Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Դեկտեմբեր 2010, N 11

ԱՇԽԱՐՀԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Սովորաբար տարվա վերջին շաբաթները բոլորի համար վերածվում են մի տեսակ եղածն ամփոփելու, արված ու չարված գործերը հանրագումարի բերելու, գալիք ժամանակի համար նոր ծրագրեր նախագծելու ճամփաբաժանի: Սակայն իրադարձությունների արագահոս ընթացքն այս անգամ էլ նման դադարի հնարավորություն չընձեռեց՝ թողնելով այդ անհրաժեշտությունն ավելի բարենպաստ օրերի համար: Իսկ դեկտեմբերը մեկնարկեց «Բոլորս դեպի Աստանա» կարգախոսով: Ղազախստանի մայրաքաղաքի Անկախության պալատում, 11 տարվա ընդմիջումից հետո, դեկտեմբերի 1-ին աշխատանքներն սկսեց ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովը: Երկու օր շարունակ աշխարհի տարբեր անկյուններից հավաքված շուրջ 5 հազար մասնակիցներ, տասնյակ երկրների նախագահներ ու կառավարության ղեկավարներ, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների պատվիրակներ ջանում էին ամեն գնով վերահաստատել այդ կառույցի կենսունակությունը, գտնել այն հենման կետերը, որոնք կարող էին ընդհանուր լինել բոլորի համար: Ու թեև մի շարք նպատակներ այդպես էլ մնացին անկատար, գագաթաժողովին չհաջողվեց ընդունել գործողության նոր ծրագիրը, որը պետք է ներառեր ԵԱՀԿ-ի ավելի մեծ դերակատարությունն անվտանգության ամրապնդման հարցերում, այնուամենայնիվ, որոշակի քայլեր ձեռնարկվեցին մասնավորաբար Եվրոպայում և նախկին խորհրդային տարածքում հակամարտությունների կանխման ու կարգավորման ուղղությամբ: Առաջին հերթին դա վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի խնդրին: ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունվեց հնգակողմ հայտարարություն, որով կողմերը համաձայնում էին, որ «եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ուղղությամբ ավելի վճռական քայլեր ձեռնարկելու ժամանակը», ինչպես նաև վերահաստատում էին իրենց հանձնառությունը՝վերջնական կարգավորման հասնել` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, Աքվիլայում և Մուսքոկում ընդունված հայտարարությունների վրա: Բանակցությունների համար ավելի լավ մթնոլորտ ստեղծելու նպատակով միջնորդները կոչ արեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմը պահպանելու և բոլոր ոլորտներում վստահությունն ամրապնդելու համար:

Սակայն այս ամենը՝ սոսկ թղթի վրա: Գագաթաժողովի հաջորդ ժամերը փաստեցին, որ իրականության մեջ առկա լուրջ տարաձայնությունները հազիվ թե հնարավորություն ստեղծեն այդ ցանկությունների թեկուզ չնչին մասը կյանքի կոչելու համար: Ընդ որում, անհաշտությունները վերաբերում էին ոչ միայն Ղարաբաղին: Ռուսաստանը ևս լուրջ դժգոհություններ ուներ նախ Վրաստանի առնչությամբ և ապա` ԵԱՀԿ կազմակերպչական համակարգից, առաջին հերթին կանոնադրության և այլ հիմնադիր փաստաթղթերի ընդունման առնչությամբ: Ձախողվեց ՌԴ նախագահի նախաձեռնած Եվրոպական անվտանգության մասին պայմանագրի մշակումը, իսկ ինչ վերաբերում էր գագաթաժողովի ամփոփիչ հուշագրին, ապա այն լույս աշխարհ բերելու համար պահանջվեցին երկար ժամերի բուռն քննարկումներ: Ի վերջո, հրապարակված ուղերձում ասվում էր, թե անդամ երկրներն իրենց աջակցությունն էին հայտնում անվտանգության հարցում վստահության ու թափանցիկության վրա հիմնված համակարգված մոտեցմանը: Հուշագրում նշվում էր, որ հարկ է ակտիվացնել ԵԱՀԿ-ի տարածքում առկա հակամարտությունների՝ բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորման գործընթացները, իսկ դրանք պետք է իրականացվեն համաձայնեցված ձևաչափերով, և հիմքում պետք է դրվեն ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան հռչակագրում արտացոլված միջազգային օրենքների նորմերն ու սկզբունքները:

Գագաթաժողովն ընդհանուր առմամբ ի հայտ բերեց ԵԱՀԿ-ի բացերը, լարվածության ներքին օջախները, դրանց կարգավորման թույլ օղակները՝ նոր մտահոգությունների առիթ ստեղծելով նրանց համար, ովքեր ստանձնել են աշխարհի հոգսերի բեռը: Եվ կարծես եվրոպական այդ կառույցի անհաջողությունների սառնությունն էր, որ դեկտեմբերի առաջին օրերին փոխանցվեց Հին աշխարհամասին:

Եվրոպայի մի շարք երկրներում ձյան առատ տեղումներն ու անսովոր ցուրտ եղանակը կաթվածահար արեցին խոշորագույն տրանսպորտային հանգույցները: Մինչև 20 աստիճան ցուրտը առնվազն 50 մարդու մահվան պատճառ դարձավ, այդ թվում 30 մարդ՝ միայն Լեհաստանում: Շարունակական սառնամանիքներն ու ձնաբքերը Ֆրանսիայի տնտեսությանը 30-50 մլն եվրոյի վնաս պատճառեցին: Մայրուղիներում ու ավտոկայանատեղիներում կուտակվեցին տասնյակ հազարավոր թրեյլերներ՝ ամենատարբեր ապրանքներով ու սննդամթերքով:

Իսկ ահա արևելքում ճիշտ հակառակ պատկերն էր: Իսրայելում օրեր շարունակ մոլեգնող հրդեհները մարելու համար երկիրը ստիպված էր ընդունել ոչ միայն բարեկամների, այլ նաև Թուրքիայի օգնությունը: Ավելի քան 40 մարդ մահացավ Հայֆա քաղաքի մերձակայքում, տարհանվեցին բնակիչները և նույնիսկ տեղի բանտում պահվող պաղեստինցի դատապարտյալները:

Երկարատև հրդեհներ էին նաև Իրանում: Կրակը կլանել էր միանգամից երկրի երեք շրջանները, բայց որևէ մեկը պատրաստակամություն չհայտնեց օգնական ուժեր առաքել այդ երկիր, թեև ներքին կառույցներին ոչ մի կերպ չէր հաջողվում իրավիճակը վերահսկողության տակ վերցնել:

Սակայն այլ բան է բնական տարերքի սանձահարումը, և բոլորովին այլ բան, երբ մարդիկ իրենք են հրահրում անկառավարելի իրավիճակները:

Նման կացության բախվեց Կոտ դ’Իվուարը նախագահական ընտրություններից անմիջապես հետո, երբ աֆրիկյան այս երկրի բարձրագույն դատական ատյանը՝ Սահմանադրական խորհուրդը, ընտրություններում հաղթող ճանաչեց ընդդիմության առաջնորդին: Գործող նախագահի կողմնակիցների ջանքերով բանակն իր վերահսկողության տակ վերցրեց բոլոր կարևոր հաստատությունները, փակվեցին արտաքին սահմանները: ՄԱԿ-ը բավարարվեց թեկնածուներին կոչ անելով, որպեսզի վերջիններս տարաձայնությունները հարթեն խաղաղ ու քաղաքակիրթ ճանապարհով: Սակայն ո՞վ է հիշում, թե վերջին անգամ երբ են կոչերով խնդիրներ կարգավորվել…

Տարեվերջին անվերահսկելի ու տագնապալի էր մնում նաև համաշխարհային տնտեսության վիճակը: Տնտեսապես ուժեղ երկրներում ֆինանսական քաղաքականության խստացումը, գործազրկության բարձր մակարդակը և միջազգային արժույթների պատերազմը, ըստ մասնագետների, միանգամայն իրատեսական կարող են դարձնել ճգնաժամի երկրորդ ալիքի մասին կանխատեսումները: Այս մասին ասված էր նույնիսկ ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրավիճակն ու հեռանկարները 2011-ին» անվանումը կրող զեկույցում:

Այս մռայլ հեռանկարն էլ ավելի իրատեսական էին դարձնում այն հակասություններն ու դրանց առնչվող քայլերը, որոնք ժամանակ առ ժամանակ բորբոքում էին առանց այն էլ ծայր աստիճան շիկացած կրքերը: Իբրև նման մի փորձ կարելի էր որակել դեկտեմբերի սկզբներին Բրազիլիայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Բոլիվիայի ու Պարագվայի՝ համարյա միաժամանակ կայացրած որոշումը՝ ճանաչել Պաղեստինյան պետությունը՝ նախքան 1967թ. Վեցօրյա պատերազմի սահմաններով: Իսրայելն այդ որոշումներն անվանեց «ափսոսանքի արժանի» և ընդգծեց, որ պաղեստինյան տարածքներում անկախ պետություն կարող է առաջանալ միայն Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների արդյունքում:

Մեկ այլ՝ նույնպես ափսոսանքի արժանացած գործողության հեղինակ դարձավ Ճապոնիայի ԱԳ նախարար Սեյձի Մաեհարան, որը որոշեց ուղղաթիռային զբոսանք կատարել Հարավային Կուրիլների շուրջը՝ ի պատասխան նախորդ ամիս Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդևի՝Կուրիլյան կղզիներ կատարած այցի: Մոսկվայի և Տոկիոյի միջև հարաբերությունների հերթական լարվածության պայմաններում նմանօրինակ բացահայտ մարտահրավերը հազիվ թե որևէ կերպ նպաստեր երկու երկրների միջև կառուցողական երկխոսությանը, ինչին մշտապես ձգտում է ճապոնական կողմը՝ ոչ մի կերպ չհաշտվելով 55 տարի առաջ իր տարածքի մի հատվածի կորստյան փաստի հետ:

Աֆղանստանում նույնպես առանձնակի ուրախությամբ չեն ընդունում նրանց, ովքեր ժամանում են ոչ բարի նպատակներով: Այդ իսկ պատճառով էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այնտեղ կարող էր ժամանել միայն խիստ անսպասելի այցով, ինչն իրականացրեց դեկտեմբերի 3-ին, և գտնվել ոչ թե հատուկ հյուրերի համար նախատեսված առանձնատանը, այլ Քաբուլի արվարձանում տեղակայված ամերիկյան ռազմակայանում: Ի վերջո, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ Օբամայի հանդիպումը չեղյալ հայտարարվեց՝ վատ եղանակի պատճառով:

Մեր անհանգիստ ժամանակներում համանման զգուշավորությունը միշտ էլ արդարացված է: Ինչպե՞ս չզգուշանալ, երբ դեկտեմբերի մի քանի օրերի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններից մեզ հասնող լուրերի մեջ այնքան առատ էին վտանգն ու դժբախտությունը:

Բաղդադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 7 իրանցի ուխտագնաց զոհվեց, ևս 25 մարդ վիրավորվեց: Մեկ այլ պայթյուն էլ որոտաց Սխուլա քաղաքում: Գրոհի թիրախը դարձյալ իրանցիներն էին: Այս պայթյունի հետևանքով զոհվեց 2, վիրավորվեց 8 մարդ:

Պակիստանի հյուսիս–արևմուտքում մահապարտ ահաբեկիչների ինքնապայթեցման հետևանքով նվազագույնը 40 մարդ մահացավ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվեց: Ահաբեկության թիրախ էր ընտրվել Ղալանայում գտնվող կառավարական շենքերի համալիրը: Հնդկաստանի արևելքում՝ Վարանասի առափնյա քաղաքում պայթյունը խլեց չորս մարդու կյանք, 41 հոգի վիրավորվեց: Ահաբեկչությունն իրականացվել էր Դաշաշվամետհում, որտեղ երեկոյան ժամերին մեծ թիվ էին կազմում օտարերկրացի զբոսաշրջիկները: Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի «Սան Միգել» բանտում բռնկված հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, 81 կալանավոր զոհվեց: Բանգլադեշում գնացքների բախման հետևանքով տուժեց առնվազն 300 մարդ: Կոլումբիայի հյուսիսարևմտյան Բելյո քաղաքում սողանքների հետևանքով հողի տակ հայտնվեց 150 բնակիչ: Մի քանի շաբաթ անընդմեջ շարունակվող հեղեղների հետևանքով մինչ այդ ընդհանուր առմամբ արդեն 170 մարդ էր զոհվել, իսկ աղետից տուժածների ընդհանուր թիվը մոտ 2 մլն էր: 26 հանքափոր զոհվեց Չինաստանի ածխահանքերից մեկում գազի պայթյունի հետևանքով... Եվ սա դեռ մեծ ու փոքր պատահարների ընդամենն աննշան մասի թվարկումն էր:

Բայց անցնող ժամանակը միայն տխուր պատահարների հանրագումարը չէր: Օրերը հագեցած էին նաև ուրախության, հաղթանակների, ձեռքբերումների բազում առիթներով, որոնք կարծես գալիս էին հավասարակշռելու խոտորվածը, վերականգնելու կորուստը, լրացնելու հանիրավի վատնվածը:

Դեկտեմբերի առաջին տասնօրյակն առանձնահատուկ հաջող էր Ռուսաստանի համար նվազագույնը երեք դեպքերում: Ցյուրիխում ՖԻՖԱ-ն քվեարկությամբ ընտրեց 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկիրը, և այդ առանձնաշնորհը բաժին ընկավ ռուսներին: Թեև նման ընտրությունը մեծ վիշտ պատճառեց հատկապես նույնի հավակնորդ անգլիացիներին, սակայն Մոսկվայում արդեն իսկ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ խաղերի անցկացման համար կպահանջվի առնվազն 10 միլիարդ դոլար, մինչդեռ «Կոմերսանտի» հաշվարկներով` ընդհանուր ծախսերը կհասնեն 50 միլիարդ դոլարի:

Ռուսական հաջորդ ձեռքբերումն այն էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած Եվրամիություն-Ռուսաստան գագաթաժողովում ի վերջո համաձայնություն ձեռք բերվեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության և վիզային ռեժիմի հարցերի շուրջ:

Մոսկվան ստացավ Եվրամիության աջակցությունը: Ավելի վաղ ձեռք էր բերվել նաև ԱՄՆ-ի համաձայնությունը: Եթե հաշվի առնենք, որ այս հարցով բանակցությունները ձգվում էին արդեն 17 տարի, ապա պարզ կդառնա, թե ինչ նշանակալի իրադարձության մասին էր խոսվում:

Երրորդ կարևոր քայլն, անշուշտ, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից տնտեսական մեկ ընդհանուր տարածքի ստեղծումն էր: Այս երեք երկրների կողմից ընդունված հռչակագրի համաձայն՝ պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2012 թվականի հունվարի 1-ից:

Ի դեպ, Մոսկվան ուշադրության կենտրոնում էր նաև այլ առիթներով: Այստեղ դեկտեմբերի 9-10-ը մեկը մյուսի հետևից տեղի ունեցան Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի 29-րդ նիստը, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի ու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը: ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի, պաշտպանության նախարարների ու ԱԳ նախարարների խորհրդի համատեղ նիստի ընթացքում քննության դրվեցին խնդիրներ, որոնք միտված են կազմակերպությունը հակաճգնաժամային արձագանքման գործուն կանոնակարգերով ապահովելուն, անվտանգության համակարգի միջոցների և ուժերի ձևավորման կատարելագործմանը, ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը: Անդրադարձ եղավ ՀԱՊԿ վերջին գագաթաժողովին ընդունված որոշումների կատարման ընթացքին: Ի վերջո, մասնակիցները ստորագրեցին 45 փաստաթուղթ, որոնք ներկայացվեցին խորհրդի հաստատմանը: Հավաքական անվտանգության խորհրդում ընդունվեց նաև ՀԱՊԿ խաղաղարար ուժերի մասին հայտարարություն և անդամ պետությունների հռչակագիր:

Այս ամենը, ցավոք, մթագնվեց նույն Մոսկվայում ծավալված այլ զարգացումներով, որոնք մի քանի օր շարունակ քաղաքը պահում էին լարվածության ու քաոսի մեջ: Այն բանից հետո, երբ Գոլովինսկի շրջանում հյուսիսկովկասցիների ու «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների միջև ծագած ծեծկռտուքի արդյունքում սպանվեց մի ռուս երիտասարդ, արմատական ազգայնականները «ռուս մարդկանց» բողոքի ակցիա կազմակերպեցին Մանեժնի հրապարակում: Շատ չանցած՝ նրանք բախումներ սադրեցին ոստիկանների հետ, սկսեցին ծայրահեղական բնույթի կարգախոսներ հնչեցնել և կոչ անել ներկաներին գրոհել կովկասցիների վրա ու ջարդել ձեռքի տակ եղածը: Կովկասցիների ծեծն այնուհետ շարունակվեց մետրոյի կայարաններում: Ընդհանուր առմամբ 39 մարդ տուժեց, ընդ որում` 3-ը դանակի հարվածներ էին ստացել: Տուժածների թվում էին նաև երկու հայ երիտասարդներ: Բերման ենթարկվեցին բողոքի ակցիայի 80 մասնակիցներ, հարուցվեց ավելի քան 10 քրեական գործ: Բայց նույնիսկ դրանից հետո կրքերը չհանդարտվեցին: Այս անգամ կովկասցիները հայտարարեցին, որ պատրաստվում են դեկտեմբերի 15-ին պատասխան գործողություններ իրականացնել: Վերջիններիս վրեժխնդրության ակցիայի ընդգրկման սահմաններն էլ ավելի ընդարձակ էին ու մարդաշատ: Օրվա վերջում խոսվում էր 30 տուժածների և մեկ զոհի մասին: Ձերբակալվեց անկարգության շուրջ 1200 մասնակից: Համանման բախումներ հրահրվեցին նաև Նիժնի Նովգորոդում, Դոնի Ռոստովում, Կրասնոդարում և Ռուսաստանի այլ քաղաքներում, ու դա շարունակվեց հաջորդող օրերին նույնպես: Թեև երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն արտահայտեցին կատարվածի առթիվ և խոստացան խստագույնս պատժել մեղավորներին, սակայն նրանց հավաստիացումներն այս անգամ չէին ներշնչում անհրաժեշտ վստահությունը, և ամենքն էլ հասկանում էին, որ քանի դեռ ծայրահեղական-ազգայնական ուժերի համար բարենպաստ հող գոյություն ունի, քանի դեռ նրանց ոգևորողն անպատժելիությունն է, որ տարիներ ի վեր իր համարժեք գնահատականն ու արձագանքը չի ստանում, համանման դեպքերը կունենան կրկնություն ու շարունակություն:

Դեկտեմբերի կեսերին փողոցային անկարգությունների ալիքը ողողել էր նաև Հունաստանի քաղաքները: Աթենքի կենտրոնում բախումներ տեղի ունեցան աշխատաշուկայի փոփոխությունների դեմ բողոքող ավելի քան 20 հազար ցուցարարների ու ոստիկանների միջև: Հայտարարվեց տրանսպորտային աշխատակիցների 24-ժամյա գործադուլ: Փակ էին դպրոցներն ու համալսարանները, չէին աշխատում հիվանդանոցներն ու պետական հաստատությունները: Հաշված օրերի ընթացքում երկրին ավելի քան 200 միլիոն եվրոյի վնաս հասցվեց: Քաղաքական սկանդալները, գործազրկությունը, ցածր աշխատավարձերի և համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ մեկտեղ այս զանգվածային անկարգություններն էլ առավել ծանր կացության մեջ դրեցին Հունաստանի կառավարությանը:

Իտալացիները քիչ բանով էին տարբերվում հույներից: Երբ հազարավոր ցուցարարներ անցան Հռոմի փողոցներով, նրանք իրենց ճանապարհին միայն ավերածություններ ու հրդեհված մեքենաներ էին թողնում: Մարդիկ քաղաքի կենտրոնում «կրակե բարիկադներ» էին սարքել: Բողոքի ակցիան ուղղված էր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի քաղաքականության դեմ: Նույն պատկերն էր Պալերմոյում և Միլանում: Ավելի քան 100 հոգի վիրավորվեց ոստիկանության հետ բախումների ժամանակ: Իսկ մինչ այդ, Իտալիայի խորհրդարանը երկար քննարկումներից հետո վստահություն հայտնեց Բեռլուսկոնիի կուսակցությանը՝ արժեզրկելով բորբոքված քաղաքացիների ջանքերը և չարդարացնելով նրանց սպասելիքները:

Հանդարտ չէր իրավիճակը նաև եվրոպական մեկ այլ՝ նորահայտ երկրում՝ Կոսովոյում: Այստեղ սպասվող խորհրդարանական ընտրությունների նախօրեին սպանվեց բոսնիացի մահմեդականների առաջնորդ Սեֆկո Սալովիչը: Անհայտ անձինք նրան գնդակահարել էին սերբերով բնակեցված Լեպոսավիչ քաղաքում: Ահա այդ անհաշտ ու պայթյունավտանգ պայմաններում էլ, անկախություն հռչակելուց հետո առաջին անգամ դեկտեմբերի 12-ին Կոսովոն ընտրեց խորհրդարան: Ընտրությանը մասնակցում էր 29 քաղաքական կուսակցություն: Ընթացքին հետևում էր շուրջ 32 հազար միջազգային դիտորդ: Հաջորդ օրն իսկ Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին տեղեկացրեց իր ղեկավարած Դեմոկրատական կուսակցության հաղթանակի մասին: Հավելենք, որ Կոսովոյի սերբական փոքրամասնությունը բոյկոտել էր ընտրությունները:

Ազգային անհանդուրժողականության մեկ այլ դրսևորում էլ պետք էր համարել Իսրայելի ու Թուրքիայի ամիսներ ձգվող վեճը, որն այս անգամ ևս հանգուցալուծում չգտավ: Թեև Ժնևում երկու երկրների դիվանագիտական ներկայացուցիչները համառորեն ջանում էին ելքեր որոնել, այնուամենայնիվ, նրանց բանակցությունները դրական արդյունքներ չտվեցին: Թուրքիան նախկինի պես շարունակեց պնդել, որ Իսրայելը ներողություն պիտի խնդրի հումանիտար առաքելությամբ Գազայի հատված ընթացող «Ազատության նավատորմի» վրա հարձակման համար: Իսրայելն իր հերթին պնդեց, որ իսրայելցի զինվորները գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակներում: Միջնորդներին մնում է կիրարկել վերջին տարբերակը: «Եթե Իսրայելը և Թուրքիան ցանկանում են համաձայնության գալ, միակ բանը, ինչ հարկավոր է անել, բառարանը բացելն ու այնտեղ «ներողություն» բառի փոխարեն այլ բառ գտնելն է»,- խորհուրդ են տալիս նրանք:

Հին միջադեպերն ու կորուստները չէին մոռացվում: Սակայն դա ամենևին չէր խանգարում, որ աշխարհն ապրեր ու տագնապեր նաև նոր ցնցումների, պատահարների ու աղետների տարափի տակ:

Նույն այդ օրերին էր, որ Թուրքիայի արևմտյան շրջաններում հազարավոր մարդիկ հեղեղումների վտանգի պատճառով լքեցին իրենց տները: Երկարատև հորդառատ անձրևների հետևանքով գետերը դուրս էին եկել ափերից, կային զոհեր ու անհետ կորածներ: Իշխանություններն արտակարգ դրություն հայտարարեցին: Արտակարգ էր իրավիճակը նաև Ստոկհոլմում, որտեղ մեկ օրվա ընթացքում երկու պայթյուն որոտաց: Զոհվեց երկու քաղաքացի, կային վիրավորներ: Ոստիկանության տվյալներով, մի դեպքում գործել էր ավտոմեքենայի մեջ տեղադրած ռումբը, մյուսում մահապարտ ահաբեկիչն ինքն էր իրեն պայթեցրել: Հաջորդ արյունոտ միջադեպի հասցեն Պակիստանի Փեշավար քաղաքն էր, որտեղ պայթեցվեց դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը: Իսկ Իրանի հարավ-արևելքում՝ Չահբահար նավահանգստային քաղաքի մզկիթի մոտ ինքնասպան ահաբեկիչների իրականացրած գրոհի հետևանքով շուրջ 40 մարդ զոհվեց: Ռմբահարումների թիրախը մահմեդական ծիսակատարության մասնակցող հավատացյալների խումբն էր:

Անհանգիստ էր ոչ միայն երկրի վրա, այլև ծովում: Անտարկտիդայի ջրերում դեկտեմբերի 13-ին խորտակվեց հարավկորեական ձկնորսանավը, որում 42 նավաստի կար: Հաջորդ օրն Իսրայելի ափերի մոտ ուժեղ փոթորկի հետևանքով ջրասույզ եղավ Մոլդովայի դրոշով բեռնատար նավը: Մեկ օր անց Ավստրալիայի ափերի մոտ նավաբեկության ենթարկվեց ավելի քան 70 ապօրինի ներգաղթյալ տեղափոխող լաստը, որը շրջվել էր և ժայռին բախվելով մասերի բաժանվել: Դեկտեմբերին կոլումբիական դրոշի տակ նավարկող մի բեռնանավ էլ խորտակվեց Միջերկրական ծովում՝ թուրքական ափի մոտ, ուժեղ փոթորկի պատճառով: Բարեբախտաբար, անձնակազմի բոլոր անդամներին հաջողվել էր լքել նավը:

Այլ աղետների շարքում հիշատակման արժանի էին Բանգլադեշի մայրաքաղաքից դուրս գտնվող գործարանի հրդեհը, որի պատճառով տասնյակ մարդիկ զոհվեցին, ավտովթարը Հնդկաստանի հարավարևմտյան Կարնատակա նահանգում, որից 28 մարդ մահացավ, գազամուղի պայթյունը Կենտրոնական Մեքսիկայում, ինչի հետևանքով 22 հոգի զոհվեց ու երեք տասնյակից ավելի բնակիչ վիրավորվեց, Աֆղանստանում Քաբուլ և Կունդուզ քաղաքների վրա թալիբների երկու գրոհները, որոնց արդյունքում ծանր կորուստներ կրեցին ինչպես երկրի ազգային բանակի մարտիկները, այնպես էլ ահաբեկիչները:

Այդ ամենից հետո պիտի որ փոքր-ինչ արտառոց և անբնական հնչեր աստղագետների հայտարարությունն այն մասին, որ արեգակի վրա հսկայական ժպիտ է առաջացել՝ ամբողջ արևի սկավառակով մեկ: Սակայն դա իրոք այդպես էր: Այն գոյացել էր մագնիսական դաշտի անմիատարրություններից: Մոտ 600 հազար կմ երկարությամբ ժպիտն ու 200 հազար կմ տրամագծով աչքերը գոյացել էին մագնիսական դաշտից, սև հատվածները բացասական բևեռայնության դաշտեր էին, իսկ սպիտակները՝ դրական: Դժվար էր կռահել՝ արեգակն ընդամենը ժպտո՞ւմ էր, թե՞ քմծիծաղ էր տալիս՝ դիտելով մարդկանց մոլորակի խելահեղ անմտությանն ու դաժանությանը:

Սակայն հանուն արդարության պետք է նշենք, որ երբեմն-երբեմն ի հայտ էին գալիս նաև ներողամտության ու մեծահոգության դրսևորումներ: Կասկածից վեր է, որ, օրինակ, ամերիկացիները հենց այդպես էլ կուզեին գնահատել իրենց քայլը, երբ դեկտեմբերի 15-ին նրանց իսկ նախաձեռնությամբ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը որոշեց Իրաքի դեմ բոլոր պատժամիջոցները չեղյալ համարել: Սադամ Հուսեյնի տարիներից մնացած վերջին պատժամիջոցները վերաբերում էին «Նավթ պարենի դիմաց» ծրագրին, միջուկային էներգետիկայի ոլորտում պաշտոնական Բաղդադի գործունեությանը և Իրաքի զարգացման հիմնադրամի միջազգային կառավարմանը:

Որոշ իմաստներով պակաս մեծահոգի չգտնվեցին Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները, որոնք Բրյուսելում գումարված գագաթաժողովի ժամանակ հավանություն տվեցին Չեռնոգորիային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի տրամադրմանը: Սակայն այդ հավաքն առավել նշանավոր էր մեկ այլ իրադարձությամբ: Գագաթաժողովի մասնակիցները որոշում ընդունեցին հանրակցության պատմության մեջ աննախադեպ կայունացման մշտական հիմնադրամ ստեղծելու մասին, որը նպատակամղված կլինի միասնական եվրոպական արժույթի ու ազգային տնտեսությունների կայունության պահպանմանը: Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը նույնիսկ չզսպեց հիացմունքն ու հայտարարեց. «Եվրամիության երկրները և եվրոպական ինստիտուտներն այսօր դրսևորեցին լիակատար վճռականություն՝ ապահովելու մեր ընդհանուր հուսալի ապագան»: Եվ այդ ոգևորությունն ինչ-որ առումով հասկանալի էր. նրանք, ովքեր եվրոյի վախճանն էին կանխագուշակում, փաստորեն սխալվեցին: Եվրոն դեռ կմնա իբրև կայուն արժույթ:

Ցավոք, ձեռքբերումներն ու համաձայնությունները ոչ բոլորի համար էին ուղեկից: Այդ շարքում վերստին առանձնացավ Իրանը՝ հին հակասություններին գումարելով նորերը: Դեկտեմբերի 19-ին իսլամական հանրապետության խորհրդարանը քվեարկեց Մեծ Բրիտանիայի հետ բոլոր կարգի դիվանագիտական հարաբերությունները խզելու օգտին: Ասվում էր, որ նման անսպասելի որոշման պատճառ էին հանդիսացել Իրանի և Բրիտանիայի լարված հարաբերությունները՝ կապված ինչպես Իրանի ատոմային ծրագրի, այնպես էլ պաշտոնական Թեհրանի այն պնդումների հետ, թե այս տարվա նոյեմբերին տեղի ունեցած արյունոտ ահաբեկչության հետևում կանգնած են Լոնդոնի հատուկ ծառայությունները: Դրանից առաջ Իրանի հետ հարաբերությունների դադարեցման մասին հայտարարել էր Գամբիան, իսկ այնուհետև Սենեգալի իշխանությունները որոշում կայացրին հետ կանչել Թեհրանից իրենց դեսպանին, քանի որ աֆրիկյան այդ երկրի ներկայացուցիչներն անբավարար էին համարել Իրանի իշխանությունների բացատրությունները Լագոս ուղարկված անօրինական զենքի մասին: Այս կարգի գժտությունների ֆոնին ակնհայտորեն Իրանն իր լավագույն օրերը չէր ապրում: Իսկ երբ եղածին հավելվեց երկրի հարավ-արևելքում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը՝ խլելով բազմաթիվ կյանքեր, և երկու օր անց Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ, տարեվերջն ընդհանրապես իրանցիների համար դարձավ ծանր ու անփառունակ:

Իրավիճակն անհանգիստ էր նաև Բելառուսում: Դեկտեմբերի 19-ին այդ երկրում կայացան նախագահական ընտրություններ: Սակայն դրանց ավարտից անմիջապես հետո, երբ հայտարարվեց, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ընտրողների ձայների մոտ 80 տոկոսը, ինչը նշանակում էր, որ 1994 թվականից ի վեր վերջինս չորրորդ անգամ անընդմեջ պիտի ղեկավարեր Բելառուսում, իրավիճակը Մինսկում կտրուկ սրվեց: Ընդդիմության մի քանի հազար կողմնակիցները գրոհեցին կառավարության շենքի վրա, որտեղ գտնվում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Սակայն զինվորական ստորաբաժանումներին ու ոստիկաններին հաջողվեց հրապարակից դուրս մղել նրանց: Ձերբակալվեց մոտ հազար մարդ, այդ թվում՝ նախագահի գրեթե բոլոր թեկնածուները: Ընդդիմության առաջնորդը դաժան ծեծի ենթարկվեց: ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, մի շարք երկրների կառավարություններ հայտարարեցին, որ ընտրություններն անցել են կոպիտ խախտումներով և դրանց արդյունքները լեգիտիմ լինել չեն կարող: Սրան հակառակ, Ռուսաստանն ու ԱՊՀ երկրները ներկայացնող դիտորդներն ընտրությունները գնահատեցին կայացած ու ժողովրդավարական: Մինչդեռ Բելառուսի իշխանությունների համար կարծես թե էականը տվյալ պահի ձեռքբերումն էր: Հրաշալի իմանալով քաղաքական փոփոխամտության գինը՝ Լուկաշենկոն մեծ հաշվով իր համար անսխալ ընտրություն էր կատարել՝ նախ իշխանություն, իսկ հետո մյուսների հետ նա այսպես թե այնպես լեզու կգտնի: Չէ՞ որ այդօրինակ պատմությունների միջով նա արդեն անցել է մի քանի անգամ:

Ի դեպ, Լուկաշենկոյի իշխանատենչությունն անմեղ ցանկություն պիտի դիտվեր՝ համեմատած այն ամենի հետ, ինչ կատարվում էր Ղազախստանում: Իսկ այդ երկրում կազմավորվել էր նախաձեռնող խումբ, որի անդամները ստորագրություններ էին հավաքում Նուրսուլթան Նազարբաևին մինչև 2020 թվականը երկրի նախագահի պաշտոնում թողնելու համար համաժողովրդական հանրաքվե անցկացնելու նպատակով: Նազարբաևի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2012 թվականին, և եթե ժողովրդական այդ «ինքնաբուխ» շարժումը հաջողությամբ պսակվի, ապա դրա կենսագործումը նախագահի համար իսկը ժամանակին կլինի:

Լինելու թե չլինելու, ճանաչվելու կամ չճանաչվելու երկընտրանքը նույն օրերին չշրջանցեց նաև մեզ առնչվող խնդիրները: Դա առաջին հերթին վերաբերում էր Հայոց ցեղասպանությունն ընդունելու թիվ 252 բանաձևի նախագիծը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու փորձերին, որոնք մի քանի օր շարունակ լարվածության մեջ էին պահում ինչպես ամերիկացի օրենսդիրներին, այնպես էլ նման հեռանկարից անհանգստացած Թուրքիային: Ամեն ինչ սկսեց նրանից, որ պալատի խոսնակ Նենսի Փելոսին մինչև Կոնգրեսի ներկայիս կազմի լիազորությունների ավարտը որոշեց հիշյալ օրինագիծը կրկին քվեարկության դնել պալատի լիագումար նիստում: Այդ ազդանշանը բավական էր, որ տեղի հայկական ու թուրքական լոբբիստական խմբերն իրենց բոլոր ուժերը հրապարակ նետեին: Նույն ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտը նախաձեռնությանն արձագանքեց խիստ միանշանակ. «Մենք տեղյակ ենք պալատի հնարավոր թիվ 252 բանաձևի մասին և մենք խիստ դեմ ենք այդ բանաձևին: Մենք շարունակում ենք հավատալ, որ Թուրքիայի ու Հայաստանի համար իրենց ընդհանուր անցյալին անդրադառնալու լավագույն ուղին հարաբերությունները կարգավորելու ջանքերն են»,- ասվում էր այդ գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն շտապ հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ խնդրելով ամեն ինչ ձեռնարկել բանաձևի կանխարգելման համար, իսկ հետո հարկ համարեց սպառնալ, թե «հայկական բանաձևի օրակարգ գալը լրջորեն կվնասի մեր թուրք-ամերիկյան հարաբերություններին, և այդ ժամանակ աշխարհը կտեսնի Թուրքիայի արձագանքը»: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրենց հերթին զգուշացնող նամակներ հղեցին նախագահ Օբամային՝ հիշեցնելով, թե ԱՄՆ-ի համար որքան կարևոր են Թուրքիայի հետ անխաթար հարաբերությունները: Ի վերջո, այս արշավը տվեց իր պտուղները: Թեև նախագծի օգտին քվեարկելու իրական հնարավորություններին, այն այդպես էլ օրակարգ չմտավ: Ինչպես հետո արտահայտվեցին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները, «պալատի դեմոկրատական ղեկավարությունը սպանեց Կոնգրեսի այս նստաշրջանում օրինագծի ընդունման հեռանկարները»: Ամերիկահայերը վրդովված էին ու հիասթափված:

Սակայն պաշտոնական Վաշինգտոնը նույն օրերին զբաղված էր ոչ պակաս հրատապ ու կարևոր մի խնդրով: Խոսքը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) պայմանագրի մասին էր, որն ի վերջո դեկտեմբերի 23-ին վավերացվեց ԱՄՆ Սենատի կողմից: Օրինագծին կողմ քվեարկեց 71 սենատոր, ինչն ավելին էր, քան անհրաժեշտ էր վավերացնելու համար: Այս պայմանագիրը, որը ենթադրում է միջուկային զենքի զգալի կրճատում, ինչպես նաև իրենց տարածքներից դուրս այսօրինակ զենքի տեղակայման անթույլատրելիություն, ստորագրվել էր 2010թ. դեռևս ապրիլին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև: Սպիտակ տան ղեկավարն այժմ կատարվածը համարում էր իր մեծագույն ձեռքբերումներից մեկը: Սենատում նա հայտարարեց, որ ՌՀՍ պայմանագիրը «վերջին 20 տարիների ամենակարևոր ռազմական փաստաթուղթն է: ԱՄՆ Կոնգրեսի կողմից պայմանագրի վավերացումն աշխարհի համար անվտանգություն ապահովելու ևս մեկ քայլ է և ապացուցում է, որ Միացյալ Նահանգներն իրականում շահագրգռված է միջուկային պաշարների կրճատման գործում»:

Սակայն որպեսզի աշխարհն իսկապես փոքր-ինչ անվտանգ դառնար, դեռ անհրաժեշտ էր, որ Ռուսաստանի խորհրդարանը ևս վավերացներ այն: Եվ Մոսկվան երկար սպասել չտվեց: Հաջորդ օրն իսկ ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ հաստատեց ռուս-ամերիկյան համաձայնությունը: ՌՀՍ-ի վերաբերյալ նախկին՝ 1991-ին ստորագրված ռուս-ամերիկյան պայմանագրի ժամկետը լրացել էր 2009-ի դեկտեմբերի 5-ին, և մինչ օրս ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հնարավորություն չունեին վերահսկել միմյանց միջուկային զինանոցը: Նոր պայմանագրով միջուկային մարտագլխիկների թիվը սահմանվեց 1550 միավոր:

Երկրի վրա կատարվող դեպքերին երկինքը բոլորովին այլ աչքով էր նայում: Նման յուրահատուկ հայացքի դրսևորում դարձավ դեկտեմբերի 21-ը, քանի որ հենց այդ օրը վերջին 456 տարիների ընթացքում առաջին ամենամութ գիշերը վրա հասավ: Իսկ եթե խոսենք ավելի գիտականորեն, միաժամանակ տեղի ունեցան երեք իրադարձություններ՝ լիալուսին, ձմեռային արևադարձ և լուսնի ամբողջական խավարում: Աշխարհի տարբեր անկյուններում այդ եզակի երևույթը հնարավորություն ունեցան դիտելու շուրջ 3 ժամ շարունակ: Ամբողջական խավարման դեպքում լուսինը ոչ թե անհետացավ, այլ դարձավ մուգ կարմիր: Թե սնահավատներն ինչպես էին հակված դա մեկնաբանելու, պարզ չէր, սակայն մարդիկ հազիվ թե կարողանան ավելի երկար դեպի վեր նայել, քանի դեռ ներքևում անհամար էին ուշադրություն գրավող պատճառները: Եվ եթե երկրի վրա լիալուսիններ չկային, ապա, կիսալուսիններ գտնելը նրանց համար այնքան էլ դժվար չէր: Իր դրոշի վրա այդպիսի լուսնի մահիկ կրող Թուրքիան, օրինակ, ուներ համընդհանուր հետաքրքրությունների կենտրոնում հայտնվելու առիթը: Դեկտեմբերի 23-ին Ստամբուլում մեկնարկեց Տնտեսական համագործակցության կազմակերպության 11-րդ գագաթաժողովը: Մասնակցելու համար Բոսֆորի ափ ժամանած պատվիրակությունները քննարկումների արդյունքում ընդունեցին մի  փաստաթուղթ, որում արտացոլվել էին կազմակերպության անդամ երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման ճանապարհին առաջացած խոչընդոտների վերացման նպատակով արված առաջարկությունները: Դրանում տեղ էր գրավել նաև Ադրբեջանի դիրքորոշումն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելու փաստը խոչընդոտ է ՏՀԿ անդամ երկրների միջև կապերի ամրապնդման համար: Սա նաև նպաստավոր ամբիոն էր մեկ անգամ ևս անդրադառնալու տարածաշրջանի սառեցված հակամարտությունների լուծման խնդրին՝ հաշվի առնելով տվյալ հակամարտությանը մասնակից երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը:

Ստամբուլում հավաքվածները շատ պիտի վշտանային՝ իմանալով, որ նույն ժամանակ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) կողմից միաձայն ընդունվեցին բանաձևեր, որոնցում կարևորվում էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Մասնավորապես, Գլխավոր ասամբլեան, ընդունելով «Ազգերի ինքնորոշման համընդհանուր իրականացումը» խորագրով բանաձևը, վերահաստատեց ու կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին: Մեկ այլ բանաձև առնչվում էր ՄԱԿ-ի և Իսլամական համաժողով կազմակերպության միջև համագործակցությանը, որում Գլխավոր ասամբլեան խնդրում էր նշված երկու միջկառավարական կառույցներին շարունակել համագործակցությունը՝ ուղղված համընդհանուր խնդիրների լուծմանը, ինչպիսին են միջազգային խաղաղության ու անվտանգության, զինաթափման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև ազգերի ինքնորոշման իրավունքի հետ կապված հիմնահարցերը:

Սակայն իրականությունը շարունակում էր մնալ այն, որ խաղաղ գոյակցման ու հանդուրժողականության պահանջը դժվարությամբ էր հասնում ՄԱԿ-ի դահլիճներից այն կողմ գտնվող անկյունները, և նախապատվելին դարձյալ այն ուղիներն էին, որոնք հիմնախնդիրների լուծումները դիտարկում էին ուժի և բռնության դիրքերից: Այդպես էր կարծում, օրինակ, ադրբեջանական խորհրդարանը, որը դեկտեմբերի վերջին վավերացրեց Թուրքիայի ու Ադրբեջանի միջև այս ամռանը կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագիրը: Ամենևին չքողարկելով, որ իրենց բուն մտադրությունը եղել է հայ-ռուսական ռազմական համագործակցության հետ հավասարակշռվելը, դաշնակցող կողմերը պայմանագրի երկրորդ կետում արձանագրում էին. «Եթե պայմանագիրը ստորագրած կողմերից մեկը զինված հարձակման կամ ագրեսիայի ենթարկվի այլ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա մյուսը պարտավորվում է փոխադարձ օգնություն տրամադրել՝ առկա բոլոր հնարավորությունների կիրառմամբ»: Ահա այսպես խնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորել խոստացող կողմերը զուգահեռաբար իրավական հիմքեր էին ստեղծում ուժի դիրքերից հանդես գալու համար:

Նույն այդ ուժի և առավելության ցուցադրումն էր, որ վերստին կտրուկ կերպով սրել էր իրավիճակը Կորեական թերակղզում և նրա շուրջ: Հարավային Կորեան հրաժարվեց չեղյալ հայտարարել Յոնփհենդո կղզու մոտ կայանալիք զորավարժությունները՝ այդպիսով անտեսելով Ռուսաստանի ու Չինաստանի խնդրանքը: Փհենյանն իր հերթին հայտարարեց, թե հարավցիների ու ամերիկացիների միասնական վարժանքները դիտարկում է որպես սադրանք ու սպառնաց հանդես գալ պատասխան քայլերով: Որքան էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկու կողմերին զսպվածության կոչ արեց, դա չանդրադարձավ վաղօրոք կազմված ծրագրերի վրա: Բարեբախտաբար, այս անգամ ռազմատենչ ու զայրացկոտ կորեացիները ձեռնպահ մնացին փոխադարձ հրակոծումներից: Սակայն առայժմ պարզ չէ, թե որքան կբավականացնի նրանց հանդուրժելու պաշարը:

Բոլորովին անսպասելի ու անհասկանալի պատճառներով շիկացավ մթնոլորտն Իտալիայում: Առանց այդ էլ ուսանողական հուզումները հազիվ զսպել կարողացող իշխանություններն այս անգամ բախվեցին անարխիստների կազմակերպված գրոհի հետ: Վերջիններս պայթուցիկներով փաթեթներ էին առաքել Հռոմում գտնվող մի շարք երկրների դիվանագիտական առաքելություններին: Դրանք պայթեցին Չիլիի ու Շվեյցարիայի դեսպանատներում, երբ տեղի աշխատակիցները դասակարգում էին օրվա թղթակցությունները: Երկրի իրավապահները հաստատեցին այդ ահաբեկչական գործողությանը «Անարխիստների ոչ ֆորմալ դաշնություն» կոչվող խմբավորման մասնակցության փաստը:

Իսկ հետո տեղաց ձյունը և ամեն ինչ առավ իր թևերի տակ: Ծննդյան տոներին ընդառաջ լուրջ խնդիրներ ծագեցին եվրոպական մի շարք երկրներում: Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում բոլոր չվերթները չեղյալ հայտարարվեցին: Իրավիճակը բարդ էր գնահատվում Բյուսելում: Գերմանիայում ձյան մեղքով հարյուրավոր ճանապարհատրանսպորտային պատահարներ գրանցվեցին: Իտալիայի հյուսիսում անդադար տեղումների պատճառով Վենետիկի որոշ շրջաններ հեղեղվեցին: Մոսկվայի իշխանությունները հայտարարել են, որ «լուրջ բարդություններ» ու խցանումներ են առաջացել քաղաքի ավտոճանապարհներին: Սակայն ոչ բնությունը և ոչ էլ, առավել ևս, քաղաքական զարգացումները չէին կարող անտեսել Ամանորի տոների մերձեցումը, ինչը մարդկանց մղում էր բոլորովին այլ տրամադրությունների և այլ հետաքրքրությունների: Նրանց համար, օրինակ, նշանակալի դեպք էր այն, որ հանրահայտ հեռուստալրագրող Լարի Քինգը անցկացրեց CNN հեռուստաալիքով մեծ ժողովրդականություն վայելող «Larry King Live» հեռուստաշոուի իր վեջին հարցազրույցը: Երկարամյա կարիերայի ընթացքում 77–ամյա Քինգն աշխարհի ազդեցիկ ու հայտնի մարդկանց հետ 50 հազար հանդիպում էր անցկացրել՝ զրուցելով ամենահրատապ ու ամենաարդիական հարցերի շուրջ:

Մարդկանց հավասարապես հետաքրքրում էր Twitter-ի կողմից հրապարակված 2010 թվականին ամենից շատ քննարկվող թեմաների տասնյակը: Ըստ այդ ամփոփիչ ցանկի, British Petroleum ընկերության նավթահորի վթարից Մեքսիկական ծոցում շուրջ 206 մլն գալոն նավթի արտանետման թեման ճանաչվել էր 2010-ի ամենագլխավոր և քննարկվող նյութը: Տասնյակում իրենց համապատասխան հորիզոնականներն էին գրավել Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ու նրա սկանդալային հրապարակումները և իհարկե վաղամեռիկ ութոտնուկ Պաուլը:

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի 7-աստղանի հյուրանոցներից մեկում տեղադրվեց աշխարհի ամենաթանկ տոնածառը: Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ադամանդներով, շափյուղաներով, զմրուխտներով և այլ թանկարժեք քարերով, ինչպես նաև ոսկով ու արծաթով զարդարված տոնածառի արժեքն ավելի քան 11 միլիոն դոլար էր:

Տարվա լավագույնների շարքում հայտնվելու պատիվը գոնե մի հարցում մեզ էլ բաժին հասավ: Ամերիկյան «Parade» ամսագիրը Հայաստանի Արենի քարանձավում գտնված 5500 տարեկան կոշիկն ընդգրկեց անցնող տարվա ամենազարմանալի հայտնագործությունների ցուցակում:

Սակայն եկեք խոստովանենք, որ յուրաքանչյուր տարեմուտի ամենազարմանալի բանը հույսն է՝ մարդկանց չլքող ու ապագայի հանդեպ լավագույն սպասումներով համակված այն հույսը, որ պատրաստ է ներել, համակերպվել, մոռանալ, միայն թե վաղվա օրն ու տարին իր հետ բերի գոնե նվազագույնն այն ամենի, ինչը մարդկային կյանքը դարձնում է իմաստավորված ու արժանապատիվ:

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am