Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Դեկտեմբեր 2010, N 11

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՄԻՋԸ

Լուսինե Կեսոյան, www.nationalidea.am կայքի քաղաքական մեկնաբան

Երբ դեկտեմբերի 8-ի երեկոյան նախագահ Սարգսյանն անսպասելիորեն աշխատանքից ազատեց արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին, տարբեր դրդապատճառների մեջ նշվեց նաև համակարգում առկա, բայց այդպես էլ լուծում չստացած խնդիրների գործոնը:  Իսկ որ այս և դրա հետ անմիջապես առնչվող իրավապահ կառույցներում խնդիրներն ավելի քան շատ են և ավելի քան լուրջ, որևէ մեկը հերքել չի կարող:

Բոլոր նորմալ երկրներում իրավապահների գործը պետության ներսում օրինականության ապահովումն է:  Հայաստանում իրավապահներն ամեն ինչ անում են, որ հասարակության առանց այդ էլ երերացող վստահությունը, արդարության, իշխանությունների կարողությունների ու ցանկությունների հանդեպ հավատն օր օրի նվազի: Ով վճարունակ չէ, նրա ամենաթեթև զանցանքը դառնում է հանցանք, և մարդը հայտնվում է անհեթեթ իրավիճակում, իսկ հետո նաև ճաղավանդակներում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բավական ջերմ շփումներ է ունենում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ: Երբևիցե նախագահի մտքով անցե՞լ է, թե ինչպես պատահեց, որ մեզնից շատ ավելի վատ վիճակում գտնվող Վրաստանը կարողացավ հասնել օրենքի գերակայության, որ բնակիչները խաղաղ ու վստահ ապրեն երկրում, իսկ մեզ մոտ, չգիտես ինչ տրամաբանությամբ, աստիճանաբար ավելանում են հանցագործության ցուցանիշները, և դա, ինչն ամենազավեշտալին է, մատուցվում է դրական լույսի ներքո՝ իբր իրավապահներն աշխատում են գիշեր ու զօր:

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ «ՊԱՅԹՈՒՄ» ԵՆ ՆԵՐՍԻՑ

Հոկտեմբերի 30-ին բողոքի ակցիա էին կազմակերպել «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները: Նրանք բարձրացել էին տանիք և պահանջում էին հարգել իրենց իրավունքները: Բողոքը, մասնավորապես, վերաբերում էր դատապարտյալների պահման պայմաններին և նրան, որ Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովն անտեսում է դատապարտյալների պահանջները՝ մերժելով նրանց և այդ նպատակով օգտագործելով դատապարտյալների նկատմամբ կիրառվող տույժերն՝ իբրև հարմար «զենք»:

Նոյեմբերի 10-ին բողոքի հերթական ալիքը բարձրացրին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով հիվանդները. նրանք ևս ազատություն էին պահանջում: Հիվանդ բանտարկյալները պատմում էին, թե բուժելու փոխարեն իրենց միայն անալգին են տալիս, անգամ կառավարության կողմից ընդունված և պոլիկլինիկաներում անվճար բաժանման դեղերի շարքն անցած արմենիկումի երեսը չեն տեսնում: Դատապարտյալները պահանջում էին իրենց վերաբերվել ոչ թե որպես անպետք իրի, այլ իբրև մարդու, և եթե չեն բուժելու, գոնե ազատ արձակեն՝ ազատության մեջ մեռնելու և սեփական ուժերով իրենց վիճակը թեթևացնելու համար:

Արդեն որերորդ տարին է՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում տիրող պայմանների մասին իր տարեկան զեկույցում բարձրաձայնում է նաև Մարդու իրավունքների պաշտպանը: ՔԿՀ-ներում հատկապես խախտվում են դատապարտյալների պահման տարածքային պայմանները. կարգը պահանջում է մեկ դատապարտյալի համար 4 քմ տարածքի հատկացում (եվրոպական որոշ երկրներում արդեն 6 քմ-ի պահանջ է դրվում), ինչը, բնականաբար, մեզ մոտ չի պահպանվում:

ՔԿՀ-ների նման ծանրաբեռնվածության պայմաններում ՀՀ դատարանները շարունակում են նույն տեմպերով «ծանրաբեռնված» աշխատել՝ մարդկանց ուղարկելով կալանավայրեր:

«Խնդիրը խորքային է,- ասում է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը,- դա այն չէ, թե մեր հասարակությունը քրեածին է, կամ շատ է այդ տարրը մեր հասարակության մեջ, պարզապես մեր պետության մեջ շատացել է պետական ռեպրեսիան: ՀՀ-ում գործում են ռեպրեսիվ մարմիններ: Իհարկե, մինչև 2008 թվականն էլ են եղել այդ ռեպրեսիաները, բայց 2008-ից հետո ռեպրեսիաների մասին ահազանգն ավելի ուժգնացել է: Օրինակ, հարկային տեսչության աշխատակիցները. մտե՛ք և տեսե՛ք, թե ինչ է կատարվում միջին և փոքր ձեռնարկություններում և ինչպես են նրանք վերաբերվում հարկային տեսուչներին: Բոլորին անխտիր հանձնարարված է ինչ-որ ձևով անպայման տուգանել տնտեսվարող սուբյեկտներին. ինչո՞ւ, որովհետև բյուջեում գումար չկա: Սա մեր պետության ռեպրեսիվ մեխանիզմն է, որը գործում է, միշտ էլ գործել է, բայց այսօր այդ մեխանիզմն ավելի արատավոր ձևով է գործում, ավելի ռեպրեսիվ է և հետապնդում է մարդկանց»:

Ստացվում է, որ բյուջեում գումարչ կա՝ ռեկետ է, կալանավայրերում հանցագործների ցուցանիշ ապահովելու համար՝ դարձյալ ռեկետ է: ՔԿՀ-ները ծանրաբեռնվում են, քանի որ դատարաններն էլ, իրենց հերթին, դարձել են դատախազության կցորդը. նրանք իրենց պարտքն են համարում հարուցված յուրաքանչյուր քրեական գործի համար անպայման կալանավորներին դարձնել դատապարտյալ, իսկ ահա նույն այդ ՔԿՀ-ների հետ հարկ եղած «բեռնաթափումն» իրականացնելու նպատակով ստեղծված Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովից միայն բողոքներ ենլսվում: Դատապարտյալներն ասում են, թե միտումնավոր տույժեր են «կազմակերպվում», որպեսզի հանձնաժողովը մերժելու հիմքեր ունենա:

 

Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ Է ՊԱՀՎՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

«Նախապես այդ մարդկանց տույժերի են ենթարկում, որպեսզի չկարողանան օգտվել պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից: Ուղղակի կոռուպցիայի բուն է, նման հանձնաժողով մեր երկրին պետք չէ: Այս հանձնաժողովը ստեղծվեց, որպեսզի այդ մարդկանց պահեն բանտախցերում և նույն բանտախցում գտնվող քրեական տարրը լինի իրենց համար վերահսկելի: Իրենց ծառայի նաև էդ տարրը: Հանձնաժողովը կարող է այնպիսի հանցագործություններ կատարած մարդկանց բաց թողնել, որ ապշելու բան է, և դրա հետ մեկտեղ այնպիսի մարդիկ են մերժվում, որոնք 6-7 անգամ վարչակազմի կողմից դրական են բնութագրվել»,- Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ 2009թ. տարեկան զեկույցի քննարկման ժամանակ այսպիսի գնահատականներ էր տալիս Զարուհի Փոստանջյանը:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Կարինե Քալանթարյանը պատմեց, թե ինչպես է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տուն մտել մեկը, որն ութ անգամ դատապարտվել, բայց վաղաժամկետ ազատ էր արձակվել և, փաստորեն, դարձյալ հանցագործություն էր կատարել: Թե ինչի հիման վրա էր ազատվել սույն անձնավորությունը, գիտեն միայն Պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի անդամներն ու երբեմն-երբեմն նրանց ուղղորդողները:

Մինչև հանձնաժողովի ստեղծումը՝ 2006թ., դատապարտյալներն ազատվում էին դատարանի միջոցով. ՔԿՀ ղեկավարությունը երաշխավորում էր դատապարտյալին, դատարանը վերանայում էր գործը և որոշում՝ արժե՞ տվյալ անձնավորությանն ազատություն շնորհել, թե՞ ոչ: Խոսակցություն ներկան, թե հանձնաժողովի ստեղծման նպատակը մեկն էր՝ դատապարտյալների ազատությունն «ապահովող» գումարները դարձնել վերահսկելի՝ կենտրոնացնելով մի տեղում: Հենց սա էլ հիմք է տալիս շատերին, որպեսզի հանձնաժողովին մեղադրեն կոռուպցիայի մեջ. այն ժամանակ գումարները կարող էին «կորչել» ՔԿՀ-դատարան ճանապարհին, մինչդեռ հանձնաժողովի ստեղծմամբ դրանց տեղը կոնկրետացվեց:

Ի՞նչ է ստացվում. դատարաններն ինտենսիվ կերպով ՔԿՀ-ներ են «գործուղում» մեծ թվով դատապարտյալներ, իսկ Պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովն, իր հերթին, դատապարտյալներին պահում է այդ հիմնարկներում, և վերջնահաշվում դուրս է գալիս, որ Հայաստանը բուռն տեմպերով ձգտում է ամենամեծ թվով հանցագործ ունեցող պետության կարգավիճակի:

Մանրազնին ուսումնասիրության դեպքում սարսափահար կլինես, թե որքան քրեական գործեր են հարուցվում, հատկապես երիտասարդների նկատմամբ, ովքեր անզգուշություն են ունենում անգամ ամենափոքր զանցանք կատարելով ընկնել իրավապահների ձեռքը:

 

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԱԽՆԴԻՐ ԵՆ

Անցյալ տարի ՔԿՀ-ներում ստեղծված ծանր վիճակը մի փոքր մեղմացավ (եթե դրան կարելի է «մեղմանալ» ասել) նախագահի հայտարարած համաներման շնորհիվ, որն, այսպես ասած, «թեթևակի» ներում էր՝ հատուկ 2008-ի մարտի 1-ի մասնակից երկրորդական դեմքերի համար: Սակայն բուռն տեմպերով լցվող կալանավայրերը շուտով «վերականգնեցին դիրքերը»:

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանն Ազգային ժողովում հարցի քննարկման ժամանակ հայտարարեց. «Քանի որ վիճակը դարձյալ էն չէ, ինչ պետք է լինի, անհրաժեշտ է, ըստ երևույթին, նոր ամնիստիա, կամ մի քանի այլ ճանապարհով փորձել իրավիճակը շտկել: Որքան տեղյակ եմ, պետաիրավական հանձնաժողովում կա մշակված նախագիծ, որով քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում սանկցիաները մեղմացվում են, ինչը, ըստ երևույթին, հնարավորություն կտա մոտ հազար մարդու ազատել: Դրանով իսկ կլուծվի դատապարտյալների խտությունը նոսրացնելու հարցը, բացի այդ, չի եղել մի դեպք, որ հանրապետության նախագահը ներում չշնորհի, եթե մարդն ընդունում է իր մեղքը, եթե արժանի է տվյալ մարդը»:

Ռաֆիկ Պետրոսյանի մատնանշած պատժամիջոցների թուլացումն իսկապես բավական գործուն մեխանիզմ կարող է լինել, եթե, իհարկե, կիրառվի և եթե, իհարկե, հանձնաժողովի մշակած մեխանիզմում հաշվի առնվեն այն պատժամիջոցները, որոնք պետք է որ թուլացվեն: Ի դեպ, այս և մի քանի այլ հարցերում իրավապահ համակարգի բոլոր թևերն իրար կոկորդ են կրծում. ԱԱԾ-ն արհամարհում է ոստիկանությանը, ոստիկանությունը տանել չի կարողանում դատախազությանը, վերջինս, իր հերթին, բոլորին ստորադաս է համարում: Անհասկանալի է, թե ում ենթակայության տակ է գործում քննչական գլխավոր վարչությունը, այն ևս «չի ընդունում» ոստիկանությանը, բայց և բամբասում է դատախազությունից: Իսկ հատուկ քննչական ծառայությունը, որն իր էությամբ հակասահմանադրական կառույց է, չգիտես ում է ենթարկվում: Այսպես անկարգ ու անկանոն, փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտում էլ, հայավարի, ապրում ենք, ու տերովին տերն է տանում, անտերին էլ… Այս ասացվածքը դարձել է մեր օրերի կարգախոսը:

 

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ «ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Քրեական օրենսգրքի վիճարկելի հոդվածներից մեկը, օրինակ, խուլիգանության հոդվածն է, որի կիրառմամբ իրավապահները վրեժ են լուծում անցանկալի անձանցից: Քանի որ, որպես կանոն, միջադեպերը տեղի են ունենում հասարակական վայրերում, ամենաթեթև քաշքշուկը կարող է դիտվել խուլիգանություն, եթե դա չի կատարվել յուրայինների կողմից, չկա շահ կամ զորեղ միջնորդ: Այս դեպքերում հասարակությունը ոստիկանության համար դառնում է երկրորդական: Իսկ հոդվածի 4-րդ մասից գլուխ չեն հանում անգամ իրավաբանները: Խուլիգանության հոդվածը նախատեսում է 4-7 տարի ազատազրկում, սակայն հարցն այն է, որ դատարանները կարողանում են ըստ հայեցողության «շրջել» քրեական գործերը՝ ցանկության դեպքում խստացնելով պատիժը՝ «որպես զենք հարմարեցված» և «որպես զենք օգտագործված»՝ հոդվածում կիրառվող արտահայտությունների հետ ցանկալի մանիպուլյացիայի միջոցով: Եվ քանի որ մեղադրանք հարուցողը դատախազությունն է, ըստ այդմ, արդեն առաջադրված մեղադրանքն արդարացնելու համար խիստ պատիժ են սահմանում, իսկ դատավորները, որպես կանոն, եթե հարցը չեն համաձայնեցնում դատախազության հետ, վախենում են ընդդիմանալ Հայաստանի ամենահզոր կառույցին:

Խուլիգանություն կատարողների կամ նման արարք կատարածի որակում ստացածների նկատմամբ դատախազությունն անհողդողդ է՝ հատկապես ելնելով այն հանգամանքից, որ սա դիպչում է ՀՀ գլխավոր դատախազի սրտի նուրբ լարերին. խուլիգանությունը Աղվան Հովսեփյանի՝ 2005թ. պաշտպանած դոկտորական ատենախոսության թեման է («Դատախազության գործունեությունը և խուլիգանության դեմ պայքարի հիմնախնդիրները»): Ահա թե ինչն էր կարևորել Աղվան Գառնիկովիչը գիտական գործունեության և իբրև գիտությունների դոկտոր իրավաբանական գիտության մեջ որպես գիտնական լուրջ ներդրում ունենալու համար: Ատենախոսության մեջ Հովսեփյանը նկարագրել է, թե ինչ է խուլիգանությունը, ինչպիսի դրսևորումներ ունի այս հանցագործությունը Հայաստանում և վերջում եզրակացրել. «Հասարակական կարգի նկատմամբ ոտնձգություն կատարող հանցագործություններից ամենավտանգավորը և հետևանքների առումով ամենավնասակարը խուլիգանությունն է»: Իրավապահները, ըստ երևույթին, սա հաշվի առնելով, խիստ զգուշավոր մոտեցում են դրսևորում գլխավոր դատախազի նշած «ամենավտանգավոր հանցագործության» նկատմամբ: Ատենախոսության մեջ կարդում ենք. «Հանրապետության մի շարք շրջաններում խուլիգանության դեմ պայքարը թույլ է, հասարակական կարգի չարամիտ խախտումներ կատարած անձանց նկատմամբ օրենքը կիրառվում է ոչ լրիվ ուժով»: Իրավապահներն այժմ ամեն ինչ անում են՝ օրենքը ողջ ուժով, դեռ մի բան էլ ավելի, կիրառելի դարձնելու համար:

Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի պատճառով այսօր բազմաթիվ տաքգլուխ երիտասարդներ հայտնվել են բանտերում, ինչ է թե անմտություն են ունեցել վիճաբանել, հայհոյել և նմանատիպ այլ արարքներ թույլ տալ: Ուղղակի զարմանալի է, թե բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պետական բյուջեն լցնելու մոլուցքով տարված Տիգրան Սարգսյանի կառավարությունն ինչպես մինչև հիմա չի հասկացել, որ շատ ավելի ձեռնտու է նման քրեական գործերի դեպքում ազատ արձակել որոշակի գումարի դիմաց (ինչը կիրառվում է եվրոպական երկրներում), քան ՔԿՀ-ները լցնել անիմաստ թվով դատապարտյալներով՝ հարկատուների հաշվին պահելով աստիճանաբար անաշխատունակ դարձող մի ողջ բանակ:

Այդպիսի մի քրեական գործով անցյալ տարի սովորական տղայական հավաքույթը 6 տղաների համար ավարտվեց քրեական գործերի հարուցմամբ, այն դեպքում, երբ եղածն ընդամենը թեթև վիճաբանություն էր, բայց քանի որ հարկավոր էր արդարացնել տվյալ զվարճավայրի՝ քաղաքացիական հագուստով, բայց զենք կիրառած ոստիկանին զենք կիրառելու համար, տղաներին քարշ տվեցին ՔԿՀ-ներ՝ յուրաքանչյուրի վրա դնելով «դատվածի» խարանը1:

Նույն այդ իրավապահները մեկ ուրիշ երիտասարդի ներեցին ոստիկանի ուսադիրը պոկելն ու նրան անարգելը... Իսկ թե ինչեր են ներում Էջմիածնում, ավելորդ է ասել:

Նման հոդվածների ու դրանց հետ կապված մանիպուլյացիաների պակաս Քրեական օրենսգրքում չի զգացվում: Իրավապահները բավական հմտորեն են օգտվում դրանցից, երբ գործը հասնում է հատկապես թմրանյութերի և պոռնկության հետ առնչվողներին. ովքեր կարողանում են «լեզու գտնել» իրավապահների հետ՝ որակվում են պարզապես թմրամոլներ և խուսափում են քրեական պատասխանատվությունից, ովքեր՝ ոչ, դառնում են թմրանյութեր տարածողներ և գնում համալրելու դատապարտյալների շարքերը: Նույն կերպ են լուծվում հարցերը նաև պոռնոբիզնեսի հետ առնչվողների հետ. «բախտավորները» «պրծնում» են որպես պոռնիկներ, ում բախտը չի բերում՝ կարող են մեղադրվել նաև կավատության մեջ: Այս սահուն անցումը հազարավոր դոլարներ է լցնում որոշ մարդկանց գրպանները...

Պետություն ներկայացնող կառույցների նման վերաբերմունքը, իհարկե, չի կարող պատասխան ռեակցիա չառաջացնել և դատապարտյալների մեջ ատելության պատճառ չդառնալ:

Վիճակագրությունից ելնելով՝ կարելի է միանշանակ պնդել, որ եթե այս տեմպերով շարունակվի, Հայաստանում շուտով հազիվ թե չդատված մարդ գտնվի: Իսկ խորտակված հավատով, չարացած ու դժբախտ մարդիկ, որոնք պետք չեն այս երկրին, կկազմեն քաղաքացիների մեծամասնությունը:

 

ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔՆ Է

Հարցը, սակայն, միայն դատված մարդկանց գլխաքանակը չէ: Իհարկե, օրինազանցները պետք է մեկուսացվեն: Հարցն այստեղ տարրական արդարության մասին է, որն իսպառ բացակայում է Հայաստանի իրավապահ համակարգում: Դա ավելի ցայտուն երևում է երկարաժամկետ ազատազրկվածների պարագայում: Օրինակ, Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված 94 դատապարտյալներից 14-ը զինվորական են: Ստացվում է, որ ամենածանր հանցագործություն կատարողների զգալի մասը կազմում են զինվորականները: Հարց է ծագում՝ այդ ի՞նչ վիճակ է տիրում բանակում, որ պետության ցմահ ազատազրկվածների մոտ 20 տոկոսը զինծառայողներ են: Եվ դա՝ այն դեպքում, երբ բանակում ամենևին էլ մարդակերությամբ չէ, որ զբաղվում են: Ավելի ճիշտ, դա մարդակերության մեկ այլ ձև է:

Օրինակ, դատապարտվածների մեջ կա մի երիտասարդ, որին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոգու սպանության համար: Հարց է առաջանում. եթե զինվորը օրը ցերեկով կրակում է ծառայակից ընկերների վրա, ինչու է զորակոչվել բանակ: Հարցին հարկավոր է մոտենալ նախ այն տեսանկյունից, որ նրա տեղն ի սկզբանե բանակը և, բնականաբար, բանտն էլ չէր կարող լինել. հոգեկան խնդիր ունեցողներին ինչո՞ւ են տանում բանակ, որ սրանք էլ հանցագործություն կատարեն, որի համար ստիպված լինեն հատուցել:

Եթե զինվորին նսեմացնելով կամ այլ մեթոդների կիրառմամբ դրդում են սպանություն կատարել, ապա դարձյալ նման արարք կատարողի տեղը բանտը չէ. այնտեղ պետք է հայտնվեն իսկական մեղավորները: Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի շնորհիվ այսօր ունենք 14 ցմահ ազատազրկված զինվոր (այլ երկարատև ժամկետների դատապարտվածների մասին չենք խոսում), որոնց մի մասը պատիժը կրում է ուրիշների փոխարեն, մի մասի պատժաչափը կա՛մ չափազանց դաժան է, կա՛մ նրանք ընդհանրապես ենթակա են արդարացման: Տարիների ընթացքում թե՛ այս նախկին զինվորները, թե՛ նրանց բախտակիցները փորձել են հասնել արդարության. նախագահականում, դատախազությունում նամակների, դիմումների, խնդրագրերի, բողոքների կույտեր են հավաքվել տարիներ շարունակ, որոնք կա՛մ ընթերցվել են, կա՛մ, գուցե, առանց ընթերցվելու նետվել են աղբարկղ: Բոլոր խնդրատու-դիմումատուների պահանջը եղել է մեկը՝ հասնել արդարության. նրանք չեն խնդրել իրենց ազատ արձակել, խնդրել են ընդամենը մի բան՝ վերանայել իրենց գործերը, այն գործերը, որոնք ժամանակին վճռվել են անարդարացիորեն, նրանք բոլորն էլ, առանց մի վայրկյան տատանվելու, պատրաստ են կրել արժանի պատիժ, եթե ինչ-որ բանում մեղավորություն են ունեցել, սակայն դրա հետ մեկտեղ բոլորն էլ ձգտում են արդարացի վերանայման, քանի որ մի բան գիտեն հստակ՝ ժամանակին արդարության չեն հանդիպել:

Արդարության Հայաստանում ձգտում են բոլորը՝ թե՛ ճակատագրի հեգնանքով կամ կամոք վանդակաճաղերի հետևում հայտնվածները, թե՛ նրանց հարազատները և թե՛ բոլոր նրանք, որոնք երբևէ չեն առնչվել իրավապահ համակարգի հետ, սակայն նույնպես ուզում են ապրել այնպիսի պետությունում, որտեղ գլխավոր արժեքը մարդն է, քաղաքացին, նրա իրավունքները: Դա կարող է լինել միայն մի դեպքում՝ եթե երկրում արդարության սկզբունքը հաստատվի որպես գերակա և կախված չլինի որևէ այլ բանից2: Իսկ դրա համար ամենակարևոր նախապայմանը քաղաքական կամքի առկայությունն է: Անհրաժեշտ է, որ պետության ղեկավարությունը վերջապես քաղաքական կամք դրսևորի երկրում կարգուկանոն հաստատելու հարցում, ցույց տա, որ իսկապես մտածում է ժողովրդի մասին և որ իսկապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նախագահի «քույրերն ու եղբայրներն են», ինչպես համաքաղաքացիներին էր դիմում ծանր վիճակում հայտնված Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը: Իսկ «երեքը», ինչպես ժողովուրդն ասում է, լավ թիվ է... Ժամանակն է, որ նախագահը գործով ապացուցի, որ, իրոք, բոլոր հայերը նրա քույրերն ու եղբայրներն են: Եվ չի կարելի անպատիժ ծեծել ոչ միայն նրա աշխատակցին, այլև ոչ մեկին: Ինչպեսև չի կարելի հանդուրժել ոչ միայն մերձավորի ողբերգությունը, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներինը:

 

1 2009թ. նոյեմբերի 17-ին 7 երիտասարդ «դժբախտություն են ունենում» իրենց հանգիստը կազմակերպել «Գալաքսի» կարաոկե ակումբում: Ինչպես հետագայում գրում է նրանցից մեկը, փոքր-ինչ գինովցած են լինում և որոշում են մնալ նաև սթրիփթիզ շոուին: «Քանի որ երաժշտությունը բարձր էր, ստիպված էինք բարձր խոսել»,- պատմում են տղաները: Նրանցից մեկը, սրահից դուրս գալիս, մի պահ պարում է բեմի աստիճանների մոտ, և քանի որ դա սրահի մուտքի մոտ էր, հավանաբար խանգարում է մատուցողուհուն, և վերջինս ակումբի պահպանության աշխատակցին հայտնում է այդ մասին: Կենտրոնի պահպանության ծառայության ավագ Ա.Բերակչյանը մոտենում է տղային և պահանջում իջնել. եթե մեր ոստիկանները փոքր-ինչ բարեկիրթ լինեին ու մի փոքր էլ կրթված (դեպքի վերաբերյալ Բերակչյանի գրած զեկուցագրի մի էջում միայն 20 ուղղագրական սխալ կար), եթե 15 տարվա ծառայությամբ պարծեցող այս ոստիկանն այն տեսակից չլիներ, որը համազգեստն օգտագործում է սեփական թերարժեքության բարդույթը թաքցնելու և տանիք ունենալու համար, ապա կկարողանար առանց քաշքշուկի ակումբից դուրս բերել տղային: Քաշքշուկին միջամտում են նաև մյուս տղաները, և «օրենքի պահապանը», որի ով լինելը ոչ ոք գլխի չի ընկնում՝ համազգեստի բացակայության և չներկայանալու պատճառով, կրակում է՝ նախ սրահում, տղաներից մեկի ուղղությամբ, իսկ հետո արդեն Ամիրյան փողոցում՝ նրանց հետապնդելիս: Եվ քանի որ պետք էր արդարացնել այդ արարքը, նա զեկուցագրում նշում է, թե տղաները հարձակվել են իր վրա, անգամ հարվածել են գլխին: Դահլիճի տեղազննությամբ հայտնաբերվել էր կոտրված մեկ շիշ, որը, չգիտես ինչու, փորձաքննության չի ուղարկվել: Իսկ ոստիկանը դեպքի հաջորդ օրը գնացել է աշխատանքի: Եվ չնայած դրան, բաժին տարված տղաների շուրջ հյուսված պատմությունը սկսում է ծավալվել:

4 տղայի ապօրինաբար, առանց ձերբակալման, 3 օր՝ 50 ժամից ավելի, պահում են Կենտրոնի ոստիկանությունում: Ա.Մակարյանը, որի հետ վիճել էր ոստիկանը, երեք տղաների հետ հասցնում է փախչել, սակայն իրեն մեղավոր զգալով (քաշքշուկն իր պատճառով էր սկսվել), որ ընկերներին ճնշումների ու բռնության են ենթարկում, ինքնակամ ներկայանում է և հայտնում ճշմարտությունը: Եվ քանի որ Մակարյանը միամտություն է ունենում ասելու, թե ամեն ինչ կվերցնի իր վրա՝ առանց հասկանալու և պատկերացնելու, թե ինչի մասին է խոսքը, ոստիկանի հորինած ողջ պատմությունը վերագրում են նրան (այդ թվում նաև՝ շշի հետ կապված): Ըստ դատաբժշկի, բութ առարկայի հարվածից Բերակչյանն ականջաբլթակի հետևում ստացել էր նույնիսկ թեթև մարմնական վնասվածքի հատկանիշներ չպարունակող քերծվածք: Իսկ բութ առարկան կարող էր նաև շիշ չլինել: Մակարյանը շուրջ մեկ տարի տևած նախաքննական, դատավարական փուլերից հետո (ընդ որում՝ այս ողջ ընթացքում 4-րդ կուրսի ուսանող տղան ազատազրկման մեջ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում) դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, մյուս տղաները ևս ստացել են տարբեր պատժաչափեր: Գործն այժմ ՀՀ վերաքննիչ դատարանում է:

2 Օրինակ, հոկտեմբերի 27-ի գործով դատապարտվածների մեջ կան մարդիկ, որոնք որևէ կապ չունեն թե՛ սպանությունների, թե՛ ընդհանրապես այդ գործողության կազմակերպման և իրագործման հետ, սակայն կրում են ծանր պատիժ: Նրանցից մեկը՝ Համլետ Ստեփանյանը, դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, բայց դուրս գալ չհասցրեց և մահացավ խցում: Մյուսը՝ Աշոտ Կնյազյանը, «մարշրուտկայի» վարորդը, դատապարտված է ցմահ ազատազրկման, նրա միակ մեղքն այն է, որ ԱԺ շենք էր բերել մանկության ընկերներին՝ տեղեկացված չլինելով նրանց մտադրությունների մասին: Դեպքից հետո Կնյազյանը դեռ երեք օր «մարշրուտկան» էր վարում, փող աշխատում և հոկտեմբերի 30-ին է միայն իմանում, որ «ահաբեկիչ. է, իսկ դատախազ Ջհանգիրյանը կտտանքների միջոցով փորձում է ցուցմունք կորզել, թե իբր կազմակերպիչը նախագահ Քոչարյանն է: Ավելորդ է ասել, որ եթե իրոք Կնյազյանն ահաբեկիչ լիներ, ապա կհասցներ երեք օրում երկրից փախչել, ինչպես կաներ ցանկացած ձախողված ահաբեկիչ: Սակայն նրա գործը քննման և վերանայման ենթակա չէ. գլխավորն այստեղ իշխանության համար նրան ու նրա մյուս ոչ մարդասպան ընկերներին ցմահ փտեցնելն է, որպեսզի հանկարծ ընդդիմադիր շրջանակներում չասեն, թե՝ ա՛յ, տեսե՛ք, իրո՛ք, Քոչարյանն ու Սարգսյանն էին կազմակերպել հոկտեմբերի 27-ը, հիմա էլ ազատում են հանցագործներին: Երբ երկրում այսօրինակ նախապաշարմունքի զոհ են դառնում պետության քաղաքացիները, ապա սա իրական ողբերգություն է, և ոչ միայն այդ մի քանի անհատների համար, այլև պետության, քանի որ պատանդի կարգավիճակում է հայտնվում այն պետությունը, որը վախենում է արդարության վերականգնումից ինչ-որ նախապաշարմունքների կամ նմանատիպ այլ բաների պատճառով:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am