Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Դեկտեմբեր 2010, N 11

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱՄԱՆՈՐԻ ՇԵՄԻՆ

ՊԵՏՈՒԹՅԱՆ, ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՍԻՆ

Ռուբեն Վարդանյան, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, Արիզոնայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր

1991թ. ոչ առանց մեր մասնակցության ոտնակոխ արվեց Խորհրդային Միությունը և մեր՝ այն ժամանակ արդեն գրեթե ձևավորված, խիստ կոլորիտային և ուրույն միկրոքաղաքակրթությունը, կրկին ոչ առանց մեր մասնակցության, արհեստականորեն շաղկապվեց միանգամայն այլ արժեքների, որոնք անհամատեղելի էին հազարամյակների ընթացքում մշակված մեր հոգեկերտվածքին։ Արդյունքում՝ ստացվեց այն, ինչ ստացվեց։ Մի րոպեում փողոց նետվեց նյութական արժեքների ստեղծմամբ զբաղվող մոտ 1,5 մլն մարդ։ Աղետ տեղի ունեցավ։ Մի ակնթարթում վերադարձանք 20-րդ դարասկիզբ։ Վերացան արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գիտությունը, մշակույթը, կրթությունը։ Քսան տարվա մեջ բաժանվեց, վաճառվեց ու վերավաճառվեց, հափշտակվեց ու ոչնչացվեց այն ամենը, ինչը 70 տարվա ընթացքում ստեղծել էին մեր հայրերն ու պապերը։ Սկսվեց արտագաղթը։ Հայաստանի բնակչությունն այսօր էլ շարունակում է հեռանալ երկրից, իսկ նրանք, ովքեր հարկադրված են մնալ, դեգրադացվում են։ Այս ամենի հետևում կատարվածի սցենարի հեռավոր հեղինակների չարագուշակ ստվերն է, իսկ հանրահավաքների հրապարակներից ու հեռուստաէկրաններից ազգի առաջնորդների նախկին դերակատարները, որոնց աչքերում արտացոլվում է հուսահատ ատելությունն իրենց երկրի, իրենց նախնիների երկրի, այդ նախնիների ու հենց իրենց հանդեպ, շարունակում են մոլորեցնել ժողովրդին։ Շարժիչ ուժը կորցնելով՝ մեր պատմությունը շարունակում է գլորվել իներցիայով, իսկ մենք հպարտանում ենք նրանով, որ աշխարհի քարտեզին հայտնվել է մեր դարավոր երազանքը՝ անկախ Հայաստանը։ Բայց չենք ուզում տեսնել, որ գտնվում ենք իմաստային փակուղում և ստեղծարար ծրագրի բացակայությամբ մենք՝ մեր պրոբլեմներով, գլխացավանք ենք դառնում համաշխարհային հանրության, և որ գլխավորն է՝ ինքներս մեզ համար։ Մենք սքանչանում ենք մեր հնամենիությամբ, հիանում մեզնով, բայց չենք ուզում ճիշտ հասկանալ այն, ինչ կատարվում է աշխարհում, ոչինչ սովորել չենք ուզում, ոչինչ արտադրել չգիտենք, չենք կարողանում, գուցեև չենք ուզում ազատվել մեր կյանքի կապարե գարշելիություններից։ Չենք զգում մեր երկրորդայնությունը, մարգինալությունը։ Քսան տարին միանգամայն բավարար ժամկետ է կուտակված հիմնախնդիրների ամբողջությունը հասկանալու և իմաստավորելու, կայանալուն ուղղված իրական քայլերի փորձեր անելու համար։ Եվ բանն ամենևին էլ իրավիճակը չհասկանալը չէ։ «Խելոքների» տոկոսը Հայաստանում ավելին է, քան միջինն աշխարհում։ Բայց դա բնական, բնածին, խելքն է, այլ ոչ թե մշակված, որոշակի նպատակի, որոշակի գիտելիքի և կարողության համար վարժված խելքը, ուստի և սակավարդյունավետ է։ Մենք նմանակում ենք մեր իսկ ոչնչացրած արդյունաբերությունը, տնտեսությունը, կրթությունը և գիտությունը, մշակույթը, քաղաքական կյանքը, խաղում ենք մեզ պարտադրված խաղը։ Գյուղատնտեսության մեջ մենք արդեն հասել ենք Տիգրան Մեծի ժամանակներին և սկսել ենք հողը ձեռքով մշակել, միայն այն տարբերությամբ, որ այն ժամանակ մշակվում էր ամբողջ հողը, այլ ոչ թե հողի պատառիկներ։ Նմանակում ենք երեկվա օրվա «սուրբ» հավատի խորհրդանիշերին՝ շուկայական տնտեսությանն ու լիբերալ խելագարության տարրերին համապատասխան աշխատանքը՝ չգիտակցելով, որ ողջ աշխարհում դրանք դարձել են լոկ անորոշ բովանդակության գնայուն շտամպներ։

Պատմական զարգացման ողջ ընթացքին հակասող ստեղծարար ինդիվիդուալիզմի տեսությունը, ըստ որի՝ ամեն ոք եթե ողջ ուժով ջանա լավ բան անել միայն իր՝ իր իսկ սիրելի անձի համար, ապա դրանից բոլորի համար լավ կլինի, քննություն չբռնեց։ Ազատական պետությունն իր քաղաքացիներին թույլ է տալիս անել այն, ինչ ուզում են, արդյունքում՝ անձնական շահերը սկսում են գերակշռել համընդհանուրի նկատմամբ, և անպաշտպան պետությունը սկսում է քանդվել։ Այսօր դա խոստովանում են այդ տեսության և՛ հեղինակները, և՛ ջատագովները, իսկ մենք, ինչպես և վայել է մարգինալներին, փորձում ենք շեշտակի մխրճվել պատմության երեկվա օրվա մեջ։

Անհեթեթ մյուս գաղափարը, որով անվերապահորեն գործում ենք մենք, բայց որը կործանում է աշխարհը, առասպելն է ամենքի և ամեն ինչի կառավարումը մենեջերներին և կուսակցությունների առաջադրած քաղաքական գործիչներին հանձնելու հատուկ արդյունավետության մասին։ Մենք չենք ուզում ընդունել ակնհայտը, որ հանուն մեր իսկ բարօրության նշանակալի պաշտոնները երկրում պետք է բաշխվեն ոչ թե ըստ կուսակցական հատկանիշի, այլ ըստ պրոֆեսիոնալիզմի, ըստ «որակավորման կոշտ պահանջների»։ Ցանկացած համակարգի (արդյունաբերական, գիտակրթական, մշակութային) արդյունավետ գործունեության համար ոչ թե քաղաքական գործիչներ կամ խորամանկ մենեջեր-վաճառողներ են հարկավոր, որոնք վարպետացել են շահավետ վաճառելու մեջ, այլ պրոֆեսիոնալներ, որոնք հատուկ գիտելիքներ և փորձ ունեն։

Առաջադրված մենեջերը կարող է ի բնե խելացի մարդ լինել։ Կյանքի իմաստությունը բոլորի՛ն չէ, որ տրված է։ Բայց դա շատ քիչ է, քանի որ գիտական պատասխան չի տալիս ոչ մի հարցի։ Իսկ հասարակության զարգացման հարցերն աչքաչափով լուծել չես կարող։ Մենեջերը պետք է բացարձակ տիրապետի այն գործին, որը կառավարում է։ Իսկ նման բան չի լինում և երբեք լինել չի կարող։ Հակառակը, երբ մասնագետն է տիրապետում մենեջմենթի հիմունքներին, հաճախ է պատահում։

Անհնար է տնտեսական բարեփոխումներ կատարել, երկրի կյանքը կառուցել շահը բացարձակացնելով։ Ե՛վ քաղաքականության մեջ, և՛ բիզնեսում, և՛ կյանքում չի կարելի անտեսել մարդկության՝ հազարամյակներ մշակած բարոյականությունն ու էթիկան, հակառակ պարագայում վտանգի են ենթարկվում պետության հիմքերը, ինչն անհամատեղելի է նրա գոյատևման հետ։

Պետականության բոլոր ձևական հատկանիշները մի կողմ նետելով՝ պետությունը գոյություն ունենալ, նորմալ գործել և զարգանալ չի կարող՝ առանց երկու հիմնարար պարամետրերի։ Առաջինը տնտեսական հիմքն է, որն անխուսափելիորեն սկսում է քայքայվել տնտեսության ազատականացման հռչակմամբ։ Նշանակալի արտադրությունն ակնթարթորեն հոսում է ավելի էժան աշխատուժ ունեցող երկրներ, պակաս նշանակալին փոխարինվում է ներմուծմամբ։ Հեռանալով՝ արտադրությունը վերացնում է արտադրողին՝ ստեղծելով հարյուր հազարավոր գործազուրկներ և չունևորներ, վերացնում է պետությունը։

Երկրորդը, հատկապես կայացման գործընթացում գտնվող երկրների համար, գաղափարախոսությունն է։ Պետությունը, ինչպես և ցանկացած կենդանի օրգանիզմ, հոգի ունի։ Ամեն պետության հոգին գաղափարախոսությունն է, գաղափարը։ Եվ եթե, ի հավելումն տնտեսությունը ոչնչացնելուն, սպանել նաև գաղափարը, ապա կմեռնի ոչ միայն պետությունը, այլ նաև ազգը։ Ազգային գաղափարի էությունը հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ այն հիմնական օրենքը, որով գործում է ցանկացած հասարակություն։ Հասկանալ ոչ թե այն, ինչ պետական կառավարման ձևի, հասարակարգի, մարդու իրավունքի, ժողովրդավարության, տոտալիտարիզմի, քաղաքացիական հասարակության, ազատական տնտեսության, պետական կապիտալիզմի և ամեն տեսակ բարբաջանքի մասին գրում են դասագրքերում և մենագրություններում։ Ոչ թե սահմանադրությունը, որը պետք է դիտարկել որպես հասարակության միկրոմոդել, նրա իրավաբանական հիմնակմախք, որի շրջանակում է գործում պետական իշխանության մեխանիզմը, այլ խաղի իրական կանոնները, որոնք անփոփոխ են այդ բոլոր տերմինների համար և դրանցից ամենևին կախված չեն։ Ինչպես գրել է Ստանիսլավ Եժի Լեցը, «իրականության մեջ ամեն ինչ այնպես չէ, ինչպես իրականում»: Անկախ այն բանից, թե ինչպես է կոչվում և կառավարվում պետությունը՝ սահմանադրական միապետություն, ամբողջատիրություն, թե ազատական ժողովրդավարություն, հիմնարար սկզբունքն ամենևին չի փոխվում նախապատմական ժամանակներից սկսած։ Կոսմետիկ տարբերությունը միայն այն է, որ պետական կառավարման ժողովրդավարական ձևերի ժամանակ ձևականորեն կարելի է քվեարկել, իսկ մնացածների դեպքում հարցերի լուծումները քննարկման ենթակա չեն։ Իշխանության էությունն ամենից լավ բնութագրել է Լյուդովիկոս XIV-ը՝ հռչակելով. «Պետությունը ես եմ»: Իշխանությունն անհրաժեշտ է հասարակության գոյատևման և զարգացման համար, ուստի և, նկարագրելով ցանկացած երկրի պատմությունը, հիմնականում ներկայացնում են իշխանության պատմությունը, այսինքն՝ քաղաքական պատմությունը։ Հասարակությունը հիմնվում է իշխանության վրա, որն ի հայտ է եկել մարդկության առաջացման հետ և այս կամ այն ձևով միշտ ուղեկցում է նրան։ Ո՞րը պետք է լինի իշխանության էությունը։ Հասարակության կերտումը։ Համակարգի մեջ քաոս ստեղծելը։ Հասարակության հավասարազոր, տարբեր ուղղություններ ունեցող վեկտորների ուժերը ճիշտ ուղղորդելու կարողությունը։ Առավելագույն օգտակար գործողություններ կատարելուն ուղղված ջանքերի համակարգումը։ Իշխանությունը հասարակական հարաբերությունների համակարգն է ցանկացած պետությունում, և նրա նշանակությունն այն է, որ հասարակության բոլոր անդամների գործողությունները բերի ընդհանուր հայտարարի, միասնական կամքի։ Քաղաքական գործիչները պարտավոր են կանխավ գուշակել հնարավոր մարտահրավերները և փորձել լուծումներ գտնել։ Իշխող էլիտան պարտավոր է օգտագործել իր լիազորությունները հասարակության գոյատևման և զարգացման համար և իրավունք չունի բարոյազրկել իր ժողովրդին, նրան վերածել խառնամբոխի, լյումպենների, չար, ագահ, ճղճիմ ամբոխի։

Այն պահին, երբ մարդը բացահայտեց, որ իշխանություն ունենալու զգացողություններն ու բենեֆիտները շատ ավելի շահավետ են, հզոր, վառ ու անմոռանալի, քան ավանդական զբաղմունքների տիրապետելը, մարդիկ բաժանվեցին նրանց, ովքեր իշխանության մեջ են, մոտ են իշխանությանը, նրա կողքին են, և նրանց, ովքեր գտնվում են իշխանության ներքո։ Հենց այստեղ է բոլոր հեղաշրջումների շարժիչ ուժը՝ իշխանություն ստանալու ձգտումը։ Դրա համար էլ հեղափոխությունները, որոնք գրեթե միշտ ձևականորեն հիմնված են ժողովրդական դժգոհության վրա, հազվադեպ են ստեղծարար ուժ դառնում։ Յուրաքանչյուր նոր տիրակալ, հազվադեպ բացառությամբ, իշխանության գալով` ակնթարթորեն ստեղծում է անկշտում նոր փոքրամասնության հանրույթ և այդ նույն սոված մեծամասնությանը, ինչը նպաստում է հասարակության հետագա կործանմանը։ Եվ եթե ազգի բախտը խիստ չբերի, գործընթացը կարող է այնքան ճյուղավորվել, որ ազգը դադարի գոյություն ունենալ, ինչպես դա տեղի ունեցավ շատերի հետ, իսկ նրա բնակության տարածքը կգրավեն այլ ազգեր։ Ինչ-որ չափով սրանից խուսափելու համար չկայացած երկրներին կայացման փուլում անհրաժեշտ է ազգային գաղափար ունենալ։

Ազգային գաղափարն ազգի կարևորագույն տեղեկատվական թաղանթն է, որն այդ ազգի պահապանն է, որը ստիպում է ազգի բոլոր ներկայացուցիչներին միասնական լինել և գոյությունը պահպանել միասնական ջանքերով։ Ազգային գաղափարը նրա հնչեցրած առաքելությունն է։ Դա այն է, ինչն ազգը տարբերում է մյուսներից, հստակ առանձնացնում է մյուսներից ունեցած բոլոր դրական տարբերությունները և թույլ է տալիս երևան հանված առավելություններն օգտագործել մրցակցային պայքարում։

Ազգային գաղափարը պետք է միանգամայն համահունչ լինի ազգի ոգուն։ Լեզվին, քաղաքացիականությանն ու հայրենասիրությանը, առողջ բանականությանը, ավանդույթները հարգելուն, բարոյականությանը, առաքինությանը, մշակույթին, կրթությանը։ Ազգային գաղափարը նախագիծ է, որը պետք է համակի երկրի ողջ բնակչությանը, և՛ իշխանությունում, և՛ իշխանության տակ գտնվողներին հնարավորություն տա առաջնորդներին ճիշտ ուղղորդել նրա գործունեությունը։ Ազգային գաղափարն ընկալելի քաղաքական ծրագիր է։ Ազգային գաղափարն ընտրության համակարգ է, որը բոլոր բնագավառներում գերակայություն է տալիս առաջնորդներին և, միևնույն ժամանակ, ամեն կերպ սահմանափակում է անտաղանդ իմիտատորների գործունեությունը՝ նրանց ներկայությունից հատկապես պահպանելով հասարակության կենսականորեն կարևոր ոլորտները։

Ազգային գաղափարը երկրի հիմնախնդիրների լուծման հայեցակարգ է, որը բացառում է ոչինչ չնշանակող, դատարկ խոսքերը, հայեցակարգ՝ կառուցված երեք սովորական բաների վրա. այն ամենը, ինչ կատարվում է երկրում, պետք է նպաստի պետության հզորության աճին, արտադրաուժերի զարգացմանը և ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը։ Այս երեք չափանիշներն են որոշում ցանկացած պետության ճակատագիրը։ Եթե այս մոտեցումը գերիշխի մեր ուղեղներում, ապա Հայաստանը կարող է ազատվել կործանման՝ ամենուր տարածված վարակից, կգոյատևի և կբարգավաճի։ Դե, իսկ եթե չէ, ուրեմն, չէ։ Մանավանդ որ Հայաստանի վերածնունդը մեզնից բացի ոչ ոքի հարկավոր չէ։

P.S. Տարածված սխալներց մեկը փորձելն է՝ փոխել մարդու աշխարհայացքը և մտածելակերպը։ Բայց որոշ կայսրությունների պատմական ինչ-որ ժամանակահատվածի համար դա հաջողվել է, և հենց դա էր կայսրությունները տարբերում ոչ կայսրություններից։ Իսկ գուցե հակառա՞կն է եղել. կայսրություններ էին դառնում այն երկրները, որոնց դա հաջողվում էր։ 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am