Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Դեկտեմբեր 2010, N 11

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2010թ. դեկտեմբերն անցնող տարվա ամենադրամատիկական ամիսն էր ներքաղաքական ոլորտում։ Վերջապես երկրի քաղաքական ղեկավարությունն սկսեց ավելի ուշադիր կատարել իր պարտականությունները, ակնհայտ դարձավ, որ հիմնախնդիրը լռության մատնելը դրա լուծում չի նշանակում, իսկ այն հարթելը՝ ընդամենը ժամանակավոր, խաբուսիկ երևույթ է։ Եվ այսպես, դեկտեմբերի գլխավոր քաղաքական իրադարձությունը սկզբունքների վերանայումն էր կադրային քաղաքականությունում, որը, հնարավոր է, շուտով կհանգեցնի ազգային էլիտայի ռոտացիայի։

Դեկտեմբերյան փոփոխությունների դետոնատորը դարձավ օպերային դասական արվեստը, իսկ էությունը՝ «գողականի» ոգով սովորական քաշքշուկները։ Արդիականության մեծ տենորի՝ Պլաչիդո Դոմինգոյի հյուրախաղերը, որի համերգի ժամանակ նախագահի արարողակարգի ծառայության աշխատակիցը «գողական» աշխարհընկալման նորմերի խախտում էր թույլ տվել, թեև հստակ պահպանել էր պաշտոնեական հրահանգները, հանգեցրին ինքնատիպ կոնֆլիկտի։ Իսկ օրինական պաշտոնեական պարտականությունների և «գողական» աշխարհընկալման նորմերի միջև անլուծելի հակասության հետևանքը նշյալ աշխատակցի ծեծն էր և Երևանի քաղաքապետի հրաժարականը։

Երևանի բնակիչների մեծ մասն ուրախ է, ուրախ են նաև քաղաքապետ Բեգլարյանի հակառակորդները։ Առավել կրթյալ քաղաքացիները հանկարծ զգացին արվեստի հրաշագործ ուժը (քանի որ եթե Դոմինգոն չգար, ոչ ոք չէր կարողանա գործից հանել Բեգլարյանին) և սկսեցին հավատալ հրաշքներին, իսկ երկրի ամենաողբերգական քաղաքի (Գյումրու) բնակիչները ծարավի են, որ Դոմինգոն երկրորդ անգամ Հայաստան գա, բայց այս անգամ՝ Գյումրիում պարտադիր ելույթի պայմանով (միանգամայն հասկանալի դրդապատճառներով)։

Երևանի նոր քաղաքապետ դարձավ փորձառու վարչարար Կարեն Կարապետյանը, որն իրեն փայլուն է դրսևորել էներգետիկայում։ Ի դեպ, Բեգլարյանի հետ կապված ամբողջ պատմության մեջ ուրվագծվում է նախագահ Սարգսյանի ներքին քաղաքականության փոխզիջումայնության բացասական հետևանքը. հայտնի է, որ Բեգլարյանին առաջադրելով Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ Սարգսյանը տուրք էր տվել հանրապետականների ազդեցիկ որոշ հատվածի ճնշմանը, իսկ հոգում այլ թեկնածուի էր պաշտպանում։ Ուզում եմ ասել, որ Կարեն Կարապետյանը կարող էր քաղաքապետ դառնալ նաև երկու տարի առաջ՝ չվնասելով ինչպես պետական իշխանության հեղինակությունն ընդհանրապես, այնպես էլ անձամբ նախագահ Սարգսյանին։

Դեկտեմբերին պաշտոնը լքեց ևս մեկ ազդեցիկ քաղաքական գործիչ՝ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը։ Ազատվեց, վարչապետի խոսքերով, «պաշտոնեական պարտականությունները հավուր պատշաճի չկատարելու համար»: Վարչապետի կարծիքով, այդպիսին են համարվում պաշտոնյաների կողմից թույլ տրված խուլիգանությունը ժամանակին կանխելը և կատարած արարքների համար պատժելը։ Արդարադատության նախարարը, վարչապետի ցուցումներին համապատասխան, պետք է պատժեր դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարին, որը ծեծել էր իր ենթակային. նախարարը չէր կատարել պատժելու արարողությունը, ինչի համար էլ վճարեց պաշտոնով, թեև դրամայի մեղավորն ինքը մինչ օրս բազմած է դատական ակտերի կատարման ծառայության ղեկավարի աթոռին, ավելին, ոչ ոք չի պատրաստվում հանել նրան այնտեղից։ Սա բավական է` հասկանալու համար, որ Դանիելյանի հեռացման իսկական պատճառը միանգամայն այլ պատմություն է՝ անհասանելի լայն հանրությանը։ Բայց Աստված նրա հետ, նախարար Դանիելյանն ամենևին էլ չէր փայլում իր պաշտոնում և քիչ բան է արել իր ճյուղում հիմնախնդիրների լուծման համար։

Իսկ ընդհանրապես դեկտեմբերին երկրում նկատվել է «գողական» քաշքշուկների «փայլատակում»: Այսպես, ամսվա սկզբին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը մահու չափ ծեծեց այդ քաղաքի բնակչի, սակայն պաշտոնից չզրկվեց, քանի որ ոտնձգել էր ոչ թե նախագահի աշխատակազմի աշխատակցի, այլ Հայաստանի շարքային քաղաքացու հանդեպ։ Այլ հետաքրքիր (ավելի կամ պակաս չափով) քաշքշուկներ էլ եղան։ Կարելի էր մտածել, որ աստղերը նպաստում էին այս երևույթին, կամ տարեվերջը պարտավորեցնում էր ազգային էլիտայի ներկայացուցիչներին որքան հնարավոր է շատ սկանդալային պատմությունների մեջ խրվել՝ հետո հպարտությամբ ամանորյա սեղանի շուրջ բազմելու և երեխաներին ու թոռներին կյանքի «իսկական արժեքները» սովորեցնելու համար։

Ամսվա ևս մեկ նշանակալի հրաժարականը գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանինն էր։ ՕԵԿ առաջնորդ և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ հայ գյուղացիության դժբախտության մեղավորը բացառապես մայր բնությունն է, բայց, այնուամենայնիվ, հետ կանչեց իր նախարարին, թեև այդ պորտֆելը թողնում է իր կուսակցությանը։ Իրականում, կարծում եմ, բանը պրն Բաղդասարյանի՝ Գերասիմին հետ կանչելու որոշումը չէ, այլ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության անկեղծ ձգտումը՝ ազատել հայ գյուղացիությանը Տուրգենևի պատմվածքի տխրահռչակ Մումուի՝ Գերասիմի զոհի ճակատագրից։ Տեսնենք, թե որքանով կօգնի կադրային փոխդասավորումը գյուղի բնակիչներին. համենայնդեպս, չարժե հուսալ, քանի որ ավելի քան մեկ միլիոն հայ գյուղացիներին փրկելու համար անհրաժեշտ է, որ, նախ՝ հայկական օլիգարխաթը և իշխանությունը դադարեն գյուղացիությանը նայել որպես գերշահույթի աղբյուրի, երկրորդ՝ որ գյուղնախարարի պորտֆելը երկրի ղեկավարությունն այլևս չդիտարկի որպես քաղաքական սակարկությունների և կոալիցիոն համաձայնությունների առարկա։

Վարչապետ Սարգսյանի որոշմամբ ամսվա կեսին պաշտոնից հեռացվեց Վազգեն Խաչիկյանը, որը երկար տարիներ ղեկավարում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը։ Մինչ այդ Խաչիկյանը նկատվել էր ինչ-որ աֆյորաներում և, սա, թերևս, չմարսեց...

Նույն օրը պետության ղեկավարը Հրայր Թովմասյանին նշանակեց արդարադատության նախարար։ Նախագահի մյուս հրամանագրերով, համաձայն սեփական դիմումների, պաշտոններից ազատվեցին էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Վերջինս ստանձնեց էկոնոմիկայի նախարարի աթոռը։ Իսկ ֆինանսների նախարար նշանակվեց Վաչե Գաբրիելյանը, որը նախագահի մեկ այլ հրամանով ազատվել էր Կենտրոնական բանկի փոխնախագահի պաշտոնից։ Մի փոքր ավելի ուշ նախկին նախարար Երիցյանը գործուղվեց ԿԲ՝ Գաբրիելյանի փոխարեն։

Բայց քաղաքական ղեկավարության` Հայաստանի բնակչությանը հուսահատ օգնելու անկեղծ ձգտման մեջ արդեն վտանգավոր միտումներ են նկատվում. կառավարությունը որոշել է բնակչությանը դաստիարակել ավտոքաղաքացիական պատասխանատվության զգացմամբ և պարտավորեցրել է երկրի բոլոր քաղաքացիներին մինչև Նոր տարի ապահովագրեր ձեռք բերել։ Բնակչությունը խիստ բացասաբար վերաբերվեց այս գաղափարին, իսկ որոշ քաղաքական կուսակցություններ պարտադիր ապահովագրման դեմ պայքարը վերածեցին ընթացիկ քաղաքական գործունեության տարատեսակի։ Այս առնչությամբ հարկ է մի երկու նկատառում անել։

Առաջին. ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն (ԱՊՊԱ) իսկապես անհրաժեշտ բան է։ Օրինակ, չունևոր և անվճարունակ մարդը կարող է բազմահազարանոց վնաս հասցնել որևէ մեկին և հայտնվել աննախանձելի վիճակում։ Դրա համար էլ բոլոր նորմալ երկրներում պետությունը պարտավորեցնում է իր քաղաքացիներին ապահովագրված լինել մյուսների հանդեպ պատասխանատվությունից։ Այնպես որ՝ այս տեսակետից կառավարության որոշումը՝ Հայաստանում ներդնել ԱՊՊԱ մշակույթը, իսկապես շատ խելամիտ է։

Երկրորդ. ավտոքաղաքացիական պատասխանատվությունը երկրի քաղաքական ղեկավարության հազվադեպ օգտակար նախաձեռնություններից է, սակայն ինչպես և նախորդ անգամներին (ինչպես, օրինակ, հայ-թուրքական գործընթացի, օտարալեզու դպրոցների, հսկիչ-դրամարկղային մեքենաների պարագաներում) այդ օգտակար մտահղացումը բնակչությունը սվիններով ընդունեց, իսկ Տիգրան Սարգսյանի կառավարությունը և անձամբ Սերժ Սարգսյանը կորցրին հանրային կարծիքի առանց այդ էլ քիչ միավորները։ Ինչո՞ւ։ Որովհետև, նախ՝ փոքրիշատե հասկանալի բացատրական որևէ աշխատանք չէր տարվել բնակչության ներսում, և Սարգսյանի ռեժիմի գաղափարախոսական մեքենան դարձյալ դրսևորեց իր, մեղմ ասած, անզորությունը։ Երկրորդ՝ այսօր պարզապես չէր կարելի զբաղվել ավտոքաղաքացիական ապահովագրությամբ։ Հայաստանում այսօր անհետաձգելի լուծում պահանջող հազար խնդիր կա, իսկ ավտոքաղաքացիական ապահովագրությունը դրանցից 999-րդն է։ Հետևաբար, բնակչության մեջ ավտոքաղաքացիական պատասխանատվության զգացում դաստիարակելուց (ինչը խիստ գովելի է) առաջ հարկ էր ազգային էլիտայի ներկայացուցիչների մեջ դաստիարակել տարրական մարդկայնության և քաղաքացիական խղճի զգացումը, զբաղվել գյուղատնտեսության հիմնախնդիրներով, վերացնել ԳԱԻ-ի տիպի ռեպրեսիվ և դրամաշորթ մարմինները, լափելուց հետ վարժեցնել հայրենական բիզնեսը և մտածել նոր տնտեսություն ստեղծելու մասին (քանի որ հին տնտեսություն այլևս, ըստ էության, չկա, և շարունակել ապրել նրա հաշվին՝ նշանակում է սպառնալիքի տակ դնել Հայաստանի Հանրապետության գոյությունն իսկ) և այլն, և այլն, մի խոսքով՝ ինչպես տեսնում ենք, միլիոն բան կա, որոնցով պետք էր զբաղվել ավտոքաղաքացիական պատասխանատվության մշակույթը ներդնելուց առաջ։ Էլ չենք խոսում այն մասին, որ կարելի էր գոնե հետաձգել սույն պահին կասկածելի այս նախագծի իրականացման ժամկետները և երկրի քաղաքացիներին Նոր տարուց առաջ լրացուցիչ ծախսեր չպարտադրել, որը, ինչպես հայտնի է, տարվա ամենածախսատար շրջանն է հայերի համար։

Դեկտեմբերին, սովորականի նման, ընդունվեց գալիք տարվա պետական բյուջեն։ Կառավարությունը հիացած է իր ֆինանսական փաստաթղթով, այն անվանում է «սոցիալական», սակայն առանձնահատուկ ոչինչ չկա դրանում. 2011թ. բյուջեն գոյատևման բյուջե է, այլ ոչ թե զարգացման, իսկ իսկական զարգացման համար կառավարությունն այս տարի ոչինչ չի ձեռնարկել, բացի նրանից, որ աչք է փակել Հայաստանում արտադրվող աշխարհում ամենաթանկ ցեմենտի, ներմուծման չարդարացված ձևով բարձր տուրքերի, ամենաթանկ համակցված կերերի, պարարտանյութերի և այլնի վրա, քանի որ կառավարությունն այս տարի էլ ոտնձգություն չի կատարել հայկական էլիտայի գլխավոր սկզբունքի՝ գերշահույթ ստանալու հանդեպ և շարունակել է երկրի բնակչությանը դիտարկել որպես եկամուտների աղբյուր բյուջեի և օլիգարխաթի համար։

Դեկտեմբերին երկրում մեկով ավելացավ թունդ ընդդիմադիրների թիվը. այդպիսին դարձավ ոչ այլ ոք, քան Տիգրան Կարապետիչ Կարապետյանը՝ Ժողովրդական կուսակցության և «ԱԼՄ» հեռուստաընկերության սեփականատերը։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հրապարակեց հեռուստաեթերի տրամադրման երկու մրցույթների արդյունքները։ «Ա1+» և «Армньюс» հեռուստաընկերությունների միջև անցկացված մրցույթում «Армньюс»-ի ներկայացրած հայտը հավաքեց 44 միավոր, իսկ «Ա1+»-ը՝ ընդամենը երկու։ Այսպիսով, «Ա1+» հեռուստաընկերությանը կրկին եթեր դուրս գալու հնարավորություն չընձեռեցին։ Իսկ Տիգրան Կարապետյանին պատկանող «ԱԼՄ» հեռուստաընկերությունը զրկվեց եթերից։ Նրա մրցակիցն էր հաղթող ճանաչված «Երևան» հեռուստաընկերությունը։ Մի խոսքով՝ գալիք տարի Տիգրան Կարապետյանը մեզ ավելի շատ բավականություն կպատճառի. անեթեր մնալով՝ նա անպայման քաղաքական պայքարի ուրիշ, ոչ պակաս լուրջ մեթոդներ և եղանակներ կհայտնագործի։ 

Դեկտեմբերի 18-ին Հանրապետական կուսակցությունը հոբելյան էր նշում։ Դատելով տրամադրությունից՝ հանրապետականները գոհ էին իրենցից և նրանից, ինչ արել էին Հայաստանի համար, իսկ նախագահ Սարգսյանը, ելույթ ունենալով հանդիսավոր երեկոյում, ասաց. «Այսօր մեր առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան: Դրանց պատճառների և նախադրյալների մասին կարելի է ժամերով խոսել, բայց մեր խնդիրն այսօր դրանց հաղթահարումն է: Կան նախկին խորհրդային հանրապետություններ, որտեղ մեր աչքի առաջ այդ խնդիրը լուծվեց: Իհարկե, ո՛չ ամբողջությամբ, բայց կաշառակերությունն ու կոռուպցիան հասցվեցին այնպիսի նվազագույնի, որ ժողովուրդը սկսեց հավատալ պետական չինովնիկներին, ոստիկաններին ու դատավորներին: Սա հեքիաթ չէ, սա իրականություն է: Սա մեր վաղվա իրականությունն է: Այդ վաղը մենք պետք է մոտեցնենք մեր ուժերի ողջ լարումով: Մենք հպարտանում ենք մեր հայրենակիցներով, որոնք օրինապահ և օրինապաշտ են արտերկրում: Ես համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կհպարտանանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինապահությամբ: Մեր քաղաքացիները հարգում են օրենքը, երբ այն բոլորի համար է: Օրենքի առաջ բոլորի հավասարությունը և պատժի անխուսափելիությունը պետք է ապահովեն պետական կառույցները: Մենք դա պետք է անենք: Այո՛, դժվար է լինելու, բայց ոչ մի լավ բան այս աշխարհում հեշտ չի լինում»: Նախագահի այս խոսքերին ի պատասխան՝ Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Լևոն Զուրաբյանը Սարգսյանին անվանեց «ընդդիմադիր գործիչ», թեև, ճիշտ է, առիթը բաց չթողեց ավելորդ անգամ մի երկու տհաճ դատողություն անել։

Դեկտեմբերի 22-ին ավարտվեց օտարալեզու դպրոցների բացման հետ կապված էպոպեան։ Խորհրդարանը հավանություն տվեց համապատասխան օրենքների փոփոխություններին, իսկ բողոքող հանրությանը հսկայական հարթակ տրամադրեց պոպուլիստական գործունեության համար։ Այդ գործունեությունը, կարելի է չկասկածել, բավական զզվելի է լինելու առողջ բանականության համար, բայց ինչ արած՝ հայերը սիրում են և՛ դաշնակներին, և՛ մյուս նացիոնալիստներին, և՛ բոլոր պորտաբույծներին, որոնք սիրում են խոսել և հոգալ «ազգային արժեքների» մասին, որոնց իմաստն այս երկրում ոչ ոք խելքը գլխին բացատրել չի կարող։ Այնպես որ՝ պետք է համբերել...

Իսկ դեկտեմբերի 23-ին նախագահ Սարգսյանն այս ամսվա մեջ երկրորդ անգամ այցելեց օպերային թատրոն, բայց դրան զոհեր և ավերածություններ չհետևեցին. ոչ մեկը ոչ մեկի տեղը փոխել չտվեց, չծեծեց, մի խոսքով՝ ամեն ինչ հաշտ ու խաղաղ անցավ։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախաձեռնել էր հերթական անճոռնիությունը` այս անգամ ծաղրի ենթարկելով Ջուզեպե Վերդիին և նրա «Աիդա» օպերան։ Ցավոք, Հայաստանում առայսօր չեն հասկացել, թե ինչ է օպերային արվեստը և ինչպես պետք է վերաբերվել դրան։ Դրա փոխարեն այստեղ են հրավիրում կասկածելի օտարերկրացիների, բեմադրում են իբր թանկարժեք ներկայացումներ, իսկ նորմալ մարդը, 10 րոպե նստելով, դուրս է փախչում դահլիճից, քանի որ ի վիճակի չէ դիմանալ նվագախմբի ֆալշ (առնվազն 10 տոկոսով) նվագին։ Բայց հետաքրքիրն այն է, որ բոլորը հիացած են մնում Պողոսյանի բեմադրություններից. ինչպես և խայտառակ «Սպարտակի» պարագայում, բոլորը դրվատում են «Աիդան» և տիկին Պողոսյանի ջանքերը։ Ի դեպ, հայերի ազգային այս առանձնահատկությանը հարկ է ըմբռնումով վերաբերվել. եթե մեզ համար Վազգեն Սարգսյանը և Մանվել Գրիգորյանը իսկական հերոսներ և պետական գործիչներ են, ապա չարժե, իհարկե, զարմանալ դասական արվեստի համար այնպիսի խայտառակ երևույթներին տրված դրական գնահատականներից, ինչպիսին մշակույթի նախարարի նախաձեռնած «Սպարտակի» և «Աիդայի» բեմականացումներն են։

Դե, իսկ գլխավորը, ինչի մասին պետք է մտածել դեկտեմբերի վերջին, գալիք տարին է։ Ցավոք, քիչ նախադրյալներ ունենք մեկ տարի հետո որոշակի տեղաշարժեր ամրագրելու համար։ Բայց մեզ` հայերիս համար գլխավորը ոչ թե տեղաշարժերն են, այլ խոսակցությունները դրանց մասին, այնպես որ՝ մեկ տարի հետո էլ կրկին կբավարարվենք «կատարածի (թեև չկատարված) մասին հռչակագրերով»:

Մի քանի խոսք համարի բովանդակության մասին։    

Հրապարակախոս Ալեքսանդր Գարեգինյանն իր «Ապոլոգիա» հոդվածում գրում է հայ իրականության առանձնահատկությունների մասին, որոնց շնորհիվ մեզ մոտ գոյություն ունեն Բեգլարյանի, Ղուկասյանի և այլոց տիպի ֆենոմեններ։ Լուսինե Կեսոյանն իր հոդվածում գրում է երկրի քրեակատարողական և դատական համակարգերի մասին։ Մեր մշտական հեղինակներ Արտաշես Գեղամյանը և Ռուբեն Վարդանյանն այս անգամ հանդես են գալիս «Բանավեճ» խորագրում. Գեղամյանը խորհրդածում է քսենոֆոբիայի և այդ երևույթի հետևանքների, Վարդանյանը՝ ազգային գաղափարի և էլի ինչ-որ բաների մասին։ Մի խոսքով՝ այս նյութերն ուշագրավ են։ Իսկ ուսանող Արթուր Վարդիկյանը, որն արդեն մեկ անգամ տպագրվել է մեզ մոտ, գրում է Բրայան դե Պալմայի (նրա 70-ամյակի առիթով)՝ Հայաստանում կուլտային ռեժիսորի, այնպիսի ֆիլմերի հեղինակի մասին, ինչպիսին են «Սպիով երեսը», «Անձեռնմխելիները»: «Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում այս անգամ նույնպես հետաքրքիր նյութեր են զետեղվել։ Մասնավորապես, ուշադրություն եմ հրավիրում «Նեզավիսիմայա գազետա»-ի՝ Ալիև ամուսնական զույգին նվիրված հրապարակման վրա և առաջարկում եմ խորհել, թե ինչու հանկարծ այդ ծանրակշիռ ռուսական պարբերականը սկսեց հատուկ թուլություն տածել այդ զույգի հանդեպ։ Ուշադրության է արժանի նաև «Նովոյե ռուսկոյե սլովո»-ի հոդվածը՝ նվիրված ԱՄՆ փոխնախագահի մտավոր ունակություններին։ Իսկ «Մեջբերումներ դասականներից» խորագրում այս անգամ տեղ են գտել գրառումներ օսմանյան վերջին սուլթաններից մեկի օրագրից, որը որոշակի դեր է խաղացել հայության ճակատագրում, այնպես որ՝ ընթերցողներին հետաքրքիր կլինի ծանոթանալ թուրք տիրակալի հայտնություններին։

«Ազգային գաղափարի» ընթերցողներին և աշխարհի բոլոր հայերին երջանկություն ենք մաղթում 2011թ.։ 

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am