Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Դեկտեմբեր 2010, N 11

ԱՐԴԻ ՆԱՑԻԶՄԻ ԴԻՄԱԳԻԾԸ

Արտաշես Գեղամյան, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Առանց ռասիզմի, նացիզմի և քսենոֆոբիայի աշխարհի ձևավորման արդիական հարցերին անդրադառնալուց ու հիմնախնդիրը որպես մարդկության գլոբալ խնդիր դիտարկելուց, նաև արդի պայմաններում այդ դրսևորումները կասեցնելու գործում միջազգային կազմակերպություների դերը պարզելուց առաջ նախ անհրաժեշտ է դիտարկել տալ այն աշխարհի բնութագիրը, որում ապրում ենք:

 

* * *

Արդեն որևէ մեկի կասկածը չի հարուցում այն, որ 20–21-րդ դարերի եզրագծին համաշխարհային տնտեսության զարգացման տիրապետող գործընթացը գլոբալացումն է, որը դարձել է մեր օրերում առկա համաշխարհային համակարգի կարևորագույն բնութագիրը, Երկիր մոլորակի զարգացման ընթացքը պայմանավորող ամենաորոշիչ ուժը: 

Միջազգային հարաբերությունների կտրուկ փոփոխման առումով գլոբալացումը հանգեցրեց մեր կյանքի տարբեր ոլորտների` տնտեսության, քաղաքականության, գաղափարախոսության, մշակույթի, սոցիալական ոլորտի, էկոլոգիայի, անվտանգության և այլն, փոխկախյալության ուժեղացմանը:

 

* * *

Գլոբալացման գործընթացներին ներակայորեն բնորոշ դրական հետևանքների, այն է` համաշխարհային տնտեսության արդյունավետության բարձրացման, մարդկության տնտեսական և սոցիալական առաջընթացի հետ մեկտեղ, հարկ է նշել նաև այն, որ գլոբալացման առավելություններն աշխարհի մասշտաբով բաշխվում են խիստ անհամաչափ, արդյունքում` որպես կանոն, շահում են միայն արդյունաբերական առումով զարգացած երկրները: Ընդ որում` որոշակի չափով ոտնահարվում են բնակչության լայն շերտերի շահերը ողջ աշխարհում, հատկապես այն երկրներում, որոնք չեն մտնում այն պետությունների շարքը, որտեղ ապրում է «ոսկե միլիարդը»:

 

* * *

Չթվարկելով գլոբալացման բացասական բոլոր հետևանքները` նշենք, որ հարուստ և աղքատ երկրների միջև տնտեսական ու սոցիալական զարգացման ճեղքվածքի խորացումը, որը շարունակվում է նաև այսօր, նպաստում է աղքատ երկրներից դեպի տնտեսապես զարգացած պետություններ բնակչության միգրացիայի զգալի ավելացմանը: Ընդ որում` կարելի է պնդել, որ այդ գործընթացն արդեն դուրս է եկել ազգային կառավարությունների և միջազգային կազմակերպությունների վերահսկողությունից: Դրա բացասական հետևանքները բազմատեսակ են` հանցավորության և վտանգավոր հիվանդությունների տարածման աճից մինչև ռասիստական ու նացիստական տրամադրությունների, քսենոֆոբիայի աճ ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Այս հիմնախնդիրների լրջության աստիճանը պատկերացնելու համար հարկ է նախ պարզաբանել միգրացիոն գործընթացների ծավալները, ինչպես նաև դրանց տնտեսական բաղադրիչը:

 

* * *

Եվ այսպես, ՄԱԿ-ի փորձագետների գնահատականներով, միջազգային միգրանտների ընդհանուր թիվը ընթացիկ տարվա վերջին կհասնի 214 մլն մարդու, ընդ որում` փախստականների տեսակարար կշիռը նրանց ընդհանուր թվաքանակի մեջ  կհասնի 8%-ի կամ 17 մլն 120 հազ. մարդու: Ինչ վերաբերում է աշխարհի կարևորագույն այն տարածաշրջաններին, որտեղ ընթանում են հիմնական միգրացիոն գործընթացները, ապա 2010թ. միջազգային միգրանտների առավել մեծ թվաքանակ կենտրոնացված է եղել Եվրոպայում (70 մլն մարդ), մի քիչ պակաս` Ասիայում (61 մլն մարդ) և Հյուսիսային Ամերիկայում (50 մլն մարդ): Արդյունքում` Եվրոպային բաժին է ընկնում միջազգային միգրանտների ընդհանուր թվի 32,6%-ը, Ասիային` 28,7%, Հյուսիսային Ամերիկային` 23,5%-ը: Ընդ որում` հարկ է նշել, որ համեմատաբար ոչ մեծ թվով երկրներ են ապաստան տալիս միջազգային միգրանտների հիմնական զանգվածին: 2010թ. միգրանտների ընդհանուր թվի 75%-ը կենտրոնացված էր 29 պետություններում: Կանխատեսային հաշվարկներով` 2010թ. ԱՄՆ-ում կենտրոնացված կլինի միջազգային միգրանտների 20%-ը (42,5 մլն մարդ): Ռուսաստանի Դաշնությունն այս ցուցանիշով զբաղեցնում է երկրորդ տեղը, որտեղ կենտրոնացած կլինի ներգաղթյալների ընդհանուր թվի 5,7%-ը կամ 12,3 մլն մարդ, երրորդ տեղում Գերմանիան է` 5% կամ 10,7 մլն մարդ: Ֆրանսիայում ներկայումս ապրում է 6,7 մլն ներգաղթյալ, Մեծ Բրիտանիայում` 6,5 մլն, Իսպանիայում` 6,4 մլն, Իտալիայում` 4,5 մլն, Ուկրաինայում` 5,3 մլն, Ղազախստանում` 3,1 մլն, Շվեյցարիայում` 1,8 մլն, Նիդեռլանդներում` 1,8 մլն մարդ (Համաշխարհային ժողովրդագրական բարոմետր, Եկատերինա Շչերբակովա, www.demoscope.ru/weekly/2009/ 0399/barom01.php):

 

* * *

Միջազգային միգրանտների այսօրինակ թվաքանակի առկայությունը խիստ էական ազդեցություն է ունենում նրանց ծագման երկրների տնտեսությունների վրա: Այսպես, միգրանտների կողմից զարգացող երկրներ ուղղված դրամական փոխանցումներն աշխարհում 2007թ. կազմել են 246 մլրդ ԱՄՆ դոլար, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է այդ պետություններին զարգացման համար տրամադրվող միջազգային ողջ օգնության ծավալը: ՄԱԿ-ի գնահատմամբ` 2007թ. զարգացող երկրներ միգրանտների կատարած դրամական փոխանցումների գումարը կազմել է նրանց ՀՆԱ-ի 1,9%-ը, իսկ զարգացած երկրներ` ՀՆԱ-ի համապատասխան մեծության 0,4%-ը: Դրամական փոխանցումները մեծ բաժին են կազմում Լիբանանի ՀՆԱ-ում` 24%, Հորդանանի` 22%, Մոլդովայի` 34%, Տաջիկստանի` 45% ՀՆԱ-ներում: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ոչ ֆորմալ ուղիներով կամ երրորդ անձանց միջոցով փոխանցված դրամական միջոցներն անպայման չէ, որ իրենց արտացոլումը գտնեն բանկային հաշվետվությունների համակարգերում, ընդունված է համարել, որ դրամական փոխանցումների իրական ծավալներն էապես բարձր են բերված գնահատականներից:

 

* * *

Ընդ որում` հետաքրքիր է, որ 2007թ. միջազգային միգրանտներից դրամական ոչ քիչ փոխանցումներ են ուղղվել նաև Եվրամիության երկրները: Այսպես, Ֆրանսիան ստացել է ավելի քան 15 մլրդ դոլար, Իսպանիան` մոտ 14 մլրդ, Լեհաստանը` ավելի քան 10 մլրդ, Գերմանիան` 10 մլրդ, Իտալիան` շուրջ 10 մլրդ, Բելգիան` 9 մլրդ, Ռումինիան` 9 մլրդ, Մեծ Բրիտանիան` 8 մլրդ, Ռուսաստանը` մոտ 5 մլրդ դոլար: Այս թվերը վկայում են միգրացիոն գործընթացների խոր փոխկախյալության և միգրացիայի ծագման երկրների տնտեսությունների վիճակի վրա դրանց ազդեցության մասին:

 

* * *

Այս առնչությամբ հարկ է նկատել, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասական զգալի հետևանքներ է ունեցել միգրանտների համար` աշխատատեղերի կորստյան առումով: Այն ուժգին հարվածել է նաև նրանց զբաղվածությանը, հատկապես` շինարարության, արդյունաբերության, սպասարկումների, մանրածախ առևտրի ոլորտներում: Ավելին, հանգեցրել է նրանց աշխատավարձի նվազեցմանն ու աշխատանքի պայմանների վատթարացմանը, սոցվճարումների կրճատմանը, ինչը բացասաբար է անդրադարձել միգրանտների կյանքի որակի և առողջության վրա: Դրա հետևանքով նկատվում է նաև գործազուրկ միգրանտների վերադարձ իրենց ծագման երկրներ, որտեղ նրանք բախվում են տնտեսական վատ պայմանների (գործազրկության և աղքատության բարձր մակարդակ), ինչը, իր հերթին, սասանում է տնտեսական ու սոցիալական կայունությունն այդ երկրներում: Բնականաբար, ճգնաժամի պայմաններում նկատվում է զարգացող երկրներ դրամական փոխանցումների ծավալի նվազում, ինչն էլ ավելի է բարձրացնում աղքատության մակարդակն ու խորացնում զարգացման հիմնախնդիրները:

 

* * *

Այս բոլոր հիմնախնդիրների համալիրը հանգեցնում է ավելի սահմանափակիչ, կոշտ միգրացիոն քաղաքականության ընդունման` ուղղված տեղի աշխատաշուկայի պաշտպանությանը, օտարերկրյա աշխատուժի պահանջարկի անկման ընթացք ստանալով: Օրինակ, աշխատանքի ընդունվող միգրանտների թվաքանակի կրճատման մասին հայտարարվել է Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, գրեթե կրկնակի կրճատվել են միգրանտների ամենամյա քվոտաները Ռուսաստանի Դաշնությունում: Իշխանությունների այսօրինակ քաղաքականությունն անդրադառնում է անլեգալ միգրացիայի աճի և ստվերային աշխատանքի ընդլայնման վրա, քանի որ գործազուրկ միգրանտները հյուրընկալող երկրում հարկադրված կլինեն աշխատանք փնտրել առանց հատուկ թույլտվության: Ընդ որում` կնվազեն նաև լեգալ միգրանտների աշխատանքի տեղավորման հնարավորությունները` մարդկանց թրաֆիքինգի մասշտաբների աճի նախադրյալներ ստեղծելով: Միգրանտների դժգոհությունը հաճախ փողոց հորդեց, ընդ որում` նման գործողությունների համար առիթ, նաև հրահրիչներ, միշտ գտնվում էին:

 

* * *

Այս ֆոնին զգալիորեն աճեց խտրականության և քսենոֆոբիայի ռիսկը միգրանտների հանդեպ, քանի որ վերջիններս տեղի բնակչության կողմից ընկալվում են որպես աշխատուժ, որը խլում է իրենց աշխատանքը, հատկապես աշխատանքի շուկայի ցածր որակավորում պահանջող հատվածներում: Դեռևս ամբողջովին չհաղթահարված ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում նման իրավիճակն իրենց շահադիտական նպատակներին են ծառայեցնում քաղաքական ուժերը, որոնք երբեմն ռասիստական, նացիստական և քսենոֆոբիայի տրամադրություններ են հրահրում միգրանտների նկատմամբ: Որպես Եվրոպայի տարբեր տարածաշրջաններում դրա դրսևորման պատասխան` ծագում են քաղաքացիների, այդ թվում միգրանտների զանգվածային ինքնաբուխ ընդվզումներ:

 

* * *

Այստեղ հարկ է հատուկ նշել նաև ոչ պակաս կարևոր հետևյալ գործոնը. եվրոպական երկրները մեկը մյուսի հետևից հրաժարվում են պոլիտկոռեկտության սկզբունքից, ինչը չի կարող չտագնապեցնել: Վերջին տարիներին եվրոպական քաղաքական գործիչներն ավելի հաճախ են խոսում այն մասին, ինչի շուրջ մինչ այդ հրապարակավ ամաչում էին բարձրաձայն արտահայտվել: Խոսքը եվրոպական ինքնությունը կորցնելու սպառնալիքի մասին է, սպառնալիք, որը, նրանց կարծիքով, շատ բանով պայմանավորված է միջազգային միգրանտներով:  Նման երևույթի առաջին դրսևորումները եղան, օրինակ, իրենց երկրի տարածքում մինարեներ կառուցելու շվեյցարացիների, Ֆրանսիայում փարանջա կրելու արգելքները: Հետպատերազմյան Եվրոպայում առաջին անգամ գերմանացի ֆինանսիստ և քաղաքական հայտնի գործիչ Թիլո Սարացինը հայտարարեց, որ իրենց սպառնում է ազգային ինքությունը կորցնելու վտանգը թուրք ներգաղթյալների թվաքանակի հեղեղակերպ աճի պատճառով: Իսկ ս.թ. հոկտեմբերի առաջին օրերին Գերմանիայի նախագահը հայտարարեց, որ իսլամն արդեն դարձել է իր երկրի մասը: Վերջերս Գերմանիայում անցկացված հանրային կարծիքի հարցումը ցույց տվեց, որ ներգաղթի առիթով մտահոգություն հայտնող քաղաքական գործիչները վայելում են բնակչության աջակցությունը: Հոկտեմբերի 16-ին էլ Պոտսդամում կայացած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության երիտասարդական կազմակերպության կոնֆերանսի ժամանակ Անգելա Մերկելը հայտարարեց, որ Գերմանիա աշխատելու եկած ներգաղթյալները պետք է խոսեն գերմաներեն, քանի որ միայն այդ դեպքում նրանք կկարողանան դառնալ աշխատանքի շուկայի լիարժեք մասնակից: «1960-ականների սկզբին մեր երկիրը օտարերկրյա աշխատողներ հրավիրեց Գերմանիա, և այժմ նրանք այստեղ ապրում են,– ասել է Գերմանիայի կանցլերը,– որոշ ժամանակ մենք ինքներս մեզ խաբում էինք և ինքներս մեզ ասում. նրանք մեզ մոտ չեն մնա, երբևէ կհեռանան, բայց այդպես տեղի չունեցավ և, իհարկե, մեր մոտեցումը բազմամշակութայնությունն էր, այն, որ մենք ապրելու ենք կողք կողքի և գնահատելու ենք մեկս մյուսին: Այդ մոտեցումը ձախողվեց, լիովին ձախողվեց»: Այնուհետև Անգելա Մերկելն ընդգծել է. «Մենք չպետք է լինենք մի երկիր, որն արտաքին աշխարհի աչքում տպավորություն է ստեղծում, թե այստեղ չեն ուզում տեսնել նրանց, ովքեր չեն կարող միանգամից գերմաներեն խոսել կամ չեն դաստիարակվել գերմանալեզու միջավայրում»: Այս կարծիքների ֆոնին նշենք, որ Գերմանիայում ուլտրաաջ տրամադրությունների առկայության մասին վերջին հետազոտությունները վկայում են, որ օտարերկրացիներին չի համակրում գերմանացիների մոտ 70%-ը, ընդ որում` մոտ մեկ երրորդը դրական կողմեր են գտնում նացիոնալ-սոցիալիզմի, նացիզմի մեջ: Եվ արդեն ակնհայտ է, որ միգրանտների հիմնախնդիրը կտրուկ սրվել է ճգնաժամի ժամանակ, և դա հանգեցրել է քաղաքական հիմքերի կտրուկ խարխլմանը ԵՄ երկրներում:

 

* * *

Միգրացիոն գործընթացների և դրանց հետևանքների շուրջ էլ ավելի հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում Ֆրանսիայում: Նախագահ Նիկոլա Սարկոզիի` Ֆրանսիայի քաղաքացիների ազգային ինքնության սահմանման նախաձեռնությունը 2009թ. վերջին վերածվեց բուռն և լայնամասշտաբ բանավեճերի: Դրանք խնդրին նվիրված հետագա հանրային քննարկումների հզոր ազդակ դարձան երկրի կառավարության կայքում: Ծավալված բանավեճերի գլխավոր նպատակը հետևյալն էր. տալ սահմանումն այն բանի, թե ինչ է նշանակում «լինել ֆրանսիացի»: Այս նախաձեռնությունը սուր քննադատության ենթարկվեց ձախ ընդդիմության կողմից, որը երևան հանեց ռասիստական ելույթների հատկանիշներ, սակայն իմիգրացիոն քաղաքականության նախարար Էրիկ Բեսոնը կտրականապես ժխտում էր դա` բանավեճերն անհրաժեշտ համարելով: Այդ բանավեճերն ի հայտ բերեցին այն իրողությունը, որ նախագահ Շառլ դը Գոլի մտահղացած «Հինգերորդ հանրապետության» գաղափարախոսական նախագիծը, որը մարմնավորում էր «ազգային միասնության» և «Ֆրանսիայի վեհության» սկզբունքները և ենթադրում էր քաղաքացիական հայրենասիրություն ու հարգանք պատմական Ֆրանսիայի ժառանգության հանդեպ, լուրջ փորձությունների է ենթարկվում: Դը Գոլի` Ֆրանսիայի կրքոտ հայրենասերի և համոզված կաթոլիկի համար այդ արժեքներն անբաժանելի էին, սակայն, ինչպես ցույց են տալիս վերջին տասնամյակի իրադարձությունները, ֆրանսիական հասարակությունը, ձախ ազատական հովերի ազդեցությամբ, մեկը մյուսի հետևից զիջումներ էր անում «բազմամշակութայնությանը» և փողոցի ճնշմանը, ընդ որում` աստիճանաբար քանդելով դըգոլյան պետականության և քաղաքացիական սկզբունքի հիմքերը, Ֆրանսիայի քաղաքական համակարգը մատնելով ծայրահեղ բարդ իրավիճակի: Դրա համար էլ Սարկոզին ընտրություն չուներ. Ֆրանսիայում պետության գործունակությունն ամրապնդելու համար նրան հարկավոր էր վերականգնել քաղաքացիականությունը և հայրենասիրությունը` որպես դրանց մշակութային հիմքեր:

 

* * *

Բանավեճի մեջ մտնելով Ֆրանսիայում ազգային ինքնության հարցերի շուրջ` Բելգիայի ֆլամանդացի լիբերալների նախկին առաջնորդ և վարչապետ, այժմ` Համաեվրոպական լիբերալ կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Գի Վերհովստադտը հայտարարեց, որ այդ բանավեճերն ընդամենը «վիշիական նեխած ոգու» գիտակցումն են և նշանն այն բանի, որ ինչ-որ բան հաստատ նեխել է Ֆրանսիական Հանրապետությունում: «Իր հարևանների համար Ֆրանսիան  հաճախ մոդել էր դառնում, այն ոգևորում և հիացնում էր: Իսկ հիմա այն դարձել է ճնշված տրամադրությունների աղբյուր իր դաշնակիցների համար, որոնք տեսնում են, թե ինչպես է այն մոլորվել ազգային ինքնության մասին ստերջ բանավեճում»,– տրտմում է Գի Վերհովստադտը: «Այդ բանավեճերի քաղաքական նպատակահարմարությունը, դրանց անկայուն բնույթը և աղոտ վերջնանպատակներն աղետալի տպավորություն են ստեղծում այն բանի, որ Ֆրանսիան վախենում է ինքն իրենից: Ֆրանսիական Հանրապետությունում իսկապես ինչ-որ բան նեխել է»,– իր խոսքը եզրափակել է նա:

 

* * *

Այնուհետև, 2010թ. հուլիսին նախագահ Սարկոզին, ի հեճուկս ԵՄ ղեկավարության բողոքների, որոշում ընդունեց, ըստ որի Ֆրանսիայում մինչև հոկտեմբեր պետք է վերացվեին ավելի քան 200 գնչուական անլեգալ ճամբարները: Ֆրանսիայի նախագահի հրամանը ևս մեկ վկայությունն էր այն բանի, որ եվրոպացիները հեռանում են բազմամշակութայնության և պոլիտկոռեկտության ավանդույթներից: Եվ դա վկայությունն է այն բանի, որ ֆրանսիական ու եվրոպական իշխանություններն էլ ավելի են գիտակցում այն վտանգը, որ բխում է իրենց երկրներում գտնվող տարամշակույթ էթնիկ հանրույթներից: Չցանկանալով ինտեգրվել ֆրանսիական, գերմանական, բելգիական, իսպանական կամ իտալական հասարակություններին և հրաժարվելով ընդունել արդի եվրոպական արժեքները` ներգաղթյալները, Արևմուտքի հեղինակավոր փորձագետների գնահատականներով, Օսմանյան կայսրության ժամանակներից սկսած ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Եվրոպայի համար:

 

* * *

Միանգամայն կանխատեսելի է, որ եվրոպական հասարակության մեջ խորացող տագնապը հաղթահարելու` քաղաքական գործիչների անկարողությունը զարգացման այնքան էլ հաճելի սցենարներ չի խոստանում: Մասնավորապես, լայն տեղ է բացվում ամբոխահաճո կուսակցությունների համար, որոնք իրենց կոնյունկտուրային շահերից ելնելով` հատկապես ակտիվորեն են օգտագործում իրենց համաքաղաքացիների վախը գլոբալացման ամենատագնապալի դրսևորումներից մեկի` դեպի ԵՄ անդամ երկրներ այլ մշակույթի կամ կրոնի տեր մարդկանց մեծացող հոսքի հանդեպ: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ մեկը մյուսի հետևից այդ երկրներում ընտրությունների ժամանակ զգալի հաջողությունների են հասնում հականերգաղթային և հակամահմեդական շարժումները: Իսկ հիմնական քաղաքական կուսակցությունները, չցանկանալով իրենց ընտրազանգվածը հանձնել մարգինալներին, արմատականացնում են սեփական դիրքորոշումներն այս հարցում՝ շարժվելով աջ եզրով: Այստեղից էլ Սարկոզիի կոշտ մոտեցումը գնչուների հարցում և Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ բազմամշակութայնությունը Գերմանիայում ձախողվել է, նաև վերջինիս կողմից այն գաղափարի հնչեցումը, թե անհրաժեշտ է գործնականում կիրառել օտարերկրացիների հետ գոյակցելու մի ինչ-որ մոդել: Այս տրամադրություններն այսուհետ ևս կխորանան, մանավանդ որ պետական ղեկավարների համար մարտավարական առումով շահավետ է բանավեճը ծավալել հենց այդ հունով, որպեսզի շեղեն ընտրողների ուշադրությունը հանապազօրյա հիմնախնդիրներից` սկսած կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության համակարգերի թերություններից մինչև բնակչության զբաղվածության ապահովման, գործազրկության կրճատման և «գոտիներն ավելի ամուր ձգելու» անհրաժեշտության հարցերի լուծումը:

 

* * *

Ասվածը ամփոփելով` կարելի է անել հետևյալ եզրակացությունը. միջազգային միգրանտների հիմնախնդիրը եվրոպական հասարակության` ռասիզմով, նացիզմով և քսենոֆոբիայով վարակվելու վտանգ է պարունակում, հիվանդություններ, որոնք այս կամ այն ձևով կարող են համակել Եվրոպա աշխարհամասը: Հիվանդություններ, որոնց հետևանքներն անկանխատեսելի են: Եվ այդ ախտի առաջին դրսևորումները ցայտուն արտացոլումը գտան Թուրքիայի Հանրապետության ղեկավարության գործունեության մեջ: Այսպես, ս.թ. մարտին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով BBC-ի թղթակցի հարցերին, հայտարարեց. «Նման բան (նկատի ուներ մի շարք պետությունների խորհրդարանների կողմից 1915 – 1923թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը – Ա.Գ.) մենք չենք հանդուրժի: Թուրքիայում է գտնվում մոտ 170 հազար հայ, նրանցից 100 հազարն իրենց համար ատելի Թուրքիայում անլեգալ վաստակ ունեն, և 70 հազարը մեր քաղաքացիներն են: Ես պարտավոր չեմ անլեգալներին պահել իմ հայրենիքում: Ինչո՞ւ ես պետք է հոգ տանեմ 100 հազար հայերի մասին, որոնք գտնվում են իմ երկրում և նզովում են այն... Հայերին քշելը մեզ համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում»: Այստեղ այնքան էլ էական չէ, որ Էրդողանը եռակի ավելացրեց Թուրքիայում ապրող անլեգալ հայերի և կրկնակի էլ` այդ երկրի քաղաքացիների թիվը: Չի զարմացնում նաև այն ցինիզմը, երբ Թուրքիայի վարչապետը, քաջ գիտենալով, որ իր երկիրն ապօրինաբար տիրել է Արևմտյան Հայաստանի տարածքի առնվազն 95 հազ. քառ. կմ-ին (1920թ. Սևրի պայմանագրի համաձայն` 95 հազ. քառ. կմ մակերեսով տարածքն Օսմանյան կայսրությունից հատկացվում էր Հայաստանի Հանրապետությանը, հետագայում այդ պայմանագիրը, Մեծ տերությունների խարդավանքների պատճառով, այդպես էլ ուժի մեջ չմտավ և 1923թ. փոխարինվեց Լոզանի խաղաղության պայմանագրով, ըստ որի հայկական տարածքները մնում էին Թուրքիայի տիրապետության ներքո), այսօր հայտարարում է, որ Թուրքիան արգելված տարածք է հայերի ապրելու համար: Այս սատանայությունը չի զարմացնում, որովհետև չի շեղվում Օսմանյան կայսրության հայտնի ավանդույթներից: Այստեղ ցնցող է այլ բան. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից 95 տարի անց, որը կազմակերպել էին երիտթուրքերի պարագլուխները` մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունը քողարկելով պատերազմական պայմաններում պատմական հայրենիքից հայ բնակչության արտաքսման մասին ճամարտակություններով, այսօր էլ արդի Թուրքիայի ղեկավարները վերստին սպառնում են հայերի նոր արտաքսմամբ: Հիշեցնենք, որ երիտթուրքերի հանցավոր քաղաքականության հետևանքով ոչնչացվեց ավելի քան 1,5 մլն հայ, իսկ ավելի քան կես միլիոնը, փրկվելով թուրքական յաթաղանից, ապաստան գտավ Արաբական աշխարհում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Ուրուգվայում և այլ երկրներում: Ընդ որում` Թուրքիայի վարչապետի խոսքերն այնքան աղաղակող էին, որ այդ երկրի աշխատանքի նախկին նախարար Յաշար Օքույանը, գնահատելով Էրդողանի հայտարարությունը, ասել էր, թե իրավաբանական տեսակետից դա քրեորեն պատժելի արարք է և խոստովանություն, որը ենթակա է Գերագույն դատարանի քննարկմանը:

 

* * *

Բացահայտ նացիստական ոգով էին տոգորված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս ունեցած ելույթները: Այսպես, հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի ղեկավարը հակահայկական, իր շեշտադրումներով նացիստական ելույթում այն աստիճանի էր ղզղնել, որ հայտարարել էր, թե «ներկայիս Հայաստանը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա»: Սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արդարացիորեն նկատել էր, որ ադրբեջանական առաջնորդների հիվանդ երևակայության համաձայն, Հայաստանի և Արցախի սրբատեղիները` Սուրբ Էջմիածինը, Սևանը, աշխարհի հնագույն քաղաքներից 2792-ամյա Էրեբունի-Երևանը, Արցախը, «որը Քրիստոսի ծննդից առաջ առաջին դարում օտարերկրյա աշխարհագրագետներին հայտնի էր, ինչպես Ստրաբոնն է գրում, որպես Հայաստանի Արցախ նահանգ», նրա Ամարաս ու Գանձասար քրիստոնեական տաճարները, հռչակվում են որպես ադրբեջանական: Ահա այսպիսին է այսօր Ադրբեջանի պետական գաղափարախոսությունը:

 

* * *

Այսպիսին է արդի նացիզմի դիմագիծը, որի նախադրյալները երբեմն-երբեմն դրսևորվում են ամենազանազան ձևերով: Եթե մենք ծանոթանում ենք միջազգային կազմակերպությունների, այն է` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովների և Եվրախորհրդարանի, ընդունած բանաձևերին և որոշումներին, ապա հանգում ենք այն եզրակացության, որ դրանք մակերեսային և հռչակագրային են: Ավելին, դրանք ընդունվել են ռասիզմ, նացիզմ և քսենոֆոբիա ծնող խորքային պատճառների վերլուծությունից կտրված: Չեն վերլուծվել նաև միգրացիոն գործընթացները, այն դեպքում, երբ միգրացիայի հիմնախնդիրները շատ բանով պարարտ հող են ստեղծում 21-րդ դարի այդ ախտերի դրսևորման համար: Կարծում ենք` Դաշնության խորհրդի հրավիրած «Աշխարհն առանց նացիզմի. ողջ մարդկության գլոբալ խնդիրը» միջազգային կոնֆերանսը կդառնա այն բարդ գործընթացների լրջագույն իմաստավորման նախակարապետը, որոնք գլոբալացվող աշխարհի պայմաններում անխուսափելի են: Եվ ակնհայտ է դառնում, որ առանց ռասիզմի, նացիզմի և քսենոֆոբիայի աշխարհի ձևավորումը մարդկության գլոբալ հիմնախնդիրն է: Եվ դրա լուծման պատասխանատվությունը բոլորիս, հատկապես՝ միջազգային կազմակերպությունների սրբազան պարտքն է:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am