Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Հունվար 2011, N 1

ՀՈՒՆՎԱՐԻ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տարվա առաջին ամսվա վերջին ընդունված է ամփոփել նախորդ տարվա արդյունքները։ Ինչպիսի՞ն էր 2010-ը Հայաստանի համար։

Պատմություն դարձած 2010 թվականն անակնկալներ չմատուցեց. այն ծանր էր, մերկացվեցին և ծանր հետևանքների հանգեցրին այն արատները, որոնք Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում թաքնված վիճակում էին մնում, իսկ երկիրը հրճվանքի մեջ էր երկնիշ տնտեսական աճից։ Որո՞նք են այդ արատները։ Հակիրճ թվարկենք. տնտեսության բացակայություն, տնտեսության ստեղծման պոտենցիալի բացակայություն (ի հետևանք գերշահույթ ստանալու սկզբունքի վրա հիմնված տնտեսական հարաբերությունների օլիգարխիական էության), արմատական, ռադիկալ վերափոխումներ իրականացնելու քաղաքական կամքի բացակայություն, վերջապես, գիտակցության բացակայությունն ու գիտակցել չկարողանալը, որ նման ոգով շարունակելը սպառնում է վերջ դնել Հայաստանին՝ որպես պետության, քանի որ դինամիկ կերպով զարգացող Ադրբեջանը չի հրաժարվում Իրևանի խանությունն իրեն վերադարձնելու պլաններից։

Նախագահի աշխատակազմի և կառավարության՝ անցած տարվա գործունեության դրական արդյունք կարելի է համարել այն, որ նրանց վերջապես հաջողվեց արմատախիլ անել «սերժաֆոբիան»՝ որպես երկրի քաղաքական իրականության գերիշխող գործոններից մեկը, քանի որ ընդդիմադիր ուժերի գործունեությունը սնող հիմնական աղբյուրը հենց «սերժաֆոբիան» էր։ Դրա փոխարեն նախագահի վարչակազմին և կառավարությանը հաջողվեց երկրում նոր ֆոբիա ծնել՝ «պետությունաֆոբիա». այսուհետ հայերն ատում են հենց պետությունը և սեփական աղետալի վիճակը չեն կապում կոնկրետ անձի հետ. հայերը մեծի մասամբ գիտակցել են, որ Հայաստանն ի վիճակի չէ փոփոխությունների և առաջընթացի, իսկ պետության ղեկավարի անձը ոչ մի կերպ կապված չէ ներքին հիմնախնդիրների հետ, քանի որ դրանք մշտական են ու հարատև, դրանք անջնջելի են, քանի որ ցանկացած նախագահի օրոք չի եղել և միշտ չի լինելու այն, առանց ինչի անհնար է վերացնել ցանկացած հիմնախնդիր, այն է՝ քաղաքական և քաղաքացիական կամքը։ Եթե հաջողվեր 2008թ. հեղաշրջումը, ապա Հայաստանում, բնականաբար, ոչինչ չէր փոխվի, ավելի ճիշտ՝ կփոխվեին սեփականատերերը և կոռումպացված բյուրոկրատիայի առանցքային դեմքերը, ինչը, հասկանալի է, հավելյալ աղետ կդառնար բազմաչարչար ժողովրդի համար։

Այսպիսով, նույնիսկ չգիտենք էլ՝ շնորհավորե՞նք նախագահի աշխատակազմին «սերժաֆոբիայի» վերացման համար, չգիտենք նաև, թե որն է ավելի նախընտրելի հասարակության համար՝ «սերժաֆոբիա՞ն», թե՞ «պետությունաֆոբիան»։ Սրա շուրջ թող մտածեն Բաղրամյան 26 հասցեում։ Թող մտածեն նաև այն մասին, թե ինչու է իրավիճակը երկրում օրեցօր ավելի ու ավելի վատթարանում՝ ի հեճուկս նախագահ Սարգսյանի այն հավաստիացումների, թե Հայաստանն օրավուր պետք է ավելի ու ավելի լավը դառնա։ Քանզի պարադոքս է, երբ ղեկավարությունը գիշերուզօր աշխատում է, իսկ արդյունքներ չկան (եթե չհաշվենք բացասականները)։ Եվ կրկին անհնար է չհիանալ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի իմաստնությամբ, որը խիստ օգտակար ռեֆորմ էր առաջարկում. որ կառավարությունն աշխատանքի չգնա, այլ նստի տանը, քանի որ այդ դեպքում պետությունն ավելի քիչ վնաս կունենա։ Համարձակվենք ենթադրել, որ հենց միայն այս նախադասության համար Բագրատյանը ժամանակի ընթացքում կմտնի Հայաստանի ողջ պատմության մեջ ամենախոշոր մտածողների շարքը և արժանի տեղ կզբաղեցնի «Հայոց պատմությունն» ու «Մատյան ողբերգությանն» ստեղծողների անունների կողքին։ Հավանաբար, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն արդեն իրոք աշխատանքի չի գնա, երբ գնալու տեղ չի լինի, և ղեկավարելու էլ բան չի լինի։

Ողջ տարվա ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը մտահղանում և նախաձեռնում էր ռեֆորմներ՝ մշտապես կրկնելով, թե այս-ը, այս-ն ու այս-ը բխում են նախագահ Սարգսյանի նախընտրական ծրագրից, դրա համար էլ հարկավոր է անվերապահորեն կատարել դրանք։ Իսկ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը մեզ մոտ գրում էր, թե ինչպես է վարչապետ Սարգսյանը ձախողում նախագահ Սարգսյանի նախընտրական ծրագիրը, ավելին՝ Գեղամյանը մաթեմատիկորեն ապացուցում և հիմնավորում էր յուրաքանչյուր խոսքը։ Մի խոսքով՝ դժվար է հասկանալ, թե որտեղ է թաքնված ճշմարտությունը։ Անհամեմատ ավելի հեշտ է տեսնել իրականությունը, իսկ իրականությունն այնպիսին է, որ միայն այս տարի կտրուկ բարձրացել են միգրացիայի տեմպերը, ինչպեսև մենք կանխատեսել էինք անցած տարեսկզբին (ըստ տարբեր տվյալների՝ երկիրը լքել է մոտ 80-100 հազար մարդ), միայն այս տարի մոտ 20 հազար բիզնես-սուբյեկտներ իրենց արտադրությունները փոխադրել են հարևան Վրաստան (խոսքը հիմնականում մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների մասին է), էլ չենք խոսում դեպի Վրաստան կապիտալի արտահոսքի մասին, ինչը, հավանաբար, ամենանվազ կորուստն է։

Իսկ 2011թ. հունվարը Հայաստանում աչքի ընկավ կառավարական երկու նախաձեռնությամբ և արաբական աշխարհի իրադարձություններով։ Խոսքը չորս հեռուստաալիքների փակման և ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) ներդրման մասին է։ Երկրորդը քայքայեց բնակչության նյարդերը, քանի որ կառավարությունն ի վիճակի չէր ճիշտ իրականացնել լավ գաղափարը. ԱՊՊԱ-ն մղձավանջ դարձավ բնակչության գլխին։ Բավական է հիշեցնել հիմար, իռացիոնալ կանոնները (ասենք՝ երկու մեքենաների բախման դեպքում վարորդները պարտավոր են տեղից չշարժվել, մինչև որ ապահովագրական գործակալները չժամանեն դեպքի վայր, ինչը կաթվածահար է անում ավտոտրանսպորտի երթևեկությունը և ստեղծում հսկայական խցանումներ մայրաքաղաքում, էլ չենք խոսում ՀՀ քաղաքացիների նյարդերի բռնաբարության մասին. նշենք, որ քաղաքակիրթ աշխարհում, որտեղից ներմուծվել է ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը, ուրիշ ոչ մի տեղ նման բան չկա և լինել էլ չի կարող, նշենք նաև, որ ԱՊՊԱ-ն մշակողներն ի վիճակի չեն եղել հասկանալու, որ, ասենք, գիշերը ժամը 3-ին Կապան-Մեղրի մայրուղում տեղի ունեցած պատահարի պարագայում, հատկապես ձմռանը, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների ժամանումը դեպքի վայր իրական չէ, իսկ թե ինչ անել նման դեպքերում՝ չի ասվում, թեև հայտնի է, որ այսօրինակ դեպքերում ապահովագրական ընկերությունները պարզապես կհրաժարվեն փոխհատուցել վնասը, և արդյունքում կստացվի, որ ՀՀ քաղաքացիներին, մեղմ ասած, կրկին խաբեցին. ստիպեցին ապահովագրվել, ինչը, ինչպես տեսնում ենք, հաջողվեց, իսկ թե ինչպես կատարեն իրենց պարտավորությունները, դրա մասին մտածել չուզեցին)։ Դե, իսկ հեռուստաալիքների փակումը հակասական տպավորություններ թողեց. մարդիկ դժգոհ են, մասնավորապես, «Հայրենիք» հեռուստաալիքի փակումից, որով հիացած էին երեխաները, ինչպես նաև դասական արվեստի սիրահար մեծահասակները։ Բայց մարդիկ գոհ են խայտառակ «ԱԼՄ»-ի և ապաշնորհ «Արարատի» փակումից։ Ի դեպ, մշակութային կողմնորոշում ունեցող պետական հեռուստաալիք ստեղծելու գաղափարը չափազանց օգտակար էր և պահանջված, սակայն Հայաստանում, սովորականի նման, չկարողացան ճիշտ և արդյունավետորեն իրագործել լավ նախաձեռնությունը. միայն այն, որ «Արարատի» ղեկավար նշանակվեց պրն Տեր-Գուլանյանը, բավական էր պետական միջոցներն ափսոսալու և այդ հեռուստաալիքի շուտափույթ փակումը ցանկանալու համար։ Ինչպես տեսնում ենք, երբեմն լավ և օգտակար գործեր էլ են արվում...

Թունիսում, իսկ այնուհետև՝ Եգիպտոսում և Եմենում կատարվող իրադարձությունները, անշուշտ, լրջորեն կանդրադառնան երկրի ներքաղաքական իրականության վրա։ Դա մենք կտեսնենք արդեն փետրվարի 18-ին՝ տերպետրոսյանական ՀԱԿ-ի նշանակած հանրահավաքի օրը, ինչպես նաև նոր ընդդիմադիր Տիգրան Կարապետիչ Կարապետյանի՝ հանգուցյալ «ԱԼՄ»-ի սեփականատիրոջ գործունեությունում։ Համենայն դեպս, Տեր-Պետրոսյանին կհաջողվի համոզել հայերին, որ նրանք քաղաքակրթական զարգացման առումով քանիցս գերազանցում են արաբ-եգիպտացիներին, և եթե արաբներն ըմբոստացել են իրենց կոռումպացված ռեժիմի և օլիգարխների դեմ, որոնք նրանց բարձրորակ հացահատիկի գնով անասնակեր են ծախում, ապա նույնը պարտավոր են անել նաև հայերը, քանի որ նրանք գերազանցում են արաբներին, նրանք խորհրդավոր ամենազոր գեն ունեն, որը հայտնագործել է նախագահ Սարգսյանի՝ կուսակցական գծով տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը և այլն, և այլն։ Բայց Տեր-Պետրոսյանը, անշուշտ, կթաքցնի ճշմարտությունը և չի ասի, որ իրականում արաբներն են գերազանցում հայերին մշակութային-քաղաքակրթական զարգացմամբ և քաղաքական գիտակցությամբ, քանի որ դա հաճելի չի լինի էլեկտորատի համար, իսկ իրեն որևէ օգուտ չի բերի։

Հունվարին կադրային նշանակումներ կատարվեցին։ Տխրահամբավ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին փոխարինելու եկավ կուսակից Սերգո Կարապետյանը։ Դեպի լավը փոփոխություններ, իհարկե, չեն լինի։ Գլխավոր փոփոխությունն արդեն կատարվել է, այսուհետ ժամը 13։00-16։00-ը գյուղնախարարը չի քնի աշխատավայրում, այլ հասանելի կլինի բոլորին ու կզբաղվի իր բարձր պարտականություններով։ Հասկանալի է՝ ցերեկվա քունն օգտակար է բոլորի, այդ թվում և ՀՀ նախարարների համար, այնպես որ՝ դժվար է ասել, թե որքանով օգտակար կլինի նոր նախարարի՝ աշխատանքի ժամին հանգստի սենյակում չքնելու ռեֆորմը։

Էլի շատ բաներ տեղի ունեցան հունվարին. օրինակ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մշակեց իր ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ծրագիր, որն արժանացավ կառավարության հավանությանը։ Ասում են՝ այդ ծրագիրը բավական հզոր է և հետագայում դրա արդյունքներով հնարավոր կլինի հայտարարել, որ կոռուպցիան կրթության ոլորտում արմատախիլ է արվել՝ անկախ այն բանից, որ դպրոցի ուսուցիչների աշխատանքի տեղավորման սակագները երկրում վայրի տեմպերով բարձրանում են, հատկապես մարզերում, շնորհիվ կասկածելի ոստիկանական անցյալ ունեցող որոշ մարզպետերի ախորժակի։

Նախագահ Սարգսյանը փոխեց նաև հանրապետության զինդատախազին։ Զինդատախազ է դարձել իրավական հարցերով նրա խորհրդական, երիտասարդ և հավակնոտ Գևորգ Կոստանդյանը, որը վերահսկում էր երկրի դատական համակարգը։ Պետության ղեկավարը նաև մի քանի օգնականներ և խորհրդականներ նշանակեց, պատրաստվում է, ինչպես արդեն վաղուց են խոսում, մարզպետերի ռոտացիա կատարել։ Տեսնենք, թե ինչի կհանգեցնեն այդ փոփոխությունները։

Համարի բովանդակության մասին։

«Քաղաքականություն» խորագրում հրապարակախոս Հովհաննես Չարխչյանը գրում է արևմտյան ժողովուրդների հանրային գիտակցությունում կատարվող շարժի մասին թուրքաֆոբիայի և ընդհանրապես իսլամաֆոբիայի սաղմերի առնչությամբ։ Թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը «Մշակույթ և արվեստ» խորագրում խորհրդածում է այն ողբերգական իրավիճակի մասին, որում հայտնվել են մայրաքաղաքի թատրոնները դրանցում միջակությունների և անցյալում տաղանդավոր, այսօր իրենց սպառած անձանց գործունեության հետևանքով։ Բանասեր Անի Եսայանը «Պատմություն» խորագրում, «Անցյալի մոռացված էջեր» վերնագրով հոդվածում գրում է անցյալի հետաքրքիր իրադարձությունների մասին, որոնք ժամանակին արժանի ուշադրության չեն արժանացել։ Իսկ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նույն խորագրում ներկայացնում է «Աստվածաշնչյան հղումների բնույթը հայ պատմագրության մեջ» հոդվածը։ Թեման բավական հետաքրքիր է, միայն թե, կարծում եմ, չափից ավելի ակադեմիականությունը կարող է դժվարացնել նյութի ընթերցումը։

Անցյալ տարի կյանքից հեռացավ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, անցյալում՝ այլախոհ, Տեր-Պետրոսյանի զինակիցներից մեկը՝ Ռաֆայել Պապայանը։ Նա հայ մտածող հասարակայնության լավագույն ներկայացուցիչներից էր, մարդ, որն աչքի էր ընկնում հազվագյուտ առաքինությամբ։ Անցած հարյուրամյակի 90-ականների կեսերին Պապայանը կորցրեց հետաքրքրությունը քաղաքականության հանդեպ, հիասթափվեց իր համախոհներից և նրանց իրականացրած քաղաքական գծից և թողեց այն, ինչով զբաղվում էր՝ աշխատանքի անցնելով երկրի բարձրագույն դատական մարմնում, որտեղ և ճերմակ ագռավ եղավ։ Իսկ ժամանակի մեծ մասը հատկացնում էր գրական, թարգմանչական և գիտական գործունեությանը։ Պապայանի մահը նրան ճանաչող մարդկանց և այն գործի համար, որին նվիրել էր իրեն, մեծ կորուստ էր, և Ռաֆայել Պապայանի հիշատակին է նվիրված հրապարակախոս Հովհաննես Պապիկյանի՝ «Հուշեր» խորագրում տեղ գտած հոդվածը։

«Մեջբերումներ դասականներից» խորագրում այս անգամ որոշել ենք տպագրել Լև Տոլստոյի սակավ հայտնի «Ալյոշա Կճուճը» պատմվածքը, իր անկեղծությամբ և ճշմարտացիությամբ զարմանալի սրտահույզ մի պատմվածք, որը հիշեցնում է մեր «Գիքորը», և որի մասին Ա.Բլոկը գրել է. «Այն հանճարեղը, որ կարդացել եմ. Տոլստոյ, «Ալյոշա Կճուճը»։ Ընթերցողներին հետաքրքիր կլինի զուգահեռներ անցկացնել 19-րդ դարավերջի հայկական և ռուսական իրականությունների և երկու մեծ գրողների մտածելակերպերի միջև։ Իսկ «Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում այս անգամ տեղ են գտել հետաքրքիր հրապարակումներ ԱՊՆ-ից, «Հայոց աշխարհ» օրաթերթից, Foreign affairs-ից։

Ցանկանում ենք լավ ժամանց «Ազգային գաղափարի» հերթական համարի հետ։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am