Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Հունվար 2011, N 1

ԱՇԽԱՐՀԸ ՀՈՒՆՎԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

2011 թվականի մուտքն իր տոնական-լիցքաթափող տրամադրությամբ հանդերձ որևէ կերպ չնախանշեց իրադարձային զարգացումների մեկ այլ տրամաբանություն, քան եղել էր նախկինում: Եվ, որպես ասվածի ապացույց, անհանգիստ օրերի շղթան կրկին հագեցավ առատ դեպքերի խճողումներով, իսկ քաղաքական կյանքի տարեմուտը նախ և առաջ մեկնարկային սկիզբ դարձավ մի շարք գործընթացների և վերակողմնորոշումների համար: Այս շարքում առաջին հերթին հիշատակման էր արժանի Հունգարիայի կողմից Եվրամիության նախագահության ստանձնումը, որտեղ վերջինս փոխարինեց Բելգիային: Հասկանալի էր, որ նման փոխատեղմանն անմիջապես պիտի հաջորդեին մեծ-մեծ խոստումները, այն է՝ տնտեսական կառավարման ու համակարգման լիազորությունների ընդլայնում, ֆինանսական կարգապահության ամրապնդում, տեսչական մեխանիզմի ստեղծում, ճգնաժամերի դեմ պայքարի մշտական մեխանիզմի մշակում և այլն: Այս ամենի հետ մեկտեղ Բուդապեշտը պարտավորվում էր նաև Եվրոպա-2020 ռազմավարության շրջանակում աշխատել եվրոպական տնտեսության աճի ու զբաղվածության ընդլայնման ուղղությամբ:

Նման կարգի հավաստիացումներն առաջին հերթին պիտի լսելի լինեին Էստոնիային, քանի որ տարեմուտի օրն այդ երկիրը մուտք գործեց եվրոգոտի՝ հրաժարվելով ազգային արժույթ էստոնական կրոնից: Այդ գիշեր երկրի վարչապետ Անդրուս Անսիպը ցուցադրաբար առաջինը բանկոմատից եվրո թղթադրամներ հանեց՝ արձանագրելով փաստը, որ եվրոգոտու ամենաաղքատ երկիրը դարձավ 17-րդ անդամը, իսկ նոր տարում Արժույթի միջազգային հիմնադրամը Էստոնիայի համար արդեն կանխատեսում է ՀՆԱ-ի 4 տոկոս աճ:

Ի տարբերություն հարևան երկրի, Բելառուսում այդ նույն ժամանակ խոսում էին ոչ թե միավորման, այլ տարանջատվելու մասին: Երկրի ղեկավարությունը որոշում կայացրեց չերկարաձգել Մինսկում ԵԱՀԿ գրասենյակի աշխատանքի մանդատը: Բելառուսի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում էր, որ որոշման պատճառը Բելառուսում ԵԱՀԿ առաքելության շարունակման օբյեկտիվ հիմքերի բացակայությունն էր, թեև ամենքի համար էլ պարզ էր, որ միակ ու գլխավոր շարժառիթը դեկտեմբերին կայացած Բելառուսի նախագահական ընտրություններն էին, որից հետո կողմերը ծանր մեղադրանքներ էին փոխանակել: ԵԱՀԿ-ն, որ մինչ այդ Լուկաշենկոյի վարչակարգի հանդեպ հիասթափություն էր արտահայտել ձայների հաշվարկի ու ընտրությունների ամբողջ գործընթացի կապակցությամբ, շատ չանցած որոշեց Բելառուսի անունը գրանցել իր «սև ցուցակում» և նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:

Անհամեմատ ավելի ծանր վիճակում հայտնվեց Եգիպտոսն այն բանից հետո, երբ ամանորի գիշերը երկրի հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայում ղպտական եկեղեցու մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 21 մարդ զոհվեց, մոտ 100-ը վնասվածք ստացավ: Պայթյունից անմիջապես հետո եկեղեցու շուրջ հավաքված հազարավոր վրդովված քրիստոնյաներ ներխուժեցին դեպքի վայրից ոչ հեռու գտնվող մզկիթը և քարեր նետեցին մուսուլմանների վրա: Ծայր առան անվերջանալի բախումներ ինչպես կրոնական խմբերի, այնպես էլ ոստիկանության միջև: Մարդիկ փակում էին փողոցները, ջարդում ավտոմեքենաները, այրում խանութները: Բողոքի ալիքը տարածվեց նաև երկրի մյուս քաղաքներում: Ցուցարարները երդվում էին խաչը պաշտպանել «արյամբ և հոգով»: Նրանք կառավարությանը մեղադրում էին քրիստոնյա ղպտիներին պաշտպանելու համար ոչ բավարար միջոցառումներ ձեռնարկելու մեջ: Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ահաբեկության համար մեղադրեց օտարերկրյա կազմակերպություններին, թեև ավելի ուշ, հետաքննության տվյալների համաձայն, պարզ դարձավ, որ ահաբեկության հետևում կանգնած էին տեղի ծայրահեղականները: Կասկածյալների թվում էր իսլամական «Սալաֆիա» խմբավորումը: Հետաքննության վարկածով՝ ահաբեկության կազմակերպիչների վրա, հավանաբար, ազդել էր «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցը:

Հունվարի սկիզբն աչքի ընկավ նաև մի շարք նոր փոփոխություններով: Դրանց շարքում հիշատակման էր արժանի Բրազիլիայում երկրի առաջին կին նախագահ Դիլմա Ռուսեֆի երդմնակալության արարողությունը: Ի դեպ, Ռուսեֆը փոխարինեց Բրազիլիայի պատմության մեջ ամենաժողովրդական նախագահ Լուիշ Ինասիու Լուլա դա Սիլվային, որի օրոք Բրազիլիայում գրանցվեց աննախադեպ տնտեսական աճ: Բայց, ինչպես տեսնում ենք, նույնիսկ հաջողությունները երկարակեցության գրավականը լինել չեն կարող, և հասարակությունը մշտապես նոր դեմքերի ու դերակատարների կարիք է զգում:

Ճիշտ այդպես, պակաս հեղինակություն չէր վայելում Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, որը, սակայն, տարեսկզբին հրաժեշտ տվեց իր պաշտոնին: Նախկին կինոաստղն ու հանրապետականը ԱՄՆ ամենամեծ բնակչությունն ունեցող նահանգը ղեկավարում էր 2003 թվականից, և նա էր, որ 2005թ. ստորագրեց նահանգային խորհրդարանի ընդունած օրենքը, որով ապրիլի 24-ն ընդգրկող շաբաթը մշտապես սահմանվեց որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր: Այժմ նրան փոխարինեց դեմոկրատ Ջերի Բրաունը՝ ստանձնելով նահանգապետի պաշտոնը Կալիֆոռնիայի համար ոչ այնքան նպաստավոր մի շրջանում:

Հաջորդող օրերին իբրև կարևոր իրադարձություն դիտարկվեց աշխարհի խոշորագույն նավթարտադրող Ռուսաստանն աշխարհի խոշորագույն էներգասպառող Չինաստանին կապող առաջին նավթամուղի գործարկումը: Կողմերի գլխավոր ակնկալիքն է, որ նոր խողովակաշարով Ռուսաստանն առաջիկա 20 տարիներին Չինաստան կառաքի տարեկան 15 միլիոն տոննա կամ օրական շուրջ 300 հազար բարել նավթ: Բայց նույն Չինաստանը նաև հոգսաշատ աշխարհի համար հավելյալ խնդիրներ էր հարուցում: Հատկապես մտահոգություն էր պատճառում այն կանխատեսումը, թե աշխարհը կարող է հայտնվել լայնածավալ առևտրային պատերազմի շեմին, որի պատճառը կլինի ԱՄՆ-ի ու Չինաստանի կողմից իրենց դրամների փոխարժեքի մանիպուլյացիան: Ֆինանսական մեծ խաղերի կոմբինատորներն, այնուամենայնիվ, կարողացան համաձայնության գալ հանդիպելու և գտնելու այն ոսկե միջինը, որը երկուստեք ձեռնտու կդիտվեր:

Սակայն մշտապես առկա էր մի բան, որ ամենևին հաշվի չէր նստում քաղաքականության հետ՝ պատրաստ խառնելու թե՛ նրա հաշիվները և թե՛ տնօրինելու մարդկային ճակատագրերն իր հայեցողությամբ. բնության տարերքն՝ իր աղետալի ձեռագրով և մարդկային ավերիչ բնույթը՝ ոչ պակաս եղերական շնչով:

Հունվարի 1-ին Դեղին ծովում խորտակվեց հյուսիսկորեական «Կանբոն» նավը՝ իր հետ հատակ տանելով անձնակազմի բոլոր անդամներին: Համանման մի պատահար էլ տեղի ունեցավ երկու օր անց՝ Արաբական թերակղզու ափերի մոտ: Աֆրիկացի տասնյակ ապօրինի ներգաղթյալներ զոհվեցին, երբ նրանց փոխադրող երկու նավակները շրջվեցին փոթորկի ժամանակ:

Ալժիրական «Բլիդա» նավը հարձակման ենթարկվեց Սոմալիի ծովահենների կողմից Օմանի Սալալա նավահանգստից 150 ծովային մղոն հարավ-արևելք ընկած ջրերում: Ավազակները զավթեցին նավը, որի անձնակազմում Ալժիրի, Ուկրաինայի և Ֆրանսիայի 27 քաղաքացիներ էին:

Աֆղանստանի Քանդահար նահանգի Սպին-Բոլգակ քաղաքի հասարակական բաղնիքում հունվարի 7-ին մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով ամենաքիչը 17 մարդ զոհվեց, ևս 21-ը վնասվածքներ ստացավ: Ահաբեկիչների թիրախը աֆղանական սահմանային ծառայության սպաներն էին: Նույն օրը երկու այլ հարձակումների արդյունքում սպանվեցին ՆԱՏՕ երեք զինծառայողներ երկրի հարավում ու արևելքում:

Այդ օրերին երկրակեղևի ուժգին ցնցումներ գրանցվեցին Չիլիի կենտրոնական և հարավային շրջաններում, Տեմուկո քաղաքի մերձակայքում, ինչպես նաև Իրանի հարավում, որտեղ ամբողջապես կամ մասնակիորեն ավերվեց 17 գյուղ: Սակայն իրանցիներին մեկ այլ դժբախտություն էլ էր սպասվում: Հունվարի 5-ին երկրի հյուսիս-արևմուտքում, Ուրմիա քաղաքի մոտ տեղի ունեցավ ավիավթար, զոհվեց առնվազն 70 մարդ:

Ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցրին եղանակային անբարենպաստ պայմաններն աշխարհի զանազան անկյուններում: Մոսկվայում առատ ձյան պատճառով տապալվել էր ավելի քան 13 հազար ծառ: Լատվիայի կառավարությունը երկրի պատմության մեջ առաջին անգամ հայտարարել է արտակարգ իրավիճակ երկրի 40 շրջաններում, երբ ձյունն ու սառույցը կաթվածահար արեցին երթևեկությունը, իսկ էլեկտրամատակարարման ընդհատումները դարձան մասսայական՝ ընդգրկելով շուրջ 14 հազար տնային տնտեսություններ:

Նույն ժամանակ Գերմանիայում նախ ձյունը, ապա կտրուկ տաքացումներն ու անձրևները հանգեցրին ձնհալի, որի արդյունքում բարձրացան Մոզել, Մայն ու Հռենոս գետերը: Տարերային աղետների հետևանքով հեղեղվեցին բազմաթիվ քաղաքներ, կային զոհեր ու անհետ կորածներ:

Անմխիթար պատկեր էր նաև ԱՄՆ հարավում, որտեղ առատ ձյան պատճառով հարյուրավոր չվերթներ էին հետաձգվել, իսկ Ալաբամայի, Ջորջիայի ու Լուիզիանայի նահանգապետերն արտակարգ դրություն հայտարարեցին և կոչ արեցին բնակիչներին առժամանակ հրաժարվել անձնական փոխադրամիջոցներով երթևեկելուց: Բանը հասավ նրան, որ արդեն հունվարի 12-ին արտակարգ իրավիճակ մտցվեց նաև Նյու Յորքում: ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը փոթորկի նախազգուշացում հայտարարեց երկրի հյուսիսարևելյան հատվածի համար:

Ձյունից ու ձնաբքից ոչ պակաս աղետալի էին մուսոնային անձրևներն ու դրանց հարուցած հեղեղները: Ֆիլիպիններում 40 մարդ զոհվեց, ևս 7-ը անհետ կորած էր համարվում: Հեղեղներից այս կամ այն կերպ տուժած բնակիչների ընդհանուր թիվը հասավ մեկ միլիոնի: Գրեթե 25 հազար մարդ ստիպված էր լքել տները: Ուժեղ ջրհեղեղներից Ավստրալիայում մահացավ 10-14, անհետ կորավ 90 բնակիչ: Շրի Լանկայում զոհվեց 16 մարդ, իսկ 180 հազարին ստիպված էին տարհանել:

Հունվարի առաջին տասնօրյակից հետո աշխարհի ուշադրությունը բևեռվեց Թունիսի վրա, որտեղ իրադարձությունները զարգացան անկանխատեսելի արագությամբ՝ հանգեցնելով ոչ պակաս անկանխատեսելի հետևանքների: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ երկրում ծայր առան բողոքի ակցիաներ, ինչի պատճառը գործազրկության աճող մակարդակն ու տնտեսական ծանր պայմաններն էին: Ոստիկանության հետ առաջին իսկ բախումների ժամանակ զոհվեց 14 մարդ: Անկարգությունների ալիքն այնուհետև ընդգրկեց երկրի այլ շրջաններ: Իշխանությունները երկրում իրավիճակը կայունացնելու համար զորքեր մտցրին մայրաքաղաք: Հունվարի 14-ի առավոտյան քաղաքի կենտրոնում սկսված հանրահավաքներն օրվա երկրորդ կեսին վերաճեցին բախումների և նույնիսկ մարտական գործողությունների: Ցուցարարները գրոհեցին ՆԳ նախարարության շենքի վրա: Նրանք պահանջել էին նախագահի և կառավարության հրաժարականը: Եվ ահա նույն օրը հայտնի դարձավ, որ Թունիսի նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին փախել էր երկրից: Թունիսում ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել, բանակն իշխանությունն իր ձեռքն էր վերցրել: Երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն մտցվեց, հայտարարվեց պարետային ժամ: Այդ ընթացքում նախագահին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Նախագահը, որ իշխանության ղեկին է 1987 թվականից, այլևս անկարող էր վերահսկել իրավիճակը:

Պետք է նկատել, որ Թունիսի օրինակը չափազանց վարակիչ եղավ նաև հեռու և մոտիկ մի քանի երկրների համար: Նույն շարժառիթներով այդ օրերին բողոքի ցույցեր տեղի ունեցան հարևան Ալժիրում: Ալժիրցիները մասնավորապես բողոքում էին սննդամթերքի, արդյունաբերական ապրանքների գների կտրուկ աճի, գործազրկության, սոցիալական պաշտպանվածության ցածր մակարդակի դեմ: Ընդվզումների հետևանքով 3 մարդ զոհվեց, ևս 400–ը վիրավորվեց: Սակայն երկրի իշխանություններն անհամեմատ ավելի օպերատիվ գտնվեցին: Նրանք անմիջապես որոշում ընդունեցին կրճատել առաջին անհրաժեշտության սննդամթերքների վաճառքի վրա դրված հարկերը, կրճատել ներմուծման մաքսատուրքերը:

Վերստին սննդամթերքի ու վառելիքի գները, ինչպես նաև գործազրկության բարձր մակարդակն էին պատճառը, որ հունվարի կեսին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ու մի շարք շրջաններում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր՝ երկրի վարչապետ Սամիր առ–Ռիֆաիի հրաժարականի պահանջով: Այստեղ ևս երկրի իշխանությունները հապշտապ կարգով մի շարք միջոցառումներ ձեռնարկեցին հասարակության մեջ լարվածությունը թուլացնելու համար: Ցավոք, նույն բանը ոչ մի կերպ չէր հաջողվում Կոտ դ’Իվուարում, որտեղ ընդդիմադիրների և նախագահի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվածների թիվը մեկ շաբաթում հասավ մոտ 250-ի:

Բայց եթե «Թունիսյան սինդրոմն» այլ վայրերում հանգեցնում էր բախումների ու անհանդուրժողականության, ապա աֆրիկյան մեկ այլ պետությունում իրավամբ պատմական նշանակության դեպքեր էին զարգանում և դրանց ընթացքն անհամեմատ խաղաղ էր: Խոսքը Սուդանի մասին է, որտեղ հունվարի 9-ից մեկնարկեց երկրի հարավային մասի անկախության հանրաքվեն: Տարածքով Աֆրիկայի ամենամեծ երկիրը շուրջ երկու տասնամյակ տևած ներքին արյունալի հակամարտություններից հետո, ի վերջո 2005թ. գտավ միջանկյալ լուծում. միջազգային հանրության հովանու ներքո պայմանավորվածություն ձեռք բերվեց ու ստորագրվեց համաձայնագիր 2011թ. հունվարին հանրաքվե անցկացնելու մասին: Թեև հանրաքվեի վերջնական արդյունքներն ամփոփվելու են փետրվարի սկզբին, սակայն արդեն իսկ հայտնի է, որ բնակչության ավելի քան 60 տոկոսն «այո» է ասել ինքնորոշվելուն ու Հյուսիսային Սուդանից անկախանալուն, և մեծ է հավանականությունը, որ շատ շուտով աշխարհի քաղաքական քարտեզի վրա կհայտնվի նոր պետություն, որն իր տարածքով հավասար կլինի Ֆրանսիային: Ի դեպ, այս իրադարձությունն առատ սնունդ տվեց քաղաքական վերլուծաբաններին ու փորձագետներին՝ զուգահեռներ անցկացնելու Սուդանի և մյուս չճանաչված երկրների կացության միջև: Ոգևորության պատճառը նախևառաջ եղածի ընկալումն էր որպես նախադեպ և հերթական ապացույցն այն բանի, թե ինչպես կարող է ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա լինել մնացած սկզբունքների և իրավունքների նկատմամբ:

Թե նշվածներից հատկապես որ սկզբունքներն էին հաշվի առնվում Կոսովոյի ու Պաղեստինի պարագայում, դժվար է ասել, սակայն հունվարին այդ երկրների ինքնիշխանությունը ճանաչողների ցանկը համալրվեց: Քաթարը դարձավ 73-րդ պետությունը, որն ընդունեց Կոսովոյի անկախությունը: Պաշտոնական ճանաչման վերաբերյալ հաղորդագրությունը փոխանցվեց Նյու Յորքում գտնվող Կոսովոյի ներկայացուցչություն:

Չիլին ու Գայանան իրենց հերթին ճանաչեցին պաղեստինյան պետականությունը՝ հետևելով հարավամերիկյան մյուս հանրապետությունների օրինակին: Հիշեցնենք, որ վերջին երկու ամիսների ընթացքում Հարավային Ամերիկայի յոթ երկիր ճանաչեց Պաղեստինը 1967թ. մինչպատերազմյան սահմաններով: Կուբան, Վենեսուելան, Կոստա Ռիկան և Նիկարագուան այդ բանն արել էին ավելի վաղ:

Ճանաչվողները նշում էին իրենց հաղթանակն ու ձեռքբերումները, իսկ չճանաչվածները մտմտում էին միանգամայն այլ քայլեր ու գործողություններ: Բասկերի արմատական ETA խմբավորումը, որ ձևավորվել է դեռևս 1959 թվականին, ժամանակի ընթացքում վերածվել մեծ ռազմական ցանցի՝ նպատակ ունենալով ստեղծել բասկերի անկախ պետություն Իսպանիայի հյուսիսի ու Ֆրանսիայի հարավի հողերի վրա, հունվարի 10-ին հայտարարեց Իսպանիայի կառավարության դեմ զինված պայքարի դադարեցման մասին: Համապատասխան հայտարարության մեջ կազմակերպությունը վստահեցնում էր, որ այսուհետ մտադիր է պայքարել իր իրավունքների համար քաղաքական ասպարեզում և ոչ թե իշխանությունների հետ զինված պայքարի միջոցով: Սակայն իշխանություններն այս հավաստիացումներին այնքան էլ չվստահեցին:

Ինքնահաստատման խնդիրներ ունեին ամենքը՝ պետություններից մինչև անհատները: Այդ բանի ակնառու օրինակը դրսևորվեց Ուկրաինայում, որտեղ նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի՝ ազգայնականների առաջնորդ Ստեպան Բանդերային «Ուկրաինայի հերոսի» կոչումը շնորհելու մասին հրամանը դատարանն անվավեր ճանաչեց: Ու թեև հասարակությունը միանշանակորեն չի վերաբերվում ոչ նախկին, ոչ ներկա որոշումներին, սակայն ամենքն էլ հասկացան, որ տվյալ պարագայում գործ ունեն քաղաքական մրցակցության հետ, ինչը բացառում է ամեն կարգի անաչառ գնահատական: Իսկ ազգայնականությունն իբրև պառակտիչ երևույթ ուկրաինացիների համար նոր չէ:

Ազգայնական դրսևորումներից ոչ պակաս վտանգ էին ներկայացնում կրոնական շարժումները՝ սեպ խրելով ինչպես էթնիկ խմբերի, այնպես էլ առանձին երկրների միջև: Այն բանից հետո, երբ հունվարի առաջին երկու շաբաթների ընթացքում տասնյակ քրիստոնյաներ սպանվեցին Եգիպտոսում, Իրաքում և այլուր կազմակերպված հակաքրիստոնեական ակտերի արդյունքում, Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի մի շարք երկրներում հասարակությունն իր բողոքի ձայնը բարձրացրեց: Սլովակիայում, Հունաստանում, Ավստրիայում, Լեհաստանում այդ դեպքերը գնահատվեցին որպես հավատի հողի վրա քրիստոնեության դեմ կազմակերպված արշավանքներ:

Կրոնական հողի վրա, բայց ոչ արշավանքի հետևանք էր այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ հունվարի 14-ին Հնդկաստանում: Առնվազն 100 մարդ մահացավ կրոնական փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի պատճառով: Դա կատարվեց Սաբարիմալուում, որը հինդուիստների համար սուրբ վայր է, որը գտնվում է Քերալա նահանգի լեռնային տեղանքում:

Տարվա առաջին ամիսը ծանր հետևանքներ ունեցավ նաև Լիբանանի համար, սակայն նախևառաջ քաղաքական իմաստով: Հունվարի 12-ի երեկոյան այս երկրում հրաժարական ներկայացրեց 11 նախարար: Շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հըզբոլահ» շարժումն իր դաշնակիցների հետ լքեց կառավարությունը՝ բողոքելով նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը հետաքննող Միջազգային դատարանի գործունեության քաղաքականացման դեմ: Հրաժարականին նախորդել էին «Հըզբոլահ»-ի ու դաշնակից ուժերի ղեկավարների մի քանի ժամ տևած խորհրդակցությունները: Քաղաքական ճգնաժամը երկրում ծագեց, երբ պարզ դարձավ, որ Միջազգային դատարանը պատրաստվում էր հրապարակել 2005 թվականին տեղի ունեցած սպանության հետաքննության արդյունքները՝ հիմնական մեղքը բարդելով հենց «Հըզբոլահ»-ի անդամների վրա: Հեռացողներն իրենց քայլը բացատրեցին այն բանով, թե երկրի վարչապետ Սաադ Հարիրին «զիջել է օտար պետությունների ճնշումներին», մասնավորապես, ԱՄՆ ճնշումներին:

Կառավարության «ինքնաբացարկից» անմիջապես հետո Բեյրութում իրավիճակը կտրուկ սրվեց: Մայրաքաղաքի կենտրոնում տանկեր հայտնվեցին: Բանակային ստորաբաժանումները շրջապատեցին խորհրդարանի շենքը, նախագահական պալատը և երկրի վարչապետի նստավայրը: Լուրեր տարածվեցին, թե «Հըզբոլահի» գրոհայինները պատրաստվում են փողոցային մարտերի: Թուրքիայից, Սիրիայից, Սաուդյան Արաբիայից և Քաթարից միջնորդներ մեկնեցին Լիբանան, սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ նրանց ջանքերը ձախողվել են: Շուրջ երկու շաբաթ ձգվող լարվածության ու անկարգությունների պայմաններում այդ երկրի նախագահ Միշել Սուլեյմանը որոշում կայացրեց նոր կառավարություն կազմելու խնդիրը հանձնարարել Նաջիբ Միքաթիին: Վերջինս սուննի անկախ քաղաքական գործչի համբավ ունի և հայտնի է այն բանով, որ «ազգային փրկության նախագիծ» է առաջադրել:

Քաղաքական ճգնաժամերի իմաստով հունվարն, իհարկե, առանձնահատուկ էր: Սակայն ամիսն աչքի ընկավ նաև մի շարք նշանակալի միջպետական համաձայնություններով ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում: Նախ, Ադրբեջանին հաջողվեց պայմանավորվել Եվրոպայի հետ գազի երկարաժամկետ մատակարարումներ ապահովելու հարցում: Համապատասխան պայմանագիրը ստորագրվեց հունվարի 13-ին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Ճիշտ է, կապույտ վառելիքի մատակարարումների ծավալը և պայմանագրի այլ մանրամասներ գաղտնի պահվեցին, սակայն, Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով, վառելիքի հոսքը Եվրամիության երկրներ «զգալի» կլինի: Փորձագետներն անմիջապես արձանագրեցին, որ Ադրբեջանը, համարվելով Nabucco գազատարի հիմնական մատակարարը, օգնում է Եվրոպային՝ նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից: Nabucco-ն ըստ էության ռուսական «Հարավային հոսք» գազատարի այլընտրանքն է, որի իրացմամբ զբաղվում է «Գազպրոմը»:

Ոչ պակաս կարևոր և որոշ առումով նաև աննախադեպ համաձայնության եկան Տաջիկստանն ու Չինաստանը: Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրեց Չինաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը, որով կիրականացվեն տաջիկ-չինական սահմանի դելիմիտացիան ու դեմարկացիան: Դա նախ և առաջ նշանակում էր, որ երկու երկրների միջև վիճելի տարածքների 3 տոկոսը կամ 1.100 քառ. կմ անցել է Չինաստանին: Պամիրի լեռների շրջանում ընկած այդ տարածքի համար վեճը ծագել էր 19-րդ դարում Ռուսաստանի ու Չինաստանի միջև և չէր լուծվել ԽՍՀՄ օրոք: Եվ դեռ այսքանից հետո երկրի օրենսդիր մարմինը հայտարարեց, թե արձանագրությունների ստորագրումը տաջիկական դիվանագիտության հաղթանակն է: Խոստովանենք, որ ամեն օր չէ, որ ականատես ենք լինում, թե ինչպես են տարածքներ հանձնվում առանց արյունահեղության և ինքնակամ:

Չինաստանը ևս մեկ նշանակալի համաձայնություն ձեռք բերեց, բայց այս անգամ արդեն Միացյալ Նահանգների հետ: Հունվարի 18-ին մեկնարկեց Չինաստանի նախագահ Խու Ցզինտաոյի այցը ԱՄՆ:

Վերլուծաբաններն անմիջապես այն գնահատեցին կարևորագույնը բոլոր այցերից, որ Չինաստանի ղեկավարները կատարել են վերջին 30 տարվա ընթացքում: Դրա հիմնական պատճառներից մեկը վերջին տարիներին Չինաստանի արձանագրած զգալի տնտեսական-քաղաքական ու ռազմական առաջընթացն է: Նախագահի ամերիկյան այցը տևեց չորս օր: Արդյունքում՝ երկու երկրներն ավելի քան 45 մլրդ դոլարի պայմանագրեր կնքեցին:

Միայն թե մոլորակն արտաքուստ էր այդպես հաշտ ու համերաշխ, այդպես գործնական ու հույսերով լի: Մինչ մի անկյունում վաղվա օրվա ծրագրեր էին կազմում, աշխարհի այլ կետերում հազարավոր մարդկանց ակնկալիքները հավասարվում էին հողին:

Քաբուլի կենտրոնում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվեց չորս, վիրավորվեց ութ մարդ: Ահաբեկչի թիրախը եղել է աֆղանական հետախուզության աշխատակիցներ տեղափոխող ավտոբուսը: Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում սողանքի հետևանքով զոհվածների թիվը, ըստ վերջին տվյալների, հասնում էր մոտ 800-ի: Մեկ օրում գրանցվել է տեղումների ամսական նորման՝ 800 միլիմետր: Հորդառատ անձրևների պատճառով երկրի հարավի Սանտա Կատարինա նահանգի 23 քաղաքներում արտակարգ իրավիճակ հայտարարվեց: 20 հազար մարդ ստիպված եղավ լքել տները, որոնք մնացել են ջրի տակ: Անհետ կորած էին համարվում 200-ը: Հունվարի 14-ին Սիցիլիայում արթնացավ Եվրոպայում գործող ամենախոշոր հրաբուխը՝ Էթնան: Մի քանի ժամ շարունակ հրաբխի խառնարանից լավա էր հոսում, ու խոշոր քարեր էին թռչում: Ժայթքման պատճառով տեղի իշխանությունները ստիպված եղան փակել մոտակա օդանավակայանները և պատրաստվել մոտակա բնակավայրերի բնակիչների տարհանմանը: Նույն օրը Աֆղանստանի Զաբուլ բնակավայրում պայթյուն տեղի ունեցավ, որի հետևանքով 7 մարդ զոհվեց: Բոլոր զոհերը տաքսիների վարորդներ էին, որոնց գերեվարել էին գրոհայինները: Նրանց բաց թողնելու բանակցությունների ժամանակ գրոհայինները պայթեցրին ականը: Թունիսի Մոնաստիր քաղաքի բանտում հրդեհ բռնկվեց: Տասնյակ բանտարկյալներ, օգտվելով առիթից, փախան, սակայն ոչ բոլորին դա հաջողվեց: Հրդեհի արդյունքում նվազագույնը 57 մարդ մահացավ: Հունվարի 17-ին Պակիստանի հյուսիս-արևմուտքում միկրոավտոբուսի պայթյունից առնվազն 10 մարդ զոհվեց: Այդ տարածքում գրոհայինների հարձակումներն անվտանգության ուժերի ներկայացուցիչների ու խաղաղ բնակիչների դեմ սովորական երևույթ են դարձել: Հաջորդ օրը 14 մարդ զոհվեց, ևս 32-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ Բաղդադի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Մահապարտը պայթեցրել էր ականապատված մեքենան Սալահ-էդ-Դին նահանգի Թիքրիթ քաղաքի ոստիկանության նորակոչիկների հավաքագրման կենտրոնի մոտ: Դարձյալ մի պայթյուն, այս անգամ արդեն շիաների սրբավայր Քարբալա քաղաքի արվարձանում, հունվարի 18-ին խլեց առնվազն 45 մարդու կյանք: Վիրավորվեց շուրջ 150 հոգի: Պակիստանի Հայդարաբադ քաղաքի մոտ ավտոբուսը բախվեց կանգառած բենզատարին: Բախման հետևանքով զոհվեց 32 մարդ...

Տխուր վիճակագրությունն անվերջ թվարկվելի էր ու բազմապատկվող: Բայց նույնիսկ դա անկարող էր զսպել կյանքի կատաղի ռիթմը, նոր ելքերի ու հանգուցալուծումների որոնումը, տարատեսակ շփումների երկիմաստությունը, որոնց հայտարարը կոչվում է քաղաքական շահ և կամ շահեկան քաղաքականություն:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հունվարի 18-ին աշխատանքային այցով մեկնեց Մերձավոր Արևելք: Նրա առաջին քայլը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպումն էր, որին պիտի հաջորդեր մեկնումը Հորդանան, Հորդանանի թագավոր Աբդալա 2-ի հետ տեսակցումը և մասնակցությունը Ամմանում ռուս-հորդանանյան բարձր մակարդակով բանակցություններին:

Մեդվեդևն այդպես էլ Իսրայել չայցելեց, որը ձախողվել էր այդ երկրի դիվանագետների գործադուլի պատճառով: Սակայն շատերը փորձեցին այդ համընկնումի մեջ միտումնավորություն տեսնել: Սա կարող է ընդունելի վարկած համարել, քանի որ Երիքովում ՌԴ նախագահը կարևոր հայտարարություն արեց՝ կարծիք հայտնելով, որ պաղեստինցիներն իրավունք ունեն սեփական պետություն ունենալ՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Նա նշել էր նաև, որ մերձավորարևելյան խաղաղ կարգավորման համար Իսրայելը պետք է դադարեցնի բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի արևմտյան ափին: Այսկերպ Մեդվեդևը հասկացրել էր, որ Մոսկվան հանդես է գալիս 1967թ. սահմաններով պաղեստինյան պետություն ստեղծելու օգտին:

Մեկ այլ երկրի՝ Սերբիային նոր փոփոխությունների հեռանկար էր խոստանում Եվրախորհրդարանը: Հունվարի 20-ին ԵԽ պատգամավորները ձայների մեծամասնությամբ հավանություն տվեցին Սերբիայի հետ Եվրամիության կայունացման և ասոցիացման վերաբերյալ համաձայնագրին: Փաստաթուղթը Բելգրադի առջև լիարժեք եվրաինտեգրման ճանապարհ է բացում:

Իսկ ահա այն հույսերը, որոնք կապված էին Ստամբուլում մեկնարկած Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցյակի»՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների ու Գերմանիայի բանակցություններին, վերջնական արդյունքում ի դերև ելան: Հանդիպումը, որի կազմակերպիչը Թուրքիան էր, ընթանում էր դռնփակ ռեժիմով: Մինչ այդ Ռուսաստանը դեմ էր արտահայտվել, որ Ստամբուլում բանակցությունների օրակարգի միակ հարցը լինի միջուկային ծրագիրը:

«Օրակարգում պետք է լինեն նաև այլ հարցեր, ներառյալ պատժամիջոցները հանելու հեռանկարներն այն բանի համեմատ, թե Իրանը որքան ավելի արդյունավետ կհամագործակցի ԱԷՄԳ-ի հետ ու վերջ կդնի առկա մտահոգություններին»,- ընդգծել էր ՌԴ ներկայացուցիչը: Սակայն հանդիպման երկրորդ աշխատանքային օրվա ավարտից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարեց, որ «հիասթափված է Իրանի առաջ քաշած պայմաններից»:

Մինչդեռ նման տեսակետը բանակցությունների ոչ բոլոր մասնակիցներն էին կիսում: Մի քանի օր անց ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը հանդես է գալիս իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի շարունակման օգտին: Նախարարը նաև նշում էր, որ նոր բանակցությունները պետք է ընդգրկեն հավելյալ թեմաներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Իրանի համար:

Հունվարի լարվածության առյուծի բաժինը վիճակված էր ամսվա երրորդ տասնօրյակին: Հանկարծ միաժամանակ ի հայտ եկան լարվածության մի քանի օջախներ, ընդ որում՝ դրանց մեծ մասն՝ անկանխատեսելի, ինչն էլ հարկադրեց ոչ միայն անմիջական արձագանք, այլև բացահայտեց հակազդեցության թույլ կետերը:

Երեք մարդ զոհվեց և 50-ից ավելին վիրավորվեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցած բախումների արդյունքում: Ավելի քան 20 հազար ցուցարարներ դուրս էին եկել փողոցներ՝ պահանջելով, որ երկրի վարչապետ Սալի Բերիշան արտահերթ ընտրություններ նշանակի: Բողոքի ալիքը բարձրացավ կոռուպցիոն սկանդալի պատճառով, որին հաջորդեց փոխվարչապետի հրաժարականը: Դա Ալբանիայի կառավարության ու ընդդիմադիր սոցիալիստների միջև մի քանի ամիս շարունակվող առճակատման հետևանքն էր: Ընդդիմադիր սոցիալիստները, կոռուպցիայից բացի, իշխող Դեմոկրատական կուսակցությանը մեղադրում էին նաև 2009-ի ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ: Միացյալ Նահանգները, Եվրամիությունն ու ԵԱՀԿ-ն «խոր ափսոսանք» հայտնեցին բռնությունների կապակցությամբ:

Եվրոպայի մյուս ծայրում՝ Պորտուգալիայում, ափսոսանքի առիթներ չեղան, երբ Անիբալ Կավակո Սիլվան վերընտրվեց այդ երկրի նախագահ: Ընտրությունների արդյունքներով՝ Կավակո Սիլվան ստացել էր քվեների 53 տոկոսը, ինչը բավարար էր մեկ փուլով հաղթելու մյուս 5 թեկնածուներին:

Հունվարի 24-ին աշխարհը ցնցվեց Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ողբերգությունից, երբ մահապարտ ահաբեկիչն իր զենքը գործի դրեց միջազգային չվերթների սրահում: Զոհվեցին տարբեր ազգության 35 քաղաքացիներ, հարյուրից ավելի մարդիկ ծանր վնասվածքներ ստացան: Նույն օրերին արձանագրված աղետալի դեպքերի շարքը լրացրին ՀԱՀ–ում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղները, որոնց հետևանքով զոհվեց 70 մարդ, ավելի քան 80 հազ. ընտանիք ստիպված եղավ լքել տները: Ի դեպ, այդ տարածաշրջանի 5 երկրներ ևս՝ Մոզամբիկից մինչև Նամիբիա, ստիպված էին դիմակայել նույն տարերային աղետին: Նույն օրերին արյունահեղ բախումներ գրանցվեցին Գվատեմալայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Հակառակորդ բանդաների ներկայացուցիչների միջև վիճաբանությունը ծագեց տրիբունայում՝ վերաճելով փոխհրաձգության: Բախման հետևանքով զոհվեց 4 և վիրավորվեց 13 մարդ: Զոհերի ու վիրավորների թվում կային նաև ֆուտբոլիստներ:

Հունվարի վերջին շաբաթվա քաղաքական կարևորագույն իրադարձությունների շարքում արժանի տեղն ուներ Ստրասբուրգում մեկնարկած Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Այստեղ հունվարի 24-28-ը պատվիրակների ուշադրության կենտրոնում էին Կոսովոյում մարդու օրգանների ապօրինի առևտրի մասին զեկույցի, շուրջ բանավեճերը, ԶԼՄ-ների տեղեկատվության աղբյուրների պաշտպանության մասին զեկույցը. քրիստոնյաների հալածանքները դատապարտող բանաձևը: Հիշյալ փաստաթուղթն, ըստ էության, Եգիպտոսում, Նիգերիայում, Պակիստանում, Ֆիլիպիններում, Կիպրոսում, Իրանում ու Իրաքում քրիստոնյաների հանդեպ վերջերս ձեռնարկված բռնարարքների արձագանքն էր: Ընթացիկ բանավեճերի շրջանակներում ընդգրկվել էին նաև Բելառուսի իրադրությունը երկրի նախագահական ընտրություններից հետո, Թունիսում կատարված հեղաշրջումը, ինչպես նաև ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսումը:

Նույն օրերին Ադիս Աբեբայում ընթանում էր Աֆրիկյան միության (ԱՄ) գագաթաժողովը՝ նվիրված մայրցամաքի հիմնախնդիրներին: Օրակարգում ընդգրկված էր հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին Կոտ դ’Իվուարի հակամարտությանը, Թունիսի քաղաքական ճգնաժամին, Հարավային Սուդանի անկախության հանրաքվեին, Սոմալիում իրադրության զարգացմանը:

«Համատեղ արժեքների միջոցով դեպի ավելի ամուր միություն և ինտեգրում». այսպես էր հնչում ԱՄ վեհաժողովի պաշտոնական թեման, որին մասնակցեցին աֆրիկյան գրեթե բոլոր երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները: Բայց նույնիսկ վերջիններիս ազնիվ մղումներն ի զորու չեղան կասեցնելու խռովությունների և հուզումների այն մեծ ալիքը, որ արդեն սփռվում էր Սև մայրցամաքի վրա՝ ընդգրկելով նորանոր տարածքներ ու երկրներ: Այս անգամ արդեն հերթը Եմենինն էր: Այստեղ հունվարի 27-ից մայրաքաղաք Սանայի տարբեր թաղամասերում բողոքի ակցիաներ էին, հազարավոր ցուցարարներ պահանջում էին 1978 թվականից իշխանությունը ստանձնած նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականը: «Թունիսի նախագահը հեռացավ 20 տարվա իշխանությունից հետո, 30 տարին Եմենի համար ավելի քան բավական է»,- վանկարկում էր ամբոխը: Իշխանությունները կալանավորեցին ընդդիմության ականավոր ղեկավարներից մեկին՝ Թավակուլ Քարմանին, ինչը հրահրեց նոր հուզումներ:

Եվ անմիջապես, ինչպես արդեն կատարվել էր այլ դեպքերում, Եմենի արձագանքը լսելի դարձավ Եգիպտոսում: Հունվարի 28-ից երկրի ողջ տարածքում տեղի ունեցան բողոքի զանգվածային գործողություններ, որոնք վերաճեցին ոստիկանության հետ ընդհարումների: Անկարգությունների ալիքը տարածվել էր Կահիրեում, Ալեքսանդրիայում, Սուեզում, Էլ Արիշում, Էլ Մինիայի, Շարքիայի, Էլ Մանսուրայի նահանգներում: Եգիպտոսն իսկական քաոսի մեջ էր: Ընդդիմության հանրահավաքներին ի պատասխան, իշխանությունները բանակ և ծանր տեխնիկա մտցրին մայրաքաղաք, որը, սակայն, առանձնապես չօգնեց: Ժողովուրդը պահանջում էր նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունը: Վերջինս համառում էր և հայտարարում, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Ձերբակալվեցին տեղի ընդդիմության մի շարք առաջնորդներ, այդ թվում նաև ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամեդ ալ-Բարադեյը: Այնուհետև նախագահը շտապ կարգով ցրեց կառավարությունը, բայց նույնիսկ նրա այդ քայլը չմեղմեց հասունացող հեղաշրջման վտանգը:

Դեռ Եգիպտոսում ամեն բան հստակ չէր, բայց արդեն հաղորդվեց այն մասին, որ Հորդանանի հազարավոր քաղաքացիներ հետևել են նրանց օրինակին, դուրս եկել մայրաքաղաք Ամմանի ու այլ քաղաքների փողոցներ՝ պահանջելով երկրի իշխանությունների հրաժարականը: Ցուցարարների մեծ մասն ընդդիմադիրներ էին, արհմիությունների ու ծայրահեղական կազմակերպությունների անդամներ: Երթերն ուղեկցվում էին «Դատի տալ կոռումպացված չինովնիկներին», «Ռիֆայի, հեռու մեզնից» կարգախոսներով:

Դժվար է միանշանակ ասել, թե այս իրադարձություններին ինչ աչքով էր նայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը խոստացավ պետության ղեկավարի պաշտոնում մնալ այնքան, որքան իրեն թույլ կտան ժողովուրդը և առողջությունը: Նազարբաևի լիազորությունների ներկայիս ժամկետը, որը նախագահ է դարձել դեռևս 1990 թվականին, լրանում է 2012 թվականին: Եվ ահա հունվարի վերջին նա հայտարարեց. «Ես պատրաստվում էի 2012 թվականին մասնակցելու նախագահի ընտրություններին»: Մինչդեռ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրանից առաջ է ընկել և գրանցել նախագահի լիազորությունները մինչև 2020 թվականի դեկտեմբերի 6-ը երկարաձգելու մասին երկրում հանրաքվե անցկացնելու նախաձեռնող խմբին: Ի պաշտպանություն հանրաքվեի հավաքվել էր ավելի քան 5 մլն ստորագրություն: Երկրի Սահմանադրական խորհուրդը ճանաչեց այդ որոշումը սահմանադրությանը հակասող, որից հետո Նազարբաևը հայտարարեց, որ չի բացառում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը:

Ընտրական համակարգում փոփոխություններ կատարելու ցանկությունը խորթ չէր նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, որը հանդես եկավ խորհրդարանի երկկուսակցական համակարգի անցնելու օգտին հայտարարությամբ՝ այն համարելով ավելի արդյունավետ: Ներկայումս Թուրքիայում գործում է բազմակուսակցական համակարգ, և խորհրդարան կարող են մտնել այն քաղաքական կուսակցությունները, որոնք հաղթահարել են 10 տոկոսանոց շեմը: Այժմ վարչապետի կարծիքը, որ հնչում է հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երկրում ամենատարբեր հետևությունների տեղիք է տալիս:

Եթե ընտրությունները դիտվում էին իշխանություն ձեռք բերելու և պահպանելու հիմնական միջոց, ապա աշխարհի համար հավասարապես կարևոր էր գործող տնտեսական համակարգերի արդիականացման հարցը՝ իբրև նախորդին փոխկապակցված առաջնահերթություն: Այս խնդիրների շուրջ էր, որ հունվարի վերջին Շվեյցարիայի Դավոս քաղաքում բացվեց «Համատեղ նորմաներ նոր իրականության համար» նշանաբանով Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) 41-րդ նստաշրջանը: Հինգ օրվա ընթացքում դրա աշխատանքին մասնակցեցին 100 երկրների իշխանական կառույցների, գործարար ընտրախավի ու հասարակական կազմակերպությունների ավելի քան 2,5 հազար ներկայացուցիչներ: Այստեղ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, թե քանի դեռ չի գտնվել համաշխարհային էկոնոմիկայի աճի նոր մոդել, տնտեսական զարգացումը ցանկալի ընթացքից ավելի դանդաղ կլինի: «Գերարագ զարգացման ժամանակաշրջանը բերեց այն բանին, որ շատերը էյֆորիայի մեջ էին: Ճգնաժամը բոլորին սթափեցրեց: Մենք հաղթահարել ենք դրա հետևանքների զգալի մասը, բայց սոսկ մասը: Եվ քանի դեռ չի գտնվել աճի նոր մոդել, տնտեսական զարգացումն ավելի դանդաղ կլինի, քան մեր բոլորիս ցանկությունն է»,- ասաց նա:

Աշխարհի ուժեղները նոր ելքեր էին որոնում, իսկ այդ ընթացքում շատ շատերի համար դեռևս էականն իրենց ընթացիկ, այդրոպեական խնդիրներն էին, որոնք փակում էին ապագան հստակ տեսնելու հեռանկարը: Մեր երկիրը ևս առկա պրոբլեմների մեջ խճճվածների թվում էր: Այդ իսկ պատճառով հայաստանցիների համար նշանակալի էին Մոսկվայում Ղարաբաղի հարցի շուրջ ընթացող բանակցությունները, որոնց մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Նշանակալի էր նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորումն արդեն ավարտված է, և մոտ ժամանակներս նրանք ձեռնամուխ կլինեն գործնական կիրառման ծրագրերի մշակմանը: «2011 թվականին մենք ինչպես ԱՊՀ տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս կազմակերպության խաղաղապահ ուժերի հնարավոր կիրառման վարժանքներ ենք անցկացնելու»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ ՀԱՊԿ կազմի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:

Հունվարն իր վերջնագծին հասավ առատ տեղումներով և մեծ ու փոքր այլ միջադեպերով, որոնք կրկին տասնյակ մարդկանց կյանքեր խլեցին և հաստատեցին համատարած անկայունության գերիշխանությունը: Վերջին պահին մարդիկ իմացան նաև, որ մեր մոլորակի վրա ինտերնետից օգտվողների թիվը հասել էր երկու միլիարդի, ինչը կազմում էր աշխարհի բնակչության շուրջ 30 տոկոսը: Ահա այսպիսի խելահեղ տեմպերով էլ եզրափակվեց ամիսը:

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am