Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Դեկտեմբեր 2010, N 11

ԱՊՈԼՈԳԻԱ

Ալեքսանդր Գարեգինյան, հրապարակախոս

Ապոլոգիա (հին հուն. ἀπολογία) - պաշտպանական խոսք կամ պաշտպանագիր, շարադրանք, տեքստ՝ ուղղված ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի պաշտպանությանը։ Ենթադրվում է, որ ապոլոգիայի օբյեկտը ենթարկվում է հարձակումների։ Ներկայում «ապոլոգիա» եզրը կարող է բացասական կամ հեգնական երանգ պարունակել՝ նշանակելով ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի չափազանցված, չափից ավելի գովաբանությունը, կանխակալ պաշտպանությունը։

«ԱԳ»-ի հուլիսյան համարում ես գրել էի ազգային էլիտայի «վարքականոնի» բացակայության հետևանքների մասին, էլիտա, որն ապրում և գործում է տոտալ ամենաթողության պայմաններում։ Այդ ամենաթողության հետևանքներն այնպիսին են, որ հայրենական էլիտայի կենսակերպն իշխանության հանդեպ հանրային խորշանքի շատ ավելի զորեղ աղբյուր և դրդիչ է, քան հայ իրականության այլ հիմնախնդիրները, ներառյալ ծանր տնտեսական իրավիճակը, կոռուպցիան և այլն, և այլն։ Առաջին հայացքից թվում է, թե ավելի հեշտ բան չկա, քան հասարակության ներսում ազգային էլիտայի անդամների համար վարքի նորմեր մշակելը (ինչպես ԽՄԿԿ չգրված կանոնադրությունն էր, որը կանոնակարգում էր կուսակցական ֆունկցիոներների կենսակերպը), ինչը կհանգեցներ հանրային վրդովմունքի աղբյուրների վերացմանը, իսկ այն, որ դրանով առայսօր չեն զբաղվել, տարօրինակ մտքերի ծնունդ տվեց, քանի որ հանրահայտ է էլիտայի բացասական դերն այն բանում, որ հասարակությունը չի ընդունում իշխանությանը։ Արդյո՞ք դեկտեմբերյան իրադարձություններն առիթ կհանդիսանան իրավիճակը վերիմաստավորելու համար, թե՞ վերջին կադրային փոփոխություններն ընդամենը հարկադրված քայլեր էին՝ թելադրված կոնյունկտուրային նկատառումներով։ Փորձենք պարզաբանել այս հարցը։

 

ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԻ ԽՐՈՆԻԿԱՆ

Երևանի քաղաքապետը չկարողացավ ներել նախագահի արարողակարգի ծառայության աշխատակցի՝ իր տիկնոջն արած դիտողությունը և, մեղմ ասած, ծեծեց նրան։ Ասում են՝ պրն Կանդանյանին ծեծելուն նպաստել է բանից անտեղյակ Կարեն Կարապետյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարը, որը հետո խիստ անհարմար վիճակի մեջ հայտնվեց։ Մոտավորապես նույն օրերին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ ազգային հերոս Մանվել Գրիգորյանի որդին, ծեծելով կիսամեռ վիճակի էր հասցրել մի էջմիածնեցու։ Վերջինը հիվանդանոց էր ընկել, ասում են՝ դիմում էր ներկայացրել ոստիկանություն, իսկ հետո դիմումը հետ էր վերցրել, ըստ ՀՀ փոխոստիկանապետի հավաստիացման՝ հաշտվելով քաղաքապետի հետ։ Այդ նույն շրջանում արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը ծեծել էր իր ենթականերից մեկին, ինչի պատճառով առաջ էր բերել վարչապետի ցասումը. Տիգրան Սարգսյանն արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին հանձնարարել էր հրապարակավ պատժել Պողոսյանին, իսկ սա չէր կատարել վարչապետի կարգադրությունը։ Քաջարի պետական այրերի մենամարտերի արդյունքում երկու զոհ կա։ Գագիկ Բեգլարյանն ինքնակամ հեռացավ՝ նախագահի աշխատակազմի ճնշման տակ, իսկ Գևորգ Դանիելյանը հեռացվեց պետության ղեկավարի հրամանագրով՝ վարչապետի հանձնարարությունը չկատարելու համար։ Կարեն Գրիգորյանը և Միհրան Պողոսյանը պահպանեցին պաշտոնները, ինչը վերջինի պարագայում բավական տարօրինակ է թվում1։

 

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ

Գագիկ Բեգլարյանը երկրի ամենալավ քաղաքապետն էր։ Բեգլարյանը կոմերիտական դպրոց էր անցել, որը նրան սովորեցրել էր կյանքում առաջնորդ լինել ցանկացած հասարակական-քաղաքական կացութաձևի պայմաններում։ Ինչպես նախկին կոմերիտական առաջնորդներ Բասաևն ու Ռադուևը (որոնք հասարակական-քաղաքական կացութաձևի փոփոխ-մամբ վերաորակավորվեցին՝ վահաբական ու ահաբեկիչ դառնալով), Բեգլարյանը նոր, անկախ Հայաստանի իրողություններում դարձավ խոշոր կոմերսանտ, քաղաքական գործիչ և երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, այսինքն՝ լիովին օգտագործեց իր ողջ կոմերիտական պոտենցիալը։ Եվ քանի որ Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի, հաղթանակած գեներալների և «գողական» հեղինակությունների ստեղծած նորահայ իրականությունը կտրականապես բացառում էր ինտելիգենտության և բարեկրթության առկայությունը, Գագիկ Բեգլարյանն իր մեջ հայտնաբերեց և իրականության մեջ հաջողությամբ կիրառեց «գողական հեղինակության» կարողությունները։ Այս ամենն օգնում էր Բեգլարյանին քաղաքապետի աշխատանքում։ Նա հաջող ընտրարշավներ էր կազմակերպում, կարողանում էր մարդկանց տանել իր հետևից, միևնույն ժամանակ հաջողությամբ զբաղվում էր նաև քաղաքի հիմնախնդիրներով։ Բնականաբար, Բեգլարյանն առաջին հերթին զբաղված էր անձնական շահերն իրագործելով, ինչպես երկրի բոլոր քաղաքական գործիչները, սակայն, պետք է խոստովանել, նրան երբեմն հաջողվում էր, չափազանց զբաղված լինելով հանդերձ, օգտակար գործեր անել նաև քաղաքի համար։ Այս ամենը թույլ է տալիս մեզ պնդել, որ Գագիկ Բեգլարյանն իսկապես ամենալավ կառավարիչներից մեկն էր Հայաստանում, և նրա հարկադրյալ հեռանալը տխուր խորհրդածությունների տեղիք է տալիս։ Օրինակ, երկրում այսօր քաղաքապետեր և մարզպետեր կան (Սուրիկ Խաչատրյանի և Վարդան Ղուկասյանի տիպի), որոնց համեմատ Գագիկ Բեգլարյանը 19-20-րդ դդ. սահմանագծի կատարյալ ռուս մտավորական էր (Չիչերինի տիպի)։ Եվ փաստը, որ Բեգլարյանը հեռացավ, իսկ մյուսները մնացին, չի կարող ուրախացնել։

Ուրեմն, ինչո՞ւ հանեցին Բեգլարյանին։

Բեգլարյանը հարկադրված հեռացավ մարդ ծեծելու համար։ Նշենք, որ գազանաբար, մահու չափ չէր ծեծել, ընդամենը մի երկու ապտակ էր տվել նախագահի աշխատակազմի աշխատակցին, ինչը պետության ղեկավարը չէր կարողացել ներել։ Սրանից երկու տարի առաջ Գագիկ Բեգլարյանը, արդեն քաղաքապետ լինելով, բռնություն էր ցուցաբերել մի դեռահասի նկատմամբ, որը համարձակություն էր ունեցել «ռազբորկայի» մեջ մտնել իր որդու հետ։ Այս միջադեպն աննկատ չէր մնացել երկրում, սակայն քաղաքական բարձր ղեկավարներից ոչ մեկի մտքով չէր անցել գոնե կշտամբել Բեգլարյանին բարբարոսության համար։ Նշենք, որ անչափահասի նկատմամբ կիրառված բռնությունն ավելի աններելի արարք է, այդ թվում և քրեական իրավունքի տեսանկյունից, քան չափահասին ապտակելը։

Ինչպես տեսնում ենք, գործ ունենք ոչ թե արդարության և օրինականության պահպանման, այլ ընդամենը հասկացությունների հետ, որոնք իրենցով Հայաստանում նենգափոխել են իրավունքը և բարոյականությունը, քաղաքական և իրավական գիտակցությունը։ Հայաստանի քաղաքական բարձրագույն իշխանությունը ներել է իր ծառայողների այնպիսի արարքներ, որոնց համեմատ Բեգլարյանի գործածն անգամ իրավախախտում անվանելն է դժվար։ Այսպես, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա որդու «հաշվին» մի շարք սպանություններ կան, որոնց հետևանքով «մեղմ» պատիժներ են կրում դրածո մարդիկ, այն դեպքում, երբ միլիոնավոր վկայություններ կան այն բանի, թե ով է իսկական մեղավորը և հանցագործություններ կատարողը2։ Թե ինչ է կատարվում աթոռանիստ Էջմիածնում պատերազմի ավարտից և հատկապես Վազգեն Սարգսյանի վախճանվելուց հետո (ի դեպ, «սպարապետին» հաջողվում էր հնազանդ պահել իր գեներալներին, և վերջինները նրա օրոք ընտրովի, այսպես ասած՝ «դեղատոմսով» էին խուլիգանություն անում), ընդհանրապես նկարագրելու բան չէ. վերջին երկու տարում քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հաջողությամբ յուրացնում է հոր դասերը, և էջմիածնեցու դաժան ծեծի դեկտեմբերյան դեպքն ընդամենը մեկն է մարդու անձի դեմ իրագործվող անվերջանալի հանցագործությունների շղթայում։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն աչքի է ընկնում իր խուլիգանական վարքագծով, նրա «հաշվին» հազարավոր պոտենցիալ քրեական գործեր կան, որոնք, սակայն, նա հաջողությամբ փոխհատուցում է իշխող ռեժիմին անհրաժեշտ արդյունքներով ընտրություններ կազմակերպելով։ Վանաձորում նույնպես իրավիճակն ավելի լավը չէ։ Իսկ ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորներին, ապա դա այլ ընդարձակ խոսակցության թեմա է։ Մի խոսքով՝ Հայաստանի քաղաքապետերի և մարզպետերի կենսագործունեության վերլուծությունը հանգեցնում է անմխիթար հետևության, քանի որ բացահայտում է մարդու հանդեպ բռնության քրեորեն պատժելի հազարավոր փաստեր, ներառյալ երկրի քաղաքացիների սպանությունները։ Եվ ահա, երբ մնում է այս ամբողջ լեգեոնը և հեռանում է երկրի լավագույն քաղաքապետը, ապա դա անարդարության և երկրի հասարակական-քաղաքական կյանքում կեղծ հասկացությունների տոտալ իշխանության, հանրային կարծիքի տոտալ այլասերման հերթական փաստն է։

Իսկ ինչ վերաբերում է հենց նախագահի աշխատակազմի աշխատակիցների «կուլտուրական կերպարին», ապա պետք է ասել, որ այն հեռու է լավագույնը լինելուց։ Որոշ ստորաբաժանումների ղեկավարներ իրենց, մեղմ ասած, անպարկեշտ են պահում. հրապարակավ իրենց անձին ընդգծված մեծ կարևորություն են տալիս՝ դրանով իսկ տրորելով Հայաստանի քաղաքացիների մարդկային արժանապատվությունը։ Իսկ դրա համար հատուցում է, ինչպես հայտնի է, պետության ղեկավարի անձնական հեղինակությունը։

 

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Նախագահի աշխատակազմի աշխատակցի ծեծն ի հետևանք իր ծառայողական պարտականությունների կատարման՝ մարտահրավեր դարձավ անձամբ պետության ղեկավարին3։ Նախագահին մոտ գտնվող մարդիկ, ողջունելով Բեգլարյանից ձերբազատվելու որոշումը, ասում են, թե Երևանի քաղաքապետին ներելը կնշանակեր նախագահական իշխանության թուլության դրսևորում, ինչը գրեթե անկանխատեսելի հետևանքներ կունենար, քանի որ երկրի քաղաքական էլիտայի ներսում գործում են այլ օրենքներ և հասկացություններ։ Այսպես, հայտնի է, որ երկրի քաղաքական էլիտայի անդամների մեծ մասն իսկական շակալներ են, իսկ շակալները միշտ զգույշ են իրենց գործողություններում. նրանք կատարում են առաջին վեհերոտ քայլը և սպասում պատասխան ռեակցիային։ Եթե ռեակցիան համարժեք չէ կամ ընդհանրապես չկա, ապա շակալի երկրորդ քայլն արդեն նենգ է և գիշատչական։ Այլ խոսքով՝ շակալը սկզբում տրորում է ոտքդ, իսկ անպատիժ մնալու դեպքում արդեն գլուխդ է ջարդում։ Այսպիսով, Բեգլարյանին ներելը ամենաթողության ազդանշան կդառնար շակալի կենսակերպի սկզբունքներով առաջնորդվողների համար, և այդ ժամանակ երկրում անձեռնմխելի կմնային հաշվված մարդիկ՝ նախագահ Սարգսյանը, նրա աղջիկներն ու փեսաները, մերձավոր բարեկամները, ուժային կառույցների ղեկավարներից ոմանք, քանի որ յուրաքանչյուր շակալ, որոնցով լեփլեցուն է երկրի քաղաքական էլիտան, իր պարտքը կհամարեր անձամբ ծեծել թեկուզև մեկ ինտելիգենտ նախարարի Տիգրան Սարգսյանի թիմից (Տիգրան Դավթյանի տիպի) և մի երկու պատահական պատգամավորի՝ հանուն սեփական հեղինակության հաստատման։

Հետևաբար, Բեգլարյանին ներելը, ինչպես ներվեց երկամյա վաղեմության արարքը, կարող էր հանգեցնել աղետալի հետևանքների, այն է՝ էլիտան կդառնար անկառավարելի, և այն վերահսկելն, իսկապես, ավելի բարդ, իսկ ժամանակի ընթացքում՝ անհնար կլիներ։ Հետևաբար, պետության ղեկավարի՝ մեծ քաղաքականությունից Բեգլարյանին հեռացնելու որոշումն այլընտրանք չուներ։ 

 

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ուրեմն, ի՞նչ ունենք իրականում։ Մի կողմից՝ Բեգլարյանին հեռացնելը թե՛ անարդարացի է (քանի որ քաղաքականության մեջ մնացած քաղաքապետերի ու մարզպետերի համեմատ նա մաքուր բյուրեղ է), թե՛ աննպատակահարմար (քանի որ արդյունքում երկիրը զրկվեց լավ կառավարչից)։ Մյուս կողմից՝ Բեգլարյանին հեռացնելը չափազանց ճիշտ էր և այլընտրանք չուներ, քանի որ ինքը՝ նախկին քաղաքապետը, երկրի քաղաքական ղեկավարության համար ընտրություն չէր թողել՝ վերջինին դնելով այնպիսի վիճակի մեջ, որի ելքը միայն մեկն էր՝ հրաժարականը։

Հայաստանը պետություն է, որտեղ ընդհանրապես պետություն չկա։ Հայաստանն ավելի շուտ մի դուքան է հիշեցնում, որը ղեկավարում են կոմերցիոն վարչարարները, որոնց համար անընդունելի է համընդհանուր շահը պաշտպանելը։ Երբ համընդհանուր շահը պահանջում էր վերակենդանացնել խորհրդային արդյունաբերությունը, բարձրաստիճան քաղաքական գործիչներն այստեղ հաջող կոմերցիայով սկսեցին զբաղվել. օրինակ, նախկին «ԵրԱզ» ավտոգործարանը վերածեցին շինհրապարակի և մինչճգնաժամային տարիների շինարարական բումի գագաթնակետին վատ կարողություն չդիզեցին։ Վերակենդանանալու հնարավորություն ունե՞ր արդյոք ավտոմեքենաշինական արդյունաբերությունը երկրում։ Կարծում ենք՝ այո։ Համենայնդեպս, Ադրբեջանում այն չվերակենդանացրին, քանի որ վերակենդանացնելու բան չկար, բայց զրոյից ստեղծեցին մի ամբողջ ավտոարդյունաբերություն, գործարաններից մեկն էլ, որն արդեն արտադրանք է արտահանում, կառուցեցին մեր կողմից շրջափակված Նախիջևանում։ Գործերն այսպես են հարևան պետությունում, իսկ մեզ մոտ ավտոմեքենաների պահանջարկը որոշեցին բավարարել ներմուծմամբ, ինչը, հասկանալի է, անհամեմատ ավելի շահավետ է, քան մի ամբողջ ճյուղի վերականգնման վրա գլուխ կոտրելը։ Հայաստանում էլիտան, որը ներկայացված է Ազգային ժողովում, կառավարությունում և բյուրոկրատիայի բարձրագույն էշելոններում, բացառապես իր շահերի մասին է հոգում։ Ո՞վ կհավատա, որ հիշատակված հաստատություններում մարդիկ աշխատում են հանուն համընդհանուր բարօրության և առաջնորդվում են համընդհանուր շահով։ Եվ ո՞վ կարող է ասել, թե կյանքում համընդհանուր շահի իրագործման գոնե մեկ դրսևորում է տեսել։ Ո՛չ ոք։ Քանի որ էլիտայի համար երկրի բնակչությունն ընդամենը գերշահույթների աղբյուր է, ոչ ավելին։ Այդպես է եղել միշտ։

Դրա համար էլ նախագահ Սարգսյանը, որը բոլոր հայերին իր «եղբայրներն ու քույրերն» է համարում, նրանց միջև միշտ ոչ մեծ տարբերություն կտեսնի, այն է՝ եթե որևէ քաղաքի ղեկավարը հանկարծ ծեծի նրա մարդուն, ապա դա սրբապղծություն կհամարվի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով (ինչպես Գագիկ Բեգլարյանի պարագայում), եթե քաղաքապետը ծեծի մեկ ուրիշի, որը նախագահի մարդը չէ (բայց, այնուամենայնիվ, նրա «եղբայրն» է), ապա ոստիկանությունը պաշտոնապես կհայտարարի, որ առանձնապես ոչինչ չի պատահել, միջադեպի մասնակիցների միջև կոնֆլիկտը հարթվել է և այլն (ինչպես Կարեն Գրիգորյանի պարագայում)։

Այսպիսով, խոսել, թե վերջին իրադարձությունների հետևանքն անպայման էլիտայի «վարքականոնի» ստեղծումը կլինի, ճիշտ չէ։ Կմնան նույն կամայականությունը, նույն ամենաթողությունը, երկրի քաղաքացիների հանդեպ նույն բռնությունը։ Թեև, հնարավոր է նաև, որ նման վարքականոն կա, բայց դրանում, ահա, մի փոքր այլ նորմեր ու սահմանափակումներ են մտցված, որոնց մասին վերը խոսեցինք։ Who knows?

Հայաստանը պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին կա։ Պայքարել, փորձել մի ինչ-որ ավելի լավ, արդարացի, ազնիվ, խելացի բան անել՝ ժամանակի և ուժերի անիմաստ կորուստ է։ Այս հետևության են հանգել երկրի ողջամիտ գրեթե բոլոր բնակիչները։ Իսկ Հայաստանն ինչպիսին որ կա չընկալելու դեպքում պարզապես պետք է լքել այն։ Սա է բոլոր խնդիրների միակ լուծումը...   

 

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը, ոչ ինքնիշխան փոքր երկիր լինելով, որի ապագան մեծ մասամբ կախված է համաշխարհային տերություններից, օրեցօր կորցնում է հեղինակությունն արտաքին աշխարհում, և այս հանգամանքը տագնապեցնող է։ Պետք է, չէ՞, հիշել, որ մեզ մոտ տեղի ունեցող ամեն ինչ բազում հատուկ ծառայությունների ամփոփագրերի տեսքով ամեն օր հայտնվում է այն աշխատասենյակներում, որտեղ վճռվում է աշխարհի ճակատագիրը և որտեղ որոշվում է գլոբալ քաղաքականությունը։ Կհամակրե՞ն կամ կհարգե՞ն մեզ այն մարդիկ, ովքեր ստույգ տեղեկացված են այն մասին, թե որտեղ և ինչ են աշխատում Վարդան Ղուկասյանն ու Սուրիկ Խաչատրյանը, Կարեն Գրիգորյանն ու Գագիկ Բեգլարյանը, և ովքեր են նրանք իրականում։ Կարծում ենք՝ այս հարցը պետք է դառնա երկրի քաղաքական ղեկավարության մտահոգության առարկան, քանի որ ինքն է հարաբերակցվում արտաքին աշխարհի հետ և ավելի լավ գիտե, թե ինչպես, ինչու և ինչ աստիճանի է փոխվում վերաբերմունքը Հայաստանի հանդեպ։

 

1 Փաստացի նախարար Դանիելյանին աշխատանքից հեռացրին այն պատճառով, որ համարժեք միջոցներ չէր ձեռնարկել խուլիգանական արարք թույլ տված ենթակային պատժելու համար։ Իսկ խուլիգանական արարք թույլ տված Պողոսյանին թողեցին իր պաշտոնին։ Բայց չէ՞ որ առողջ բանականությունն ասում է, որ եթե Դանիելյանին հանում են, ապա Պողոսյանին գոնե պետք էր նստեցնել, ինչը, ինչպես տեսնում ենք, տեղի չի ունեցել։

2 Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լեգենդար կերպար է, որի տեղն աշխարհի առաջատար հանրագիտարաններն են, քանի որ այն, ինչ արել է այդ մարդը, աշխարհում նմանը չունի, այնպես որ՝ Ղուկասյանի քաղաքական ամբողջ կենսագրությունը պետք է ներառվի քաղաքական պատմության մեջ, քանի որ նման բան աշխարհում երբեք և ոչ մի տեղ չի եղել ու չի կրկնվի։ Այսպես, գյումրեցիները սարսափով պատմում են, թե ինչպես է քաղաքապետն ամուսնացրել իր Սպարտակ որդուն։ Ուրեմն, Ղուկասյանը խնամախոս է գնում ապագա հարսի տուն, այնտեղ միայն գտնում է նրա տատիկին (աղջկա ծնողները նախապես փախել էին տնից), նրան նկուղ է խցկում և ասում, որ ծեր կնոջն այնտեղից բաց կթողնի միայն այն ժամանակ, երբ ծնողները կամովին իրենց աղջկա ձեռքը տան իր տղային։ Թե որքան է նկուղում մնացել ծեր կինը Ղուկասյանի բանդայի հսկողության տակ, հայտնի չէ, սրա վերաբերյալ զանազան վարկածներ կան, սակայն այդքան հազվադեպ մեթոդը դրական արդյունք տվեց, և շուտով տեղի ունեցան նշանադրության և հարսանեկան արարողությունները։

3 Պատմությունն այսպես է եղել. Պլաչիդո Դոմինգոյի համերգի ժամանակ Կանդանյանը քաղաքապետ Բեգլարյանի տիկնոջը և նրա ընկերուհուն խնդրում է մի փոքր հեռու նստել պետության ղեկավարի աթոռից, քանի որ արարողակարգի համաձայն՝ պաշտոնական միջոցառումներին նախագահ Սարգսյանի կողքին կարող են նստել միայն կաթողիկոսը, խորհրդարանի նախագահը և վարչապետը։ Երևանի առաջին տիկինը Կանդանյանի առաջարկն անձնական վիրավորանք համարեց և այդ տեսակետին բերեց նաև ամուսնուն։

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am