Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Դեկտեմբեր 2010, N 11

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԼԵՀԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՅԼ ԿԵՐՊ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Հարցազրույց Զբիգնև Բժեզինսկու հետ

(նյութի մշտական հասցեն՝ http://www.newsweek.pl/artykuly/sekcje/swiat/nadszedl-czas-polski-zbigniew-brzezinski-dla-newsweeka,69698,1)

26.12.2010

Newsweek: Վերջին ժամանակներս Ռուսաստանն իր իմիջն ավելի ջերմ է դարձնում, հրաժարվում է ուժի հռետորաբանությունից, դիվանագիտական գրոհի է գնում։ Բավական է հիշել թեկուզև նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ վերջերս կատարած այցելությունները Վարշավա և Բրյուսել։ Դրանք առերևո՞ւյթ, թե՞ իրական փոփոխություններ են։

Զբիգնև Բժեզինսկի. Որոշակի չափով դրանք լուրջ փոփոխություններ են՝ պայմանավորված Ռուսաստանի բարդ ներքին իրավիճակով։ Վերջին երեք տարիների ֆինանսատնտեսական ճգնաժամը համոզեց մոսկովյան էլիտաներին այն բանում, որ Ռուսաստանը խիստ կախված է համաշխարհային ընդհանուր իրավիճակից, որ տնտեսությանը և հասարակությանը սպառնում են լճացումը, կոռուպցիան և մոդեռնացման բացակայությունը։ Սա, իհարկե, չի նշանակում, թե Ռուսաստանը դրանից հետևություններ է անում այդ երկրում դեմոկրատիայի գործառնության կամ սահմանադրական կարգի ոլորտում։ Բայց ռուսաստանցիները սկսում են հասկանալ, որ իրենց ապագան զգալիորեն կախված է Արևմուտքի հետ հարաբերությունների որակից։

- Ինչպիսի՞ն է այսօր Ռուսաստանի իրական ուժն աշխարհում։ Նեոկայսերական հավակնությունները կարող են անհանգստություն առաջացնել, բայց կա՞ն արդյոք Խորհրդային Միության մասշտաբի տերության վերածննդի իրական հնարավորություններ։

- Կրկնություն չի լինի։ Ընդ որում՝ երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը հնարավորություն ունի դառնալ հաջող պետություն շնորհիվ իր հումքային պաշարների, տնտեսական ներուժի, ինչպես նաև տարածքի չափսի և խելացի, ժրաջան ժողովրդի։ Միայն թե այս բոլոր տարրերը պետք է իմաստուն կիրառություն ունենան, ինչը, ցավոք, ռուսական պատմության մեջ միշտ չէ, որ կանոն է դառնում։

- Այնուամենայնիվ, հնարավո՞ր է արդյոք ուժեղ ռուսական ազդեցության վերածնունդը գոնե հետխորհրդային տարածքում։ Թեկուզև Ուկրաինայում, որը վերջին ժամանակներս նկատելի շրջադարձ է կատարել դեպի Մոսկվայի կողմը։

- Դա շատ զգայուն ասպեկտ է։ Ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ արդի Ռուսաստանն արդեն «չէր մարսի» Ուկրաինան։

- Ինչո՞ւ։

- Քանի որ Ուկրաինան որպես անկախ պետություն գոյություն ունի արդեն ավելի քան 20 տարի։ Պատկերացրեք՝ ինչպես է փոխվել լեհերի հոգեբանությունը 1919 և 1939թթ. միջև։ Սեփական անկախ պետություն ունենալը հսկայական ազդեցություն է գործում հատկապես երիտասարդների հոգեբանության վրա։ Այդ փորձը չի կարելի լրիվ չափով համեմատելի համարել, քանի որ Լեհաստանում ազգային գիտակցության զգացողությունն անհամեմատ ավելի ուժեղ էր զարգացած։ Սակայն այն փաստը, որ Ուկրաինան արդեն 20 տարի անկախ պետություն է իր տարածքով, բանակով, ազգային գույներով և նույնիսկ, ինչը պակաս կարևոր չէ, ֆուտբոլի թիմերով, որոնք լավ էլ գործառում են, ստեղծում է ինքնանույնականացման զգացողություն ազգային-պետական ինքնիշխանության հետ։ Ուկրաինան ճնշելու կամ այն արբանյակ երկրի, իսկ հետո՝ նաև կայսրության մի մասի վերածելու փորձը Ռուսաստանի համար շատ վատ կվերջանար։

- Հարց է միայն, թե արդյոք Կիևի ներկայիս իշխանական էլիտաներն այդպես են մտածում։

- Ուկրաինան այժմ, իսկապես, շատ զիջող է Ռուսաստանի հանդեպ։ Բայց ֆորմալ առումով այն մնում է անկախ և Մոսկվայից ավելի արագ է շարժվում դեպի Արևմուտքի կողմը։ Դրա շնորհիվ այն սկսում է դեպի Արևմուտքի կողմը քաշել նաև Ռուսաստանին, ինչը շահավետ է Եվրոպայի և հատկապես Լեհաստանի համար։

- Կա նաև իշխանական ուժերի ներքին դասավորության հարցը բուն Ռուսաստանում։ Ինչպե՞ս եք գնահատում նախագահ Մեդվեդևի դերը։ Կարո՞ղ է նա արդյոք դառնալ ինքնուրույն քաղաքական գործիչ, թե՞ միայն խամաճիկ է նեոկայսերական քաղաքականություն վարող վարչապետ Վլադիմիր Պուտինի ձեռքին։

- Մենք բոլորս հիանալի գիտենք, թե ինչպես է Մեդվեդևը հայտնվել գահին։ Սակայն առավել ակնհայտ է դառնում այն, որ նախագահն սկսում է այլ կերպ մտածել, քան Պուտինը, համենայնդեպս՝ Ռուսաստանի ապագայի վերաբերյալ։ Բայց դե սա միակ դեպքը չէ ռուսական էլիտայում։ Սակայն դա չի նշանակում, թե մոտ ապագայում քաղաքական կշեռքի ծանր նժարը կթեքվի Մեդվեդևի կողմը։ Ճիշտն այն է, որ Ռուսաստանում մի ինչ-որ կարևոր բան է սկսում կատարվել։ Այդ հոսանքը զգուշավոր լավատեսության առիթ է այդ երկրի ապագայի մասին խորհրդածություններում։

- Եկե՞լ է արդյոք ժամանակը, որպեսզի լեհերն սկսեն այլ կերպ գնահատել ռուսներին։

- Այդ փոփոխությունն արդեն կատարվում է։ Այն կարելի է նկատել Դմիտրի Մեդվեդևի հետ Բրոնիսլավ Կոմորովսկու խոսակցություններում, Կատինի հանցագործության համար Ռուսաստանի և անձամբ Ստալինի պատասխանատվության (ճիշտ է՝ ուշացած) խոստովանությունում։ Դա հաստատում է այն գաղափարը, որ քաղաքականության մեջ դեր ունի ժամանակը։ Գերմանացիների հանդեպ լեհերի դիրքորոշումը վերջին ժամանակներս նույնպես սկզբունքորեն փոխվել է։ Դա չի նշանակում, թե ամեն ինչ մոռացվել է, բայց պատմական տրավմաներն էլ ավելի են հեռանում ժամանակակից լեհերի փորձից։ Եվ դա նորմալ պատմական գործընթաց է։

- Կարո՞ղ է արդյոք Լեհաստանը Ռուսաստանի հանդեպ ինքնուրույն քաղաքականություն վարել, թե՞ այդ քաղաքականությունը պետք է հանգուցվի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին մեր անդամակցության հետ։

- Ձեր հարցում պատասխանն արդեն կա։ Ի՞նչ հնարավորություններ ունենք ինքնուրույն քաղաքականություն վարելու համար։ Տնտեսական բոյկո՞տը։ Մենք կդադարեցնենք ապրանքներ մատակարարել Ռուսաստանի՞ն։ Լեհական միջուկային զե՞նք կա, որը սպառնում է Ռուսաստանին։ Ընդհանրապես ինչի՞ մասին է խոսքը։

- Սակայն բոլորովին վերջերս մենք քաղաքական գործիչներ ունեինք, որոնք փորձում էին, համենայնդեպս, «բանավոր» մակարդակում, Ռուսաստանի հետ կոշտ լինել։

- Կան նաև այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք ուզում են միաժամանակ մարտնչել և՛ Գերմանիայի, և՛ Ռուսաստանի հետ։ Սա ԱՄՆ-ի հետ հարաբերությունների թուլացման դեղատոմսն է։

- Ի՞նչ չափով են մեր երկիրն ընկալելու մեջ հստակ փոփոխությունները և Լեհաստանի իմիջի բարելավումը դարձել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների ջերմացման արդյունք։

- Միայն որոշակի չափով։ Այդ փոփոխությունների անհամեմատ ավելի էական պատճառ է դարձել այն համոզմունքը, որ Լեհաստանում հաստատվել է կայուն, իսկական և ավելի արմատականացող դեմոկրատիա, որ Լեհաստանը ժամանակակից պետություն է, որտեղ տեղի է ունենում հեռուն գնացող մոդեռնացում։ Որ լեհական տնտեսությունը, ի տարբերություն մյուս բոլոր եվրոպական երկրների, ամուր կանգնած է ոտքերի վրա։ Թեև, իհարկե, պետք է շատ զգույշ լինել Լեհաստանի ապագայի մասին մտածելիս։ Սրան պետք է հավելել նաև Գերմանիայի և Ռուսաստանի հանդեպ արևմտաեվրոպացիների մեծամասնության դիրքորոշումներին մոտեցող արտաքին քաղաքականությունը։ Այս ամենը նպաստում է Լեհաստանի իմիջի բարելավմանը։

- Ամերիկյան ներկայիս վարչակազմն ինչո՞ւմ է տեսնում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի դերն իր արտաքին քաղաքականությունում։ Կարծիք է հնչում, թե Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում հանրահայտ «վերալիցքավորումը» տեղի է ունենում մեր տարածաշրջանի գնով։ Կարելի է ասել՝ մենք մի փոքր խանդում ենք, որ մեզ այնքան ուշադրություն չի դարձվում, որքան Ջորջ Բուշի վարչակազմի օրոք։

- Մանկական խանդը չի կարող ելակետ լինել իմաստուն արտաքին քաղաքականություն վարելու համար։ Պահանջել, որ Ամերիկան մշտապես ապացուցի իր շահագրգռությունը, համակրանքը, սերը Կենտրոնաարևելյան Եվրոպայի հանդեպ, երեխայություն է։ Այն, որ Լեհաստանը ԱՄՆ գործընկերն է, ակնհայտ է։ Ճիշտ է՝ ոչ հավասար գործընկեր, քանի որ այս երկու երկրների անհամաչափությունը, հավանաբար, հասկանալի և տեսանելի է բոլորին։ Բայց չմոռանանք, որ հենց Ամերիկան է ՆԱՏՕ բերել ոչ միայն Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան կամ Հունգարիան, այլ նաև բալթյան երկրները։ Ամերիկան ռազմական կապեր ունի Լեհաստանի հետ, իսկ Լեհաստանն, իր հերթին, համագործակցում է ԱՄՆ-ի հետ Աֆղանստանում, մինչ այդ էլ համագործակցում էր Իրաքում։ Այնպես որ՝ ինչի՞ է պետք Կենտրոնական Եվրոպայով ավելի խոր շահագրգռության ապացույցների մշտական պահանջը։ Փաստերն իրենք են վկայում դա։

- Գուցե, Վաշինգտոնի կողմից շահագրգռության մշտական սպասումը պարզապես լեհական բարդույթների և թերագնահատման զգացողության ապացույցն է։

- Դա արդեն հոգեբանության հարց է, ոչ թե դիվանագիտության։

- Լեհաստանում բավական տարածված է այն կարծիքը, թե Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերությունների բարելավումը թուլացնում է մեր անվտանգությունը։

- Այսինքն՝ Լեհաստանն իրեն անվտանգ է զգում, երբ Ամերիկան Ռուսաստանի հետ լավ չէ՞, և սպառնալիքի մեջ է, երբ այդ հարաբերությունները բարելավվո՞ւմ են։

- Գուցե դա մեր մեջ մնացել է Ռեյգանի ժամանակներից։

- Բայց Ռոնալդ Ռեյգանը վաղուց արդեն նախագահ չէ, Եվրոպան բաժանված չէ, իսկ Լեհաստանն արդեն արբանյակ երկիր չէ։ Իսկապես, դժվար է պահանջել, որ ամերիկյան քաղաքականությունը հենվի նման տիպի բարդույթների վրա։

- Ամերիկան, հավանաբար, ավելի լուրջ հոգսեր ունի, քան մենք։ Գլոբալ մասշտաբի վերջին փոփոխությունները, նախևառաջ՝ այնպիսի խոշոր զարգացող երկրների նշանակության աճը, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, արդյո՞ք Միացյալ Նահանգների գերիշխող դիրքի ավարտ են նշանակում։ Ամեն կողմից խուճապային կարծիքներ են հնչում, թե Ամերիկայի ժամանակը մոտեցել է ավարտին։

- Փոփոխություններ, իսկապես, տեղի են ունենում և մեծ նշանակություն ունեն։ Չինաստանը դառնում է պետություն, որը գերիշխում է ողջ տարածաշրջանում և հավակնում է գլոբալ տերության դերի։ Եվ միանգամայն ճշմարտանման է, որ այդ երկիրը կդառնա այդպիսին։ Բայց դա չի նշանակում, թե Ամերիկան անկում է ապրելու։ Ամերիկան դեռ կարևոր դեր է խաղալու, և եթե նայենք վիճակագրությանը, ԱՄՆ-ը առայսօր հսկայական պոտենցիալ ունի։

- Չնայած ներքին հիմնախնդիրներին (վիթխարի պետպարտքով) կամ բյուջեի դեֆիցիտի՞ն։

- Այդ հիմնախնդիրներն առնչվում են նաև շատ այլ երկրների։ Չինաստանը դեռ պետք է հաղթահարի սոցիալական մեծ հետամնացությունը։ Իսկ Միացյալ Նահանգները պետք է մեծ ջանքեր գործադրի իր ֆինանսատնտեսական համակարգի առողջացման համար, ինչի մասին ամերիկյան հասարակությունն սկսում է խոսել ավելի բարձրաձայն՝ գիտակցելով դրա անհրաժեշտությունը։ Եվ սա է այն պոտենցիալը, որը պետք է օգտագործի Ամերիկան։

 

ԱԼԵՔՍԵՅ ՎԼԱՍՈՎ

Լոմոնոսովի անվան ՄՊՀ պատմության ֆակուլտետի փոխդեկան զարգացման գծով

ԱԴՐԲԵՋԱՆ. 2010Թ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Բաքվի համար ինտեգրացիոն գործընթացները տնտեսության, քաղաքականության և մշակույթի մեջ հիմնարար սկզբունք են

(նյութի մշտական հասցեն՝ http://www.ng.ru/cis/2010-12-24/6_azerbaijan2010.html)

24.12.2010

Համեմատաբար հեշտ հաղթահարելով համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները՝ ադրբեջանական տնտեսությունը 2010թ. ՀՆԱ աճի բարձր տեմպեր ապահովեց։ Արժույթի միջազգային հիմնադրամը Ադրբեջանի Կենտրոնական բանկի հակաճգնաժամային քաղաքականությունը համարեց ամենաարդյունավետներից մեկը հետխորհրդային տարածքում։ Իհարկե, տնտեսական բարեկեցության հիմքը կազմում են ածխաջրածինները, սակայն արժե նշել, որ զգալի էներգետիկ ռեսուրսներ ունեցող ոչ բոլոր երկրները կարողացան առանց խնդիրներ հարուցելու հաղթահարել ճգնաժամային գոտին։ Ադրբեջանին դա հաջողվեց, և հիմա հանրապետությանը բաժին է ընկնում Հարավկովկասյան տարածաշրջանի արժութային պահուստների ավելի քան 80%-ը։

Ումիդ գազահանքի հայտնաբերմամբ, որի պաշարները կազմում են մոտ 200 մլրդ խոր. մ գազ, Ադրբեջանը վերածվեց խոշոր խաղացողի նաև գազի համաշխարհային շուկայում։ Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը չի պլանավորում կանգ առնել ձեռք բերվածի վրա, և մենք ավելի հաճախ ենք լսում ռուսաստանցի քաղաքացիներին ծանոթ «մոդեռնացում» բառը։ Մեր երկրների զարգացման հետագծի նման համընկնումն ամենևին էլ պատահական չէ։ Հիշեցնենք, որ դեռ 1994թ., երբ Հեյդար Ալիևը ստորագրեց այսպես կոչված դարի պայմանագիրը, Ադրբեջանի տնտեսությունը թևակոխեց զարգացման ռազմավարական ուղի։ Երկիր եկան օտարերկրյա ներդրողներ, բայց նրանց միջոցները հատկացվում էին ոչ միայն այնպիսի այսրոպեական հիմնախնդիրների լուծմանը, ինչպիսին էին նավթագազային հատվածի, սոցիալական ծրագրերի զարգացումը, ազգային արժույթի կայուն փոխարժեքի պահպանումը կամ էլ հավակնոտ շինարարական նախագծերը։ Հեյդար Ալիևի գծած և Իլհամ Ալիևի շարունակած զարգացման գիծը նախատեսում էր Ադրբեջանը վերածել ապագային միտված արդիական պետության։ Հեյդար Ալիևը հասկանում էր, որ նավթը ցանկացած պետության տնտեսության հիանալի նեցուկ է, բայց չի կարող հավերժ այդպես շարունակվել։ Երկրի զարգացումը երկարաժամկետ հեռանկարում պահանջում է եկամուտների աղբյուրների դիվերսիֆիկացում։ Այս նպատակին հնարավոր է հասնել միայն մարդկային կապիտալի որակի բարձրացման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, տնտեսության ոչհումքային հատվածում աճի նոր կետերի ստեղծման համար նավթագազային սեկտորի օգտագործման միջոցով։ Այս տեսակետից 2010 թվականը հատկանշական էր, քանի որ ՀՆԱ աճի տեմպերը ոչնավթային սեկտորում գրեթե կրկնակի գերազանցել են նավթային սեկտորի ցուցանիշները։

Ադրբեջանի ղեկավարության համար մարդկային կապիտալի որակի բարձրացումը միայն միջնակարգ և բարձրագույն կրթության հարցերը չեն կամ աշխատակիցների որակավորման բարձրացումը տնտեսության առանցքային սեկտորներում։ Անշուշտ, դա նաև ադրբեջանական հասարակության մշակույթի բարձրացման, ադրբեջանական ժողովրդի և նրա հարևանների ուրույն պատմության և ավանդույթների պահպանման հարցն է։ Բաքվի համար ինտեգրացիոն գործընթացները տնտեսության, քաղաքականության և մշակույթի մեջ հիմնարար սկզբունք են, որի հիման վրա հնարավոր է ձևավորել փոխադարձ վստահության տարածք հսկայական աշխարհառազմավարական տարածաշրջանում, որը ներառում է Հարավային Կովկասը, Կասպիան և Կենտրոնական Ասիան։

Մշակութային ինտեգրման խորհրդանիշը դարձան Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի նախաձեռնությունները, որը հանդես է գալիս որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻՍԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։ Նրա հովանավորության ներքո գտնվող նախագծերի շրջանակում Բաքվում կառուցվեց Մուղամի միջազգային կենտրոնը, 2010թ. ամռանն անցկացվեց Գաբալայի երկրորդ միջազգային երաժշտական փառատոնը։ Բաքուն դարձավ ԱՊՀ երկրների պատմական բուհերի ռեկտորների համաժողովի անցկացման վայր։ Ոչ միայն Ադրբեջանում, այլև նրա սահմաններից դուրս անցկացված այս բոլոր միջոցառումների հետևում Մեհրիբան Ալիևայի և Հեյդար Ալիևի հիմնադրամի գործունեությունն է, որի ներկայացուցչությունն ակտիվ աշխատանք է տանում Ռուսաստանում՝ իրականացնելով հումանիտար-կրթական զանազան նախագծեր։

Այսպիսով, Ադրբեջանն ակտիվորեն հանդես է գալիս ոչ միայն որպես համաշխարհային էներգետիկ շուկայի առաջատար խաղացողներից մեկը, այլ նաև որպես մի երկիր, որն իր մերձավոր և հեռավոր հարևանների շրջանում ձևավորում է երիտասարդ զարգացող պետության միանգամայն նոր կերպար։ Այս տեսակետից Իլհամ Ալիև-Մեհրիբան Ալիևա նախագահական զույգը հանդես է գալիս որպես ինքնատիպ բրենդ, այնպես, ինչպես Նուրսուլթան Նազարբաևն է հանդիսանում ներկայիս Ղազախստանի խորհրդանիշը։ Մրցակցային համաշխարհային շուկայում երկրի առաջմղման համար նման պոզիտիվ անձնավորումը չափազանց կարևոր է։

Եվ, իհարկե, չի կարելի չնշել, որ 2010-ը պոզիտիվ էր ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման տեսակետից, որոնք վերջին տարիներին ձեռք են բերել առանցքային բոլոր ուղղություններում փոխգործակցության որակապես նոր մակարդակ՝ սկսած տնտեսությունից, վերջացրած հումանիտար ոլորտով։ Այս հաջողության հիմքը ռուս և ադրբեջանցի ղեկավարների փոխադարձ պոզիտիվ ընկալումն է։ Իլհամ Ալիևը քաղաքական գործիչ է, որը լավ գիտե ռուսական մշակույթն ու ռուսերեն լեզուն, ուստի, ուղղակի և անուղղակի իմաստներով, շփվում է Դմիտրի Մեդվեդևի և Վլադիմիր Պուտինի հետ նույն լեզվով, ինչը պակաս կարևոր դեր չի խաղում այնպիսի թեժ հարցերի շուրջ դիրքորոշումների համաձայնեցման գործում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կամ երկխոսությունը էներգետիկ ոլորտում։

Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ մամլո ասուլիսում, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները բազմապլան են և ներառում են ոչ միայն էներգետիկ ոլորտը, այլև տրանսպորտը, ռազմատեխնիկական համագործակցությունը։ Կարևոր համաձայնագրեր ստորագրվեցին ջրային պաշարների սահմանազատման և օգտագործման ոլորտում։ Ընթացիկ տարում ստորագրվել են համաձայնագրեր «Գազպրոմի» կողմից 2011-2012թթ. ադրբեջանական գազի գնման ծավալների ավելացման մասին։ Պատահական չէ, որ շատ փորձագետներ երկկողմանի հարաբերությունները բնութագրում են որպես ռազմավարական գործընկերություն։ Դիրքորոշումների նման մերձեցումը հիմնական առանցքային հարցերի շուրջ թույլ է տալիս հուսալ, որ մոտ ապագայում կգտնվի ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը՝ հաշվի առնելով այն ակտիվ միջնորդական դերը, որն ստանձնել է Մոսկվան 2008թ. օգոստոսյան իրադարձություններից հետո։ Նոր ռիսկերը և մարտահրավերները, որոնց բախվում է հետխորհրդային տարածքը 21-րդ դարասկզբին, պահանջում են սոցիալական, տնտեսական, տեղեկատվական անվտանգության մի ամբողջ շարք հարցերի համախմբված լուծումներ։ Ռուսաստանը և Ադրբեջանն ակնառու կերպով ցույց են տալիս, որ նրանք պատրաստ են և կարող են միասին լուծել նման հարցերը։ 

 

ՍԵՐԳԵՅ ՉԵՌՆՅԱԽՈՎՍԿԻ

ԺԻՄԻԲ-Ը ԿՐԿԻՆ ԴԵՄ Է

(նյութի մշտական հասցեն՝ http://www.apn.ru/publications/article23474.htm)

21.12.2010

ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոն կրկին դժգոհ է մնացել։ Հիմա էլ՝ Բելառուսի ընտրություններից։

Ինչպես հայտարարել է բյուրոյի ղեկավար Գերտ-Հայնրիխ Արենսը, բյուրոն «լեգիտիմ չի համարում ընտրությունները»։ Թեև, ընտրություններին ներկա էր այդ տարաշխարհիկ կազմակերպության 329 դիտորդ, բայց ամենամեծ խախտումը, որ նրանք կարողացել էին նկատել, այն էր, որ, Արենսի կարծիքով, մրցակցությունը տեղեկատվական դաշտում անհավասար պայմաններում էր ընթանում, իսկ լրատվական հաղորդումների 90%-ը նվիրված էր Լուկաշենկոյին։

Եվ մեկ էլ՝ օգտագործվել է «վարչական ռեսուրսը»։ Եվ էլի՝ քվեարկության օրվա գիշերը «մթագնվել է նրանով, որ կալանվել է նախագահի թեկնածուների մեծ մասը, ինչպես նաև հարյուրավոր ակտիվիստներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ»։

Այսպիսով, այս բյուրոյի 329 աշխատակից, հետևելով ընտրարշավի ընթացքին, քվեարկությունների ընթացքում խախտումների մասին ըմբռնելի ոչինչ ասել չկարողացավ։ Որովհետև. ընկալելի ձևով չբացատրեցին, թե որտեղ էր օգտագործվել վարչական ռեսուրսը; լցոնումներ, կեղծարարություններ, տեղեկանքների ոչնչացում, արձանագրությունների կեղծում, քվեարկությունների խոչընդոտում կամ ստիպողական քվեարկություն նրանք չեն հայտնաբերել։

Ինչ են հայտնաբերել. անհավասարություն տեղեկատվական ոլորտում և գիշերային ձերբակալություններ։ Այսինքն՝ այն, ինչը կարելի էր հայտնաբերել հյուրանոցի իրենց համարում նստած։ Եվ հեռուստացույց նայելով։ Կամ ԵԱՀԿ բյուջեից սնվող 329 դիտորդները հենց այդպես էլ արել են՝ համարում նստած հեռուստացույց են նայել։ Կամ եղել են տեղամասերում, բայց այնտեղ ամեն ինչ այնքան թափանցիկ է եղել, որ գտնելու բան չեն ունեցել։

Ընդ որում՝ ԵԱՀԿ և ԵԽԽՎ ներկայացուցիչներն իրենց եզրակացությունները հրապարակեցին միայն ընտրարշավի ավարտից և գիշերային կալանումներից հետո։

Միայն թե նման եզրակացությունների համար՝ անհավասարություն տեղեկատվական դաշտում և վարչական ռեսուրս, ընտրարշավի ավարտին սպասելու հարկ չկար։ Եթե նման բան կար (դա տեսանելի էր նաև մինչև քվեարկության օրը), ապա այդ մասին կարելի էր և պետք էր հայտարարել, եթե խոսքը խախտումները վերացնելու մասին էր։

Նման դժգոհություններով ընտրարշավի ավարտին սպասելն իմաստ ուներ միայն մի դեպքում. եթե հարկ կար, մի կողմից, որ նման խախտումներն արդեն կատարվեին և կարելի չլիներ դրանք շտկել, մյուս կողմից՝ ակնկալելով, որ դրանց կարելի է էլի խախտումներ հավելել։ Բայց պարզվեց, որ ավելացնելու բան չկար, բացի ձերբակալություններից։ Իսկ այս դեպքում պետք է ենթադրել, որ նման ակնկալիքներ ունեին։ Այսինքն՝ գիտեին, որ Բելառուսում մի այնպիսի բան է տեղի ունենալու, որին կհետևեն ձերբակալություններ։

Ընդ որում՝ կարելի է բառապաշարի նմանություն նկատել. ԵԱՀԿ ներկայացուցիչներն ասում են, որ «առաքելությունը չի կարող ընտրությունները լեգիտիմ համարել», ընդդիմության առաջնորդները նույնպես խոսում են «լեգիտիմ չլինելուց», բայց արդեն «Լուկաշենկոյի իշխանության» մասին։ Այն էլ՝ այնպիսի շեշտադրումներով, որոնց համաձայն՝ քանի որ վերջինը քշեց կառավարության շենքը գրոհող ամբոխին, ուրեմն լեգիտիմ չէ։ Իսկ եթե թույլ տար շարունակել, ապա լեգիտիմ կլիներ։

Ստացվում է, որ ի հեճուկս բոլոր քաղաքագիտական տեսությունների, լեգիտիմ է այն իշխանությունը, որը թույլ է տալիս չենթարկվել իրեն, և լեգիտիմ չէ այն իշխանությունը, որն ապահովում է հնազանդությունն իրեն։

Իրականում, իհարկե, կատարյալ է այն լեգիտիմությունը, որը հարկադրանք չի պահանջում։ Միայն թե դա այնպիսի իրավիճակ է, երբ հասարակության կառավարումն իրականացվում է արդեն առանց պետության, սեփական ինքնակազմակերպման հիման վրա։ Այլ կերպ ասած՝ կոմունիզմն իր բարձրագույն փուլում։

Ո՞վ կմտածեր, որ բելոռուսական ընդդիմության առաջնորդները ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ միասին, բոլորն անխտիր, կոմունիստ կլինեն։

Եթե խոսքը կոմունիզմի մասին չէ, այլ մեկ ուրիշ բանի, ապա դա պետություն ունեցող հասարակությունն է։ Այսինքն՝ հասարակություն հարկադրանքի մեքենայով։ Մասնավորապես, հարկադրանք՝ հետևելու օրենքներին։

ԺԻՄԻԲ-ը և ԵԽԽՎ-ն դժգոհում են, որ ընտրություններից հետո, երեկոյան, ձերբակալվել է «նախագահի թեկնածուների մեծ մասը», ինչպես նաև հարյուրավոր ակտիվիստներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ»։

Այս կազմակերպություններից ազնվություն և խիղճ, անգամ նվազագույն չափով, պահանջելն անիմաստ է, քանի որ ազնիվներն ու խղճովները նման տեղ աշխատելու պարզապես չեն գնում։ Բայցևայնպես, հենց այնպես վերցրին ու, դատելով նրանց զեկույցների տողերից, ձերբակալեցին նախագահի թեկնածուներին ու «քաղաքացիական հասարակության» հարյուրավոր ներկայացուցիչների։ Ոչ մի խոսք այն մասին, որ նրանք չարտոնված գործողություններ են կազմակերպել, մասնակցել դրանց, փորձել ներխուժել խորհրդարան, դիմադրություն ցույց տվել հատուկ նշանակության ջոկատներին...

Այսինքն՝ ցանկության դեպքում կարելի է համակրել նրանց հայացքներին։ Եվ հավանություն տալ նրանց գործողություններին ու նրանց էլ համարել «բռնակալության դեմ պայքարի քաջարի մարտիկներ»։ Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի տրտնջալ, թե նրանց «քաջարի պայքարի» համար ձեռքերից բռնել ու բանտախուց են տարել։ Ուրախանալ է հարկավոր մարտիկների քաջության համար, որոնք չեն վախեցել... «արյունոտ ռեժիմից»։

Եթե «արյունոտ ռեժիմը» ձերբակալում է «ռեժիմի դեմ պայքարողներին», նշանակում է՝ նրանք իսկապես մարտիկներ են։ Եթե չի ձերբակալում, նշանակում է՝ կամ նրանք «մարտիկներ» չեն, կամ էլ դա «արյունոտ ռեժիմ» չէ։ Եթե այն «արյունոտ ռեժիմ» չէ, էլ ինչ էին խուլիգանություն անում հրապարակում և ինչի դեմ էին պայքարում։ Օրինական հաստատված ժողովրդավարական կարգի՞։ Այդ դեպքում նրանց, հաստատ, պետք էր բռնել որպես սադրիչների ու խուլիգանների։

Ընդհանրապես, ինչո՞ւ են սովորաբար օգտագործվում և ի՞նչ դեր են խաղում ԵԱՀԿ դիտորդներն ու նրա ԺԻՄԻԲ-ն այն երկրներում, ինչպիսին Բելառուսն է, այսինքն՝ երկրներում, որոնք Արևմուտքի կողմից սիրված չեն։ Դրանք հարկավոր են այն բանի համար, որ արդարացնեն արևմտամետ ուժերի կողմից իշխանության զավթման գործողությունները։ Տեղի ընդդիմության հետ կապի մեջ գտնվելով՝ դրանք կազմակերպում են պաշտոնական տվյալներից տարբերվող էկզիթ-պոլեր, այնուհետև հայտարարում են զանգվածային խախտումների մասին և ստեղծում այնպիսի իրավիճակ, որը հոգեբանորեն նպաստում է, որ ընդվզող քաղաքացիները փողոց դուրս գան։ Այսինքն՝ ԵԱՀԿ ներկայացուցիչների խնդիրը պաշտոնական տվյալները և ընտրություններն ապալեգիտիմացնելն է և երկիրը հեղաշրջման դրդելը։ Երկրորդը առավելագույն, առաջինը՝ նվազագույն խնդիրն է։

Հեղաշրջումը Բելառուսում առայժմ չհաջողվեց։ Բայց ապալեգիտիմացման խնդիրը, միևնույն է, ԵԱՀԿ-ի համար արժեք է ներկայացնում։ Այժմ նման երկրի հետ ցանկացած հարաբերություններում նրանք կարող են «դիրք բռնել» և իրենց բարեհաճության դիմաց այս կամ այն զիջումը պահանջել։ Նրանց սկզբնական խնդիրն է՝ անհավասար դրության մեջ դնել նրանց, ում «օտար» են համարում։ Թերարժեքության բարդույթ սերմանել։ Վարժեցնել այլ երկրների նայել իբրև ուսուցիչների և մի ինչ-որ «բարձրի», «ավագի», այնպիսիների, որոնց պետք է լսել և հնազանդվել, ում վրա կարելի է իշխել և կառավարել։

Իրոք հետաքրքիր է, որ ԵԱՀԿ երկու մարմինների՝ ԺԻՄԻԲ-ի և ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների գնահատականներն ընտրությունների վերաբերյալ լրիվ չէին համընկնում։ ԺԻՄԻԲ-ի ղեկավարը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ առաքելությունը «լեգիտիմ չի համարում» նախագահական ընտրությունները Բելառուսում։ Իսկ ԵԱՀԿ ԺԻՄԻԲ-ի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համատեղ զեկույցում նշվում է, որ նախագահական ընտրությունները Բելառուսում ոչ լիովին են համապատասխանել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություններին։ «Երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ Բելառուսը դեռ զգալի ճանապարհ պետք է անցնի այն բանի համար, որ համապատասխանի ԵԱՀԿ-ի առջև իր ունեցած պարտավորություններին, թեև նկատվել են նաև որոշ բարելավումներ»,- ասվում է փաստաթղթում։

Այսինքն՝ մի դեպքում «ընտրությունները լեգիտիմ չեն», մյուս դեպքում՝ «կան բարելավումներ։ Բայց հարկավոր է դեռ մեծ ճանապարհ անցնել»։ Չեն պայմանավորվել։ Բայց դե, «ընտրությունները չի կարելի լեգիտիմ ճանաչել»-ն ընդհանրապես անգրագետ արտահայտություն է։ Ընտրություններն ընդհանրապես լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ չեն լինում։ Դրանք լինում են խախտումներով կամ առանց խախտումների։ Այս կամ այն նորմին համապատասխանող կամ չհամապատասխանող։ Որովհետև լեգիտիմությունը, ինչպես արդեն ասացինք, ենթարկվելու համաձայնությունն է։ Ընտրություններն այստեղ ընդհանրապես կապ չունեն։ Լեգիտմությունը կարող է որոշվել դրանց միջոցով, գուցեև այս կամ այն արարողակարգերի միջոցով։ ԺԻՄԻԲ-ի ղեկավարը կամ պարզապես չգիտի, կամ էլ շփոթել է լեգալի (օրինականի) և լեգիտիմի (ինչին մարդիկ համաձայնում են ենթարկվել) տարբերությունը։ ԵԱՀԿ-ն ընտրություններին ուղարկում է թերուսների և այդքանից հետո իրավունք է պահանջում ինչ-որ խախտումներ մատնանշելու համար։

Կամ ԵԱՀԿ ղեկավարը պարզապես իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ է արտաբերում և չի հասկանում սեփական բառերի նշանակությունը։ Եվ նրան կարելի է հասկանալ. չէ՞ որ նրան անհրաժեշտ է ոչ թե պրոֆեսիոնալիզմ ցուցաբերել մի ինչ-որ իրավիճակ գնահատելիս, այլ ապալեգիտիմացնել ընտրությունները։ Նրան նույնիսկ պետք էլ չէ, որ իր խոսքերը ճշմարտանման ու գրագետ երևան. նրան հարկավոր է, որ մեղադրի մի ինչ-որ բանում, տվյալ պարագայում՝ մեղադրի Բելառուսին։ Թե ինչում՝ կարևոր չէ։ Խախտումներ չգտան և ասացին, որ անհավասար մրցություն է եղել։ Ավելացրին, որ երեկոյան շատերին բռնել են։ Եթե նրանց չբռնեին, ասելու էին, թե մեկ ուրիշին են բռնել։ Ինչ-որ մեկին, հո, հաստատ բռնած կլինեին, թեկուզ ուրիշ առիթով։

Եվ պակաս յուրահատուկ չէ հայտարարությունն այն մասին, թե ԵԱՀԿ-ն «սպասում է, որ Բելառուսի կառավարությունը պարզաբանումներ տա նախագահի թեկնածուների, լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունների առիթով»։

Նախ՝ միանգամայն անհասկանալի է, թե նրանց ինչ գործն է։ ԵԱՀԿ գլխավոր խնդիրը անվտանգությունն ու համագործակցությունն է Եվրոպայում։ Որտեղ, ում և ինչի համար են ձերբակալել՝ նրանց չի վերաբերում, և ոչ ոք պարտական չէ հաշվետվություն տալ նրանց։

Երկրորդ, եթե գիտեն, որ նշված անձինք ձերբակալված են, ապա իրենց աղբյուրներն ունեն։ Թող նրանք էլ բացատրեն, թե ում և ինչի համար են բռնել։ Եթե աղբյուրներ չունեն և կատարվածի մասին գիտեն հեռուստահաղորդումներից, ապա դրանցում ամեն ինչ ասվել է։ Ձերբակալել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Եվ թող շնորհակալ լինեն Լուկաշենկոյի լիբերալիզմին և հումանիզմին։ Ըստ էության, հարկավոր է իրերն իրենց անուններով կոչել. 2010թ. դեկտեմբերի 19-ի երեկոյան Մինսկում կազմակերպվել է պետական հեղաշրջման և իշխանության զավթման փորձ։ Եվ «նախագահի թեկնածուներին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին» ձերբակալել են պետական հեղաշրջում կազմակերպելու և դրան մասնակցելու համար։ Ի դեպ, վերջին ձևակերպումը՝ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ», նույնպես վիճելի է։ Նա, ով չի ներկայացնում պետությունը, այսպես թե այնպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչն է։ Յուրաքանչյուր խաբեբա և յուրաքանչյուր գրպանահատ։

Իսկ եթե ԵԱՀԿ-ն յուրաքանչյուր հանցագործի ձերբակալությունը մեկնաբանի որպես «քաղաքացիական հասարակության ներկայացուցչի» ձերբակալություն և հանդես գա նրա օգտին, քրեական ոլորտներից կարող է լավ փողեր ստանալ։ Այդ ժամանակ, իհարկե, հարկավոր կլինի փոխել կարգավիճակը։  

 

ԱԼԵՔՍԵՅ ՕՌԼՈՎ

ՋՈ ԲԱՅԴԵՆԸ ԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

(նյութի մշտական հասցեն՝ http://www.nrs.com/-p=4737)

Անսահման է լիբերալների տգիտությունն ամերիկյան պատմության ոլորտում։ Օրինակներ՝ որքան ուզես։ Ահա դրանցից մեկը։ Վերջերս «Թեյի կուսակցություն» շարժման մասնակիցների առջև հանդես գալով՝ Սառա Փեյլինը հայտարարել է. «Նման բան մեզ մոտ չի եղել 1773 թվականից ի վեր»։ Լիբերալ կայքերն անմիջապես ծաղրի առարկա դարձրին նրան՝ ասելով, թե նա մոռացել է, որ Անկախության հռչակագիրն ընդունվել է 1776, այլ ոչ թե 73 թվականին։

Անանուն լիբերալ բլոգերներից հետ չմնաց Հանրային հեռուստատեսության (PBS) հայտնի քաղաքական մեկնաբան Գվեն Այֆելը. «Ինչ տեղի ունեցավ Սառա Փեյլինի կուսակցության հետ 1773 թվականին»,- ծաղրանքով հարց է տալիս նա։

Այս բոլոր մարդիկ կամ մոռացել են, կամ էլ երբեք չեն իմացել, որ 1773թ. տեղի է ունեցել «Բոստոնի թեյախմությունը», որի պատվին էլ 2009-ի փետրվարին քաղաքական իրենց շարժումն անվանեցին ժամանակակից «թեյ խմողները»։

Եկել է ժամանակը, որ լիբերալներն ստեղծեն «ամերիկյան պատմության անգետիկների» ընկերություն, և եթե նրանք այն ստեղծեն, ապա նախագահի թեկնածության հարցում երկար խորհելու կարիք չեն ունենա։ Անկասկած, դրա նախագահը կդառնա փոխնախագահ Ջո Բայդենը, որի անգիտությունն ամերիկյան պատմության ասպարեզում սահմաններ չի ճանաչում։ Բավական է բերանը բացի, և անմիջապես սկսում է «մարգարիտներ» շաղ տալ։

«Յուրաքանչյուր ինքնատիպ, մեծ գաղափար, որը հետք է թողել 21-րդ, 20-րդ և 19-րդ դդ., կառավարական տեսլական և կառավարական խթան է պահանջել,- ասում էր Բայդենը հոկտեմբերի 27-ին Դեմոկրատական կուսակցության ակտիվիստների հետ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ։- Քաղաքացիական պատերազմի թեժ պահին,- շարունակել է նա,- Լինքոլն անունով երիտասարդը 16 հազար դոլար էր վճարում Միացյալ Նահանգներում անցկացվող երկաթուղու պաստառի յուրաքանչյուր 40 մղոնի համար... Մասնավոր ոչ մի ընկերություն չէր անի դա հետագա 35 տարիներին...»։

Նրա բերնից դուրս եկած յուրաքանչյուր խոսքն այստեղ իսկական անմտություն է։ Սկսենք վերջից՝ Լինքոլն անունով երիտասարդից և երկաթուղուց։ Դրա ի հայտ գալու առաջին իսկ պահից այն կառուցել են միայն մասնավոր ընկերությունները։ 50-ական թթ. սկզբին (մինչև Հյուսիսի և Հարավի պատերազմն ուղիղ տասը տարի կար) երկաթուղային փոխադրումները հաղթում էին ջրանցքների հետ ապրանքների տեղափոխման մրցակցային պայքարում։ Երբեմն պատահում էր, որ նահանգների կառավարություններն օգնում էին մասնավոր ընկերություններին, բայց դաշնային կառավարությունը միշտ մի կողմ քաշված էր մնում։ Արդեն պատերազմից հետո դաշնային կառավարությունը մասամբ ֆինանսավորեց տրանսամերիկյան մայրուղու շինարարությունը, բայց «Լինքոլն անունով երիտասարդը» դրա հետ ոչ մի կապ չուներ, քանի որ սպանվել էր 1865թ. ապրիլին, պատերազմն ավարտվելուց մի քանի օր հետո։

Իսկ ինչ վերաբերում է «կառավարական տեսլականին և կառավարական խթանին» «ինքնատիպ մեծ գաղափարների» իրագործման մեջ, ապա հետաքրքիր է իմանալ, թե կառավարական ինչ խթան ու տեսլական է դրդել Բիլ Գեյթսին Microsoft ընկերությունն ստեղծելիս։ Օգտագործե՞լ են արդյոք կառավարական խթաններն ու տեսլականը Թոմաս Էդիսոնն ու Հենրի Ֆորդը։ Եվ գուցե, Թոմաս Ջեֆերսոնի վարչակազմն է դրդել Ռոբերտ Ֆուլթոնին կառուցել աշխարհում առաջին անվաշոգենավը։

Քանի որ պարոն Բայդենն աշխարհին նայում է սոցիալիզմի վարդագույն ակնոցներով, նրա համար դժվար է հասկանալ պետության առջև ազատ շուկայի առավելությունները, և նա կարծում է, որ առաջընթացը պարզապես անհնար է առանց կառավարական տեսլականի և կառավարական խթանի։ Եթե Բայդենը պատմություն իմանար, ապա, չի բացառվում, որ աշխարհին այլ կերպ նայեր։

2008թ. սեպտեմբերի 22-ին Դեմոկրատական կուսակցությունից փոխնախագահի թեկնածու, սենատոր Բայդենը հարցազրույց էր տալիս CBS ընկերության հեռուստահաղորդավար Քեթի Կուրիկին։ Մի քանի օր առաջ բորսայում սակագների անկում էր տեղի ունեցել, ինչը Բայդենին առիթ էր տվել կշտամբելու նախագահ Ջորջ Բուշին՝ օրինակ բերելով նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին։

«Երբ բորսայում անկում տեղի ունեցավ, Ֆրանկլին Ռուզվելտը ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ»,- ասաց Բայդենը։

Բորսայում, ինչպես հայտնի է, անկում տեղի է ունեցել 1929թ. հոկտեմբերին։ Այդ ժամանակ նախագահը Հերբերթ Հուվերն էր, իսկ Ռուզվելտը Նյու Յորքի՝ քչերին հայտնի նահանգապետն էր։ ՖԴՌ-ն նախագահական ընտրություններում հաղթեց 1932թ. նոյեմբերին և նախագահի պաշտոնն զբաղեցրեց 33-ի մարտին։

Հետո ավելի հետաքրքիր է. հեռուստատեսությունը 29-ին սաղմնային վիճակում էր։ Ոչ Հուվերը, ոչ Ռուզվելտը հեռուստատեսությամբ 1929-ին ելույթ ունենալ չէին կարող։ Նախագահ Ռուզվելտը փայլուն ռադիոհռետորի համբավ ուներ։ Այս ամենը պետք է հայտնի լինի դպրոցականներին։

Չեմ կարող դատել, թե ինչու տիկին Կուրիկը չշտկեց Բայդենին։ Անհարմա՞ր համարեց ուղիղ եթերում ուշադրություն հրավիրել սենատորի սխալի վրա՝ կարծելով, որ հեռուստադիտողները դրա վրա ուշադրություն չեն դարձնի, թե՞, թույլ տվեք ենթադրել, ինքն էլ չգիտի, թե ով է եղել նախագահը 1929թ.։ Բայց, CBS-ի հեռուստահաղորդավար լինելով, նա, հավանաբար, այնուամենայնիվ տեղեկացված է, որ ողջ երկիրը չէր կարող հեռուստահաղորդումներ նայել 29 թվականին։

Եթե ես Բայդենի խորհրդականը լինեի, ապա կպնդեի, որ ելույթների ժամանակ նա օգտվի հեռուստահուշարարի ծառայություններից։ Թեև նրա բոսին հեռուստահուշարարն էլ չի փրկի։

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am