Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պատմություն

Պատմություն
Հունվար 2011, N 1

ԱՆՑՅԱԼԻ ՄՈՌԱՑՎԱԾ ԷՋԵՐԸ

Անի Եսայան, բանասեր, ԿԳՆ լեզվի պետական տեսչության գլխավոր մասնագետ

Ասում են՝ պատմության մեջ աննշան դեպքեր չեն լինում: Այն, ինչ առաջին հայացքից կարող է թվալ անցողիկ ու դիպվածային, հետագայում իր հետքն է թողնում ժամանակի ընթացքի վրա: Եվ եթե մենք երբեմն մոռացության ենք մատնում դրանք, ապա գալիս է այն պահը, երբ հիշողության պարտադրանքով փաստերը վերստին դուրս են լողում անցյալի միջից, որպեսզի նախ զարմանք հարուցեն, իսկ հետո նաև դրդեն մեզ կրկնելու միտքն այն մասին, որ ոչինչ հենց այնպես չի կատարվում:

Մեր պատմությունը լի է այդօրինակ դրվագներով: Ժամանակագիրները դրանք անվանում են «սպիտակ էջեր», հետազոտողները հաճույքով իրենց գտածը կոչում են բացահայտում, մինչդեռ ոչ այնքան հեռու անցյալում այդ պատմություններից շատերը եղել են հազարավոր մարդկանց խոսակցության ու քննարկման թեման, նրանց ոգևորության ու հիասթափությունների պատճառը: Ստորև ներկայացնելով վերջին հարյուրամյակի մի քանի հետաքրքրական իրադարձություններ՝ մենք հավակնություն չունենք դրանց հաղորդելու առավել մեծ նշանակություն, քան իրականում ունեցել են: Սակայն համոզված ենք նաև, որ առանց այդ էջերի ինչ-որ բան, այնուամենայնիվ, թերի կմնա:

 

ԻՆՉՊԵՍ ԱՆԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆՔ

Հայտնի է, որ անցյալ դարասկզբին Անիի ավերակներն ու հարող տարածքները գտնվում էին Ռուսաստանի Կայսերական հնագիտական ընկերության հովանու ներքո, ուր պեղումներն իրականացնում էր մեծանուն գիտնական, պրոֆեսոր Նիկողայոս Մառի հնագիտական արշավախումբը:

Հայ հասարակությունն ուշիուշով հետևում էր այդ աշխատանքներին՝ յուրաքանչյուր նոր հայտնագործությանն արձագանքելով առանձնակի ոգևորությամբ, իսկ երբեմն իրենց զգացմունքներին տալով հիվանդագին հնչերանգներ: Պեղումների նկատմամբ անտարբեր չէին նաև ռուս բարձրաստիճան անձինք, որոնք պարբերաբար տեղեկանում էին դրանց ընթացքին և նոր բացահայտումներին:

1913թ. ամռան սկզբին Մառը ժամանում է Թիֆլիս և իսկույն ուղևորվում Անի՝ պեղումները շարունակելու: Մեկ ամիս անց տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Անի է այցելում Կովկասի փոխարքայի քաղաքացիական մասի օգնական Վատացին՝ Կարսի նահանգապետի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ: Ահա այստեղ էլ տեղի է ունենում մի անախորժ միջադեպ, ինչը պատրվակ է դառնում աննախադեպ սկանդալի: Միջադեպի մանրամասները հետևյալ կերպ են ներկայացվել այն օրերի հայ մամուլում:

Սենատոր Վատացիին և բարձրաստիճան հյուրերին դիմավորելու համար ընդառաջ է գնում Անիում Էջմիածնի միաբանության ներկայացուցիչ Միքայել վարդապետը: Սենատորը կոպտորեն ընդհատում է ողջույնի խոսք ասող հոգևորականին՝ պատասխանելով, թե իր համար տարօրինակ է, երբ իրեն ընդունում է Էջմիածնի ներկայացուցիչը, որին Անիում ոչինչ չի պատկանում, քանի որ հնագույն մայրաքաղաքի ամբողջ տարածքը պետության ենթակայության ներքո է:

Վերոհիշյալ դեպքը, թերևս, մասնակի անախորժություն դիտվեր և բազմապիսի մեկնաբանությունների չարժանանար, եթե դրան չհաջորդեին իշխանությունների դրդմամբ Մառի՝ Միքայել վարդապետին ներկայացված պահանջները՝ հանձնել Անիի բանալիները և հեռանալ քաղաքից: Պատահածը, որն արդեն չէր կարող դիտվել որպես բարձրաստիճան պաշտոնյայի կամակորություն, այլ պետական կոշտ մոտեցման արդյունք էր, առաջ է բերում հայ մտավորականության, եկեղեցու, ինչպես նաև ազգայնականների բուռն վրդովմունքը՝ կատարվածի հետ մեկտեղ թարմացնելով հին մեղքերը:

Առաջին արձագանքները հնչում են Էջմիածնից, ուր կատարվածն ընկալվել էր իբրև վիրավորանք պետականությունից զրկված ժողովրդի հանդեպ, և եկեղեցին պատրաստվում է իրավաբանորեն ապացուցել իր իրավունքները: Այնուհետև ընդվզում է մամուլը: Առանձնապես «Մշակում», «Հորիզոնում», «Կովկասի լրաբերում», մյուս պարբերականներում ևս իրար են հաջորդում անհաշտ, հասարակական վրդովմունքով համեմված հրապարակումներ: Շուտով այդ ելույթները ձեռք են բերում նոր որակներ, որոնցում ոչ միայն փոխվում են հարցադրումները, այլև նյութն ընդգրկում էր նախապատմություն ունեցող մեկ այլ կռվան: Առաջին պլան են մղվում Անիի պեղումները նախաձեռնող և իրականացնող Նիկողայոս Մառի անձն ու գործունեությունը:

Հարձակողական տրամադրված բանավիճողների մեծ մասը մեղադրում է Մառին այն բանում, որ նա համարձակվել է հայտարարել, թե հնագիտական պեղումների ժամանակ Անիում նշմարել է վրացական, արաբական և թաթարական մշակույթի հետքեր: Այս ոգով տրամադրվածների առաջնորդը գրականագետ, հասարակական գործիչ Նիկոլ Աղբալյանն էր, որին էլ բաժին է հասնում ընդդիմախոս թևի անսանձ գրոհների մեծ մասը: Վերջիններս, ընդհակառակը, աստվածացնում էին Մառին և գտնում, որ նրա անգնահատելի ծառայությունը խնկարկման է արժանի՝ չմոռանալով հիշեցնել նաև, որ դրանից մի քանի տարի առաջ, երբ Մառը փորձեց հիմնավորել 4-րդ դարում հայ մշակույթի ազդեցությունը վրացականի վրա, բազմավաստակ գիտնականը ստիպված էր ճաշակել վրաց մեծապետականների հայհոյանքներն ու մամուլի արշավանքը:

Երկրորդ հիմնական մոտեցումը խնդրին հետևյալն էր. բանակռվի մասնակիցների մեծ մասը գտնում էր, որ Անիի ավերակները խնամել և լիովին ուսումնասիրել կարող է միայն Կայսերական հնագիտական ընկերությունը, քանի որ միայն այդ ընկերությունն ունի նյութական բավարար միջոցներ և այնպիսի բանիմաց մասնագետներ, ինչպիսիք են Ն.Մառը, Հ.Օրբելին, որոնք ի զորու են մոռացության փլատակներից հանել հայ մշակույթի ուսումնասիրման առատ նյութեր և նրանց պահպանման համար ստեղծել նպաստավոր պայմաններ: Միաժամանակ, այդպես կարծողները դատափետում էին Էջմիածնին՝ պատճառաբանելով, թե նրա տնօրինության տակ գտնվող բազմաթիվ պատմական կոթողներ առանց այդ էլ վերածվում են ավերակների: Հակառակ թևում գտնվողները համաձայն էին, որ «ազգային արժեքները ձեռքից գնում են», և անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռք առնել այն կանխելու համար: Եվ եթե սրանք երբեմն մեղադրում էին եկեղեցուն, ապա միայն այն բանի համար, որ վերջինս շրջահայաց չի եղել՝ ժամանակին այդ տարածքները վարձակալելու համար:

Բազմաշերտ այս բանավեճը ձգվեց բավական երկար: Եվ այսօր, թերթելով անցյալի խունացած էջերը, ցավով ենք արձանագրում, որ անցան տարիներ, և կատարվեց այն, ինչը չէին կարող ենթադրել բոլոր նրանք, ում համար թանկ էր Անիի ճակատագիրը: Պետրոգրադից Թիֆլիս տեղափոխելու ճանապարհին անհետացավ Անիի ողջ գիտական արխիվը՝ հազարավոր փաստաթղթեր, գծագրեր, օրագրեր, լուսանկարներ: 1918-ին թուրքերը գրավեցին քաղաքը՝ ավերելով ու փլատակների վերածելով անգնահատելի արժեքները, իսկ երկու տարի անց այն արդեն կտրվեց Հայաստանից՝ դառնալով կորսված հայրենիքի մի բեկորը:

 

ՆԱՋԱՐՅԱՆԻ՞, ԹԵ՞ ԽՐՈՒՇՉՈՎԻ ԱՍԱԾՆ ԷՐ ՕՐԵՆՔ

Ինչպես ամեն բան, ֆուտբոլն էլ իր պատմությունն ունի: Եվ 1954 թվականը նույնպես նշանավոր էր ինչպես ֆուտբոլային, այնպես էլ ոչ ֆուտբոլային առումով: Դա առանձնահատուկ տարի էր նախ և առաջ այն իմաստով, որ Ստալինի մահից հետո իշխանության եկած Նիկիտա Խրուշչովը խորհրդային երկրում իր բարեփոխումների սկիզբն էր հայտարարել, որ հետագայում պիտի կոչվեին «ձնհալի տարիներ»: Այդ տարի մեկ այլ կարևոր իրադարձություն էլ կար. նշվում էր Ուկրաինայի՝ Ռուսաստանին միավորվելու 300-ամյակը: Ողջ երկրով մեկ հանդիսավոր միջոցառումներ էին անցկացվում պատմական տարեդարձի առիթով, ինչի գագաթնակետը դարձավ Խրուշչովի աննախադեպ որոշումը՝ Ղրիմը հանձնել Ուկրաինային: Թվում էր՝ ոչինչ չէր կարող ստվեր նետել տոնական տրամադրության վրա, շեղել կանխապես որոշված ընթացքը: Բայց արի ու տես, որ հենց ֆուտբոլը հանդգնել էր անհնազանդություն դրսևորել, իսկ այս տհաճ անակնկալը պատրաստվում էր մատուցել փոքրիկ Հայաստանը:

Բայց ամեն ինչ՝ ըստ կարգի:

Խրուշչովյան ձնհալը Հայաստանը դուրս էր բերել երկարատև թմբիրից ու ամլությունից: Ամեն քայլափոխի նորի ու լավի ակնկալիք կար, կորցրածը վերագտնելու պահանջ, բաց թողնվածը լրացնելու սպասելիք: Եվ ամենևին զարմանալի չէր, որ հատկապես 1954-ին էր, երբ արտաքուստ իրարից անչափ հեռու և ոչ մի ընդհանրություն չունեցող երկու նշանակալի երևույթ՝ կինոն ու ֆուտբոլը, հասան աննախադեպ հաջողությունների: 1949-1954թթ. Հայաստանում ընդհանրապես որևէ լուրջ, արժեքավոր գեղարվեստական ֆիլմ չէր նկարահանվել: Մինչև այսօր էլ մասնագետներն այդ ժամանակահատվածն իրավամբ անվանում են «սակավաֆիլմի դարաշրջան»: Ու հանկարծ մեկը մյուսի հետևից էկրան են բարձրանում Քարամյանի ու Գևորգովի «Ուրվականները լքում են բարձունքները», Երզնկյանի «Հասցեատիրոջը որոնելիս» ֆիլմերը: Նույն տարվա աշնանը Մ.Հակոբյանը սկսում է «Ոսկե ցլիկի» նկարահանումները:

Ճիշտ նույն ժամանակ Երևանի «Սպարտակ» ֆուտբոլային թիմը զարմանալի մի թռիչքով դուրս էր եկել եզրափակիչ (ընդ որում, դրանից առաջ մեր մարզիկները 4 խաղում խփել էին 10 գոլ՝ սեփական դարպասը չընդունելով ոչ մի գնդակ, ինչը բացառիկ ցուցանիշ էր Բ խմբում հանդես եկող թիմի համար), և ստացվել էր այնպես, որ վճռորոշ խաղում հայ ֆուտբոլիստների մրցակիցն էր լինելու Կիևի «Դինամոն»: Ասենք, այդ տարի այլ կերպ լինել չէր էլ կարող: Մոսկվայում բծախնդրորեն մշակված սցենարի համաձայն, ուկրաինական տոնակատարությունների բարձրակետը պիտի դառնար հատկապես գավաթի եզրափակիչ խաղը՝ մեկ անգամ ևս շեշտելով պատմական պահի կարևորությունը և դրանով ոգեշնչված ուկրաինական ֆուտբոլի առավելությունը մյուսների նկատմամբ: Բայց ճշմարտությունն այն էր, որ Կիևի դինամոյականներին բառացիորեն քարշ էին տվել մինչև եզրափակիչ: Մեկ քառորդ եզրափակիչում ու կիսաեզրափակիչում կիևցիները միայն լրացուցիչ ժամանակում կարողացան առավելության հասնել Մոսկվայի բանակայինների ու Լենինգրադի «Զենիթի» նկատմամբ:

«Սպարտակի» հետ ավարտական խաղը նշանակված էր 1954թ. հոկտեմբերի 20-ին: Հենց նույն այդ օրը «Ոսկե ցլիկի» ստեղծագործական խումբը պատրաստվում էր նկարահանել ֆիլմի ամենահայտնի դրվագներից մեկը, որտեղ արտասանվելու էր հետագայում մեծ ճանաչում գտած ֆրազը՝ «Նաջարյանի ասածը ինձ համար օրենք է»: Ֆուտբոլի մեծ երկրպագուներ Գուրգեն Գաբրիելյանը, Իշխան Ղարիբյանը, մյուս դերակատարները ղեկավարությունից խնդրեցին, որպեսզի դերասանների համար նկարահանման հրապարակում հատուկ բարձրախոսներ տեղադրվեն՝ աշխատանքին զուգահեռ ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի 15-րդ խաղարակության եզրափակիչ խաղի ռադիոռեպորտաժն ունկնդրելու համար: Վերջապես լարերը միացվեցին, բարձրախոսն աղմկեց, և ֆուտբոլային մեկնաբանը ռուսերենով ազդարարեց մրցամարտի մեկնարկը: Խաղը սկսված էր:

Հատկանշական է, որ այդ խաղի մասին կցկտուր տեղեկություններ են պահպանվել: Հիշատակվում է միայն, որ այդ օրը Մոսկվայի «Դինամո» ստադիոնում լոնդոնյան թանձր մառախուղ էր, անձրևոտ եղանակ, և երևանցիները մի իսկական ճակատամարտ էին մղում թե՛ եղանակի քմահաճության, թե՛ վերնախավի կամայականության դեմ: Առաջին գոլը խփեց կիևցի Տերենտևը: Այնուհետև երևանցի Մերկուլովը փայլուն հարվածով հավասարեցրեց հաշիվը: Եվ միայն խաղի վերջին րոպեներին մի անհեթեթ իրավիճակի մեջ դինամոյական Կոմանը խփեց հաղթական գոլը՝ 2-1: Կիևն առաջին անգամ իր պատմության մեջ նվաճեց Խորհրդային Միության գավաթը:

Դժվար չէ պատկերացնել կինոկատակերգությունում նկարահանվող այն դերասանների հոգեվիճակը, որոնք լսում էին ռադիոռեպորտաժը և հրաշալի հասկանում, թե ինչ է կատարվում մարզադաշտում ու նրա սահմաններից դուրս: Այլևս ոչ թե Նաջարյանի ասածն էր նրանց համար օրենք, այլ ավելի բարձրում նստած մեկ ուրիշինը…

Ի դեպ, տասնյակ տարիներ հետո ռուսական մամուլում հայտնվեցին հրապարակումներ, որոնք կասկածի տակ էին դնում կիևցիների հիշյալ հաղթանակները: Այնտեղ ասվում էր, թե վերջիններս հանդերձարան էին վերադառնում կիսամեռ վիճակում, սակայն կարճ ընդմիջումից հետո վերստին դաշտ էին դուրս գալիս առաջվա պես առույգ ու մարտական: Հոդվածների հեղինակները հավատացած էին, որ ֆուտբոլիստներն ընդունում էին մինչ այդ բոլորին անհայտ խթանիչ դեղամիջոցներ, իսկ հայ մարզիկներն այդ ընթացքում ստանում էին ղեկավարությունից եկող ճնշումի հերթական չափաբաժինը: Կրեմլում այդ տարի հազիվ թե հանդուրժեին, որ ինչ-որ մի հայկական թիմ համարձակվի հաղթանակ տոնել՝ շրջանցելով Կենտկոմի որոշումը:

Սակայն պատմությունը հաճախ է սրբագրում անցյալի խոտորումները: Նախախնամությանը հաճո էր, որ 19 տարի անց, կրկին հոկտեմբերին, այս նույն թիմերը հանդիպեին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, որպեսզի այս անգամ էլ գրանցվեր նույն 2-1 հաշիվը, բայց արդեն հօգուտ հայաստանյան «Արարատի»:

Միայն թե սա արդեն բոլորովին ուրիշ պատմություն է:

 

1956: ԵՐԵՎԱՆ: ՑՈՒՅՑԵՐ

Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Քրիստիան Պինոյի անունը հայաստանցուն քիչ բան է ասում, եթե հաշվի չառնենք մի մոռացված փաստ: Պինոն 1956թ. մայիսի 22-ին պաշտոնական այցով եղել է Երևանում՝ առիթ տալով այն տարիների համար աննախադեպ տարերային ցույցերի: Ցուցարարները հիմնականում ներգաղթած ֆրանսահայերն էին, որոնք ԱԳ նախարարից խնդրում էին. «Փրկեք մեզ, փրկեք մեզ, ուզում ենք մեկնել, կեցցե Ֆրանսիան»: Այս անսպասելի միջադեպն այն ժամանակ լայն արձագանք գտավ ֆրանսիական և ամերիկյան մամուլում: Փոխարենը «Սովետական Հայաստան» օրաթերթը մի պարզ թղթակցություն հրապարակեց Ք.Պինոյի այցի մասին՝ ոչ մի բառ չհիշատակելով «անկարգությունների» մասին: Այդ օրերին ԱԳՆ մի բարձրաստիճան պաշտոնյա, հանդես գալով սփյուռքահայ մամուլում, գրում էր, թե ցույցերն ինքնաբուխ էին և հնարավոր էին դարձել խրուշչովյան վարչակարգի մեղմացած քաղաքականության շնորհիվ: Ֆրանսահայ ներգաղթածների թիվը Հայաստանում 7000 էր: Նրանց մեծ մասը ցանկանում էր վերահաստատվել Ֆրանսիայում, վիզա ստանալ: Մոսկվայում ֆրանսիական դեսպանատանը հրահանգվել էր լրջորեն զբաղվել այդ հարցով: Ամենատարբեր ատյանների դռները ծեծելուց ու բողոքներից հետո մեծ թվով մարդկանց հաջողվեց հեռանալ Հայաստանից, թեև ստեղծվում էին բազմաթիվ արգելքներ, ամբողջ թափով գործում էր ՊԱԿ խափանարար ձեռքը: Տարօրինակ է, որ մինչև այժմ էլ այս դեպքերի մասին Հայաստանում որևէ փաստացի և մանրամասն հրապարակում դեռ չի եղել:

 

ԻՆՉՊԵՍ ԳՏՆՎԵՑ ԱՐՏԱՇԱՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ

«…Եկան Արտաշատ մեծ քաղաքը, գրավեցին, նրա պարիսպները կործանեցին, այնտեղ էլ պահված գանձերը առան և ամբողջ քաղաքը գերեվարեցին… Քաղաքի շինություններից փայտաշենները կրակի տվեցին, այրեցին, քարաշենները քանդեցին, նույնպես և պարիսպը. քաղաքի բոլոր շինվածքները հիմնահատակ կործանեցին, ոչ մի քար քարի վրա չթողեցին, քաղաքը բնակիչներից թափուր, անմարդի, ավերակ դարձրին»,- այսպես է նկարագրում Փավստոս Բուզանդը 369թ. երբեմնի հզոր ու խոշորագույն հայոց մայրաքաղաքի կործանումը պարսիկների կողմից:

Քրիստոսի ծննդից 200 տարի առաջ հիմնված Արտաշատը հնագույն քաղաքակրթության մեծագույն կոթողներից էր, «Նոր Կարթագեն», ինչպես այն անվանում էին օտար պատմիչները: Հուստինիանոս 1-ին կայսրից մինչև Դիոն Կասիոս, Յամբլիքոս ու Պլուտարքոս հիշատակում են Հայոց արքայանիստն իբրև առևտրական, տնտեսական ու մշակութային կենտրոն, այնտեղ էին խաչվում պատմական ժամանակների շրջադարձային ուղիները:

Սակայն անցան Արտաշատի աստեղային ժամերը: Հետո պիտի գային տասնյակ դարեր՝ մոռացության փոշին դնելով նրա ավերակների վրա, պիտի սերունդներ գային՝ պահելով քաղաքի անունը հիշողության մեջ և անարդյունք որոնելով նախնյաց փառքի հետքերը: Բայց և մնալու էր այն հույսը, թե ինչ-որ մի օր անհայտությունից կրկին դուրս էր բերվելու Հին Արտաշատը՝ արդեն իբրև պատմություն, իբրև քարե վկայագիր, իբրև նախասկիզբ ու բնօրրան մի ողջ ժողովրդի համար:

Դեռ անցյալ դարասկզբին ծայր առան Արտաշատի որոնման աշխատանքները: Հնագետները համոզված էին, որ քաղաքի հետքերը գտնելը հազիվ թե մեծ բարդություն ներկայացներ, քանի որ պահպանվել էին Արտաշատի տեղի ու դիրքի մասին արժեքավոր վկայություններ հին պատմիչների ու ժամանակագիրների ձեռագրերում: Հատկապես արժեքավոր էին համարվում Մովսես Խորենացու վկայակոչումները, որտեղ մասնավորապես ասված էր. «…Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են, և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»:

Բայց այս անգամ հնագետներին անակնկալ էր սպասվում: Որքան մեծ եղավ նրանց հիասթափությունը, երբ կանխատեսված տարածքներում իրականացված պեղումներն այդպես էլ որևէ արդյունքի չհանգեցրին: Մայրաքաղաքը չկար ու չկար: Մի՞թե սխալվում էին պատմագիրները, մի՞թե կարող էր պարզորոշ մատնանշված վայրում գոյություն ունեցած բնակատեղիից որևէ հետք չմնալ: Տարակուսանքն ու շփոթմունքն աննկարագրելի էին: «Ի վերջո, որտե՞ղ է Արտաշատը»,- հարցնում էին նրանք մեկմեկու, բայց պատասխանն անորոշ ենթադրումներից այն կողմ չէր անցնում:

Պիտի անցնեին երկար տասնամյակներ, և միայն հետո հնագետների համար պիտի պարզ լիներ, որ հնագույն ձեռագրերն իրականում չէին կեղծում: Միայն թե այս անգամ բնությունն էր որոշել չար կատակ անել՝ վերցնելով ու փոխելով գետերի հունը: Եվ ստացվել էր այնպես, որ մայրաքաղաքը հայտնվել էր Մեծամորի ու Արաքսի խառնարանից այն կողմ…

Դա պիտի լիներ հետո: Իսկ մինչ այդ կատարվեց մեկ այլ չնախատեսված, չենթադրված իրադարձություն: Ճակատագրի կամոք Արտաշատի երկրորդ հայտնությունը վիճակվեց իրականացնել ոչ թե հմուտ հնագետի, այլ մի սովորական հողագործի, որը նույնիսկ գաղափար էլ չուներ այն մասին, թե բազում գիտնականներ գլուխ են կոտրում պատմության հանելուկը բացահայտելու համար:

Այդ երջանիկ մարդը Փոքր Վեդի (այժմ՝ Խոր Վիրապ) գյուղի բնակիչ Ալբերտ Մանուկյանն էր:

1957թ. գարնանն էր: Ա.Մանուկյանն ու իր ընկերները հողագործական աշխատանքներ էին կատարում Խոր Վիրապի բլուրներից մեկի լանջին, երբ հողում խրված բահն ամենքի համար անսպասելի մի մեծ անցք բացեց: Առաջին հայացքից նրանք հասկացան, որ դա սովորական խորշ չէր: Ուղղաձիգ պատի մնացորդներն ու խեցեղենի կտորներն այլ բան էին հուշում: Աշխատանքն իսկույն դադարեցրին, զգուշորեն փակեցին անցքն ու վերադարձան գյուղ: Հենց նույն օրը Ալբերտ Մանուկյանը նստեց ու նամակ գրեց Հայաստանի Գիտությունների ակադեմիա: Մի քանի օր անց նրա ծրարը պիտի հանձնեին ԳԱ կուլտուրայի հուշարձանների պահպանության գիտամեթոդական խորհրդին: Նամակում Մանուկյանը պարզապես մանրամասն նկարագրում էր իրենց գտածոն և նշում վայրը: Պատասխանը չուշացավ: Գրությունը, որը թվագրված է 1957թ. մայիսի 7-ի ամսաթվով, և փաստորեն այս պատմությունը հավաստող վավերագիրն է, մեջբերենք ամբողջությամբ.

«Փոքր Վեդիի բնակիչ

Ալբերտ Մանուկյանին

Խնդրում եմ Խոր Վիրապի սարում բացված անցքը պահպանել անաղարտ վիճակում, մինչև որ Դվինի հնագիտական արշավախումբը հնարավորություն ունենա գալ տեղում ուսումնասիրություններ կատարելու համար:

Շնորհակալություն ձեր գիտակից ու ուշադիր վերաբերմունքի համար դեպի մեր պատմական հուշարձանները:

Նախագահ՝ պատմական

գիտությունների դոկտոր

Կ.Ղաֆադարյան»:

Արշավախումբը եկավ… 13 տարի անց: 16 դար ու ևս 13 տարի պահանջվեց Հայոց հնագույն Արտաշատ մայրաքաղաքը հայտնաբերելու համար: Իսկ այն, ինչ եղավ հետո, այսօր հայտնի է ամենքին:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am