսը և Ջոն Բյուրեթան, որոնք վաղուց զբաղվում են Բոնանո կլանով. դատավոր Գարաուֆիսը նույնպես բավական վաղուց է վարում այս կլանի մասնակիցների գործերը, իսկ Սալվատորե Վիտալեն մինչև սեփական դատավարությունը վեց անգամ մեղադրող կողմի վկա է եղել իր նախկին զինակիցների դատավարությունների ժամանակ։ Այսպիսով, ներդաշնակությունը կատարյալ է ստացվել։ Վիտալեի դատավճռի կայացմանը ներկա էին նրա կողմնակիցներն ու հակառակորդները, ինչպես նաև ՀԴԲ բազմաթիվ գործակալներ և դատախազության աշխատակիցներ։ Փաստաբան Բրայան Ուոլերն ասաց, որ իր հաճախորդը բանտում շատ օրինակելի է պահել իրեն, ավարտել է վարքի հսկողության դասընթացները, աշխատել բանտի արհեստանոցում, օգնել բանտի քահանային սպասավորելիս և կանոնավորապես խոստովանել է մեղքերը։

Վերջին խոսքում «Համակրելի Սելը», փայլելով անթերի «մազաբացվածքով», խոր զղջում արտահայտեց այն բանի համար, որ ողջ կյանքը հանցագործ է եղել և խայտառակել է ընտանիքը։ Նա ներողություն խնդրեց իր զոհերի ընտանիքներից, ասաց, որ ամեն օր աղոթում է նրանց հոգիների հանգստության համար և արտասվեց, երբ դատավոր Գարաուֆիսը հայտարարեց, որ Սալվատորե Վիտալեն այսուհետ կրկին ազատ է, եթե, իհարկե, ազատ համարվի կյանքը մեղադրանքի վկաների պահպանության ծրագրում։ «Կյանքի մնացած մասը նա որպես հայտնի և վտանգավոր բանտարկյալ կանցկացնի մի խցում, որն ինքն է ստեղծել իր համար,- ողջերթի խոսքում նկատեց դատավորը,- այն նույն կազմակերպության նշանառության տակ, որը նախկինում գլխավորում էր»:

Ա՛յ թե ուրախ մաղթանք է, հա՜: Փաստաբան Դևիդ Բրեյթբարթը, որը «Վերջին Դոնի»՝ Մասինոյի դատապաշտպանն էր 2005թ., նշեց, որ կես դյուժին մարդասպաններ, որոնք համաձայնել են ցուցմունք տալ իր հաճախորդի դեմ (այն ժամանակ դեռ այդպիսին չէր դարձել) ազատվել են մեղադրանքի վկաների պահպանության ծրագիր անցնելով։ Բրեյթբարթն այդ ծրագիրն անվանեց «համընդհանուր բանտախուց» և հայտարարեց, որ չէր ուզենա ապրել նմանների կողքին և չի հասկանում, թե ինչու է դատախազությունն արդարացնում դա։

Ըստ էության, «omerta»-ին դավաճանած Սալվատորե Վիտալեն 11 սպանության համար 7 տարի նստելուց հետո ազատություն կստանա։ Նույն հաշվով «Սեմի Եզ» Գրավանոն 5 տարի նստեց 19 դիակի համար։ Էլ ավելի փոքր հաշվի համար Ջոն Գոթի-ավագի թոռը, որը նույնպես Ջոն Գոթի է և որն անցած Հելոուինին ոստիկաններին մատնեց ընկերոջը, հոկտեմբերի 31-ին ձերբակալվելուց հետո ազատ է արձակվել առանց գրավի և դեկտեմբերին դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել։ Նրան մեղադրում են պնևմատիկ ատրճանակ ունենալու և արտաճանապարհային մեքենայի ապակիները չափից ավելի մգացնելու մեջ։ Այսպե՛ս է մարում մաֆիայի փառքը։

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am