Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Դեկտեմբեր 2010, N 11

ՍՈՒԼԹԱՆ ԱԲԴՈՒԼ ՀԱՄԻԴ.

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՕՐԱԳՐԻՑ

...Իմ հին այգեպանն իրավունք ուներ, երբ Բալկաններում տեղի ունեցող քաղաքական խառնակությունների մասին իր կարծիքը հայտնում էր այսպես. խնձորենին, տանձենին, սալորենին, մայրի ծառը և պինիան1 բուսել էին իրար կողքի այնպես, որ նրանց ճյուղերը քսվում էին իրար: Մայրի ծառը սլացել էր մյուս ծառերից բարձր, բայց և այնպես այս վերջիններս հսկայի ստորին ճյուղերից խլում էին լույսն ու օդը, այնպես որ այդ ճյուղերը չորանում, պոկվում էին: Ու այնպես պատահեց, որ այդ ծառերը, պայքարելով արևի լույսի համար, կռվեցին: Վերջապես Ալլահը վերևից լսեց նրանց կռիվն ու հայհոյանքը: Եկավ ու ասաց. «Ինչո՞ւ եք կռվում: Ամենքդ էլ իրավունք ունեք ապրելու, ամեն մի ծառ մեծ է իր տեղում»: Այդպես է բանը նաև Բալկաններում: Խնձորենին Ռումինիան է, սալորենին՝ Սերբիան, պինիան՝ Հունաստանը, իսկ տանձենին Բուլղարիան է: Մեր Թուրքիան այդ մայրի ծառն է, որից արդեն պոկվել էին մի քանի փտած ճյուղեր, ինչպես կարծում եմ ես, որ ի վնաս  նրա արմատի, որովհետև այդ դատարկ  և փտած ճյուղերը, որ մենք կորցրինք, վտանգավոր էին մեր ծառի առողջության համար:

Եգիպտոսի իմ փաշայի (Մուխթար փաշա, կայսերական կոմիսար) զեկուցումը գովաբանում է այն ամենը, ինչ արել են անգլիացիները Նեղոսի շրջանում: «Երկրի նյութական բարգավաճումը ահագին չափերի է հասել, ժողովրդի մտավոր զարգացումը  օր օրի վրա մեծապես առաջադիմում է»:  Մուխթարը հիմար է, նա ինքն էլ վարակված է անգլիական թույնով: Ինչպե՞ս է կարողանում գովաբանել անգլիացիներին, որոնք գործում են միայն եսասիրությունից, որոնք միայն ծծում են Նեղոսի երկրի հյութերը և ուզում են անգլիական գավառ դարձնել այն: Այդ բանին հասնելու համար նրանք փչացնում են ժողովրդի  բնավորությունը, աշխատում են խախտել մահմեդական առաքինությունները:

 

***

...Ի՞նչ օգուտ մեզ եվրոպական կուլտուրայի այդ բոլոր հաջողություններից: Նրանք կուրացնում են տգետներին և խաբում են ժողովրդին, որն առաջ այնքան խաղաղ ու բախտավոր էր ապրում: Ոչ, Արևմուտքի քաղաքակրթությունը մեզ համար մահաբեր թույն է, որ մեզ մատուցում են նենգամիտ ժպիտով: Մենք հյուրասիրում ենք օտարերկրացիներին, և շնորհակալության փոխարեն նրանք մեզ ոչնչացնում են, կորուստ են պատրաստում մեզ համար:

 

***

Խաչակրաց արշավանքը Թուրքիայի դեմ թերևս երբեք չի դադարի: Գլադստոնը2՝ այդ թոկից փախած չաչանակը, գնում է Պիոս 2-րդ պապի շավղով: Այնուամենայնիվ, քրիստոնյաներին այդքան թշնամի օսմանցիների կայսրությունը արդեն միջին դարերում, երբ Արևմուտքում կրոնական ամենակատաղի հալածանքներ էին տեղի ունենում, ապաստան էր տալիս ամենքին, որ հալածվում էր հավատի համար: Երբ Իսպանիայում տիրում էր սրբազան ինկվիզիցիան, որը այրում և արտաքսում էր հրեաներին, մենք օգնեցինք և տեղ տվեցինք նրանց: Կիսալուսինը բոլոր ժամանակներում հաստատուն ապաստան է տվել կրոնի և քաղաքական համոզմունքների համար հալածվածներին: Բայց Արևմուտքում ո՞վ գիտե մեր պատմությունը: Ո՞վ է այստեղ առհասարակ գլխացավանք պատճառում իրեն ծանոթանալու նրա հետ: Ի՞նչ է հասկանում, օրինակ, «Grand old man  Gladston»-ը արևելյան գործերում: Եթե ճշտորեն բնորոշելու լինեմ նրա հայամետ տարակարծությունները, նրա հարձակումներն իմ կառավարության դեմ, «որը իբր թե հենվում է ոչ թե օրենքների, այլ բռնության վրա», ապա ես կանվանեմ այդ հարձակումները միայն կոպտություն: Մի՞թե հայերի  նկատմամբ նույնը չեղավ, ինչ որ և «bulgarian horrors»3-ների վերաբերմանբ, մի՞թե վաղուց արդեն չի ապացուցված, թե ինչպիսի սուտ տեղեկություններ էին հրատարակում այն ժամանակ անգլիական թերթերը: Նրանք հաղորդում էին, թե քրիստոնյաների գյուղերը քարուքանդ են արվում, բնակիչները ջնջվում են, այնինչ բանից դուրս էր գալիս, որ այդ տեղերը ծաղկած դրության մեջ են, իսկ բնակչությունն ապրում է կատարելապես համերաշխ մահմեդական հարևանների հետ: Ես կարծում եմ, որ ամեն ոք, ով երկար ժամանակ ապրել է Արևելքում և հայացքների անաչառություն է պահպանել, կասի, որ մենք՝ մահմեդականներս, այնուամենայնիվ, ամենալավ մարդիկն ենք արևելյան քրիստոնյաների համեմատությամբ: Ինչպիսի սարսափներ են գործել հենց թեկուզ իսպանացիները, երբ ձեռնարկում էին իրենց գյուտերը, ինչքան անգութ էին ֆրանսիացիները Ալժիրի նվաճման ժամանակ, բելգիացիները Կոնգոյում, էլ չեմ խոսում Սիբիրի ռուսների անգթությունների մասին: Պե՞տք է արդյոք զարմանալ թուրքերի կատաղության վրա, որոնք մինչև վերջին ժամանակներս փայփայում էին հայերին և այդ բանի համար շնորհակալության փոխարեն ենթարկվում էին նրանց կատաղի հարձակումներին հենց իրենց տանը: Մի՞թե հայերը չէին, որ փոթորկվում էին սրով ու պայթուցիկով, իբրև իսկական անիշխանականներ: Պետությունները թույլ չէին տալիս, որ մենք մեր տերը լինենք մեր սեփական տան մեջ. նրանք անդադար գալիս էին իրենց առաջարկներով, կապիտուլյացիաներով և այլն: Այն ամենը, ինչ որ աշխարհիս մյուս պետությունների մեջ, հենց թեկուզ Մոնակոյում, արդար ու բնական է համարվում, մեզանում քրիստոնյա պետությունները չեն ընդունում: Խաչակրաց ծածուկ արշավանքը Թուրքիայի դեմ չի դադարում մինչև այժմ էլ:

 

ԲՈՒԼՂԱՐԻԱ (1903թ.)

Իմ կայսերական կոմիսար Նեջիբը (Սոֆիա) մի հետաքրքրական վավերագիր է ձեռք բերել: «Դեռևս չի հասել ժամանակը Բուլղարիան անկախ դարձնելու համար,- այսպես է գրում ռուսաց դեսպանը (Զինովև) իմ վասալ Ֆերդինանդին: Ձերդ արքայական բարձրությունը պետք է ավելի լավ ժամանակի սպասի. Ռուսիան այժմ ոչ մի խոստում չի կարող տալ: Ամենից առաջ պետք է ավելի շատ համակրանք ձեռք բերել Ավստրո-Հունգարիայի կողմից» և այլն: Ճարպիկ Նեջիբը կարող էր և այդքան փող չծախսել այս նամակը ձեռք նետելու համար: Վիեննայի իմ դեսպանը վաղուց ինձ հաղորդել էր, որ Ֆերդինանդը Վիեննայում էլ ամեն գործ է դրել, որ օգնություն ստանա Բուլղարիան Թուրքիայից անջատելու համար: Չնայելով իր սիրալիր վարմունքին և մեզ քծնելուն՝ իշխան Ֆերդինանդին չի կարելի վստահել: Թող նա համարձակվի իրեն թագավոր հայտարարել: Այդ բանը մենք չենք կարող և չպետք է թույլ տանք, եթե չենք ուզում ձգել մեր՝ իբրև մեծ պետության վարկը: Այդ դեպքում Ադրիանապոլիսի զորքերը անհապաղ առաջ կշարժվեն դեպի Սոֆիա: Ռուսիան դեռ կմտածի՝ միջամտի՞, թե՞ ոչ: Ավստրիան մեծ սխալ կգործի, եթե աջակցի Բուլղարիային իր մեծապետության մոլուցքն առաջ քաշելու համար:

 

ԲՈՒԼՂԱՐԻԱ ԵՎ ՊԱՆՍԼԱՎԻԶՄ

Ռուսիան ուրիշ բան չի ուզում, եթե ոչ պանսլավիզմը տարածել մինչև Բոսֆոր: Բուլղարները միայն նախակարապետներն են ռուսական այդ գրոհի: Նրանք ցարի կույր գործիքն են եղել և կլինեն: Միայն հունական աշխարհը կարող է դիմադրել սլավոնականությանը Բալկաններում: Փառք Ալլահին, որ բուլղարներն ու հույները ատում են իրար և անհաշտ են: Ինչպես կրակն ու ջուրը, Բուլղարիան ոչ միայն Ռուսիայի, այլև Անգլիայի պաշտպանյալն է: Մի՞թե  չի  ապացուցված, որ բալկանյան կոմիտեն Լոնդոնում ահագին գումարներ է ծախսում՝ օգնելու համար բուլղարական հրոսակախմբերին, որոնք անցնում են մեր սահմանը և շատ տարիներ խանգարում են մեր սահմանամերձ գավառների խաղաղ կյանքը: Եթե Բուլղարիան ֆինանսական տեսակետից անդունդի ծայրին չլիներ, վաղուց արդեն պատերազմ հայտարարած կլիներ մեզ: Բուլղարիայի հետ պատերազմ պետք է լինի և կլինի: Դեռևս 7 տարի առաջ մենք պետք է վերջացնեինք այդ ստահակի բանը, բայց ամեն անգամ, երբ մենք պատրաստվում էինք գնալ բալկանյան այդ ավազակների դեմ, Ռուսիան և Անգլիան խանգարում էին մեզ: Անգլիան և Ռուսիան պրպտում էին մեր տանը երկու մկան պես: Ֆրանսիան մի ժամանակ մեր վստահելի մկնորսն էր, որին կարող էինք հարկավոր րոպեին բաց թողնել այդ երկու անհաճո կրծողների դեմ: Բայց Ֆրանսիային ավելի ու ավելի քիչ կարելի է վստահել: Փառք Ալլահին, որ նրան փոխարինել է Գերմանիան: Ամենքին հետ մղելու համար մենք կարող ենք օգտվել մեր «ազնիվ մակկերից»:

 

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Ֆրանսիացիները շատ են բարկանում, որ ես նախապատվությունը տալիս եմ գերմանացիներին: Դա, իհարկե, իր հիմքերն ունի: Ինքը՝ կայսրն է ջանում իմ համակրանքը շահել: Նա (Վիլհելմը) այնպիսի մի մարդ է, որին պիտի համակրել ու սիրել: Նա զարմանալի մարդ է ու ինչպիսի բարձրության է հասցրել իր երկիրը: Գերմանացին ինքնըստինքյան ավելի սիրելի ազգ է, քան ֆրանսիացին: Իր բնավորությամբ նա ավելի մոտ է օսմանցուն: Վերջինիս պես նա էլ մի քիչ դանդաղաշարժ է և ծանրակշիռ, բայց հավատարիմ և ազնիվ: Գերմանացին աշխատասեր է և գործում է հետևաբար: Ֆրանսիացին էլ շատ աշխատասեր է, բայց նա չի գործում գերմանացու եռանդով և չափազանց վատնում է իր ուժերը անօգուտ պոլիտիկոսության վրա: Գերմանական տոկունությանը ֆրանսիացիները կարող են հակադրել միայն իրենց ընդունակությունը դեպի խանդավառություն, որը, սակայն, չափազանց շուտ է չքանում այրվող ծղոտի բոցի նման: Բայց ամենից առաջ գերմանացին լավ գիտե իր ձեռնարկելիք գործը, մի բան, որ մեծ մասամբ պակասում է ֆրանսիացուն: Այն հանգամանքը, որ մեզ՝ օսմանցիներիս համար ֆրանսիացիները այնքան համակրելի չեն, որքան առաջ, բացատրվում է նրանով, որ նրանք խլեցին մեզնից Թունիսը և մեկ էլ նրանով, որ մենք չենք կարող կատարելապես հաշտվել կառավարության հասարակապետական ձևի հետ: Ուր չկա միապետի գայիսոն, չի կարող հաստատուն կարգ լինել:

 

ՌՈՒՍԻԱ

Ճապոնացիների հաջողությունները ռուսների դեմ պետք է մեծ ուրախություն պատճառեն մեզ: Ճապոնական հաղթությունները մեր հաղթանակներն են: Մեծ բախտ է մեզ համար, որ նա իր ավելորդ ուժերով դիմում է դեպի Հեռավոր Արևելք, որովհետև դրանով թուլանում է նրա գահը Սև ծովում: Հենց որ Ռուսիան մի քիչ հավաքի իր ուժերը, իհարկե, նորից մեր դեմ կդառնա: Քանի որ նա չի կարող Բալթիկը ռուսական ծով դարձնել, ուստի ձգտում է այդպիսի ծով դարձնել Սև ծովը: Այս հասկանալի է և բնական: Ռուսիայի գլխավոր ջրային ճանապարհները՝ Դնեստրը, Դնեպրը, Դոնը, իսկ ջրանցքների միջոցով նաև Վոլգան, թափվում են Սև ծովը: Ռուսական հզորությունը ձգտում է անցնել դրանից այն կողմ նեղուցների միջոցով դեպի Միջերկրական ծով: Ռուսիայի համար գուցե չափազանց կարևոր է փշրել Դարդանելի շղթաները, բայց մեզ համար էլ կենսական խնդիր է այդ նեղուցները մեր իշխանության տակ պահելը: Եթե մենք այս կետում անհաշտ հակառակորդներ չլինեինք, ապա մենք և Ռուսիան ամենալավ բարեկամները կլինեինք աշխարհիս երեսին: Պետական կազմի տեսակետով ցարի կայսրության և իմ կայսրության միջև չափազանց շատ է նմանն ու հարազատը: Քիչ նմանություն չկա երկու ազգությունների նույնիսկ բնավորության միջև: Այդ բոլորը նպաստում են այն բանին, որ երկու պետությունները ավելի շուտ դաշնակիցներ դառնան, քան ժառանգական թշնամի: Այդ բանին ավելանում է և այն փոխադարձ ներգործությունը, որ մենք Ռուսիայում ունենք շատ միլիոն մահմեդականներ, այնինչ Ռուսիան հանդիսանում է օրթոդոքս եկեղեցու հովանավորը իմ կայսրության մեջ:

 

***

...Մեր պետության հիմքը հանդիսանում է կրոնը: Դժբախտաբար, Անգլիայի դավաճան քաղաքականությանը հաջողվեց մեզանում հարուցանել ազգայնական ոգին: Եվ ահա Արաբիայում ապստամբություններ են լինում, Ալբանիայում՝ իսլամի այդ եվրոպական ամրոցում, նույնպես խռովություններ են տեղի ունենում: Անկարգություններն անցել են և Սիրիա... Եթե իսլամի միության գաղափարը չքանա, կփլվի մեր կայսրությունը: Ցավալի է, որ մի շարք գավառներ, ուր մահմեդականներ են ապրում, անցել են արդեն քրիստոնյա պետություններին: Օսմանյան կայսրությանը թողնված է ընդամենը 20 միլիոն ուղղահավատ: Բայց և այնպես բոլոր մահմեդականների հայացքներն ուղղված են դեպի Ստամբուլ:  Եվ անհրաժեշտ է տարեցտարի ամրապնդել  ուղղափառներին միացնող  կրոնական կապերը: Սա է մեր ապագան: Այն ժամանակ Անգլիան, Ֆրանսիան, Ռուսիան և Հոլանդիան մի՞թե իմ ձեռքը չեն ընկնի: Իմ մի խոսքը, խալիֆի մի խոսքն էլ բավական է, որ սրբազան պատերազմ հարուցանի: Վայ այն ժամանակ քրիստոնյա պետություններին: Րոպեն դեռ չի հասել, բայց կհասնի, երբ բոլոր ուղղափառները ոտքի կկանգնեն մի մարդու պես և կջախջախեն անհավատների կռած շղթաները: Անգլիական տիրապետությունների մեջ ապրող 85 միլիոն, հոլանդական գաղութներում ապրող 30 միլիոն և Ռուսիայում ապրող 10 միլիոն մուսուլմանները կմիանան: Հայտնի է, որ այսօր 250 միլիոն մուսուլմաններ ամեն օր աղոթում են Ալլահին՝ հայացքները բարձրացնելով դեպի խալիֆը, որ մարգարեի հաջորդն է հանդիսանում: Այս բանից հետո կարելի՞ է արդյոք պնդել, որ մենք միայն մի թույլ գործիք ունենք պետությունների համերգում:

 

***

...Եթե մենք ուզում ենք գտնել ինքներս մեզ, եթե մենք ուզում ենք հարություն տալ մեր վաղեմի ուժին, վերադարձնել մեր երբեմնի բարգավաճումը, պետք է նորից մոտենանք մեր հզորության ակունքին: Մենք կփրկվենք ոչ թե այն բանով, որ կապկություն անենք և փոխառնենք այսպես կոչված եվրոպական կուլտուրան, որ իր հետ բերում է ամենավտանգավոր վարակ, ոչ, մենք պետք է վերադառնանք մեր հին գանձին՝ իսլամին, ղուրանի սրբազան օրենքին:

 

***

Այն, ինչ անվանում ենք բարենորոգումներ, մեր քայքայումն է նշանակում: Ինչո՞ւ այդ պետությունները՝ մեր ժառանգական թշնամիները, ուզում են զոռով մեր վզին փաթաթել բարենորոգումները: Որովհետև նրանք գիտեն, որ բարենորոգումներն իրենց մեջ կրում են  քայքայման այն բացիլները, որոնք պիտի կործանեն մեր կայսրությունը: Ամբողջ Եվրոպան ողբում և ասում է, որ մեր մշակույթը չափազանց  ստոր աստիճանի վրա է: Եվրոպայի ազգերը մեզ քննադատում են և պահանջում, որ մենք գեթ որևէ բան անենք այս աստիճանից բարձրանալու համար: Բայց նրանք մոռանում են, որ իրենց մեջ ևս դեռ շատ բան մնում է կատարելագործելու: Ես, իհարկե, չեմ վիճելու, որ տեխնիկայի առաջադիմությունը Եվրոպայում և Ամերիկայում ապշեցնում է: Մենք հարյուր տարով հետ ենք մնացել Արևմուտքից, բայց անաչառ մարդիկ խոստովանում են, որ իմ թագավորության սկզբից զարգացումը կատարվել է կանոնավոր կերպով և թերևս նույնիսկ չափազանց արագ:

 

***

Մուհամեդը պահանջում է միայն հնազանդվել Աստծուն, բայց ոչ անհեթեթ ճակատագրապաշտության իմաստով: Մեծ է Ալլահի ողորմությունը, բայց նա չի կարող հոգալ յուրաքանչյուր մարդու պահանջներին գոհացում տալու մասին: Դրա մասին մարդիկ իրենք պիտի մտածեն և դրա համար աշխատեն: Ով չի ցանում, չի էլ հնձի, և միայն աշխատողն է արժանի հաց ուտելու: Դժբախտաբար, մեր ժողովուրդը չկարողացավ հասկանալ այս: Արաբները, սիրիացիները այդպես չեն. նրանք չեն ուզում անգործ մնալ: Չէ՞ որ քրիստոնյաների Ավետարանի մեջ էլ ասված է. «Մի՛ մտածեք վաղվա մասին»: Սակայն նրանք աշխատում են, առաջադիմում, իսկ մենք հետ ենք մնում:

Չարիքի արմատն այն է, որ ոչ մի օսմանցի չի աշխատում իրական արժեքներ ստեղծելու համար: Նա սովորել է տեր զգալ իրեն և բոլոր հոգսերը դնել ուրիշների վրա: Նա ինքը միայն ապրում է և զվարճանում: Շեյխ  Ուլ Իսլամը իր հրամանով նորից հիշեցրեց, որ աշխատանքը հաճելի է Ալլահին, որ աշխատանքը ոչ ոքի անպատիվ չի անում: Մեր երիտասարդները կարծում են, որ իրենք կարող են լինել կամ պաշտոնյա, կամ սպա, կամ էլ գուցե՝ ուլեմ: Ինչո՞ւ թուրքը չի կարող դառնալ  վաճառական, տեխնիկ, ընդունակ բանվոր: Ես ինքս աշխատում եմ նրանց լավ օրինակ տալ և զբաղվում եմ ստեղծագործական արհեստով: Այո, դժվար է փարատել այդպիսի նախապաշարումները, և որքան ցավալի է, որ նրանք արմատացել են: Պարապությունը համարվում է բարձր պատիվ, և ամեն ոք ձգտում է բաժին ունենալ այդ կարծեցյալ բարիքից: Ես ինքս պատանի հասակում հակում էի զգում պարապությանն անձնատուր լինելու: Բայց երբ տեսա, թե պարապությունը մինչև ուր է հասցնում, երբ տեսա, թե ինչի հասցրեց այն իմ եղբայր Մուրադին՝ կատարյալ վայրենության և խելագարության, ես թոթափեցի ինձնից այն լուծը, որ դնում է այդ ախտը: Այո, միայն այն ժամանակ, երբ կարողանանք հաղթահարել այդ անհոգությունը, որ հատուկ է մեր ժողովրդին, երբ վանենք մեզնից փափկակեցությունը, որ բխում է հարեմական կյանքի չափազանցություններից, այդ ժամանակ մենք կբուժենք մեր Օսմանյան կայսրությունը:

 

***

...Ի՞նչ են նշանակում այդ սուրբ միջազգային իրավունքի պատվերները: Բավական է միայն մի հայացք ձգենք մեր պատմության վրա՝ ասելու. «Այդ միայն ծաղր է»: Ազգերը ծիծաղում են իրավունքի պատվերների վրա: Նրանց համար գոյություն ունի միայն բնության մի երկաթյա օրենք՝ ավելի ուժեղը թույլի թշնամին է: Մենք թուլացած ենք. Եվրոպան անդադար բռնություններ է գործադրում մեզ վրա: Քանի անգամ դաշնագրերով ստատուս քվոյի երաշխիքներ են տվել մեզ, և այնուամենայնիվ, մեր գավառները մեկը մյուսի հետևից խլել են, իսկ միջազգային իրավունքն այդ գործում ոտնատակ է տրվել:

 

1 Պինիա- ծառատեսակ:

2 Գլադստոն Վիլյամ - (1809- 1898), նշանավոր անգլիացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ: Դատապարտել է Թուրքիայի վայրագությունները քրիստոնյա ազգերի հանդեպ:

3 Bulgarian horrors- (անգլ.) բուլղարական սարսափներ:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am